ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 1. | Օրենսգրքի կարգավորման առարկան և գործողության սահմանները |
1․ Սույն օրենսգիրքը կարգավորում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սնանկության և սնանկության վտանգի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության հետ կապված և սնանկության վարույթին առնչվող այլ հարաբերություններ։
2. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ներդրումային ֆոնդերի և ապահովագրական ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի սնանկության բնագավառի հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ներդրումային ֆոնդերի և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքով:
3. Սնանկության և սնանկության վտանգի վարույթներով սույն օրենսգրքով նախատեսված գործողությունները, գործի քննությունը կամ առանձին դատավարական գործողությունն իրականացվում են դրանց կատարման ժամանակ գործող օրենքով:
| Հոդված 2. | Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1․ Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով․
1) անվճարունակություն` փաստացի կամ հաշվեկշռային անվճարունակություն.
2) փաստացի անվճարունակություն` իրավիճակ, որի պայմաններում պարտապանն ունի սույն օրենսգրքով սահմանված չափով և ժամկետով անվիճելի վճարային դրամական պարտավորությունների կետանց․
3) հաշվեկշռային անվճարունակություն` իրավիճակ, որի պայմաններում հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ պարտապանի պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը․
4) վճարում կատարելու պարտապանի փաստացի անկարողություն` դրամական միջոցների, սպասվող դրամական մուտքերի, եկամուտների, արագ իրացվող գույքի և այլ ակտիվների անբավարարությամբ կամ բացակայությամբ, ինչպես նաև պարտապանից անկախ այլ հանգամանքներով պայմանավորված ֆինանսական դժվարություն, որի արդյունքով պարտապանը չի կարող կատարել սույն օրենսգրքով նախատեսված չափով անվիճելի վճարային պարտավորությունը․
5) կամավոր սնանկության դիմում` սեփական նախաձեռնությամբ սնանկ ճանաչվելու համար անվճարունակ պարտապանի կողմից Սնանկության դատարան ներկայացվող դիմում․
6) հարկադրված սնանկության դիմում` պարտատիրոջ կողմից անվճարունակ պարտապանին սնանկ ճանաչելու համար Սնանկության դատարան ներկայացվող դիմում․
7) սնանկության գործ` կամավոր կամ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա Սնանկության դատարանում քննվող գործ.
8) Սնանկության դատարան` Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան.
9) վերաքննիչ դատարան` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան․
10) Վճռաբեկ դատարան` Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ.
11) սնանկության վարույթ` կամավոր կամ հարկադրված սնանկության դիմումը վարույթ ընդունելուց մինչև սնանկության վարույթն ավարտելու մասին վճռի կայացումը սույն օրենսգրքով սահմանված գործողությունների ամբողջականություն.
12) ֆինանսական առողջացման վարույթ` պարտապանի վճարունակության վերականգնմանն ուղղված վարույթ, որն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով հաստատված ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա․
13) ֆինանսական առողջացման ծրագիր` փաստաթուղթ, որով նախատեսվում է պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիր, և որը հիմք է հանդիսանում ֆինանսական առողջացման վարույթի իրականացման համար․
14) լուծարման վարույթ` պարտապան իրավաբանական անձի ակտիվների հավաքման, տնօրինման և ակտիվների իրացումից ստացված գումարը պարտատերերին բաշխմանն ուղղված վարույթ․
15) գույքի վաճառքի վարույթ` ֆիզիկական անձ պարտապանի ակտիվների հավաքման, տնօրինման և ակտիվների իրացումից ստացված գումարը պարտատերերին բաշխմանն ուղղված վարույթ․
16) բաշխման ծրագիր՝ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում պարտապանի սնանկության հատուկ հաշվին առկա գումարները բաշխելու նպատակով լիազոր մարմնի սահմանած ձևին համապատասխան կառավարչի կազմած ծրագիր.
17) սնանկության վտանգ՝ պարտապանի ընթացիկ ֆինանսական վիճակի, դրամական միջոցների հոսքերի կանխատեսումների և ընդհանուր տնտեսական վիճակի գնահատման վրա հիմնված ողջամիտ հավանականություն, որ պարտապանն առաջիկա 12 ամիսների ընթացքում կհամարվի անվճարունակ.
18) կանխարգելիչ վերակառուցման վարույթ՝ պարտապանի սնանկության վտանգի դեպքում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող վարույթ, որն ուղղված է վերակառուցման ծրագրի հաստատմամբ պարտապանի սնանկությունը կանխելուն.
19) վերակառուցման ծրագիր՝ փաստաթուղթ, որով նախատեսվում է պարտապանի կանխարգելիչ վերակառուցումը.
20) նոր ֆինանսավորում՝ վերակառուցման ծրագրով կամ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված՝ ծրագրի իրականացման համար տրամադրվող ֆինանսավորում.
21) պահանջ՝ պարտապանի նկատմամբ դրամական պարտավորության, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ոչ դրամական պարտավորության հիման վրա պարտատիրոջը պատկանող չապահովված կամ ապահովված պահանջ.
22) ապահովված պահանջ՝ պահանջ, որը ծանրաբեռնված է ապահովված իրավունքով, այդ թվում՝ ապահովված է պարտքի դիմաց որպես ապահովման միջոց տրամադրված գրավով, երաշխիքով կամ երաշխավորությամբ.
23) ապահովված պարտատեր՝ պարտատեր, որն ունի ապահովված պահանջ.
24) չապահովված պահանջներ՝ ապահովված իրավունքով չծանրաբեռնված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը.
25) չապահովված պարտատեր՝ չապահովված պահանջ ունեցող պարտատեր.
26) մորատորիում՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով կիրառվող սահմանափակումներ, որոնք ուղղված են պարտապանի գույքային զանգվածի և պարտավորությունների չափի անփոփոխելիությունն ապահովելուն.
27) համարժեք պաշտպանություն՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ֆինանսական առողջացման ծրագրով կամ վերակառուցման ծրագրով նախատեսված՝ ապահովված պարտատիրոջ պահանջի ապահովման միջոցի արժեքի պահպանմանն ու նրա շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների ամբողջություն.
28) պարտատեր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ պետություն կամ համայնք, որը պարտապանի նկատմամբ ունի պահանջ.
29) հաստատված պահանջներով պարտատեր՝ պարտատեր, որի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված պահանջը գրանցվել է դատարանում.
30) պարտատերերի դասեր՝ ֆինանսական առողջացման ծրագրով սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան առանձնացված պարտատերերի խմբեր՝ ծրագրի քվեարկությանը մասնակցելու համար.
31) պարտապան՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի մասով հարուցվել է սնանկության վարույթ կամ կանխարգելիչ վերակառուցման վարույթ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության, համայնքի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամի․
32) պարտապանի ղեկավար՝ պարտապան իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմին կամ կոլեգիալ գործադիր մարմնի ղեկավար.
33) պարտատերերի խորհուրդ՝ պարտատերերի ներկայացուցչական մարմին, որը ձևավորվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում.
34) պարտատերերի ժողով՝ սույն օրենսգրքին համապատասխան գործող և քվեարկելու ձայնի իրավունք ունեցող պարտատերերից կազմված մարմին.
35) կառավարիչ՝ լիազոր մարմնում որպես սնանկության գործով կառավարիչ հաշվառված ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
36) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն.
37) պալատ՝ սնանկության գործով կառավարիչների մասնագիտական, ինքնակառավարվող, ոչ առևտրային իրավաբանական անձ, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքով.
38) պարտապանի հետ փոխկապակցված անձինք՝
ա. պարտապանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական, դուստր կամ կախյալ իրավաբանական անձը,
բ. պարտապանի ղեկավարը, ինչպես նաև տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամը, պարտապանի կոլեգիալ գործադիր մարմնի անդամը, գլխավոր հաշվապահը (հաշվապահը), ինչպես նաև սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու պահից վերջին մեկ տարվա ընթացքում նշված պաշտոններից ազատված անձը,
գ. պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 20 և ավելի տոկոսին տիրապետող անձը,
դ. պարտապանին կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմնի անդամը,
ե. անձը, որը «բ»-«դ» ենթակետերում նշված ֆիզիկական անձանց հետ գտնվում է «զ» ենթակետով սահմանված հարաբերությունների մեջ, իսկ «գ» կամ «դ» ենթակետի հիմքով իրավաբանական անձի փոխկապակցվածության դեպքում` նաև այդ անձի` «բ» ենթակետում նշված պաշտոն զբաղեցնող ֆիզիկական անձը,
զ. ֆիզիկական անձ պարտապանի դեպքում՝ նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը․
39) կառավարչի և պարտատերերի հետ փոխկապակցված անձինք՝ սույն հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի «բ»-«զ» ենթակետերով սահմանված անձինք, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ.
40) գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտներ՝ «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված գերփոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր.
41) պարտքից ազատում՝ պարտապան ֆիզիկական անձի՝ մարման ենթակա պարտքերի գծով պարտատերերի պարտավորությունների դադարում՝ սնանկության վարույթի ընթացքում գույքի վաճառքի կամ ֆինանսական առողջացման դրական ելքի արդյունքով.
42) ձեռնարկության նախապես փաթեթավորված վաճառքի վարույթ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող վարույթ, որն ուղղված է պարտապանի ձեռնարկությունը կամ դրա մասը վաճառելուն.
43) նոր իրավաբանական անձի ստեղծման վարույթ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտապանի առանձնացման ձևով վերակազմակերպում և այդ վերակազմակերպման արդյունքով հիմնադրվող (նոր ստեղծվող) իրավաբանական անձի բաժնեմասի փոխանցում պարտատերերին.
44) սնանկության վարույթի առանձին ընթացակարգ՝ սնանկ ճանաչելու հարցի լուծման, սնանկ ճանաչելուց հետո մինչև սնանկության գործի ավարտն ընկած ժամանակահատվածում նախատեսված հարցերի, ինչպես նաև սնանկության վարույթին առնչվող հարցերի լուծման՝ օրենքով նախատեսված ինքնուրույն դատական վարույթներից յուրաքանչյուրը, որոնք ներառվում են միևնույն սնանկության գործի շրջանակում․
45) եզրափակիչ դատական ակտ՝
ա․ Սնանկության դատարանի վճիռը, գործի վարույթը կարճելու, դիմումն առանց քննության թողնելու, պահանջների վերջնական ցուցակը հաստատելու, գույքի իրացումը թույլատրելու, սնանկության վարույթի առանձին ընթացակարգի ընթացքը եզրափակող այլ որոշումներ,
բ․ վերաքննիչ դատարանի՝ Սնանկության դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու և վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները,
գ․ Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու և վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումները․
46) միջանկյալ դատական ակտ՝ եզրափակիչ դատական ակտ չհանդիսացող դատարանի այլ որոշում.
47) անբողոքարկելի դատական ակտ՝ դատական ակտ, որի բողոքարկման ժամկետը լրացել է, կամ որը ենթակա չէ բողոքարկման․
48) օտարերկրյա սնանկության վարույթ՝ օտարերկրյա պետության սնանկության օրենքի համաձայն իրականացվող սնանկության վարույթ.
49) օտարերկրյա հիմնական սնանկության վարույթ՝ օտարերկրյա սնանկության վարույթ, որը տեղի է ունենում այն պետությունում, որտեղ գտնվում է պարտապանի հիմնական շահերի կենտրոնը.
50) օտարերկրյա ոչ հիմնական սնանկության վարույթ՝ օտարերկրյա հիմնական սնանկության վարույթ չհամարվող օտարերկրյա սնանկության վարույթ, որը տեղի է ունենում այն պետությունում, որտեղ պարտապանն ունի սույն հոդվածի 1-ին մասի 53-րդ կետով սահմանված հաստատություն.
51) օտարերկրյա ներկայացուցիչ՝ անձ կամ մարմին, ներառյալ ժամանակավոր հիմունքներով նշանակված, որը լիազորված է օտարերկրյա սնանկության վարույթում իրականացնելու պարտապանի ֆինանսական առողջացման կամ լուծարման գործընթացները կամ հանդես գալու որպես օտարերկրյա սնանկության վարույթի ներկայացուցիչ.
52) օտարերկրյա դատարան՝ օտարերկրյա սնանկության դատարան կամ այլ իրավասու մարմին, որն իրավասու է իրականացնելու օտարերկրյա սնանկության գործերի վարումը.
53) հաստատություն՝ գործողության վայր, որտեղ պարտապանն իրականացնում է կայուն տնտեսական գործունեություն՝ մարդկային ռեսուրսներով և ապրանքներով կամ ծառայություններով:
2. Սույն օրենսգրքում օգտագործվող մյուս հասկացությունները և տերմինները կիրառվում են սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված իմաստով:
| Հոդված 3. | Պարտապան իրավաբանական անձի անվճարունակության հատկանիշները և սնանկ ճանաչելու հիմքերը |
1․ Պարտապան իրավաբանական անձը համարվում է անվճարունակ՝
1) եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների մեկամսյա կամ ավելի ժամկետով կետանց (փաստացի անվճարունակություն) կամ
2) եթե հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ պարտապանի պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը (հաշվեկշռային անվճարունակություն):
2. Անվճարունակ իրավաբանական անձ պարտապանը Սնանկության դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե վճռի կայացման պահին պարտապանի կետանցը պայմանավորված է պարտապանի վճարում կատարելու փաստացի անկարողությամբ, և այդ կետանցը շարունակվում է.
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ կամավոր սնանկության դիմումի հիման վրա։
3. Հարկադրված սնանկության դիմումի դեպքում ենթադրվում է, որ պարտապան իրավաբանական անձի կետանցը պայմանավորված է վերջինիս կողմից վճարում կատարելու փաստացի անկարողությամբ, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Վճարում կատարելու փաստացի կարողության վերաբերյալ պարտապանի կողմից ապացույցներ ներկայացվելու դեպքում Սնանկության դատարանն իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ տրամադրելով մինչև վեցամսյա ժամկետ պարտապանի կետանցված պարտավորության կատարման կամ կողմերի միջև հաշտության համար։ Գործի քննությունը վերսկսելուց հետո կետանցված պարտավորությունը կատարված չլինելու կամ կողմերի միջև հաշտություն ձեռք բերված չլինելու դեպքում դատարանը հաստատված է համարում, որ պարտավորության կետանցը պայմանավորված է պարտապանի կողմից վճարում կատարելու փաստացի անկարողությամբ։
4. Բաժնետիրական ընկերության կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշռային անվճարունակության հիմքով սեփական սնանկության ճանաչման դիմում կարող է ներկայացվել ընկերության զուտ ակտիվների արժեքը բացասական մեծություն կազմելու դեպքերում համապատասխանաբար «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով կամ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով սահմանված ընթացակարգը պահպանելուց հետո:
| Հոդված 4. | Պարտապան ֆիզիկական անձի անվճարունակության հատկանիշները և սնանկ ճանաչելու հիմքերը |
1. Պարտապան ֆիզիկական անձը համարվում է անվճարունակ, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների մեկամսյա կամ ավելի ժամկետով կետանց (փաստացի անվճարունակություն)։
2. Անվճարունակ ֆիզիկական անձ պարտապանը Սնանկության դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե վճռի կայացման պահին պարտապանի կետանցը պայմանավորված է պարտապանի վճարում կատարելու փաստացի անկարողությամբ, և այդ կետանցը շարունակվում է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա կամ կամավոր սնանկության դիմումի հիման վրա։
3․ Հարկադրված սնանկության դիմումի դեպքում ենթադրվում է, որ պարտապան ֆիզիկական անձի կետանցը պայմանավորված է նրա կողմից վճարում կատարելու փաստացի անկարողությամբ, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Վճարում կատարելու փաստացի կարողության վերաբերյալ պարտապանի կողմից ապացույցներ ներկայացվելու դեպքում Սնանկության դատարանն իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ տրամադրելով մինչև վեցամսյա ժամկետ պարտապանի կետանցված պարտավորության կատարման կամ կողմերի միջև հաշտության համար։ Գործի քննությունը վերսկսելուց հետո կետանցված պարտավորությունը կատարված չլինելու կամ կողմերի միջև հաշտություն ձեռք բերված չլինելու դեպքում դատարանը հաստատված է համարում, որ պարտավորության կետանցը պայմանավորված է պարտապանի կողմից վճարում կատարելու փաստացի անկարողությամբ։
4. Կամավոր սնանկության դիմումի դեպքում պարտապան ֆիզիկական անձը պետք է ապացուցի, որ կետանցը պայմանավորված է իր կողմից վճարում կատարելու փաստացի անկարողությամբ։
5. Սնանկության դատարանը կարող է մերժել ֆիզիկական անձ պարտապանի կամավոր սնանկության դիմումը, եթե դիմումի քննության արդյունքներով պարզվում է, որ պարտապանն իր գործողություններով նպաստել է սեփական անվճարունակության առաջացմանը։
6. Սնանկության դատարանը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումը կարող է կայացնել, եթե սույն օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերից ակնհայտորեն բխում է, որ ֆիզիկական անձի անվճարունակությունը սույն օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքների հետևանք է։
| Հոդված 5. | Վճարային պարտավորության անվիճելիությունը |
1. Վճարային պարտավորությունն անվիճելի է՝
1) իրավաբանական անձ պարտապանի դեպքում՝ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված պահանջի առկայության, իսկ ֆիզիկական անձ պարտապանի դեպքում՝ սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված պահանջների միաժամանակյա առկայության դեպքում՝
ա. վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած դատական կամ արբիտրաժային տրիբունալի ակտով կամ գումարի բռնագանձման պահանջով կողմերի համար պարտադիր դարձած նոտարի կարգադրությամբ, բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ. պարտատիրոջ համար կատարողական վարույթն ավարտվել է բացասական ելքով, այն է` պարտատիրոջ պահանջը չի կատարվել, և կատարողական վարույթն ավարտվել է պարտատիրոջ կամահայտության հետ չկապված որևէ հիմքով, կամ կատարողական վարույթը կասեցվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով.
2) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, որը հիմնված է անբողոքարկելի դարձած վարչական ակտի վրա, բացակայում է հաշվանցի հնարավորությունը, պարտատերը դիմել է այդ ակտի հարկադիր կատարման, և պարտատիրոջ համար կատարողական վարույթն ավարտվել է բացասական ելքով, այն է` պարտատիրոջ պահանջը չի կատարվել, և կատարողական վարույթն ավարտվել է պարտատիրոջ կամահայտության հետ չկապված որևէ հիմքով, կամ կատարողական վարույթը կասեցվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով։
| Հոդված 6. | Սնանկության դիմում ներկայացնելու ժամկետները |
1․ Իրավաբանական անձ պարտապանի hարկադրված սնանկության դիմումը կարող է ներկայացվել մեկ տարվա ընթացքում՝
1) սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված՝ դատական կամ արբիտրաժային տրիբունալի ակտը կամ գումարի բռնագանձման պահանջով կողմերի համար պարտադիր դարձած նոտարի կարգադրությունն օրինական ուժի մեջ մտնելու պահից սկսած.
2) սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ անբողոքարկելի դարձած վարչական ակտի հարկադիր կատարման կատարողական վարույթը բացասական ելքով ավարտվելու կամ կասեցվելու պահից սկսած:
2․ Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության դիմումը կարող է ներկայացվել մեկ տարվա ընթացքում՝
1) սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված կատարողական վարույթը բացասական ելքով ավարտվելու կամ կասեցվելու պահից սկսած.
2) սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ անբողոքարկելի դարձած վարչական ակտի հարկադիր կատարման կատարողական վարույթը բացասական ելքով ավարտվելու կամ կասեցվելու պահից սկսած:
3․ Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելու դեպքում ենթակա է վերականգնման սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված կարգով։
ԳԼՈՒԽ 2
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
| Հոդված 7. | Պարտատերերի հավասարության սկզբունքը |
1․ Սնանկության վարույթներն իրականացվում են միևնույն հերթի բոլոր պարտատերերի հավասարության սկզբունքի հիման վրա:
2. Սնանկության գործերով միևնույն հերթի պարտատերերին տրվում են հավասար հնարավորություններ՝ մասնակցելու վարույթին և ստանալու նույն հերթի պարտատերերին հասանելի ակտիվներից իրենց պահանջներին համամասնորեն վճարումներ:
| Հոդված 8. | Ակտիվների արդարացի բաշխման սկզբունքը |
1․ Սնանկության վարույթով պարտապանի ակտիվները պետք է արդարացի բաշխվեն պարտատերերին՝ սույն օրենսգրքով սահմանված առաջնահերթություններին համապատասխան:
| Հոդված 9. | Բարեխղճության սկզբունքը |
1․ Սնանկության գործին մասնակցող անձինք պետք է օգտվեն իրենց իրավունքներից և կատարեն իրենց պարտականությունները բարեխղճորեն:
2. Սույն օրենսգրքով նախատեսված իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
| Հոդված 10. | Արդյունավետության սկզբունքը |
1․ Սնանկության վարույթի շրջանակում հնարավորին չափ կիրառվում են այնպիսի միջոցներ, որոնք թույլ են տալիս նվազագույն միջոցներով առավելագույն չափով հասնել վարույթի նպատակին։
| Հոդված 11. | Պարտապանի գույքի արագ իրացման սկզբունքը |
1․ Սնանկության վարույթներում պարտապանի գույքի վաճառքը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվի դրա հնարավորին չափ արագ վերադարձը քաղաքացիական շրջանառության։
| Հոդված 12. | Թափանցիկության և տեղեկատվության մատչելիության սկզբունքը |
1․ Սնանկության վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի դրանցում ներգրավված անձանց՝ նպաստելով այդ անձանց օրինական շահերի պաշտպանությանն ու սնանկության վարույթի նպատակների իրագործմանը։ Բացառություն է կազմում այն տեղեկատվությունը, որի հրապարակման, պահպանման և տրամադրման մասով օրենքով նախատեսված են սահմանափակումներ, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որի՝ առանց սահմանափակումների բացահայտումը Սնանկության դատարանի գնահատմամբ կարող է վնասել պարտապանի կամ պարտատիրոջ օրինական շահերը։
2․ Սնանկության վարույթներով կառավարիչները պետք է ապահովեն, որ պարտատերերի պահանջներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, Սնանկության դատարան ուղարկված բոլոր հաշվետվությունները հասանելի լինեն վարույթի մասնակիցներին, բացառությամբ այն հաշվետվությունների, որոնք բացառապես վերաբերում են այլ պարտատիրոջ պահանջներին, կամ որոնց մասով հասանելիության սահմանափակումը Սնանկության դատարանի գնահատմամբ բխում է գույքի պատշաճ իրացման անհրաժեշտությունից։
| Հոդված 13. | Կանխարգելիչ վերակառուցման վարույթի հասանելիությունը և հավասարակշռվածությունը |
1․ Սնանկության վտանգի առկայության դեպքում կանխարգելիչ վերակառուցման վարույթը պետք է հասանելի լինի՝ թույլ տալու պարտապաններին վերակազմավորել իրենց պարտքերը վաղ փուլում՝ նախքան պարտապանների կետանցը։
2․ Կանխարգելիչ վերակառուցման վարույթի հասանելիությունը պետք է հավասարակշռված լինի և չի կարող այն աստիճան վաղ սկսվել, որը պարտապանին թույլ կտա չարաշահել տվյալ վարույթով առաջարկվող պաշտպանությունը։
| Հոդված 14. | Տնօրինչականությունը |
1. Սնանկության դատարանը սնանկության վարույթը հարուցում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված դիմումի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
| Հոդված 15. | Մրցակցությունը |
1. Սնանկության գործերով դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Սնանկության դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար:
| Հոդված 16. | Դատավարության լեզուն |
1. Սնանկության գործեր քննելիս դատավարության լեզուն հայերենն է:
2. Գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը Սնանկության դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն Սնանկության դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
4. Գործին մասնակցող անձին Սնանկության դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և գործին մասնակցող անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
5. Լսողական կամ խոսակցական խանգարումներ ունեցող անձինք, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, Սնանկության դատարանում ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու, սույն օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու և պարտականություններ կրելու հնարավորությամբ` սուրդոթարգմանչի միջոցով:
6. Տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում է դատական ակտերի հասանելիությունը` մատչելի եղանակով:
7. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն առաջանալիս սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերում Սնանկության դատարանի որոշման հիման վրա թարգմանիչ, տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձ նշանակելու կարգը, թարգմանչի վարձատրության չափը և կարգը սահմանվում են Կառավարություն որոշմամբ։
| Հոդված 17. | Դատական վարույթի հրապարակայնությունը |
1. Սնանկության գործը քննվում է դռնբաց դատական նիստում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատական վարույթը կամ դրա մի մասը կարող է անցկացնել դռնփակ:
3. Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու հարցը լուծվում է դռնփակության պայմաններում:
4. Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին դատարանը կայացնում է որոշում:
5. Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վկան, փորձագետը, մասնագետը և թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
6. Դռնփակ դատական նիստում տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառումն արգելվում է:
7. Դատարանի՝ եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
8. Դատական վարույթը կամ դրա մասը դռնփակ անցկացվելու դեպքում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք: Եզրափակիչ դատական ակտի՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող եզրափակիչ մասը հրապարակվում է դռնփակ նիստում:
9. Դատական վարույթը կամ դրա մասը դատարանի որոշմամբ դռնփակ անցկացվելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ որոշում է կայացնում գործի քննությունը դռնբաց իրականացնելու վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 3
ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ
| Հոդված 18. | Սնանկության գործերի ենթակայությունը |
1․ Սնանկության բոլոր գործերը ենթակա են Սնանկության դատարանին։
| Հոդված 19. | Քաղաքացիական գործերի ենթակայությունը |
1․ Քաղաքացիական գործը ենթակա է Սնանկության դատարանին, եթե գործը բխում է՝
1) սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի կամ իրավունքների առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճից․
2) երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի առնչությամբ ծագած և սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճից․
3) պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճից․
4) կառավարչի՝ իր կամ վարույթի այլ մասնակցի անունից դատական կարգով լուծման ենթակա հարցից․
5) պարտապանի կարգավիճակ չունեցող անձի կողմից աճուրդի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ վեճից․
6) սույն օրենսգրքով նախատեսված այլ վեճից։
2․ Քաղաքացիական գործը համարվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխանող նաև այն դեպքում, երբ պարտապանը սնանկ է ճանաչվել քաղաքացիական գործի հարուցումից հետո։
3․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քաղաքացիական գործը բոլոր դեպքերում ենթակա չէ Սնանկության դատարանին, եթե՝
1) այն վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացվող հայցին.
2) սույն օրենսգիրքը նախատեսում է տվյալ հարցի քննության այլ ընթացակարգ կամ բացառում է սնանկության վարույթի ընթացքում այդ հարցի քննարկման հնարավորությունը։
4. Սնանկության դատարանին ենթակա քաղաքացիական գործը քննվում է նույն սնանկության վարույթի շրջանակում՝ որպես առանձին քաղաքացիական գործ (այսուհետ` առանձին քաղաքացիական գործ)։
5. Սնանկության դատարանը ենթակայության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած առանձին քաղաքացիական գործը պետք է քննի ըստ էության, թեկուզև դրա հարուցումից հետո սնանկության գործն ավարտվել է, բացառությամբ այն դեպքի, եթե առկա են այդ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերը։
| Հոդված 20. | Առանձին քաղաքացիական գործի հանձնումը այլ դատարան |
1. Սնանկության դատարանը առանձին քաղաքացիական գործը հանձնում է այլ դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել առանձին քաղաքացիական գործերի ենթակայության կանոնների խախտմամբ:
2. Գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կայացվում է որոշում:
| Հոդված 21. | Ենթակայության մասին վեճերը |
1. Ընդհանուր իրավասության դատարանից քաղաքացիական գործ ստանալու դեպքում Սնանկության դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:
2. Հակակոռուպցիոն դատարանից քաղաքացիական գործ ստանալու դեպքում Սնանկության դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը։
3. Սնանկության դատարանը ենթակայության հարցի որոշման համար կայացված որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց, որոնք այն ստանալու պահից եռօրյա ժամկետում կարող են գործի ենթակայության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Վճռաբեկ դատարան։
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ենթակայությունը:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահը և Վճռաբեկ դատարանի բոլոր պալատների նախագահները գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից տասնօրյա ժամկետում որոշում են գործի ենթակայությունը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումն ընդունելու համար Վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրում է նիստ՝ իր և Վճռաբեկ դատարանի բոլոր պալատների նախագահների մասնակցությամբ, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք:
7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում: Որոշմանը կողմ քվեարկած դատավորների կազմից և նրանց կողմից որոշված դատավորը կազմում է որոշման նախագիծը:
8. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:
| Հոդված 22. | Դատարանի կազմը |
1. Սնանկության գործը դատավորը վարում է միանձնյա։
2․ Առանձին քաղաքացիական գործը քննում է սնանկության գործը վարող դատավորը։
3․ Սնանկության գործը միանձնյա վարելիս և առանձին քաղաքացիական գործը քննելիս դատավորը գործում է որպես դատարան։
4․ Վերաքննիչ դատարանը Սնանկության դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի։
5․ Դատարանի պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտերի, վճարման կարգադրությունների և միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննվում և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են միանձնյա։
6․ Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հարցը լուծվում է նիստին ներկա դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, իսկ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հարցը լուծվում է միանձնյա՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի մեկ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը քննվում և դրա վերաբերյալ որոշում կայացվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:
7․ Սնանկության դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
8․ Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո սնանկության գործով կայացված դատական ակտը բեկանվելու (վերացվելու) և նոր քննության ուղարկվելու դեպքում գործը (հարցը) քննում է Սնանկության դատարանի նույն դատավորը, եթե առկա չեն ինքնաբացարկի հիմքեր։
9․ Այն դեպքում, երբ առանձին քաղաքացիական գործով առկա է ինքնաբացարկի հիմք, կամ այդ գործով կայացված դատական ակտը բեկանվել և գործը ուղարկվել է նոր քննության, առանձին քաղաքացիական գործը քննվում է Սնանկության դատարանի այլ դատավորի կողմից։
10․ Սնանկության դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում:
11․ Սնանկության դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքում առանձին քաղաքացիական գործը (բողոքը) վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը որոշում է կայացնում առանձին քաղաքացիական գործի (բողոքի) քննությունն սկզբից սկսելու կամ գործի (բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին, իսկ սնանկության գործի դեպքում Սնանկության դատարանը սնանկության գործը վարույթ ընդունելու հետ միաժամանակ որոշում է կայացնում սնանկության վարույթի առանձին ընթացակարգն սկզբից սկսելու մասին: Սնանկության դատարանը կարող է փոփոխել իր որոշումը, եթե գործին մասնակցող անձը դատարանի որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է այդ մասին պատճառաբանված միջնորդություն։
12․ Եթե սույն հոդվածով նախատեսված կարգով առանձին քաղաքացիական գործի (բողոքի) քննությունը շարունակվում է ընդհատման պահից, սակայն գործի (բողոքի) քննության համար սույն օրենսգրքով սահմանված և մնացած ժամկետը պակաս է մեկ ամսից, ապա այդ ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով, իսկ եթե տվյալ գործի (բողոքի) քննության համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը մեկ ամիս է կամ պակաս է մեկ ամսից, ապա տվյալ գործի (բողոքի) քննության համար՝ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետով:
13. Առանձին քաղաքացիական գործի (բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի (բողոքի) քննությունը շարունակվում է գործի (բողոքի) քննության ընդհատման՝ դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության պահից:
14․ Առանձին քաղաքացիական գործի (բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու մասին որոշում կայացվելու դեպքում մինչև գործի (բողոքի) քննության ընդհատման պահն ավարտված դատավարական ժամկետները չեն վերսկսվում, իսկ սնանկության վարույթի մասնակիցները չեն կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնց կատարման ժամկետը լրացել է մինչև գործի (բողոքի) քննության ընդհատման պահը:
15․ Գործի (բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում մինչև գործի (բողոքի) քննության ընդհատման պահը կատարված գործողությունները կամ ընդունված որոշումները պարտադիր են և ունեն իրավական ուժ այնպես, ինչպես դատարանի կազմի կամ դատական կազմում փոփոխություն տեղի չունենալու դեպքում:
16. Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, Վճռաբեկ դատարանում` քաղաքացիական պալատի դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
17. Գործի կոլեգիալ քննության ժամանակ դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց:
18. Մեծամասնության կարծիքին չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին։
19. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:
20. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հրապարակումից հետո՝ տասնօրյա ժամկետում:
| Հոդված 23. | Դատավորին բացարկ հայտնելը և դատավորի ինքնաբացարկը |
1. Դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:
| Հոդված 24. | Ինքնաբացարկ և բացարկ ներկայացնելու և լուծելու կարգը |
1. Սնանկության դատարանում դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև առաջին դատական նիստի ավարտը, իսկ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում՝ մինչև բողոքի քննությունն սկսվելը: Եթե գործը (հարցը) քննվում է առանց նախնական դատական նիստ հրավիրելու, ապա դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև տվյալ գործով (հարցով) գործին մասնակցող անձանց լսված լինելու իրավունքի շրջանակում դիրքորոշում ներկայացնելու ժամկետի ավարտը:
2. Առաջին դատական նիստի ավարտից հետո մինչև գործի (հարցի) քննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել այդ դատական նիստի ավարտից հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել, կամ եթե տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն, և գործի քննությունը շարունակվել է ընդհատման պահից:
3. Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում բողոքի քննությունն սկսվելուց հետո մինչև բողոքի քննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել բողոքի քննությունն սկսվելուց հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել, կամ եթե վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և բողոքի քննությունը շարունակվել է ընդհատման պահից:
4․ Ինքնաբացարկ և բացարկ ներկայացնելու և լուծելու կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի ինքնաբացարկ և բացարկ ներկայացնելու և լուծելու հարաբերությունները կարգավորող նորմերը։
ԳԼՈՒԽ 4
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
| Հոդված 25. | Վարույթի մասնակիցները |
1. Սնանկության վարույթի մասնակիցներն են՝
1) գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները.
2) սնանկության վարույթին օժանդակող անձինք՝ վկան, փորձագետը, մասնագետը, թարգմանիչը և այլ անձինք։
2. Սնանկության վարույթի առանձին ընթացակարգերի մասնակիցների շրջանակը կանխորոշվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգավորումներով։
| Հոդված 26. | Վարութային իրավունակությունը և գործունակությունը |
1. Իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հավասարապես:
2. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները սույն օրենսգրքով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։
3. Իրավաբանական անձանց համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները վերաբերում են նաև հիմնարկներին, եթե նրանք, օրենքի համաձայն, վիճելի իրավահարաբերությանը մասնակցում են իրենց անունից:
4. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օժտված են իրենց գործողություններով իրենց իրավունքներն իրականացնելու և պարտականությունները կատարելու ունակությամբ։
5. Գործունակությունն իրավաբանական անձանց համար ծագում է պետական գրանցման, իսկ հիմնարկների համար՝ ստեղծման պահից:
6. Գործունակությունը ֆիզիկական անձանց համար ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով լրիվ գործունակություն ձեռք բերելու պահից:
| Հոդված 27. | Գործին մասնակցող անձանց կազմը |
1. Գործին մասնակցող անձինք են՝
1) կողմերը.
2) կառավարիչը.
3) շահագրգիռ անձինք և մարմինները։
| Հոդված 28. | Կողմերը |
1. Սնանկության վարույթի կողմերն են պարտապանը և պարտատերը։
2. Ֆիզիկական կամ իրավաբանական անձը ձեռք է բերում պարտապանի կարգավիճակ սնանկության վարույթի հարուցման պահից։
3. Երրորդ անձ գրավատուն, երաշխավորը և երաշխիք տվող անձն իրենց վերաբերելի պահանջի մասով ունեն պարտապանի համար սահմանված բոլոր դատավարական իրավունքներն ու պարտականությունները և հանդիսանում են այդ պահանջին առնչվող՝ պարտապանին ուղղված ծանուցումների հասցեատեր։
4. Սույն օրենսգրքով նախատեսված՝ պարտապանի և նրա գույքի նկատմամբ իրականացվող գործողությունները կարող են իրականացվել նաև երրորդ անձ գրավատուի և երաշխավորի՝ որպես ապահովման միջոց համարվող գույքի նկատմամբ, եթե այդ գործողությունը բխում է սնանկության վարույթի շահերից, և նման գործողության չկատարումը կդժվարացնի կամ անհնար կդարձնի վարույթի՝ սույն օրենսգրքով սահմանված սկզբունքներին համապատասխան իրականացումը, կամ կնվազեցնի պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը։
5. Պահանջ ներկայացրած անձը պահանջը սույն օրենսգրքով սահմանված կարգով հաստատված համարվելու պահից ձեռք է բերում պարտատիրոջ կարգավիճակ:
| Հոդված 29. | Կառավարիչը |
1․ Անձը սնանկության վարույթում կառավարչի կարգավիճակ ձեռք է բերում Սնանկության դատարանի որոշմամբ կառավարիչ նշանակվելու պահից։
2. Մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն ուժի մեջ մտնելը սնանկության գործով կառավարիչը`
1) Կառավարության որոշմամբ սահմանված՝ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգին համապատասխան պարտապանի մասին տեղեկատվություն է ձեռք բերում այլ մարմիններից և անձանցից.
2) սնանկության դիմում ներկայացրած անձի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ կարող է դիմել Սնանկության դատարան՝ պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի, դրամական միջոցների նկատմամբ արգելանք կիրառելու, պարտապանին որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին միջնորդությամբ, եթե նման միջնորդություն չներկայացնելը կարող է նվազեցնել պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը։
3. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն ուժի մեջ մտնելուց հետո կառավարիչը`
1) միջոցներ է ձեռնարկում պարտապանի գույքի, դրամական միջոցների և փաստաթղթերի հայտնաբերման ուղղությամբ, կազմակերպում է սնանկության վարույթի գույքի գույքագրումը, գնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար.
2) իր անունից դիմում է Սնանկության դատարան՝ պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի, դրամական միջոցների, հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու, դրանց նկատմամբ արգելանք կիրառելու, պարտապանին կամ գույքը փաստացի տիրապետող անձին այդ գույքի նկատմամբ որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու կամ գույքը կառավարչին հանձնելու մասին միջնորդությամբ, եթե դա բխում է սնանկության վարույթն օրենքին համապատասխան իրականացնելու նպատակից․
3) իր անունից դիմում է Սնանկության դատարան՝ պարտապանին կամ նրա ղեկավարին կամ պարտապանի աշխատակցին որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու միջնորդությամբ, եթե նա չի կատարել սույն օրենսգրքով սահմանված իր պարտականությունները, կամ նման միջնորդությունը բխում է սնանկության վարույթն օրենքին համապատասխան իրականացնելու նպատակից.
4) իր կամ պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող ցանկացած հարցով, ընդ որում, եթե սնանկության գործընթացում չգտնվելու դեպքում որևէ հայցադիմում (դիմում) կարող էր ներկայացվել պարտապանի կողմից, ապա այդպիսի հայցադիմումը (դիմումը) կառավարիչը ներկայացնում է պարտապանի անունից, իսկ մնացած դեպքերում, ինչպես նաև սույն օրենսգրքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում հայցադիմումը (դիմումը) կառավարիչը ներկայացնում է իր անունից.
5) ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում պարտապանը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ.
6) կնքում է պարտապանի գույքի կառավարմանն ուղղված պայմանագրերը, առք ու վաճառքի կամ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում՝ այլ ձևով օտարման պայմանագրերը.
7) պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա Սնանկության դատարանի որոշման հիման վրա արգելանք դնելու կամ արգելանքը հանելու նպատակով դիմում է համապատասխան իրավասություն ունեցող մարմին.
8) իր ներկայացրած միջնորդությունների հիման վրա կայացված դատական ակտերի կատարումն ապահովելու նպատակով դիմում է ներկայացնում հարկադիր կատարումն ապահովող մարմին.
9) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, անհրաժեշտության դեպքում այդ նպատակով ներգրավում է համապատասխան մասնագետների.
10) Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկում պարտապանի անունով բացում է սնանկության հատուկ հաշիվ և դրան է հաշվեգրում պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.
11) իր կողմից վարվող բոլոր գործերով կազմակերպվող էլեկտրոնային աճուրդների մասնակիցներից գանձման ենթակա գումարները հավաքելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկում իր անունով բացում է մեկ դրամային հաշիվ, որն ունի սնանկության հատուկ հաշվի կարգավիճակ և աճուրդի ավարտից հետո յուրաքանչյուր գույքի մասով մուտքագրված գումարները փոխանցում է այդ գույքի վերաբերյալ համապատասխան սնանկության գործով բացված սնանկության հատուկ հաշվին.
12) Կառավարության որոշմամբ սահմանված՝ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգին համապատասխան տեղեկատվություն է ձեռք բերում այլ մարմիններից և անձանցից․
13) սույն օրենսգրքով սահմանված կարգով կազմում է գույքի վաճառքի ծրագիր, կազմակերպում է պարտապանի գույքի հրապարակային սակարկություններով, ուղղակի վաճառքով կամ այլ ձևով օտարման գործընթացը․
14) իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով կարող է ներգրավել, իսկ լիազոր մարմնի որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող պարտապանի դեպքում պարտավոր է ներգրավել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների և այլ աշխատակիցների ու նրանց վարձատրել պարտապանի հաշվին.
15) սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացնում պարտապանի աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու և աշխատանքային պայմանագրեր կնքելու, աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ խրախուսման մասին.
16) վարում է պարտատերերի պահանջների գրանցամատյանը.
17) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված պահանջների հինգ տոկոսից ավելի ունեցող պարտատերերի պահանջով հրավիրում է պարտատերերի ժողով և նախագահում է այն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, կազմակերպում և անցկացնում է պարտատերերի առաջին և հերթական ժողովները․
18) ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում ծրագրի շրջանակում հսկողություն է իրականացնում պարտապանի տնտեսական գործունեության նկատմամբ, ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան կատարում է գումարների բաշխում, իրականացնում է ֆինանսական առողջացման ծրագրով և սույն օրենսգրքով նախատեսված՝ իր կողմից կատարման ենթակա այլ գործողություններ․
19) պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածում հսկողություն է իրականացնում պարտապանի տնտեսական գործունեության նկատմամբ, կատարում է գումարների բաշխում և սույն օրենսգրքով նախատեսված՝ իր կողմից կատարման ենթակա այլ գործողություններ․
20) կազմում է գումարների բաշխման ծրագիր և դրան համապատասխան կատարում է գումարների բաշխում․
21) սնանկության վարույթն օրենքին համապատասխան իրականացնելու նպատակով իր կամ օրենքով նախատեսված այլ միջոցներից իրականացնում է վարչական ծախսեր և ստանում է դրանց փոխհատուցում․
22) սնանկության վարույթում գումար ստանալու իրավասություն ունեցող՝ բանկային հաշվեհամար չտրամադրած անձանց հասանելիք դրամական միջոցները այդ միջոցների հաշվին դեպոնացնում է նոտարի դեպոզիտ հաշվին՝ այդ մասին ծանուցումը գումար ստանալու իրավասություն ունեցող անձի հաշվին ուղարկելով կամ հրապարակելով սույն օրենսգրքով սահմանված կարգով․
23) օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից.
24) իրականացնում է օրենքով նախատեսված իր լիազորություններից և իրավասություններից բխող այլ գործողություններ։
4. Կառավարիչն իրավունք ունի՝
1) պարտապանից (պարտապանի ղեկավարից, աշխատակիցներից) պահանջելու և ստանալու պարտապանի բոլոր տեսակի փաստաթղթերը, պարտապանի ակտիվների, պարտավորությունների և գործունեության վերաբերյալ բացատրություններ, պարզաբանումներ.
2) իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավելու մասնագետների, մասնագիտացված կազմակերպությունների, այլ աշխատակիցների՝ նրանց վարձատրելով սույն օրենսգրքով սահմանված կարգով.
3) բոլոր պետական մարմիններից, համայնքներից, ցանկացած իրավաբանական, ֆիզիկական և այլ անձից պահանջելու և ստանալու պարտապանին, սնանկության վարույթի ակտիվներին և պարտավորություններին առնչվող ցանկացած տեղեկատվություն.
4) բոլոր բանկերից պահանջելու և ստանալու պարտապանի դրամական միջոցների, այլ ակտիվների և պարտավորությունների, բանկային հաշիվների, դրանց շարժի և մնացորդների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու օրվան նախորդող հինգ տարուց ավելի ժամկետում կատարված գործարքների.
5) իրավաբանական անձից պահանջելու և ստանալու այդ իրավաբանական անձում պարտապանի բաժնեմասը (բաժնետոմսը, փայը և այլն) գնահատելու համար անհրաժեշտ և բավարար ցանկացած տեղեկատվություն.
6) օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնելու նպատակով լիազորագիր տալու այլ անձի, ընդ որում, սույն հոդվածի 3-րդ մասի 12-23-րդ կետերով սահմանված լիազորությունները կարող են տրվել միայն լիազոր մարմնում հաշվառված՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի որպես կառավարիչ աշխատած անձին.
7) ստանալու սույն օրենսգրքով սահմանված աջակցություն.
8) իրականացնելու օրենքով սահմանված այլ իրավունքներ:
5. Կառավարիչը պարտավոր է՝
1) գործին մասնակցող անձի կողմից գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ դիմումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում նյութերը տրամադրել դիմողին՝ ծանոթանալու և պատճենելու համար.
2) գործին մասնակցող անձի կողմից տեղեկատվություն ստանալու վերաբերյալ դիմումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում տրամադրել իր տիրապետման ներքո գտնվող տեղեկատվությունը.
3) սնանկության վարույթին առնչվող դիմում ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում պատասխանել այդ դիմումին.
4) այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգով ժողովի հրավիրման նախաձեռնության մասին տեղեկացվելուց հետո հրավիրել պարտատերերի ժողով՝ այն նշանակելով ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում.
5) օրենքով սահմանված կարգով ապահովել պարտապանի արխիվացման ենթակա փաստաթղթերի արխիվացումը.
6) կատարել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:
6. Սույն օրենսգրքով սահմանված՝ կառավարչի լիազորությունների շրջանակում կառավարչի կամ պարտապանի անունից դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ու պարտապանն ազատվում են պետական տուրքի վճարումներից «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված դեպքում:
7. Սույն օրենսգրքով այլ բան սահմանված չլինելու դեպքում իր լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:
8․ Կառավարչի լիազորությունները դադարեցվում են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանելու և պարտապանի սնանկության գործն ավարտելու մասին վճիռն ուժի մեջ մտնելու պահից, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում։
| Հոդված 30. | Շահագրգիռ անձինք և մարմինները |
1. Սնանկության վարույթի շրջանակում շահագրգիռ անձինք և մարմիններն այն սուբյեկտներն են, որոնց մասնակցությունը նախատեսված է սույն օրենսգրքով, կամ սնանկության վարույթի տվյալ ընթացակարգն ուղղակիորեն առնչվում է նրանց իրավունքներին և պարտականություններին կամ լիազորություններին, այդ թվում՝
1) գլխավոր դատախազությունը.
2) պետական եկամուտների կոմիտեն.
3) համայնքի ղեկավարը:
2․ Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք գործին մասնակցող անձ են համարվում և դատավարական կարգավիճակ են ստանում սնանկության վարույթի տվյալ ընթացակարգն ուղղակիորեն իրենց իրավունքներին և պարտականություններին կամ լիազորություններին առնչվելու մասին Սնանկության դատարանի և գործին մասնակցող անձանց համար բացահայտելու պահից։ Սույն մասի իմաստով՝ բացահայտումն իրականացվում է դատարանին գրավոր միջնորդություն կամ դիրքորոշում ներկայացնելու միջոցով՝ կցելով տվյալ ընթացակարգն իր իրավունքներին կամ պարտականություններին առնչվելու փաստը հաստատող ապացույցներ։
| Հոդված 31. | Գործին մասնակցող անձանց վարութային, այդ թվում՝ դատավարական իրավունքները և պարտականությունները |
1. Գործին մասնակցող անձինք սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ իրավունք ունեն`
1) ծանոթանալու վարույթի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկներ.
3) մասնակցելու վարութային գործողություններին.
4) ներկայացնելու դիմումներ, ապացույցներ և բացատրություններ, անելու միջնորդություններ.
5) վարույթի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը, ներառյալ վարույթի մյուս մասնակիցների միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
6) բողոքարկելու կառավարչի որոշումները, գործողությունները (անգործությունները), դատարանի կայացրած ակտերը.
7) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք վարութային գործողությունների ընթացքում պարտավոր են ենթարկվել դատարանի կարգադրություններին ու կառավարչի օրինական պահանջներին և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները և տրված հանձնարարությունը։
| Հոդված 32. | Սնանկության վարույթի մասնակիցների իրավահաջորդությունը |
1. Սնանկության դատական վարույթի ընթացքում մասնակիցներից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, պարտատիրոջ կողմից պահանջի զիջում և այլն) Սնանկության դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ:
2. Իրավահաջորդությունը հնարավոր է վարույթի ցանկացած փուլում:
3. Վարույթից, այդ թվում՝ դատական վարույթից, պարտատիրոջ դուրս գալու դեպքում պարտատիրոջ փոխարինումը տեղի է ունենում պարտատիրոջ իրավահաջորդի միջնորդությամբ:
4. Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են վարույթի ընթացքում մինչև իրավահաջորդի` վարույթին ներգրավվելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
| Հոդված 33. | Վարույթին օժանդակող անձինք |
1. Սնանկության դատարանը և կառավարիչը վարույթի արդյունավետ իրականացման նպատակով իրավունք ունեն պարտապանի հաշվին ներգրավելու վարույթին օժանդակող անձանց (վկա, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ և օժանդակ բնույթի գործողություններ կատարող այլ անձինք)։
2. Վարույթին օժանդակող անձինք վարութային գործողությունների ընթացքում պարտավոր են ենթարկվել Սնանկության դատարանի կարգադրություններին ու կառավարչի օրինական պահանջներին և բարեխղճորեն կատարել իրենց տրված հանձնարարությունը։
| Հոդված 34. | Վկա |
1․ Վկա կարող է լինել ցանկացած ֆիզիկական անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստի մասին տեղեկություն։
2․ Որպես վկա չեն կարող հարցաքննվել`
1) ներկայացուցիչը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս, եթե այլ բան նախատեսված չէ ներկայացուցչի և ներկայացվող անձի փոխադարձ համաձայնությամբ.
2) փաստաբանները` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել` կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ, եթե այլ բան նախատեսված չէ փաստաբանի և վստահորդի փոխադարձ համաձայնությամբ.
3) դատավորը, արբիտրը կամ հաշտարարը` իր կողմից կամ իր մասնակցությամբ քննված որևէ գործի վերաբերող քննարկումների առնչությամբ.
4) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո պաշտոնավարման ընթացքում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրականացրած վարչական վարույթի առնչությամբ։
3. Դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու իրավունք ունեն`
1) անձինք` իրենց, իրենց ամուսնու կամ մերձավոր ազգականների` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ամուսնու ծնողի կամ զավակի ամուսնու վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.
2) լրագրողները` գործի փաստերին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը։
4. Եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի շուրջ ծագում է վեճ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում դրա վերաբերյալ, որը պարտադիր է դատավարության մասնակիցների համար։
5. Վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:
| Հոդված 35. | Փորձագետը |
1. Փորձագետն այն անձն է, որը կառավարչի կամ դատարանի հանձնարարությամբ փորձաքննություն է իրականացնում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի վերաբերյալ։
2. Որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող, վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը:
3. Փորձագետն իրավունք ունի ստանալու փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ նյութեր սնանկության վարույթից, ինչպես նաև կառավարչից պահանջելու ապահովել փորձաքննության կատարման ընթացքը, եթե առկա են դրա ընթացքը խոչընդոտող հանգամանքներ։
4. Փորձագետը պարտավոր է փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ նյութերն ստանալուց հետո օբյեկտիվ և ամբողջական եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ։
5. Փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, իսկ կառավարիչը՝ դադարեցնել փորձաքննությունը, եթե փորձագետը՝
1) չունի անհրաժեշտ գիտելիքներ կամ հմտություններ.
2) շահագրգռված է սնանկության վարույթով․
3) անաչառ չէ սնանկության վարույթի մասնակիցների նկատմամբ։
6. Փորձագետը պարտավոր է եզրակացության հետ գրավոր հայտարարություն տալ սնանկության վարույթով իր շահագրգռվածության բացակայության, վարույթի մասնակիցների հանդեպ իր անաչառության, ինչպես նաև կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին տեղյակ լինելու վերաբերյալ։
7. Փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում կարող է նշանակվել լրացուցիչ փորձաքննություն՝ դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի։
8. Միևնույն հարցերի վերաբերյալ փորձաքննություն նշանակողը կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, եթե փորձաքննությունը չի ավարտվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով, կամ այդ հիմքերն ի հայտ են եկել փորձաքննության ավարտից հետո, կամ առկա են հիմնավոր կասկածներ փորձագետի եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ։ Կրկնակի փորձաքննության կատարումը հանձնարարվում է այլ փորձագետի։
9. Գործին մասնակցող անձի ներկայացրած փորձագետի եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ հավասարազոր է դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացությանը, եթե այն տված փորձագետը դատարանի առջև գրավոր հաստատում է եզրակացությունը` նախազգուշացվելով կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։
10. Դատական քննության ընթացքում փորձագետի ներգրավման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումները՝ հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները։
| Հոդված 36. | Մասնագետը |
1․ Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ է, որին կառավարիչը ներգրավում է վարութային գործողությունների իրականացմանը՝ որոշակի մասնագիտական հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման բացատրություններ տալու համար:
2․ Որպես մասնագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող, վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը:
3․ Կառավարիչը մասնագետից բացատրություններ չի վերցնում, եթե պարզվում է, որ մասնագետը՝
1) չունի անհրաժեշտ գիտելիքներ կամ հմտություններ.
2) շահագրգռված է սնանկության վարույթով․
3) անաչառ չէ սնանկության վարույթի մասնակիցների նկատմամբ։
4․ Դատական նիստի ընթացքում մասնագետի ներգրավման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումները։
| Հոդված 37. | Թարգմանիչը |
1. Թարգմանիչ կարող է լինել սնանկության վարույթով չշահագրգռված այն գործունակ ֆիզիկական անձը, որը տիրապետում է թարգմանության համար անհրաժեշտ լեզուների և ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով պետության հաշվին տրամադրվող թարգմանչի համար նախատեսված որակավորում:
2. Կառավարիչը կարող է ներգրավել թարգմանչի՝ իր ձեռք բերած օտարալեզու նյութերը հայերեն թարգմանելու, ինչպես նաև վարույթի՝ հայերենին չտիրապետող սուբյեկտների հետ հաղորդակցվելու համար, եթե վերջիններս չեն ապահովում հայերեն թարգմանություն։
3. Կառավարիչը, դատավորը, վկան, փորձագետը կամ դատական նիստերի քարտուղարն իրավունք չունեն ստանձնելու թարգմանչի պարտականություններ: Գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կարող են ստանձնել թարգմանչի պարտականություններ, եթե նրանց միջև չկա շահերի հակասություն:
4. Դատական նիստի ընթացքում թարգմանչի ներգրավման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումները։
ԳԼՈՒԽ 5
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 38. | Գործի վարումը ներկայացուցչի միջոցով |
1. Սնանկության վարույթի շրջանակում գործին մասնակցող անձը կարող է իր գործը վարել անձամբ կամ ներկայացուցչի միջոցով՝ դատարանում, կառավարչի հետ հարաբերություններում, ինչպես նաև պարտատերերի ժողովում և պարտատերերի խորհրդում։ Բացառություն են կազմում կառավարչի այն լիազորությունները, որոնց վերալիազորումը նախատեսված չէ սույն օրենսգրքով։
2. Անձնական մասնակցությունը գործին չի զրկում գործին մասնակցող անձին՝ այդ գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից։
3. Գործին մասնակցող անձը կարող է ինքնուրույն կատարել բոլոր վարութային գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի։
4. Ներկայացուցչի կատարած վարութային գործողությունները գործին մասնակցող անձի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքում, երբ գործին մասնակցող անձն ինքը դրանք կատարեր։
5. Եթե սնանկության վարույթի մասնակիցը պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք օրենքով կամ կատարման ենթակա ակտով կարող է կատարել միայն անձամբ, ապա նա իրավունք չունի գործելու ներկայացուցչի միջոցով։
6. Ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ներկայացուցչության մասին դրույթները՝ սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:
| Հոդված 39. | Ի պաշտոնե ներկայացուցիչները |
1․ Սույն հոդվածի 2-8-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ։
2․ Մինչև սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելը իրավաբանական անձի գործերը վարում է ղեկավարը կամ օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը։
3․ Սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրավաբանական անձի գործերը վարում է կառավարիչը, իսկ օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում՝ ղեկավարը կամ օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը։
4․ Սնանկության վարույթում ներգրավված և պարտապան չհանդիսացող իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:
5․ Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում սնանկության վարույթում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները՝ այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով:
6․ Որպես համայնքի ներկայացուցիչ` իր իրավասության սահմաններում ի պաշտոնե հանդես է գալիս համայնքի ղեկավարը կամ նրա տեղակալը:
7․ Այն գործով, որին պետք է մասնակցեր օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված անձը, որպես նրա ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչ նշանակված անձը:
8․ Այն գործով, որին պետք է մասնակցեր մահացած կամ մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը դեռևս ոչ ոք չի ընդունել, ապա որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը:
| Հոդված 40. | Օրինական ներկայացուցիչները |
1․ Անչափահասի, սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձի անունից սնանկության վարույթում հանդես է գալիս նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը (որդեգրողը), հոգաբարձուն կամ խնամակալը:
2․ Օրենքով սահմանված դեպքերում սնանկության վարույթում որպես օրինական ներկայացուցիչ կարող են հանդես գալ նման լիազորություն ունեցող այլ անձինք:
| Հոդված 41. | Գործի վարումն ի պաշտոնե կամ օրինական ներկայացուցչի կողմից այլ անձի հանձնարարելը |
1․ Ի պաշտոնե կամ օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի։
| Հոդված 42. | Որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք |
1. Սնանկության վարույթի շրջանակում, այդ թվում՝ վարույթի առանձին գործընթացներում, ներկայացուցչությունն իրականացնում են գործին մասնակցող անձի կողմից ընտրված անձինք։
2. Սնանկության դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները։ Սնանկության դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանում ներկայացուցչություն իրականացնելու լիազորություն ունեցող այլ անձինք։
3. Միևնույն անձը գործի քննության ընթացքում կարող է լինել այդ գործին մասնակցող երկու կամ ավելի անձանց ներկայացուցիչ, եթե նրանց շահերի միջև չկա հակասություն։
| Հոդված 43. | Որպես ներկայացուցիչ հանդես գալու արգելքը |
1. Սնանկության վարույթում ներկայացուցիչներ չեն կարող լինել օրենքով սահմանված կարգով որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք չունեցող անձինք, ինչպես նաև այն անձինք, որոնք մասնակցում են տվյալ գործի քննությանը որպես դատական նիստերի քարտուղար, թարգմանիչ, փորձագետ, մասնագետ, վկա կամ մասնակցել են տվյալ գործի քննությանը որպես հակառակ կողմի ներկայացուցիչ:
| Հոդված 44. | Ներկայացուցչին գործի քննությունից հեռացնելը |
1. Սույն օրենսգրքի 42-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացուցչություն իրականացնող անձին Սնանկության դատարանը հեռացնում է գործի քննությունից:
2. Մինչև գործի քննությունից հեռացվելը ներկայացուցչի կատարած գործողությունները պարտադիր են գործին մասնակցող անձի համար, եթե նա հավանություն է տալիս այդ գործողություններին:
| Հոդված 45. | Ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթերը |
1. Գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են՝
1) ֆիզիկական անձի՝ ոչ փաստաբանին տված լիազորագրով՝ վավերացված նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից.
2) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաև համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի` աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձին՝ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով.
3) փաստաբանին՝ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով։
2. Դատական նիստին ներկայացուցչի հետ գործին մասնակցող անձն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև՝ բանավոր սահմանելով ներկայացուցչի լիազորությունների ծավալը:
3. Օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերով:
4. Սույն հոդվածում նշված փաստաթղթերի բնօրինակները դատարանի ստուգելուց հետո կարող են վերադարձվել այն ներկայացրած անձին՝ դատարանի հաստատած պատճենները կցելով գործի նյութերին:
| Հոդված 46. | Ներկայացուցչի լիազորությունները՝ ըստ լիազորագրի |
1. Սնանկության վարույթին մասնակցելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած վարութային գործողություն, բացառությամբ՝
1) կամավոր կամ հարկադրված սնանկության դիմում ներկայացնելու.
2) ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու.
3) պահանջի զիջման պայմանագիր կնքելու.
4) պահանջից հրաժարվելու․
5) պարտատերերի պահանջների հերթականությունը կամ համամասնությունը փոփոխելու կամ այդ մասին համաձայնություն կնքելու.
6) hաշտության վերաբերյալ համաձայնություն կնքելու.
7) լիազորություններն այլ անձի փոխանցելու (վերալիազորում կատարելու).
8) ծանուցումները և վարութային փաստաթղթերն ստանալու.
9) սնանկության վարույթի ընթացքում որոշումները, գործողություններն ու անգործությունը կամ դատական ակտը բողոքարկելու:
2. Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչների վրա, որոնք գործի մասնակիցներին ներկայացնում են նրանց իրավունքների ողջ ծավալով։
4. Լիազորագիր տված և այն հետագայում վերացրած գործին մասնակցող անձը պարտավոր է լիազորագրի վերացման մասին անհապաղ տեղեկացնել դատարանին և կառավարչին: Մինչև լիազորագրի վերացման մասին տեղեկացնելը ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները պարտադիր են գործին մասնակցող անձի համար:
5. Այն դեպքում, երբ որևէ հիմքով դադարում է ի պաշտոնե կամ օրինական ներկայացուցչի լիազորությունները, վերջինս պետք է անհապաղ տեղեկացնի այդ մասին դատարանին և կառավարչին։
ԳԼՈՒԽ 6
ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ
| Հոդված 47. | Ապացուցման ընդհանուր կանոնները |
1. Սնանկության վարույթում ապացուցման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ գլխի նորմերը` սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։
2. Առանձին քաղաքացիական գործերով ապացուցման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը։
| Հոդված 48. | Սնանկության վարույթում ապացույց ներկայացնելը |
1. Սնանկության վարույթում ապացույցները ներկայացվում են սնանկության վարույթի մասնակիցների կողմից սնանկության վարույթի առանձին ընթացակարգը նախաձեռնելու դիմումի և դրա վերաբերյալ դիրքորոշմանը կից, եթե այլ ժամկետ նախատեսված չէ սույն օրենսգրքով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետից հետո ներկայացված ապացույցը կարող է ընդունվել, եթե առկա չէ սնանկության վարույթի առանձին ընթացակարգը եզրափակող դատական ակտ, և ապացույց ներկայացնող անձը հիմնավորում է սահմանված ժամկետում ապացույց ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելը իր կամքից անկախ պատճառներով:
3. Եթե առկա է վկայակոչված հանգամանքի առկայությունը հաստատող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ապա դատարան կարող է ներկայացվել միայն տվյալ դատական ակտի տվյալները, բացառությամբ եթե գործը քննվել է դռնփակ:
4. Սնանկության վարույթում կամ առանձին քաղաքացիական գործի շրջանակում էական համարվող փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելիս սնանկության վարույթի մասնակիցն ազատվում է այդ փաստի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականությունից, եթե այն արդեն իսկ ներկայացվել է այդ գործերից որևէ մեկով, և սնանկության վարույթի մասնակիցը հղում է անում այդ ապացույցին։
ԳԼՈՒԽ 7
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 49. | Սնանկության վարույթի փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) եղանակները |
1. Եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ, ապա Սնանկության դատարանի և գործին մասնակցող անձինք սնանկության վարույթի փաստաթղթերը դրանց հասցեատերերին ուղարկում (տրամադրում) են հետևյալ եղանակներով.
1) սնանկության գործընթացի էլեկտրոնային հարթակով (համակարգով).
2) փաստաթուղթն ուղարկողի և հասցեատիրոջ միջև գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով.
3) «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված յուրաքանչյուր հաջորդ եղանակը կիրառվում է նախորդ եղանակի կիրառման անհնարինության դեպքում։
3. Սնանկության վարույթի փաստաթղթերը կարող են հանձնվել նաև առձեռն։
4. Սնանկության վարույթի մասնակիցների միջև կնքված՝ վարույթին առնչվող պայմանագրերի կողմ հանդիսացող անձի միջնորդությամբ այդ պայմանագրի բոլոր մասնակիցների նկատմամբ կարող է կիրառվել պայմանագրով նախատեսված ծանուցման կարգը, եթե այդ պայմանագրով ուղղակիորեն նախատեսված է նման հնարավորություն: Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով։
5․ Սնանկության դատարանի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմնի միջև փաստաթղթերի փոխանակումը, այդ թվում՝ սնանկության վարույթի ընթացքում անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների կիրառումը և վերացումը, իրականացվում են էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Սնանկության դատարանը և կառավարիչը սնանկության վարույթի փաստաթղթերը դրանց հասցեատերերին չեն ուղարկում (տրամադրում), քանի դեռ նրանց ծանուցելը կարող է խոչընդոտել, անհնարին դարձնել սնանկության վարույթը կամ էական վնաս հասցնել սնանկության վարույթի այլ մասնակիցներին։
| Հոդված 50. | Էլեկտրոնային հաղորդակցությունը |
1․ Սնանկության դատարանը և գործին մասնակցող անձինք սնանկության գործընթացի էլեկտրոնային համակարգից օգտվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով, իսկ սույն օրենսգրքով կարգավորված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանի և դատավարության մասնակիցների համար սահմանված կարգով։ Սույն հոդվածի նորմերը տարածվում են էլեկտրոնային համակարգի միջոցով Սնանկության դատարանի, սնանկության գործով կառավարիչների, պարտապանի, պարտատերերի, ինչպես նաև սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձանց կողմից (որոնց իրավունքներին ու օրինական շահերին առնչվում կամ կարող է առնչվել սնանկության վարույթը, այդ թվում՝ գրավատու, երաշխավոր, երաշխիք տված անձ և այլն) իրականացվող գործողությունների վրա:
2. Էլեկտրոնային համակարգի միջոցով պատշաճորեն և էլեկտրոնային համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան կատարված գործողությունն առաջացնում է նույն հետևանքները, ինչ կառաջացներ սույն օրենսգրքով սահմանված՝ ընդհանուր կարգով իրականացված համանման գործողությունը։
3. Էլեկտրոնային համակարգի միջոցով չեն կարող կատարվել այնպիսի գործողություններ, որոնց կատարումը էլեկտրոնային համակարգի միջոցով տեխնիկական տեսանկյունից անհնարին է։ Նման անհնարինությունը չի կարող գնահատվել որպես անձի դատավարական իրավունքների սահմանափակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան գործողությունը կարող է կատարվել սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով։
4. Պարտապանի գույքի վերաբերյալ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացված հարցման՝ էլեկտրոնային համակարգի հավաստած պատասխանը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից ստացված պատասխանին:
5. Սնանկության էլեկտրոնային համակարգն օգտագործող անձ է համարվում այն ֆիզիկական անձը, որը սնանկության գործի շրջանակում առնվազն մեկ անգամ էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել էլեկտրոնային համակարգից օգտվելու անհնարինության մասին:
6. Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները համարվում են համակարգն օգտագործող անձինք՝ անկախ էլեկտրոնային համակարգի միջոցով առնվազն մեկ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց։
7. Փաստաթուղթը համարվում է սնանկության էլեկտրոնային համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե այն կազմվել է էլեկտրոնային համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, պարունակում է սույն օրենսգրքով սահմանված տեղեկատվությունը և էլեկտրոնային համակարգի միջոցով հասանելի է դարձել համակարգն օգտագործող անձին։
8․ Էլեկտրոնային հարթակը կարող է ներառել նաև՝
1) վարույթի մասնակցի կողմից դիմումներ, միջնորդություններ, դիրքորոշումներ և այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն.
2) վարույթում որևէ նոր նյութի ավելացման (ներառյալ վարույթի այլ մասնակիցների կողմից) մասին վարույթի մասնակցի անհապաղ ծանուցումը համակարգի ներսում, ինչպես նաև վարույթի մասնակցի նշած էլեկտրոնային փոստով.
3) վճարումներ կատարելու հնարավորություն.
4) տեսաձայնային կապով դատական նիստերին մասնակցության հնարավորություն.
5) դատարանի և կառավարչի համար պետական տեղեկատվական բազաներին հասանելիության հնարավորություն.
6) պարտատերերի ժողովի և խորհրդի նիստերի հրավիրման և անցկացման հնարավորություն (այդ թվում՝ տեսաձայնային կապով).
7) կառավարչի թեկնածուի ընտրության և ներկայացման հնարավորություն։
9. Պարտատերերի ժողովը կարող է անցկացվել էլեկտրոնային համակարգի միջոցով, եթե ժողովին մասնակցելու իրավասություն ունեցող բոլոր անձինք հանդիսանում են էլեկտրոնային համակարգն օգտագործողներ։ Անկախ ժողովի անցկացման եղանակից (առկա կամ հեռավար)՝ ժողովի հրավիրման մասին ծանուցումն էլեկտրոնային համակարգն օգտագործողներին կարող է ուղարկվել էլեկտրոնային համակարգի միջոցով։
10․ Եթե պարտապանը, պարտատերը, ինչպես նաև սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձինք էլեկտրոնային համակարգն օգտագործող անձինք են, ապա կառավարիչը սույն օրենսգրքով սահմանված իր գործառույթներն իրականացնում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Եթե պարտապանը, պարտատերը կամ սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձը էլեկտրոնային համակարգն օգտագործող անձ չեն, ապա սնանկության վարույթում նրան հասցեագրված դատավարական և այլ փաստաթղթերն ուղարկվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով։
11. Էլեկտրոնային հարթակի օգտատիրոջ կողմից հարթակից օգտվելու և հարթակի վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը։
| Հոդված 51. | Պատշաճ ծանուցումը |
1. Սնանկության վարույթի փաստաթղթերը համարվում են պատշաճ կարգով հանձնված, եթե դրանք ուղարկվել, տրամադրվել կամ հանձնվել են սույն գլխով սահմանված կարգով, իսկ դրանց հասցեատերերը համարվում են պատշաճ ծանուցված՝
1) սնանկության էլեկտրոնային համակարգի միջոցով ծանուցման դեպքում՝ փաստաթուղթն իրենց հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո.
2) էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ծանուցման դեպքում՝ փաստաթուղթն ուղարկելու հաջորդ օրը.
3) փաստաթուղթն առձեռն հանձնվելու օրը.
4) «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ծանուցման դեպքում՝ դրանով սահմանված օրը:
2. Սնանկության էլեկտրոնային համակարգի միջոցով հասանելի դարձած փաստաթղթեր (նյութեր) են համարվում այն փաստաթղթերը, որոնք առկա են էլեկտրոնային եղանակով վարվող գործի նյութերում և տեղադրվել են էլեկտրոնային համակարգն օգտագործող անձի անձնական էջում, որը հավաստվում է համակարգի կողմից, և դրանք հնարավոր է դիտել ու ներբեռնել համակարգի միջոցով։ Էլեկտրոնային համակարգն օգտագործող անձին որևէ փաստաթուղթ (նյութ) հասանելի դառնալու դեպքում համակարգն օգտագործող անձն անմիջապես տեղեկացվում է համակարգի և համակարգում մուտքագրված անձի էլեկտրոնային փոստի միջոցով: Էլեկտրոնային համակարգն օգտագործող անձին որևէ փաստաթուղթ (նյութ) հասանելի դառնալու դեպքում համակարգն օգտագործող անձն անմիջապես տեղեկացվում է համակարգի և համակարգում մուտքագրված անձի էլեկտրոնային փոստի միջոցով:
3. Գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և կառավարչին անհապաղ հայտնել սնանկության վարույթի հարուցումից հետո իրենց հասցեի, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում փաստաթուղթը հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով, էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:
4. Անկախ սույն գլխով սահմանված կարգավորումներից, եթե սույն օրենսգրքով որպես ծանուցման եղանակ նախատեսված է ծանուցման հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ծանուցման հասցեատերերը համարվում են ծանուցված հայտարարության հրապարակման հաջորդ օրը։
| Հոդված 52. | Սնանկության վարույթի նյութերի մատչելիությունը |
1. Սնանկության վարույթի նյութերը կարող են ստեղծվել և պահվել թղթային կամ այլ նյութական կրիչով կամ էլեկտրոնային ձևով։ Սնանկության վարույթի հետ կապված գործավարության կարգը սահմանվում է լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
2. Սնանկության վարույթի մասնակիցներին հասանելի են սնանկության վարույթի բոլոր նյութերը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։
3. Սնանկության վարույթի մյուս սուբյեկտներն իրավունք ունեն ծանոթանալու վարույթի նյութերին այնքանով, որքանով դա անհրաժեշտ է վարույթում իրենց իրավունքներն իրացնելու և պարտականությունները կատարելու նպատակով։
4. Սնանկության վարույթի՝ պետական գաղտնիք պարունակող նյութերն ամբողջ ծավալով կամ դրանց մի մասը կառավարչին և սնանկության վարույթի մյուս սուբյեկտներին չեն տրամադրվում, եթե առկա է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման վտանգ: Սնանկության վարույթի՝ պետական գաղտնիք պարունակող նյութերը կառավարչին և սնանկության վարույթի մասնակիցներին տրամադրվում են, իսկ սնանկության վարույթի մյուս սուբյեկտները դրանց ծանոթանում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով:
5. Սնանկության վարույթի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները հանրամատչելի են, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների.
1) սնանկության վարույթում կայացված դատական ակտերը․
2) պարտապանի և պարտատերերի անունները (անվանումները).
3) կառավարչի անունը և ազգանունը։
6. Սնանկության վարույթի մասնակիցները և վարույթով շահագրգռված այլ անձինք ինչպես վարույթի ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո պարտավոր են այլ անձանց չփոխանցել սնանկության վարույթի վերաբերյալ իրենց հայտնի դարձած օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունները։
ԳԼՈՒԽ 8
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԾԱԽՍԵՐԸ
| Հոդված 53. | Սնանկության վարույթի ծախսերը |
1․ Սնանկության վարույթի ծախսերը բաղկացած են վարույթի կազմակերպման համար անհրաժեշտ և վարույթի ընթացքում ձևավորվող ծախսերից։
2․ Վարույթի կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերի մեջ ներառվող ծախսերը բավարարվում են հետևյալ հերթերով․
1) հարկային պարտավորություն համարվող վարչական ծախսերը․
2) կառավարչի վարձատրությունը.
3) այլ վարչական ծախսերը։
3․ Վարույթի ընթացքում ձևավորվող ծախսերի մեջ ներառվող ծախսերը բավարարվում են հետևյալ հերթերով․
1) նոր ֆինանսավորում տրամադրած պարտատերերի պահանջները, ներառյալ այն անձանց պահանջները, որոնք վարկ են տրամադրել կամ պարտապանի պարտատոմսեր կամ մուրհակներ են ձեռք բերել Սնանկության դատարանի հաստատած ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման շրջանակում, եթե ֆինանսական առողջացման ծրագրով տվյալ պահանջը ապահովված չէ գույքի գրավով.
2) դատական ծախսերը.
3) այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման հաշվարկի միջոցով, եթե վնասը պատճառվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես նաև պարտապան քաղաքացու նկատմամբ ալիմենտների գծով պահանջները (երեխա, անաշխատունակ ծնող, անաշխատունակ ամուսին)՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին Սնանկության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ժամանակահատվածում.
4) պարտապանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դրանց համապատասխան հաշվարկված հարկերը և պարտադիր այլ վճարները, նույն ժամանակ առաջացած հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները.
5) պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Սնանկության դատարանի թույլտվությամբ առաջացած այլ պարտավորություններ, բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված պահանջների։
4․ Սնանկության վարույթի ծախսերը կատարվում են հետևյալ հաջորդականությամբ.
1) վարույթի կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերը.
2) վարույթի ընթացքում ձևավորվող ծախսեր։
5. Վարույթի ընթացքում ձևավորվող, ինչպես նաև վարույթի կազմակերպման համար անհրաժեշտ յուրաքանչյուր հերթի ծախս բավարարվում է նախորդ հերթի ծախսերն ամբողջությամբ բավարարվելուց հետո։
6․ Եթե որևէ հերթի ծախսի բավարարմանն ուղղվող գումարը չի բավականացնում տվյալ հերթի բոլոր ծախսերը բավարարելու համար, ապա տվյալ հերթի ծախսերի բավարարումը կատարվում է այդ ծախսերի հանրագումարի մեջ յուրաքանչյուր ծախսի տեսակարար կշռին համապատասխան չափով։
| Հոդված 54. | Հարկային պարտավորություն համարվող վարչական ծախսերը և այլ վարչական ծախսերը |
1․ Հարկային պարտավորություն համարվող վարչական ծախսեր են համարվում պարտապանին սնանկ ճանաչելու մասին Սնանկության դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունները։
2․ Վարչական այլ ծախս են համարվում պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելուց հետո կառավարչի կողմից կամ նրա համաձայնությամբ, սույն օրենսգրքին համապատասխան կատարված՝ անհրաժեշտ, ողջամիտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում՝
1) հայտարարությունների, ծանուցումների, այլ փաստաթղթերի հրապարակման կամ առաքման, սնանկության հատուկ հաշվի բացման և սպասարկման համար կատարված ծախսերը․
2) վարույթի ընթացիկ աշխատանքների կազմակերպման նպատակով կատարված գրասենյակային և տնտեսական ծախսերը․
3) պարտապանի գույքի հայտնաբերման, գույքագրման աշխատանքների կազմակերպման և անցկացման, գույքի կարգավիճակի հստակեցման և գույքը գնահատման նախապատրաստելու, գույքի պահպանման, գնահատման, վաճառքի, գույքն այլ անձի տիրապետումից հետ պահանջելու, գույքն այլ անձի փոխանցելու համար կատարվող ծախսերը․
4) կառավարչի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատողների աշխատավարձը (վարձատրությունը) և դրան համապատասխան հարկերն ու պարտադիր այլ վճարները․
5) կառավարչի օգնականի վարձատրությունը (վարձատրության փոխհատուցումը)․
6) սնանկության վարույթում ներգրավված մասնագետների վարձատրությունը կամ գնված ծառայությունների արժեքը․
7) պարտապանի փաստաթղթերի արխիվացման ծախսերը․
8) սույն հոդվածի 3-5-րդ մասերին համապատասխանող այլ ծախսերը։
3․ Այլ վարչական ծախսը համարվում է անհրաժեշտ, եթե դրա չկատարումը կդժվարացնի կամ անհնար կդարձնի սնանկության վարույթի կամ դրա մաս կազմող որևէ գործընթացի հետագա իրականացումը կամ կխախտի որևէ անձի իրավունքները կամ դրա իրականացումը պայմանավորված է այլ օբյեկտիվ անհրաժեշտությամբ։
4․ Այլ վարչական ծախսը համարվում է ողջամիտ, եթե դրա չափը չի գերազանցում համանման գնման (ապրանքի, ծառայության, աշխատանքի և այլն) համար շուկայում գործող գները՝ քսանից ավելի տոկոսով։
5․ Այլ վարչական ծախսը համարվում է հիմնավորված, եթե այն կատարվել է կամ ենթակա է կատարման, և առկա է հաստատող գրավոր ապացույց։
6․ Սույն օրենսգրքի իմաստով՝ գույքի կարգավիճակի հստակեցման և գույքը գնահատման նախապատրաստելու համար անհրաժեշտ վարչական ծախս է համարվում այնպիսի ծախսը, որի չիրականացման դեպքում գույքը վաճառքի ներկայացնելը հնարավոր չի լինի կամ էականորեն կնվազեցնի դրա վաճառքի գինը կամ հնարավորությունը (գույքին առնչվող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ դրանց վերականգնումը, փաստաթղթերում սխալների առկայության դեպքում՝ դրանց շտկումը, անշարժ գույքի կազմում առկա՝ սեփականության վկայականում չարտացոլված կառույցների չափագրումը, անշարժ գույքի տեղադիրքի հստակեցումը և այլն)։
| Հոդված 55. | Վարչական ծախսերի կատարման կարգը |
1․ Կառավարիչը այլ վարչական ծախսերն իրականացնում է սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-5-րդ մասերի պահանջներին համապատասխան՝ առանց սույն հոդվածով սահմանված կարգով համաձայնեցնելու կամ սույն հոդվածով սահմանված կարգով համաձայնեցնելով:
2․ Կառավարիչը առանց համաձայնեցման կատարում է սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկային պարտավորություն համարվող վարչական ծախսերը։ Կառավարիչը առանց համաձայնեցման իրավունք ունի կատարելու՝
1) սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված այլ վարչական ծախսերը․
2) սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված այլ վարչական ծախսերը, եթե դրանք ամբողջ վարույթի ընթացքում չեն գերազանցում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը․
3) սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված այլ վարչական ծախսերը, եթե յուրաքանչյուր կետով նախատեսված ծախսն ամբողջ վարույթի ընթացքում չի գերազանցում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը․
4) սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված այլ վարչական ծախսը, եթե այն սնանկության վարույթի յուրաքանչյուր ամսվա համար չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի մեկ երրորդը.
5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված վարչական ծախսերը, որոնց հանրագումարն ամբողջ վարույթի ընթացքում չի գերազանցում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասում չնշված, ինչպես նաև այդ մասի 2-5-րդ կետերում նշված սահմանաչափերը գերազանցող վարչական ծախսերը կարող են իրականացվել միայն սույն հոդվածով սահմանված կարգով համաձայնեցվելու դեպքում։
4․ Կառավարիչն իր կազմած վարչական ծախսերի նախահաշիվը ուղարկում է պարտապանին և պարտատերերին՝ ներկայացնելով վարչական ծախսը կատարելու անհրաժեշտության հիմնավորումները, վարչական ծախսի հնարավոր չափը, ինչպես նաև սույն օրենսգրքի կարգավորումների համաձայն այդ ծախսերն իրականացնելու դեպքում՝ այդ ծախսերի կատարման և փոխհատուցման աղբյուրները։
5․ Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձանցից որևէ մեկը նախահաշիվն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում կառավարչին է ներկայացնում նախահաշվի վերաբերյալ առարկություն, ապա կառավարիչը դիմում է Սնանկության դատարան առարկված ծախսի իրականացումը թույլատրելու մասին միջնորդությամբ՝ միջնորդությունը և կից փաստաթղթերը նախապես ուղարկելով առարկություն ներկայացրած անձանց։
6․ Անկախ սույն հոդվածի կարգավորումներից՝ կառավարիչն իրավունք ունի պարտատերերի առաջին կամ հերթական ժողովի օրակարգում ներառելու սնանկության վարույթում իր կողմից իրականացման ենթակա վարչական ծախսերի նախահաշիվը՝ ներկայացնելով ծախսերը կատարելու անհրաժեշտության հիմնավորումները, վարչական ծախսերի հնարավոր չափը, ինչպես նաև սույն օրենսգրքի կարգավորումների համաձայն այդ ծախսերն իրականացնելու դեպքում՝ այդ ծախսերի կատարման և փոխհատուցման աղբյուրները։ Ժողովի կողմից վարչական ծախսերի նախահաշվին հավանություն տալու (հաստատելու) դեպքում կառավարիչն իրավունք ունի ծախսերն իրականացնելու ժողովի որոշմանը համապատասխան։ Ժողովի որոշմամբ ծախսերի նախահաշվին կամ դրա մի մասին համաձայնություն չտալու (չհաստատելու) դեպքում կառավարիչն իրավունք ունի դիմելու Սնանկության դատարան չհամաձայնեցված ծախսի իրականացումը թույլատրելու մասին միջնորդությամբ՝ միջնորդությունը և կից փաստաթղթերը նախապես ուղարկելով պարտապանին և ժողովին մասնակցած պարտատերերին։
7․ Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված միջնորդության քննարկման արդյունքով Սնանկության դատարանը կայացնում է որոշում՝ ծախսի կատարումը ամբողջությամբ կամ մասնակի թույլատրելու մասին, եթե այդ ծախսի ամբողջությամբ կամ մասնակի կատարումը բխում է սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-5-րդ մասերի պահանջներից։ Հակառակ դեպքում որոշում է կայացնում այդ ծախսի կատարումը չթույլատրելու մասին։ Ծախսերի իրականացման աղբյուրը սույն օրենսգրքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ առարկություն ներկայացված լինելու դեպքում Սնանկության դատարանը լուծում է նաև այդ հարցը՝ կառավարչին պարտավորեցնելով նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություն։
8․ Կառավարչի կողմից ներկայացվող վարչական ծախսերի նախահաշիվը պարտապանը կամ պարտատերը կարող է առարկել (այդ թվում՝ նախահաշվի քննարկման նպատակով հրավիրված ժողովում) միայն անհրաժեշտ կամ ողջամիտ չլինելու կամ ծախսերի իրականացման աղբյուրը սույն օրենսգրքի պահանջներին չհամապատասխանելու հիմքերով։
9. Վարչական ծախսը համարվում է համաձայնեցված, եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետում որևէ մեկը կառավարչին չի ներկայացնում ծախսերի նախահաշվի վերաբերյալ առարկություն, կամ ներկայացված առարկությունն այդ ծախսին չի վերաբերում, կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքում պարտատերերի ժողովը հաստատել է ծախսերի նախահաշիվը, կամ պարտատերերի ժողովը ծախսերի նախահաշվին համաձայնություն չի տվել մասնակի (համաձայնություն տված մասով) կամ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում՝ դատարանի որոշմամբ հաստատված մասով։
10․ Համաձայնեցված ծախսերը ներառող բաշխման ծրագիրն այդ ծախսերի մասով կարող է առարկվել միայն այդ ծախսերին համապատասխան աշխատանքները կատարված չլինելու հիմքով, իսկ եթե ծախսը համաձայնեցված, բայց դեռևս կատարված չէ, ապա՝ այդ ծախսի կատարման անհրաժեշտությունը վերանալու հիմքով։
11․ Անկախ սույն հոդվածում նշված կարգավորումներից՝ կառավարիչն իրավունք ունի իրականացնելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված անհետաձգելի ծախսը՝ այդ մասին տեղեկացնելով Սնանկության դատարանին և պարտատերերին։ Անհետաձգելի է համարվում այն ծախսը, որի հրատապ չիրականացումը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի կամ առողջության համար, խախտել անձանց իրավունքները, առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնց արդյունքով կնվազի պարտապանի գույքի արժեքը։
12․ Բացառությամբ անհետաձգելի վարչական ծախսերի, վարչական ծախսը չի կարող կատարվել, եթե դրա կատարման հետևանքով ակնկալվող արդյունքը տնտեսապես արդարացված չէ։ Սույն մասով նախատեսված կարգավորումը չի գործում, եթե պարտատերը տվյալ վարչական ծախսը կատարելու համար անհրաժեշտ գումարը վճարում է սնանկության հատուկ հաշվին։
13․ Կառավարիչը պատասխանատվություն չի կրում այն գործողությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, որի համար վարչական ծախսի կատարումը սույն հոդվածով սահմանված կարգով չի թույլատրվել կամ սնանկության վարույթում առկա չեն եղել բավարար միջոցներ այդ գործողությունը կատարելու համար, կառավարիչն այդ մասին տեղեկացրել է պարտատերերին, սակայն որևէ մեկն այդ ծախսն իրականացնելու համար սնանկության հատուկ հաշվին գումար չի վճարել։
14․ Սնանկ չճանաչված պարտապանի մասով կառավարչի կատարած վարչական ծախսերի հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատական ակտով։
| Հոդված 56. | Վարչական ծախսերի կատարման աղբյուրները |
1․ Վարչական ծախսերը վճարվում են՝
1) պարտապանի միջոցներից․
2) այլ անձի կողմից սնանկության հատուկ հաշվին մուտքագրված վճարից։
2. Եթե սնանկության վարույթում որևէ գործողություն կատարելը աննպատակահարմար է (անհնար է դրական արդյունքի հասնել, կամ կատարման հետևանքով ակնկալվող արդյունքը տնտեսապես արդարացված չէ և այլն), և կառավարիչը դրա վերաբերյալ հիմնավորումները ուղարկում է պարտատերերին, ապա պարտատերն իրավունք ունի կառավարչից պահանջելու այդ գործողության կատարում՝ սնանկության հատուկ հաշվին վճարելով տվյալ գործողության կատարման և դրա հետևանքով սպասվող ծախսերի չափով գումար:
3. Վարչական ծախս կատարելու նպատակով գործին մասնակցող անձի վճարած գումարի չօգտագործված մասը վերադարձվում է այն վճարած անձին համապատասխան գործողության ավարտից հետո, որի իրականացման համար վճարվել էր գումարը։
4. Եթե գործողությունը, որի կատարման համար գործին մասնակցող անձը գումար է վճարել սնանկության հատուկ հաշվին, ավարտվում է հաջողությամբ (դրա արդյունքով ավելանում է պարտապանի ակտիվը կամ հետ է բերվում ակտիվ, կամ կանխվում է դրա նվազեցումը և այլն), ապա վճարի օգտագործված մասը համարվում է վարչական ծախս, և այն վճարած անձին է վերադարձվում սույն օրենսգրքով սահմանված կարգով։ Հակառակ դեպքում գործին մասնակցող անձի կողմից վճարված գումարը վարչական ծախս չի համարվում և վերադարձման ենթակա չէ։
5․ Եթե վարչական ծախս կատարելու համար գումար վճարած անձը գրավոր հրաժարվում է այդ գումարի մասով պահանջի իրավունքից, ապա այդ գումարը նրան վերադարձման ենթակա չէ։
| Հոդված 57. | Վարչական ծախսերի վճարման կարգը |
1․ Սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկային պարտավորություն համարվող վարչական ծախսերը վճարվում են անմիջապես՝ գույքի իրացումից ստացված միջոցներից։ Սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 7-րդ կետերով սահմանված այլ վարչական ծախսերը վճարվում են բաշխման ծրագրով բաշխման ենթակա գումարներից՝ պարտատերերին վճարվող գումարների համամասնությանը համապատասխան։
2․ Սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված վարչական ծախսերը վճարվում են այն պարտատիրոջը վճարվող գումարներից, որին պետք է բաշխվեն այդ գույքի վաճառքից ստացված միջոցները։
3․ Սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված վարչական ծախսերը վճարվում են այն պարտատիրոջը վճարվող գումարներից, որին առնչվում են այդ կետով կատարված աշխատանքները։
4․ Եթե ծախսը առնչվում է բոլոր պարտատերերին, կամ հնարավոր չէ որոշել, թե այն որ պարտատիրոջն է առնչվում, ապա այն վճարվում է բաշխման ծրագրով բաշխման ենթակա գումարներից՝ պարտատերերին վճարվող գումարների համամասնությանը համապատասխան։
5․ Եթե պարտապանի սնանկության հատուկ հաշվում առկա են միջոցներ, ապա կառավարիչն իրավունք ունի այդ միջոցների հաշվին, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, իրականացնելու վարչական ծախսերը, ինչպես նաև իրեն կամ վարչական ծախսերի կատարման համար կանխավճար վճարած անձին վերադարձնել իր կամ այդ անձի միջոցներով կատարված վարչական ծախսերի գումարը՝ այդ մասին տեղեկացնելով դատարանին և գործին մասնակցող անձանց։
6․ Չմատուցված ծառայության համար բաշխման ծրագրով նախատեսված գումարը ենթակա է դեպոնացման սնանկության հատուկ հաշվում, իսկ ծառայությունը չմատուցվելու դեպքում այն ենթակա է բաշխման ընդհանուր կարգով։
7․ Չմատուցված ծառայության համար վճարում կատարելու դեպքում այդ ծառայությունը չստանալու ռիսկը կրում է կառավարիչը, իսկ եթե դրա համար վճարվել է պարտապանի կամ վարույթի այլ մասնակցի միջոցներից, ապա կառավարիչը պարտավոր է իր միջոցներից փոխհատուցել վճարված գումարը։
8. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգավորումները գործում են, բացառությամբ սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված դեպքերի։
| Հոդված 58. | Կառավարչի վարձատրությունը |
1․ Կառավարիչը սույն օրենսգրքով սահմանված գործառույթների իրականացման համար ստանում է վարձատրություն, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև պարգևավճար։
2․ Կառավարչի վարձատրության և պարգևավճարի չափը, աղբյուրները և կարգը սահմանվում են սույն օրենսգրքով։
| Հոդված 59. | Կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերի փոխհատուցումը պարտապանին սնանկ չճանաչելու դեպքում |
1. Եթե կառավարիչ նշանակվելուց հետո մինչև պարտապանին սնանկ ճանաչելը պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ պարտապանին սնանկ ճանաչելու՝ սույն օրենսգրքով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով Սնանկության դատարանը պարտավորեցնում է պարտապանին կառավարչին փոխհատուցել վերջինիս ներկայացրած հիմնավորված վարչական ծախսերը և վճարել կառավարչի վարձատրությունը՝ անկախ վարույթի ժամանակահատվածից՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով։
2. Եթե կառավարիչ նշանակվելուց հետո մինչև պարտապանին սնանկ ճանաչելը դիմումատուն հրաժարվում է դիմումից, ապա գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով Սնանկության դատարանը պարտավորեցնում է դիմումատուին փոխհատուցել կառավարչի ներկայացրած հիմնավորված վարչական ծախսերը և վճարել կառավարչի վարձատրությունը՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:
3. Եթե պարտապանի և պարտատիրոջ միջև ստորագրված հաշտության համաձայնությունը կառավարչի ներկայացրած հիմնավորված վարչական ծախսերը փոխհատուցելու և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով կառավարչի վարձատրություն վճարելու մասին դրույթ չի պարունակում, ապա Սնանկության դատարանը հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատական ակտով դիմումատուին պարտավորեցնում է վճարել այդ գումարները։
4. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը մերժելու մասին վճռով Սնանկության դատարանը պարտավորեցնում է դիմումատուին փոխհատուցել կառավարչի ներկայացրած հիմնավորված վարչական ծախսերը և վճարել կառավարչի վարձատրությունը՝ անկախ վարույթի ժամանակահատվածից՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:
5․ Սույն հոդվածի 1-4-րդ մասերում նշված դատական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, դրանց պահանջը կամովին չկատարվելու դեպքում վարչական ծախսերը և կառավարչի վարձատրության գումարները կառավարչի դիմումի հիման վրա ենթակա են բռնագանձման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով։
| Հոդված 60. | Կառավարչի վարձատրությունը պարտապանին սնանկ ճանաչելու դեպքում |
1. Պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց, երաշխավորների գույքի վաճառքից (օտարումից), երաշխիք տված անձի վճարած կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքումից գոյացած միջոցներից, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ միջոցներից:
2. Եթե սույն օրենսգրքով այլ բան սահմանված չէ, ապա կառավարչի վարձատրությունը՝
1) սնանկության վարույթի ողջ ընթացքում մինչև 100 միլիոն դրամի չափով պարտավորության բավարարման դեպքում հաշվարկվում է պարտավորության բավարարմանն ուղղվող գումարի 10 տոկոսի չափով․
2) սնանկության վարույթի ողջ ընթացքում սույն օրենսգրքով սահմանված կարգով 100 միլիոն դրամի չափով պարտավորություն բավարարելուց հետո՝ պարտավորությունների բավարարմանն ուղղվող գումարի չորս տոկոսի չափով։
| Հոդված 61. | Կառավարչի վարձատրությունը պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում |
1. Պարտապանի ֆինանսական առողջացման գործընթացում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է հետևյալ կարգով․
1) պարտապանի ձեռնարկած գործողությունների արդյունքով այլ աղբյուրներից ներգրավվող ֆինանսական միջոցներով պարտավորությունների մարման դեպքում կառավարիչն ստանում է ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված՝ պարտատերերի պահանջների բավարարման հինգ տոկոսի չափով վարձատրություն,
2) պարտապանի տնտեսական գործունեության արդյունքով մուտքագրվող գումարներով պարտավորությունների մարման դեպքում կառավարիչն ստանում է պարտատերերի պահանջների բավարարման 10 տոկոսի չափով վարձատրություն, իսկ պարտավորություններն ամբողջությամբ մարվելու դեպքում՝ նաև սույն կետում նշված գումարներից բավարարված պարտավորությունների հինգ տոկոսի չափով պարգևավճար,
3) կառավարչի հավաքած, գույքի վաճառքից ստացված և սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված գումարներով պարտավորությունների մարման դեպքում կառավարիչն ստանում է պարտատերերի պահանջների բավարարման 10 տոկոսի չափով վարձատրություն։
| Հոդված 62. | Կառավարչի վարձատրությունը պարտապանի գործունեության վերսկսման դեպքում |
1. Պարտապանի գործունեության վերսկսման դեպքում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով։
| Հոդված 63. | Կառավարչի վարձատրությունը կանխարգելիչ վերակառուցման վարույթի դեպքում |
1. Պարտապանի սնանկության վտանգի դեպքում կանխարգելիչ վերակառուցման վարույթի մասով կառավարչի վարձատրության չափը սահմանվում է սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով։
| Հոդված 64. | Կառավարչի վարձատրությունը այլ դեպքերում |
1․ Սնանկ ճանաչված պարտապանի սնանկության վարույթի ցանկացած փուլում կառավարիչը, սույն օրենսգրքով սահմանված վարձատրությունից բացի, ստանում է նաև պարգևավճար՝
1) իր կողմից պահանջների (պահանջագրի, նախապահանջի, դատարան դիմելու մասին ծանուցագրի, դիմումի, հայցադիմումի և այլն) ներկայացման արդյունքով հավաքված (այդ թվում՝ բռնագանձված) գումարներից՝ այդ գումարների հինգ տոկոսի չափով․
2) գույք հետ բերելու դեպքում՝ այդ գույքի շուկայական գնի (գնահատված արժեքի) հինգ տոկոսի (բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամի) չափով, եթե գույքը սնանկության վարույթում չի վաճառվում, իսկ գույքը սնանկության վարույթում վաճառվելու դեպքում՝ վաճառքի գնի հինգ տոկոսի (բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամի) չափով։
2. Եթե ապահովված պարտատերը սույն օրենսգրքով սահմանված կարգով ցանկություն է հայտնում իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու ապահովված իրավունքի առարկան (երաշխավորի գույքը), ապա նա պարտավոր է սնանկության հատուկ հաշվին վճարել կառավարչի վարձատրության գումար՝ ապահովված իրավունքի առարկայի վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով:
3. Եթե երրորդ անձ գրավատուն սույն օրենսգրքով սահմանված կարգով ցանկություն է հայտնում դադարեցնել ապահովված պահանջի՝ իր գույքով ապահովվածությունը (երաշխավորի դեպքում՝ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի ներկայացնելը կամ վաճառքը), ապա նա, սույն օրենսգրքով սահմանված այլ վճարներից բացի, պարտավոր է սնանկության հատուկ հաշվին վճարել սույն մասով սահմանված չափով կառավարչի վարձատրության գումար։ Եթե վաճառքի ներկայացման ենթակա գրավի առարկայի (երաշխավորի գույքի) գնահատված արժեքը (աճուրդով վաճառքի ներկայացված լինելու դեպքում՝ վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գինը)՝
1) ավելի է ապահովված պահանջից կամ հավասար, ապա սույն մասում նշված՝ կառավարչի վարձատրության գումարը կազմում է ապահովված պահանջի հինգ տոկոսը․
2) պակաս է ապահովված պահանջից, ապա կառավարչի վարձատրությունը հաշվարկվում և պահվում է գույքի գրավով ապահովվածությունը (երաշխավորի դեպքում՝ վաճառքը) դադարեցնելու համար գրավատուի (երաշխավորի) վճարած գումարից՝ այդ գումարի հինգ տոկոսի չափով։
4. Եթե բավարարում չստացած` պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված պարտատերերը ցանկություն են հայտնել չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց, ապա պարտավոր են սնանկության հատուկ հաշվին վճարել կառավարչի վարձատրության գումար՝ այդ գույքի վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով:
5. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշմամբ Սնանկության դատարանը սահմանում է՝
1) մինչև որոշման կայացման պահը կառավարչի կատարած աշխատանքին համապատասխան վարձատրության չափը, որը որոշում է՝ հաշվի առնելով սույն օրենսգրքով սահմանված վարձատրության (ներառյալ պարգևավճարի) չափերը, սնանկության վարույթում կատարման ենթակա աշխատանքի ծավալը և մինչև դադարեցման մասին որոշման կայացման պահը կառավարչի կատարած աշխատանքների ծավալը,
2) մինչև որոշման կայացման պահը կառավարչի կատարած վարչական ծախսերի չափը, որը կառավարչի ներկայացրած հիմնավորված, անհրաժեշտ և ողջամիտ ծախսերի հանրագումարն է։
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված որոշման կայացման պահից մինչև դրա անբողոքարկելի դառնալու պահը կառավարչի կատարած վարչական ծախսերի հարցին Սնանկության դատարանն անդրադառնում է կառավարչի միջնորդության հիման վրա՝ լրացուցիչ որոշմամբ։
7․ Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերի փոխհատուցումը կատարվում են, եթե սնանկության վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնվել են նոր կառավարչին:
8․ Կառավարչի մահվան դեպքում մինչև մահվան պահը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված՝ կառավարչի վարձատրության և վարչական ծախսերի ստացման իրավունքը փոխանցվում է նրա ժառանգներին։
| Հոդված 65. | Կառավարչին վճարվող փոխհատուցումը |
1. Սույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով սնանկության գործն ավարտվելու դեպքում, ինչպես նաև այլ հիմքով սնանկության գործն ավարտվելու և պարտապանի գույքի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից պակաս լինելու դեպքում սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:
2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումի ներկայացման և գումարի վճարման կարգը սահմանում է լիազոր մարմինը։
| Հոդված 66. | Վարույթի ընթացքում ձևավորվող ծախսերը |
1․ Վարույթի ընթացքում ձևավորվող ծախսերի մասով պահանջների հաշվառումն իրականացնում է կառավարիչը՝ սույն հոդվածով սահմանված կարգով։
2․ Կառավարիչը վարույթի ընթացքում ձևավորվող ծախսերի մասով պահանջի ծագման պահից մեկշաբաթյա ժամկետում այդ պահանջը հաշվառում է պահանջների գրանցամատյանում և այդ մասին տեղեկացնում է պահանջատիրոջը։
3․ Դատական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով այդպիսին համարվող այն ծախսերը, որոնք պարտատիրոջ կողմից կատարվել են բացառապես տվյալ գործի շրջանակում և հաստատված են Սնանկության դատարանի որոշմամբ։
4․ Սնանկության դատարանը դատական ծախսերի հետ կապված հարցերը (չափի որոշումը, բաշխումը և այլն) լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
5․ Պարտատիրոջ ներկայացրած պահանջում ներառված՝ հաստատված դատական ծախսը առանձին տողով հաշվառվում է պարտատերերի գրանցամատյանում՝ տվյալ պարտատիրոջ պահանջի հետ միասին։
6․ Եթե վարույթի ընթացքում ձևավորվող ծախսի գծով պահանջը չապահովված է, ապա այդ պահանջների բավարարումը կատարվում է սույն օրենսգրքով սահմանված՝ չապահովված պահանջների բավարարման ընդհանուր կանոններով, իսկ եթե ապահովված է՝ ապահովված պահանջների բավարարման ընդհանուր կանոններով, եթե Սնանկության դատարանի որոշմամբ այլ բան սահմանված չէ։
ԳԼՈՒԽ 9
ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
| Հոդված 67. | Ժամկետների սահմանումը |
1. Սնանկության վարույթում ժամկետները սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` համապատասխանաբար դատարանի, կառավարչի, պարտատերերի ժողովի (այսուհետ՝ ժամկետ սահմանող սուբյեկտ) կողմից։
2. Կառավարիչը սնանկության վարույթի մասնակիցների հետ հարաբերություններում կարող է սահմանել ժամկետներ հետևյալ գործողությունների կատարման համար.
1) փաստաթղթեր տալու և հանձնելու.
2) կառավարչի մոտ վարվող գործի նյութերին ծանոթանալու.
3) գույքագրման օր, ժամ և վայր նշանակելու.
4) պարտատերերի ժողովի օր, վայր և ժամ սահմանելու.
5) աճուրդի օր, ժամ և վայր սահմանելու.
6) գույքն ազատելու կամ հանձնելու օր և ժամ սահմանելու.
7) պարտապանին որոշակի գործողություններ կատարելու կամ կատարած գործողությունների արդյունքը վերացնելու.
8) այլ գործողությունների, որոնց համար սույն օրենսգրքով ժամկետներ սահմանված չեն։
3. Սնանկության վարույթում ժամկետ սահմանող սուբյեկտն առանձին գործողությունների համար ժամկետներ սահմանելիս հաշվի է առնում գործողության համար անհրաժեշտ և բավարար ժամկետը։
| Հոդված 68. | Ժամկետների հաշվարկը |
1. Օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
2. Տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի կամ անխուսափելիորեն վրա հասած իրադարձության հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:
3. Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը, եթե օրենքով ժամկետը նախատեսված չէ օրացուցային օրերով։ Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
4․ Առանձին վարութային, այդ թվում՝ դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, շաբաթով, ամսաթվով կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:
| Հոդված 69. | Ժամկետների ավարտը |
1. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
2. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
3. Շաբաթներով հաշվարկվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:
4. Օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը:
5. Այն դեպքերում, երբ ժամկետի վերջին օրն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
6. Ժամկետը համարվում է պահպանված, եթե համապատասխան փաստաթղթերը կամ դրամական միջոցները հանձնվել են փոստ, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:
7. Եթե վարութային, այդ թվում՝ դատավարական գործողությունը պետք է կատարվի դատարանում, այլ պետական մարմնում կամ կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ դատարանում, այլ պետական մարմնում կամ կազմակերպությունում սահմանված կանոններով ավարտվում է աշխատանքային օրը:
| Հոդված 70. | Ժամկետների կասեցումը |
1. Սնանկության վարույթի ժամկետը կասեցվում է գործի վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:
2. Այն դեպքում, երբ կասեցվում է սնանկության վարույթի առանձին ընթացակարգը կամ դրա շրջանակում առանձին գործին մասնակցող անձի մասով, ապա ժամկետի ընթացքը կասեցվում է միայն այդ ընթացակարգի մասնակիցների կամ առանձին հարցի հասցեատիրոջ համար:
3. Ժամկետների ընթացքը շարունակվում է գործի վարույթը կամ վարույթի առանձին ընթացակարգը վերսկսելու օրվանից։
| Հոդված 71. | Ժամկետները երկարաձգելը |
1. Ժամկետ սահմանող սուբյեկտը վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է երկարաձգել իր սահմանած և չավարտված, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև օրենքով սահմանված և չավարտված ժամկետները:
2. Ժամկետ սահմանող սուբյեկտին իր սահմանած վարութային ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացվում է ժամկետի ավարտից առնվազն երկու օր առաջ։
3. Ժամկետները երկարաձգելու միջնորդության վերաբերյալ ժամկետ սահմանող սուբյեկտը կայացնում է որոշում: Միջնորդությունը բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում սահմանվում է համապատասխան գործողությունը կատարելու նոր ժամկետ:
| Հոդված 72. | Ժամկետները բաց թողնելը և վերականգնելը |
1. Ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, եթե այլ հետևանք նախատեսված չէ օրենքով։
2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը ներկայացվում է տվյալ ժամկետը սահմանած սուբյեկտին։ Բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի համապատասխան դատավարական գործողությունը:
3. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքի, երբ միջնորդությունը ներկայացվել է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքով կայացվում է որոշում:
4. Ժամկետ սահմանող սուբյեկտը, պարզելով, որ գործին մասնակցող անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
5. Օրենքով նախատեսված դեպքերում բաց թողնված ժամկետը ենթակա չէ վերականգնման:
ԲԱԺԻՆ 2
ԿԱՌԱՎԱՐԻՉԸ
ԳԼՈՒԽ 10
ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
| Հոդված 73. | Կառավարչի գործունեությունը |
1. Կառավարչի գործունեությունը մասնագիտական գործունեության տեսակ է, որով կառավարիչը սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված իր գործառույթների շրջանակում մասնակցում է սնանկության վարույթի իրականացմանը։
| Հոդված 74. | Կառավարիչը |
1․ Կառավարչի գործունեություն կարող է իրականացնել (գործեր վարել)՝
1) այն անձը, որը բավարարում է հետևյալ պայմանները․
ա․ լիազոր մարմնի կողմից ստացել է կառավարչի որակավորում,
բ. անդամակցել է պալատին,
գ. որպես կառավարիչ իր գործունեությունը կասեցված կամ որակավորումը դադարեցված չէ,
դ. լիազոր մարմնում հաշվառված է որպես կառավարիչ և
ե. հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր․
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ պայմանները․
ա. այդ կազմակերպության բոլոր մասնակիցները (բաժնետերերը) (եթե մասնակիցը (բաժնետերը) մեկն է՝ այդ մասնակիցը (բաժնետերը)) համապատասխանում են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա»-«դ» ենթակետերի պահանջներին և
բ. լիազոր մարմնում հաշվառված է որպես կառավարիչ․
3) այն անձը, որը համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» - «դ» ենթակետերի պահանջներին, հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված առևտրային կազմակերպության աշխատակից և ունի այդ կազմակերպության կողմից տրված լիազորություն սնանկության տվյալ գործը վարելու համար․
4) այլ պետությունում որակավորում ստացած կառավարիչը, որը Հայաստանի Հանրապետությունում անցել է հավատարմագրման գործընթաց, որպես կառավարիչ իր գործունեությունը կասեցված կամ հավատարմագիրը դադարեցված չէ և համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» - «դ» ենթակետերի պահանջներին։
2․ Անձը, այդ թվում՝ այլ պետությունում որակավորում ստացած կառավարիչը, որպես կառավարիչ կարող է գործունեություն իրականացնել (գործեր վարել) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված եղանակներից միայն մեկով։
3․ Սնանկության դատարանի որոշմամբ կառավարիչ կարող են նշանակվել սույն հոդվածի 1-ի մասի 1-ին և 2-րդ կետերում նշված անձինք։
| Հոդված 75. | Կառավարչի որակավորումը |
1․ Որպես կառավարիչ կարող է որակավորվել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և՝
1) վերջին երկու տարվա ընթացքում ստացել է լիազոր մարմնի սահմանած չափորոշիչներին համապատասխան կրթություն կամ
2) վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի որպես վարձու աշխատող հանդիսացել է սնանկության գործով կառավարչի օգնական:
2. Անձը չի կարող որակավորվել որպես կառավարիչ, եթե`
1) դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ․
2) դիմելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում ինքը կամ որպես կառավարիչ հաշվառված՝ իր մասնակցությամբ առևտրային կազմակերպությունը ճանաչվել է սնանկ․
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ․
4) հանդիսացել է սնանկության գործով կառավարիչ, և վերջին հինգ տարվա ընթացքում նրա որակավորումը դադարեցվել է։
3. Որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը: Որակավորումն իրականացվում է որակավորման ստուգման միջոցով, որն անցկացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:
4. Որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգումներին մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգումներին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգումների, որակավորում շնորհելու ընթացակարգերը, որակավորման հանձնաժողովի որոշումների բողոքարկման կարգը սահմանվում են լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
| Հոդված 76. | Կառավարչի որակավորման ժամկետը և դրա երկարաձգումը |
1․ Որպես կառավարիչ որակավորված անձի որակավորումը գործում է մինչև այդ անձի 65 տարին լրանալը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված կարգով դրա ժամկետը երկարաձգելու դեպքի։
2․ Որպես կառավարիչ որակավորված անձը իր որակավորման ժամկետը լրանալու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան որակավորման ժամկետը լրանալու օրվանից վեց ամիս առաջ կարող է դիմել լիազոր մարմին՝ որակավորման ժամկետը մինչև երկու տարով երկարաձգելու համար։
3. Որակավորման ժամկետի երկարաձգումը իրականացվում է այդ նպատակով կազմակերպվող ատեստավորման միջոցով, որն անցկացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:
4. Որակավորման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երկու տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան տվյալ անձի 70 տարին լրանալը։
5. Որակավորման ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե դիմողը չի բավարարում լիազոր մարմնի սահմանած չափանիշները։
6. Որակավորման ժամկետը երկարաձգելու հետ կապված ընթացակարգերը սահմանվում են լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
| Հոդված 77. | Կառավարչի հաշվառումը և հաշվառումից հանումը |
1. Անձը որպես կառավարիչ հաշվառվելու համար լիազոր մարմին է ներկայացնում դիմում, որում, այլ տեղեկություններից բացի, նշվում են որակավորման վկայականի համարը, կառավարչի գործունեություն իրականացնելու նպատակով հաշվառված անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը՝ դրան կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները․
1) կառավարիչների պալատի անդամ հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթուղթ․
2) կառավարչի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի կամ վկայագրի պատճենը և այդ պատճենը հրապարակելու վերաբերյալ գրավոր թույլտվություն․
3) հաշվառման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
2․ Անձը չի կարող հաշվառվել որպես կառավարիչ, եթե լրացել է նրա 65 տարին։
3․ Եթե սույն օրենսգրքով սահմանված կարգով կառավարչի որակավորման ժամկետը երկարաձգվում է, ապա այդ նույն ժամկետով երկարաձգվում է նաև կառավարչի հաշվառման ժամկետը։
4․ Կառավարիչը հաշվառումից հանվում է գործունեությունը կասեցվելու կամ որակավորումը դադարեցվելու դեպքում, ինչպես նաև իր դիմումի հիման վրա։
5․ Կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշումը կայացնում է լիազոր մարմինը, իսկ որոշումն ուղարկվում է կառավարչին, դատարան և պալատ այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:
6․ Կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
7․ Կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
| Հոդված 78. | Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպության որպես կառավարիչ հաշվառումը և իրավական կարգավիճակը |
1․ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունը որպես կառավարիչ հաշվառվելու համար լիազոր մարմին է ներկայացնում դիմում՝ դրան կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները․
1) իր մասնակիցների (բաժնետերերի) և կառավարչի որակավորում ունեցող աշխատակիցների սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականներ,
2) իր մասնակիցների (բաժնետերերի) և կառավարչի որակավորում ունեցող աշխատակիցների՝ կառավարիչների պալատի անդամ հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթեր,
3) իր մասնակիցներից (բաժնետերերից) և կառավարչի որակավորում ունեցող աշխատակիցներից յուրաքանչյուրի համար կառավարչի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի կամ վկայագրի պատճենը և այդ պատճենը հրապարակելու վերաբերյալ գրավոր թույլտվություն,
4) հաշվառման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
2․ Հաշվառվելուց հետո կառավարչի որակավորում ունեցող նոր մասնակից (բաժնետեր) ներգրավելու կամ նոր աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունը մեկշաբաթյա ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում այդ անձի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված փաստաթղթերը։
3․ Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպության անունից, այդ կազմակերպության տված լիազորագրի հիման վրա սնանկության գործը վարում է այդ կազմակերպության մասնակից (բաժնետեր) կամ աշխատակից հանդիսացող՝ կառավարչի որակավորում ունեցող անձը, որն ունի Հայաստանի Հանրապետությունում որակավորում ստացած կառավարիչների համար սահմանված բոլոր իրավունքները, պարտականությունները և կրում է նույն պատասխանատվությունը։
| Հոդված 79. | Այլ պետություններում որակավորված կառավարիչների հավատարմագրումը |
1․ Այլ պետությունում որակավորում ստացած կառավարիչների հավատարմագրման և հավատարմագրի դադարեցման կարգը սույն օրենսգրքով սահմանված կառավարիչների որակավորման կանոնների շրջանակում սահմանվում է լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով։
2․ Այլ պետությունում որակավորում ստացած և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված կառավարիչը հավատարմագիր ստանալու փաստով համարվում է պալատի անդամ և պարտավոր է անցնել սույն օրենսգրքով սահմանված ամենամյա վերապատրաստում։ Հավատարմագրի դադարեցման դեպքում դադարում է հավատարմագիր ունեցող անձի՝ պալատին անդամությունը։
3․ Այլ պետությունում որակավորում ստացած և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված կառավարիչները ունեն Հայաստանի Հանրապետությունում որակավորում ստացած կառավարիչների համար սահմանված բոլոր իրավունքները, պարտականությունները և կրում են օրենքով սահմանված նույն պատասխանատվությունը։
| Հոդված 80. | Կառավարչի մասին տեղեկատվության հրապարակումը |
1. Հաշվառված կառավարիչների (այդ թվում՝ առևտրային կազմակերպությունների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը և մանրամասները սահմանվում են լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
2. Կառավարչի մասին տեղեկությունները և հաշվառված լինելու պահանջը դատարանների, գործին մասնակցող անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և ցանկացած այլ անձանց կողմից ստուգվում են լիազոր մարմնի սահմանած կարգով:
| Հոդված 81. | Կառավարչի գործունեության երաշխիքները |
1․ Կառավարիչն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենսդրությամբ, պալատի կանոնադրությամբ և կառավարիչների վարքագծի կանոնագրքով:
2. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը կառավարչի գործունեությանը:
3․ Կառավարչին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է լիազոր մարմնին և պալատին:
| Հոդված 82. | Կառավարչի գործունեությունը կասեցնելը |
1. Կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե՝
1) կառավարիչը որակավորումը ստացել է հանրային ծառայության մեջ գտնվելու ընթացքում կամ որակավորում ստանալուց հետո անցել է հանրային ծառայության՝ հանրային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետի ընթացքում.
2) կառավարիչը առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր․
3) սահմանված ժամկետում կառավարիչը չի կնքել ապահովագրության պայմանագիրը կամ այն չի ներկայացրել լիազոր մարմին.
4) կառավարչի գործունեություն իրականացնելու նպատակով կառավարիչը որպես հարկ վճարող Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր, որը հաշվառումից հանվել է, կամ իր կողմից կառավարչի գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված առևտրային կազմակերպությունը լուծարվել է․
5) օրենքով սահմանված կարգով կառավարիչը ճանաչվել է անհայտ բացակայող։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու պահից կառավարիչը պարտավոր է՝
1) մեկշաբաթյա ժամկետում այդ հանգամանքների մասին տեղեկացնել լիազոր մարմնին և պալատին` կցելով կասեցման հիմքերը հավաստող համապատասխան փաստաթղթերը,
2) դադարեցնել իր վարույթում գտնվող գործերով իր գործողությունները և ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում իր վարույթում առկա սնանկության գործերով փաստաթղթերը հանձնել պալատին:
3. Կառավարչի գործունեությունը կասեցնում է լիազոր մարմինը՝ կասեցման հիմքերի մասին տեղեկացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում: Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին որոշումը կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է կառավարչին, Սնանկության դատարան, պալատ, ինչպես նաև Դատական դեպարտամենտ` դատարաններին ծանուցելու համար, և այդ մասին գրառում է կատարվում լիազոր մարմնի պաշտոնական կայքում՝ տվյալ կառավարչի տվյալները պարունակող մասում:
4. Կառավարչի գործունեությունը կասեցվելու դեպքում կառավարչի որակավորման վկայականի գործողությունը և կառավարչի՝ պալատին անդամությունը համարվում են կասեցված:
5. Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է անհապաղ կատարման: Կառավարչի գործունեության կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
6․ Սնանկության դատարանը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերում կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում՝ որոշումն ստանալուց հետո 15-րդ օրը որոշում է կայացնում կառավարչի լիազորությունները դադարեցնելու մասին և պահանջագիր է ուղարկում լիազոր մարմին՝ գործունեությունը կասեցված կառավարչի կողմից վարվող գործով նոր կառավարչի ընտրություն կատարելու նպատակով վիճակահանություն անցկացնելու համար, իսկ նոր կառավարչի թեկնածություն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, որոշում է կայացնում կառավարչի թեկնածուին այդ գործով կառավարիչ նշանակելու մասին՝ ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն օրենսգրքով սահմանված պահանջներին: Սնանկության դատարանը սույն մասով սահմանված՝ կառավարչի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում չի կայացնում, եթե մինչև սույն մասով սահմանված ժամկետների լրանալը լիազոր մարմնից ստանում է կառավարչի գործունեությունը վերականգնելու (կասեցումը վերացնելու) մասին որոշում։
7․ Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում կառավարիչը պարտավոր է գործունեության կասեցման մասին որոշումն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել գործունեության կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքները և ապացույցները ներկայացնել լիազոր մարմին։ Լիազոր մարմինը սույն մասով սահմանված ժամկետում կառավարչի գործունեության կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքները վերացված լինելու մասին ապացույցներն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործունեությունը վերականգնելու (կասեցումը վերացնելու) մասին՝ տեղեկացնելով սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց։ Սույն մասով սահմանված հինգ աշխատանքային օրվա ընթացքում գործունեության կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքները չվերացնելու և ապացույցները լիազոր մարմին չներկայացնելու դեպքում կառավարիչը դադարեցնում է իր վարույթում գտնվող գործերով իր գործողությունները և պարտավոր է ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում իր վարույթում գտնվող սնանկության գործով փաստաթղթերը հանձնել պալատին:
8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերը վերանալուց հետո կառավարիչը կարող է դիմել լիազոր մարմին իր գործունեությունը վերականգնելու (կասեցումը վերացնելու) համար` կցելով կասեցման հիմքերի վերացումը ապացուցող փաստաթղթերը։ Կառավարչի գործունեությունը վերականգնում է լիազոր մարմինը` դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերով հիմնավորվում է կասեցման հիմքերի վերացման փաստը:
9․ Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հանգամանքն ի հայտ գալու պահից կառավարչի գործողությունները համարվում են կասեցված։ Պալատը նշված հանգամանքի մասին տեղեկանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում անհայտ բացակայող ճանաչված կառավարչի վարույթում գտնվող սնանկության գործերով փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ հայտնաբերելու դեպքում մեկշաբաթյա ժամկետում փաստաթղթերը հանձնում է նոր նշանակված կառավարչին։
10. Գործունեությունը կասեցված կառավարչի գործունեության վերականգնումը (կասեցման վերացումը) հիմք չէ մինչև գործունեության կասեցման պահը նրա կողմից վարվող՝ սույն հոդվածով սահմանված կարգով այլ կառավարչի փոխանցված գործերը իրեն փոխանցելու համար։
| Հոդված 83. | Կառավարչի որակավորումը դադարեցնելը |
1. Լիազոր մարմինը դադարեցնում է կառավարչի որակավորումը, եթե`
1) կառավարիչը դիմել է այդ մասին.
2) լրացել է կառավարչի որակավորման ժամկետը, և նա չի դիմել այդ ժամկետը երկարաձգելու համար կամ դիմել է, սակայն ժամկետը չի երկարաձգվել․
3) կառավարիչը մահացել է, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ մահացած.
4) օրինական ուժի մեջ է մտել կառավարչի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, կամ որով նախատեսված է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ.
5) որակավորվելուց հետո որևէ տարվա ընթացքում կառավարիչը չի անցել պալատի հաստատած պարտադիր վերապատրաստման ծրագիրը և այդ մասին պալատի կողմից տեղեկացվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իր հաշվին չի անցել այդ ծրագիրը, բացառությամբ սույն օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի․
6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով կառավարիչը կամ Հայաստանի Հանրապետությունում իր մասնակցությամբ որպես կառավարիչ հաշվառված առևտրային կազմակերպությունը ճանաչվել է սնանկ.
7) սույն օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, կասեցման հիմքերը չեն վերացել․
8) սույն օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում կառավարիչը նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով չի վերացրել գործունեության կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքները և ապացույցները չի ներկայացրել լիազոր մարմին․
9) սույն օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` երեք տարվա ընթացքում, կառավարչին անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը չի վերացվել.
10) վերջին 12 ամսվա ընթացքում կառավարիչը, առանց սույն օրենսգրքով նախատեսված հիմքի, երեք անգամ Սնանկության դատարան է ներկայացրել իր վարույթում գտնվող գործով իր՝ որպես սնանկության գործով կառավարչի լիազորությունները կատարելուց հրաժարվելու մասին դիմում․
11) վերջին 12 ամսվա ընթացքում Սնանկության դատարանի կողմից երեք անգամ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են սույն օրենսգրքով սահմանված իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով.
12) կառավարչի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվել է (կիրառված է համարվել) որակավորման դադարեցումը․
13) կառավարչի՝ պալատին անդամությունը դադարեցվել է.
14) կառավարիչը իր գործունեությունը կասեցվելուց հետո սույն օրենսգրքով սահմանված ժամկետում իր վարույթում գտնվող գործը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում առանց հարգելի պատճառի չի հանձնել նոր նշանակված կառավարչին կամ պալատին․
15) սնանկության գործով կառավարչի որակավորումն ստացել է օրենքի պահանջների խախտմամբ։
2. Կառավարչի որակավորումը դադարեցվում է այդ մասին լիազոր մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից և ենթակա է անհապաղ կատարման։
3. Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և՝
1) կայացվելու օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում է կառավարչին, պալատ և Սնանկության դատարան, իսկ կառավարչի մահվան և սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև Դատական դեպարտամենտ՝ բոլոր դատարաններին ծանուցելու համար,
2) անբողոքարկելի դառնալու օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում է Դատական դեպարտամենտ՝ բոլոր դատարաններին ծանուցելու համար։
4. Կառավարչի որակավորումը դադարեցվելու դեպքում դադարում է նաև կառավարչի՝ պալատին անդամությունը:
5. Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում։
6. Որակավորումը դադարեցված կառավարիչը պարտավոր է իր լիազորությունները դադարեցվելու մասին դատական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իր մոտ պահպանվող` սնանկության գործով փաստաթղթերը հանձնել պալատին:
7․ Կառավարչի մահվան դեպքում պալատը նշված հանգամանքի մասին տեղեկանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում մահացած կառավարչի վարույթում գտնվող սնանկության գործերով փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ հայտնաբերելու դեպքում մեկշաբաթյա ժամկետում փաստաթղթերը հանձնում է նոր նշանակված կառավարչին։
| Հոդված 84. | Կառավարչի այլ իրավունքները և պարտականությունները |
1. Կառավարիչն իրավունք ունի՝
1) ընտրելու այն սպասարկման տարածքը կամ տարածքները, որտեղ ցանկանում է գործունեություն ծավալել․
2) մասնակցելու կառավարչի ընտրության նպատակով իրականացվող վիճակահանությանը․
3) մասնակցելու իր նկատմամբ հարուցված կամ իրեն առնչվող վարույթներին, ներկայացնելու առարկություններ, ապացույցներ, դիրքորոշումներ, միջնորդություններ:
2. Կառավարիչը պարտավոր է՝
1) որպես կառավարիչ հաշվառվելիս նշել այն սպասարկման տարածքը կամ տարածքները, որտեղ ցանկանում է գործունեություն ծավալել, իսկ սպասարկման տարածք չնշելու դեպքում կառավարչի սպասարկման տարածք է համարվում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը,
2) սնանկության վարույթում իր լիազորություններն իրականացնել օրենսդրությանը համապատասխան,
3) որպես կառավարիչ հաշվառվելուց առաջ, ինչպես նաև իր ապահովագրական պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ առնվազն նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ապահովագրական գումարով ապահովագրել սնանկության գործերին մասնակցող անձանց պատճառված վնասի համար իր քաղաքացիական պատասխանատվությունը և ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը տեղադրել էլեկտրոնային համակարգում,
4) սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացնել հաշվետվություններ,
5) իր վարույթում գտնվող սնանկության գործերը վարել լիազոր մարմնի սահմանած գործավարության կարգով,
6) ունենալ մշտական գործունեության հասցե՝ իր աշխատանքային գործունեությունն իրականացնելու համար, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցե՝ իր աշխատանքային գործունեությանն առնչվող հաղորդակցություն ապահովելու համար,
7) գործունեության հասցեի, էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների փոփոխման դեպքում մեկշաբաթյա ժամկետում գրավոր տեղեկացնել պալատին, լիազոր մարմնին, Սնանկության դատարանին և էլեկտրոնային հարթակում կատարել համապատասխան փոփոխություն,
8) իր գործունեության արդյունքով իրեն հասանելի դարձած գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունն օգտագործել տվյալ գաղտնիքին առնչվող ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան,
9) կատարել սույն օրենսգրքով նախատեսված այլ պարտականություններ:
| Հոդված 85. | Կառավարիչների վարքագծի կանոնները |
1. Կառավարչի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով, պալատի կանոնադրությամբ և կառավարիչների վարքագծի կանոնագրքով և պարտադիր են կառավարչի որակավորում կամ հավատարմագիր ունեցող բոլոր կառավարիչների համար: Պալատի անդամը պարտավոր է գրավոր հայտարարություն տալ այն մասին, որ անձամբ ծանոթացել է պալատի կանոնադրությանը և կառավարիչների վարքագծի կանոնագրքին։
2. Կառավարչի վարքագծի կանոնների նպատակն է սնանկության գործ վարող կառավարիչների կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել սնանկության վարույթի բոլոր մասնակիցների նկատմամբ կառավարիչների հավասարակշռված և անկողմնակալ վարքագծի ապահովմանը, կառավարիչների նկատմամբ վստահության ու հարգանքի ձևավորմանը։
3. Կառավարիչը պարտավոր է սնանկության գործը վարելիս պահպանել վարքագծի կանոնները: Այդ կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով և պալատի կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել կառավարչի կարգապահական պատասխանատվության:
4․ Վարքագծի կանոնների պահպանումը պարտադիր է նաև կառավարչի տված լիազորագրի հիման վրա սույն օրենսգրքից բխող գործառույթներ իրականացնող անձանց համար։
5. Կառավարիչը պարտավոր է կառավարիչ չհանդիսացող անձին լիազորելիս պարզաբանել կառավարչի վարքագծի կանոնները, վերահսկել այդ անձի գործողություններն ու վարքագիծը, այդ անձի կողմից վարքագծի կանոնների խախտման մասին տեղեկանալուց անմիջապես հետո դադարեցնել նրա լիազորությունները։
6․ Կառավարիչը պարտավոր է առաջնորդվել առնվազն վարքագծի հետևյալ կանոններով․
1) ապահովել հարգալից և անկողմնակալ վերաբերմունք վարույթի մասնակիցների և վարույթի շրջանակում իր հետ առնչվող անձանց նկատմամբ,
2) զերծ մնալ այնպիսի վարքագիծ դրսևորելուց և գործողություններ կատարելուց, որը կվարկաբեկի սնանկության գործով կառավարիչների գործունեությունը, կնվազեցնի վարույթի մասնակիցների կամ հանրության վստահությունը այդ գործունեության նկատմամբ,
3) թույլ չտալ շահերի բախում, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում կողմերի և դատարանի համար բացահայտել գործը վարելուց հրաժարվելու հիմքերը,
4) վարույթի մասնակիցներին պարզաբանել սնանկության գործընթացի բնույթը,
5) պահպանել սնանկության գործի ընթացքում իրեն հայտնի դարձած՝ օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները,
6) վերապահված լիազորություններն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում, նվազ ծախսատարության սկզբունքով` առանց սնանկության վարույթին, պարտապանի և պարտատիրոջ շահերը վնասելու,
7) նպաստել կառավարիչների նկատմամբ վստահության ձևավորմանը,
8) մասնակցել պալատի կողմից կազմակերպվող պարտադիր վերապատրաստման դասընթացներին, ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը,
9) պահպանել պալատի կանոնադրությամբ, վարքագծի կանոնագրքով և պալատի ներքին փաստաթղթերով սահմանված կանոնները։
| Հոդված 86. | Կառավարիչների վերապատրաստումը |
1. Կառավարիչների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով պալատը կազմակերպում և իրականացնում է կառավարչի որակավորում ունեցող անձանց ամենամյա պարտադիր վերապատրաստումներ` նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:
2. Անձը կարող է համարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր վերապատրաստումներն անցած, եթե լիազոր մարմնի սահմանած կարգով նախատեսված դեպքերում մասնակցել է այլ համարժեք դասընթացների, կուրսերի կամ վերապատրաստումների:
3. Ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
| Հոդված 87. | Կառավարչի գույքային պատասխանատվությունը |
1. Կառավարիչը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում պարտապանին և պարտատիրոջը իր մեղքով պատճառված վնասի համար:
2. Կառավարիչը պարտավոր է առնվազն նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ապահովագրական գումարով ապահովագրել սնանկության գործերին մասնակցող անձանց պատճառված վնասի համար իր քաղաքացիական պատասխանատվությունը: Կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր նոր ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը, ինչպես նաև այդ պատճենը հրապարակելու վերաբերյալ գրավոր թույլտվությունը ներկայացնել լիազոր մարմին, բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարչի գործունեությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով կասեցվել է:
3. Առաջին ապահովագրության պայմանագիրը կնքվում է որպես կառավարիչ հաշվառվելու համար դիմում ներկայացնելուց առնվազն հինգ օր առաջ, իսկ հաջորդ յուրաքանչյուր նոր պայմանագիրը` նախորդ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:
4. Կառավարչի մեղքով վնաս կրած պարտապանը և պարտատերը համարվում են ապահովագրական գումարի շահառու:
5. Կառավարչի մեղքով շահառուներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է ապահովագրական հատուցման հաշվին, իսկ դրա անբավարարության դեպքում` կառավարչի գույքից: Եթե ապահովագրական հատուցման չափը բավարար չէ վնաս կրած բոլոր շահառուների` վնասով պայմանավորված պահանջները բավարարելու համար, ապա պահանջների բավարարումն իրականացվում է հետևյալ կարգով.
1) առաջին փուլում վնասների հատուցումն իրականացվում է ապահովագրական հատուցումից` տվյալ գումարը վնաս կրած բոլոր շահառուների միջև` իրենց կրած վնասով պայմանավորված պահանջներին համամասնորեն բաշխելու միջոցով.
2) երկրորդ փուլում վնասների փոխհատուցումն իրականացնում է կառավարիչը` վնաս կրած բոլոր շահառուների միջև իրենց կրած վնասով պայմանավորված պահանջի ապահովագրական հատուցմամբ չծածկված մասով` իրենց պահանջներին համամասնորեն ապահովագրական հատուցման վճարման օրվանից եռամսյա ժամկետում:
| Հոդված 88. | Կառավարչի օգնականը |
1. Կառավարիչն իրավունք ունի ունենալու օգնականներ:
2․ Կառավարչի օգնական է համարվում՝
1) կառավարչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա որպես կառավարչի օգնական աշխատող անձը․
2) պարտապանի (ի դեմս կառավարչի) հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա որպես կառավարչի օգնական աշխատող անձը:
3․ Կառավարչի օգնական չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ։
4. Կառավարչի օգնականի լիազորությունները սահմանվում են կառավարչի հետ կնքված աշխատանքային պայմանագրով։
5․ Կառավարչի օգնականը կառավարչի հանձնարարությամբ օժանդակում է նրան՝ սույն օրենսգրքով սահմանված լիազորությունների իրականացման համար։ Կառավարչի լիազորությունների իրականացմանն ուղղված աջակցության շրջանակում կազմված փաստաթղթերը ենթակա են ստորագրման բացառապես կառավարչի կողմից, իսկ օգնականն իրավունք չունի կառավարչի անունից ինքնուրույն իրականացնելու դատավարական կամ սնանկության վարույթին առնչվող այլ գործողություններ։
6․ Կառավարչի օգնականը պարտավոր է կառավարչի հանձնարարությամբ գործողություններ իրականացնելիս երրորդ անձանց տեղեկացնել այդ մասին։
7․ Կառավարչի օգնականը կառավարչի հանձնարարությամբ գործողություններ իրականացնելիս պարտավոր է գործել օրենսդրության պահանջներին համապատասխան և պահպանել կառավարիչների վարքագծի կանոնները։
8. Կառավարչի օգնականի իրականացրած գործողությունների հետևանքների ռիսկը կրում է կառավարիչը։
9․ Կառավարչի օգնականը կառավարչի վարքագծի կանոնների խախտման համար կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության։ Կառավարչի օգնականի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման, իրականացման, կարգապահական տույժի ընտրության և կարգապահական վարույթի արդյունքով որոշումների ընդունման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով կառավարիչների կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքում կիրառվող համարժեք կանոնները։
10․ Կառավարչի օգնականի նկատմամբ սույն օրենսգրքով սահմանված՝ պալատին անդամությունը դադարեցնելու կարգապահական տույժի փոխարեն կիրառվում է (կիրառված է համարվում) կառավարչի հանձնարարությամբ գործողություններ իրականացնելն արգելելը։
11․ Պալատը կառավարչի օգնականի նկատմամբ կիրառված՝ կառավարչի հանձնարարությամբ գործողություններ իրականացնելն արգելելու մասին կարգապահական տույժի կիրառման մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է կառավարչի օգնականին, կառավարչին և Սնանկության դատարանին։
12․ Կառավարիչը պարտավոր է սույն հոդվածի 11-րդ մասում նշված որոշման մասին տեղեկանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դադարեցնել պատասխանատվության ենթարկված կառավարչի օգնականին տրված լիազորագիրը և այդ մասին տեղեկացնել Սնանկության դատարանին, պալատին և բոլոր այն անձանց, որոնց մոտ հանդես գալու լիազորություն տրվել է այդ լիազորագրով։
ԳԼՈՒԽ 11
ՊԱԼԱՏԸ
| Հոդված 89. | Պալատը |
1․ Պալատը սույն օրենսգրքի հիման վրա ստեղծված կառավարիչների մասնագիտական, ինքնակարգավորվող, ոչ առևտրային իրավաբանական անձ է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքով:
2. Պալատի խնդիրներն են`
1) կազմակերպել կառավարիչների վերապատրաստումը.
2) վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից սույն օրենսգրքի, սնանկության վարույթին առնչվող այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի, պալատի կանոնադրության և կառավարիչների վարքագծի կանոնագրքի, պալատի խորհրդի ընդունած կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ.
3) միջոցներ ձեռնարկել կառավարիչների հեղինակության բարձրացման ուղղությամբ.
4) նպաստել սնանկության գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը:
3. Պալատը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայելու է սույն հոդվածով նախատեսված խնդիրների իրականացմանը: Պալատն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:
| Հոդված 90. | Պալատի մարմինները |
1. Պալատի մարմիններն են՝
1) պալատի ընդհանուր ժողովը (այսուհետ նաև` ընդհանուր ժողով).
2) պալատի խորհուրդը.
3) պալատի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը (այսուհետ նաև` կարգապահական հանձնաժողով)․
4) պալատի վերստուգիչ հանձնաժողովը (այսուհետ նաև` վերստուգիչ հանձնաժողով):
2. Պալատի խորհուրդը, կարգապահական հանձնաժողովը և վերստուգիչ հանձնաժողովը ընտրովի մարմիններ են, իսկ հաշվիչ հանձնաժողովը ձևավորում է պալատի խորհուրդը։
3. Պալատի ընտրովի մարմինների և հաշվիչ հանձնաժողովի անդամներն այդ մարմիններում աշխատանքը համատեղում են կառավարչի գործունեության հետ: Պալատի մարմինների անդամները չեն վարձատրվում։ Ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են սահմանվել պալատի ընտրովի մարմինների և հաշվիչ հանձնաժողովի անդամներին փոխհատուցում տալու կարգը և չափը:
4. Պալատի անդամը կարող է ընտրվել պալատի միայն մեկ ընտրովի մարմնում: Պալատի որևէ մարմնում ընտրվելու դեպքում ընտրված անդամի լիազորությունները պալատի այլ ընտրովի մարմիններում համարվում են դադարեցված։ Ընտրովի մարմնի անդամը չի կարող հանդիսանալ հաշվիչ հանձնաժողովի անդամ։
5. Պալատի ընտրովի մարմինների անդամ են ընտրվում տվյալ մարմնի ընտրությունների ժամանակ առավել շատ ձայներ հավաքած թեկնածուները։
6. Պալատի մարմինների՝ ընդհանուր ժողովի ընտրած անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է տվյալ մարմնի անդամների վերջին ընտրության տվյալներով հաջորդ առավել շատ ձայներ ստացած, սակայն չընտրված անձը՝ նախորդ անդամի պաշտոնավարման ժամկետի մնացած ժամանակահատվածի համար` պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով:
7. Պալատի մարմինների լիազորությունները, կազմավորման կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենսգրքով, պալատի կանոնադրությամբ և պալատի խորհրդի հաստատած աշխատակարգերով:
| Հոդված 91. | Ընդհանուր ժողովը |
1. Ընդհանուր ժողովը պալատի բարձրագույն մարմինն է, որը՝
1) հաստատում է պալատի կանոնադրությունը և կառավարիչների վարքագծի կանոնագիրքը կամ դրանց լրացումները կամ փոփոխությունները.
2) հաստատում է բյուջեի կատարման մասին հաշվետվությունը.
3) ընտրում է պալատի ընտրովի մարմինների անդամներին.
4) հաստատում է պալատի մարմինների գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի կազմած՝ ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքով կազմված եզրակացությունը.
5) լուծում է օրենքով կամ պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:
2. Ընդհանուր ժողովը որոշումներն ընդունում է`
1) ընդհանուր ժողովի գումարմամբ կամ
2) առանց ընդհանուր ժողովի գումարման (այսուհետ` հեռակա կարգով):
3. Ընդհանուր ժողովը կազմված է պալատի անդամ բոլոր կառավարիչներից:
4. Ընդհանուր ժողովի գումարման, ինչպես նաև հեռակա կարգով (ներառյալ ընտրությունների) ընդհանուր ժողովի կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է պալատի կանոնադրությամբ:
5. Ընդհանուր ժողովը (գումարմամբ կամ հեռակա կարգով) հրավիրվում է պալատի խորհրդի որոշմամբ՝ ոչ ուշ, քան երկու տարին մեկ: Պալատի ընդհանուր ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե գումարվող ժողովին ներկա է պալատի անդամների մեկ երրորդից ավելին։ Հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, եթե քվեարկությանը մասնակցում է պալատի անդամների մեկ երրորդից ավելին:
6. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ։
7. Պալատի ընտրովի մարմինների անդամների ընտրությունը կատարվում է գումարմամբ հրավիրվող ժողովում՝ փակ գաղտնի քվեարկությամբ։
8. Պալատի ընդհանուր ժողովի իրավասությունը չի կարող փոխանցվել այլ մարմինների:
9. Ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, եթե պալատի կանոնադրությամբ կամ այդ որոշմամբ այլ բան սահմանված չէ:
10. Ընդհանուր ժողովի որոշումը կարող է դատական կարգով վիճարկել շահագրգիռ կառավարիչը՝ այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
| Հոդված 92. | Պալատի խորհուրդը |
1. Պալատի խորհուրդը պալատի գործադիր մարմինն է:
2. Պալատի խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, կազմավորվում է չորս տարի ժամկետով՝ պալատի ընդհանուր ժողովի ընտրած կառավարիչներից։
3. Պալատի խորհրդի անդամը՝
1) համակարգում է պալատի գործառույթներին առնչվող մեկ կամ մի քանի ոլորտ, ընդ որում ոլորտների բաժանումը սահմանվում է պալատի խորհրդի որոշմամբ, իսկ պալատի խորհրդի անդամների միջև դրանց բաշխումը կատարվում է պալատի խորհրդի անդամի ընտրությամբ՝ առաջինը ընտրություն կատարում է ամենաշատ ձայն հավաքած խորհրդի անդամը, այնուհետ՝ հավաքած ձայների նվազման հաջորդականությամբ․
2) իր լիազորություններն իրականացնելիս պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
4. Պալատի խորհուրդը՝
1) մշակում և ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում նոր խմբագրությամբ կանոնադրությունը, կառավարչի վարքագծի կանոնագիրքը, ժողովի կողմից հաստատման ենթակա այլ փաստաթղթեր, դրանց փոփոխությունները կամ լրացումները.
2) պալատի նախագահի ներկայացմամբ հաստատում է պալատի տարեկան բյուջեն.
3) սահմանում է կառավարչի անդամավճարի, մուտքի ու այլ վճարների, կառավարիչների վերապատրաստման համար անհրաժեշտ վճարների, ինչպես նաև դրանք վճարելու կարգերը.
4) կառավարչի գործողություններում խախտում հայտնաբերելու դեպքում որոշում է ընդունում կարգապահական վարույթ հարուցելու և վարույթի իրականացումը կարգապահական հանձնաժողովին հանձնարարելու, պալատին կառավարչի անդամությունը դադարեցնելու մասին.
5) կառավարիչների հարցմամբ տալիս է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ կառավարչի վարքագծի կանոնագրքով, ինչպես նաև պարզաբանումներ պալատի կանոնադրությամբ, պալատի ներքին ակտերի վերաբերյալ.
6) հաստատում է պալատի խորհրդի գործունեության կարգը.
7) հաստատում է պալատի աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության չափը.
8) պալատի կարգապահական հանձնաժողովի կողմից իրականացված կարգապահական վարույթի շրջանակում կայացված որոշումների քննարկման արդյունքով հաստատում է այդ որոշումները՝ դրանց համապատասխան՝ որոշում կայացնելով կարգապահական վարույթը կարճելու կամ կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, կամ մերժում է կարգապահական հանձնաժողովի կայացրած որոշման հաստատումը՝ որոշում կայացնելով կարգապահական վարույթը կարճելու կամ կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին.
9) իրականացնում է սույն օրենսգրքով և պալատի կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև պալատի մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:
5. Պալատի խորհրդի անդամը պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում պալատի կանոնադրությամբ, պալատի խորհրդի որոշմամբ կամ պալատի խորհրդի նախագահի հանձնարարությամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
6․ Պալատի խորհրդի նիստերը կարող են անցկացվել առկա՝ մեկ վայրում հավաքվելու կամ հեռակա կարգով՝ էլեկտրոնային հարթակի միջոցով միանալու եղանակով, տարեկան ոչ պակաս, քան չորս անգամ։
| Հոդված 93. | Պալատի խորհրդի նախագահը |
1. Պալատի խորհրդի նախագահի իրավասության ներքո են պալատի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ սույն օրենսգրքով կամ պալատի կանոնադրությամբ ընդհանուր ժողովի կամ պալատի այլ մարմինների իրավասությանը վերապահված հարցերի:
2. Պալատի խորհրդի նախագահը՝
1) ներկայացնում է պալատը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ցանկացած այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ հարաբերություններում.
2) առանց լիազորագրի իր իրավասության սահմանում հանդես է գալիս պալատի անունից և ներկայացնում նրա շահերը, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
3) համակարգում է պալատի խորհրդի գործունեությունը, կատարում է պալատի խորհրդի իրավասությանը վերապահված գործառույթների բաշխում պալատի խորհրդի անդամների միջև և կազմակերպում է պալատի խորհրդի բնականոն աշխատանքը, հաստատում է պալատի խորհրդի նիստի օրակարգը.
4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պալատի անունից կնքում է գործարքներ.
5) սույն օրենսգրքով և պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պալատի գույքը: Մինչև հինգ հարյուր հազար դրամ արժողությամբ գործարքները պալատի խորհրդի նախագահի կողմից կնքվում են ինքնուրույն՝ այդ մասին տեղեկացնելով պալատի խորհրդին, իսկ այդ չափը գերազանցող գործարքները՝ պալատի խորհրդի որոշմամբ.
6) ընդունում է որոշումներ պալատի բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ.
7) նշանակում և ազատում է պալատի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
8) սահմանում է պալատի աշխատակազմի աշխատողների լիազորությունների շրջանակը.
9) ապահովում է պալատի ընդհանուր ժողովի և պալատի խորհրդի որոշումների կատարումը, այդ նպատակով կատարում է աշխատանքի բաշխում պալատի խորհրդի անդամների միջև և նրանց տալիս է հանձնարարություններ.
10) իր իրավասության սահմանում արձակում է հրամաններ, հրահանգներ, ընդունում է որոշումներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
11) իրականացնում է սույն օրենսգրքով կամ պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
| Հոդված 94. | Պալատի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը |
1. Կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը քննարկելու և լուծելու նպատակով: Կարգապահական հանձնաժողովը կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն ըստ էության քննող և որոշում կայացնող մարմին է:
2. Կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է չորս տարի ժամկետով՝ պալատի ընդհանուր ժողովի ընտրած հինգ կառավարչից:
3. Կարգապահական հանձնաժողովը՝
1) սույն օրենսգրքով, պալատի կանոնադրությամբ և կառավարիչների վարքագծի կանոնագրքով սահմանված կարգով որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին, կարգապահական վարույթ հարուցելու դեպքում իրականացնում է կարգապահական վարույթ՝ դրա արդյունքով կայացնում և պալատի խորհրդի հաստատմանն է ներկայացնում կարգապահական վարույթը կարճելու կամ կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում․
2) պալատի խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ կառավարիչների էթիկայի կանոնների սահմանման և փոփոխման, վարքագծի կանոնագրքի փոփոխությունների, վերապատրաստման ծրագրում ներառման ենթակա թեմաների վերաբերյալ․
3) իրականացնում է սույն օրենսգրքով, պալատի կանոնադրությամբ և պալատի խորհրդի որոշմամբ սահմանված այլ լիազորություններ:
4. Կարգապահական հանձնաժողովի գործունեության կարգը սահմանում է պալատի ընդհանուր ժողովը:
| Հոդված 95. | Պալատի վերստուգիչ հանձնաժողովը |
1. Պալատի ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն իրականացվում է ընդհանուր ժողովի կողմից չորս տարի ժամկետով ընտրված՝ երեք անդամից կազմված վերստուգիչ հանձնաժողովի կողմից։
2. Վերստուգիչ հանձնաժողովը ամեն տարի իրականացնում է պալատի ֆինանսատնտեսական գործունեության ստուգում և կազմում է եզրակացություն։
3. Յուրաքանչյուր տարվա ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն իրականացվում և վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը պալատի պաշտոնական կայքում հրապարակվում է տվյալ տարվան հաջորդող տարվա առաջին եռամսյակի ընթացքում։
4. Պալատի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի պահանջով և ֆինանսավորմամբ կարող է անցկացվել պալատի ֆինանսատնտեսական գործունեության ստուգում անկախ աուդիտորական կազմակերպության կողմից։
| Հոդված 96. | Պալատի հաշվիչ հանձնաժողովը |
1. Պալատի ընտրովի մարմինների անդամների թեկնածուներին գրանցելու, ինչպես նաև ընդհանուր ժողովի քվեարկությունները կազմակերպելու և քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելու նպատակով պալատի խորհուրդը կազմավորում է պալատի հաշվիչ հանձնաժողով (այսուհետ` հաշվիչ հանձնաժողով):
2. Հաշվիչ հանձնաժողովի կազմավորման, կազմի, անդամների լիազորությունների մանրամասները սահմանում, ինչպես նաև աշխատակարգը հաստատում է ընդհանուր ժողովը։
| Հոդված 97. | Պալատի գույքը և բյուջեն |
1. Պալատի գույքը ձևավորվում է կառավարիչների անդամավճարներից, պալատին անդամակցելու մուտքի վճարներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներից:
2. Պալատի խորհրդի նախագահը յուրաքանչյուր տարվա վերջին եռամսյակի ընթացքում կազմում և պալատի խորհրդի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա բյուջեն։
3. Պալատի խորհրդի կողմից հերթական տարվա բյուջեն չհաստատվելու դեպքում պալատը մինչև բյուջեի հաստատումը գործում է նախորդ տարվա բյուջեի համամասնություններով։
| Հոդված 98. | Պալատում ծանուցման կարգը |
1. Պալատի հետ փոխհարաբերություններում, այդ թվում՝ կարգապահական վարույթի շրջանակում, կառավարչին ծանուցումները կամ փաստաթղթերը ուղարկվում են էլեկտրոնային համակարգի կամ կառավարչի էլեկտրոնային փոստի միջոցով։ Կառավարիչը պարտավոր է իր էլեկտրոնային փոստին ծանուցում կամ փաստաթուղթ ստանալուց հետո անմիջապես հետադարձ ծանուցմամբ հաստատել ծանուցման կամ փաստաթղթի ստացման փաստը։
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում ծանուցումը կամ փաստաթուղթը կառավարչի էլեկտրոնային փոստին ուղարկվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, կառավարչից հետադարձ ծանուցմամբ հաստատում չի ստացվում, ապա պալատը ծանուցումը կամ փաստաթուղթը հրապարակում է պալատի պաշտոնական կայքում, և հրապարակվելուց հետո՝ հինգերորդ օրը, կառավարիչը համարվում է պատշաճ ծանուցված կամ փաստաթուղթը ստացած:
3․ Լիազոր մարմնի հետ փոխհարաբերություններում, այդ թվում՝ կարգապահական վարույթի շրջանակում, կառավարչին ծանուցումները կամ փաստաթղթերը ուղարկվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով։
4․ Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում լիազոր մարմնի կողմից ծանուցումը կամ փաստաթուղթը կառավարչի էլեկտրոնային փոստին ուղարկվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, կառավարչից հետադարձ ծանուցմամբ հաստատում չի ստացվում, ապա լիազոր մարմինը ծանուցումը կամ փաստաթուղթը ուղարկում է պալատ, հրապարակում է իր պաշտոնական կայքում, և հրապարակվելուց հետո՝ հինգերորդ օրը, կառավարիչը համարվում է պատշաճ ծանուցված կամ փաստաթուղթը ստացած: Սույն մասում նշված ծանուցումն ստանալուց հետո պալատը միջոցներ է ձեռնարկում այն կառավարչին հանձնելու ուղղությամբ և հանձնելու դեպքում այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին։
| Հոդված 99. | Պալատի նկատմամբ վերահսկողությունը |
1. Պալատի կողմից սույն օրենսգրքի, այլ իրավական ակտերի և պալատի կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում նաև կառավարիչների կողմից սույն օրենսգրքի և իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ:
2. Կառավարիչը և պալատը իրենց գործունեության վերաբերյալ վիճակագրական բնույթի տարեկան հաշվետվություն են ներկայացնում լիազոր մարմին մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը:
3. Կառավարչի կողմից ներկայացվող վիճակագրական հաշվետվությունը ներառում է տեղեկություններ կառավարչի կողմից վարվող գործերի, դրանց քանակի, այդ թվում` ֆինանսական առողջացման դեպքերի, ֆինանսական վերլուծությամբ իր կողմից հայտնաբերված կեղծ և կանխամտածված սնանկության հատկանիշների, իր աշխատավայրի և աշխատակիցների վերաբերյալ և այլ վիճակագրական տեղեկատվություն:
4. Պալատի կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է տեղեկություններ պալատի հարուցած կարգապահական վարույթների, անցկացվող վերապատրաստումների, անդամների թվի և անդամների տվյալների վերաբերյալ:
5. Լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված վերահսկողության իրականացման ընթացքում իրավական ակտերի պահանջների խախտման կամ այլ առերևույթ իրավախախտման հատկանիշների (այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերում տվյալների անհավաստիության կամ անհամապատասխանության) հայտնաբերման դեպքում այդ մասին անհապաղ հաղորդում կամ միջնորդություն է ներկայացնում իրավասու պետական մարմիններ՝ ըստ պատկանելության համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։
6. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
ԳԼՈՒԽ 12
ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ
| Հոդված 100. | Կառավարչի ընտրությունը վիճակահանությամբ |
1․ Լիազոր մարմինը վարում է հատուկ համակարգչային ծրագիր, որի միջոցով լիազոր մարմնի սահմանած կարգով կառավարչի թեկնածուների ընտրության նպատակով կազմակերպվում է վիճակահանություն։
2․ Վիճակահանությանը կարող են մասնակցել կառավարչի գործունեություն իրականացնելու նպատակով լիազոր մարմնում հաշվառված անձինք։
3․ Կառավարչի թեկնածուի վիճակահանությամբ ընտրության կարգի մանրամասները սահմանվում են լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
4. Տեխնիկական պատճառներով հատուկ համակարգչային ծրագրի կիրառմամբ կառավարչի թեկնածուների ընտրության անհնարինության դեպքում մինչև այդ պատճառների վերացումը և ծրագրի կիրառումը կառավարիչների ընտրությունը կատարվում է լիազոր մարմնի սահմանած կարգով։
| Հոդված 101. | Պահանջագիրը և վիճակահանությամբ ընտրված կառավարչի նշանակումը |
1․ Սնանկության կամ կանխարգելիչ վերակառուցման մասին դիմումը (եթե այն կառավարիչ նշանակելու մասին միջնորդություն չի պարունակում, կամ կառավարիչ նշանակելու մասին միջնորդությունը Սնանկության դատարանը մերժում է) վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից մեկօրյա ժամկետում, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված որևէ հիմքով սնանկության գործով կառավարչի լիազորությունը կամ որակավորումը դադարեցնելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու պահից մեկօրյա ժամկետում Սնանկության դատարանը կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում լիազոր մարմին:
2․ Լիազոր մարմինը Սնանկության դատարանի պահանջագիրն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 100-րդ հոդվածով սահմանված կարգով հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ընտրում է կառավարչի թեկնածուին` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով կառավարչին, և Սնանկության դատարան է ներկայացնում նրա թեկնածությունը:
3․ Վիճակահանության արդյունքով կառավարչի թեկնածությունն ստանալուց հետո Սնանկության դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում կառավարիչ նշանակելու մասին` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն օրենսգրքով սահմանված պահանջներին:
4․ Եթե վիճակահանությամբ ընտրված կառավարիչը իրավաբանական անձ է, ապա նա կառավարիչ նշանակելու մասին որոշումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Սնանկության դատարան է ներկայացնում իր աշխատակից հանդիսացող՝ կառավարչի որակավորում ունեցող անձին տված լիազորագիրը և վերջինիս համաձայնությունը տվյալ սնանկության գործը վարելու վերաբերյալ։
| Հոդված 102. | Սնանկության գործով կառավարչի թեկնածուի առաջադրումը և առաջադրված կառավարչի նշանակումը |
1․ Եթե սնանկության կամ կանխարգելիչ վերակառուցման մասին դիմում ներկայացրած անձը իր դիմումին կից ներկայացնում է միջնորդություն տվյալ գործով կառավարիչ նշանակելու վերաբերյալ՝ կցելով վերջինիս համաձայնությունը, ապա այդ գործը վարույթ ընդունելու մասին որոշմամբ Սնանկության դատարանը ներկայացված թեկնածուին նշանակում է սնանկության գործով կառավարիչ, եթե վերջինս համապատասխանում է սույն օրենսգրքով սահմանված պահանջներին, հակառակ դեպքում մերժում է կառավարիչ նշանակելու մասին միջնորդությունը և սույն օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջագիրը ներկայացնում է լիազոր մարմին։
2․ Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված միջնորդությամբ առաջարկված կառավարիչը իրավաբանական անձ է, ապա միջնորդությանը կից Սնանկության դատարան են ներկայացվում նաև այդ կազմակերպության կողմից իր աշխատակից հանդիսացող՝ կառավարչի որակավորում ունեցող անձին տված լիազորագիրը և վերջինիս համաձայնությունը տվյալ սնանկության գործը վարելու վերաբերյալ։
3․ Կառավարիչ նշանակվելու վերաբերյալ կառավարչի համաձայնությունը պետք է ներառի հավաստում այն մասին, որ տվյալ գործով առկա չեն սույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքները։
| Հոդված 103. | Կառավարիչ նշանակվելու արգելքը |
1. Անձը չի կարող կառավարիչ նշանակվել, իսկ նշանակված լինելու դեպքում վաղաժամկետ կառավարչի լիազորությունները դադարեցվում են, եթե՝
1) կառավարիչը, իսկ իրավաբանական անձ կառավարչի դեպքում՝ վերջինիս որևէ մասնակիցը (բաժնետերը) կամ կառավարիչ հանդիսացող որևէ աշխատակիցը փոխկապակցված է դիմումատուի կամ պարտապանի հետ.
2) կառավարիչը, իսկ իրավաբանական անձ կառավարչի դեպքում՝ վերջինիս որևէ մասնակից (բաժնետեր) կամ կառավարիչ հանդիսացող որևէ աշխատակից պարտապանի կամ նրա հետ փոխկապակցված անձի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն․
3) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում կառավարիչը, իր հետ փոխկապակցված անձը, իսկ իրավաբանական անձ կառավարչի դեպքում՝ վերջինիս որևէ մասնակիցը (բաժնետերը) կամ կառավարիչ հանդիսացող որևէ աշխատակիցը կամ վերջիններիս հետ փոխկապակցված անձը պարտապանի հետ եղել է աշխատանքային իրավահարաբերությունների մեջ․
4) կառավարչի, իսկ իրավաբանական անձ կառավարչի դեպքում՝ վերջինիս որևէ մասնակցի (բաժնետիրոջ) կամ կառավարիչ հանդիսացող որևէ աշխատակցի հետ կապված առկա է այնպիսի հանգամանք, որը կարող է խաթարել կառավարչի անկախությունը կամ անաչառությունը կամ նրա անկախության կամ անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկածներ առաջացնել․
5) առկա են սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքեր։
2․ Եթե կառավարիչ նշանակելու մասին որոշում կայացնելու պահին նույն պարտապանի վերաբերյալ առկա է սնանկության կամ կանխարգելիչ վերակառուցման մասին դիմում, որի շրջանակում նշանակվել է սնանկության գործով կառավարիչ, ապա նոր գործով կառավարիչ է նշանակվում առավել վաղ կառավարիչ նշանակված անձը։
| Հոդված 104. | Կառավարիչ նշանակելու մասին որոշման դեմ առարկությունը |
1․ Պարտատերը և պարտապանը սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին որոշումն ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում սնանկության գործով կառավարիչ նշանակելու որոշման դեմ կարող են Սնանկության դատարան ներկայացնել առարկություններ, եթե առկա են սույն օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված հիմքերը։
2. Սնանկության դատարանն առարկությունը քննում է ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում և կայացնում է առարկությունը բավարարելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում՝ մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու նպատակով պահանջագիրը ներկայացնելով լիազոր մարմին, եթե առարկությունը հիմնավոր է։
| Հոդված 105. | Իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ կառավարչի դիմումը |
1. Կառավարիչն իրավունք ունի դիմելու Սնանկության դատարան՝ որևէ գործով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար, եթե նրա գործունեությունը խոչընդոտում են անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորային) հանգամանքներ, կամ առկա է այլ հիմնավոր պատճառ։
2․ Կառավարիչը պարտավոր է սույն օրենսգրքի 103-րդ հոդվածում նշված հանգամանքներից որևէ մեկն իրեն հայտնի դառնալու պահից եռօրյա ժամկետում դիմել Սնանկության դատարան՝ իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Սնանկության դատարանը որոշում է կայացնում դիմումը բավարարելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ այն ուղարկելով կառավարչին։ Սնանկության դատարանի որոշումը, այլ դրույթներից բացի, պետք է պարունակի նաև դատարանի պատճառաբանությունները կառավարչի ներկայացրած հիմնավորումները հարգելի համարելու կամ չհամարելու վերաբերյալ։
4․ Կառավարչի լիազորությունը դադարեցնելու մասին Սնանկության դատարանը տեղեկացնում է պալատին և լիազոր մարմնին՝ յուրաքանչյուր կառավարչի մասով նման դեպքերի հաշվառում իրականացնելու համար։ Սնանկության դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու նպատակով պահանջագիրը ներկայացնում է լիազոր մարմին։
ԳԼՈՒԽ 13
ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 106. | Կարգապահական պատասխանատվության հիմքերը |
1. Կառավարչի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման հիմքերն են`
1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների ակնհայտ խախտում թույլ տալը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) կառավարիչների վարքագծի կանոնները խախտելը:
2. Սույն հոդվածի իմաստով`
1) ակնհայտ է կառավարչի կողմից իր գործունեությունն իրականացնելիս օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով.
2) խախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե կառավարիչը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը.
3) խախտումը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե կառավարիչը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:
3․ Կառավարչի գործողությունները սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկելը չի կարող կառավարչի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման հիմք հանդիսանալ, եթե առկա չեն սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը։
4. Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է լիազոր մարմինը կամ պալատը:
5․ Կառավարչին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը և հակառակը:
| Հոդված 107. | Կարգապահական վարույթ հարուցելու առիթը |
1. Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝
1) կառավարչի գործողություններում ենթադրյալ խախտում կատարած լինելու մասին ցանկացած անձի (այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը)՝ լիազոր մարմնին կամ պալատին ուղղված գրությունը․
2) վարույթ հարուցող անձանց (այդ թվում՝ դրանց մարմինների) հայտնաբերած կամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված ենթադրյալ խախտումը։
2․ Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված գրությունը պետք է պարունակի՝
1) կառավարչի՝ ենթադրյալ խախտում պարունակող վարքագծի նկարագիրը, դիմումատուի՝ շահագրգիռ անձ հանդիսանալու հիմնավորումները, կառավարչի վարքագծի և դիմումատուի իրավունքների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը,
2) այն ներկայացրած անձի ծանուցման հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ գրության հեղինակի և գրության հասցեատիրոջ միջև հաղորդակցությունը կատարվում է էլեկտրոնային համակարգի կիրառման միջոցով։
3. Գրությունը ենթակա է վերադարձման, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին։
4. Անանուն և չստորագրված գրությունները քննարկման ենթակա չեն։
| Հոդված 108. | Կարգապահական վարույթ հարուցելը |
1. Լիազոր մարմինը սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասում նշված գրությունը կամ հաղորդումն ստանալու կամ խախտումը հայտնաբերելու պահից մեկշաբաթյա ժամկետում՝
1) հարուցում է կարգապահական վարույթ, եթե առկա չեն վարույթ հարուցելը մերժելու հիմքերը՝ այդ մասին տեղեկացնելով գրության հեղինակին, կառավարչին և պալատին, կամ
2) մերժում է կարգապահական վարույթի հարուցումը, եթե առկա են սույն հոդվածով սահմանված հիմքերը՝ այդ մասին տեղեկացնելով գրության հեղինակին, կառավարչին և պալատին, կամ
3) գրությունն ուղարկում է պալատ՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար՝ այդ մասին տեղեկացնելով գրության հեղինակին, եթե ենթադրյալ խախտումը վերաբերում է կառավարիչների վարքագծի կանոններին։
2. Պալատը իրեն հասցեագրված` սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասում նշված գրությունը կամ հաղորդումն ստանալու կամ խախտումը հայտնաբերելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում՝
1) հարուցում է կարգապահական վարույթ, եթե առկա չեն վարույթ հարուցելը մերժելու հիմքերը՝ այդ մասին տեղեկացնելով գրության հեղինակին և կառավարչին, կամ
2) մերժում է կարգապահական վարույթի հարուցումը, եթե առկա են սույն հոդվածով սահմանված հիմքերը՝ այդ մասին տեղեկացնելով գրության հեղինակին և կառավարչին, կամ
3) գրությունն ուղարկում է լիազոր մարմին՝ այդ մասին տեղեկացնելով գրության հեղինակին, եթե ենթադրյալ խախտումը չի վերաբերում կառավարիչների վարքագծի կանոններին։
3. Կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարույթը ենթակա է կարճման, եթե՝
1) կառավարչի ենթադրյալ խախտում պարունակող գործողությունը կատարվել է օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, կառավարիչների պալատի կանոնադրությանը, կառավարիչների վարքագծի կանոնագրքին, ուժի մեջ մտած դատական ակտին համապատասխան․
2) կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են․
3) ենթադրյալ խախտման պահից մինչև հաղորդում ներկայացնելու պահը անցել է երեք ամիս․
4) նույն կառավարչի նկատմամբ նույն արարքի համար առկա է հարուցված կարգապահական վարույթ, կարգապահական վարույթ չհարուցելու, վարույթը կարճելու, պատասխանատվության ենթարկելու կամ դիմումն այդ խախտման մասով մերժելու մասին որոշում կամ դատարանի որոշում, որով նշված արարքը խախտում չի համարվել․
5) կառավարչի որակավորումը դադարեցվել է:
| Հոդված 109. | Կարգապահական վարույթի ընթացքը |
1․ Կարգապահական վարույթ հարուցելու հարցի քննարկման և հարուցված կարգապահական վարույթի քննության ընթացքում կառավարիչը՝
1) իրավունք ունի ներկայացնելու ապացույցներ, բացատրություններ, առարկություններ, ծանոթանալու վարույթի նյութերին, դրանք լուսանկարելու, միջնորդություն ներկայացնելու վարույթ հարուցելու համար հիմք հանդիսացած հանգամանքները նիստում քննարկելու վերաբերյալ․
2) պարտավոր է լիազոր մարմնի և կարգապահական հանձնաժողովի պահանջով տրամադրել իր կատարած ենթադրյալ խախտմանն առնչվող հանգամանքների վերաբերյալ փաստաթղթեր, տեղեկություններ, պարզաբանումներ։ Սույն կետում նշված փաստաթղթերը, տեղեկություններն ու պարզաբանումները չտրամադրած կառավարիչը չի կարող իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը բողոքարկել այնպիսի հիմնավորմամբ, որի մասին որոշում կայացնողը տեղեկացված չի եղել և կարող էր տեղեկացվել կառավարչից համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ ու պարզաբանումներ ստանալու դեպքում։
2․ Եթե սույն օրենսգրքով այլ բան սահմանված չէ, ապա կարգապահական վարույթ հարուցվելու օրվանից մինչև կարգապահական վարույթի արդյունքով որոշում կայացնելը չի կարող երեք ամսից ավելի լինել։
3. Բացառիկ դեպքերում կարգապահական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երկու ամսով, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում` փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
4․ Լիազոր մարմնի կողմից կարգապահական վարույթի հարուցման և իրականացման այլ մանրամասները սահմանում է լիազոր մարմինը, իսկ պալատի կողմից կարգապահական վարույթի հարուցման և իրականացման այլ մանրամասները՝ պալատը։
| Հոդված 110. | Կարգապահական պատասխանատվությունը |
1. Լիազոր մարմինը ունի սույն օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն և կարող է կիրառել հետևյալ կարգապահական տույժերից մեկը․
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) որակավորման դադարեցում:
2. Պալատը ունի սույն օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն և կարող է կիրառել հետևյալ կարգապահական տույժերից մեկը․
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) պալատին անդամության դադարեցում:
3․ Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոցները կիրառելու դեպքերում կարող է որոշում կայացվել նաև տույժի ենթարկված կառավարչին իր միջոցներով խախտմանն առնչվող թեմայով լրացուցիչ վերապատրաստում անցնելու պարտավորության մասին։
4. Կառավարչի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելու հարցի որոշման ժամանակ հաշվի են առնվում խախտման բնույթը (դիտավորություն, կոպիտ անփութություն), հետևանքները, կառավարչի անձը, մեղքի աստիճանը, համանման խախտում կատարած լինելու հանգամանքը, առկա տույժերը և կառավարչին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
5. Կառավարչի նկատմամբ որպես կարգապահական տույժ նախազգուշացում կիրառելուց հետո վեց ամսվա, նկատողություն կիրառելուց հետո՝ ինը ամսվա կամ խիստ նկատողություն կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կարգապահական պատասխանատվության չենթարկվելու դեպքում կառավարիչը համարվում է կարգապահական տույժ չունեցող:
6․ Անկախ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետներից՝
1) մեկ տարվա ընթացքում կառավարչի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պատասխանատվության միջոցը 2-րդ անգամ կիրառելու պահից կառավարիչը համարվում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պատասխանատվությանը ենթարկված, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պատասխանատվության միջոցը 2-րդ անգամ կիրառելու պահից՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պատասխանատվությանը ենթարկված․
2) մեկ տարվա ընթացքում կառավարչի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պատասխանատվության միջոցը 2-րդ անգամ կիրառելու պահից կառավարիչը համարվում է սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված պատասխանատվությանը ենթարկված, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված պատասխանատվության միջոցը 2-րդ անգամ կիրառելու պահից՝ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված պատասխանատվությանը ենթարկված․
3) կառավարչի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պատասխանատվության միջոցի կիրառումից կամ սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով կիրառված համարվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, որևէ պատասխանատվության միջոց կիրառվելու դեպքում կառավարչի որակավորումը դադարեցվում է․
4) կառավարչի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված պատասխանատվության միջոցի կիրառումից կամ սույն մասի 2-րդ կետով սահմանված կարգով կիրառված համարվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, որևէ պատասխանատվության միջոց կիրառվելու դեպքում կառավարչի՝ պալատին անդամությունը դադարեցվում է։
7․ Եթե կառավարիչը իր կատարած խախտման և այն վերացնելու մասին գրավոր տեղեկացվելուց հետո, ունենալով խախտումը վերացնելու հնարավորություն, ողջամիտ ժամկետում այն չի վերացնում, ապա սույն օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված խախտումը կատարված լինելու դեպքում նրա նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժը։
8. Եթե կառավարչի թույլ տված որևէ խախտման պատճառով նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, ապա դրանից հետո նույն արարքը իր վարույթում գտնվող ցանկացած գործով կատարելու դեպքում, անկախ սույն հոդվածով սահմանված այլ կարգավորումներից, նրա նկատմամբ կիրառվում է մեկ աստիճանով ավելի խիստ պատասխանատվության միջոց։
| Հոդված 111. | Կարգապահական վարույթի ավարտը |
1․ Կարգապահական վարույթ իրականացնող մարմինը սույն օրենսգրքով սահմանված ժամկետում ավարտում է կարգապահական վարույթը՝ կայացնելով հետևյալ որոշումներից մեկը․
1) կարգապահական վարույթը կարճելու մասին․
2) կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։
2. Կարգապահական վարույթն ավարտելու մասին որոշումը պետք է ներառի վարույթի ընթացքում իրականացված գործողությունների, տեղեկություններ յուրաքանչյուր խախտմանն առնչվող փաստաթղթերի և ապացույցների, գրավոր և բանավոր դիրքորոշումների մասին, ինչպես նաև յուրաքանչյուր խախտման մասով վարույթն իրականացնող մարմնի վերլուծությունները, հիմնավորումները, եզրահանգումները և որոշումները։ Եթե կառավարիչը ենթարկվում է պատասխանատվության, ապա որոշումը պետք է պարունակի նաև հանձնարարություն կառավարչի կողմից վարվող բոլոր գործերով համանման խախտումները վերացնելու մասին։
3․ Կարգապահական վարույթը ենթակա է կարճման սույն օրենսգրքով սահմանված դեպքերում, ինչպես նաև եթե՝
1) բացակայում են կարգապահական խախտման հատկանիշները.
2) մինչև կարգապահական վարույթն ավարտելը վերացել են կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսացած հանգամանքները:
4. Կարգապահական վարույթն ավարտելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, վարույթն ավարտելու արդյունքով կայացված որոշումը ուղարկվում է՝
1) կառավարչին,
2) սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված գրության հեղինակին, եթե վարույթի հարուցման առիթը եղել է այդ գրությունը,
3) պալատ, եթե վարույթը հարուցել է լիազոր մարմինը,
4) լիազոր մարմին, եթե վարույթը հարուցել է պալատը։
5. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
| Հոդված 112. | Կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառման հետևանքները |
1․ Կառավարիչը պարտավոր է որևէ խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում իր վարույթում գտնվող բոլոր գործերով ողջամիտ ժամկետում վերացնել այդ պատասխանատվության հիմքում ընկած խախտմանը համանման խախտումները։
2․ Պալատը յուրաքանչյուր կառավարչի մասով վարում է հարուցված կարգապահական վարույթների և կիրառված տույժերի հաշվառում, որում ներառված տեղեկությունները պետք է հաշվի առնվեն տվյալ կառավարչի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներում։
3․ Պալատը յուրաքանչյուր կարգապահական վարույթն ավարտվելուց հետո տվյալ վարույթով կայացված որոշումը առանց անհատականացնող տվյալների ուղարկում է բոլոր կառավարիչներին և ապահովում է նաև դրա հասանելիությունը պալատի պաշտոնական կայքում՝ այդ նպատակով հատկացված մասում։
ԲԱԺԻՆ 3
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 14
ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
| Հոդված 113. | Սնանկության կանխարգելումը |
1. Սնանկությունը կանխարգելվում է դատական և արտադատական ընթացակարգերով։
2. Սնանկության կանխարգելման արտադատական ընթացակարգը դրսևորվում է բանակցությունների, հաշտարարության, պարտքի վերակառուցման և գործնականում կիրառվող այլ եղանակներով:
3. Սնանկության կանխարգելման դատական ընթացակարգը դրսևորվում է սնանկության գործի ընթացքում հաշտության համաձայնությամբ, կանխարգելիչ վերակառուցման վարույթի իրականացմամբ, ինչպես նաև ոչ իրավաչափ սնանկության համար բացասական հետևանքների կիրառմամբ։
ԳԼՈՒԽ 15
ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 114. | Ոչ իրավաչափ սնանկությունը |
1. Ոչ իրավաչափ սնանկություն է համարվում կանխամտածված, անբարեխիղճ կամ ոչ ողջամիտ գործողության (անգործության) միջոցով պարտապանի անվճարունակության հատկանիշների և պարտատերերի պահանջների բավարարման անհնարինության առաջացումը։
2. Ոչ իրավաչափ սնանկությունը կարող է դրսևորվել մինչև սնանկության վարույթը կամ սնանկության վարույթի ընթացքում՝
1) պարտապանի կողմից հայտարարագիր ներկայացնելուց խուսափելով, պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները չտրամադրելով կամ կեղծելով.
2) գույքը, գույքային իրավունքները, եկամուտները, այլ ակտիվները, պարտավորությունները թաքցնելով, դրանց վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելով կամ տեղեկությունները խեղաթյուրելով.
3) գույքը և այլ ակտիվները ոչնչացնելով կամ վնասելով (ոչնչացումը կամ վնասումը չկանխելով), դրանց արժեքը կամ ըստ նշանակության օգտագործման հնարավորությունը նվազեցնելով (արժեքի կամ ըստ նշանակության օգտագործման հնարավորությունը նվազեցնելը չկանխելով), դրանք ակնհայտ ոչ շահավետ պայմաններով օտարելով կամ ծանրաբեռնելով (օտարումը կամ ծանրաբեռնումը չկանխելով), առանց օրինական հիմքի օտարելով կամ ծանրաբեռնելով (օտարումը կամ ծանրաբեռնումը չկանխելով).
4) անհիմն պարտավորություններ ստեղծելով կամ պարտավորությունների չափը անհիմն ավելացնելով.
5) առանձին պարտատիրոջ գույքային պահանջ՝ ի վնաս այլ պարտատիրոջ ապօրինի բավարարելով.
6) ակնհայտ ոչ շահավետ կամ սույն կետի 3-5-րդ կետերում նշված գործողություններ ներառող գործարքներ կնքելով (դրանց կնքումը չկանխելով).
7) գույքագրումը խոչընդոտելով, կառավարչի օրինական պահանջով գույքը կառավարչին չհանձնելով։
| Հոդված 115. | Ոչ իրավաչափ սնանկության հետևանքները |
1․ Եթե ոչ իրավաչափ սնանկությունը վրա է հասել պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ նրան կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, բացառությամբ կառավարչի, այդ թվում` պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամի և այլն), պարտապանի ղեկավարների (տնօրենի, նախագահի և այլն) մեղքով, ապա սույն մասում նշված անձինք կրում են համապարտ պատասխանատվություն պարտապանի՝ սնանկության վարույթի ընթացքում հաստատված պահանջների, դրանց համապատասխան՝ կառավարչի վարձատրության և վարչական ծախսերի հանրագումարի չափով։
2․ Եթե սնանկության վարույթում ակնհայտ է դառնում, որ պարտապանի գույքը բավարար չէ պարտատերերի պահանջները բավարարելու, վարչական ծախսերը և կառավարչի վարձատրությունն ամբողջությամբ վճարելու համար, և առկա են ոչ իրավաչափ սնանկության հատկանիշներ, ապա կառավարիչը պարտապանի պարտավորությունների կատարման, վարչական ծախսերի, կառավարչի վարձատրության, վարույթի ընթացքում ձևավորվող՝ հաշվառված ծախսերի վճարման համար գումարի բռնագանձման պահանջով հայց է հարուցում սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց դեմ, որը, որպես առանձին քաղաքացիական գործ, քննվում է Սնանկության դատարանում։
ԳԼՈՒԽ 16
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
| Հոդված 116. | Կանխարգելիչ վերակառուցում սկսելու հիմքերը |
1. Կանխարգելիչ վերակառուցման դիմում կարող է ներկայացվել սնանկության վտանգի դեպքում։
| Հոդված 117. | Կանխարգելիչ վերակառուցման դիմում ներկայացնելը |
1․ Կանխարգելիչ վերակառուցման դիմում կարող է ներկայացնել պարտապանը կամ պարտատերը՝ պարտապանի համաձայնությամբ։
| Հոդված 118. | Կանխարգելիչ վերակառուցման դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը |
1. Կանխարգելիչ վերակառուցման դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները․
1) սնանկության վտանգի առկայության հիմնավորումը, ներառյալ պարտապանի ֆինանսական դժվարությունների նկարագրությունը և առաջացման պատճառները, վերակառուցման նպատակները և միջոցառումները, պարտատերերի հետ ընթացող բանակցությունների վիճակի նկարագրությունը, ինչպես նաև պարտապանի գործունեության շարունակականության և վերակառուցման իրատեսականության տնտեսական հիմնավորումը, ինչպես նաև պարտատերերի պահանջների նկարագրությունը, որոնց վրա ազդում է վերակառուցման ծրագիրը,
2) պարտապանի ֆինանսական վիճակի գնահատումը, ներառյալ ընթացիկ ֆինանսական դրությունը և առաջիկա առնվազն վեցից մինչև 24 ամիս ժամկետով իրացվելիության (լիկվիդայնության) կանխատեսումը, դրամական հոսքերի կանխատեսումները, ֆինանսավորման աղբյուրների նկարագրությունը և գործունեության շարունակականության ապահովման միջոցները,
3) պարտատերերի ցուցակը՝ նշելով յուրաքանչյուր պարտատիրոջ անունը (անվանումը), պահանջի չափը, ապահովված կամ չապահովված լինելը և ապահովման միջոցների բնույթը (առկայության դեպքում), ինչպես նաև յուրաքանչյուր պարտատիրոջ՝ ծրագրով ներառվելու կամ չներառվելու մասին տվյալները,
4) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից,
5) կառավարչի թեկնածու ներկայացնելու դեպքում՝ այդ թեկնածուի գրավոր համաձայնությունը` որպես կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ,
6) վերակառուցման ծրագրի նախագիծը՝ առկայության դեպքում։
2․ Պարտատիրոջը կանխարգելիչ վերակառուցման դիմում ներկայացնելու համաձայնությունը տալու դեպքում պարտապանը պարտավոր է Սնանկության դատարան ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված այն փաստաթղթերը, որոնք չեն ներկայացվել պարտատիրոջ դիմումին կից։
| Հոդված 119. | Կանխարգելիչ վերակառուցման դիմումը վարույթ ընդունելը և հետևանքները |
1․ Սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված կանխարգելիչ վերակառուցման դիմումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում Սնանկության դատարանը որոշում է կայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին, եթե առկա չեն սույն հոդվածի 3-րդ մասով և սույն օրենսգրքի 154-րդ և 155-րդ հոդվածներով սահմանված՝ դիմումի ընդունումը մերժելու կամ դիմումը վերադարձնելու հիմքերը։
2․ Սնանկության դատարանը կանխարգելիչ վերակառուցման դիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ սահմանում է վերակառուցման վարույթի տևողությունը, որը չի կարող գերազանցել չորս ամիսը։
3․ Սնանկության դատարանը որոշում է կայացնում կանխարգելիչ վերակառուցման դիմումի ընդունումը մերժելու մասին, եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ՝
1) պարտապանը չունի վերակառուցման ողջամիտ հեռանկար.
2) միևնույն պարտավորության (պարտավորությունների) մասով ներկայացված կանխարգելիչ վերակառուցման դիմումի արդյունքով Սնանկության դատարանը կայացրել է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումներից մեկը։
4․ Կանխարգելիչ վերակառուցման դիմումը վարույթ ընդունելու մասին Սնանկության դատարանի որոշման կայացման պահից մինչև վերակառուցման վարույթի ավարտը դադարում է սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված պարտատերերի ցուցակում նշված՝ ծրագրում ներառվող պարտատերերի հանդեպ պարտապանի ունեցած վճարային պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը:
5․ Վերակառուցման վարույթն ավարտվում է հետևյալ դատական ակտերից մեկի կայացմամբ.
1) վերակառուցման ծրագիրը հաստատելու և գործը կարճելու մասին․
2) վերակառուցման ծրագրի հաստատումը մերժելու և գործը կարճելու մասին․
3) ծրագիր չներկայացնելու հիմքով վերակառուցումը մերժելու և գործը կարճելու մասին․
4) սնանկության վտանգն ավարտվելու և վեճը սպառված լինելու հիմքով գործը կարճելու մասին․
5) պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու մասին Սնանկության դատարանի որոշման կայացման հիմքով կանխարգելիչ վերակառուցման վարույթը դադարեցնելու մասին։
6․ Սնանկության դատարանը կարող է պատճառաբանված որոշում կայացնել սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված մորատորիումի գործողությունը նաև այն պարտատերերի նկատմամբ կիրառելու մասին, որոնք ներառված չեն ծրագրում։
7․ Կանխարգելիչ վերակառուցման դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ Սնանկության դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է կառավարիչ, եթե ներկայացվել է կառավարչի թեկնածություն, իսկ այն դեպքում, երբ թեկնածություն չի ներկայացվել, սույն օրենսգրքով սահմանված կարգով կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում լիազոր մարմին։ Կառավարչի վարձատրության կարգն ու մանրամասները կարող են նախատեսվել վերակառուցման ծրագրով, իսկ այն դեպքում, երբ ծրագիրը չի ներառում կառավարչի վարձատրության կարգի ու չափի վերաբերյալ դրույթներ, վերակառուցման վարույթի ընթացքում կառավարչի վարձատրությունը հաշվարկվում և վճարվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով՝ անկախ վարույթի տևողությունից։
8․ Սնանկության դատարանը կանխարգելիչ վերակառուցման դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է պարտապանին, պարտատերերին և կառավարչին։
9․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ Սնանկության դատարանի հաստատմանը պետք է ներկայացվի՝
1) պարտատերերի կողմից ընդունված վերակառուցման ծրագիրը կամ
2) դիմում վերակառուցման վարույթի տևողությունը ևս մինչև չորս ամսով երկարաձգելու մասին, եթե առկա են սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված հիմքերը։
10․ Սնանկության դատարանը կարող է պարտապանի, պարտատերերի կամ կառավարչի դիմումով պատճառաբանված որոշում կայացնել վերակառուցման վարույթի տևողությունը ևս մինչև չորս ամսով երկարաձգելու մասին, եթե հաստատվում է, որ՝
1) վերակառուցման ծրագրի բանակցությունների մասով առաջընթաց է կատարվել.
2) երկարաձգումն անհամաչափ վնաս չի պատճառում որևէ պարտատիրոջ իրավունքներին կամ շահերին.
3) ապահովված պարտատերերը, որոնց վրա ազդում է ծրագիրը, համաձայնություն են տվել երկարաձգմանը։
11․ Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ պարտատերերի կողմից ընդունված վերակառուցման ծրագիրը պետք է ներկայացվի Սնանկության դատարանի հաստատմանը։
12․ Սույն հոդվածով սահմանված ժամկետում վերակառուցման ծրագիր չներկայացնելու դեպքում Սնանկության դատարանը որոշում է կայացնում ծրագիր չներկայացնելու հիմքով վերակառուցումը մերժելու և գործը կարճելու մասին։
13․ Սույն հոդվածով սահմանված ժամկետում սնանկության վտանգն ավարտված լինելու մասին հայտարարություն ներկայացվելու դեպքում Սնանկության դատարանը որոշում է կայացնում սնանկության վտանգն ավարտվելու և վեճը սպառված լինելու հիմքով գործը կարճելու մասին։
14. Սնանկության դատարանը պարտապանի, պարտատերերի կամ կառավարչի պահանջով կարող է որոշում կայացնել վերակառուցման վարույթի վաղաժամկետ ավարտի և վերակառուցման մորատորիումի դադարեցման մասին, եթե այն այլևս չի ծառայում վերակառուցման ծրագիրը հաստատելու նպատակով բանակցությունների վարմանը, ներառյալ այն դեպքերը, երբ պարտատերերի ձայների կեսից ավելին կողմ չէ վերակառուցման ծրագրի բանակցությունների շարունակմանը։
15․ Սույն հոդվածի 5-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված որոշումներից որևէ մեկի կայացումն ինքնին հիմք չէ պարտապանին սնանկ ճանաչելու վարույթ սկսելու համար։
16․ Կանխարգելիչ վերակառուցման վարույթի ընթացքում կասեցվում է սույն օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված՝ սնանկության դիմում ներկայացնելու ժամկետը։
| Հոդված 120. | Պարտապանի իրավունքները կանխարգելիչ վերակառուցման վարույթում |
1․ Կանխարգելիչ վերակառուցման վարույթում պարտապանի ղեկավարը շարունակում է վերահսկել պարտապանի ակտիվները և ընթացիկ գործունեությունը։
| Հոդված 121. | Վերակառուցման ծրագրի բովանդակությունը |
1․ Սնանկության դատարանի հաստատմանը ներկայացված վերակառուցման ծրագրով պետք է առնվազն նախատեսվեն՝
1) պարտապանի նույնականացման տվյալները.
2) պարտապանի ակտիվներն ու պարտավորությունները դիմումի ներկայացման օրվա դրությամբ, ներառյալ ակտիվների արժեքները և պարտապանի տնտեսական վիճակի նկարագրությունը, դիմումի ներկայացման պատճառների նկարագրությունն ու ֆինանսական դժվարությունների բնույթը, երաշխավորությունները, երաշխիքները, ակրեդիտիվները, վարկային գծերի, օվերդրաֆտների և վարկային վերաբերյալ տվյալները.
3) այն պարտատերերի տվյալները, որոնց վրա տարածվում է վերակառուցման ծրագիրը, նրանց պահանջների դասերը և այն պահանջները, որոնց վրա տարածվում է վերակառուցման ծրագիրը.
4) վերակառուցման ծրագրում չներառվող պարտատերերի տվյալները, այդ պարտատերերին վերակառուցման ծրագրում չներառելու պատճառները.
5) առկայության դեպքում՝ կառավարչի թեկնածուի տվյալները.
6) վերակառուցման ծրագրի պայմանները, ներառյալ՝
ա․ պարտապանի ակտիվների և ծրագրով ներառված պարտատերերի նկատմամբ պարտավորությունների կազմի, պայմանների կամ կառուցվածքի փոփոխությունը կամ պարտապանի կապիտալի կառուցվածքի որևէ այլ մասի փոփոխությունը, պարտապանի ակտիվների կամ ձեռնարկության վաճառքը,
բ․ վերակառուցման ծրագրով ներառված պարտատերերի նկատմամբ պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումների կատարման կարգը, այդ թվում` պահանջների բավարարման կարգը պարտապանին պատկանող անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքով,
գ․ պարտապանի կանխատեսվող ֆինանսական հոսքերը,
դ․ վերակառուցման ծրագրի մաս կազմող ցանկացած նոր ֆինանսավորում, ինչպես նաև այն պատճառները, թե ինչու է նոր ֆինանսավորումն անհրաժեշտ տվյալ ծրագիրն իրականացնելու համար,
ե․ հիմնավորում վերակառուցման ծրագրի ողջամիտ հեռանկար ունենալու մասին, ներառյալ պարտապանի սնանկությունը կանխելու և ձեռնարկության կենսունակությունը ապահովելու մասին։
| Հոդված 122. | Վերակառուցման ծրագրի ընդունումը |
1․ Անկախ այն հանգամանքից, թե կանխարգելիչ վերակառուցման վարույթ սկսելու դիմումն ով է ներկայացրել, պարտապանն իրավունք ունի ներկայացնելու վերակառուցման ծրագիրն այն պարտատերերի կողմից ընդունման համար, որոնք ներառված են վերակառուցման ծրագրում։
2․ Վերակառուցման ծրագրի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն այն պարտատերերը, որոնք ներառված են վերակառուցման ծրագրում։
3․ Պարտատերերը, որոնց վրա վերակառուցման ծրագիրը չի ազդում, չեն ներառվում վերակառուցման ծրագրում և քվեարկությանը մասնակցելու իրավունք չունեն։
4․ Վերակառուցման ծրագիրը համարվում է ընդունված, եթե ծրագրին կողմ է քվեարկել ծրագրում ներառված պարտատերերի 100 տոկոսը։
5. Եթե կանխարգելիչ վերակառուցման ծրագրով պետք է օգտագործվի ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) պահանջի դիմաց գրավադրված գույքը, ապա ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությունը ծրագրի ընդունման համար պարտադիր է:
| Հոդված 123. | Վերակառուցման ծրագրի հաստատումը կամ մերժումը |
1․ Վերակառուցման ծրագիրն ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան ծրագրի ներկայացման ժամկետի ավարտը, պետք է ներկայացվի Սնանկության դատարանի հաստատմանը։
2․ Սնանկության դատարանը հաստատում է վերակառուցման ծրագիրը, եթե՝
1) ծրագիրն ընդունվել է սույն օրենսգրքի 122-րդ հոդվածով սահմանված կարգով.
2) բոլոր պարտատերերը, որոնք ներառված են ծրագրում, սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել են ծրագրի մասին.
3) ծրագրով նոր ֆինանսավորում նախատեսված լինելու դեպքում հաստատվում է, որ այն անհրաժեշտ է ծրագրի իրագործման համար և անհամաչափ վնաս չի պատճառում պարտատերերի շահերին, ինչպես նաև առկա է տվյալ ծրագրի հաստատման համար նոր ֆինանսավորում տրամադրած անձի համաձայնությունը։
3․ Սնանկության դատարանն իրավունք ունի մերժելու վերակառուցման ծրագրի հաստատումը, եթե ակնհայտ է, որ ծրագիրը չունի պարտապանի սնանկությունը կանխելու կամ նրա ձեռնարկության կենսունակությունն ապահովելու ողջամիտ հեռանկար:
4․ Վերակառուցման ծրագիրը դատարան ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, Սնանկության դատարանը վճիռ է կայացնում՝
1) վերակառուցման ծրագիրը հաստատելու և գործը կարճելու մասին.
2) վերակառուցման ծրագրի հաստատումը մերժելու և գործը կարճելու մասին։
5․ Վերակառուցման ծրագիրը հաստատելու մասին Սնանկության դատարանի վճիռը կատարում ենթադրող վճիռ է և պետք է պարունակի՝
1) վերակառուցման ծրագրի բառացի շարադրանքը.
2) նշում վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին։
6․ Վերակառուցման ծրագիրը հաստատելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Վճռի հարկադիր կատարման համար ծրագրում ներառված պարտատերերը իրավունք ունեն ներկայացնելու հարկադիր կատարման դիմում։
| Հոդված 124. | Վերակառուցման ծրագրի ազդեցությունը |
1․ Դատական կարգով հաստատված վերակառուցման ծրագիրը պարտադիր է ծրագրում ներառված բոլոր պարտատերերի համար։
| Հոդված 125. | Վերակառուցման ծրագիրը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին դատարանի վճռի բողոքարկումը |
1․ Վերակառուցման ծրագիրը հաստատելու և գործը կարճելու կամ հաստատումը մերժելու և գործը կարճելու մասին Սնանկության դատարանի վճիռը կարող է բողոքարկվել։
2. Վերակառուցման ծրագրում ներառված այն պարտատերերը, որոնք դեմ են քվեարկել ծրագրին, կարող են բողոքարկել վերակառուցման ծրագիրը հաստատելու և գործը կարճելու մասին Սնանկության դատարանի վճիռը՝ պարտատերերի շահերի լավագույն պաշտպանվածության ենթադրյալ խախտման հիմքով։
3․ Վերակառուցման ծրագիրը հաստատելու և գործը կարճելու մասին Սնանկության դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում ծրագրի իրականացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա որոշում է կայացվում ծրագրի իրականացումը կասեցնելու մասին։
| Հոդված 126. | Նոր ֆինանսավորման պաշտպանությունը |
1. Պարտապանի կանխարգելիչ վերակառուցման վարույթ սկսվելու դեպքում վերակառուցման ծրագրով նոր ֆինանսավորում տրամադրած պարտատերերին առնվազն պետք է տրամադրվեն սույն օրենսգրքի 216-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցները։
2. Պարտապանի կանխարգելիչ վերակառուցման վարույթ սկսվելու դեպքում նոր ֆինանսավորումից բխող պահանջները, սույն օրենսգրքի համաձայն, մյուս չապահովված պարտատերերից առաջնահերթության կարգով բավարարում ստանալու իրավունք ունեն: Այդ պահանջին պետք է տրվի մնացած բոլոր պարտատերերի պահանջների նկատմամբ գերակայություն, բացառությամբ ապահովված պարտատերերի պահանջների:
| Հոդված 127. | Վերակառուցմամբ պայմանավորված այլ գործարքների պաշտպանությունը |
1. Պարտապանի կանխարգելիչ վերակառուցման վարույթ սկսվելու դեպքում հատուցման ենթակա են նաև՝
1) վերակառուցման ծրագրի բանակցությունների, ընդունման կամ հաստատման համար կատարված ծախսերը․
2) անմիջապես վերակառուցման հետ կապված մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար կատարված ծախսերը․
3) արդեն կատարված աշխատանքի համար աշխատողների աշխատավարձի վճարումը.
4) պարտապանի ընթացիկ ձեռնարկատիրական գործունեության ընթացքում կատարված վճարումները:
ԲԱԺԻՆ 4
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
ԵՆԹԱԲԱԺԻՆ ԱՌԱՋԻՆ
ՎԱՐՈՒՅԹԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԼՈՒԽ 17
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
| Հոդված 128. | Ընդհանուր դրույթներ |
1․ Սույն գլխի դրույթները տարածվում են սնանկության վարույթի ցանկացած առանձին ընթացակարգի վրա, եթե սույն օրենսգրքով սնանկության վարույթի տվյալ ընթացակարգի առնչությամբ այլ բան նախատեսված չէ։
| Հոդված 129. | Սնանկության վարույթի իրականացման կարգը և ժամկետը |
1․ Սնանկության վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) սույն օրենսգրքով նախատեսված է սնանկության վարույթի տվյալ ընթացակարգով դատական նիստ հրավիրելու պահանջ․
2) դատարանը եկել է եզրահանգման, որ դատական նիստ հրավիրելը կնպաստի հարցի առավել արդյունավետ քննությանը, և դատական նիստի միջոցով հարցի քննությունը չի հանգեցնի սույն օրենսգրքով նախատեսված ժամկետների խախտման, կամ սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված չէ սնանկության վարույթի տվյալ ընթացակարգն առանց դատական նիստ հրավիրելու իրականացնելու պահանջ։
2․ Դատական նիստ հրավիրելու հիմքերի առկայության դեպքում Սնանկության դատարանը կայացնում է դատական նիստ նշանակելու մասին որոշում, որում նշվում են դատական նիստի անցկացման վայրը և ժամանակը։
3․ Դատական նիստի նախապատրաստման, անցկացման, գործի քննության հետաձգման և արձանագրման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ գլխի նորմերը։
4․ Սնանկության վարույթի առանձին ընթացակարգով հարցի քննությունը և լուծումն իրականացվում են երեքշաբաթյա ժամկետում, եթե սնանկության վարույթի տվյալ ընթացակարգի առնչությամբ այլ բան նախատեսված չէ։
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը Սնանկության դատարանի նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով։
| Հոդված 130. | Սնանկության վարույթի առանձին ընթացակարգ նախաձեռնելու հիմքը և կարգը |
1․ Սնանկության վարույթի առանձին ընթացակարգ նախաձեռնելու հիմք է սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված դիմումը, եթե սույն օրենսգիրքը սնանկության վարույթի տվյալ ընթացակարգի նախաձեռնման համար չի սահմանել այլ դատավարական փաստաթղթերի ներկայացման պահանջ կամ այն չի պայմանավորել Սնանկության դատարանի սեփական նախաձեռնությամբ։
2․ Սնանկության վարույթի առանձին ընթացակարգ նախաձեռնելու հիմք հանդիսացող դիմումին և այլ դատավարական փաստաթղթերին կցվում են դրանք գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ։
3․ Սույն հոդվածի պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը և այլ դատավարական փաստաթղթերը ենթակա չեն քննարկման, և դրանք ներկայացրած անձը մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է այդ մասին, եթե սույն օրենսգրքով այլ դատավարական հետևանք նախատեսված չէ սնանկության վարույթի տվյալ ընթացակարգի դեպքում։
| Հոդված 131. | Սնանկության վարույթի առանձին ընթացակարգի շրջանակում քննարկվող հարցի վերաբերյալ գործին մասնակցող անձանց լսված լինելու իրավունքը |
1․ Գործին մասնակցող անձինք ունեն սնանկության վարույթի առանձին ընթացակարգի շրջանակում քննարկվող հարցի առնչությամբ լսված լինելու իրավունք։
2․ Գործին մասնակցող անձանց լսված լինելու իրավունքն ապահովվում է սնանկության վարույթի առանձին ընթացակարգը նախաձեռնելու հիմք հանդիսացող դիմումը կամ այլ դատավարական փաստաթղթերը կամ Սնանկության դատարանի նախաձեռնությամբ ընթացակարգը նախաձեռնված լինելու դեպքում այդ մասին ծանուցումը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող նյութեր ներկայացնելու միջոցով։
3․ Գործին մասնակցող անձի դիրքորոշմանը կցվում են այն գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ։
4․ Սույն հոդվածի պահանջների խախտմամբ ներկայացված դիրքորոշումը ենթակա չէ քննարկման, և այն ներկայացրած անձը մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է այդ մասին։
| Հոդված 132. | Սնանկության վարույթի առանձին ընթացակարգի նախաձեռնությունից հրաժարվելու իրավունքը |
1․ Սնանկության վարույթի առանձին ընթացակարգ նախաձեռնելու դիմում կամ այլ դատավարական փաստաթղթեր ներկայացրած անձը մինչև այդ հարցով որոշում կայացնելը կարող է գրավոր հրաժարվել իր պահանջից։
2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Սնանկության դատարանը որոշում է կայացնում սնանկության վարույթի առանձին ընթացակարգի նախաձեռնության հիմքն առանց քննության թողնելու մասին։
| Հոդված 133. | Սնանկության վարույթի առանձին ընթացակարգի շրջանակում դիմումների և միջնորդությունների ներկայացման և լուծման կարգը |
1. Սնանկության վարույթի առանձին ընթացակարգի շրջանակում դատական նիստից դուրս դիմում կամ միջնորդություն ներկայացնելիս գործին մասնակցող անձը միջնորդությանը կցում է դիմումը կամ միջնորդությունը և կից փաստաթղթերը գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցը, բացառությամբ այն դիմումների և միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա։
2․ Դատական նիստում գրավոր դիմում կամ միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա՝ գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել դիմումի կամ միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները։
3․ Նույն հիմքով դիմում կամ միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է։
4․ Սույն հոդվածի 1-3-րդ մասերի պահանջների խախտման դեպքում ներկայացված դիմումը կամ միջնորդությունը չի քննարկվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է։
5․ Գործին մասնակցող անձանց դիմումների և միջնորդությունների քննության հետ կապված բոլոր հարցերը Սնանկության դատարանը լուծում է գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
6. Դիմումը կամ միջնորդությունը քննարկելու արդյունքով Սնանկության դատարանը կայացնում է որոշում:
7. Գործին մասնակցող անձի դիմումը և միջնորդությունը կարող են մերժվել, եթե դրանք ներկայացվել են դատավարական իրավունքի չարաշահմամբ՝ ակնհայտորեն նպատակ հետապնդելով խափանելու դատական նիստը կամ այլ կերպ ձգձգելու գործի դատական քննությունը:
8. Սնանկության վարույթի առանձին ընթացակարգի շրջանակում եզրափակիչ ակտ կայացնելու ժամանակահատվածում գործին մասնակցող անձինք չեն կարող ներկայացնել դիմումներ և միջնորդություններ: Այդ ժամանակահատվածում ներկայացված դիմումները և միջնորդությունները ենթակա չեն քննարկման:
| Հոդված 134. | Սնանկության վարույթի առանձին ընթացակարգի կասեցումը և վերսկսումը |
1․ Սնանկության դատարանը կասեցնում է սնանկության վարույթի առանձին ընթացակարգը, եթե դա չանելը պարտապանի կամ պարտատիրոջ համար կառաջացնի ծանր կամ անդառնալի հետևանքներ, և
1) անհնարին է տվյալ ընթացակարգի իրականացումը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտն օրինական ուժի մեջ մտնելը.
2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է ընթացակարգի հետագա իրականացումը.
3) դատարանը Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում որոշել է դիմել Սահմանադրական դատարան։
2. Սնանկության դատարանը սնանկության վարույթի առանձին ընթացակարգը կասեցնում է մասնակի՝ առանձին գործին մասնակցող անձի մասով, եթե կասեցման հիմքը վերաբերելի է միայն նրան, և հնարավոր է առանց նրա մասնակցության շարունակել ընթացակարգի իրականացումը։
3․ Սնանկության դատարանը սնանկության վարույթի առանձին ընթացակարգի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը։
4․ Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`
1) վերադարձվել է Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը, իսկ այն բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ կայացվել է բողոքը մերժելու մասին որոշում.
2) Սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.
3) Սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.
4) ուժի մեջ է մտել Սահմանադրական դատարանի որոշումը կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:
5․ Սնանկության վարույթի առանձին ընթացակարգը կասեցնելուց հետո մինչև դրա վերսկսումն արգելվում է դրա շրջանակում դատավարական գործողություններ կատարելը, բացառությամբ բացարկի կամ ինքնաբացարկի, դիմումի ապահովման, ապացույցի ապահովման, փորձագետի միջնորդությամբ փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու, կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում ներկայացնելու հետ կապված դատավարական գործողությունների։
| Հոդված 135. | Դատական սանկցիաները |
1․ Սնանկության վարույթում դատական սանկցիաների կիրառման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը։
| Հոդված 136. | Սնանկության վարույթի առանձին ընթացակարգը եզրափակող դատական ակտի հրապարակման մասին ծանուցումը |
1․ Սնանկության վարույթի առանձին ընթացակարգը գրավոր ընթացակարգով իրականացնելիս գործին մասնակցող անձանց դիրքորոշումներն ստանալու, իսկ դրանք չստանալու դեպքում սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը լրանալու հաջորդ օրը Սնանկության դատարանը գործին մասնակցող անձանց գրավոր ծանուցում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման վայրի և ժամանակի մասին։
2․ Սնանկության վարույթի առանձին ընթացակարգի շրջանակում դատական նիստ անցկացվելու դեպքում հարցի քննությունն ավարտելուց հետո Սնանկության դատարանը դատական նիստին ներկա՝ գործին մասնակցող անձանց բանավոր ծանուցում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման վայրի և ժամանակի մասին։
3․ Սնանկության դատարանը կարող է սնանկության վարույթի առանձին ընթացակարգի եզրափակիչ դատական ակտի հրապարակման վայրի և ժամանակի մասին ծանուցել ընթացակարգը նախաձեռնելիս։
4. Սնանկության դատարանը կարող է մինչև մեկ շաբաթով երկարաձգել սնանկության վարույթի առանձին ընթացակարգի եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:
ԳԼՈՒԽ 18
ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
| Հոդված 137. | Առանձին քաղաքացիական գործերով վարույթի ընդհանուր կանոնները |
1․ Առանձին քաղաքացիական գործերի հարուցման և քննության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը։
2․ Առանձին քաղաքացիական գործերով վարույթն իրականացվում է պարզեցված վարույթի կարգով, եթե Սնանկության դատարանը որոշում չի կայացրել գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին, կամ առանձին քաղաքացիական գործով պահանջի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը կամ սույն օրենսգիրքը չի նախատեսում այլ ընթացակարգի կիրառում։
3․ Եթե սույն օրենսգիրքը նախատեսում է ներկայացված պահանջի քննության այլ ընթացակարգ, ապա առանձին քաղաքացիական գործի հարուցման համար ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվում է։
ԳԼՈՒԽ 19
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
| Հոդված 138. |
Սնանկության դատարանի դատական ակտերի տեսակները |
1․ Սնանկության գործով և առանձին քաղաքացիական գործով Սնանկության դատարանը կայացնում է վճիռներ և որոշումներ։
2․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում Սնանկության դատարանն առանձին քաղաքացիական գործով արձակում է վճարման կարգադրություն։
3․ Սնանկության գործով և առանձին քաղաքացիական գործով դատական ակտերի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխի կանոնները՝ սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։
| Հոդված 139. | Սնանկության գործով դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը և գործին մասնակցող անձանց հանձնելը |
1. Սնանկության գործով վճիռները և առանձին ակտի ձևով կայացված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սնանկության գործն ավարտելու մասին վճռի, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո:
2. Սնանկության գործով դատական ակտերը ոչ ուշ, քան այդ մասին գործին մասնակցող անձի դիմումը ստանալու հաջորդ օրը, ուղարկվում են դիմում ներկայացրած անձին, եթե մինչ այդ առձեռն չեն հանձնվել։
3․ Դռնփակ դատական նիստում հրապարակված դատական ակտերը ոչ ուշ, քան հրապարակման հաջորդ օրը, ուղարկվում են գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն չեն հանձնվել։
ԵՆԹԱԲԱԺԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 20
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ
| Հոդված 140. | Ընդհանուր դրույթներ |
1․ Իրավաբանական անձ պարտապանի սնանկության վարույթը հարուցվում է սնանկության դիմումի հիման վրա։
2․ Եթե սնանկության դիմումի հիմքում դրված է անհատ ձեռնարկատեր պարտապանի ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորությունը, ապա անհատ ձեռնարկատիրոջ սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են իրավաբանական անձի անվճարունակության հատկանիշները, սնանկ ճանաչելու հիմքերը, իրավաբանական անձի սնանկության վարույթի դրույթները, ինչպես նաև սույն օրենսգրքի 279-րդ, 280-րդ հոդվածներով, 282-րդ հոդվածի 6-10-րդ մասերով և 285-րդ հոդվածով սահմանված դրույթները։
| Հոդված 141. | Իրավաբանական անձ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերը և կարգը |
1․ Անվճարունակ իրավաբանական անձ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել Սնանկության դատարանի վճռով`
1) կամավոր սնանկության դիմումի հիման վրա կամ
2) պարտատիրոջ պահանջով՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա:
2․ Սնանկության դիմումը կարող է հիմնվել տարբեր պարտավորություններով միավորված պահանջների վրա:
3. Հարկադրված սնանկության դիմում կարող է ներկայացնել մեկ կամ մի քանի պարտատեր՝ համատեղ։
4. Հարուցված սնանկության գործով մինչև պարտապանին սնանկ ճանաչելու հարցի լուծումը նոր սնանկության դիմումը ներկայացվում է սնանկության գործը քննող դատավորին և քննվում նույն սնանկության գործի շրջանակում։ Նոր սնանկության դիմումի համար, համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի, պետական տուրք չի վճարվում։
| Հոդված 142. | Իրավաբանական անձ պարտապանի կամավոր սնանկության դիմումին ներկայացվող պահանջները |
1. Պարտապանի կամավոր սնանկության դիմումը ներկայացվում է գրավոր և ստորագրվում է իրավաբանական անձ պարտապանի ղեկավարի կողմից:
2. Պարտապանի կամավոր սնանկության դիմումը կարող է ստորագրվել պարտապանի ներկայացուցչի կողմից:
3. Պարտապանի դիմումում նշվում են`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
2) պարտապանի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է գտնվելու վայրի հասցեից), գրանցման տվյալները (իրավաբանական անձի պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը), նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն.
3) պարտապանի բանկային և վարկային հաշիվների համարները, բանկերի և վարկային կազմակերպությունների անվանումները, ինչպես նաև պարտապանի այլ միջոցների, ներառյալ կրիպտոակտիվների մասին տեղեկություններ (առկայության դեպքում).
4) պարտատիրոջ հանդեպ ունեցած պարտավորությունների առաջացման հիմքերը, չափերը, ներառյալ վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը՝ համապատասխան հաշվարկներով.
5) պարտավորությունների մասի (մասերի) կատարման ժամկետը, ներառյալ այն պարտավորությունները, որոնց մարման ժամկետը լրացած է սնանկության դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ.
6) սնանկության դիմում ներկայացնելու համար հիմք հանդիսացող տնտեսական գործունեության վատթարացման հիմնավորումներ.
7) պարտապանի գույքի, ներառյալ դրամական միջոցների և դեբիտորական պարտքերի մասին տեղեկություններ.
8) դատարանների, արբիտրաժային տրիբունալների, նոտարների վարույթներում պարտապանի դեմ քննվող գործերի, պարտապանի մասով բոլոր կատարողական վարույթների, ինչպես նաև պարտապանի հաշիվներից միջոցներ դուրս գրելու հետ կապված ցանկացած այլ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն.
9) սնանկության գործի քննության հետ կապված այլ տեղեկություններ.
10) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։
4․ Պարտապանի ղեկավարը կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտապանի ներկայացուցիչը պարտավոր է դիմումի և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկել պարտատերերին, պարտապանի միակ հիմնադրին (մասնակցին, բաժնետիրոջը, անդամին) կամ մյուս հիմնադիրներին (մասնակիցներին, բաժնետերերին, անդամներին), եթե նրանց թիվը 10-ից ավելի չէ, պարտապան իրավաբանական անձի կոլեգիալ գործադիր մարմին։
5․ Պարտապանը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ կամավոր սնանկության դիմում ներկայացնելու մասին տեղեկատվություն հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
| Հոդված 143. | Իրավաբանական անձ պարտապանի կամավոր սնանկության դիմումին կցվող փաստաթղթերը |
1․ Պարտապանի կամավոր սնանկության դիմումին կցվում են՝
1) դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը, եթե դիմողը հանդես է գալու ներկայացուցչի միջոցով, և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
2․ Դիմումին կցվում են նաև`
1) իրավաբանական անձ պարտապանի կանոնադրության, պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենները․
2) իրավաբանական անձ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 30 օրից ոչ ավելի վաղեմություն ունեցող պետական գրանցման տվյալները.
3) պարտապանի միակ հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ) կամ պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների) որոշումը կամավոր սնանկության դիմում ներկայացնելու մասին (առկայության դեպքում)․
4) տնտեսական ընկերակցության կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձ պարտապանի մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեները և պետական գրանցման տվյալները․
5) բաժնետիրական ընկերության կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձ պարտապանի դեպքում՝ համապատասխանաբար՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով կամ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով սահմանված ընթացակարգը պահպանելու վերաբերյալ ապացույցը․
6) իրավաբանական անձ պարտապանի պարտատերերի և պարտապանների ցուցակները՝ նրանց անունների կամ անվանումների, մշտական բնակության կամ գտնվելու վայրի, պարտքի կամ պահանջի չափի մասին նշումներով: Ցուցակի ձևը հաստատում է լիազոր մարմինը.
7) իրավաբանական անձ պարտապանի գույքի, ներառյալ գրավադրված գույքի ցանկը՝ դրա գտնվելու վայրի և գրավառուների մասին նշումներով: Ցանկի ձևը հաստատում է լիազոր մարմինը.
8) իրավաբանական անձ պարտապանի գույքի նկատմամբ սեփականության իրավունքները հաստատող փաստաթղթերի պատճենները, գույքի շուկայական արժեքը հաստատող փաստաթղթերը.
9) բանկի տրամադրած տեղեկանքը բանկում հաշիվների, ավանդների առկայության և մնացորդների մասին, ինչպես նաև դիմումի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում կատարված դրամական փոխանցումների և այլ գործարքների վերաբերյալ քաղվածքներ՝ ստացված ոչ ուշ, քան իրավաբանական անձ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը ներկայացնելուց երկու ամիս առաջ.
10) պարտքի առկայությունը, հիմքերը, պարտատերերի պահանջները լիովին բավարարելու պարտապանի անկարողությունը հաստատող փաստաթղթերը.
11) իրավաբանական անձ պարտապանի գույքը, ներառյալ դրամական միջոցները և դեբիտորական պարտքերը հաստատող փաստաթղթերը.
12) վերջին հաշվետու ամսաթվի հաշվեկշիռը կամ դրան փոխարինող փաստաթղթերը, ինչպես նաև պարտապանի հաշվեկշռային անվճարունակության վերաբերյալ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատումը.
13) իրավաբանական անձ պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.
14) դիմումում կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում` այդ թեկնածուի գրավոր համաձայնությունը որպես կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ.
15) դիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները հայտնի պարտատերերին ուղարկելը հավաստող ապացույցները․
16) սնանկության դիմումի քննության հետ կապված այլ փաստաթղթեր։
3. Սնանկության դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով։ Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինությունը պետք է հիմնավորվի դիմողի կողմից: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են սկանավորված տարբերակով, իսկ այն դեպքում, երբ դիմումին կից ներկայացվող փաստաթուղթն էլեկտրոնային է, այն ներկայացվում է առանց սկանավորման: Սնանկության դատարանը կարող է պահանջել Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումին կից ներկայացված սկանավորված փաստաթղթերի բնօրինակի ներկայացում։ Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկերը կրում է պարտապանը:
4. Եթե պարտապանը մտադիր է ֆինանսական առողջացման ենթարկվել, ապա նա կարող է դիմումին կից ներկայացնել նաև սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը։
| Հոդված 144. | Իրավաբանական անձ պարտապանի հարկադրված սնանկության դիմումին ներկայացվող պահանջները |
1. Հարկադրված սնանկության դիմումը պարտատիրոջ կողմից ներկայացվում է գրավոր և ստորագրվում է համապատասխանաբար իրավաբանական անձ պարտատիրոջ ղեկավարի կամ ֆիզիկական անձ պարտատիրոջ կամ իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ լուծարման հանձնաժողովի (լուծարողի) կողմից:
2. Հարկադրված սնանկության դիմում կարող է ներկայացվել նաև ներկայացուցչի միջոցով։
3. Պարտատիրոջ դիմումում նշվում են՝
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
2) պարտատեր իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ լուծարման հանձնաժողովը (լուծարողը) կամ պարտատիրոջ անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), պարտատեր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները, պարտատեր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն.
3) իրավաբանական անձ պարտապանի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, գրանցման տվյալները (իրավաբանական անձի պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը).
4) պարտատիրոջ հանդեպ ունեցած պարտավորությունների առաջացման հիմքերը, չափերը, այդ թվում՝ վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.
5) պարտավորությունների մասի (մասերի) կատարման ժամկետը, ներառյալ այն պարտավորությունները, որոնց կատարման ժամկետը լրացած է սնանկության դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ.
6) վճարային պարտավորության անվիճելիությունը սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հիմնավորելու դեպքում՝ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի օրինական ուժի մեջ մտած ակտի կամ գումարի բռնագանձման պահանջով կողմերի համար պարտադիր դարձած նոտարի այն կարգադրության վերաբերյալ տվյալները կամ անբողոքարկելի դարձած համապատասխան վարչական ակտը, որոնց հիման վրա ներկայացվում է հարկադրված սնանկության դիմումը.
7) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
4. Պարտատիրոջ դիմումում կարող են նշվել նաև սնանկության գործի քննության հետ կապված այլ տեղեկություններ:
5. Հարկադրված սնանկության դիմում ներկայացնելիս պարտատիրոջ կողմից ներկայացված դիմումը վարույթ ընդունվելուց հետո դիտարկվում է նաև որպես պահանջ, եթե դիմումը համապատասխանում է նաև սույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին։ Դիմումը որպես պահանջ դիտարկելը չի սահմանափակում դիմողի՝ պահանջ ներկայացնելու իրավունքը:
| Հոդված 145. | Իրավաբանական անձ պարտապանի հարկադրված սնանկության դիմումին կցվող փաստաթղթերը |
1․ Իրավաբանական անձ պարտապանի՝ հարկադրված սնանկության ճանաչման դիմումին կից, ի լրումն սույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, ներկայացվում են նաև՝
1) դիմումը ներկայացրած իրավաբանական անձ պարտատիրոջ կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի, ֆիզիկական անձ պարտատիրոջ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) պարտատիրոջ նկատմամբ պարտապանի պարտավորությունները, ինչպես նաև նշված պարտավորությունների գծով ժամկետանց պարտքի առկայությունը և չափը հաստատող փաստաթղթերը.
3) պարտքի առաջացման հիմքերը հաստատող ապացույցները (հաշիվ-ապրանքագրերը և այլ փաստաթղթեր).
4) հարկային մարմինների կողմից դիմումը ներկայացվելու դեպքում` իրավաբանական անձ հանդիսացող պարտապանի ներկայացրած վերջին հարկային հաշվարկները, անբողոքարկելի դարձած համապատասխան վարչական ակտը, սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ կատարողական վարույթը բացասական ելքով ավարտելու կամ կատարողական վարույթը «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կասեցնելու մասին որոշումները.
5) վճարային պարտավորության անվիճելիությունը սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հիմնավորվելու դեպքում՝ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի օրինական ուժի մեջ մտած ակտը կամ գումարի բռնագանձման պահանջով կողմերի համար պարտադիր դարձած նոտարի կարգադրությունը.
6) դիմումում կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում` այդ թեկնածուի գրավոր համաձայնությունը` որպես կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ.
7) դիմումի ապահովում կիրառելու միջնորդություն ներկայացնելու դեպքում՝ հարկադրված սնանկության դիմումի օրինակը և կից փաստաթղթերի պատճենները.
8) դիմումի ապահովում կիրառելու միջնորդություն չներկայացնելու դեպքում՝ հարկադրված սնանկության դիմումի և կից փաստաթղթերի պատճենները պարտապանին ուղարկելը հավաստող ապացույցը.
9) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից։
2․ Պարտատիրոջ դիմումին կից կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր, որոնց վրա հիմնված է հարկադրված սնանկության դիմումը:
3. Սնանկության դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։
| Հոդված 146. | Սնանկության դիմումը հետ վերցնելը |
1. Սնանկության դիմումը ներկայացրած անձն իրավունք ունի հետ վերցնելու ներկայացված սնանկության դիմումը մինչև դիմումը վարույթ ընդունելու որոշում կայացնելը։
2. Մեկից ավելի պարտատերերի համատեղ ներկայացրած հարկադրված սնանկության դիմումը կարող է հետ վերցվել միայն համատեղ դիմում ներկայացրած բոլոր պարտատերերի գրավոր համաձայնությամբ:
| Հոդված 147. | Պարտապանի` դատարան դիմելու պարտականությունը |
1. Պարտապանի ղեկավարը պարտապանի սնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել Սնանկության դատարան, եթե առկա են սույն օրենսգրքով սահմանված կամավոր սնանկության դիմում ներկայացնելու հիմքերը։
2. Պարտապան իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) պարտավոր է պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել Սնանկության դատարան, եթե լուծարման ժամանակ պարզվում է, որ լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջներն ամբողջովին բավարարելու համար:
3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը պետք է Սնանկության դատարան ներկայացվի ոչ ուշ, քան համապատասխան հիմքերի հայտնաբերումից հետո` մեկամսյա ժամկետում:
4․ Եթե սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում պարտապանի ղեկավարը չի դիմում Սնանկության դատարան, և չի վերացել սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը, ապա այդ ժամկետի ավարտից 10 օրացուցային օրվա ընթացքում՝
1) պարտապանի միակ բաժնետերը (մասնակիցը) պարտավոր է որոշում կայացնել պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու մասին.
2) պարտապանի բաժնետերերի (մասնակիցների) արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու իրավունք ունեցող անձինք կամ պարտապանին վերահսկող այլ անձինք պարտավոր են պահանջել արտահերթ ընդհանուր ժողով պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու մասին որոշում կայացնելու համար։ Արտահերթ ընդհանուր ժողովը պետք է անցկացվի պահանջի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 10 օրացուցային օրվա ընթացքում:
5․ Սույն հոդվածով նախատեսված դեպքերում պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը կարող է Սնանկության դատարան ներկայացվել համապատասխան հիմքերի առկայության դեպքում:
| Հոդված 148. | Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` դատարան դիմելու պարտականությունը |
1. Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, այլ վճարների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու՝ սույն օրենսգրքի 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված հիմքերի առաջացման պահից վեց ամսվա ընթացքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել Սնանկության դատարան:
2. Սույն հոդվածով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել պահանջից, եթե դիմումը Սնանկության դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով սույն օրենսգրքի 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված հիմքը վերանում է։
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից սնանկության դիմում կարող է չներկայացվել, եթե առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին Կառավարության որոշումը:
| Հոդված 149. | Պատասխանատվությունը` դատարան դիմելու պարտականությունը չկատարելու համար |
1. Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը սույն օրենսգրքի 147-րդ հոդվածում նշված անձանց կողմից նույն հոդվածով սահմանված դեպքերում և ժամկետում չներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտատերերի առջև սուբսիդիար պատասխանատվություն են կրում պարտապանի այն պարտավորությունների համար, որոնք առաջացել են սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
2. Սույն օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձինք նույն հոդվածով նախատեսված դեպքերում և ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու դիմում չներկայացնելու դեպքում անձնական գույքային պատասխանատվություն են կրում դրա հետևանքով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությանը և համայնքին պատճառված վնասի համար:
3․ Սուբսիդիար պատասխանատվություն կրած անձը վճարված գումարի չափով հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի պարտապանի նկատմամբ։ Սուբսիդիար պատասխանատվություն կրած անձի հետադարձ պահանջը բավարարվում է պարտատերերի պահանջների գրանցամատյանում ներառված բոլոր պահանջները բավարարելուց հետո։
4․ Սույն հոդվածով նախատեսված սուբսիդիար պատասխանատվության դրույթները գործում են, եթե սույն օրենսգրքով նախատեսված չէ համապարտ պատասխանատվություն։
| Հոդված 150. | Պատասխանատվության ենթարկելու մասին դիմում ներկայացնելը |
1․ Սնանկության գործով իրականացվող ցանկացած վարույթի շրջանակում սույն օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված հիմքով սուբսիդիար պատասխանատվության ենթարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն պարտատերերը և պարտապանի անունից՝ կառավարիչը։
2․ Սուբսիդիար պատասխանատվության ենթարկելու մասին դիմումը կարող է ներկայացվել մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձն իմացել է կամ կարող էր իմանալ համապատասխան հիմքերի առկայության մասին, բայց ոչ ուշ, քան սնանկության գործի ավարտից մեկ տարի անց և պատասխանատվության հիմք հանդիսացող գործողություններից կամ անգործությունից հինգ տարի անց։
| Հոդված 151. | Սնանկության դիմումը ներկայացվելուց հետո դատարանի կողմից կայացվող որոշումները |
1. Սնանկության դիմումը ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում, Սնանկության դատարանը կայացնում է որոշում՝
1) դիմումը վարույթ ընդունելու մասին.
2) դիմումի ընդունումը մերժելու մասին.
3) դիմումը վերադարձնելու մասին։
| Հոդված 152. | Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումի վարույթ ընդունելը |
1. Դատարանն ընդունում է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան ներկայացված՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը: Այն դեպքում, երբ պարտապանի կողմից սեփական սնանկության ճանաչման դիմումի ներկայացումը պարտադիր է, բայց կամավոր սնանկության դիմումին կցված չեն սույն օրենսգրքի 143-րդ հոդվածով նախատեսված բոլոր փաստաթղթերը, ներկայացված դիմումը վարույթ է ընդունվում Սնանկության դատարանի կողմից, իսկ բացակայող փաստաթղթերը պահանջվում են սնանկության գործը դատական քննությանը նախապատրաստելիս:
2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ նշվում են կառավարչի թեկնածուի վերաբերյալ տեղեկությունները, եթե ներկայացվել են թեկնածություն, իրավաբանական անձ պարտապանի գրանցման տվյալները (իրավաբանական անձի գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը), ինչպես նաև, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումի հիմնավորվածության ստուգման համար դատական նիստի ամսաթիվը:
| Հոդված 153. | Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու հետևանքները |
1․ Սնանկության դատարանը պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է՝
1) դիմումատուին և պարտապանին.
2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.
3) Գլխավոր դատախազություն:
2. Սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ Սնանկության դատարանը կողմի միջնորդությամբ դիմումի հիմքում դրված պարտավորության և սնանկության վարույթի ծախսերի չափով արգելանք է դնում պարտապանի գույքի վրա։ Սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ Սնանկության դատարանը կողմի միջնորդությամբ կարող է արգելել կամ սահմանափակել նաև պարտապան իրավաբանական անձի փոփոխությունների գրանցումը:
3․ Այն դեպքում, երբ դիմումատուն դիմումի հետ միջնորդություն է ներկայացրել դիմումի ապահովման պահանջով, և Սնանկության դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, ապա դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, դիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են պարտապանին դիմումի ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
4․ Այն դեպքում, երբ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումին կցված չեն վերջին հաշվետու ամսաթվի դրությամբ պարտապանի հաշվապահական հաշվետվությունների փաստաթղթերը, Սնանկության դատարանը պահանջում է այդ փաստաթղթերը պարտապանից, որոնք պարտապանը պարտավոր է ներկայացնել Սնանկության դատարան ոչ ուշ, քան տվյալ փաստաթղթերը պահանջելու մասին որոշումն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում:
5. Սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին Սնանկության դատարանի որոշումն ստանալու պահից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները:
| Հոդված 154. | Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումի ընդունումը մերժելը |
1. Սնանկության դատարանը մերժում է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը, եթե`
1) դիմումը ենթակա չէ Սնանկության դատարանի քննությանը․
2) պարտապանի նկատմամբ առկա է սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ, և սնանկության վարույթն ավարտված չէ.
3) սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է բերվել այն անձի դեմ, որը, սույն օրենսգրքի համաձայն, պարտապան չի կարող լինել.
4) սույն օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում դիմողը չի վերացրել դիմումի այնպիսի սխալները, որոնք չվերացնելն արգելք է գործի քննության համար։
2. Սնանկության դատարանի որոշումը, դիմումը և դրանց կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկվում են դիմողին:
3. Դիմումի ընդունումը մերժելու մասին Սնանկության դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան դիմողի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։
4. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է Սնանկության դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։
| Հոդված 155. | Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վերադարձնելը |
1. Սնանկության դատարանը վերադարձնում է սնանկության վերաբերյալ դիմումը, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի՝ սնանկության դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, և Սնանկության դատարանը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը.
2) չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումից ազատելու, դրա վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ Սնանկության դատարանն այն չի բավարարել.
3) դիմումը ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.
4) մեկ դիմումում միացված են մի քանի պարտապանների սնանկ ճանաչելու վերաբերյալ պահանջներ, բացառությամբ եթե պարտապաններն ամուսիններ են և դիմողի նկատմամբ օրենքի ուժով համապարտ են.
5) մինչև դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը սնանկության դիմում ներկայացրած անձը դիմում է ներկայացրել այն հետ վերցնելու մասին.
6) դիմումատուն չի պահպանել սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ընթացակարգը.
7) դիմումը ներկայացված է դատավարական գործունակությամբ չօժտված անձի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշմամբ Սնանկության դատարանը նշում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վերադարձնելու հիմքերը և ժամկետը, որի ընթացքում դիմումատուն պետք է վերացնի դիմումը վերադարձնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները:
3․ Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է դիմումատուին, իսկ այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է պարտատիրոջ կողմից նաև պարտապանին, ոչ ուշ, քան այդ որոշումը կայացնելու հաջորդ օրը:
4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված հանգամանքները վերացվում են Սնանկության դատարանի որոշմամբ սահմանված ժամկետում, ապա պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը համարվում է ներկայացված այն օրը, երբ այն ստացվել է Սնանկության դատարան, և վարույթ է ընդունվում Սնանկության դատարանի կողմից:
ԳԼՈՒԽ 21
ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
| Հոդված 156. | Սնանկ ճանաչելու հարցի քննության կարգը և ժամկետը |
1․ Սնանկության դատարանը վարույթ ընդունված սնանկ ճանաչելու մասին դիմումի քննությունն իրականացնում է գրավոր ընթացակարգով՝ առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) հարկադրված սնանկության դիմումի առնչությամբ պարտապանը ներկայացրել է առարկություն, այդ թվում՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն․
2) դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ սնանկ ճանաչելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.
3) սույն գլխով նախատեսված այլ դեպքերում։
2․ Սնանկության դատարանը սնանկ ճանաչելու մասին դիմումով եզրափակիչ դատական ակտն ընդունում է սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու օրվանից երեքշաբաթյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերի, երբ Սնանկության դատարանը եզրափակիչ դատական ակտն ընդունում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկամսյա ժամկետում, իսկ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Սնանկության դատարանը եզրափակիչ դատական ակտն ընդունում է իր որոշմամբ տրված ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում։
3. Սնանկության դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ պարտապանի գույքի և պարտապանի կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ կիրառում է դիմումի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
4. Դիմումի ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ գլխի կանոններով:
| Հոդված 157. | Պարտապանի առարկությունը |
1. Պարտապանը հարկադրված սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի դիմումի վերաբերյալ ներկայացնելու գրավոր առարկություն։
2․ Պարտապանի գրավոր առարկությունը պարունակում է իր անվճարունակությունը հերքող բոլոր փաստարկները։
3․ Առարկությանը կից ներկայացվում են առարկությունը հիմնավորող բոլոր ապացույցները, ինչպես նաև առարկությունը և կից փաստաթղթերը պարտատիրոջն ուղարկելու մասին ապացույց։
4․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից հետո պարտապանը կարող է ներկայացնել լրացուցիչ գրավոր առարկություն և լրացուցիչ ապացույցներ միայն այն դեպքում, եթե հիմնավորում է սահմանված ժամկետում դա անելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
5․ Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող առարկությունը ենթակա չէ Սնանկության դատարանի կողմից քննարկման։
| Հոդված 158. | Պահանջից հրաժարվելը |
1․ Դիմողը սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում իրավունք ունի հրաժարվելու սնանկ ճանաչելու մասին իր պահանջից։
2․ Սնանկության դատարանը, նախքան պահանջից հրաժարման հիման վրա գործի վարույթի կարճումը, հրավիրում է դատական նիստ և դիմողին պարզաբանում է պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքները, բացառությամբ այն դեպքի, երբ պահանջից հրաժարվելու միջնորդությունը ներկայացնում է իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ որպես ներկայացուցիչ փաստաբան ունեցող ֆիզիկական անձը։
3․ Սույն հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ պահանջից հրաժարումը ենթակա չէ Սնանկության դատարանի կողմից քննարկման։
| Հոդված 159. | Հաշտության համաձայնությունը |
1․ Սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու օրվանից պարտատերը և պարտապանը կարող են կնքել հաշտության համաձայնություն, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրվում է կողմերի կողմից և ներկայացվում է Սնանկության դատարանի հաստատմանը։
2. Սնանկության դատարանը հաշտության համաձայնությունը քննարկում է դատական նիստում՝ կողմերի մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշտության համաձայնությունն ստորագրող կողմն իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ որպես ներկայացուցիչ փաստաբան ունեցող ֆիզիկական անձ է, կամ հաշտության համաձայնության կողմերը միջնորդել են հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ:
3․ Հաշտության համաձայնությունը դատական նիստում քննարկելիս Սնանկության դատարանը դատական նիստին ներկայացած անձանց պարզաբանում է դրա հաստատման դատավարական հետևանքները:
4. Սնանկության դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝
1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.
3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.
4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:
5. Հաշտության համաձայնությունը Սնանկության դատարանի կողմից չհաստատվելու դեպքում սնանկ ճանաչելու հարցի քննությունը շարունակվում է: Սնանկության դատարանը հաշտության համաձայնությունը չհաստատելու դեպքում կայացնում է արձանագրային որոշում: Սնանկության դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնությունը որևէ նյութաիրավական կամ դատավարական հետևանք չի առաջացնում:
| Հոդված 160. | Վարույթի ավարտը առանց սնանկ ճանաչելու հարցը ըստ էության լուծելու |
1. Սնանկության դատարանը սնանկ ճանաչելու մասին դիմումը թողնում է առանց քննության, եթե`
1) դիմումը ներկայացրել է դատավարական գործունակությամբ չօժտված անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավարական գործունակությամբ չօժտված անձի օրինական ներկայացուցիչը պնդում է դիմումը.
2) դիմումն ստորագրել է այն ստորագրելու իրավունք չունեցող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումն ստորագրելու իրավունք ունեցող անձը պնդում է դիմումը.
3) ծանուցված դիմողը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պարտապանը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
2․ Սնանկության դատարանը սնանկ ճանաչելու հարցի քննության վարույթում կարճում է սնանկության գործի վարույթը, եթե՝
1) առկա է պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ, և սնանկության վարույթն ավարտված չէ.
2) պարտատիրոջ մահից հետո սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված անվիճելի պարտավորությունը բացառում է իրավահաջորդությունը.
3) դիմումը ներկայացվել է լուծարված իրավաբանական անձի դեմ.
4) դիմողը հրաժարվել է պահանջից.
5) սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունվելուց հետո անվճարունակության հատկանիշները վերացել են.
6) Սնանկության դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ հաշտարարության արդյունքով կնքված հաշտության համաձայնությունը։
3․ Դիմումն առանց քննության թողնելու և գործի վարույթը կարճելու մասին Սնանկության դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատական ծախսերի հատուցման, բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։
| Հոդված 161. | Սնանկ ճանաչելու հարցի ըստ էության լուծումը |
1․ Սնանկ ճանաչելու հարցը Սնանկության դատարանը քննում է դիմումի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։
2․ Սնանկության գործի շրջանակում պարտապանին սնանկ ճանաչելու մասին մի քանի դիմումների առկայության դեպքում Սնանկության դատարանը լուծում է դրանցից յուրաքանչյուրի հիմքով պարտապանի սնանկության հարցը։
3․ Սնանկ ճանաչելու հարցի ըստ էության քննության արդյունքով Սնանկության դատարանը վճիռ է կայացնում՝
1) պարտապանին սնանկ ճանաչելու մասին․
2) պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին։
4․ Պարտապանին սնանկ ճանաչելու հարցն ըստ էության քննության շրջանակում կայացված վճռով Սնանկության դատարանը լուծում է նաև՝
1) դիմումի ապահովման վերացման հարցը, եթե սնանկ ճանաչելու դիմումը մերժվում է․
2) դատական ծախսերի բաշխման և հատուցման հարցը:
| Հոդված 162. | Սնանկ ճանաչելու հարցի քննությունը եզրափակող դատական ակտի մասին իրավասու մարմիններին ծանուցումը |
1․ Սնանկ ճանաչելու մասին դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կարճելու և սնանկ ճանաչելու մասին դիմումը մերժելու դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անհապաղ, սակայն ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում, գրավոր, իսկ առկայության դեպքում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործադրմամբ ուղարկվում են այն մարմիններ, որոնք ծանուցվել են սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին։
2․ Պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անհապաղ, սակայն ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում, գրավոր, իսկ առկայության դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործադրմամբ Սնանկության դատարանն ուղարկում է՝
1) պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմին.
2) անշարժ և պետական գրանցման (հաշվառման) ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններ.
3) հարկային մարմին.
4) մաքսային մարմիններ.
5) Կենտրոնական բանկ` իր կողմից կարգավորվող կամ վերահսկվող բոլոր անձանց ծանուցելու համար.
6) Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.
7) Դատական դեպարտամենտ` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար.
8) պարտապանին լիցենզիա կամ ընդերքօգտագործման իրավունք տրամադրած պետական մարմին (մարմիններ), եթե գործում առկա է տեղեկատվություն լիցենզիա կամ ընդերքօգտագործման իրավունք ունենալու մասին.
9) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմին.
10) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով.
11) Գլխավոր դատախազություն.
12) ներքին գործերի նախարարություն.
13) Նոտարական պալատ՝ բոլոր նոտարներին ծանուցելու համար.
14) այն համայնքներ, որոնց տարածքում պարտապանն ունի գրանցված իրավունքներ:
3․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինները պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու մասին տեղեկացումը ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, Սնանկության դատարան ներկայացնել պարտապանի գույքի (այդ թվում` իրավաբանական անձանց բաժնեհավաք, փայահավաք կամ այլ կապիտալում մասնակցության), ինչպես նաև իրավունքների (այդ թվում` պարտապանի գրավառուի իրավունքների) գրանցման մասին, իսկ բանկերը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան` պարտապանի բանկային հաշիվների և դրանց մնացորդների, ինչպես նաև արժեթղթերի նկատմամբ ունեցած իրավունքների մասին տեղեկություններ։
| Հոդված 163. | Պարտապանին սնանկ ճանաչելու հետևանքները |
1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝
1) Սնանկության դատարանը՝
ա․ կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից հինգ օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու մասին տեղեկությունները հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում,
բ․ պարտապանին պարտավորեցնում է 10 օրվա ընթացքում կառավարչին ներկայացնել սույն օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, եթե դիմումը ներկայացրել է պարտատերը, կամ պարտապանի կողմից դիմում ներկայացնելու դեպքում դրանք ներկայացվել են թերի,
գ․ պարտապանին գրավոր պարզաբանում է սույն օրենսգրքով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականության և դրա խախտման հետևանքների մասին` միաժամանակ պարզաբանումը հրապարակելով դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում․
2) պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետները համարվում են լրացած.
3) արգելվում է առանց Սնանկության դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի, ինչպես նաև սնանկության վարույթում բնականոն գործունեության արդյունքով առաջացող հարկային և այլ վճարների գծով պարտավորությունների.
4) կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված՝ գույքի կառավարմանը և տնօրինմանը վերաբերող այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ, բացառությամբ ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակում Սնանկության դատարանի որոշմամբ թույլատրելու դեպքի․
5) դադարում է պարտապանի վճարային, ներառյալ հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը.
6) կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական, արբիտրաժային տրիբունալի կամ նոտարի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակում՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով.
7) ավարտվում է պարտապանի վերաբերյալ գույքային բռնագանձումներով և ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որն ազդում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի և իրավունքների վրա, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերի․
8) վերանում են մինչև սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումը պարտապանի գույքի վրա դրված բոլոր արգելանքներն ու սահմանափակումները, բացառությամբ քրեական գործով կիրառված արգելանքների, որոնց վերացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, գույքի պատկանելության վերաբերյալ վեճերով կիրառված արգելանքների և սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերի․
9) հաստատված պահանջ ունեցող յուրաքանչյուր պարտատեր կարող է ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին, ինչպես նաև կառավարչից պահանջել տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ գույքագրված ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ․
10) պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն Սնանկության դատարանի որոշմամբ, բացառությամբ՝
ա․ եթե ստուգումները և ուսումնասիրություններն սկսվել են, կամ դրանց վերաբերյալ հանձնարարագրերը հրապարակվել են մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը հրապարակվելը, ինչպես նաև վարչապետի համաձայնության առկայության պարագայում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության ապահովման կամ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների, այն պարագայում, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ,
բ․ եթե ստուգումները և ուսումնասիրություններն իրականացվում են պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության և լուծարման վարույթում գտնվող պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում,
գ․ եթե Սնանկության դատարանն սկսել է պարտապանի լուծարման գործընթաց, երբ առհասարակ արգելվում է ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնել, բացառությամբ հարկային մարմնի կողմից իրականացվող այն ստուգումների, որոնք սկսվել են մինչև պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելը կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտագնա ուսումնասիրությունների, ինչպես նաև վարչապետի համաձայնության առկայության պարագայում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության ապահովման կամ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների, այն պարագայում, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ։
2․ Սույն հոդվածի 1-ին մասի գործողությունը չի տարածվում՝
1) ալիմենտների բռնագանձման վրա.
2) բաշխման ծրագրերով կառավարչի վարձատրության, վարչական և պարտապանի ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ այլ ծախսերի վրա.
3) ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի վրա, եթե Սնանկության դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտատիրոջը թույլատրել է դրա իրացումն արտադատական կարգով.
4) ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման` երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ընթացքում.
5) ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների զուտացման դեպքերի վրա.
6) մինչև պարտատերերի առաջին ժողովի կայացումը կառավարչի, պարտատիրոջ կամ պարտապանի դիմումով Սնանկության դատարանի որոշմամբ նոր ֆինանսական պարտավորությունների ստանձնման վրա․
7) պարտապանի կողմից իր հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի կնքման գործընթացի վրա, եթե սնանկության վարույթի միակ պարտատերը հարկային մարմինն է.
8) «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքով լիազոր մարմնի կատարած ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա:
| Հոդված 164. | Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը |
1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝
1) կառավարիչը ձեռնարկում է միջոցներ սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտապանի փաստաթղթերի հայտնաբերման ուղղությամբ,
2) կառավարչի դիմումի հիման վրա հարկային մարմինը կառավարչին տրամադրում է պարտապանի հարկային հաշվետվությունների ներկայացման կայքի կառավարման լիազորություն։
2. Կառավարիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված լիազորությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, պարտապանի կողմից հաշվետվություններ ներկայացնելու ամբողջ ժամանակահատվածի համար պարտապանին տրամադրել հարկային հաշվետվությունների ներկայացման կայքից օգտվելու և հաշվետվություններ ներկայացնելու հնարավորություն։ Նշված հնարավորությունը կառավարչի կողմից դադարեցվում է այն պահից, երբ սնանկության վարույթում առաջացող հարկերի մասին տեղեկատվության տրամադրման պարտականությունն անցնում է կառավարչին։
3. Պարտապանի հարկային հաշվետվությունների ներկայացման կայքին հասանելիություն ստանալու պահից կառավարիչը կայքում առկա տեղեկությունների և սնանկության վարույթում ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծություն և այն ներկայացնում է պարտատերերի առաջին ժողովի քննարկմանը։
4. Պարտապանի հարկային հաշվետվությունների ներկայացման կայքում և կառավարչի տիրապետման ներքո ֆինանսական վիճակի վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթերի մեծ ծավալի, դրանց ուսումնասիրության հետ կապված բարդության կամ այլ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ կառավարիչը սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով։
5. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծություն կատարելու՝ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը կառավարչի միջնորդությամբ կարող է երկարաձգվել ողջամիտ ժամկետով՝ Սնանկության դատարանի որոշմամբ։
6. Ֆինանսական վիճակի վերլուծությունը կատարվում է կառավարչի տիրապետման ներքո փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա։
7. Ֆինանսական վիճակի վերլուծությունն առնվազն պետք է պարունակի տեղեկություններ՝
1) սնանկության պատճառների, կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության մասին.
2) պարտապանի ֆինանսական առողջացման և վճարունակության վերականգնման հնարավորությունների մասին.
3) պարտապանի գույքի, պարտապանի դեբիտորական պարտավորությունների և դրանց հավաքագրման հնարավորության մասին.
4) պարտատերերի պահանջները բավարարման հնարավորության մասին.
5) պարտապանի կնքած վիճելի գործարքների և դրանց հետ կապված՝ սույն օրենսգրքով սահմանված գործողությունների իրականացման հնարավորության մասին։
8. Կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կառավարիչը պարտավոր է հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ:
9. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության ձևը սահմանում է լիազոր մարմինը։
10. Յուրաքանչյուր պարտատեր իրավունք ունի սնանկության վարույթի ընթացքում ծանոթանալու պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությանը:
ԳԼՈՒԽ 22
ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴԸ
| Հոդված 165. |
Պարտատերերի ժողովը |
1․ Պարտատերերի ժողովը սույն օրենսգրքին համապատասխան գործող մարմին է։
2. Ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`
1) պարտատերերի խորհրդի կազմի հաստատումը և խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
2) ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալը և ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման մասին Սնանկության դատարանին առաջարկություն ներկայացնելը.
3) ժողովի անցկացման՝ սույն օրենսգրքին չհակասող լրացուցիչ այլ կանոնների սահմանումը։
3․ Ժողովը գումարում է կառավարիչը` սույն օրենսգրքում նշված դեպքերում՝ օրենքի ուժով կամ իր նախաձեռնությամբ կամ հինգ և ավելի տոկոս ձայն ունեցող պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով:
4․ Կառավարչի նախաձեռնությամբ հրավիրված ժողովների ծախսերը վճարվում են պարտապանի հաշվին, իսկ պարտատիրոջ նախաձեռնությամբ հրավիրված ժողովի ծախսերը կատարվում են ժողովը հրավիրելու նախաձեռնություն ցուցաբերած պարտատիրոջ հաշվին։
5. Ժողով անցկացնելու պահանջում պետք է նշվեն ժողովի հրավիրման նպատակը և օրակարգում ընդգրկվող հարցերի բովանդակությունը։ Առկայության դեպքում ժողովի հրավիրման պահանջին կից ներկայացվում են նաև քննարկման ենթակա հարցերին առնչվող փաստաթղթերը։
6․ Եթե ժողովի հրավիրման և անցկացման համար պահանջվում են ծախսեր, ապա կառավարիչը ժողովի հրավիրման պահանջն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում ժողովի հրավիրման պահանջ ներկայացնողին է տրամադրում ժողովի անցկացման ծախսերի նախահաշիվ և ժողովը հրավիրում է դրա համար անհրաժեշտ գումարը սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց հետո՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում։
7․ Կառավարիչը պարտավոր է ժողով չկազմակերպվելու կամ ժողովի անցկացման օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ժողովի կազմակերպման նպատակով սնանկության հատուկ հաշվին փոխանցված և չօգտագործված միջոցները վերադարձնել այն փոխանցողին։
| Հոդված 166. | Պարտատերերի առաջին ժողովը |
1․ Պարտատերերի պահանջների նախնական ցուցակում ներառված առնվազն մեկ պահանջը սույն օրենսգրքով սահմանված կարգով հաստատված համարվելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում կառավարիչը՝
1) առաջին ժողովի մասին սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է գործին մասնակցող անձանց.
2) ծանուցում է այն քաղաքացիներին, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար (տեղեկատվության առկայության դեպքում)։
2․ Առաջին ժողովը նշանակվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված կարգով ծանուցումներն ուղարկվելուց (հրապարակվելուց) երեք շաբաթից ոչ շուտ և չորս շաբաթից ոչ ուշ։
3. Սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում, և դրա առկայության դեպքում առաջին ժողովն իրավասու է` անկախ ներկայացված պարտատերերի քանակից:
4. Առաջին ժողովի օրակարգում պարտադիր ներառվում են հետևյալ հարցերը.
1) սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հարցի քննարկում և պարտատերերի միջև ձայների բաշխում.
2) խորհրդի ձևավորում (օրակարգում ներառվում է, եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է).
3) սույն օրենսգրքով սահմանված՝ մինչև պարտապանի սնանկ ճանաչվելը նրա գույքի օտարմանն առնչվող հարցերի քննարկում.
4) պարտապանի դեբիտորական պարտավորությունը կառավարչի կողմից հավաքելու նպատակով հայցադիմում ներկայացնելու կամ դեբիտորական պարտավորությունը (պահանջի իրավունքը) հրապարակային սակարկություններով վաճառքի ներկայացնելու մասին, ընդ որում, սույն կետում նշված որոշումը կարող է կայացվել ինչպես յուրաքանչյուր դեբիտորական պարտավորության մասով, այնպես էլ՝ բոլորի։
5. Կառավարչի, պարտապանի կամ պարտատիրոջ առաջարկով պարտատերերի առաջին ժողովի օրակարգում կարող են ներառվել նաև ժողովի իրավասության ներքո այլ հարցեր։
6․ Առաջին ժողովն անցկացվում է առկա եղանակով՝ մեկ վայրում հավաքվելու միջոցով սույն օրենսգրքի 167-րդ և 168-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ սույն հոդվածում սահմանված առանձնահատկություններին համապատասխան։
7. Պարտապանը պարտավոր է ներկա գտնվել առաջին ժողովին և պատասխանել կառավարչի և պարտատերերի՝ սույն օրենսգրքից բխող հարցերին։
8․ Առաջին ժողովին քվեարկելու ձայնի իրավունք են ստանում միայն այդ ժողովին ներկայացած՝ հաստատված պահանջներով պարտատերերը։ Սույն մասում նշված պարտատերերը հետագա ժողովներում ունեն իրենց պահանջի մնացորդին համապատասխան չափով քվեարկելու ձայնի իրավունք։
9․ Պարտատերերի առաջին ժողովին չմասնակցած, սակայն հետագա ժողովի անցկացման օրվա դրությամբ ամենախոշոր հաստատված պահանջ ունեցող պարտատերն այդ ժողովին մասնակցելու դեպքում ունի քվեարկելու ձայնի իրավունք։
10․ Առաջին ժողովին ներկայացած պարտատերերը, որոնց պահանջները բողոքարկված են, ժողովին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով և, պահանջները հաստատված համարվելու օրվանից սկսած, պարտատերերի ժողովներին մասնակցելու դեպքում ստանում են քվեարկելու ձայնի իրավունք։
| Հոդված 167. | Պարտատերերի ժողովի կազմակերպումը |
1․ Բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի, պարտատերերի ժողովը հրավիրում, կազմակերպում և անցկացնում է կառավարիչը։
2․ Պարտատերերի ժողովը կարող է անցկացվել՝
1) առկա եղանակով, որի դեպքում ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձինք նույն ժամանակահատվածում հավաքվում են մեկ վայրում.
2) հեռավար եղանակով, որի դեպքում ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձինք նույն ժամանակահատվածում էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ հավաքվում են մեկ հարթակում.
3) գրավոր հարցման եղանակով, որի դեպքում օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ քվեարկությունը կազմակերպվում է ոչ թե մեկ վայրում կամ մեկ հարթակում հավաքվելու, այլ սույն օրենսգրքով սահմանված կարգով փաստաթղթեր փոխանակելու միջոցով.
4) համակցված եղանակով, որի դեպքում ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձն իր հայեցողությամբ ժողովին կարող է մասնակցել սույն մասի 1-ին կամ 2-րդ կետում նշված եղանակով։
3․ Կառավարիչը պարտավոր է սույն օրենսգրքով սահմանված կարգով ժողովի մասին ծանուցումը ժողովին մասնակցելու իրավասություն ունեցող անձանց ուղարկել (ծանուցել) մեկշաբաթյա ժամկետում այն օրվանից հետո, երբ՝
1) ժողովի հրավիրումն անհրաժեշտ է սույն օրենսգրքով սահմանված որևէ գործողություն կատարելու համար.
2) պարտատերը պահանջ է ներկայացրել ժողով հրավիրելու մասին.
3) ցանկացած այլ պատճառով առաջացել է ժողովի հրավիրման անհրաժեշտություն։
4․ Կառավարիչն առկա և հեռավար եղանակով անցկացվող ժողովի մասին ծանուցումն էլեկտրոնային հարթակով ուղարկում է էլեկտրոնային հարթակում գրանցված, իսկ էլեկտրոնային փոստով՝ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած՝ գործին մասնակցող անձանց, իսկ հարթակում չգրանցված, էլեկտրոնային փոստի հասցե չտրամադրած և էլեկտրոնային փոստին ուղարկված ծանուցման ստացման վերաբերյալ հետադարձ ծանուցում չուղարկած՝ գործին մասնակցող անձանց ուղղված ծանուցումը հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ Այդ դեպքում ժողովը կարող է նշանակվել ոչ շուտ, քան ծանուցված համարվելու օրվանից հինգ օր հետո։
5․ Անկախ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվից, եթե այդ անձինք ծանուցվում են էլեկտրոնային եղանակով, ապա ժողովը կարող է հրավիրվել՝ ծանուցման օրվան հաջորդող երրորդ օրվանից սկսած, բացառությամբ առաջին ժողովի։
6․ Անկախ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվից՝ այդ անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում ժողովը կարող է նշանակվել ցանկացած ժամանակ, բացառությամբ առաջին ժողովի։
7․ Առկա և հեռավար եղանակով անցկացվող ժողովի ծանուցումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները.
1) պարտապանի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրի հասցեն.
2) սնանկության գործի համարը, կառավարչի անունը և ազգանունը.
3) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը, եթե ծանուցումն առաջին ժողովի հրավիրման մասին է, ապա նաև նշում այդ մասին.
4) ժողովի գումարման վայրի հասցեն՝ առկա եղանակով հրավիրվող ժողովի դեպքում, էլեկտրոնային հարթակի (կապի միջոցի) հասցեն և ժողովին միանալու համար անհրաժեշտ այլ տվյալներ՝ էլեկտրոնային եղանակով հրավիրվող ժողովի դեպքում.
5) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, քվեարկության դրվող հարցերի բովանդակությունը.
6) ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին ծանոթանալու կարգը (եթե այդ տեղեկություններն ու նյութերը կողմերին չեն տրամադրվում ծանուցման հետ միաժամանակ).
7) ժողովի մասնակիցների գրանցման կարգը։
8. Եթե պարտատերերի ժողով է հրավիրվում կառավարչին ազատելու մասին Սնանկության դատարանին միջնորդություն ներկայացնելու հարցով, ապա այն նախագահում է ժողովին ներկա, քվեարկելու ձայնի իրավունք ունեցող ամենախոշոր պարտատերը՝ ժողովի մասին ծանուցումը սույն գլխով սահմանված կարգով ուղարկելով նաև կառավարչին։ Սույն մասում նշված դեպքում ժողովի արձանագրությունը կազմում և Սնանկության դատարան է ներկայացվում նախագահողը՝ սույն գլխով սահմանված կարգով։
| Հոդված 168. | Պարտատերերի ժողովի անցկացումը |
1․ Առկա ժողովի մասնակիցները, ժողովի մասնակիցների գրանցման կարգին համապատասխան, մինչև ժողովն սկսվելը գրանցվում են կառավարչի կազմած գրանցման թերթիկում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները․
1) պարտապանի անունը (անվանումը), սնանկության գործի համարը.
2) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը, վայրի հասցեն.
3) եթե ծանուցումն առաջին ժողովի հրավիրման մասին է, ապա նաև նշում այդ մասին։
2․ Առկա և հեռավար եղանակով անցկացվող ժողովի օրակարգում ընդգրկված հարցը ներկայացնում է կառավարիչը։ Ժողովի մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի իր դիրքորոշումը հայտնելու քննարկվող հարցի վերաբերյալ։ Եթե քննարկվող հարցի վերաբերյալ ժողովը պետք է կազմակերպի քվեարկություն, ապա կառավարիչը քվեարկելու ձայնի իրավունք ունեցող ժողովի մասնակիցներին տրամադրում է սույն օրենսգրքին համապատասխան կազմված քվեաթերթիկ։ Քվեարկողը քվեաթերթիկի վրա կատարում է քվեարկությունը, ստորագրում է քվեաթերթիկը և այն վերադարձնում է ժողովի կազմակերպչին։
3․ Առկա և հեռավար եղանակով անցկացվող ժողովներն արձանագրվում են կառավարչի կողմից։ Արձանագրությունում պարտադիր ներառվում են պարտապանի անունը (անվանումը), ժողովի անցկացման օրը, ամիսը, տարին, առկա ժողովի դեպքում՝ վայրը (հասցեն), հեռավար ժողովի դեպքում՝ ժողովի կազմակերպման էլեկտրոնային հարթակի մասին տվյալները, ժողովին ներկա անձանց կարգավիճակը և անունները, ազգանունները, ժողովի ժամանակ ներկայացված գրավոր փաստաթղթերի հակիրճ նկարագիրը և այն ներկայացնողի անունը, ազգանունը, օրակարգում ընդգրկված, ինչպես նաև օրակարգում չընդգրկված, սակայն ժողովում քննարկված հարցերը, դրանց վերաբերյալ քննարկումների հակիրճ նկարագիրը։ Եթե քննարկվող հարցի վերաբերյալ ժողովը պետք է կազմակերպի քվեարկություն, ապա արձանագրությունում ներառվում են նաև քվեարկության արդյունքները և ժողովի կայացրած որոշումը։ Ժողովի մասնակցի պահանջով արձանագրությունում պարտադիր լրացվում է քննարկումների ժամանակ իր կամ ժողովի այլ մասնակցի արտահայտած դիրքորոշումը։
4․ Առկա և հեռավար եղանակով անցկացվող ժողովն իրավասու է սահմանելու ժողովի անցկացման՝ սույն օրենսգրքին չհակասող լրացուցիչ այլ կանոններ։
5․ Առկա և հեռավար եղանակով անցկացվող ժողովի արձանագրությունն ստորագրում են ժողովին մասնակցած անձինք և կառավարիչը, իսկ ստորագրության առկայությունը հաստատում է, որ արձանագրությանը կազմված է ճիշտ։ Եթե ժողովին մասնակցած անձը ժողովի արձանագրության վերաբերյալ ունի առարկություն, ապա ժողովի արձանագրության վրա կատարում է գրառում առարկության առկայության մասին և կցում է իր ստորագրած գրավոր առարկությունը։ Եթե ժողովի որևէ մասնակից հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա կառավարիչն արձանագրության վրա այդ մասին կատարում է գրառում։
6․ Առկա և հեռավար եղանակով անցկացվող ժողովի մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի ժողովին ներկա անձանց տեղեկացնելու և ձայնագրելու կամ տեսաձայնագրելու ժողովի ընթացքը։ Արձանագրությունն ստորագրած՝ առարկություն չներկայացրած անձը չի կարող առարկություն ներկայացնել ժողովի արձանագրության բովանդակության վերաբերյալ, ինչպես նաև չի կարող իր հետագա գործողություններում որպես ապացույց վկայակոչել ժողովի ընթացքի վերաբերյալ իր կամ այլ անձի կողմից արված ձայնագրությունը կամ տեսաձայնագրությունը։
7․ Հեռավար եղանակով ժողովը կազմակերպվում և անցկացվում է առկա ժողովի անցկացման՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով այնպես, որ հնարավոր լինի նույնականացնել ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց։ Այդ դեպքում ժողովին առնչվող բոլոր փաստաթղթերը ժողովին ներկա գտնվող անձանց միջև փոխանակվում են էլեկտրոնային եղանակով այնպես, որ ապացուցելի լինի ժողովին առնչվող՝ ստորագրման ենթակա փաստաթղթերն իրավասություն ունեցող անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։ Հեռավար եղանակով ժողովի մասնակիցները գրանցվում են էլեկտրոնային հարթակի գործիքակազմին համապատասխան այնպես, որ հնարավոր լինի նույնականացնել ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, և ապացուցելի լինի ժողովին նրանց մասնակցության փաստը։
8․ Առկա և հեռավար եղանակով անցկացվող ժողովի արձանագրությունները և ժողովին առնչվող նյութերը ժողովի անցկացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում կառավարիչը ներկայացնում է Սնանկության դատարան։
9. Գրավոր հարցման եղանակով անցկացվող ժողովի վերաբերյալ ծանուցումը պետք է պարունակի սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերում նշված տեղեկությունները և լրացված քվեաթերթիկները կառավարչին ուղարկելու կարգը և վերջնաժամկետը։ Ծանուցմանը կից պետք է ներկայացվեն օրակարգի հարցերին առնչվող նյութերը և օրակարգում ընդգրկված հարցերը ներառող քվեաթերթիկը, որը, սույն օրենսգրքով սահմանված այլ տեղեկություններից բացի, պետք է ներառի լրացված քվեաթերթիկները կառավարչին ուղարկելու կարգը և վերջնաժամկետը:
10. Քվեարկելու ձայնի իրավունք ունեցող պարտատերերը մինչև գրավոր հարցման եղանակով անցկացվող ժողովի քվեաթերթիկները կառավարչին ուղարկելու վերջնաժամկետը լրացնում են քվեաթերթիկը, քվեարկում և ստորագրված քվեաթերթիկը դրանում նշված կարգով ուղարկում կառավարչին։ Սույն մասում նշված դեպքում ժողովին մասնակցած են համարվում միայն քվեարկելու ձայնի իրավունք ունեցող այն պարտատերերը, որոնք իրենց ստորագրած քվեաթերթիկը կառավարչին են ներկայացրել մինչև քվեաթերթիկում նշված վերջնաժամկետը լրանալը։
11. Գրավոր հարցման եղանակով անցկացվող ժողովի քվեաթերթիկները կառավարչին ուղարկելու վերջնաժամկետը լրանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կառավարիչը ժողովին մասնակցած պարտատերերի ստորագրած քվեաթերթիկների արդյունքներով կատարում է ժողովի ամփոփում՝ կազմում է ժողովի արձանագրություն և այն ժողովին առնչվող նյութերի ու քվեաթերթիկների հետ միասին ներկայացնում է Սնանկության դատարան։ Սույն մասում նշված ժողովի արձանագրությունը պետք է ներառի քվեարկության արդյունքների մասին տեղեկությունները և քվեարկության արդյունքներով ժողովի կայացրած որոշումը։
12․ Համակցված եղանակով ժողովի ծանուցումը պետք է պարունակի սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 7-րդ մասում նշված տեղեկությունները և լրացված քվեաթերթիկները կառավարչին ուղարկելու կարգը և վերջնաժամկետը։ Սույն դեպքում ժողովն անցկացվում, արձանագրվում և ժողովին առնչվող նյութերը Սնանկության դատարան են ներկայացվում այնպես, որ պահպանվեն սույն հոդվածով առկա, հեռավար և գրավոր հարցման եղանակով ժողովի անցկացմանն առնչվող կանոնները։
| Հոդված 169. | Քվեարկությունը պարտատերերի ժողովում |
1․ Պարտատերերի առաջին և հետագա՝ առկա և հեռավար եղանակով անցկացվող ժողովներում քվեարկելու ձայնի իրավունքի չափը որոշվում է այդ ժողովին ներկայացած՝ քվեարկելու ձայնի իրավունք ունեցող պարտատերերի պահանջների մնացորդների հանրագումարի մեջ այդ պարտատերերից յուրաքանչյուրի պահանջի մնացորդի տեսակարար կշռին համապատասխան չափով։
2․ Գրավոր հարցման եղանակով անցկացվող ժողովներում քվեարկելու ձայնի իրավունքի չափը որոշվում է մինչև քվեաթերթիկում նշված վերջնաժամկետը լրանալն իրենց ստորագրած քվեաթերթիկը կառավարչին ներկայացրած՝ քվեարկելու ձայնի իրավունք ունեցող պարտատերերի պահանջների մնացորդների հանրագումարի մեջ այդ պարտատերերից յուրաքանչյուրի պահանջի մնացորդի տեսակարար կշռին համապատասխան չափով։
3․ Եթե սնանկության գործով առկա է մեկ պարտատեր, ապա առաջին և հետագա ժողովների իրավասությանը վերաբերող հարցերով որոշումները կայացնում է այդ պարտատերը:
4․ Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում արտարժույթով արտահայտված պահանջները քվեարկելու ձայների հաշվարկման նպատակով բերվում են դրամական արտահայտության ժողովի անցկացման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար սահմանված փոխարժեքով։
5․ Ժողովի քննարկմանը դրված հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է քվեաթերթիկի միջոցով, որը քվեարկելու ձայնի իրավունք ունեցող պարտատերերին է տրամադրում կառավարիչը։
6․ Քվեաթերթիկը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները․
1) պարտապանի անունը (անվանումը), սնանկության գործի համարը.
2) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը.
3) եթե ծանուցումն առաջին ժողովի հրավիրման մասին է, ապա նաև նշում այդ մասին.
4) առկա եղանակով հրավիրվող ժողովի դեպքում` ժողովի գումարման վայրի հասցեն.
5) էլեկտրոնային եղանակով հրավիրվող ժողովի դեպքում՝ նշում այդ մասին.
6) քվեարկության դրվող հարցերի բովանդակությունը.
7) լրացնելու և քվեարկելու կարգը։
7. Քվեաթերթիկը պետք է կազմված լինի այնպես, որ քվեարկողը հնարավորություն ունենա յուրաքանչյուր քվեարկվող հարցի դիմաց կատարելու նշում՝ ընտրելով «Կողմ» կամ «Դեմ» տարբերակներից մեկը, ինչպես նաև նշելու իր անունը, ազգանունը, սնանկության գործին առնչությունը և ստորագրելու այն։
8․ Պարտատիրոջ կողմից քվեարկությունը կատարվում է՝ քվեաթերթիկի վրա «Կողմ» կամ «Դեմ» նշումներից միայն մեկը կատարելով։ Քվեարկողը քվեաթերթիկի վրա նշում է իր անունը և ազգանունը, առնչությունը սնանկության վարույթին և ստորագրում է։
9․ Անկախ սույն օրենսգրքով սահմանված այլ կարգավորումներից՝ պարտատերերի ժողովում (բացառությամբ առաջին ժողովի) քվեարկելու իրավունք ունեցող անձը համարվում է ժողովում քվեարկած, եթե մինչև ժողովի անցկացման պահն էլեկտրոնային համակարգի միջոցով կամ որևէ այլ եղանակով, որով հնարավոր լինի պարզել ստորագրողի ինքնությունը, կառավարչին է ներկայացրել ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իր լրացրած և ստորագրած քվեաթերթիկը։ Սույն մասում նշված դեպքում կառավարիչն այդ մասին կատարում է գրառում ժողովի արձանագրության մեջ և ձայների հաշվարկը կատարում է այնպես, ինչպես կկատարեր, եթե այդ պարտատերը ներկայացած լիներ ժողովին։
10․ Ժողովի քվեարկությանը դրված հարցը համարվում է ժողովի կողմից ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել ժողովին մասնակցած՝ քվեարկելու ձայնի իրավունք ունեցող պարտատերերի ձայների կեսից ավելին, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
| Հոդված 170. | Ժողովի որոշումների բողոքարկումը |
1․ Ժողովի որոշումը կարող է բողոքարկվել գործին մասնակցող անձի կողմից, եթե այդ որոշումը կայացվել է սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ, և այդ խախտման արդյունքով խախտվել են իր իրավունքները։
2․ Ժողովի որոշումը կառավարչի կողմից կարող է բողոքարկվել սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում, կամ եթե այդ որոշումը կդժվարացնի կամ անհնար կդարձնի սնանկության գործընթացի կամ դրա առանձին փուլի իրականացումը, ինչպես նաև այն դեպքում, երբ այդ որոշմամբ խախտվում է սույն օրենսգրքով սահմանված որևէ սկզբունք։
3․ Ժողովը նախագահողը պարտավոր է ոչ ուշ, քան գործին մասնակցող անձի դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը դիմումատուին տրամադրել ժողովի արձանագրության պատճենը։
| Հոդված 171. | Պարտատերերի ժողովում փոքր պահանջներ ունեցող պարտատերերի մասնակցության առանձնահատկությունները |
1. Պարտատերերի առաջին ժողովում ձայնի իրավունք ունեցող պարտատերերի պահանջների հանրագումարի մինչև երկու տոկոս ունեցող՝ առաջին ժողովին ներկայացած պարտատերերը (այսուհետ՝ փոքր պահանջ ունեցող պարտատեր) պարտատերերի առաջին և հետագա ժողովներին կարող են մասնակցել սույն հոդվածով սահմանված կանոնների պահպանմամբ, եթե պարտապանի նկատմամբ պահանջ ներկայացրած պարտատերերի ընդհանուր թիվը 10-ից ավելի է։
2․ Փոքր պահանջ ունեցող պարտատերերը առաջին ժողովին կարող են մասնակցել իրենց քվեարկելու իրավունքը առաջին ժողովում ձայնի իրավունք ունեցող այլ պարտատերերի հետ համախմբելու միջոցով։ Քվեարկելու իրավունքի համախմբում է համարվում առաջին ժողովին մասնակցելու նպատակով ներկայացած փոքր պարտատերերի կողմից մեկ այլ պարտատիրոջ կամ պարտատեր չհանդիսացող անձին գրավոր լիազորության տրամադրումը, որի արդյունքով լիազորված անձը առաջին և հետագա ժողովներում կներկայացնի առնվազն 10 տոկոս ձայնի իրավունք ունեցող պարտատերերի։
3․ Եթե փոքր պահանջ ունեցող պարտատերերի պահանջների հանրագումարը ձայնի իրավունք ունեցող պարտատերերի պահանջների հանրագումարի 10 տոկոսից ցածր է, ապա փոքր պահանջ ունեցող պարտատերը իր քվեարկելու իրավունքը կարող է համախմբել այլ՝ ոչ փոքր պահանջ ունեցող պարտատիրոջ հետ, իսկ այլ՝ ոչ փոքր պահանջ ունեցող պարտատիրոջ հետ չհամախմբված բոլոր փոքր պահանջ ունեցող պարտատերերը իրենց քվեարկելու իրավունքը կարող են համախմբել՝ լիազորելով միևնույն անձին։
4․ Կառավարիչը պարտավոր է փոքր պահանջ ունեցող պարտատերերին բացատրել սույն հոդվածի էությունը, նրանց աջակցել լիազորագիրը ձևակերպելու հարցում։ Լիազորագիրը պետք է պարունակի սնանկության վարույթի բոլոր ծանուցումները լիազորված անձին ուղարկելու վերաբերյալ համաձայնություն։ Լիազորագրին կից պետք է կառավարչին ներկայացվեն լիազորված անձի ծանուցման հասցեն և էլեկտրոնային կապի միջոցների տվյալները պարունակող գրավոր համաձայնությունը՝ որպես լիազորված անձ հանդես գալու և սույն օրենսգրքով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ծանուցվելու մասին։
5․ Սույն հոդվածում նշված գործողությունների մասին առաջին ժողովի արձանագրության մեջ կատարվում է գրառում։
6․ Կառավարիչը իրենց քվեարկելու իրավունքը սույն հոդվածում նշված կարգով համախմբած պարտատերերի մասով ծանուցումներն ուղարկում է լիազորված անձին, որի դեպքում փոքր պահանջ ունեցող պարտատերը համարվում է պատշաճ ծանուցված։
7․ Համախմբմամբ պայմանավորված լիազորությունն այլ անձի փոխանցելը կատարվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով։
8. Փոքր պահանջ ունեցողը կարող է հրաժարվել սույն հոդվածով սահմանված ընթացակարգից, եթե գրանցված է էլեկտրոնային համակարգում կամ ծանուցումներն ստանալու նպատակով տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե։
| Հոդված 172. | Պարտատերերի խորհուրդը |
1. Պարտատերերի խորհուրդը պարտատերերի առաջին ժողովի ընթացքում ձևավորված պարտատերերի ներկայացուցչական մարմին է։
2․ Խորհրդի լիազորությունների շրջանակը որոշում է պարտատերերի առաջին ժողովը՝ խորհրդին տալով իր իրավասությանը պատկանող հարցերի կամ դրանց մի մասի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք։
3․ Խորհուրդ չի ձևավորվում, եթե՝
1) պարտատերերի առաջին ժողովի օրը պարտատերերի թիվը չի գերազանցում 10-ը․
2) պարտատերերի առաջին ժողովի օրը պարտատերերի թիվը 10-ից ավելի է, սակայն սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված կարգով իրենց քվեարկելու իրավունքը համախմբած անձանց փոխարեն իրենց կողմից լիազորված անձանց հաշվելու դեպքում այդ թիվը չի գերազանցում 10-ը․
3) պարտատերերի առաջին ժողովը որոշում է խորհուրդ չձևավորել․
4) խորհրդի ձևավորման և գործունեության հետ կապված ծախսերն արդարացված չեն՝ ելնելով պարտապանի գույքի ցածր արժեքից․
5) սնանկության գործով պարտապանը գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտ է։
4. Խորհուրդ ձևավորվելու դեպքում դրա կազմում պետք է լինի երեքից ոչ պակաս և յոթից ոչ ավելի անդամ՝ ապահովելով բոլոր պարտատերերի շահերի հավասարակշռված ներկայացվածություն։
5․ Պարտատերերի ժողովը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել խորհրդի լիազորությունները, փոխել դրանք, փոխել խորհրդի կազմը։
6․ Կառավարիչը խորհրդի անդամներին ծանուցում է էլեկտրոնային եղանակով՝ նրանց տրամադրած էլեկտրոնային կապի միջոցով, որը համարվում է պատշաճ ծանուցում։
7․ Խորհրդի նիստերը կազմակերպվում և անցկացվում են պարտատերերի ժողովի կազմակերպման և անցկացման կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածում նշված կարգավորումները, ինչպես նաև խորհրդի առաջին նիստում ընդունված իր գործունեության կանոնակարգին համապատասխան։
8․ Խորհրդի նիստ հրավիրելու մասին խորհրդի անդամը պետք է ծանուցվի նիստից առնվազն երեք օր առաջ։ Խորհրդի բոլոր անդամների համաձայնության դեպքում նիստը կարող է հրավիրվել ցանկացած ժամանակ։
9. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայն: Խորհրդի անդամի ձայնի փոխանցումն այլ անձի չի թույլատրվում: Խորհրդի անդամները պետք է գործեն բացառապես բոլոր պարտատերերի շահերից ելնելով և կառավարչից անկախ: Սույն մասով սահմանված պահանջի խախտումը, ինչպես նաև խորհրդի անդամի` դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ կատարված անօրինական գործողությունները հիմք են Սնանկության դատարանի որոշմամբ խորհրդի անդամին հեռացնելու համար։ Սույն մասով սահմանված վարքագծի հետևանքով պատճառված վնասների համար խորհրդի համապատասխան անդամը կրում է անձնական պատասխանատվություն։
10. Խորհրդի որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
11. Խորհրդի որոշումների բողոքարկումը և բողոքի քննությունը կատարվում են պարտատերերի ժողովի որոշումների բողոքարկման և բողոքների քննության կարգով։
12․ Խորհրդի կողմից իր լիազորությունների շրջանակում կայացված որոշումը հավասարեցվում է ժողովի ընդունած որոշմանը և առաջացնում է նույն հետևանքները, ինչպիսիք կառաջանային այդ որոշումը ժողովի կողմից ընդունվելու դեպքում։
ԳԼՈՒԽ 23
ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
| Հոդված 173. | Պարտատերերի պահանջները |
1. Պարտատերերի պահանջները կարող են լինել ապահովված կամ չապահովված։
2. Ապահովված են համարվում այն պահանջները, որոնք ծանրաբեռնված են ապահովված իրավունքով, այդ թվում՝ ապահովված են գրավով, երաշխավորությամբ կամ երաշխիքով։
3. Չապահովված են համարվում այն պահանջները, որոնք ապահովված չեն գրավով, երաշխավորությամբ կամ երաշխիքով։
| Հոդված 174. | Չապահովված պահանջների խմբերը և հերթերը |
1. Չապահովված պահանջները բաժանվում են մի քանի խմբերի, որոնք ունեն հետևյալ հերթերը․
1) այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման հաշվարկի միջոցով, ինչպես նաև պարտապան քաղաքացու նկատմամբ ալիմենտների գծով պահանջները (երեխա, անաշխատունակ ծնող, անաշխատունակ ամուսին)՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին Սնանկության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվան նախորդող ժամանակահատվածում․
2) պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու ամսվան նախորդող վեց ամիսների ընթացքում առաջացած՝ աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները, դրանց համապատասխան հաշվարկված հարկերն ու պարտադիր այլ վճարները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները․
3) պարտապանի պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետում ներկայացված՝ չապահովված պարտատերերի պահանջները, որոնք ներառված չեն սույն կետի նախորդ և հաջորդ կետերում, ներառյալ պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները սնանկ ճանաչված պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված կամ պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով կարճված կամ ավարտված գործով դատական ծախսերի գումարը․
4) սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված այն պահանջները, որոնք ներկայացվել են պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետից հետո․
5) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իրավասու մարմնի պահանջները․
6) իրավաբանական անձ պարտապանին իր հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) տրամադրած վարկերից, փոխառություններից կամ այլ ներդրումներից առաջացած չապահովված պահանջները, եթե այդ վարկերը, փոխառությունները տրամադրվել, կամ այլ ներդրումները կատարվել են դրանք տրամադրելու կամ կատարելու պահին իրավաբանական անձ պարտապանի հիմնադիր (մասնակից, բաժնետեր, անդամ կամ գործընկեր) հանդիսացող անձի կողմից, պարտապանի կողմից տեղաբաշխված՝ 10 տարի և ավելի ժամկետ ունեցող պարտատոմսերով, ինչպես նաև արտոնյալ արժեթղթերով ներկայացված պահանջները, պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) պահանջները, սույն մասի նախորդ կետերում չներառված չապահովված պահանջները։
| Հոդված 175. | Պարտատերերի պահանջների ներկայացումը |
1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են Սնանկության դատարան և կառավարչին։
2․ Պահանջում պետք է նշվեն՝
1) սնանկության գործի համարը, պարտապան իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, առկայության դեպքում՝ այլ տեղեկություններ, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, առկայության դեպքում՝ այլ տեղեկություններ․
2) պահանջ ներկայացնողի էլեկտրոնային փոստի հասցեն, ծանուցման հասցեն, բանկային դրամային հաշվեհամարը, որին պետք է փոխանցվեն իրենց պահանջների մարմանն ուղղված դրամական միջոցները, եթե պարտատերը իրավաբանական անձ է՝ նաև անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, առկայության դեպքում՝ այլ տեղեկություններ, եթե ֆիզիկական անձ է՝ նաև անունը, ազգանունը, բնակության վայրը, առկայության դեպքում՝ այլ տեղեկություններ․
3) պահանջի առաջացման փաստական և իրավական հիմքերը․
4) պահանջին առնչվող երրորդ անձ գրավատուների, այդ թվում՝ գրավի առարկայի գրավադրման ժամանակ համաձայնություն տված անձանց, երաշխավորների և երաշխիք տված անձանց, այլ շահագրգիռ անձանց տվյալները (եթե իրավաբանական անձ է՝ անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը, առկայության դեպքում՝ այլ տեղեկություններ, եթե ֆիզիկական անձ է՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, առկայության դեպքում՝ այլ տեղեկություններ)․
5) գումարային պահանջի դեպքում պահանջի չափը՝ առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով․
6) սույն օրենսգրքով սահմանված դեպքերում ոչ գումարային պահանջ ներկայացնելու հնարավորության դեպքում՝ ոչ գումարային պահանջի նկարագիրը․
7) ապահովված պահանջի դեպքում՝ միջնորդություն պահանջն ապահովված դիտարկելու վերաբերյալ, չապահովված պահանջի դեպքում՝ միջնորդություն պահանջը սույն օրենսգրքի 174-րդ հոդվածին համապատասխան հերթում դիտարկելու վերաբերյալ․
8) պահանջին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։
3․ Պահանջին կից ներկայացվում են՝
1) պահանջը հիմնավորող փաստաթղթերը․
2) պահանջի մեկ օրինակը կառավարչին ուղարկելու վերաբերյալ ապացույցը, եթե պահանջը ներկայացվում է ոչ էլեկտրոնային հարթակի միջոցով։
4․ Եթե պարտատիրոջ պահանջն ապահովված է գրավով, երաշխավորությամբ կամ երաշխիքով, և պարտատիրոջ կողմից Սնանկության դատարան ներկայացված պահանջը չի պարունակում ապահովված պահանջին առնչվող փաստական և իրավական հիմքերը, ինչպես նաև պահանջը՝ որպես ապահովված դիտարկելու վերաբերյալ միջնորդություն, ապա պահանջը կարող է գրանցվել միայն որպես չապահովված։ Սույն մասում նշված պահանջը հաստատված համարվելուց հետո դադարում են այդ պահանջի մասով գրավատուների, երաշխավորների և երաշխիք տված անձանց նկատմամբ պահանջ ներկայացնելու պարտատիրոջ իրավունքները։
| Հոդված 176. | Պահանջների գրանցամատյանը |
1․ Պահանջների հաշվառումը պահանջների գրանցամատյանում կատարում է կառավարիչը։
2․ Գրանցամատյանում առնվազն պետք է նշվեն սնանկության գործի համարը, պարտապանի տվյալները, պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայտարարության և պարտատերերի նախնական ցուցակի հրապարակման ամսաթվերը, պարտատիրոջ տվյալները, ներկայացված պահանջի չափը և արժույթը (ոչ գումարային պահանջի դեպքում՝ պահանջի նկարագիրը), տեղեկություններ պահանջն առարկված լինելու, առարկության արդյունքով պահանջի հաստատված չափի վերաբերյալ, նշում դատական վերահսկողության արդյունքով կայացված որոշման վերաբերյալ, նշում պահանջը հաստատված լինելու կամ չլինելու վերաբերյալ, պահանջի մնացորդը, պահանջի նվազման կամ ավելացման համար հիմք հանդիսացած հանգամանքները (հրաժարում, բավարարում, դատական ակտ և այլն), գրանցամատյանում գրառումների կատարման ամսաթվերը, գրանցամատյանի վերջին թարմացման ամսաթիվը։
3․ Գրանցամատյանը վարում է կառավարիչը՝ էլեկտրոնային հարթակի գործիքակազմին համապատասխան։ Էլեկտրոնային հարթակը գործում է այնպես, որ ցանկացած պահի հնարավոր լինի ստանալու գրանցամատյանի բացման օրվանից մինչև այդ պահը պահանջների ներկայացման և դրանց հետ կապված՝ սույն օրենսգրքից բխող գործողությունների և դրանց իրականացման ժամկետների մասին տեղեկատվություն։
4․ Կառավարիչը պահանջների վերաբերյալ իր դիրքորոշումը ձևավորում է պահանջների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով և կարող է Սնանկության դատարան ներկայացնել առարկություն՝ պահանջների օրինականության, չափի, առաջնահերթության և ապահովվածության վերաբերյալ։
5․ Գրանցամատյանը տեղեկատվական բնույթ ունեցող փաստաթուղթ է, այն գործին մասնակցող անձանց համար որևէ իրավունք կամ պարտականություն չի առաջացնում։
6․ Գրանցամատյանում անճշտության առկայության դեպքում գործին մասնակցող անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է կառավարչին՝ միջնորդելով կատարել համապատասխան ճշգրտում։ Միջնորդությունն ուղարկվում է նաև գործին մասնակցող այլ անձանց, եթե անճշտությունն առնչվում է վերջիններիս, կամ ուղղումը կարող է առնչվել նրանց իրավունքներին։
7․ Սույն հոդվածի 6-րդ մասում նշված միջնորդությունն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում կառավարիչը գրանցամատյանում կատարում է ուղղում՝ այդ մասին տեղեկացնելով միջնորդություն ներկայացրած անձին, կամ վերջինիս է տրամադրում հիմնավորված մերժում։ Ուղղում կատարելու կամ միջնորդությունը մերժելու մասին փաստաթղթերն ուղարկվում են նաև գործին մասնակցող այլ անձանց, եթե անճշտությունը կամ ուղղումն առնչվում է վերջիններիս իրավունքներին։
8․ Գրանցամատյանում ուղղում կատարելու կամ ուղղում կատարելը մերժելու կառավարչի գործողությունը գործին մասնակցող շահագրգիռ անձը կարող է բողոքարկել ուղղում կատարելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին տեղեկանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում։
9․ Բողոքը քննվում և որոշում է կայացվում պարտատերերի ժողովի որոշումների դեմ բերված բողոքի քննության կարգին համապատասխան։
10․ Բողոքի քննության արդյունքով կայացված որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո կառավարիչը մեկշաբաթյա ժամկետում ապահովում է գրանցամատյանում համապատասխան փոփոխության կատարումը, եթե որոշմամբ նման բան նախատեսված է։
11․ Գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատվում է լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով։
| Հոդված 177. | Պահանջների հաշվառումը և պահանջի մասին ծանուցումը գործին մասնակցող անձանց |
1․ Պարտատիրոջ պահանջն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում Սնանկության դատարանը ստուգում է պահանջի համապատասխանությունը սույն օրենսգրքի 175-րդ հոդվածի պահանջներին, անհամապատասխանություն չհայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնում է կառավարչին, իսկ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնում է պահանջ ներկայացրած անձին և կառավարչին՝ գրության մեջ նշելով առկա բոլոր անհամապատասխանությունները։
2․ Պահանջը սույն օրենսգրքի 175-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու մասին Սնանկության դատարանի գրությունն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում պահանջ ներկայացրած անձը վերացնում է գրությամբ արձանագրած թերությունները և ուղղված պահանջը կրկին ներկայացնում է կառավարչին և Սնանկության դատարան։ Սույն կետում նշված դեպքում ներկայացվող պահանջի հետ կրկին չեն ներկայացվում այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են առաջին անգամ ներկայացված պահանջին կից, բացառությամբ պահանջի նոր տարբերակը կառավարչին ուղարկված լինելու մասին ապացույցի։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում սահմանված ժամկետում պահանջը կրկին ներկայացվելու դեպքում այն համարվում է ներկայացված պահանջն առաջին անգամ ներկայացնելու օրը, եթե ամբողջությամբ վերացվել են թերությունները։ Հակառակ դեպքում պահանջը համարվում է չներկայացված, և Սնանկության դատարանը որոշում է կայացնում պահանջի ընդունումը մերժելու մասին՝ որոշման օրինակն ուղարկելով պահանջ ներկայացնողին և կառավարչին։
4․ Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում անձը զրկված չէ պահանջը նորից ներկայացնելու հնարավորությունից, և այդ դեպքում այն համարվում է ներկայացված՝ նորից ներկայացնելու օրը։
5․ Պահանջը համարվում է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան ներկայացված, եթե դրա ներկայացումից հետո Սնանկության դատարանը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով անհամապատասխանությունների մասին չի տեղեկացրել պահանջը ներկայացնողին և կառավարչին կամ տեղեկացրել է, սակայն դրանից հետո՝ սույն հոդվածով 2-րդ մասով սահմանված ժամկետում, ներկայացվել է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանող՝ ուղղված պահանջ։
6․ Սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան թղթային եղանակով ներկայացված պահանջը Սնանկության դատարանի կողմից ներառվում է էլեկտրոնային համակարգում և դեպոնացվում Սնանկության դատարանում։
7․ Եթե դիմումատուն Սնանկության դատարանին միջնորդել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելու դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու մասին իր դիմումը դիտարկել որպես պահանջ, ապա պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռով Սնանկության դատարանը, սույն օրենսգրքի 175-րդ հոդվածի կանոններին համապատասխան, անդրադառնում է նաև այդ միջնորդությանը։
8․ Կառավարիչը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան ներկայացված պահանջն ստանալուց հետո՝
1) այն հաշվառում է պահանջների գրանցամատյանում և թղթային եղանակով ստացված պահանջի օրինակը դեպոնացնում է իր մոտ․
2) պահանջն էլեկտրոնային եղանակով ուղարկում է էլեկտրոնային համակարգում գրանցված կամ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած՝ գործին մասնակցող անձանց․
3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է պահանջի ստացման մասին ծանուցում՝ ուղղված էլեկտրոնային համակարգում չգրանցված և էլեկտրոնային փոստի հասցե չտրամադրած և էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած, սակայն սահմանված ժամկետում իրեն ուղարկված ծանուցման ստացումը չհավաստած՝ գործին մասնակցող անձանց։
9․ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն Սնանկության դատարանում և կառավարչի մոտ ծանոթանալու թղթային եղանակով ներկայացված դեպոնացված պահանջներին և լուսապատճենելու, լուսանկարելու դրանք։
10․ Կառավարիչը պարտավոր է պահանջի դեպոնացված օրինակին ծանոթանալ, սույն հոդվածի 9-րդ մասում նշված անձանց պահանջն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում ապահովել պահանջի դեպոնացված օրինակի հասանելիությունը՝ ծանոթանալու համար։
| Հոդված 178. | Պահանջների նախնական ցուցակը |
1. Պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետը լրանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կառավարիչը կազմում է պահանջների նախնական ցուցակը, որում ներառվում են պարտապանի տվյալները, սնանկության գործի համարը, պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետում սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան ներկայացված պահանջների չափը, պահանջ ներկայացնողների անունները և ազգանունները (անվանումները), պահանջների հերթերը, առկայության դեպքում՝ երրորդ անձ գրավատուների, երաշխավորների, երաշխիք տված անձանց անունները և ազգանունները (անվանումները), հասցեները, կառավարչի հայեցողությամբ՝ այլ տեղեկություններ, և այն՝
1) էլեկտրոնային եղանակով ուղարկում է էլեկտրոնային համակարգում գրանցված կամ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած՝ գործին մասնակցող անձանց․
2) հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ ներառելով նաև էլեկտրոնային համակարգում չգրանցված, էլեկտրոնային փոստի հասցե չտրամադրած և էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած, սակայն սահմանված ժամկետում իրեն ուղարկված ծանուցման ստացումը չհավաստած՝ գործին մասնակցող անձանց ուղղված ծանուցումը։
| Հոդված 179. | Պահանջների առարկումը |
1․ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն Սնանկության դատարան ներկայացնելու պահանջի վերաբերյալ առարկություն, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ։
2․ Առարկության օրինակը ուղարկվում է նաև պարտապանին, պահանջ ներկայացնողին, առարկվող պահանջին առնչվող գրավատուներին, երաշխավորներին, երաշխիք տված անձանց և կառավարչին։
3․ Եթե գործին մասնակցող անձը պահանջի մասին տեղեկացվել է (պահանջը ստացել կամ դրա մասին ծանուցվել է) սույն օրենսգրքի 177-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով, ապա նա այդ պահանջի դեմ առարկություն կարող է ներկայացնել տեղեկացվելու (պահանջն ստանալու կամ ծանուցվելու) օրվանից երկշաբաթյա ժամկետում։
4․ Եթե գործին մասնակցող անձը պահանջի մասին չի տեղեկացվել (պահանջը չի ստացել կամ դրա մասին չի ծանուցվել) սույն օրենսգրքի 177-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով, ապա նա այդ պահանջի դեմ առարկություն կարող է ներկայացնել պահանջների նախնական ցուցակը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելու օրվանից երկշաբաթյա ժամկետում։
5․ Առարկությանը կից ներկայացվում են նաև այն հիմնավորող բոլոր ապացույցները, ընդ որում, ի թիվս այլ ապացույցների, առարկություն ներկայացնողը պարտավորությունների հիմքերի մասով նյութաիրավական վեճի առկայության վերաբերյալ պետք է ցուցմունք տա Սնանկության դատարանում կամ այդ մասին ներկայացնի նոտարի հաստատած բանավոր հայտարարություն՝ ճշմարտացի լինելու երդման հավաստիացմամբ, հակառակ դեպքում այդ մասով առարկությունը ենթակա է մերժման։
6․ Պարտատերը կարող է առարկություն ներկայացնել միայն իր պահանջի հերթում կամ դրան նախորդող հերթերում ներառված պահանջների մասով։
7․ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք իրավունք ունեն առարկությունն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում դրա վերաբերյալ Սնանկության դատարան ներկայացնելու գրավոր դիրքորոշում՝ կցելով այն հիմնավորող ապացույցները։ Դիրքորոշման օրինակն ուղարկվում է նաև նույն մասում նշված անձանց և առարկություն ներկայացնողին։
8․ Առարկության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Սնանկության դատարանը՝
1) քննում է առարկությունը և կայացնում առարկության քննության արդյունքների մասին որոշում կամ
2) որոշում է կայացնում առարկության քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու և երկշաբաթյա ժամկետում դատական նիստ նշանակելու մասին։
9․ Պահանջի դեմ ներկայացված առարկության քննության արդյունքով Սնանկության դատարանը կայացնում է առարկությունն ամբողջությամբ կամ մասնակի հիմնավոր համարելու, դրա հետևանքով պահանջի գրանցումն ամբողջությամբ կամ մասնակի մերժելու մասին կամ առարկությունը մերժելու և պահանջը հաստատված համարելու մասին որոշում, եթե դատական վերահսկողության ընթացքում այլ եզրահանգման չի գալիս։
| Հոդված 180. | Պահանջներին նկատմամբ դատական վերահսկողությունը |
1․ Դատական վերահսկողություն է համարվում Սնանկության դատարանի կողմից պահանջների օրինականության, չափի, առաջնահերթության և ապահովվածության գնահատումը։
2. Անկախ պահանջի դեմ առարկություն ներկայացված լինելու հանգամանքից՝ Սնանկության դատարանն իրականացնում է պահանջի դատական վերահսկողություն, խախտում հայտնաբերելու դեպքում նախնական ցուցակի դեմ ներկայացված բողոքի քննության համար սահմանված ժամկետներում և կարգով, խախտման բնույթից ելնելով, կայացնում է պահանջի օրինականության, չափի, առաջնահերթության և ապահովվածության վերաբերյալ որոշում։
3․ Սնանկության դատարանը կաշկանդված չէ պահանջի դեմ ներկայացված առարկության սահմաններով և առարկված պահանջի դատական վերահսկողության արդյունքով խախտում հայտնաբերելու դեպքում առարկության քննության արդյունքով կայացվող որոշմամբ անդրադառնում է նաև այդ խախտումներին՝ կայացնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված հարցերի վերաբերյալ որոշում։
4. Դատական վերահսկողության արդյունքով խախտում չհայտնաբերվելու դեպքում դատական վերահսկողության արդյունքների մասով որոշում չի կայացվում։
| Հոդված 181. | Պահանջներին առնչվող հանգամանքների վերաբերյալ վեճերը |
1. Պահանջի, դրա հիմքում դրված կամ դրա հետ առնչվող գործարքների, գրավի, երաշխավորության, երաշխիքի, գրավի առարկա գույքի և պահանջին առնչվող ցանկացած այլ հանգամանքի վերաբերյալ վեճերը, որոնք կարող են ազդել տվյալ պահանջի, պարտապանի գույքակազմի, պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա, սնանկության վարույթի ընթացքում պահանջի դեմ ներկայացված առարկության հետ միաժամանակ քննում է Սնանկության դատարանը։
2․ Պահանջների դեմ առարկություն ներկայացնելու իրավունք ունեցող անձինք, իրավունք ունեն իրենց առարկության հետ միաժամանակ Սնանկության դատարան ներկայացնելու սույն հոդվածի 1-ին մասում նշված վեճերին առնչվող պահանջներ։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահանջները ներկայացրած անձը, առարկությանը կից, ի թիվս այլ ապացույցների, պարտավորությունների հիմքերի մասով նյութաիրավական վեճի առկայության վերաբերյալ պետք է ցուցմունք տա Սնանկության դատարանում կամ այդ մասին ներկայացնի նոտարի հաստատած բանավոր հայտարարություն՝ ճշմարտացի լինելու երդման հավաստիացմամբ, հակառակ դեպքում պահանջները ենթակա են մերժման։
4․ Այլ դատարանների վարույթում գտնվող գործի վարույթը սույն հոդվածի 1-ին մասում նշված վեճերի մասով ենթակա է կարճման՝ անկախ այն հանգամանքից՝ այդ վեճերին առնչվող պահանջները սույն հոդվածին համապատասխան Սնանկության դատարան ներկայացվել են, թե ոչ։
5․ Պահանջի դեմ առարկություն ներկայացնելու համար սահմանված ժամկետից հետո ներկայացված՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված վեճերի հետ կապված պահանջները քննության ենթակա չեն։
6․ Եթե պահանջների դեմ առարկելու իրավասություն ունեցող անձը ներկայացրել է և՛ պահանջի դեմ առարկություն, և՛ սույն հոդվածի 1-ին մասում նշված վեճերի հետ կապված պահանջներ, ապա Սնանկության դատարանը՝
1) սույն օրենսգրքով սահմանված կարգով քննում է առարկությունը և կայացնում է առարկության քննության արդյունքների մասին որոշում, եթե համարում է, որ վեճը չի կարող ազդեցություն ունենալ առարկության քննության արդյունքների վրա․
2) որոշում է կայացնում առարկությանը պահանջների քննության շրջանակում անդրադառնալու մասին, եթե ակնհայտ չէ, որ պահանջների հիմքում դրված վեճը չի կարող ազդեցություն ունենալ առարկության քննության արդյունքների վրա։
7․ Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում Սնանկության դատարանը, այլ հարցերից բացի, իր որոշմամբ լուծում է նաև առարկության հարցը։
8․ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ առարկության հետ միաժամանակ ներկայացված պահանջը հիմք է պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջի գրանցումը մերժելու համար, եթե դրանով հաստատվում է, որ կողմերի միջև առկա չէ պարտավորություն։
9. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ առարկության հետ միաժամանակ ներկայացված պահանջը հիմք չէ պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջի գրանցումը մերժելու համար, եթե այդ պահանջը հիմնավոր համարվելու և բավարարվելու դեպքում անգամ առկա է լինելու գումարի վերադարձման պարտավորություն։
| Հոդված 182. | Պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետից հետո ներկայացված պահանջները |
1․ Պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետը լրանալու օրվանից հետո սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան ներկայացված պահանջների նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի 175-րդ, 177-րդ, 178-րդ հոդվածների դրույթները, իսկ սույն օրենսգրքի 179-րդ հոդվածի դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն հոդվածի դրույթներին։
2․ Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կառավարիչն այն հաշվառում է պահանջների գրանցամատյանում, թղթային եղանակով ստացված օրինակը դեպոնացնում է իր մոտ և այդ մասին ծանուցում է պարտապանին, էլեկտրոնային համակարգում գրանցված կամ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած` գործին մասնակցող անձանց և պահանջի մասին հայտարարությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
3․ Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջների դեմ առարկությունները ներկայացվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված հայտարարության հրապարակումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում։ Պահանջների դատական վերահսկողությունը և պահանջների դեմ ներկայացված առարկության քննությունը կատարվում է պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետում ներկայացված պահանջների համար սահմանված կարգով։
4․ Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին առնչվող հանգամանքների վերաբերյալ վեճերը հարուցվում և քննվում են պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետում ներկայացված պահանջներին առնչվող հանգամանքների վերաբերյալ վեճերի հարուցման և քննության կանոններով։
5․ Սույն հոդվածի 4-րդ մասում նշված վեճերին առնչվող հայցը չի կարող վարույթ ընդունվել, իսկ վարույթ ընդունված լինելու դեպքում վարույթը ենթակա է կարճման, եթե առկա է եղել այդ հայցը պարտատերերի պահանջների նախնական ցուցակի հրապարակումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հարուցելու հնարավորություն, սակայն չի հարուցվել կամ հարուցվել է, և առկա է վեճ կամ ուժի մեջ մտած դատական ակտ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում։
6. Եթե սույն հոդվածում նշված պահանջը ներկայացվել է պահանջի ծագման օրվանից մեկամսյա ժամկետում, ապա հաստատված համարվելու դեպքում այն ենթակա է գրանցման այն հերթում, որում կգրանցվեր, եթե պահանջը ներկայացված լիներ պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետում։
| Հոդված 183. | Հաստատված և չհաստատված պահանջները |
1. Սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան ներկայացված պահանջը և պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսվելուց հետո պարտապանի համար առաջացած նոր հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մասով պահանջը հաստատված են համարվում՝
1) ամբողջ ծավալով՝ սույն օրենսգրքով պահանջի դեմ առարկություն ներկայացնելու համար սահմանված ժամկետում չառարկվելու և չառարկված պահանջի դատական վերահսկողության արդյունքով Սնանկության դատարանի կողմից այդ պահանջի վերաբերյալ որոշում չկայացվելու դեպքում, ինչպես նաև առարկվելու, սակայն առարկությունն ամբողջությամբ մերժվելու և առարկված պահանջի դատական վերահսկողության արդյունքով Սնանկության դատարանի կողմից պահանջի վերաբերյալ որոշում չկայացվելու դեպքերում․
2) Սնանկության դատարանի որոշմամբ հաստատված ծավալով՝ պահանջի դեմ առարկությունը մասնակի հիմնավոր համարվելու, դրա հետևանքով պահանջի գրանցումը մասնակի մերժվելու, ինչպես նաև առարկված կամ չառարկված պահանջի դատական վերահսկողության արդյունքով Սնանկության դատարանի կողմից այդ պահանջի վերաբերյալ որոշում կայացվելու դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում չնշված և դատական վերահսկողության արդյունքով կայացված որոշմամբ գրանցումը մերժված պահանջները համարվում են չհաստատված։
3. Չհաստատված պահանջները բավարարման ենթակա չեն։
ԳԼՈՒԽ 24
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ
| Հոդված 184. | Պարտապանի գույքը |
1․ Սույն օրենսգրքի իմաստով՝ պարտապանի գույք է համարվում՝
1) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած գույք, այդ թվում՝ դրամական միջոցները, կրիպտոակտիվները, արժեթղթերը, գույքային իրավունքները, պարտապանի գույքի օգտագործումից ստացված արդյունքը, այլ գույքը, սույն մասում նշված գույքի վաճառքից գոյացած դրամական միջոցները․
2) պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով երրորդ անձանց գրավադրած դրամական միջոցները, գույքային իրավունքները և այլ գույքը, սույն մասում նշված գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները․
3) սնանկության վարույթի ընթացքում պարտապանի ձեռք բերած (ստացած) գույքը․
4) պարտատիրոջ առջև պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով երաշխիք տված անձի կողմից երաշխիքի պայմանագրին համապատասխան սնանկության հատուկ հաշվին վճարված դրամական միջոցները։
2․ Պարտատիրոջ առջև պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով երաշխավորություն տված անձի՝ ապահովված պահանջին համարժեք գույքի նկատմամբ կիրառվում են երրորդ անձ գրավատուի գույքին առնչվող՝ սույն օրենսգրքով սահմանված կանոնները։
3. Պարտապանին պատկանող արժեթղթերի իրացումն իրականացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված կարգով։
4. Սույն օրենսգրքի իմաստով՝ պարտապանի պարտավորությունների բավարարման տեսանկյունից պարտապանի՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված գույքի կազմում չի ներառվում՝
1) այն գույքը, որի վրա օրենքով սահմանված կարգով բռնագանձում չի կարող տարածվել․
2) երրորդ անձանց սեփականություն հանդիսացող՝ պարտապանի տիրապետման ներքո գտնվող գույքը:
5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից 20 օրվա ընթացքում պարտապանը պարտավոր է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների, այդ թվում` պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնել կառավարչին: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաև իր դեբիտորական պարտավորությունների, դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների, ինչպես նաև սույն օրենսգրքի 195-րդ հոդվածով նախատեսված գործարքների մասին:
6. Պարտապանի կողմից ներկայացվող` գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
7. Գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու վայրի մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանվում են լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
| Հոդված 185. | Պարտապանի գրավադրած գույքի կառավարման առանձնահատկությունները |
1․ Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող դրամական միջոցները, շարժական և անշարժ գույքերը, գույքային իրավունքները, պարտապանի գույքի օգտագործումից ստացված արդյունքը և սույն մասում նշված գույքի վաճառքից գոյացած դրամական միջոցները համարվում են պարտապանի գույք, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ։
2․ Եթե պարտապանի գույքը գրավադրված է ի ապահովումն այլ անձի պարտավորությունների կատարման, ապա այդ գույքի օգտագործումից ստացված արդյունքը համարվում է պարտապանի գույքը, եթե գրավի պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
3․ Եթե պարտապանի գույքը գրավադրված է ի ապահովումն այլ անձի պարտավորությունների կատարման, ապա կառավարիչն այդ մասին տեղեկանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում ծանուցում է ուղարկում այդ գույքի գրավառուին՝ տեղեկացնելով պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության մասին։ Սույն մասում նշված ծանուցումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում գրավառուն իրավունք ունի նախաձեռնելու գրավադրված գույքի արտադատական կարգով իրացման գործընթացը: Սույն մասում նշված գրավադրված գույքը արտադատական կարգով իրացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 198-րդ հոդվածով:
4․ Կառավարիչն իրավունք ունի տեղեկություն ստանալու սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ գրավի առարկայով ապահովված պարտավորության կատարման ընթացքի մասին։ Գրավառուն պարտավոր է կառավարչի հարցումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում ապահովել պահանջվող տեղեկատվության տրամադրումը։
5․ Եթե սնանկության վարույթում ակնհայտ է, որ պարտապանի այլ գույքը բավարար չէ պարտատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարելու համար, ապա կառավարիչը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրացնում է նաև պարտապանի կողմից այլ անձի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված գույքը, եթե այդ գույքի գրավառուն սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում չի օգտվել գույքն արտադատական կարգով իրացնելու իր իրավունքից, կամ օգտվելուց հետո օրենքով սահմանված կարգով գույքը վերադարձվել է սնանկության վարույթ։
6․ Սույն հոդվածի 5-րդ մասում նշված գրավադրված գույքի վաճառքը կարող է իրականացվել միայն հրապարակային սակարկությունների միջոցով, և դրա վաճառքի գինը չի կարող պակաս լինել այդ գույքով ապահովված պարտավորության, գույքի վաճառքի նախապատրաստման և անցկացման ծախսերի, վաճառքից առաջացած ավելացված արժեքի հարկի գումարի և գույքի վաճառքից ստացված դրամական միջոցների բաշխման արդյունքով կառավարչի վարձատրության հանրագումարից։
7․ Սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերում գույքի վաճառքից ստացված գումարով առաջնահերթ մարվում են այդ գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի պարտավորությունները, այդ գույքով ապահովված պարտավորությունը, և գումարն այդ նպատակով բաշխելուց հետո դրա ավելացող մասը համարվում է պարտապանի գույք։
8․ Սույն հոդվածի 5-րդ մասում նշված գրավադրված գույքով ապահովված պարտավորության կատարմամբ գրավը դադարում է, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։
9․ Եթե սնանկության վարույթում առկա է սույն հոդվածի 5-րդ մասում նշված՝ գրավադրված գույքով ապահովված պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար բավարար գումար, ապա կառավարչի առաջարկով այդ գումարի բաշխման արդյունքով պահանջների բավարարում ստանալու ակնկալիք ունեցող պահանջատերերի առնվազն 75 տոկոսի որոշմամբ կառավարիչն այդ գումարով բավարարում է գրավով ապահովված պարտատիրոջ պահանջը։
10․ Սույն հոդվածի 9-րդ մասում նշված դեպքում՝
1) պարտատերերի կայացրած որոշումը կարող է բողոքարկել գործին մասնակցող շահագրգիռ անձը․
2) որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում այն կայացրած պարտատերերի հերթի պահանջները բավարարվում են այդ մասում նշված գույքի վաճառքից ստացված միջոցներից։
11․ Եթե պարտապանի գույքը գրավադրված է ի ապահովումն երրորդ անձի պարտավորությունների կատարման, և այդ անձը գտնվում է սնանկության վարույթում, ապա այդ գույքը համարվում է վերջինիս սնանկության վարույթի գույք։
12․ Սույն հոդվածի 11-րդ մասում նշված դեպքում, եթե գույքը ծանրաբեռնված է տարբեր պարտապանների սնանկության վարույթներով ապահովված պահանջներով, ապա այն իրացվում է սնանկության այն վարույթում, որտեղ այդ գույքով ապահովված իրավունքն առաջնային է:
13․ Սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով նախատեսված դեպքերում սնանկության որևէ վարույթում գույքի իրացվելուց և ապահովված պահանջները բավարարվելուց հետո պահանջների չափի, գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի պարտավորությունների և գույքի իրացման արժեքի տարբերությունը համարվում է պարտապանի գույք և փոխանցվում է պարտապանի սնանկության հատուկ հաշվին:
14․ Եթե պարտապանի գույքը գրավադրված է ի ապահովումն այլ անձի պարտավորությունների կատարման, ապա գույքի օտարման դեպքում պարտապանն այդ անձի նկատմամբ ստանում է պահանջի իրավունք՝
1) գույքի վաճառքի դեպքում՝ վաճառքից ստացված միջոցներից այդ անձի պահանջների բավարարմանն ուղղված գումարի չափով․
2) գույքն արտադատական կարգով իրացնելու միջնորդություն ներկայացվելու դեպքում՝ այդ գույքի արժեքի և գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի պարտավորությունների չափով։
15․ Եթե անձը, որի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված է պարտապանի գույքը, սնանկության վարույթում է, ապա սույն հոդվածի 14-րդ մասում նշված պահանջն այդ սնանկության վարույթում ենթակա է գրանցման սույն օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ մասով սահմանված հերթում։
16. Եթե այլ անձի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված՝ պարտապանի գույքի օտարման դեպքում ստացված միջոցները, նվազեցնելով գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի պարտավորությունները, գերազանցում են համապատասխան ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարը ենթակա է փոխանցման պարտապանի սնանկության հատուկ հաշվին։
17․ Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված գույքը պարտապանի գույք չի համարվում, եթե ապահովված պարտատերը սույն օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված կարգով դիմում է գույքն արտադատական կարգով իրացնելու թույլտվություն ստանալու համար, և դիմումի քննարկման արդյունքով անբողոքարկելի դարձած դատական ակտով դիմումը բավարարվում է։ Սույն մասում նշված դեպքում գույքի արտադատական կարգով իրացումից ստացված միջոցներով ապահովված պահանջն ամբողջությամբ բավարարվելուց հետո ավելացած գումարը համարվում է պարտապանի գույք և ենթակա է փոխանցման պարտապանի սնանկության հատուկ հաշվին։
| Հոդված 186. | Երրորդ անձի կողմից պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված գույքի կառավարման առանձնահատկությունները |
1․ Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով երրորդ անձանց գրավադրած շարժական և անշարժ գույքերը, գույքային իրավունքները, սույն մասում նշված գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները համարվում են պարտապանի գույք, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ։
2․ Եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված գույքը պարտապանի գույք չի համարվում, եթե ապահովված պարտատերը սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմում է գույքն արտադատական կարգով իրացնելու թույլտվություն ստանալու համար, և դիմումի քննարկման արդյունքով անբողոքարկելի դարձած դատական ակտով դիմումը բավարարվում է։ Սույն մասում նշված դեպքում գույքի արտադատական կարգով իրացումից ստացված միջոցներով ապահովված պահանջն ամբողջությամբ բավարարվելուց հետո ավելացած գումարը համարվում է երրորդ անձ գրավատուի սեփականությունը։
3․ Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով երրորդ անձանց գրավադրած դրամական միջոցները համարվում են պարտապանի գույք։
4․ Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով երրորդ անձանց գրավադրած գույքի օգտագործումից ստացված արդյունքը համարվում է գույքի սեփականատիրոջ գույքը, եթե գրավի պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
5․ Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված գույքը ծանրաբեռնված է տարբեր պարտապանների սնանկության վարույթներով ապահովված պահանջներով, ապա այն իրացվում է սնանկության այն վարույթում, որտեղ այդ գույքով ապահովված իրավունքն առաջնային է:
6․ Եթե, սույն օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան, պարտատերերի պահանջները բավարարելու նպատակով պետք է իրականացվի պարտապանի գույքի վաճառք, ապա երրորդ անձի գրավադրած գույքը ներկայացվում է վաճառքի, եթե պարտապանի կողմից տվյալ պարտավորության ապահովման համար գրավադրված գույքագրված գույքի շուկայական արժեքների հանրագումարը (այդ գույքը վաճառքի ներկայացված լինելու դեպքում՝ առաջիկա աճուրդի մեկնարկային գների հանրագումարը) փոքր է տվյալ ապահովված պահանջի մնացորդից, և ակնհայտ է, որ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքագրված գույքը շուկայական արժեքներով (այդ գույքը վաճառքի ներկայացված լինելու դեպքում՝ առաջիկա աճուրդի մեկնարկային գներով) վաճառվելու դեպքում ստացված գումարը չի բավականացնի տվյալ ապահովված պահանջն ամբողջությամբ բավարարելու և սույն օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող սնանկության վարույթի ծախսերը վճարելու համար։
7․ Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով երրորդ անձանց գրավադրած գույքի օտարման դեպքում այդ անձը պարտապանի նկատմամբ ստանում է պահանջի իրավունք՝
1) գույքի վաճառքի դեպքում՝ վաճառքից ստացված միջոցներից պարտապանի պահանջների բավարարմանն ուղղված գումարի չափով․
2) գույքն արտադատական կարգով իրացվելու դեպքում՝ այդ գույքի շուկայական արժեքի չափով։
8․ Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով երրորդ անձանց գրավադրած գույքի սեփականատիրոջ՝ սույն հոդվածի 6-րդ մասում նշված պահանջը ենթակա է գրանցման սույն օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հերթում։
9. Եթե պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով երրորդ անձանց գրավադրած գույքի օտարման դեպքում ստացված միջոցները գերազանցում են համապատասխան ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարը ենթակա է վերադարձման այդ գույքի սեփականատիրոջը։
| Հոդված 187. |
Սնանկության վարույթի ընթացքում պարտապանի ձեռք բերած (ստացած) գույքը |
1․ Սնանկության վարույթի ընթացքում պարտապանի ձեռք բերած (ստացած) գույք է համարվում օրենքով չարգելված որևէ եղանակով պարտապանի ձեռք բերած (ստացած) գույքը, ներառյալ hօգուտ պարտապանի վերականգնված գույքը:
2․ Սույն հոդվածի 1-ին մասում նշված գույքը համարվում է պարտապանի գույք, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
3․ Հօգուտ պարտապանի վերականգնված գույք է համարվում հօգուտ պարտապանի բռնագանձված կամ այլ ձևով հետ բերված գույքը, այդ թվում՝
1) երրորդ անձի նկատմամբ ունեցած պահանջի իրավունքի իրացման (պահանջի իրավունքի վաճառք, գումարի բռնագանձում, պարտքի մարում և այլն) արդյունքով վերականգնված գույքը, ներառյալ դրամական միջոցները․
2) գործարքն անվավեր ճանաչելու արդյունքով վերականգնված գույքը, ներառյալ դրամական միջոցները․
3) հօգուտ պարտապանի գրավադրված գույքի նկատմամբ պարտապանի ունեցած գրավի և հարակից իրավունքների իրացման արդյունքով ստացված գույքը, ներառյալ դրամական միջոցները․
4) որպես պարտապանին պատճառված վնասի հատուցում հետ բերված գույքը, ներառյալ դրամական միջոցները․
5) կասկածելի գործարքներից՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով վերականգնված գույքը։
| Հոդված 188. | Երաշխավորություն տված անձի գույքի կառավարման առանձնահատկությունները |
1․ Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով երաշխավորություն տված անձի գույքը, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով սահմանված կարգով բռնագանձում չի կարող տարածվել, երաշխավորությամբ ապահովված պահանջին համապատասխան մասով համարվում է սնանկության վարույթում օտարման ենթակա գույք, քանի դեռ ապահովված պահանջը չի բավարարվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, կամ սույն հոդվածով սահմանված կարգով այն չի դադարել այդպիսին լինելուց։
2․ Պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով երաշխավորություն տված անձն իրավունք ունի մինչև պահանջների նախնական ցուցակի հրապարակման օրվան հաջորդող մեկ ամիսը լրանալը մարելու իր երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը՝ գումարը փոխանցելով ապահովված պարտատիրոջը։
3․ Ապահովված պարտատիրոջ պահանջը երաշխավորություն տված անձի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով բավարարվելու դեպքում այդ անձի գույքը դադարում է սնանկության վարույթում վաճառքի ենթակա գույք հանդիսանալուց։
4․ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետից հետո երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը երաշխավորություն տված անձը կարող է մարել միայն գումարը սնանկության հատուկ հաշվին մուտքագրելու եղանակով։
5․ Սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում ապահովված պարտավորությունը կատարելու նպատակով երաշխավորություն տված անձի կողմից սնանկության հատուկ հաշվին մուտքագրված գումարը բաշխվում է ապահովված պարտատիրոջը՝ դրանից պահելով սնանկության վարույթի ծախսերը։
6․ Եթե, սույն օրենսգրքին համապատասխան, պարտատերերի պահանջները բավարարելու նպատակով պետք է իրականացվի պարտապանի գույքի վաճառք, ապա երաշխավորություն տված անձանց գույքը ներկայացվում է վաճառքի, եթե պարտապանի և երրորդ անձանց կողմից տվյալ պարտավորության ապահովման համար գրավադրված գույքագրված գույքի շուկայական արժեքների հանրագումարը (այդ գույքը վաճառքի ներկայացված լինելու դեպքում՝ առաջիկա աճուրդի մեկնարկային գների հանրագումարը) փոքր է տվյալ ապահովված պահանջի մնացորդից, և ակնհայտ է, որ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքագրված գույքը շուկայական արժեքներով (այդ գույքը վաճառքի ներկայացված լինելու դեպքում՝ առաջիկա աճուրդի մեկնարկային գներով) վաճառվելու դեպքում ստացված գումարը չի բավականացնի վարույթի ընթացքում ձևավորվող ծախսերի գծով պահանջների, տվյալ ապահովված պահանջին նախորդող հերթերում հաշվառված պահանջների, այդ ապահովված պահանջն ամբողջությամբ բավարարելու և սույն օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող սնանկության վարույթի ծախսերը վճարելու համար։
7․ Երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջի բավարարման նպատակով երաշխավորի գույքը վաճառքի ներկայացնելու հարցը որոշվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով, իսկ վաճառքն իրականացվում է կառավարիչը՝ երրորդ անձի գրավադրած գույքի վաճառքի համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով (եթե գույքը գրավի առարկա չէ, և երաշխավորը հանդիսանում է այդ գույքի միանձնյա սեփականատեր) կամ պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքում պարտապանի բաժնի վաճառքի համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով (եթե գույքը գրավի առարկա չէ, և երաշխավորը հանդիսանում է այդ գույքի համասեփականատեր)։
8․ Երաշխավորը սույն օրենսգրքով սահմանված կարգով վաճառքի ենթակա իր գույքերի մասով կարող է սույն օրենսգրքի 197-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով Սնանկության դատարան ներկայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի ներկայացնելու կամ վաճառքը դադարեցնելու մասին միջնորդություն՝ կատարելով նույն մասով սահմանված վճարումները։
| Հոդված 189. | Երաշխիք տված անձի նկատմամբ պահանջ ներկայացնելը |
1․ Երաշխիքով ապահովված պահանջի մասին տեղեկանալու պահից երկշաբաթյա ժամկետում կառավարիչը երաշխիք տված անձին տեղեկացնում է պարտապանի սնանկության մասին և ներկայացնում է պահանջ՝ երաշխիքով ապահովված պահանջի կատարման նպատակով երաշխիքի գումարը սնանկության հատուկ հաշվին վճարելու վերաբերյալ։
2․ Եթե երաշխիք տված անձը մինչև երաշխիքով ապահովված պահանջը հաստատվելը (հաստատված համարվելը) սնանկության հատուկ հաշվին չի վճարում երաշխիքի պայմանագրով սահմանված գումարը, ապա կառավարիչը եռամսյա ժամկետում դատարան է ներկայացնում երաշխիքի պայմանագրից բխող՝ գումարի բռնագանձման մասին պահանջ։
| Հոդված 190. | Երրորդ անձանց պատկանող գույքը |
1․ Պարտապանի տիրապետման ներքո գտնվող գույքը համարվում է պարտապանի սեփականություն, քանի դեռ սույն հոդվածով սահմանված կարգով կամ այլ՝ ակնհայտ ապացույցներով չի ապացուցվել, որ այն հանդիսանում է երրորդ անձի սեփականություն։
2․ Եթե գույքի նկատմամբ իրավունքն օրենքով սահմանված կարգով գրանցման ենթակա իրավունք է, ապա այդ իրավունքի առկայությունը կարող է հաստատվել միայն այն գրանցող մարմնի տված փաստաթղթով։
3․ Եթե գույքի նկատմամբ իրավունքը օրենքով սահմանված կարգով գրանցման ենթակա իրավունք չէ, ապա պարտապանի տիրապետման ներքո գտնվող այդ գույքը համարվում է երրորդ անձի սեփականություն, եթե առկա են վերջինիս կողմից տվյալ գույքի ձեռքբերումը և սեփականության իրավունքը հավաստող բավարար հիմքեր։ Այդ հիմքերը ներկայացնելու պարտականությունը կրում է երրորդ անձը։
4․ Պարտապանը պարտավոր է իր կողմից ներկայացվող հայտարարագրում ներառել տեղեկություններ սույն հոդվածի 3-րդ մասում նշված գույքի և դրա սեփականատիրոջ վերաբերյալ՝ առկայության դեպքում կցելով վերջինիս իրավունքները հաստատող ապացույցները։
5․ Պարտապանի տիրապետման ներքո գտնվող գույքը երրորդ անձի սեփականություն հանդիսանալու վերաբերյալ տեղեկություն ստանալուց օրվանից եռօրյա ժամկետում կառավարիչը ծանուցում է երրորդ անձին՝ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելու և սեփականության իրավունքը հաստատվելու դեպքում այդ գույքն իր տիրապետման տակ վերցնելու անհրաժեշտության մասին։
6․ Երրորդ անձը պարտավոր է ծանուցվելու օրվանից երկշաբաթյա ժամկետում կառավարչին ներկայացնել տվյալ գույքի ձեռքբերումը և իր սեփականության իրավունքը հավաստող բավարար հիմքեր, իսկ այդ փաստաթղթերը կառավարչի կողմից հիմնավոր համարվելու դեպքում՝ փոխհատուցել գույքի պահպանության համար կատարված ծախսերը և գույքն ընդունել իր տիրապետման տակ։
7․ Կառավարիչը երրորդ անձից սույն հոդվածի 6-րդ մասում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում՝
1) գույքը հանձնում է երրորդ անձին, եթե համարում է, որ այդ փաստաթղթերով ապացուցվում է գույքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը, և վերջինս փոխհատուցել է այդ գույքի պահպանության համար կատարված ծախսերը․
2) երրորդ անձին է տրամադրում գույքը վերջինիս չհանձնելու վերաբերյալ գրություն, եթե համարում է, որ այդ փաստաթղթերով չի ապացուցվում գույքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը։
8․ Երրորդ անձն իրավունք ունի սույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետում նշված գույքն իրեն չհանձնելու վերաբերյալ կառավարչի գրությունն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում բողոքարկելու կառավարչի այդ գործողությունը։
9․ Սույն հոդվածի 8-րդ մասում նշված բողոքի քննության արդյունքով Սնանկության դատարանի կայացրած որոշումն անբողոքարկելի դառնալու պահից՝
1) կառավարիչը գույքը հանձնում է երրորդ անձին՝ եթե դատական ակտով ապացուցված է համարվել այդ գույքի նկատմամբ երրորդ անձի սեփականության իրավունքը, և վերջինս փոխհատուցել է այդ գույքի պահպանության համար կատարված ծախսերը․
2) գույքը համարվում է պարտապանի գույք, եթե դատական ակտով ապացուցված չի համարվել այդ գույքի նկատմամբ երրորդ անձի սեփականության իրավունքը։
10. Եթե պարտապանի տիրապետման ներքո գտնվող՝ երրորդ անձին պատկանող գույքն այնպիսին է, որ արագ չիրացվելու դեպքում կարող է առաջանալ գույքի կորուստ կամ դրա արժեքի էական նվազեցում (արագ փչացող գույքի և այլն), ապա պարտապանը պարտավոր է սնանկ ճանաչվելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնել կառավարչին և գույքի սեփականատիրոջը։
11․ Սույն հոդվածի 10-րդ մասում նշված դեպքում՝
1) պարտապանն իրավունք ունի երրորդ անձին տեղեկացնելուց հետո կառավարչի թույլտվությամբ վաճառելու նշված գույքը․
2) երրորդ անձն իրավունք ունի տեղեկացվելու պահից սկսած դիմելու կառավարչին գույքն իրեն հանձնելու համար՝ ներկայացնելով սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը։
12․ Սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում կառավարիչը եռօրյա ժամկետում թույլատրում է պարտապանին՝
1) գույքը հանձնել երրորդ անձին, եթե համարում է, որ այդ փաստաթղթերով ապացուցվում է գույքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը․
2) երրորդ անձին է տրամադրում գույքը վերջինիս չհանձնելու վերաբերյալ գրություն, եթե համարում է, որ այդ փաստաթղթերով չի ապացուցվում գույքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը։
13․ Սույն հոդվածի 12-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում պարտապանը շարունակում է գույքի վաճառքը, իսկ երրորդ անձը կառավարչի գործողությունը կարող է բողոքարկել սույն հոդվածի 8-րդ մասում նշված կարգով։
14․ Սույն հոդվածի 13-րդ մասում նշված բողոքի քննության արդյունքով Սնանկության դատարանի կայացրած որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝
1) գույքի մնացորդը հանձնվում է երրորդ անձին, եթե դատական ակտով ապացուցված է համարվել այդ գույքի նկատմամբ երրորդ անձի սեփականության իրավունքը, և երրորդ անձն ստանում է գույքի վաճառված մասի արժեքի չափով պարտապանի դեմ պահանջ ներկայացնելու իրավունք․
2) գույքը համարվում է պարտապանի գույք, եթե դատական ակտով ապացուցված չի համարվել այդ գույքի նկատմամբ երրորդ անձի սեփականության իրավունքը։
| Հոդված 191. | Պարտապանի գույքի գույքագրումը |
1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կառավարիչը ձեռնարկում է միջոցներ պարտապանի գույքի հայտնաբերման, գույքագրում կատարելու համար գույքի հասանելիության ապահովման, խոչընդոտների դեպքում՝ դրանց վերացման և գույքագրման ուղղությամբ։
2․ Գույքագրում իրականացնելուն խոչընդոտող հանգամանքների վերացումից և գույքը գույքագրման համար հասանելի դառնալու պահից երկշաբաթյա ժամկետում կառավարիչն իրականացնում է պարտապանի հասանելի գույքի գույքագրում: Գույքը տարբեր վայրերում գտնվելու, գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում գույքագրման ժամկետը կառավարիչը կարող է երկարաձգել ևս երկու շաբաթով։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը կառավարչի հիմնավոր միջնորդությամբ կարող է երկարաձգվել ողջամիտ ժամկետով՝ Սնանկության դատարանի որոշմամբ։
4․ Գույքագրման է ենթակա պարտապանին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ երրորդ անձանց համար կատարված, սակայն չվճարված աշխատանքները և ծառայությունները, ինչպես նաև պարտապանի տիրապետման ներքո գտնվող գույքը:
5. Պարտապանի գույքի գույքագրման ժամանակի և վայրի մասին կառավարիչը ծանուցում է պարտապանին, գույքի սեփականատերերին (եթե գույքի սեփականատերը պարտապանը չէ), առավել մեծ պահանջներ ունեցող հինգ հայտնի պարտատերերին (բացառությամբ այն պարտատերերի, որոնց դիմումով Սնանկության դատարանը ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին որոշում) և էլեկտրոնային հարթակում գրանցված, էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած՝ գործին մասնակցող անձանց, իսկ եթե առկա են էլեկտրոնային հարթակում չգրանցված և էլեկտրոնային փոստի հասցե չտրամադրած՝ գործին մասնակցող անձինք կամ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած, սակայն սահմանված ժամկետում ծանուցումն ստանալու մասին հետադարձ հավաստում չուղարկած անձինք, ապա վերջիններիս ուղղված ծանուցումը հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
6․ Կառավարչի պահանջով պարտապանը (պարտապանի ներկայացուցիչը) և գույքի սեփականատերը պարտավոր են ներկա լինել և աջակցել գույքագրմանը, կառավարչին տրամադրել գույքերի վերաբերյալ սպառիչ տեղեկություններ և փաստաթղթեր։
7․ Ծանուցված պարտատերերը կարող են ներկա լինել գույքագրման աշխատանքներին, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ գույքագրումն իրականացնելու համար:
8. Գույքագրման նպատակով կառավարիչը, անշարժ գույքի սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` Սնանկության դատարանի որոշմամբ, իրավունք ունի մուտք գործելու գույքագրման ենթակա անշարժ գույքի տարածք և գույքագրման ոչ ենթակա այն անշարժ գույքի տարածք, որտեղ գտնվում է գույքագրման ենթակա շարժական գույքը։ Սույն մասում նշված Սնանկության դատարանի որոշումը կառավարիչը ներկայացնում է հարկադիր կատարման։
9. Պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում կառավարիչը կարող է հարցում ուղղել ցանկացած պետական և ոչ պետական մարմնի, որի գործառույթների մեջ է մտնում տվյալ գույքին առնչվող որևէ տեղեկատվության տիրապետելը։ Նշված մարմինները պարտավոր են կառավարչի դիմումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում կառավարչին տրամադրել իրենց տիրապետման ներքո գտնվող տեղեկությունները, եթե օրենքով այլ՝ ավելի երկար ժամկետ սահմանված չէ։
10. Կառավարչի նշանակած յուրաքանչյուր գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որն ստորագրում են կառավարիչը և գույքագրմանը մասնակցած այլ անձինք:
11․ Պարտապանի (պարտապանի ներկայացուցչի) կամ գույքի սեփականատիրոջ (փաստացի տիրապետողի) կողմից գույքագրման ակտի ստորագրումը հաստատում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը, և գույքագրման ակտում արձանագրված է գույքի ամբողջ փաստացի վիճակը։ Գույքագրմանը մասնակցած անձը գույքագրման ակտին համաձայն չլինելու դեպքում ստորագրում է այն` դրան կցելով իր գրավոր առարկությունը: Գույքագրման ակտն ստորագրելուց խուսափելու դեպքում կառավարիչն այդ մասին նշում է կատարում գույքագրման ակտում:
| Հոդված 192. | Պարտապանի գույքի տնօրինման սահմանափակումները |
1. Պարտապանին սնանկ ճանաչելու պահից սկսած՝ պարտապանին արգելվում է առանց կառավարչի համաձայնության պարտապանի գույքի օտարման կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող կամ գույքի օտարման հնարավորություն ստեղծող ցանկացած գործողություն կատարելը։ Այդ պահից սկսած՝ պարտապանը գործում է կառավարչի համաձայնությամբ։
2. Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը` սույն օրենսգրքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:
3. Մինչև պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելը կամ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի հաստատվելը, պարտապանի գույքը կարող է օտարվել պարտապանի բնականոն գործունեության շրջանակում՝ կառավարչի համաձայնությամբ, կամ սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում։
4․ Սնանկության վարույթի ընթացքում մինչև պարտապանի նկատմամբ լուծարման գործընթաց սկսելը կամ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելը յուրաքանչյուր դրամական վճարում կամ փոխանցում պետք է կատարվի կառավարչի համաձայնությամբ։
5․ Պարտապանի նկատմամբ լուծարման գործընթաց սկսվելուց կամ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատվելուց հետո յուրաքանչյուր դրամական վճարում կամ փոխանցում պետք է կատարվի միայն սնանկության հատուկ հաշվի միջոցով։
6․ Սույն հոդվածում նշված որևէ պայմանի խախտմամբ կնքված գործարքը, կատարված վճարումը կամ փոխանցումը առ ոչինչ է։ Կառավարիչը կարող է դատական կարգով պահանջել, որպես առ ոչինչ գործարքի անվավերության հետևանք, հետ ստանալ գործարքով փոխանցվածը, սնանկության հատուկ հաշվին փոխանցել սույն հոդվածի խախտմամբ կատարված փոխանցումը (վճարումը)։ Սույն մասում նշված հայցադիմումը կառավարիչը կարող է ներկայացնել գործարքը, փոխանցումը (վճարումը) կատարելու մասին տեղեկանալու օրվանից վեց ամսվա ընթացքում։
ԳԼՈՒԽ 25
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
| Հոդված 193. | Պարտապանի կասկածելի գործարքների գնահատումը և դրանից բխող գործողությունների կատարումը |
1․ Կասկածելի են համարվում՝
1) պարտապանի անվճարունակության հատկանիշների առաջացման օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում պարտապանի կատարած գործարքը, որով վերջինիս հետ փոխկապակցված անձին անհատույց հանձնվել կամ փոխանցվել է գումար, կամ կատարվել է այլ ոչ դրամային փոխանցում․
2) պարտապանի անվճարունակության հատկանիշների առաջացման օրվան նախորդող երեք տարվա ընթացքում պարտապանի կատարած գործարքը, որով վերջինիս հետ չփոխկապակցված անձին անհատույց հանձնվել կամ փոխանցվել է գումար, կամ կատարվել է այլ ոչ դրամային փոխանցում․
3) պարտապանի անվճարունակության հատկանիշների առաջացման օրվան նախորդող երեք տարվա ընթացքում պարտապանի կնքած հատուցելի գործարքները, փոխանցումները և գույքի օտարումները, որոնց հետևանքով պարտապանին պատճառվել է վնաս, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության․
4) փոխանցումը, որը անվճարունակության հատկանիշների առաջացմանը նախորդած 90 օրվա ընթացքում պարտապանը կատարել է պարտատիրոջը կամ հօգուտ նրա, և այդ փոխանցումը կատարելու պահին պարտապանը անվճարունակ էր (հաշվեկշռային անվճարունակություն), և պարտատերը ստացել է էապես ավելին, քան կստանար սնանկության վարույթում պարտապանի լուծարման դեպքում․
5) փոխանցումը, որը անվճարունակության հատկանիշների առաջացմանը նախորդած մեկ տարվա ընթացքում պարտապանը կատարել է իր հետ փոխկապակցված՝ պարտատեր հանդիսացող անձին կամ հօգուտ նրա, և այդ փոխանցումը կատարելու պահին պարտապանը անվճարունակ էր, և փոխկապակցված անձ հանդիսացող պարտատերն ստացել է էապես ավելին, քան կստանար սնանկության վարույթում պարտապանի լուծարման դեպքում։
2․ Ոչ ուշ, քան պարտապանի պարտատերերի առաջին ժողովի կայացումից հետո վեց ամիսը լրանալը, կառավարիչն իր անունից դիմում է դատարան՝ դատական կարգով բռնագանձելու՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված գումարը կամ ոչ դրամական փոխանցումը, անհնարինության դեպքում՝ փոխանցման պահին այդ ոչ դրամային փոխանցման շուկայական արժեքը․
2) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված վնասը․
3) սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում նշված փոխանցման չափով գումարը, եթե փոխանցումը դրամային է, իսկ եթե փոխանցումը ոչ դրամական է, ապա փոխանցման պահին այդ ոչ դրամային փոխանցման շուկայական արժեքը։
3․ Եթե կառավարիչը, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, հնարավորություն չի ունեցել սույն հոդվածի 1-ին մասում նշված գործարքի կամ գործողության մասին տեղեկանալու մինչև պարտատերերի առաջին ժողովի կայացման օրը, ապա այդ մասով սահմանված՝ դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկվում է գործարքի կամ գործողության մասին տեղեկանալու օրվանից։
4․ Կառավարիչը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վնասը հետ ստանալու մասին հայցադիմում չի ներկայացնում, եթե՝
1) ակնհայտ է, որ պարտապանի գույքը բավարար է հայտնի պարտատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարելու, սնանկության վարույթի ծախսերը վճարելու համար.
2) դատարան դիմելու արդյունքով կառավարչի կողմից կատարվելիք ծախսերը ողջամտորեն կարող են գերազանցել հետ ստացվող գումարը (գույքի արժեքը)։
5․ Կառավարիչը սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված վնասը հետ ստանալու մասին հայցադիմում չի ներկայացնում, եթե հնարավոր չէ դատարան ներկայացնել այդ կետում նշված շուկայական արժեքի վերաբերյալ բավարար ապացույցներ։
6․ Սույն հոդվածի 5-րդ մասում նշված՝ շուկայական արժեքի վերաբերյալ բավարար ապացույցներ ներկայացնելու հնարավորության բացակայության մասին կառավարիչը տեղեկացնում է պարտատերերին՝ նշելով հայցադիմում ներկայացնելու համար անհրաժեշտ բոլոր ծախսերի (ներառյալ հայցադիմումը չբավարարվելու դեպքում վճարման ենթակա հնարավոր դատական ծախսերի) չափը։
7․ Եթե մինչև սույն հոդվածի 2-րդ մասում նշված հայցադիմում ներկայացնելու վերջնաժամկետին նախորդող 30-րդ պարտատերերից որևէ մեկը սնանկության հատուկ հաշվին է մուտքագրում սույն հոդվածի 6-րդ մասում նշված ծախսերի չափով գումար և դիմում է կառավարչին՝ հայցադիմում ներկայացնելու համար, ապա կառավարիչը դատարան է ներկայացնում հայցադիմումը։ Սույն մասում նշված հայցը բավարարվելու և վնասը բռնագանձվելու դեպքում պարտատիրոջ վճարած ծախսերի չափով գումարը համարվում է վարչական ծախս և ենթակա է վերադարձման վերջինիս։ Հակառակ դեպքում այդ գումարը վերադարձման ենթակա չէ։
8․ Կառավարիչը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված փոխանցումը հետ ստանալու մասին հայցադիմում չի ներկայացնում, եթե՝
1) փոխանցման հետ միաժամանակ պարտատերը կամ փոխկապակցված անձը պարտապանին է փոխանցել համարժեք այլ գույք․
2) փոխանցումը կատարվել է ի կատարումն կատարման ժամկետը լրացած պարտավորության, և այդ պահին առկա չի եղել կատարման ժամկետը լրացած այլ պարտավորություն․
3) պարտապանը կատարել է պարտատիրոջ կամ փոխկապակցված անձի նկատմամբ պարտավորությունը՝ համաչափորեն կատարելով նաև այդ պահին առկա՝ պարտատերերի նկատմամբ ստանձնած պարտավորությունները․
4) փոխանցմամբ կատարվել են հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները, վարչական տուգանքի վճարումները, աշխատավարձի գծով պարտավորության մարումը, կամ պարտատիրոջ նկատմամբ ստանձնած 1 միլիոն դրամը չգերազանցող պարտավորությունների մարումը։
9. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում փոխանցված գույքը կամ դրա արժեքը չի կարող հետ պահանջվել, եթե դրանք փոխանցվել են բանկի, վարկային կազմակերպության կամ այլ ապահովված պարտատիրոջ ապահովված պահանջների բավարարման համար այդ գույքի հետ կապված գործարքների կատարման արդյունքով (եթե գործարքը կնքված է նոտարական կարգով) սնանկության վարույթում կամ հարկադիր կատարման գործընթացում:
10․ Կառավարիչը կարող է իր անունից դիմել դատարան և դատական կարգով պահանջել անվավեր ճանաչել սույն օրենսգրքի կամ այլ օրենքների պահանջների խախտմամբ կնքված գործարքը կամ կիրառել առ ոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով սահմանված է, որ նման գործարքն առ ոչինչ է, եթե այդ գործարքի արդյունքով նվազել է պարտատերերին կամ նրանց մի մասին բավարարում տալու հնարավորությունը, կամ պարտատերը կարող էր ստանալ ավելին, եթե այդ գործարքը կատարված չլիներ։ Սույն մասում նշված հայցադիմումը կառավարիչը կարող է ներկայացնել գործարքի մասին տեղեկանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։
11․ Սույն հոդվածով նախատեսված պահանջները կարող են ներկայացվել նաև պարտապանի հետ գործարքի կողմ հանդիսացած անձանց իրավահաջորդների նկատմամբ։
12․ Կառավարիչը սույն հոդվածով սահմանված կարգով դիմում է դատարան, եթե սույն օրենսգրքով այլ բան սահմանված չէ։
| Հոդված 194. | Պարտապանի այլ գործարքների գնահատումը և դրանից բխող գործողությունների կատարումը |
1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, կառավարչի միջնորդությամբ, Սնանկության դատարանի որոշմամբ կարող են լուծվել պարտապանի կնքած և կատարման ժամկետը չլրացած պայմանագրերը, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել։ Պայմանագրի լուծման դեպքում մինչև լուծման պահը կատարում ստացած կողմը պարտավոր է հատուցել չվճարված մասը` պայմանագրով որոշված գնով: Կառավարչի կողմից միջնորդություն չներկայացվելու դեպքում սույն մասում նշված գործարքը լուծված է համարվում պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսվելու պահից։
2. Եթե պարտապանի կնքած գործարքը պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն ուժի մեջ մտնելու պահին կատարված չէ կամ կատարված է մասնակի, կառավարիչն իրավունք ունի մյուս կողմից պահանջելու պայմանագրի կատարում կամ միակողմանիորեն հրաժարվելու պայմանագիրը կատարելուց։
3․ Կառավարիչն իրավունք ունի պահանջելու փոփոխել կամ լուծել պարտապանի գույքի և ակտիվների վրա էականորեն ազդող այն պայմանագրերը, որոնք պարտապանը կնքել է իր համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով:
4․ Պարտապանին սնանկ ճանաչելու պահից սկսած՝ կառավարիչն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով լուծելու պարտապանի աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը։ Աշխատանքի ծավալների կամ տնտեսական կամ տեխնոլոգիական կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման կամ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատման մասին որոշումը կայացնում է կառավարիչը՝ հիմք ընդունելով պարտապանի գործունեության դադարեցման կամ լուծարման մասին Սնանկության դատարանի որոշումը կամ պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը։
| Հոդված 195. | Ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների զուտացումը |
1. Սույն օրենսգրքի իմաստով զուտացում է համարվում՝
1) զուտացման համաձայնության ներքո մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներով և ապահովության պայմանագրով վճարման կամ մատակարարման պարտավորության վաղաժամկետ կատարման ենթարկելը կամ վաղաժամկետ դադարեցնելը.
2) սույն մասի 1-ին կետով նախատեսված յուրաքանչյուր վճարման կամ մատակարարման պարտավորության կատարման այդպիսի դադարեցման կամ վաղաժամկետ կատարում պահանջելու ուժով առաջացած արժեքի, շուկայական արժեքի, լիկվիդացիոն արժեքի կամ այդ պարտավորությունը փոխարինելու արժեքի գնահատումը և հաշվարկը.
3) սույն մասի 2-րդ կետով հաշվարկված կամ գնահատված արժեքների փոխարկումը մեկ արժույթի.
4) սույն մասի 2-րդ կետով հաշվարկված և 3-րդ կետով նույն արժույթի փոխարկված արժեքների զուտ հաշվեկշռի որոշումը՝ հաշվանցի կամ այլ միջոցներով։
2. Սույն օրենսգրքի իմաստով՝ զուտացման համաձայնություն է՝
1) կողմերի համաձայնությունը, որը նախատեսում է գլխավոր համաձայնագրի շրջանակում կնքվող մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող վճարման կամ մատակարարման ներկա կամ ապագա իրավունքների կամ պարտավորությունների զուտացման իրավունք.
2) կողմերի համաձայնությունը, որը նախատեսում է զուտացման իրավունք երկու և ավելի գլխավոր համաձայնագրերի միջև.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված համաձայնագրերի հետ կապված կամ դրանց մաս կազմող ապահովության համաձայնագիրը։
3. Սույն օրենսգրքի շրջանակում զուտացման նպատակով ֆինանսական գործարք են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1-ին հոդվածով նախատեսված գործարքները։
4. Սույն օրենսգրքի շրջանակում զուտացման նպատակով ապահովության պայմանագրեր են համարվում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրերի հետ կապված՝
1) հետևյալ ապահովված իրավունքները.
ա. արժեթղթերի և դրամական միջոցների նկատմամբ ապահովված իրավունքը,
բ. երաշխավորությունը և երաշխիքը,
գ. մարժայի և նույնաբնույթ այլ պայմանագիրը,
դ. գրավչության գործիքները.
2) այն գործարքները, որոնց պարտադիր բաղկացուցիչ մաս է կազմում, որպես ապահովման միջոց, արժեթղթերի կամ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը, ներառյալ ռեպո գործարքները, արժեթղթերի փոխառության գործարքները, արժեթղթերը գնելու և հետ վաճառելու հետ կապված գործարքները:
5. Սույն օրենսգրքի շրջանակում թույլատրվում է զուտացման համաձայնության շրջանակում զուտացման իրականացումը՝ անկախ սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումներից:
6. Կառավարիչն իրավասու է միակողմանիորեն պահանջելու իրականացնել զուտացումը, եթե զուտացման համաձայնության կողմը պարտատերերի պահանջների բավարարման սառեցման պահից 45 օրվա ընթացքում չի իրականացրել զուտացման համաձայնությամբ կողմին տրված իրավունքները, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ:
7. Սույն հոդվածի կանոնները տարածվում են զուտացում նախատեսող համաձայնությունների և ապահովության պայմանագրերի վրա բացառապես այն մասով, որը վերաբերում է ֆինանսական գործարքներին:
8. Սույն օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված կառավարչի իրավունքները չեն տարածվում զուտացման համաձայնության շրջանակում պարտապանից պահված կամ պարտապանի փոխանցած գումարների կամ ապահովության առարկայի վրա, ինչպես նաև ֆինանսական գործարքների և ապահովության պայմանագրերի վրա:
ԳԼՈՒԽ 26
ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ
| Հոդված 196. | Չապահովված պահանջների բավարարումը |
1․ Չապահովված պահանջները բավարարվում են պարտապանի այն դրամական միջոցներից, որոնք, սույն օրենսգրքի կարգավորումների համաձայն, ենթակա չեն ապահովված պահանջների բավարարման ուղղմանը։
2. Չապահովված պահանջները բավարարվում են սույն օրենսգրքի 174-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ։
3․ Յուրաքանչյուր հերթի պահանջը բավարարվում է նախորդ հերթի պահանջներն ամբողջությամբ բավարարվելուց հետո։
4․ Եթե որևէ հերթի պահանջի բավարարմանն ուղղվող գումարը չի բավականացնում տվյալ հերթի բոլոր պահանջները բավարարելու համար, ապա տվյալ հերթի պահանջների բավարարումը կատարվում է այդ պահանջների հանրագումարի մեջ յուրաքանչյուր պահանջի տեսակարար կշռին համապատասխան չափով։
5․ Վնասի հետ կապված պարբերական վճարումների կապիտալացման միջոցով իրականացվող վճարումները, ինչպես նաև անաշխատունակ ծնողի ու ամուսնու օգտին ալիմենտները հաշվարկվում են մինչև քաղաքացու 70 տարեկանը լրանալը, սակայն ոչ պակաս, քան 10 տարվա համար, իսկ երեխայի օգտին ալիմենտը հաշվարկվում է մինչև չափահաս դառնալը: Եթե քաղաքացու տարիքը գերազանցում է 70-ը, ապա վճարումների կապիտալացման ժամանակահատվածը կազմում է 10 տարի: Վնասի, ալիմենտի հատուցման համար կապիտալացված գումարը վճարվում է պարբերական վճարումների ձևով, իսկ հատուցման իրավունք ունեցող անձի համաձայնության դեպքում` միանվագ:
6. Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում չապահովված պարտատերերի պահանջները բավարարվում են ծրագրով նախատեսված կարգով։
| Հոդված 197. | Ապահովված պահանջների բավարարումը |
1. Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում ապահովված պարտատերերի պահանջները բավարարվում են ծրագրով նախատեսված կարգով։
2․ Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու, ֆինանսական առողջացման ծրագիրը դադարեցվելու դեպքերում, եթե պարտապանի ֆինանսական միջոցները բավարար չեն ապահովված պահանջները բավարարելու համար, ապահովված պարտատիրոջ պահանջը բավարարվում է՝
1) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող՝ տվյալ պարտատիրոջ պահանջի ապահովման առարկա հանդիսացող գույքի վաճառքից ստացված միջոցներից՝ նվազեցնելով գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի պարտավորությունները․
2) երրորդ անձի գրավադրած գույքի, երաշխավորություն տված անձանց գույքերի վաճառքից ստացված միջոցներից․
3) երաշխիք տված անձի կողմից երաշխիքի պայմաններին համապատասխան սնանկության հատուկ հաշվին վճարված գումարներից․
4) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող՝ որևէ պարտատիրոջ պահանջի ապահովման առարկա չհանդիսացող գույքի վաճառքից ստացված միջոցներից։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը գործում է այն դեպքում, երբ՝
1) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված գույք առկա չէ (կամ առկա է, սակայն գույքագրման չի ներկայացվել), կամ
2) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ գույքագրման ներկայացված գույքի շուկայական արժեքը (մեկից ավելի գույքերի դեպքում՝ շուկայական արժեքների հանրագումարը) փոքր է ապահովված պահանջի չափից, կամ
3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ գույքագրման ներկայացված գույքը հանվել է հրապարակային սակարկություններով վաճառքի և այդ գույքի վաճառքի նպատակով կազմակերպված վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գինը (մեկից ավելի գույքերի դեպքում՝ մեկնարկային գների հանրագումարը) փոքր է ապահովված պահանջից, կամ
4) անկախ սույն մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգավորումներից, առկա է սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված գույքի (գույքերից մեկի) սեփականատիրոջ համաձայնությունը՝ այդ գույքը վաճառքի ներկայացնելու վերաբերյալ։ Սույն կետում նշված դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը գործում է միայն սեփականատիրոջ համաձայնությունն առկա գույքի մասով։
4․ Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը գործում է, եթե առկա է այդ կետում նշված գույք, որը ներկայացվել է գույքագրման, և՝
1) պարտապանը չունի սույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում և 174-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հերթերի պարտատեր, և առկա չեն ապագայում նշված հերթերի որևէ պարտավորության առաջացման հիմքեր, կամ
2) ակնհայտ է, որ պարտապանի դրամական միջոցները (այդ թվում՝ սնանկության վարույթում հավաքված) բավարար են սույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում և 174-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերում նշված հերթերի պարտատերի պահանջները, ապագայում նշված հերթերի որևէ պարտավորության առաջացման հիմքերի առկայության դեպքում՝ այդ պահանջները բավարարելու և դրանց համապատասխան վարույթի ծախսերը վճարելու համար։
5. Պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետում պահանջ ներկայացրած ապահովված պարտատիրոջ պահանջը ապահովված իրավունքի առարկայի և երաշխավորություն տված անձանց գույքի վաճառքից ստացված, ինչպես նաև երաշխիք տված անձի վճարած միջոցներով ամբողջությամբ չբավարարվելու դեպքում ապահովված պարտատերը ձեռք է բերում չապահովված պարտատիրոջ կարգավիճակ, իսկ պահանջի չբավարարված մասը համարվում է սույն օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հերթի պահանջ։
6. Պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետից հետո պահանջ ներկայացրած ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված իրավունքի առարկայի և երաշխավորություն տված անձանց գույքի վաճառքից ստացված, ինչպես նաև երաշխիք տված անձի վճարած միջոցներով ամբողջությամբ չբավարարվելու դեպքում ապահովված պարտատերը ձեռք է բերում չապահովված պարտատիրոջ կարգավիճակ, իսկ պահանջի չբավարարված մասը համարվում է սույն օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հերթի պահանջ։
7․ Եթե պարտատերերի ցուցակում առկա է պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետում պահանջ ներկայացրած ապահովված պարտատեր, ապա սույն օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված հերթերում ընդգրկված պարտատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարվելուց հետո առկա գումարները չեն կարող բաշխվել սույն օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հերթի պարտատերերին, քանի դեռ պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետում պահանջ ներկայացրած ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջությամբ բավարարված չեն։
8. Ապահովված պարտատիրոջ պահանջն ամբողջությամբ բավարարվելուց հետո ավելացած գումարները՝
1) համարվում են պարտապանի գույք, եթե դրանք գոյացել են պարտապանի գույքի վաճառքից․
2) ենթակա են վերադարձման երրորդ անձ գրավատուին, եթե դրանք գոյացել են վերջինիս գույքի վաճառքից․
3) ենթակա են վերադարձման երաշխավորություն տված անձին, եթե դրանք գոյացել են վերջիններիս գույքի վաճառքից։
9. Եթե ապահովված իրավունքի առարկայի վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա ապահովված պարտատերն իրավունք ունի դիմելու Սնանկության դատարան՝ ապահովված իրավունքի առարկան իր պահանջի կամ դրա մասի չափով, որպես սեփականություն, իր կամ իր նշած անձի օգտին փոխանցելու մասին միջնորդությամբ` սնանկության հատուկ հաշվին վճարելով գույքի օտարումից առաջացող ավելացված արժեքի հարկը, այդ ապահովված իրավունքի առարկայի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը՝ սույն օրենսգրքով սահմանված չափով։ Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում ապահովված իրավունքի առարկայի պահպանման և փոխանցման ծախսերի, գույքի օտարումից առաջացող ավելացված արժեքի հարկի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:
10. Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դիմելու Սնանկության դատարան՝ իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու մասին միջնորդությամբ՝ սնանկության հատուկ հաշվին փոխանցելով`
1) գույքի գնահատված արժեքը կամ վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գինը ապահովված պարտավորության չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, դրան համարժեք՝ սույն օրենսգրքով սահմանված կառավարչի վարձատրության և գույքի պահպանման ու իրացման համար հաշվարկված ծախսերի հանրագումարի չափով գումար․
2) գույքի գնահատված արժեքը ապահովված պարտավորության չափից պակաս լինելու դեպքում` գնահատված արժեքի, գույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերի հանրագումարի չափով գումար․
3) գույքի վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գինը ապահովված պարտավորության չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով գումար։
11․ Սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերում նշված միջնորդությունները կարող են ներկայացվել ոչ ուշ, քան տվյալ գույքի վաճառքի նպատակով հայտարարված աճուրդի օրվանից մեկ շաբաթ առաջ։
12. Երաշխավորը իր գույքերի մասով օգտվում է սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով միջնորդություն ներկայացնելու իրավունքից։
13. Ապահովված պարտատերը երաշխավորի գույքերի մասով օգտվում է սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով միջնորդություն ներկայացնելու իրավունքից։
14․ Սույն հոդվածում նշված միջնորդությունները ներկայացվում են Սնանկության դատարան՝ դրան կցելով միջնորդությունը տվյալ գույքով ապահովված պարտատիրոջը, պարտապանին, տվյալ գույքի սեփականատիրոջը և կառավարչին ուղարկված լինելու, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված վճարումները կատարված լինելու ապացույցները։
15․ Սույն հոդվածում նշված միջնորդությունների քննության արդյունքով Սնանկության դատարանը որոշում կայացնում է միջնորդությունն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում։
16․ Միջնորդությունը ենթակա է բավարարման, եթե այն ներկայացվել է սույն հոդվածի պահանջներին համապատասխան։
17. Եթե որևէ գույքի մասով սույն հոդվածով սահմանված կարգով միջնորդություն են ներկայացրել ապահովված պարտատերը և երրորդ անձ գրավատուն (երաշխավորը), ապա բավարարման է ենթակա երրորդ անձ գրավատուի (երաշխավորի) ներկայացրած միջնորդությունը։
18. Ապահովման առարկա հանդիսացող գույքի իրացումը կատարվում է պարտապանի սնանկության վարույթում, իսկ եթե գույքը ծանրաբեռնված է տարբեր պարտապանների սնանկության վարույթներով ապահովված պահանջներով, ապա այն իրացվում է սնանկության այն վարույթում, որտեղ այդ գույքով ապահովված իրավունքն առաջնային է:
19․ Եթե պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու, ապա կառավարիչը այդ մասին տեղեկանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում ծանուցում է այդ գրավով գրավառուին պարտապանի չմարված պարտավորությունների մասին: Գրավառուի կողմից գրավի առարկան իրացնելու իրավունքից չօգտվելու և գրավի առարկան սնանկության վարույթում իրացվելու դեպքում գրավի առարկան համարվում է գրավառուի պարտավորություններով ծանրաբեռնված նույն պայմաններով, որոնք առկա էին մինչև այդ առարկայի իրացումը:
20. Երրորդ անձ գրավատուի և երաշխավորի կողմից պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես սույն օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված պահանջ:
| Հոդված 198. | Գրավի առարկա գույքն արտադատական կարգով իրացնելու իրավունքից օգտվելու թույլտվություն տրամադրելու մասին միջնորդությունը |
1. Ապահովված պարտատերը, որի պահանջն ապահովված է գրավադրված գույքով, և գրավի պայմանագրում առկա են գրավի առարկայի արտադատական իրականացման պայմաններ, սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է Սնանկության դատարան ներկայացնել իր մոտ գրավադրված գույքի արտադատական կարգով իրացման իր իրավունքից օգտվելու թույլտվություն տրամադրելու մասին միջնորդություն։
2. Միջնորդությունը ապահովված պարտատերը կարող է ներկայացնել սույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ներկայացվող պահանջի հետ միաժամանակ՝ պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետում։
3. Միջնորդությունը կարող է ներկայացվել, եթե պահանջի հիմքում դրված գրավի պայմանագրում նախատեսված է գրավի առարկա գույքի արտադատական իրականացման հնարավորություն։
4. Սույն հոդվածում նշված պահանջի և միջնորդության մասին տեղեկությունները ներառվում են պահանջների նախնական ցուցակում։
5․ Պահանջի դեմ առարկելու իրավասություն ունեցող անձինք, պահանջների դեմ առարկելու կանոններին համապատասխան, կարող են Սնանկության դատարան ներկայացնել առարկություն պահանջի և միջնորդության վերաբերյալ։
6. Պահանջների նախնական ցուցակի հրապարակումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, առարկություն չներկայացվելու դեպքում Սնանկության դատարանը երկշաբաթյա ժամկետում միջնորդության քննության արդյունքով կայացնում է այն բավարարելու կամ մերժելու մասին որոշում, իսկ առարկություն ներկայացվելու դեպքում պահանջների դեմ ներկայացված առարկության քննության կանոններով քննում է միջնորդությունն ու առարկությունը և կայացնում որոշում։
7. Եթե ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավասություն ունեցող անձի առարկությունը պայմանավորված է ապահովված իրավունքի առարկան պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրում օգտագործելու անհրաժեշտությամբ, ապա Սնանկության դատարանը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետում (այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում՝ երկարաձգված ժամկետում) ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելուց կամ ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը չհաստատվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին։
8. Սույն հոդվածում նշված միջնորդությունը Սնանկության դատարանը մերժում է, եթե՝
1) ապահովված պարտատերը չունի արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք․
2) պահանջը և դրան կից միջնորդությունը ներկայացվել են պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետը լրանալուց հետո․
3) ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը հավանության է արժանացել պարտատերերի ժողովի կողմից․
4) ներկայացված ֆինանսական առողջացման ծրագիրը պարտադրվել է Սնանկության դատարանի որոշմամբ (cram down)․
5) ապահովված պարտատիրոջ պահանջի քննությունն ամբողջությամբ կամ մասնակի ենթակա է կասեցման․
6) ապահովված պարտատերը սնանկության հատուկ հաշվին չի վճարել գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի գումարը։
9. Միջնորդությունը բավարարվելու դեպքում ապահովված պարտատերը կարող է իր պահանջների բավարարում ստանալ միայն արտադատական կարգով՝ սույն հոդվածին համապատասխան, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ։
10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված դեպքում գույքն արտադատական կարգով իրացնելու իր իրավունքից օգտվելու թույլտվություն ստացած պարտատիրոջ մոտ գրավադրված գույքը և այդ պարտատիրոջը պահանջի ապահովման նպատակով երաշխավորություն տված անձանց գույքը սույն օրենսգրքով սահմանված կարգով վաճառքի ենթակա չէ, բացառությամբ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքի։ Այդ դեպքում կառավարիչը պարտատերերի գրանցամատյանում գրանցում է պարտատիրոջ հաստատված պահանջի չափը և կատարում է գրառում վերջինիս՝ արտադատական կարգով իրացնելու իրավունքից օգտվելու մասին։
11․ Գույքն արտադատական կարգով իրացնելու իրավունք ստացած ապահովված պարտատերն իրավունք ունի մինչև գրավի առարկան արտադատական կարգով իրացնելը դիմելու Սնանկության դատարան՝ հրաժարվելով իր մոտ գրավադրված գույքն արտադատական կարգով իրացնելու իր իրավունքից։
12․ Սույն հոդվածի 11-րդ մասում նշված դեպքում գործում են սույն օրենսգրքով սահմանված այն կանոնները, որոնք կգործեին, եթե ապահովված պարտատիրոջ կողմից գրավի առարկա գույքն արտադատական կարգով իրացնելու իրավունքից օգտվելու թույլտվություն տրամադրելու մասին միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացված չլիներ։ Այդ դեպքում կառավարիչը պարտատերերի գրանցամատյանում կատարում է գրառում ապահովված պարտատիրոջ կողմից արտադատական կարգով իրացնելու իր իրավունքից հրաժարվելու մասին։
| Հոդված 199. | Գրավի առարկա գույքն արտադատական կարգով իրացնելը |
1․ Գրավադրված գույքն արտադատական կարգով իրացնելու իրավունքից օգտվելու թույլտվություն տրամադրելու մասին Սնանկության դատարանի որոշման առկայության դեպքում ապահովված իրավունքի առարկան իրացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։
2. Գույքի բռնագանձման ծանուցումն ուղարկվում է նաև Սնանկության դատարան և կառավարչին:
3. Գրավադրված գույքն արտադատական կարգով իրացնելու իրավունքից օգտվելու թույլտվություն ստացած անձը պարտավոր է՝
1) կառավարչի պահանջով հինգօրյա ժամկետում վերջինիս տրամադրել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բռնագանձման գործընթացին առնչվող ցանկացած տեղեկություն.
2) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի իրացումից հետո` հինգօրյա ժամկետում, կառավարչին տրամադրել իրացման փաստը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև տեղեկություններ իրացումից ստացված միջոցների բաշխման ուղղությունների, պարտավորությունների մարման և ավելացած դրամական միջոցների կամ գույքի վերաբերյալ։
4. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացման արժեքն ավելի մեծ է ապահովված պարտատիրոջ պահանջից, ապա ապահովված պարտատերն ապահովված իրավունքի առարկան իրացնելուց հետո` 10-օրյա ժամկետում, պարտավոր է իրացման արժեքի և ապահովված պահանջի տարբերության չափով գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվին, իսկ երրորդ անձ գրավատուին պատկանող ապահովված իրավունքի առարկայի իրացման դեպքում` երրորդ անձ գրավատուի բանկային հաշվին:
ԳԼՈՒԽ 27
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՇԻՎԸ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
| Հոդված 200. | Սնանկության հատուկ հաշիվը |
1. Սնանկության վարույթի այն փուլում, երբ առկա է գումարների հավաքման հնարավորություն, կառավարիչը Հայաստանի Հանրապետության բանկերից մեկում տվյալ սնանկության գործով բացում է սնանկության հատուկ հաշիվ և այդ մասին տեղեկացնում է Սնանկության դատարանին՝ տրամադրելով հաշվեհամարը։
2. Սնանկության հատուկ հաշիվը բացում և կառավարում է սնանկության գործը վարող կառավարիչը։
3. Սնանկության հատուկ հաշիվ բացելու համար կառավարիչը բանկ է ներկայացնում կառավարիչ նշանակելու մասին Սնանկության դատարանի որոշումը, իր անձը հաստատող փաստաթուղթը, եթե պարտապանն իրավաբանական անձ է՝ նրա անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը, եթե պարտապանը ֆիզիկական անձ է՝ նրա անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ նույնականացնող այլ տվյալներ (հանրային ծառայությունների համարանիշ, անձնագրային տվյալներ, ծննդյան օր, ամիս, տարի, հաշվառման հասցե և այլն)։
4. Տվյալ սնանկության գործով կառավարչի փոփոխվելու դեպքում նոր կառավարիչը բանկ է ներկայացնում այդ գործով կառավարիչ նշանակվելու մասին Սնանկության դատարանի որոշումը և իր անձը հաստատող փաստաթուղթը, որի հիման վրա նախորդ կառավարչի՝ հաշիվը կառավարելու լիազորությունները բանկի կողմից դադարեցվում են, և նոր կառավարչին տրվում է հաշիվը կառավարելու լիազորություն։
5. Սնանկության հատուկ հաշվի գումարները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել պարտապանի կամ կառավարչի պարտավորությունների դիմաց։
6․ Սնանկության հատուկ հաշվից գումարի կանխիկացումն արգելվում է։
7. Սնանկության հատուկ հաշվին մուտքագրվող գումարները կարող է օգտագործել միայն կառավարիչը՝ սույն օրենսգրքով սահմանված նպատակներով։
8. Բանկը, որտեղ բացվել է սնանկության հատուկ հաշիվը, կարող է կառավարչից պահանջել ներկայացնել գրավոր պարզաբանում սնանկության հատուկ հաշվից կատարվող փոխանցման վերաբերյալ։ Կառավարչի գրավոր պարզաբանումը պետք է ներառի փոխանցման հիմքը, փոխանցումը կատարելու՝ սույն օրենսգրքի համապատասխան հիմքը։ Կառավարչի կողմից տրված գումարի փոխանցման հանձնարարականը, իսկ բանկի պահանջի դեպքում՝ նաև կառավարչի պարզաբանումը հիմք են փոխանցումը կատարելու համար։
9․ Կառավարիչը պարտավոր է օգտվել միայն պարտապանի մեկ սնանկության հատուկ հաշվից։ Պարտապանի այլ հաշիվները ենթակա են փակման կառավարչի դիմումի հիման վրա: Այդ հաշիվներից պարտապանի միջոցների մնացորդը փոխանցվում է պարտապանի սնանկության հատուկ հաշվին՝ կառավարչի դիմումի հիման վրա:
10․ Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին։
11. Պարտատերերին վճարումները կատարվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվից:
12. Սնանկության դատարանի կամ գործին մասնակցող անձի պահանջով կառավարիչը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում վերջիններիս տրամադրել սնանկության հատուկ հաշվի քաղվածքը։
| Հոդված 201. | Գումարների բաշխման կարգը սնանկության վարույթի տարբեր փուլերում |
1․ Պարտապանի սնանկության հատուկ հաշվին առկա գումարների բաշխումը կատարվում է կառավարչի կազմած՝ չառարկված բաշխման ծրագրերին համապատասխան, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
2․ Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամանակահատվածում գումարների բաշխումը կատարվում է ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան։ Կառավարիչն առանց բաշխման ծրագիր կազմելու գումարները փոխանցում է դրանց հասցեատերերի բանկային հաշվեհամարներին և այդ մասին հաշվետվությունը ներկայացնում է Սնանկության դատարան։
3․ Պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածում, բացառությամբ պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղվող միջոցների, մնացած ուղղություններով բաշխումը կատարվում է առանց բաշխման ծրագիր կազմելու․ կառավարիչը գումարները փոխանցում է դրանց հասցեատերերի բանկային հաշվեհամարներին և այդ մասին հաշվետվությունը ներկայացնում է Սնանկության դատարան։
| Հոդված 202. | Բաշխման ծրագրի ներկայացումը |
1․ Սույն օրենսգրքով սահմանված դեպքերում պարտապանի սնանկության հատուկ հաշվին առկա գումարները բաշխելու նպատակով կառավարիչը կազմում է բաշխման ծրագիր։
2. Սնանկության հատուկ հաշվին առկա գումարների բաշխման նպատակով ծրագիրը դատարան է ներկայացվում այն պահից սկսած երկշաբաթյա ժամկետում, երբ առկա չէ գումարի բաշխման որևէ խոչընդոտ և՝
1) սնանկության հատուկ հաշվի մնացորդը գերազանցում է մեկ միլիոն դրամը, և առաջիկա տասնօրյա ժամկետում այլ մուտքեր չեն սպասվում, կամ
2) սնանկության վարույթի փաստական հանգամանքները վկայում են, որ վարույթում այլ դրամական մուտքեր չեն սպասվում։
3․ Բաշխման ծրագրի ձևը սահմանվում է լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով։
4․ Կառավարիչը գումարը բաշխելու նպատակով իր հաստատած բաշխման ծրագիրը և այն Սնանկության դատարան ներկայացնելու իր մտադրության մասին ծանուցումը էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկում է համակարգում գրանցված, էլեկտրոնային փոստի միջոցով՝ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած, իսկ եթե էլեկտրոնային համակարգում գրանցված են գործին մասնակցող ոչ բոլոր անձինք կամ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած, սակայն սահմանված ժամկետում ծանուցումն ստանալու մասին հետադարձ հավաստում չուղարկած անձինք, ապա վերջիններիս ուղղված՝ բաշխման ծրագիրը Սնանկության դատարան ներկայացնելու մասին ծանուցումը հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
5․ Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ծանուցումը և հայտարարությունը պետք է ներառի սնանկության գործի համարը, պարտապանի անունը (անվանումը), բաշխման ծրագրին և դրա կազմման համար հիմք հանդիսացած փաստաթղթերին ծանոթանալու կարգը և վայրը, բաշխման ծրագրով նախատեսված գումարները փոխանցելու նպատակով բանկային հաշվեհամար տրամադրելու անհրաժեշտությունը, բաշխման ծրագրի դեմ սույն օրենսգրքով սահմանված կարգով առարկություն ներկայացնելու վերջին աշխատանքային օրվա ամսաթիվը, առարկություն ներկայացնելու կարգը։
6․ Կառավարիչը սույն հոդվածի 4-րդ մասում նշված գործողությունները կատարելուց հետո բաշխման ծրագիրն ուղարկում է Սնանկության դատարան՝ կցելով այդ գործողությունները կատարված լինելու ապացույցները։
7․ Բաշխման ծրագրով նախատեսված գումարների հասցեատերերը պարտավոր են կառավարչին ներկայացնել իրենց բանկային հաշվեհամարները՝ բաշխման ծրագրով նախատեսված գումարները այդ հաշվեհամարներին փոխանցելու համար։
8․ Կառավարիչը, սնանկության գործընթացում նախատեսված ծախսերի իրականացման նպատակով կարող է սնանկության հատուկ հաշվին պահեստավորել (դեպոնացնել) գումարներ՝ այդ մասին տեղեկությունները և հիմնավորումները ներառելով բաշխման ծրագրում։
| Հոդված 203. | Բաշխման ծրագրի դեմ առարկությունը |
1․ Բաշխման ծրագրի դեմ առարկություն կարող են ներկայացնել՝
1) պարտապանը՝ միայն վարչական ծախսերի և կառավարչի վարձատրության մասով․
2) պարտատերերը․
3) եթե բաշխման ենթակա գումարը կամ դրա մասը գոյացել է ոչ պարտապանի գույքի վաճառքից, ապա այդ անձը՝ միայն վարչական ծախսերի և կառավարչի վարձատրության մասով։
2․ Առարկություն ներկայացնելու ժամկետը մեկ շաբաթ է, որի հաշվարկը սկսվում է սույն օրենսգրքի 202-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գործողություններից վերջինը կատարված լինելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից։
3․ Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրենց առարկությունները ներկայացնում են Սնանկության դատարան և կառավարչին։ Սնանկության դատարան ներկայացվող առարկությանը կցվում է առարկությունը կառավարչին ուղարկված լինելու մասին ապացույցը։
4․ Կառավարիչը բաշխման ծրագրի վերաբերյալ առարկությունն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում առարկություն ներկայացնողին և Սնանկության դատարան է ներկայացնում առարկության վերաբերյալ դիրքորոշում։ Սնանկության դատարան ներկայացվող դիրքորոշմանը կցվում է դիրքորոշումն առարկություն ներկայացնողին ուղարկված լինելու մասին ապացույցը։
| Հոդված 204. | Բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկության քննությունը |
1․ Բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը Սնանկության դատարանը քննում և որոշում է կայացնում գրավոր ընթացակարգով՝ կառավարչի կողմից դիրքորոշում ներկայացնելու ժամկետից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում։
2․ Սնանկության դատարանը կառավարչի դիրքորոշումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, կարող է կառավարչից պահանջել առարկությանն առնչվող ապացույցներ, որոնք դատական գործում առկա չեն, և պարզաբանումներ։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում կառավարիչը պարտավոր է Սնանկության դատարանի պահանջն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնել պահանջվող ապացույցները, եթե դրանք առկա են, և պարզաբանումները։
4․ Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում Սնանկության դատարանը որոշում է կայացնում այդ կետում նշված ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում։
5․ Առարկության քննության արդյունքով Սնանկության դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․
1) առարկությունն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու և բաշխման ծրագրի առարկված մասն ամբողջությամբ կամ մասնակի փոփոխելու, անհրաժեշտության դեպքում՝ նաև վերահաշվարկ կատարելու մասին, կամ
2) առարկությունն ամբողջությամբ մերժելու և բաշխման ծրագրի առարկված մասն անփոփոխ թողնելու մասին։
6․ Սնանկության դատարանի որոշումը կարող է բողոքարկել միայն կառավարիչը կամ առարկություն ներկայացրած անձը՝ միայն իր առարկությանն առնչվող մասով։
| Հոդված 205. | Բաշխման ծրագրի նկատմամբ դատական վերահսկողությունը |
1․ Բաշխման ծրագրի բողոքարկման ժամկետում Սնանկության դատարանը կառավարչին է ներկայացնում հիմնավորված պահանջ՝ բաշխման ծրագրով վճարման ենթակա գումարի չափը փոփոխելու և, դրանով պայմանավորված, բաշխման ծրագրի վերահաշվարկ կատարելու մասին, եթե համարում է, որ տվյալ գումարի չափը սխալ է հաշվարկված։
2․ Կառավարիչն իրավունք ունի Սնանկության դատարանի՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, դրա դեմ Սնանկության դատարան ներկայացնելու դիրքորոշում՝ առկայության դեպքում կցելով համապատասխան ապացույցներ։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Սնանկության դատարանը կայացնում է բաշխման ծրագրի համապատասխան մասն ամբողջությամբ կամ մասնակի փոփոխելու և, դրանով պայմանավորված, բաշխման ծրագրի վերահաշվարկ կատարելու կամ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու մասին որոշում։
4․ Սնանկության դատարանի որոշումը կարող է բողոքարկել միայն կառավարիչը։ Կառավարիչը որոշումը չի կարող բողոքարկել, եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված կարգով դիրքորոշում չի ներկայացրել։
| Հոդված 206. | Գումարների բաշխումը |
1․ Բաշխման ծրագիրը համարվում է անվիճելի, եթե բողոքարկման ժամկետում կառավարիչը դրա վերաբերյալ առարկություն չի ստացել և սույն օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Սնանկության դատարանի կողմից կառավարչին պահանջ չի ներկայացվել, կամ Սնանկության դատարանը որոշում է կայացրել բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու մասին, և այդ ակտը դարձել է անբողոքարկելի։
2․ Բաշխման ծրագիրը ենթակա է փոփոխման, եթե առկա է բաշխման ծրագիրը փոփոխելու մասին անբողոքարկելի դարձած դատական ակտ։
3․ Կառավարիչը բաշխման ծրագրի գումարների բաշխումը կատարում է ծրագիրը անվիճելի կամ փոփոխման ենթակա դառնալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ։
4․ Եթե բաշխման ծրագրի վերաբերյալ ներկայացվել է առարկություն, կամ Սնանկության դատարանից ստացվել է պահանջ, ապա կառավարիչը բաշխման ծրագրի բողոքարկման ժամկետը լրանալուց հետո կարող է կատարել գումարների բաշխում այն չափով, որ բաշխման ծրագիրը ներկայացված առարկությանը կամ Սնանկության դատարանի պահանջին համապատասխան փոփոխվելու դեպքում գումար ստացած որևէ անձից գումարի վերադարձման պահանջ ներկայացնելու անհրաժեշտություն չլինի։
5․ Եթե բաշխման ծրագրով նախատեսված գումարի հասցեատերը կառավարչին չի տրամադրել բանկային հաշվեհամար, ապա կառավարիչն իրավունք ունի այդ գումարները փոխանցելու նոտարի դեպոզիտ հաշվին՝ այդ մասին տեղեկացնելով գումարի հասցեատիրոջը։ Սույն մասում նշված դեպքում ծանուցումների, գումարները դեպոզիտ հաշվին փոխանցելու և պահելու հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են այդ գումարների հաշվին։
ԳԼՈՒԽ 28
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
| Հոդված 207. | Ֆինանսական առողջացման ծրագիրը |
1. Ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվում է պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիր, որի իրականացմամբ Սնանկության դատարանի դատական ակտով արձանագրվում է պարտապանի ստանձնած պարտավորությունները կատարելու, ներառյալ պահանջները բավարարելու փաստը, կամ արձանագրվում է ստանձնած պարտավորությունները, ներառյալ պահանջները բավարարելու համար այնպիսի հիմքերի առկայությունը, որով Սնանկության դատարանն արձանագրում է պարտապանի վճարունակության վերականգման հնարավորությունը և մորատորիումի գործողության դադարումը։
2. Ֆինանսական առողջացման ծրագիրը բաղկացած է սկզբնական փուլից՝ 36 ամիս, և հաջորդող երեք փուլերից՝ յուրաքանչյուր փուլը մինչև 12 ամիս։ Հաջորդող երեք փուլերի ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել ևս 36 ամիսը, այն բացառությամբ, երբ բոլոր պարտատերերի և պարտապանի համաձայնությամբ սահմանվել է ավելի երկար ժամկետ: Ֆինանսական առողջացման ծրագրի սկզբնական փուլի ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը, իսկ հաջորդող փուլերի համար առանձնահատկությունը սահմանվում է սույն օրենսգրքի 209-րդ հոդվածով։ Ֆինանսական առողջացման ծրագրի 1-ին փուլում՝ պարտավորությունների մարման ժամանակացույցում, որպես առավելագույն ժամկետ, կարող է սահմանվել մինչև 72-ամսյա ժամկետը։
3. Ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակում կարող են իրականացվել պարտապանի վճարունակության վերականգնմանն ուղղված մեկ կամ մի քանի միջոցառումներ, այդ թվում՝
1) պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառքը՝ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով.
2) պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցելը.
3) պարտապանի գույքի գրավադրումը.
4) շահութաբերություն չապահովող գործունեության դադարեցումը և ձեռնարկատիրական գործունեության ոլորտի փոփոխությունը.
5) անշահավետ գործարքների փոփոխումը կամ դադարեցումը.
6) պարտքի վերակառուցումը (պարտքի մարման ժամկետների հետաձգումը, վերաձևակերպումը, պարտավորությունների կատարումից ազատումը).
7) օրենսդրությամբ սահմանված կարգով պարտքի փոխարինումը արժեթղթերով.
8) դեբիտորական պարտավորությունների բռնագանձումը.
9) նոր ֆինանսավորման, ներառյալ վարկի ստացումը.
10) նոր ներդրումների իրականացումը.
11) պարտապանի վերակազմակերպումը.
12) նոր բաժնետոմսերի թողարկումը կամ հետգնումը.
13) պարտապան կազմակերպության մասնակցի (մասնակիցների) սեփականություն հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը։ Նշված գործողությունն իրականացնելու համար չի պահանջվում համապատասխան իրավատերերի համաձայնություն, իսկ վաճառքի այդ ձևի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքի 250-255-րդ հոդվածներով.
14) նոր իրավաբանական անձի ստեղծման վարույթի իրականացումը.
15) սույն օրենսգրքով չարգելված այլ միջոցառումներ:
| Հոդված 208. | Ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացումը |
1. Ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը՝ իր հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների) որոշման հիման վրա, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն մեկ երրորդին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն մեկ երրորդին տիրապետող պարտատերերը, ինչպես նաև պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն մեկ երրորդին տիրապետող անձինք:
2․ Ֆինանսական առողջացման ծրագրին կից Սնանկության դատարան է ներկայացվում ֆինանսական առողջացման ծրագրի օրինակը կառավարչին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցը (բացառությամբ ծրագիրը կառավարչի կողմից ներկայացվելու դեպքերի)։
3. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներկայացվի մինչև առաջին ժողովը: Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձի միջնորդությամբ Սնանկության դատարանը կարող է երկարաձգել ծրագրի ներկայացման ժամկետը ևս մեկ ամսով: Ֆինանսական առողջացման ծրագրի հետ մեկտեղ պարտատերերին, ինչպես նաև առողջացման ծրագրով նախատեսված ծրագրի հնարավոր ֆինանսավորողներին ըստ պահանջի ներկայացվում են բոլոր այն տեղեկությունները, այդ թվում՝ ֆինանսական, որոնք հիմք են ծառայել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի համար:
4․ Պարտապանի նկատմամբ լուծարային վարույթ սկսվելուց հետո ֆինանսական առողջացման ծրագիրը կարող է ներկայացնել միայն կառավարիչը։ Սույն մասով ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումը, հաստատումը, ներառյալ ծրագրի փոփոխությունները, Սնանկության դատարանի որոշմամբ ֆինանսական առողջացման պարտադրումն իրականացվում են սույն գլխով սահմանված կանոններով։
5. Պարտատիրոջ, պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի մեկ երրորդին տիրապետող անձանց առաջարկած ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ծախսերը և դրա ընդունման համար անհրաժեշտ դատական ծախսերը կատարվում են առաջարկողի հաշվին: Կառավարչի կամ պարտապանի առաջարկած ֆինանսական առողջացման ծրագրի ծախսերը կատարվում են պարտապանի գույքի հաշվին:
| Հոդված 209. | Ֆինանսական առողջացման ծրագրի պարտադիր պայմանները |
1. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի`
1) ապահովված, չապահովված և այլ պարտատերերի նկատմամբ պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումների կատարման կարգը, այդ թվում` պահանջների բավարարման կարգը պարտապանին պատկանող անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքով.
2) տեղեկատվություն այն մասին, թե պարտատերերի պահանջների բավարարումը ինչ չափով կբավարարվի լուծարման վարույթ սկսվելու դեպքում․
3) պարտապանին պարտավորություններից ազատելու, դրանք հետաձգելու կամ վերաձևակերպելու կարգը և չափերը.
4) պարտապանի վճարունակությունը վերականգնելու համար սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների բովանդակությունը և իրականացման կարգն ու ժամկետները, դրանց իրականացման արդյունքով պարտապանի գործունեությունը շարունակելիս պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունների ավելացման հիմնավորումները, պարտապանին պատկանող գույքի վաճառքի դեպքում` վաճառվող գույքի կազմը, եթե նախատեսվում է իրականացնել պարտապանի կողմից հիմնադրվող իրավաբանական անձի բաժնեմասի վաճառք, ապա՝ պարտապանի կողմից հիմնադրվող իրավաբանական անձին սեփականության իրավունքով փոխանցման ենթակա գույքի ցուցակը և սույն օրենսգրքով սահմանված տեղեկություններ.
5) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման համար անհրաժեշտ` կառավարչի և այլ մասնագետների, պարտապանի ղեկավարի վարձատրության և վարչական ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը.
6) կառավարչի լիազորությունները:
2. Առանց պարտատիրոջ գրավոր համաձայնության՝ ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող նախատեսել այդ պարտատիրոջ պահանջների բավարարման այլ հերթականություն, քան նախատեսված է սույն օրենսգրքով։ Եթե տվյալ պարտատերը գրավոր այլ համաձայնություն չի տվել, ապա պարտատերերից որևէ մեկը չպետք է ֆինանսական առողջացման ծրագրի արդյունքով նվազ նպաստավոր պայմաններում հայտնվի, քան եթե պարտապանը լուծարվեր։ Նման իրավիճակի ստեղծման վտանգը գնահատում է Սնանկության դատարանը՝ ֆինանսական առողջացման ծրագրի մասով կայացվող դատական ակտով։
3. Ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խախտել այլ անձանց շահերը:
4. Եթե ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պետք է օգտագործվի ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) պահանջի դիմաց գրավադրված գույքը, ապա ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությունը ֆինանսական առողջացման ծրագրի քննարկման կամ հաստատման համար պարտադիր է, բացառությամբ եթե սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական առողջացման ծրագիրը պարտադրման միջոցով հաստատել է Սնանկության դատարանը, և ապահովված պարտատերերին տրամադրվել է համարժեք պաշտպանություն: Համարժեք պաշտպանությունը համարվում է ապահովված պարտատիրոջը տրամադրված, եթե պարտապանի կողմից սույն օրենսգրքի 215-րդ հոդվածով համարժեք պաշտպանության մասով Սնանկության դատարանը հաստատել է ներկայացված առաջարկը՝ սահմանելով համարժեք պաշտպանության տրամադրման էական պայմանները, ներառյալ բովանդակությունը և ժամկետները։ Համարժեք պաշտպանության մասով Սնանկության դատարանի կայացրած որոշումը կարող է բողոքարկել ապահովված պարտատերը։
5. Եթե ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվում է այլ անձանց կողմից պարտապանին նոր ֆինանսավորման տրամադրում, ապա տվյալ ծրագրի հաստատման համար նոր ֆինանսավորողի համաձայնությունը պարտադիր է։
6․ Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման դեպքում պարտապանի գույքի վաճառքն իրականացվում է այդ ծրագրով նախատեսված կարգով:
7․ Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում կիրառելի են սույն օրենսգրքի 229-233-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները։
| Հոդված 210. | Ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը |
1. Ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Սնանկության դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձնելու մասին, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքով սահմանված պահանջներին, կամ չի ներկայացվել ֆինանսական առողջացման ծրագրի օրինակը կառավարչին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցը (բացառությամբ ծրագիրը կառավարչի կողմից ներկայացվելու դեպքերի): Սնանկության դատարանը որոշմամբ նշում է առկա թերությունները և սահմանում մեկշաբաթյա ժամկետ` առկա թերությունները շտկելու և ֆինանսական առողջացման ծրագիրը կրկին ներկայացնելու համար: Մինչև որոշում ընդունելը Սնանկության դատարանը կարող է ծրագիր ներկայացնող անձից պահանջել ծրագրի վերաբերյալ փորձագետի եզրակացություն կամ մասնագետի բացատրություն ներկայացնել:
2. Ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո սահմանված ժամկետում թերությունները վերացվելու և այն կրկին Սնանկության դատարան ներկայացվելու դեպքում համարվում է ժամկետում ներկայացված:
3. Սնանկության դատարանը մեկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննության թողնելու մասին, եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձվելու դեպքում սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվել, կամ կրկին ներկայացվելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:
4. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց կամ ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձվելու դեպքում կրկին ներկայացվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Սնանկության դատարանը որոշում չի ընդունել ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին, ապա կառավարչին, պարտապանին և իրեն հայտնի բոլոր պարտատերերին ծանուցում է Սնանկության դատարանում ֆինանսական առողջացման ծրագրի առկայության և ծրագրին նրանց ծանոթանալու իրավունքի մասին:
5. Կառավարիչը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու` սույն օրենսգրքով կամ ժամկետի երկարաձգման մասին Սնանկության դատարանի որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում, հրավիրում է ժողով ֆինանսական առողջացման ծրագիրը (ծրագրերը) քննարկելու նպատակով, որին հրավիրվում է պարտապանը: Սույն մասում նշված ժամկետից բացառություն է, երբ Սնանկության դատարանը սույն հոդվածի 4-րդ մասի հիմքով դատարան ներկայացված ծրագիրը կրկին վերադարձվելու դեպքում սահմանված ժամկետը չի բավարարում ֆինանսական առողջացման ծրագրում մատնանշված թերությունները վերացնելու համար։ Տվյալ դեպքում Սնանկության դատարանը համապատասխան որոշմամբ իրավասու է ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու և այդ ծրագիրը քննարկելու համար պարտատերերի ժողով հրավիրելու ժամկետները երկարաձգելու ողջամիտ ժամկետով։
| Հոդված 211. | Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությունը |
1. Մեկից ավելի ֆինանսական առողջացման ծրագրեր քննարկվելու դեպքում բոլոր ծրագրերի քվեարկությունը պետք է կատարվի մեկ ժողովի ընթացքում:
2. Ֆինանսական առողջացման ծրագիրը քննարկելու նպատակով հրավիրված ժողովի անցկացման ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտատերերի չներկայանալն արգելք չէ ժողովի անցկացման համար։
3. Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությունը պետք է կատարվի մեկ ժողովի ընթացքում: Ժողովի ընթացքում պարտատերերը կարող են առաջարկել առողջացման ծրագրի փոփոխություններ։ Այն դեպքում, երբ պարտատերերի առաջարկած փոփոխություններն ընդունվում են ժողովի կողմից, ապա ծրագիրը համարվում է փոփոխություններով ընդունված։
4. Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հաստատված պահանջներով պարտատերերը, ներառյալ ապահովված պահանջներ ունեցող պարտատերերը, որոնց վրա ազդում է ծրագիրը: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքային բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերը միայն Կառավարության և սույն օրենսգրքով սահմանած դեպքերում և կարգով կարող են մասնակցել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը, իսկ չմասնակցելը հանգեցնում է սույն հոդվածի 3-րդ կետի հետևանքներին։ Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը պարտատերերն ունեն պահանջների ընդհանուր ծավալում իրենց պահանջին հասանելիք տոկոսային արտահայտմամբ չափով ձայն։
5. Ծրագիրը կարող է տարածվել ապահովված պահանջների վրա, եթե՝
1) ապահովված պարտատերը կողմ է քվեարկել ծրագրին, կամ
2) Սնանկության դատարանը սույն օրենսգրքի 214-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում է կայացրել ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատերերին պարտադրելու մասին (cram down)՝ պայմանով, որ ապահովված է ապահովված պարտատերերի համարժեք պաշտպանությունը։
6. Ֆինանսական առողջացման ծրագիրն ընդունվում է սույն օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված կարգով։
7. Ժողովի արդյունքներով կառավարիչը կազմում է արձանագրություն։ Կառավարիչը ժողովին ներկա մասնակցի արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում այդ մասին համապատասխան նշում է կատարում արձանագրության մեջ և արձանագրությունը համապատասխան միջնորդությամբ ներկայացնում է Սնանկության դատարան։
8. Եթե քվեարկվում են մեկից ավելի ծրագրեր, ապա դրանք քվեարկվում են ըստ ներկայացման առաջնայնության: Ըստ ներկայացման առաջնայնության իրականացված քվեարկության արդյունքով ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումից հետո մնացած ծրագրերի մասով քվեարկություն չի իրականացվում:
9. Ֆինանսական առողջացման ծրագրում ներառվում են միայն հաստատված պահանջները։ Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո հաստատված պահանջները հիմք են ֆինանսական առողջացման ծրագրում մեկամսյա ժամկետում այդ պահանջի մասով փոփոխություն կատարելու համար։ Մեկամսյա ժամկետում ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխություն չկատարելը հանգեցնում է սույն օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հետևանքի։
| Հոդված 212. | Ըստ պարտատերերի դասերի՝ ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումը |
1․ Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու համար պարտատերերը ծրագրով պետք է խմբավորվեն առանձին դասերի։ Տարբերակման չափանիշները պետք է նշվեն ծրագրում և պահպանեն առնվազն հետևյալ պահանջները.
1) յուրաքանչյուր դասում խմբավորված պարտատերերը պետք է ունենան շահերի բավարար ընդհանրություն՝ հիմնված ստուգելի չափանիշների վրա.
2) ապահովված և չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը պետք է խմբավորվեն առանձին դասերում․
3) եթե ծրագրով նախատեսվում է նաև երրորդ անձ գրավատուների, երաշխիք և երաշխավորություն տրամադրած անձանց իրավունքների փոփոխություն, ապա վերջիններս խմբավորվում են առանձին դասում․
4) շահերի բավարար ընդհանրություն չունեցող չապահովված փոքր պահանջներով պարտատերերը կարող են խմբավորվել պարտատերերի առանձին մեկ դասում, եթե Սնանկության դատարանը հաստատում է, որ նման պարտատերերի մեկ դասում ներառելը անհրաժեշտ և նպատակահարմար է։
2․ Սնանկության դատարանը նախքան ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը քննում է ծրագրով պարտատերերի քվեարկության իրավունքների և պարտատերերի առանձին դասերի խմբավորումը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանության հարցը և հաստատում այն։
3․ Սույն հոդվածի 1-ին մասը չի տարածվում գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական առողջացման վրա։
4․ Ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված, եթե ծրագրին կողմ են քվեարկել յուրաքանչյուր դասում խմբավորված՝ քվեարկությանը մասնակցած պարտատերերի ձայների կեսից ավելին։ Սույն մասով նախատեսված քվեարկության համար քվորումը համարվում է ապահովված, եթե քվեարկությանը մասնակցում են յուրաքանչյուր դասում խմբավորված պարտատերերի ձայների առնվազն 25 տոկոսը։
5․ Գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված, եթե ծրագրին կողմ են քվեարկել քվեարկությանը մասնակցած պարտատերերի ձայների կեսից ավելին։ Սույն մասով նախատեսված քվեարկության համար քվորումը համարվում է ապահովված, եթե քվեարկությանը մասնակցում են մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի ձայների առնվազն 25 տոկոսը։
| Հոդված 213. | Ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի որոշումը |
1. Ֆինանսական առողջացման ծրագիրը սույն օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունվելու և սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում հաստատվում է Սնանկության դատարանի որոշմամբ:
2. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրը չի ընդունվել սույն օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված կարգով, ապա Սնանկության դատարանը կարող է որոշում կայացնել պարտադրման միջոցով ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման մասին՝ սույն օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված կարգով (cram down)։
3. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրը չի հաստատվում սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված կարգով, ապա Սնանկության դատարանը որոշում է ընդունում պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին:
4. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման մասին Սնանկության դատարանի որոշմամբ պետք է նշվի ֆինանսական առողջացման ժամկետը:
5. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման մասին Սնանկության դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
| Հոդված 214. | Պարտադրման միջոցով ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը դատարանի կողմից |
1․ Ֆինանսական առողջացման ծրագիրը, որը սույն օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված կարգով չի ընդունվել պարտատերերի կողմից, կարող է հաստատվել Սնանկության դատարանի որոշմամբ և պարտադրվել ծրագրի դեմ քվեարկած պարտատերերին հետևյալ բոլոր պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) ծրագրին կողմ են քվեարկել սույն օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով խմբավորված պարտատերերի դասերից առնվազն մեկ դասի պարտատերերի ընդհանուր ձայների կեսից ավելին՝ պայմանով, որ ծրագիրն ազդում է տվյալ դասի պարտատերերի վրա,
2) ապահովված պարտատերերին ծրագրով տրվում է սույն օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված համարժեք պաշտպանություն, եթե ծրագիրն ազդում է ապահովված պարտատերերի վրա,
3) ծրագրով ապահովված է ծրագրին դեմ քվեարկած պարտատերերի շահերի պաշտպանվածությունը,
4) ծրագրին դեմ քվեարկած նույն դասի պարտատերերի համար ծրագիրը նախատեսում է առնվազն նույնքան բարենպաստ պայմաններ, որքան նախատեսված է նույն դասի ցանկացած այլ պարտատերերի համար, և ցածր հերթի ոչ մի պարտատեր ծրագրի շրջանակում չի ստանա որևէ վճարում, եթե բարձր հերթի բոլոր անհամաձայն պարտատերերը լիովին չեն ստանալու իրենց պահանջների բավարարում,
5) ծրագրով նախատեսված է չապահովված պարտատերերի պահանջների բավարարումը սույն օրենսգրքի 219-րդ հոդվածով նախատեսված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան, և ցածր հերթի ոչ մի պարտատեր ծրագրի շրջանակում չի կարող ստանալ որևէ բավարարում, քանի դեռ ավելի բարձր հերթի բոլոր պարտատերերի պահանջներն ամբողջությամբ չեն բավարարվել,
6) ծրագրով նոր ֆինանսավորում նախատեսված լինելու դեպքում այն անհրաժեշտ է ծրագրի իրագործման համար և չի վնասում պարտատերերի շահերը,
7) ծրագիրը համապատասխանում է սույն օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված ֆինանսական առողջացման ծրագրին ներկայացվող ընդհանուր պահանջներին:
2․ Սնանկության դատարանը ֆինանսական առողջացման ծրագրով ապահովված պարտատերերի համարժեք պաշտպանության հարցը քննում է մինչև ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու հարցի քննարկումը:
3․ Սնանկության դատարանն ստուգում է ֆինանսական առողջացման ծրագրի համապատասխանությունը սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, եթե ծրագիրը վիճարկվում է այդ հիմքով։
4․ Սույն հոդվածով սահմանված կարգով Սնանկության դատարանի կողմից պարտադրման միջոցով ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու համար Սնանկության դատարան միջնորդություն ներկայացնելու իրավունք ունի ծրագիրն ընդունած պարտատերերի համապատասխան դասի ներկայացուցիչը կամ պարտապանը։
5․ Եթե ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատվում է Սնանկության դատարանի կողմից պարտադրման միջոցով, ապա երրորդ անձի գրավը և երաշխավորություն տրամադրած անձանց գույքը ֆինանսական առողջացման ծրագրում չեն ընդգրկվում։
| Հոդված 215. | Ապահովված պարտատերերի համարժեք պաշտպանությունը |
1․ Ապահովված պարտատերերի համարժեք պաշտպանությունը տրվում և իրականացվում է հետևյալ եղանակով.
1) ապահովված պարտատերերն ապահովման առարկայի իրացման դեպքում գոյացած միջոցներից ստանում են առաջնային բավարարում.
2) ապահովված պարտատերերը ծրագրի գործողության ընթացքում ստանում են ապահովված պահանջի հաստատված չափով դրամական վճարումներ.
3) եթե ապահովված պարտատերը բանկ կամ վարկային կազմակերպություն է, որի հանդեպ մինչև սնանկ ճանաչվելը պարտապանի ունեցած պարտավորությամբ նախատեսված էր պարտավորության մաս առ մաս կատարում, ապա տվյալ ապահովված պարտատիրոջ առաջարկով ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվում է ապահովված պարտավորության մաս առ մաս մարման պահանջ՝ սկսած ֆինանսական առողջացման ծրագրի երրորդ ամսից՝ յուրաքանչյուր հերթական մասի մարումը ոչ ավելի, քան մինչև պարտապանին սնանկ ճանաչելը գործող պարտավորության հերթական մասի մարման չափով.
4) ծրագրի գործողության ընթացքում ապահովման առարկայի հնարավոր արժեզրկման դիմաց ապահովված պարտատերերին տրվում է ապահովման առարկայի շուկայական արժեքի, իսկ անշարժ գույքի դեպքում՝ մոտարկված կադաստրային արժեքի առնվազն 50 տոկոսի չափով լրացուցիչ ապահովում՝ պարտապանի այլ գույքերով.
5) ապահովված պարտատերերը ծրագրի ավարտին ստանում են նաև հետաձգված վճարումների գծով տոկոսներ՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, որոնք հաշվարկվում են ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման օրվանից մինչև հետաձգված վճարումների գծով պարտավորությունների փաստացի մարման օրը.
6) եթե ծրագրով նախատեսված է ապահովման առարկայի վաճառք, և ապահովման առարկան հնարավոր չէ վաճառել ապահովված պահանջի առնվազն 90 տոկոսի չափով, ապա ապահովված պարտատերն ստանում է պարտավորության բավարարման նպատակով ապահովման առարկան ի սեփականություն վերցնելու իրավունք՝ ի սեփականություն վերցնելու օրվա դրությամբ այդ գույքի անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գնով.
7) եթե ապահովման առարկան, ֆինանսական առողջացման ծրագրի համաձայն, իրացվում է, ապա դրա արդյունքով ստացված գումարի նկատմամբ համապատասխան ապահովված պարտատերը, սույն մասի 1-ին կետի համաձայն, իր ապահովված պահանջի չափով ձեռք է բերում ապահովված պահանջի իրավունք։
2․ Համարժեք պաշտպանությունը համարվում է ապահովված պարտատիրոջը տրամադրված, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարված են և նախատեսված են ֆինանսական առողջացման ծրագրով։ Համարժեք պաշտպանությունը հաստատելու մասով Սնանկության դատարանը կայացնում է որոշում համապատասխան միջնորդությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում։
3․ Ապահովված պարտատերն ստանում է առանց սահմանափակման գրավի առարկան իրացնելու իրավունք՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետի պահանջները խախտելու դեպքում։ Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված լրացուցիչ ապահովում տրամադրելու պարտականությունը համարվում է խախտված, եթե այդ պարտականությունը չի կատարվել պահանջն ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։
| Հոդված 216. | Նոր ֆինանսավորման պաշտպանությունը |
1․ Ֆինանսական առողջացման ծրագրով նոր ֆինանսավորում տրամադրած պարտատերերի նոր ֆինանսավորման գործարքները չեն կարող ճանաչվել անվավեր սույն օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված հիմքերով։
2․ Նոր ֆինանսավորում տրամադրած պարտատերերը չեն կարող կրել պատասխանատվություն այն հիմքով, որ նման ֆինանսավորմամբ վնաս է պատճառվել պարտատերերի ընդհանուր շահերին։
3․ Նոր ֆինանսավորումը համարվում է վարույթի ընթացքում ձևավորվող ծախս։
| Հոդված 217. |
Պահանջներ չներկայացրած պարտատերերի իրավունքները |
1. Ֆինանսական առողջացման ծրագիրը Սնանկության դատարանի հաստատմանը ներկայացնելիս պարտապանը պարտավոր է Սնանկության դատարան ներկայացնել պահանջներ չներկայացրած պարտատերերի ցուցակը։ Պահանջներ չներկայացրած պարտատերերը սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են պարտապանի սնանկության և պարտատերերի պահանջները մեկամսյա ժամկետում Սնանկության դատարան ներկայացնելու անհրաժեշտության մասին: Ծանուցագրում նշվում է պահանջ չներկայացնելու իրավական հետևանքների մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները Սնանկության դատարանը քննարկում է սույն օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Եթե ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո Սնանկության դատարան են ներկայացվում պարտատերերի նոր պահանջներ, ապա ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձը մեկամսյա ժամկետում կարող է Սնանկության դատարան ներկայացնել նոր ֆինանսական առողջացման ծրագիր կամ հաստատված ծրագրի փոփոխություններ: Նոր ֆինանսական առողջացման ծրագիրը կամ հաստատված ծրագրի փոփոխությունները Սնանկության դատարան են ներկայացվում և հաստատվում սույն օրենսգրքով սահմանված կարգով:
4. Եթե ծանուցված պարտատերը պահանջ չի ներկայացնում, ապա պարտապանի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության գործն ավարտելուց հետո պարտապանն ազատվում է պարտավորությունից։ Չծանուցված պարտատերերը պահպանում են պարտապանի դեմ պահանջ ներկայացնելու իրավունքը:
| Հոդված 218. | Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման հետևանքները |
1. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո պարտապանի գործունեությունն իրականացվում է միայն ծրագրի շրջանակում, իսկ պարտատերերի պահանջների բավարարումը՝ ծրագրով սահմանված կարգով: Պարտապանի գործունեության այն հարցերը, որոնք կարգավորված չեն ֆինանսական առողջացման ծրագրով, իրականացվում են Սնանկության դատարանի թույլտվությամբ։
2. Պարտապանը կառավարչի վերահսկողությամբ պարտավոր է կատարել ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:
3. Ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ընթացքում պարտապանի կառավարման մարմինները, այդ թվում` ղեկավարը, գործում են ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված իրավասության շրջանակում:
4. Կառավարիչը եռամսյա պարբերականությամբ Սնանկության դատարան է ներկայացնում հաշվետվություն ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:
5. Իրավաբանական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին Սնանկության դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ շարունակում է ներկայացնել պարտապանի ղեկավարը և կրում է դրանք չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
| Հոդված 219. | Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի երկարաձգումը |
1. Պարտատերերի ժողովը պարտավոր է քննարկել և որոշել ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը երկարաձգելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցը սույն օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից դիմելու դեպքում:
2. Սնանկության դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագրի հաջորդ փուլ անցնելու և ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը մինչև 12 ամիս երկարաձգելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, եթե այդ որոշումն ընդունվել է ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման վերաբերյալ սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:
3. Ֆինանսական առողջացման ծրագրի ընդհանուր տևողությունը Սնանկության դատարանի կողմից դրա սկզբնական հաստատումից հետո չի կարող գերազանցել 72 ամիսը, իսկ սկզբնական հաստատվող ֆինանսական առողջացման ծրագրի տևողությունը՝ 36 ամիսը:
| Հոդված 220. | Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտը |
1. Մինչև ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտը պարտատերերի պահանջների բավարարման դեպքում կառավարիչը Սնանկության դատարան է ներկայացնում ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտի մասին հաշվետվություն: Այս հիմքով ներկայացված հաշվետվությունը քննվում է գրավոր ընթացակարգով հինգ օրվա ընթացքում։ Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտման հաշվետվությունը հաստատելու դեպքում Սնանկության դատարանը կայացնում է սնանկության գործը պարտապանի ֆինանսական առողջացման հիմքով ավարտելու և սնանկության գործով կիրառված սահմանակումները վերացնելու վերաբերյալ վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
2. Եթե պարտատերերի պահանջները հաշվետվության ներկայացման պահին բավարարված չեն, ապա Սնանկության դատարանը մերժում է կառավարչի հաշվետվության հաստատումը, և ֆինանսական առողջացման ծրագիրը շարունակվում է:
| Հոդված 221. | Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը |
1. Ֆինանսական առողջացման ծրագիրը Սնանկության դատարանը կարող է վաղաժամկետ դադարեցնել: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերն են`
1) ծրագրում և կից փաստաթղթերում առկա կեղծ տեղեկությունները.
2) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների էական խախտումը: Սույն կետի իմաստով՝ էական է համարվում այն խախտումը, որը հանգեցրել է ծրագրում նշված պարտավորության կատարման հերթական ժամկետի երկու և ավելի անգամ կետանցի։ Խախտումը թույլ տալու սկզբնական պահից մինչև 12 ամսյա ժամկետում չկրկնվելու դեպքում համարվում է մարված.
3) այն հանգամանքների առկայությունը, որոնք ակնհայտ վկայում են, որ պարտապանն ի վիճակի չէ կատարել պարտավորությունների մարման ժամանակացույցը.
4) ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո Սնանկության դատարան ներկայացված նոր պահանջների առկայությունը, եթե մեկամսյա ժամկետում Սնանկության դատարան չեն ներկայացվել ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխություններ, որոնք նախատեսում են նաև նոր ներկայացված պահանջների բավարարում, կամ եթե ներկայացված փոփոխությունները Սնանկության դատարանի որոշմամբ մերժվել են:
2. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման պահանջով Սնանկության դատարան կարող են դիմել կառավարիչը, պարտապանը, առավել խոշոր պահանջներ ունեցող հինգ չապահովված պարտատերերից յուրաքանչյուրը, ինչպես նաև ապահովված պարտատերը (պարտատերերը):
3. Եթե պարտապանը թույլ է տվել պարտատերերի նկատմամբ ծրագրով նախատեսված իր պարտավորությունների էական խախտում, ապա տվյալ պարտատերն իրավունք ունի դիմելու Սնանկության դատարան՝ ծրագրի դադարեցման պահանջով, որին կցվում են դադարեցման պահանջը պարտապանին ուղարկված լինելու մասին ապացույցներ։ Պարտատիրոջ պահանջը Սնանկության դատարանը քննում է այն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում՝ դատական նիստում:
4. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում, ներառյալ եթե սույն հոդվածով նախատեսված պահանջի քննարկման համար նշանակված դատական նիստի օրվա դրությամբ պարտապանը, սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով, չի կատարել ծրագրով նախատեսված՝ պարտատերերի նկատմամբ իր պարտավորությունները, ապա Սնանկության դատարանը որոշում է կայացնում պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը դադարեցնելու և պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին: Սույն մասի իմաստով՝ կետանցված պարտավորությունների կատարումը համարվում է դադարեցման հիմքերը վերացրած։
5. Պարտատերերի պահանջները, որոնք ներառված էին դադարեցված ֆինանսական առողջացման ծրագրում, հաշվառվում են պարտատերերի պահանջների գրանցամատյանում այն չափով, որով դրանք ենթակա են մարման ֆինանսական առողջացման ծրագրի դադարեցման օրվա դրությամբ և մարվում են սույն օրենսգրքով սահմանված հերթականությամբ:
6. Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի դադարեցման և լուծարման վարույթ սկսելու մասին տեղեկությունները պետք է հրապարակվեն կառավարիչի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով Սնանկության դատարանի որոշման կայացման օրվանից հինգ օրվա ընթացքում:
| Հոդված 222. | Ֆինանսական առողջացման ծրագրի ավարտը |
1. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ կառավարիչը պետք է Սնանկության դատարան ներկայացնի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվություն:
2. Կառավարչի հաշվետվությանը կցվում են`
1) պարտապանի վերջին հաշվետու ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվությունը.
2) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.
3) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը․
4) հաշվետվությունը պարտատերերին ուղարկելու վերաբերյալ ապացույցներ։
3. Սնանկության դատարանը ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունն ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտը կառավարչի հաշվետվության և ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ պարտատերերի առարկությունների (առկայության դեպքում) արդյունքներով կայացնում է`
1) կայացման պահից օրինական ուժ ունեցող վճիռ` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը հաստատելու և սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են.
2) որոշում` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժելու և պարտապանին լուծարելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարված չեն:
ԳԼՈՒԽ 29
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
| Հոդված 223. | Պարտապան իրավաբանական անձի լուծարման վարույթը |
1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի հաստատումը մերժվելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժվելու դեպքում Սնանկության դատարանը որոշում է կայացնում պարտապան իրավաբանական անձի լուծարման վարույթ սկսելու մասին (այսուհետ` պարտապանի լուծարում) համապատասխան հիմքը հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում:
2. Պարտապանի լուծարման մասին որոշման կայացումից հետո` հինգ օրվա ընթացքում, կառավարիչն այն հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Պարտապանին լուծարելու մասին որոշման մեկ օրինակը Սնանկության դատարանն ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին և հարկային մարմին:
3. Պարտապանին լուծարելու մասին որոշման հրապարակումից հետո կառավարիչը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է պարտապանի գույքի վաճառքը:
| Հոդված 224. | Պարտապանի գույքի արգելադրումը |
1. Սնանկության դատարանի կողմից պարտապանի լուծարման վերաբերյալ որոշումը կայացվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը Սնանկության դատարանի որոշման հիման վրա արգելադրում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը, բացառությամբ այն գույքի, որի վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:
2. Եթե պարտապանը սեփականության իրավունքով գույք ունի այլ երկրներում, ապա կառավարիչը սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմում է այդ երկրների դատարաններին` նշված գույքն արգելադրելու մասին հանձնարարությամբ: Այլ երկրներում պարտապանին պատկանող գույքի արգելադրումը կարող է իրականացվել միայն տվյալ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ արգելադրումն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ արգելադրում իրականացնելու միջոցով:
| Հոդված 225. |
Պարտապանի գործունեության կասեցումը |
1. Եթե Սնանկության դատարանը կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, ապա պարտապանի ղեկավարի, պարտապանի կառավարման այլ մարմինների և պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների) բոլոր լիազորությունները, գույքը կառավարելու կամ տնօրինելու պարտապանի բոլոր իրավունքները կասեցվում են Սնանկության դատարանի որոշմամբ, բացառությամբ պարտապանի պարտավորությունները կատարելու համար երրորդ անձանց կողմից միջոցներ տրամադրելու վերաբերյալ պայմանագրերի կնքման մասին որոշումներ կայացնելու լիազորությունների:
2. Սնանկության դատարանի որոշմամբ պարտապանի` գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները կարող են կասեցվել նաև մինչև պարտապանի լուծարումը, եթե պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր:
| Հոդված 226. | Պարտապանի գործունեության վերսկսումը |
1. Եթե պարտապանի գործունեությունը կասեցվել է սույն օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված կարգով, ապա պարտատերերի ժողովի որոշման հիման վրա կառավարիչը կարող է միջնորդություն ներկայացնել Սնանկության դատարան պարտապանի գործունեությունը մասնակի կամ ամբողջությամբ մինչև վեց ամիս ժամկետով վերսկսելու մասին։
2․ Միջնորդությունն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Սնանկության դատարանն այն բավարարում է, եթե պարտապանի գործունեության վերսկսումը կարող է մեծացնել պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը:
3. Պարտապանի վերսկսված գործունեության ժամկետը ժողովի որոշման և կառավարչի միջնորդության հիման վրա կայացված Սնանկության դատարանի որոշմամբ կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով, եթե պարտապանի վերսկսված գործունեությունը մեծացրել է պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը: Այդ դեպքում պարտապանի գործունեության երկարաձգման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը:
4. Պարտապանի գործունեությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսված լինելու ընթացքում պարտապանի գույքի հաշվին պահանջի բավարարման գործընթացը չի կասեցվում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքի։
5․ Պարտապանի գործունեությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսված լինելու ընթացքում վաճառքի չի ներկայացվում այն գույքը, որն օգտագործվում է պարտապանի վերսկսված գործունեությունն ապահովելու համար:
| Հոդված 227. | Կառավարչի հաշվետվությունը պարտապանի գործունեության վերսկսման դեպքում |
1. Կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր ամիս Սնանկության դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի վերսկսած գործունեության վերաբերյալ:
| Հոդված 228. | Պարտապանի գույքի գնահատումը |
1․ Գույքագրման մասին ծանուցմամբ կառավարիչը գործին մասնակցող անձանց տեղեկացնում է նաև իր կողմից գույքի գնահատման աշխատանքների իրականացման և սույն հոդվածով սահմանված իրենց իրավունքների մասին։
2. Սույն օրենսգրքի իմաստով՝
1) անշարժ գույքի շուկայական արժեքը սահմանվում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի հիման վրա հաշվարկված կադաստրային արժեքի չափով, և այդ դեպքում շուկայական արժեքը հաստատող փաստաթուղթ է համարվում մոտարկված կադաստրային արժեքի չափը հավաստող փաստաթուղթը.
2) դեբիտորական պարտավորության կամ դրամական պահանջի շուկայական արժեքը սահմանվում է դրա փաստացի արժեքի չափով, և այդ դեպքում շուկայական արժեքը հաստատող փաստաթուղթ է համարվում կառավարչի կազմած տեղեկանքը.
3) այլ գույքի, այդ թվում՝ շարժական գույքի, բաժնեմասերի, փայերի, բաժնետոմսերի և այլ արժեթղթերի, ապրանքային նշանների, մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող կամ հատուկ գիտելիքներ պահանջող գույքի շուկայական արժեքը փորձագետի հաշվարկած շուկայական արժեքն է, և շուկայական արժեքի հաշվարկը և չափը հաստատող փաստաթուղթ է համարվում փորձագետի կազմած գնահատման ակտը (եզրակացությունը, հաշվետվությունը և այլն)։
3. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով կառավարիչը հրավիրում է փորձագետ, եթե անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մարմնում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված կադաստրային արժեքի մասին տվյալներ չկան։
4. Անշարժ գույք չհանդիսացող գույքի (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված գույքի) շուկայական արժեքը որոշելու նպատակով կառավարիչը հրավիրում է փորձագետ։
5․ Պարտապանի գույքի արժեքը որոշելու նպատակով կառավարչի հրավիրած փորձագետը չպետք է փոխկապակցված լինի կառավարչի, պարտապանի և պարտատերերի հետ։
6․ Կառավարիչն իր հրավիրած փորձագետի ծառայությունների համար վճարում է պարտապանի միջոցներից։
7․ Գույքագրման մասին ծանուցված գործին մասնակցող անձինք և գույքի սեփականատերերը (գրավատու, երաշխավոր) իրավունք ունեն իրենց միջոցներով իրականացնելու սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված գույքերի՝ անկախ փորձագետի կողմից գնահատում և գնահատման ակտի (եզրակացության, հաշվետվության և այլն) բնօրինակը մինչև գույքի վաճառքի ծրագրի քննարկման նպատակով հրավիրվող ժողովի պահը ներկայացնելու կառավարչին։
8․ Որևէ գույքի մասով սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով մեկից ավելի շուկայական արժեքների առկայության դեպքում այդ գույքի վաճառքի հարցի քննարկման ժամանակ հիմք է ընդունվում ամենաբարձր շուկայական արժեքը, եթե սույն օրենսգրքով այլ բան սահմանված չէ։
| Հոդված 229. | Պարտապանի գույքի վաճառքը |
1. Պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված ու պարտատերերի ժողովի (խորհրդի) կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և Սնանկության դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով։
2․ Գույքի վաճառքը կարող է իրականացվել ուղղակի գործարքով՝ սույն օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասով և 232-րդ հոդվածով նախատեսված դեպքերում։
3. Լուծարման վարույթն սկսելու օրվանից մեկամսյա ժամկետում կառավարիչը պարտատերերի ժողովին (խորհրդին) է ներկայացնում պարտապանի գույքի վաճառքի ծրագիրը։
4. Գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի ցանկը, այդ ծրագրով վաճառքի ենթակա գույքի ցանկը, գույքագրված գույքի, պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները (անվանումները, նկարագրությունը, քանակը, առկայության դեպքում՝ այլ նույնականացնող տվյալներ), վաճառքի՝ սույն օրենսգրքի համաձայն նախատեսվող ձևը, շուկայական արժեքները, գույքի վաճառքի եղանակը, կառավարչի հայեցողությամբ՝ այլ տեղեկություններ։
5․ Գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վաճառքի ծրագրով գույքի առաջին աճուրդի մեկնարկային գին է սահմանվում սույն օրենսգրքի 228-րդ հոդվածին համապատասխան որոշված շուկայական գինը։
6․ Պարտատերերի ժողովը (խորհուրդը) կարող է որոշում կայացնել գույքի առաջին աճուրդի մեկնարկային գինը դրա շուկայական արժեքի մինչև 20 տոկոս ավելի չափով սահմանելու մասին։
7․ Պարտատերերի ժողովը (խորհուրդը) կարող է հաստատել պարտապանի գույքի վաճառքի՝ կառավարչի առաջարկած ծրագրից տարբերվող ծրագիր:
8. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կառավարիչը գույքի վաճառքն իրականացնում է առանց պարտատերերի ժողովի (խորհրդի նիստի) հրավիրման՝ Սնանկության դատարանի որոշմամբ։
9․ Պարտատերերի ժողովի (խորհրդի) կողմից պարտապանի ձեռնարկության կամ դրա մասի վաճառքի վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում գործում են սույն օրենսգրքի 251-րդ և 252-րդ հոդվածներով սահմանված ձեռնարկության վաճառքի կանոնները, իսկ նոր իրավաբանական անձի ստեղծման վարույթի իրականացման դեպքում՝ սույն օրենսգրքի 231-րդ հոդվածի կանոնները։
10․ Պարտապանի գույքի վաճառքի կարգը, ժամկետները և պայմանները պետք է ուղղված լինեն պարտապանի գույքը օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնին հնարավորին չափ մոտ գնով վաճառելուն, իսկ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքում նաև պետք է ապահովեն հրապարակային սակարկություններին առավելագույն թվով գնորդների ներգրավվածություն:
11. Կառավարչի առաջարկած գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի ժողովի (խորհրդի) կողմից հաստատվելու դեպքում կառավարիչը մեկշաբաթյա ժամկետում դիմում է Սնանկության դատարան՝ գույքի վաճառքը հաստատված ծրագրին համապատասխան թույլատրելու միջնորդությամբ։
12. Կառավարչի առաջարկած գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի ժողովի (խորհրդի) կողմից չհաստատվելու կամ ժողովը (խորհրդի նիստը) չկայանալու կամ կառավարչի առաջարկած ծրագրից տարբերվող ծրագիր չհաստատվելու դեպքում կառավարիչը մեկշաբաթյա ժամկետում դիմում է Սնանկության դատարան՝ գույքի վաճառքի՝ իր ներկայացրած ծրագիրը հաստատելու և վաճառքը դրան համապատասխան թույլատրելու միջնորդությամբ։
13․ Եթե ժողովը (խորհուրդը) հաստատել է կառավարչի առաջարկած ծրագրից տարբերվող ծրագիր, ապա կառավարիչն իրավունք ունի մեկշաբաթյա ժամկետում դիմելու Սնանկության դատարան՝ ժողովի հաստատած վաճառքի ծրագիրը մերժելու, իր ներկայացրած վաճառքի ծրագիրը հաստատելու և վաճառքը թույլատրելու միջնորդությամբ, եթե համարում է, որ իր առաջարկած վաճառքի ծրագիրը գույքի վաճառքի արդյունքով գումարների հավաքման տեսանկյունից առավել արդյունավետ է, կամ ժողովի (խորհրդի) հաստատած ծրագրով խախտվում են գործին մասնակցող որևէ անձի իրավունքները կամ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված սկզբունքները։ Սույն մասում նշված հիմքերի բացակայության դեպքում կառավարիչը նույն ժամկետում դիմում է Սնանկության դատարան՝ գույքի վաճառքը ժողովի (խորհրդի) հաստատած ծրագրին համապատասխան իրականացնելու թույլտվություն տալու մասին միջնորդությամբ։
14․ Սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերում նշված միջնորդությունը պետք է ներառի գույքի վաճառքի հիմնավորումները, գույքի ցանկը, նկարագիրը, շուկայական արժեքը, վաճառքի ծրագրի քննարկման նպատակով ժողովի հրավիրմանն ու անցկացմանն առնչվող տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկություններ։ Միջնորդությանը կից ներկայացվում են պարտատերերի ժողովի (խորհրդի նիստի) հրավիրմանն ու անցկացմանն առնչվող փաստաթղթերը, վաճառքի ծրագիրը, գույքի շուկայական արժեքը հաստատող փաստաթղթերը, սույն հոդվածի 16-րդ մասին համապատասխան իրականացված գործողության կատարման ապացույցները, կառավարչի հայեցողությամբ այլ փաստաթղթեր։
15․ Սույն հոդվածի 13-րդ մասում նշված միջնորդությունը, սույն հոդվածի 14-րդ մասում նշվածից բացի, պետք է ներառի կառավարչի առաջարկած վաճառքի ծրագիրը գույքի վաճառքի արդյունքով գումարների հավաքման տեսանկյունից առավել արդյունավետ լինելու կամ ժողովի (խորհրդի) հաստատած ծրագրով գործին մասնակցող որևէ անձի իրավունքների կամ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված սկզբունքների խախտման հիմնավորումները։ Միջնորդությանը, սույն հոդվածի 14-րդ մասում նշված փաստաթղթերից բացի, կցվում են ժողովի (խորհրդի) հաստատած վաճառքի ծրագրի օրինակը, կառավարչի հայեցողությամբ՝ այլ փաստաթղթեր։
16․ Սույն հոդվածի 11-13-րդ մասերում նշված միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելու մասին կառավարիչը՝
1) էլեկտրոնային համակարգի միջոցով ծանուցում է համակարգում գրանցված, իսկ էլեկտրոնային փոստի միջոցով՝ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած գործին մասնակցող անձանց,
2) եթե էլեկտրոնային համակարգում գրանցված են կամ էլեկտրոնային փոստի հասցե են տրամադրել ոչ բոլոր գործին մասնակցող անձինք, կամ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած որևէ գործին մասնակցող անձ սահմանված ժամկետում ծանուցումն ստանալու մասին հետադարձ հավաստում չի ուղարկել, ապա վերջիններիս ուղղված ծանուցումը հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
17․ Սնանկության դատարանը սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերում նշված միջնորդությունն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու և գույքի վաճառքը թույլատրելու մասին, եթե միջնորդությունը ներկայացվել է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Սույն օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող միջնորդությունը նույն ժամկետում ենթակա է մերժման։
18․ Սնանկության դատարանը սույն հոդվածի 13-րդ մասում նշված միջնորդությունն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում՝
1) այն բավարարելու, կառավարչի ներկայացրած վաճառքի ծրագիրը հաստատելու և գույքի վաճառքն այդ ծրագրին համապատասխան թույլատրելու մասին, եթե միջնորդությունը ներկայացվել է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան, և Սնանկության դատարանը հիմնավոր է համարում կառավարչի ներկայացրած փաստարկները․
2) այն մերժելու և գույքի վաճառքը ժողովի (խորհրդի) հաստատած ծրագրին համապատասխան թույլատրելու մասին, եթե միջնորդությունը ներկայացվել է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան, և Սնանկության դատարանը հիմնավոր չի համարում կառավարչի ներկայացրած փաստարկները․
3) այն բավարարելու և գույքի վաճառքը ժողովի (խորհրդի) հաստատած ծրագրին համապատասխան թույլատրելու մասին, եթե ներկայացվել է նման միջնորդություն, և այն ներկայացվել է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան․
4) միջնորդությունը մերժելու և վաճառքը չթույլատրելու մասին, եթե միջնորդությունը ներկայացվել է սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ։
19․ Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով։
20. Պարտապանի գույքի վաճառքը թույլատրվում է միայն պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:
21․ Պարտապանի գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու մասին Սնանկության դատարանի որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում գույքի վաճառքը։
| Հոդված 230. | Պարտապանի գույքի վաճառքն ուղղակի գործարքով |
1. Վաճառքի ենթակա գույքն ուղղակի վաճառքով կարող է վաճառվել՝
1) պարտապանի բնականոն գործունեության շրջանակում, եթե գույքն ուղղակի վաճառքով չվաճառելու դեպքում տեղի կունենա այդ գույքի որակական հատկանիշների այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի այդ գույքի արժեքի էական նվազման (շուտ փչացող գույք)․
2) եթե այն վաճառելու նպատակով կազմակերպվել է առնվազն երեք աճուրդ, աճուրդի մեկնարկային գինը առնվազն երկու անգամ նվազեցվել է, և գույքը չի վաճառվել, և առկա է գույքը վերջին չկայացած աճուրդին նախորդող աճուրդի մեկնարկային գնով գնելու վերաբերյալ առաջարկ։
2. Գույքի վաճառքը՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում իրականացվում է պարտապանի բնականոն գործունեության շրջանակում, և դրա համար պարտատերերի ժողովի (խորհրդի) որոշում և Սնանկության դատարանի թույլտվություն չի պահանջվում․
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում իրականացվում է սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված կարգով՝ Սնանկության դատարանի թույլտվությամբ, և դրա համար պարտատերերի ժողովի (խորհրդի) որոշում չի պահանջվում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում կառավարիչն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ ձեռնարկում է գույքն ուղղակի վաճառքով վաճառելու համար անհրաժեշտ միջոցներ, և սույն օրենսգրքով սահմանված՝ գույքն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարված լինելուց հետո Սնանկության դատարան է ներկայացնում գույքն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տրամադրելու մասին միջնորդություն։
4. Սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում գույքի վաճառքի թույլտվություն տալու մասին միջնորդությունը Սնանկության դատարան կարող է ներկայացվել, եթե գնելու ցանկություն հայտնած անձը սնանկության հատուկ հաշվին է վճարել ուղղակի վաճառքով վաճառքի ենթակա գույքի վաճառքի հնարավոր գնի առնվազն 25 տոկոսի չափով նախավճար և ներկայացրել է իր կողմից տրված՝ նոտարական կարգով վավերացված հայտարարությունը այդ գումարը նախավճար համարվելու վերաբերյալ։
5. Վաճառքի գնի մնացած մասի վճարումը կատարվում է Սնանկության դատարանի կողմից գույքն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշումը կայացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում։ Գույքի վաճառքի գինը սահմանված ժամկետում ամբողջությամբ վճարվելուց և գույքի վաճառքին խոչընդոտող հանգամանքները վերացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, կառավարիչը գույքը գնելու ցանկություն հայտնած անձի հետ կնքում է առք ու վաճառքի պայմանագիր։
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետը՝
1) պարտատերերի ժողովի (խորհրդի) համաձայնության դեպքում սահմանվում է մինչև երկու ամիս, եթե գնելու ցանկություն հայտնած անձը մինչև կառավարչի կողմից միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելը վճարել է գույքի վաճառքի հնարավոր գնի առնվազն 50 տոկոսի չափով նախավճար և ներկայացրել է իր կողմից տրված՝ նոտարական կարգով վավերացված հայտարարությունը այդ գումարը նախավճար համարվելու վերաբերյալ.
2) սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում (սույն մասի 1-ին կետում նշված կարգով երկարաձգված լինելու դեպքում՝ այդ ժամկետում) կառավարչի, գնելու ցանկություն ունեցող անձի և վաճառքի ենթակա գույքը որպես գրավ ընդունող անձի մասնակցությամբ առք ու վաճառքի և հիպոտեկի պայմանագիր կնքվելու դեպքում սահմանվում է առք ու վաճառքի և հիպոտեկի պայմանագրի կնքման օրվանից հինգ աշխատանքային օր.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված դեպքերում սահմանվում է մեկ շաբաթ՝ վաճառքի թույլտվություն տալու մասին որոշման ընդունման օրվանից։
| Հոդված 231. | Նոր իրավաբանական անձի ստեղծման վարույթի իրականացումը |
1. Նոր իրավաբանական անձի ստեղծման վարույթն իրականացվում է սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններին համապատասխան պարտապանի առանձնացման ձևով վերակազմակերպման և այդ վերակազմակերպման արդյունքով հիմնադրվող (նոր ստեղծվող) իրավաբանական անձի բաժնեմասը սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտատերերին սեփականության իրավունքով փոխանցելու միջոցով։
2. Եթե պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բոլոր գույքերի աճուրդի մեկնարկային գների հանրագումարը ցածր է հաստատված պահանջների հանրագումարից, ապա պարտատերերն իրավունք ունեն համատեղ դիմում ներկայացնելու Սնանկության դատարան՝ այդ գույքի հիման վրա նոր ընկերություն հիմնադրելու և այդ ընկերության բաժնեմասերն իրենց պարտավորությունների համամասնության համապատասխան չափով, սեփականության իրավունքով իրենց հանձնելու վերաբերյալ դիմումին կցելով գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի և գույքի վերջին չկայացած աճուրդի գների հանրագումարի հինգ տոկոսի չափով կառավարչի վարձատրության գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին վճարված լինելու և դիմումի օրինակը կառավարչին ուղարկված լինելու ապացույցները։
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումն ստանալուց հետո կառավարիչը մեկշաբաթյա ժամկետում կազմում է բաժանիչ հաշվեկշռի նախագիծը և այն ներկայացնում Սնանկության դատարան՝ կցելով պարտապանին և պարտատերերին ուղարկված լինելու ապացույցները։
4. Բաժանիչ հաշվեկշիռը պետք է տեղեկություններ պարունակի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող այն ակտիվների (գույքի, գույքային իրավունքների, լիցենզիաների, թույլտվությունների, արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների, գյուտերի, այլ իրավունքների և այլն) մասին, որոնք պետք է փոխանցվեն նոր իրավաբանական անձի ստեղծման վարույթում պարտապանից առանձնացող՝ նոր ստեղծվող իրավաբանական անձին։ Բաժանիչ հաշվեկշիռը, այլ տեղեկություններից բացի, պետք է ներառի յուրաքանչյուր ակտիվի նույնականացնող տվյալները, նկարագիրը, քանակը, հաշվեկշռային և գնահատված արժեքները, վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գները, առկայության դեպքում՝ այլ բնութագրիչներ։ Բաժանիչ հաշվեկշիռը կարող է պարունակել օրենքին չհակասող այլ տեղեկություններ։
5. Պարտապանը և պարտատերերն իրավունք ունեն բաժանիչ հաշվեկշռի նախագիծն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, դրա վերաբերյալ ներկայացնելու առարկություններ։
6. Առարկությունների ներկայացման ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Սնանկության դատարանը որոշում է կայացնում բաժանիչ հաշվեկշիռը հաստատելու, դրա հիման վրա նոր իրավաբանական անձ հիմնադրելու և այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում պարտատերերից յուրաքանչյուրի բաժնեմասը սահմանելու կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը մերժելու մասին։
7. Սնանկության դատարանի կողմից հաստատված բաժանիչ հաշվեկշիռը հիմք է դրանում հաստատված բաժնեմասնակցությանը համապատասխան իրավաբանական անձ հիմնադրելու համար։
8. Նոր ստեղծվող իրավաբանական անձը համարվում է պարտապանի իրավահաջորդը միայն բաժանիչ հաշվեկշռով իրեն փոխանցված ակտիվների և գույքային իրավունքների մասով, իսկ պարտապանի այլ պարտավորությունները նրան չեն փոխանցվում: Սնանկության դատարանի որոշմամբ հաստատված բաժանիչ հաշվեկշռում ներառված ակտիվները նոր իրավաբանական անձի ստեղծման վարույթի արդյունքով նոր ստեղծվող իրավաբանական անձին են փոխանցվում այն նույն ծավալով և իրավունքով, ինչպիսիք առկա են պարտապանի մոտ։
| Հոդված 232. | Պարտապանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքը |
1. Կառավարիչը պարտապանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա չհանդիսացող գույքում պարտապանի բաժինը, այդ գույքի շուկայական գնահատված արժեքի՝ պարտապանի բաժնին համապատասխան մասով գնելու վերաբերյալ ծանուցում է ուղարկում այդ գույքի համասեփականատերերին։
2․ Եթե գույքի բոլոր համասեփականատերերը կառավարչին են ներկայացնում պարտապանի բաժինը առաջարկված գնով բոլոր համասեփականատերերի կամ նրանցից մեկի կամ մի քանիսի կողմից գնման վերաբերյալ համաձայնություն և կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվին մուտքագրված լինելու վերաբերյալ ապացույց, ապա կառավարիչն այդ մասին տեղեկացնում է պարտապանին և պարտատերերին ու Սնանկության դատարան է ներկայացնում գույքում պարտապանի բաժինը համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություն։
3․ Եթե պարտապանի բաժինը առաջարկված գնով գնելու ցանկություն հայտնում են ոչ բոլոր համասեփականատերերը՝ համաձայնությանը կից ներկայացնելով ապացույց կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվին մուտքագրված լինելու վերաբերյալ, ապա գույքում պարտապանի բաժինն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը Սնանկության դատարան կարող է ներկայացվել միայն գույքում պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ համասեփականատերերի ծանուցվելուց (ծանուցված համարվելուց) մեկ ամիսը լրանալուց հետո։
4․ Միջնորդությանը կից Սնանկության դատարան են ներկայացվում գույքի շուկայական արժեքը հաստատող փաստաթուղթը, կառավարչի կողմից համասեփականատերերին ուղղված ծանուցումը, նրանց ծանուցված լինելու ապացույցները, գնելու ցանկություն հայտնած համասեփականատիրոջ (համասեփականատերերի) անձնագրերի պատճենները, համասեփականատերերի առկա համաձայնությունները, սնանկության հատուկ հաշվին ծանուցմամբ նշված գումարի վճարված լինելու ապացույցը, միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելու մասին պարտապանին և պարտատերերին ծանուցելու ապացույցները։
5․ Սույն հոդվածում նշված դեպքում պարտատերերի ժողովի և խորհրդի համաձայնությունը չի պահանջվում։
6․ Սնանկության դատարանը միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է միջնորդությունը բավարարելու և ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինը գույքի համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշում, եթե միջնորդությունը ներկայացվել է սույն մասին համապատասխան։
7․ Եթե պարտապանի բաժինը առաջարկված գնով գնելու մասին ծանուցվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գույքի համասեփականատերերից առնվազն մեկը ցանկություն չի հայտնում պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ կամ չի ներկայացնում ապացույց կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվին մուտքագրված լինելու վերաբերյալ, ապա կառավարիչը հայցադիմում է ներկայացնում Սնանկության դատարան՝ գույքում պարտապանի բաժինն առանձնացնելու, առանձնացման անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և վաճառքից ստացված գումարը համասեփականատերերի միջև իրենց բաժիններին համապատասխան բաշխելու պահանջի մասին։
8․ Անբաժանելի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին Սնանկության դատարանի վճիռը հիմք է գույքը կառավարչի կողմից հրապարակային սակարկություններով վաճառելու համար:
9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված գույքի վաճառքից ստացված գումարները, այդ գույքի մասով կատարված վարչական ծախսերը պահելուց հետո փոխանցվում են համասեփականատերերին՝ իրենց բաժիններին համապատասխան չափով, իսկ պարտապանի բաժնին համապատասխան գումարը մնում է սնանկության հատուկ հաշվին և բաշխվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով։
| Հոդված 233. | Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով |
1. Գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը կազմակերպվում և անցկացվում է այդ նպատակով նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով (էլեկտրոնային աճուրդով)՝ լիազոր մարմնի սահմանած կարգով։
2․ Գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվության մասին Սնանկության դատարանի որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կառավարիչը գույքն աճուրդով վաճառելու մասին տեղեկությունները հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հայտարարությունը, այլ տեղեկություններից բացի, պետք է ներառի գույքի ցանկը, առաջին աճուրդի մեկնարկային գները, սակարկությունները էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացնելու մասին տեղեկությունը և էլեկտրոնային հարթակի հասցեն։
3. Հերթական աճուրդների մասին հայտարարությունները հրապարակվում են աճուրդի կազմակերպման համար նախատեսված էլեկտրոնային հարթակում՝ հարթակի գործիքակազմին համապատասխան։
4. Գույքը առաջին աճուրդով չվաճառվելու դեպքում հետագա աճուրդները (կրկնաճուրդները) կազմակերպելու համար պարտատերերի ժողովի (խորհրդի) համաձայնությունը և Սնանկության դատարանի թույլտվությունը (որոշումը) չեն պահանջվում։
5. Սնանկության գործով հրապարակային սակարկություններին չեն կարող մասնակցել`
1) սակարկությունների կազմակերպիչ կառավարիչը.
2) սակարկությունների կազմակերպիչ կառավարչի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև սակարկությունների կազմակերպիչ կառավարչի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը.
3) այն անձինք, որոնք սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:
6. Կառավարչի միջնորդությամբ, Սնանկության դատարանի որոշմամբ ընդհատվում է հրապարակային սակարկություններով գույքի իրացումը, եթե տեղի է ունեցել վաճառվող գույքի կազմի (նախորդ աճուրդների նկատմամբ), ինչպես նաև շուկայական գների կտրուկ փոփոխություն, կամ եթե ապահովված պարտատերը կամ գրավատուն (երաշխավորը) օրենքով սահմանված կարգով օգտվել է սույն օրենսգրքի 197-րդ հոդվածի համապատասխանաբար 9-րդ և 10-րդ մասերով սահմանված իր իրավունքներից, կամ եթե Սնանկության դատարանի որոշմամբ հրապարակային սակարկություններով վաճառքի ենթակա գույքի վերաբերյալ Սնանկության դատարանը կայացնում է ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշում, կամ սույն օրենսգրքով սահմանված կարգով տվյալ գույքը ենթակա է իրացման այլ սնանկության վարույթի շրջանակում:
7. Պարտապանի գույքի հրապարակային սակարկություններով իրացումն ընդհատվելու դեպքում այն կրկին հրապարակային սակարկություններով կարող է վաճառքի ներկայացվել սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Սնանկության դատարանի որոշմամբ։
8․ Հրապարակային սակարկությունների արդյունքով մեկնարկային գնի նվազեցումը չի կարող դիտվել որպես շուկայական գնի նվազեցում կամ համարվել սույն օրենսգրքով նախատեսված՝ շուկայական գնին հնարավորին չափ մոտ գնով գույքը վաճառելու պահանջի խախտում։
| Հոդված 234. |
Աճուրդի իրավաչափությունը վիճարկելը |
1. Սնանկության վարույթում կազմակերպված աճուրդը դրա անցկացման օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, կարող է վիճարկվել և դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչվել շահագրգիռ անձի պահանջով, եթե այն անցկացվել է օրենքի խախտմամբ, և թույլ տրված խախտումն ազդել է կամ կարող էր ազդել աճուրդի արդյունքների վրա։ Աճուրդը չի կարող ոչ իրավաչափ ճանաչվել այնպիսի հիմքով, որը հայտնի է եղել մինչև սնանկության վարույթում գույքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելը, և դրա վերաբերյալ առարկություն չի ներկայացվել։
2. Աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելու հետևանքով աճուրդի արդյունքով ձեռք բերված գույքը չի կարող հետ պահանջվել գնորդից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ներառյալ եթե գնորդն անբարեխիղճ է։ Աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելն ինքնին հիմք չէ աճուրդի արդյունքով կնքված առք ու վաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և այդ պայմանագրի հիման վրա ծագած՝ գնորդի սեփականության իրավունքը դադարեցնելու (իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու, առկա պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու) համար։
3. Գույքի նախկին սեփականատեր հայցվորը կարող է ոչ իրավաչափ ճանաչված աճուրդով իրացված գույքն իրեն վերադարձնելու պահանջ ներկայացնել միայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում։
4. Եթե աճուրդը ճանաչվել է ոչ իրավաչափ, սակայն աճուրդով իրացված գույքը սույն հոդվածով սահմանված հիմքերով պարտապանին (գույքի նախկին սեփականատիրոջը) վերադարձման ենթակա չէ, ապա պարտապանը (գույքի նախկին սեփականատերը) իրավունք ունի կառավարչից պահանջելու հատուցել ոչ իրավաչափ ճանաչված աճուրդով իրեն պատճառված վնասը։
5. Աճուրդի մասնակցի կամ ոչ իրավաչափ կերպով աճուրդին մասնակցելու հնարավորություն չստացած անձի պահանջով աճուրդը ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հայցվորն իրավունք ունի կառավարչից պահանջելու հատուցել ոչ իրավաչափ ճանաչված աճուրդով իրեն պատճառված վնասը։ Սույն մասով վնասի առկայությունը կամ չափը չհիմնավորվելու դեպքում հայցվորին տրամադրվում է փոխհատուցում՝ ոչ իրավաչափ ճանաչված աճուրդով լոտի իրացման գնի 10 տոկոսի, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի և ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով։
6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցը բավարարվելու դեպքում՝
1) դատական ակտի հիման վրա դադարում է գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը, և նույն պայմանագրի հիմքով գնորդի սեփականության իրավունքի նոր գրանցում կատարվել չի կարող.
2) հայցվորի սեփականության իրավունքը, իրացման հետևանքով դադարած գույքային իրավունքները և սահմանափակումները վերականգնվում են (գրանցվում, հաշվառվում են), իսկ իրացման հետևանքով կատարված իրավունքների պետական գրանցումներն իրենց իրավաբանական ուժը կորցնում են բացառապես սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հայցը բավարարող դատական ակտի հիման վրա, եթե չկան սույն կետում նշված իրավունքների, սահմանափակումների և պետական գրանցումների դադարման (ուժը կորցնելու)` օրենքով նախատեսված այլ հիմքեր.
3) տվյալ գույքի վաճառքից ստացված միջոցները բաշխված լինելու դեպքում այդ բաշխման ծրագրով բաշխված գումարները դատական ակտի հիման վրա դրանք ստացող անձինք վերադարձնում են սնանկության հատուկ հաշվին, և կառավարիչը ստացված գումարները վերադարձնում է գնորդին։
7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված վճիռը հիմք է նույն մասի 3-րդ կետում նշված վերադարձման ենթակա գումարները բռնագանձելու և սնանկության հատուկ հաշվին վճարելու համար։
| Հոդված 235. | Գույքին առնչվող խոչընդոտները վերացնելը |
1. Եթե պարտապանը, երրորդ անձ գրավատուն, երաշխավորը կամ նրանց գույքը փաստացի տիրապետող անձը սնանկության վարույթում վաճառքի ենթակա գույքը գույքագրման կամ զննության նպատակով կառավարչին (գրավառուին, փորձագետին, գույքը գնելու ցանկություն ունեցող անձին) հասանելի չի դարձնում, կամ գույքը կառավարչին (գնորդին) չի հանձնում, կամ գույքը այդ անձանց տիրապետության տակ թողնելը կարող է վատթարացնել գույքի փաստացի վիճակը կամ նվազեցնել գույքի արժեքը, ապա կառավարիչը կարող է դիմել Սնանկության դատարան՝ գույքը կառավարչին և նրա նշած անձանց հասանելի դարձնելուն կամ գույքը կառավարչին կամ նրա նշած անձին հանձնելուն պարտավորեցնելու պահանջով։
2․ Եթե գույքը անշարժ գույք է, ապա սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում կառավարիչը կարող է միջնորդության մեջ ներառել նաև պարտապանին, երրորդ անձ գրավատուին, երաշխավորին կամ վերջիններիս գույքը փաստացի տիրապետող անձանց այդ գույքից վտարելու պահանջ։
3․ Եթե գույքը շարժական գույք է և գտնվում է անշարժ գույքի տարածքում, ապա սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում կառավարիչը կարող է ներկայացնել նաև այդ անշարժ գույքի տարածք մուտք գործելու մասին պահանջ։
4. Սույն հոդվածով սահմանված միջնորդությունը պետք է պարունակի այն ներկայացնելու հիմնավորումը, ինչպես նաև միջնորդության պատճենը գույքի սեփականատիրոջը (պարտապանին կամ երրորդ անձ գրավատուին կամ երաշխավորին), իսկ եթե գույքը փաստացի տիրապետում են այլ անձինք, ապա նաև այդ անձանց, իսկ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում՝ նաև անշարժ գույքը տիրապետող անձին ուղարկելու մասին ապացույցները:
5․ Միջնորդության պատճենն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, այդ անձինք կարող են միջնորդության կապակցությամբ առարկություններ ներկայացնել Սնանկության դատարան:
6․ Կառավարչի պահանջը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու` Սնանկության դատարանի որոշմամբ:
7․ Միջնորդության բավարարման դեպքում Սնանկության դատարանի որոշումը ենթակա է հարկադիր կատարման։
| Հոդված 236 | Գույքի օգտագործումից ստացված եկամուտը |
1․ Պարտապանին պատկանող գույքի կառավարումից և տնօրինումից ստացված եկամուտը փոխանցվում է պարտապանի սնանկության հատուկ հաշվին և բաշխվում է պարտատերերի միջև` գույքի վաճառքից ստացված միջոցների հետ միասին:
| Հոդված 237. | Պարտատերերի պահանջների բավարարումը գույք տրամադրելով |
1․ Գույք տրամադրելով պարտատերերի պահանջների բավարարում թույլատրվում է միայն պարտապանի այն գույքով, որը չի վաճառվել սույն օրենսգրքով սահմանված կարգով: Եթե տրամադրվող գույքի արժեքը գերազանցում է պարտատիրոջ պահանջի չափը, ապա պարտատերը պետք է նախապես վճարի գերազանցող գումարը։
2․ Պարտատերերի համաձայնությամբ պահանջների բավարարման համար գույքը կարող է տրամադրվել որպես բաժնային սեփականություն։
3․ Պահանջների բավարարման համար կարող է տրամադրվել միայն պարտապանի գույքը, որը գրավով ծանրաբեռնված չէ:
4․ Գույք տրամադրելով պահանջների բավարարումն իրականացվում է պարտատերերի պահանջների բավարարման հերթականությունն ու համամասնությունը պահպանելով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 13-րդ և 14-րդ մասերի դրույթները:
5․ Գույք տրամադրելով պարտատերերի պահանջների բավարարումը իրականացվում է պարտատերերի ժողովի, իսկ ձևավորված լինելու դեպքում՝ պարտատերերի խորհրդի որոշմամբ։ Պարտատերերի ժողովը, իսկ ձևավորված լինելու դեպքում՝ խորհուրդը, հաստատում է կառավարչի առաջարկը՝ փոխհատուցում տրամադրելու կարգի վերաբերյալ, որը պետք է պարունակի տեղեկություններ պարտապանի գույքի կազմի, դրա արժեքի, պարտատերերի կողմից գրավոր համաձայնության ներկայացման կարգի և ժամկետի մասին, ինչպես նաև նույն գույքի նկատմամբ մի քանի պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացվելու դեպքում՝ փոխհատուցվող գույքի բաշխման կարգը:
6․ Պարտատերերին փոխհատուցում տրամադրելու համար փոխանցվող պարտապանի գույքի արժեքը սահմանում է կառավարիչը։ Այդ արժեքը չի կարող պակաս լինել տվյալ գույքի՝ հրապարակային սակարկություններով առաջարկված նվազագույն վաճառքի գնի 50 տոկոսից:
7․ Պարտատերերի պահանջների մարումը փոխհատուցում տրամադրելու միջոցով իրականացնելիս կառավարիչը համապատասխան պարտատերերին ուղարկում է պարտատերերի ժողովի կամ խորհրդի կողմից հաստատված առաջարկ:
8․ Եթե չբավարարած պահանջներ ունեցող պարտատերերի քանակը գերազանցում է 50-ը, ապա ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում առաջարկը հրապարակելու միջոցով՝ պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
9․ Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում կառավարիչը պարտավոր է փոխհատուցում տրամադրելու առաջարկը հրապարակել նաև միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում:
10․ Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված առաջարկը պետք է պարունակի հետևյալը.
1) պարտապանի անվանումը, գտնվելու վայրը և նրա տվյալները,
2) պարտատերերին՝ որպես փոխհատուցման միջոց առաջարկվող պարտապանի գույքի անվանումը, դրա արժեքը և այլ տեղեկություններ գույքի վերաբերյալ,
3) պարտատերերի՝ գույքին ծանոթանալու կարգը,
4) կառավարչի տվյալները և հաղորդակցման հասցեն,
5) պարտատերերի կողմից համաձայնության ներկայացման ժամկետը, որը չի կարող պակաս լինել առաջարկի ուղարկման կամ հրապարակման օրվանից 30 օրը:
11․ Պարտապանի գույքը որպես փոխհատուցման միջոց փոխանցվում է այն պարտատերերին, որոնք սահմանված ժամկետում ներկայացրել են իրենց համաձայնությունները:
12․ Պարտատիրոջ համաձայնությունը պետք է տեղեկություններ պարունակի այն գույքի մասին, որին նա հավակնում է։
13․ Պարտատերը, որը սահմանված ժամկետում համաձայնություն չի ներկայացրել կամ նախընտրելի գույքի վերաբերյալ տվյալներ չի նշում համաձայնության մեջ, համարվում է առաջարկից հրաժարված։ Հրաժարված պարտատերը պահպանում է իր պահանջի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով բավարարում ստանալու իրավունքը։
14․ Փոխհատուցման ենթակա պարտապանի գույքը բաշխվում է սույն հոդվածով սահմանված կարգով համաձայնություն ներկայացրած պարտատերերի միջև` սույն օրենսգրքով սահմանված հերթականությամբ այդ պարտատերերի բավարարման ենթակա պահանջներին համամասնորեն փոխհատուցում տրամադրելով։
| Հոդված 238. | Պարտապանի պարտավորությունների կատարումը պարտապանի հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների, անդամների) կամ երրորդ անձանց կողմից |
1. Պարտապանի հիմնադիրները (բաժնետերերը, մասնակիցները, անդամները) ցանկացած ժամանակ մինչև լուծարման վարույթի ավարտն իրավունք ունեն միաժամանակ բավարարելու պարտատերերի բոլոր պահանջները՝ պարտատերերի պահանջների գրանցամատյանին համապատասխան: Սույն մասով նախատեսված դեպքում ենթակա են բավարարման պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկված բոլոր պահանջները, այդ թվում՝ հաշվեգրված տոկոսները, ինչպես նաև պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հաշվեգրված ցանկացած տեսակի տույժերը, տոկոսները և տուգանքները։
2. Անձը, որը մտադիր է ամբողջությամբ բավարարել պարտապանի նկատմամբ պարտատերերի պահանջները, այդ մասին հայտարարություն է ներկայացնում Սնանկության դատարան և կառավարչին, որը ներառում է՝
1) հայտարարությունը ներկայացրած անձի անունը (անվանումը).
2) պարտատերերի պահանջների բավարարման ժամկետը, որը չի կարող գերազանցել Սնանկության դատարանի համապատասխան որոշում կայացնելու օրվանից 20 օրը.
3) պարտատերերի պահանջների ամբողջությամբ բավարարումը պարտապանի սնանկության հատուկ հաշվին միջոցների փոխանցմամբ իրականացնելու մասին նշում։
3. Հայտարարությունը Սնանկության դատարանի կողմից ենթակա է քննարկման այն ստանալու օրվանից 14 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտարարության քննարկման արդյունքներով Սնանկության դատարանը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին։ Սնանկության դատարանը հայտարարությունը մերժելու մասին որոշում է կայացնում, եթե հայտարարություն ներկայացրած անձը հրաժարվել է պարտատերերի պահանջները բավարարելուց:
4. Սնանկության դատարանի` հայտարարությունը բավարարելու մասին որոշման մեջ նշվում է՝
1) պարտատերերի պահանջները բավարարող անձի անունը (անվանումը).
2) պարտապան իրավաբանական անձի պետական գրանցման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը.
3) պարտատերերի պահանջների գրանցամատյանում ներառված պարտատերերի պահանջների չափը.
4) պարտատերերի պահանջների բավարարման վերջնաժամկետը.
5) դրամական միջոցները պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցելու եղանակով պարտատերերի պահանջների բավարարումը իրականացնելու մասին նշում.
6) այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են միջոցները պարտապանի սնանկության հատուկ հաշվին կամ նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցելու համար:
5. Պարտատերերի պահանջները պարտապանի սնանկության հատուկ հաշվին դրամական միջոցների փոխանցման միջոցով բավարարելու համար կառավարիչը Սնանկության դատարանի որոշման հիման վրա բացում է պարտապանի հատուկ բանկային հաշիվ, որը նախատեսված է միայն պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկված պարտատերերի պահանջների բավարարման համար: Պարտապանի սնանկության հատուկ հաշվի բացման պայմանագրում նշվում են այն անձինք, որոնց հաշիվներին, հայտարարությունը բավարարելու մասին Սնանկության դատարանի որոշման համաձայն, պետք է փոխանցվեն պարտապանի սնանկության հատուկ հաշվին առկա միջոցները: Պարտապանի սնանկության հատուկ հաշվից դրամական միջոցները դուրս են գրվում կառավարչի կարգադրությամբ միայն պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկված պարտատերերի պահանջները բավարարելու նպատակով և չեն կարող դուրս գրվել պարտապանի այլ պարտավորությունների, ներառյալ պարտապանի ընթացիկ պարտավորությունների համար: Պարտապանի սնանկության հատուկ հաշվի վրա գտնվող դրամական միջոցների վրա չի կարող արգելանք դրվել պարտապանի, կառավարչի կամ պարտապանի պահանջները բավարարող երրորդ անձանց այլ պարտավորությունների համար: Սույն մասի պահանջների խախտմամբ կատարված գործարքներն առ ոչինչ են:
6. Հայտարարություն ներկայացրած անձը Սնանկության դատարանի որոշմամբ սահմանված ժամկետում, չափով և կարգով միջոցները փոխանցում է պարտապանի սնանկության հատուկ հաշվին:
7․ Հայտարարություն ներկայացրած անձից պարտապանի սնանկության հատուկ հաշվին դրամական միջոցների ստացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում կառավարիչը պարտավոր է բավարարել պարտատերերի պահանջները՝ հայտարարության բավարարման մասին Սնանկության դատարանի որոշմանը համապատասխան: Եթե նշված ժամկետում պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկված պարտատերերի պահանջներն ամբողջությամբ չեն բավարարվում այդ պահանջները բավարարելու համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման անհնարինության պատճառով, ապա պարտապանի սնանկության հատուկ հաշվի միջոցների մնացորդը փոխանցվում է նոտարի դեպոզիտ հաշվին։
8. Պարտատերերի պահանջները բավարարելու համար Սնանկության դատարանի որոշմամբ սահմանված ժամկետում գումարը պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցելուց և պարտատերերի պահանջները բավարարելուց հետո կառավարիչը պարտավոր է 10 օրվա ընթացքում այդ պահանջների բավարարման մասին ծանուցել բոլոր պարտատերերին, որոնց պահանջները ներառված են պարտատերերի պահանջների գրանցամատյանում և 14 օրվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել Սնանկության դատարան՝ առանց այն պարտատերերի ժողովի քննարկմանը ներկայացնելու՝ կցելով վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են Սնանկության դատարանի վճռում նշված գումարի չափով դրամական միջոցների փոխանցումը, պահանջների բավարարումը հաստատող վճարային փաստաթղթերը, իսկ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում՝ նաև սնանկության հատուկ հաշվից նոտարի դեպոզիտ գումարի մնացորդի փոխանցումը հաստատող վճարային փաստաթղթերը:
9․ Կառավարչի հաշվետվության քննարկման արդյունքներով Սնանկության դատարանը մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում հաշվետվությունը հաստատելու և սնանկության վարույթը դադարեցնելու կամ հաշվետվության հաստատումը մերժելու մասին։
10․ Կառավարչի հաշվետվության քննարկման արդյունքներով Սնանկության դատարանը որոշում է կայացնում հաշվետվությունը հաստատելու և սնանկության վարույթը դադարեցնելու մասին, եթե սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան պարտատերերի պահանջների գրանցամատյանով նախատեսված պարտատերերի բոլոր պահանջները բավարարվում են:
11. Սնանկության դատարանը որոշում է կայացնում հաշվետվության հաստատումը մերժելու մասին, եթե պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկված պահանջները չեն բավարարվել։
12. Եթե դրամական միջոցները սնանկության հատուկ հաշվին փոխանցվում են Սնանկության դատարանի որոշմամբ նախատեսված չափից պակաս չափով, կամ պարտատերերի պահանջները բավարարվում են Սնանկության դատարանի որոշմամբ սահմանված ժամկետների խախտմամբ, ապա սնանկության հատուկ հաշվին փոխանցված միջոցները ենթակա են վերադարձման հայտարարություն ներկայացրած անձին Սնանկության դատարանի` կառավարչի հաշվետվության հաստատումը մերժելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
13. Պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները համարվում են պարտապանին տրամադրված անտոկոս փոխառություն, որի ժամկետը որոշվում է պահանջի պահով:
14․ Պարտապանի խոշոր գործարքներ կնքելու որոշումներ կայացնելու իրավունք ունեցող կառավարման մարմինների որոշման հիման վրա պարտատերերի պահանջները բավարարող անձի հետ պարտապանի կնքված պայմանագրով կարող են նախատեսվել պարտապանի պարտավորությունները կատարելու համար միջոցների տրամադրման այլ պայմաններ:
| Հոդված 239. | Պարտատերերի պահանջների բավարարման մասին հաշվետվությունը |
1. Կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից Սնանկության դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:
2. Հաշվետվությունը ներկայացվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ գործողության կատարումից հետո՝ 10 օրվա ընթացքում:
| Հոդված 240. | Լուծարման վարույթում չվաճառված կամ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո մնացած գույքը |
1․ Սնանկ ճանաչված պարտապանի հիմնադիրը (մասնակիցը, բաժնետերը, անդամը) սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի ստանալու պարտապանի գույքը հետևյալ դեպքերում.
1) պարտատերերը հրաժարվել են ընդունել լուծարման վարույթի ընթացքում չվաճառված պարտապանի գույքը իրենց պահանջների բավարարման նպատակով․
2) պարտապանի գույքը մնացել է պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո:
2․ Կառավարիչը պարտապանի հիմնադիրներին (մասնակիցներին, բաժնետերերին, անդամներին) ուղարկում է ծանուցում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գույքն ստանալու նրանց իրավունքի մասին։ Գույքի փոխանցումը և բաշխումը իրականացվում են պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների) մասնակցությանը համամասնորեն՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով։
3․ Եթե պարտապանի հիմնադիրները (մասնակիցները, բաժնետերերը, անդամները), սույն հոդվածի համաձայն, պարտապանի պահանջի իրավունքների փոխանցման մասին դիմում չեն ներկայացնում, ապա պահանջի իրավունքները դուրս են գրվում պարտապանից կառավարչի կողմից։ Պարտապանի պահանջի իրավունքների դուրսգրումը կատարվում է կառավարչի հիմնավորված եզրակացության հիման վրա, որը ներառվում է կառավարչի հաշվետվությունում։
4․ Պարտապանի հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ, անդամի) կողմից գույքն ստանալու մտադրության մասին դիմումը ներկայացվում է կառավարչին գրավոր՝ գույքն ստանալու իրավունքի մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում։
5․ Պարտապանի հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ, անդամի)՝ գույքն ստանալու դիմումին կից ներկայացվում են այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են դիմումատուի՝ տվյալ գույքն ստանալու իրավունքը։
6․ Կառավարիչը պարտապանի հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ, անդամի) դիմումը դիտարկում է դրա ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Դիմումը դիտարկելու արդյունքներով կառավարիչը դիմումատուին ուղարկում է ծանուցում այն գույքի մասի վերաբերյալ, որը պետք է փոխանցվի պարտապանի հիմնադրին (մասնակցին, բաժնետիրոջը, անդամին): Եթե դիմումը դիտարկելու պահին դիմումատուն պարտապանի գույքի սեփականատեր կամ հիմնադիր (մասնակից) չէ, ապա կառավարիչը դիմումատուին ուղարկում է այդ գույքի փոխանցման մերժման ծանուցում։ Չվաճառված գույքը կամ մնացած գույքը կարող է փոխանցվել սույն հոդվածի
4-րդ մասի համաձայն դիմում ներկայացրած պարտապանի հիմնադիրներին (մասնակիցներին) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով։
7․ Պարտապանի հիմնադրին (մասնակցին, բաժնետիրոջը, անդամին) գույքի փոխանցումը մերժելու դեպքում մերժման ծանուցում ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող են առարկություններ ներկայացվել Սնանկության դատարան։
8․ Եթե մնացած գույքի արժեքը հավասար է կամ գերազանցում է համապատասխան կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նվազագույն կանոնադրական կապիտալը, ապա պարտապանի կառավարման լիազորված մարմինը կարող է դիմել Սնանկության դատարան սնանկության գործով վարույթը դադարեցնելու վերաբերյալ։
| Հոդված 241. | Անցումը ֆինանսական առողջացման |
1․ Եթե պարտապանի սնանկության վարույթում ֆինանսական առողջացում չի իրականացվել, իսկ լուծարման վարույթի ընթացքում առկա են բավարար հիմքեր (այդ թվում՝ ֆինանսական վերլուծության տվյալներով հաստատված հիմքեր) ենթադրելու, որ պարտապանի վճարունակությունը կարող է վերականգնվել, ապա կառավարիչը սեփական նախաձեռնությամբ կամ պարտատերերի միջնորդության հիման վրա պարտավոր է մեկ ամսվա ընթացքում հրավիրել պարտատերերի ժողով՝ լուծարման վարույթի դադարեցման և ֆինանսական առողջացման անցնելու վերաբերյալ Սնանկության դատարան դիմում ներկայացնելու հարցով:
2․ Լուծարման վարույթի դադարեցման և ֆինանսական առողջացման անցնելու համար Սնանկության դատարան դիմելու մասին պարտատերերի ժողովի որոշումը ընդունվում է այն պարտատերերի ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, որոնց պահանջները ներառված են պարտատերերի պահանջների գրանցամատյանում և պարտատերերի ժողովի օրվա դրությամբ չեն մարվել:
3․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտատերերի ժողովի որոշումը պետք է պարունակի առաջարկվող ֆինանսական առողջացման ժամկետը: Ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով։
4․ Պարտատերերի ժողովի որոշման հիման վրա կառավարիչը միջնորդություն է ներկայացնում Սնանկության դատարան, որի հիման վրա Սնանկության դատարանը կարող է որոշում կայացնել լուծարման վարույթը դադարեցնելու և ֆինանսական առողջացման անցնելու վերաբերյալ, եթե պարտապանը ունի բավարար ակտիվներ, որոնք անհրաժեշտ են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար։
5․ Եթե Սնանկության դատարանը որոշում է կայացնում լուծարման վարույթի դադարեցման և ֆինանսական առողջացման անցնելու մասին, ապա՝
1) դադարում են պարտապանի կառավարման մարմինների գործունեության՝ սույն գլխով նախատեսված սահմանափակումները․
2) լուծարման վարույթի ընթացքում բավարարված պահանջները համարվում են մարված և ենթակա չեն վերականգնման։
ԳԼՈՒԽ 30
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ
| Հոդված 242. | Սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը |
1. Սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը Սնանկության դատարան կարող է ներկայացնել պարտապանը կամ սնանկության գործով կառավարիչը, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ։ Միջնորդությունը Սնանկության դատարան կարող է ներկայացվել, եթե առկա է հետևյալ հանգամանքներից առնվազն մեկը.
1) պարտատերերի կողմից պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետում պարտապանի նկատմամբ պահանջներ չեն ներկայացվել.
2) պարտապանը չունի սնանկության վարույթի գույքակազմում ներառման ենթակա գույք, կամ պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ, կամ պարտապանի գույքն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը, կամ պարտապանի գույքի հայտնաբերման կամ ակտիվների հավաքման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը տնտեսապես արդարացված չեն՝ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը արդյունավետ չէ.
3) պարտավորությունների մարմանն ուղղված՝ սույն օրենսգրքով նախատեսված հնարավոր գործողությունների արդյունքով հաստատված պահանջները ամբողջությամբ բավարարվել են.
4) պարտավորությունների մարմանն ուղղված՝ սույն օրենսգրքով նախատեսված հնարավոր գործողություններն ամբողջությամբ կատարվելուց հետո հաստատված պահանջներն ամբողջությամբ չեն մարվել, և առկա է սույն մասի 2-րդ կետով նշված հանգամանքներից առնվազն մեկը.
5) պարտատերերը հրաժարվել են իրենց պահանջներից կամ երկարաձգել են դրանց կատարման ժամկետը, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից փոքր է, և առկա չէ որևէ պարտավորության գծով եռամսյա կամ ավելի կետանց։
2․ Սնանկության գործով կառավարիչը՝
1) սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը և այն Սնանկության դատարան ներկայացնելու իր մտադրության մասին ծանուցումը էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկում է համակարգում գրանցված, էլեկտրոնային փոստի միջոցով՝ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած գործին մասնակցող անձանց.
2) եթե էլեկտրոնային համակարգում գրանցված են կամ էլեկտրոնային փոստի հասցե են տրամադրել ոչ բոլոր գործին մասնակցող անձինք, կամ էլեկտրոնային փոստի հասցե տրամադրած որևէ գործի մասնակցող անձ սահմանված ժամկետում ծանուցումն ստանալու մասին հետադարձ հավաստում չի ուղարկել, ապա նրանց ուղղված՝ գործն ավարտելու մասին միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելու մասին ծանուցումը հրապարակում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
3. Սնանկության գործն ավարտելու մասին սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացվող միջնորդությունը պետք է ներառի՝
1) սնանկության գործի համարը, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի ամսաթիվը, կառավարիչ նշանակելու մասին որոշման ամսաթիվը,
2) պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայտարարության հրապարակման ամսաթիվը,
3) պարտատերերի պահանջների նախնական ցուցակի հրապարակման ամսաթիվը,
4) հաստատված և չհաստատված պահանջների մասին տեղեկություններ՝ պահանջ ներկայացրած անձանց անունները, պահանջների չափերը և դրանց բավարարման հերթը՝ համաձայն սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի,
5) պարտապանի գույքի հայտնաբերմանն ու հավաքմանն ուղղված գործողությունների և դրանց արդյունքների մասին տեղեկություններ,
6) ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում՝ ծրագրով իրականացված գործողությունների և դրանց արդյունքների մասին տեղեկություններ,
7) պարտապանի նկատմամբ լուծարման կամ գործունեության դադարեցման վարույթ սկսված լինելու դեպքում՝ վարույթ սկսելու մասին Սնանկության դատարանի որոշման և այդ մասին հայտարարության հրապարակման ամսաթիվը,
8) պարտապանի գործունեությունը վերսկսված լինելու դեպքում՝ գործունեության վերսկսման մասին Սնանկության դատարանի որոշման ամսաթիվը, գործունեության վերսկսմամբ իրականացված գործողությունների և դրանց արդյունքների մասին տեղեկություններ,
9) պարտավորությունների մարմանն ուղղված գործողությունների և դրանց արդյունքների մասին տեղեկություններ,
10) պարտապանի՝ բռնագանձման ենթակա՝ չհայտնաբերված գույքերի ցանկը և այդ գույքերը նույնականացնող տվյալները,
11) սույն հոդվածի 1-ին մասում ներառված՝ սնանկության գործն ավարտելու հիմքերը։
4. Սնանկության գործով կառավարիչը սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությանը կից Սնանկության դատարան է ներկայացնում՝
1) սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկատվությունը հաստատող ապացույցները, բացառությամբ այն ապացույցների, որոնք առկա են էլեկտրոնային համակարգում,
2) սնանկության հատուկ հաշվի քաղվածքը,
3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված հայտարարությունը միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելու մտադրության մասին, միջնորդությունը պարտապանին ուղարկելու մասին ապացույցը,
4) միջնորդությունը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, եթե դրանց թիվը տասից ավելի չէ,
5) սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով էլեկտրոնային փոստով տեղեկատվության ուղարկման ապացույցները։
5. Սնանկության գործն ավարտելու մասին պարտապանի կողմից ներկայացվող միջնորդությունը առնվազն պետք է ներառի սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 9-րդ և 11-րդ կետերում նշված տեղեկությունները, իսկ դրան կից պետք է Սնանկության դատարան ներկայացվեն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները կատարված լինելու ապացույցները, այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված հայտարարությունը միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելու մտադրության մասին, միջնորդությունը կառավարչին ուղարկելու մասին ապացույցը.
2) միջնորդությունը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, եթե դրանց թիվը տասից ավելի չէ․
3) սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով էլեկտրոնային փոստով տեղեկատվության ուղարկման ապացույցները։
6. Միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելու մասին տեղեկատվությունը պետք է էլեկտրոնային եղանակով ուղարկվի կառավարչին, էլեկտրոնային համակարգում գրանցված գործին մասնակցող անձանց, ինչպես նաև գործին մասնակցող այն անձանց, որոնք վարույթին առնչվող տեղեկություններն ստանալու նպատակով տրամադրել են էլեկտրոնային փոստի հասցե։
7. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դիմելու կառավարչին՝ սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելու պահանջով։ Կառավարիչը պարտավոր է դիմումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում սույն հոդվածով սահմանված կարգով Սնանկության դատարան ներկայացնել սնանկության գործն ավարտելու մասին միջնորդություն կամ դիմումատուին տրամադրել հիմնավորված մերժում։
8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված դիմումատուն իրավունք ունի մերժումն ստանալուց հետո, սույն հոդվածով պարտապանի համար սահմանված կանոններին համապատասխան, Սնանկության դատարան ներկայացնելու սնանկության գործն ավարտելու մասին միջնորդություն։
9. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելու մասին հայտարարության հրապարակման օրվանից մեկշաբաթյա ժամկետում առարկելու միջնորդության դեմ՝ առարկությունն ուղարկելով միջնորդությունը ներկայացնողին, կառավարչին և Սնանկության դատարան։
10. Սնանկության գործն ավարտելու միջնորդության դեմ ներկայացվող առարկությունը պետք է պարունակի հիմնավորված պատճառաբանություն միջնորդությունում վկայակոչված՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի բացակայության կամ սույն հոդվածի 2-րդ մասում նշված հանգամանքների առկայության մասին։ Եթե սնանկության վարույթի ընթացքում կառավարիչը գործին մասնակցող անձանց տեղեկացրել է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով որևէ գործողություն չկատարելու և այդ գործողությունը գործին մասնակցող անձանց միջոցներով իրականացնելու պատրաստակամության մասին, և վերջիններիս կողմից անհրաժեշտ գումարը սնանկության հատուկ հաշվին չի մուտքագրվել, ապա սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը այդ գործողությունները կատարված չլինելու հիմքով չի կարող առարկվել։
11. Առարկություն ներկայացնողն իրավունք ունի ներկայացնելու միջնորդություն սնանկության վարույթի հետագա ընթացքն իր միջոցներով շարունակելու վերաբերյալ։ Միջնորդությունը պետք է պարունակի սնանկության վարույթն ավարտելու համար անհրաժեշտ բոլոր այն գործողությունների ցանկը, որոնք, ըստ առարկողի, չեն կատարվել և պետք է կատարվեն սնանկության վարույթում՝ հիմնավորելով դրանց կատարման անհրաժեշտությունը և նշելով ակնկալվող արդյունքը։
12. Կառավարիչը սույն հոդվածի 11-րդ մասին համապատասխանող առարկությունն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 8-րդ գլխի կանոններին համապատասխան, կատարում է առարկությունում նշված գործողությունների կատարման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկ և այն ներկայացնում առարկություն ներկայացնողին և Սնանկության դատարան։
13. Սնանկության գործն ավարտելու միջնորդություն ներկայացնելու մասին հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելու օրվանից 21 օր հետո, հաշվի առնելով սույն հոդվածի պահանջները, Սնանկության դատարանը՝
1) վճիռ է կայացնում սնանկության գործն ավարտելու մասին, եթե սնանկության գործն ավարտելու միջնորդության դեմ չի ներկայացվել որևէ առարկություն, կամ ներկայացված առարկությունը հիմնավոր չէ․
2) որոշում է կայացնում սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը մերժելու մասին, եթե համարում է, որ առարկությունը հիմնավոր է․
3) որոշում է կայացնում սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը մերժելու և սնանկության վարույթը առարկություն ներկայացնողի միջոցներով շարունակելու մասին, եթե համարում է, որ առարկությունը հիմնավոր չէ, սակայն առարկությունում նշված գործողությունները առարկություն ներկայացնողի հաշվին իրականացնելը չի խախտի որևէ մեկի իրավունքը և կավելացնի պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը։ Սույն կետում նշված Սնանկության դատարանի որոշումը պետք է ներառի նաև այն գործողությունների ցանկը, որոնք պետք է իրականացվեն առարկություն ներկայացնողի միջոցներով, ինչպես նաև առարկություն ներկայացնողի կողմից սնանկության հատուկ հաշվին այդ գործողությունների կատարման համար վճարման ենթակա գումարի չափը։
14 . Սույն հոդվածի 13-րդ մասի 3-րդ կետում նշված որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, առարկություն ներկայացրած անձը պարտավոր է սնանկության հատուկ հաշվին վճարել այդ որոշմամբ սահմանված՝ գործողությունների իրականացման համար անհրաժեշտ գումարը։
15. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված ժամկետում գումարը սնանկության հատուկ հաշվին մուտքագրելուց անմիջապես հետո կառավարիչը միջոցներ է ձեռնարկում Սնանկության դատարանի որոշմամբ սահմանված գործողություններն իրականացնելու ուղղությամբ։
16. Սույն հոդվածի 13-րդ մասում նշված ժամկետում գումարը սնանկության հատուկ հաշվին չմուտքագրվելու դեպքում կառավարիչը Սնանկության դատարան է ներկայացնում գումարը վճարված չլինելու մասին տեղեկություն և միջնորդություն սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը կրկին քննության առնելու վերաբերյալ։
17. Սույն հոդվածի 16-րդ մասում նշված միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Սնանկության դատարանը վճիռ է կայացնում սնանկության գործն ավարտելու մասին։
| Հոդված 243. | Սնանկության գործն ավարտելու մասին վճիռը |
1. Սնանկության գործն ավարտելու մասին վճիռը, այլ տեղեկություններից բացի, պետք է պարունակի՝
1) Սնանկության դատարանի վերլուծությունը և եզրահանգումը սույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքների բացակայության վերաբերյալ,
2) տեղեկություններ սույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքների վերաբերյալ,
3) տեղեկություններ պարտապանի նկատմամբ ներկայացված՝ հաստատված և չհաստատված պահանջների, վճռի կայացման պահին չբավարարված պահանջների և դրանց բավարարման հերթի մասին,
4) պարտապանի՝ բռնագանձման ենթակա՝ չհայտնաբերված գույքերի ցանկը և այդ գույքերը նույնականացնող տվյալները, ինչպես նաև Սնանկության դատարանի որոշումը այդ գույքերի նկատմամբ հետախուզում հայտարարելու և մինչև դրանց հայտնաբերվելը դրանց նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ,
5) Սնանկության դատարանի որոշումը պարտապանին առողջացած համարելու և սույն օրենսգրքով սահմանված բոլոր սահմանափակումները վերացնելու մասին, եթե սնանկության գործն ավարտվում է սույն օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով,
6) Սնանկության դատարանի որոշումը սնանկության վարույթը իրավաբանական անձ պարտապանի լուծարմամբ, իսկ անհատ ձեռնարկատեր պարտապանի դեպքում՝ նրա գործունեության դադարեցմամբ ավարտելու մասին, եթե հաստատված պահանջները ամբողջությամբ չեն բավարարվել,
7) Սնանկության դատարանի որոշումը սնանկության գործով կառավարչի կողմից իրականացման ենթակա գործողությունների և դրանց իրականացման ժամկետների մասին,
8) Սնանկության դատարանի որոշումը կառավարչի լիազորությունները վճիռն ուժի մեջ մտնելու պահից, իսկ սույն մասի 7-րդ կետով սահմանված գործողությունների առկայության դեպքում՝ այդ գործողություններն ավարտելու պահից դադարեցնելու մասին։
2. Սնանկության գործն ավարտելու մասին վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո։
3. Սնանկության գործն ավարտելու մասին վճիռը կարող է բողոքարկվել։
4. Սնանկության գործն ավարտելու մասին վճռի բողոքարկման պահից այն վճռից բխող՝ սնանկության գործով կառավարչի կողմից իրականացման ենթակա գործողությունների և կառավարչի լիազորությունները դադարեցնելու մասով կասեցվում է։
| Հոդված 244. | Սնանկության գործն ավարտելու մասին վճռի հետևանքները |
1. Սույն օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով սահմանված հիմքերով սնանկության գործն ավարտելու դեպքում իրավաբանական անձ պարտապանը ենթակա է լուծարման, իսկ անհատ ձեռնարկատեր պարտապանի գործունեությունը՝ դադարեցման։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված սնանկության գործն ավարտելու մասին վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից 45 օրվա ընթացքում կառավարիչը պարտապանի` օրենքով և իրավական այլ ակտերով պահպանման ենթակա արխիվային փաստաթղթերը կարգավորված վիճակում հանձնում է Հայաստանի Հանրապետության պետական արխիվ և դիմում է պետական գրանցումն իրականացնող մարմին՝ պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման (հաշվառման) համար:
3. Պարտապան իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար կառավարչի ներկայացրած դիմումում, այլ տեղեկություններից բացի, պետք է նշվի նաև իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը, և դիմումին կից պետք է ներկայացվեն՝
1) սնանկության գործն ավարտելու մասին Սնանկության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը.
2) պարտապանի` արխիվացման ենթակա փաստաթղթերը արխիվ հանձնելու մասին փաստաթուղթ, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում՝ տեղեկանք այդ մասին:
4. Իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման գրանցման (հաշվառման) պահից դադարեցվում են կառավարչի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:
5. Սույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած և կարող է շարունակել իր գործունեությունը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված կարգով գործն ավարտվելու դեպքում կայացված վճիռը Սնանկության դատարանն ուղարկում է վարույթի մասնակիցներին և կառավարչին: Վճիռն ուժի մեջ մտնելու պահից վերանում են սույն օրենսգրքով նախատեսված բոլոր կասեցումներն ու սահմանափակումները։
7. Ֆինանսապես առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակում, և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ`
1) այն պարտավորությունների, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել պարտատերերից անկախ պատճառներով` հարգելի ճանաչված դեպքերում․
2) հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված կամ հարկային և մաքսային մարմինների առաջադրած այն հարկային պարտավորությունների կատարման, որոնց մասով սնանկ ճանաչվելու պահին հարկային օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը չի լրացել․
3) կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորությունների․
4) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորությունների:
8. Սնանկության գործն ավարտվելուց հետո պարտապանի՝ բռնագանձման ենթակա չհայտնաբերված գույքը հայտնաբերվելու դեպքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը այդ մասին տեղեկացնում է սնանկության գործն ավարտելու մասին վճռում նշված՝ բավարարում չստացած պարտատերերին և օրենքով սահմանված կարգով գույքն իրացնում է հրապարակային սակարկություններով։ Սույն մասում նշված գույքի վաճառքից ստացված միջոցները չբավարարված պարտատերերի միջև բաշխում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված կարգով՝ նախապես պահելով կատարողական վարույթի ծախսերը։
ԳԼՈՒԽ 31
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԵՍ ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՈՒՅԹԸ
| Հոդված 245. | Պարտապանի ձեռնարկության նախապես փաթեթավորված վաճառքի վարույթը |
1. Պարտապանի ձեռնարկության նախապես փաթեթավորված վաճառքի վարույթի հետ կապված հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն գլխով, կարգավորվում են սույն օրենսգրքի մյուս գլուխներով այնքանով, որքանով այդ կարգավորումներն իրենց բնույթով կիրառելի են դրանց նկատմամբ։
2․ Պարտապանի ձեռնարկության նախապես փաթեթավորված վաճառքի վարույթ սկսելու դիմում կարող է ներկայացնել պարտապանի ղեկավարը պարտապանի հաշվեկշռային անվճարունակության կամ սնանկության վտանգի դեպքում՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման հիման վրա։
3․ Պարտապանի ձեռնարկության նախապես փաթեթավորված վաճառքի մասին որոշումը կայացնում է պարտապանի կառավարման այն մարմինը, որն իրավասու է որոշումներ ընդունելու խոշոր գործարքների վերաբերյալ:
4․ Պարտապանի ձեռնարկության նախապես փաթեթավորված վաճառքի վարույթը բաղկացած է հետևյալ հաջորդական փուլերից.
1) նախապատրաստական փուլ, որի նպատակն է ձեռնարկության կամ դրա մի մասի վաճառքի համար գտնել համապատասխան գնորդ.
2) ավարտական փուլ, որն ուղղված է ձեռնարկության կամ դրա մի մասի վաճառքի հաստատմանն ու իրականացմանը և հասույթը պարտատերերին բաշխելուն:
| Հոդված 246. | Ձեռնարկության նախապես փաթեթավորված վաճառքի վարույթում դատարանի իրավասությունը |
1. Ձեռնարկության նախապես փաթեթավորված վաճառքի վարույթում Սնանկության դատարանը բացառիկ իրավասություն ունի լուծելու այն հարցերը, որոնք վերաբերում են պարտապանի ձեռնարկության կամ դրա մասի վաճառքի ծավալին և ազդեցությանը, ներառյալ ձեռնարկության վաճառքի կարգը, ժամկետները, պայմանները և սույն օրենսգրքի 252-րդ հոդվածով նախատեսված պարտապանի պարտքերի և պարտավորությունների վերաբերյալ հարցերը:
| Հոդված 247. | Նախապատրաստական փուլում կառավարչի լիազորությունները |
1. Պարտապանի ձեռնարկության նախապես փաթեթավորված վաճառքի նախապատրաստական փուլն սկսված է համարվում պարտապանի ղեկավարի պահանջով՝ ձեռնարկության վաճառքի համար Սնանկության դատարանի կողմից կառավարիչ նշանակելու պահից:
2. Կառավարիչը՝
1) փաստաթղթեր և հաշվետվություններ է ներկայացնում պարտապանի ձեռնարկության նախապես փաթեթավորված վաճառքի ընթացքի և ձեռնարկված բոլոր գործողությունների վերաբերյալ,
2) հիմնավորումներ է ներկայացնում ձեռնարկության վաճառքի գործընթացի մրցունակ, թափանցիկ, արդար լինելու վերաբերյալ,
3) առաջարկում է լավագույն հայտատուին որպես ձեռնարկության ձեռք բերող՝ համաձայն սույն օրենսգրքի 255-րդ հոդվածի,
4) հայտարարություն է ներկայացնում այն մասին, թե արդյոք իր գնահատմամբ լավագույն հայտը պարտատերերի իրավունքների ակնհայտ խախտման չի հանգեցնի։
3. Կառավարիչը սույն հոդվածի 2-րդ մասով նշված գործողություններն իրականացնում է գրավոր՝ դրանք սեղմ ժամկետներում ներկայացնելով նախապատրաստական փուլում ներգրավված բոլոր կողմերին։
4. Նախապատրաստական փուլի ընթացքում պարտապանի ղեկավարը պահպանում է պարտապանի ակտիվների և գործունեության նկատմամբ վերահսկողության իրավունքը:
5. Ավարտական փուլի չիրականացման դեպքում կառավարչի վարձատրությունը վճարում է պարտապանը, իսկ լուծարման փուլի իրականացման դեպքում կառավարչի վարձատրությունը վճարվում է որպես առաջնահերթ վարչական ծախս։
| Հոդված 248. | Վաճառքի գործընթացի սկզբունքները |
1. Նախապատրաստական փուլում իրականացվող վաճառքի գործընթացը կարող է իրականացվել ոչ հրապարակային և պետք է լինի մրցունակ, արդար և համապատասխանի շուկայական չափանիշներին։
2. Սույն հոդվածի 1-ին մասից բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ Սնանկության դատարանը, սույն օրենսգրքի 250-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացնում լուծարման փուլում հրապարակային սակարկություններ իրականացնելու մասին: Այս դեպքում սույն օրենսգրքի
247-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը չի կիրառվում:
| Հոդված 249. | Կառավարիչը ավարտական փուլում |
1․ Սույն օրենսգրքի 247-րդ հոդվածով սահմանված կարգով ձեռնարկության վաճառքի համար նշանակված կառավարիչը շարունակում է գործել ավարտական փուլում։
| Հոդված 250. | Պարտապանի ձեռնարկության կամ դրա մասի վաճառքի հաստատումը |
1․ Պարտապանի ձեռնարկության վաճառքի ավարտական փուլն սկսված է համարվում կառավարչի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջնորդությունը ներկայացնելու պահից։
2․ Կառավարիչը միջնորդություն է ներկայացնում Սնանկության դատարան՝ առաջադրելով ձեռնարկության գնորդին և ներկայացնելով նախապատրաստական փուլում ձեռնարկության վաճառքի ընթացքը սույն օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի և 248-րդ հոդվածի պահանջներին համապատասխանելու մասին հայտարարություն։
3․ Սնանկության դատարանը որոշում է կայացնում կառավարչի առաջադրած գնորդին ձեռնարկության կամ դրա մասի վաճառքը հաստատելու մասին, նախապատրաստական փուլում ձեռնարկության վաճառքի ընթացքը սույն օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և 248-րդ հոդվածի պահանջներին համապատասխանելու դեպքում։
4․ Սույն օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և 248-րդ հոդվածով սահմանված պահանջները պահպանված չլինելու դեպքում Սնանկության դատարանը որոշում է կայացնում կառավարչի առաջադրած գնորդին ձեռնարկության կամ դրա մասի վաճառքը մերժելու և պարտապանի ձեռնարկության կամ դրա մասի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու մասին։
5․ Հրապարակային սակարկությունները պետք է սկսվեն Սնանկության դատարանի որոշման կայացման պահից երկու շաբաթվա ընթացքում։ Կառավարչի առաջադրած գնորդի առաջարկը աճուրդում օգտագործվում է որպես մեկնարկային հայտ:
| Հոդված 251. | Ձեռնարկության վաճառքով օտարվող գույքը |
1. Ձեռնարկության վաճառքի դեպքում`
1) օտարվում են բոլոր այն գույքերի տեսակները, որոնք նախատեսված են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, ներառյալ հողամասերը, շենքերը, կառուցվածքները, շինությունները, սարքավորումները, գույքը, կրիպտոակտիվները, հումքը, արտադրանքը, պահանջի իրավունքները, ինչպես նաև պարտապանի անհատականացման միջոցների նկատմամբ իրավունքները (առևտրային անվանումը, ապրանքային նշանները, սպասարկման նշանները), նրա արտադրանքը (աշխատանքները, ծառայությունները), այլ բացառիկ իրավունքներ, որոնք պատկանում են պարտապանին, բացառությամբ այն իրավունքների և պարտականությունների, որոնք չեն կարող փոխանցվել այլ անձանց.
2) փոխանցվում են այն պայմանագրերը, որոնք անհրաժեշտ են ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու համար, և որոնց դադարեցումը կհանգեցնի ձեռնարկատիրական գործունեության դադարեցման: Փոխանցման համար չի պահանջվում պարտապանի կոնտրագենտի կամ կոնտրագենտների համաձայնությունը, բացառությամբ երբ գնորդը պարտապանի կոնտրագենտի կամ կոնտրագենտների մրցակիցն է։
2. Սնանկության դատարանը կարող է պարտապանի, պարտատիրոջ, կառավարչի կամ պայմանագրի կողմերի պահանջով որոշում կայացնել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված պայմանագրերը լուծելու մասին, եթե՝
1) պայմանագրի լուծումը բխում է պարտապանի ձեռնարկության շահերից, կամ
2) պայմանագրով նախատեսված են պարտավորություններ, որոնց համար կոնտրագենտը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին է, և պարտապանի ձեռնարկության կամ դրա մասի գնորդը չունի նման պայմանագրով նախատեսված ծառայություններ մատուցելու տեխնիկական և իրավական հնարավորություններ։
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից բացառություն են կազմում այն պայմանագրերը, որոնց կողմ լինելը օրենսդրությամբ պայմանավորված է այնպիսի պահանջներով (ներառյալ լիցենզավորում, թույլտվություն և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ), որոնց գնորդը չի բավարարում։
| Հոդված 252. | Ձեռնարկության նախապես փաթեթավորված վաճառքի վարույթով ձեռք բերվող պարտքերն ու պարտավորությունները |
1․ Ձեռնարկության վաճառքի դեպքում պարտապանի պարտքերը և պարտավորությունները չեն ներառվում ձեռնարկության կազմի մեջ և չեն փոխանցվում գնորդին, բացառությամբ այն պարտքերի և պարտավորությունների կամ դրանց մասի, որոնց գծով գնորդը համաձայնություն է տվել։
| Հոդված 253. | Մորատորիումը |
1․ Նախապատրաստման փուլում կառավարչի ներկայացմամբ Սնանկության դատարանի որոշմամբ կարող է կիրառվել սույն օրենսգրքի 163-րդ հոդվածով նախատեսված մորատորիում, եթե այն կնպաստի վարույթի անխափան և արդյունավետ իրականացմանը:
2․ Ավարտական փուլում մորատորիումը գործում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով։
| Հոդված 254. | Բողոքարկման հետևանքները |
1. Պարտապանի ձեռնարկության վաճառքի հաստատման կամ իրականացման հետ կապված Սնանկության դատարանի որոշումների բողոքարկումը կարող է կասեցնել ձեռնարկության կամ դրա մասի վաճառքի իրականացումը, եթե բողոք ներկայացրած անձը ներկայացնում է վաճառքի կասեցման հետևանքով հնարավոր վնասները փոխհատուցելու համարժեք ապահովում։
| Հոդված 255. | Լավագույն առաջարկի ընտրության չափանիշները |
1․ Ձեռնարկության նախապես փաթեթավորված վաճառքի ընթացքում գործում են լավագույն հայտի ընտրության նույն չափանիշները, որոնք նախատեսված են լուծարման գործընթացում ներկայացված առաջարկների ընտրության համար:
2․ Վաճառքի կարգը, ժամկետները և պայմանները պետք է ուղղված լինեն պարտապանի գույքի առավելագույն գնով իրացմանը և սակարկություններով վաճառքի դեպքում պետք է ապահովեն հնարավորին չափ մեծ թվով գնորդների ներգրավում:
| Հոդված 256. | Կառավարչի պատասխանատվությունը |
1․ Կառավարիչը պատասխանատվություն է կրում ձեռնարկության վաճառքի վարույթի ընթացքում իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքով պարտատերերին և երրորդ անձանց պատճառված վնասների համար:
| Հոդված 257. | Պարտապանի հետ փոխկապակցված անձանց իրավունքներն ու պարտականությունները |
1. Պարտապանի հետ փոխկապակցված անձինք իրավունք ունեն գնելու պարտապանի ձեռնարկությունը կամ դրա մասը, եթե՝
1) փոխկապակցված անձինք կառավարչին և Սնանկության դատարանին բացահայտել են փոխկապակցվածությունը, և
2) վաճառքի գործընթացի բոլոր կողմերը ստացել են փոխկապակցված անձանց և նրանց փոխկապակցվածության վերաբերյալ տեղեկություններ։
2․ Եթե ապացուցվում է, որ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշված բացահայտման պարտականությունը խախտվել է, ապա Սնանկության դատարանը չեղյալ է համարում սույն օրենսգրքի 252-րդ հոդվածով նախատեսված արտոնությունները։
| Հոդված 258. | Պարտատերերի շահերի պաշտպանությունը |
1. Պարտատերերը մինչև պարտապանի ձեռնարկության կամ դրա մասի վաճառքի հաստատումը կամ իրականացումը Սնանկության դատարանի կողմից լսվելու իրավունք ունեն, բացառությամբ՝
1) այն պարտատերերի, որոնք, սույն օրենսգրքով սահմանված լուծարման գործընթացի համար սահմանված պահանջների բավարարման առաջնահերթության համաձայն, չեն ստանա վճարում.
2) այն պարտատերերի, որոնց պահանջներն ընդդեմ պարտապանի առաջացել են մինչև ձեռնարկության կամ դրա մասի վաճառքի հաստատումը և վաճառքի արդյունքներով ամբողջությամբ հատուցում կստանան։ Սնանկության դատարանը սույն մասով նախատեսված պարտատերերին երեք օր առաջ ծանուցում է լսումների մասին։
2. Ապահովված պարտատերերի իրավունքները ձեռնարկության վաճառքի վարույթում գործում են նույն պայմաններով, որոնք նախատեսված են լուծարման վարույթի դեպքում:
3. Եթե ապահովված պարտատերերի իրավունքները կապված են պարտապանի ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ ակտիվների հետ, ապա տվյալ ակտիվների իրացման համար ապահովված պարտատերերի համաձայնությունը կարող է չպահանջվել, եթե ապահովված պարտատերերին տրված է համարժեք պաշտպանություն:
| Հոդված 259. | Մրցակցության պաշտպանության պահանջների պահպանումը |
1. Եթե նախապատրաստական փուլում ներկայացված առաջարկի մասով առկա է ձեռնարկության վաճառքի հետաձգման զգալի ռիսկ՝ հիմնված մրցակցության պաշտպանության օրենսդրության կամ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի բացասական եզրակացության վրա, ապա կառավարիչը պետք է քայլեր ձեռնարկի այլընտրանքային հայտերի ներկայացման ուղղությամբ:
2. Կառավարիչն իրավունք ունի ստանալու տեղեկատվություններ, որոնք կարող են ազդել հայտի արդյունքների վրա, և անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն փոխանակելու Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ:
3. Առաջարկը, որը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասով նշված ռիսկը, կարող է անտեսվել հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) տվյալ առաջարկը միակ գոյություն ունեցող առաջարկը չէ,
2) ձեռնարկության վաճառքի հետաձգումը կհանգեցնի պարտապանի ձեռնարկության կամ դրա մասի վնասի:
ԵՆԹԱԲԱԺԻՆ ԵՐՐՈՐԴ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 32
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 260. | Ֆիզիկական անձի սնանկության կարգավորումը |
1․ Ֆիզիկական անձի սնանկության հետ կապված հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն գլխով, կարգավորվում են սույն օրենսգրքի մյուս գլուխներով այնքանով, որքանով այդ կարգավորումներն իրենց բնույթով կիրառելի են դրանց նկատմամբ։
2․ Որպես անհատ ձեռնարկատերեր հաշվառված և գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ պարտապանի սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են ֆիզիկական անձ պարտապանին անվճարունակության հատկանիշները, սնանկ ճանաչելու հիմքերը և սույն գլխի դրույթները, եթե սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված է ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված պարտավորությունը:
| Հոդված 261. | Ֆիզիկական անձ պարտապանի կամավոր սնանկության դիմումին ներկայացվող պահանջները |
1. Պարտապանի կամավոր սնանկության դիմումը ներկայացվում է գրավոր և ստորագրվում է ֆիզիկական անձ պարտապանի կողմից:
2. Պարտապանի կամավոր սնանկության դիմումը կարող է ստորագրել պարտապանի ներկայացուցիչը:
3. Պարտապանի դիմումում նշվում են`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
2) պարտապանի անունը, հաշվառման վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից), պարտապան քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն,
3) պարտապանի բանկային և վարկային հաշիվների համարները, բանկերի և այլ վարկային կազմակերպությունների անվանումները, ինչպես նաև պարտապանի այլ միջոցների, ներառյալ կրիպտոակտիվների մասին տեղեկությունները (առկայության դեպքում),
4) պարտատիրոջ հանդեպ ունեցած անվիճելի պարտավորությունների չափերը, ներառյալ վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը՝ համապատասխան հաշվարկներով,
5) պարտավորությունների մասի (մասերի) կատարման ժամկետը, ներառյալ այն պարտավորությունները, որոնց մարման ժամկետը լրացած է սնանկության դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ,
6) պարտավորությունը չկատարելու պատճառների, մասնավորապես վճարում կատարելու կետանցը պարտապանի փաստացի անկարողությամբ պայմանավորված լինելու վերաբերյալ հիմնավորումները,
7) պարտապանի գույքի, ներառյալ դրամական միջոցների և դեբիտորական պարտքերի մասին տեղեկությունները,
8) դատարանների, արբիտրաժային տրիբունալների, նոտարների վարույթներում պարտապանի դեմ քննվող գործերի, պարտապանի մասով բոլոր կատարողական վարույթների, ինչպես նաև պարտապանի հաշիվներից միջոցներ դուրս գրելու հետ կապված ցանկացած այլ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը,
9) վճարային պարտավորության անվիճելիությունը սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հիմնավորելու համար դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի օրինական ուժի մեջ մտած այն ակտի կամ գումարի բռնագանձման պահանջով կողմերի համար պարտադիր դարձած նոտարի այն կարգադրության կամ այն անբողոքարկելի դարձած համապատասխան վարչական ակտի վերաբերյալ տվյալները, որի հիման վրա ներկայացվել է կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում, ինչպես նաև պարտատիրոջ համար կատարողական վարույթը բացասական ելքով ավարտվելու (պարտատիրոջ պահանջը չկատարվելու, կատարողական վարույթը պարտատիրոջ հետ չկապված որևէ հիմքով ավարտվելու վերաբերյալ ակտը) կամ կատարողական վարույթը «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ տվյալները,
10) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։
4. Ֆիզիկական անձ պարտապանի՝ սեփական սնանկության ճանաչման դիմումում կարող են նշվել նաև սնանկության գործի քննության հետ կապված այլ տեղեկություններ:
5. Պարտապանը պարտավոր է կամավոր սնանկության դիմումի և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկել պարտատերերին։
| Հոդված 262. | Ֆիզիկական անձ պարտապանի կամավոր սնանկության դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը |
1. Ֆիզիկական անձ պարտապանի՝ սեփական սնանկության ճանաչման դիմումին կից, ի լրումն սույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով նախատեսված պահանջների, ներկայացվում են նաև՝
1) փաստաթղթեր, որոնք հաստատում են անձի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ունենալու կամ չունենալու հանգամանքը՝ ստացված սնանկության ճանաչման դիմումը Սնանկության դատարան ներկայացնելուց ոչ շուտ, քան հինգ աշխատանքային օր առաջ,
2) վճարային պարտավորության անվիճելիությունը սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հիմնավորելու համար դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի օրինական ուժի մեջ մտած ակտը կամ գումարի բռնագանձման պահանջով կողմերի համար պարտադիր դարձած նոտարի կարգադրությունը կամ անբողոքարկելի դարձած համապատասխան վարչական ակտը, որի հիման վրա ներկայացվել է կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում, ինչպես նաև պարտատիրոջ համար կատարողական վարույթը բացասական ելքով ավարտվելու փաստը հավաստող փաստաթուղթը (պարտատիրոջ պահանջը չկատարվելու, կատարողական վարույթը պարտատիրոջ հետ չկապված որևէ հիմքով ավարտվելու վերաբերյալ ակտը) կամ կատարողական վարույթը «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կասեցնելու մասին որոշումը։ Դիմումի ապահովում կիրառելու միջնորդություն ներկայացնելու դեպքում՝ հարկադիր սնանկության դիմումի օրինակը և կից փաստաթղթերի պատճենները,
3) փաստաթղթեր, որոնք հաստատում են ֆիզիկական անձ պարտապանի պարտքը, դրա ծագման հիմքերը և պարտատերերի պահանջները ամբողջությամբ բավարարելու անհնարինությունը,
4) ֆիզիկական անձ պարտապանի պարտատերերի և պարտապանների ցուցակները՝ նրանց անունների կամ անվանումների, մշտական բնակության կամ գտնվելու վայրի, պարտքի կամ պահանջի չափի մասին նշումներով: Ցուցակի դիմումի ձևը հաստատվում է լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով,
5) ֆիզիկական անձ պարտապանի գույքի, ներառյալ գրավադրված գույքի ցանկը՝ դրա գտնվելու վայրի և գրավառուների մասին նշումներով: Ցանկի ձևը հաստատվում է լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով,
6) ֆիզիկական անձ պարտապանի գույքի նկատմամբ սեփականության իրավունքները հաստատող փաստաթղթերի պատճենները,
7) ֆիզիկական անձ պարտապանի կողմից դիմումի ներկայացմանը նախորդող երեք տարվա ընթացքում կատարված անշարժ գույքի, արժեթղթերի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնաբաժինների, տրանսպորտային միջոցների և նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գործարքների վերաբերյալ փաստաթղթերի պատճենները,
8) բանկի տրամադրած տեղեկանք՝ բանկում հաշիվների, ավանդների առկայության և մնացորդների մասին, ինչպես նաև դիմումի ներկայացմանը նախորդող երեք տարվա ընթացքում կատարված դրամական փոխանցումների և այլ գործարքների վերաբերյալ քաղվածքներ՝ ստացված ոչ ուշ, քան ֆիզիկական անձ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումն ուղարկելուց երկու ամիս առաջ,
9) ֆիզիկական անձ պարտապանի կողմից դիմումի ներկայացմանը նախորդող առնվազն վեց ամսվա բանկային հաշիվների քաղվածքները,
10) ամուսնության վկայականի պատճենը (ամուսնացած լինելու դեպքում),
11) ամուսնալուծության վկայականի պատճենը (ամուսնալուծված լինելու դեպքում), եթե այն տրվել է դիմումի ներկայացմանը նախորդող երեք տարվա ընթացքում,
12) ամուսնական պայմանագրի պատճենը (կնքված լինելու դեպքում),
13) այն երեխայի ծննդյան վկայականի պատճենը, որի ծնողը, որդեգրողը կամ խնամակալն է հանդիսանում ֆիզիկական անձ պարտապանը,
14) ֆիզիկական անձ պարտապանի գույքի, ներառյալ դրամական միջոցների և դեբիտորական պարտքերը հաստատող փաստաթղթեր,
15) դիմումում կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում` այդ թեկնածուի գրավոր համաձայնությունը` որպես կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ,
16) դիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները,
17) կամավոր սնանկության դիմում ներկայացնելու մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված լինելու վերաբերյալ ապացույց։
2. Ֆիզիկական անձ պարտապանը՝ սեփական սնանկության ճանաչման դիմումին կից կարող է ներկայացնել նաև սնանկության գործի քննության հետ կապված այլ փաստաթղթեր:
3. Սնանկության դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։
4․ Ֆիզիկական անձ պարտապանը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ կամավոր սնանկության դիմում ներկայացնելու մասին տեղեկատվություն հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
| Հոդված 263. | Ֆիզիկական անձ պարտապանի հարկադրված սնանկության դիմումին ներկայացվող պահանջները |
1. Հարկադրված սնանկության դիմումը պարտատիրոջ կողմից ներկայացվում է գրավոր և ստորագրվում է իրավաբանական անձ պարտատիրոջ ղեկավարի կամ ֆիզիկական անձ պարտատիրոջ կամ իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:
2. Հարկադրված սնանկության դիմում կարող է ներկայացվել նաև ներկայացուցչի միջոցով։
3. Պարտատիրոջ դիմումում նշվում են՝
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը, պարտատիրոջ անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում՝ պարտատեր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները, պարտատեր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն,
3) պարտապանի անունը, հաշվառման վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն,
4) պարտատիրոջ հանդեպ ունեցած պարտավորությունների առաջացման հիմքերը, չափերը, այդ թվում՝ վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը՝ համապատասխան հաշվարկներով,
5) պարտավորությունների մասի (մասերի) կատարման ժամկետը, ներառյալ այն պարտավորությունները, որոնց կատարման ժամկետը լրացած է սնանկության դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ,
6) վճարային պարտավորության անվիճելիությունը սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հիմնավորելու համար դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի օրինական ուժի մեջ մտած այն ակտի կամ գումարի բռնագանձման պահանջով կողմերի համար պարտադիր դարձած նոտարի այն կարգադրության կամ այն անբողոքարկելի դարձած համապատասխան վարչական ակտի վերաբերյալ տվյալները, որի հիման վրա ներկայացվել է կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում, ինչպես նաև պարտատիրոջ համար կատարողական վարույթը բացասական ելքով ավարտվելու (պարտատիրոջ պահանջը չկատարվելու, կատարողական վարույթը պարտատիրոջ հետ չկապված որևէ հիմքով ավարտվելու վերաբերյալ ակտը) կամ կատարողական վարույթը «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ տվյալները,
7) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։
4. Պարտատիրոջ դիմումում կարող են նշվել նաև սնանկության գործի քննության հետ կապված այլ տեղեկություններ:
5. Հարկադրված սնանկության դիմում ներկայացնելիս պարտատիրոջ ներկայացրած դիմումը վարույթ ընդունվելուց հետո դիտարկվում է նաև որպես պահանջ, եթե դիմումը համապատասխանում է սույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին։ Դիմումը որպես պահանջ դիտարկելը չի սահմանափակում դիմողի պահանջ ներկայացնելու իրավունքը:
| Հոդված 264. | Ֆիզիկական անձ պարտապանի հարկադրված սնանկության դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը |
1. Ֆիզիկական անձ պարտապանի՝ հարկադրված սնանկության ճանաչման դիմումին կից, ի լրումն սույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, ներկայացվում են նաև՝
1) դիմումը ներկայացրած իրավաբանական անձ պարտատիրոջ կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի, ֆիզիկական անձ պարտատիրոջ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2) պարտատիրոջ նկատմամբ պարտապանի պարտավորությունները, ինչպես նաև նշված պարտավորությունների գծով ժամկետանց պարտքի առկայությունը և չափը հաստատող փաստաթղթեր,
3) պարտքի առաջացման հիմքերը հաստատող ապացույցներ (հաշիվ-ապրանքագրեր և այլ փաստաթղթեր),
4) հարկային մարմինների կողմից դիմումը ներկայացվելու դեպքում` անհատ ձեռնարկատեր հանդիսացող պարտապանի ներկայացրած վերջին հարկային հաշվարկները,
5) վճարային պարտավորության անվիճելիությունը սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հիմնավորելու համար դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի օրինական ուժի մեջ մտած ակտը կամ գումարի բռնագանձման պահանջով կողմերի համար պարտադիր դարձած նոտարի կարգադրությունը կամ անբողոքարկելի դարձած համապատասխան վարչական ակտը, որի հիման վրա ներկայացվել է կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում, ինչպես նաև պարտատիրոջ համար կատարողական վարույթը բացասական ելքով ավարտվելու փաստը հավաստող փաստաթուղթը (պարտատիրոջ պահանջը չկատարվելու, կատարողական վարույթը պարտատիրոջ հետ չկապված որևէ հիմքով ավարտվելու վերաբերյալ ակտը) կամ կատարողական վարույթը «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կասեցնելու մասին որոշումը։ Դիմումի ապահովում կիրառելու միջնորդություն ներկայացնելու դեպքում՝ հարկադիր սնանկության դիմումի օրինակը և կից փաստաթղթերի պատճենները,
6) դիմումի ապահովում կիրառելու միջնորդություն չներկայացնելու դեպքում՝ հարկադրված սնանկության դիմումի և կից փաստաթղթերի պատճենները պարտապանին ուղարկելը հավաստող ապացույցները,
7) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից,
8) դիմումում կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում` այդ թեկնածուի գրավոր համաձայնությունը որպես կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ:
2. Պարտատիրոջ դիմումին կից կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր, որոնց վրա հիմնված է հարկադրված սնանկության դիմումը:
3. Սնանկության դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։
4. Պարտատիրոջ կամ սույն օրենսգրքով նախատեսված այլ անձանց կողմից ֆիզիկական անձ պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացվելու դեպքում ֆիզիկական անձ պարտապանը Սնանկության դատարան է ներկայացնում առարկություն, որին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1) տեղեկություններ ֆիզիկական անձ պարտապանի նկատմամբ սկսված կատարողական վարույթների առկայության մասին,
2) պարտատիրոջ պահանջների դեմ իր առարկությունները հիմնավորող ապացույցները՝ առկայության դեպքում,
3) ֆիզիկական անձ պարտապանի գույքի, ներառյալ գրավադրված գույքի ցանկը՝ դրա գտնվելու վայրի և գրավառուների մասին նշումներով: Ցանկի ձևը հաստատվում է լիազոր մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով,
4) տեղեկատվություն ֆիզիկական անձ պարտապանի ստացած եկամուտների մասին՝ սնանկ ճանաչելու դիմումի ներկայացմանը նախորդող ժամանակահատվածի համար,
5) բանկի տրամադրած տեղեկանք՝ բանկում հաշիվների, ավանդների առկայության և մնացորդների մասին, ինչպես նաև դիմումի ներկայացմանը նախորդող երեք տարվա ընթացքում կատարված դրամական փոխանցումների և այլ գործարքների վերաբերյալ քաղվածքներ՝ ստացված ոչ ուշ, քան ֆիզիկական անձ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումի վերաբերյալ պատասխանն ուղարկելուց 10 օր առաջ,
6) դիմումում կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում` այդ թեկնածուի գրավոր համաձայնությունը որպես կառավարչի թեկնածու հանդես գալու վերաբերյալ:
| Հոդված 265. | Ֆիզիկական անձ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո կատարվող գործողությունները |
1. Ֆիզիկական անձ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռով Սնանկության դատարանն արգելանք է դնում ֆիզիկական անձ պարտապանի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:
2. Ֆիզիկական անձի միջնորդությամբ Սնանկության դատարանը կարող է ֆիզիկական անձի գույքը (գույքի մասը) ազատել արգելանքից երրորդ անձանց կողմից ֆիզիկական անձի պարտավորությունների կատարման ապահովում ներկայացնելու դեպքում:
3. Սնանկության դատարանն ազատում է ֆիզիկական անձ պարտապանի գույքն արգելանքից, եթե վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրվում է պարտապանի պարտավորությունները առնվազն 30 տոկոսով գերազանցող արժեքով գույք, ներկայացվում է երաշխիք, կամ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ մուտքագրվում են պարտավորությանը համարժեք դրամական միջոցներ:
4. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ալիմենտների բռնագանձման պահանջներով պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել Սնանկության դատարան` սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նշված պահանջները չներկայացվելու դեպքում ֆիզիկական անձի սնանկության գործի ավարտից հետո պահպանում են իրենց ուժը:
5. Ֆիզիկական անձի օգտին ժառանգության բացման մասին տեղեկությունների առկայության դեպքում Սնանկության դատարանի որոշմամբ կարող է կասեցվել սնանկության մասին գործի վարույթը` մինչև օրենքով սահմանված կարգով ժառանգության հարցի լուծումը:
6. Ֆիզիկական անձի դիմումով հայտնի պարտատերերի համաձայնությամբ Սնանկության դատարանը կարող է մինչև մեկ ամիս ժամկետով հետաձգել սնանկության մասին գործի քննությունը` ֆիզիկական անձի կողմից պարտատերերի հետ վերջնահաշվարկներ կատարելու կամ հաշտության համաձայնության հասնելու նպատակով:
7. Եթե սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ֆիզիկական անձը չի ներկայացրել պարտատերերի պահանջները բավարարելու ապացույցներ և նշված ժամկետում հաշտության համաձայնություն չի կնքել, ապա Սնանկության դատարանը վճիռ է կայացնում ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին:
| Հոդված 266. | Ֆիզիկական անձ պարտապանի՝ պարտատերերի ժողովին մասնակցությունը |
1․ Ֆիզիկական անձ պարտապանի պարտատերերի ժողովին մասնակցում է նաև ֆիզիկական անձ պարտապանը՝ առանց ձայնի իրավունքի։
2․ Ֆիզիկական անձ պարտապանն իրավունք ունի կառավարչին դիմում ներկայացնելու առանց իր մասնակցության պարտատերերի ժողով հրավիրելու մասին։
3․ Ֆիզիկական անձ պարտապանի՝ պարտատերերի ժողովին չներկայանալը չի խոչընդոտում պարտատերերի ժողովի անցկացումը։
| Հոդված 267. | Ֆիզիկական անձ պարտապանի կասկածելի գործարքների գնահատման առանձնահատկությունները |
1. Սույն օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված հիմքերով ֆիզիկական անձ պարտապանի գործարքների վիճարկման կանոններով ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործի շրջանակում վիճարկման ենթակա են նաև ֆիզիկական անձ պարտապանի ամուսնու կատարած գործարքները, որոնք վերաբերում են ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքին։
2. Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործի շրջանակում գործարքի վիճարկման հայցի քննությանը մասնակցում է խնամակալության և հոգաբարձության մարմինը, եթե գործարքը վերաբերում է անչափահասի կամ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձի իրավունքներին։
ԳԼՈՒԽ 33
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
| Հոդված 268. | Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացումը |
1․ Ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել ֆիզիկական անձ պարտապանը, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն մեկ երրորդին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն մեկ երրորդին տիրապետող պարտատերերը։
2․ Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիր կարող է ներկայացվել, եթե՝
1) ֆինանսական առողջացման ծրագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ֆիզիկական անձ պարտապանն ունի եկամտի կայուն աղբյուր,
2) սնանկ ճանաչելու մասին դիմումն ընդունելու օրվա դրությամբ նա չունի չմարված կամ չհանված դատվածություն սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված դիտավորությամբ կատարված հանցագործություն համար։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունները պետք է ներառվեն ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրում:
4․ Ֆիզիկական անձ պարտապանը պարտավոր է տեղեկացնել պարտատերերին և կառավարչին սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների մասին։
| Հոդված 269. | Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի առանձնահատկությունները |
1. Ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին:
2․ Սնանկության դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը մինչև մեկ տարի ժամկետով։
3․ Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագրում կարող է օգտագործվել նաև պարտապանի աշխատավարձի այն մասը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բռնագանձում տարածվել:
| Հոդված 270. | Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման և հաստատման առանձնահատկությունները |
1. Պարտատերերի ժողովի կողմից ֆինանսական առողջացման ծրագիրն ընդունվում է առանց պարտատերերի դասերում խմբավորման։ Ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է պարտատերերի ձայների պարզ մեծամասնությունը, որի մասին ժողովը կայացնում է որոշում:
| Հոդված 271. | Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման մերժումը |
1. Սնանկության դատարանը կայացնում է ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը մերժելու մասին որոշում, եթե՝
1) ֆինանսական առողջացման ծրագիրը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին.
2) ֆիզիկական անձ պարտապանը չի կատարել սույն օրենսգրքի 268-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարտավորությունը՝ տվյալ հիմքով ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը մերժելու մասին պարտատիրոջ կողմից միջնորդության ներկայացման դեպքում.
3) ֆինանսական առողջացման ծրագրում և կից փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ.
4) ֆինանսական առողջացման ծրագրի պայմանները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
| Հոդված 272. | Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման հետևանքները |
1․ Ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում և իրականացմանը հաջորդող հինգ տարվա ընթացքում ֆիզիկական անձ պարտապանը պարտավոր է բացահայտել ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը վարկ ստանալիս կամ ապառիկ ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ) ձեռք բերելիս:
2․ Ֆինանսական առողջացման ծրագրում չներառված պարտատերերը կարող են ներկայացնել իրենց պահանջները ծրագրով նախատեսված ժամկետում՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով: Այդ պահանջները բավարարվում են ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված ընդհանուր պայմաններով։
| Հոդված 273. | Ֆիզիկական անձ պարտապանի նախաձեռնությամբ ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխությունը |
1. Ֆիզիկական անձ պարտապանն իրավունք ունի կառավարչին առաջարկություն ներկայացնելու ֆինանսական առողջացման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին:
2․ Ֆինանսական առողջացման ծրագրում կատարված փոփոխությունները ենթակա են հաստատման Սնանկության դատարանի կողմից:
3. Կառավարիչը ֆիզիկական անձ պարտապանից ֆինանսական առողջացման ծրագիրը փոփոխելու առաջարկ ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում պարտավոր է ծրագիրը դրանում առաջարկվող փոփոխություններով ուղարկել պարտատերերին:
4. Ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխություններին հավանություն տալու հարցը քննարկելու համար կառավարիչը հրավիրում է պարտատերերի ժողով՝ ծրագիրը դրանում առաջարկվող փոփոխություններով պարտատերերին ուղարկելու օրվանից մեկամսյա ժամկետում:
5․ Ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխությունների քննարկման արդյունքներով պարտատերերի ժողովը կայացնում է առաջարկվող փոփոխություններին հավանություն տալու կամ չտալու մասին որոշում:
6․ Ֆիզիկական անձ պարտապանի առաջարկով ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխությանը հավանություն տալու մասին պարտատերերի ժողովի որոշումն ընդունվում է սույն օրենսգրքի 270-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով։
7․ Ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխությունների քննարկման արդյունքներով Սնանկության դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխությունները հաստատելու մասին, եթե պարտատերերի ժողովը որոշում է կայացրել ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխություններին հավանություն տալու մասին.
2) ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխությունները մերժելու մասին։
8․ Սույն հոդվածի 7-րդ մասում նշված դատական ակտերը կարող են բողոքարկվել։
9․ Սնանկության դատարանը ֆիզիկական անձ պարտապանի խնդրանքով կարող է երկարաձգել ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ժամկետը, դրա իրականացման առավելագույն ժամկետից ոչ ավելի ժամկետով, եթե պարտատերերի ժողովը սույն հոդվածով սահմանված կարգով հավանություն է տվել ծրագրի ժամկետի երկարաձգմանը:
10․ Սնանկության դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով՝ առանց պարտատերերի ժողովի հավանության, եթե ֆիզիկական անձ պարտապանը ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ ֆինանսական առողջացման ծրագրի կատարումը դրանում նշված ժամկետում անհնար է դարձել անհաղթահարելի ուժի հետևանքով։
11․ Ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգելու մասին Սնանկության դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։
| Հոդված 274. | Պարտատերերի ժողովի նախաձեռնությամբ ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխությունը |
1. Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական վիճակի բարելավման դեպքում պարտատերերի ժողովն իրավունք ունի դիմում ներկայացնելու Սնանկության դատարան ֆինանսական առողջացման ծրագիրը փոփոխելու միջնորդությամբ, որը պետք է ներառի՝
1) տեղեկություններ այն մասին, որ ֆիզիկական անձ պարտապանը կարող է ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվածից ավելի կարճ ժամկետում մարել պահանջները կամ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվածից ավելի չափով մարել պարտատերերի պահանջները.
2) ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական վիճակի բարելավման վերաբերյալ ապացույցներ.
3) ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը փոխելու առաջարկներ։
2․ Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը փոփոխելու համար Սնանկության դատարան դիմելու մասին պարտատերերի ժողովի որոշումը կայացվում է սույն օրենսգրքի 270-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով։
3․ Սնանկության դատարանը սնանկության գործին մասնակցող անձանց ծանուցում է ֆինանսական առողջացման ծրագիրը փոփոխելու մասին պարտատերերի ժողովի միջնորդության քննարկման օրվա մասին: Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում նշված միջնորդության քննարկումը։
4. Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին պարտատերերի ժողովի միջնորդության քննարկման արդյունքներով Սնանկության դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխությունները հաստատելու մասին.
2) ֆինանսական առողջացման ծրագրի փոփոխությունների հաստատումը մերժելու մասին։
5․ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումները կարող են բողոքարկվել։
| Հոդված 275. | Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ավարտը |
1. Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման համար սահմանված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ կառավարիչը պարտավոր է ծրագրի կատարման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել Սնանկության դատարան։
2․ Սույն հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվությունը և պարտատերերի պահանջների մարումը հաստատող փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են Սնանկության դատարան և այն պարտատերերին, որոնց պահանջները ներառված են ծրագրում:
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվության քննարկման օրվա դրությամբ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտատերերի պահանջները բավարարված չեն, կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում հաշվետվություն չի ներկայացվել, կառավարիչը կամ պարտատերը հրավիրում է պարտատերերի ժողով ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը դադարեցնելու և նրա գույքի վաճառքն սկսելու միջնորդությամբ Սնանկության դատարան դիմելու հարցը քննարկելու համար։ Պարտատերերի ժողովը պետք է անցկացվի ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի ավարտից ոչ ուշ, քան 14 օր առաջ:
4․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվությունը կամ պարտատերերի ժողովի՝ ֆինանսական առողջացման ծրագիրը դադարեցնելու և ֆիզիկական անձ պարտապանի գույքի վաճառք սկսելու մասին միջնորդությունն ստանալուց կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտատերերի ժողովի անցկացման ժամկետը լրանալուց հետո Սնանկության դատարանը նշանակում է դատական նիստ ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման արդյունքները և ֆիզիկական անձ պարտապանի կամ կառավարչի գործողությունների վերաբերյալ պարտատերերի բողոքները քննարկելու համար: Սնանկության դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով սնանկության գործին մասնակցող անձանց տեղեկացնում է դատական նիստի օրվա և վայրի մասին:
5. Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման արդյունքների, պարտատերերի բողոքների քննարկման արդյունքներով Սնանկության դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
1) ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի մասին, եթե ծրագրով նախատեսված պարտքերը մարված են, և պարտատերերի բողոքներն անհիմն են.
2) ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը դադարեցնելու և գույքի վաճառք սկսելու մասին, եթե առկա են ծրագիրը դադարեցնելու հիմքեր:
| Հոդված 276. | Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի դադարեցումը |
1. Սնանկության դատարանը վճիռ է կայացնում ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը դադարեցնելու մասին հետևյալ դեպքերում.
1) ծրագրում և կից փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ.
2) ֆիզիկական անձ պարտապանը չի կատարել սույն օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանգամանքների մասին պարտատերերին տեղեկացնելու պարտականությունը, եթե առկա է տվյալ հիմքով ֆինանսական առողջացման ծրագիրը դադարեցնելու մասին պարտատիրոջ միջնորդությունը.
3) ֆիզիկական անձ պարտապանը թույլ է տվել պարտատերերի նկատմամբ ծրագրով նախատեսված իր պարտավորությունների էական խախտում, եթե առկա է տվյալ հիմքով ֆինանսական առողջացման ծրագիրը դադարեցնելու մասին պարտատիրոջ միջնորդությունը:
2. Եթե ֆիզիկական անձ պարտապանը թույլ է տվել պարտատերերի նկատմամբ ծրագրով նախատեսված իր պարտավորությունների էական խախտում, տվյալ պարտատերն իրավունք ունի դիմելու Սնանկության դատարան ծրագրի դադարեցման պահանջով, որին կցվում են պահանջը ֆիզիկական անձ պարտապանին ուղարկված լինելու մասին ապացույցներ։ Պարտատիրոջ պահանջը Սնանկության դատարանը քննում է այն ստանալու օրվանից տասնհինգ օրվա ընթացքում:
3․ Եթե սույն հոդվածով նախատեսված պահանջի քննարկման համար նշանակված դատական նիստի օրվա դրությամբ ֆիզիկական անձ պարտապանը չի կատարել ծրագրով նախատեսված՝ պարտատերերի նկատմամբ իր պարտավորությունները, Սնանկության դատարանը որոշում է կայացնում ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը դադարեցնելու մասին։
4. Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը Սնանկության դատարանի դատական ակտով կարող է դադարեցվել միայն այն պարտատերերի մասով, որոնց պահանջները ներառված են ծրագրում: Այս դեպքում Սնանկության դատարանը կայացնում է ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը դադարեցնելու և գույքի վաճառքի մասին դատական ակտ։
5. Պարտատերերի պահանջները, որոնք ներառված էին դադարեցված ֆինանսական առողջացման ծրագրում, հաշվառվում են պարտատերերի պահանջների գրանցամատյանում այն չափով, որով դրանք ենթակա են մարման ֆինանսական առողջացման ծրագրի դադարեցման օրվա դրությամբ և մարվում են սույն օրենսգրքով սահմանված հերթականությամբ:
6. Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի դադարեցման և գույքի վաճառքի մասին տեղեկությունները պետք է հրապարակվեն կառավարչի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով Սնանկության դատարանի որոշման կայացման օրվանից հինգ օրվա ընթացքում:
| Հոդված 277. | Պարտքից ազատման իրավունքը |
1․ Ֆիզիկական անձ պարտապանը կարող է օգտվել պարտքի ազատումից սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ֆինանսական առողջացման ծրագրի արդյունքներով։
| Հոդված 278. | Պարտքից ազատման ժամանակահատվածը |
1. Պարտապանն ազատվում է պարտքից ոչ ուշ, քան ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման՝ սույն օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետը։ Պարտքից ազատման ժամանակահատվածի հաշվարկն սկսվում է ֆինանսական առողջացման ծրագիրը Սնանկության դատարանի կողմից հաստատվելու օրվանից։
2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակահատվածի ավարտին պարտքի ազատումից օգտվող պարտապանը, որը կատարել է ծրագրով նախատեսված պարտականությունները, ամբողջությամբ համարվում է ազատված պարտքի մնացած մասից, բացառությամբ սույն օրենսգրքի 282-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պարտավորությունների գծով պարտքերի։
3․ Պարտապանի կողմից սույն հոդվածի 2-րդ մասում նշված պարտականությունները կատարված լինելը ենթակա է հաստատման Սնանկության դատարանի կողմից սույն օրենսգրքի 275-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի ավարտի մասին վճռով:
4․ Պարտքից ազատման սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը Սնանկության դատարանի որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև երկու տարի ժամկետով, եթե`
1) պարտքի ազատումից օգտվող պարտապանը թույլ է տվել պարտավորությունների մարման ծրագրով նախատեսված պարտավորությունների էական խախտում, կամ
2) երկարաձգումն անհրաժեշտ է պարտապանի և մեկ կամ մի քանի պարտատերերի իրավունքների հավասարակշռությունը երաշխավորելու համար:
5. Երկարաձգման միջնորդությունն Սնանկության դատարան է ներկայացվում շահագրգիռ պարտատիրոջ կամ կառավարչի կողմից:
ԳԼՈՒԽ 34
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՈՒՅԹԸ
| Հոդված 279. | Ֆիզիկական անձ պարտապանի գույքը |
1. Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում վաճառքի ենթակա գույքի կազմում ներառվում է նաև այն գույքը (այդ թվում՝ աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների այն մասը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բռնագանձում տարածվել), որը նա ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչև գործի ավարտը կամ ֆինանսական առողջացման ծրագրի դադարեցումը:
2․ Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի (բռնագանձման) ենթակա գույքի կազմում ներառվում են նրան սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, աշխատավարձը ու դրան հավասարեցված այլ վճարումները, սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքը, ինչպես նաև այն գույքը, որն ստացվել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքով:
3․ Պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների գանձումն իրականացվում է՝ հաշվի առնելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 16-րդ գլխով սահմանված կարգավորումները և սնանկության վարույթի առանձնահատկությունները: Սույն մասի գործողությունը տարածվում է ինչպես մինչև սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահը վճարված աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից կատարվող գանձումների վրա, այնպես էլ՝ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից կատարվող գանձումների վրա։ Պարտապանին սնանկ ճանաչելու պահից բռնագանձում է տարածվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը գերազանցող նրա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների վրա` երեք տարի ժամկետով։
4․ Պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների բացակայության դեպքում սնանկության վարույթը տևում է պարտապանին սնանկ ճանաչելու պահից առնվազն մեկ տարի։ Եթե սույն մասով սահմանված մեկ տարվա ընթացքում պարտապանն սկսում է ստանալ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, սնանկության վարույթը տևում է պարտապանին սնանկ ճանաչելու պահից երեք տարի, որը կարող է կրկին կրճատվել մեկ տարվա պարտապանի՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների դադարեցման դեպքում։
5․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գանձումների ժամկետը չի կարող գերազանցել ֆինանսական առողջացման համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն ժամկետը։
6․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված Սնանկության դատարանի որոշումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կառավարիչն այն ուղարկում է պարտապանի գործատուին: Սնանկության դատարանի որոշումը հիմք է գանձման ենթակա գումարը գործատուի կողմից պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցվելու համար:
7․ Սնանկության դատարանի կողմից կառավարչի դիմումը մերժելն արգելք չէ կառավարչի կողմից կրկին Սնանկության դատարան դիմելու, եթե մինչև սնանկության գործի ավարտը կառավարչին հայտնի է դարձել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների անհրաժեշտ չափով աճի մասին: Սույն մասով նախատեսված կարգով կրկին դիմելու դեպքում Սնանկության դատարանը դիմումը քննում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով:
| Հոդված 280. | Իրացման ոչ ենթակա պարտապանի գույքը |
1. Պարտատերերի պահանջների բավարարման նպատակով իրացման (օտարման) ենթակա չէ ֆիզիկական անձ պարտապանի այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել:
2. Ֆիզիկական անձ պարտապանի կամ այլ անձանց պահանջով Սնանկության դատարանի որոշմամբ բռնագանձում կարող է չտարածվել բռնագանձման ենթակա պարտապանի այն գույքի վրա, որի արժեքն էական ազդեցություն չի կարող ունենալ պարտատերերի պահանջների բավարարման համար:
3. Եթե հարկադիր կատարման օրենսդրության իմաստով պարտապանի միակ բնակարանն իրացվում է Կառավարության սահմանած գումարը գերազանցող գնով, ապա Կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին և ենթակա չէ բռնագանձման:
| Հոդված 281. | Ֆիզիկական անձ պարտապանի գույքի վաճառքի վարույթը և կառավարչի լիազորությունները |
1. Սնանկության դատարանը որոշում է կայացնում ֆիզիկական անձ պարտապանի գույքի վաճառքի վարույթ սկսելու մասին, եթե`
1) ֆիզիկական անձ պարտապանը կամ նրա պարտատերերը սույն օրենսգրքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիր.
2) պարտատերերի ժողովը չի հաստատել ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը.
3) Սնանկության դատարանը կայացրել է ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը դադարեցնելու մասին դատական ակտ.
4) ֆիզիկական անձ պարտապանի սնանկության վարույթը վերսկսվել է սույն օրենսգրքի 285-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 286-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում.
5) սույն օրենսգրքի 265-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում.
6) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ֆիզիկական անձ պարտապանի գույքի վաճառքի վարույթ սկսելու մասին Սնանկության դատարանի որոշման կայացման օրվանից՝
1) ֆիզիկական անձ պարտապանի գույքի նկատմամբ բոլոր իրավունքները, ներառյալ տնօրինման իրավունքները, իրացվում են կառավարչի կողմից ֆիզիկական անձ պարտապանի անունից.
2) ֆիզիկական անձ պարտապանի գույքի հետ կապված՝ նրա կողմից անձամբ (առանց կառավարչի մասնակցության) իրականացված գործարքներն առ ոչինչ են.
3) ֆիզիկական անձ պարտապանի կողմից առանց կառավարչի մասնակցության իրականացված գործարքներով պարտատերերի պահանջները չեն բավարարվում պարտապանի գույքի հաշվին։
3․ Կառավարիչը ֆիզիկական անձ պարտապանի գույքի վաճառքի ընթացքում պարտապանի անունից իրականացնում է հետևյալ գործողությունները.
1) տնօրինում է ֆիզիկական անձ պարտապանի բանկային և ավանդային հաշիվների միջոցները.
2) բացում և փակում է ֆիզիկական անձ պարտապանի հաշիվները.
3) իրականացնում է իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում ֆիզիկական անձ պարտապանի մասնակցությամբ պայմանավորված լիազորությունները.
4) ֆիզիկական անձ պարտապանի անունից հանդես է գալիս նրա գույքային իրավունքներին առնչվող դատական գործերին։
4․ Ֆիզիկական անձ պարտապանն իրավունք չունի անձամբ բացելու բանկային հաշիվներ, ներդնելու ավանդներ, ստանալու բանկային և ավանդային հաշիվներում առկա գումարները:
5․ Բանկերը, վարկային կազմակերպությունները և ֆինանսական այլ կազմակերպությունները, որոնք պատշաճ ծանուցվել են ֆիզիկական անձ պարտապանի գույքի վաճառքի վարույթ սկսելու վերաբերյալ Սնանկության դատարանի որոշման մասին, պարտավոր են արգելափակել ֆիզիկական անձ պարտապանի կողմից (ներառյալ նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա) գործառնությունների իրականացումը (ներառյալ բանկային քարտի միջոցով) և կրում են սույն մասով նախատեսված պարտականություն չկատարման բացասական հետևանքները։
6․ Ֆիզիկական անձ պարտապանը պարտավոր է ոչ ուշ, քան գույքի վաճառքի վարույթ սկսելու մասին Սնանկության դատարանի որոշման կայացման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում կառավարչին փոխանցել իր բոլոր բանկային քարտերը: Կառավարիչը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բանկային քարտերով կատարվող գործարքներն արգելափակելու համար:
| Հոդված 282. | Պարտատերերի պահանջների բավարարումը, հաշվարկների ավարտը և պարտքից ազատումը |
1. Ֆիզիկական անձ պարտապանի պարտատերերի պահանջները բավարարվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով և հերթականությամբ։
2. Պարտատերերի պահանջները, որոնք չեն բավարարվել ֆիզիկական անձ պարտապանի գույքի անբավարարության պատճառով, համարվում են մարված, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
3. Պարտատերերի հետ հաշվարկների ավարտից հետո կառավարիչը պարտավոր է Սնանկության դատարան ներկայացնել ֆիզիկական անձ պարտապանի գույքի վաճառքի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն՝ կցելով ֆիզիկական անձ պարտապանի գույքի վաճառքի և պարտատերերի պահանջների բավարարման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները՝ նշելով պարտատերերի մարված պահանջների չափը:
4. Սնանկության դատարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ նշանակելու դատական նիստ՝ քննարկելու ֆիզիկական անձ պարտապանի գույքի վաճառքի ավարտը:
5. Ֆիզիկական անձ պարտապանի գույքի վաճառքի արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկման արդյունքով Սնանկության դատարանը վճիռ է կայացնում գույքի վաճառքի վարույթի ավարտի վերաբերյալ:
6. Պարտատերերի հետ հաշվարկների ավարտից և գույքի վաճառքի վարույթի ավարտի վերաբերյալ Սնանկության դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ֆիզիկական անձ պարտապանն ազատվում է պարտատերերի հետագա պահանջների կատարումից, այդ թվում՝ այն պահանջներից, որոնք չեն ներկայացվել ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման կամ գույքի վաճառքի վարույթների ընթացքում, բացառությամբ հետևյալ պարտավորությունների.
1) ալիմենտների վճարման.
2) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումների.
3) կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորությունների.
4) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորությունների.
5) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած մեկ տարվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորությունների.
6) ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորության.
7) պետական ֆինանսավորմամբ ծառայողական վերապատրաստման կամ ուսման գումարը վերադարձնելու պարտավորության․
8) այն պարտավորությունների, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել պարտատերերից անկախ պատճառներով` հարգելի ճանաչված դեպքերում:
7․ Սույն հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետով նշված պահանջներն ուժի մեջ են մտնում և կարող են ներկայացվել ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործի ավարտից հետո՝ դրանց չմարված մասով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8․ Ֆիզիկական անձ պարտապանի գույքի վաճառքի վարույթի ավարտից հետո սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ պարտատերերի չբավարարած այն պահանջների համար, որոնք հաշվառված են պարտատերերի պահանջների գրանցամատյանում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ներկայացվել կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում:
9․ Ֆիզիկական անձ պարտապանը չի ազատվում պարտքից, եթե՝
1) դատարանի՝ ուժի մեջ մտած դատական ակտով ֆիզիկական անձ պարտապանը ենթարկվել է քրեական պատասխանատվության սնանկության ընթացքում անօրինական գործունեության կամ կանխամտածված սնանկության համար, կամ
2) ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործի քննության ընթացքում կայացված դատական ակտով հաստատվել է այն հանգամանքը, որ ֆիզիկական անձ պարտապանի կողմից կառավարչին կամ Սնանկության դատարանին չեն ներկայացվել անհրաժեշտ տվյալներ, կամ ներկայացվել են ակնհայտ կեղծ տվյալներ, կամ
3) ապացուցված է, որ ֆիզիկական անձ պարտապանի պարտավորությունների կատարման ժամանակ նա գործել է ապօրինի կերպով, այդ թվում՝ դիտավորությամբ խուսափել է պարտատերերի պարտքերի մարումից, կատարել է սույն օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքներ, թաքցրել է գույքը, վարկ ստանալիս պարտատիրոջը տրամադրել է կեղծ տեղեկություն:
10․ Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերում Սնանկության դատարանը ֆիզիկական անձ պարտապանի գույքի վաճառքի վարույթի ավարտի մասին վճռում նշում է ֆիզիկական անձ պարտապանի նկատմամբ պարտքից ազատելու կանոնը չկիրառելու մասին կամ գույքի վաճառքի վարույթի ավարտի մասին վճիռը կայացնելուց հետո որոշում է կայացնում ֆիզիկական անձ պարտապանի նկատմամբ պարտքից ազատելու կանոնը չկիրառելու մասին, եթե նման որոշման կայացման հիմքերն ի հայտ են եկել գույքի վաճառքի վարույթի ավարտի մասին վճիռը կայացնելուց հետո։
| Հոդված 283. | Սահմանափակումների դադարումը |
1. Եթե պարտապանը սույն օրենսգրքի համաձայն ազատվում է պարտքից, սնանկության հիմքով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքների մասով կիրառված սահմանափակումները դադարում են առանց Սնանկության դատարան դիմելու՝ պարտքից ազատման ժամանակահատվածի լրացմամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով և 287-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների։
ԳԼՈՒԽ 35
ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 284. | Սնանկության վարույթի վերսկսումը |
1. Եթե պարզվում է, որ ֆիզիկական անձ պարտապանը թաքցրել է գույքը կամ ապօրինի փոխանցել է այն երրորդ անձանց, պարտատերերը, որոնց պահանջները չեն բավարարվել ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման կամ գույքի վաճառքի վարույթների արդյունքներով, կարող են դիմել Սնանկության դատարան՝ սնանկության գործն ավարտելու մասին վճիռը վերանայելու և նշված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով:
2. Սնանկության գործն ավարտելու մասին վճիռը կարող է վերանայվել, եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքները պարտատերերին հայտնի չէին կամ չէին կարող լինել ֆինանսական առողջացման վարույթի ավարտի կամ գույքի վաճառքի վարույթի ավարտի մասին Սնանկության դատարանի վճիռը կայացնելու օրվա դրությամբ։
3. Սույն հոդվածով սահմանված հիմքով սնանկության գործի ավարտի մասին վճռի վերանայման պահանջը պարտատերերը կարող են Սնանկության դատարան ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքների բացահայտման օրվանից մեկ ամսվա ընթացքում:
4. Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործն ավարտելու մասին վճռի բեկանումը ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործով վարույթի վերսկսման հիմք է: Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործով վարույթի վերսկսման մասին Սնանկության դատարանը կայացնում է որոշում, որը ենթակա է անմիջապես կատարման և կարող է բողոքարկվել:
5. Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործով վարույթի վերսկսման դեպքում սկսվում է նրա գույքի վաճառք:
6. Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործն ավարտվելու մասին վճռի բեկանման մասին որոշման կայացման օրվանից պարտատերերի այն պահանջները, որոնք ներկայացվել էին ֆինանսական առողջացման վարույթի ավարտից կամ գույքի վաճառքի վարույթի ավարտից առաջ, վերականգնվում են չվճարված մասով: Այլ պարտատերերը կարող են ներկայացնել իրենց պահանջները սույն օրենսգրքով սահմանված կարգով:
7. Պարտատերերի պահանջների ցանկն ու չափը որոշվում են ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործով վարույթի վերսկսման օրվա դրությամբ:
| Հոդված 285. | Սնանկության գործի ավարտի հետևանքները |
1․ Գույքի վաճառքի վարույթի արդյունքներով սնանկության գործի ավարտից հետո՝ հինգ տարվա ընթացքում, առանց գործարքի մյուս կողմին (կողմերին) առանց իր սնանկության փաստի մասին նշելու որպես անհատ ձեռնարկատեր կամ իր ստեղծած կամ մասնակցությամբ առևտրային կազմակերպության միջոցով կնքված առևտրային գործարքներն առ ոչինչ են:
2. Գույքի վաճառքի վարույթի արդյունքներով սնանկության գործի ավարտից հետո՝ հինգ տարվա ընթացքում, չի թույլատրվում ֆիզիկական անձի դիմումի հիման վրա սեփական սնանկության ճանաչման նոր գործ սկսել: Սույն մասում նշված ժամկետում ֆիզիկական անձի ներկայացրած դիմումը սեփական սնանկությունը ճանաչելու վերաբերյալ ենթակա է մերժման:
3․ Եթե գույքի վաճառքի վարույթի արդյունքներով սնանկության գործի ավարտից հետո՝ հինգ տարվա ընթացքում, ֆիզիկական անձին կրկին սնանկ են ճանաչում պարտատիրոջ դիմումով, ապա սույն օրենսգրքի 282-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ պարտքից ազատելու կանոնը չի կիրառվում: Պարտատերերի չբավարարված այն պահանջները, որոնց վճարման ժամկետները լրացել են, կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4․ Գույքի վաճառքի վարույթի արդյունքներով սնանկության գործի ավարտից հետո սույն հոդվածի 3-րդ մասով նշված՝ չբավարարված այն պահանջների գծով, որոնց վճարման ժամկետը լրացել է, կարող է ներկայացվել կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում:
5. Գույքի վաճառքի վարույթի արդյունքներով սնանկության գործի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում, ֆիզիկական անձին արգելվում է զբաղեցնել պաշտոններ իրավաբանական անձի կառավարման մարմիններում կամ այլ կերպ մասնակցել իրավաբանական անձի կառավարմանը, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով:
6․ Գույքի վաճառքի վարույթի արդյունքներով սնանկության գործի ավարտից հետո՝ 10 տարվա ընթացքում, ֆիզիկական անձ պարտապանին արգելվում է զբաղեցնել պաշտոններ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կառավարման մարմիններում կամ այլ կերպ մասնակցել նման կազմակերպության կառավարմանը:
7․ Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված սահմանափակումները տարածվում են նաև իրավաբանական անձի տնօրենի վրա, բացառությամբ եթե սնանկության գործն ավարտվել է պարտապանի ֆինանսական առողջացմամբ։
| Հոդված 286. | Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործով հաշտության համաձայնությունը |
1. Հաշտության համաձայնության կնքումը հիմք է ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործով վարույթի դադարեցման համար։
2․ Հաշտության համաձայնության կնքման որոշումն ընդունվում է անձամբ ֆիզիկական անձ պարտապանի կողմից։
3. Ֆիզիկական անձ պարտապանի սնանկության գործով վարույթի ընթացքում կնքված հաշտության համաձայնությունը տարածվում է այն պարտատերերի պահանջների վրա, որոնց պահանջները հաշվառված են պարտատերերի պահանջների գրանցամատյանում պարտատերերի ժողովի կողմից հաշտության համաձայնություն կնքելու մասին որոշման կայացման օրվա դրությամբ։
4. Կառավարչի, ֆիզիկական անձ պարտապանի և պարտատերերի միջև հաշտության համաձայնության վերաբերյալ տարաձայնությունները քննարկվում են Սնանկության դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով։ Հաշտության համաձայնությունը հաստատում է Սնանկության դատարանը։
| Հոդված 287. | Անհատ ձեռնարկատեր պարտապանին սնանկ ճանաչելու հետևանքները |
1. Անձը չի կարող հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր գույքի վաճառքի վարույթի ավարտից կամ գույքի վաճառքի ընթացքում սնանկության վարույթի դադարեցումից հետո՝ հինգ տարվա ընթացքում։
2. Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ գույքի վաճառքի վարույթի արդյունքներով սնանկության գործի ավարտից կամ գույքի վաճառքի ընթացքում սնանկության վարույթի դադարեցումից հետո՝ հինգ տարվա ընթացքում, նա իրավունք չունի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, ինչպես նաև պաշտոններ զբաղեցնելու իրավաբանական անձի կառավարման մարմիններում և այլ կերպ մասնակցելու իրավաբանական անձի կառավարմանը:
ԵՆԹԱԲԱԺԻՆ ՉՈՐՐՈՐԴ
ԱՌԱՆՁԻՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 36
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 288. | Հատուկ կարևորության կազմակերպությունների սնանկության առանձնահատկությունները |
1․ Հատուկ կարևորության կազմակերպությունների սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի դրույթները, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:
2․ Հատուկ կարևորության կազմակերպությունների հարկադրված սնանկության դիմում սույն օրենսգրքով նախատեսված կարգով կարող են բերել միայն մեկից ավելի պարտատերեր՝ համատեղ։ Մեկ պարտատիրոջ կողմից հատուկ կարևորության կազմակերպությունների հարկադրված սնանկության դիմում կարող է ներկայացվել միայն սույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անվիճելի վճարային պարտավորություններ ունենալու դեպքում։
3․ Սույն օրենսգրքի իմաստով հատուկ կարևորության կազմակերպություն է համարվում՝
1) այն իրավաբանական անձը, որի աշխատողների թիվը կազմում է տվյալ համայնքի աշխատող բնակչության թվի առնվազն 25 տոկոսը, կամ
2) այն իրավաբանական անձը, որի աշխատողների թիվը գերազանցում է 2000 անձը կամ
3) էներգետիկայի (էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման), ջրային և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք:
4․ Հատուկ կարևորության կազմակերպության սնանկության գործի քննությանը ներգրավվում են նաև համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները։
| Հոդված 289. | Հատուկ կարևորության կազմակերպությունների ֆինանսական առողջացման առանձնահատկությունները |
1․ Պարտատերերի ժողովի որոշմամբ հատուկ կարևորության կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագիր չընդունվելու դեպքում Սնանկության դատարանը կարող է որոշում կայացնել ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման մասին սույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ իրավասու պետական մարմնի, իսկ սույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ իրավասու տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ, եթե համապատասխան իրավասու պետական մարմինը տրամադրում է երաշխիք պարտապանի պարտավորությունների կատարման համար։
2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ապահովման չափը չի կարող պակաս լինել պարտատերերի առաջին ժողովի անցկացմանը նախորդող վերջին հաշվետու ամսաթվի դրությամբ հաշվեկշռում արտացոլված պարտապանի պարտավորությունների չափից:
3․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման մասին որոշում կայացնելիս Սնանկության դատարանի որոշմամբ հաստատվում է պարտքի մարման գրաֆիկը, որով պետք է նախատեսվի՝
1) պարտատերերի պահանջների մարման սկիզբը ոչ ուշ, քան Սնանկության դատարանի կողմից ֆինանսական առողջացման մասին որոշման ընդունումից հետո՝ մեկ ամիսը, և
2) պարտատերերի պահանջների մարումն ամսական հավասար մարումներով մեկ տարվա ընթացքում՝ սկսած պարտատերերի պահանջների մարման սկզբից:
| Հոդված 290. | Հատուկ կարևորության կազմակերպությունների ֆինանսական առողջացման երկարաձգումը |
1․ Սնանկության դատարանը կարող է մեկ տարի ժամկետով երկարաձգել հատուկ կարևորության կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրի տևողությունը համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ, եթե ներկայացվել է պարտապանի պարտավորությունների կատարման համար երաշխիք:
| Հոդված 291. | Պարտապանի պարտավորությունների կատարման համար երաշխիքը |
1․ Երաշխիք կարող է տրամադրվել համապատասխան իրավասու պետական մարմնի կողմից:
2․ Պարտապանի պարտավորությունների համար երաշխիքը ներկայացվում է Սնանկության դատարան գրավոր ձևով, որում պետք է նշվեն պարտապանի պարտավորությունների գումարը և վճարումների գրաֆիկը:
3․ Պարտապանը և երաշխիք տրամադրած անձը պարտավոր են սկսել պարտատերերի հետ հաշվարկները՝ երաշխիքով սահմանված պարտավորությունների վճարման գրաֆիկի համաձայն:
4․ Եթե պարտատերերի պահանջները չեն կատարվում սահմանված կարգով և ժամկետներում, պարտատերերն իրավունք ունեն չվճարված գումարների համար պահանջները ներկայացնելու երաշխիք տրամադրած անձին։
5․ Երաշխիք տրամադրած անձի կողմից պարտատերերի պահանջների մեկ երրորդը կազմող պահանջներ ունեցող պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունների խախտումը կարող է հիմք հանդիսանալ ֆինանսական առողջացման վաղաժամկետ դադարեցման և լուծարման վարույթ սկսելու համար:
| Հոդված 292. | Հատուկ կարևորության կազմակերպությունների պարտատերերի պահանջների մարումը |
1․ Համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները ցանկացած պահի մինչև հատուկ կարևորության կազմակերպությունների սնանկության գործի ավարտը կարող են մարել բոլոր պարտատերերի պահանջները:
2․ Պարտատերերի հետ հաշվարկներն իրականացվում և պարտատերերի պահանջները մարվում են սույն օրենսգրքով սահմանված հերթականությամբ:
3․ Պարտատերերի պահանջների բավարարման դեպքում սնանկության գործով վարույթը դադարեցվում է:
| Հոդված 293. | Հատուկ կարևորության կազմակերպությունների ձեռնարկության վաճառքը |
1․ Ֆինանսական առողջացման ընթացքում կարող է իրականացվել հատուկ կարևորության կազմակերպության ձեռնարկության վաճառք։
2․ Համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ առք ու վաճառքի պայմանագրի էական պայման կարող է համարվել ձեռնարկության վաճառքի պահին աշխատողների առնվազն 50 տոկոսի աշխատանքի պահպանումը որոշակի ժամկետով, բայց ոչ ավելի, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի, պայմանով, որ պարտատերերը վարույթի շրջանակում ավելի քիչ գումար չեն ստանա, քան այն գումարը, որը ողջամտորեն կստանային սովորական լուծարման վարույթի դեպքում։
3․ Եթե գնորդը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրի պայմանները, համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդության հիման վրա Սնանկության դատարանը կարող է պայմանագիրը լուծել։ Պայմանագրի լուծման դեպքում համապատասխան համայնքային կամ պետական բյուջեի հաշվին գնորդին փոխհատուցվում են ձեռնարկության գնման և պայմանագրի գործողության ընթացքում իրականացված ներդրումները, իսկ ձեռնարկությունը փոխանցվում է համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի սեփականությանը։
4․ Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված միջնորդությունը չի ներկայացվել, կամ միջնորդությունը ներկայացվել է, սակայն ձեռնարկությունը չի վաճառվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմաններով, ապա ձեռնարկությունը ենթակա է վաճառքի սույն օրենսգրքի 251-րդ և 252-րդ հոդվածներով սահմանված` ձեռնարկության վաճառքի ընդհանուր կանոններով։
| Հոդված 294. | Լուծարման վարույթում հատուկ կարևորության կազմակերպությունների գույքի վաճառքը |
1. Հատուկ կարևորության կազմակերպության լուծարման վարույթում գույքի վաճառք սկսելու դեպքում կառավարիչը պետք է վաճառքի ներկայացնի պարտապանի ձեռնարկությունը սույն օրենսգրքի 251-րդ և 252-րդ հոդվածներով նախատեսված պայմաններով։
2. Եթե պարտապանի ձեռնարկությունը չի վաճառվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, ապա իրականացվում է գույքի վաճառք։
| Հոդված 295. | Լուծարման վարույթում պարտապանի ղեկավարի իրավասությունները |
1. Հատուկ կարևորության կազմակերպության լուծարման վարույթում Սնանկության դատարանը կարող է որոշում կայացնել պարտապանի գործունեությունը շարունակելու, պարտապանի գույքը կառավարելու և տնօրինելու իրավունքներն ու պարտականությունները պարտապանի ղեկավարին թողնելու մասին՝ լուծարման վարույթում պարտապանի գործունեությունը շարունակելու նպատակահարմարությունից ելնելով։
2. Եթե Սնանկության դատարանը որոշում է կայացնում լուծարման վարույթում պարտապանի գույքը կառավարելու և տնօրինելու իրավունքներն ու պարտականությունները պարտապանի ղեկավարին թողնելու մասին, ապա պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողությամբ։
3․ Հատուկ կարևորության կազմակերպության սնանկության վարույթում Սնանկության դատարանը կառավարչի կամ պարտապանի ղեկավարի միջնորդությամբ կարող է որոշում կայացնել պարտապանի ընթացիկ գործունեության հետ կապված որոշակի գործողությունների՝ կառավարչի համաձայնությամբ, առանց Սնանկության դատարանի հաստատման, իրականացումը թույլատրելու մասին։
4. Սնանկության դատարանը կարող է որոշում կայացնել պարտապան ղեկավարի՝ գույքը կառավարելու և տնօրինելու իրավունքը կառավարչին փոխանցելու մասին, եթե պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է և կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը։
5․ Սնանկության դատարանի՝ սույն հոդվածով նախատեսված որոշումները պետք է հիմնված լինեն տվյալ գործով իրականացված գնահատման վրա՝ հաշվի առնելով գործի փաստերն ու օրենքի պահանջները:
ԵՆԹԱԲԱԺԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 37
ԼՈՒԾԱՐՎՈՂ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| Հոդված 296. | Լուծարվող պարտապանի սնանկությունը |
1․ Եթե լուծարվող իրավաբանական անձ պարտապանի գույքի արժեքը բավարար չէ պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա իրավաբանական անձը լուծարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:
2․ Պարտապան իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների հայտնաբերման դեպքում պարտավոր է պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել Սնանկության դատարան:
3․ Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում կայացնելուց հետո և մինչև լուծարման հանձնաժողովի ստեղծումը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների հայտնաբերման դեպքում պարտապանի ղեկավարը պարտավոր է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնել Սնանկության դատարան:
4․ Սնանկության դատարանը որոշում է ընդունում լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու և կառավարիչ նշանակելու մասին:
5․ Լուծարվող պարտապանի սնանկության դեպքում ֆինանսական առողջացման վարույթ չի իրականացվում։
6․ Պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները լուծարվող պարտապանի նկատմամբ լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայտարարության հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում: Այս դեպքում պարտատերերի պահանջների նախնական ցուցակը հրապարակվում է սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգով:
7․ Լուծարման հանձնաժողովի լիազորությունները դադարում են լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է սնանկության գործով կառավարչին հանձնել պարտապանի ողջ գույքը, հաշվապահական և այլ փաստաթղթերը:
ԳԼՈՒԽ 38
ԲԱՑԱԿԱՅՈՂ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 297. | Բացակայող պարտապանի գործի քննության առանձնահատկությունները |
1․ Եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ փաստացի գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում է, և նրա գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա Սնանկության դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:
2․ Բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա Սնանկության դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:
3․ Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` մեկամսյա ժամկետում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, Սնանկության դատարանն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կամ 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:
4․ Բացակայող պարտապանի սնանկության մասին հայտարարությունը հրապարակվում, և սնանկության վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով։
5․ Բացակայող պարտապանի սնանկության դեպքում ֆինանսական առողջացման վարույթ չի իրականացվում, բացառությամբ եթե բացակայող պարտապանն ի հայտ է գալիս և սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնում է ֆինանսական առողջացման ծրագիր։
6․ Սույն հոդվածի 5-րդ մասում նշված առողջացման ծրագիրը քննարկվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով։
ԳԼՈՒԽ 39
ՊԱՐՏԱՊԱՆԻ՝ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԴԵՊՔՈՒՄ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| Հոդված 298. | Մորատորիումի կիրառելիությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերությունների նկատմամբ |
1․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հայցի ներկայացման և գործի քննության նկատմամբ չեն կիրառվում սույն օրենսգրքի 1-ին և 163-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները։
| Հոդված 299. | Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով իրավասու մարմնի կարգավիճակը սնանկության վարույթի ընթացքում |
1. Սույն օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իրավասու մարմինը (այսուհետ սույն գլխում՝ Իրավասու մարմին) պարտավոր է Սնանկության դատարան ներկայացնել տեղեկատվություն պարտապանի գույքի առնչությամբ ծանուցումն ստանալու պահին ուժի մեջ մտած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների և կիրառված ապահովման միջոցների մասին։ Եթե սույն մասով նշված ժամկետում հանգամանքները դեռ ի հայտ չեն եկել, ապա Իրավասու մարմինը պարտապանի գույքի առնչությամբ ծանուցումն ստանալուց հետո ուժի մեջ մտած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, հարուցված քաղաքացիական գործերի, կատարողական վարույթների և կիրառված ապահովման միջոցների մասին Սնանկության դատարան է ներկայացնում տեղեկատվություն համապատասխան հանգամանքներն ի հայտ գալուց հետո՝ 15-օրյա ժամկետում։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում Իրավասու մարմինը Սնանկության դատարան է ներկայացնում նաև տեղեկատվություն պարտատերերի այն պահանջների մասին, որոնք վիճարկվում են Իրավասու մարմնի կողմից։
3. Կանխարգելիչ վերակառուցման վարույթի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Իրավասու մարմինը կարող է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին։
4. Եթե սնանկության վարույթի իրականացումը կարող է ազդել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի վրա, ապա Իրավասու մարմինը սույն օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո իր նախաձեռնությամբ կարող է դիմել Սնանկության դատարան՝ միջնորդելով ճանաչել Իրավասու մարմինը որպես շահագրգիռ անձ։ Սնանկության դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու դեպքում Իրավասու մարմինը սույն օրենսգրքի 26-րդ և 28-րդ գլուխներով նախատեսված հարցերով ձեռք է բերում պարտատիրոջ կարգավիճակից բխող իրավունքներ, ներառյալ դիմումների պատճենները, պահանջների փոփոխությունները, բաշխման ծրագրերը և Սնանկության դատարանի որոշումներն ստանալու, ներկայացված դիմումները սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում վիճարկելու, առարկություններ և դիրքորոշումներ ներկայացնելու, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվելու և նիստին մասնակցելու իրավունքներ։ Սույն մասում նշված միջնորդությունը Սնանկության դատարանի կողմից մերժվելու դեպքում Իրավասու մարմինը կարող է համապատասխան դատական ակտը բողոքարկել վերաքննության կարգով։
| Հոդված 300. | Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առանձնահատկությունը սնանկության վարույթում պահանջների հաստատման, գույքի օտարման և միջոցների բաշխման ժամանակ |
1. Իրավասու մարմինը Սնանկության դատարան կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված դրամային պահանջները, որոնք ներառվում են սույն օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հերթում՝ որպես ստորադաս չապահովված պահանջներ։ Նշված պահանջներն Իրավասու մարմինը ներկայացնում է Սնանկության դատարան սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում։
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նշված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ, և այդ ընթացքում սնանկության գործը դեռ չի ավարտվել սույն օրենսգրքով սահմանված որևէ հիմքով, ապա Իրավասու մարմինը համապատասխան դրամային պահանջը ներկայացնում է Սնանկության դատարանի հաստատմանը ոչ ուշ, քան Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի համապատասխան դատական ակտն օրինական ուժ ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։
3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի (այսուհետ սույն գլխում՝ Վարույթ) արգելանքները կամ սահմանափակումները սնանկության վարույթում պարտապանի գույքի (բացառությամբ ապահովված իրավունքի առարկաների) մասով կիրառվում են պարտապանի միայն այն գույքի կամ գույքի այն մասի կամ բաժնի վրա, որը Վարույթի շրջանակում մինչև համապատասխան եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելն Իրավասու մարմինը Վարույթով համարում է ապօրինի ծագում ունեցող, իսկ օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի համապատասխան եզրափակիչ դատական ակտով սահմանված չափով։
4. Սնանկության վարույթի շրջանակում պարտապանի արգելադրված գույքը կամ գույքի մասը կամ բաժինը (բացառությամբ գրավի և ապահովված իրավունքի առարկաների) կարող է տնօրինվել, ներառյալ օտարվել, տիրապետվել կամ օգտագործվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, իսկ առաջացած միջոցները ենթակա են բաշխման կամ փոխանցման Վարույթին սույն հոդվածով սահմանված կարգով։
5. Սնանկության վարույթում գրավի և ապահովված իրավունքի առարկաների (պարտապանին պատկանող) մասով չեն տարածվում Վարույթի շրջանակում կիրառված արգելանքները կամ սահմանափակումները, այն բացառությամբ երբ սնանկության վարույթով դրանց իրացումից առաջացած դրամական միջոցները գերազանցում են ապահովված պարտատիրոջ պահանջը։ Եթե սնանկության վարույթում ապահովված պարտատիրոջ պահանջը բավարարելուց՝ դրամական միջոցները սահմանված կարգով բաշխվելուց հետո ավել դրամական միջոցներն այլ հերթի պահանջների բավարարումից հետո կարող են բավարարել նաև Իրավասու մարմնի ենթադրյալ դրամային պահանջը, ապա ավելացված մասով դրամական միջոցները փոխանցվում են Վարույթով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ Վարույթով համապատասխան պահանջների բավարարման համար։
6. Սնանկության վարույթում գրավի և ապահովված իրավունքի առարկաների (երրորդ անձանց պատկանող) մասով չեն տարածվում Վարույթի շրջանակում կիրառված արգելանքները կամ սահմանափակումները, այն բացառությամբ երբ սնանկության վարույթով դրանց իրացումից առաջացած դրամական միջոցներն ավել են ապահովված պարտատիրոջ պահանջից։ Սնանկության վարույթում ապահովված պարտատիրոջ պահանջը բավարարելուց և դրամական միջոցները սահմանված կարգով բաշխվելուց հետո ավել միջոցները փոխանցվում են Վարույթով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ Վարույթով համապատասխան պահանջների բավարարման համար։
7. Վարույթով պարտապանի՝ բռնագանձման առարկա հանդիսացող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը սնանկության վարույթով տնօրինվում է, ներառյալ օտարվում կամ տիրապետվում կամ օգտագործվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով, իսկ բաշխումից առաջացած միջոցները փոխանցվում են Վարույթով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ ըստ համապատասխան գույքի՝ Վարույթում արձանագրված ապօրինության տոկոսային կամ այլ սահմանված չափի կամ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի համապատասխան օրինական ուժ ստացած եզրափակիչ դատական ակտով սահմանված չափի։
8. Սույն հոդվածի 3-7-րդ մասերով սահմանված գործողությունները, ինչպես նաև պարտապանի գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման լիազորությունները պատկանում են կառավարչին։
ԵՆԹԱԲԱԺԻՆ ՎԵՑԵՐՈՐԴ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 40
ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԵՐԻ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ) ՎԻՃԱՐԿՈՒՄԸ
| Հոդված 301. | Կառավարչի գործողությունների (անգործության) վիճարկման իրավունքը |
1. Պարտապանը, պարտատերը և սնանկության վարույթի այլ շահագրգիռ անձինք իրենց իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու նպատակով իրավունք ունեն վիճարկելու կառավարչի գործողությունը (անգործությունը), եթե այն միջամտում է անձի իրավունքներին կամ որևէ այլ կերպ վատթարացնում այդ անձի իրավական կամ փաստական դրությունը։
2. Կառավարչի գործողությունների (անգործության) բողոքարկումը չի կասեցնում կառավարչի գործողությունները։
| Հոդված 302. | Կառավարչի գործողությունների (անգործության) վիճարկման ժամկետը |
1. Կառավարչի գործողությունները (անգործությունը) կարող են վիճարկվել այն օրվանից սկսած երկշաբաթյա ժամկետում, երբ բողոքարկողն իմացել է կամ պետք է իմանար վիճարկվող գործողությամբ (անգործությամբ) իր իրավունքի խախտման մասին։
| Հոդված 303. | Կառավարչի գործողությունների (անգործության) վիճարկման բողոքին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը |
1․ Բողոքը պարունակում է`
1) այն դատարանի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
2) բողոք բերող անձի դատավարական կարգավիճակը, անունը, ազգանունը, նրա հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը, պաշտոնը․
3) վիճարկվող գործողության (անգործության) նկարագրությունը, դրա ոչ իրավաչափության և բողոքարկողի իրավունքի խախտման հիմնավորումը․
4) բողոք բերողի պահանջը․
5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) բողոք բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:
2․ Բողոքով անձը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել կառավարչի գործողությունը (անգործությունը) և պարտավորեցնել կառավարչին դրսևորել որոշակի վարքագիծ։
3․ Բողոքը չի կարող ներառել կառավարչի գործողությունների (անգործության) հետևանքների վերացման պահանջ, և այն ենթակա է շահագրգիռ անձի հայցի հիման վրա առանձին դատական գործի շրջանակում քննության։
4․ Կառավարչի գործողությունների (անգործության) վիճարկման բողոքը ներկայացվում է սնանկության գործը վարող դատավորին։ Սնանկության դատարանի այլ դատավոր և այլ դատարաններ չեն կարող քննել նման բողոք։
5․ Բողոքարկողը բողոքը Սնանկության դատարան ներկայացնելիս բողոքին կցում է նաև բողոքի պատճենը կառավարչին ուղարկած լինելու փաստը հավաստող ապացույցը:
6․ Բողոքի բովանդակության և ներկայացման կարգի պահանջների խախտման դեպքում բողոքը ենթակա չէ քննության, որի մասին Սնանկության դատարանը մեկօրյա ժամկետում գրավոր հայտնում է բողոքարկողին։
| Հոդված 304. | Բողոքի քննության կարգը և սահմանները |
1․ Կառավարիչը բողոքի պատճենն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է բողոքի կապակցությամբ Սնանկության դատարան ներկայացնել գրավոր դիրքորոշում:
2․ Բողոքը քննվում, և որոշումը կայացվում է կառավարչի գրավոր դիրքորոշումը ստանալուց, իսկ այն չստանալու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում։
3․ Սնանկության դատարանը բողոքը քննում է բողոքի հիմքերի, հիմնավորումների և պահանջի սահմաններում։
| Հոդված 305. | Բողոքի վերաբերյալ որոշումը |
1․ Բողոքի քննության արդյունքով Սնանկության դատարանը որոշում է՝
1) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով վիճարկված գործողությունը (անգործությունը) կամ պարտավորեցնելով դադարեցնել այն, եթե գործողությունը բողոքը ներկայացնելու պահին շարունակվել է, կամ կատարել համապատասխան գործողությունը՝ սահմանելով դրա համար որոշակի ժամկետ․
2) մերժել բողոքը՝ վիճարկված գործողությունը (անգործությունը) ճանաչելով իրավաչափ։
2․ Բողոքի քննության արդյունքով որոշումը հանձնվում է կառավարչին և բողոքարկողին և նրանց կողմից կարող է բողոքարկվել։
3․ Բողոքի քննության արդյունքով որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից հինգ օր հետո։
ԳԼՈՒԽ 41
ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
| Հոդված 306. | Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց նախաձեռնելու իրավունքը և հիմքերը |
1․ Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց նախաձեռնելու իրավունք ունեն՝
1) պարտատերը․
2) պարտատերերի խորհուրդը․
3) պարտատերերի ժողովը․
4) պարտապանը․
5) Սնանկության դատարանը։
2․ Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց նախաձեռնելու հիմք են՝
1) կառավարչի կողմից իր լիազորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը․
2) կառավարչի որակավորման դադարեցումը․
3) կառավարչի գործունեության կասեցումը․
4) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքեր։
| Հոդված 307. | Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց նախաձեռնելու ժամկետը |
1․ Կառավարչի կողմից իր լիազորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց կարող է նախաձեռնվել այն օրվանից սկսած մեկամսյա ժամկետում, երբ կառավարիչը պետք է իրացներ համապատասխան լիազորությունը, իսկ մնացած հիմքերի դեպքում՝ առանց ժամկետային սահմանափակման։
| Հոդված 308. | Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը |
1․ Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ միջնորդությունը պարունակում է`
1) այն դատարանի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
2) միջնորդություն ներկայացնողի անունը, ազգանունը, նրա հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը, պաշտոնը․
3) կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքի նկարագրությունը․
4) միջնորդություն ներկայացնողի պահանջը․
5) միջնորդությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
6) միջնորդությունը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) միջնորդություն ներկայացնող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:
2․ Միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելիս դրան կցվում է նաև միջնորդության պատճենը կառավարչին ուղարկած լինելու փաստը հավաստող ապացույցը:
3․ Միջնորդության բովանդակության և ներկայացման կարգի պահանջների խախտման դեպքում բողոքը ենթակա չէ քննության, որի մասին Սնանկության դատարանը մեկօրյա ժամկետում գրավոր հայտնում է բողոքարկողին։
| Հոդված 309. | Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննության կարգը և հարցի վերաբերյալ որոշումը |
1․ Կառավարիչը միջնորդության պատճենը, իսկ Սնանկության դատարանի նախաձեռնությամբ գործընթացը սկսված լինելու դեպքում այդ մասին ծանուցումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է այդ կապակցությամբ Սնանկության դատարան ներկայացնել գրավոր դիրքորոշում:
2․ Կառավարչի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու գործընթաց նախաձեռնված լինելու դեպքում Սնանկության դատարանը ծանուցմամբ կառավարչին տրամադրում է ողջամիտ ժամկետ թույլ տրված ենթադրյալ խախտումները վերացնելու համար, եթե դա գործնականում հնարավոր է։ Սահմանված ժամկետում կառավարչի կողմից խախտումները վերացվելու և դրա վերաբերյալ Սնանկության դատարան համապատասխան ապացույցներ ներկայացվելու դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում։
3․ Հարցը քննվում է, և որոշումը կայացվում է կառավարչի գրավոր դիրքորոշումը ստանալուց, իսկ այն չստանալու դեպքում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ այդ ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում։
4․ Սնանկության դատարանը հարցը քննում է գործընթացի նախաձեռնման հիմքի սահմաններում։
5․ Սնանկության դատարանի կողմից կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունվելու դեպքում համապատասխան որոշումն անհապաղ ուղարկվում է տվյալ կառավարչին, պալատ, պարտապանին և պարտատերերին, ինչպես նաև լիազոր մարմին և գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններ:
6․ Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի վերաբերյալ Սնանկության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից հինգ օր հետո։
7․ Սնանկության դատարանն իր նախաձեռնությամբ վաղաժամկետ դադարեցնում է նոր նշանակված կառավարչի լիազորությունները, եթե սույն հոդվածի հիմքով ավելի շուտ նշանակված կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկման արդյունքով վերացվել է:
ԳԼՈՒԽ 42
ԱՋԱԿՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ
| Հոդված 310. | Աջակցման վարույթ նախաձեռնելու իրավունքը և հիմքերը |
1․ Սնանկության վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կառավարիչն ունի Սնանկության դատարանից աջակցություն հայցելու իրավունք, որն իրացվում է աջակցման վարույթի միջոցով։
2․ Աջակցման վարույթ նախաձեռնելու հիմքերն են՝
1) սնանկության վարույթի մասնակիցների և այլ անձանց կողմից սույն օրենսգրքից բխող պարտականությունների չկատարումը․
2) կառավարչի լիազորությունների իրականացման խոչընդոտումը կամ դրանց իրացման համար անհրաժեշտ պայմանների չապահովելը․
3) սնանկության վարույթի շրջանակում օրենքով դատական կարգով լուծում պահանջող հարցի առկայությունը։
| Հոդված 311. | Աջակցման վարույթ նախաձեռնելու վերաբերյալ դիմումին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը |
1. Աջակցման վարույթ նախաձեռնելու վերաբերյալ դիմումը պարունակում է`
1) այն դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
2) միջնորդություն ներկայացնողի անունը, ազգանունը, նրա հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը, պաշտոնը․
3) աջակցման վարույթ նախաձեռնելու հիմքի նկարագրությունը և հիմնավորումը․
4) դիմողի պահանջը․
5) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
6) դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) դիմող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:
2․ Դիմումին կցվում է նաև դիմումի պատճենն ընդունվելիք դատական ակտի հասցեատեր անձանց (սույն գլխում այսուհետ՝ շահագրգիռ անձ) ուղարկված լինելու փաստը հավաստող ապացույցը, բացառությամբ այն դեպքի, երբ քննարկվող հարցի էությունից բխում է աջակցման վարույթի ընթացքի մասին չիրազեկելու անհրաժեշտությունը: Այս դեպքում դիմումը պարունակում է նման անհրաժեշտության հիմնավորումը։
3․ Դիմումի բովանդակության և ներկայացման կարգի պահանջների խախտման դեպքում այն ենթակա չէ քննության, որի մասին Սնանկության դատարանը մեկօրյա ժամկետում գրավոր հայտնում է կառավարչին։
| Հոդված 312. | Դիմումի քննության կարգը և սահմանները |
1․ Շահագրգիռ անձը դիմումի պատճենն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է դիմումի կապակցությամբ Սնանկության դատարան և կառավարչին ներկայացնել գրավոր դիրքորոշում:
2․ Դիմումը քննվում և որոշումը կայացվում է շահագրգռի անձի գրավոր դիրքորոշումն ստանալուց, իսկ այն չստանալու դեպքում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց, իսկ շահագրգիռ անձին դիմումը չուղարկվելու դեպքում դիմումը դատարանում ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում։
3․ Սնանկության դատարանը դիմումը քննում է դիմումի հիմքերի, հիմնավորումների և պահանջի սահմաններում։
| Հոդված 313. | Դիմումի վերաբերյալ որոշումները |
1․ Դիմումի քննության արդյունքով Սնանկության դատարանը որոշում է՝
1) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել դիմումը՝ սահմանելով կատարման ենթակա գործողությունը կամ անհրաժեշտ անգործությունը, տրամադրման տեղեկությունների շրջանակը կամ աջակցման վարույթ նախաձեռնելու այլ հիմքից բխող այլ վարքագիծ․
2) մերժել դիմումը։
2․ Դիմումի քննության արդյունքով որոշումը հանձնվում է կառավարչին ու շահագրգիռ անձին և նրանց կողմից կարող է բողոքարկվել։
3․ Դիմումի քննության արդյունքով որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից հինգ օր հետո։
4․ Սույն հոդվածի 1-րդ մասի 1-ին կետով սահմանված դատական ակտերը ենթակա են հարկադիր կատարման՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։
ԳԼՈՒԽ 43
ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ
| Հոդված 314. | Բողոք բերելու իրավունքը |
1. Պարտատերերի ժողովի և խորհրդի որոշումների դեմ բողոք բերելու իրավունք ունեն`
1) պարտատերը, բացառությամբ այն դեպքի, երբ կողմ է քվեարկել այդ որոշման ընդունմանը․
2) պարտապանը․
3) կառավարիչը՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում։
2․ Պարտատերերի ժողովի և խորհրդի որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց գործողությունը և կատարումը։
| Հոդված 315. | Բողոք բերելու ժամկետը |
1․ Պարտատերերի ժողովի և խորհրդի որոշումների դեմ բողոք կարող է բերվել այն օրվանից սկսած երկշաբաթյա ժամկետում, երբ բողոքարկողն իմացել է կամ պետք է իմացած լիներ բողոքարկվող որոշման մասին։
| Հոդված 316. | Բողոքին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը |
1․ Բողոքը պետք է պարունակի`
1) այն դատարանի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
2) բողոքարկողի դատավարական կարգավիճակը, անունը, ազգանունը, նրա հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը, պաշտոնը․
3) բողոքարկվող որոշման տվյալները, դրա ոչ իրավաչափության և բողոքարկողի իրավունքի խախտման հիմնավորումը․
4) բողոքարկողի պահանջը․
5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) բողոքարկողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:
2․ Բողոքարկողը կարող է պահանջել անվավեր ճանաչել բողոքարկվող որոշումը։
3․ Բողոքը չի կարող ներառել բողոքարկվող որոշման հետևանքների վերացման պահանջ, և այն ենթակա է շահագրգիռ անձի հայցի հիման վրա առանձին դատական գործի շրջանակում քննության։
4․ Պարտատերերի ժողովի և խորհրդի որոշումների դեմ բողոքը ներկայացվում է սնանկության գործը վարող դատավորին։ Սնանկության դատարանի այլ դատավոր և այլ դատարաններ չեն կարող քննել նման բողոք։
5․ Բողոքարկողը բողոքը Սնանկության դատարան ներկայացնելիս բողոքին կցում է նաև բողոքի պատճենը կառավարչին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկած լինելու փաստը հավաստող ապացույցները:
6․ Բողոքի բովանդակության և ներկայացման կարգի պահանջների խախտման դեպքում բողոքը ենթակա չէ քննության, որի մասին Սնանկության դատարանը մեկօրյա ժամկետում գրավոր հայտնում է բողոքարկողին։
| Հոդված 317. | Բողոքի քննության կարգը և սահմանները |
1․ Գործին մասնակցող անձինք բողոքի պատճենն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող են բողոքի կապակցությամբ Սնանկության դատարան ներկայացնել գրավոր դիրքորոշում: Կառավարիչը Սնանկության դատարան է ներկայացնում նաև բողոքարկվող որոշման պատճենը, եթե այն չի ներկայացվել բողոքին կից։
2․ Բողոքը քննվում և որոշումը կայացվում է գործին մասնակցող անձանց գրավոր դիրքորոշումը ստանալուց, իսկ այն չստանալու դեպքում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում։
3․ Սնանկության դատարանը բողոքը քննում է բողոքի հիմքերի, հիմնավորումների և պահանջի սահմաններում։
| Հոդված 318. | Բողոքի վերաբերյալ որոշումը |
1․ Բողոքի քննության արդյունքով Սնանկության դատարանը որոշում է՝
1) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել բողոքը՝ համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելով բողոքարկված որոշումը․
2) մերժել բողոքը՝ ճանաչելով բողոքարկված որոշումն իրավաչափ։
2․ Սնանկության դատարանը անվավեր է ճանաչում բողոքարկվող որոշումը հետևյալ պայմաններից առնվազն մեկի առկայության դեպքում․
1) որոշումն ընդունած մարմինը չի ունեցել նման որոշում ընդունելու լիազորություն․
2) որոշումն ընդունվել է բողոքարկողի իրավունքների խախտմամբ, և բողոքարկողի իրավունքների չխախտման պայմաններում կընդունվեր կամ կարող էր ընդունվել այլ որոշում։
3․ Բողոքի քննության արդյունքով որոշումը հանձնվում է գործին մասնակցող անձանց և նրանց կողմից կարող է բողոքարկվել։
4․ Բողոքի քննության արդյունքով որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից հինգ օր հետո։
ԲԱԺԻՆ 5
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԼՈՒԽ 44
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
| Հոդված 319. | Դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման ընդհանուր դրույթները |
1․ Դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ գլխի նորմերը՝ սույն գլխով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ։
| Հոդված 320. | Բողոքարկման ենթակա սնանկության գործով դատական ակտերը |
1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են սնանկության գործով բոլոր եզրափակիչ դատական ակտերը և հետևյալ միջանկյալ դատական ակտերը․
1) սնանկ ճանաչելու դիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը.
2) սնանկ ճանաչելու դիմումը վերադարձնելու մասին որոշումը.
3) դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, դիմումի ապահովումը վերացնելու մասին որոշումները.
4) լրացուցիչ վճիռ կամ որոշում կայացնելը մերժելու մասին որոշումը, վճռի վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին որոշումները.
5) գործի կամ սնանկության վարույթի առանձին ընթացակարգի վարույթը կասեցնելու, գործի կամ սնանկության վարույթի առանձին ընթացակարգի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին Սնանկության դատարանի որոշումները.
6) դատական տուգանք կիրառելու մասին որոշումը.
7) այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:
2․ Պարտատերերի առաջին ժողովի կայացման պահից սնանկ ճանաչելու վճռի դեմ վերաքննիչ բողոք չի կարող ներկայացվել։
| Հոդված 321. | Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը |
1. Սնանկության գործով եզրափակիչ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում։
2․ Սնանկության գործով միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միջանկյալ դատական ակտի հրապարակման օրվանից 5-օրյա ժամկետում։
| Հոդված 322. | Բողոքարկված դատական ակտի կատարման կասեցումը |
1․ Սնանկության գործով դատական ակտերի բողոքարկումը չի կասեցնում կառավարչի և այլ անձանց այդ դատական ակտերից բխող գործողությունների կատարումը, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցրել է բողոքարկված դատական ակտի կատարումը։
2․ Բողոքարկված դատական ակտը կարող է կասեցվել պարտապանի, պարտատիրոջ կամ կառավարչի միջնորդությամբ, եթե այդ միջնորդությամբ հիմնավորվում է, որ դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ պարտապանի կամ պարտատիրոջ համար։
3. Բողոքարկված դատական ակտը կասեցվում է մինչև վերաքննիչ բողոքի քննության արդյունքով ընդունված դատական ակտն ուժի մեջ մտնելը։
ԳԼՈՒԽ 45
ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
| Հոդված 323. | Վերաքննիչ բողոքի քննության կարգի ընդհանուր դրույթները |
1. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության կարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխի նորմերը՝ սույն գլխով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ։
| Հոդված 324. | Բողոքի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում |
1. Վերաքննիչ դատարանը սնանկության գործով եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
| Հոդված 325. | Վերաքննիչ դատարանի լիազորությունները |
1. Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` վճիռը թողնելով անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած վճիռը թերի կամ սխալ է հիմնավորված կամ պատճառաբանված, վերաքննիչ դատարանը հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված վճիռը.
2) բավարարում է վերաքննիչ բողոքը՝ փոփոխելով վճռի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վճիռը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը` առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատելով նոր փաստ կամ չհաստատված համարելով դատարանի հաստատած փաստը, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.
6) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և ամբողջությամբ կամ մասնակիորեն կարճում է գործի վարույթը՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.
7) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.
8) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և հաստատում գործին մասնակցող անձանց կնքած հաշտության համաձայնությունը՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ:
2. Սնանկության գործով այլ եզրափակիչ դատական ակտերի և միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը՝
1) մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ և անհրաժեշտության դեպքում հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված որոշումը․
2) բավարարում է վերաքննիչ բողոքը՝
ա․ փոփոխելով որոշման պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին,
բ․ վերացնելով որոշումը,
գ․ վերացնելով որոշումը և կայացնելով նոր որոշում,
դ․ վերացնելով որոշումը և հարցն ուղարկելով Սնանկության դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։
| Հոդված 326. | Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը |
1․ Եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով ընդունված վերաքննիչ դատարանի որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
ԲԱԺԻՆ 6
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳԼՈՒԽ 46
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
| Հոդված 327. | Դատական ակտերի վճռաբեկության կարգով բողոքարկման ընդհանուր դրույթները |
1․ Դատական ակտերի վճռաբեկության կարգով բողոքարկման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ գլխի նորմերը՝ սույն գլխով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ։
| Հոդված 328. | Վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերը |
1. Վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա են վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտերը և այն միջանկյալ դատական ակտերը, որոնց բողոքարկումը նախատեսված է օրենքով։
| Հոդված 329. | Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը |
1. Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում։
2․ Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միջանկյալ դատական ակտի հրապարակման օրվանից 5-օրյա ժամկետում։
| Հոդված 330. | Բողոքարկված դատական ակտի կատարման կասեցման կարգը |
1. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի բողոքարկումը չի կասեցնում կառավարչի և այլ անձանց այդ որոշումներից բխող գործողությունների կատարումը, բացառությամբ այն դեպքի, երբ Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցրել է բողոքարկված դատական ակտի կատարումը։
2․ Բողոքարկված դատական ակտը կարող է կասեցվել պարտապանի, պարտատիրոջ կամ կառավարչի միջնորդությամբ, եթե այդ միջնորդությամբ հիմնավորվում է, որ դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ պարտապանի կամ պարտատիրոջ համար։
3. Բողոքարկված դատական ակտը կասեցվում է մինչև վճռաբեկ բողոքի քննության արդյունքով ընդունված դատական ակտն ուժի մեջ մտնելը։
ԳԼՈՒԽ 47
ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
| Հոդված 331. | Վճռաբեկ բողոքի քննության կարգը |
1․ Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության կարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ գլխի նորմերը՝ սույն գլխով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ։
| Հոդված 332. | Վճռաբեկ դատարանի լիազորությունները |
1․ Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի, բացառությամբ Սնանկության դատարանի վճռի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտերի, և միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը՝
1) մերժում է վճռաբեկ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, և անհրաժեշտության դեպքում հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված որոշումը․
2) բավարարում է վճռաբեկ բողոքը՝
ա․ փոփոխելով որոշման պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին,
բ․ վերացնելով որոշումը,
գ․ վերացնելով որոշումը և կայացնելով նոր որոշում,
դ․ վերացնելով որոշումը և հարցն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։
ԲԱԺԻՆ 7
ԳՈՐԾԻ (ՀԱՐՑԻ) ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 48
ԲԵԿԱՆՎԱԾ (ՎԵՐԱՑՎԱԾ) ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ԳՈՐԾԻ (ՀԱՐՑԻ) ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 333. | Գործի (հարցի) նոր քննության ընդհանուր կանոնները |
1. Գործի (հարցի) նոր քննության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ գլխի նորմերը՝ սույն օրենսգրքով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ։
| Հոդված 334. | Դատարանի կազմը գործի (հարցի) նոր քննության ժամանակ |
1. Սնանկության դատարանի դատական ակտը բեկանվելու (վերացվելու) դեպքում Սնանկության դատարանի դատավորը մասնակցում է գործի (հարցի) քննությանը, եթե առկա չէ ինքնաբացարկի հիմք։
| Հոդված 335. | Գործի (հարցի) նոր քննության արդյունքով դատական ակտի հետևանքները |
1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելու և նոր քննության ուղարկվելու դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու վճռից հետո իրականացվող բոլոր գործողությունները և ժամկետները կասեցվում են և կարող են շարունակվել միայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացվելու դեպքում։
2. Գործի (հարցի) քննության արդյունքով բեկանված (վերացված) դատական ակտի ելքից տարբերվող ելքով դատական ակտ կայացվելու դեպքում բեկանված (վերացված) դատական ակտի հիման վրա իրականացված բոլոր գործողությունները և ընդունված ակտերը համարվում են ուժը կորցրած։
ԲԱԺԻՆ 8
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
ԳԼՈՒԽ 49
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
| Հոդված 336. | Դատական ակտերը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու վարույթի ընդհանուր կանոնները |
1․ Դատական ակտերը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ գլխի նորմերը՝ սույն գլխով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ։
| Հոդված 337. | Դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունները |
1. Եթե նոր երևան եկած կամ նոր հանգամանքի հիմքով վերանայվում է որևէ վարույթ չհարուցելու մասին դատական ակտ, ապա դատարանը, պարզելով նոր երևան եկած կամ նոր հանգամանքի առկայությունը, վերացնում է այն և այդ հարցով ընդունում նոր դատական ակտ կամ հարցն ուղարկում է համապատասխան ստորադաս դատարան։
ԲԱԺԻՆ 9
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 50
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 338. | Կիրառման շրջանակը |
1. Սույն բաժնի դրույթները կիրառվում են, եթե՝
1) Հայաստանի Հանրապետությունում օգնություն է հայցվում օտարերկրյա դատարանի կամ օտարերկրյա ներկայացուցչի կողմից՝ օտարերկրյա սնանկության վարույթի հետ կապված.
2) օտարերկրյա պետությունում օգնություն է հայցվում սույն օրենսգրքով նախատեսված սնանկության վարույթի հետ կապված.
3) միևնույն պարտապանի նկատմամբ միաժամանակ իրականացվում է օտարերկրյա սնանկության վարույթ և սույն օրենսգրքով նախատեսված սնանկության վարույթ.
4) օտարերկրյա պետությունում գտնվող պարտատերերը կամ այլ շահագրգիռ անձինք դիմում են սույն օրենսգրքի համաձայն սնանկության վարույթ սկսելու կամ դրան մասնակցելու համար:
| Հոդված 339. | Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները |
1․ Եթե սույն բաժնով սահմանված դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության պարտավորություններին, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի պահանջները։
| Հոդված 340. | Իրավասու դատարանը |
1․ Սույն օրենսգրքով նախատեսված օտարերկրյա սնանկության վարույթների ճանաչման և օտարերկրյա դատարանների հետ համագործակցության գործառույթներն իրականացնում է Սնանկության դատարանը:
| Հոդված 341. | Կառավարչի՝ օտարերկրյա պետությունում գործելու լիազորությունը |
1․ Սույն օրենսգրքով նախատեսված կարգով կառավարիչ նշանակված անձը իրավասու է գործելու օտարերկրյա պետությունում՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ընթացող սնանկության վարույթը ներկայացնելու համար, եթե դա թույլատրված է կիրառելի օտարերկրյա օրենքներով:
| Հոդված 342. | Հանրային կարգի հետ հակասությունը |
1․ Դատարանը չի իրականացնում սույն բաժնով սահմանված գործառույթները, եթե դրանք ակնհայտորեն հակասում են Հայաստանի Հանրապետության հանրային կարգին։
| Հոդված 343. | Օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելը |
1. Օտարերկրյա իրավունք կիրառելիս Սնանկության դատարանը դրա նորմերի բովանդակությունը պարզում է համապատասխան օտարերկրյա պետությունում դրանց պաշտոնական մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան:
| Հոդված 344. | Այլ օրենքների հիման վրա լրացուցիչ աջակցության տրամադրումը |
1․ Սույն բաժնի դրույթները, որքանով համատեղելի են, լրացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 12-րդ բաժնով սահմանված միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ դրույթներով։
ԳԼՈՒԽ 51
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ՝ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
| Հոդված 345. | Դիմելու իրավունքը |
1․ Օտարերկրյա ներկայացուցիչը իրավունք ունի սույն գլխով նախատեսված դիմումներ ներկայացնելու Սնանկության դատարան։
| Հոդված 346. | Սահմանափակ իրավասություն |
1․ Սույն օրենսգրքի համաձայն՝ օտարերկրյա ներկայացուցչի կողմից Սնանկության դատարան դիմում ներկայացնելը չի ենթարկում օտարերկրյա ներկայացուցչի կամ պարտապանի օտարերկրյա գույքն ու գործունեությունը Սնանկության դատարանի իրավասությանը տվյալ դիմումի սահմաններից դուրս որևէ այլ նպատակով։
| Հոդված 347. | Օտարերկրյա ներկայացուցչի՝ սույն օրենսգրքի համաձայն վարույթ սկսելու դիմումը |
1. Օտարերկրյա ներկայացուցիչը սույն օրենսգրքի համաձայն վարույթ սկսելու դիմում ներկայացնելու իրավունք ունի, եթե բավարարված են սնանկության վարույթ սկսելու համար սույն օրենսգրքով նախատեսված պայմանները։
| Հոդված 348. | Օտարերկրյա ներկայացուցչի մասնակցությունը սույն օրենսգրքով նախատեսված սնանկության վարույթին |
1․ Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչումից հետո օտարերկրյա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու սույն օրենսգրքի համաձայն սկսված պարտապանի սնանկության վարույթին։
| Հոդված 349. | Օտարերկրյա պարտատերերի մասնակցությունը սույն օրենսգրքով նախատեսված սնանկության վարույթին |
1․ Օտարերկրյա պարտատերերն ունեն սույն օրենսգրքով նախատեսված սնանկության վարույթ սկսելու և վարույթին մասնակցելու նույն իրավունքները, ինչպես Հայաստանի Հանրապետության պարտատերերը։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օտարերկրյա պարտատիրոջ մասնակցությունը սնանկության վարույթին չի ազդում սույն օրենսգրքի համաձայն պարտատերերի պահանջների դասակարգման վրա։ Օտարերկրյա պարտատերերի պահանջները չեն դասակարգվում պարտատերերի չապահովված պահանջներից ցածր։
| Հոդված 350. | Սնանկության վարույթի մասին օտարերկրյա պարտատերերին ծանուցումը |
1. Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքի համաձայն պահանջվում է ծանուցել Հայաստանի Հանրապետության պարտատերերին, նման ծանուցում պետք է ուղարկվի նաև հայտնի այն պարտատերերին, որոնք չունեն հասցեներ Հայաստանի Հանրապետությունում։ Սնանկության դատարանը կարող է կարգադրել համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ծանուցելու ցանկացած պարտատիրոջ, որի հասցեն դեռևս հայտնի չէ։
2. Օտարերկրյա պարտատերերին ծանուցումը պետք է կատարվի անհատապես։
3. Սնանկության վարույթ սկսելու մասին օտարերկրյա պարտատերերին ուղարկվող ծանուցումը պետք է պարունակի՝
1) նշում պահանջներ ներկայացնելու համար ժամանակահատվածի և վայրի մասին․
2) տեղեկատվություն ապահովված պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կամ չներկայացնելու հետևանքների վերաբերյալ․
3) ցանկացած այլ տեղեկատվություն, որը պահանջվում է ներառել սույն օրենսգրքի համաձայն պարտատերերին ուղարկվող ծանուցումներում։
ԳԼՈՒԽ 52
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
| Հոդված 351. | Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչման դիմում ներկայացնելը |
1. Օտարերկրյա ներկայացուցիչը կարող է դիմել Սնանկության դատարան այն օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչման համար, որի շրջանակում նա նշանակված է որպես ներկայացուցիչ։
2. Ճանաչման դիմումին կցվում են՝
1) օտարերկրյա սնանկության վարույթն սկսելու և օտարերկրյա ներկայացուցչին նշանակելու որոշման վավերացված պատճենը, կամ
2) օտարերկրյա դատարանի կողմից տրված վկայագիր, որը հաստատում է օտարերկրյա սնանկության վարույթ սկսված լինելը և օտարերկրյա ներկայացուցչի նշանակումը, կամ
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված ապացույցների բացակայության դեպքում օտարերկրյա սնանկության վարույթ սկսված լինելու և օտարերկրյա ներկայացուցչի նշանակման մասին Սնանկության դատարանի համար ընդունելի ցանկացած այլ ապացույց։
3. Ճանաչման դիմումին պետք է կցվի նաև հայտարարություն, որում նշվում են պարտապանի վերաբերյալ օտարերկրյա ներկայացուցչին հայտնի բոլոր օտարերկրյա վարույթները։
4. Սնանկության դատարանը կարող է պահանջել դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի հայերեն թարգմանությունը։
| Հոդված 352. | Ճանաչման ժամանակ գործող կանխավարկածները |
1. Եթե սույն օրենսգրքի 351-րդ հոդվածի 2-րդ մասում նշված որոշումից կամ վկայագրից բխում է, որ օտարերկրյա սնանկության վարույթը հանդիսանում է սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի իմաստով վարույթ, և որ օտարերկրյա ներկայացուցիչը հանդիսանում սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 51-րդ կետի իմաստով անձ կամ մարմին, Սնանկության դատարանն իրավասու է այդպես ենթադրելու։
2. Սնանկության դատարանն իրավասու է ենթադրելու, որ ճանաչման դիմումը հավաստող փաստաթղթերը, անկախ դրանց օրինական այլ հատուկ եղանակներով վավերացման, իսկական են։
3. Եթե այլ բան ապացուցված չէ՝ որպես պարտապանի հիմնական շահերի կենտրոն, ենթադրվում է պարտապան իրավաբանական անձի գրանցման վայրը կամ պարտապան ֆիզիկական անձի մշտական բնակության վայրը։
| Հոդված 353. | Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչման որոշումը |
1. Օտարերկրյա սնանկության վարույթը սույն օրենսգրքի 342-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ պետք է ճանաչվի, եթե՝
1) այն հանդիսանում է սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետով նախատեսված վարույթ․
2) ճանաչման դիմում ներկայացրած օտարերկրյա ներկայացուցիչը հանդիսանում է սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 51-րդ կետի իմաստով անձ կամ մարմին․
3) ճանաչման դիմումը համապատասխանում է սույն օրենսգրքի 351-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին․
4) ճանաչման դիմումը ներկայացվել է սույն օրենսգրքի 340-րդ հոդվածում նշված դատարան։
2. Օտարերկրյա սնանկության վարույթը ճանաչվում է՝
1) որպես օտարերկրյա հիմնական սնանկության վարույթ, եթե այն տեղի է ունենում այն պետությունում, որտեղ գտնվում է պարտապանի հիմնական շահերի կենտրոնը, կամ
2) որպես օտարերկրյա ոչ հիմնական սնանկության վարույթ, եթե այն չի համապատասխանում օտարերկրյա հիմնական սնանկության վարույթի հատկանիշներին, և պարտապանն օտարերկրյա պետությունում ունի սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 53-րդ կետով նախատեսված հաստատություն։
3. Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչման դիմումը Սնանկության դատարանը քննում է այն ստանալուց հետո հնարավոր սեղմ ժամկետում։
4. Ճանաչման որոշումը կարող է փոփոխվել, դադարեցվել կամ բողոքարկման արդյունքով վերացվել, եթե պարզվում է, որ ճանաչման հիմքերը լրիվ կամ մասնակի բացակայում էին կամ դադարել են գոյություն ունենալ։
| Հոդված 354. | Հետագա տեղեկությունների ներկայացնելը |
1․ Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչման դիմումի ներկայացման պահից սկսած՝ օտարերկրյա ներկայացուցիչը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Սնանկության դատարանին՝
1) ճանաչված օտարերկրյա սնանկության վարույթի կամ օտարերկրյա ներկայացուցչի նշանակման կարգավիճակի ցանկացած էական փոփոխության մասին․
2) նույն պարտապանի վերաբերյալ իրեն հայտնի ցանկացած այլ օտարերկրյա սնանկության վարույթի մասին։
| Հոդված 355. | Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչման դիմումի հիման վրա տրամադրվող օժանդակությունը |
1. Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչման դիմումի ներկայացման պահից մինչև դիմումի վերաբերյալ որոշում կայացնելը Սնանկության դատարանը օտարերկրյա ներկայացուցչի խնդրանքով պարտապանի գույքը կամ պարտատերերի շահերն անհապաղ պաշտպանելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կարող է տրամադրել ժամանակավոր օժանդակություն, ներառյալ՝
1) կասեցնել գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելել կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները․
2) Հայաստանի Հանրապետությունում գտնվող պարտապանի գույքի ամբողջ կամ մասի կառավարումը կամ իրացումը վստահել օտարերկրյա ներկայացուցչին կամ դատարանի նշանակած այլ անձի՝ գույքի արժեքը պաշտպանելու և պահպանելու նպատակով, եթե գույքը, իր բնույթով կամ այլ հանգամանքներով պայմանավորված, կարող է քայքայվել, արժեզրկվել կամ այլ կերպ վտանգված է․
3) սույն օրենսգրքի 357-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերում նշված ցանկացած օժանդակություն։
2. Դիմումը բավարարվելուց առաջ բոլոր շահագրգիռ անձինք պարտադիր պատշաճ ծանուցվում են։
3. Ճանաչման դիմումի վերաբերյալ Սնանկության դատարանի որոշման ընդունման պահից սույն հոդվածով տրամադրված օժանդակության միջոցը դադարում է գործել, բացառությամբ սույն օրենսգրքի 357-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն երկարաձգման դեպքերի։
4. Սնանկության դատարանը կարող է մերժել օժանդակություն տրամադրելը, եթե այն կարող է խոչընդոտել օտարերկրյա հիմնական սնանկության վարույթի իրականացումը։
| Հոդված 356. | Օտարերկրյա հիմնական սնանկության վարույթի ճանաչման հետևանքները |
1. Օտարերկրյա հիմնական սնանկության վարույթի ճանաչման դեպքում՝
1) կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, կասեցվում են սնանկության վարույթից դուրս պարտապանի դեմ պարտատերերի պահանջների ներկայացումը․
2) կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները․
3) դադարեցվում է պարտապանի՝ գույքի փոխանցման, ծանրաբեռնման կամ այլ կերպ տնօրինման իրավունքը։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցների շրջանակի և դրանց փոփոխության ու դադարեցման նկատմամբ կիրառելի են սույն օրենսգրքով նախատեսված` համապատասխան միջոցների շրջանակի և բացառությունների և դրանց փոփոխության ու դադարեցման վերաբերյալ դրույթները։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետը չի ազդում պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով վարույթ սկսելու իրավունքի վրա, եթե վարույթ սկսելն անհրաժեշտ է պարտապանի նկատմամբ պահանջը պահպանելու համար:
4. Սույն հոդվածի 1-ին մասը չի ազդում սույն օրենսգրքով սահմանված կարգով սնանկության վարույթ սկսելու կամ նման վարույթում պահանջ ներկայացնելու իրավունքի վրա։
| Հոդված 357. | Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչումից հետո տրամադրվող օժանդակությունը |
1. Օտարերկրյա հիմնական կամ ոչ հիմնական սնանկության վարույթի ճանաչումից հետո, պարտապանի գույքը կամ պարտատերերի շահերը պաշտպանելու համար անհրաժեշտությունից ելնելով, Սնանկության դատարանը կարող է օտարերկրյա ներկայացուցչի խնդրանքով տրամադրել համապատասխան օժանդակություն, ներառյալ՝
1) կարճել կամ ավարտել պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, կասեցնել սնանկության վարույթից դուրս պարտապանի դեմ պարտատերերի պահանջների ներկայացումը, եթե դա չի կատարվել սույն օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն․
2) կասեցնել գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելել կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները, եթե դրանք չեն կասեցվել սույն օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն․
3) կասեցնել պարտապանի՝ գույքի փոխանցման, ծանրաբեռնման կամ այլ կերպ տնօրինման իրավունքը, եթե այդ իրավունքը չի կասեցվել սույն օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն․
4) օժանդակել վկաների հարցաքննմանը, ապացույցների հավաքմանը կամ պարտապանի գույքին, գործերին, իրավունքներին, պարտավորություններին կամ պատասխանատվությանն առնչվող տեղեկատվության տրամադրմանը․
5) Հայաստանի Հանրապետությունում գտնվող պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի կառավարումը կամ իրացումը վստահել օտարերկրյա ներկայացուցչին կամ դատարանի նշանակած այլ անձի․
6) երկարաձգել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրված օժանդակությունը․
7) տրամադրել ցանկացած լրացուցիչ օժանդակություն, որը, սույն օրենսգրքի համաձայն, կարող է հասանելի լինել կառավարչին։
2. Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչումից հետո, անկախ նրանից՝ այն հիմնական է կամ ոչ հիմնական, Սնանկության դատարանը կարող է օտարերկրյա ներկայացուցչի խնդրանքով օտարերկրյա ներկայացուցչին կամ դատարանի նշանակած այլ անձի վստահել պարտապանի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող ամբողջ գույքի կամ դրա մասի իրացմամբ միջոցների բաշխումը, եթե Սնանկության դատարանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունում պարտատերերի շահերը պատշաճ կերպով պաշտպանված են։
3. Օտարերկրյա ոչ հիմնական սնանկության վարույթի ներկայացուցչին սույն հոդվածի համաձայն օժանդակություն տրամադրելիս Սնանկության դատարանը պետք է համոզված լինի, որ օժանդակությունը կապված է այն գույքի հետ, որը, ըստ Հայաստանի Հանրապետության օրենքների, պետք է կառավարվի օտարերկրյա ոչ հիմնական սնանկության վարույթում կամ առնչվում է այդ վարույթում պահանջվող տեղեկատվությանը:
| Հոդված 358. | Պարտատերերի և այլ շահագրգիռ անձանց պաշտպանությունը |
1. Սույն օրենսգրքի 355-րդ կամ 357-րդ հոդվածի հիման վրա օժանդակություն տրամադրելիս կամ մերժելիս կամ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն օժանդակությունը փոփոխելիս կամ դադարեցնելիս Սնանկության դատարանը պետք է համոզված լինի, որ պարտատերերի և այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ պարտապանի, շահերը պատշաճ կերպով պաշտպանված են։
2. Սնանկության դատարանը կարող է սույն օրենսգրքի 355-րդ կամ 357-րդ հոդվածի հիման վրա տրամադրված օժանդակությունը կիրառել այն պայմաններով, որոնք նպատակահարմար է համարում:
3. Սնանկության դատարանը օտարերկրյա ներկայացուցչի կամ սույն օրենսգրքի 355-րդ կամ 357-րդ հոդվածի հիման վրա տրամադրված օժանդակությունից տուժած անձի խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ կարող է փոփոխել կամ դադարեցնել տրամադրված օժանդակությունը։
| Հոդված 359. | Պարտատերերին վնասող գործողություններից խուսափելու միջոցառումներ |
1. Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչումից հետո օտարերկրյա ներկայացուցիչը իրավասու է նախաձեռնելու պարտատերերին վնասող գործողություններից խուսափելու կամ դրանց ազդեցությունը վերացնելուն ուղղված այնպիսի միջոցառումներ, որոնք, սույն օրենսգրքի համաձայն, կարող են կիրառվել կառավարչի կողմից։
2. Եթե օտարերկրյա սնանկության վարույթը ոչ հիմնական է, Սնանկության դատարանը պետք է համոզված լինի, որ միջոցառումը վերաբերում է այն գույքին, որը, Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, պետք է կառավարվի օտարերկրյա ոչ հիմնական վարույթում։
| Հոդված 360. | Օտարերկրյա ներկայացուցչի մասնակցությունը պարտապանի ներգրավվածությամբ վարույթներին |
1․ Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչումից հետո օտարերկրյա ներկայացուցիչը, սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ, կարող է Հայաստանի Հանրապետությունում մասնակցել ցանկացած վարույթի, որում պարտապանը հանդես է գալիս որպես կողմ։
ԳԼՈՒԽ 53
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
| Հոդված 361. | Հայաստանի Հանրապետության դատարանի և օտարերկրյա դատարանների կամ օտարերկրյա ներկայացուցիչների միջև համագործակցությունը |
1. Սույն օրենսգրքի 338-րդ հոդվածում նշված հարցերի վերաբերյալ Սնանկության դատարանը պետք է առավելագույնս համագործակցի օտարերկրյա դատարանների կամ օտարերկրյա ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ կառավարչի միջոցով:
2. Սնանկության դատարանն իրավասու է հաղորդակցվելու օտարերկրյա դատարանների կամ օտարերկրյա ներկայացուցիչների հետ կամ նրանցից տեղեկատվություն կամ աջակցություն խնդրելու։
| Հոդված 362. | Կառավարչի և օտարերկրյա դատարանների կամ օտարերկրյա ներկայացուցիչների միջև համագործակցությունը |
1. Սույն օրենսգրքի 338-րդ հոդվածով նշված հարցերի վերաբերյալ կառավարիչն իր գործառույթներն իրականացնելիս Սնանկության դատարանի վերահսկողությամբ պետք է առավելագույնս համագործակցի օտարերկրյա դատարանների կամ օտարերկրյա ներկայացուցիչների հետ։
2. Կառավարիչն իր գործառույթներն իրականացնելիս Սնանկության դատարանի վերահսկողությամբ իրավասու է համագործակցելու օտարերկրյա դատարանների կամ օտարերկրյա ներկայացուցիչների հետ։
| Հոդված 363. | Համագործակցության ձևերը |
1․ Սույն օրենսգրքի 361-րդ և 362-րդ հոդվածներում նշված համագործակցությունը կարող է իրականացվել ցանկացած համապատասխան միջոցներով, ներառյալ՝
1) դատարանի հանձնարարությամբ գործելու համար անձի կամ մարմնի նշանակմամբ.
2) դատարանի կողմից նպատակահարմար համարվող ցանկացած միջոցով տեղեկատվության փոխանցմամբ.
3) պարտապանի գույքի և գործունեության կառավարման և վերահսկման համակարգմամբ.
4) դատարանների կողմից վարույթների համակարգման վերաբերյալ համաձայնագրերի հաստատմամբ կամ իրականացմամբ.
5) նույն պարտապանի նկատմամբ միաժամանակ իրականացվող վարույթների համակարգմամբ։
ԳԼՈՒԽ 54
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ
| Հոդված 364. | Օտարերկրյա հիմնական սնանկության վարույթի ճանաչումից հետո սնանկության վարույթ սկսելը |
1․ Օտարերկրյա հիմնական սնանկության վարույթի ճանաչումից հետո սույն օրենսգրքով սահմանված սնանկության վարույթ կարող է սկսվել միայն այն դեպքում, երբ պարտապանը Հայաստանի Հանրապետությունում ունի հաստատություն։ Սնանկության վարույթի ազդեցությունը պետք է սահմանափակվի Հայաստանի Հանրապետությունում գտնվող պարտապանի գույքով, ինչպես նաև, սույն օրենսգրքի 361-րդ, 362-րդ, 363-րդ հոդվածների համաձայն, համագործակցության և համակարգման իրականացման համար անհրաժեշտ պարտապանի այլ գույքով։
| Հոդված 365. | Սույն օրենսգրքով նախատեսված սնանկության վարույթի և օտարերկրյա սնանկության վարույթի համակարգումը |
1․ Միևնույն պարտապանի նկատմամբ օտարերկրյա սնանկության վարույթի և սույն օրենսգրքով նախատեսված սնանկության վարույթի միաժամանակ իրականացման դեպքում Սնանկության դատարանը պետք է ապահովի սույն օրենսգրքի 361-րդ, 362-րդ, 363-րդ հոդվածներով նախատեսված համագործակցությունն ու համակարգումը՝ սույն հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ։
2․ Եթե Հայաստանի Հանրապետությունում ընթացող սնանկության վարույթն սկսվել է օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչման դիմումի ներկայացումից առաջ՝
1) սույն օրենսգրքի 355-րդ կամ 357-րդ հոդվածի համաձայն տրամադրվող օժանդակությունը պետք է համահունչ լինի Հայաստանի Հանրապետությունում ընթացող սնանկության վարույթին, և
2) եթե օտարերկրյա սնանկության վարույթը ճանաչվում է Հայաստանի Հանրապետությունում որպես օտարերկրյա հիմնական սնանկության վարույթ, ապա սույն օրենսգրքի 356-րդ հոդվածը չի կիրառվում։
3․ Եթե Հայաստանի Հանրապետությունում ընթացող սնանկության վարույթն սկսվում է օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչումից հետո կամ ճանաչման դիմումի ներկայացումից հետո՝
1) սույն օրենսգրքի 355-րդ կամ 357-րդ հոդվածի համաձայն տրամադրված ցանկացած օժանդակություն պետք է վերանայվի դատարանի կողմից և փոփոխվի կամ դադարեցվի, եթե այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում ընթացող վարույթին, և
2) եթե օտարերկրյա սնանկության վարույթն օտարերկրյա հիմնական վարույթ է, սույն օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցները պետք է սույն օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն փոփոխվեն կամ դադարեցվեն, եթե դրանք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում ընթացող վարույթին:
4․ Օտարերկրյա ոչ հիմնական սնանկության վարույթով օժանդակություն տրամադրելիս, այն երկարաձգելիս կամ փոփոխելիս Սնանկության դատարանը պետք է համոզված լինի, որ օժանդակությունը վերաբերում է այն գույքին, որը, Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, պետք է կառավարվի օտարերկրյա ոչ հիմնական սնանկության վարույթում կամ վերաբերում է այդ վարույթում պահանջվող տեղեկատվությանը։
| Հոդված 366. | Մի քանի օտարերկրյա սնանկության վարույթների համակարգումը |
1․ Եթե նույն պարտապանի նկատմամբ իրականացվում է սույն օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված հարցերով ավելի քան մեկ օտարերկրյա սնանկության վարույթ, Սնանկության դատարանը պետք է ապահովի սույն օրենսգրքի 361-րդ, 362-րդ, 363-րդ հոդվածներով նախատեսված համագործակցությունն ու համակարգումը՝ հետևյալ պահանջների պահպանմամբ.
1) սույն օրենսգրքի 355-րդ կամ 357-րդ հոդվածի համաձայն օտարերկրյա ոչ հիմնական սնանկության վարույթով տրամադրվող օժանդակությունը պետք է համահունչ լինի օտարերկրյա հիմնական սնանկության վարույթին․
2) եթե օտարերկրյա հիմնական սնանկության վարույթը ճանաչվում է օտարերկրյա ոչ հիմնական սնանկության վարույթի ճանաչումից կամ դրա ճանաչման դիմումի ներկայացումից հետո, սույն օրենսգրքի 355-րդ կամ 357-րդ հոդվածի համաձայն տրամադրված ցանկացած օժանդակություն պետք է վերանայվի Սնանկության դատարանի կողմից և փոփոխվի կամ դադարեցվի, եթե այն չի համապատասխանում օտարերկրյա հիմնական սնանկության վարույթին․
3) եթե օտարերկրյա ոչ հիմնական սնանկության վարույթի ճանաչումից հետո ճանաչվում է մեկ այլ օտարերկրյա ոչ հիմնական սնանկության վարույթ, Սնանկության դատարանը տրամադրում, փոփոխում կամ դադարեցնում է օժանդակությունը՝ վարույթների համակարգման անհրաժեշտությունից ելնելով։
| Հոդված 367. | Անվճարունակության կանխավարկածը |
1․ Եթե հակառակն ապացուցված չէ, օտարերկրյա հիմնական սնանկության վարույթի ճանաչումը համարվում է պարտապանի անվճարունակության մասին ապացույց, որի հիման վրա, սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան, կարող է սնանկության վարույթ սկսելու դիմում ներկայացվել:
| Հոդված 368. | Միաժամանակ իրականացվող վարույթներում վճարումը |
1․ Բացառությամբ ապահովված պահանջներով պարտատերերի, պարտատերը, որը օտարերկրյա պետության սնանկության օրենքներով ընթացող վարույթում ստացել է իր պահանջի մասնակի բավարարում, չի կարող նույն պահանջի բավարարում ստանալ սույն օրենսգրքով սահմանված կարգով նույն պարտապանի սնանկության վարույթում, եթե նույն հերթի այլ պարտատերերին տրվող բավարարումները համեմատաբար պակաս են տվյալ պարտատիրոջ ստացած բավարարումից։
ԲԱԺԻՆ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 55
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 369. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1․ Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո։
2․ Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքը։
3․ Սույն օրենսգրքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը և ուժի մեջ են մտնում սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից։
4․ Սույն օրենսգիրքը կիրառվում է բոլոր սնանկության գործերի և առանձին քաղաքացիական գործերի առնչությամբ ծագող հարաբերությունների նկատմամբ, բացառությամբ սույն հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված դեպքերի։
5․ Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությունը կիրառվում է՝
1) մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը ներկայացված դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս․
2) մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը հարուցված սնանկության գործի շրջանակում սկսված առանձին վարույթն իրականացնելիս և ավարտելիս․
3) սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Սնանկության դատարանի վարույթում գտնվող առանձին քաղաքացիական գործերը քննելիս և լուծելիս․
4) մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը վարույթ ընդունված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները քննելիս և լուծելիս․
5) սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երաշխավորների և երաշխիք տված անձանց դեմ ներկայացված հայցերի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը քննելիս, լուծելիս և կայացված դատական ակտերը կատարելիս․
6) մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների առնչությամբ կարգապահական վարույթ հարուցելու և պատասխանատվության միջոց կիրառելու հարցը լուծելիս։
6․ Սույն օրենսգրքով գրավի առարկա գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի գումարների վճարման վերաբերյալ նախատեսված կարգավորումները տարածվում են սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով կնքված գրավի պայմանագրերի վրա:
7․ Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ այլ դատարանների վարույթում գտնվող և սույն օրենսգրքի իմաստով առանձին քաղաքացիական գործերին համապատասխանող քաղաքացիական գործերը մեկամսյա ժամկետում փոխանցվում են Սնանկության դատարան։
8․ Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը գործում է որպես կառավարիչների պալատ, և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցող անձինք համարվում են կառավարիչների պալատի անդամ։
9. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում կառավարչի որակավորում ունեցող՝ 65 տարին լրացած անձինք կարող են դիմել լիազորված մարմին՝ իրենց որակավորման ժամկետը սույն օրենսգրքով սահմանված կարգով երկարաձգելու համար։ Նշված ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում, լիազոր մարմինը կազմակերպում է որակավորման ստուգում։ Եթե, կառավարչի տարիքը հաշվի առնելով, նրա որակավորումը, սույն օրենսգրքի կարգավորումներին համապատասխան, պետք է երկարաձգվի մեկ տարուց պակաս ժամկետով կամ չպետք է երկարաձգվի, ապա սույն մասի հիմքով կազմակերպված որակավորման ստուգումը հաղթահարելու դեպքում վերջինիս որակավորումը երկարաձգվում է մեկ տարով։
10․ Սույն օրենսգրքով նախատեսված կառավարիչների պալատի մարմինները կազմավորվում են, և սույն օրենսգրքով նախատեսված կառավարիչների պալատի ակտերն ընդունվում են սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից վեցամսյա ժամկետում։
11․ Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո սնանկության գործով կառավարիչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու կամ կառավարչի՝ այդ առևտրային կազմակերպությանը հետագայում միանալու դեպքում համապատասխանաբար այդ առևտրային կազմակերպությանն են փոխանցվում մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը այդ առևտրային կազմակերպության հիմնադիր կամ դրան միացած կառավարչի վարույթում գտնվող սնանկության գործերը։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-252-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|