ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-283-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11․1-ին կետով․

«11.1) դիմելու Ազգային ժողովի պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Էթիկայի հանձնաժողով)․»․

2) 2-րդ և 3-րդ մասերի «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին կետով․

«4․1) ապահովել շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների կատարումը․»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․

«2․ Պատգամավորական էթիկայի կանոնները, շահերի բախման իրավիճակի համար պահանջները, ինչպես նաև պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարման կարգը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով։»։

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21․1-ին կետով․

«21․1) Էթիկայի հանձնաժողովի եզրակացության և որոշման հիման վրա պատգամավորի նկատմամբ կիրառում է կարգապահական միջոց․»։

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1-ին և 6․2-րդ կետերով․

«6․1) Էթիկայի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված պաշտոնում նշանակելու խմբակցության անդամի, ինչպես նաև նրան փոխելու.

6․2) նշանակելու Էթիկայի հանձնաժողովում խմբակցության անդամին փոխարինող․»։

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՌԱՆՁԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ»։

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Ժամանակավոր» բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր» բառերով․

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:»․

3) 2-րդ և 3-րդ մասերի «Ժամանակավոր» բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր» բառերով․

4) 4-րդ մասի «Ժամանակավոր» բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր» բառերով, իսկ «կամ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները» բառերը՝ «վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու ժամկետը» բառերով․

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին մասով․

«4․1․ Ազգային ժողովի նախագահը առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:»․

6) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Ժամանակավոր» բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր» բառերով․

2) 2-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել․

3) 6-րդ մասի «Ժամանակավոր» բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր» բառերով, իսկ «15-րդ հոդվածով» բառերը՝ «14-րդ և 15-րդ հոդվածներով» բառերով․

4) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

5) 8-րդ մասի «Ժամանակավոր» բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր» բառերով։

 

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի վերնագրում և 1-3-րդ մասերում «Ժամանակավոր» բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր» բառերով։

 

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «Ժամանակավոր» բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր» բառերով․

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

3) 4-րդ մասի «Ժամանակավոր» բառը փոխարինել «Առանձին նախագծի հարցով ժամանակավոր» բառերով։

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1-ին գլխով․

 

«Գ Լ ՈՒ Խ  6․1

 

ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Հոդված 191 Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը

 

1. Պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող է ստեղծվել Էթիկայի հանձնաժողով։

2. Նորընտիր Ազգային ժողովի առաջին Էթիկայի հանձնաժողովն ստեղծվում է առաջին նստաշրջանում, իսկ նոր Էթիկայի հանձնաժողովը, որպես կանոն, նախորդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, կամ նախորդ Էթիկայի հանձնաժողովի լուծարվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։

3. Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ կամ երկու տարի է:

4. Եթե նոր Էթիկայի հանձնաժողովն ստեղծվում է մինչև նախորդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտը, ապա այդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետն սկսվում է նախորդ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտին հաջորդող օրվանից։

5. Էթիկայի հանձնաժողովը կարող է ունենալ զույգ թվով, բայց ոչ պակաս, քան վեց և ոչ ավելի, քան 12 անդամ։

6. Կառավարող և ընդդիմադիր խմբակցություններն ունեն Էթիկայի հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսին նշանակելու իրավունք՝ սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան։

7. Խմբակցությունները Էթիկայի հանձնաժողովում ունեն առնվազն մեկական անդամ նշանակելու իրավունք։ Եթե Ազգային ժողովն ունի մեկ կառավարող կամ մեկ ընդդիմադիր խմբակցություն, ապա այդ խմբակցությունն ունի համապատասխանաբար՝ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը հասանելիք մյուս տեղերում Էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու իրավունք։ Եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, ապա կառավարող և ընդդիմադիր խմբակցություններին հասանելիք մյուս տեղերում Էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու իրավունքը համապատասխանաբար՝ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունների միջև բաշխվում է հաջորդաբար՝ մեծաթվից փոքրաթիվ։ Բաշխումը կրկնվում է մինչև կառավարող և ընդդիմադիր խմբակցություններին հասանելիք վերջին տեղում Էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունքը որոշելը։ Հավասար թվով անդամներ ունենալու դեպքում Էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունքը համապատասխանաբար՝ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունների միջև որոշվում է հավասար թվով անդամներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ։

8. Կառավարող և ընդդիմադիր խմբակցություններն ունեն Էթիկայի հանձնաժողովի անդամների կազմից Էթիկայի հանձնաժողովի նախագահին և նրա տեղակալին հաջորդաբար նշանակելու իրավունք՝ սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերին համապատասխան։

