ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-310-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող` Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված հաշվետու ֆինանսական հաստատությունները Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով և Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում հաշվետու հաշիվների վերաբերյալ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված Ստանդարտով սահմանված տեղեկությունները:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) ռեզիդենտ և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող` Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված հաշվետու ֆինանսական հաստատությունները Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով և Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում հաշվետու հաշիվների վերաբերյալ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված Ստանդարտով սահմանված տեղեկությունները:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտությունը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) 1-ին կետի «անմիջապես ստուգումն սկսելիս» բառերը փոխարինել «անմիջապես ստուգումն սկսելիս, իսկ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով սահմանված հարցը ներառող հանձնարարագրի կնքված երկու օրինակը առձեռն ծանոթացման է ներկայացվում ստուգումն սկսելուց երեք աշխատանքային օր առաջ» բառերով․

2) 3-րդ կետի «և 6-րդ» բառերը փոխարինել «, 6-րդ և 10-րդ» բառերով․

3) 4-րդ կետի «և 8-րդ» բառերը փոխարինել «, 8-րդ և 10-րդ» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 340-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության ստուգման հարցերը ներառում են՝

1) հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ամբողջականությունը և ճշտությունն ստուգելու նպատակով հարցերը․

2) հաշվետու ֆինանսական հաստատության կողմից պատշաճ ստուգման ընթացակարգերով նախատեսված պարտավորությունների կատարումը ստուգելու հարցերը․

3) Օրենսգրքի 80.2-րդ գլխից բխող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պարտավորությունների կատարումն ստուգելու հարցերը:»․

2) 6-րդ մասը «տրանսֆերային գնագոյացման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև թեմատիկ՝ ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության» բառերով:

 

Հոդված 6․ Օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասում «և 8-րդ» բառերը փոխարինել «, 8-րդ և 10-րդ» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 402.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 402.3. Հաշվետու ֆինանսական հաստատության կամ հաշվետերերի և վերահսկող անձանց կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու, հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն ներկայացնելու, ստուգման (ուսումնասիրության) ընթացակարգերը պահպանելու կանոնները խախտելը

 

1. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 80.2-րդ գլխով կամ դրա համաձայն ընդունված իրավական ակտերով նախատեսված պատշաճ ուսումնասիրության կամ հավաստող փաստաթղթերի պահպանման պարտավորությունները յուրաքանչյուր հաշվետիրոջ մասով չկատարվելու դեպքում հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:

2. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով սահմանված տեղեկությունները Օրենսգրքի 80.2-րդ գլխով կամ դրա համաձայն ընդունված իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով հարկային մարմնին Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չտրամադրվելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված տեղեկության համար հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հաշվետու ֆինանսական հաստատության կողմից տեղեկությունները չտրամադրվելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված տեղեկության համար հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:

3. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով սահմանված տեղեկությունները Օրենսգրքի 80.2-րդ գլխով կամ դրա համաձայն ընդունված իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով հարկային մարմնին Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ուշ տրամադրվելու դեպքում Օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրված յուրաքանչյուր տեղեկության համար հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 250 հազար դրամի չափով:

 4. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություններ տրամադրվելու դեպքում յուրաքանչյուր ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության համար հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:

 5. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի նպատակներով ստացված ինքնահայտարարագրի մեջ կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություն տրամադրվելու դեպքում հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500,000 դրամի չափով:

 6. Հաշվետերերի և վերահսկող անձանց կողմից ինքնահայտարարագիր չներկայացվելու դեպքում կամ ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություն տրամադրվելու դեպքում հաշվետերերից կամ վերահսկող անձանցից ինքնահայտարարագիր չներկայացնելու յուրաքանչյուր դեպքի կամ ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության տրամադրման համար գանձվում է տուգանք՝ 500,000 դրամի չափով:

7. Եթե հաշվետու ֆինանսական հաստատությունն օտարերկրյա իրավաբանական կազմավորում կամ մասնաճյուղ է, որը գտնվում է Հայաստանում, ապա տույժը կիրառվում է հաշվետու ֆինանսական հաստատության գործունեության կառավարման համար պատասխանատու անձի նկատմամբ: Սույն մասի կիրառման իմաստով՝ պատասխանատու անձը տրաստի դեպքում կառավարիչն է, իսկ գործընկերության դեպքում՝ գործընկերը:

8. Սույն հոդվածով սահմանված խախտումների հայտնաբերման դեպքերում տուգանքներ չեն կիրառվում, եթե ֆինանսական հաստատությունը ձեռնարկել է խախտումը վերացնելու համար անհրաժեշտ գործողություններ և փաստացի դրանք վերացրել է մինչև պատասխանատվության միջոցի վարույթի ավարտը, կամ խախտումը կրում է տեխնիկական բնույթ:

9. Մինչև սույն հոդվածով սահմանված տուգանքի կիրառումը հարկային մարմինը տուգանքի կիրառման մասին վարչական ակտի նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ վարչական ակտով սահմանված տուգանքի կիրառման պարագայում հաշվետու ֆինանսական հաստատությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացության հանգեցնելու հնարավորության վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նման եզրակացություն ստանալու դեպքում հարկային մարմինը կարող է չկիրառել վարչական ակտով արձանագրված տուգանքը, եթե հաշվետու ֆինանսական հաստատությունը պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 80.2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 80.2

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

Հոդված 443.3.

Կիրառվող հասկացությունները

 

1. Սույն գլխում, ինչպես նաև սույն գլխի դրույթներից բխող՝ Օրենսգրքի այլ հոդվածներում նշված հասկացություններն ունեն Ստանդարտով սահմանված նշանակությունը, մասնավորապես՝

1) Ստանդարտ՝ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտը՝ ներառյալ վերջինիս Մեկնաբանությունը, որը հաստատվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2014 թվականի հուլիսի 15-ին, ներառյալ՝ հետագա փոփոխությունները: Հարկային մարմինն ապահովում է Ստանդարտի, ինչպես նաև դրա փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը՝ դրանք տեղադրելով իր պաշտոնական կայքում.

2) կոնվենցիա՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի հունվարի 24-ին ստորագրված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական օգնության մասին» կոնվենցիան, ներառյալ հետագա փոփոխությունները.

3) համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2024 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը, ներառյալ հետագա փոփոխությունները.

4) տեղեկությունների տրամադրում՝ հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով սահմանված հաշվետվություն, որով Ստանդարտով սահմանված տեղեկությունները հաշվետու ֆինանսական հաստատությունը ներկայացնում է հարկային մարմին.

5) հաշվետու հաշիվ՝ մեկ կամ մի քանի հաշվետու անձանց պատկանող ֆինանսական հաշիվ կամ պասիվ ոչ ֆինանսական կազմակերպության հաշիվ, որը վերահսկվում է հաշվետու անձ հանդիսացող անձանց կողմից, և որը նույնականացվել է որպես այդպիսին՝ Ստանդարտով նախատեսված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի կիրառման արդյունքում.

6) հաշվետու անձ՝ հաշվետու պետության անձ, բացառությամբ ընկերության, որի բաժնետոմսերը պարբերաբար վաճառվում են արժեթղթերի մեկ կամ մի քանի մասնագիտացված շուկայում, այդ ընկերության փոխկապակցված ընկերության, պետական մարմնի, միջազգային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ ֆինանսական հաստատության.

7) հաշվետու ֆինանսական հաստատություն՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական հաստատություն (բացառությամբ այդ ֆինանսական հաստատության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող մասնաճյուղերի) և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող՝ ոչ ռեզիդենտ ֆինանսական հաստատության մասնաճյուղ, որոնք Ստանդարտի և սույն կետի իմաստով ոչ հաշվետու ֆինանսական հաստատություններ չեն: Ոչ հաշվետու ֆինանսական հաստատությունների ցանկը հաստատվում է հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով.

8) հաշվետու պետություն՝ պետություն, որի հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա: Փոխանակում իրականացնող պետությունների ցանկը յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 30-ը հարկային մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայքում.

9) ազատված հաշիվ՝ Ստանդարտով սահմանված հաշիվներ, որոնց ցանկը հաստատվում է հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով:

 

Հոդված 443.4.

Հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից տեղեկությունների տրամադրումը

 

1. Հաշվետու ֆինանսական հաստատությունը մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա հունիսի 30-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում նախորդ տարվա բոլոր հաշվետու հաշիվների վերաբերյալ տեղեկությունները: Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից հաշվետու հաշիվների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը, ձևաչափը և դրա լրացման կարգը սահմանվում են հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով:

2. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով նախատեսված պատշաճ ստուգման ընթացակարգերի արդյունքում տվյալ օրացուցային տարում հաշվետու հաշիվներ չբացահայտվելու դեպքում ֆինանսական հաստատությունը մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացնում զրոյական հաշվետվություն՝ հարկային մարմնի սահմանած կարգով և ձևով:

3. Ֆինանսական հաստատության՝ Ստանդարտով նախատեսված պատշաճ ստուգման ընթացակարգը սահմանվում է հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով:

 

Հոդված 443.5.

Փաստաթղթերի պահպանությունը

 

1. Հաշվետու ֆինանսական հաստատությունը պարտավոր է պահպանել Ստանդարտով, համաձայնագրով և սույն գլխով սահմանված պարտավորությունների կատարումը հավաստող պատշաճ ստուգման ընթացակարգերի իրականացման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը:

2. Ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային ծրագրերում և էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը հաշվետու ֆինանսական հաստատությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով: Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմինների ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի տեղեկությունների ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 443.6.

Պարտավորություններից խուսափելը

 

1. Սույն գլխի պահանջներից խուսափելու, ինչպես նաև դրանք չկատարելու նպատակով որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում այն ձեռք բերած անձանց նկատմամբ տարածվում են Ստանդարտի, համաձայնագրի և սույն գլխի դրույթները, եթե հաստատվում է, որ նման պայմանավորվածության հիմնական նպատակը սույն գլխի պահանջներից խուսափելը կամ չկատարելն է:»:

 

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 443.3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը և Կենտրոնական բանկը սահմանում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 443.3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը և Կենտրոնական բանկը սահմանում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը և Կենտրոնական բանկը սահմանում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

5. Սույն օրենքի 8-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

6. Սույն օրենքի 8-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը և Կենտրոնական բանկը սահմանում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

7. Սույն օրենքի 8-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 443.5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 15

Երևան

ՀՕ-310-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2026 թվական: