ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
22 հունիսի 2026 թվականի ք. Երևան |
թիվ 75-Ն |
ՍԻՆԹԵՏԻԿ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱՌՈՂ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՖԻԼՄԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9․1-րդ հոդվածի 5-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն Հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար |
Գ. ՄամիկոնՅԱՆ |
|
2026 թ. հունիսի 22 ք. Երևան |
|
Հավելված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 22-ի թիվ 75-Ն որոշման |
ՍԻՆԹԵՏԻԿ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱՌՈՂ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՖԻԼՄԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն որոշմամբ սահմանվում են տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից սպառողին ներկայացվող՝ սինթետիկ բովանդակություն պարունակող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի պարտադիր մակնշման պահանջները։
2. Սույն որոշման իմաստով կիրառվող հիմնական հասկացություններն են՝
1) Սինթետիկ բովանդակություն՝ տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ կամ պատկեր է, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծվել կամ ձևափոխվել է գեներատիվ արհեստական բանականության (այսուհետ՝ ԱԲ), մեքենայական ուսուցման կամ թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ և կարող է սպառողի մոտ ստեղծել ակնհայտորեն իրականության անհամապատասխանության ընկալում կամ մոլորություն դրա ծագման, իսկության կամ դրանում ներկայացված անձի խոսքի, պատկերի, գործողությունների կամ երևույթների վերաբերյալ։
2) Մակնշում՝ սպառողին ուղղված պարտադիր տեղեկացում սինթետիկ բովանդակության առկայության վերաբերյալ։
3) Նկարագրության դաշտ՝ տեսալսողական բովանդակությանը կից հրապարակվող կամ տրամադրվող տեքստային տեղեկատվության հատված, որը ներկայացվում է վերնագրի, ուղեկցող գրառման (ենթագրի), հաղորդման կամ ֆիլմի սկզբում կամ ավարտին ցուցադրվող հեղինակների, դերասանական կազմի և ստեղծման մեջ ներգրավված այլ անձանց վերաբերյալ տեղեկությունների շարքում մետատվյալների տեսքով կամ այլ նմանատիպ ձևաչափով։
3. Մակնշման համար կիրառվում են հետևյալ պարտադիր նշումները․
1) գեներատիվ արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման վրա հիմնված այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված կամ ձևափոխված սինթետիկ բովանդակության դեպքում՝
«Ստեղծված է ԱԲ-ի կողմից».
2) թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ձևափոխված սինթետիկ բովանդակության դեպքում՝
«Ենթարկվել է թվային մշակումների».
4. Սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշումն իրականացվում է հետևյալ եղանակներով․
1) տեսալսողական հաղորդման դեպքում մակնշումը
ա․ ցուցադրվում է տեսանյութի ամբողջ ընթացքում,
բ․ արտացոլվում է նկարագրության դաշտում,
գ․ ապահովվում է սպառողի համար հստակ, տեսանելի և ընթեռնելի ձևաչափով՝ տեղադրելով էկրանի ազատ հատվածում, առանց խոչընդոտելու հիմնական բովանդակության ընկալմանը,
դ. ապահովվում է բավարար տառաչափով, իսկ գունային հակադրությունը պետք է ապահովի ընթեռնելիությունը,
ե․ այն դեպքերում, երբ հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ բովանդակություն չի հանդիսանում, մակնշումը կատարվում է միայն հաղորդման այն հատվածում, որը պարունակում է սինթետիկ բովանդակություն,
2) լսողական հաղորդման դեպքում մակնշումը
ա․ հնչեցվում է երկու անգամ՝ լսողական հաղորդման սկզբում և վերջում,
բ․ ներառվում է համապատասխան նկարագրության դաշտում,
գ․ ապահովվում է սպառողի համար հստակ լսելի և ընկալելի ձևաչափով,
3) պատկերների դեպքում մակնշումը
ա․ արտացոլվում է պատկերի վրա տեսանելի ձևով,
բ․ ներառվում է պատկերի նկարագրության դաշտում։
5. Հեռարձակողի, բովանդակությունը ստեղծողի կամ արտադրողի ընտրությամբ ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային, ուսուցողական տեսալսողական հաղորդումները կամ ֆիլմերը պետք է մակնշվեն վերը նշված մակնշման եղանակներից որևէ մեկով նկարագրության մեջ կամ այլ մատչելի ձևաչափով, պայմանով, որ այդ տեղեկացումը հասանելի կամ ընկալելի լինի սպառողի համար:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|