9. Առաջին Էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունք ունեն կառավարող խմբակցությունները, իսկ նրա տեղակալին՝ ընդդիմադիր խմբակցությունները։ Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի յուրաքանչյուր վեցերորդ ամսվա ավարտից հետո նշանակվում է Էթիկայի հանձնաժողովի նոր նախագահ և նախագահի նոր տեղակալ։ Եթե Էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահված է՝

1) ընդդիմադիր խմբակցություններին, ապա նախագահի տեղակալին նշանակելու իրավունքը վերապահվում է կառավարող խմբակցություններին․

2) կառավարող խմբակցություններին, ապա նախագահի տեղակալին նշանակելու իրավունքը վերապահվում է ընդդիմադիր խմբակցություններին։

10. Եթե Ազգային ժողովն ունի մեկ կառավարող կամ մեկ ընդդիմադիր խմբակցություն, ապա այդ խմբակցությունն ունի համապատասխանաբար՝ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը հասանելիք պաշտոններում Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու իրավունք։ Եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու իրավունքը համապատասխանաբար՝ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունների միջև բաշխվում է հաջորդաբար՝ մեծաթվից փոքրաթիվ։ Բաշխումը կրկնվում է մինչև Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետում կառավարող և ընդդիմադիր խմբակցություններին հասանելիք վերջին պաշտոնում Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու իրավունքը որոշելը։ Հավասար թվով անդամներ ունենալու դեպքում Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու իրավունքը համապատասխանաբար՝ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունների միջև որոշվում է հավասար թվով անդամներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ:

11. Էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը, գործունեության ժամկետը, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությանը վերապահված Էթիկայի հանձնաժողովի անդամի (անդամների) տեղը (տեղերը), ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետում Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությանը վերապահված Էթիկայի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնները սահմանվում են Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը։ Եթե ներկայացվել են մեկից ավելի նախագծեր, ապա դրանք քննարկվում են Կանոնակարգի 112-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։

12. Ազգային ժողովի նախագահը Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

 

Հոդված 19․2 Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը

 

1. Էթիկայի հանձնաժողովի կազմը և դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն հոդվածի 2-11-րդ մասերով սահմանված պահանջները:

2. Խմբակցության անդամը խմբակցությանը վերապահված Էթիկայի հանձնաժողովի անդամի տեղում, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում նշանակվում և Էթիկայի հանձնաժողովի կազմից դուրս է գալիս խմբակցության որոշմամբ:

3. Խմբակցությունն իրեն վերապահված տեղում (տեղերում) Էթիկայի հանձնաժողովի անդամ (անդամներ) նշանակում է Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվելուց, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովի անդամի պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում։ Նույն ժամկետում իրավասու խմբակցությունը նշանակում է Էթիկայի հանձնաժողովի անդամին փոխարինողի, որն ստանձնում է Էթիկայի հանձնաժողովի այդ անդամի պարտականությունները՝ նրա ինքնաբացարկի, ինչպես նաև բացառապես նրա հիվանդությամբ կամ գործուղմամբ պայմանավորված՝ Էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու անհնարինության դեպքերում։ Էթիկայի հանձնաժողովի անդամ և նրան փոխարինող նշանակելու մասին խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում դրա ընդունումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

4. Խմբակցությունն իրեն վերապահված պաշտոնում Էթիկայի հանձնաժողովի նախագահին կամ նրա տեղակալին նշանակում է՝

1) Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում․

2) ոչ շուտ, քան Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի յուրաքանչյուր վեցերորդ ամսվա ավարտին նախորդող տասներորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան այդ ժամկետի ավարտից հինգ աշխատանքային օր առաջ․

3) Էթիկայի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում։

5. Եթե Ազգային ժողովն ունի մեկ կառավարող կամ մեկ ընդդիմադիր խմբակցություն, և այդ խմբակցությունը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում իրեն վերապահված տեղում (տեղերում) Էթիկայի հանձնաժողովի անդամ (անդամներ) կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում իրեն վերապահված պաշտոնում Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ չի նշանակում, ապա այն մնում է թափուր։

6. Եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, և իրավասու կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունը՝

1) սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում իրեն վերապահված տեղում (տեղերում) Էթիկայի հանձնաժողովի անդամ (անդամներ) չի նշանակում, ապա այդ տեղում (տեղերում) Էթիկայի հանձնաժողովի անդամ (անդամներ) նշանակելու իրավունքն անցնում է համապատասխանաբար՝ անդամների առավել մեծ թվով հաջորդ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը։ Եթե սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, որևէ իրավասու խմբակցություն կառավարող կամ ընդդիմադիր խմբակցություններին վերապահված տեղում (տեղերում) Էթիկայի հանձնաժողովի անդամ (անդամներ) չի նշանակում, ապա այդ տեղը (տեղերը) մնում է թափուր․

2) սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում իրեն վերապահված պաշտոնում Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ չի նշանակում, ապա այդ պաշտոնում Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու իրավունքն անցնում է համապատասխանաբար՝ անդամների առավել մեծ թվով հաջորդ կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությանը։ Եթե սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, որևէ իրավասու խմբակցություն կառավարող կամ ընդդիմադիր խմբակցություններին վերապահված պաշտոնում Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ չի նշանակում, ապա այդ պաշտոնը մնում է թափուր։

7. Էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատվում է իրավասու խմբակցությունների կողմից Էթիկայի հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդին, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովի նախագահին կամ նրա տեղակալին նշանակելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում։

8. Էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխությունները հաստատվում են իրավասու խմբակցության կողմից Էթիկայի հանձնաժողովի նոր անդամ կամ նոր նախագահ, նախագահի նոր տեղակալ նշանակվելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում։

9. Եթե Էթիկայի հանձնաժողովի նոր նախագահը կամ նախագահի նոր տեղակալը նշանակվում է մինչև Էթիկայի հանձնաժողովի նախորդ նախագահի կամ նախորդ նախագահի տեղակալի լիազորությունների ավարտը, ապա Էթիկայի հանձնաժողովի նոր նախագահը կամ նախագահի նոր տեղակալն իր պարտականությունների կատարումն ստանձնում է Էթիկայի հանձնաժողովի նոր կազմը կամ կազմում փոփոխությունները հաստատվելուց հետո, սակայն ոչ շուտ, քան Էթիկայի հանձնաժողովի նախորդ նախագահի կամ նախորդ նախագահի տեղակալի լիազորությունների ավարտը։

10. Էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատվելուց հետո՝

1) Էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակելու խմբակցության իրավունքը պահպանվում է մինչև Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտը․

2) Էթիկայի հանձնաժողովի նախագահ կամ նրա տեղակալ նշանակելու խմբակցության իրավունքը պահպանվում է մինչև Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի՝ համապատասխան վեցերորդ ամսվա ավարտը։

11. Խմբակցությունն իրավունք ունի փոխելու Էթիկայի հանձնաժողովում ընդգրկված իր անդամին կամ իր կողմից նշանակված Էթիկայի հանձնաժողովի նախագահին կամ նրա տեղակալին։

12. Էթիկայի հանձնաժողովի կազմը կամ կազմում փոփոխությունները հաստատվելուց հետո Էթիկայի հանձնաժողով ներկայացված դիմումների քննարկումը շարունակվում է։

13. Եթե Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Էթիկայի հանձնաժողովի կազմը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով չի հաստատվում, կամ սույն հոդվածի 5-րդ մասով, 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում Էթիկայի հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոնները մնում են թափուր, ապա Էթիկայի հանձնաժողովը համարվում է լուծարված։

 

Հոդված 19․3 Էթիկայի հանձնաժողովի անդամների ռոտացիան

 

1. Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի յուրաքանչյուր վեցերորդ ամսվա ավարտից հետո խմբակցություններն իրավունք ունեն իրականացնելու իրենց կողմից նշանակված Էթիկայի հանձնաժողովի անդամների ռոտացիա։

2. Ռոտացիոն կարգով Էթիկայի հանձնաժողովի անդամին նշանակելու (վերանշանակելու) մասին իրավասու խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում ոչ շուտ, քան Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի յուրաքանչյուր վեցերորդ ամսվա ավարտին նախորդող տասներորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան այդ ժամկետի ավարտից հինգ աշխատանքային օր առաջ։

3. Սույն մասով սահմանված կարգով նշանակված էթիկայի հանձնաժողովի նոր անդամներն իրենց պարտականությունների կատարումն ստանձնում են Էթիկայի հանձնաժողովի նոր կազմը հաստատվելուց հետո, սակայն ոչ շուտ, քան Էթիկայի հանձնաժողովի նախորդ անդամների լիազորությունների ավարտը։

 

Հոդված 19․4 Էթիկայի հանձնաժողովի անդամի ինքնաբացարկը

 

1. Էթիկայի հանձնաժողովի անդամը չի կարող լինել գործով զեկուցող կամ մասնակցել Էթիկայի հանձնաժողով ներկայացված դիմումի քննարկման վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի նիստերին և պարտավոր է հայտնել ինքնաբացարկ, եթե այդ դիմումը վերաբերում է իրեն կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 11-րդ մասի իմաստով՝ իր հետ փոխկապակցված անձի։

2. Էթիկայի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի ինքնաբացարկ հայտնելու դեպքում նրա լիազորություններն իրականացվում են Կանոնակարգի 19․7-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգով, իսկ Էթիկայի հանձնաժողովի անդամի ինքնաբացարկ հայտնելու դեպքում նրա լիազորություններն իրականացնում է իրեն փոխարինողը:

 

Հոդված 19․5 Էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը

 

1. Էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

1) նրա պատգամավորական լիազորությունները դադարում կամ դադարեցվում են.

2) իրավասու խմբակցությունը նրա տեղում նշանակում է այլ անդամի․

3) նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, եթե իրավասու խմբակցությունը նրա տեղում նշանակում է այլ անդամի:

 

Հոդված 19․6 Էթիկայի հանձնաժողովի լիազորությունները

 

1. Էթիկայի հանձնաժողովը՝

1) սկսում է Էթիկայի հանձնաժողով ներկայացված դիմումի քննարկումը կամ մերժում է այդ դիմումը․

2) քննարկում է պատգամավորական էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ դիմումը և խախտման առկայության դեպքում Ազգային ժողով ներկայացնում է եզրակացություն կամ եզրակացնում է խախտման բացակայության մասին․

3) քննարկում է պատգամավորի կողմից շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջը խախտելու վերաբերյալ դիմումը և խախտման առկայության դեպքում Ազգային ժողով ներկայացնում է եզրակացություն կամ եզրակացնում է խախտման բացակայության մասին.

4) քննարկում է շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ պատգամավորի դիմումը և նրան ներկայացնում է առաջարկներ այդ պահանջների ապահովմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ․

5) պատգամավորական էթիկայի կանոնների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջի խախտման վերաբերյալ դիմումների քննարկման արդյունքում կարող է Ազգային ժողովի նախագահին առաջարկել դիմումում նշված պատգամավորի նկատմամբ կիրառել կարգապահական միջոց․

6) կարող է հարցմամբ դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պաշտոնատար անձանց՝ Էթիկայի հանձնաժողով ներկայացված դիմումի քննարկման համար նշանակություն ունեցող տեղեկություններ, անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր ստանալու նպատակով․

7) կարող է Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները։

2. Էթիկայի հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է նրան ուղարկվեն հարցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե հարցման մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը Էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում:

3. Պետական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները Էթիկայի հանձնաժողովին են տրամադրվում օրենքով սահմանված կարգով:

4. Էթիկայի հանձնաժողովի անդամները հարցմամբ պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:

 

Հոդված 19․7 Էթիկայի հանձնաժողովի նախագահի լիազորությունները

 

1. Էթիկայի հանձնաժողովի նախագահն ունի մշտական հանձնաժողովի նախագահի՝ Կանոնակարգի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-8-րդ և 10-րդ կետերով սահմանված լիազորությունները, ինչպես նաև՝

1) կարող է Էթիկայի հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցի վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով այն ուղարկել գիտական, ուսումնական հաստատություններ, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովի նիստերին հրավիրել մասնագետների․

2) Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է Էթիկայի հանձնաժողովի նիստերից Էթիկայի հանձնաժողովի անդամների բացակայությունները։

2. Էթիկայի հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Էթիկայի հանձնաժողովի կողմից որոշված անդամը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի։

3. Եթե Էթիկայի հանձնաժողով ներկայացված դիմումը վերաբերում է կառավարող խմբակցության պատգամավորին, կամ դիմողը կառավարող խմբակցության պատգամավոր է, իսկ՝

1) Էթիկայի հանձնաժողովի նախագահը կառավարող խմբակցության անդամ է, ապա այդ դիմումի քննարկման առնչությամբ նրա լիազորություններն իրականացնում է նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Էթիկայի հանձնաժողովի կողմից որոշված անդամը, որը չի կարող լինել կառավարող խմբակցության անդամ․

2) Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալը կառավարող խմբակցության անդամ է, ապա այդ դիմումի քննարկման ընթացքում Էթիկայի հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է Էթիկայի հանձնաժողովի կողմից որոշված անդամը, որը չի կարող լինել կառավարող խմբակցության անդամ։

4. Եթե Էթիկայի հանձնաժողով ներկայացված դիմումը վերաբերում է ընդդիմադիր խմբակցության պատգամավորին, կամ դիմողը ընդդիմադիր խմբակցության պատգամավոր է, իսկ՝

1) Էթիկայի հանձնաժողովի նախագահը ընդդիմադիր խմբակցության անդամ է, ապա այդ դիմումի քննարկման առնչությամբ նրա լիազորություններն իրականացնում է նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Էթիկայի հանձնաժողովի կողմից որոշված անդամը, որը չի կարող լինել ընդդիմադիր խմբակցության անդամ․

2) Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալը ընդդիմադիր խմբակցության անդամ է, ապա այդ դիմումի քննարկման ընթացքում Էթիկայի հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է Էթիկայի հանձնաժողովի կողմից որոշված անդամը, որը չի կարող լինել ընդդիմադիր խմբակցության անդամ։

 

Հոդված 19․8 Էթիկայի հանձնաժողովի նիստերը

 

1. Էթիկայի հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար Կանոնակարգի 14-րդ և 15-րդ հոդվածներով սահմանված կարգին համապատասխան՝ հաշվի առնելով Կանոնակարգի սույն գլխով սահմանված առանձնահատկությունները։

2. Էթիկայի հանձնաժողովի նիստերը հրավիրում է Էթիկայի հանձնաժողովի նախագահը` իր կամ գործով զեկուցողի նախաձեռնությամբ: Էթիկայի հանձնաժողովի նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

3. Էթիկայի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) Էթիկայի հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, և նիստը նախագահում է Էթիկայի հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության, ինչպես նաև Կանոնակարգի 19․7-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ նրա տեղակալը կամ Էթիկայի հանձնաժողովի որոշած Էթիկայի հանձնաժողովի անդամը:

4. Էթիկայի հանձնաժողովի եզրակացության կամ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն միայն Էթիկայի հանձնաժողովի անդամները։

5. Էթիկայի հանձնաժողովի նիստում զեկուցողներին հարցեր տալու, ինչպես նաև նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն Էթիկայի հանձնաժողովի անդամները։ Էթիկայի հանձնաժողովի նիստում ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ Կանոնակարգի 19․11-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում, նիստը նախագահողի թույլտվությամբ կամ Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ:

6. Էթիկայի հանձնաժողովի նիստերը փակ են, բացառությամբ այն դեպքերի, երբ Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում նշված պատգամավորը կամ Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դիմումի հեղինակն առաջարկում է Էթիկայի հանձնաժողովի նիստերն անցկացնել հրապարակային:

7. Էթիկայի հանձնաժողովի փակ նիստում, նրա անդամներից և քարտուղարության մասնագետներից բացի, կարող են ներկա լինել միայն նրա որոշմամբ կամ նախագահի կողմից հրավիրված անձինք։ Էթիկայի հանձնաժողովի հրապարակային նիստում կարող են ներկա լինել Կանոնակարգի 14-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով նախատեսված անձինք։

8. Էթիկայի հանձնաժողովի ընթացակարգային որոշումները պետք է լինեն գրավոր, իսկ եզրակացությունները, ինչպես նաև Կանոնակարգի 19․11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված և դիմումը մերժելու մասին որոշումները` նաև պատճառաբանված, բացառությամբ Կանոնակարգի 19․11-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի։

9. Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունները և որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Էթիկայի հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել Էթիկայի հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: Ձայների հավասարության դեպքում Էթիկայի հանձնաժողովի նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է։

10. Էթիկայի հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

 

Հոդված 19․9 Էթիկայի հանձնաժողով դիմելը, դիմումի քննարկումը սկսելը և դիմումը մերժելը

 

1. Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել`

1) յուրաքանչյուր ոք` պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները կամ շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջները խախտելու վերաբերյալ.

2) պատգամավորը` իր կողմից նշված հարցով շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ։

2. Դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`

1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

2) դիմողի հասցեն (պատգամավորի դեպքում չի ներկայացվում), իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը․

3) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ այն պատգամավորի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը.

4) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ օրենքի պահանջների խախտումը հավաստող, ինչպես նաև հարցի պարզաբանման կամ լուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

5) դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

6) դիմողի, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:

3. Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

4. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Էթիկայի հանձնաժողովի համակարգող փորձագետը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Էթիկայի հանձնաժողովի համակարգող փորձագետն առաջարկում է մինչև սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը համալրել այդ ցանկը:

5. Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ, սակայն ոչ ուշ, քան դիմումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Էթիկայի հանձնաժողովն իր որոշմամբ սկսում է դիմումի քննարկումը կամ մերժում է դիմումը:

6. Եթե Էթիկայի հանձնաժողովն ընդունում է դիմումի քննարկումն սկսելու մասին որոշում, ապա դիմումն ուսումնասիրելու և դրա արդյունքները Էթիկայի հանձնաժողով ներկայացնելու համար Էթիկայի հանձնաժողովի կազմից նշանակում է գործով զեկուցող։ Եթե դիմումը վերաբերում է կառավարող խմբակցության պատգամավորի, ապա գործով զեկուցողը պետք է լինի ընդդիմադիր, իսկ ընդդիմադիր խմբակցության պատգամավորին վերաբերող դիմումի դեպքում՝ կառավարող խմբակցությունից։

7. Էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումը, եթե`

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը.

2) դիմողն իրավասու չէ դիմումում առաջադրված հարցով դիմելու Էթիկայի հանձնաժողով.

3) նույն պատգամավորի և նույն հիմքով ներկայացված դիմումի վերաբերյալ առկա է Էթիկայի հանձնաժողովի որոշում կամ եզրակացություն.

4) նույն պատգամավորի և նույն հիմքով խախտման համար Կանոնակարգի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով կիրառվել է կարգապահական միջոց․

5) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Էթիկայի հանձնաժողովում իրականացվում է քննարկում․

6) ենթադրյալ խախտումից հետո անցել է վեց ամիս։

8. Եթե Էթիկայի հանձնաժողովն ընդունում է դիմումը մերժելու մասին որոշում, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահը դիմումը և դրան կից փաստաթղթերը մերժման մասին Էթիկայի հանձնաժողովի որոշման կայացման օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է դիմողին:

 

Հոդված 19․10 Էթիկայի հանձնաժողովում դիմումի քննարկման ընթացքը

 

1. Դիմումի քննարկումն իրականացվում է Էթիկայի հանձնաժողովի առնվազն մեկ նիստում։

2. Դիմումի քննարկումն սկսելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման կայացման օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան Էթիկայի հանձնաժողովի նիստում դիմումի քննարկումից երեք աշխատանքային օր առաջ գործով զեկուցողը Էթիկայի հանձնաժողովի անդամներին, դիմողին, Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ դիմումում նշված պատգամավորին, ինչպես նաև դիմումի քննարկմանը ներգրավված այլ անձանց և մարմիններին ծանուցում է Էթիկայի հանձնաժողովի նիստի (նիստերի), ինչպես նաև դիմումի քննարկման համար անհրաժեշտ այլ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

3. Մինչև դիմումի վերաբերյալ վերջնական եզրակացության ընդունումը դիմումի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, բացառությամբ Կանոնակարգի 19․8-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի։

4. Էթիկայի հանձնաժողովի անդամները և Էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող այլ անձինք իրավունք չունեն դիմումի քննարկման կամ ուսումնասիրման ընթացքում իրենց հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակելու` առանց նրանց գրավոր համաձայնության։

5. Էթիկայի հանձնաժողովը դիմումի քննարկումն ավարտում է դրա քննարկումն սկսելու վերաբերյալ իր որոշման կայացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, որը կարող է գործով զեկուցողի առաջարկությամբ՝ Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև մեկ ամսով, եթե դիմումի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել և դիմումի քննարկման մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության եզրակացություն ընդունել: Դիմումի քննարկման նոր ժամկետի մասին գործով զեկուցողը ծանուցում է շահագրգիռ կողմերին:

6. Եթե Էթիկայի հանձնաժողովը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետներում չի ավարտում դիմումի քննարկումը, ապա Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը համարվում է մերժված, իսկ Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դիմումի քննարկումը համարվում է ավարտված։

7. Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է կասեցնել դիմումի քննարկումը, եթե`

1) անհնարին է տվյալ դիմումի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման կամ եզրակացության ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում կամ դատական ակտ կայացնելը.

2) Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս առերևույթ հանցագործության հատկանիշներ: Այդ դեպքում Էթիկայի հանձնաժողովի նախագահը 24 ժամվա ընթացքում դիմումին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին․

3) Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս փաստեր, որոնք պարունակում են պատգամավորի կողմից Սահմանադրության 95-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտման առերևույթ հատկանիշներ։ Այդ դեպքում Էթիկայի հանձնաժողովի նախագահը 24 ժամվա ընթացքում դիմումին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

8. Էթիկայի հանձնաժողովը կարող է կասեցնել դիմումի քննարկումը, եթե դիմումում նշված պատգամավորը հարգելի պատճառներով բացակայում է, և Էթիկայի հանձնաժողովը նախքան եզրակացություն ընդունելը անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` դիմումի քննարկմանն առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար:

9. Դիմումի քննարկումը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում:

10. Դիմումի քննարկումը կարճվում է, եթե Ազգային ժողովի լիազորություններն ավարտվել են, դիմումում նշված պատգամավորի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են, կամ օրենքով նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերանում է:

11. Էթիկայի հանձնաժողովի նախագահը դիմումի քննարկումը կարճելու, կասեցնելու և վերսկսելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշումները երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է շահագրգիռ կողմերին:

 

Հոդված 19․11 Դիմումի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունները և որոշումները

 

1. Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովը կարող է ընդունել պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կամ շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն, ինչպես նաև խախտումը թույլ տված պատգամավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ որոշում։

2. Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դիմումի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովը կարող է ընդունել դրանում նշված հարցով շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջը կատարելու կամ այդ իրավիճակի լուծմանն ուղղված այլ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ դիմողին առաջարկ ներկայացնելու մասին որոշում։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված եզրակացության և որոշման նախագծերը կազմում և Էթիկայի հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում գործով զեկուցողը։ Էթիկայի հանձնաժողովի նիստում դիմումի քննարկումից մեկ շաբաթ առաջ գործով զեկուցողն այդ նախագծերն ուղարկում է Էթիկայի հանձնաժողովի բոլոր անդամներին։ Նախագծերն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Էթիկայի հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն գործով զեկուցողին ներկայացնելու դրանց վերաբերյալ գրավոր առաջարկներ։

4. Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է հնարավորություն տալ Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում նշված պատգամավորին պարզաբանումներ տալու դիմումի և դրա ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորելու իր դիրքորոշումն ամբողջությամբ: Եթե դիմումում նշված պատգամավորը հրաժարվում է մասնակցել դիմումի քննարկմանը, ապա Էթիկայի հանձնաժողովի նիստում դիմումի վերաբերյալ եզրակացության նախագծի քննարկման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ գործով զեկուցողը եզրակացության նախագիծը և հարցին առնչվող նյութերն ուղարկում է պատգամավորին, որն իրավունք ունի դրանք ստանալուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, եթե Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ, Էթիկայի հանձնաժողով ուղարկելու դրանց վերաբերյալ իր գրավոր դիրքորոշումն ու պարզաբանումները։

5. Էթիկայի հանձնաժողովի նիստում եզրակացության և որոշման նախագծերի քննարկման ընթացքում`

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս գործով զեկուցողը․

2) Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումի դեպքում հարակից զեկուցմամբ կարող է հանդես գալ դիմումում նշված պատգամավորը, իսկ Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դիմումի դեպքում՝ հարակից զեկուցում չի լինում․

3) Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումի հեղինակը, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողով նյութեր, փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացրած անձինք և պատգամավորի ներկայացուցիչն իրավունք ունեն ելույթ ունենալու, պատասխանելու Էթիկայի հանձնաժողովի անդամների և դիմումում նշված պատգամավորի հարցերին․

4) գործով զեկուցողը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև հայտնել սահմանված կարգով ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը.

5) Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում նշված պատգամավորն իրավունք ունի հարցեր տալու զեկուցողին.

6) Էթիկայի հանձնաժողովի անդամները կարող են իրենց ելույթում եզրակացության և որոշման նախագծերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել.

7) գործով զեկուցողին գրավոր առաջարկներ ներկայացրած Էթիկայի հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն ելույթ ունենալու և պատասխանելու հարցերին.

8) Էթիկայի հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում նշված պատգամավորն իրավունք ունեն ելույթից հետո հարցեր տալու առաջարկների հեղինակներին:

6. Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթից հետո քվեարկության են դրվում սույն հոդվածի 3-րդ մասով և 5-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկները:

7. Առաջարկների քվեարկությունից հետո սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախագծերն առանձին-առանձին, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախագիծը դրվում են քվեարկության Էթիկայի հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա կատարված ուղղումներով։

8. Եթե Էթիկայի հանձնաժողովի եզրակացության կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը համարվում է մերժված, իսկ Կանոնակարգի 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դիմումի քննարկումը համարվում է ավարտված։

9. Եթե Էթիկայի հանձնաժողովն ընդունում է՝

1) պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կամ շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների խախտման առկայության վերաբերյալ եզրակացություն և պատգամավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ որոշում կամ ընդունում է միայն եզրակացություն, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահը եզրակացությունը, իսկ ընդունվելու դեպքում՝ նաև որոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին։ Եզրակացությանը կցվում են դրանում նշված փաստերը և եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր, ինչպես նաև դիմումում նշված պատգամավորի ներկայացրած գրավոր դիրքորոշումներն ու պարզաբանումները․

2) պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կամ շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների խախտման բացակայության վերաբերյալ եզրակացություն, ապա այն մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում։

10. Եթե Էթիկայի հանձնաժողովն ընդունում է 19․9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դիմումում նշված հարցով շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ որոշում, ապա այն մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում։

11. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետում նշված եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն Էթիկայի հանձնաժողովի նախագահի կողմից հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Ազգային ժողովի նիստում Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հրապարակման համար Էթիկայի հանձնաժողովի նախագահին հատկացվում է մինչև քսան րոպե, որից անմիջապես հետո՝ մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը և հրապարակում է պատգամավորի նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցը։

 

Հոդված 19․12 Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորի նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցները

 

1. Պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կամ շահերի բախմանն իրավիճակի համար սահմանված պահանջների խախտման առկայության վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության և որոշման հիման վրա պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական միջոցները.

1) նախազգուշացում․

2) Ազգային ժողովի նիստում Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հրապարակմանը հաջորդող՝ մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, եթե խախտումը կատարվել է Ազգային ժողովի նիստի ընթացքում.

3) հեռացում՝ մինչև Ազգային ժողովի նիստում Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հրապարակման օրվա ավարտը կայանալիք նիստերից` զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից, եթե խախտումը կատարվել է Ազգային ժողովի նիստի ընթացքում.

4) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկում, եթե խախտումը կատարվել է Ազգային ժողովի նիստի ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետով սահմանված կարգապահական միջոցի կիրառման դեպքում պատգամավորն իրավունք ունի մասնակցելու Ազգային ժողովի նիստերի ընթացքում անցկացվող քվեարկություններին։

3. Նիստերի դահլիճից հիմնական զեկուցողի հեռացման դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է կարգապահական միջոցի կիրառման ժամկետով: Հարցի քննարկումը վերսկսվում է պատգամավորի մասնակցությունն Ազգային ժողովի նիստին ժամկետից շուտ վերականգնվելու դեպքում:

4. Խմբակցության հիմնավորված միջնորդությամբ Խորհուրդն իրավունք ունի մինչև սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված կարգապահական միջոցի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված պատգամավորի մասնակցությունն Ազգային ժողովի նիստին:

5. Նիստից հեռացման պահանջին չենթարկվելու դեպքում նախագահողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայությանը իրականացնել պահանջը։

 

Հոդված 19․13 Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտը

 

1. Էթիկայի հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեության ժամկետն ավարտվելու կամ լուծարվելու դեպքում:

2. Էթիկայի հանձնաժողովը կարող է լուծարվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:»։

 

Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «մշտական և» բառերից հետո լրացնել «առանձին նախագծի հարցով» բառերով։

 

Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին կետով․

«4․1 Էթիկայի հանձնաժողովի ստեղծում․»։

 

Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15․1-ին և 15․2-րդ կետերով․

«15․1) Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին հարցը․

15․2) Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը․»․

2) 16-րդ կետի «Ազգային ժողովի» բառերը փոխարինել «առանձին նախագծի հարցով Ազգային ժողովի» բառերով։

 

Հոդված 14. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին մասով․

«4․1․ Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված կարգապահական միջոցի կիրառման դեպքում պատգամավորն իրավունք ունի մասնակցելու Ազգային ժողովի նիստերի ընթացքում անցկացվող քվեարկություններին։»։

 

Հոդված 15. Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «կամ» բառից հետո լրացնել «առանձին նախագծի հարցով» բառերով։

 

Հոդված 16. Օրենքի 125-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր» բառերը․

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին կետով․

«2․1) առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովը՝ իր իրավասությանը վերապահված նախագծին վերաբերող հարցով․»․

3) 2-րդ մասի «ժամանակավոր» բառը փոխարինել «առանձին նախագծի հարցով ժամանակավոր» բառերով։

 

Հոդված 17. Օրենքի 162-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասից հանել «օրենքի» բառը․

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6․ Էթիկայի հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի ստորաբաժանում է, գործում է հանձնաժողովի աշխատակարգով և Աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ: Հանձնաժողովն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ համակարգող փորձագետ, առնվազն երկու փորձագետ (մասնագետ) և մեկ գործավար (օգնական): Հանձնաժողովի փորձագետների թիվը կարող է ավելացվել հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:»։

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 8

Երևան

ՀՕ-283-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան