ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․
«2․1․ Եթե մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոնները միաժամանակ թափուր են, և հանձնաժողովը Կանոնակարգի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով չի նշանակել հանձնաժողովի նախագահին փոխարինող, ապա հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի նախաձեռնությամբ։ Արտահերթ նիստը գումարելու նախաձեռնությամբ առաջարկվում է նաև հանձնաժողովի արտահերթ նիստը նախագահող հանձնաժողովի անդամի թեկնածությունը։ Արտահերթ նիստը հրավիրում և նախագահում է նախաձեռնությամբ առաջարկված հանձնաժողովի անդամը։ Արտահերթ նիստն անցկացվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու կամ հանձնաժողովի նախագահին փոխարինող նշանակելու օրակարգով և նախաձեռնողների սահմանած ժամկետում։»։
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1-ին և 7․2-րդ մասերով․
«7․1․ Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված նույն թեկնածուն երեք անգամ չի ընտրվում, ապա այդ տեղակալի ընտրության հարցի քննարկումը համարվում է ավարտված, և քննարկվում է Ազգային ժողովի նախագահի հաջորդ տեղակալի ընտրության հարցը։ Եթե ընտրվել է Ազգային ժողովի նախագահի առնվազն մեկ տեղակալ, և Ազգային ժողովի նախագահի մյուս տեղակալների ընտրության հարցերի քննարկումն ավարտվել է, ապա Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրությունների հարցի քննարկումն Ազգային ժողովի առաջին նստաշրջանում համարվում է ավարտված, և քննարկվում է օրակարգային հաջորդ հարցը։
7․2․ Եթե իրավասու խմբակցությունը մշտական հանձնաժողովի նախագահի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, կամ առաջադրված նույն թեկնածուն երեք անգամ չի ընտրվում, ապա այդ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը համարվում է ավարտված, և քննարկվում է հաջորդ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Եթե բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկումն ավարտվել է, ապա Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն Ազգային ժողովի առաջին նստաշրջանում համարվում է ավարտված, և Ազգային ժողովի ամենօրյա նիստերն ավարտվում են։»։
Հոդված 3. Օրենքի 138-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
2) 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 8 Երևան ՀՕ-275-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|