ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ԿՈՒՏԱԿԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1085-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2026 թվականի N 1085-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ԿՈՒՏԱԿԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները սահմանելու մասին» N 654-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 23-ի N 1085-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ԿՈՒՏԱԿԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) տեղեկություն հայցող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայություն, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության դատարաններ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, որոնք սույն կարգով սահմանված ձևով դիմում են Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո (այսուհետ՝ բյուրո)՝ տեղեկություն ստանալու համար.

2) տեղեկություն տրամադրող` բյուրոն կամ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմինները․

3) տեղեկությունների փոխանակում՝ բյուրոյից տեղեկության հայցումը և բյուրոյի կողմից դրա տրամադրումը, ինչպես նաև բյուրոյի կողմից սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմիններից տեղեկության հայցումն ու ստացումը.

4) տվյալների էլեկտրոնային պահոց՝ բյուրոյի կողմից կառավարվող ներքին տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է հանցագործությունների, հանցավոր վարքագծի, դրանց մասնակից անձանց և վարութային նշանակություն ունեցող տեղեկությունների հավաքագրման, համակարգման, դասակարգման, պահպանման, մշակման և օգտագործման համար՝ օրենքով սահմանված կարգով ապահովելով տվյալների գաղտնիությունը, ամբողջականությունը, իսկությունը և հասանելիության սահմանափակումները.

5) տեղեկությունների կուտակում՝ բյուրոյի գործունեության ընթացքում Ինտերպոլի և դրա անդամ պետությունների իրավապահ մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում ստացված տեղեկությունների ներառումը տվյալների էլեկտրոնային պահոցում։

2․ Բյուրոյի կողմից սույն կարգի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված մյուս մարմիններին տեղեկությունը տրամադրվում է օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

 

2. ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԿՈՒՏԱԿԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3. Բյուրոյի կողմից տեղեկություն հայցողներին տեղեկությունը տրամադրվում է հայերեն կազմված հարցումների հիման վրա: Տեղեկությունը փոխանակվում է առկա կապի միջոցներով: Գաղտնի տեղեկությունը փոխանակվում է պաշտպանված կապուղիների միջոցով:

4. Նախաքննություն և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հարցումը պետք է պարունակի՝

1) քրեական վարույթը նախաձեռնող կամ օպերատիվ հաշվառման գործը վարող մարմնի անվանումը, քրեական վարույթը նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, վարույթի համարը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը.

2) դեպքի համառոտ նկարագրությունը.

3) մեղադրյալի կամ օպերատիվ հաշվառման գործում ներգրավված անձի մասին առկա բոլոր տվյալները, այդ թվում՝ դատվածության, որևէ լեզվի տիրապետելու, այցելած երկրների, մեղադրյալի մերձավոր ազգականների գտնվելու վայրերի վերաբերյալ.

4) իրեղեն ապացույց ճանաչված առարկաների վերաբերյալ ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև դիրքորոշում՝ դրանց տվյալները Ինտերպոլի համապատասխան տվյալների պահոցներում զետեղելու վերաբերյալ.

5) այն հարցերը, որոնց պարզաբանման համար պետք է կատարվի ստուգում կամ կատարվի հարցում և տրամադրվի տեղեկություն.

6) հարցմանը կցվող փաստաթղթերը, այդ թվում` առկայության դեպքում քրեական հետապնդում հարուցելու, անձին քրեական վարույթին ներգրավելու մասին և խափանման միջոց ընտրելու կամ փոխելու մասին որոշումների պատճենները, կամ մեղադրյալի մատնադրոշմները, մատնահետքերը, ԴՆԹ բնութագրերը, լուսանկարը, հանցագործության առարկայի լուսանկարը, հնարավորության դեպքում՝ հանցագործության առարկայի նմուշը.

7) նշում տվյալները երրորդ անձին տրամադրելու թույլտվության կամ արգելելու մասին.

8) այն պաշտոնատար անձի տվյալները (մարմնի անվանումը, ծառայողի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսի և ֆաքսի համարները), ում պետք է փոխանցվի տեղեկությունը:

5. Հարցումների մեջ օտարերկրյա քաղաքացիների անուններն ու ազգանունները, իրավաբանական անձանց անվանումները և այլ անհատականացնող տվյալները, դրանց գրավոր տարբերակի առկայության դեպքում, վերարտադրվում են բնագրով կամ Ինտերպոլի պաշտոնական լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ արաբերեն) մեկով:

6. Հարցումը ստորագրվում է սույն կարգի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմնի ղեկավարի կամ տեղակալի կամ մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի կողմից:

7. Այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող անձինք լիազորված են հարցումը ստորագրելու, հաստատվում է սույն կարգի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմնի ղեկավարի հրամանով, որի մեկ օրինակն ուղարկվում է բյուրո: Ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում համապատասխան իրավական ակտի օրինակը նույնպես ուղարկվում է բյուրո:

8. Բյուրոյում ստացված հարցումն ընդունվում է և ստուգվում դրա հիմնավորվածությունը, լիարժեքությունը և ճշգրիտ ձևակերպումը։ Հարցման մեջ անճշտությունների դեպքում տեղեկություն հայցողից պահանջվում է տրամադրել լրացուցիչ տվյալներ:

9. Հանցավորության դեմ պայքարի շրջանակում սույն կարգի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմիններից, ինչպես նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից և Ինտերպոլի անդամ պետությունների ազգային կենտրոնական բյուրոներից ստացված տվյալները դրանց ստուգումից հետո՝ ներառյալ հարցման ճշգրտման նպատակով ստացված լրացուցիչ տեղեկությունները, կուտակվում են բյուրոյի տվյալների էլեկտրոնային պահոցում այնպես, որ նույն անձին, նույն հանցագործությանը, իրադարձությանը կամ փաստերին վերաբերող տեղեկությունները մշակվեն համակարգված ձևով։

10. Բյուրոն, ի պատասխան հարցմանը, տրամադրում է բյուրոյի տվյալների էլեկտրոնային պահոցում կուտակված համապատասխան տեղեկությունը, իսկ հայցվող տեղեկատվության բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, նախապատրաստում է հարցում և ուղարկում Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն կամ Ինտերպոլի անդամ երկրների ազգային կենտրոնական բյուրոներ:

11. Բյուրոյի կողմից տեղեկությունը տրամադրվում է հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

12. Բյուրոն սույն կարգի 1-ին կետի 1-ին ենթակետով չնախատեսված մարմիններին տեղեկություն տրամադրում և դրանցից տեղեկություն ստանում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված դրույթները:

13. Ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված հարցումները չեն քննարկվում և ուղարկվում են իրավասու մարմիններ` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

14. Բյուրոն մերժում է տեղեկության տրամադրումը, եթե`

1) չի տնօրինում հայցվող տեղեկությանը՝ բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքի.

2) հայցվող տեղեկության տրամադրումը կամ դրա օգտագործումը սահմանափակված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.

3) նախաքննություն և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հարցումը ձևակերպված է սույն կարգի 4-րդ կետի պահանջների խախտմամբ.

4) հարցումը ձևակերպված է սույն կարգի 6-րդ կետի պահանջների խախտմամբ:

15. Բյուրոն Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից և Ինտերպոլի անդամ երկրների ազգային կենտրոնական բյուրոներից հանցավորության դեմ պայքարում ստացված հարցումները գրանցելուց և մշակելուց հետո դրանք ըստ իրավասության ուղարկում է սույն կարգի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված մարմիններին:

16. Սույն կարգի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված իրավասու մարմինները բյուրոյից ստացված հարցումների հիման վրա հայցվող տեղեկությունները տրամադրում են բյուրոյին` հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում՝ բացառությամբ օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը կամ Ինտերպոլի անդամ երկրների ազգային կենտրոնական բյուրոներին փոխանցելու համար։

17. Սույն կարգի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված իրավասու մարմինը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե՝

1) չի տնօրինում հայցվող տեղեկությանը և օրենքով լիազորված չէ փնտրելու, ստանալու և տրամադրելու այդ տեղեկությունը.

2) հայցվող տեղեկության տրամադրումն արգելված է օրենքով:

18. Տեղեկության փոխանակման ընթացքում տեղեկությունն օգտագործվում է միայն հանցավորության դեմ պայքարի ոլորտում: Նշված տեղեկության օգտագործումը սահմանափակելու նպատակով բյուրոյի կապուղիներով փոխանցվող փաստաթղթերն ուղեկցվում են հատուկ նշումով` «Միայն իրավապահ մարմինների օգտագործման համար»:

19. Բյուրոն և տեղեկություն հայցողն ապահովում են փոխանակվող տեղեկության բովանդակության պաշտպանվածությունը չարտոնագրված մուտքից, աղավաղումից և հրապարակումից:

20. Տեղեկություն տրամադրողը պետք է տեղեկացնի երրորդ անձի կողմից այդ տեղեկությունն օգտագործելու հնարավորության մասին: Տեղեկությունը երրորդ անձին տրամադրվում է տեղեկությունը տրամադրողի գրավոր համաձայնությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

24.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան