ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 259-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1835
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.07.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2026

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

4 հուլիսի 2026 թ.

 

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 259-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով.

դատավորներ`

Արման Դիլանյանի (նախագահող),

Դավիթ Խաչատուրյանի,

Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի,

Էդգար Շաթիրյանի (զեկուցող),

Սեդա Սաֆարյանի,

Արթուր Վաղարշյանի,

 մասնակցությամբ (բանավոր ընթացակարգի շրջանակներում)՝

 դիմողների՝

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի (ներկայացուցիչներ՝ փաստաբան Արամ Վարդևանյան, փաստաբան Էդուարդ Հովհաննիսյան, Գոհար Մելոյան),

«Միասնության թևեր» կուսակցության (ներկայացուցիչներ՝ կուսակցության նախագահ Արմեն Գալստյան, Լիպարիտ Դրմեյան, Նարեկ Բալաբեկյան),

«Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության (ներկայացուցիչներ՝ փաստաբան Տարոն Բաղդասարյան, փաստաբան Լևոն Բաղդասարյան),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ներկայացուցիչներ՝ փաստաբան Արամ Օրբելյան, Վահե Գրիգորյան, Էլինար Վարդանյան),

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության (ներկայացուցիչներ՝ փաստաբան Վահագն Մարտիրոսյան, փաստաբան Լուսինե Զեյնալյան),

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի (ներկայացուցիչներ՝ Արծվիկ Մինասյան, փաստաբան Հովհաննես Խուդոյան, փաստաբան Տաթևիկ Սողոյան),

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության (ներկայացուցիչ՝ Լիդա Զաքարյան, փաստաբան Ռուբեն Հարությունյան)

(այսուհետ նաև՝ Դիմողներ),

 պատասխանողի՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ նաև՝ ԿԸՀ կամ Պատասխանող) (ներկայացուցիչներ՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյան, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյան, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյան),

գործով որպես հարակից պատասխանողներ ներգրավված՝

ՀՀ Դատախազության (ներկայացուցիչներ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյան, ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյան),

ՀՀ ներքին գործերի նախարարության (ներկայացուցիչներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյան, ՀՀ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյան, ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության միգրացիայի և քաղաքացիության ոլորտի քաղաքականության իրականացման վարչության պետ Իրինա Մկրտչյան),

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի (ներկայացուցիչներ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյան, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության պետ Գեղամ Մարգարյան, նույն վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Սուրեն Հարությունյան),

գործով որպես երրորդ անձ ներգրավված

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ներկայացուցիչներ՝ Սրբուհի Գալյան, Սուրեն Գրիգորյան, Արուսյակ Ջուլհակյան),

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործը:

1. Գործի քննության առիթը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության 2026 թվականի հունիսի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

2. 2026 թվականի հունիսի 21-ին ընդունվել են Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-109, ՍԴԱՈ-112, ՍԴԱՈ-115, ՍԴԱՈ-118, ՍԴԱՈ-121, ՍԴԱՈ-124 և ՍԴԱՈ-127 աշխատակարգային որոշումները Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Զեյնալյանի՝ վերոնշյալ դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

3. 2026 թվականի հունիսի 21-ին ընդունվել են Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-110, ՍԴԱՈ-113, ՍԴԱՈ-116, ՍԴԱՈ-119, ՍԴԱՈ-122, ՍԴԱՈ-125 և ՍԴԱՈ-128 աշխատակարգային որոշումները Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Վարդանյանի՝ վերոնշյալ դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

4. Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-111, ՍԴԱՈ-114, ՍԴԱՈ-117, ՍԴԱՈ-120, ՍԴԱՈ-123, ՍԴԱՈ-126 և ՍԴԱՈ-129 աշխատակարգային որոշումներով վերոնշյալ դիմումների հիման վրա գործերն ընդունվել են քննության, և ՍԴԱՈ-130 աշխատակարգային որոշման 1-ին կետին համապատասխան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործերը միավորվել են մեկ վարույթում:

Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-130 աշխատակարգային որոշման 2-6-րդ կետերին համապատասխան՝ որոշվել է միավորված գործի դատաքննությունն սկսել 2026 թվականի հունիսի 26-ին, միավորված գործով նշանակել զեկուցող, միավորված գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով, միավորված գործը քննելիս որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությանը, ՀՀ ներքին գործերի նախարարությանը և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին:

5. Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-131 աշխատակարգային որոշմամբ միավորված գործով դատավարությանը որպես երրորդ անձ ներգրավվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

6. Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 22-ի ՍԴԱՈ-132 աշխատակարգային որոշմամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ՀՀ դատախազությունից, ՀՀ դատական դեպարտամենտից, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից պահանջվել են այդ մարմինների իրավասությանն առնչվող՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին վերաբերող փաստաթղթեր ու տեղեկատվություն:

7. Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 23-ի ՍԴԱՈ-134 աշխատակարգային որոշմամբ վերոնշյալ գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից պահանջվել է տեղեկատվություն 2025 և 2026 թվականների որոշակի ժամանակահատվածներում ՀՀ սահմանը հատած՝ ՀՀ քաղաքացու անձնագիր և/կամ նույնականացման քարտ ունեցող 18 տարին լրացած անձանց թվերի վերաբերյալ:

Ուսումնասիրելով դիմումները, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների, հարակից պատասխանողների ներկայացուցիչների, երրորդ անձի բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը և նյութերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

8. Ազգային ժողովի հերթական ընտրություններն անցկացվել են 2026 թվականի հունիսի 7-ին՝ Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում:

«Հայաստանի Հանրապետության ընտրական oրենuգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգիրք, ընդունվել է 25.05.2016 թ., ստորագրվել՝ 28.05.2016 թ., ուժի մեջ է մտել 01.06.2016 թ.) 16-րդ հոդվածին և 18-րդ հոդվածի 1-ին և 21-ին մասերին համապատաuխան՝ քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով Հանրապետության տարածքում կազմավորվել է 2005 ընտրական տեղամաu և սահմանվել 2005 տեղամասային կենտրոններ, որոնցից 9-ը` քրեակատարողական հիմնարկներում (հիմք՝ Ընտրական oրենuգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մաս և 18-րդ հոդվածի 1-ին մաս):

Ընտրական oրենuգրքի 36-րդ հոդվածին և 44-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերին համապատաuխան՝ գործել է ընտրական հանձնաժողովների եռաuտիճան համակարգ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամաuային ընտրական հանձնաժողովներ:

Հայաստանի Հանրապետությունում գործել է ընդամենը 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ 10-ը՝ Երևան քաղաքում և 28-ը՝ ՀՀ մարզերում:

Ընտրությունների ողջ գործընթացը կազմակերպել և վերահuկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

9. 2026 թվականի հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ:

Համաձայն նշված արձանագրության՝

- ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2.503.990,

- քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1.476.769,

- տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 2.605.100,

- տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 204.000,

- ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1.470.790,

- ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2.298,

- ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1.473.088,

- չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 202.121,

- չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 1.127.734,

- անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 16.210,

- անճշտությունների գումարային չափը՝ 4.331։

Կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, ըստ վերոհիշյալ արձանագրության, հետևյալն է.

Ռեֆորմիստների կուսակցություն՝ 1.425,

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ 21.181,

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 340.006,

Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 30.642,

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 25.551,

«Միասնության թևեր» կուսակցություն՝ 33.537,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58.287,

«Ազգային - ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն՝ 5.481,

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն՝ 1.986,

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն՝ 3.143,

«Հանրապետություն» կուսակցություն՝ 15.808,

Քրիստոնեա - ժողովրդավարական կուսակցություն՝ 2.671,

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 5.269,

«Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցություն՝ 25.758,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 726.819,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 144.983,

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն՝ 6.754,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7.439:

10. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշմամբ մանդատների բաշխմանը մասնակցում են`

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 726.818 (49.7466%),

2. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 340.006 (23.2715%),

3. «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը 144.983 (9.9233 %)։

Մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝

1) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ.

2) «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 29 մանդատ.

3) «Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 12 մանդատ։

 

11. Դիմողների դիրքորոշումները

Սույն գործով Դիմողների հիմնական փաստարկները հանգում են հետևյալին.

11.1. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը (այսուհետ սույն կետում նաև՝ Դիմող) իր դիմումով խնդրել է.

«անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշումը և

1) անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

կամ,

2) անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը,

կամ

3) նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:

ա. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ քաղաքական ուժերի միջև մրցակցությունը չի իրականացվել հավասար պայմաններում։ Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ ընտրություններից անմիջապես առաջ իրականացված պետական միջամտությունները, պետական ռեսուրսների կիրառման ձևերը և պետական կառավարման համակարգի առանձին գործողությունները փաստացի նպաստել են իշխող քաղաքական ուժի դիրքերի ամրապնդմանը։

բ. Անդրադառնալով սույն թվականի ապրիլ ամսին Ընտրական օրենսգրքում կատարված համապատասխան փոփոխություններին՝ կապված կուսակցությունների դաշինքի անվանման մեջ անձնանուն օգտագործելու արգելքի և քվեաթերթիկի ձևի, լրացման կարգի և անվավեր ճանաչման հիմքերի հետ Դիմողը նշում է, որ ընտրական մրցակցության կանոնները չեն կարող փոփոխվել այնպես, որ գործող քաղաքական մեծամասնությունն ստանա ընթացակարգային կամ տեղեկատվական առավելություն մյուս մասնակիցների նկատմամբ։ Նման միջամտությունը, ըստ Դիմողի, խաթարում է քաղաքական ուժերի հավասար հնարավորությունները, քանի որ ընտրական գործընթացի կանոնները փաստացի գործարկվել են ոչ թե չեզոք և կանխատեսելի միջավայր ապահովելու, այլ կոնկրետ քաղաքական մրցակցության պայմանների վրա ազդելու տրամաբանությամբ։

գ. Անդրադառնալով սույն թվականի մարտի 5-ին Կառավարության որոշմամբ կենսաթոշակների բարձրացման հարցին և դրան հակառակ՝ Ազգային ժողովի 2025 թվականի դեկտեմբերի 3-ի նիստին վարչապետ Ն. Փաշինյանի կողմից կենսաթոշակները չբարձրացնելու վերաբերյալ ներկայացված դիրքորոշմանը՝ Դիմողը պնդում է, որ այդ հանգամանքը խնդրահարույց է այն պատճառով, որ այն իրականացվել է հերթական ընտրությունների նշանակման մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ արդեն մեկնարկած ընտրական գործընթացի պայմաններում, և ուղղված է եղել լայն, սոցիալապես զգայուն և ընտրական վարքագծի վրա ազդեցության տեսանկյունից առանձնապես խոցելի ընտրողների խմբին։ Դիմողի պնդմամբ՝ ընտրությունների անմիջական համատեքստում նման միջոցառում իրականացնելն օբյեկտիվորեն կարող է ձևավորել գործող իշխանության օգտին նյութական և քաղաքական առավելություն՝ խախտելով մյուս քաղաքական ուժերի հետ հավասար մրցակցության պայմանները։ Բացի դրանից, ըստ Դիմողի, կենսաթոշակների բարձրացումը նշված համատեքստում պետք է որակվի ոչ թե որպես չեզոք սոցիալական միջոցառում, այլ պետական ֆինանսական և վարչական ռեսուրսի չարաշահմամբ իրականացված ընտրական միջամտություն։

դ. Անդրադառնալով քաղաքական մրցակցության անհավասար պայմաններին՝ Դիմողը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ Ս. Կարապետյանի առաջնորդած ուժն ընտրական գործընթացի սուբյեկտ է, ինչն առնվազն ենթադրում է մրցակցության պայմանների հավասարության ապահովում, այդ թվում՝ Սահմանադրության 7-րդ հոդվածի առումով, ողջ ընտրական գործընթացի ընթացքում Ս. Կարապետյանը զրկված է եղել այդ հնարավորությունից, քանի որ վերջինիս նկատմամբ կիրառվել են ազատության սահմանափակում ենթադրող խափանման միջոցներ: Այդ առնչությամբ Դիմողը գտնում է, որ խափանման միջոցը չպետք է իրացվի նաև անձի քաղաքական իրավունքների սահմանափակման նպատակով, և դրա կիրառման հարցը լուծելիս պետք է հաշվի առնվեն նման տվյալները: Դիմողը պնդում է, որ ներկայումս կիրառված խափանման միջոց տնային կալանքը, ի թիվս այլնի, զրկում է Ս. Կարապետյանին նաև քաղաքական իրավունքների լիարժեք իրացման հնարավորությունից:

ե. Դիմողը նշում է, որ Ազգային ժողովի հերթական ընտրության ողջ գործընթացում խաթարվել է Սահմանադրության 7-րդ հոդվածը, որը երաշխավորում է ընտրությունների հավասարության և օրինականության սկզբունքը, քանի որ վարչապետի կողմից թեև ներկայացվել է արձակուրդում գտնվելու որոշում, սակայն իրականում չի ապահովվել վարչապետի՝ որպես պետական բարձրագույն պաշտոնատար անձի կարգավիճակի և իշխող կուսակցության քարոզարշավի ընթացքում պատգամավորի թեկնածուի միջև փաստացի տարանջատումը։ Դիմողը գտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի՝ ավելի քան 90 տոկոսի պետական և հանրային հատվածի աշխատողներից, այդ թվում՝ պետական ծառայողներից, պետական պաշտոնատար անձանցից և Ազգային ժողովի գործող պատգամավորներից կազմված լինելու պայմաններում անուղղակիորեն ստեղծվել է միջավայր, որ վարչական ռեսուրսն օգտագործվի կազմակերպված եղանակով և ունենա զանգվածային բնույթ: Նշված հանգամանքը, ըստ Դիմողի, որևէ իրավիճակում չէր կարող չազդել ընտրությունների արդյունքների վրա:

զ. Դիմողը նշում է, որ արձանագրվել է փաստ, որ իշխող քաղաքական ուժի նախընտրական միջոցառումներին ներգրավվել են պետական և հանրային հատվածի ներկայացուցիչներ, իսկ առանձին դեպքերում՝ նաև ուսումնական հաստատությունների աշխատակիցներ և աշակերտներ։ Ըստ Դիմողի՝ հանրային ծառայության և պետական համակարգի մարդկային ռեսուրսը չի կարող ծառայեցվել որևէ կուսակցության քարոզչական նպատակներին, իսկ դրա օգտագործումը մեկ քաղաքական ուժի օգտին խախտում է ընտրություններին մասնակցող ուժերի հավասար հնարավորությունները, քանի որ մյուս մասնակիցները չեն տիրապետում նույն վարչական, կազմակերպչական և ինստիտուցիոնալ ռեսուրսներին։

է. Դիմողը պնդում է, որ ընտրական գործընթացի փուլում, այդ թվում՝ քվեարկության օրը, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից մշտապես և համակարգված օգտագործվել է վարչական ռեսուրս և պաշտոնեական դիրք։

ը. Դիմողը պնդում է, որ առկա են տեսանյութեր, որ, օրինակ՝ կրթական հաստատությունների ներկայացուցիչներն ուսումնական հաստատությունում իրենց ունեցած աշխատանքային պարտականություններն ստորադասել են նախընտրական քարոզարշավին մասնակցելուն, ինչը զուգորդվել է ուսումնական գործընթացի խաթարմամբ՝ դասաժամերի կրճատ տևողությամբ անցկացմամբ, ինչպես նաև աշակերտների՝ որպես երեխաների լավագույն շահի և կրթության իրավունքի ոտնահարմամբ և քաղաքական գործընթացներում վերջիններիս ներգրավմամբ։

Դիմողը նշում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից քարոզարշավի ընթացքում կիրառվել է նաև վարչական ռեսուրս, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից փակցվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը՝ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող անձի նկարով։

թ. Դիմողը նշում է, որ իր ներկայացրած մի շարք դիմումների առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցուցաբերել է անգործություն և իրականացրել ոչ պատշաճ վարչարարություն, ինչն առանձին կերպով և համակցության մեջ ևս չի համապատասխանում Սահմանադրության 7-րդ հոդվածին: Ըստ Դիմողի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կիրառել Ընտրական օրենսգրքով իրեն ընձեռված վերահսկողական գործիքակազմը, չի ապահովել պատշաճ լսվելու իրավունքը մի շարք դիմումների առնչությամբ՝ սահմանափակվելով դիմումները ՀՀ գլխավոր դատախազությանը վերահասցեագրելով, ինչով խուսափել է խախտումներին անմիջապես արձագանքելու իր պոզիտիվ պարտականությունից։

ժ. Վկայակոչելով թիվ ՎԴ/9260/05/26 վարչական գործի շրջանակներում Վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտի բովանդակությունը՝ Դիմողը նշում է, որ դատարանը հաստատված է համարել խախտման օբյեկտիվ գոյությունը, սակայն հայցի մերժումը հիմնավորել է բացառապես դատական վերահսկողության սահմաններով դիտարկելով ԿԸՀ հայեցողական լիազորությունը։ Միաժամանակ Դիմողը վկայակոչել է նաև թիվ ՎԴ/9807/05/26 վարչական գործով կայացված դատական ակտի բովանդակությունը և նշել, որ Վարչական դատարանի կողմից փաստացի չի հերքվել վարչական ռեսուրսի չարաշահման դեպքը, ավելին՝ արձանագրվել է, որ նկարագրված դեպքը ենթադրում է ինչպես ընտրական օրենսդրության խախտում, այն է՝ վարչական ռեսուրսի չարաշահում, այնպես էլ հանցանքի տարրեր՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու մասով։

ժա. Դիմողը նշում է, որ ընտրական գործընթացի փուլում խախտվել են ազատ և հավասար ընտրական իրավունքի սկզբունքների տարրերը նաև այնքանով, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հարյուրավոր շտաբների ներկայացուցիչների նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել այնպիսի խափանման միջոցների կիրառմամբ, ինչպիսիք են կալանքը, տնային կալանքը և վարչական հսկողությունը։ Ըստ Դիմողի՝ անկախ համապատասխան քրեական վարույթների բովանդակային գնահատականից՝ դրանց կիրառման ծավալը, ժամանակագրությունը և ընտրական գործընթացի ընթացքում առաջացրած հետևանքներն էականորեն ազդել են իր կողմից նախընտրական գործունեություն իրականացնելու հնարավորությունների վրա, ինչի արդյունքում խաթարվել է ընտրություններին մասնակցող սուբյեկտների միջև հավասար քաղաքական մրցակցության միջավայրը, որը սահմանադրական նշանակություն ունեցող հանգամանք է՝ ընտրությունների արդյունքների օրինականության գնահատման տեսանկյունից։

ժբ. Անդրադառնալով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի գործողություններին՝ կապված այնպիսի տեսանյութերի և ձայնագրությունների հրապարակման հետ, որտեղ հանրայնացվում են որոշակի գաղտնալսումներ՝ ի հիմնավորումն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից՝ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքեր բացահայտելուն, որոնք պարտադիր ուղեկցվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ իբրև առնչություն ունենալու վերաբերյալ գրառումներով, Դիմողը նշում է, որ առկա են բավարար հիմքեր պնդելու, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, դուրս գալով նախընտրական գործընթացում պետական մարմիններից պահանջվող առավելագույն զսպվածության և քաղաքական չեզոքության շրջանակներից, փաստացի իրականացրել է ընտրական գործընթացի նկատմամբ անուղղակի և ոչ իրավաչափ միջամտություն՝ ազդելով ընտրողների քաղաքական կամքի ազատ ձևավորման և արտահայտման գործընթացի վրա։ Նման վարքագիծը, ըստ Դիմողի, անհամատեղելի է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջազգային չափանիշների, ինչպես նաև պետական իշխանության մարմինների կողմից հավասար և անկողմնակալ վերաբերմունքի սկզբունքի հետ։

ժգ. Դիմողը պնդում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձայնագրությունների հրապարակումից հետո իշխող քաղաքական ուժի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահը, Ազգային ժողովի պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, իրենց ֆեյսբուքյան հարթակներով անմիջապես անդրադառնում են այդ նյութերին՝ տարածելով և մեկնաբանելով դրանք՝ կրկին լրջագույնս խախտելով անմեղության կանխավարկածը։ Ըստ Դիմողի՝ իշխող քաղաքական ուժն իրավապահ մարմնի, սույն դեպքում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներգրավմամբ զբաղվում է իր վերաբերյալ ոչ օրինաչափ հակաքարոզչություն իրականացնելով, ինչը խաթարում է ընտրությունների ազատության և հավասարության սկզբունքները:

ժդ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2026 թվականի մայիսի 20-ի գրության առնչությամբ Դիմողը նշում է, որ նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստացի ճանաչել է իրավապահ մարմինների հաղորդագրություններում ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ դաշինքների անվանումների հիշատակման վտանգավորությունը՝ այն դիտարկելով որպես հավասար հնարավորությունների սկզբունքի խաթարման ռիսկ: Այնուամենայնիվ, Դիմողի պնդմամբ, չնայած ԿԸՀ-ի կողմից նման կանխարգելիչ դիրքորոշման արտահայտմանը, իրավասու մարմինների հետագա վարքագիծը փաստացի չի համապատասխանել այդ պահանջին։ Դիմողը գտնում է, որ ԿԸՀ նշված գրությունը լրացուցիչ հաստատում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և այլ իրավասու մարմինների գործողությունները պետք է գնահատվեն ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտման, այլև վարչական ռեսուրսի օգտագործմամբ ընտրական գործընթացին ոչ իրավաչափ միջամտության տեսանկյունից։ Այդ վարքագիծը, Դիմողի պնդմամբ, խաթարել է ընտրական մրցակցության հավասարությունը, վնասել է կոնկրետ քաղաքական ուժի հեղինակությունը, ազդել է ընտրողների կամքի ազատ ձևավորման վրա և հակասել է ԿԸՀ-ի կողմից նույն հարցով նախապես արտահայտված կանխարգելիչ դիրքորոշմանը։

ժե. Դիմողը նշում է, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվելուց հետո՝ 2026 թվականի փետրվարի 7-ից սկսած, գործող վարչապետի վերաբերյալ հնչել են մի շարք արտաքին քաղաքական գործիչների հրապարակային աջակցական հայտարարություններ, որոնք պետք է գնահատվեն որպես ընտրական տեղեկատվական միջավայրի վրա ազդած գործոն, ինչը նպաստել է գործող իշխանության համար լրացուցիչ քաղաքական և հոգեբանական առավելության ձևավորմանը և խաթարել է ընտրողների ազատ կամքի ձևավորման չեզոք պայմանները։

ժզ. Վկայակոչելով թիվ ՎԴ/8592/05/26 վարչական գործով կայացված դատական ակտի բովանդակությունը՝ Դիմողը նշում է, որ դատարանի կողմից հաշվի չի առնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հոլովակի պարբերական ցուցադրության հարցն այն համատեքստում, որ ատելության խոսք տարածող և դատարանի կողմից ազատ, խաղաղ և առողջ ընտրական միջավայրի հետ անհամատեղելի խոսույթը պարբերաբար ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ Արդյունքում, Դիմողի պնդմամբ, չնայած իր կողմից ձեռնարկված միջոցներին և իրավասու մարմինների կողմից կանխարգելման իրական հնարավորություններին և կառուցակարգերին, դրսևորվել է այնպիսի ազդեցություն, որն անխուսափելիորեն ազդեցություն է թողել ընտրողների կամքի արտահայտման վրա:

ժէ. Դիմողը նշում է, որ նախընտրական քարոզչությունն ուղեկցվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից այնպիսի տեսալսողական նյութերի տարածումով, որոնց բովանդակությունն ամբողջությամբ պարունակել է վիրավորական և զրպարտչական բնույթի արտահայտություններ՝ ուղղված ընդդիմադիր քաղաքական ուժերին, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին: Նման տեղեկատվական ազդեցությունը, ըստ Դիմողի, կարող էր ձևավորել ընտրողի կամքը ոչ թե ազատ և տեղեկացված ընտրության, այլ վախի, մոլորության կամ կանխակալ վերաբերմունքի հիման վրա, որը սահմանադրաիրավական առումով խաթարում է ընտրողի ազատ կամարտահայտության երաշխիքը։

ժը. Դիմողը պնդում է, որ Հանրային հեռուստաընկերությունը փաստացի գրաքննություն է իրականացրել նախընտրական քարոզչության գրեթե բոլոր մասնակիցների նկատմամբ՝ բացառությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության: Նման վարքագիծը, Դիմողի պնդմամբ, հատկապես անընդունելի է Հանրային հեռուստաընկերության պարագայում՝ հաշվի առնելով վերջինիս՝ Հանրային հեռարձակող հանդիսանալու և դրանով պայմանավորված՝ նաև առավել լայն լսարան և ընտրազանգվածի վրա մեծ ազդեցություն ունենալու հանգամանքը: Ըստ Դիմողի՝ համապատասխան բովանդակությամբ նյութերի հեռարձակումը հակասում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից ընտրական օրենսդրությամբ առաջնորդվելու, անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն ներկայացնելու, հավասար և ոչ խտրական պայմաններ ապահովելու օրենսդրորեն սահմանված պահանջներին և խաթարում է ընտրողների իրավունքը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների և նրանց նախընտրական ծրագրերի վերաբերյալ ճշտված և հավաստի տեղեկատվություն ստանալու առնչությամբ:

ժթ. Ընտրողների նույնականացման տեխնիկական սարքերի տվյալների և ձեռքով մուտքագրված տվյալների մեծածավալ կիրառման հարցի առնչությամբ Դիմողը նշում է, որ ԿԸՀ-ն սահմանափակվել է այն փաստով, որ ձեռքով մուտքագրումն օրենքով թույլատրված է, և դրանով ավարտել է իր քննությունը և որևէ գնահատական չի տվել, թե արդյոք ձեռքով մուտքագրման նման ծավալը՝ տվյալ ընտրությունների և դրանց արդյունքների կոնկրետ համատեքստում, համատեղելի էր ընտրողների նույնականացման գործընթացի ամբողջականությունն ու ստուգելիությունն ապահովելու՝ պետության պոզիտիվ պարտականության հետ և հենց դրա համադրումը Սահմանադրության 7-րդ հոդվածի պահանջներին։

ի. Դիմողը պնդում է, որ ընտրություններին մասնակցել են հազարավոր անձինք, որոնց տվյալները պահվել են գաղտնի, քվեարկության վայրը պահվել է գաղտնի, և հասանելի տեղեկատվություն առկա չի եղել։ Այս կապակցությամբ Դիմողը գտնում է. «(...) վերահսկողական մեխանիզմների բացակայությունը նման ընտրության կազմակերպման և դրա հետևանքով հստակ տեղամասերում և ընտրատարածքներում արդյունքները պետք է գնահատվեն Սահմանադրական դատարանի կողմից, այդ թվում դիտարկելով դրանք Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխանության մասով»:

իա. Ըստ Դիմողի՝ ընտրական իրավունքի համակարգված խախտումների մասին են վկայում նաև այն մեծաքանակ տեսանյութերը, որոնցից ակնհայտ են դառնում զինվորներին սպաների կողմից ուղղորդելու, քվեատուփերում արդեն իսկ պատրաստի ծրարները վերցնելու և տարածքային հանձնաժողովի կողմից իրենց հանձնված ծրարն առանց բացելու աղբարկղը նետելու, ինչպես նաև սպաների կողմից անմիջապես քվեարկության տուփի մոտ քվեարկությանը հետևելու փաստերը: Բացի դրանից, Դիմողի պնդմամբ՝ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ քվեարկության օրն առողջական խնդիրներ ունեցող կամ տարեց անձանց ուղեկցել են հենց համայնքապետարանի աշխատակիցները, կամ նրանց օգնություն է ցուցաբերել մեկ այլ տարեց անձ, ինչպես նաև գրանցվել են ընտրողի գաղտնի և ազատ կամքի արտահայտմանը միջամտելու այլ դեպքեր, որոնք չեն արժանացել պատշաճ կանխարգելման և վերահսկողության։

իբ. Դիմողը նշում է, որ շուրջ 7000 անձի՝ քվեարկելու ընտրատեղամասը փոխելու դիմումները մերժվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, ինչի արդյունքում նշված անձինք զրկվել են Սահմանադրությամբ ամրագրված իրենց ընտրական իրավունքի իրականացման հնարավորությունից ընդհանրապես:

իգ. Դիմողը պնդում է, որ շուրջ 637 ընտրական տեղամասերում իրականացված վերահաշվարկների արդյունքները ցույց են տալիս, որ սկզբնական արձանագրություններում առկա են եղել այնպիսի սխալներ և անհամապատասխանություններ, որոնք հանգեցրել են ոչ միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին տրված ձայների թվաքանակի փոփոխության և ավելացման, այլ նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների օգտին տրված ձայների վերանայման, որպիսի իրավիճակում հիմնավոր կասկած է առաջանում ընտրությունների արդյունքների ամբողջական ճշգրտության և հավաստիության նկատմամբ։

Միաժամանակ Դիմողը գտնում է, որ ԿԸՀ-ն կայացրել է ամենաինտենսիվ միջամտությունը ենթադրող երկու որոշում. 35/65 և 10/51 ընտրական տեղամասերի արդյունքներն ընդհանրապես ճանաչվել են անվավեր, իսկ դրանց հիմքում դրված խախտումների՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու հանգամանքի գնահատում չի իրականացվել: Այս համատեքստում Դիմողը պնդում է, որ եթե ընտրական գործընթացի կազմակերպական բնույթի խախտումները կարող են հանգեցնել ընտրական տեղամասի արդյունքներն ամբողջությամբ անվավեր ճանաչելուն, ապա նույնաբնույթ կամ համադրելի խախտումների առկայությունն այլ ընտրական տեղամասերում չէր կարող մնալ առանց պատշաճ իրավական գնահատականի և արդյունավետ քննության։

իդ. Դիմողի պնդմամբ՝ քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման գործընթացին միջամտության (օրինակ՝ ընտրողներին ցուցումներ տալ, նրանց ընտրական վարքագիծն ուղղորդել և այլն), ինչպես նաև քարոզչության իրականացման դեպքեր (օրինակ՝ ընտրողների հետ նպատակային շփումներ և այլն), որոնք հակասում են ազատ ընտրությունների սկզբունքին և խաթարում ընտրողի քաղաքական կամքի ազատ և չհարկադրված արտահայտման սահմանադրական երաշխիքները։

իե. Դիմողը նշում է, որ քվեարկության ընթացքում արձանագրվել են մի շարք հանգամանքներ, որոնք վտանգել են քվեարկության գաղտնիության սկզբունքի արդյունավետ իրացումը։ Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ արձանագրվել են քվեախցիկների ոչ պատշաճ կահավորման և տեղադրման դեպքեր, երբ քվեախցիկների կառուցվածքը, դիրքը կամ տեխնիկական առանձնահատկությունները չեն ապահովել ընտրողի կամարտահայտության լիարժեք գաղտնիությունը։ Ավելին, Դիմողի պնդմամբ, արձանագրվել են դեպքեր, երբ քվեաթերթիկը դրվել է ծրարի մեջ, իսկ ծրարն ունեցել է թափանցիկություն, ինչը թույլ էր տալիս տեսնել, թե անձն ում է ընտրել:

իզ. Դիմողը պնդում է, որ արձանագրվել են դեպքեր, երբ ընտրողներին տրամադրված քվեաթերթիկների փաթեթներում բացակայել են առանձին քաղաքական ուժերին վերաբերող քվեաթերթիկներ, կամ դրանց քանակը եղել է ակնհայտ անհավասար, որպիսի խախտումները սահմանափակում են ընտրողների ազատ ընտրության հնարավորությունը, խաթարում ընտրական իրավունքի հավասարության սկզբունքը և կասկածի տակ են դնում քվեաթերթիկների իսկությունն ու ընտրական գործընթացի օրինականությունը։

Բացի դրանից, Դիմողի պնդմամբ՝ քվեարկության ընթացքում արձանագրվել են ընտրողների նույնականացման տեխնիկական միջոցների աշխատանքի խափանումներ, ինչպես նաև ժամանակային անհամապատասխանություններ և ընթացակարգային այլ թերություններ:

Դիմողը նշում է, որ արձանագրվել են նաև դեպքեր, երբ քվեատուփերը չեն եղել պատշաճ կերպով կապարակնքված, կամ կիրառվել են անվտանգության ոչ լիարժեք միջոցներ, այսինքն՝ միայն ինքնակպչուն ժապավենով է կնքված եղել քվեատուփը, սակայն օրենքի պահանջով դրա կապարակնքումն ապահովված չի եղել. անգամ մի տեղամասում դա նկատվել է ընտրությունների ավարտից 1 ժամ առաջ։

իէ. Ընտրական հանձնաժողովների գործունեության և արհեստավարժության հետ կապված խնդիրների առնչությամբ Դիմողը նշում է, որ ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ փաստացի անվավեր է ճանաչել երկու ընտրական տեղամասերում ընտրության արդյունքները, սակայն իր լիազորություններից որևէ մեկը չի իրացրել հենց նշված և դիմումում ներկայացված այլ դեպքերով, որը ևս փաստում է Սահմանադրության 7-րդ հոդվածի համատեքստում կանխատեսելիության, միասնական մոտեցման բացակայությունը:

իը. Դիմողը նշում է, որ Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տարբեր ընտրատեղամասերում արձանագրված խախտումների նկատմամբ ցուցաբերվել է ոչ միասնական և ոչ հետևողական մոտեցում, ինչն ինքնին կասկածի տակ է դնում ընտրական վարչարարության կանխատեսելիությունն ու իրավական որոշակիությունը։

իթ. Դիմողը պնդում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշմամբ ձևականորեն անդրադարձել է դիմումում ներկայացված մի շարք փաստարկների, սակայն չի իրականացրել այնպիսի ամբողջական գնահատում, որը պահանջվում է Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածով։ Ըստ Դիմողի՝ ԿԸՀ-ն պարտավոր էր ոչ միայն ստուգել՝ առանձին դրվագն ինքնին արդյունքի վրա թվային ազդեցություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, այլև գնահատել խախտումների բնույթը, տարածվածությունը, պարբերականությունը, կազմակերպվածությունը, փոխկապակցվածությունը և դրանց կուտակային ազդեցությունն ընտրական գործընթացի օրինականության և հանրային վստահության վրա։ Այդ որոշման եզրահանգումը, որը կապված է 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշման հետ, կառուցված է խախտումների մեկուսացված և տեխնիկական գնահատման վրա։

լ. Դիմողը նշում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտել է, որ 2026 թվականի ապրիլի 7-ի օրենսդրական փոփոխությունները չեն ազդել քաղաքական մրցակցության վրա, քանի որ դրանք ընդունվել են մինչև ընտրություններին մասնակցելու մասին դիմումները ներկայացնելու ժամկետի սկիզբը։ Այս մեկնաբանությունը, Դիմողի պնդմամբ, ոչ իրավաչափորեն նեղ է։ Ըստ Դիմողի՝ ընտրական գործընթացի հավասարության գնահատման համար որոշիչ չէ միայն այն հանգամանքը, թե փոփոխությունն ընդունվել է առաջադրման ժամկետի սկզբից առաջ, թե հետո, այլ որոշիչ է այն, թե արդյո՞ք փոփոխությունը կատարվել է արդեն նշանակված ընտրությունների պայմաններում, արդյո՞ք այն ունեցել է կոնկրետ քաղաքական ուժի նկատմամբ ուղղվածություն, և արդյո՞ք այն ազդել է ընտրողների իրազեկվածության, քվեաթերթիկի լրացման կարգի ընկալման և անվավեր քվեաթերթիկների թվի աճի վրա։

Միաժամանակ Դիմողն ընդգծում է, որ այս ընտրություններում անվավեր քվեաթերթիկների թիվը գրեթե քառապատկվել է նախորդ՝ 2021 և 2018 թվականներին տեղի ունեցած ընտրությունների համեմատ, ինչը հիմնավորում է այն մտահոգությունները, որ օրենսդրական փոփոխությունների և դրանց վերաբերյալ ընտրողների ոչ բավարար իրազեկման միջև առկա է անմիջական կապ, որն էական ազդեցություն է ունեցել ընտրողների կամարտահայտման արդյունավետ իրացման վրա և էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

լա. Ըստ Դիմողի՝ ԿԸՀ-ն չի պարզել և գնահատել՝ արդյո՞ք տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ կիրառվել են նույն չափանիշները, արդյո՞ք քրեական վարույթների հրապարակային լուսաբանումը և ընտրություններին մասնակցող ուժերի անվանումների շրջանառությունը նպաստել են անհավասար մրցակցային միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև արդյո՞ք այդ գործողությունները համադրված վարչական ռեսուրսի և քարոզչական միջավայրի հետ կարող էին ազդել ընտրողների կամքի ձևավորման վրա։

լբ. Դիմողը գտնում է, որ ԿԸՀ-ն մի կողմից ընդունել է, որ նախընտրական քարոզչությունը չի կարող ուղեկցվել ատելության, բռնության կոչերով և սպառնալիքներով, մյուս կողմից՝ փաստացի հրաժարվել է գնահատել դիմումում ներկայացված քարոզչական նյութերի բովանդակությունը՝ այն համարելով հնարավոր գրաքննության ռիսկ։ Նման մոտեցումը, ըստ Դիմողի, չի համապատասխանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությանը։

լգ. Դիմողը նշում է, որ ԿԸՀ-ն չէր կարող թիվ ՎԴ/9915/05/26 վարչական գործով կայացված վճռի առկայությունը ներկայացնել որպես ընտրությունների ընդհանուր արդյունքների օրինականության բավարար հիմնավորում։

Դիմողը պնդում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու հետևանքով 213 ձայնի կորուստը վճռորոշ նշանակություն ունի վերջինիս համար օրենքով սահմանված 4% անցողիկ շեմը հաղթահարելու հարցում, հետևաբար՝ խախտումները հատում են արդյունքների վրա ազդեցության շեմը: Ընդ որում՝ Դիմողի պնդմամբ՝ խախտումները վերաբերում են միայն երկու ընտրատեղամասերի, և չկան փաստական կամ իրավական հիմքեր՝ պնդելու, որ այդ խախտումների հետևանքները հնարավոր չէ շտկել մասնակի վերաքվեարկությամբ: Ավելին, Դիմողը գտնում է, որ խախտումների հետևանքները շտկելու համար անհրաժեշտ է կազմակերպել վերաքվեարկություն հենց այն ընտրատեղամասերում, որտեղ արձանագրվել են խախտումները:

լդ. Դիմողը նշում է, որ ԿԸՀ-ն, թեև իրավասություն չուներ սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչելու թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները, այնուամենայնիվ, կիրառել է Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը՝ անվավեր ճանաչելով այդ տեղամասերում քվեարկության արդյունքները։ Դիմողի պնդմամբ՝ ԿԸՀ-ն եզրակացրել է, որ չեն եղել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։ Այդ եզրակացությունը, ըստ Դիմողի, տրամաբանորեն անհամատեղելի է ԿԸՀ նախորդ գործողությունների հետ, քանի որ առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելով՝ ԿԸՀ-ն արդեն իսկ ընդունել է այդ տեղամասերում արձանագրված խախտումների էական բնույթը։

Դիմողը պնդում է, որ ԿԸՀ-ն չուներ վերահսկողական իրավասություն` սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչելու ընտրական տեղամասերի արդյունքները։ Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ Սահմանադրական դատարանը պետք է բովանդակային գնահատական տա ԿԸՀ նման որոշման իրավաչափությանը և հանգի այն հետևության, որ նման լիազորության լայն մեկնաբանմամբ և ընտրական գործընթացի վերահսկողության կանխատեսելիությունը խաթարող եղանակով իրականացումը չէր կարող չհանդիսանալ Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքների ակնհայտ խախտում։ Դիմողի պնդմամբ՝ ակնհայտ է նաև, որ եթե իրապես ԿԸՀ-ն օժտված է նման լիազորությամբ, ապա Սահմանադրական դատարանը պետք է գնահատի՝ որքանո՞վ է ողջամիտ այն իրավիճակը, երբ ընտրությունների արդյունքների ամփոփումից և նույն արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ԿԸՀ-ն դեռևս վեցամսյա ժամկետում կարող է վերանայել տարածքային ընտրական հանձնաժողովի ցանկացած որոշում։ Նման մոտեցումը, ըստ Դիմողի, ընտրական գործընթացը վերածում է անվերջանալի գործընթացի և առաջացնում հակասահմանադրական անորոշություն։

Բացի դրանից, Դիմողը նաև նշում է, որ եթե տեղամասային մակարդակում կազմակերպական բնույթի խախտումները բավարար չափով լուրջ էին այդ տեղամասերի արդյունքներն ամբողջությամբ անվավեր ճանաչելու համար, ապա ԿԸՀ-ն պարտավոր էր նույն վերլուծական չափանիշը կիրառել նաև իր դիմումի նկատմամբ, որը փաստագրել էր նույն կամ ավելի մեծ ծավալի խախտումներ հարյուրավոր տեղամասերում, այլ ոչ թե այն մերժել՝ որևէ ազդեցության բացակայության մասին ընդհանրական եզրակացությամբ։

լե. Դիմողը պնդում է, որ ԿԸՀ-ն չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը՝ ապահովելու ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության, քաղաքական ուժերի հավասարության և ընտրողների կամքի ազատ արտահայտման երաշխիքների արդյունավետ պաշտպանությունը։ Այդ բացթողումը, ըստ Դիմողի, ինքնուրույն հիմք է ԿԸՀ թիվ 259-Ա որոշումը վիճարկելու և Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։

Դիմողի պնդմամբ՝ ԿԸՀ-ի կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերի բացահայտմանն ուղղված: Դիմողը նշում է, որ ընտրողների ստորագրված ցուցակների մատչելիությունը և դրա հրապարակումն ուղղված են նման դեպքերի բացահայտմանը։ Միաժամանակ Դիմողը պնդում է, որ ընտրողների ստորագրված ցուցակների մատչելիությունը սահմանափակված է եղել ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց կողմից հասանելիության մասով, ինչը որևէ բացատրության կամ պարզաբանման չի արժանացել:

լզ. Դիմողը նշում է, որ մի շարք ընտրախախտումների վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն իր իրավունքների պաշտպանության համար հայցադիմումներ է ներկայացրել Վարչական դատարան, որոնց հիման վրա հարուցվել են թիվ ՎԴ/9921/05/26, ՎԴ/9920/05/26, ՎԴ/9919/05/26, ՎԴ/9918/05/26, ՎԴ/9917/05/26, ՎԴ/9916/05/26 վարչական գործերը, որոնք, սակայն, քննության չեն առնվել Վարչական դատարանի կողմից դրանց մի մասը վերադարձվել է, այնուհետև կրկին ներկայացվել՝ թերությունները շտկված, սակայն կրկին ներկայացված հայցադիմումները վարույթ ընդունելը մերժվել է։ Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին թվով երեք որոշումներ (թիվ ՎԴ/9920/05/26, թիվ ՎԴ/9918/05/26 և թիվ ՎԴ/9916/05/26) բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, դրանք ընդունվել են վարույթ, սակայն առկա չէ դատական ակտ։ Ըստ Դիմողի՝ նշված գործերից որևէ մեկով Վարչական դատարանը չի իրականացրել ներկայացված ընտրական խախտումների ըստ էության քննություն և չի գնահատել դրանց ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա, ինչը, հետևաբար, կարող է և պետք է հաղթահարվի արդեն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում։

Դիմողը եզրահանգում է, որ ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված փաստերը, հիմքերը և հիմնավորումները բավարար են պնդելու, որ դրանց մի մասը եղել է կազմակերպված, մի մասը՝ զանգվածային, մի մասը՝ կրկնվող, իսկ որոշ մասեր կրել են պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է նշվածների միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները:

 

11.2. «Միասնության թևեր» կուսակցություն

«Միասնության թևեր» կուսակցությունը (այսուհետ սույն կետում նաև՝ Դիմող) իր դիմումով խնդրել է.

«(...)

2. Անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի N 258-Ա և N 259-Ա որոշումները:

3. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքները»:

ա. Ըստ Դիմողի՝ իր կողմից ներկայացված փաստական տվյալները վկայում են վարչական ռեսուրսի համատարած և համակարգային օգտագործման մասին։ Մասնավորապես՝ արձանագրվել են պետական և համայնքային աշխատողների ներգրավում քարոզարշավին, կրթական հաստատությունների աշխատակիցների մասնակցություն քաղաքական միջոցառումներին, համայնքային կառույցների օգտագործում ընտրական նպատակներով, պետական ազդեցության լծակների կիրառմամբ ընտրողների մոբիլիզացիա։ Դիմողի գնահատմամբ՝ նման գործողությունները հակասում են ընտրական հավասարության սկզբունքին և խաթարում են քաղաքական մրցակցության արդար բնույթը։

Դիմողը հատկապես խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ որոշ հրապարակումներում արձանագրվել է իշխող ուժի քարոզարշավին դպրոցների, մանկավարժների և աշակերտների մասնակցության փաստը՝ դասապրոցեսի կամ աշխատանքային ժամերի համատեքստում։ Բացի դրանից, ըստ Դիմողի՝ որոշ տեղական ինքնակառավարման մարմիններ, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները կազմել են մեծամասնություն և ընտրել համայնքի ղեկավար, նախընտրական քարոզարշավի ընթացքում կամ դրան անմիջապես նախորդող ժամանակահատվածում անհատույց գործարքներ են կնքել մի շարք քաղաքացիների հետ կամ տրամադրել փոխադրամիջոցների և անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ։

բ. Դիմողի ներկայացրած նյութերից հետևում է, որ ընտրողների նկատմամբ կիրառվել են ուղղակի և անուղղակի ճնշումներ, վախի մթնոլորտ, մասնակցության վերահսկման մեխանիզմներ, սոցիալական և աշխատանքային կախվածության գործոններ։ Դիմողը նշում է, որ նման պայմաններում քաղաքացիների ընտրությունը չի կարող դիտվել որպես լիովին ազատ կամարտահայտության արդյունք և նման մեխանիզմները, եթե հաստատվում են ներկայացվող ապացույցներով, իրենց բնույթով ուղղված են ոչ միայն առանձին ընտրողների կամքի վրա ազդելուն, այլև ընտրական գործընթացում վախի, կախվածության և վերահսկելիության մթնոլորտ ձևավորելուն։

Դիմողի գնահատմամբ՝ ընտրողը, որը համոզված է, որ իր քվեարկությունը կարող է վերահսկվել, այլևս չի կարող լիարժեքորեն օգտվել գաղտնի, ազատ և անձնական կամարտահայտության իրավունքից։ Մասնավորապես՝ Դիմողի պնդմամբ՝ արձանագրվել են պնդումներ այն մասին, որ քաղաքացիներին պարտադրել կամ ուղղորդել են մասնակցել իշխող ուժի քարոզչական հավաքներին, չմասնակցել ընդդիմադիր քաղաքական ուժերի հանդիպումներին, ինչպես նաև քվեարկության օրը կատարել իշխանական ուժի օգտին քվեարկության ապացուցման գործողություններ, այդ թվում՝ քվեաթերթիկի լուսանկարման միջոցով։

Բացի դրանից, Դիմողը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները և հատկապես կուսակցության պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանը նախընտրական քարոզարշավի գրեթե ողջ ընթացքում ատելության խոսույթ է տարածել ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

Դիմողը, անդրադառնալով սոցիալական և աշխատանքային կախվածության օգտագործման հարցին, հատկանշական է համարում ընտրությունները նշանակելուց հետո Կառավարության 2026 թվականի մարտի 5-ի 244-Ն որոշումը, որով ավելացվեցին կենսաթոշակների չափերը 10,000 ՀՀ դրամով, հաջորդիվ հանրային ծառայողներին տրվող պարգևավճարները (այսպես կոչված՝ պիլոտային պարգևավճարները), որոնք էապես ավելացնում են հանրային ծառայողների վարձատրությունը՝ առանց հստակ երաշխիքների և ստեղծում կախվածություն իշխող ուժից։

գ. Դիմողը մատնանշում է, որ ընտրական գործընթացի ընթացքում իշխող քաղաքական ուժը փաստացի օգտվել է պետական իշխանության ինստիտուցիոնալ առավելություններից, ինչը հանգեցրել է քաղաքական մրցակցության անհավասար պայմանների ձևավորմանը։ Արդյունքում՝ քաղաքացիների համար հաճախ խառնվել են պետական գործունեության, պաշտոնական հաղորդակցության և կուսակցական քարոզչության սահմանները։

Դիմողը ներկայացրել է նաև փաստեր, համաձայն որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանը նախընտրական քարոզչության ընթացքում ընտրողներին բաժանել է սննդամթերք և այլ ապրանքներ՝ խախտելով բարեգործության արգելքը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում «սրտիկներով կապույտ մեքենաների» օգտագործումը, ըստ Դիմողի, հանգեցրել է Կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 2137-Ն որոշմամբ հաստատված՝ տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգի խախտման։

դ. Դիմողը նշում է, որ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավասարությամբ հանդես չի եկել նախընտրական քարոզարշավի ժամանակ և գտնվել է մրցակցությունից դուրս: Մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հիմնադրամի հայտարարագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում ներառված են 130 անշարժ գույքեր, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հանձնվել են անհատույց, մինչդեռ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համաձայն՝ հիշատակված անշարժ գույքերը պետք է արտացոլված լինեին հայտարարագրում՝ շուկայական արժեքով։ Ըստ Դիմողի՝ ներկայացված արժեքները ոչ միայն չեն համապատասխանում գործող շուկայական արժեքներին, այլև հաճախ էականորեն տարբերվում են շուկայական արժեքից։ Ընդ որում՝ այդ 130 միավոր անշարժ գույքերի անհատույց օգտագործումը նաև բացառել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարկային պարտավորությունների կատարումը, ինչը չէր բացառվի վարձակալության դեպքում։

ե. Դիմողը նշում է, որ մի շարք ընտրատեղամասերում տեղամասային արձանագրություններով և ԿԸՀ ամփոփ տվյալներով արձանագրվել են էական տարբերություններ։ Դիմողի գնահատմամբ՝ ընտրողի քվեն կարող է կորցնել իր իրավական արժեքը ոչ միայն այն դեպքում, երբ ընտրողին ճնշում են կամ կաշառում, այլև այն դեպքում, երբ նրա տված քվեն արձանագրությունից մինչև վերջնական ամփոփում ընկած ճանապարհին սխալ է հաշվարկվում, նվազեցվում կամ այլ կերպ չի արտացոլվում պաշտոնական արդյունքներում։

զ. Դիմողը նշում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 14-ի N 258-Ա որոշմամբ արձանագրել է, որ թիվ 10/51, 12/13 և 35/65 ընտրատեղամասերում ընտրության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրության արդյունքների վրա։ Ըստ Դիմողի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա եզրակացրել է առանց բավարար չափով վերլուծություն կատարելու և անվավերության ազդեցության չափը գնահատելու։

Դիմողի պնդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հաջորդիվ հանդես է եկել հայտարարությամբ, որով արձանագրել է«Հավասար ընտրական իրավունքի տեսանկյունից ևս խնդիրը ակնհայտ է։ Վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում»։ Դիմողը գտնում է, որ նման հետևությունը ոչ այլ ինչ է, քան օրենքի կամայական մեկնաբանում, քանի որ վերաքվեարկության միջոցով արդյունքները շտկելու անհնարինության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չուներ հայեցողություն և չէր կարող ընդունել այլ որոշում, քան Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին։

է. Դիմողը, անդրադառնալով ընտրական բողոքների արդյունավետ քննությանը որպես սահմանադրական պահանջ, ինչպես նաև վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2003 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-412 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, գտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստացի չի իրականացրել իր ներկայացրած՝ վարչական ռեսուրսի կիրառման, նախընտրական հիմնադրամի չափը գերազանցված լինելու, ընտրողների կամարտահայտության վրա ազդեցության, ընտրակաշառքի հատկանիշներ պարունակող գործողությունների և արձանագրությունների անհամապատասխանությունների վերաբերյալ փաստարկների ամբողջական քննություն, ինչը հակասում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-412 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը:

Հավելելով՝ Դիմողը նշում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հակասելով Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 15-րդ մասին, 2026 թվականի հունիսի 14-ին կայացրել է առանձին որոշում՝ N 258-Ա որոշումը, որով անդրադարձել է իր ներկայացրած դիմումին։ Մինչդեռ նման որոշում ընդունելու լիազորություն, ըստ Դիմողի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո՛չ Ընտրական օրենսգրքով, ո՛չ էլ որևէ այլ օրենքով չի ունեցել, քանի որ Ընտրական օրենսգրքի 75 և 95-րդ հոդվածների ուժով միակ որոշումը, որը ԿԸՀ-ն կայացնում է ընտրությունների ամփոփման փուլում, 95-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հինգ որոշումներից մեկն է։ Դիմողի պնդմամբ՝ հենց այդպես է հաստատված եղել նաև նիստի օրակարգը, որում ներառված է եղել մեկ հարց: Տվյալ դեպքում, ըստ Դիմողի, ԿԸՀ-ն իր դիմումին պետք է անդրադառնար 2026 թվականի հունիսի 14-ի N 259-Ա որոշմամբ, ինչը չի արել։

 

11.3. «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցություն

«Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը (այսուհետ սույն կետում նաև՝ Դիմող) իր դիմումով խնդրել է.

«Անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 07-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 14.06.2026 թվականի թիվ 259-Ա որոշումը և ընտրությունների արդյունքները»:

ա. Ըստ Դիմողի՝ նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում տեղի են ունեցել ընտրախախտումներ, որոնք կրել են կազմակերպված, զանգվածային և պարբերաբար կրկնվող բնույթ, ավելին՝ առկա են զգալի չափով հաստատված անճշտություններ։ Խախտումների համադրումը վկայում է դրանց միջև համակարգային փոխկապակցվածության մասին, որոնք հիմք են տալիս փաստելու, որ նշված ընտրությունները չեն արտահայտում ընտրողի իրական կամքը և ընտրությունների իրական արդյունքները։ Նշվածի արդյունքում խախտվում են Սահմանադրության 1-ին, 2, 7 և 8-րդ հոդվածները, Ընտրական օրենսգրքի 3, 4, 6, 19 և 23-րդ հոդվածները։

բ. 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության և քվեարկության ընթացքում հանրային տիրույթում, զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական հարթակներով, քաղաքական ուժերի պաշտոնական հաղորդագրություններով և քաղաքացիների հրապարակային ահազանգերով տարածվել են բազմաթիվ տեղեկություններ, որոնք փաստում են պետական և համայնքային կառույցների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև վարչական այլ լծակների համակարգային ներգրավման մասին ընտրական գործընթացներում (օրինակ՝ Մարտունի համայնքում և Ստեփանավան քաղաքում)՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (նշված քաղաքական ուժը ընտրական գործընթացների ընթացքում հանդիսացել է իշխող ուժ)։

Հանրային տիրույթում լայնորեն տարածվել են տեղեկություններ, որ տարբեր համայնքների ղեկավարներ, վարչական շրջանների ղեկավարներ, մարզային և համայնքային պաշտոնատար անձինք ուղղակի կամ անուղղակի մասնակցել են ընտրական գործընթացներին՝ ազդեցություն գործադրելով ընտրողների կամքի ձևավորման վրա (օրինակ՝ Վարդենիկ, Թեղուտ և Մեծավան համայնքներում)։

Հրապարակվել են տեղեկություններ քվեարկության ընթացքում տեղի ունեցած մի շարք այլ խախտումների վերաբերյալ, այդ թվում՝

նույն անձի կողմից բազմակի քվեարկության կասկածների,

 ընտրողներին որոշակի քաղաքական ուժի օգտին ուղղորդելու,

 ընտրողներին ամբողջական կամ հավասար քանակությամբ քվեաթերթիկներ չտրամադրելու,

 ընտրատեղամասերում քաղաքական քարոզչություն իրականացնելու,

 ընտրողների ցուցակներում փաստացի չբնակվող կամ մահացած անձանց ընդգրկված լինելու,

 ընտրատեղամասերի տարածքներում պաշտոնատար անձանց անթույլատրելի ներկայության և ազդեցության վերաբերյալ։

Վերոնշյալ տեղեկությունները վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի և համայնքների՝ Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի և այլ վարչատարածքային միավորների, ինչպես նաև ընտրական գործընթացի տարբեր փուլերի՝ նախընտրական քարոզչությունից մինչև քվեարկության օրը։ Դրանք ներառում են պետական և համայնքային կառավարման տարբեր մակարդակների պաշտոնատար անձանց գործողություններ, կրթական հաստատությունների ներգրավում, ընտրողների ուղղորդման, վարչական ազդեցության մասին բազմաթիվ հաղորդումներ։

գ. Մի շարք դեպքերում գործադիր իշխանության ներկայացուցիչները հանրային միջոցառումներին և քաղաքացիների հետ հանդիպումներին մասնակցել են այնպիսի խորհրդանշաններով և տարբերանշաններով, որոնք նույնացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության հետ։ Այդ համատեքստում առանձնակի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ պաշտոնատար անձինք հանդես են եկել Հայաստանի Հանրապետության քարտեզի պատկերով կրծքանշաններով, որոնք իշխող քաղաքական ուժի կողմից նախընտրական քարոզչության ընթացքում ներկայացվել են որպես այսպես կոչված «Իրական Հայաստանի» խորհրդանիշ։ Հաշվի առնելով այդ խորհրդանիշի քաղաքական բովանդակությունն ու օգտագործման համատեքստը՝ ակնհայտ է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից դրա կիրառումը չէր կարող ընկալվել բացառապես որպես չեզոք կամ պետական նշանակության գործողություն, այլ պարունակում էր հստակ ընտրական ենթատեքստ։

Նման պայմաններում պետական իշխանության ներկայացուցիչների կողմից քաղաքական բովանդակություն ունեցող խորհրդանիշների օգտագործումը, հատկապես այն ժամանակահատվածում, երբ պաշտոնական նախընտրական քարոզչությունը դեռևս չէր սկսվել, ազդել է ընտրողների քաղաքական ընկալումների և նախապատվությունների ձևավորման վրա՝ վերջիններիս համար ստեղծելով նախնական և կանխակալ պատկերացումներ քաղաքական գործընթացի մասնակիցների վերաբերյալ։ Ավելին, այդ ազդեցությունն իրականացվել է այն փուլում, երբ ընտրողները դեռևս հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի ծրագրերին, գաղափարախոսությանը և քաղաքական առաջարկներին, ինչը կարող էր խաթարել քաղաքական մրցակցության հավասար պայմանները։

դ. Դիմողը նշում է, որ Կառավարության կողմից իրականացվել է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական վճարների բարձրացում ընտրություններին անմիջապես նախորդող ժամանակահատվածում, մասնավորապես՝ Կառավարության 2026 թվականի մարտի 5-ի թիվ 244-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1489-Ն որոշման մեջ, որն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 1-ին։ Նշված որոշմամբ ընտրություններից 2 ամիս առաջ, իսկ քարոզարշավից մոտ մեկ ամիս առաջ Կառավարությունն ընդունել է սոցիալական վճարների բարձրացմանն ուղղված որոշում։

Կառավարության կողմից ընտրություններից օրեր առաջ իրականացվել է պարտքերի ներման գործընթաց, մասնավորապես՝ Կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի թիվ 748-Ա որոշմամբ Կառավարությունը ներել է Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշմամբ սահմանված որոշ կատեգորիայի անձանց պարտավորություններ, որոնց պարտքը չի գերազանցել 5.000.000 ՀՀ դրամը։

Կառավարության այս որոշումներն ընտրողի իրական կամքի վրա իշխանական լիազորությունների օգտագործմամբ ազդեցության գործադրում է։ Նշված փաստերն ազդել են ընտրության արդյունքների վրա և կրել են հստակ մեխանիզմով կազմակերպված զանգվածային բնույթ (շահառուների ահռելի քանակ), որով անհավասար պայմաններ են ստեղծել մնացյալ քաղաքական ուժերի համար։

ե. Ընտրական գործընթացի ընթացքում և դրանից հետո արձանագրվել են մի շարք հանգամանքներ, որոնք առերևույթ հիմք են տալիս կասկածի տակ դնելու ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների, մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև իրավապահ մարմինների անկախությունը, անաչառությունը և քաղաքական չեզոքությունն ընտրական գործընթացների նկատմամբ։

2026 թվականի մայիսի 20-ին նախընտրական քարոզչության ընթացքում գործող իշխանության ղեկավարի՝ ընտրություններին մասնակցող իշխող քաղաքական ուժի առաջնորդ Ն. Փաշինյանի կողմից հրապարակային հայտարարություններ են հնչեցվել այն մասին, որ մոտ ապագայում ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից հաղորդում է ներկայացվելու և իրականացվելու են գործողություններ, որոնք առնչվելու են ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Ա. Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության համար քրեական հետապնդում հարուցելուն և ձերբակալելուն:

Տվյալ հայտարարությունից անմիջապես հետո՝ 2026 թվականի մայիսի 23-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նշված անձը ձերբակալվել է՝ նույն բնույթի մեղադրանքների կամ կասկածների շրջանակներում, որոնց մասին նախապես հրապարակային հայտարարել էր իշխող քաղաքական ուժի առաջնորդը։

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո քրեական հետապնդում է նախաձեռնվել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից մեկի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի նկատմամբ։ Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այդ գործընթացը ժամանակային առումով համընկնում է այն փուլին, երբ տվյալ քաղաքական ուժը վիճարկել է ընտրությունների արդյունքները և դիմել է ընտրական մարմիններին՝ ձայների վերահաշվարկի պահանջով։

զ. Նախընտրական քարոզչության ընթացքում հանրային լայն արձագանք է ստացել վարչապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը, որում արձանագրված է վերջինիս անմիջական շփումն իրեն մոտեցած կնոջ հետ։ Տեսանյութից երևում է, որ վարչապետը կնոջ նկատմամբ դրսևորում է ակնհայտ ագրեսիվ, ճնշող և նվաստացնող վարքագիծ՝ կիրառելով սպառնալիքի, վախի և թշնամանքի տարրեր պարունակող արտահայտություններ, ինչպես նաև ֆիզիկական միջամտություն և քաշքշուկի տարրեր պարունակող գործողություններ:

Հաշվի առնելով խոսքի հեղինակի պաշտոնական կարգավիճակը, միջադեպի հանրային բնույթը, քաղաքացու նկատմամբ դրսևորված ագրեսիվ և ֆիզիկական ներգործության տարրեր պարունակող վարքագիծը, դրա լայն տարածումը տեղեկատվական հարթակներում, ինչպես նաև ընտրական գործընթացի ակտիվ փուլում տեղի ունենալու հանգամանքը՝ տվյալ գործողություններն ապացուցում են այն փաստը, որ վերջինս ազդում է ընտրողների ազատ կամարտահայտման վրա՝ նպաստելով վախի, սպառնալիքի և ատելության մթնոլորտի ձևավորմանը, ինչն անհամատեղելի է ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների հիմնարար սկզբունքների հետ։

2026 թվականի մայիսի 18-ին Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից անցկացվող քարոզչական հանդիպման ժամանակ տեղի է ունեցել միջադեպ վարչապետ՝ նախընտրական քարոզչություն իրականացնող պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի և Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Ա. Օսիպյանի միջև։

Միջադեպից անմիջապես հետո Ա. Օսիպյանը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այդ թվում՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու, խուլիգանության և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հատկանիշներով, իսկ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, որից հետո վերջինիս կալանք խափանման միջոցը փոխարինվել է։

Նկարագրված հանգամանքների համակցությունը վկայում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում պաշտոնատար անձի կողմից կիրառվել է ագրեսիվ և սպառնալիք պարունակող քաղաքական խոսույթ, որն էական ազդեցություն է ունեցել ընտրողների ազատ կամարտահայտման միջավայրի վրա, սահմանափակել քաղաքական բազմակարծության մթնոլորտը և որոշ ընտրողների մոտ առաջացնել իրենց քաղաքական դիրքորոշումն ազատորեն արտահայտելու կամ ընդդիմադիր քաղաքական ուժերին աջակցելու հետ կապված վախեր ու զսպվածություն։

է. Ընտրական գործընթացի օրինականության գնահատման տեսանկյունից առանձնակի նշանակություն ունի այն փաստը, որ ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախքան քվեարկության օրը պաշտոնապես իրազեկված է եղել ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն ունեցող բազմաթիվ խախտումների մասին, սակայն չի ձեռնարկել այնպիսի արդյունավետ և համարժեք միջոցներ, որոնք կարող էին կանխել կամ վերացնել դրանց հետևանքները։

Նշվածն էական նշանակություն ունի ընտրությունների արդյունքների իրավաչափության գնահատման համար, քանի որ վերահսկող մարմնի իրազեկված լինելու, սակայն արդյունավետ արձագանք չցուցաբերելու պայմաններում արձանագրված խախտումները շարունակել են գործել մինչև քվեարկության ավարտը՝ թողնելով ազդեցություն ընտրողների ազատ կամարտահայտության և ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

ը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել թիվ 10/51, 12/13 և 35/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել։ Նշվածի հետևանքով արձանագրված անճշտությունների ընդհանուր թիվը կազմել է 3395, ինչը կազմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերջնական ամփոփմամբ արձանագրված 4331 անճշտությունների ճնշող մեծամասնությունը։ Այսինքն՝ ընդհանուր անճշտությունների քանակը կազմում է 4331։ Չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ ընտրատեղամասերում արձանագրված խախտումներն ու անճշտություններն իրենց ծավալով էական ազդեցություն են ունեցել ընդհանուր արդյունքների հավաստիության և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել վերաքվեարկություն նշանակելու մասին որոշում:

Իրավունքի գերակայության, համաչափության և արդյունավետ իրավական պաշտպանության սկզբունքներից բխում է, որ ընտրական մարմինը պարտավոր էր ընտրել այն միջոցը, որը նվազագույն չափով կսահմանափակեր ընտրական իրավունքները և առավելագույն չափով կապահովեր ընտրողների իրական կամքի բացահայտումը։ Տվյալ դեպքում մասնակի վերաքվեարկությունը հանդիսանում էր հենց այդպիսի միջոց՝ առավել համաչափ, նպատակային և արդյունավետ իրավական արձագանք։

Հետևաբար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն պատճառաբանությունը, թե վերաքվեարկությունը կարող էր առաջացնել տակտիկական քվեարկության կամ ընտրողների անհավասարության ռիսկեր, չի համապատասխանում իրավական հիմնավորվածության, փաստական որոշակիության և համաչափության պահանջներին։ Այն հիմնված է վերացական ենթադրությունների վրա և չի կարող արդարացնել այն իրավիճակը, երբ ընտրությունների վերջնական արդյունքները պահպանվել են՝ չնայած այն հանգամանքին, որ արձանագրված անճշտությունների ճնշող մեծամասնությունը կենտրոնացած է եղել հենց այն ընտրատեղամասերում, որոնց արդյունքներն անվավեր են ճանաչվել։ Նման պայմաններում վերաքվեարկությունից հրաժարումը ոչ թե պաշտպանել է ընտրական գործընթացի ամբողջականությունը, այլ խորացրել է կասկածները ընտրությունների արդյունքների իսկության, ընտրողների իրական կամքի արտացոլման և ընտրական վարչարարության արդյունավետության վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահայտված տվյալ մոտեցումը, ըստ էության, չի համադրվում և հակասում է հենց իր կողմից վկայակոչված՝ Վենետիկի հանձնաժողովի զեկույցում ամրագրված սկզբունքներին:

Նման պայմաններում հաշվի առնելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից փաստացի խեղաթյուրվել է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, հարկ է փաստել, որ տվյալ ձայների հաշվարկման արդյունքում դրանք փաստացի էական ազդեցություն կարող էին ունենալ ընտրությունների իրական արդյունքների վրա, մասնավորապես, մի մասը կունենար երկու տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կունենար չորս տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենար սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ 3 տեղամասերի անվավերությունը և դրանց վերաքվեարկությունը չապահովելը հանգեցրել են այնպիսի անճշտությունների քանակի, որի արդյունքում առկա չէ ընտրությունների իրական պատկերը հասկանալու հնարավորություն։

Մյուս կողմից՝ հաշվի առնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մտավախությունները տակտիկական քվեարկության մասով՝ վերջինս պարտավոր էր զսպել այդ ռիսկերը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Նման պայմաններում հատկանշական է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտել է ընտրողների մի զանգվածի իրավունքները՝ ապահովելով այլ ընտրազանգվածի իրավունքի պաշտպանությունը, սակայն այստեղ անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցադրմանը՝ արդյո՞ք առկա չէ այլ մեխանիզմ՝ երաշխավորելու բոլոր անձանց իրավունքների ապահովումը։ Նշված իրավիճակում այդ մեխանիզմը նոր ընտրությունների նշանակումն է, որով չի լինի տակտիկական քվեարկության ռիսկ, որը բարձրաձայնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և կապահովվի յուրաքանչյուր ընտրողի ընտրական իրավունքի իրացումը:

Նշվածի արդյունքում առկա չէ ընտրությունների իրական պատկերը, խախտվել են ընտրողների իրավունքները, ինչպես նաև կուսակցությունների՝ իրենց հավանական ընտրողների ձայների ստացումը, որն էական ազդեցություն է թողել ընտրության արդյունքների վրա և հանգեցրել է Սահմանադրության 7-րդ հոդվածի խախտմանը։

Այս առումով առկա է այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության 3395 ընտրող-քաղաքացի զրկված է իր պասիվ ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից, իսկ այդ իրավունքի վերականգնման համար չի տրվել վերաքվեարկությանը մասնակցելու հնարավորություն՝ խախտելով Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասը:

թ. 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի ընտրություններ նշանակելու մասին հրամանագրի ուժի մեջ մտնելու պահից, ՀՀ ողջ տարածքում առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների և ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնվել է ընդհանուր առմամբ 115 քրեական վարույթ։ Նշված վարույթների քանակական ցուցանիշները, տարածքային ընդգրկվածությունը և դրանցում ներգրավված քաղաքական սուբյեկտների շրջանակը վկայում են, որ արձանագրված խախտումները չեն կրել մեկուսացված կամ պատահական բնույթ, այլ ունեցել են կազմակերպված, համակարգված և համապետական դրսևորումներ։ Այդ հանգամանքը, իր հերթին, հիմնավոր կասկածի տակ է դնում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը, ինչպես նաև ընտրողների ազատ կամարտահայտման պայմանների ապահովվածությունը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության (և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի) անունից հանդես եկող թեկնածուների, տարածքային պատասխանատուների, համակիրների ու նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից ընտրողներին նյութապես շահագրգռելու, ընտրակաշառք տրամադրելու, ինչպես նաև նրանց ազատ կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություն գործադրելու կազմակերպված, բազմաշերտ, համակարգված և քողարկված մեխանիզմներ։ Այս համակարգային իրավախախտումները կրել են փոխլրացնող բնույթ և արձանագրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում (օրինակ՝ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի մարզերում) և Երևան քաղաքում։

Իրավապահ մարմինները փաստական տվյալներ են ձեռք բերել նաև այն մասին, որ կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ կազմակերպել է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու և իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու (այդ թվում՝ ճանապարհածախսի (տոմսերի) փոխհատուցման) գործընթաց։ Այս վարույթով դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ, 1 անձ գտնվում է կալանքի տակ։

Համակարգային խախտումների շարքում առանձնանում է ընտրական վարչարարության գործիքների առերևույթ չարաշահումը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, օգտվելով հանձնաժողովի անդամներ առաջադրելու իր իրավասությունից, նախապատվությունը տվել է այն անձանց, որոնք պաշտոնական վարձատրությունից բացի, պարտավորվել են ապահովել ինչպես իրենց անձնական քվեն, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով այլ ընտրողների քվեարկությունը տվյալ դաշինքի օգտին։ Այդպիսով, հանձնաժողովի անդամի կարգավիճակը և դրա դիմաց նախատեսված վարձատրությունը փաստացի օգտագործվել են որպես քվեներ ձեռք բերելու, ընտրողների կամքի վրա ազդելու և ընտրական գործընթացի ներսում քաղաքական աջակցություն ապահովելու գործիք։

ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված ընդգրկուն օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների, պատգամավորի թեկնածուների, ակտիվ համակիրների, ինչպես նաև նրանց հետ ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված անձանց գործունեության մեջ առկա են տարածքային մեծ ընդգրկվածություն ունեցող, բազմաձև և համակարգված բնույթ կրող առերևույթ ընտրական իրավախախտումներ (օրինակ՝ Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի Լոռու, Տավուշի մարզերում)։ Համաձայն քրեական վարույթների նյութերի՝ ընտրողների կամարտահայտման վրա ազդելու նպատակով կիրառվել են տարաբնույթ ապօրինի մեխանիզմներ, որոնց թվում են ընտրողների ուղղակի նյութական շահագրգռումը, ձայների կազմակերպված գնումը, կուսակցական զանգվածային հավաքներին քաղաքացիների մասնակցության ուղղակի ֆինանսավորումը, ինչպես նաև նախընտրական գրասենյակներում ձևական զբաղվածության հաստիքների ստեղծման միջոցով ընտրակաշառքի քողարկումը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի գործունեության շրջանակներում տեղի է ունեցել ֆինանսական միջոցների ուղղակի բաշխում ընտրողներին։ Դրանից բացի, արձանագրվել են ընտրական իրավունքի տրամաբանությունից դուրս գտնվող ակնհայտ ապօրինի խոստումներ և հատուկ հավաքների կազմակերպում, որոնցում նպատակային կերպով ներգրավվել է զինվորականությունը։

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից հատուկ թիրախավորման է ենթարկվել ընտրական հանձնաժողովների անդամների ինստիտուտը։ Հանձնաժողովի անդամությունը և դրա դիմաց նախատեսված վարձատրությունն օգտագործվել են որպես քվեներ ձեռք բերելու ուղղակի միջոց։ Հարուցված քրեական վարույթների շրջանակներում դատարանի որոշումներով իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, գաղտնալսող միջոցներ հայտնաբերող սարքավորում, ինչպես նաև վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի փաստաթղթեր ու սևագրություններ ապօրինի գումարային շարժերի, ընտրողների ցուցակների և քաղաքացիներին տարբեր տեսակի օգնություններ տրամադրելու վերաբերյալ։

Նշված հանգամանքները, թեև յուրաքանչյուրն առանձին վերցված ենթակա են ինքնուրույն իրավական գնահատման, իրենց ամբողջության մեջ ձևավորում են փոխկապակցված փաստական պատկերի տարրեր։ Դրանք միավորվում են ընդհանուր ժամանակային շրջանակով, վերաբերում են նույն ընտրական գործընթացին, առնչվում են նույն քաղաքական մրցակցային միջավայրին և, ըստ էության, ուղղված են եղել ընտրողների քաղաքական կամքի ձևավորման, արտահայտման կամ դրա վրա ազդեցություն գործադրելու գործընթացներին։

ժ. Ընտրական գործընթացի ընթացքում առերևույթ խախտվել են Սահմանադրության 7 և 8-րդ հոդվածներով ամրագրված՝ ազատ ընտրությունների, քաղաքական բազմակարծության, գաղափարախոսական բազմազանության և բազմակուսակցական համակարգի հիմնարար սկզբունքները։

Նախընտրական քարոզչության ընթացքում լայնորեն օգտագործվել են պետական և համայնքային կառավարման համակարգի հետ առնչվող ազդեցության լծակները, այդ թվում՝ համայնքների ղեկավարների հեղինակությունն ու ազդեցությունը համայնքների բնակչության նկատմամբ, ինչպես նաև կրթական և սոցիալական նշանակության հաստատությունների՝ մանկապարտեզների, դպրոցների, քոլեջների և բուժհաստատությունների աշխատակիցների ներգրավումը քաղաքական միջոցառումներին: Գործով առկա ապացույցներով հաստատվում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում կիրառվել է վարչական ռեսուրս, որի շրջանակներում պետական և համայնքային համակարգերի աշխատակիցները ներգրավվել են քաղաքական միջոցառումներում։ Այս հանգամանքը խախտել է ընտրական գործընթացի հավասարության, ազատության և արդարության սկզբունքները, ընտրողների կամքի ձևավորման վրա գործադրել է անթույլատրելի ազդեցություն և իր ծավալներով ու բնույթով էական ազդեցություն է ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

Ընտրական գործընթացին նախորդող ժամանակահատվածում իրականացվել են այնպիսի գործողություններ, որոնք իրենց բովանդակությամբ և նպատակով ունեցել են քաղաքական և քարոզչական բնույթ, սակայն իրականացվել են նախընտրական քարոզչության պաշտոնական ժամանակահատվածից դուրս։

Համայնքների ղեկավարների և նրանց ազդեցության շրջանակում գտնվող անձանց կողմից ընտրողների նկատմամբ ուղղորդման կամ ճնշման գործադրումը հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ այդ անձինք համայնքներում օժտված են հանրային իշխանության որոշակի լծակներով և հասարակական ազդեցությամբ։ Հետևաբար՝ նրանց արտահայտած քաղաքական պահանջները կամ ակնկալիքները քաղաքացիների կողմից կարող են ընկալվել ոչ թե որպես սովորական քաղաքական կոչ, այլ որպես իշխանության ներկայացուցչի կողմից հնչեցված պարտադրանք կամ ակնարկ, որը չկատարելը կարող է առաջացնել քաղաքացիների անհանգստություն, կախվածության կամ հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ մտավախություններ։

ժա. Առաջնային իրավական և փաստական նշանակություն ունի նաև գործադիր իշխանության ղեկավարի՝ ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարությունն այն մասին, որ արձանագրված խախտումները «ազդել են ընտրությունների արդյունքների վրա», և որ առանձին քաղաքական ուժեր քվեարկության շեմը չպետք է հաղթահարեին: Սահմանադրական իրավունքի տեսանկյունից, երբ պետության բարձրագույն քաղաքական պաշտոնյան հրապարակայնորեն ընդունում է, որ իրավախախտումներն ունեցել են որոշիչ և արդյունք ձևավորող ազդեցություն, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների սովորական ամփոփումը վերածվում է իրավական ձևականության: Այս պարագայում արձանագրվում է արդյունքների և ժողովրդի իրական կամքի միջև առկա ակնհայտ խզումը:

ժբ. Առավել վտանգավոր և սահմանադրական կարգի հիմքերը խարխլող դրսևորում է քվեարկության գաղտնիության բացարձակ սկզբունքի դեմ ոտնձգությունը: Ալավերդի քաղաքում և Սյունիքի մարզի Գորիս համայնքում արձանագրված դեպքերը, երբ ընտրողներից պահանջվել է քվեախցիկում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկը և ներկայացնել որպես կատարված նյութական կամ այլ պարտավորության ապացույց, հանդիսանում են կամքի ազատ արտահայտման նկատմամբ ապօրինի վերահսկողության և հոգեբանական հարկադրանքի դասական օրինակ:

Քվեարկության գաղտնիությունն ընտրողի պաշտպանության հիմնական իրավական երաշխիքն է արտաքին ճնշումներից և հետապնդումներից: Այս սկզբունքի վերացումը կամ դրա նկատմամբ վերահսկողության սահմանումը ոչ միայն խախտում է Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջները, այլև հարկադրանքի միջոցով ամբողջությամբ կաթվածահար է անում ընտրության «ազատ» լինելու հայեցակարգային էությունը, քանի որ վախի կամ պարտավորվածության տակ գտնվող ընտրողն ի վիճակի չէ իրացնելու իր սահմանադրական ազատությունը:

Լուսանկարումը վերահսկվող քվեարկության (controlled voting) ապացույց է: Եթե ընտրողը պարտավոր է ապահովել իր քվեարկության տեսանելիությունը երրորդ անձանց համար, ապա քվեարկության գաղտնիության սահմանադրական երաշխիքը (Սահմանադրության 48-րդ հոդված) ամբողջությամբ ոչնչանում է: Գաղտնիության սկզբունքի խախտումն ավտոմատ կերպով հանգեցնում է ընտրության ազատության կորստին, քանի որ ընտրողը գիտակցում է, որ իր քվեն այլևս անոնիմ չէ, և դրան կարող են հետևել անձնական, տնտեսական կամ այլ բացասական հետևանքներ:

ժգ. Առանձնահատուկ և մանրամասն ուշադրության է արժանի ընտրողներին հավաքագրելու նպատակով տրված ոչ իրավաչափ և ապօրինի խոստումների փաստը։ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ակտիվ համակիրները, ընտրություններում կոնկրետ ձայներ ապահովելու հստակ պայմանով, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երկու ամուսինների տվել են ակնհայտ ապօրինի խոստում։ Տրված խոստման բովանդակության համաձայն՝ ընտրությունների ավարտից անմիջապես հետո՝ սկսած 2026 թվականի հունիսի 8-ից, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ղեկավարությունը պարտավորվել է օգտագործել իր ունեցած քաղաքական կապերը և ամբողջությամբ լուծել թմրամիջոց պահելու ծանր հանցագործության համար Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից դատապարտվող նրանց որդիներին պատժից ազատ արձակելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը։ Այս հանգամանքն ընտրողների կամքի վրա ազդելու նպատակով արդարադատության ոլորտում ապօրինի միջամտության խոստումների կիրառման ուղղակի ապացույց է։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից կիրառված քաղաքական տեխնոլոգիաները և նախընտրական մանիպուլյացիաները դուրս են եկել իրավական բոլոր սահմաններից՝ հարվածելով պետականության հիմքերին: Ռուսաստանի Դաշնությունում թմրամիջոցների պահման համար դատապարտված անձանց պատժից ազատ արձակելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ վերջիններիս ծնողներին տրված պաշտոնական, գրավոր խոստումները, որոնք ձևակերպվել են կոնկրետ ստորագրված հուշագրերի տեսքով, արդարադատության իրականացման և պետության ինքնիշխան գործառույթների ոլորտում ապօրինի միջամտության խոստման միջոցով ընտրակաշառքի տրամադրման աննախադեպ դրսևորում են:

Քաղաքական ուժը չի կարող իրեն վերապահել արդարադատության իրականացման, քրեական պատժի կրման կամ միջազգային իրավական օգնության ոլորտում որոշումներ կայացնելու իրավասություն: Նման խոստումները հանրության գիտակցության մեջ խարխլում են պետության՝ որպես իրավական ինստիտուտի հանդեպ վստահությունը և ընտրությունները վերածում են ապօրինի արտոնությունների սակարկության հարթակի:

ժդ. Սույն գործի առանցքային իրավական հարցը հետևյալն է.
արդյո՞ք արձանագրված խախտումները կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Այս առումով միջազգային ընտրական իրավունքը ձևավորել է «էական ազդեցության» չափանիշը, որի էությունն այն է, որ եթե խախտումների ծավալը, բնույթը, տարածվածությունը և ինտենսիվությունն այնպիսին են, որ օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ ողջամիտ կասկած են առաջացնում ընտրությունների արդյունքների արժանահավատության նկատմամբ, ապա այդ ընտրությունների արդյունքները չեն կարող համարվել ժողովրդի ազատ կամարտահայտության արտացոլում։

Եթե ընտրական գործընթացի ընթացքում միաժամանակ առկա են եղել վարչական ռեսուրսի համակարգային կիրառման բազմաթիվ փաստեր, ընտրակաշառքի վերաբերյալ հարյուրավոր քրեական վարույթներ, բազմաթիվ մեղադրյալներ, ընտրողների նկատմամբ ճնշումների և ազդեցությունների մասին հաղորդումներ, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության էական անկում, ապա անհնար է վստահությամբ պնդել, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում։

Ավելին, ընտրական գործընթացի նկատմամբ վստահության կորուստն ինքնին սահմանադրական խնդիր է։ Սահմանադրությունը պաշտպանում է ոչ միայն ընտրությունների տեխնիկական արդյունքը, այլև այդ արդյունքի նկատմամբ հանրային վստահությունը։

Անդրադառնալով թվաբանական հաշվարկին՝ հարկ է նկատել, որ փաստացի անճշտությունների քանակն ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող հանգամանք է, քանի որ հենց դրա արդյունքում կարող էր տեղի ունենալ մանդատների քանակի փոփոխություն, որը կարող էր ազդել խորհրդարանում քվեարկության արդյունքների վրա կամ կարող էր հնարավորություն տալ այլ քաղաքական ուժերի՝ ստանալու ավելի մեծ քանակի քվե՝ ապահովելով կոնկրետ տոկոսային հարաբերակցություն։

Դիմողը գտնում է, որ առկա են բավարար հիմքեր, թե՛ արձանագրված խախտումների, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա, թե՛ թվաբանական հաշվարկի մասով, ընտրության արդյունքներն ամբողջությամբ անվավեր ճանաչելու համար:

 

11.4. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (այսուհետ սույն կետում նաև՝ Դիմող կամ ԲՀԿ) իր դիմումով խնդրել է.

««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված լիազորությամբ անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշում(ներ)ը և

1) անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ

2) որպես այլընտրանք անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը՝ ապահովելով Դիմողի կողմից մանդատների ստացումը»:

ա. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ Ընտրական օրենսգրքի 48.1-ին հոդվածը, որը ԿԸՀ-ն կիրառել է իր կողմից սեփական նախաձեռնությամբ թիվ 35 և թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 11-ի N 10-Ա և N 8-Ա որոշումները վերանայելու մասին թիվ 254-Ա և թիվ 255-Ա որոշումներով (այսուհետ՝ թիվ 254-Ա և թիվ 255-Ա որոշումներ)՝ անվավեր ճանաչելով թիվ 35/65 և 10/51 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ոչ միայն չի տալիս նման որոշում կայացնելու հնարավորություն, այլև սահմանափակում է վերջինիս լիազորությունները բացառապես տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների վերանայմամբ, ինչը, մասնավորապես, պետք է դրսևորվեր բացառապես վերաբերելի տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից քվեարկության արդյունքների վրա ազդեցություն չունենալու վերաբերյալ որոշումների վերացմամբ՝ առանց ընտրական տեղամասի արդյունքներին անդրադառնալու, ինչի հիման վրա արդեն իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կարող էին ինքնուրույն անվավեր ճանաչել (կամ չճանաչել) քվեարկության արդյունքները, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող էր այդ հարցին անդրադառնալ արդեն իսկ նշված որոշումների (եթե կկայացվեր որոշում) վերանայման շրջանակներում կամ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումներով՝ կայացնելով Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը։ Նշված մեկնաբանությունը, ըստ Դիմողի, համահունչ է Սահմանադրության 194-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումներին: Այնինչ, Դիմողի պնդմամբ, ԿԸՀ-ն համապատասխան դրույթը կիրառել է այն մեկնաբանությամբ, որ ինքն իրավունք ունի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի փոխարեն անվավեր ճանաչելու (այն էլ առանց բողոքի՝ ինքնուրույն, իր հայեցողությամբ) քվեարկության արդյունքները, որն ակնհայտորեն դուրս է սահմանադրական կարգավորումների շրջանակից: Այս կապակցությամբ Դիմողը նաև նշում է, որ ՀՀ դատարանները, մերժելով համապատասխան հայցերը Ընտրական օրենսգրքի 48.1-ին հոդվածին նույնպես տվել են նման լայն մեկնաբանություն, որը հակասում է նույն սահմանադրական օրենքի 194-րդ հոդվածին և Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված՝ օրինականության սկզբունքին:

բ. Դիմողը պնդում է, որ Ընտրական օրենսգրքի 48.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանությունը պետք է նախատեսի (ենթադրի), որ ԿԸՀ-ն չունի քվեարկության արդյունքները վերանայելու լիազորություն: Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ ԿԸՀ-ն ընտրական տեղամասի՝ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչման՝ խմբագրման լիազորություն չունի, քանի որ, նախ՝ բացակայում է համապատասխան իրավադրույթը, և, երկրորդ՝ նման պարագայում Ընտրական օրենսգրքի 48.1-ին հոդվածով սահմանված լիազորության իրականացման ժամկետով պայմանավորված՝ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ԿԸՀ-ն անգամ Սահմանադրական դատարանի՝ ընտրությունների արդյունքներով վեճերի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո (որը տեղի է ունենում ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո գրեթե 20 օր անց) 3-4 ամիս անց անվավեր ճանաչի բազմահազար բնակիչներ ունեցող ընտրական տեղամասի արդյունքները, որի արդյունքում ստեղծվի ոչ լեգիտիմ և ոչ լեգալ, Սահմանադրությամբ հռչակված սկզբունքներին հակասող պետական կառավարման համակարգ։

Դիմողը գտնում է, որ ԿԸՀ-ի կողմից կիրառված և ընտրությունների արդյունքների վրա ուղղակիորեն ազդած լիազորությունը և Ընտրական օրենսգրքի 48.1-ին հոդվածին ՀՀ դատարանների կողմից տրված մեկնաբանությունը հակասում են Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված՝ օրինականության սկզբունքին և 194-րդ հոդվածի 4-րդ մասին, քանի որ օրենքի չափազանց ընդարձակ մեկնաբանության արդյունքում ԿԸՀ-ին տրվում է այնպիսի լիազորություն, որն Ընտրական օրենսգրքով իրեն տրված չէ։

գ. Դիմողը նշում է, որ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել ոչ իր և ոչ էլ իր օգտին քվեարկած անձանց մեղքով, այլ ԿԸՀ, տեղամասային ընտրական հանձնաժողովի (այսուհետ նաև՝ ՏԸՀ) և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (այսուհետ նաև՝ ԸԸՀ) կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով։ Մինչդեռ, Դիմողը պնդում է, որ մի կողմից ընտրական հանձնաժողովի կողմից իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման (որը դրսևորվել է 20։00-ից հետո ընտրական տեղամաս մուտք գործել և քվեարկել թույլատրելու ձևով), ապա ՏԸՀ-ի կողմից դրան տրված և արդյունքում անվավեր ճանաչված գնահատականի և նման գործիքակազմի կիրառումից հետո ԿԸՀ-ի կողմից վերաքվեարկություն անցկացնելու որոշում չընդունելու պատճառով բացասական հետևանքները կրում է բացառապես Դիմող քաղաքական ուժը և նրա օգտին քվեարկած բոլոր անձինք, քանի որ հենց այդ ընտրական տեղամասերի ար­դյունքների անվավեր ճանաչվելու արդյունքում է, որ, պայմանավորված անճշտությունների քանակի ավելացմամբ և Դիմողի օգտին քվեարկությունների թվի նվազմամբ, ինքը զրկվում է Ազգային ժողովի մանդատների բաշխմանը մասնակցելու երաշխիքից, քանի որ, նախքան ԿԸՀ-ի կողմից թիվ 254-Ա և թիվ 255-Ա որոշումների ընդունումը, երաշխավորված էր իր՝ մանդատների բաշխմանը մասնակցելը, իսկ այդ որոշումների ընդունումից հետո երաշխավորված էր մանդատների բաշխմանը մասնակցելու հնարավորությունը՝ պայմանավորված օրենսդրական կարգավորումների ուժով վերաքվեարկություն անցկացնելու իմպերատիվ պահանջով պայմանավորված, քանի որ ակնհայտ է, որ վկայակոչված երկու ընտրական տեղամասերում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը և դրա հիմքն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա՝ ուղղակիորեն պայմանավորելով իր՝ Ազգային ժողովում ներկայացվածությունը կամ դրա բացա­ռումը՝ հանգեցնելով ընտրողների՝ իշխանության իրացման ձևավորման սահմանադրական երաշխիքի, Ազգային ժողովի ձևավորման սկզբունքների, 58500 ընտրողի ակտիվ ընտրական իրավունքի և իր՝ պասիվ ընտրական իրավունքի խախտման՝ պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների ոչ պատշաճ իրականացման արդյունքում։

դ. Դիմողը գտնում է, որ ԿԸՀ-ն սխալ է հաշվել և, ըստ այդմ, սխալ է գնահատել իր իսկ կողմից կայացված թիվ 254-Ա1 և թիվ 255-Ա որոշումների հետևանքները։ Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ խնդրո առարկա որոշումների կիրառման և դրա արդյունքում վերաքվեարկություն անցկացնելու որոշում չընդունելու հետևանքով ակնհայտորեն խախտվել են Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված իշխանության ձևավորման, ընտրությունների՝ ազատ (արդար) և ուղղակի անցկացման սկզբունքները, Ազգային ժողովում բազմակարծության, ավելի մեծ թվով ներկայացվածության հնարավորությունը, իր և իր օգտին քվեարկած անձանց իրավունակության դրսևորման բարձրագույն միջոցը՝ քվեն, որոնցով պայմանավորված՝ հիմնավոր, օբյեկտիվ և փաստարկված կերպով կասկածի տակ է դրվել ընտրությունների արդյունքների ամփոփման օրինականությունը։ Նշված որոշումը, Դիմողի պնդմամբ, հակասում է նաև Ընտրական օրենսգրքի 95 և 101-րդ հոդվածներով սահմանված կարգավորումներին:

Դիմողը նաև նշում է, որ ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի 48.1-ին հոդվածի լայն և հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում իրեն վերապահել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի փոխարեն ընտրության քվեարկության արդյունքները (ընդ որում՝ որևէ բողոքի բացակայության պայմաններում) անվավեր ճանա­չելու իրավասություն և դրանից հետո էլ, երբ ակնհայտ է եղել որ այդ որոշումներն ազդում են ընտրության արդյունքների վրա (մինչև համապատասխան որոշումների կայացումը ԲՀԿ-ն ստանում էր 4 տոկոս ձայն, իսկ դրանցից հետո՝ չի ստանում) վերաքվեարկություն նշանակելու կամ ընտրություններն ամբողջությամբ անվավեր ճանաչելու փոխարեն որոշում է ընդունել մանդատներ բաշխելու մասին՝ գործընթացից բացառելով ԲՀԿ-ին:

ե. Դիմողը նշում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից բռնության կոչեր պարունակող, վիրավորական, անձանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, իրական սպառնալիքներ, ատելության և բռնության կոչեր պարունակող արտահայտությունների հնչեցումը հանգեցնում է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջի խախտման, այն է՝ վերջինիս կողմից օգտագործվում են հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդներ, բռնության կոչեր, բռնության կիրառման սպառնալիքներ, ինչն էլ աներկբայորեն համարվում է նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում:

զ. Անդրադառնալով ԲՀԿ ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Ա. Թևանյանին առաջադրված մեղադրանքին և նրա՝ կալանքի տակ գտնվելու հանգամանքներին՝ Դիմողը նշում է, որ եթե նշված անձի վերաբերյալ չլինեին իրականությանը չհամապատասխանող և որպես վարչապետ հանդես եկող Ն. Փաշինյանի հայտարարությունները, ապա առնվազն ակնհայտ է, որ 2026 թվականի մայիսի 21-ից քրեադատավարական հարկադրանքի ենթարկված անձի կողմից քարոզարշավին ամբողջությամբ մասնակցելու դեպքում առավել քան հավանական է և փաստացի երաշխավորված է, որ Դիմողը կստանար ավելի քան 153 ձայնով ավելի, քան արձանագրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշմամբ։

Դիմողի պնդմամբ՝ տվյալ գործընթացն ուներ մեկ նպատակ՝ խաթարել իր արդյունավետ մասնակցությունն ընտրություններին, իսկ ԿԸՀ-ն, ունենալով նման խախտումը կասեցնելու գործիք, կրավորական տարբերակով տվել է իր համաձայնությունը (նման ոճով բոլոր դիմումներն առանց բացառության հաստատվել են ԿԸՀ-ի կողմից): Ընդ որում՝ Դիմողը նշում է, որ այդ որոշումներից որևէ մեկը չի պարունակում հիմնավորում, որը հնարավորություն կտար արդյունավետ պաշտպանվելու:

է. Անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ ՀՌՀ) կողմից Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա տրված եզրակացությանը՝ Դիմողը պնդում է, որ ԿԸՀ-ն ընդամենը վերարտադրել է ՀՌՀ եզրակացությունը՝ չանդրադառնալով դրանում արձանագրված ակնհայտ խախտման փաստին և գնահատականին։ Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ ԿԸՀ-ն չի կատարել ընտրությունների արդյունքների վրա ՀՌՀ-ի կողմից արձանագրված խախտումների ազդեցությունը գնահատելու իր լիազորությունը, հիմք է ընդունել ՀՌՀ-ի կողմից իր լիազորություններից չբխող եզրակացությունը, որով, ըստ էության, հերքվել է հենց ՀՌՀ-ի կողմից ազատության ու հավասար մրցակցության խախտման պայմաններում դրանց ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա:

Այս կապակցությամբ Դիմողը նաև նշում է, որ ԿԸՀ-ն ՀՌՀ-ի կողմից արձանագրված համապատասխան խախտմանը որևէ գնահատական չի տվել, չի պատճառաբանել, այնինչ ակնհայտ է, որ նշված խախտումներն այլ խախտումների հետ համատեղ ակնհայտ ազդել են ընտրության արդյունքների վրա:

ը. Դիմողը, վկայակոչելով 2025 թվականի դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից գրանցված պատգամավորի թեկնածու, վարչապետի կողմից թոշակները չբարձրացնելու վերաբերյալ ընդդիմության հարցերի կապակցությամբ ներկայացված դիրքորոշմանը և, դրան հակառակ՝ 2026 թվականի փետրվարի 25-ին թոշակների բարձրացման մասին հայտարարությանը, որը հաջորդել է Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2026 թվականի հունիսի 7-ին նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրին (նույն թվականի փետրվարի 6), նշում է, որ որևէ հիմնավորում և պատճառաբանություն, քան նախընտրական շրջանում ընտրական գործընթացների վրա ազդելը, այլ իրողություն չի կարող ունենալ, քանի որ երեք ամսվա տարբերությամբ որևէ պետություն չի կարող արձանագրել այնպիսի տնտեսական աճ, որը թույլ կտա կայացնել իրար տրամագծորեն հակառակ որոշումներ, ինչով իսկ ակնհայտ է դառնում, որ կենսաթոշակների բարձրացումը միտված է եղել բացառապես կենսաթոշակառու հանդիսացող և նրանց հետ փոխկապակցված անձանց՝ իշխող քաղաքական ուժի օգտին քվեարկել շահագրգռելուն։ Ընդ որում՝ Դիմողը պնդում է, որ թոշակների աճը նախատեսվել է ոչ թե պետական բյուջեի (որտեղ ավելացումը նախատեսված չի եղել), այլ Կառավարության լիազորությունների շրջանակներում:

Վարչական ռեսուրսի կիրառման և այլ խախտումների համատեքստում Դիմողը նաև անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, Թալինի համայնքապետի կողմից 11.5 միլիոն դրամի օգնություն տրամադրելու, նույն կուսակցության քարոզչական բովանդակությամբ պատկերներ պարունակող ավտոբուսի՝ Կառավարական տուն 1 հասցեի կայանատեղիում մեծ հաճախականությամբ կայանված լինելու, Կապան քաղաքում (մայիսի 9-ին), Վանաձոր քաղաքում (մայիսի 20-ին) և Երևան քաղաքում (հունիսի 5-ին) կազմակերպված նախընտրական հանրահավաքների՝ «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից կատարված դրոնների շոուով ուղեկցվելու և հենց նույն ժամանակահատվածում՝ մայիսի 16-ին, Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ նույն կազմակերպության կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգային միջոցառումը ևս դրոնների շոու-միջոցառմամբ ուղեկցվելու (նշված միջոցառման ժամանակ տեսանելի են եղել ՔՊ-ի նախընտրական նշանները), իշխող քաղաքական ուժի ղեկավարման ներքո գտնվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների՝ անգամ աշխատանքային ժամերին նախընտրական քարոզարշավով և իշխող քաղաքական ուժի պաստառներն Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին մասով արգելված վայրերում՝ առևտրի կետերում փակցնելով զբաղված լինելու, ինչպես նաև 2026 թվականի մայիսի 28-ին (նախընտրական քարոզարշավի ընթացքում) «Խաղաղություն», «Տեր եմ խաղաղությանը» կարգախոսներով հանդես եկող կուսակցության ղեկավարի կողմից ռազմական շքերթ անցկացնելու հանգամանքներին։

թ. Դիմողը նշում է, որ վարչապետ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի հայտարարությունների, շարունակական, վերջինիս կողմից չդադարող վիրավորանքի և ատելության խոսքի, զրպարտությունների և իրականությանը չհամապատասխանող հանրային զգայուն թեմաների վերաբերյալ հայտարարությունները բացառել են հավասար ու ազատ պայմաններում նախընտրական քարոզչությունը, որից զատ ազատությունից զրկված Ա. Թևանյանը և իր գլխավորած քաղաքական ուժը, որը ներկայացված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում, ի զորու չեն եղել ամբողջությամբ ներգրավված լինել նախընտրական քարոզչությանը, մինչդեռ առնվազն ողջամիտ կասկածի շեմից վեր է, որ եթե վարչական ու վերահսկողական լծակներով օժտված իշխող քաղաքական ուժի կողմից կատարված խախտումները շարունակական և այս ծավալների ու բնույթի չլինեին, ապա ԲՀԿ-ն միանշանակ կունենար շատ ավելի մեծ թվով կողմ քվեարկության արդյունքներ, քան արձանագրված է ԿԸՀ որոշմամբ։

Դիմողը եզրահանգում է, որ Ազգային ժողովի՝ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների նախընտրական քարոզարշավի փուլը, արդյունքներն ու դրա ամփոփումը՝ որպես վերջնարդյունք, չեն ապահովել Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված՝ ժողովրդի իշխանության իրացման լեգիտիմ, օրինական, ազատ ու հավասար սկզբունքները, մասնավորապես՝ ամբողջ քարոզարշավն ուղեկցվել է իշխող քաղաքական ուժի պատգամավորի թեկնածուի կողմից ատելության ու բռնության կոչեր, հանրային զգայուն թեմաներում իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելով։ Դիմողը նաև նշում է, որ վկայակոչված խախտումները թե՛ առանձին-առանձին, թե՛ մեկ միասնության մեջ կրում են էական բնույթ, և դրանք ուղղակիորեն անդրադարձել են ընտրությունների արդյունքների և մանդատների բաշխման վրա, իսկ ԿԸՀ-ն չի ձեռնարկել միջոցներ դրանք վերացնել փորձելու առնչությամբ՝ անտեսելով ավելի քան 58 500 անձի ազատ կամահայտնությունը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման բարձրագույն և սահմանադրական միջոց։

 

11.5. «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը (այսուհետ սույն կետում նաև՝ Դիմող) իր դիմումով խնդրել է.

«(...) լուծել ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընդունված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14֊ի N 259-Ա որոշման հետ կապված վեճը, մասնավորապես՝

Անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ 2026 թվականի հունիսի 14-ի N 259-Ա որոշմամբ արձանագրված ընտրության արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը»:

ա. Դիմողը, վկայակոչելով իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում արձանագրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից ընտրական հանցագործությունները, մասնավորապես, ընտրակաշառքի, ընտրողների նյութական շահագրգռման, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և ընտրական գործընթացի վրա ապօրինի ազդեցության մի շարք դեպքերը, գտնում է, որ ԿԸՀ 2026 թվականի հունիսի 14-ի N 259-Ա որոշումը, ըստ էության, սահմանափակվել է քվեարկության արդյունքների թվաբանական ամփոփմամբ և չի պարունակում համարժեք պատճառաբանություն այն մասին, թե ինչպես է ԿԸՀ-ն գնահատել իրավապահ մարմինների կողմից արդեն իսկ հրապարակված ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալները, դրանց հնարավոր ազդեցությունն ընտրական միջավայրի վրա, ընտրողների ազատ կամարտահայտության վրա և ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահության վրա։

Դիմողի պնդմամբ՝ ԿԸՀ-ն պարտավոր չէր փոխարինել քրեական հետապնդման մարմիններին, սակայն պարտավոր էր իր սահմանադրական և ընտրաիրավական լիազորությունների շրջանակներում գնահատել՝ արդյոք պաշտոնապես արձանագրված ընտրակաշառքի, նյութական շահագրգռման, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և ընտրողների վարքագծի ապօրինի ուղղորդման դեպքերը կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ըստ Դիմողի՝ նման գնահատման բացակայությունը խնդրո առարկա թիվ 259-Ա որոշումը դարձնում է թերի պատճառաբանված և սահմանադրորեն խոցելի։

Դիմողը նշում է, որ ԿԸՀ-ն փաստացի հրաժարվել է իրականացնել ընտրությունների օրինականության վերաբերյալ իր գնահատողական պարտականությունը և հանդես է եկել որպես արդյունքների մեխանիկական հաշվարկող մարմին, ինչը հակասում է Սահմանադրության 2 և 7-րդ հոդվածների պահանջներին։

բ. Դիմողը նշում է, որ ներկայացված պաշտոնական տվյալները վկայում են, որ ընտրակաշառքի և ընտրողների նյութական շահագրգռման դեպքերը չեն ունեցել միայն տեղային կամ մեկուսացված բնույթ։ Ըստ Դիմողի՝ դրանք դրսևորվել են բազմաստիճան սխեմաներով՝ ընտրողների հավաքագրում, ցուցակագրում, վճարումների քողարկում, ֆինանսական հոսքերի միջնորդավորում, շտաբային կամ աշխատանքային հարաբերությունների օգտագործում, վստահված անձանց և հանձնաժողովի անդամների ինստիտուտների ներգրավում, ընտրողների տեղափոխման և վերահսկողության մեխանիզմներ։ Նման պայմաններում, Դիմողի պնդմամբ, խախտվում է Սահմանադրության 7-րդ հոդվածի բուն էությունը, քանի որ ընտրողն այլևս հանդես չի գալիս որպես ինքնիշխան կամքի ազատ կրող, այլ դառնում է կազմակերպված նյութական և սոցիալական ազդեցության օբյեկտ։

գ. Դիմողը գտնում է, որ սույն պարագայում խնդիրը ոչ թե այն է, որ ընտրություններում եղել են առանձին խախտումներ, այլ այն, որ պաշտոնական տվյալների համակցությունը ցույց է տալիս ընտրողների կամքի ձևավորման միջավայրի համակարգային թունավորում՝ փողի, սոցիալական կախվածության, շտաբային վերահսկողության և կազմակերպված ապօրինի ազդեցության միջոցով։ Այդպիսի միջավայրում ձևավորված խորհրդարանական արդյունքը, ըստ Դիմողի, չի կարող առանց սահմանադրական խիստ ստուգման համարվել ժողովրդի անխաթար կամքի արտահայտություն։ Ուստի՝ Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող որոշման սահմանադրականությունը պետք է գնահատվի ոչ միայն ընտրական օրենսդրության տեխնիկական պահանջների, այլ նաև Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված՝ ժողովրդաիշխանության սկզբունքի տեսանկյունից։

դ. Դիմողը նշում է, որ սույն գործով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 14-րդ մասի կիրառման նախադրյալներն առկա են, քանի որ խախտումները կրել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող և պարբերական բնույթ, ինչպես նաև ունեցել են համակարգային փոխկապակցվածություն: Դիմողը գտնում է, որ նշված հանգամանքների համադրումը խախտել է Սահմանադրության 7-րդ հոդվածի բուն էությունը, քանի որ ազատ ընտրության սկզբունքը ենթադրում է ոչ միայն գաղտնի քվեարկության հնարավորություն, այլ նաև ընտրողի կամքի ձևավորման ազատ միջավայր։

Այս առումով Դիմողը պնդում է, որ Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցը ոչ միայն այն է, թե որքա՞ն ձայն է փոխվել, այլ նաև այն, թե արդյո՞ք ընտրությունների իրական արդյունքը հնարավոր է արժանահավատորեն պարզել՝ հաշվի առնելով խախտումների ծավալը, բնույթը, տարածվածությունը և փոխկապակցվածությունը։

ե. Ըստ Դիմողի՝ Պատասխանողը կարող է պնդել, որ քանի դեռ քրեական վարույթներն ավարտված չեն, ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել, սակայն այդ մոտեցումն անհիմն է, քանի որ Սահմանադրական դատարանը չի հաստատում քրեական մեղավորությունը, այլ գնահատում է ընտրությունների սահմանադրական լեգիտիմությունը։ Դիմողի պնդմամբ՝ քրեական վարույթների անավարտությունը չի կարող կասեցնել կամ չեզոքացնել ընտրությունների սահմանադրական վերահսկողությունը։

Դիմողը նշում է, որ Պատասխանողը կարող է նաև պնդել, որ ընտրությունները պետք է գնահատել տեղամասային խախտումների տրամաբանությամբ, սակայն սույն գործով խախտումները չեն սահմանափակվում առանձին տեղամասերով՝ դրանք վերաբերում են ընտրողների կամքի ձևավորման ամբողջ միջավայրին, քաղաքական մրցակցության հավասարությանը և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությանը։ Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ առանձին տեղամասային վերաքվեարկությամբ դրանց հետևանքները վերացնել հնարավոր չէ։

Դիմողը գտնում է, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու հանգամանքը թեև հիմնավորվում է և գնահատվում իրավաչափ, սակայն քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն զուգահեռ պետք է նաև սահմանվեր մանդատների բաշխման կարգ:

 

11.6. «Հայաստան» կուսակցությունների դաշինք

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը (այսուհետ սույն կետում նաև՝ Դիմող) իր դիմումով խնդրել է.

«Անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշումը»:

ա. Ընտրությունների ընթացքում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումն օգտագործվել է որպես վարչական ռեսուրսի չարաշահման գործիք՝ խախտելով Սահմանադրության 7-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասար և ազատ ընտրական իրավունքի սկզբունքները։

բ. 2025 թվականի դեկտեմբերի 3-ին վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ կենսաթոշակների բարձրացում չի սպասվում, և այդ ֆինանսական միջոցները (ամսական շուրջ 10,400 ՀՀ դրամ) ուղղվելու են 2026 թվականի հունվարից ներդրվող՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին, մինչդեռ, 2026 թվականի մարտի 5-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների նշանակումից ընդամենը մեկ ամիս անց, Կառավարությունն ընդունեց որոշում, որով 2026 թվականի ապրիլի 1-ից (քվեարկությունից 2 ամիս առաջ) աննախադեպ չափով բարձրացրեց կենսաթոշակներն ու նպաստները:

գ. 2026 թվականի ապրիլի 9-ին՝ Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակումից երկու ամիս անց, Կառավարությունն ընդունել է N 468-Լ որոշումը՝ «Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին»։ Տվյալ որոշմամբ Կառավարությունը սահմանել է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների ամբողջական կամ մասնակի սուբսիդավորում, ինչը գործնականում նշանակում է գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների համար զրոյական տոկոսադրույքով վարկային միջոցների հասանելիություն անմիջապես նախընտրական փուլում։

դ. Մինչև նախընտրական քարոզչության մեկնարկը՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ինչպես նաև ընտրության և դրան նախորդող օրը քննչական մարմինները ծառայողական պարտականությունների կատարման պատրվակով զբաղվել են բացահայտ հակաքարոզչությամբ ընտրություններին մասնակցող ուժերի դեմ, ինչպես նաև ապօրինի միջամտությամբ քարոզչական նյութեր են մատակարարել, որն օգտագործվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից:

Դեռևս մինչև նախընտրական քարոզչության սկիզբը նկատվել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվություններ ներկայացնելիս հստակ թիրախավորում է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերին: Այսպիսի վարքագիծը դրսևորվել և պահպանվել է ընտրական ողջ գործընթացում: Քաղաքական ուժերին թիրախավորել է նաև ՀՀ քննչական կոմիտեն:

ՀՀ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեները հնարավորություն են ունեցել իրենց պարտականությունների կատարումն իրականացնել առանց նախընտրական քարոզչությանը միջամտելու, սակայն նույնիսկ զգուշացումից հետո հրաժարվել են պահպանել չեզոքությունը:

ե. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած նախընտրական հիմնադրամի հաշվետվությունը պարունակում է ակնհայտ կասկածելի գործարքներ, որոնք վկայում են, որ կուսակցությունը փաստացի իրականացրել է հայտարարագրվածից զգալիորեն ավելի մեծ ծախսեր՝ խախտելով Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։ Մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարագրել է ավելի քան 70 անշարժ գույքի վարձակալության պայմանագրեր՝ որպես «փաստացի ծախս» նշելով «0,00» ՀՀ դրամ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք իրականում անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրամադրված ծառայություններ են, որոնք, ըստ օրենքի, պետք է ներառվեին հիմնադրամի ծախսերում՝ իրենց իրական շուկայական արժեքով։ Տվյալ պայմանագրերում որպես «շուկայական արժեք» նշված թվերն էականորեն տարբերվում են իրականությունից, քանի որ համացանցում՝ անշարժ գույքի վարձակալության կայքերում, Երևանի և մարզերի գրասենյակային տարածքների վարձակալության ընթացիկ գների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ կուսակցության կողմից նշված գնահատականներն արհեստականորեն աղավաղված են ֆինանսական վերահսկողությունից խուսափելու և իրական ծախսերը ստվերելու նպատակով։

զ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն աչքի է ընկել Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներում և մայրաքաղաքում ամփոփիչ հանրահավաքներին իրականացված թանկարժեք կահավորանքով և դրոնների շոուներով։ Դրոնների շոուներ անցկացվել են Կապանում, Գյումրիում, Գավառում, Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Արտաշատում, Աբովյանում և Երևանում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընդհանուր հանրահավաքների կազմակերպչական աշխատանքների, ներառյալ՝ տեխնիկայի, դրոն շոուի և շրջիկ պիկապների համար ընդհանուր հայտարարագրվել է 214.000.000 (երկու հարյուր տասնչորս միլիոն) ՀՀ դրամ։

Համեմատության համար հարկ է նշել, որ «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից, որը թե՛ պետական գնումների ոլորտում, թե' «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցառումների կազմակերպման հիմնական մատակարարն է, առանց դրոնների շոուների մեկ միջոցառման կազմակերպումը տատանվում է 30-130 միլիոն ՀՀ դրամի սահմաններում (համաձայն www.armeps.am կայքում առկա տեղեկատվության)։

Չի կարող 9 քաղաքներում անցկացված մեծ հանրահավաքների կազմակերպման ծախսը, ներառյալ՝ լուսաձայնային տեխնիկան, բեմերի կոնստրուկցիաների լոգիստիկ և հավաքման ծախսերը, դրոնների շոուն՝ շրջիկ պիկապների հետ միասին, արժենալ 214.000.000 (երկու հարյուր տասնչորս միլիոն) ՀՀ դրամ։

է. Քարոզարշավի պաշտոնական մեկնարկին նախորդող ժամանակահատվածում արձանագրվել են թաքնված քարոզչության դեպքեր։ 2026 թվականի ապրիլի 19-ին Գյումրիում և ապրիլի 25-ին Երևանում իրականացված՝ «Խաղաղության ձայնը» խորագրով համերգները, որոնք իմաստային առումով նույնացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ «Տե'ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի հետ, փաստացի հանդիսացել են իշխող ուժի քարոզարշավի բաղադրիչ։ Տվյալ փաստը կասկածից վեր է դասվում այն հանգամանքով, որ միջոցառումների ընթացքում ելույթ է ունեցել վարչապետը՝ իր անձնական երաժշտական խմբի՝ «Վարչաբենդ»-ի հետ, ինչը ոչ միայն միջոցառումը վերածել է քաղաքական քարոզչության, այլ նաև՝ ընկալվել որպես այդպիսին։

Միջազգային հայտնի արտիստների ներգրավումը վկայում է, որ համերգների իրական ծախսերը հասել են մի քանի հարյուր միլիոն դրամի, որոնք, սակայն, չեն արտացոլվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվետվությունում։ Նշված համերգի ահռելի ծախսերը թաքցվել են մասնավոր կազմակերպության կողմից կատարված լինելու հիմնավորմամբ: Իշխող ուժի կողմից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ միջոցով այդ ծախսերի ստվերայնացումը ոչ միայն խախտում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված՝ իրավաբանական անձանցից նվիրատվություն ստանալու արգելքը, այլև խաթարում է ընտրությունների ազատ և հավասար լինելու սահմանադրական սկզբունքը, քանի որ ընդդիմադիր ուժերը հայտնվել են մրցակցային անհավասար պայմաններում՝ չունենալով նմանօրինակ անօրինական ֆինանսավորման և վարչական ռեսուրսի հասանելիություն։ Այս առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը:

ը. 2026 թվականի մայիսի 28-ին Երևանում անցկացված պետական զորահանդեսը քարոզարշավի փուլում օգտագործվել է իշխող կուսակցության քաղաքական օրակարգը սպասարկելու համար։

Զորահանդեսի կազմակերպման ծախսերն իրականացվել են ՀՀ պաշտպանության նախարարության միջոցներից, որի համար նույն «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ-ից ՀՀ ՊՆ-ՀՄԱԾՁԲ-26-12/1 ծածկագրով կատարվել է «Հրատապ մեկ անձից գնում» 419,638,800.00 (չորս հարյուր տասնինը միլիոն վեց հարյուր երեսունութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամի չափով։

Նմանատիպ միջոցառման արտաքին կազմակերպչական ծախսերն առերևույթ չէին կարող գերազանցել 30 միլիոն ՀՀ դրամը։ Հետևաբար՝ զորահանդեսի միջոցառման կազմակերպչական ծախսերի մեծությունը կարելի է բացատրել հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից 9 քաղաքներում «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ-ի իրականացրած 330 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով դրոնների շոուի դիմաց իրականում փոխհատուցվել է պետական բյուջեից՝ զորահանդեսի հրատապ մեկ անձից գնման շրջանակներում։

Նշվածը վկայում է, որ իշխող կուսակցությունը պետական միջոցները և պետական մարմինների գործունեությունը դիտարկել է որպես իր նախընտրական շտաբի գործիքակազմի անբաժանելի մաս՝ խախտելով Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված՝ հավասար և ազատ ընտրությունների սկզբունքը։

Պետական միջոցառման՝ որպես քաղաքական բանավեճի գործիք օգտագործումն ուղղակիորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցներին, ըստ որոնց՝ իշխանությունները պետք է խուսափեն քարոզարշավի ընթացքում այնպիսի միջոցառումներից, որոնք նպատակ ունեն ստեղծելու դրական ընկալում իշխող կուսակցության նկատմամբ։

թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի համար կատարված փաստացի ծախսերը վարչական ռեսուրսի չարաշահման և թափանցիկության բացակայության պայմաններում առերևույթ առնվազն հիսուն տոկոսի չափով գերազանցել են օրենքով թույլատրված՝ 800 միլիոն ՀՀ դրամի շեմը, որից մի մասը՝ զորահանդեսի ֆինանսավորումը, իրականացվել է պետական բյուջեից։

Տվյալ դեպքում առկա է ոչ թե աննշան կամ տեխնիկական բնույթի շեղում, այլ այնպիսի ծավալի գերազանցում, որը պատշաճ վարչարարության և օրենքի պահանջների հետևողական կիրառման պայմաններում կարող էր հանգեցնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի ընտրական ցուցակի գրանցման ուժը կորցրած ճանաչելու հարցի առաջադրմանը։

Մինչդեռ իրավասու մարմինների կողմից չի իրականացվել ներկայացված տեղեկությունների լիարժեք, արդյունավետ և անաչառ քննություն, որի հետևանքով չեն կիրառվել այն իրավական մեխանիզմները, որոնք օրենսդիրը նախատեսել է ընտրական մրցակցության հավասար պայմանների պահպանման և ընտրական գործընթացի ֆինանսական թափանցիկության ապահովման նպատակով։

Այս հանգամանքն էական նշանակություն ունի ընտրությունների արդյունքների սահմանադրականության գնահատման տեսանկյունից, քանի որ վերաբերում է ոչ միայն քարոզչության ֆինանսավորման կանոնների պահպանմանը, այլև ընտրական գործընթացին մասնակցող սուբյեկտների իրավական կարգավիճակի օրինականությանը։

ժ. Նախընտրական քարոզարշավի ժամանակ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր (օրինակ՝ Վերին Արտաշատում, Արթիկ և Մարտունի համայնքներում), երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչության բազմամարդությունն ապահովելու համար, հատկապես մարզային այցերին և հանրահավաքներին ներգրավվել են պետական և համայնքային մարմինների ծառայողներ, ինչպես նաև պետական և համայնքային ենթակայության կրթական հաստատություններում դասավանդողներ և սովորողներ, ներառյալ՝ անչափահասներ։ Ներգրավումը եղել է ինչպես աշխատանքային օրվա ավարտից հետո, այնպես էլ աշխատանքային ժամերին։

Հայաստանի Հանրապետությունում հանրային և քաղաքացիական ծառայողների ներգրավվածությունը նախընտրական քարոզչությանն օրենսդրական մակարդակով բավարար հստակությամբ և կանխատեսելիությամբ կանոնակարգված չէ։ Ներպետական օրենսդրությունը կամ առնվազն դրա կիրառության բացակայությունը չի ձևավորում այն հստակ սահմանը, թե հանրային ծառայողը որ պահից է հանդես գալիս «անձնական» կարգավիճակով, ինչը հնարավորություն է տալիս իրավասու մարմնին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, և իրավապահ համակարգին ակնհայտ խախտումների պարագայում հրաժարվել վարչական քննությունից կամ քրեական վարույթի նախաձեռնումից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման համար որևէ պաշտոնատար անձի նկատմամբ որևէ վարույթ չի հարուցվել, և որևէ պատասխանատվության միջոց չի կիրառվել։ Նշվածն ակնառու ցուցանիշ է, թե իշխանություններն ինչպիսի լայն թողտվություն են վայելել վարչական ռեսուրս կիրառելու հարցում։

ժա. Դիմողի կողմից իրականացված մշտադիտարկման փաստացի տվյալների համակարգային վերլուծությունը ցույց է տվել, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ «Լուրեր» լրատվական հաղորդաշարի եթերում առկա է տևողության ակնհայտ անհամաչափություն։ Մշտադիտարկման ենթարկված ժամանակահատվածի միջին վիճակագրական տվյալների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հատկացված եթերաժամանակն ավելի քան երեք անգամ գերազանցել է ընդդիմադիր «Հայաստան» կուսակցությունների դաշինքին տրամադրված ժամանակը։

Բացի դրանից, «Լուրեր» լրատվականի պաշտոնական Telegram (Տելեգրամ) հարթակում արտատպվել են բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը լուսաբանող ռեպորտաժներն ու նյութերը, իսկ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վերաբերյալ որևէ անդրադարձ նշված՝ պետականորեն կառավարվող թվային հարթակում չի տեղադրվել։

Թեև արձանագրված խախտումների առնչությամբ բողոք է հասցեագրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին՝ պահանջելով հարուցել վարչական վարույթ, կարգավորող մարմնի որդեգրած ձևական մոտեցումն ու անգործությունն էապես չեն փոխել իրավիճակը։

Հանրային հեռուստատեսության ակնհայտ կողմնակալ լուսաբանման մասին արձանագրվել է նաև Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության եզրակացությամբ, որի համաձայն՝ վերջինս «ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է նրա իրավական պարտավորություններին և հանրային առաքելությանը»։

ժբ. Քվեարկության օրվանից երկու օր առաջ Դիմողի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել դիմում այն մասին, որ տարբեր ընտրական հանձնաժողովների անդամներ, որոնք առաջադրված են եղել իշխող քաղաքական ուժի կողմից, մասնակցել են նախընտրական քարոզչությանը՝ հրապարակայնորեն արտահայտելով աջակցություն տվյալ քաղաքական ուժին և ներգրավվելով քարոզչական գործունեության մեջ։

Չնայած ներկայացված տեղեկություններին և կից ապացույցներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ ներկայացված փաստերի ստուգման և իրավական գնահատման ուղղությամբ։ Փոխարենը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ տվյալ հարցին կանդրադառնա միայն քվեարկությունից հետո՝ պատճառաբանելով, որ ընտրություններից առաջ համապատասխան անդամների լիազորությունների դադարեցումը կարող է խոչընդոտել ընտրական հանձնաժողովների աշխատանքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալ դիրքորոշման հետևանքով այն անձինք, որոնց նկատմամբ առկա էին ընտրական օրենսդրության խախտման վերաբերյալ հիմնավոր պնդումներ, շարունակել են իրականացնել ընտրական վարչարարություն, մասնակցել քվեարկության կազմակերպմանն ու արդյունքների ամփոփմանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տեղեկացված լինելով հնարավոր խախտումների մասին և ունենալով իրավիճակին միջամտելու լիազորություններ, փաստացի հրաժարվել է ընտրական գործընթացի ընթացքում ապահովել ներկայացված խախտումների արդյունավետ և ժամանակին քննությունը։

Խնդիրը սահմանափակված չէ առանձին հանձնաժողովների անդամների հնարավոր իրավախախտ վարքագծով, քանի որ տվյալ դեպքում առկա է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը, որի հետևանքով չեն գործադրվել ընտրական գործընթացի օրինականությունը, անկողմնակալությունը և հանրային վստահությունը պահպանելուն ուղղված վերահսկողական լիազորությունները։ Նման պայմաններում ընտրական վարչարարության նկատմամբ հանրային վստահությունն էապես խաթարվել է, իսկ ընտրական գործընթացի մասնակիցների հավասարության սկզբունքը՝ վտանգվել։

ժգ. «Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից կազմակերպված՝ ընտրողների ցուցակների և տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից վարվող մասնակցության մատյանների ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են շուրջ 340 ընտրական տեղամասերի փաստաթղթեր, ինչը կազմում է Հայաստանի Հանրապետության 2005 ընտրական տեղամասերի զգալի մասը։ Արդյունքում արձանագրվել է, որ պաշտոնապես ընտրությանը մասնակցած համարված ընտրողների թվի և մասնակցության մատյաններում փաստացի առկա ստորագրությունների թվի միջև առկա է էական տարբերություն։ Մասնավորապես՝ ուսումնասիրված տեղամասերում հայտնաբերվել է ավելի քան 27,000 դեպք, երբ ընտրողների մասնակցությունը հաշվառվել է, սակայն համապատասխան ստորագրությունը մասնակցության մատյանում բացակայում է։

Նշված անհամապատասխանությունը չի կարող գնահատվել որպես տեխնիկական կամ պատահական բնույթի վրիպում, քանի որ սույն պարագայում խոսքը վերաբերում է հազարավոր դեպքերի, որոնք արձանագրվել են տարբեր ընտրական տեղամասերում և ունեն համակարգային բնույթ։ Ընդ որում՝ այդ արդյունքն ստացվել է ոչ թե բոլոր տեղամասերի, այլ դրանց միայն մի մասի ուսումնասիրության արդյունքում, ինչը լրացուցիչ հիմք է տալիս կասկածի տակ դնելու ընտրողների մասնակցության վերաբերյալ պաշտոնական տվյալների ամբողջական և հավաստի լինելը։

Ներկայացված անհամապատասխանությունները չեն արտացոլում խնդրի ողջ ծավալը, քանի որ ընտրողների մասնակցության վերաբերյալ ամբողջական ստուգում իրականացնելը փաստացի անհնար է դարձել այն պատճառով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատշաճ կերպով չի հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակների մի մասը։ Արդյունքում՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքը զրկված է եղել բոլոր ընտրական տեղամասերի վերաբերյալ համապարփակ համեմատական ուսումնասիրություն իրականացնելու հնարավորությունից։

ժդ. «Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից դիմումում ներկայացված փաստերը և ապացույցները վկայում են ոչ թե ընտրական գործընթացում տեղ գտած առանձին կամ պատահական բնույթի խախտումների, այլ ընտրությունների ողջ ընթացքում դրսևորված համակարգային խնդիրների մասին, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի ազատության, հավասարության, մրցակցայնության, թափանցիկության և արդյունքների արժանահավատության վրա։

Հետևաբար՝ առկա են բավարար հիմքեր՝ եզրահանգելու, որ ընտրական գործընթացը չի համապատասխանել ազատ, արդար և մրցակցային ընտրությունների սահմանադրական չափանիշներին, իսկ արձանագրված խախտումների ամբողջությունը կասկածի տակ է դնում պաշտոնապես հրապարակված ընտրությունների արդյունքների արժանահավատությունն ու դրանց համապատասխանությունը ժողովրդի ազատ կամարտահայտությանը։

 

11.7. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը (այսուհետ սույն կետում նաև՝ Դիմող) իր դիմումով խնդրել է.

«(...)

2. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026թ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 14.06.2026թ N 259-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026թ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները»:

Դիմողը նշում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած Ազգային ժողովի ընտրությունները զուգորդվել են քաղաքացիների ընտրական իրավունքի այնպիսի լայնամասշտաբ և համատարած խախտումներով, որոնք էականորեն փոխել են ընտրությունների պատկերը՝ կասկածի տակ դնելով քվեարկության արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմությունը։ Իր խնդրանքի հիմքում Դիմողը դրել է, մասնավորապես, հետևյալ փաստարկները.

ա. անդրադառնալով պետական կենսաթոշակների բարձրացմանը՝ Դիմողը նշում է, որ իշխող քաղաքական ուժի ղեկավարը նախքան ընտրական գործընթացներ սկսելը հստակ դիրքորոշում ուներ այն մասին, որ թոշակառուն չգիտի 10400 ՀՀ դրամն արդյունավետ ծախսելու ձևը, և դրա համար թոշակ բարձրացնելու կարիք չկա, սակայն ընդամենը մի քանի ամիս անց, երբ արդեն սկսվել էին ընտրական գործընթացները, թոշակառուն արդեն «միանգամից սովորեց արդյունավետ ծախսել 10400 ՀՀ դրամը», և նույն անձը՝ վարչապետ Փաշինյանը, որը նաև կառավարող կուսակցության անունից ակտիվ քարոզարշավ էր ծավալում, որոշեց բարձրացնել կենսաթոշակները։ Ընդ որում՝ Դիմողի պնդմամբ՝ կենսաթոշակների բարձրացումը հաջորդել է Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2026 թվականի հունիսի 7-ին նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրին։ Ըստ Դիմողի՝ ակնհայտ է, որ իր այս քայլով իշխող ուժն էականորեն բարելավեց իր նախընտրական դիրքերը մյուս կուսակցությունների համեմատ, որոնք օբյեկտիվորեն զրկված են պետական բյուջեի միջոցով նախընտրական սոցիալական ծրագրեր իրականացնելու հնարավորությունից։ Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ նշված փաստը չի վրիպել նաև միջազգային դիտորդների աչքերից։

բ. Դիմողը նշում է, որ մամուլը ողողված է նյութերով այն մասին, որ Ն. Փաշինյանի հանրահավաքին կիրառվել է լայնամասշտաբ վարչական ռեսուրս. ներգրավվել են դպրոցի տնօրենները, ուսուցիչները, անգամ աշակերտները, համայնքային կազմակերպությունների աշխատողները և այլն։ Ընդ որում՝ Դիմողի պնդմամբ՝ այս ամենը կազմակերպվել է նաև դասերի հաշվին և աշխատանքային ժամերին։ Դիմողը նշում է, որ նմանատիպ խախտումներն այնքան մասշտաբային են եղել, որ անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է դրանց արձագանքել։ Բացի դրանից, Դիմողն ընդգծում է, որ միջազգային դիտորդական կազմակերպությունները ևս արձանագրել են վարչական ռեսուրսի կիրառման փաստը։

գ. Դիմողը գտնում է, որ վարչական ռեսուրսն օգտագործվել է նաև այլ ընդդիմադիր ուժերի վերաբերյալ հասարակության մոտեցումները փոխելու համատեքստում՝ անմեղության կանխավարկածի բացառիկ խախտումներով։ Մասնավորապես՝ Դիմողի պնդմամբ՝ տարածվել են ենթադրյալ ընտրակաշառք տալու վերաբերյալ ձայնագրություններ, որոնք ակնհայտորեն նախաքննական գաղտնիք են պարունակում։ Ընդ որում՝ Դիմողը նշում է, որ այս ձայնագրությունները տարածել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր պաշտոնական կայքէջի միջոցով։

դ. Դիմողը պնդում է, որ Ն. Փաշինյանը հնչեցրել է ընդդիմադիր ուժերի ղեկավարներին ձերբակալելու հայտարարություններ և ահաբեկել է ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին՝ հայտարարելով, որ եթե իրենց չընտրեն, պատերազմ կլինի՝ հստակեցնելով կամ նախանշելով պատերազմի սկիզբը՝ սեպտեմբեր ամիսը։ Նման հռետորաբանությունը, մի կողմից՝ ահաբեկում է հասարակությանը պատերազմով, մյուս կողմից՝ մնացած բոլոր ընդդիմադիր կուսակցությունների համար ստեղծում է անհավասար մրցապայքար ընդդիմադիր դաշտում, քանի որ ազդում է ընդդիմադիր ուժերի վերաբերյալ հասարակական ընկալման վրա։

ե. Դիմողը նշում է, որ իշխող քաղաքական ուժի կողմից իրականացված քարոզարշավը լայնորեն լուսաբանվել է ինչպես Հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով, այնպես էլ իշխանական կուսակցության հետ ասոցացվող լրատվամիջոցներով, մինչդեռ ընդդիմադիր ուժերը չեն ունեցել լուսաբանման հավասար հնարավորություններ, նրանք չեն լուսաբանվել, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ՝ բացառությամբ պաշտոնական եթեր տրամադրելու խիստ սահմանափակ դեպքերի։ Ընդ որում՝ Դիմողի պնդմամբ՝ այս փաստն արձանագրվել է նաև ԵԱՀԿ դիտորդների կողմից, որոնք քննադատել են Հանրային հեռուստաընկերության աշխատանքը։ Որպես անհավասար լուսաբանման ամենացայտուն օրինակ՝ Դիմողը ներկայացրել է նախընտրական քարոզչության վերջին օրը՝ հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Ն. Փաշինյանին Հանրային հեռուստաընկերության եթեր հրավիրելու փաստն այն դեպքում, երբ կուսակցությունների ցուցակների առաջին համարների մասնակցությամբ Հանրայինի գլխավոր բանավեճը տեղի էր ունեցել նախօրեին՝ հունիսի 4-ին։

զ. Մեջբերելով Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավակարգավորումը՝ Դիմողն ընդգծում է, որ Ն. Փաշինյանի ամբողջ քարոզարշավը զուգորդվել է տարբեր տեսակի սննդամթերք բաժանելով, և դա արվել է ակնհայտ, ավելին՝ լայնորեն լուսաբանվել է, սակայն որևէ պատկան մարմին որևէ գործողություն չի կատարել ընտրական օրենսդրության պահանջները պահպանելու ուղղությամբ։

է. Դիմողը նշում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչում իր իսկ կողմից ընտրություններն ակնհայտ խախտումով կազմակերպելու պատճառով ընտրատեղամասի քվեարկության արդյունքները և հայտարարում, որ չի լինելու վերաքվեարկություն, այսինքն՝ իրեն ժողովրդավար հռչակած պետությունում զինվորը զրկվում է ընտրելու իրավունքից, քանի որ իրեն սահմանված ժամին ուղղակի թույլ չեն տվել գնալ ընտրատեղամաս, իսկ քաղաքացին զրկվում է սահմանված ժամին իր կատարած քվեարկությունից, որովհետև զինվորին «ստիպել են» ընտրական օրենսդրության խախտումներով քվեարկել։ Այս կապակցությամբ Դիմողը պնդում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուղղակի չունի լիազորություն՝ քաղաքացուն զրկելու իր քվեից որևէ պարագայում, իսկ սույն դեպքում՝ իր իսկ կողմից իր լիազորությունները պատշաճ չիրականացնելու արդյունքում։

ը. Դիմողն արձանագրում է, որ քվեարկության օրը 79.125 քաղաքացու տվյալներ հնարավոր չի եղել նույնականացնել տեխնիկական սարքի միջոցով, և դրանք մասնագետի կողմից ստեղնաշարով մուտք են արվել տեխնիկական սարքավորման մեջ։ Այս թիվը, ըստ Դիմողի, կազմում է տպված քվեարկության կտրոնների հինգ տոկոսից ավելին, ինչն արդեն այնպիսի մասշտաբային խնդիր է, որը պետք է հանգեցնի ընտրությունների արդյունքների անվավերության։

Միաժամանակ Դիմողը նշում է, որ ազատ ընտրության իրավունքը մասսայաբար խախտվել է զինվորների և տարեցների դեպքում։

Դիմողի պնդմամբ՝ համացանցում բազմաթիվ են այնպիսի տեսանյութերը, որոնցից ակնհայտ է, որ քաղաքացին իր կամքով չի ունեցել ընտրելու հնարավորություն, և նրան ուղղորդել է այլ անձ, ինչպես նաև տարածվել են տեսանյութեր, որ մեկից ավելի անձ է մտնում քվեախցիկ, բացի դրանից, արձանագրվել են նաև քվեախցիկից դուրս քվեարկության դեպքեր։

թ. Դիմողը նշում է, որ ձևական առումով ուղղակի ընտրական իրավունքի պահանջը թվում է, թե պահպանված է, սակայն բովանդակային առումով քաղաքացիների ուղղակի ընտրական իրավունքը խախտվել է տարբեր դրվագներով. քաղաքացիներին ենթադրաբար ստիպել են լուսանկարել քվեաթերթիկը կամ դուրս բերել որոշ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկները։ Նման միջոցների կիրառման արդյունքում, ըստ Դիմողի, ընտրողներն անմիջականորեն չեն ընտրել իրենց նախընտրած քաղաքական ուժին, այլ ներկայացել են ընտրատեղամաս ենթադրաբար մեկ այլ անձի՝ իրենց վերադասի կամ վերադասի վերադասի կամքը կատարելու համար։

ժ. Դիմողը պնդում է, որ ընտրողների կամքի վրա ազդեցությունները եղել են մասսայաբար, որոնք արտահայտվել են ինչպես քվեախցիկից դուրս քվեարկություն կատարելով, մեկից ավելի անձ քվեախցիկում գտնվելով, այնպես էլ այս կամ այն կուսակցության քվեաթերթիկը դուրս բերելով, որպիսի փաստերով մամուլը ողողված է։ Բացի դրանից, Դիմողի պնդմամբ՝ եղել է տեղամաս, որի կահավորումն արդեն իսկ բացառել է գաղտնի քվեարկության հնարավորությունը, քանի որ քվեախցիկը դրված է եղել թափանցելի պատուհանի անմիջապես դիմաց, և ընտրողը հնարավորություն է ունեցել ցույց տալու պատուհանից այն կողմ գտնվող անձին, թե ում օգտին է քվեարկել։

ժա. Դիմողն արձանագրում է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում անվավեր է ճանաչվել 17.097 քվեաթերթիկ, ինչը նշանակում է, որ նույն քանակի քաղաքացիների ընտրական կամքը չի ծառայել իր նպատակին։ Այս քանակը, ըստ Դիմողի, արդեն իսկ հուշում է, որ եղել է ընտրողների կամքի նկատմամբ էական միջամտություն։ Համեմատության համար Դիմողը նշում է, որ թե՛ 2018 և թե՛ 2021 թվականների Ազգային ժողովի ընտրություններում անվավեր քվեաթերթիկների շեմը չի հատել 5000-ի սահմանը։

Միաժամանակ Դիմողը պնդում է, որ առկա են եղել կրկնաքվեարկության դեպքեր և այլ խախտումներ (օրինակ՝ քվեարկության գաղտնիության խախտման, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, ընտրակաշառք տալու, ընտրատեղամասում սառը զենք կրելու, մեկ հասցեի վրա 300 անձ գրանցելու և այլ դեպքեր)։

 

12. Պատասխանողի դիրքորոշումները

2026 թվականի հունիսի 27-ին Սահմանադրական դատարանում սույն միավորված գործով բանավոր ընթացակարգով դատական նիստի շրջանակներում պատասխանող ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը (այսուհետ նաև՝ ԿԸՀ ներկայացուցիչ) ներկայացրել է ներքոնշյալ դիրքորոշումները.

ա. ԿԸՀ ներկայացուցիչը գտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 259-Ա որոշումը՝ Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին, իրավաչափ է և կայացվել է Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ:

բ. ԿԸՀ ներկայացուցիչը նշել է, որ 2026 թվականի հունիսի 14-ին ԿԸՀ կազմած արձանագրությունն ստորագրել են ԿԸՀ բոլոր անդամները:

գ. ԿԸՀ ներկայացուցիչը գտնում է, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել կարելի է միայն այն պարտադիր պայմանով, որ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը:

դ. Անդրադառնալով Դիմողների այն պնդմանը, ըստ որի՝ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի կիրառման և պետական իշխանության ներկայացուցիչների ներգրավվածության բազմաթիվ դեպքեր, որոնք իրենց բնույթով կարող էին ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա և խաթարել ընտրական գործընթացի հավասար ու մրցակցային բնույթը, ԿԸՀ ներկայացուցիչը նշում է, որ Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասը շեշտում է ընտրությունների ազատության սկզբունքը, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ընտրող ազատ է կատարելու ինքնուրույն ընտրություն` ելնելով թեկնածուներից, իր համակրանքից կամ հակակրանքից, իր քաղաքական կամ տնտեսական շահերից։ Հայաստանի Հանրապետության ողջ ընտրական կառուցակարգն ուղղված է ընտրությունների ազատության ապահովմանը։ Մասնակցությունն ընտրություններին կամավոր է։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին: Ոչ ոք չի կարող հարկադրանքի որևէ եղանակով ընտրողից բացահայտել, թե ինչպես է ընտրողը մտադիր քվեարկելու կամ ինչպես է քվեարկել:

ե. Անդրադառնալով «պետական իշխանության ներկայացուցիչների ներգրավվածության բազմաթիվ դեպքերին»՝ ԿԸՀ ներկայացուցիչը նշում է, որ Ընտրական օրենսգրքով հստակ և աներկբա սահմանված են այն պաշտոնատար անձինք, որոնք չեն կարող առաջադրվել պատգամավորի թեկնածու, և նշված ցանկը սպառիչ է։ Նույն իրավանորմերով սահմանվում է նաև պարտադիր կանոն, ըստ որի՝ թեկնածու առաջադրված հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից։

Վերոգրյալով պայմանավորված՝ ԿԸՀ ներկայացուցիչը գտնում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց որպես թեկնածու Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելը չի կարող գնահատվել որպես Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում։

զ. Դիմողների կողմից մատնանշված՝ քաղաքական մրցակցությանը պետական, մասնավորապես՝ իրավապահ մարմինների միջամտության հարցի առնչությամբ ԿԸՀ ներկայացուցիչն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ ԿԸՀ 20.05.2026 թ. 01/11/717-2026 և 01/11/718-2026 գրություններով մատնանշվել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը և քվեարկության ու դրան նախորդող օրն Ընտրական օրենսգրքով նախատեսված եղանակներով քարոզչության արգելքի մասին՝ խնդրելով կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով հնարավորության դեպքում իրավապահ մարմինների կողմից տարածվող հաղորդագրություններում զերծ մնալ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անվանումները հիշատակելուց։ Նման ձևակերպումն արվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿԸՀ-ն անթույլատրելի է համարում այլ պետական մարմինների գործունեությանը միջամտելը, և ԿԸՀ դիրքորոշման ներքո իրավապահ մարմինների գործունեությունն իրականացնելու կապակցությամբ իր խնդրանքի կատարումն ակնկալվել է տվյալ իրավապահ մարմնի լիազորությունների և գործառույթների՝ օրենքով սահմանված կանոնակարգումների շրջանակներում։ Համապատասխան իրավապահ մարմինները պատասխանել են նշված գրություններին՝ ընդգծելով. «Նման հրապարակումների նպատակը համապետական ընտրություններին ընդառաջ ընտրական գործընթացների օրինականության ապահովմանը նպաստելն է, կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների կանխարգելումը, ինչպես նաև հասարակության իրավագիտակցության և հանրային վստահության բարձրացումն իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ»։ Միաժամանակ ԿԸՀ-ն կարևորում է ընտրական գործընթացի քաղաքական ուժ հանդիսացող մասնակիցների կողմից ընտրական գործընթացներում ներգրավվելու բարձր պատասխանատվության գիտակցումը, և այդ առումով հարկ է համարում նաև նկատել, որ, ինչպես նշվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գրությամբ՝ «եթե նախընտրական գործընթացներին մասնակցող քաղաքական ուժը կամ դրա ներկայացուցիչը նախընտրական ժամանակահատվածում կատարում է քրեորեն պատժելի արարք, ապա պետք է գիտակցի և, հետևաբար, կրի այն ռիսկը, որ իր հանցավոր վարքագիծը ցանկացած փուլում կարող է բացահայտվել և հրապարակայնացվել»։

ԿԸՀ ներկայացուցիչը նշում է, որ համակարծիք չէ այն ներկայացված իրավական հիմնավորումների ու պնդումների հետ, համաձայն որոնց՝ ընտրական օրենսդրական փոփոխություններն ազդեցություն են ունեցել քաղաքական մրցակցության վրա, կամ այն պնդմանը, որ անվավեր քվեաթերթիկների թիվը գրեթե քառապատկվել է, ինչը հիմնավորում է այն մտահոգությունները, որ օրենսդրական փոփոխությունների և դրանց վերաբերյալ ընտրողների ոչ բավարար իրազեկման միջև առկա է անմիջական կապ, որն էական ազդեցություն է ունեցել ընտրողների կամքի ազատ և արդյունավետ արտահայտման իրավունքի իրացման վրա, ինչպես նաև Դիմողների ներկայացրած այն եզրահանգմանը, ըստ որի՝ 2026 թվականի ապրիլի 7-ին ընդունված նույն օրենսդրական փաթեթով փոփոխության են ենթարկվել նաև քվեաթերթիկի ձևին, լրացման կարգին և անվավեր ճանաչման հիմքերին վերաբերող դրույթները։ Միաժամանակ քաղաքացիների պատշաճ իրազեկման և փոփոխությունների վերաբերյալ լայնածավալ տեղեկատվական աշխատանքի բացակայության պայմաններում ընտրողների զգալի մասը չի ունեցել բավարար տեղեկացվածություն նոր կարգավորումների վերաբերյալ։

է. ԿԸՀ ներկայացուցիչն արձանագրում է, որ ԿԸՀ դիրքորոշումն օրենսդրական փոփոխությունների ազդեցության վերաբերյալ արտահայտված է ԿԸՀ 14062026 թ N 258-Ա որոշմամբ։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, ըստ որի՝ նույն օրենսդրական փաթեթով քվեաթերթիկի ձևին, լրացման կարգին և անվավեր ճանաչման հիմքերին վերաբերող դրույթների փոփոխության արդյունքում «անվավեր քվեաթերթիկների թիվը գրեթե քառապատկվել է», ապա ԿԸՀ ներկայացուցիչը հարկ է համարում ընդգծել, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ 2016 թվականից մինչ օրս գործում է առանձին քվեաթերթիկներով քվեակարգը, որը երբևէ փոփոխության չի ենթարկվել։ Իսկ ինչ վերաբերում է «անվավեր ճանաչման հիմքերին վերաբերող դրույթները» փոփոխվելուն, ապա ԿԸՀ ներկայացուցիչը նշում է նաև, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների ամփոփման նիստում քվեաթերթիկների տեսակավորումն իրականացրել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։

ը. ԿԸՀ ներկայացուցիչը, անդրադառնալով Դիմողների՝ վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ հարցադրումներին, գտնում է, որ օրենսդիրը որոշակի կատեգորիայի անձանց ոչ թե արգելում է ընդհանրապես քարոզչություն կատարելը, այլ այդ կապակցությամբ սահմանում է որոշակի կանոն: Մասնավորապես՝ անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված պատգամավորները, համայնքների ղեկավարները և ավագանու անդամները կարող են իրականացնել քարոզչություն, բացառությամբ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Հետևապես՝ ակնհայտ է, որ պաշտոնատար անձինք, այդ թվում` քաղաքական պաշտոն զբաղեցնողները, Ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ, ազատ են իրականացնելու նախընտրական քարոզչություն։

ԿԸՀ ներկայացուցիչը եզրահանգում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպեu նաև պետական և համայնքային ծառայողներին, ինչպես նաև որոշակի հստակ նշված աշխատակիցներին արգելված չէ նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` օրենքով նախատեսված որոշակի և հստակ սահմանափակումների պահպանման պայմանով։ Համապատասխան սահմանափակումներ նախատեսող նորմերով արգելքներն ուղղակիորեն սահմանվում են միմիայն այն դեպքերի համար, երբ նախընտրական քարոզչությունն ու ցանկացած բնույթի քարոզչական նյութի տարածումն իրականացվում են տվյալ անձանց լիազորություններն իրականացնելիս։ Ընդ որում` օրենքը նշված գործունեությունը կամ գործողությունները տվյալ անձանց կողմից իրականացվելու սահմանափակում է նախատեսում հենց այդ իրավասություններն իրականացնելիս, այսինքն` օրենքն արգելում է պաշտոնատար անձին նախընտրական քարոզչության իրականացման և պաշտոնական լիազորությունների իրականացման մեկտեղումը, սակայն օրենքը չի արգելում անձանց՝ իրականացնելու որևէ կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն միայն այն պատճառով, որ տվյալ անձը միևնույն ժամանակ հանդիսանում է պաշտոնատար անձ։ Հետևապես՝ ԿԸՀ ներկայացուցիչը գտնում է, որ վերոնշյալ կանոնների պահպանմամբ ինքնին նախընտրական քարոզչական հավաքին ներկա գտնվելու հանգամանքը չի կարող որակվել որպես վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում։

թ. Ինչ վերաբերում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի դիմումում «Ա. Ինստիտուցիոնալ վարչական ռեսուրսի չարաշահումներ» բաժնում որպես պետության չեզոքության արգելքի խախտումներ ներկայացվող առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման, կենսաթոշակների բարձրացման, ագրոպարենային ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերին, ԿԸՀ ներկայացուցիչը հայտնում է, որ ԿԸՀ-ն կարևորում է հիշատակել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2016 թվականին ընդունված՝ «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելում և արձագանքում» համատեղ ուղեցույցում նշված դիրքորոշումը, որ ընտրությունների ժամանակահատվածում պետք է շարունակվի կառավարության բնականոն աշխատանքը։

ԿԸՀ ներկայացուցիչն ակնհայտ է համարում այն, որ ընդհանուր առմամբ վարչական ռեսուրսի օգտագործումն ինքնին չի համարվում չարաշահում, եթե այն իրականացվում է օրենքի շրջանակներում, չի միջամտում նախընտրական քարոզչությանը և ուղղված է պետական մարմինների անմիջական գործառույթների իրականացմանը։ Միևնույն ժամանակ նույնիսկ օրինական գործողությունները կարող են գնահատվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում, եթե դրանց իրական նպատակը որևէ թեկնածուի կամ քաղաքական ուժի համար ընտրական առավելություն ստեղծելն է։ Այդ պատճառով վարչական ռեսուրսի օգտագործմանը գնահատական տալիս կարևոր է ոչ միայն գործողության իրավական ձևը, այլև դրա բովանդակությունը, համատեքստը և ազդեցությունն ընտրական գործընթացի վրա։

ժ. ԿԸՀ ներկայացուցիչը հարկ է համարում հաշվի առնել, որ ընտրական գործընթացները չպետք է հանդիսանան հանրային իշխանության մարմինների գործունեության խաթարման պատճառ, և ընտրական փուլում ևս հանրային իշխանության մարմինները պետք է շարունակեն պատշաճորեն իրականացնել իրենց գործառույթները։ Այս տեսանկյունից վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում չեն կարող գնահատվել հետևյալ դրսևորումները

- իշխանության գործունեության մասին հանրության իրազեկումը.

- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընթացիկ աշխատանքի, իրականացրած ծրագրերի և ապագա նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պաշտոնական աղբյուրներով չի համարվում վարչական ռեսուրսի չարաշահում, եթե այն չի պարունակում քարոզչական կոչեր կամ որևէ թեկնածուի կամ կուսակցության օգտին քվեարկելու հորդորներ,

- պաշտոնատար անձանց մասնակցությունը նախընտրական միջոցառումներին: Հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, բացառությամբ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նշված անձանց, կարող են մասնակցել նախընտրական գործունեությանը, եթե չեն իրականացնում իրենց լիազորությունները կամ հանդես չեն գալիս ի պաշտոնե։ Միաժամանակ պաշտոնեական լիազորությունների, ծառայողական տրանսպորտի, շենքերի կամ այլ պետական ռեսուրսների օգտագործումը քարոզչական նպատակներով անթույլատրելի է։

- Հավասար հասանելիություն հանրային ռեսուրսներին: Հանրային ռեսուրսներից օգտվելը, պետական և համայնքային հիմնարկների կողմից տարածքների, սարքավորումների կամ այլ միջոցների տրամադրումը թեկնածուներին և քաղաքական ուժերին թույլատրելի է, չի կարող դիտարկվել որպես վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում, եթե այն իրականացվում է բոլոր մասնակիցների համար հավասար և ոչ խտրական պայմաններով։

- Սոցիալական ծրագրերի իրականացում: Կենսաթոշակների, նպաստների, բյուջետային աշխատողների աշխատավարձների վճարումը կամ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը չեն համարվում վարչական ռեսուրսի չարաշահում, եթե դրանք նախատեսված են ընդունված բյուջեով և իրականացվում են պետական քաղաքականության շրջանակներում, այլ ոչ թե ընտրողների վրա ազդելու նպատակով։

ժա. ԿԸՀ ներկայացուցիչը, խոսելով Դիմողների՝ նախընտրական քարոզչության ժամանակ ատելության խոսքի, բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների մասին, նշում է, որ ԿԸՀ-ն իր 14062026 թ N 258-Ա որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, որի պահպանումը հատկապես կարևոր է քարոզարշավների ժամանակ, այդուհանդերձ, արձանագրում է, որ այն չի կարող մեկնաբանվել որպես բացարձակ իրավունք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդգծում է, որ թեկնածուների կողմից հնչեցվող խոսքում, հրապարակային ելույթներում և այլ քարոզչական նյութերում հնարավոր քրեական պատասխանատվության հանգեցնող կոչերն ու հայտարարությունները ենթակա են գնահատման իրավապահ մարմինների կողմից և կարող են հանդիսանալ այլ վարույթների առարկա»։

ժբ. Ինչ վերաբերում է Դիմողների այն փաստարկին, որ քվեարկությանը մասնակցած 79125 ՀՀ քաղաքացու դեպքում անձնագրերը մուտքագրվել են մասնագետի կողմից ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում, ԿԸՀ ներկայացուցիչը հարկ է համարում ընդգծել՝ Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ընտրողի կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման կողմից չի ընթերցվում, կամ ընտրողը ներկայացրել է անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ, ապա մասնագետը ստեղնաշարով ներմուծում է ներկայացված փաստաթղթում ամրագրված անձնագրի կամ նույնականացման քարտի համարը տեխնիկական սարքավորման մեջ:

ԿԸՀ ներկայացուցիչը պնդում է, որ Ընտրական օրենսգիրքը միանշանակ հնարավոր և թույլատրելի է համարում մասնագետի կողմից ստեղնաշարի միջոցով անձը հաստատող փաստաթղթի տվյալների ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ: Ավելին, տեխնիկական սարքավորման ծրագիրը պարունակում է համապատասխան ծրագրային լուծում, որի պարագայում անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարի միջոցով ներմուծելիս միանում է ձայնային ազդանշան, իսկ Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովը, եթե տեխնիկական սարքավորումն անխափան աշխատել է քվեարկության ընթացքում, ապա Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորման միջոցով տպում է տեղեկանք, որում նշվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի և ընտրական տեղամասի համարները, տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկանքը պետք է պարունակի նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու միջոցով: Առկա չէ որևէ տեղամաս, որտեղ տեխնիկական սարքավորման միջոցով չի տպվել տեղեկանք, ինչպես նաև առկա չէ որևէ դիմում, որ նշված տեղեկանքը չի տրամադրվել իրավասու սուբյեկտներին:

ժգ. Անդրադառնալով Դիմողների այն փաստարկին, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական շտաբների համար անհատույց տրամադրված տարածքները հայտարարագրերում ներառվել են շուկայականից էականորեն ցածր արժեքներով, և եթե դրանց իրական շուկայական արժեքը ներառվեր հայտարարագրերում, ապա կգերազանցվեր Ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական հիմնադրամի սահմանաչափը, ԿԸՀ ներկայացուցիչը հայտնել է, որ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը 13062026 թ ԿԸՀ-ին ներկայացրած եզրակացությամբ փաստել է, որ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված` նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերում խախտումներ չեն հայտնաբերվել, և դրանք համապատասխանում են Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնակարգումներին։

ժդ. ԿԸՀ ներկայացուցիչը, վկայակոչելով Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 15-րդ մասը, արձանագրում է, որ ԿԸՀ-ի կողմից «Միասնության թևեր» կուսակցության դիմումը՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, ընտրությունների արդյունքների ամփոփման շրջանակում քննարկելը և 14.06.2026 թ. N 258-Ա որոշմամբ այդ դիմումում նշված հանգամանքներին անդրադառնալն իրավաչափ է, բխում է Ընտրական օրենսգրքի պահանջներից։

ժե. Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դիմումում նշված այն պնդմանը, համաձայն որի՝ ԿԸՀ-ն չի գնահատել անվավեր քվեաթերթիկների աննախադեպ թիվը, անճշտությունների չափը, վերահաշվարկներով բացահայտված անհամապատասխանությունները, առանձին տեղամասերում արդյունքների անվավեր ճանաչման փաստերը և դրանց համակցված ազդեցությունը ընտրողի կամքի ազատ արտահայտման ու արդյունքների վստահելիության վրա, ԿԸՀ ներկայացուցիչը հարկ է համարում նշել, որ անվավեր քվեաթերթիկների քանակի համեմատաբար ավելի բարձր լինելու փաստը զուտ թվային ցուցանիշ է։ Այս հարցը գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք առանցքային հանգամանքներ.

- փոխվել են տեղամասում քվեաթերթիկների վավերականությանը ներկայացվող պահանջները և դրանց տեսակավորման կարգը։ Մասնավորապես՝ մինչև 2026 թվականի ապրիլ ամիսն անցկացվող ընտրությունների ժամանակ տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չէին առնվում և չէին հաշվարկվում, իսկ նոր կարգավորումների «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի (ՀՕ-95-Ն) համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովը պարտավոր է տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելիս սահմանված նմուշի մարված քվեաթերթիկները հաշվարկել որպես անվավեր, ինչն էլ արձանագրվել է։

ԿԸՀ ներկայացուցիչն արձանագրում է, որ տոկոսային արտահայտությամբ անվավեր քվեաթերթիկների ցուցանիշը էականորեն չի տարբերվում վերջին ընտրություններից։ Օրինակ՝ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններում անվավեր քվեաթերթիկների ցուցանիշը կազմել է 1.06%, իսկ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում՝ 1.15%։ Այսինքն՝ աճը կազմել է ընդամենը 0.09 տոկոսային կետ։

ժզ. ԿԸՀ ներկայացուցիչը հայտնում է նաև, որ ընտրական տեղամասերում ընտրողների մասնակցությունը գրանցվում է երկու անկախ մեխանիզմներով, որոնք նախատեսված են որպես փոխադարձ վերահսկողության գործիք՝ հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով, այլ ոչ թե զուտ թվաբանական տարբերություններ արձանագրելու համար։

Օրենսդրությունն ինքնին չի դիտարկում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների և ստորագրությունների թվերի հնարավոր տարբերությունը որպես իրավական խնդիր, և դա չի հաշվարկվում որպես անճշտություն։ Նույնիսկ եթե առանձին տեղամասերում նման տարբերություններ արձանագրվել են, դա ինքնին չի կարող գնահատվել որպես քվեարկության արդյունքների վրա ազդեցություն ունեցող հանգամանք։

Բոլոր 1996 ընտրական տեղամասերում կիրառված տեխնիկական սարքավորումների միջոցով տպվել է համապատասխան տեղեկանքը, որը յուրաքանչյուր տեղամասի համար պարունակել է արդեն իսկ նշված տվյալները։ Միաժամանակ հրապարակվել են ընտրողների ստորագրած ցուցակները, որոնց միջոցով հնարավոր է պարզել, թե կոնկրետ որ ընտրողներն են ստորագրել և մասնակցել քվեարկությանը։

ԿԸՀ ներկայացուցչի դիտարկմամբ՝ չի ներկայացվել նույնիսկ մեկ կոնկրետ դեպք, փաստ, որ անձը չի մասնակցել ընտրությանը, սակայն նրա մասնակցությունը գրանցվել է։ Նման ուսումնասիրություն իրականացնելու հնարավորություն ունեցել են ինչպես Դիմողները, այնպես էլ յուրաքանչյուր ոք, ով ցանկացել է իրականացնել ընտրական գործընթացի հանրային վերահսկողություն։ Չի բացառվում, որ առանձին տեղամասերում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողը գրանցվել է տեխնիկական սարքավորման միջոցով և շրջանցել է հաջորդ քայլը և չի ստորագրել ընտրողների ցուցակում ու անմիջապես մոտեցել է քվեաթերթիկների համար պատասխանատու հանձնաժողովի անդամին և ստացել քվեաթերթիկներն ու անցել է քվեախցիկ՝ քվեարկելու։ Սակայն, եթե նույնիսկ նման դեպքեր եղել են, դրանք կարող էին լինել բացառապես եզակի դեպքեր և չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։

ԿԸՀ ներկայացուցիչը գտնում է, որ թեև նման բացթողումներն արդարացված չեն, այնուամենայնիվ, դրանք չեն կարող զուտ մեխանիկական թվաբանական տարբերությունների հիման վրա որակվել որպես ընտրախախտումներ կամ առավել ևս՝ որպես ընտրության արդյունքների վրա ազդեցություն ունեցած հանգամանքներ։ Դրանք առավելագույնը կարող են գնահատվել որպես ընթացակարգային կամ ձևական բնույթի բացթողումներ։ Ցանկում ներառված են նաև 10/51 ընտրական տեղամասի տվյալները, մինչդեռ այդ տեղամասի քվեարկության արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել են անվավեր։ Ավելին, այն հանգամանքը, որ այդ տեղամասում քվեարկել են զինվորականներ, դիմումատուին հայտնի էր։ ԿԸՀ ներկայացուցիչը պնդում է, որ Դիմողը նաև տեղյակ էր, որ զորամասերում կազմվող ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա չեն, հետևաբար՝ իր կողմից հաշվարկված ստորագրությունների թվի մեջ այդ տվյալները չէին կարող ներառված լինել։

ԿԸՀ ներկայացուցիչը, վերոգրյալի հաշվառմամբ, գտնում է, որ ներկայացված թվերը և ենթադրյալ տարբերությունների ներկայացումը կարող են ունենալ երկու հնարավոր բացատրություն.

կամ ներկայացված տվյալները բավարար չափով ստուգված, ճշգրտված և վերլուծված չեն եղել, որ հնարավոր լիներ ներկայացվել որպես ապացույց Բարձր դատարանում,

և/կամ դրանք ներկայացնելն ունեցել է առավելապես հանրային և քաղաքական ազդեցություն գործադրելու նպատակ՝ փորձելով ձևավորել ընտրական տեղամասերում զանգվածային խախտումների կամ, դիմումատուի ձևակերպմամբ, «կեղծիքների» վերաբերյալ հանրային տպավորություն։

ժէ. ԿԸՀ ներկայացուցիչը, խոսելով «Միասնության թևեր» կուսակցության դիմումում բերված տվյալների մասին, նշել է.

- 34/63 ընտրական տեղամասում «Միասնության թևեր» կուսակցությունն ստացել է 9 ձայն։ Նշված տեղամասի արդյունքները ենթարկվել են վերահաշվարկի, որի արդյունքում կուսակցության ստացած ձայների թիվը չի փոփոխվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թե՛ նախնական, թե՛ վերջնական աղյուսակավորումներում նշված է նույն՝ 9 ձայնը։

- 6/9 ընտրական տեղամասում նախնական աղյուսակավորման համաձայն՝ «Միասնության թևեր» կուսակցությունն ստացել է 23 ձայն։ Տեղամասը ենթարկվել է վերահաշվարկի, որի արդյունքում կուսակցության ստացած ձայների թիվն ավելացել է 1-ով և կազմել 24 ձայն։ Վերջնական աղյուսակավորման մեջ նույնպես նշված է 24 ձայն։

- 22/10 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրության համաձայն՝ «Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է 5 ձայն։ Նույն ցուցանիշն արտացոլված է թե՛ նախնական, թե՛ վերջնական աղյուսակավորումներում՝ 5 ձայն։

- 6/19 ընտրական տեղամասում «Միասնության թևեր» կուսակցությունն ստացել է 19 ձայն։ Տեղամասի արդյունքները ենթարկվել են վերահաշվարկի, որի արդյունքում կուսակցության ստացած ձայների թիվը չի փոփոխվել։ Թե՛ նախնական, թե՛ վերջնական աղյուսակավորումներում նշված է նույն՝ 19 ձայնը։

ժը. ԿԸՀ ներկայացուցիչը, անդրադառնալով վերահաշվարկներին, արձանագրել է, որ, ընդհանուր առմամբ, 2005 ընտրական տեղամասերից 637-ում (կամ տեղամասերի շուրջ 32 տոկոսում) իրականացվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Բոլոր այն տեղամասերում, որտեղ որևէ կուսակցություն կամ դաշինք ներկայացրել է վերահաշվարկի պահանջ, վերահաշվարկ իրականացվել է։ Մասնավորապես՝ Երևան քաղաքում 478 տեղամասերից 319-ում (կամ տեղամասերի շուրջ 67 տոկոսում) իրականացվել է վերահաշվարկ։ ԿԸՀ մոտեցումն ու հորդորը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին եղել է հետևյալը. ինչպես իրենց նախաձեռնությամբ, այնպես էլ ցանկացած շահագրգիռ անձի կողմից ներկայացված թեկուզ փոքրագույն կասկածի դեպքում հնարավոր անճշտությունները կամ կասկածները չպետք է անտեսվեն, և անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվի վերահաշվարկ։

ժթ. Վերահաշվարկների ամբողջ ընթացքը բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում հեռարձակվել է առցանց, եղել է բաց և թափանցիկ, հրապարակվել են նաև վերահաշվարկների վերաբերյալ արձանագրությունների տվյալները։ Ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել և հետևել են վստահված անձինք, դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային քննարկումների ընթացքում լայն արձագանք էր ստացել թիվ 12/20, 27/07, 27/26 և 38/53 ընտրական տեղամասերի տվյալների սխալ մուտքագրման հանգամանքը, ԿԸՀ ներկայացուցիչն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այդ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, և վերահաստատվել են արձանագրված արդյունքները։

ԿԸՀ ներկայացուցիչն արձանագրում է, որ ընդամենը 4 տեղամասերում նախնական մուտքագրման ընթացքում տեխնիկական վրիպակ է եղել՝ տվյալների մեկ տողով վեր կամ վար մուտքագրելու հետևանքով, բայց սխալ հաշվարկի մասին խոսք լինել չի կարող։ Քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելուց հետո բոլոր 2005 ընտրական տեղամասերի արձանագրությունները, այդ թվում նաև 637 վերահաշվարկվածներինը, մեկ առ մեկ ստուգվել են։

ԿԸՀ ներկայացուցիչը հատկանշական է նաև համարում այն, որ այս ընտրությունների ընթացքում առաջին անգամ կիրառվել է Ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ին վերապահված՝ վերահաշվարկ պահանջելու լիազորությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջով վերահաշվարկ է իրականացվել 59 ընտրական տեղամասերում։ Վերահաշվարկ պահանջելու հիմք են հանդիսացել ոչ միայն ԿԸՀ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված հանգամանքները (մասնավորապես՝ մեծ թվով անճշտություններ, քվեարկությանը մասնակցած ընտրողների և վավեր ու անվավեր քվեաթերթիկների թվերի անհամապատասխանություններ, անվավեր քվեաթերթիկների բարձր տոկոս և այլն), այլև ԿԸՀ-ում քաղաքական ուժերից ստացած դիմումները։

Այսպիսով, ԿԸՀ ներկայացուցիչն արձանագրում է, որ վերջնական արձանագրություններում և վերջնական աղյուսակավորման մեջ արտացոլված տվյալներն արժանահավատ և ճշգրտված արդյունքներ են, իսկ Բարձր դատարան ներկայացված դիմումներում, ինչպես նաև այլ հրապարակումներում առկա չէ որևէ տվյալ, փաստ կամ հանգամանք, որը կարող էր կասկածի տակ դնել դրանց հավաստիությունը։

ի. ԿԸՀ ներկայացուցիչը հայտնում է, որ Ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները ԿԸՀ սահմանած կարգով մուտքագրում է համակարգիչ` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, և քվեարկության ավարտից հետո ընդամենը մի քանի ժամվա ընթացքում 2005 ընտրական տեղամասերում մշակվել է շուրջ 1.5 միլիոն քվեաթերթիկ, իսկ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում նույն ժամանակահատվածում մուտքագրվել է շուրջ 70 000 տվյալ։

ԿԸՀ ներկայացուցիչը հավելում է, որ թե՛ տեղամասային, թե՛ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում այդ աշխատանքներն իրականացվել են երկար, բարդ և աննախադեպ ծանրաբեռնված աշխատանքային օրվա ավարտից անմիջապես հետո։ Նման պայմաններում մարդկային գործոնով պայմանավորված առանձին վրիպակների հնարավորությունը բացառել հնարավոր չէ։

Միաժամանակ ԿԸՀ ներկայացուցիչն ընդգծում է, որ հետագայում իրականացված վերահաշվարկների, ճշգրտումների և տվյալների վերամուտքագրման արդյունքում բոլոր հնարավոր վրիպակները շտկվել են։

ԿԸՀ ներկայացուցիչն ընդունելի չի համարում Բարձր դատարանում որպես հիմնավորում այնպիսի հանգամանքներ ներկայացնելը, որոնք հետագայում ամբողջությամբ շտկվել են և որևէ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Ավելին, նման փաստարկների շահարկումը անտեսում և ստվերում է ընտրական հանձնաժողովների հազարավոր անդամների կողմից իրականացված ծավալուն, պատասխանատու և չափազանց ծանր աշխատանքը, որի արդյունքում ընտրությունների արդյունքները սահմանված ժամկետներում և օրենքով նախատեսված կարգով ամփոփվել են։

Անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու և դրանից հետո վերաքվեարկություն նշանակել-չնշանակելու հարցերին՝ ԿԸՀ ներկայացուցիչը պարզաբանում է, թե ինչու է ԿԸՀ-ն հատուկ ուսումնասիրել թիվ 10/51 և 35/65 ընտրական տեղամասերի քվեարկության օրինականությունը։ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության ավարտից անմիջապես հետո, ինչպես նաև հաջորդ երկու օրերին մամուլում և սոցիալական ցանցերում երեք տեղամասերում զինվորների քվեարկության հետ կապված տարբեր պնդումներ և հանգամանքներ էին հրապարակվում։ Դրանք էին թիվ 10/51, 20/56 և 35/65 տեղամասերը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված հնարավոր խախտումների մասին պնդումները կարող էին ստվերել ողջ ընտրությունների արդյունքները, ԿԸՀ-ն ուսումնասիրել է վերը նշված երեք ընտրական տեղամասերի քվեարկության կազմակերպման ընթացքը՝ հնարավոր խախտումները բացահայտելու և գնահատելու նպատակով։ Արդյունքում երկուսի՝ թիվ 10/51 և 35/65 ընտրական տեղամասերի պարագայում խախտումների առկայությունը հաստատվել է. մի դեպքում՝ քվեարկությունն օրենքով նախատեսվածից 1 ժամ 22 րոպե, իսկ մյուս դեպքում՝ 3 ժամ 38 րոպե ավելի երկար է տևել։ Իսկ թիվ 20/56 ընտրական տեղամասի դեպքում քվեարկությունն ավարտվել է հունիսի 7-ին՝ ժամը 20։22-ին, ինչը ԿԸՀ-ի կողմից գնահատվել է իրավաչափ։

Արդյունքում՝ ԿԸՀ 11.06.2026 թ. թիվ 254-Ա և թիվ 255-Ա որոշումներով անվավեր ճանաչվեցին թիվ 10/51 և 35/65 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ։

ԿԸՀ ներկայացուցիչը գտնում է, որ վերոնշյալ երեք ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու հանգամանքը Դիմողների կողմից ներկայացվում է աղճատված, իրական փաստերի և հանգամանքների հետ կապ չունեցող փաստարկների ու պնդումների լույսի ներքո։

իա. ԿԸՀ ներկայացուցիչը պնդում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ին վերաբերող փաստարկները, դրանց կցված թվային տվյալներն իրականության հետ կապ չունեն, անհիմն են և կեղծ, և հավելում, որ թիվ 254-Ա և թիվ 255-Ա որոշումները ԿԸՀ-ն ընդունել է հունիսի 11-ին, այդ ժամանակ վերահաշվարկի գործընթացը դեռևս շարունակվում էր, այն ավարտվել է հաջորդ օրը՝ հունիսի 12-ին՝ ժամը 14:00-ին։ Այսինքն՝ նախորդ օրը որոշումներ կայացնելիս «վերահաշվարկի արդյունքներ», որպես այդպիսին, ոչ ԿԸՀ-ն և ոչ էլ որևէ մեկը չի ունեցել և չէր էլ կարող ունենալ։ Վերահաշվարկի, ըստ այդմ նաև՝ ընդհանուր ընտրությունների արդյունքների ճշգրտված ամբողջական տվյալները մուտքագրվել և հանրագումարի են բերվել հունիսի 12-ի երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում։

ԿԸՀ-ն հունիսի 11-ի թիվ 254-Ա և թիվ 255-Ա որոշումները կայացրել է, քանի որ խնդրո առարկա ընտրական տեղամասերում քվեարկության ընթացքում Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կոպիտ խախտման փաստեր են արձանագրվել, որոնց պարագայում քվեարկության օրինական, իրական արդյունքները հնարավոր չէ պարզել։ Վարչական դատարանի որոշումներով ևս հաստատվել է ԿԸՀ թիվ 254-Ա և թիվ 255-Ա որոշումների իրավաչափ լինելը։

ԿԸՀ ներկայացուցիչը գտնում է, որ Դիմողների այն մոտեցումը, որ թիվ 10/51 և 35/65 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները պետք է բացառապես համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն անվավեր ճանաչեին, չի բխում Ընտրական օրենսգրքի կարգավորումներից։ Օրենսդիրը հստակ տարանջատել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների այն որոշումները, որոնք ԿԸՀ-ն իրավունք չունի վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ վերանայելու, դրանք տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Երևանի ավագանու) ընտրությունների արդյունքներով ընդունված, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները, թեկնածուներին գրանցելու, գրանցումը մերժելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումներն են։

ԿԸՀ ներկայացուցիչը նաև հայտնում է, որ նշված երեք ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որոշումները և կից նյութերը ուղարկվել են դատախազություն։

ԿԸՀ ներկայացուցիչն արձանագրում է, որ թիվ 10/51, 12/13 և 35/65 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումներն իրավաչափ են և բխում են Ընտրական օրենսգրքի պահանջներից։

Հետևապես՝ ԿԸՀ ներկայացուցիչը գտնում է, որ ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո դրանցում անվերապահորեն վերաքվեարկություն նշանակելու՝ Դիմողների պահանջը փաստարկված չէ, հիմնավոր չէ և հակասում է Ընտրական օրենսգրքին, քանզի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու համար անհրաժեշտ է, որ դրանցում տեղի ունեցած խախտումները ԿԸՀ-ն գնահատի որպես ընտրությունների արդյունքների վրա ազդող։

ԿԸՀ ներկայացուցիչն արձանագրում է, որ ընտրությունների արդյունքներով անճշտությունների թիվը կազմել է 4331 (չորս հազար երեք հարյուր երեսունմեկ), որից 3395-ը (երեք հազար երեք հարյուր իննսունհինգ) անվավեր ճանաչված երեք ընտրական տեղամասերի քվեարկության մասնակիցների թվերի հանրագումարն է։ Կողմ քվեարկված քվեաթերթիկների 1 456 740 (մեկ միլիոն չորս հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր քառասուն) և 4331 (չորս հազար երեք հարյուր երեսունմեկ) անճշտությունների հանրագումարը կազմում է 1 461 071 (մեկ միլիոն չորս հարյուր վաթսունմեկ հազար յոթանասունմեկ), որի չորս տոկոսը կազմում 58 442,84 (հիսունութ հազար չորս հարյուր քառասուներկու ամբողջ ութսունչորս հարյուրերորդական)։ Այսինքն՝ անցողիկ շեմը հաղթահարելու նպատակով կուսակցությունները պետք է ստանային առնվազն 58 443 (հիսունութ հազար չորս հարյուր քառասուներեք) քվե, իսկ կուսակցությունների դաշինքներն այս դեպքում անցողիկ շեմը կարող էին հաղթահարել առնվազն 116 886 (հարյուր տասնվեց հազար ութ հարյուր ութսունվեց) քվեի պարագայում։ Նշված թվային տվյալներով անցողիկ շեմը հաղթահարում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Հայաստան» կուսակցությունների դաշինքը։

ԿԸՀ ներկայացուցիչը պնդում է, որ երեք ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու թվային ազդեցությունը գնահատելու համար ընդհանուր անճշտությունների թվից պետք է հանել երեք ընտրական տեղամասերի քվեարկության մասնակիցների թիվը, որը կազմել է 3395 (երեք հազար երեք հարյուր իննսունհինգ)։ Արդյունքում՝ անճշտությունների թիվն առանց երեք ընտրական տեղամասերի անվավեր ճանաչման ազդեցության կկազմեր 936 (ինը հարյուր երեսունվեց)։ Կողմ քվեարկված քվեաթերթիկների 1 456 740 (մեկ միլիոն չորս հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր քառասուն) և 936 (ինը հարյուր երեսունվեց) անճշտությունների հանրագումարը կազմում է 1 457 676 (մեկ միլիոն չորս հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր յոթանասունվեց)։ Այս դեպքում չորս տոկոսի անցողիկ շեմը կազմում է 58 307,04 (հիսունութ հազար երեք հարյուր յոթ ամբողջ չորս հարյուրերորդական) քվե, իսկ 8 տոկոսը՝ 116 614,08 (հարյուր տասնվեց հազար վեց հարյուր տասնչորս ամբողջ ութ հարյուրերորդական) քվե։ Նշված թվային տվյալների պարագայում անցողիկ շեմը կրկին հաղթահարում են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, քանի որ նրանց հաջորդ ամենաշատ քվե ստացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմ ձայների թիվը կազմում է 58 287 (հիսունութ հազար երկու հարյուր ութսունյոթ) և չի բավարարում անցողիկ շեմը հաղթահարելու համար։

ԿԸՀ ներկայացուցիչը գտնում է, որ ԿԸՀ-ի կողմից որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո անհրաժեշտ է գնահատել, թե տվյալ խախտման իրավական հետևանքներից որն է իրականում ունակ վերականգնելու ընտրողների ազատ, հավասար և իրական կամարտահայտությունը։ Ընտրական վեճի նպատակը չի կարող լինել միայն խախտմանն արձագանքելը՝ անկախ այդ արձագանքի հետևանքներից։ Ընտրական վեճի լուծման նպատակը պետք է լինի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը, ընտրությունների արդյունքի լեգիտիմության ապահովումը և այնպիսի միջոցի ընտրությունը, որը չի ստեղծում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքն անհրաժեշտ է վերացնել։

ԿԸՀ ներկայացուցիչը պնդում է, որ վերաքվեարկություն նշանակելը չի կարող դիտվել որպես քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մեխանիկական հետևանք։ Վերաքվեարկությունն իրավաչափ և հիմնավորված կարող է լինել միայն այն դեպքում, երբ կոնկրետ պայմաններում կարող է ապահովել ընտրությունների իրական արդյունքը` ազատ և հավասար ընտրական իրավունքի սկզբունքների հաշվառմամբ։ Եթե վերաքվեարկությունը տեղի է ունենալու այնպիսի պայմաններում, որտեղ ընտրողների կամքի ձևավորման միջավայրն արդեն փոփոխված է, ընտրությունների համընդհանուր արդյունքը հայտնի է, ընտրողների որոշակի խումբ հայտնվում է մյուս ընտրողներից էապես տարբեր տեղեկատվական և քաղաքական ազդեցության պայմաններում, իսկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած տեղեկատվության համատեքստում ընտրական գործընթացում առկա ապօրինի կամ կոռուպցիոն ազդեցության մեխանիզմներն ամբողջությամբ չեն չեզոքացվել, և դրանց մեծածավալ լինելու պայմաններում առկա է դրանց կրկնության ռիսկ, ապա անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք որոշակի տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո այնտեղ վերաքվեարկություն նշանակելը կարող է ուղղված լինել անձանց ընտրական իրավունքի պաշտպանությանը, թե՝ ոչ։

ԿԸՀ ներկայացուցիչը շեշտում է, որ երբ քվեարկությանը մասնակցած ընտրողներն իրենց քվեն տվել են այն պահին, երբ ընտրությունների արդյունքը հայտնի չէր, իսկ հետագայում միայն որոշ տեղամասերի ընտրողներ պետք է քվեարկեն արդեն հայտնի ընդհանուր արդյունքի պայմաններում, առաջանում է ազատ և հավասար ընտրական իրավունքի իրացման խնդիր։ Քվեարկությանը մասնակցած ընտրողները գործել են անորոշության պայմաններում նրանք չգիտեին ընտրությունների վերջնական արդյունքը, և դա կախված էր իրենց քվեից: Անհայտ էին նաև ընտրվող ուժերի հարաբերակցությունը, ձայների տարբերությունը, մանդատների հնարավոր բաշխումը կամ իրենց ձայնի կոնկրետ հաշվարկային ազդեցությունը վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողներն արդեն կարող են կանխատեսել, թե քանի ձայն է անհրաժեշտ ընտրությունների արդյունքը փոխելու կամ, տեղին է ասել՝ խմբագրելու համար։ Նման պայմաններում վերաքվեարկությունն այլևս չի կարող լինել նույն ընտրության բնական շարունակությունը, այլ կվերածվի երկրորդային, հաշվարկված և թիրախավորված քաղաքական գործընթացի՝ հանգեցնելով, ինչպես ընդունված է ասել՝ տակտիկական քվեարկության (tactical voting)։

ԿԸՀ ներկայացուցիչը գտնում է, որ խնդիրը չի լուծվում միայն այն հանգամանքով, որ քվեարկությունը կմնա գաղտնի։ Գաղտնի քվեարկությունը պաշտպանում է քվեի չբացահայտումը, բայց չի չեզոքացնում այն քաղաքական, տեղեկատվական միջավայրը, որի պայմաններում ընտրողը պետք է գնա քվեարկության։ Ընտրությունը կարող է լինել գաղտնի, բայց միաժամանակ չլինել ազատ, եթե ընտրողի կամքի ձևավորման պայմաններն արդեն կառուցված են հայտնի արդյունքի, թիրախային մոբիլիզացիայի և կոնկրետ ձայների հաշվարկի շուրջ։ Հետևաբար՝ ազատ ընտրական իրավունքի գնահատման ժամանակ պետք է դիտարկել ոչ միայն քվեախցիկի գաղտնիությունը, այլ նաև այն, թե ընտրողն ինչպիսի միջավայրում է։

ԿԸՀ ներկայացուցիչը պնդում է, որ եթե հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողներն իրենց կամքն արտահայտել են անորոշության պայմաններում, իսկ հետո առանձին տեղամասում կամ ընտրատարածքում հայտնի արդյունքի պայմաններում նշանակվում է վերաքվեարկություն, ապա այդ վերաքվեարկությունը կարող է երկրորդային և հաշվարկված ազդեցություն ունենալ արդեն օրինական ճանապարհով արտահայտված ընտրողների կամքի վրա։ Այսինքն՝ հարցը միայն այն չէ, թե արդյոք վերաքվեարկության մասնակիցը կարող է քվեարկել. հարցը նաև այն է, թե արդյոք վերաքվեարկության միջոցով չի խաթարվում մնացած ընտրողների արդեն օրինական արտահայտած կամքը։

ԿԸՀ ներկայացուցիչը, մեջբերելով Վենետիկի հանձնաժողովի մոտեցումը, նշում է, որ ընտրությունների արդյունքների չեղարկման հիմնական չափանիշը պետք է լինի այն, թե արդյոք խախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Արդյունքների ամբողջական կամ մասնակի չեղարկումը, ինչպես նաև դրանից բխող հետագա միջոցները պետք է դիտվեն որպես բացառիկ և համաչափ միջամտություններ։ Ընտրական մարմինը պարտավոր է ընտրել այնպիսի միջոց, որն անհրաժեշտ է, համաչափ և նվազագույն միջամտությամբ պաշտպանում է ընտրողների իրական կամքը։ Եթե տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը չի փոխում հաղթողին, մանդատների բաշխումը, ընտրական շեմի հաղթահարման հարցը կամ առաջացնում ընտրությունների այլ իրավական հետևանք, ապա այդ դեպքում վերաքվեարկությունը կարող է չծառայել վերջնական իրավական արդյունքի վերականգնմանը, այլ միայն ստեղծել նոր քաղաքական և իրավական ռիսկեր։

ԿԸՀ ներկայացուցիչը, մեջբերելով նաև միջազգային համեմատական փորձը, նշում է, որ տարբեր երկրներում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կամ ընտրական խախտումների արձանագրումը միշտ չէ, որ ինքնաբերաբար հանգեցրել է վերաքվեարկության։ Որոշ դեպքերում կիրառվել է վերահաշվարկ կամ մանդատների բաշխման վերանայում, որոշ դեպքերում՝ ավելի լայն ընտրական գործընթացի վերսկսում, իսկ որոշ դեպքերում՝ մասնակի վերաքվեարկություն, բայց միայն այն դեպքում, երբ այն համարվել է անհրաժեշտ և համաչափ։ Այս փորձից բխող հիմնական սկզբունքն այն է, որ իրավասու մարմինը պետք է ընտրի ամենաարդյունավետ և համաչափ միջոցը։

ԿԸՀ ներկայացուցիչն արձանագրում է, որ եթե նույնիսկ որոշ ընտրական միավորների նախնական արդյունքների իմացությունը կարող է ազդել դեռ չքվեարկած ընտրողների վարքագծի վրա, ապա առավել ևս ակնհայտ է, որ ամբողջ ընտրությունների արդյունքի հայտնի լինելու պայմաններում առանձին երեք տեղամասերում վերաքվեարկությունը կարող է չվերարտադրել սկզբնական ազատ և հավասար ընտրական միջավայրը։ Այդ դեպքում ընտրողները և քաղաքական ուժերը գործում են արդեն հայտնի արդյունքի, հայտնի ձայների տարբերության և կոնկրետ հաշվարկային նպատակի պայմաններում, ինչն առաջացնում է տակտիկական քվեարկության օբյեկտիվ ռիսկ։ Հետևաբար՝ երբ արդեն հայտնի է ամբողջ ընտրական արդյունքը, առանձին տեղամասում վերաքվեարկության տակտիկական ազդեցության ռիսկը միանշանակ է և ակնհայտ։

ԿԸՀ ներկայացուցիչը վերոնշյալի համատեքստում գտնում է, որ ԿԸՀ-ն որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո պետք է ոչ թե անմիջապես անցնի վերաքվեարկության նշանակմանը, այլ նախ բովանդակային գնահատի մի քանի փոխկապակցված հանգամանքներ։ Գնահատումը ցույց է տալիս, որ վերաքվեարկությունը տեղի է ունենալու արդեն հայտնի արդյունքի պայմաններում, ստեղծելու է տակտիկական քվեարկության ռիսկ, վերաքվեարկության մասնակիցները գտնվելու են այլ տեղեկատվական և քաղաքական պայմաններում, և նման պայմաններում վերաքվեարկությունը չի կարող համարվել ազատ և հավասար ընտրական իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոց։ Նման պայմաններում վերաքվեարկություն չնշանակելը չի նշանակում ընտրական խախտումներն անտեսել։ Ընդհակառակը՝ վերաքվեարկություն չնշանակելով՝ ԿԸՀ-ն ընտրել է այնպիսի միջոց, որը չի առաջացնի ընտրությունների արդյունքների աղավաղում համընդհանուր արդյունքների համատեքստում։

ԿԸՀ ներկայացուցիչը հաստատում է, որ նման իրավիճակում ԿԸՀ-ն պարտավոր էր առաջնորդվել ոչ թե մեխանիկական վերաքվեարկություն նշանակելու տրամաբանությամբ, այլ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ և հավասար ընտրության ապահովման նպատակով, Սահմանադրական դատարանի՝ արդյունքի վրա ազդեցության և օրինական քվեարկած ընտրողների իրավունքների պաշտպանության չափանիշներով, համաչափության ու նվազագույն անհրաժեշտ միջամտության սկզբունքներով` հաշվի առնելով Սահմանադրության 194-րդ հոդվածով իրեն տրված մանդատը` որպես անկախ պետական մարմին կազմակերպել ընտրություններ և վերահսկողություն իրականացնել դրանց օրինականության նկատմամբ։

ԿԸՀ ներկայացուցիչն արձանագրում է, որ ԿԸՀ գնահատականը, ըստ որի՝ թիվ 10/51, 12/13 և 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումները չեն ազդել 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների վրա, միանշանակ հիմնավոր է։

Ամփոփելով՝ պատասխանող ԿԸՀ ներկայացուցիչը գտնում է, որ ԿԸՀ վիճարկվող որոշումն իրավաչափ է, կայացվել է Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, ուստիև՝ խնդրում է ներկայացված դիմումները մերժել, իսկ ԿԸՀ 14.06.2026 թ. թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

 

13. Հարակից պատասխանողների դիրքորոշումները

13.1. ՀՀ դատախազության դիրքորոշումները

2026 թվականի հունիսի 27-ին Սահմանադրական դատարանում սույն միավորված գործով բանավոր ընթացակարգով դատական նիստի շրջանակներում հարակից պատասխանող՝ ՀՀ դատախազության ներկայացուցիչը ներկայացրել է ներքոնշյալ դիրքորոշումները.

ա. ՀՀ դատախազության ներկայացուցիչը ներկայացնում է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին առնչվող հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման և լուծման, քրեական վարույթների քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում իրականացված միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվություն, համաձայն որի՝ 2026 թվականի հունիսի 24-ի դրությամբ մշակված տվյալների համաձայն՝ ՀՀ դատախազության ստորաբաժանումների դատախազների կողմից հսկողություն է իրականացվել 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ հանրապետության նախաքննության մարմիններում ստացված 423 հաղորդման քննարկման և լուծման օրինականության նկատմամբ: Նշված հաղորդումները ստուգվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178 և 179-րդ հոդվածներով սահմանված կարգով:

բ. ՀՀ դատախազության ներկայացուցիչը նշում է, որ հաղորդումների քննարկման արդյունքում նախաձեռնվել է 332 քրեական վարույթ, որից 7-ը՝ դատախազի հանձնարարությամբ: 91 հաղորդման քննարկման արդյունքում քրեական վարույթ չի նախաձեռնվել: Քննված քրեական վարույթներով դատախազների կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել 391 անձի նկատմամբ, այդ թվում՝ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով), ընտրողի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով), հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու կամ դրան օժանդակելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով), ինչպես նաև փողերի լվացման համար, մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով), քվեարկության գաղտնիությունը խախտելու, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունը խախտելու փորձի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով), ընտրակաշառք տալու կամ դրան հանցակցելու համար, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ դրան հանցակցելու և փողերի լվացման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածով), ընտրակաշառք ստանալու կամ դրան հանցակցելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով), բարեգործության արգելքը խախտելու կամ դրան հանցակցելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով)։

գ. ՀՀ դատախազության ներկայացուցիչը հավելում է, որ քննարկվող ժամանակահատվածում ձերբակալվել է 370 անձ, որից 74-ը՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, 296-ը՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար: Ձերբակալվածներից միայն 8-ն են ազատ արձակվել՝ կասկածը չհիմնավորվելու հիմքով: Մեղադրյալներից 86-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ (տնային կալանք՝ 61, վարչական հսկողություն՝ 26)։

Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժման դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազության ներկայացուցիչը նշել է, որ կայացված բոլոր դատական ակտերը գտնվում են բողոքարկման փուլում, առկա են նաև դատախազի կողմից ներկայացված բողոքները բավարարելու դեպքեր։ Միևնույն ժամանակ վերջինս հարկ է համարել նշել նաև, որ առկա են դեպքեր, երբ նույն վարույթի շրջանակներում միևնույն փաստական տվյալներով տարբեր անձանց վերաբերյալ ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում կայացվել են իրարից տարբերվող դատական ակտեր։

դ. ՀՀ դատախազության ներկայացուցիչը հայտնում է, որ պատգամավորի 18 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 15 անձի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 3-ը դեռևս չեն քննարկվել: Պատգամավորի 11 թեկնածուի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն: 5 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ե. 29 քրեական վարույթ 107 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան: Դրանք են՝ 19 քրեական վարույթ՝ 87 անձի վերաբերյալ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, բարեգործության արգելքը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով, 1 քրեական վարույթ՝ 3 անձի վերաբերյալ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության մեղադրանքով, 2 քրեական վարույթ՝ 5 անձի վերաբերյալ բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու մեղադրանքով, 2 քրեական վարույթ՝ 7 անձի վերաբերյալ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով, 1 քրեական վարույթ՝ 1 անձի վերաբերյալ խուլիգանության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու մեղադրանքով, 1 քրեական վարույթ՝ 2 անձի վերաբերյալ խմբի կազմում, գույքը վնասելու կամ ոչնչացնելու և բռնություն գործադրելու սպառնալիքով ընտրողի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով, 1 քրեական վարույթ՝ 1 անձի վերաբերյալ շանտաժի միջոցով հավաքին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքով, 2 քրեական վարույթ՝ 2 անձի վերաբերյալ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու մեղադրանքով:

զ. ՀՀ դատախազության ներկայացուցիչը նշում է նաև, որ 18 քրեական վարույթ կարճվել է, որից 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը հաստատվելու, 5-ը՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվելու հիմքով:

է. ՀՀ դատախազության ներկայացուցիչը, անդրադառնալով Սահմանադրական դատարանում ստացված դիմումներում և Դիմողների ներկայացուցիչների ելույթներում բարձրացված մի շարք հարցերի, որոնք կարող են առնչվել ՀՀ դատախազության սահմանադրական գործառույթների իրականացմանը, հարկ է համարել նշել, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական և տեղամասային ընտրական հանձնաժողովներից ՀՀ դատախազություն է ստացվել 10 գրություն՝ 14 հաղորդումների վերաբերյալ։ Նշված հաղորդումներից 2-ում առկա են եղել տեղեկություններ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ արարքների կատարման, մասնավորապես՝ կրթական, մշակութային հաստատությունների աշակերտներին հավաքին մասնակցելուն հարկադրելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։ Նշված հաղորդումներով նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

ը. ՀՀ դատախազության ներկայացուցիչը հավելում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից դատախազությունում ստացված գրություններից 2-ը վերաբերել են ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն, որոնց քննարկումն ընթացքի մեջ է. «(...) դասղեկի կողմից աշակերտներին հավաքին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցչի կողմից ներկայացված դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման քննարկման արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»։

թ. ՀՀ դատախազության ներկայացուցիչը, խոսելով դիմողների ներկայացուցիչների կողմից նշված՝ բարեգործության արգելքը խախտելու, այդ թվում՝ սոցիալական աջակցության տրամադրման, կենսաթոշակների բարձրացման, առողջության համընդհանուր ապահովագրության, հանրային գույքը քարոզչական նպատակներով օգտագործելու, ընտրողներին առավելություններ խոստանալու և տրամադրելու, պարգևավճարներ տրամադրելու, ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների աշխատակիցների կողմից քարոզարշավի ընթացքում օրինական հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ դեպքերին՝ նշում է, որ դրանց վերաբերյալ ներկայացվել է 36 հաղորդում, որոնց քննարկման արդյունքում քրեական վարույթներ չեն նախաձեռնվել, քանի որ դրանցում նշված տեղեկատվությանը ողջամտորեն հնարավոր չի եղել տալ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Միաժամանակ նշված հաղորդումներից 13-ը դրանցում առկա տեղեկությունները ստուգելու համար ուղարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմիններին:

ժ. ՀՀ դատախազության ներկայացուցիչը նշում է, որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից ատելության խոսք, ինչպես նաև բռնության կոչեր տարածելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2 հաղորդում, որոնց քննարկման արդյունքում վարույթ չի նախաձեռնվել, քանի որ հաղորդմամբ չեն փաստվել հանցագործության հատկանիշներ պարունակելու վերաբերյալ տվյալներ։

ժա. ՀՀ դատախազության ներկայացուցիչը, ամփոփելով խոսքը, արձանագրում է, որ ներկայացված դիմումներում առկա մի շարք պնդումների համաձայն՝ պետական մարմինները պատշաճ չեն արձագանքել առանձին փաստերի և չեն ապահովել դրանց կապակցությամբ համապատասխան ընթացակարգերի իրականացումը, սակայն նշված հարցերի լուծման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են հստակ կառուցակարգեր, և կողմերը զրկված չեն այդ ընթացակարգերի շրջանակներում իրենց իրավունքների պատշաճ պաշտպանության հնարավորությունից։

 

13.2. ՀՀ ներքին գործերի նախարարության դիրքորոշումները

2026 թվականի հունիսի 27-ին Սահմանադրական դատարանում սույն միավորված գործով բանավոր ընթացակարգով դատական նիստի շրջանակներում հարակից պատասխանող՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը ներկայացրել է ներքոնշյալ դիրքորոշումները.

ա. ընտրողների ցուցակներին առնչվող հարցերի վերաբերյալ նշում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համահունչ՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ձեռնարկվել են ընտրողների ռեգիստրը վարելուն, ընտրողների ցուցակների ճշգրիտ կազմմանը, առկա հնարավոր թերությունները հայտնաբերելուն և շտկելուն ուղղված, ինչպես նաև այլ անհրաժեշտ միջոցառումներ՝ օրենսդրի կողմից թույլատրված գործիքակազմի ողջ ծավալով։ Ընդ որում՝ այդ աշխատանքներն ուղեկցվել են իրավասու մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ արդարադատության, պաշտպանության, արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, դատական դեպարտամենտի, ազգային անվտանգության ծառայության հետ արդյունավետ համագործակցությամբ։ Այս համատեքստում ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչն անհրաժեշտ է համարում շեշտել, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացված գործառույթների արդյունքում իրավասության շրջանակներում պատշաճ կերպով երաշխավորվել է «մեկ անձ - մեկ հաշվառում – մեկ ընտրական տեղամաս» սկզբունքի ապահովումը, այդ թվում՝ օրենքի պահանջով հրապարակման ոչ ենթակա ցուցակների պարագայում։

ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչը նաև հավելում է, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաև քրեակատարողական հիմնարկների պետերը, ձերբակալվածներին պահելու վայրերի ղեկավարները և զորամասերի հրամանատարները: Այս դրույթը, բնականաբար, հստակորեն իրացվում է պրակտիկայում։

Միաժամանակ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 12-րդ մասը նախատեսում է, որ զորամասերում հաշվառված ընտրողների թիվը, զորամասերում կազմվող ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից քաղվածքներ չեն կատարվում: Նշված ցուցակների պարագայում ևս առկա են գործուն կառուցակարգեր, որոնք երաշխավորում են Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթն առ այն, որ ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ։ Այս առնչությամբ համապատասխան պարզաբանումները ևս ներկայացվել են Բարձր դատարանին։

բ. ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչը, խոսելով ենթադրյալ խախտումների մասին, ըստ որի՝ մերժվել են շուրջ 7000 անձի՝ ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար ներկայացված դիմումները, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ մերժումների առկայությունն ինքնին որևէ կերպ չի կարող վկայել ընտրական օրենսդրության խախտման մասին, առավել ևս, որ նման խախտում պարզապես չի եղել։ Այս առումով հարակից պատասխանող ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչը նշում է, որ նման դատողություններ հնարավոր կլիներ անել ոչ թե սոսկ մերժումների քանակական հատկանիշի հաշվառմամբ, այլ այդ մերժումների նպատակային, ոչ իրավաչափ բնույթի ընդգծմամբ։ Մինչդեռ նման որևէ փաստարկ ներկայացված չէ, և հետևապես՝ Դիմողներին առաջադրվող՝ ապացուցման համար անհրաժեշտ նվազագույն ապացուցողական շեմը, հարակից պատասխանող ՀՀ ՆԳՆ ներկայացուցչի դիտարկմամբ, հաղթահարված չէ։ Այս հարցի կապակցությամբ անհրաժեշտ է համարում նշել նաև, որ մերժման որոշումները վերջնական չեն, և օրենքով նախատեսված է դրանց բողոքարկման արդյունավետ կառուցակարգ։ Ավելին, այս որոշումները որևէ կերպ չեն ազդել ընտրելու իրավունքի երաշխավորման վրա։

գ. ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչը հավելում է, որ ըստ գտնվելու վայրի ընտրացուցակներում ընդգրկվելու վերաբերյալ բավարարվել է 22.734 քաղաքացու դիմում։ Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին տրամադրվել է 1172 տեղեկանք։ Ընտրողների ցուցակներում, ընտրողների ռեգիստրում, այդ թվում՝ քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկելը մերժելու վերաբերյալ ակտերն անվավեր ճանաչելու և նշված ցուցակներում ընդգրկելուն պարտավորեցնելու վերաբերյալ պահանջներով հայցերի քանակը կազմել է 294, որից բավարարվել է ընդամենը 5-ը, որից էլ 3-ը բեկանվել և կարճվել է վերադաս ատյանի կողմից։ Մյուսների մասով կամ հայցադիմումի ընդունումը մերժվել է՝ համապատասխան դատական ատյանին ընդդատյա չլինելու հանգամանքով պայմանավորված, կամ հայցը չի բավարարվել։

դ. Անդրադառնալով առանձին հասցեներում այլ անձանց հաշվառումների վերաբերյալ ներկայացված հարցին՝ ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչն արձանագրում է, որ ՀՀ ոլորտային օրենսդրությամբ սահմանված չէ մեկ հասցեում հաշվառվող անձանց առավելագույն շեմ, հետևապես՝ բարձրացված հարցը որևէ պարագայում չի կարող որակվել որպես ընտրական գործընթացում դրսևորված խախտում։

Ինչ վերաբերում է անճշտությունների մասով ներկայացված հարցերին, մասնավորապես՝ բացակայող անձանց վերաբերյալ տվյալների առկայությանը, սեփականատիրոջն անհայտ անձանց հաշվառմանը՝ ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչը շեշտում է, որ հնչեցված բոլոր ահազանգերով կատարվել են առանձին ուսումնասիրություններ, և չի հայտնաբերվել որևէ ոչ իրավաչափ իրավիճակ։

ե. Անդրադառնալով քվեարկությանը մասնակցած 79125 ՀՀ քաղաքացու դեպքում անձը հաստատող փաստաթղթի տվյալները մասնագետի կողմից ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելուն՝ ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչն անհրաժեշտ է համարել նշել, որ տեխնիկական սարքավորման կիրառմամբ ընտրողի նույնացումը, ինչպես արձանագրել է նաև ԿԸՀ ներկայացուցիչը, նախատեսվել է որպես ընտրողի նույնացման հավելյալ գործիքակազմ։ Սարքավորման առկայության կամ բացակայության պարագայում էլ ընտրողի նույնացման հիմնական գործիքակազմը շարունակում է մնալ անձը հաստատող փաստաթղթի միջոցով անձի նույնացումը տեղում։ Ընդ որում՝ հարակից պատասխանող ՀՀ ՆԳՆ ներկայացուցչի պնդմամբ՝ նշված թիվը Հայաստանի ընտրությունների պատմության ընթացքում արձանագրված ամենացածր թիվն է։

զ. Անդրադառնալով ընտրություններին առնչվող իրավախախտումներին՝ ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչը նշում է, որ Բարձր դատարանի պահանջով ՀՀ ՆԳՆ կողմից պաշտոնական գրությամբ ներկայացվել է ամփոփ տեղեկանք, արձանագրվել են բոլոր հայտնի դեպքերը և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը նախընտրական քարոզարշավի մեկնարկից մինչև գործընթացի ավարտը ՀՀ ողջ տարածքում իրականացրել է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ՝ իր իրավասության սահմաններում օպերատիվ կերպով արձագանքելով բոլոր իրավախախտումներին և պատահարներին։

է. Անդրադառնալով ընտրական գործընթացին ներգրավված սուբյեկտների նկատմամբ տարբերակված մոտեցման հարցին՝ ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչը հայտնում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ընտրական գործընթացին ներգրավված բոլոր սուբյեկտների նկատմամբ մշտապես ցուցաբերել է հավասարակշռված մոտեցում, ներառյալ՝ հավաքների պատշաճ սպասարկման համատեքստում և իր իրավասության շրջանակներում, կոնկրետ իրավիճակի գնահատմամբ, ձեռնարկել համարժեք գործողություններ։ Հակառակի մասին պնդումները պարզապես պատշաճորեն չփաստարկված ենթադրություններ կամ վերացական բնույթի դատողություններ են։

ը. ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչը, ամփոփելով խոսքը, նշում է, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունն ընտրական գործընթացում առաջնորդվել է բացառապես համապատասխան հարաբերությունները կանոնակարգող իրավական կարգավորումներով՝ իր լիազորությունների շրջանակներում ապահովելով ինչպես ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի պատշաճ իրացումը, այնպես էլ ընտրախախտումների կանխման, հայտնաբերման և դրանց բացահայտման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը։

 

13.3. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի դիրքորոշումները

2026 թվականի հունիսի 27-ին Սահմանադրական դատարանում սույն միավորված գործով բանավոր ընթացակարգով դատական նիստի շրջանակներում հարակից պատասխանող՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է ներքոնշյալ դիրքորոշումները.

ա. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը նշում է, որ Դիմողների ներկայացրած պնդումների զգալի մասը հիմնված է ոչ թե անմիջականորեն հաստատված փաստերի, այլ ենթադրությունների, գնահատողական դատողությունների և քաղաքական բնույթի եզրահանգումների վրա, մինչդեռ սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանի գնահատման առարկան ոչ թե տարբեր քաղաքական սուբյեկտների ընկալումներն ու ենթադրություններն են, այլ այն հարցը, թե արդյո՞ք առկա են բավարար, արժանահավատ և վերաբերելի տվյալներ, որոնք կհաստատեն իրավապահ մարմինների, այդ թվում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրական գործընթացին այնպիսի ապօրինի միջամտության փաստ, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրողների ազատ կամարտահայտության կամ ընտրությունների արդյունքների վրա։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչն արձանագրում է, որ ներկայացված չեն տվյալներ, որոնք կվկայեն, որ որևէ ընտրող իր քաղաքական ընտրությունը կատարել է իրավապահ մարմնի հրապարակումների, քրեական վարույթների կամ այլ գործողությունների ազդեցության ներքո, ինչպես նաև չեն ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնք կհաստատեն, որ նշված հանգամանքներն ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը գտնում է, որ Դիմողների ներկայացրած պնդումների հիմքում փաստացի դրված է այն տրամաբանությունը, որ ընտրական գործընթացի ընթացքում կամ դրան նախորդող ժամանակահատվածում քրեական վարույթների նախաձեռնումը, ապացուցողական և վարութային այլ գործողությունների իրականացումը, խափանման միջոցների կիրառումը կամ հանրային հաղորդակցումն ինքնին պետք է դիտարկվեն որպես քաղաքական գործընթացներին միջամտության դրսևորում, որպիսի մոտեցումը չի բխում իրավական պետության հիմնարար սկզբունքներից։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը նշում է նաև, որ իրավապահ մարմիններն օրենքով պարտավոր են արձագանքել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդմանը, իրականացնել անհրաժեշտ համապատասխան գործողություններ, ինչպես նաև ապահովել քրեական վարույթի բնականոն ընթացքը՝ անկախ վարույթով անցնող անձանց քաղաքական հայացքներից կամ ընտրական գործընթացին նրանց մասնակցությունից, և հավելում, որ հակառակ մոտեցումը կնշանակեր, որ ընտրություններին մասնակցող անձինք կամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները փաստացի կստանային քրեական արդարադատությունից ժամանակավոր անձեռնմխելիություն, որպիսի մոտեցումը չի բխում ո՛չ Սահմանադրությունից, ո՛չ էլ որևէ օրենսդրական կարգավորումից։

բ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը, անդրադառնալով Դիմողների կողմից օգտագործված՝ «վախի մթնոլորտ», «քաղաքական հետապնդման ընկալում», «թիրախավորում», «հակաքարոզչական գործունեություն», «ընտրողների վրա ազդեցություն» և նմանատիպ այլ ձևակերպումներին, ընդգծում է, որ ներկայացված չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք թույլ կտային հաստատել, որ որևէ քրեական վարույթ նախաձեռնվել է օրենքով չնախատեսված հիմքով, որևէ խափանման միջոց կիրառվել է քաղաքական պատկանելության պատճառով, որևէ քննչական գործողություն կատարվել է քաղաքական նպատակադրումներով, կամ որևէ պաշտոնատար անձ իրականացրել է կոնկրետ քաղաքական ուժի օգտին կամ դեմ ուղղված քարոզչություն։ Փաստացի ներկայացված են եզրահանգումներ, սակայն եզրահանգումները չեն կարող փոխարինել ապացույցներին։ Մասնավորապես՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացրած դիմումին՝ նշում է, որ մի կողմից՝ առկա է պնդում այն մասին, թե իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում ձևավորվել է համընդհանուր վախի և սպառնալիքի մթնոլորտ, որն ազդեցություն է ունեցել քաղաքական գործընթացներին մասնակցող անձանց և ընտրողների վարքագծի վրա, մյուս կողմից՝ նույն քաղաքական ուժի լիազորված ներկայացուցիչը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը մասնակցելիս, այնուհետև հաղորդման տեսաձայնագրությունն իր ֆեյսբուքյան էջում տարածելիս հրապարակայնորեն նշել է, որ իրենց ընտրողները «չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին»: Հետևաբար՝ նույնիսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի սեփական հրապարակային գնահատականից չի բխում, որ ենթադրյալ ճնշումները կամ ազդեցության փորձերը հանգեցրել են ընտրողների կամքի ձևավորման կամ քաղաքական վարքագծի փոփոխության։ Այս հանգամանքը ևս վկայում է, որ ներկայացված պնդումները հիմնված են առավելապես ենթադրությունների և գնահատողական դատողությունների, այլ ոչ թե փաստացի ազդեցությունը հաստատող ապացույցների վրա։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչն արձանագրում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության գնահատումը պետք է իրականացվի բացառապես նրա իրավասությունների, գործառույթների և գործունեության նպատակների համատեքստում։ Դրանցից դուրս կատարվող մեկնաբանությունները չեն արտացոլում իրավապահ գործունեության իրական բնույթը։ Պետական մարմինների գործունեությունը գնահատվում է օրենքով վերապահված լիազորությունների օրինական, պատշաճ և արդյունավետ իրականացման տեսանկյունից։

գ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը, վկայակոչելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները, նշում է նաև, որ պահպանելով քաղաքական չեզոքության և գործունեության հրապարակայնության սկզբունքները՝ ընտրական գործընթացներում արձանագրված և իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումներ կատարելիս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետապնդել է բացառապես իրավական և կանխարգելիչ նպատակներ։ Այդ հրապարակումները, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված այլ միջոցառումները նպատակ են ունեցել կանխելու և նվազեցնելու կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունները, ինչպես նաև բարձրացնելու հանրային իրավագիտակցության և իրազեկվածության մակարդակը։ Ընդ որում՝ խոսքը վերաբերում է ոչ թե ենթադրյալ կամ վերացական կանխարգելիչ ազդեցությանը, այլ փաստացի արձանագրված արդյունքներին։ Մասնավորապես՝ տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացվել են տվյալներ, համաձայն որոնց՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսանյութերին և հաղորդագրություններին ծանոթանալուց հետո մի շարք անձինք հրաժարվել են իրենց առաջարկված կամ նախապես քննարկված ապօրինի գործողություններին մասնակցելուց։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը պնդում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում արձանագրված փաստական տվյալները վկայում են, որ հրապարակումներից հետո տարբեր անձինք քննարկել են ընտրակաշառքի տրամադրումից կամ ընտրական բնույթի այլ ենթադրյալ ապօրինի գործողություններից հրաժարվելու հարցերը՝ գիտակցելով պատասխանատվության անխուսափելիության հանգամանքը։ Արձանագրվել են նաև խոսակցություններ, որոնցից ակնհայտ է դարձել, որ հանցավոր խմբի անդամները հրապարակումների արդյունքում ստիպված են եղել վերանայել իրենց գործողությունների եղանակները, փոխել նախկինում կիրառվող մեխանիզմները կամ մշակել դրանց քողարկման նոր տարբերակներ։ Հետևաբար՝ տարբեր քրեական վարույթներով ստացված տվյալները, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցչի գնահատմամբ, փաստում են, որ դրանք ծառայել են ընտրական հանցագործությունների կանխարգելման, ընտրողների ազատ ընտրության պաշտպանության և ընտրական գործընթացի օրինականության ապահովման լեգիտիմ նպատակներին։ Այդ իսկ պատճառով վիճարկվող հրապարակումները պետք է գնահատվեն որպես իրավապահ մարմնի կողմից իրականացված կանխարգելիչ գործունեության բաղադրիչ, որի արդյունավետությունը հաստատվում է նաև գործի նյութերում առկա փաստական տվյալներով։

դ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցչի դիտարկմամբ՝ հրապարակումների արդյունքում արձանագրվել են ոչ միայն առանձին անձանց վարքագծի փոփոխություններ, այլև ընտրական իրավախախտումների վերաբերյալ հանրային իրազեկվածության և իրավապահ մարմինների հետ համագործակցության մակարդակի էական աճ։ Մասնավորապես՝ հրապարակումներից հետո նկատելիորեն ակտիվացել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի թեժ գիծ ծառայությանը հասցեագրված ահազանգերը, որոնց միջոցով քաղաքացիները հաղորդել են ընտրական գործընթացում հնարավոր իրավախախտումների, ընտրակաշառքի առաջարկների, ընտրողների վրա ապօրինի ազդեցության փորձերի և այլ նմանատիպ դեպքերի վերաբերյալ տվյալներ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը նշում է, որ արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել նույնիսկ հրապարակված տեսանյութերի մեկնաբանությունների բաժնում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը հրավիրելով իրենց հայտնի հանգամանքների վրա։ Նույն ժամանակահատվածում զգալիորեն ակտիվացել է նաև օպերատիվ նշանակություն ունեցող տվյալների ստացումը, ինչը հնարավորություն է տվել իրավապահ մարմիններին առավել արագ արձագանքելու ընտրական գործընթացում առկա ռիսկերին, ստուգել ստացված տեղեկությունները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցչի գնահատմամբ՝ վերոգրյալ հանգամանքները վկայում են, որ հրապարակումները գործնականում ծառայել են ոչ միայն տեղեկատվական, այլև կանխարգելիչ նպատակների իրականացմանը՝ խթանելով քաղաքացիների իրավագիտակցությունը, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունը և իրավապահ մարմինների հետ համագործակցությունը։

ե. Անդրադառնալով այն պնդմանը, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նախընտրական գործընթացի ընթացքում հրապարակային հաղորդագրություններում չպետք է հիշատակեր քաղաքական ուժերի անվանումները՝ հարակից պատասխանողի ներկայացուցիչը նշում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել իրավապահ մարմնի կողմից իրականացվող հանրային իրազեկման նպատակն ու նշանակությունը։ Ընտրական բնույթի ենթադրյալ հանցագործություններն իրենց բնույթով այնպիսի արարքներ են, որոնց արդյունավետ կանխարգելումը պահանջում է ոչ միայն դրանց բացահայտում և քրեադատավարական արձագանք, այլև հասարակության իրազեկում նման երևույթների վերաբերյալ։

Կանխարգելիչ գործառույթը չի կարող արդյունավետ իրականացվել այնպիսի տեղեկատվության միջոցով, որն ամբողջությամբ զրկված է կոնկրետությունից և հնարավորություն չի տալիս հանրությանը հասկանալու, թե ինչպիսի վարքագծի, ինչպիսի մեխանիզմների, ինչպիսի հանգամանքների մասին է խոսքը, կամ ինչպիսի գործողություններ են գտնվում իրավապահ մարմնի ուշադրության ներքո:

զ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը, անդրադառնալով Դիմողների այն պնդմանը, ըստ որի՝ որոշ հրապարակված ձայնագրություններում կամ տեսանյութերում ուղղակիորեն չի հիշատակվել որևէ քաղաքական ուժի անվանում, մինչդեռ հրապարակումներին ուղեկցող հաղորդագրություններում նշվել են քաղաքական ուժերի կամ դաշինքների անվանումներ, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ իրավապահ մարմնի կողմից հրապարակվող հաղորդագրությունների նպատակը եղել է հանրությանը ներկայացնել ոչ միայն առանձին զրույցների բառացի բովանդակությունը, այլ նաև այն փաստական հանգամանքները, որոնց առնչությամբ իրականացվել է համապատասխան քրեական վարույթը։ Այն դեպքերում, երբ վարույթի շրջանակներում առկա տվյալները վերաբերել են ընտրական գործընթացում ներգրավված կոնկրետ անձանց, խմբերի կամ քաղաքական ուժերի հետ ենթադրյալ կապերին, այդ հանգամանքի արտացոլումը հաղորդագրության տեքստում պայմանավորված է եղել հանրությանը ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Բացի դրանից, քաղաքական կուսակցությունների անվանումները հանդիսացել են քրեական վարույթներով պարզված փաստական տվյալներ և այլ էական հանգամանքների հետ միասին հրապարակվել են բացառապես կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների կանխարգելման նպատակով:

է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը, անդրադառնալով Դիմողների կողմից վիճարկվող հրապարակված նյութերում առկա առանձին արտահայտությունների հրապարակման անհրաժեշտությանը, դրանք բնութագրելով որպես իրավական նշանակություն չունեցող կամ վիրավորական բնույթի արտահայտություններ, նշում է, որ հրապարակված նյութերը հանդիսացել են ամբողջական խոսակցությունների կամ դրանց այն հատվածների մաս, որոնք, ըստ քննության նյութերի, պարունակել են ենթադրյալ հանցավոր արարքի հանգամանքներ, մեխանիզմներ կամ դրանց վերաբերյալ նշանակություն ունեցող տվյալներ։ Հենց այդ պատճառով հրապարակված նյութերում ներառվել են նաև այն արտահայտությունները, որոնք անմիջականորեն նախորդել կամ հաջորդել են քննության համար նշանակություն ունեցող հաղորդակցությանը և կազմել են համապատասխան խոսակցության անբաժանելի համատեքստը։ Միաժամանակ հրապարակման նպատակով իրականացվել են նյութերի ընտրություն և առանձնացում՝ հնարավորինս բացառելով այն հատվածները, որոնք չեն առնչվել քննության առարկա հանգամանքներին կամ անմիջական կապ չեն ունեցել հրապարակվող փաստական տվյալների հետ:

ը. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչն արձանագրում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված գրությունը պարունակում է հաղորդակցման քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ և դիտարկումներ, այն ինքնին չի հաստատում որևէ ապօրինի միջամտության, քաղաքական կողմնակալության կամ ընտրական իրավունքի խախտման փաստ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր գրության մեջ վկայակոչել է Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի դրույթները, որով սահմանվում են նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, որպիսի իրավակարգավորումները չեն կարող վերաբերել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ հանցագործությունների կանխարգելման գործառույթին, քանի որ այն որևէ առնչություն չունի նախընտրական քարոզչության հետ՝ ո՛չ իրավական, ո՛չ տրամաբանական և ո՛չ էլ լեզվաբանական իմաստով։

թ. Անդրադառնալով Դիմողների այն պնդմանը, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակումներով խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը հարկ է համարել արձանագրել, որ այդ պնդումները զուրկ են բավարար փաստական և իրավական հիմքերից, քանզի վիճարկվող հրապարակումներում չեն նշվել մեղադրյալների կամ քրեական վարույթներին ներգրավված այլ անձանց անհատականացնող տվյալներ, չեն ներկայացվել կոնկրետ անձինք՝ որպես հանցանք կատարած կամ մեղավոր ճանաչված անձինք. ինքնին քաղաքական կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան հիշատակումը չի կարող նույնացվել որևէ անձի մեղավորության մասին հայտարարության հետ, և հետևաբար՝ չի կարող դիտարկվել որպես անմեղության կանխավարկածի խախտում։ Ավելին, հրապարակումների ընդհանուր բովանդակությունից ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է քրեական վարույթի շրջանակներում ստուգվող տվյալներին, քննության առարկա հանգամանքներին և ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններին, այլ ոչ թե դատարանի իրավասությանը վերապահված՝ անձի մեղավորության վերաբերյալ վերջնական գնահատականներին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչն ակնհայտ է համարում այն, որ կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ հարցերը ներկայացնում են բացառիկ հանրային հետաքրքրություն, հետևաբար՝ Դիմողների կողմից վկայակոչվող անմեղության կանխավարկածի վերաբերյալ նկատառումները, հարակից պատասխանողի ներկացացուցչի գնահատմամբ, չեն կարող գնահատվել մեկուսացված կերպով՝ անտեսելով հանրության՝ տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև պետության օրինական շահը՝ կանխելու ընտրական բնույթի հանցագործությունները, պաշտպանելու ընտրողների ազատ ընտրությունը և ապահովելու ընտրական գործընթացի օրինականությունը։

ժ. Ինչ վերաբերում է Դիմողների այն պնդմանը, թե իբրև կոնկրետ քաղաքական ուժերի նկատմամբ ցուցաբերվել է ակնհայտ ընտրովի մոտեցում՝ վարույթներ նախաձեռնելու, ինչպես նաև նախաձեռնված վարույթներով իրականացված դատավարական գործողությունների մասով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը պնդում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորություններն իրականացրել է բացառապես օրենքով սահմանված հիմքերի և ընթացակարգերի շրջանակում, և մասնավորեցնում, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը պայմանավորված է կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների վերաբերյալ ստացված տվյալների առկայությամբ, իսկ քրեական վարույթի շրջանակում գործողությունները կատարվում են առերևույթ հանցանքի մասին հաղորդումների, ինչպես նաև քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների և ապացույցների հիման վրա։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը հայտնում է, որ ընտրական գործընթացին մասնակցել են 19 քաղաքական ուժ, մինչդեռ ընտրակաշառքի կամ կոռուպցիոն բնույթի այլ ընտրական հանցագործությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ, հաղորդումներ և այլ տեղեկություններ ստացվել են ոչ բոլորի վերաբերյալ։ Այս պայմաններում իրավապահ մարմնի արձագանքը պայմանավորված է եղել ոչ թե համապատասխան քաղաքական ուժերի կարգավիճակով կամ քաղաքական դիրքորոշումներով, այլ բացառապես ստացված տվյալների առկայությամբ և դրանց իրավական գնահատման անհրաժեշտությամբ։ Հենց տվյալների առկայությունն է հանդիսացել իրավապահ մարմնի միջամտության և համապատասխան գործընթացների նախաձեռնման իրավական նախապայմանը. հակառակ մոտեցումը կնշանակեր, որ իրավապահ մարմինը պետք է առանց որևէ փաստական հիմքի, հաղորդման կամ օպերատիվ տվյալների նախաձեռներ միջոցառումներ՝ առանձին քաղաքական ուժերի կամ դրանց ներկայացուցիչների նկատմամբ։ Նման գործելակերպը ոչ միայն հակասում է օրինականության սկզբունքին, այլև հենց այդ դեպքում կարող էր առաջանալ քաղաքական շարժառիթներով թիրախավորման և անհիմն միջամտության վերաբերյալ հարցադրում։

ժա. Ամփոփելով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը նշում է, որ քննարկվող դեպքերում վարույթների նախաձեռնումը և դրանց շրջանակներում իրականացված գործողությունները պայմանավորված են եղել ոչ թե քաղաքական ընտրողականությամբ, այլ կոնկրետ փաստական տվյալների առկայությամբ, որոնց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարտավոր էր արձագանքել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, որը և կատարել է։

 

14. Որպես երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումները

Սահմանադրական դատարանում սույն միավորված գործով բանավոր ընթացակարգով դատական նիստի շրջանակներում որպես երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը (այսուհետ նաև՝ Երրորդ անձի ներկայացուցիչ) ներկայացրել է ներքոնշյալ դիրքորոշումները.

ա. Երրորդ անձի ներկայացուցիչը գտնում է, որ սույն գործով իրավական գնահատման առանցքում պետք է դրվի ոչ թե զուտ այն հարցը, թե արդյո՞ք ընտրական գործընթացում առանձին խախտումներ առկա են, թե՞ ոչ, այլ այն հարցը, թե արդյո՞ք այդ խախտումները՝ իրենց բնույթով, ծավալով և ազդեցությամբ, կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա և կասկածի տակ դնել ընտրողների կամքի ընդհանուր արտահայտումը։

բ. Երրորդ անձի ներկայացուցիչը նշում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի` ՀՀ արդարադատության նախարարին ուղղված՝ 2026 թվականի հունիսի 15-ի պաշտոնական գրությունից պարզ է դառնում, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում ստացվել են կոռուպցիոն բնույթի ընտրական հանցանքների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ, և նախաձեռնվել են շուրջ 122 քրեական վարույթներ։ Դրանք առնչվում են տարբեր քաղաքական ուժերի հետ կապվող ենթադրյալ գործողությունների, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շրջանակներում արձանագրված ենթադրյալ դեպքերի հետ։

գ. Երրորդ անձի ներկայացուցիչը գտնում է, որ երբ ընտրական գործընթացի ժամանակ արձանագրվում են ընտրակաշառքի, ընտրողների հավաքագրման, ցուցակագրման, միջնորդների ներգրավման, տեղական ազդեցություն ունեցող անձանց օգտագործման, ֆինանսական հոսքերի քողարկման և ընտրողների կամքի վրա անթույլատրելի ազդեցության առերևույթ դեպքեր, ապա խոսք է գնում ընտրական իրավունքի բուն էության դեմ ուղղված երևույթների մասին։

Ներկայացված տվյալներով խոսվում է ընտրողների նախնական հավաքագրման, նրանց քաղաքական նախասիրությունների ճշտման, ընտանիքի անդամների կամ ազդեցության շրջանակում գտնվող անձանց հաշվառման, միջնորդների միջոցով պայմանավորվածությունների ձևավորման, ինչպես նաև որոշ դեպքերում ընտրակաշառքի խոստումը կամ տրամադրումը աշխատանքային հարաբերությունների ներքո քողարկելու մասին։

Երրորդ անձի ներկայացուցիչը պնդում է, որ եթե վերոնշյալը հաստատվում է քրեական վարույթների արդյունքում, ապա պետք է ստանա համապատասխան իրավական գնահատական։ Ընտրակաշառք տված, ընտրողին «գնելու» փորձ կատարած, միջնորդներ ներգրաված, թաքնված ֆինանսական սխեմաներով ընտրողի կամքի վրա ազդելու փորձ կատարած ցանկացած անձ կամ քաղաքական ուժ պետք է կրի համապատասխան իրավական և քաղաքական պատասխանատվություն։ Այդպիսի գործելակերպը պետք է հանրայնորեն դատապարտվի, որովհետև այն խաթարում է ընտրությունների նկատմամբ վստահությունը և վնասում է ժողովրդավարական ինստիտուտները։

Երրորդ անձի ներկայացուցիչը նշում է. «Քրեական վարույթների առկայությունը և ընտրական կոռուպցիայի վերաբերյալ առերևույթ դեպքերը կասկածները պետք է ստանան իրենց ընթացքը քրեաիրավական հարթությունում», բայց Սահմանադրական դատարանի առջև դրված հարցն այլ է. արդյո՞ք Դիմողներն ապացուցել են, որ իրենց կողմից բարձրացված առերևույթ խախտումները՝ իրենց ծավալով, բնույթով և ազդեցությամբ, կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա այն աստիճան, որ այլևս հնարավոր չլինի վստահել ընտրողների կամքի ընդհանուր արտահայտմանը։ Երրորդ անձի ներկայացուցիչը պնդում է, որ ժողովրդավարական կարգին վնաս հասցնելու փորձերը հաղթահարվել են հենց ժողովրդի կողմից: Ժողովուրդն իր ընտրությամբ թույլ չի տվել, որ այդ խախտումներն էական ազդեցություն ունենան ընտրությունների արդյունքի վրա։

Երրորդ անձի ներկայացուցիչը գտնում է, որ առանձին դրվագների հիման վրա փորձ է արվում կասկածի տակ դնել ողջ հանրապետական ընտրության արդյունքը. տեղային կամ կոնկրետ խախտումը չի կարող ինքնաբերաբար տարածվել բոլոր ընտրատեղամասերի, բոլոր ընտրողների և ողջ ընտրական արդյունքի վրա։

Ըստ Երրորդ անձի ներկայացուցչի՝ հակառակ մոտեցումը վտանգավոր կլինի հենց ժողովրդավարության համար։ Դա կնշանակի, որ առանձին անձանց կամ խմբերի ենթադրյալ ապօրինի վարքագծի պատճառով կարելի է զրոյացնել նաև այն քաղաքացիների կամքը, որոնք ընտրական գործընթացին մասնակցել են օրինական ճանապարհով։ Այդպիսի մոտեցումը կդառնա ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանություն, այլ օրինական քվեարկած քաղաքացիների իրավունքի խախտում։ Եթե խախտումները տեղային են, անհատականացված չեն, կամ դրանց ազդեցությունը վերջնական արդյունքի վրա ապացուցված չէ, ապա ընտրությունների ամբողջական անվավեր ճանաչումը կլինի անհամաչափ միջոց։ Այն կհակասի ինչպես Վենետիկի հանձնաժողովի վկայակոչած բացառիկ միջոցի (ultima ratio) սկզբունքին, ապացուցման բեռի, արդյունքի վրա ազդեցության և նվազագույն միջամտության սկզբունքներին, այնպես էլ Սահմանադրական դատարանի 2003 թվականի մարտի 24-ի ՍԴՈ-408 որոշման մեջ արտահայտված այն մոտեցմանը, որ խախտումների գնահատման արդյունքում չի կարող ոտնահարվել օրինական ճանապարհով իրենց ընտրությունը կատարած ընտրողների իրավունքը։

դ. Անդրադառնալով քաղաքական խոսքի թույլատրելիության հարցին՝ Երրորդ անձի ներկայացուցիչը նշում է, որ դիմումներում ներկայացված բոլոր դատողությունները կապված են եղել ոչ թե քաղաքացիներին վիրավորելու, թիրախավորելու և վերոնշյալ վարքագծին նմանվող երևույթների հետ, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուի քաղաքական խոսքի հետ։

Քաղաքական խոսքը, հատկապես նախընտրական քարոզարշավի ընթացքում, գտնվում է արտահայտման ազատության առավել բարձր պաշտպանության ներքո։ Ընտրությունները հենց այն ժամանակահատվածն են, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պետք է ապահովվի կարծիքների, քննադատության, քաղաքական գնահատականների և նույնիսկ սուր կամ չափազանցված ձևակերպումների ազատ շրջանառությունը։

Երրորդ անձի ներկայացուցիչը պնդում է, որ քաղաքական խոսքի անընդունելիությունը, կոշտությունը կամ նույնիսկ վիրավորական ընկալումը դեռ չի նշանակում ընտրական իրավունքի այնպիսի խախտում, որը կարող է հանգեցնել ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչմանը։ Ընտրությունների անվավերության համար անհրաժեշտ է ոչ թե խոսքի քաղաքական կամ բարոյական գնահատական, այլ հստակ ապացույցներ, որ դրանք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։

Դիմողները նման ապացույցներ չեն ներկայացնում. չի ներկայացվում, թե ո՛ր կոնկրետ արտահայտությունը ո՛ր ընտրողների վրա է ազդել, ի՛նչ ձևով է զրկել նրանց ազատ կամարտահայտումից, քանի՛ քվեի վրա է ազդել, և ինչպե՛ս կարող էր փոխել ընտրությունների վերջնական արդյունքը կամ մանդատների բաշխումը։ Հետևապես՝ Երրորդ անձի ներկայացուցիչը գտնում է, որ Դիմողները չեն կարող սահմանափակվել այն պնդմամբ, որ նախընտրական խոսքը եղել է կոշտ, սուր, ցնցող կամ քաղաքականապես անընդունելի։ Նրանք պետք է ապացուցեն, որ այդ խոսքը կոնկրետ ընտրողների կողմից ընկալվել է որպես իրենց ուղղված իրական սպառնալիք կամ հարկադրանք, ազդել է նրանց ընտրական վարքագծի վրա և իր ծավալով կարող էր փոխել ընտրությունների վերջնական արդյունքը։

ե. Անդրադառնալով վարչական ռեսուրսի ենթադրյալ օգտագործման և «սոցիալական կաշառքի» վերաբերյալ Դիմողների պնդումներին՝ Երրորդ անձի ներկայացուցիչը նշում է, որ եթե Դիմողները հղում են անում առանձին դեպքերի, օրինակ՝ պետական կամ համայնքային աշխատակցի մասնակցություն քարոզչական գործողությանը, կրթական հաստատության աշխատակցի կամ աշակերտի ներկայություն քարոզարշավային միջոցառմանը, պաստառների տեղադրում, հավաքի կազմակերպչական աջակցություն կամ աշխատանքային կամ դասաժամի ենթադրյալ օգտագործում, ապա նրանք պետք է ապացուցեն ոչ միայն այդ դրվագի փաստը, այլև դրա կազմակերպված, զանգվածային բնույթը և ընտրությունների վերջնական արդյունքի վրա ազդեցությունը։ Առանձին դրվագները չեն կարող փոխարինել այդ ապացուցմանը։ Այդ հատվածական դրվագներն առանձին քննության կարող են ենթարկվել այն տեսանկյունից՝ արդյո՞ք կոնկրետ աշխատակիցները գործել են իրենց նախաձեռնությամբ, աշխատանքային ժամին, ծառայողական հանձնարարությամբ կամ համայնքային ռեսուրսների օգտագործմամբ։

Ավելին, եթե խոսքը վերաբերում է աշակերտների մասնակցությանը, ապա այդ անձինք, որպես կանոն, ընտրողներ չեն, և Դիմողները պետք է առավել ևս բացատրեն, թե այդ հանգամանքը ինչպես է ազդել ընտրողների քվեի կամ ընտրությունների վերջնական արդյունքի վրա։

Երրորդ անձի ներկայացուցիչը հավելում է, որ չնայած վերոնշյալ դեպքերի դրվագային բնույթին, անգամ այդպիսի պայմաններում առանձին քննարկման և գնահատման հարց է, թե արդյո՞ք կոնկրետ աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները որքանով են վերագրելի այս կամ այն քաղաքական ուժին՝ կարող են ընկալվել որպես հենց այդ ուժի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորում։

զ. Անդրադառնալով Դիմողների՝ պետության չեզոքության սկզբունքի խախտման և «սոցիալական կաշառքի» առկայության մասին պնդմանը՝ հղում կատարելով առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրմանը, կենսաթոշակների և նպաստների բարձրացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման վերաբերյալ Կառավարության որոշումներին՝ Երրորդ անձի ներկայացուցիչը նշում է, որ ընտրությունների անցկացումը չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանադրական պարտականությունների կատարումը դադարեցնելու կամ հետաձգելու համար։ Հետևաբար՝ Կառավարությունը նախընտրական շրջանում չի դադարում իրականացնել իր գործառույթները։ Կառավարությունը շարունակում է իրականացնել իր քաղաքականությունը իր ծրագրին համապատասխան, որը ներառում է նաև 2026 թվականը, որը և համընկել է ընտրությունների հետ։ Այդպիսի քաղաքականության իրականացումն ինքնին չի կարող համարվել վարչական ռեսուրսի չարաշահում միայն այն պատճառով, որ այն ժամանակագրորեն համընկել է ընտրական շրջանի հետ, և Սահմանադրության կամ օրենքի մակարդակով որևէ արգելք չկա այս առումով։

Երրորդ անձի ներկայացուցիչը գտնում է, որ վերոնշյալ փաստերը վկայում են, որ խոսքը ոչ թե ընտրությունների նախաշեմին ընդունված մեկանգամյա որոշումների, այլ տարիներ շարունակ իրականացվող պետական սոցիալական քաղաքականության մասին է:

Հետևաբար՝ միայն այն հանգամանքը, որ այդ քաղաքականության հերթական փուլը համընկել է ընտրությունների ժամանակահատվածին, ինքնին չի կարող վկայել պետության չեզոքության սկզբունքի խախտման կամ, առավել ևս, «սոցիալական կաշառքի» մասին։

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցող ուժերի ֆինանսական թափանցիկության հարցին, ապա Երրորդ անձի ներկայացուցիչը նշում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի մայիս-հունիս ամիսներին անհատույց օգտագործման իրավունքով ստացել է 129 տարածք։ Նշված տարածքների օգտագործման արժեքը հաշվարկվել և ներառվել է նախընտրական հիմնադրամի ծախսերի կազմում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման 10-րդ գլխի 89-րդ կետի պահանջներին համապատասխան։ Համապատասխան հաշվարկները և հիմնավորումները սահմանված կարգով ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետևաբար՝ կուսակցության կողմից անհատույց օգտագործման իրավունքով ստացված տարածքների արժեքի հաշվարկը և հաշվառումը կատարվել են գործող իրավական կարգավորումներին լիարժեք համապատասխանությամբ:

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերին՝ Երրորդ անձի ներկայացուցիչը հայտնում է, որ կուսակցությունը նման միջոցառումների կազմակերպումն ամբողջությամբ արտապատվիրակել է համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններին։ Այդ ծառայությունների դիմաց կատարված բոլոր վճարումները պատշաճ կերպով արտացոլվել և ներառվել են նախընտրական հիմնադրամի հաշվետվություններում։ Միաժամանակ նախընտրական քարոզչության նպատակներով որևէ ֆիզիկական անձ կուսակցությանն անհատույց կամ հատուցելի ծառայություններ չի մատուցել:

է. Անդրադառնալով կուսակցության նախընտրական հիմնադրամից արված որոշ ծախսերին, մասնավորապես՝ դրոններով ներկայացմանը՝ Երրորդ անձի ներկայացուցիչն արձանագրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Դոմինո Վիեդո Փրոդաքշն» կազմակերպությունից ձեռք է բերել ծառայությունների փաթեթ, որի շրջանակներում նաև քարոզչության ընթացքում նախընտրական հանդիպումների ժամանակ կազմակերպվել է ինը դրոն շոու։ Ծառայությունների փաթեթի ընդհանուր արժեքը կազմել է 264 մլն ՀՀ դրամ: Երրորդ անձի ներկայացուցիչը գտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործել է օրենսդրական կարգավորումներին համապատասխան՝ բացառելով նախընտրական հիմնադրամի սահմանաչափի գերազանցումը։

ը. Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի համակարգային օգտագործման մասին պնդումներին, Երրորդ անձի ներկայացուցիչը նշում է, որ այս հատվածական դրվագներն առանձին քննության կարող են ենթարկվել այն տեսանկյունից՝ արդյո՞ք կոնկրետ աշխատակիցները գործել են իրենց նախաձեռնությամբ, աշխատանքային ժամին, ծառայողական հանձնարարությամբ կամ համայնքային ռեսուրսների օգտագործմամբ։ Բայց անգամ այդպիսի հարցերի քննարկման պայմաններում դեռ չի կարելի խոսել ընտրողների կամքի ընդհանուր պատկերի աղավաղման մասին, և պատասխան չկա այն հարցին, թե ինչու պետք է մեկ կամ մի քանի նման դրվագի հիմքով անվավեր ճանաչվի ամբողջ ընտրությունը։

թ. Անդրադառնալով Դիմողների կողմից վիճարկվող ընտրական գործընթացին նախորդող փուլում կատարված օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես՝ կուսակցությունների դաշինքի ձևաչափով ընտրություններին մասնակցելու դեպքում անձնանուն կիրառելն արգելող, քվեաթերթիկի ձևին և լրացման կարգին վերաբերող փոփոխություններին, ինչպես նաև նրան, որ դրանց վերաբերյալ ընտրողների ոչ բավարար իրազեկումը հանգեցրել է անվավեր քվեաթերթիկների թվի էական աճի՝ Երրորդ անձի ներկայացուցիչը գտնում է, որ այս փաստարկի նկատմամբ անհրաժեշտ է տարբերակել երկու հարց։ Առաջին՝ արդյո՞ք տվյալ օրենսդրական փոփոխությունն իրավական առումով վիճարկելի է։ Երկրորդ՝ արդյո՞ք այդ փոփոխությունը ազդել է ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար բավարար չէ զուտ պնդել, որ օրենսդրական փոփոխությունը կուսակցությանը անհարմարություն է պատճառել կամ քաղաքականապես իր օգտին չէր։ Անհրաժեշտ է ապացուցել, որ այդ փոփոխության պատճառով ընտրողների կամքի արտահայտումը խաթարվել է այն աստիճան, որ վերջնական արդյունքը կարող էր այլ լինել։ Նույնը վերաբերում է անվավեր քվեաթերթիկների թվի վերաբերյալ փաստարկին. անվավեր քվեաթերթիկների թիվը կարող է լինել քննության առարկա, սակայն այդ թիվն ինքնին դեռ ցույց չի տալիս, թե այդ քվեաթերթիկներն ում օգտին կլինեին, ինչպիսի ազդեցություն կունենային ձայների հարաբերակցության վրա և արդյոք կարող էին փոխել մանդատների բաշխումը։

ժ. Ինչ վերաբերում է Ս. Կարապետյանի նախընտրական քարոզարշավին լիարժեք մասնակցելու հնարավորության սահմանափակման հարցին, Երրորդ անձի ներկայացուցիչը գտնում է, որ այն կարող է ունենալ առանձին իրավական նշանակություն քրեական վարույթի, խափանման միջոցի իրավաչափության կամ անձի իրավունքների անհատական պաշտպանության հարթությունում, սակայն Սահմանադրական դատարանի սույն վարույթում հարցն այլ է. արդյո՞ք այդ հանգամանքն ապացուցված կերպով կարող էր էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այս առումով էական է, որ Դիմողի փաստարկները չեն հիմնավորում այնպիսի սահմանափակումների առկայությունը, որոնք փաստացի անհնարին էին դարձրել Ս. Կարապետյանի կողմից քաղաքական դիրքորոշումների, ուղերձների փոխանցումը հանրությանը։ Անգամ անազատության կամ սահմանափակ պայմաններում գտնվելու ժամանակահատվածում չի հիմնավորվել, որ նա զրկված է եղել իր քաղաքական թիմի կամ հնարավոր ընտրողների հետ հաղորդակցվելու բոլոր արդյունավետ միջոցներից։ Ավելին, եղել են դեպքեր, երբ նշված անձը, գտնվելով անազատության մեջ, կարողացել է ուղերձ հղել իր համակիրներին։ Երրորդ անձի ներկայացուցիչը հայտնում է, որ Ս. Կարապետյանի նկատմամբ ազատության սահմանափակումների վերանայումից հետո, երբ վերջինս շարունակել է գտնվել տնային կալանքի տակ, հնարավորություն է ունեցել ակտիվորեն ներգրավվելու քաղաքական գործընթացում և փաստացի մասնակցել է քարոզարշավին։

ժա. Անդրադառնալով Դիմողների կողմից բարձրացված՝ իրավապահ համակարգի կողմնակալության մասին պնդմանը՝ Երրորդ անձի ներկայացուցիչը գտնում է, որ եթե որևէ հրապարակում խախտել է անմեղության կանխավարկածը, վնասել է անձի պատիվը և բարի համբավը կամ դուրս է եկել քրեական վարույթի հանրային հաղորդակցության թույլատրելի սահմաններից, կարող է առաջացնել առանձին իրավական հետևանքներ, բայց ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ այդ հրապարակումներն ունեցել են որոշիչ ազդեցություն։

ժբ. Ինչ վերաբերում է Դիմողների կողմից բարձրացված՝ Հանրային հեռուստաընկերության և տեսալսողական մեդիայի խնդրին՝ պնդելով, որ Հանրային հեռարձակողը չի ապահովել հավասար և անկողմնակալ տեղեկատվական միջավայր, պարբերաբար ցուցադրել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը՝ այն ասոցացնելով հենց դաշինքի հետ, և դրանով ազդել է ընտրողների կամքի վրա, Երրորդ անձի ներկայացուցիչը հայտնում է, որ այս պնդումները միակողմանի են ներկայացնում իրավիճակը, քանի որ եղել են նաև հակառակ իրավիճակներ, օրինակ՝ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) նաև հայտնաբերել է դեպքեր և նախազգուշացումներ է տվել որոշ հեռուստաընկերությունների, որոնք գերազանցել են համապատասխանաբար «Բարգավաճ Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժերին նվիրված լրատվական լուսաբանման՝ օրենքով թույլատրելի սահմանաչափը:

Երրորդ անձի ներկայացուցիչը համարում է, որ Դիմողների ներկայացրած պնդումները, նույնիսկ եթե առաջացնում են լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն, ինքնին չեն ապացուցում ընտրությունների արդյունքի աղավաղում։ Չի ներկայացվում, թե այդ եթերաժամանակի տարբերությունը քանի ընտրողի քվեարկության վրա է ազդել, ինչպես է փոխել ձայների հարաբերակցությունը և ինչու պետք է հանգեցնի ամբողջ ընտրությունների անվավերության։

ժգ. Երրորդ անձի ներկայացուցիչը գտնում է, որ Դիմողները չեն ապացուցում, որ վարչապետի մամուլի ասուլիսի, բանավեճի, քարոզարշավի ընթացքում արված կոշտ քաղաքական հայտարարություններն ու բացասական բնույթի հրապարակային արտահայտություններն ունեցել են այնպիսի հարկադրող, սպառնալից կամ այլ ազդեցություն, որի արդյունքում ընտրողների կամքի ընդհանուր արտահայտումն աղավաղվել է։ Չի ներկայացվում, թե կոնկրետ որ ընտրողների վրա, ինչ ծավալով և ինչ արդյունքով է ազդել այդ խոսքը։ Դիմողների կողմից ներկայացված վարչապետի մամուլի ասուլիսի, բանավեճի կամ քարոզարշավի ընթացքում հնչած կոշտ քաղաքական հայտարարությունների վերաբերյալ նյութերը պետք է գնահատվեն հենց այս չափանիշով։ Քաղաքական պայքարի ընթացքում գործածված սուր, քննադատական կամ բացասական արտահայտությունները կարող են Դիմողների համար լինել անընդունելի կամ վիրավորական, սակայն դրանք ինքնին չեն ապացուցում ընտրողների կամքի խաթարման առկայությունը։

ժդ. Երրորդ անձի ներկայացուցիչը նշում է, որ Դիմողները փորձում են առանձին տեղամասային խնդիրները ներկայացնել որպես ընդհանուր համակարգային խախտումների շղթա, սակայն չեն ներկայացնում այնպիսի հստակ և համոզիչ հաշվարկ, որը ցույց կտար, որ այդ խախտումները փոխում են ընտրությունների ընդհանուր պատկերը: Եթե որևէ տեսանյութ իսկապես վկայում է կոնկրետ տեղամասում ընթացակարգային խախտման մասին, իրավական արձագանքը պետք է լինի համաչափ և հասցեական։ Դա կարող է լինել կոնկրետ դրվագի ստուգում, վերահաշվարկ, կոնկրետ անձի գործողության իրավական գնահատական, բայց դրանից չի բխում, որ պետք է չեղարկվի ամբողջ ընտրությունը, և զրոյացվեն նաև այն քաղաքացիների քվեները, որոնք որևէ կապ չեն ունեցել այդ դրվագների հետ։

ժե. Երրորդ անձի ներկայացուցիչը գտնում է, որ ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը չի կարող դիտվել որպես ընտրական գործընթացում յուրաքանչյուր խախտման կամ յուրաքանչյուր վիճարկելի հանգամանքի ավտոմատ հետևանք։ Անվավեր ճանաչումը բացառիկ միջոց է, որը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ առկա են հստակ հաստատված, իրավաբանորեն փաստարկված և վերջնական արդյունքի վրա ազդելու իրական հնարավորություն ունեցող խախտումներ։ Այսինքն՝ Դիմողները պետք է ապացուցեն ոչ միայն ենթադրյալ խախտումների փաստը, այլ նաև դրանց ծավալը, համակարգվածությունը, հասցեատերերին, ընտրողների կամքի վրա ազդեցության մեխանիզմը և վերջնական արդյունքի հետ պատճառական կապը։

Երրորդ անձի ներկայացուցիչն անհրաժեշտ է համարում նշել, որ ընտրությունների գործընթացում ներգրավված են եղել դիտորդներ, վստահված անձինք, ընտրական հանձնաժողովի ընդդիմադիր անդամներ, և այդ շրջանակներից առկա չէ էական պնդում առ այն, որ ընտրությունների ընթացքում տեղի է ունեցել 27.000 ընտրողի քվեի խեղաթյուրում, թեկուզև կարող են լինել տեխնիկական խնդիրներ՝ ցուցակների հետ կապված: Նույնիսկ եթե խոսվում է ենթադրյալ խնդիրների մասին, ապա դրանք վերաբերում են 400 տեղամասի, և պետք է գնահատվի հենց այդ տեղամասերի փաստական և իրավական պատկերը: Երրորդ անձի ներկայացուցչի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշումների տրամաբանությամբ՝ որևէ ընտրատեղամասում կամ տարածքում կատարված խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ այլ տեղամասերում նմանատիպ խախտումների մասին ենթադրություններ անելու համար։ Յուրաքանչյուր խախտում պետք է լինի կոնկրետ, իրավաբանորեն փաստարկված և արդյունքի վրա ազդեցություն ունեցող։

ժզ. Անդրադառնալով այն պնդմանը, համաձայն որի՝ ԿԸՀ-ն իրավասու չէր կայացնելու թիվ 254-Ա և թիվ 255-Ա որոշումները և անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրական տեղամասերի արդյունքները, Երրորդ անձի ներկայացուցիչն անհրաժեշտ է համարում նշել, որ այս հարցի քննարկումը դուրս է Բարձր դատարանի քննարկման շրջանակներից, ինչը նախատեսվել է հենց Բարձր դատարանի՝ նախկինում կայացրած որոշումներով (ՍԴՈ-1606, ՍԴՈ-1028, ՍԴՈ-1364), քանի որ նշված որոշումները վիճարկվել են դատական կարգով և Վարչական դատարանի թիվ ՎԴ/9914/05/26 և ՎԴ/9915/05/26 վճիռներով թողնվել ուժի մեջ:

Երրորդ անձի ներկայացուցիչն արձանագրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնացնում է երկու տարբեր իրավական հարց՝ առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման հիմքը և Ազգային ժողովի ընտրությունների համապետական արդյունքի վրա այդ անվավեր ճանաչման հնարավոր ազդեցությունը: Թիվ 12/13, 10/51 և 35/65 ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչմամբ իրավականորեն հաստատվել է, որ այդ տեղամասերում քվեարկության իրական արդյունքը հնարավոր չէ պարզել: Դրանցից երկուսի՝ թիվ 10/51 և 35/65 տեղամասերի մասով ԿԸՀ թիվ 255-Ա և թիվ 254-Ա որոշումները վիճարկվել են Վարչական դատարանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջները թիվ ՎԴ/9915/05/26 և ՎԴ/9914/05/26 գործերով մերժվել են: Հետևաբար՝ այս փուլում իրավական ելակետը ոչ թե այն է, թե նշված տեղամասերում որ քաղաքական ուժը որքան ձայն էր ստացել, այլ այն, որ այդ ձայները՝ որպես քվեարկության իրական արդյունք, հայտնի և հաշվառելի չեն: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված տեղամասում մասնակիցների թիվն արձանագրվում է որպես անճշտությունների գումարային չափ, իսկ արձանագրության մյուս ցուցանիշները, բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվում են 0: Այսինքն՝ օրենքը նման իրավիճակի համար նախատեսում է ոչ թե անվավեր ճանաչված արձանագրություններից առանձին թվերի ընտրովի վերականգնում, այլ ամբողջական զրոյացում և մասնակիցների թվի տեղափոխում անճշտությունների դաշտ:

Երրորդ անձի ներկայացուցիչը եզրահանգում է, որ եթե տեղամասի արդյունքն անվավեր է ճանաչվել այն պատճառով, որ քվեարկության իրական արդյունքը հնարավոր չէ պարզել, ապա նույն անվավեր ճանաչված արձանագրությունից չի կարող վերցվել միայն Դիմողին ձեռնտու թիվը և ներկայացվել որպես հաստատված, իրավականորեն հաշվառելի քվե։ Այդպիսի մոտեցումը հակասում է անվավեր ճանաչելու բուն հետևանքին և ընտրական օրենսդրությամբ նախատեսված հաշվարկային մեխանիզմին: Այս նույն տրամաբանությունն է դրված նաև Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի հիմքում. խնդրո առարկա 259-Ա որոշման մեջ ԿԸՀ-ն մեջբերել է 95-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնը, ըստ որի՝ մանդատների բաշխմանը մասնակցում են այն կուսակցությունները և դաշինքները, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխան տոկոսը: Այսինքն՝ անճշտություններն օրենքով ոչ թե անտեսվում են, այլ ներառվում են արդյունքը հաշվարկող հայտարարի մեջ: Հետևաբար՝ ազդեցության հարցը պետք է գնահատվի ոչ թե ենթադրությամբ, թե անվավեր ճանաչված տեղամասերում ընտրողներն իրականում ինչպես էին քվեարկել, այլ օրենքով սահմանված բանաձևով։

Երրորդ անձի ներկայացուցիչը նշում է, որ երբ տեղամասի արդյունքները ճանաչվել են անվավեր այն հիմքով, որ այդ տեղամասում քվեարկության իրական արդյունքն այլևս չի կարող հավաստիորեն պարզվել, իրավական խնդիրն այլևս «սկզբնական» վիճակի ամբողջական վերականգնումը չէ, քանի որ դա ուղղակի հնարավոր չէ, այլ այն հետևանքի ընտրությունը, որն ամենաքիչն է վնասում ընտրական իրավունքի սահմանադրական սկզբունքներին: ԿԸՀ 2026 թվականի հունիսի 14-ի N 259-Ա որոշմամբ արդեն հրապարակվել են համապետական արդյունքները, մանդատների բաշխմանը մասնակցող ուժերը և մանդատների բաշխումը: Եթե դրանից հետո առանձին տեղամասի ընտրողը կրկին քվեարկում է, նա այլևս չի գտնվում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրողի վիճակում. նա գիտի ամբողջ հանրապետության արդյունքները, գիտի անցողիկ շեմի հաշվարկային նշանակությունը և գիտի, որ իր քվեն գործնականում պատասխանելու է ոչ թե 18 քաղաքական ուժերի միջև ազատ ընտրության սկզբնական հարցին, այլ Դիմողի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Ազգային ժողով անցնելու/չանցնելու հարցին: Նույն պատճառով տեղամասային վերաքվեարկությունը չի կարող համարվել «խախտումների հետևանքները շտկող» միջոց։ Երրորդ անձի ներկայացուցիչը փաստում է, որ նույն եզրահանգումը վերաբերում է նաև բոլոր 2005 ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու տարբերակին:

ժէ. Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Երրորդ անձի ներկայացուցիչը խնդրում է մերժել սույն միավորված գործով Դիմողների դիմումներով ներկայացված պահանջները և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ:

 

15. Դիտորդական առաքելությունների կարծիքները

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության՝ 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերաբերյալ նախնական եզրակացություններում (կազմվել է ընդհանուր նախաձեռնության արդյունքում, որում ներգրավված են ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանը (ԵԽ)), մասնավորապես, նշված է (https://odihr.osce.org/sites/default/files/documents/official_documents/2026/06/ARM%20Parliamentary%202026_PS_08.06.2026_ARM.pdf). «2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրողներին ապահովել են քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրություն կատարելու հնարավորությամբ՝ ընդհանուր առմամբ լավ կազմակերպված գործընթացի պայմաններում։ Քարոզարշավի ընթացքում արձանագրվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների խստացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որը նպատակ ուներ հօգուտ ընդդիմադիր ուժերի ոչ պատշաճ կերպով ազդել ընտրողների վրա։ Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպես նաև ձայների գնման և ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրել են ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթների հարուցմանը, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց։ Այս հանգամանքները, ինչպես նաև պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրված ճնշումները և վերջերս ներդրված սոցիալական և տնտեսական միջոցառումները մտահոգություններ են առաջացրել քարոզչություն իրականացնելու հնարավորությունների հավասարության առնչությամբ։ Իրավական դաշտը ստեղծում է ժողովրդավարական ընտրությունների անցկացման ամուր հիմք, իսկ ընտրական վարչարարությունը վայելել է շահագրգիռ կողմերի վստահությունը։ Նախընտրական ֆինանսավորման նկատմամբ անբավարար վերահսկողությունը և կարգավորումը սահմանափակել են թափանցիկությունը և հանրային վերահսկողության հնարավորությունները։ Անկողմնակալ և վստահելի տեղեկատվություն ստանալու ընտրողների հնարավորությունների վրա բացասաբար են ազդել բևեռացված մեդիա միջավայրը, կողմնակալ լրատվական լուսաբանումը և մանիպուլյատիվ բովանդակության կիրառմամբ պառակտող առցանց քարոզարշավը։ Ընտրության օրվա գործընթացները՝ դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում, ստացել են առավելապես դրական գնահատական։

Ընտրություններն անցկացվել են բազմակարծիք և խիստ բևեռացված միջավայրում: (…)

(...) Ընտրությունների վարչարարությունը իրականացնող մարմինը ապահովել է տեխնիկական նախապատրաստական աշխատանքների իրականացումը պրոֆեսիոնալ և արդյունավետ կերպով և վայելել է շահագրգիռ կողմերի վստահությունը իր տեխնիկական կարողությունների նկատմամբ։ (…) Չնայած գործընթացի ընդհանուր հասանելիության բարելավմանն ուղղված ջանքերին՝ բազմաթիվ ընտրական տեղամասեր շարունակում էին մնալ ոչ հասանելի հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։

(…) ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն տեղական մակարդակում վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում չի արձանագրել, սակայն դիտարկել և ստացել է բազմաթիվ հաղորդումներ, որոնցից մի քանիսը գնահատել է որպես արժանահավատ, իշխող կուսակցության նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։ Այս հանգամանքը, ինչպես նաև վերջերս ներդրված կամ նախաձեռնված սոցիալական և տնտեսական միջոցառումներն առավելություն են ստեղծել իշխող կուսակցության համար և խաթարել են քարոզչություն իրականացնելու հավասար հնարավորությունները, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին։ Միևնույն ժամանակ, առկա էին մի քանի պնդումներ, ըստ որոնց՝ որոշ տնտեսական դերակատարներ ճնշում են գործադրել ընտրողների վրա՝ ի շահ ընդդիմադիր կուսակցությունների։ Հնչել են բազմաթիվ մեղադրանքներ ընտրակաշառքների և ընտրական այլ խախտումների վերաբերյալ, որոնք իշխանություններն ակտիվորեն քննության են առել։ Սակայն այդ քննությունները հիմնական ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների և թեկնածուների մոտ ձևավորել են օրենքի ընտրովի կիրառման ընկալում և մտահոգություններ առաջացրել քարոզարշավի հետագա ընթացքի վերաբերյալ:

Առցանց քարոզչությունը բավականին լայնորեն տարածված էր, սակայն դրա կարգավորումը սահմանափակվում էր միայն քարոզչական բովանդակության և վճարովի քաղաքական գովազդը նշելու պահանջներով, ինչը սահմանափակում էր թափանցիկության և վերահսկողության հնարավորությունները։ Առցանց քարոզարշավն իր բնույթով եղել է առճակատային և պառակտող՝ ուղեկցվելով կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից միմյանց հասցեին օտարերկրյա միջամտության և օտար պետությունների հետ կապերի վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներով։ Որոշ թեկնածուներ և երրորդ կողմ հանդիսացող օգտատերերի հաշիվներ իրենց քաղաքական մրցակիցներին վարկաբեկելու նպատակով տարածել են արհեստական բանականությամբ ստեղծված մանիպուլյատիվ բովանդակություն, որը հետագայում լայնորեն տարածվել է առցանց հարթակներում։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն արձանագրել է կեղծ և ոչ իրական հաշիվների կողմից Կառավարության և ընտրական գործընթացի վարկաբեկման նպատակով տարածված մանիպուլյատիվ և կեղծ բովանդակություն, թեև դա նախընտրական քննարկումներում նշանակալի դեր չի խաղացել։ Սա համահունչ է փաստերի ստուգմամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների եզրակացությունների հետ, որոնց համաձայն զգալիորեն աճել են համակարգված ապատեղեկատվական գործողությունները, որոնք, ըստ այդ կազմակերպությունների, գալիս էին արտերկրից։ (…)

(…)

Ընտրության օրն անցել է կազմակերպված և հանգիստ, չնայած իշխանությունների կողմից հաղորդված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մի շարք քրեական մեղադրանքներին և քննություններին։ Ընտրատեղամասերի բացման և քվեարկության գործընթացները, դիտարկումների ճնշող մեծամասնության շրջանակներում՝ գնահատվել են դրական։ (…)

(...)

Ձայների հաշվարկը դրական է գնահատվել դիտարկված 158 ընտրատեղամասերից 144-ում և ընդհանուր առմամբ եղել է թափանցիկ, արդյունավետ ու կանոնակարգված։ Ընտրական գործընթացի մասնակիցների ներկայացուցիչները ներկա են եղել բոլոր դիտարկված հաշվարկների ընթացքում, իսկ քաղաքացիական դիտորդները՝ դիտարկումների գրեթե կեսում։ ՄԸԴԱ-ի դիտորդները կարողացել են առանց սահմանափակումների հետևել ձայների հաշվարկի գործընթացին, իսկ ՏԸՀ-ները լիարժեք համագործակցել են նրանց հետ։

(...)

ՄԸԴԱ-ի դիտորդները դրական են գնահատել արդյունքների ամփոփման գործընթացը 50 դիտարկումներից 43-ում։ Սակայն ամբողջ երկրի տարածքում գործող 38 ԸԸՀ-ներից 11-ում ԿԸՀ-ի կողմից ԸԸՀ-ներին տրված բանավոր ցուցումների հիման վրա կիբեռանվտանգության նկատառումներով ՄԸԴԱ-ի դիտորդներին արգելվել է հետևել տվյալների մուտքագրման գործընթացին, ինչը սահմանափակել է գործընթացի թափանցիկությունը։ Ընտրական նյութերի ընդունման և արդյունքների ամփոփման գործընթացը գնահատվել է որպես կազմակերպված, մասնագիտական և արդյունավետ, սակայն դիտորդները նաև արձանագրել են գերբեռնվածություն և գործընթացի իրականացման ձգձգումներ, ինչպես նաև նշել, որ որոշ ԸԸՀ-ների տարածքները լիովին հարմարեցված չեն եղել այդ նպատակների համար։ (...)

(…)»:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները գնահատել է բաց և մրցակցային՝ անցկացված Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։

 

16. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սահմանադրական դատարանը սույն գործով անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հանգամանքներին.

ա. արդյոք ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածուների և ընտրական գործընթացի առանձին մասնակիցների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներն ազդել են ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա.

բ. արդյոք ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում տեղ է գտել վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործում, այդ թվում՝ Կառավարության կողմից տնտեսական և սոցիալական ծրագրեր/միջոցառումներ իրականացնելու դրսևորումներով.

գ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը՝ ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա ազդեցության հարցի համատեքստում.

դ. արդյոք նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեղի են ունեցել բռնության կոչեր, սպառնալիքներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա,

ե. արդյոք Սահմանադրական դատարան ներկայացված դիմումներում նշված՝ Դիմողների գնահատմամբ այլ իրավախախտումների առնչությամբ փաստերն ու փաստարկներն ունեն ապացուցողական նշանակություն:

 

17. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

17.1. Ժողովրդավարական պետությունում հանրային իշխանության յուրաքանչյուր դրսևորում իր լեգիտիմությունն ստանում է բացառապես ժողովրդից, իսկ իշխանության գործադրման իրավաչափությունը պայմանավորված է ժողովրդական մանդատի առկայությամբ։

Ժողովրդավարության համակարգում ընտրությունները կատարում են առաջնային/հիմնարար գործառույթներ։

Նախ՝ դրանք ապահովում են իշխանության լեգիտիմությունը. ժողովրդավարական պետությունում իշխանությունը պետք է վայելի հասարակության վստահությունը և բխի քաղաքացիների ազատ կամարտահայտությունից։ Ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունն օժտվում է ժողովրդական մանդատով, ինչը նրան հաղորդում է իրավաքաղաքական լեգիտիմություն։

Երկրորդ՝ ընտրությունները քաղաքական պատասխանատվության և հաշվետվողականության կարևորագույն գործիք են։ Որոշակի պարբերականությամբ ընտրությունները հնարավորություն են տալիս հանրությանը՝ գնահատելու իշխանության գործունեությունը, վերահսկելու հանրային կառավարման արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում իրականացնելու իշխանության խաղաղ ու սահմանադրական եղանակով փոփոխություն։ Ընտրությունները ոչ միայն իշխանության ձևավորման, այլև դրա սահմանափակման և վերահսկման միջոց են։

Երրորդ՝ ընտրությունները նպաստում են քաղաքական բազմակարծության և հասարակական շահերի ներկայացուցչության ապահովմանը։ Ժողովրդավարական պետությունը ենթադրում է հասարակության ներսում գոյություն ունեցող տարբեր սոցիալական, քաղաքական և գաղափարական խմբերի շահերի արտահայտման հնարավորություն։ Ընտրական գործընթացն ստեղծում է մրցակցային քաղաքական միջավայր, որում տարբեր քաղաքական ուժեր հնարավորություն են ստանում ներկայացնելու սեփական ծրագրային մոտեցումները՝ հավակնելով ժողովրդի վստահության քվեին։

17.2. Ժողովրդավարական ընտրությունները պետության ժողովրդավարական բնութագրիչի անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայմանն են։ Ընտրությունները կարող են իրական ժողովրդաիշխանության արտահայտություն լինել այն դեպքում, երբ դրանք անցկացվում են իրավունքի գերակայության, քաղաքական բազմակարծության, խոսքի ազատության, անկախ դատական իշխանության և մարդու հիմնարար իրավունքների/ազատությունների պաշտպանության պայմաններում։ Հակառակ պարագայում՝ ընտրական գործընթացը կարող է վերածվել ժողովրդավարական լեգիտիմության պատրանքի: Ընտրական գործընթացում պատշաճ վարչարարությունը, ընտրական վեճերի արդյունավետ դատական վերահսկողությունը, ընտրական գործընթացի թափանցիկությունը, քաղաքական մրցակցության հավասար պայմանների ապահովումը և ընտրական իրավախախտումների կանխարգելումն այն ինստիտուցիոնալ նախադրյալներն են, որոնց բացակայության պայմաններում ժողովրդաիշխանության սկզբունքն առնվազն կարող է վերածվել սոսկ հռչակագրային դրույթի։

17.3. Ժողովրդավարության երաշխավորումը հանդես է գալիս որպես կայուն, լեգիտիմ և իրավական ու ժողովրդավարական պետության կառուցման անփոխարինելի նախապայման, իսկ ընտրությունները՝ որպես ժողովրդաիշխանության նյութականացման, հանրային իշխանության լեգիտիմացման և սահմանադրական ժողովրդավարության կենսունակության ապահովման հիմնարար կառուցակարգ։

17.4. Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Սահմանադրությունն ամրագրում է ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքները, որոնք եզրագծում են ընտրական իրավահարաբերությունների սահմանադրաիրավական կարգավորման կառուցակարգերը։

Ընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքի ուժով Հայաստանի Հանրապետությունն ունի իր քաղաքացիների (բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի)` որոշ սահմանադրաիրավական պայմանների առկայության պարագայում ընտրելու և ընտրվելու իրավունքն ապահովելու պարտականություն: Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքով օժտված են Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Նույն հոդվածի ուժով Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու իրավունքով օժտված է քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Սահմանադրության նույն հոդվածով սահմանվում է նաև, որ ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Հավասար ընտրական իրավունքի սկզբունքի էությունը «մեկ ընտրող՝ մեկ ձայն» բանաձևի ապահովումն է, ինչը ենթադրում է պետության պարտականությունը՝ արդյունավետ ընթացակարգերի և կառուցակարգերի միջոցով բացառելու կրկնակի/բազմակի քվեարկությունների հնարավորությունը, ինչպես նաև ապահովելու մասնակցային հավասար հնարավորություններ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական միավորների համար:

Հավասար ընտրական իրավունքի՝ հնարավորությունների հավասարության տարրը բացահայտվել է Սահմանադրական դատարանի 2012 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշմամբ, որում, մասնավորապես, նշվել է. «(...) հնարավորությունների հավասարությունը հավասար ընտրական իրավունքի կարևոր բաղադրատարրերից է։ Վերջինս իր հերթին ներառում է, մասնավորապես, այնպիսի պայմաններ, ինչպիսիք են լրատվամիջոցների կողմից լուսաբանումը, ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերի տրամադրումը, ընտրարշավի անկաշկանդ իրականացումը, խոսքի և արտահայտվելու ազատության երաշխավորումը, ընտրարշավի ֆինանսավորման թափանցիկությունը և այլն»:

Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ՝ «(...) վերահաստատում է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ ընտրական գործընթացի սուբյեկտներին հավասար հնարավորությունների ընձեռումը սերտորեն առնչվում է ընտրողների կարծիքի ձևավորմանը և ենթադրում պետական մարմինների չեզոքություն՝ նախընտրական քարոզչության, զանգվածային լրատվամիջոցների լուսաբանումների նկատմամբ։ Սակայն ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման միջազգային իրավական չափանիշների անվերապահ պահպանման անհրաժեշտությունից ելնելով, սույն գործով հարկ է նշել, որ նախընտրական քարոզչության իրականացման արդարության և ազատության սկզբունքը չի կարող մեկնաբանվել այնքան տարածական, որ բացառվի խոսքի, տեղեկատվության ազատության, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների՝ սեփական տեսակետ ունենալու և այն ներկայացնելու իրավունքի իրականացումը» (10.06.2007 թ., ՍԴՈ-703)։

Ազատ ընտրական իրավունքի սկզբունքը պահանջում է, որ պետությունն ապահովի ընտրողի կամքն ազատորեն ձևավորելու և այն արտահայտելու, ընտրողի քաղաքական կամքի ձևավորման ցանկացած ոչ իրավաչափ միջամտությունը բացառելու, ընտրական գործընթացում մրցակից քաղաքական միավորների կողմից իրենց ծրագրերի և գաղափարների ներկայացման և ընտրողների հետ հաղորդակցվելու հարցերում պետական իշխանության մարմինների չեզոքության, ազատ ընտրության այլ բաղադրիչների իրավական կառուցակարգերի ներդրումը և դրանց արդյունավետ գործարկումը։

Ընտրությունների իրական ժողովրդավարական բնույթը խեղաթյուրվում է, երբ ընտրողի կամքը ձևավորվում և արտահայտվում է արտաքին ազդեցությունների պայմաններում։ Իշխանության լեգիտիմությունը կարող է բխել ընտրողի՝ բացառապես ինքնուրույն, գիտակցված, անկաշկանդ կամահայտնությունից, ինչին նպաստում է նաև ընտրողի նկատմամբ հոգեբանական հարկադրանքը բացառող առողջ քաղաքական միջավայրի առկայությունը:

Ուղղակի ընտրական իրավունքի սկզբունքի պահանջն է, որ Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ համայնքների ավագանիների կողմից ընտրվող համայնքների ղեկավարների, ընտրվեն ուղիղ և անմիջականորեն` ընտրողների կողմից:

Քվեարկության գաղտնիության սկզբունքի համաձայն՝ պետության պարտականությունն է ապահովել, որ քվեարկության ժամանակ ընտրողի քաղաքական կամքի արտահայտումը տեղի ունենա գաղտնիության պայմաններում և երաշխիքներով։

17.5. Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի քննության առանձնահատկությունների թվին է դասել.

«(…)

- ընտրություններն անվավեր ճանաչելու կամ չճանաչելու որոշումը յուրաքանչյուր դեպքում կախված է կոնկրետ հանգամանքներից և պետք է հաշվի առնել իրավաբանորեն փաստարկված խախտման լրջությունն ու ծանրությունը, խախտումների ընդգրկման ծավալը, խախտումներ կատարելու միջոցներն ու ձևերը,

- (…) գործեր քննելիս՝ սահմանադրական դատարանը պետք է ելնի ոչ միայն Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների պաշտպանության, այլև ընտրական գործընթացի, ողջ ընտրական համակարգի հուսալիության ու վստահելիության հանգամանքից՝ օրենսդրությանը համապատասխան այն կազմակերպելու և անցկացնելու առումով,

- ընտրական իրավունքների ապացուցված խախտումները կարող են հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքները վերանայելու համար, սակայն այդ վերանայման էական բովանդակությունը պետք է կազմի այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք առկա իրավախախտումներն այնպիսի ընդգրկում ունեն, որ կարող են կասկածի տակ դնել ամբողջ ընտրությունների արդյունքները և վավերությունը,

- որևէ ընտրատեղամասում կամ տարածքում կատարված խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ այլ տեղամասերում նմանատիպ խախտումների մասին ենթադրություններ անելու կամ վստահության աստիճանը կասկածի տակ դնելու համար։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք կարող են հանդիսանալ միայն իրավաբանորեն փաստարկված այն կոնկրետ խախտումները, որոնք էական ազդեցություն են ունեցել կամ կարող էին ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա,

- ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել, եթե (...) ընդհանուր արդյունքն աղավաղված է» (24.03.2003 թ., ՍԴՈ-408)։

17.6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության համար անհրաժեշտ է.

- նկատի ունենալ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով,

- հստակ պատկերացնել դատական յուրաքանչյուր ատյանի իրավազորության շրջանակները,

- օրենքով սահմանված ժամկետներում և կարգով իրականացնել ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցներն այն դատարանում, որն ունի համապատասխան իրավազորություն,

- հաշվի առնել, որ ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցերով Սահմանադրական դատարանը ոչ թե այլ դատարանների նկատմամբ վերադաս դատարան է, այլ իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված կոնկրետ իրավասություն:

17.7. Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 17-ի ՍԴՈ-1606 որոշմամբ ընդգծվել է, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէ և չի կարող փոխարինել ընտրական վարչարարության մարմիններին, դատարաններին և իրավապահ համակարգի օղակներին, որոնց՝ ընտրական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է նաև օրենքով նախատեսված կարգով ու համապատասխան իրավունքներով օժտված ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերի ու նրանց ներկայացնող կամ նրանց կողմից առաջադրված հազարավոր իրավասուբյեկտների կողմից իրենց՝ Ընտրական օրենսգրքով վերապահված ընթացակարգային իրավունքների լիարժեք իրացումից: Սահմանադրական դատարանի որոշման իրավական հիմք կարող է հանդիսանալ բացառապես նշված սուբյեկտների իրավաչափ գործողության արդյունքում ձևավորված ապացուցողական նշանակության իրավական փաստերի համակցության համադրված գնահատումը (10.7-րդ կետ):

17.8. Սահմանադրական դատարանը հիշյալ որոշմամբ գտել է, որ Սահմանադրական դատարանում այս տեսակի վեճերով դիմումներին առաջադրված ընտրական իրավունքի՝ օրենսդրությամբ նախատեսված իրավական պաշտպանության միջոցները բարեխղճորեն սպառելու պայմանից շեղումները թույլատրելի են միայն այն դեպքերում, երբ դիմողի կամ երրորդ անձի դիրքորոշման հիմքում վկայակոչված հանգամանքն ակնհայտորեն կվկայի Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված սկզբունքներից որևէ մեկի խախտման մասին:

Ամեն դեպքում, Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված վեճերով դիմողը պարտավոր է ապահովել իր պահանջի համար հիմք ծառայող հանգամանքների ապացուցման համար անհրաժեշտ նվազագույն ապացուցողական շեմը: Այլապես՝ Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այս տեսակի վեճի քննության համար ժամանակի սղությունը, դատավարության մասնակից իրավասուբյեկտների հնարավոր ընդարձակ կազմը, ուսումնասիրության և քննության համար ներկայացվող նյութերի և տեղեկատվության՝ այլ տեսակի գործերի և դատավարությունների համեմատ բազմակի ավել ծավալը, բազմաշերտ իրավահարաբերությունների առկայությամբ հնարավոր հարցադրումների և քննության ենթակա հարցերի հնարավոր մեծ շրջանակը, ինչպես նաև արդարադատության կազմակերպման համար կարևորություն ունեցող այլ խնդիրներ, չի կարող թույլ տալ սույն տեսակի վեճի լուծման համար առնվազն prima facie կարևորություն չունեցող հանգամանքների կամ դրանց առկայության կամ բացակայության վերաբերյալ փաստարկումների prima facie հիմնավորվածության բացակայության պայմաններում քննությամբ վտանգել նման վեճերին առաջադրվող ժամկետային սահմանափակումների նպատակը, այն է՝ ժողովրդավարական գործընթացի (ազատ ընտրությունների) արդյունքի օր առաջ կենսագործումն ու սահմանադրական կայունությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ընտրախախտումների առկայության հնարավորության կամ դրանց ազդեցության մասին ենթադրությունները, ինչպես նաև նման ընտրախախտումների դրվագային դրսևորումները չեն կարող բավարար լինել Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված վեճերով դիմողին առաջադրվող ապացուցման շեմը բավարարված համարելու դատողության, հետևաբար՝ Սահմանադրական դատարանի կողմից այդ հանգամանքը քննության առարկա դարձնելու համար:

Միևնույն ժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 10-րդ մասի վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը նշել է, որ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման դեպքում նախատեսվել է հատուկ կանոն, ըստ որի՝ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, որը գործում է բացառապես ներքոնշյալ երկու նախապայմանների միաժամանակյա առկայության պարագայում.

- պատասխանող կողմը հրաժարվում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց,

- դրանք չեն հերքվում Սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներով:

Այսինքն՝ նշված երկու նախապայմաններից նույնիսկ մեկի բացակայության պարագայում չի գործում դիմող կողմի ներկայացրած տեղեկությունների հավաստիության կանխավարկածը: Միևնույն ժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան՝ այն դեպքում, երբ պատասխանող կողմն ընդունում է այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջներն ու առարկությունները, ապա դիմող կողմն ազատվում է այդ հանգամանքների վերաբերյալ հետագայում ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությունից (10.3-րդ կետ):

17.9. Սահմանադրական դատարանը սույն որոշման 17.7-17.8-րդ կետերում հիշատակվածը կիրառելի է համարում նաև սույն գործով:

18. Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի՝ անճշտությունների թվի գումարման մասով՝ Սահմանադրության 2-րդ հոդվածին, 7-րդ հոդվածին և 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ միջնորդությունը, 2026 թվականի հունիսի 29-ի ՍԴԱՈ-141 աշխատակարգային որոշմամբ մերժել է այն հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրության՝ «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ 6-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որի 1-ին մասի ուժով, ի շարս այլնի՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված համապատասխան սուբյեկտների դիմումի հիման վրա: Մասնավորապես՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք Սահմանադրական դատարան կարող են դիմել անհատական դիմումների հիման վրա՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն սպառիչ կարգավորում է այն դեպքերը, երբ համապատասխան գործերի քննության ընթացքում Սահմանադրական դատարանը կարող է անդրադառնալ համապատասխան գործերով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականության հարցին, մասնավորապես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 9-րդ մասով, 78-րդ հոդվածի 7-րդ մասով, 82-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված դեպքերում:

Ավելին, Սահմանադրական դատարանը 2021 թվականի հուլիսի 17-ի ՍԴՈ-1606 որոշմամբ ընդգծել է. «(...) ընտրական իրավունքը կարգավորող իրավական նորմերի սահմանադրականության ստուգումը Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված վեճի շրջանակում կարող է հանգեցնել ընտրական իրավունքի նորմերի կայունության վտանգավոր միջամտության՝ ընտրական գործընթացների ավարտից հետո նորմը հակասահմանադրական ճանաչելու հետևանքի հետադարձորեն կիրառմանն ընտրական գործընթացի կամ դրա արդյունքների նկատմամբ Սահմանադրական դատարանում գործով որոշում կայացնելու դեպքում կամ տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանը, որն այն չուներ կիրառման՝ ընտրական գործընթացի պահին: Իսկ եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված վեճի վերաբերյալ գործերով ընտրական իրավունքի նորմերի սահմանադրականության ստուգման մասին Սահմանադրական դատարանի որոշման ազդեցությունը չի տարածվելու մինչ այդ տեղի ունեցած ընտրության և դրա արդյունքների նկատմամբ, ապա Սահմանադրական դատարանը չի տեսնում այս դեպքում այն նպատակահարմարությունը, որ ընտրական իրավունքի նորմերի սահմանադրականության ստուգումը տեղի ունենա Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված վեճի վերաբերյալ գործերով, քանի որ նույն ստուգման հնարավորությունը ոչ պակաս արդյունավետությամբ ապահովված է նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված Սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման գործերով:

Վերոնշյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է վերացական սահմանադրական վերահսկողության դիմումներով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու իրավասություն ունեցող հանրային իշխանության մարմինների դերակատարությունը՝ ընտրական գործընթացների մեկնարկից ժամանակային «ապահով տարածության» պահպանմամբ Սահմանադրական դատարանում սահմանադրականության ստուգման առարկա դարձնել նախորդ ընտրությունների արդյունքում տեղ գտած ենթադրյալ խնդրահարույց կարգավորումները՝ դրանով իսկ ապահովելով ամեն հաջորդ ընտրական գործընթացի համար «սերտած դասերի» բարեբեր արդյունքը»»:

Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ խնդրո առարկա գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցին անդրադառնալու իրավասություն Սահմանադրական դատարանին վերապահված չէ:

Սահմանադրական դատարանը վերոնշյալը վերաբերելի է համարում սույն գործին:

19. Մի շարք Դիմողներ փաստարկներ են ներկայացրել ընտրությունների և նախորդող ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող թեկնածուների և ընտրական գործընթացի այլ մասնակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և հարկադրանքի միջոցների` իրենց գնահատմամբ անհամաչափ կիրառման մասին՝ նշելով դրանց անհիմն լինելն ու քաղաքական նպատակներ հետապնդելը, ինչը հանգեցրել է հնարավորությունների հավասարության սկզբունքի խախտման։

19.1. Սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ ընտրական գործընթացի մասնակիցների վարքագծում՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցակազմի տարրերի առկայության կամ բացակայության գնահատումը, այդ համատեքստում՝ քրեական հետապնդումների հարուցումն ու հարկադրանքի միջոցների կիրառումը, իրավասու մարմինների իրավասության տիրույթում է, ուստի՝ նշված գործողությունների օրինականության, իրավաչափության գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ ընտրական գործընթացի այլ մասնակցի նկատմամբ իրավասու մարմինների կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա օրենքով սահմանված կարգով հանրային քրեական հետապնդում հարուցելու քրեադատավարական գործիքակազմը նպատակ է հետապնդում ապահովելու ընտրական գործընթացի օրինականությունը: Միաժամանակ, քրեադատավարական գործիքակազմի/կառուցակարգերի կիրարկման արդյունքում քաղաքական հակառակորդների «չեզոքացումը», ապահովելով «սառեցնող ազդեցություն» (chilling effect), կարող է հանգեցնել հնարավորությունների անհավասարության, ազատ մրցակցային պայմանների խաթարման, քաղաքական բազմակարծության դրսևորումները զսպելուն՝ ազդելով ընտրողի կամահայտնության վրա:

19.2. Խնդրո առարկա հարցի համատեքստում իրավասու մարմինների կողմից Սահմանադրական դատարանին է տրամադրվել հետևյալ ամփոփ տեղեկատվությունը.

- ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված ամփոփ տեղեկանքի համաձայն՝ 2026 թվականի մայիսի 8-ից մինչև 2026 թվականի հունիսի 6-ը նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ընտրություններին առնչվող առերևույթ հանցագործության 114 դեպք (ըստ օպերատիվ ամփոփագրերի):

2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ընտրություններին առնչվող առերևույթ հանցագործության 126 դեպք (ըստ օպերատիվ ամփոփագրերի):

Արձանագրված բոլոր դեպքերը ներկայացվել են նախաքննության մարմին։

- ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրամադրված ամփոփ տեղեկանքի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-224.1-ին և 229-236-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 212 քրեական վարույթ, որից 166-ի նախաքննությունը շարունակվում է, 9-ն ուղարկվել է դատարան, 16-ի վարույթը կարճվել է, 3-ն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, և 18 վարույթ միացվել է:

Հիշյալ 212 քրեական վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 141 անձի նկատմամբ:

141 մեղադրյալներից 21-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 21-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 7-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ դաստիարակչական հսկողությունը, 87-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 4 մեղադրյալի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում, որոնք դեռ չեն հայտնաբերվել։

212 քրեական վարույթներից 9-ը՝ 16 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տրամադրված ամփոփ տեղեկանքի համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների առնչությամբ 2026 թվականի փետրվարի 7-ից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է ընդհանուր 156 քրեական վարույթ (որից՝ 125-ը նախաձեռնվել են ստացված հաղորդումների հիման վրա, 29-ն անջատվել են այլ քրեական վարույթից, 2-ն ստացվել են նախաքննական այլ մարմնից)` ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ:

- ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 2026 թվականի հունիսի 24-ի դրությամբ մշակված տվյալների համաձայն՝ ՀՀ դատախազության ստորաբաժանումների դատախազների կողմից հսկողություն է իրականացվել 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ ՀՀ նախաքննության մարմիններում ստացված 423 հաղորդման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178 և 179-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկման և լուծման օրինականության նկատմամբ:

Հաղորդումների քննարկման արդյունքում նախաձեռնվել է 332 քրեական վարույթ, որից 7-ը՝ դատախազի հանձնարարությամբ: 91 հաղորդման քննարկման արդյունքում քրեական վարույթ չի նախաձեռնվել: Քննված քրեական վարույթներով դատախազների կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել 391 անձի նկատմամբ: Մեղադրյալներից 86-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Պատգամավորի 18 թեկնածուների վերաբերյալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 15 անձի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 3-ը դեռևս չեն քննարկվել: Պատգամավորի 11 թեկնածուի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն: 5 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 29 քրեական վարույթ 107 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան:

19.3. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշման համաձայն՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում քրեական հետապնդում հարուցելը, ինչպես նաև ազատության սահմանափակումն ինքնին չեն կարող գնահատվել ազդեցություն ընտրության արդյունքների վրա»:

19.4. Հաշվի առնելով վերոնշյալը՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների և ընտրական գործընթացի այլ մասնակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը և հարկադրանքի միջոցներ կիրառելը՝ քանակական ցուցիչով պայմանավորված, կարող էին ընտրողի կամահայտնության վրա ազդեցություն ունեցող գործոն լինել: Միաժամանակ, հանրային քրեական հետապնդման՝ օրենսդրությամբ կանխորոշված նպատակներից զատ այլ, այդ թվում՝ քողարկված քաղաքական նկատառումներով, հարուցման յուրաքանչյուր դեպք կարող է գնահատման առարկա դառնալ՝ ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից:

Բոլոր դեպքերում, իրավապահ մարմիններին օրենքով վերապահված գործառույթների իրականացումը չի կարող կախվածության մեջ դրվել ընտրությունների և վերջիններիս նախորդող ժամանակահատվածից, ինչպես նաև համապատասխան վարույթով անցնող անձի քաղաքական հայացքներից: Մյուս կողմից, խնդրո առարկա հարցի համատեքստում քրեական արդարադատության գործիքակազմը կիրառելիս պետք է բացառվեն օրենքից չբխող հայեցողական դրսևորումները:

19.5. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումներում հիշատակված անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանվածության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը շեշտադրում է հանրային իշխանության մարմինների, դրանց պաշտոնատար անձանց կողմից անմեղության կանխավարկածի անտեսմամբ իրականացված գործողությունների և/կամ հայտարարությունների անթույլատրելիությունը, հատկապես՝ ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում: Հանրային իշխանության մարմինների, դրանց պաշտոնատար անձանց ցանկացած գործողություն և/կամ հայտարարություն, որն այս հասարակական/քաղաքական «զգայուն» շրջանում կանխորոշում է անձի մեղավորությունը, խաթարում է ազատ և արդար ընտրությունների սահմանադրական երաշխիքները:

19.6. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ձևավորել է կայուն նախադեպային պրակտիկա առ այն, որ անմեղության կանխավարկածը կարող է խախտվել ոչ միայն դատավորի կամ դատարանի, այլև պետական իշխանության այլ մարմինների կողմից: Միաժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 2-րդ կետը չի կարող արգելել իշխանություններին հանրությանը տեղեկացնել ընթացիկ քրեական քննությունների մասին, սակայն դա պետք է իրականացվի անհրաժեշտ զսպվածությամբ և զգուշավորությամբ՝ հարգելով անմեղության կանխավարկածը: Հատկանշական է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից անմեղության կանխավարկածի խախտում են դիտարկվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անձի մեղավորության վերաբերյալ հայտարարությունները, ինչը, նախ՝ հանրությանը դրդում էր համապատասխան անձին համարել մեղավոր, և երկրորդ` կանխորոշում էր փաստերի գնահատումն իրավասու դատարանի կողմից (Allenet de Ribemont v. France, Application no. 15175/89, 10.02.1995, § 36, § 38, § 41):

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված անմեղության կանխավարկածը 6-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվող արդար քրեական դատաքննության բաղադրիչ տարրերից է։ Այն կխախտվի, եթե հանցագործության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ պետական պաշտոնատար անձի հայտարարությունն արտահայտի կարծիք, որ տվյալ անձը մեղավոր է, մինչդեռ նրա մեղավորությունը դեռևս օրենքով սահմանված կարգով ապացուցված չէ։ Նույնիսկ պաշտոնական մեղավորության հաստատման բացակայության պայմաններում բավական է, որ առկա լինեն այնպիսի դատողություններ կամ ձևակերպումներ, որոնք վկայում են, որ պաշտոնատար անձը մեղադրյալին դիտարկում է որպես մեղավոր (Daktaras v. Lithuania, Application no. 42095/98, 10.10.2000, Final 17.01.2001, § 41):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է պետական պաշտոնյաների կողմից այն արտահայտությունների բառերի ընտրության կարևորությունը, որոնք նրանք հնչեցնում են նախքան անձին հանցագործության համար մեղավոր ճանաչելն ու դատապարտելը։ Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նշված դրույթի կիրառման նպատակների համար կարևոր է համապատասխան արտահայտությունների փաստացի իմաստը, այլ ոչ դրանց բառացի ձևը (Lavents v. Latvia, Application no. 58442/00, 28.11.2002, Final 28.02.2003, § 126)։

19.7. Սահմանադրական դատարանը նկատում է, որ ընտրությունների ամբողջ ժամանակահատվածում ընտրողները գտնվում են տեղեկատվական ակտիվ հոսքերի ազդեցության ներքո, և վերջիններիս կամքի ձևավորման վրա ազդեցություն են ունենում ինչպես հանրային իշխանության մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հայտարարությունները, այնպես էլ դրանց լուսաբանման եղանակները՝ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անմեղության կանխավարկածի երաշխավորման համատեքստում նշել է, որ լրատվամիջոցներով համապատասխան ագրեսիվ արշավը որոշ դեպքերում կարող է խոչընդոտել գործի արդար քննությանը՝ ազդելով հանրային կարծիքի և դրանով իսկ ամբաստանյալի մեղավորության հարցով դատարանի որոշման վրա (Kuzmin v. Russia, Application no. 58939/00, 18.03.2010, Final 04.10.2010, § 62)։

19.8. Սահմանադրական դատարանը, նկատի առնելով վերոնշյալը, ինչպես նաև նշելով, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի թեկնածուի կամ ընտրական գործընթացի այլ մասնակիցների մեղավորության վերաբերյալ հրապարակային հայտարարությունները կարող են վտանգել վերջիններիս հանրային հեղինակությունը, բացասական վերաբերմունք ձևավորել համապատասխան քաղաքական ուժի (կուսակցությունների դաշինքի) կամ անձի նկատմամբ, միաժամանակ, արձանագրում է, որ քրեական վարույթներով անցնող համապատասխան անձանց անմեղության կանխավարկածի հարցի՝ բովանդակային առումով քննարկումը, ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, դուրս է սույն վեճի շրջանակից:

20. Կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների թեկնածուների, ընտրական գործընթացի մասնակից քաղաքական ուժերի աջակիցների/համախոհների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հաղորդագրությունների համատեքստում «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», ինչպես նաև «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները ներկայացրել են փաստարկներ ընտրական գործընթացի շրջանակներում մի շարք կոռուպցիոն հանցագործությունների և ընտրությունների արդյունքի վրա դրանց, իրենց գնահատմամբ, ազդեցության վերաբերյալ։

20.1. Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը, նախ ընդգծում է, որ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը դրա միակ աղբյուրն ու կրողն է: Ամբողջ հանրային իշխանությունը սերում է ժողովրդի կամքից և գոյություն ունի միայն նրա կամքի ներքո և գործում է հանուն նրա: Ազգային ժողովի ընտրությունները ժողովրդաիշխանության իրականացման առաջնային և անմիջական ձևերից են. ժողովուրդը շնորհում է հանրային իշխանություն, նորոգում դրա լեգիտիմությունը և հաշվետու պահում դրա կրողներին: Ընտրական գործընթացում, դրա մասնակիցների առումով, առաջին խոսքը քաղաքական ուժերինն է. դրանք են առաջադրում թեկնածուներ, վարում քարոզարշավը և ձևավորում այն այլընտրանքները, որոնց միջև ձևավորվում է ժողովրդի քաղաքական կամքը: Այս իրողության բերումով ընտրությանը մասնակից քաղաքական ուժերը վայելում են ամուր սահմանադրական երաշխիքներ (խոսքի ազատություն, գործելու ազատություն, հավասար եթերաժամանակ և այլն), ինչի «գինը» այդ քաղաքական ուժերի համար սահմանադրական արժեքներին հավատարմության ներհատուկ, անբաժանելի և սակարկման ոչ ենթակա պարտականությունն է, ոչ թե նշված արժեքների նկատմամբ ոտնձգությունից զուտ պասիվ ձեռնպահ մնալը, այլ ակտիվ, գործուն անհանդուրժողականությունը դրանց սպառնացող ցանկացած վտանգի նկատմամբ:

Ժողովրդի կամքի աղավաղումն ընտրողներին կաշառելու միջոցով ուղիղ հարված է նրա իշխանության իրականացման սկզբունքին, ձևավորվող իշխանության լեգիտիմությանը և ունակ է հիմնովին վարկաբեկել հանրության աչքերում սահմանադրական ժողովրդավարության բուն գաղափարը: Ուստի՝ սկզբունքային նշանակություն ունի այն, որ ընտրությունների յուրաքանչյուր մասնակից զգա համապատասխան գործընթացի բարեվարքության ապահովման բեռի ողջ ծանրությունը:

20.2. Նշված բեռն առաջին հերթին կրում է պետությունը (Davydov and Others v. Russia, Application no. 75947/11, 30.05.2017, Final 13.11.2017, § 285): Սակայն ընտրական իրավունքի նկատմամբ երկարաժամկետ առկախված ընտրական կոռուպցիայի տարբեր դրսևորումների բերումով, երբ Հայաստանն առերեսվել է համատարած ընտրական կոռուպցիայի տասնամյակների և դրա նկատմամբ ընդգծված հանդուրժողականության, առաջին հերթին, հանրային իշխանության մարմինների կողմից, քաղաքական ուժերը չեն կարող թաքնվել պետության պոզիտիվ պարտավորությունների հետևում և ծածուկ օգտվել ընտրական կոռուպցիայի պտուղներից լոկ այն պատճառով, որ ընտրակեղծարարության դեմ պայքարում պետությունը շարունակական ձախողում է ունեցել այն արմատախիլ անելու հարցում: Սա վերաբերում է ոչ միայն Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող, այլև հավասարապես ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին:

20.3. Սահմանադրական դատարանը, որևէ հետևություն չանելով ընտրական գործընթացի շրջանակներում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդված դեպքերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, դրանց ղեկավարների կամ համակիրների ներգրավվածության վերաբերյալ, արձանագրում է, որ Հայաստանն ունի տասնամյակների համատարած ընտրական կոռուպցիայի ծանր սոցիալական ժառանգություն: Սահմանադրական դատարանն այս իրավիճակն ընտրական գործընթացի որևէ մասնակցի չի վերագրում, փոխարենը՝ մատնանշում է համակարգային խնդրի առկայությունը:

Նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում (բայց ոչ միայն) իրավապահ մարմինները հրապարակայնորեն և բազմիցս տեղեկացրել ու զգուշացրել են ընտրական միջավայրում ընտրակաշառքի մասին, հրապարակել գաղտնալսված խոսակցություններ և ընտրողներին կոչ արել չներգրավվել հանցավոր գործունեության մեջ: Այդ առնչությամբ ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժեր որևէ պահի հրապարակայնորեն կոչ չեն արել ընտրողներին մերժել իրենց օգտին կաշառելու ցանկացած փորձ, չեն սահմանազատվել հրապարակված դեպքերից և չեն գործակցել իրավապահ մարմինների հետ համապատասխան պրակտիկայի դեմ: Այդ կրավորականությունը սահմանադրական արժեքների նկատմամբ հավատարմությունից բխող, ընտրական գործընթացի մասնակից յուրաքանչյուր քաղաքական ուժից ակնկալվող ակտիվ անհանդուրժողականության հակապատկերն է:

20.4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առանձին դեպքերով կամ անձանց առնչությամբ ՀՀ դատախազության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ քննչական կոմիտեի, այլ իրավապահ մարմինների գործողությունները պետք է պայմանավորված լինեն նշված մարմինների առջև դրված խնդիրները լուծելու լեգիտիմ անհրաժեշտությամբ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավապահ մարմինները, քրեական վարույթի նպատակների տեսանկյունից անհրաժեշտության բացակայության դեպքում, առնվազն մինչև ընտրության օրը ներառյալ պետք է ձեռնպահ մնան հայտնաբերված ենթադրյալ հանցավոր արարքների և դրանց ենթադրյալ կատարողների մասին հաղորդագրություններում ընտրությունների մասնակից քաղաքական ուժի անվանումը հիշատակելուց։

20.5. Թեև ընտրական գործընթացի շրջանակներում մի շարք կոռուպցիոն հանցագործությունների առնչությամբ իրավապահ մարմինների հաղորդագրությունների, դրանցում հիշատակված վարույթների, վերջիններում ներգրավված սուբյեկտների մեծաթիվությունը (ընտրակաշառքների մասով) առաջին հայացքից կարող է վկայել ընտրողի կամքի ազատ ձևավորման վրա էական ազդեցության մասին, այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալը բավարար հիմք չէ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 14-րդ մասի իրավակարգավորման համատեքստում ընտրությունների վերջնարդյունքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ վերջնական եզրահանգում անելու համար:

21. Ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը 2021 թվականի հուլիսի 17-ի ՍԴՈ-1606 որոշման վերաբերելի հատվածին համահունչ վերստին արձանագրում է, որ ընտրությունների ժողովրդավարական բնույթը երաշխավորելու համար նախևառաջ անհրաժեշտ է ապահովել դրանց անցկացումը համընդհանուր, հավասար, ազատ ընտրական իրավունքի, գաղտնի և ուղղակի քվեարկության, օրենսդրությամբ սահմանված պարբերականության գաղափարասկզբունքային հենքի խստիվ պահպանմամբ: Միաժամանակ, կարևոր է նաև ընտրություններում «արդար մրցակցային» միջավայրի ապահովումը: Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահումը, խաթարելով ընտրություններում «առողջ մրցակցության» գաղափարը, անառարկելիորեն խարխլում է նաև Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական ընդհանուր սկզբունքների կենսագործումը:

21.1. Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) 2013 թվականի CDL-AD(2013)033 զեկույցում վարչական ռեսուրսը ներկայացրել է իբրև ընտրությունների ընթացքում գործող պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների` մարդկային, ֆինանսական, նյութական և այլ ռեսուրսները, հանրային զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ նրանց ունեցած վերահսկողության հանգամանքը, ինչպես նաև իրենց դիրքով պայմանավորված՝ հանրային օբյեկտների և ռեսուրսների նկատմամբ ունեցած հասանելիությունը, ինչը կարող է վերածվել քաղաքական կամ այլ ձևաչափի աջակցության։

«Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահումը կանխելու և դրան արձագանքելու վերաբերյալ» Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2016 թվականին ընդունված համատեղ ուղեցույցում (CDL-AD(2016)004) ընդգծվում է, որ՝ «(...) իրավական կարգավորումները պետք է հստակ պահանջներ նախատեսեն քաղաքացիական ծառայողների համար, այն է՝ ընտրական գործընթացների ամբողջ ընթացքում իրենց պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս գործել անաչառ։ Ավելին, իրավական կարգավորումները պետք է երաշխավորեն քաղաքացիական ծառայության չեզոքությունը՝ արգելելով քաղաքացիական ծառայողներին քարոզչական գործունեություն իրականացնել իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս, ինչպես այն դեպքում, երբ իրենք թեկնածու են հանդիսանում, այնպես էլ այն դեպքում, երբ աջակցում են թեկնածուներին։ Իրավական կարգավորումները պետք է հստակ նորմեր նախատեսեն այն մասին, թե ինչպես և երբ կարող է քարոզչություն իրականացվել, ինչպես նաև ընտրություններին մասնակցող որոշակի պաշտոնատար անձանց լիազորությունների կասեցման կամ հրաժարականի ներկայացման հնարավորություն նախատեսեն»։ Ուղեցույցը չի բացառում պաշտոնատար անձ թեկնածուների կողմից ընտրություններին մասնակցելու և քարոզչություն իրականացնելու հնարավորությունն աշխատանքային ժամերից դուրս և առանց վարչական ռեսուրսների չարաշահման։

21.2. Ժողովրդավարական պետությունում հանրային իշխանությունը պարտավոր է պահպանել ինստիտուցիոնալ չեզոքություն և հավասար վերաբերմունք ցուցաբերել ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ։ Այն դեպքում, երբ պետական ապարատը, պաշտոնատար անձինք կամ հանրային միջոցները ներգրավվում են որոշակի քաղաքական ուժի և/կամ թեկնածուի օգտին, տեղի է ունենում վերոնշյալ սկզբունքի խախտում։ Նման պայմաններում հանրային իշխանությունը դադարում է հանդես գալ որպես քաղաքական մրցակցության անաչառ երաշխավոր՝ դառնալով նշված մրցակցության անմիջական մասնակից։

21.3. Վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման վտանգավորությունը պայմանավորված է նաև նրանով, որ այն խաթարում է հավասար ընտրական իրավունքի սկզբունքը: Այն դեպքերում, երբ առանձին քաղաքական ուժեր այլոց համեմատ հնարավորություն են ստանում օգտվելու հանրային ռեսուրսներից, ապա ձևավորվում է անհավասար մրցակցային միջավայր, որտեղ ընտրությունների արդյունքը պայմանավորվում է ոչ թե քաղաքացիների ազատ կամահայտնությամբ, այլ իշխանական լծակների անհավասար բաշխմամբ, ինչի արդյունքում խաթարվում է ընտրությունների ժողովրդավարական լեգիտիմությունը։

Վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործումը սերտորեն առնչվում է նաև ընտրությունների ազատության սկզբունքի հետ։ Ազատ ընտրությունների գաղափարը ենթադրում է, որ ընտրողներն իրենց որոշումը կայացնում են առանց հարկադրանքի, ճնշման կամ կախվածության, մինչդեռ վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործումն ի զորու է ստեղծել այլ իրավիճակ:

21.4. Վարչական ռեսուրսի չարաշահումը հանգեցնում է հանրային իշխանության «կուսակցականացման»: Պետական ապարատը և համապատասխան ռեսուրսները, որոնք պետք է ծառայեն ամբողջ հասարակությանը, սկսում են սպասարկել որոշակի քաղաքական շահեր՝ արդյունքում խախտելով հանրային իշխանության լեգիտիմության հիմքը, քանզի պետությունը կորցնում է իր՝ համընդհանուր շահերի ներկայացուցչի կարգավիճակը՝ վերածվելով քաղաքական պայքարի մասնակիցներից մեկի գործիքի։

21.5. Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 17-ի ՍԴՈ-1606 որոշմամբ արձանագրված է, որ վարչական ռեսուրսի չարաշահումներն ընտրական գործընթացներում խաթարում են ժողովրդավարական ընտրությունների անցկացման հիմքերը, քանզի չեն երաշխավորում՝

- բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ. վերջիններս պետք է հավասար հնարավորություն ունենան իրենց թեկնածությունն առաջադրելու և հավասարությունը երաշխավորող միջավայրում «ազատ մրցակցելու»,

- հավասար վերաբերմունք տարբեր թեկնածուների հանդեպ. առանձին ինստիտուտների հետ հարաբերվելիս թեկնածուները պետք է արժանանան նույնական վերաբերմունքի, օրինակ՝ զանգվածային լրատվական միջոցների հասանելիությունը բոլորին,

- ընտրողների կարծիք ձևավորելու ազատությունը. ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է զերծ լինի ցանկացած ճնշումից, ինչի լավագույն երաշխիքը պետական իշխանության «չեզոքությունն» է, որը պետք է արտահայտվի ընտրողի ազատ կամքի ձևավորման գործընթացում ցանկացած տեսակի «միջամտող» վարքագծի բացառմամբ,

- ընտրական գործընթացում անաչառության սկզբունքի պահպանումը. պետական իշխանության կողմից ընտրությունների կազմակերպումը պետք է լինի առանց իշխող կուսակցության համար առավելությունների տրամադրման:

21.6. Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ պայքարը ժողովրդավարական պետության պահպանման, հանրային իշխանության լեգիտիմության ապահովման և ժողովրդի ինքնիշխան կամքի անաղարտ արտահայտման կարևորագույն նախապայմաններից է։ Ընտրական օրենսգրքով և վերաբերելի այլ օրենքներով ամրագրված համապատասխան կարգավորումները մշտապես պետք է զարգանան վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի երաշխիքների ամրապնդման միտումով, իսկ ընտրական գործընթացի համապատասխան դերակատարները բացառեն նման վարքագիծը՝ երաշխավորելով ժողովրդավարության շարունակական զարգացման անվերապահ հանձնառության կատարումը:

21.7. Սույն գործով Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր՝ 2021 թվականի հուլիսի 17-ի ՍԴՈ-1606 որոշմամբ կատարված արձանագրումն առ այն, որ՝ «վարչական ռեսուրսի կիրառման դրսևորումները ընտրական գործընթացներում կարող են լինել ինչպես զանգվածային, այնպես էլ սահմանափակ: Այս առումով Սահմանադրական դատարանի գնահատմամբ էական չէ կիրառված ռեսուրսների քանակական բնութագիրը, քանզի մի դեպքում վարչական ռեսուրսի մեկանգամյա կիրառումն անգամ՝ կախված դրա բնույթից, կարող է հանգեցնել համակարգային խնդրի, մեկ այլ դեպքում՝ առանձին դրվագներով վարչական ռեսուրսի կիրառումը, այնուամենայնիվ, կարող է և չհանգեցնել ընտրությունների ելքի վրա որևէ էական ազդեցության (այլ է խնդիրը, որ հանրային իշխանության մարմինները պետք է համարժեք իրավական գնահատականի արժանացնեն յուրաքանչյուր դեպք և կիրառեն պատասխանատվության համաչափ միջոցներ): Խնդրո առարկա հարցի շրջանակներում առավելապես գնահատման ենթակա են վարչական ռեսուրսների օգտագործման որակական բնութագրիչները, քանզի յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է գնահատել դրանց ազդեցությունն ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա: Այս տեսանկյունից Սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել վարչական ռեսուրսների չարաշահման բովանդակությունը, շարունակականությունը, ապա նաև դրա հետևանքներն ընտրական գործընթացի վերջնական արդյունքի վրա»:

21.8. Ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման վերաբերյալ համապատասխան Դիմողների պնդումների առնչությամբ, որոնց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ի մասնավորի՝ նաև ՀՀ վարչապետի կողմից նախընտրական քարոզչության մեկնարկից առաջ և ընթացքում կիրառվել է վարչական ռեսուրս՝ այդպիսով ակնհայտ առավելություն ձեռք բերելով մյուս կուսակցությունների և դաշինքների նկատմամբ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանք առավելապես վերաբերում են ընտրություններից առաջ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումներին, հանրային ծառայողների՝ նախընտրական գործընթացներին անմիջական մասնակցությանը կամ ներգրավմանը, պետական և համայնքային կառույցների ներգրավվմանը, կրթական հաստատությունների և ուսումնական համակարգի օգտագործմանը:

Ի հիմնավորումն իրենց դիրքորոշումների՝ Դիմողները ներկայացրել են համապատասխան տեսանյութեր, ինչպես նաև վկայակոչել են համապատասխան դատական ակտեր:

21.9. Սահմանադրական դատարանը 2017 թվականի ապրիլի 28-ի ՍԴՈ-1364 որոշմամբ փաստել է. «(…) ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է նաև նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումների դեպքում վարչական կամ դատական կարգով խնդրի լուծման համապատասխան ընթացակարգեր։ Սահմանադրական դատարանը, բազմիցս անդրադառնալով այս խնդրին, շեշտել է, որ նման ընթացակարգերը, որոնք անմիջականորեն առնչվում են ընտրություններին մասնակցող պատգամավորի թեկնածուների կամ կուսակցությունների ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու խնդրին, պետք է օրենքով սահմանված կարգով բողոքարկվեն և լուծում ստանան մինչև քվեարկության օրը։

Սույն գործի քննությունը վկայեց, որ դիմողն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում տվյալ խնդրի առնչությամբ որևէ իրավաչափ գործողություն չի իրականացրել, և գործում առկա չէ ապացուցողական նշանակություն ունեցող որևէ փաստական հիմք /մասնավորապես՝ դատական ակտ/ հակառակը վկայելու կամ այդ հարցով դիմողի իրավունքների պաշտպանությանը խոչընդոտելու մասին։ Նման բնույթի ենթադրյալ խախտումներն իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով համարժեք իրավական գնահատական պետք է ստանան, մասնավորապես նաև այն գործերով, որոնք դեռևս քննության առարկա են իրավապահ մարմինների կողմից»:

21.10. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրության առարկա դարձնելով մի շարք վերաբերելի դատական ակտեր, արձանագրում է.

21.10.1. ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/9807/05/26 վարչական գործով 12.06.2026 թ. կայացված վճռով մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Պատասխանողի՝ Հայցվորի կողմից 23052026 թվականի դիմումը ՀՀ գլխավոր դատախազությանը վերահասցեագրելու ձևով դրսևորված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին՝ մասնավորապես՝ արձանագրելով.

«(…) օրենսդիրը չի սահմանել վարչական մարմնի պարտադիր և միակ վարքագիծը: Ընդհակառակը, նորմում օգտագործված «դիմում է իրավասու մարմիններ ... կամ կիրառում նախազգուշացում» ձևակերպումը նախատեսում է իրավական արձագանքի երկու ինքնուրույն տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ինքնին իրավաչափ է և ուղղված է նույն իրավական նպատակի իրագործմանը՝ նախընտրական քարոզչության օրինականության ապահովմանը և խախտումների կանխմանը:

Հետևաբար, իրավադրույթի կառուցվածքային վերլուծությունից բխում է, որ ընտրական հանձնաժողովին վերապահված է եղել ընտրություն կատարելու հնարավորություն՝ կախված կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, հնարավոր խախտման բնույթից և ընտրված միջոցի արդյունավետությունից։ (…)

(...)

(...) Նախընտրական քարոզչության ընթացքում հնարավոր խախտումները կարող են էապես տարբերվել իրենց բնույթով և վտանգավորության աստիճանով։ Որոշ դեպքերում խախտումը կարող է վերացվել նախազգուշացման միջոցով, մինչդեռ այլ դեպքերում հաղորդված տեղեկությունները կարող են պարունակել վարչական կամ քրեական իրավախախտումների հատկանիշներ, որոնց ստուգումը պահանջում է իրավապահ մարմինների մասնակցություն։ Նման իրավիճակներում իրավասու մարմիններին դիմելը հանդիսանում է ոչ թե բացառություն, այլ հենց օրենքով նախատեսված արձագանքման համապատասխան ձև։

Հետևաբար, «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համակարգային մեկնաբանությունից հետևում է, որ Օրենսդիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահել է հայեցողական լիազորություն՝ կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով ընտրելու օրենքով նախատեսված մի քանի իրավաչափ արձագանքներից մեկը։ Ընդ որում, այդ հայեցողությունը ենթակա է իրավական սահմանափակումների և դատական վերահսկողության, սակայն իրավասու մարմիններին դիմելու տարբերակի ընտրությունն ինքնին չի կարող գնահատվել որպես հայեցողության սխալ իրականացում, քանի որ այն ուղղակիորեն նախատեսված է նույն իրավադրույթով և հանդիսանում է ընտրական հանձնաժողովի հսկողական լիազորությունների իրականացման օրինական ձև։

Տվյալ դեպքում, Պատասխանողին ներկայացված՝ 23.05.2026թ.-ի դիմումով հաղորդվել էր, որ նախընտրական քարոզչության ընթացքում ուսուցիչները, դպրոցականները և համայնքապետարանի աշխատակիցները ներգրավված են եղել քարոզչական գործընթացում։ Նման տեղեկությունները, իրենց բնույթով, կարող էին առնչվել ինչպես «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածով արգելված վարչական ռեսուրսների օգտագործմանը, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով նախատեսված՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու հնարավոր դեպքերին, եթե ներգրավվածությունը պայմանավորված լիներ ծառայողական ազդեցությամբ, պաշտոնեական ենթակայությամբ կամ կախվածության հարաբերություններով։

Այս պայմաններում Դատարանը գտնում է, որ Պատասխանողի կողմից ընտրված լուծումը լիովին համապատասխանում է օրենքով ուրվագծված հայեցողության սահմաններում և ուղղված է եղել հենց այն նպատակին, որը կանխորոշված է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով, այն է՝ նախընտրական քարոզչության օրինականության ապահովումը, հնարավոր խախտումների կանխումը և դրանց պատշաճ ստուգման կազմակերպումը։

Ընդ որում, նման ընտրությունը չի կարող դիտվել որպես հայեցողության չօգտագործում։ Ընդհակառակը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գնահատելով ստացված տեղեկությունների բնույթը, իրացրել է իրեն վերապահված ընտրության իրավունքը՝ դիմելով այն մարմնին, որն օժտված է անհրաժեշտ գործիքակազմով՝ հաղորդման մեջ ներկայացված հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ստուգումն ապահովելու համար։

ՀՀ գլխավոր դատախազությանը դիմելը հանդիսանում է հենց այն իրավական հետևանքներից մեկը, որն ուղղակիորեն նախատեսված է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով, ուստի չի կարող համարվել օրենքով չնախատեսված միջոցի կիրառում կամ իրավասության սահմաններից դուրս գործողություն»:

21.10.2. ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/8999/05/26 վարչական գործով 13.06.2026 թ. կայացված վճռով մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հայցվորի կողմից 21052026 թվականին ներկայացված դիմումը ՀՀ գլխավոր դատախազությանը վերահասցեագրելու ձևով դրսևորված պատասխանողի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին՝ մասնավորապես՝ արձանագրելով.

«(...)

Նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացման վերաբերյալ վերոգրյալ արգելքների և սահմանափակումների չպահպանումը և խախտումը, ըստ էության, հանդիսանում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ, իսկ նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությունը վերապահված է ընտրական հանձնաժողովներին, որոնք կարգի խախտման դեպքերում օժտված են հայեցողական լիազորությամբ. դիմում ներկայացնել իրավասու մարմիններ դրանք կանխելու նպատակով կամ կիրառել նախազգուշացում խախտում թույլ տված թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նկատմամբ` տալով խախտումը վերացնելու համար ողջամիտ ժամկետ:

(...)

Նկարագրված ենթադրյալ իրավախախտումը Դատարանի համոզմամբ իրականացված և ավարտված խախտում է, որը վերացնելու հնարավորությունը բացակայում է: Ինչպես նշվեց վերը, նկարագրված ենթադրյալ իրավախախտումը կայանում է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական նյութը՝ պաստառները փակցնելու կարգին առաջադրվող պահանջներին (պաստառները արգելված վայրում փակցնել, պաստառների՝ սահմանված չափերին և ձևին չհամապատասխանել) չհամապատասխանելու, այլ այդ պաստառները նախընտրական քարոզչության սահմանված կարգով արգելված անձանց կողմից փակցված լինելու մեջ, որպիսի պաստառի փակցման փաստով ենթադրյալ խախտումն ավարտվել է, իսկ պաստառի՝ փակցնելու կարգին առաջադրվող պահանջներին (պաստառները արգելված վայրում փակցնել, պաստառների՝ սահմանված չափերին և ձևին չհամապատասխանել) չհամապատասխանելու հարցի վերաբերյալ վեճի բացակայության պայմաններում, զուտ պաստառի հեռացումը չի կարող որակվել որպես ենթադրյալ խախտման՝ վարչական ռեսուրսի կիրառման, վերացում:

Արգելված մարդկային ռեսուրսների օգտագործմամբ պաստառ փակցնելու ենթադրյալ խախտումը իր բնույթով բացառում է տվյալ խախտումի վերացումը՝ պաստառի՝ փակցնելու կարգին առաջադրվող պահանջներին (պաստառները արգելված վայրում փակցնել, պաստառների՝ սահմանված չափերին և ձևին չհամապատասխանել) համապատասխանելու պարագայում:

Ըստ այդմ, հաշվի առնելով, որ պատասխանողի կողմից նախազգուշացում կիրառելու լիազորությունը պայմանավորված է բացառապես խախտումը կամ դրա հետևանքները վերացնելու նախադրյալով, ինչը «վարչական ռեսուրսի կիրառում» խախտման պարագայում ըստ էության բացառվում է (վարչական ռեսուրսի կիրառմամբ խախտումն ավարտվում է և դրա հետևանքների վերացումը գործնականում չի կարող կատարվել, քանզի այն ազդեցությունը, հետևանքը, որը պետք է առաջանար դրա հետևանքով, արդեն իսկ վրա է հասել), Դատարանը գտնում է, որ քննարկվող խախտման պայմաններում խախտում թույլ տված թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նկատմամբ նախազգուշացում կիրառելու հայեցողական լիազորության իրականացումը չի կարող լինել այն պիտանի, անհրաժեշտ և չափավոր լուծումը:

(…)

Ասվածի համատեքստում, Դատարանի համոզմամբ իրավական գնահատման ենթակա է ոչ միայն քարոզչական գործողության արտաքին դրսևորումը, այլև այն կազմակերպական և ծառայողական մեխանիզմը, որի միջոցով այդ գործողությունը կատարվել է։

(…)

Նշվածից հետևում է, որ պատասխանող վարչական մարմինը, հայցվոր կողմի դիմումը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելով և իր՝ իրավասու մարմին դիմելու լիազորությունը իրացնելով, ընտրել է քննարկվող նորմով իրեն վերապահված հայեցողական լիազորություններից այն տարբերակը, որը հանդիսացել է տվյալ պարագայում պիտանի, անհրաժեշտ, իրավաչափ և նպատակային լուծումը»:

21.10.3. ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/9260/05/26 վարչական գործով 06.06.2026 թ. կայացված վճռով մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, երրորդ անձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ նախազգուշացում չկիրառելու ձևով դրսևորված անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին՝ մասնավորապես՝ արձանագրելով.

«(…) գործի նյութերով չի հիմնավորվում, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայեցողությունը տվյալ դեպքում զրոյացված է, և որ օրենքով նախատեսված այլընտրանքային միջոցներից միայն նախազգուշացումն է հանդիսացել իրավաչափ լուծում։ (…) Դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դատական վերահսկողությունը չի նույնանում վարչական մարմնի փոխարեն նպատակահարմարության գնահատում կատարելու հետ, դատարանի խնդիրն է ստուգել վարչական մարմնի գործողության, անգործության կամ վարչական ակտի իրավաչափությունը, այլ ոչ թե որոշել, թե տվյալ քաղաքական կամ ընտրական գործընթացի շրջանակում արձագանքման որ միջոցն է առավել նպատակահարմար, եթե այդ միջոցների ընտրությունը օրենքով վերապահված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախազգուշացում չկիրառելու հանգամանքն ինքնին չի կարող գնահատվել որպես ոչ իրավաչափ, եթե օրենքը վերջինիս թույլ է տալիս ընտրել նաև այլ միջոց, իսկ գործով չի հաստատվում, որ այդ այլ միջոցի ընտրությունը կամ նախազգուշացում չկիրառելը ակնհայտորեն դուրս է եկել օրենքով նախատեսված հայեցողության սահմաններից»:

21.10.4. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ ՀՀ վարչական դատարան ներկայացված մի շարք հայցադիմումներ վերադարձվել են/ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

21.11. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշման շրջանակներում անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման հարցին, արձանագրել է. «Ակնհայտ է, որ ընդհանուր առմամբ վարչական ռեսուրսի օգտագործումն ինքնին չի համարվում չարաշահում, եթե այն իրականացվում է օրենքի շրջանակներում, չի միջամտում նախընտրական քարոզչությանը և ուղղված է պետական մարմինների անմիջական գործառույթների իրականացմանը։ Միևնույն ժամանակ, նույնիսկ օրինական գործողությունները կարող են գնահատվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում, եթե դրանց իրական նպատակը որևէ թեկնածուի կամ քաղաքական ուժի համար ընտրական առավելություն ստեղծելն է։ Այդ պատճառով վարչական ռեսուրսի օգտագործմանը գնահատական տալիս՝ կարևոր է ոչ միայն գործողության իրավական ձևը, այլև դրա բովանդակությունը, համատեքստը և ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։ Հարկ է հաշվի առնել, որ ընտրական գործընթացները չպետք է հանդիսանան հանրային իշխանության մարմինների գործունեության խաթարման պատճառ և ընտրական փուլում ևս հանրային իշխանության մարմինները պետք է շարունակեն պատշաճորեն իրականացնել իրենց գործառույթները։ Այս տեսանկյունից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարկ է համարում ընդգծել, որ վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում չեն կարող գնահատվել հետևյալ դրսևորումները

- իշխանության գործունեության մասին հանրության իրազեկումը,

- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընթացիկ աշխատանքի, իրականացված ծրագրերի և ապագա նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պաշտոնական աղբյուրներով չի համարվում վարչական ռեսուրսի չարաշահում, եթե այն չի պարունակում քարոզչական կոչեր կամ որևէ թեկնածուի կամ կուսակցության օգտին քվեարկելու հորդորներ,

- պաշտոնատար անձանց մասնակցությունը նախընտրական միջոցառումներին։ Հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, բացառությամբ՝ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նշված անձինք, կարող են մասնակցել նախընտրական գործունեությանը, եթե չեն իրականացնում իրենց լիազորությունները կամ հանդես չեն գալիս ի պաշտոնե։ Միաժամանակ, պաշտոնեական լիազորությունների, ծառայողական տրանսպորտի, շենքերի կամ այլ պետական ռեսուրսների օգտագործումը քարոզչական նպատակներով անթույլատրելի է։

- Հավասար հասանելիություն հանրային ռեսուրսներին։ Հանրային ռեսուրսներից օգտվելը, պետական և համայնքային հիմնարկների կողմից տարածքների, սարքավորումների կամ այլ միջոցների տրամադրումը թեկնածուներին և քաղաքական ուժերին թույլատրելի է, չի կարող դիտարկվել որպես վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում, եթե այն իրականացվում է բոլոր մասնակիցների համար հավասար և ոչ խտրական պայմաններով։

- Սոցիալական ծրագրերի իրականացում։ Կենսաթոշակների, նպաստների, բյուջետային աշխատողների աշխատավարձների վճարումը կամ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը չեն համարվում վարչական ռեսուրսի չարաշահում, եթե դրանք նախատեսված են ընդունված բյուջեով և իրականացվում են պետական քաղաքականության շրջանակներում, այլ ոչ թե ընտրողների վրա ազդելու նպատակով»։

21.12. Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը շեշտում է, որ վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման հարցի համատեքստում գնահատում իրականացնելիս իրավակիրառը չի կարող սահմանափակվել միայն այն հարցով՝ արդյո՞ք վարչական (պետական կամ համայնքային) ռեսուրսն օգտագործվել է ընտրությունների ընթացքում։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ գնահատումը պետք է հիմնված լինի մի շարք փոխկապակցված չափանիշների վրա, որոնք հնարավորություն են տալիս պարզելու՝ արդյո՞ք տեղի է ունեցել հանրային իշխանության անթույլատրելի ներգործություն ընտրական գործընթացի նկատմամբ, որը խախտում է ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքները։ Մասնավորապես՝ գնահատման առարկա պետք է դառնան.

ռեսուրսի բնույթը. առաջին հերթին անհրաժեշտ է բացահայտել, թե օգտագործված միջոցն իր բնույթով վարչական ռեսուրս է, թե՝ ոչ։ Այդ նպատակով անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք օգտագործվել են պետական կամ համայնքային ֆինանսական միջոցները, գույքը, հանրային տեղեկատվական կամ կազմակերպչական հնարավորությունները, պաշտոնեական հեղինակությունը, ներգրավվել են հանրային ծառայողներ և այլն։ Եթե կիրառված միջոցը բխում է անձի պաշտոնեական կարգավիճակից կամ առհասարակ հանրային իշխանությունից, ապա այն կարող է գնահատվել որպես վարչական ռեսուրս.

սուբյեկտային չափանիշը. անհրաժեշտ է պարզել, թե ո՞վ է օգտագործել տվյալ ռեսուրսը։ Այդ առումով գնահատման տիրույթում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք կամ այն անձը, որը փաստացի գործել է նրանց հանձնարարությամբ.

նպատակային չափանիշը. սույն չափանիշն առանցքային է խնդրո առարկա հարցի համատեքստում: Իրավակիրառը պետք է պարզի՝ արդյո՞ք ռեսուրսն օգտագործվել է կուսակցության կամ որևէ դաշինքի ընտրական հաջողությունն ապահովելու նպատակով։ Եթե հանրային միջոցն օգտագործվել է բացառապես ծառայողական կամ հանրային գործառույթի իրականացման նպատակով, ապա վարչական ռեսուրսի չարաշահման մասին պնդումը դառնում է առարկայազուրկ.

ազդեցության գնահատումը. իրավակիրառը պետք է գնահատի, թե խնդրո առարկա վարքագիծը որքանո՞վ է ազդել ընտրողի ազատ ընտրության հնարավորության վրա, մասնավորապես՝ ստեղծվե՞լ է արդյոք ճնշող միջավայր, ընտրողները զգացե՞լ են արդյոք կախվածություն պաշտոնատար անձից, ծառայողներն արդյոք հարկադրվա՞ծ են եղել մասնակցել քարոզչությանը, ընտրողի վրա գործադրվե՞լ է արդյոք հոգեբանական կամ վարչական ազդեցություն.

հավասարության չափանիշը. անհրաժեշտ է պարզել՝ կոնկրետ քաղաքական ուժն արդյո՞ք ստացել է չհիմնավորված առավելություն, իսկ մյուս ուժերը զրկվել են հավասար մրցակցային հնարավորություններից, արդյո՞ք խախտվել է ընտրական մրցակցության հավասարակշռությունը և այլն.

վարչական ռեսուրսի օգտագործման և ընտրական գործընթացի վրա դրա ազդեցության միջև պատճառահետևանքային կապի առկայության գնահատում. իրավակիրառը պետք է բացահայտի ազդեցության ծավալը, դրա տարածվածությունը, ընտրողների շրջանակը, գործողության ինտենսիվությունը, հնարավոր ազդեցությունն ընտրության արդյունքների կամ ընտրական միջավայրի վրա: Ընդ որում՝ պարտադիր չէ հիմնավորել, որ հենց տվյալ գործողության պատճառով է փոխվել ընտրությունների վերջնարդյունքը. բավարար է հաստատումն առ այն, որ այն օբյեկտիվորեն ունակ էր խաթարելու ընտրական գործընթացի ազատությունն ու հավասարությունը։

Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ նույնիսկ այն դեպքում, երբ առանձին խախտումը չի ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա, այն կարող է էականորեն նվազեցնել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը, խաթարել պետական մարմինների քաղաքական չեզոքության ընկալումը և վտանգել ընտրությունների լեգիտիմությունը, հետևաբար՝ իրավակիրառը պետք է գնահատի ոչ միայն խախտման անմիջական հետևանքները, այլև դրա ազդեցությունն ընտրական գործընթացի արդարության, թափանցիկության և հանրային վստահության վրա՝ իր պատճառաբանված դիրքորոշումն ամփոփելով համապատասխան ակտում:

21.13. Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ներկայացրած փաստարկներին առ այն, որ «Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-21-Ն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2026 թվականի փետրվարի 7-ից Կառավարությունն իրականացրել է սոցիալական և տնտեսական մի շարք միջոցառումներ, որոնք, Դիմողների գնահատմամբ, վարչական ռեսուրսի չարաշահման մասնավոր դրսևորումներ են, Սահմանադրական դատարանը նկատում է, որ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ 2016 թվականին ընդունված՝ «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահումը կանխելու և դրան արձագանքելու վերաբերյալ» CDL-AD(2016)004 համատեղ ուղեցույցի համաձայն՝ իրավական համակարգը պետք է ապահովի արդյունավետ կառուցակարգեր՝ պետական մարմիններին արգելելու անարդարացիորեն օգտվել իրենց դիրքից՝ ընտրական քարոզչության նպատակով պաշտոնական հանրային միջոցառումներ անցկացնելով, ներառյալ՝ բարեգործական միջոցառումները կամ այն միջոցառումները, որոնք նպաստում կամ հակառակ են գործում որևէ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի: Ավելի կոնկրետ՝ խոսքը վերաբերում է այն միջոցառումներին, որոնք ենթադրում են հատուկ միջոցների (պետական կամ տեղական բյուջեի), ինչպես նաև ինստիտուցիոնալ ռեսուրսների (աշխատակազմ, տրանսպորտային միջոցներ, ենթակառուցվածք, հեռախոսներ, համակարգիչներ և այլն) օգտագործում: Սա չի խոչընդոտում գործող թեկնածուներին՝ առաջադրվելու ընտրություններում և քարոզչություն իրականացնելու աշխատանքային ժամերից դուրս՝ առանց վարչական ռեսուրսների օգտագործման: Ընտրական շրջանում Կառավարության առօրյա աշխատանքը պետք է շարունակվի: Այնուամենայնիվ՝ վարչական ռեսուրսի չարաշահումը կանխելու և ընտրական մրցակցության ընթացքում հավասար պայմանները չխախտելու համար իրավական հարթությունում պետք է ամրագրվի, որ քարոզարշավի ընթացքում չպետք է արվեն էական հայտարարություններ, որոնք կապված են կամ ուղղված են տվյալ կուսակցության կամ թեկնածուի նկատմամբ բարենպաստ ընկալում ստեղծելուն: Սա չի վերաբերում չնախատեսված հանգամանքներով պայմանավորված անհրաժեշտ հայտարարություններին, ինչպիսիք են երկրում կամ տարածաշրջանում տնտեսական և/կամ քաղաքական զարգացումները, օրինակ՝ բնական աղետից կամ ցանկացած տեսակի արտակարգ իրավիճակներից հետո, որոնք պահանջում են անհապաղ և հրատապ գործողություններ, որոնք չեն կարող հետաձգվել:

21.14. Խնդրո առարկա հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը նկատում է, որ թեև նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Կառավարության՝ սոցիալ-տնտեսական միջոցառումներ իրականացնելու քաղաքականության համատեքստում օրենսդրական սահմանափակումներ նախատեսված չեն Կառավարության բնականոն աշխատանքն ապահովելու նկատառումով, այդուհանդերձ, Կառավարության հիշյալ միջոցառումները չպետք է պարունակեն քարոզչության տարրեր, ուղեկցվեն ընտրողներին ուղղված նախընտրական խոստումներով կամ քարոզչական այլ գործողություններով, ինչը կարող է ազդել ընտրողների ազատ կամահայտնության վրա:

Սոցիալ-տնտեսական միջոցառումների իրականացումը պետք է զերծ լինի քարոզչական բովանդակությունից և ուղղված լինի բացառապես պետական քաղաքականության իրականացմանը՝ բացառելով ընտրական գործընթացի վրա ներազդելու, իշխող քաղաքական ուժի կողմից ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու միտումները: Հակառակ պարագայում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Կառավարության կողմից սոցիալ-տնտեսական միջոցառումների իրականացումը կարող է դիտարկվել որպես վարչական ռեսուրսի չարաշահման մասնավոր դրսևորում՝ հնարավորությունների հավասարության սկզբունքի խախտման ռիսկով:

21.15. Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել պետության մի քանի միջոցառումներ, որոնց կատարումը կամ իրականացումը կարող է ողջամիտ բաժանարար գիծ հանդիսանալ պետության, այդ թվում՝ սոցիալական քաղաքականության, մի կողմից՝ լեգիտիմ իրականացման ու լուսաբանման, իսկ մյուս կողմից՝ դրանց քողի տակ վարչական ռեսուրսի չարաշահման և համապատասխանաբար՝ կուսակցական քարոզչության միջև, մասնավորապես՝

- համապետական մակարդակով՝ ձեռնպահ մնալ սոցիալական ծրագրերի իրականացմանն ուղղված ծախսերի այնպիսի ավելացումներից, որոնք ընտրության օրվան մոտ լինելու, նախապես հայտարարված ծրագրերին էականորեն հակասելու և այլ հանգամանքների համադրման լույսի ներքո կարող են ողջամտորեն գնահատվել որպես «սոցիալական կաշառք»,

- տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով՝ իշխող քաղաքական ուժին կամ վերջինիս հետ քաղաքական դաշինք կազմած ուժը ներկայացնող համայնքի ղեկավարներին ձեռնպահ մնալ այնպիսի արտոնություններ տրամադրելուց, որոնք ընտրության օրվան մոտ լինելու և այլ հանգամանքների համադրման լույսի ներքո կարող են ողջամտորեն գնահատվել որպես «սոցիալական կաշառք»։

21.16. Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն որոշման նախորդ կետում վկայակոչված միջոցառումները հնարավորություն կտան բարձրացնելու ընտրությունների արդյունքների նկատմամբ ընտրողների վստահությունը՝ հստակ ջրբաժան անցկացնելով նախորդ ընտրությունների արդյունքում ժողովրդի մանդատը հայցելիս տրված խոստումների փաստացի իրագործման և նոր ընտրություններում ընտրողների կամքը ձևավորելուն ուղղված ոչ իրավաչափ գործողությունների միջև։

21.17. Սահմանադրական դատարանը, արձագանքելով Դիմողների այն պնդումներին, որ վարչական ռեսուրսի կիրառումը վճռորոշ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, կարևոր է համարում նկատել, որ ընտրական գործընթացի կամ իրավունքի այս կամ այն ենթադրյալ խախտման ազդեցության վճռորոշ աստիճանի մասին հնարավոր է խոսել բացառապես այն դեպքերում, երբ դրանք ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում ընտրությունների արձանագրված արդյունքների հետ, կամ այդ կապը միջնորդավորված է ընտրական այլ խախտումներով։

21.18. Վերոշարադրյալի լույսի ներքո հաշվի առնելով վկայակոչված դատական ակտերով Դիմողների մատնանշած առանձին փաստարկներին Վարչական դատարանի կողմից տրված իրավական գնահատականները և նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանում դատական ակտերի իրավաչափությունը քննության առարկա չի կարող դառնալ՝ Սահմանադրական դատարանն այդ մասով Դիմողների կողմից վկայակոչված փաստարկներին չի անդրադառնում:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ վարչական ռեսուրսի կիրառման այլ դրսևորումների մասով սույն գործով դատավարության մասնակիցների կողմից համապատասխան վարույթներ չեն հարուցվել: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև սույն գործով ներկայացված առանձին փաստարկներ, ըստ էության, վկայում են վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման մասին, սակայն, որպես այդպիսին, դրանք կրում են դրվագային/հատվածական բնույթ: Ավելին, սույն գործով չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրսը Երրորդ անձի կողմից օգտագործվել է կազմակերպված եղանակով, և դրա օգտագործումը կրել է զանգվածային բնույթ. ուստի՝ վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման դեպքերի համադրումը հիմք չի տալիս փաստելու դրա ազդեցությունն ընտրությունների վերջնարդյունքի վրա:

22. Մի շարք Դիմողների կողմից բարձրացված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը նախ՝ արձանագրում է.

թիվ ՎԴ/9915/05/26 վարչական գործով 2026 թվականի հունիսի 13-ին ՀՀ վարչական դատարանը վճռել է. «1. ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, երրորդ անձինք Ուժեղ Հայաստան դաշինքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստան դաշինքի՝ 11.06.2026 թվականի թիվ 255-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել: (…)»:

թիվ ՎԴ/9914/05/26 վարչական գործով 2026 թվականի հունիսի 14-ին ՀՀ վարչական դատարանը վճռել է. «1. Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, երրորդ անձինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստան» դաշինք, «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 11.06.2026թ. թիվ 254-Ա որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, մերժել: (…)»:

Վարչական դատարանի հիշյալ վճիռներն օրինական ուժի մեջ են մտել հրապարակման պահից, վերջնական են և վերանայման ենթակա չեն:

22.1. Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ վերաքվեարկություն նշանակելու լիազորությունը բխում է ընտրական գործընթացի օրինականության և ընտրողների ազատ կամարտահայտության հավաստիության ապահովման սահմանադրական հրամայականից։ Այդ լիազորությունն իր բնույթով վերահսկողական և վերականգնողական է, քանի որ ուղղված է ընտրական խախտումների հետևանքների վերացմանը և ընտրողների իրական կամքի արտահայտման հնարավորության վերականգնմանը, իսկ դրա իրացման ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է նաև իրավազորական գնահատում՝ որոշելով, թե արդյոք առկա խախտումները պահանջում են նոր քվեարկության անցկացում։

22.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքվեարկությունն ինքնանպատակ չէ, այլ կիրառվում է որպես միջոց՝ ընտրողների կամքի հավաստի արտահայտումն ապահովելու համար, երբ այլ՝ ավելի մեղմ միջոցներով հնարավոր չէ վերացնել արձանագրված խախտումների ազդեցությունը։ Այսպիսով, վերաքվեարկությունը չի կարող նշանակվել յուրաքանչյուր արձանագրված խախտման պարագայում, այլ միայն այն դեպքերում, երբ առկա խախտումները կարող են ազդել ընտրության ընդհանուր արդյունքի վրա, և դրանց հետևանքով հնարավոր չէ հավաստիորեն բացահայտել ընտրողների իրական կամարտահայտությունը:

22.3. Ազգային ժողովի ընտրությունները բացառիկ բարդության և ծավալի բազմաշերտ գործընթաց են, որում ներգրավված են եղել ավելի քան 1,4 միլիոն ընտրողներ, կուսակցություններ (կուսակցությունների դաշինքներ) և դրանց ընտրական ցուցակների թեկնածուներ, տեղամասային ընտրական հանձնաժողովների հազարավոր անդամներ, դիտորդներ, վստահված անձինք, ինչպես նաև ընտրությունների արդյունքները պարզելու, մշակելու և արձանագրելու մի ամբողջ շղթա: Այդ առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ նշված գործընթացում, հատկապես դրա առավել տեխնիկական փուլերում թույլ տրված զուտ սխալը կամ խախտումն ինքնին չի վկայում ընտրությունների անարդարության մասին, եթե պահպանվել են ընտրական վարչարարության հավասարության, թափանցիկության, անաչառության և անկախության ընդհանուր սկզբունքները: Ազատ ընտրությունների գաղափարը վտանգվում է միայն այն դեպքում, երբ առկա են ընթացակարգային այնպիսի խախտումների վերաբերյալ ապացույցներ, որոնք ընդունակ են խաթարելու ժողովրդի կամքի ազատ արտահայտումը, օրինակ՝ ընտրողների կամքի կոպիտ աղավաղման միջոցով, և երբ համապատասխան բողոքները ներպետական մակարդակում արդյունավետ քննության չեն արժանանում (Davydov and Others v. Russia, Application no. 75947/11, 30.05.2017, Final 13.11.2017, §287): Այդ մասշտաբի գործընթաց վարող մարմիններից կատարյալ լուծում ակնկալելը կլիներ չափազանց և անիրագործելի բեռ:

Ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ Եվրոպական կոնվենցիան չեն պահանջում, որ բոլոր ձայներն ընտրության արդյունքի առումով անպայման հավասար կշիռ ունենան, ոչ էլ, որ բոլոր թեկնածուները հաղթանակի հավասար հնարավորություններ ունենան. ոչ մի ընտրական համակարգ չի կարող բացառել «կորած ձայներ» (Mathieu-Mohin and Clerfayt v. Belgium, Application no. 9267/81, 02.03.1987, §54, Partija «Jaunie Demokrāti» and Partija «Mūsu Zeme» v. Latvia (dec.), nos. 10547/07, 34049/07, 29.11.2007):

Եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածը տարածվում է ընտրությունների արդյունքների վերանայման կարգի վրա, ներառյալ՝ ձայների հաշվարկի և արդյունքների վավերացման հետ կապված վեճերը (Kovach v. Ukraine, Application no. 39424/02, 07.02.2008, Final 07.05.2008, § 55), և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումները պետք է արտացոլեն ընտրողների կամքը բացահայտելու իրական անհնարինությունը (Riza and Others v. Bulgaria, Application no. 48555/10, 48377/10, 13.10.2015, Final 13.01.2016, §§ 174-176, Kerimova v. Azerbaijan, Application no. 20799/06, 30.09.2010, Final 30.12.2010, §§ 47-48):

22.4. Վերաքվեարկություն նշանակելու հարցը պետք է գնահատվի համաչափության սկզբունքի լույսի ներքո, քանի որ ընտրական գործընթացում ցանկացած միջամտություն պետք է լինի անհրաժեշտ և համարժեք հետապնդվող նպատակին։ Քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը կամ վերաքվեարկության նշանակումն ընտրական գործընթացին առավել ինտենսիվ միջամտություն է, ուստի՝ դրանք կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ խախտումների հետևանքները հնարավոր չէ վերացնել ավելի մեղմ միջոցներով։

Տվյալ դեպքում թիվ 20/13 ընտրական տեղամասում քվեաթերթիկների փաթեթից բացակայում էին կուսակցություններից մեկի անվանումով քվեաթերթիկները: Թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 12-ի «Սեփական նախաձեռնությամբ թիվ 12/13 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին» N 14-Ա որոշմամբ անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 12/13 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։ Թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշումը վարչական կամ դատական կարգով չի բողոքարկվել։

Թիվ 10/51 և 35/65 ընտրական տեղամասերում քվեարկությունը շարունակվել է սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով պայմանավորված՝ խախտվել է քվեարկության հավասարությունն ու միաժամանակությունը երաշխավորող կանոնը, և այդ տեղամասերի ընտրողների կամքն այլևս հնարավոր չէ առանձնացնել սահմանված ժամկետից դուրս «ընդունված» ձայներից:

22.5. Վերաքվեարկություն նշանակելու իրավական կառուցակարգերը նախատեսված են Ընտրական օրենսգրքի՝ «Քվեաթերթիկները: Ընտրությունների արդյունքների ամփոփումը» վերտառությամբ 17-րդ գլխում: Մասնավորապես՝ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասը, որը վերաբերում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելիս կայացվելիք որոշումներին, սահմանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում, ի թիվս այլնի, առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին որոշում: Նույն հոդվածի 2-րդ մասի ուժով տվյալ որոշումը Կենտրոնական հանձնաժողովն ընդունում է Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:

Վերոնշյալ իրավանորմով նախատեսված վերաքվեարկություն անցկացնելու ընթացակարգի առնչությամբ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավանորմի հիպոթեզը հստակ սահմանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինչպես առանձին ընտրական տեղամասերում, այնպես էլ Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն անցկացնելու մասին որոշում կարող է ընդունել միայն այն դեպքում, երբ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ նշված իրավանորմի հիպոթեզում ամրագրված չափանիշը վերաբերում է ոչ թե առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների հնարավոր խեղաթյուրմանը, այլ ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա դրանց հնարավոր ազդեցությանը։

Նշված իրավանորմից բխում է նաև, որ նման խախտումների առկայության պարագայում Ընտրական օրենսգրքի իմպերատիվ պահանջն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝

- կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին որոշում է ընդունում,

- կամ էլ, եթե այդ միջոցով հնարավոր չլինի շտկել խախտումները, Ազգային ժողովի ընտրություններն անվավեր է ճանաչում և նշանակում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ տվյալ պարագայում վերաքվեարկություն նշանակելը չի գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայեցողական լիազորության շրջանակում։ Օրենսդիրը սահմանել է հստակ պահանջներ, որոնց առկայության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է գործել օրենքով նախատեսված կարգով։

Տվյալ իրավանորմի իմպերատիվ բնույթը, ըստ որի՝ ընտրությունների արդյունքների վրա հնարավոր ազդեցություն ունեցող խախտումների հետևանքներն առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկության միջոցով շտկելու անհնարինության դեպքում ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն, վկայում է այն մասին, որ օրենսդրի կողմից շեշտադրվել է ոչ թե առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների, այլ ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա այդ խախտումների հնարավոր ազդեցությունը։ Հետևաբար՝ վերաքվեարկություն նշանակելու հարցը որոշելիս իրավական նշանակություն ունի խախտումների հնարավոր ազդեցության գնահատումն ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, այլ ոչ միայն առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների հավաստիության տեսանկյունից։

22.6. Առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումն ինքնին չի ենթադրում վերաքվեարկություն նշանակելու անվերապահ պարտականություն։ Վերաքվեարկությունը բացառիկ միջոց է:

22.7. Սահմանադրական դատարանը կարևորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացի տարբեր փուլերում իրականացվող լիազորությունների հստակ տարբերակումը։ Մասնավորապես՝ Ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 101-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները կիրառվում են ինքնուրույն՝ իրենց նպատակային և համակարգային կապի համատեքստում։ Հետևաբար՝ Ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված լիազորության իրացումն ինքնաբերաբար չի հանգեցնում 101-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորման կիրառմանը։

22.8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 2026 թվականի հունիսի 11-ին ընդունելով թիվ 254-Ա և թիվ 255-Ա որոշումները, իրացրել է իր վերահսկողական գործառույթից բխող լիազորությունները՝ նախատեսված Ընտրական օրենսգրքի 48.1-ին հոդվածով և 51-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված պահին մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկն ավարտված չէր, ընտրությունների արդյունքները դեռևս ամփոփված չէին, դրանք ամփոփվել են 2026 թվականի հունիսի 14-ին։ Իսկ ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում, որպեսզի կիրառվեին Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 101-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, պարտադիր կարգով պետք է առկա լինեին Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչը չի ապացուցվել գործի քննության ընթացքում:

Այդ համատեքստում անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 254-Ա և թիվ 255-Ա որոշումներում արտահայտված այն դիրքորոշմանը, համաձայն որի՝ թիվ 35/65 և թիվ 10/51 ընտրական տեղամասերում քվեարկության ընթացքում տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա, և որոնց պայմաններում հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված հիմնավորումները վերաբերում են բացառապես տվյալ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների հավաստիությանը։ Մինչդեռ վերաքվեարկություն նշանակելու համար, ինչպես արդեն նշվեց, օրենքով նախատեսված չափանիշը պահանջում է գնահատել, թե արդյոք արձանագրված խախտումները կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։

22.9. Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այն փաստարկներին, ըստ որոնց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքների ամփոփման արդյունքում ակնհայտ է դառնում, որ Դիմող կուսակցությանը պակասում էր 153 կողմ քվեաթերթիկ Ազգային ժողովում ներկայացված լինելու և մանդատների բաշխմանը մասնակցելու համար, որը վերջինս կունենար, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչված չլինեին, և ողջամտորեն կարող էր ունենալ, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացներ որոշում, որով թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերում կանցկացվեր վերաքվեարկություն, Սահմանադրական դատարանը նշում է, որ քանի դեռ թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները վերջնականապես չէին որոշվել և ամփոփվել, հնարավոր չէ բավարար աստիճանի որոշակիությամբ եզրահանգել, թե այդ տեղամասերում ընտրողների կամարտահայտության արդյունքում քվեների ինչպիսի քանակական բաշխում կլիներ։ Հետևաբար՝ ենթադրական բնույթ է կրում այն պնդումը, որ նշված տեղամասերում վերաքվեարկության անցկացումը կհանգեցներ Դիմող կուսակցության կողմից առնվազն 153 լրացուցիչ ձայներ ստանալուն և, որպես հետևանք, Ազգային ժողովում ներկայացված լինելու համար անհրաժեշտ ընտրական շեմի հաղթահարմանը։

Ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ներկայացված փաստարկը ինքնին չի կարող բավարար հիմք հանդիսանալ ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումների հնարավոր ազդեցության վերաբերյալ հետևության համար։

22.10. Անհրաժեշտ է հստակ տարբերակել, որ Ընտրական օրենսգիրքը վերաքվեարկություն նշանակելու համար որպես հիմք նախատեսում է նույն օրենսգրքի խախտումների, այլ ոչ թե քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշման հնարավոր ազդեցությունը ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա: Այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելիս պետք է գնահատեր ոչ թե իր կողմից 2026 թվականի հունիսի 11-ի թիվ 254-Ա և թիվ 255-Ա որոշումների հնարավոր ազդեցությունը ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, այլ Ընտրական օրենսգրքի տարատեսակ խախտումների ազդեցությունը:

22.11. Այսպիսով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 11-ի թիվ 254-Ա և թիվ 255-Ա որոշումներով գործել է իր վերահսկողական գործառույթի շրջանակներում, իսկ դրա արդյունքում որոշ ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելն ինքնին ուղղված է եղել հայտնաբերված խախտումների հետևանքների վերացմանը՝ բացառելու դրանց ազդեցությունը քվեարկության ընդհանուր արդյունքների վրա։

22.12. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելիս թիվ 35/65 և թիվ 10/51 ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու, իսկ դրա անհնարինության դեպքում Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործի քննությամբ չի հիմնավորվել ընտրությունների արդյունքներն ամփոփելիս ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված այնպիսի խախտումների արձանագրումը, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա և, հետևաբար՝ հիմք հանդիսանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերաքվեարկություն նշանակելու համար, իսկ թիվ 35/65 և թիվ 10/51 ընտրական տեղամասերում հայտնաբերված խախտումների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա վերացվել էր թիվ 35 և թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համապատասխան որոշումներն անվավեր ճանաչելու միջոցով։

22.13. Սահմանադրական դատարանն ընդգծում է, եթե վերաքվեարկությունն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ընտրողներն արդեն տեղեկացված են քվեարկության նախնական արդյունքների մասին, ապա այն դադարում է ծառայել ընտրողների սկզբնական կամքի վերարտադրմանը և կարող է վերածվել նոր իրավաքաղաքական իրավիճակում նոր կամարտահայտության:

22.14. Վերաքվեարկության վերականգնողական նպատակն է համապատասխան ընտրողներին վերադարձնել կամքի այնպիսի ազատ արտահայտումը, որը նրանց դեպքում սահմանափակվել է թույլ տրված խախտումների պատճառով, ընդ որում՝ մնացած ընտրազանգվածի քվեարկության պայմաններին հավասար պայմաններում: Առանձին ընտրական տեղամասերով սահմանափակված քվեարկությունը, որն անցկացվելու էր համապետական ընտրությունների արդյունքներն հայտնի դառնալուց հետո, և որից ակնհայտորեն կախված էր 4 տոկոսանոց շեմի հաղթահարումը, հետևաբար՝ խորհրդարանի կազմը, չէր կարող վերարտադրել այդ պայմանները: Այն մեծ հավանականությամբ այդ գործընթացում ներգրավված ընտրողներին կապահովեր ոչ թե իրենց կորցրած ձայնը, այլ մեկ այլ՝ վճռորոշ ձայն, որը տրվելու էր քվեարկության արդյունքների դասավորության լիակատար իմացությամբ և քարոզչական ռեսուրսների այնպիսի կենտրոնացման պայմաններում համապատասխան տեղամասերի նկատմամբ, որը բացակայում էր քվեարկության օրը: Նման քվեարկությունն ապահովելու էր ոչ այնքան ընտրական իրավունքի հավասարությունը, որքան ի զորու կլիներ գլխովին շրջելու այն ի վնաս մնացյալ՝ ավելի քան 1.4 միլիոն ընտրողների:

Այն ընտրական տեղամասում, որտեղ քվեաթերթիկների փաթեթից բացակայում էին համապատասխան կուսակցության անվանումով քվեաթերթիկները, վավեր քվեարկություն ընդհանրապես տեղի չի ունեցել. թերությունը պայմանավորված է ընտրական վարչարարության գործոնով:

Ինչ վերաբերում է այն երկու ընտրական տեղամասերին, որտեղ քվեարկությունը շարունակվել է սահմանված ժամկետից հետո, ապա օրինական և ապօրինի կերպով ձևավորված/ստեղծված քվեաթերթիկները, խառնվելով քվեատուփերում, քվեարկության գաղտնիության ուժով ֆիզիկապես տարանջատելի չեն. հետևաբար՝ նման պայմաններում զատելի կամ ճշգրիտ հաշվարկն անհնարին է:

22.15. Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ համապատասխան ընտրական տեղամասերում վերաքվեարկությունը նշված տեղամասերում քվեարկած ընտրողներին ոչ թե կապահովեր ընտրության օրվա դրությամբ նրանց կամարտահայտության վերականգնման հնարավորություն, այլ արտոնյալ՝ ընտրության ողջ արդյունքը կանխորոշող ձայն՝ մնացյալ ավելի քան 1,4 միլիոն ընտրողների ձայներից յուրաքանչյուրի կշռից անհամեմատ բարձր կշռով: Օրենսդրի որոշումը՝ վերաքվեարկությունը պայմանավորել դրա իրական պաշտպանության կարողությամբ, հաստատում է հավասարակշռություն՝ ավելի քան 4000 ընտրողների ընտրական իրավունքին միջամտության և ավելի քան 1.4 մլն ընտրողների ընտրական իրավունքի հավասարության բաղադրիչի միջև, որը կամայական գնահատական չէ, իսկ ուժի մեջ մնացող համապետական արդյունքը փաստական առումով արժանահավատ է: Առկա չէ որևէ այնպիսի սխալ, որի արդյունքում համապետական ընտրությունների արդյունքներով ժողովրդի կամքի ազատ արտահայտված լինելը կասկածի տակ կառնվեր:

22.16. Համապետական վերաքվեարկության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը նշում է, որ ժողովրդի կամքը համապետական մակարդակում պարզվել է առանց որևէ իրական խոչընդոտի, իսկ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելն արդարացված է միայն ընտրողների կամքը պարզելու իրական անհնարինությամբ, իսկ նման անհնարինություն մնացած ընտրական տեղամասերում, որտեղ անցկացվել է վերահաշվարկ, առկա չէ (էական խախտումներ չկան): Ավելի քան 1,4 միլիոն ընտրողի օրինական արտահայտած կամքը մի քանի ընտրական տեղամասերով սահմանափակված թերությունների պատճառով անվավեր ճանաչելը և ամբողջ ժողովրդի առջև կրկին քվեարկության խնդրի առաջադրումը կլինեին որևէ իրավաչափ նպատակին բացահայտորեն անհամաչափ և ընտրական գործընթացի պահանջած կայունությանը հակասող միջոց:

23. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության կողմից բարձրացված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու և ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից բռնության կոչերի, սպառնալիքների և, որպես հետևանք՝ ատելության մթնոլորտ ձևավորելու հարցի առնչությամբ՝ ընտրողների ազատ կամահայտնության վրա ազդեցության համատեքստում, Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր՝ 2021 թվականի հուլիսի 17-ի ՍԴՈ-1606 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ նախընտրական քարոզչությունը չի կարող ուղեկցվել ատելության, բռնության կոչերով և սպառնալիքներով (եթե անգամ այդ սպառնալիքն իրական չէ), որոնք խաթարում են խաղաղ և առողջ սոցիալական միջավայրը, և քաղաքական ուժերն ու դրանց ներկայացուցիչները պետք է նախընտրական քարոզչության ընթացքում դրսևորեն առավելագույն զսպվածություն, քաղաքական կոռեկտություն՝ բացառելով ատելության, բռնության ցանկացած կոչ ու սպառնալիք և արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարքագիծ:

Սահմանադրական դատարանն իր հիշյալ որոշմամբ ընդգծել է գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում՝ ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի և վարքագծի որևէ դրսևորում, ներառյալ նաև նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով՝ նշելով, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն (ամրապնդելուն), և այդ գործընթացում առանցքային դեր պետք է կատարի տնտեսական, սոցիալական, պաշտպանական և այլ բնագավառներում քաղաքական ուժերի ծրագրային դրույթների մասին ընտրողների իրազեկումն ու այդ դրույթների առարկայական քննարկումը՝ չբացառելով նախընտրական քարոզչության ժամանակ սուր քննադատական խոսքը, որը, սակայն, չպետք է ուղեկցվի ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքով և վարքագծով (10.6-րդ կետ)։

23.1. Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/8592/05/26 վարչական գործով սույն թվականի մայիսի 31-ի վճռի շրջանակում եզրակացրել է. «(...) նախընտրական քարոզչության ընթացքում օգտագործված արտահայտությունները /սույն վարչական գործի շրջանակներում ներկայացված տեսանյութերում օգտագործված/ դուրս են քաղաքական քննադատության և ընդունելի քաղաքական բանավեճի սահմաններից,

- դրանք օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքստում, քան ամրագրված է Պատասխանողի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ,

- ՍԴՈ-1606 որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն՝ նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ և առողջ ընտրական միջավայրի հետ,

- Պատասխանողը չի իրականացրել ներկայացված արտահայտությունների բավարար և ամբողջական գնահատում»։

23.2. Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանի կողմից հայաստանյան քաղաքական, ներառյալ՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հնչեցվող խոսքում վերոնշյալ դրսևորումները բացառելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության կարևորությունն ընդգծելուն հակառակ, Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ 2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող առանձին քաղաքական ուժերի առաջնորդների/ներկայացուցիչների խոսքը/հռետորաբանությունը եղել է անընդունելի կոպիտ, հանրային բարոյական տեսանկյունից՝ խիստ դատապարտելի, իսկ դրա ազդեցությունը՝ ցնցող: Խոսքի ազատությունը, որն իր՝ գնահատողական դատողություններ անելու բաղադրիչում առավել պաշտպանված է քաղաքական գործընթացների պարագայում, առավել զսպող պետք է լինի իշխանություն ունեցող քաղաքական ուժի պարագայում՝ թույլ չտալով, որ քաղաքական հակառակորդների, հատկապես՝ ընդդիմության քննադատությունը վերածվի անձնական բնույթի թշնամանքի՝ ժողովրդավարական հասարակությունում ոչ անհրաժեշտ դրսևորումների։ Այնուամենայնիվ, այդ առնչությամբ, ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքի վրա հիշյալ խոսքի/հռետորաբանության ազդեցության գնահատման և հաշվարկի գիտականորեն հիմնավորված մեթոդների բացակայության պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ խոսքի/հռետորաբանության՝ ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա ազդեցությունը փաստելու համար բավարար հիմքեր առկա չեն:

24. Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատություն իրականացնելիս չի կարող գործել բացարձակ իրավաքաղաքական վակուումում և անտեսել այն իրողությունները, որ ժամանակակից ժողովրդավարական պետություններում ընտրական գործընթացներն առավել հաճախ սկսել են ուղեկցվել դրանց նկատմամբ արտաքին ազդեցության, տեղեկատվական միջավայրի մանիպուլիացիայի և թվային տեխնոլոգիաների չարաշահման հետ կապված նոր մարտահրավերներով:

Սույն գործի քննության ընթացքում ևս Դիմողները վկայակոչել են նման բնույթի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տարբեր պետությունների պաշտոնատար անձանց կողմից կատարված հրապարակային հայտարարություններ, որոնք առնչվել են Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրություններին կամ դրանց հնարավոր արդյունքներին և պարունակել են Հայաստանի Հանրապետության նկատմամբ հետագա քաղաքական, տնտեսական, խրախուսող կամ պատժող բնույթի գնահատականներ կամ ակնարկներ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտրական գործընթացները Հայաստանի Հանրապետությունում ուղեկցվել են զգալի արտաքին ուշադրությամբ և օտարերկրյա քաղաքական գործիչների ակտիվ հայտարարություններով, որոնք, անկախ իրենց բնույթից և ազդեցության աստիճանից, չէին կարող ամբողջությամբ դուրս մնալ ընտրական գործընթացների մասնակիցների, պետական մարմինների, տնտեսվարողների և ընտրողների ուշադրությունից: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու պետական մարմինների լիազորությունները սահմանափակված են Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներով և նման հայտարարություններին պատշաճ արձագանքել չեն կարող: Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նմանօրինակ օտարերկրյա հետաքրքրվածությունն ընտրական գործընթացների նկատմամբ աննախադեպ է եղել, ինչը ՀՀ պետական մարմիններից պահանջել է ՀՀ օրենսդրությամբ ընձեռված գործիքակազմով հսկայական ջանքեր ձեռնարկել նման օտարերկրյա հետաքրքրվածությունը միջամտության չվերածելու համար:

Առանձնակի մտահոգության առարկա են դարձել ապատեղեկատվական բնույթի գործողությունները, մասնավորապես՝ տեղեկատվական միջավայրում արհեստական բանականության գործիքների կիրառմամբ խորքային կեղծիքի (deep fake) տեխնոլոգիաներով ստեղծված նյութերի տարածումը: Նման նյութերը կարող են ձևավորել իրականության խեղաթյուրված ընկալում, առաջացնել վախի, անորոշության կամ սպառնալիքի զգացողություն, հատկապես թվային գրագիտության համեմատաբար ցածր մակարդակ ունեցող ընտրողների շրջանում:

Սահմանադրական դատարանը, ընդգծելով, որ սույն գործի շրջանակներում չի գնահատում վերը նշված երևույթների փաստացի առկայությունը կամ դրանց ազդեցության աստիճանն ընտրությունների արդյունքների վրա, և այդ հարցերը դուրս են սույն վեճի շրջանակներից, միաժամանակ, գտնում է, որ նշված մարտահրավերները պետք է հաշվի առնվեն ընտրական օրենսդրության, ընտրական գործընթացների պաշտպանության կառուցակարգերի և պետական ինստիտուտների կարողությունների հետագա կատարելագործման ընթացքում:

25. Դիմումներում նշված մյուս հանգամանքների և վերջիններիս առնչությամբ ներկայացված փաստարկների (մասնավորապես՝ շուրջ 7000 անձի՝ քվեարկելու տեղամասը փոխելու դիմումների մերժում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, քվեարկությանը մասնակցած 79125 ՀՀ քաղաքացու դեպքում անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ մասնագետի կողմից ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծում, ընտրություններին մասնակցած ընտրողների և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվերի միջև տարբերություններ, քվեարկության ծրարների լուսաթափանց լինելը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հիմնադրամից թույլատրելի ծախսերի առավելագույն չափի գերազանցում, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի և թեկնածուների համար լուսաբանման անհավասար պայմաններ, քվեարկության ուղղորդում, զորամասերում հաշվառված ընտրողների (զինծառայողների) մասնակցությանն առնչվող տվյալների գաղտնիություն և այլն)՝ քննության առարկա գործի լուծման համար նշանակության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 17.7-17.8-րդ, ինչպես նաև 26.4-րդ կետերում արտահայտված դիրքորոշումները, փաստում է, որ դրանց մի մասն ունեցել է դրվագային կամ եզակի դրսևորումներ, կամ համապատասխան պնդումները հիմնված են սոսկ ենթադրությունների և փաստական որևէ հենք չունեցող կասկածների վրա կամ վերաբերում են օրենսդրական կարգավորումներին և այլն:

25.1. Մասնավորապես՝ սույն գործով հարակից պատասխանողի՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը, անդրադառնալով շուրջ 7000 անձի՝ ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար ներկայացված դիմումները մերժելու հարցին, ընդգծեց, որ մերժումների առկայությունն ինքնին որևէ կերպ չի կարող վկայել ընտրական օրենսդրության խախտման մասին, առավել ևս, երբ նման խախտում չի եղել։ Ըստ ՆԳՆ ներկայացուցչի՝ նման դատողություններ հնարավոր կլիներ անել ոչ թե սոսկ մերժումների քանակական հատկանիշի հաշվառմամբ, այլ մերժումների նպատակային, ոչ իրավաչափ բնույթի ընդգծմամբ։ Մինչդեռ նման որևէ փաստարկ ներկայացված չէ և, հետևապես՝ Դիմողներին առաջադրվող՝ ապացուցման համար անհրաժեշտ նվազագույն ապացուցողական շեմը, հարակից պատասխանողի դիտարկմամբ, հաղթահարված չէ։ ՆԳՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ մերժման որոշումները վերջնական չեն, և օրենքով նախատեսված է դրանց բողոքարկման արդյունավետ կառուցակարգ։ Ավելին, այդ որոշումները որևէ կերպ չեն ազդել ընտրելու իրավունքի երաշխավորման վրա։

25.2. Անդրադառնալով քվեարկությանը մասնակցած 79125 ՀՀ քաղաքացու դեպքում անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ մասնագետի կողմից ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու հարցին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշեց, որ տեխնիկական սարքավորման կիրառմամբ ընտրողի նույնացումը, ինչպես արձանագրել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը, նախատեսվել է որպես ընտրողի նույնացման հավելյալ գործիքակազմ։ Սարքավորման առկայության կամ բացակայության պարագայում ևս ընտրողի նույնացման հիմնական գործիքակազմը շարունակում է մնալ անձը հաստատող փաստաթղթի միջոցով անձի նույնացումը տեղում։ Ընդ որում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցչի պնդմամբ՝ նշված թիվը Հայաստանի ընտրությունների պատմության ընթացքում արձանագրված ամենացածր թիվն է։

25.3. Ընտրություններին մասնակցած ընտրողների և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվերի միջև տարբերությունների հարցի առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը, նկատելով, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի դիմումին կից ներկայացված նյութերում առկա ֆայլում ներառված են 340 ընտրական տեղամասերի վերաբերյալ տվյալներ՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվերի միջև տարբերությունների մասին, և ըստ ներկայացված հաշվարկի՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների և ստորագրությունների թվերի միջև առկա է ընդհանուր 27814 տարբերություն, այսինքն՝ ստորագրությունների թիվը ներկայացված է այդքանով պակաս, մասնավորապես, նշեց, որ ցանկում ներառված 340 ընտրական տեղամասերից 86-ում քվեարկել են զորամասի ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողներ։ Այդ տեղամասերի համարների, ինչպես նաև քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի հրապարակայնացման սահմանափակումներն ու արգելքը սահմանված է Ընտրական օրենսգրքով։ Ընդհանուր տարբերությունից պետք է հանել զինվորական ցուցակներով քվեարկողների թիվը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ ներկայացված ֆայլում առանձին սյունակներով նշված են յուրաքանչյուր տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը, ստորագրությունների թիվը և դրանց տարբերությունը։ Սակայն 340 տեղամասերից 105-ի դեպքում ստորագրությունների թվի սյունակը դատարկ է, մինչդեռ «Ավելներ» սյունակում նշված է ենթադրյալ տարբերության թիվ։ Այնուամենայնիվ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվել և վերլուծվել են նաև այդ տեղամասերի տվյալները։ Պարզվել է, որ ներկայացված տվյալների զգալի մասը չի համապատասխանում իրականությանը։ Որոշ դեպքերում դրանք ընդհանրապես չեն համապատասխանում փաստացի ստորագրությունների թվին կամ նույնիսկ մոտ չեն իրական տվյալներին, իսկ որոշ դեպքերում առկա տարբերությունները զգալիորեն փոքր են ներկայացվածից։ Օրինակ՝ 36/31, 29/18, 3/28, 29/3, 16/3, 29/7, 12/44, 29/25, 26/37, 18/4, 38/9, 24/41, 15/21, 29/50, 25/3, 29/29, 17/42, 30/22, 16/39, 3/26, 23/3, 26/35, 15/44, 32/3, 17/1, 26/9, 36/22, 30/21, 18/16, 24/37, այն է՝ 30 տեղամասերի վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված ստորագրությունների թվերը սխալ են հաշվված։ Հենց այս տեղամասերն են առանձնացվել և ներկայացվել, քանի որ, ըստ Դիմողի, դրանք առավել մեծ թվով տարբերություններ ունեցող տեղամասերն են (57-ից մինչև 800 և ավելի)։ Միայն նշված տեղամասերի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կատարված ստուգումների և ճշգրտումների արդյունքում ներկայացված տարբերությունը նվազում է ավելի քան 8000-ով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հավելեց, որ Դիմողն իր հաշվարկներում օգտագործել է ոչ թե ԿԸՀ կողմից հրապարակված վերջնական աղյուսակավորված, այլ նախնական տվյալները։ Օրինակ՝ 3/26 տեղամասում վերջնական աղյուսակավորման մասնակիցների թիվը տեղադրելու դեպքում տարբերությունը դառնում է ոչ թե 199, ինչպես ներկայացված է, այլ 2։ Հաշվարկն իրականացնելիս հաշվի չի առնվել նաև, որ բացի զորամասերում կազմված ցուցակներից, կան նաև այլ ցուցակներ՝ ձերբակալված անձանց պահելու վայրում (ՁՊՎ) շրջիկ արկղով քվեարկության ընտրողների ցուցակները, որոնք ևս հրապարակման ենթակա չեն։ Օրինակ՝ 9/30 տեղամասին (որը տեղ է գտել ներկայացված ցանկում) կցված է եղել Երևան քաղաքի ՁՊՎ-ն՝ շրջիկ արկղով քվեարկություն կազմակերպելու համար, և կազմակերպված շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը, սահմանված կարգի համաձայն, չի սքանավորվել և չի հրապարակվել։ Հանձնաժողովի հրապարակած աղյուսակներում երևում է, որ այդ տեղամասում քվեարկել է 54 անձ։ Ընդհանուր առմամբ՝ 24 ժամվա ընթացքում շուրջ 120 հազար էջ ընտրողների ցուցակներ են սքանավորվել և տեղադրվել ԿԸՀ կայքում։ Հանձնաժողովը շարունակաբար ստուգել, վերլուծել է սքանավորված ցուցակները, իսկ թերությունների հայտնաբերման դեպքում դրանք շտկվել են։

25.4. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ քվեարկության ծրարների լուսաթափանց լինելուն առնչվող փաստարկի առնչությամբ Սահմանադրական դատարանը նկատում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 29-ի ՍԴԱՈ-140 աշխատակարգային որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ապացույց պահանջելու և փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է մասնակի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվել է հնարավորինս սեղմ ժամկետում Սահմանադրական դատարան ներկայացնել յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովից 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի հերթական ընտրությունների համար տպագրված քվեարկության ծրարի 5 օրինակ, ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկի օրինակ: Այդ առնչությամբ չի հիմնավորվել, որ քվեարկության ծրարներն այն աստիճանի լուսաթափանց են, որի պայմաններում կխախտվի քվեարկության գաղտնիությունը՝ ընտրությունների վերջնարդյունքի վրա ազդեցության առումով:

25.5. «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Միասնության թևեր» կուսակցության դիմումներով բարձրացված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հիմնադրամից թույլատրելի ծախսերի առավելագույն չափը գերազանցելու հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը նկատում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշմամբ արձանագրված է. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության 2026 թվականի հունիսի 13-ի «Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման արդյունքների մասին» եզրակացությունը, համաձայն որի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը համադրելով բանկերից ստացված տեղեկանքները կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կատարված վճարումները հավաստող փաստաթղթերի և կնքված պայմանագրերի հետ՝ փաստում է, որ «Բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված` նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերում խախտումներ չեն հայտնաբերվել և դրանք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կանոնակարգումներին»։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում Ազգային ժողովի խմբակցությունների կողմից «Հայաստան» խմբակցության մասով վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակված աուդիտորների կողմից ևս որևէ առարկություն կամ դիմում չի ներկայացվել»:

Անդրադառնալով այն փաստարկին, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական շտաբների համար անհատույց տրամադրված տարածքները հայտարարագրերում ներառվել են շուկայականից էականորեն ցածր արժեքներով, և եթե դրանց իրական շուկայական արժեքը ներառվեր հայտարարագրերում, ապա կգերազանցվեր Ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական հիմնադրամի սահմանաչափը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը, հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2022 թվականի հունիսի 17-ի «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները սահմանելու մասին» N 02-Ն որոշման 10-րդ գլխի 89-րդ կետը (Անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու շուկայական արժեքը որոշելիս, որպես շուկայական արժեք, հիմք է ընդունվում տվյալ անշարժ գույքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսը՝ հաշվարկված տարեկան կտրվածքով), գտել է, որ հայտարարագրերում արտացոլված՝ ընտրական շտաբների համար անհատույց տրամադրված տարածքների արժեքները հիմնված են եղել օբյեկտիվ, ստուգելի և իրավական հիմք ունեցող մեթոդաբանության վրա։

Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ ընտրական օրենսդրությունը չի սահմանում ընտրական շտաբների համար տրամադրված տարածքների շուկայական արժեքի որոշման որևէ պարտադիր կամ բացառիկ մեթոդաբանություն, չի պահանջում անկախ գնահատողի պարտադիր եզրակացություն և չի նախատեսում շուկայական արժեքի հաշվարկման որևէ բանաձև։ Հետևաբար՝ հայտարարատուն իրավունք ուներ կիրառելու իրավական հիմք ունեցող և ստուգելի ցանկացած ողջամիտ մեթոդաբանություն, որը հնարավորություն կտար որոշելու անհատույց տրամադրված տարածքների արժեքը։ Կիրառված մեթոդաբանությունը հիմնված է ոչ թե կամայական մոտեցման, այլ օրենսդրությամբ նախատեսված և կիրառվող հաշվարկային մեթոդի վրա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է նաև, որ շուկայական արժեքը գնահատողական կատեգորիա է և իր բնույթով բացարձակ կամ միակ հնարավոր մեծություն չէ։ Նույն անշարժ գույքի վերաբերյալ կարող են ստացվել տարբեր արդյունքներ՝ պայմանավորված գնահատողների մեթոդաբանությամբ, ժամանակահատվածով, ինչպես նաև այլ գործոններով։ Ուստի՝ այն հանգամանքը, որ դիմումներում ներկայացվել են պնդումներ, որ պետք է այդ տարածքներն «ավելի բարձր» գնահատվեին, ինքնին դեռևս չի նշանակում, որ հայտարարագրերում արտացոլված արժեքները սխալ են կամ չեն համապատասխանում օրենքի պահանջներին։ Հայտարարագրերին կից ներկայացված՝ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը վկայում են, որ կուսակցությունը չի թաքցրել անհատույց տրամադրված տարածքները, դրանք ամբողջությամբ արտացոլել է հայտարարագրերում, ներկայացրել է համապատասխան պայմանագրերը և արժեքների հաշվարկման հիմքերը։ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իր հերթին գործել է Ընտրական օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, և հաշվի առնելով, որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի կողմից ներկայացվել են Ընտրական օրենսգրքով պահանջվող բոլոր անհրաժեշտ տվյալները, տեղեկատվությունը և դրանք հիմնավորող փաստաթղթերը, ունեցել է բավարար իրավական հիմքեր ներկայացված հայտարարագրերն ընդունելու և դրանք օրենքի պահանջներին համապատասխան համարելու համար։

25.6. Առանձին Դիմողների կողմից բարձրացված՝ նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի և թեկնածուների համար լուսաբանման անհավասար պայմանների հարցի առնչությամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի` 2026 թվականի հունիսի 24-ի տեղեկանքի համաձայն՝ «2026 թվականի մայիսի 8-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածի մշտադիտարկման արդյունքների ամփոփումը և եզրակացությունը Հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 12-ին ընդունված «Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը հրապարակելու մասին» թիվ 69-Ա որոշմամբ»:

Ըստ այդմ՝ «(...) հավասար պայմանների ապահովման սկզբունքի խախտում պետք է դիտարկել լրատվական հաղորդման ընթացքում կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվության ներկայացման պահանջի խախտման՝ Հանձնաժողովի կողմից արձանագրված դրվագները, որոնց տրվել է համապատասխան իրավական գնահատական: Լրատվական թողարկումներում անկողմնակալ տեղեկատվության ներկայացման օրենսդրական պահանջի խախտումը հանգեցնում է ընտրական օրենսդրության հիմնարար սկզբունքներից մեկի՝ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև հավասարության սկզբունքի խախտմանը, քանի որ կողմնակալ լուսաբանումը կամ ոչ օբյեկտիվ գնահատականները հասարակության համար ձևավորում են կանխակալ պատկերացումներ՝ խաթարելով ազատ և հավասար մրցակցային միջավայրը»:

Նշված ամփոփ տեղեկանքի համաձայն՝ «մշտադիտարկման և ընտրական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակում Հանձնաժողովը հարուցել է յոթ վարչական վարույթ, որոնցից հինգը՝ սեփական նախաձեռնությամբ, իսկ երկուսը՝ ստացված բողոքների հիման վրա»։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումներով երկու ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթները կարճվել են, չորս ընկերությունների նկատմամբ կիրառվել է գրավոր նախազգուշացում, մեկ ընկերության նկատմամբ` տուգանք և գրավոր նախազգուշացում։

Նշված ամփոփ տեղեկանքի համաձայն՝ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի համաձայն՝ տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների խախտման համար նախատեսված վարչական տույժերը չեն կիրառվում Հանրային հեռարձակողի նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշտադիտարկման արդյունքներով արձանագրված խախտման հատկանիշների վերաբերյալ Հանձնաժողովը երկու գրություն է հասցեագրել Հանրային հեռարձակողի խորհրդին։ Դրանցից մեկը վերաբերել է Հանրային հեռարձակողների լրատվական հաղորդումներում ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվության ներկայացման պահանջի առերևույթ խախտմանը, իսկ մյուսը՝ քվեարկության օրը քարոզչական բնույթ կրող նյութ հեռարձակման առերևույթ փաստին»։

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության՝ 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերաբերյալ նախնական եզրակացություններում, այդ առնչությամբ, մասնավորապես, նշված է. (...) ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից իրականացված լրատվամիջոցների մոնիտորինգը ցույց է տվել, որ լրատվամիջոցների մեծ մասն օգտագործվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից՝ փոխադարձ վիրավորանքները և պառակտող քարոզչական հռետորաբանությունը տարածելու նպատակով՝ քիչ ուշադրություն դարձնելով նրանց ծրագրերի բովանդակային վերլուծությանը։ Հանրային հեռուստաընկերությունը կատարել է յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) 90 րոպե անվճար եթերաժամ տրամադրելու վերաբերյալ իր իրավական պարտավորությունը, սակայն միաժամանակ ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է նրա իրավական պարտավորություններին և հանրային առաքելությանը։ Մի շարք մասնավոր լրատվամիջոցներ բացասական լույսի ներքո են ներկայացրել կառավարությանը և բարենպաստ լուսաբանում են ապահովել ընտրված ընդդիմադիր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար»։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության ընթացքում չի ապացուցվել այն հանգամանքը, որ նախընտրական քարոզչության՝ լրատվամիջոցներով անկողմնակալ և հավասարակշռված լուսաբանման պահանջների արձանագրված խախտումները՝ գնահատված իրենց ամբողջության մեջ, ընտրողների քաղաքական կամքի ազատ ձևավորման վրա ունեցել են այնպիսի ազդեցություն, որը կարող էր կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքի իսկությունը կամ ընտրողների իրական կամքի արտահայտումը։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ, մասնավորապես, Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումներում ընտրական գործընթացի մասնակից առանձին քաղաքական ուժերի, թեկնածուների վերաբերյալ լուսաբանումները չպետք է լինեն կողմնակալ՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ ընտրական գործընթացի մասնակից բոլոր քաղաքական ուժերի համար:

25.7. Սահմանադրական դատարանը նկատում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսի 14-ի N 258-Ա որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրված է. «Թվով 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից և ոչ մեկում չի ստացվել դիմում՝ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

(...)

Թվով 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններից միայն թվով 607 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում կատարվել են թվով 1218 գրառումներ, իսկ 1398 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում որևէ գրառում առկա չէ»:

25.8. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողները չեն հաղթահարել իրենց պահանջների համար հիմք ծառայող հանգամանքների ապացուցման համար անհրաժեշտ նվազագույն ապացուցողական շեմը: Ընտրախախտումների տեղ գտած լինելու հնարավորության կամ դրանց ազդեցության մասին ենթադրությունները, ինչպես նաև նման ընտրախախտումների դրվագային դրսևորումները չեն կարող բավարար լինել Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված վեճերով դիմողին առաջադրվող ապացուցման շեմը հաղթահարված համարելու դատողության, հետևաբար՝ Սահմանադրական դատարանի կողմից այդ հանգամանքը քննության առարկա դարձնելու համար:

26. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը,

գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

26.1. Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումն ուժի մեջ թողնելը ենթադրում է, որ Սահմանադրական դատարանը գործի քննության արդյունքում հանգում է այն եզրահանգման, որ համապատասխան խախտումները կա՛մ չեն ապացուցվել, կա՛մ իրենց ծավալով և ազդեցությամբ չեն կարող կասկածի տակ դնել ընտրությունների սահմանադրական լեգիտիմությունը։ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ նշված որոշման ընդունումը չի ենթադրում ընտրական գործընթացի կատարյալ լինելու արձանագրում, քանզի յուրաքանչյուր ընտրական գործընթաց գործնականում կարող է ուղեկցվել առանձին իրավախախտումներով։ Սահմանադրական դատարանի խնդիրն է գնահատել՝ արդյո՞ք արձանագրված խախտումները կարող էին ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա՝ խաթարելով ժողովրդի իրական կամարտահայտությունը։

26.2. Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը ենթադրում է սահմանադրական արդարադատության մասնագիտացված մարմնի ամենախիստ միջամտությունը։ Բարձր դատարանը փաստացի արձանագրում է, որ հանրային իշխանության ներկայացուցչական մարմնի ձևավորումը տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, որոնք չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների սահմանադրական չափանիշներին, հետևաբար՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հանրային իշխանության լեգիտիմության վերականգնումն է։ Ժողովրդավարական պետությունում իշխանության օրինականությունը բխում է ոչ թե ընտրությունների ձևական առումով անցկացումից, այլ քաղաքացիների ազատ կամարտահայտության իսկությունից, և եթե այդ իսկությունը կասկածի տակ է դրվում, ապա իշխանության լեգիտիմությունը ևս դառնում է վիճելի։

26.3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը նախատեսում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու տարբեր իրավական հետևանքներ, որոնք ևս արտահայտում են սահմանադրական համաչափության գաղափարը. եթե խախտումների բնույթն այնպիսին է, որ հնարավոր չէ վերականգնել ընտրությունների արդյունքները, ապա Սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչում ընտրությունների արդյունքները։

Այն դեպքերում, երբ առկա ապացույցների հիման վրա հնարավոր է արժանահավատորեն որոշել ընտրողների իրական կամքը, Սահմանադրական դատարանը սահմանում է մանդատների բաշխման կարգը։ Սա հնարավորություն է տալիս խուսափելու նոր ընտրությունների անցկացումից՝ միաժամանակ վերականգնելով ընտրողների իրական կամարտահայտության արդյունքները։ Այդ առումով Սահմանադրական դատարանը չի իրականացնում քաղաքական գնահատում կամ ընտրական գործընթացի նոր կազմակերպում, այլ, ըստ էության, վերականգնում է այն իրավական վիճակը, որը պետք է գոյություն ունենար ընտրական իրավունքի խախտումների բացակայության պայմաններում։

Նշված տրամաբանության շարունակությունն է Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլ նշանակելը: Այդ դեպքում Սահմանադրական դատարանի միջամտությունը պետք է հասցվի նվազագույնի՝ միաժամանակ լինելով արդյունավետ. եթե ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու փոխարեն սահմանադրական օրինականությունը հնարավոր է վերականգնել երկրորդ փուլ անցկացնելու միջոցով, ապա նախապատվությունը տրվում է այդ լուծմանը՝ պահպանելով ընտրական գործընթացի շարունակականությունն ու ընտրողների արդեն արտահայտած կամքի այն ծավալը, որը չի ձևախեղվել իրավախախտումների հետևանքով։

26.4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 14-րդ մասի իրավակարգավորման համատեքստում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է երկու պայմանի միաժամանակյա առկայություն՝ «ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ», և «դրանց համադրումը վկայում է վերջիններիս միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 14-րդ մասի իրավակարգավորումը սահմանում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու բացառիկ հիմք՝ ընտրությունների իրական արդյունքները պարզելու անհնարինության պայմաններում։ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ ընտրությունների սահմանադրականությունը գնահատվում է ոչ միայն վերջնական թվաբանական արդյունքներով, այլև ամբողջ ընտրական գործընթացի որակական բնութագրերով։ Այդ առումով օրենսդիրը սահմանել է մի քանի փոխկապակցված պայմաններ, որոնց միաժամանակյա առկայության պայմաններում է Սահմանադրական դատարանն իրավասու անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները:

Նախ՝ Սահմանադրական դատարանը պետք է սպառած լինի ապացույցներ ձեռք բերելու համար օրենքով նախատեսված բոլոր հնարավոր միջոցները։ Սույն գործիքակազմը կիրառելի է միայն այն պարագայում, երբ Սահմանադրական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցները վկայեն, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի ինքնուրույն իրավական նշանակություն։ Կազմակերպված բնույթը մատնանշում է, որ խախտումները չեն եղել ինքնաբուխ կամ պատահական, այլ տեղի են ունեցել որոշակի համակարգված մեխանիզմի շրջանակներում։ Զանգվածային բնույթը վերաբերում է խախտումների տարածական կամ քանակական ընդգրկմանը, իսկ կրկնվող կամ պարբերական բնույթը վկայում է դրանց շարունակական ու համակարգային բնույթի մասին։

Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 17-ի ՍԴՈ-1606 որոշմամբ արձանագրված է, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ հիշյալ բնութագրիչներն օբյեկտիվորեն անհրաժեշտ է դիտարկել համակցության մեջ՝ վերհանելով դրանց համակարգային փոխկապակցվածությունը՝ պարզելու՝ արդյոք դրանք իրենց տեսակով և հատկանիշներով էական բնույթ կրել են, թե ոչ, այսինքն՝ արդյոք իրենց քանակական և որակական ցուցիչներով եղել են այնպիսին, որ գնահատելով դրանք ողջ ընտրական գործընթացի տիրույթում՝ անվիճելիորեն կարելի է փաստել, որ ազդել են ընտրությունների ելքի վրա՝ խաթարելով Սահմանադրության 7-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի որևէ սկզբունք (10.3-րդ կետ):

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողների կողմից ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների գործընթացում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձել իրավախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար կարող էին հիմք ծառայել Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի այլ կետով որոշում կայացնելու համար։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62, 63 և 77-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

scan22. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

___________________

1 Դիմումում Դիմողը վկայակոչել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 256-Ա որոշումը, սակայն, ըստ էության, նկատի է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 254-Ա որոշումը:

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

4 հուլիսի 2026 թվականի

ՍԴՈ-1835

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան