ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-282-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 17-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 59-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ժամանակին չվճարված գումարի 0.04» բառերը փոխարինել «սահմանված ժամկետում չվճարված գումարի 0.075» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ֆիզիկական անձանց կողմից միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի և հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ՝ սահմանված ժամկետում չվճարված գումարի 0.075 տոկոսի չափով:».

2) 5-րդ և 6-րդ մասերի «204-րդ հոդվածով» բառերը փոխարինել «199.1-ին հոդվածով» բառերով, իսկ «2-րդ մասով սահմանված ժամկետը» բառերը՝ «3-րդ մասով սահմանված ժամկետը» բառերով.

3) 6-րդ մասի «204-րդ հոդվածի 12-րդ մասով» բառերը փոխարինել «199.1-ին հոդվածի 6-րդ մասով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 192-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 202-րդ, 203-րդ, 204-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 198-րդ և 199-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 198. Մաքսային ստուգումը

 

1. Մաքսային ստուգումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Մաքսային հսկողության շրջանակներում մաքսային մարմինը մաքսային ստուգումն իրականացնելիս կիրառում է Միության մաքսային օրենսգրքի 331-333-րդ հոդվածներով նախատեսված մաքսային ստուգման հետևյալ տեսակները.

1) կամերալ մաքսային ստուգում.

2) արտագնա մաքսային ստուգում, որն էլ բաժանվում է հետևյալ տեսակների՝

ա. պլանային արտագնա մաքսային ստուգում,

բ. արտապլանային արտագնա մաքսային ստուգում,

գ. արտապլանային արտագնա մաքսային հանդիպական ստուգում:

3. Պլանային արտագնա մաքսային ստուգման ընթացակարգը սահմանում է Կառավարությունը:

4. Կամերալ և պլանային արտագնա մաքսային ստուգումներն իրականացվում են ստուգումն սկսելու մասին ծանուցելով:

5. Կոմիտեն սահմանում է կամերալ և պլանային արտագնա մաքսային ստուգումներն սկսելու մասին ծանուցման ձևերը, ինչպես նաև արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշման (կարգադրագրի) ձևը, որ պարունակում է Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված տեղեկությունները: Սույն մասով նախատեսված ձևերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն ստուգվող անձանց և մաքսային մարմնի պաշտոնատար անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

6. Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դեպքերում մաքսային մարմնի ղեկավարի, նրա լիազորած տեղակալի կամ նրանց փոխարինող անձանց կողմից ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա մինչև արտագնա մաքսային ստուգման անցկացման ավարտը արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ կարող են կատարվել փոփոխություններ (լրացումներ) մաքսային մարմնի որոշմամբ (հրամանով), որը վավերացնում են մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած տեղակալը կամ նրանց փոխարինող անձինք:

7. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի որոշման հիման վրա Կառավարության սահմանած կարգով մաքսային ստուգմանը կարող են ներգրավվել փորձագետներ կամ մասնագետներ այլ պետական մարմիններից:

8. Մաքսային ստուգումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի 5-րդ կետում նշված անձանց նկատմամբ՝ նույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված հանգամանքների ստուգման նպատակով: Նույն անձանց նկատմամբ նույն հաշվետու ժամանակաշրջանում նույն հանգամանքի ստուգում կարող է իրականացվել քրեական վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա:

 

Հոդված 199. Մաքսային ստուգման ժամկետները

 

1. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը, որը չի ներառում ստուգման ենթարկվող անձին կամ նույն ստուգման շրջանակներում այլ անձանց փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացման մասին պահանջը հանձնելու ամսաթվի և այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկություններն ստանալու ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածը, իսկ արտագնա մաքսային ստուգման առավելագույն ժամկետը սահմանված է Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 22-րդ կետով:

2. Կամերալ մաքսային ստուգման սկիզբ է համարվում կամերալ մաքսային ստուգումն սկսելու մասին ծանուցումը ստուգվող անձին հանձնելու ամսաթիվը, իսկ արտագնա մաքսային ստուգման սկիզբ է համարվում արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) ստուգման ենթարկվող անձին հանձնելու ամսաթիվը: Կամերալ և արտագնա մաքսային ստուգումների ավարտի ամսաթիվ է համարվում մաքսային ստուգման ակտը կազմելու ամսաթիվը:

3. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել, իսկ արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 23-րդ կետով սահմանված ժամկետով:

4. Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող կասեցվել, իսկ արտագնա մաքսային ստուգման ժամկետը ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա կարող է կասեցվել Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 24-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև հետևյալ դեպքերում.

1) ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքում՝ այդպիսի առգրավման օրվանից, իսկ առգրավման օրը հայտնի չլինելու դեպքում՝ առգրավման հանգամանքի վերաբերյալ մաքսային մարմնին հայտնի դառնալու օրվանից.

2) մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման և համապատասխան հաղորդման ներկայացման դեպքում՝ համապատասխան վարույթի հարուցման օրվանից, իսկ այդպիսի վարույթի հարուցման օրվա վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմնին հայտնի չլինելու դեպքում՝ վարույթի առկայության հանգամանքի վերաբերյալ մաքսային մարմնին հայտնի դառնալու օրվանից:

5. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է կասեցվել մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան ինն ամսով, բացառությամբ՝

1) քրեական վարույթ իրականացնող կամ այլ իրավասու գերատեսչություններ հարցումներ կատարելու դեպքի, որի պարագայում ստուգման ժամկետը կասեցվում է մինչև հարցման պատասխանն ստանալու օրը ներառյալ.

2) ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքի, որի պարագայում ստուգման ժամկետը կասեցվում է մինչև դրանք վերադարձնելու օրը ներառյալ.

3) մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման և համապատասխան հաղորդման ներկայացման դեպքերի, երբ ստուգման ժամկետը կասեցվում է մինչև քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով քննվող գործով որոշումը մաքսային մարմինների ստանալու օրը ներառյալ.

4) մաքսային փորձաքննություն անցկացնելու դեպքի, երբ ստուգման ժամկետը կասեցվում է մինչև փորձաքննության եզրակացությունը (պատասխանը) ստանալու օրը ներառյալ.

5) փաստաթղթերի վերականգնման կամ այնպիսի փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության դեպքի, որոնք ազդեցություն պետք է ունենան ստուգման արդյունքների վրա, որի պարագայում ստուգման ժամկետը կասեցվում է մինչև մաքսային մարմիններ փաստաթղթերի ներկայացման օրը ներառյալ:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 199.1-199.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 199.1. Մաքսային ստուգման արդյունքների ամփոփումը

 

1. Մաքսային ստուգման արդյունքների ամփոփման նպատակով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումն ավարտվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման խախտումներ հայտնաբերած լինելու դեպքում կազմում է Կոմիտեի սահմանած ձևով ստուգման ակտի նախագիծ, որն ստորագրում է և կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն օրենքի 199.3-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում է ստուգվող անձին: Ստուգման արդյունքով խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է ստուգման ակտ՝ առանց ակտի նախագիծ կազմելու, որն ստորագրում է և կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն օրենքի 199.3-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում ստուգվող անձին:

2. Ստուգվող անձը ստուգման ակտի նախագիծն ստանալու (ստացված համարվելու) օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում փոստային կապի միջոցով հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով (այդպիսի հնարավորության առկայության դեպքում) կամ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է առարկություններ ստուգման ակտի նախագծի վերաբերյալ կամ տեղեկացնում է այդպիսի առարկությունների բացակայության մասին: Մինչև սույն մասում նշված ժամկետի ավարտը ստուգման ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում՝ այդ ժամկետի ավարտի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին գրավոր տեղեկացվելու դեպքում դրանք ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է ստուգման ակտ՝ Կոմիտեի սահմանած ձևով, որն ստորագրում է և սույն օրենքի 199.3-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում ստուգվող անձին: Եթե ստուգվող անձը նաև պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ստուգման ակտի պատճենն ուղարկվում է համապատասխան պետական կառավարման մարմին:

3. Մաքսային ստուգման արդյունքով կազմված ակտում (ակտի նախագծում) ներառվում են՝

1) Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 28-րդ կետով սահմանված տեղեկությունները.

2) սույն օրենքի 199.2-րդ հոդվածին համապատասխան կայացված որոշումը.

3) վճարման առաջադրվող պարտավորությունների հաշվարկը և իրավական հիմքերը.

4) բողոքարկման ժամկետը և կարգը (լրացվում են միայն ստուգման ակտում).

5) ստուգման ակտի նախագծի վերաբերյալ ստուգվող անձի ներկայացրած առարկությունների (որոնք կցվում են ակտին) ընդունման կամ չընդունման վերաբերյալ նշումները (լրացվում են միայն ստուգման ակտում):

4. Ստուգման ակտի նախագծին կցվում են՝

1) փորձագիտական եզրակացության՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը (ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց ստորագրությամբ վավերացված)՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում.

2) խախտումներին ու դրանց արձանագրմանն առնչվող այն փաստաթղթերի՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակները (ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց ստորագրությամբ վավերացված), որոնք պիտանի և անհրաժեշտ են ստուգմամբ հայտնաբերված խախտումների փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը համարվում են ստուգման ակտի անբաժանելի մաս:

6. Մաքսային ստուգման ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող անձի ծանուցվելու (ծանուցված համարվելու) օրվան հաջորդող օրվանից: Մաքսային ստուգման ակտը դառնում է անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում, և դրանով առաջադրված գումարները և (կամ) այլ պահանջները ստուգվող անձի կողմից ենթակա են վճարման և կատարման նշված ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում, եթե ստուգման ակտում օրենսդրությամբ սահմանված այլ ժամկետ սահմանված չէ: Սույն կետով սահմանված ժամկետում պարտավորությունների կատարման դեպքում նշված ժամանակահատվածի համար տույժեր չեն հաշվարկվում: Միության մաքսային օրենսգրքով կամ սույն օրենքով մաքսային ստուգման ակտով հայտնաբերված իրավախախտման վերացման համար այլ ժամկետ սահմանված լինելու դեպքում սույն մասով սահմանված 10-օրյա ժամկետի փոխարեն ստուգման ակտով նախատեսվում է Միության մաքսային օրենսգրքով կամ սույն օրենքով սահմանված այդ ժամկետը:

7. Մաքսային ստուգման արդյունքներով վարչական կամ քրեական իրավախախտման փաստեր հայտնաբերվելու դեպքում դրանց հետագա ընթացքն ապահովվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 199.2. Մաքսային ստուգման ակտում որոշումների արտացոլումը

 

1. Մաքսային ստուգման ակտում արտացոլվում են ստուգման արդյունքով ընդունված հետևյալ որոշումները.

1) մաքսային հայտարարագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ.

2) մաքսային վճարների, մաքսային մարմիններին վճարվող հարկերի, ներքին շուկայի պաշտպանության միջոցների գծով պարտավորությունների հաշվարկման համար Միության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային փաստաթղթի լրացման վերաբերյալ.

3) պարտավորություններն ստուգման ակտով վճարման առաջադրելու վերաբերյալ.

4) հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ սահմանելու մասին՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում.

5) գործունեությունը կասեցնելու մասին՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում.

6) մաքսային մարմնի կողմից վարվող ռեեստրից հանելու մասին՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում.

7) սույն օրենքի 336.1-ին հոդվածով սահմանված պատասխանատվության առաջադրման վերաբերյալ.

8) այլ որոշումներ, որոնք օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարող են ընդունվել մաքսային ստուգումների արդյունքով:

2. Մաքսային ստուգման ակտը կարող է բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 199.3. Մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ ստուգվող անձին ծանուցման եղանակները և ժամկետները

 

1. Մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ ստուգվող անձին ծանուցումն իրականացվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով․

1) առձեռն, որի դեպքում ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է վավերացնել փաստաթղթերի երկու օրինակները՝ հաստատելով փաստաթղթերն ստանալու հանգամանքը, որոնցից մեկը (մաքսային մարմնի օրինակը) վերադարձվում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին: Փաստաթուղթը վավերացնելուց և ստանալուց հրաժարվելու դեպքում այդ մասին ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը համապատասխան գրառում է կատարում փաստաթղթի համապատասխան օրինակի վրա, որը վավերացվում է իր և ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից, իսկ վերջինիս կողմից վավերացումից հրաժարվելու դեպքում այդ մասին ևս գրառում է կատարվում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի կողմից: Սույն կետով սահմանված դեպքում փաստաթուղթն ստանալու ամսաթիվ է համարվում փաստացի հանձնելու ամսաթիվը, իսկ փաստաթուղթն ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու դեպքում՝ գրառում կատարելու ամսաթիվը․

2) հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով: Սույն կետով սահմանված դեպքում փաստաթուղթն ստանալու ամսաթիվ է համարվում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի էջում տեղադրելու ամսաթիվը, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից․

3) փոստային կապի միջոցով հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով՝ մաքսային և (կամ) հարկային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման, գրանցման, գործունեության կամ բնակության հասցեով: Փոստային կապի միջոցով փաստաթղթերն ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում նշված փաստաթղթերի վերաբերյալ ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի պարագայում անձինք համարվում են պատշաճ ծանուցված փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:

2. Սույն հոդվածի իմաստով մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթեր են համարվում`

1) կամերալ մաքսային ստուգումն սկսելու մասին ծանուցումը.

2) արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշումը (կարգադրագիրը).

3) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը (հրամանը).

4) մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով այլ պետական մարմիններից փորձագետներ կամ մասնագետներ ներգրավելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը.

5) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին մաքսային մարմնի որոշումը.

6) արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցնելու մասին մաքսային մարմնի որոշումը.

7) մաքսային ստուգման ակտի նախագիծը.

8) մաքսային ստուգման ակտը:

Սույն մասով նախատեսված փաստաթղթերի ձևերը սահմանում է Կոմիտեն:

3. Մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերը ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ծանոթանալու նպատակով ներկայացվում են հետևյալ ժամկետներում.

1) կամերալ մաքսային ստուգումն սկսելու մասին ծանուցումը՝ ոչ ուշ, քան ստուգումն սկսելու օրը.

2) պլանային արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին ծանուցումը՝ ոչ ուշ, քան ստուգումն սկսելուց 15 օր առաջ.

3) արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշումը (կարգադրագիրը)՝ ոչ ուշ, քան ստուգումն սկսելու օրը.

4) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը՝ մինչև ստուգման ավարտը, սակայն ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

5) մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով այլ պետական մարմիններից փորձագետներ կամ մասնագետներ ներգրավելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը՝ որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ստուգման ավարտը.

6) արտագնա մաքսային ստուգում անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին մաքսային մարմնի որոշումը՝ մինչև ստուգման ավարտը, սակայն ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

7) արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցնելու մասին մաքսային մարմնի որոշումը՝ ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

8) մաքսային ստուգման ակտի նախագիծը և ստուգման ակտը՝ սույն օրենքի 199.1-ին հոդվածով սահմանված ժամկետներում:»:

 

Հոդված 5. Օրենքի 251-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ուղարկվում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորած ներկայացուցչին» բառերը փոխարինել «սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով ներկայացվում է իրավաբանական անձին, իսկ մաքսային ստուգման արդյունքով կասեցման որոշում ընդունելու դեպքում որոշումը ներկայացվում է սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով և սույն օրենքի 199.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում» բառերով.

2) 4-րդ մասի «ծանուցում է իրավաբանական անձի ղեկավարին կամ նրա լիազորած ներկայացուցչին» բառերը փոխարինել «սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով ծանուցում է իրավաբանական անձին» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի «ծանուցում է իրավաբանական անձին» բառերը փոխարինել «սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով ծանուցում է իրավաբանական անձին, իսկ մաքսային ստուգման արդյունքով այդ որոշումն ընդունելու դեպքում որոշումը նույն եղանակներով ծանուցում է սույն օրենքի 199.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում» բառերով, իսկ «որոշումն իրավաբանական անձի լիազորած ներկայացուցչին է հանձնվում առձեռն կամ ուղարկվում է իրավաբանական անձին փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ նշելով հանձնման փաստը և ամսաթիվը» բառերը՝ «որոշումը սույն օրենքի 199.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով ներկայացվում է իրավաբանական անձին» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 270-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից, 276-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից, 281-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից և 286-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետից հանել «շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 316-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում մաքսային ստուգման շրջանակում հայտնաբերված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի), տուրքերի չհաշվարկման (պակաս հաշվարկման) կամ չվճարման (պակաս վճարման) հանգեցրած այն արարքի վրա, որի համար ստուգվող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը մաքսային ստուգման ակտով առաջադրվել է սույն օրենքի 336.1-ին հոդվածով սահմանված տուգանքը:»:

 

Հոդված 9. Օրենքի 317-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասը չի տարածվում մաքսային ստուգման շրջանակում հայտնաբերված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի), տուրքերի չհաշվարկման (պակաս հաշվարկման) կամ չվճարման (պակաս վճարման) հանգեցրած այն արարքի վրա, որի համար ստուգվող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը մաքսային ստուգման ակտով առաջադրվել է սույն օրենքի 336.1-ին հոդվածով սահմանված տուգանքը:»:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին բաժնով․

 

«Բ Ա Ժ Ի Ն  9.1

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  59.1

 

Հոդված 336.1. Կամերալ կամ արտագնա մաքսային ստուգումների արդյունքով պատասխանատվությունը

 

1. Կամերալ կամ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկման կամ պակաս հաշվարկման (այդ թվում՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ պայմանական բաց թողնված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները բաց թողնելու պայմանի խախտմամբ օգտագործելու կամ տնօրինելու արդյունքով) հանգամանք բացահայտվելու դեպքում ստուգվող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը մաքսային ստուգման ակտով չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի), սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված տույժերի հետ մեկտեղ առաջադրվում է տուգանք՝

չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի 20 տոկոսի չափով (բացառությամբ սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի),

ապրանքների կամ տրանսպորտային միջոցների համար արտոնությունների կիրառման հետևանքով չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի 50 տոկոսի չափով, եթե այդպիսի հարկերի, տուրքերի և վճարների պակաս վճարման կամ չվճարման հանգամանքը ծագել է մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ պայմանական բաց թողնված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները բաց թողնելու պայմանի խախտմամբ օգտագործելու կամ տնօրինելու արդյունքով:»:

 

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո սկսված մաքսային ստուգումների վրա:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սկսված մաքսային ստուգումներն ավարտվում են մինչև սույն օրենքը գործող օրենսդրական կարգավորումներին համապատասխան:

3. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 8

Երևան

ՀՕ-282-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան