ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 902-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2026 թվականի N 902-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 25-ի N 902-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի ոլորտային որակավորումներով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) հատկացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Ընդունելության տեղերի ձևավորումը և հատկացումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի մեկը հավաքագրում է հետևյալ տեղեկությունները.

ա. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից՝ ռազմավարություններով պլանավորված տնտեսության զարգացման առաջիկա 3 տարիների գերակա ոլորտների վերաբերյալ,

բ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ https://e-work.am/ հարթակում առկա թափուր աշխատատեղերի վերլուծության հիման վրա պահանջված մասնագիտությունների ցանկ։ Միասնական սոցիալական ծառայության գրասենյակի զբաղվածության գործակալությունից պահանջված որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,

գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ առողջապահական կազմակերպությունների կադրային ապահովվածության, առկա թափուր հաստիքների, ինչպես նաև առաջիկա 3 տարիների ընթացքում ոլորտում կանխատեսվող մասնագիտական կադրերի պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն,

դ. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ վերջին 3 տարիներին ամենաշատ աշխատանքի ընդունված որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,

ե. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից՝ ելնելով տվյալ մարզի առանձնահատկություններից, ինչպես նաև մարզի շուկայի պահանջներից մարզում պահանջարկ ունեցող որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,

զ. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից՝ տնային տնտեսությունների վերաբերյալ անցկացված հետազոտության հիման վրա առաջարկվող որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,

է. կրթության կառավարման տեղեկատվական համակարգից՝ «edu2work» հարթակում գործատուների կողմից լրացված հայտարարությունների հիման վրա պահանջարկ ունեցող որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,

ը. մասնագիտական կրթության և ուսուցման ազգային խորհրդի կողմից ներկայացված որակավորումների (մասնագիտությունների) ցանկ,

թ. մասնագիտական ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոններից՝ գործատուների հետ համատեղ քննարկման և վերլուծության արդյունքում՝ ըստ որակավորումների (մասնագիտությունների) աշխատանքի տեղավորված ուսանողների վերաբերյալ տեղեկատվություն,

ժ. գործատուների միավորումներից, ոլորտային կառույցներից և ոլորտային արհեստակցական միություններից՝ աշխատաշուկայի կարիքների և ոլորտային որակավորումների ցանկը՝ հիմք ընդունելով համագործակցության հուշագրի առկայությունը:

3. Հայաստանի Հանրապետության պետական կարիքներից և ռազմավարական առաջնահերթություններից ելնելով՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը կարող է սահմանել կրթաթոշակային ընդունելության տեղեր նաև այն մասնագիտությունների և կրթական ծրագրերի համար, որոնց մասով բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից հայտեր չեն ներկայացվել կամ աշխատաշուկայում չի արձանագրվել բավարար պահանջարկ, եթե դրանց գծով մասնագետների պատրաստումն անհրաժեշտ է պետական գործառույթների ապահովման, գիտական ներուժի պահպանման, մշակութային ժառանգության պահպանության, ազգային անվտանգության կամ հանրային այլ կարևոր շահերի պաշտպանության համար։

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, վերլուծելով սույն կարգի 2-րդ կետի հիման վրա ստացված տեղեկատվությունը, կազմում է առաջիկա ուսումնական տարվա և դրան հաջորդող երկու ուսումնական տարվա համար արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակների և ոլորտային որակավորումների նախատեսվող պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պետական բյուջեից տրվող կրթաթոշակների տոկոսային համամասնությունը տարեկան կարող է փոփոխվել ոչ ավելի, քան 20 տոկոսով՝ բացառությամբ ոլորտային պետական ռազմավարական ծրագրերում գերակայությունների էական փոփոխության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկության հիման վրա:

6. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված պետական բյուջեից տրվող կրթաթոշակների տարեկան տոկոսային համամասնության շրջանակում՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը մինչև տվյալ տարվա մարտի 1-ը հաստատում և հրապարակում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մակարդակում պետության կողմից ըստ կրթական ծրագրի տրամադրվող կրթաթոշակների նախնական քանակը, իսկ վերջնականը՝ մրցույթի արդյունքների հիման վրա, հաշվի առնելով նաև կրթական ծրագրերով ընդունելության թափուր մնացած տեղերի և միավորներով մրցույթից դուրս մնացած դիմորդների թիվը:

7. Առաջիկա ուսումնական տարվա պետական բյուջեից հատկացվող կրթաթոշակների տեղերի շրջանակում՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը, հիմք ընդունելով հաստատությունների նախնական հիմնավորված հայտերը, ըստ հաստատությունների, կրթական ծրագրի մակարդակի և որակավորումների հատկացնում է փոխհատուցման ենթակա ընդունելության տեղերը, այդ թվում՝ պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող գերակա ոլորտների վճարովի տեղերը։

8. Հաստատության նախնական հայտը բավարար հիմնավոր կարող է համարվել, եթե առկա են տվյալ որակավորման պահանջարկի վերաբերյալ ոլորտի սոցիալական գործընկերների առաջարկությունը, շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ դրական արդյունքները, վիճակագրությունը, ոլորտային կամ համայնքային զարգացման ծրագրերի շրջանակում մասնագիտական կադրերի և աշխատաշուկայի կարիքների վերաբերյալ հիմքերը, հաստատության ներքին և արտաքին գնահատման ցուցանիշները՝ տվյալ որակավորման պահանջարկի վերաբերյալ և այլն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան