ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14.3-րդ հոդվածի 30-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի իրագործումն ապահովում է համայնքի ղեկավարը՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Համայնքի ղեկավարը կազմում և վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ՝ ընթացիկ քարտեզ), որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ընթացիկ քարտեզի՝ սահմանված կարգով հաստատված պատճենը կցվում է համայնքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերին, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը: Ավագանու հաստատած ընթացիկ քարտեզի՝ սահմանված կարգով հաստատված պատճենը կամ հաստատման մասին որոշման քաղվածքը, սույն օրենքի 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ներկայացվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ պետական քաղաքաշինական կադաստրի վարումը, տարեկան կտրվածքով քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը և կադաստրային ամփոփումը կատարելու համար: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաստաթղթերի համար՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:»:
Հոդված 2. Օրենքի 14․3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34-րդ մասով.
«34. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը, սույն օրենքի 10.1-ին և 20-րդ հոդվածների դրույթների շրջանակում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 34.1-ին հոդվածի 14-րդ մասի համաձայն, կադաստրային քարտեզում սխալի ուղղման արդյունքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով (գլխավոր հատակագիծ, գոտևորման նախագիծ) ամրագրվածից տարբերվող հողամասի ուղղված նպատակային և (կամ) գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումից հետո պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման շրջանակում վեցամսյա ժամկետում ներառում է այն պետական քաղաքաշինական կադաստրի ընթացիկ քարտեզում, ընդ որում փոխանցվող տեղեկատվության ընթացիկ ուղղումներն ամփոփվում են տարեկան կտրվածքով մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ ամբողջական ամփոփումը պետք է իրականացվի մինչև 2030 թվականի հունվարի 1-ը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-320-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: