ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-368-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» բառերով։

 

Հոդված 2 Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1․ Սույն օրենքը կարգավորում է բանկերում ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների` օրենքով սահմանված չափով հատուցումը երաշխավորելու, ինչպես նաև բանկերի վերակառուցման գործընթացում այդ բանկային ավանդների պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

2․ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցվող բանկի և կամուրջ բանկի երաշխավորված ավանդների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով։»։

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով․

«զ) որը, Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտի համաձայն, բանկի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող պարտավորությունն է։»։

 

Հոդված 4 Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Երաշխավորված ավանդների հատուցման դեպքը

 

1․ Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` հատուցման դեպք) է համարվում «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին անվճարունակ ճանաչելը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը հաստատելը կամ «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկը սնանկ ճանաչելը (այսուհետ բոլոր դեպքերի համար` անվճարունակ բանկ):»։

 

Հոդված 5 Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով․

«9․ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ բանկի վերակառուցման գործընթացում վերակառուցվող բանկի ավանդներն այլ բանկի, այդ թվում՝ կամուրջ բանկին փոխանցվելու դեպքում, ինչպես նաև կամուրջ բանկի ավանդներն այլ բանկի փոխանցվելու դեպքում յուրաքանչյուր բանկում միևնույն ավանդատուին պատկանող ժամկետային ավանդները երաշխավորվում են որպես առանձին բանկային ավանդներ մինչև ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը: Յուրաքանչյուր բանկում առկա միևնույն ավանդատուին պատկանող ցպահանջ կամ սույն մասով սահմանված ժամկետային ավանդից բացի, ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդները փոխանցման պահից մեկ տարվա ընթացքում երաշխավորվում են որպես առանձին բանկային ավանդներ: Սույն մասով սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու օրվանից այդ ավանդները երաշխավորվում են որպես մեկ ավանդ:

10. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ բանկի վերակառուցման գործընթացում վերակառուցվող բանկի ավանդները այլ բանկի, այդ թվում՝ կամուրջ բանկին փոխանցվելու դեպքում կամ կամուրջ բանկի ավանդներն այլ բանկի փոխանցվելու դեպքում վերակառուցման որոշման օրվա դրությամբ, սույն օրենքի համաձայն, երաշխավորված ավանդ չհամարվող ժամկետային բանկային ավանդները մինչև պայմանագրի ժամկետի ավարտը շարունակում են համարվել չերաշխավորված, իսկ վերակառուցման որոշման օրվա դրությամբ, սույն օրենքի համաձայն, երաշխավորված ավանդ չհամարվող ցպահանջ կամ սույն մասով սահմանված ժամկետային ավանդից բացի, ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով բանկային ավանդները փոխանցման պահից մեկ տարվա ընթացքում շարունակում են համարվել չերաշխավորված։»։

 

 Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 10. Հիմնադրամի հետադարձ պահանջի իրավունքը

 

1. Երաշխավորված գումարը հատուցելուց հետո Հիմնադրամը փաստացի հատուցված գումարի և հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերի չափով պահանջի իրավունք է ձեռք բերում լուծարվող բանկի նկատմամբ:

2. Հիմնադրամը սույն օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում իր կրած ծախսերի չափով պահանջի իրավունք է ձեռք բերում լուծարվող բանկից:

3. Սնանկ ճանաչված բանկը Հիմնադրամի հանդեպ իր պարտավորությունը կատարում է «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով:»։

 

Հոդված 7 Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․

«4․ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման որոշում ընդունելուց հետո վերակառուցվող բանկը և կամուրջ բանկը շարունակում են կատարել երաշխիքային վճարներ, բացառությամբ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված դեպքերի։»։

 

Հոդված 8․ Օրենքի 16-րդ հոդվածից հանել «Կենտրոնական բանկի կողմից բանկի ֆինանսական առողջացման մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում բանկը վճարում է անվճարունակության գործընթացում գտնվելու ժամանակահատվածի համար պարբերական երաշխիքային վճարները: Անվճարունակության գործընթացում գտնվելու ժամանակահատվածի համար չեն վճարվում սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված տոկոսները:» նախադասությունները։

 

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը «Հոգաբարձուների խորհրդի մեկ անդամին ընտրում են հոգաբարձուների խորհրդի նշանակված անդամները:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Հոգաբարձուների խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը Հայաստանի Հանրապետության առևտրային բանկի աշխատակից կամ մասնակից է:»:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.

 

«Հոդված 20.1. Հիմնադրամի միջոցների օգտագործումը բանկի վերակառուցման գործընթացում

 

1․ Կենտրոնական բանկը կարող է բանկի վերակառուցման որոշմամբ նախատեսել Հիմնադրամի միջոցների անհատույց տրամադրում վերակառուցման գործընթացում, պայմանով, որ ավանդատուների համար ապահովելու է հասանելիություն երաշխավորված բանկային ավանդներին։ Հիմնադրամի կողմից սույն մասով սահմանված անհատույց տրամադրվող միջոցների չափը հաշվարկելու համար, «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, գնահատված վնասի (այդ թվում՝ բանկի վաճառքի գնի հիման վրա որոշված) մեծությունը բաշխվում է «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված՝ պարտատերերի պահանջների բավարարման հերթերի միջև՝ հակառակ հերթականությամբ, և Հիմնադրամի կողմից տրամադրվում են երաշխավորված ավանդներին վերագրվող վնասի մեծությանը համարժեք միջոցներ։

2. Այն դեպքում, երբ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով իրականացված վերջնական անկախ գնահատման արդյունքում պարզվում է, որ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Հիմնադրամի տրամադրած անհատույց միջոցները գերազանցել են վերակառուցվող բանկի պայմանական լուծարման դեպքում Հիմնադրամի հնարավոր կորուստների մեծությունը, ապա «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված Վերակառուցման հիմնադրամը այդ տարբերության չափով փոխհատուցում է Հիմնադրամին։

3. Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Հիմնադրամը կարող է փոխառություն կամ երաշխավորություն տրամադրել Վերակառուցման հիմնադրամին՝ պայմանով, որ ավանդատուների համար ապահովվելու է հասանելիություն երաշխավորված բանկային ավանդներին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել փոխառության կամ երաշխավորության տրամադրման չափանիշներ և պայմաններ:

4. Վերակառուցման գործընթացում Հիմնադրամի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհատույց տրամադրված միջոցների, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փոխառության, երաշխավորության հանրագումարը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից դրանց տրամադրման վերաբերյալ որոշումը կայացնելու պահի դրությամբ հետևյալ մեծություններից նվազագույնը․

1) վերակառուցվող բանկի պայմանական լուծարման դեպքում՝ Հիմնադրամի հնարավոր կորուստների չափ․

2) Հիմնադրամի միջոցների 50 տոկոս:»։

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-368-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: