ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՎ ՀՀ-ԻՑ ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵԿՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԱՌԱՆՁԻՆ ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻՑ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ՝ ՀԵՐԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՅՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՏԵՂԻՑ ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԵԿՆՈՒՄԸ ՀՀ-ԻՑ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՄԻԱՅՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՄՈՒՏՔ ԵՎ ԵԼՔ ԳՈՐԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1090-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2026 թվականի N 1090-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵԿՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԱՌԱՆՁԻՆ ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻՑ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ՝ ՀԵՐԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՅՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՏԵՂԻՑ ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԵԿՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՄԻԱՅՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՄՈՒՏՔ ԵՎ ԵԼՔ ԳՈՐԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 69.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը և առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներից բացթողնման առաջնահերթությունները՝ համաձայն N 1 հավելվածի․

2) կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը և կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը մեկ բեռնատար տրանսպորտային միջոցի համար չի կարող գերազանցել հինգ հազար դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)․

2) Հայաստանի Հանրապետությունից մեկնման ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը «Բագրատաշեն» և «Ագարակ» պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետեր իրականացվում է միայն կուտակային կայանատեղի մուտք և կուտակային կայանատեղիից ելք գործելուց հետո:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի և 2-րդ կետի 2-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում ըստ յուրաքանչյուր անցման կետի առաջին կուտակային կայանատեղիի՝ սույն որոշման N 2 հավելվածի 9-րդ կետին համապատասխան գործարկման օրվանից։

4. Անկախ սույն որոշման 3-րդ կետից, սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և 2-րդ կետի 2-րդ ենթակետը չեն կիրառվում, եթե պետական սահմանի միևնույն անցման կետով մեկնման ուղղության վրա գտնվող կուտակային բոլոր կայանատեղիների գործունեությունը սույն որոշման համաձայն կասեցված կամ դադարեցված է։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 23-ի N 1090-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵԿՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻՑ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը, ինչպես նաև առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներից բացթողնման առաջնահերթությունները:

2. Բեռնատար տրանսպորտային միջոցները՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից կարող են մեկնել հետևյալ դեպքերում՝

1) տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքների, խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների իրականացման կամ վարժանքների անցկացման համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի, ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ նյութերի, մարդասիրական և տեխնիկական օգնության համար նախատեսված ապրանքների, կենդանի կենդանիների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությանը, հյուպատոսական հիմնարկին կամ միջազգային կազմակերպությանն ուղարկվող և (կամ) պատկանող ապրանքների փոխադրման դեպքերում.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հուլիսի 15-ի N 118 որոշմամբ սահմանված ապրանքների փոխադրման դեպքերում․

3) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ապրանքների փոխադրման դեպքում։

3. Կուտակային կայանատեղիներից բեռնատար տրանսպորտային միջոցների բացթողնման համար հիմք են ընդունվում հետևյալ առաջնահերթությունները՝ հետևյալ հաջորդականությամբ՝

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 160 որոշմամբ սահմանված ապրանքներ (արագ փչացող ապրանքներ) փոխադրող բեռնատար տրանսպորտային միջոցների համար․

2) «Հատուկ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների համար․

3) լիազորված տնտեսական օպերատորների, օրինապահ հարկ վճարողների, օրինապահության հավաստագիր ունեցող անձանց տրանսպորտային միջոցների համար։

4. Կուտակային կայանատեղիներից բեռնատար տրանսպորտային միջոցների բացթողնման առաջնահերթություն ունեն այն տրանսպորտային միջոցները, որոնք ընդգրկված են տրանսպորտային միջոցների խմբի կազմում, եթե այդ խմբի կազմում ընդգրկված բոլոր տրանսպորտային միջոցները մուտք են գործել կայանատեղի և այդ տրանսպորտային միջոցներից որևէ մեկը հերթերի կառավարման համակարգի միջոցով կանչվել է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետ։

5. Սույն հավելվածի 4-րդ կետի իմաստով տրանսպորտային միջոցը հանդիսանում է տրանսպորտային միջոցների խմբի մաս, եթե այդպիսի տրանսպորտային միջոցները փոխադրվում են մեկ առևտրային (տրանսպորտային) փաստաթղթային փաթեթի շրջանակներում և դրանց վերաբերյալ տվյալները հայտարարագրված են այնպիսի մաքսային հայտարարագրում, որում առկա են նաև այլ բեռնատար տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալներ:

6. Սույն հավելվածի 3-րդ կետով նշված առաջնահերթությունների կիրառման չափանիշները սահմանվում են ըստ տոկոսային կշիռների, և հերթերի կառավարման համակարգում սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ ելնելով բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքերի ինտենսիվությունից, սեզոնայնությունից կամ օպերատիվ իրավիճակից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

24.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 23-ի N 1090-Ն որոշման

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ՝ ՀԵՐԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ հերթերի կառավարման համակարգին միանալու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներին ներկայացվող պահանջները։

 

2․ ՀԵՐԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. Հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով ավելացված արժեքի հարկ վճարող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ դիմումատու) պետք է դիմի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` կոմիտե)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝

1) կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ դիմումատուի սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի, իրավասու մարմնի կողմից վերջինիս անվամբ տրամադրված՝ գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետից ոչ ավելի, քան 20 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ տեղեկություն.

2) սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված պահանջների պահպանվածությունը հիմնավորող փաստաթղթեր, լուսանկարներ, տեղեկություններ կամ տեսաձայնագրություններ․

3) բեռնատար տրանսպորտային միջոցի հերթագրման ծառայությունների վճարի չափի վերաբերյալ տեղեկություն:

3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները կոմիտե են ներկայացվում էլեկտրոնային համակարգով, իսկ էլեկտրոնային համակարգով ներկայացնելու հնարավորության բացակայության պարագայում՝ էլեկտրոնային այլ եղանակով կամ թղթային կրիչով։

4. Կոմիտեն սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող 4 աշխատանքային օրվա ընթացքում՝

1) այդպիսի փաստաթղթերը և տեղեկությունները բավարար համարելու դեպքում՝ դիմումատուին տրամադրում է հերթերի կառավարման համակարգին հասանելիություն և գրավոր հավաստում է հերթերի կառավարման համակարգին միանալու հնարավորությունը.

2) այդպիսի փաստաթղթերը և տեղեկությունները բավարար չհամարելու դեպքում՝ դիմումատուին ծանուցում է դրա վերաբերյալ՝ առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունները և ներկայացնել դրա վերաբերյալ տեղեկություն։

5. Սույն հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո, կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված պահանջների պահպանվածության հանգամանքը և պահանջների պահպանված լինելու դեպքում տրամադրում է հերթերի կառավարման համակարգին հասանելիություն և գրավոր հավաստում՝ հերթերի կառավարման համակարգին միանալու հնարավորության մասին, իսկ այդպիսի պահանջների պահպանված չլինելու դեպքում՝ մերժում է հասանելիության տրամադրումը:

6. Կոմիտեն, սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում, կարող է կայացնել կուտակային կայանատեղի այցելելու վերաբերյալ որոշում՝ սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված պահանջների պահպանվածությունն ուսումնասիրելու նպատակով՝ այցելությունից մեկ օր առաջ դրա վերաբերյալ ծանուցելով կուտակային կայանատեղիի գործունեության իրականացման համար դիմում ներկայացրած անձին, ինչի դեպքում սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է։

7. Սույն հավելվածի 6-րդ կետում նշված այցելության ավարտի օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, կոմիտեն սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված պահանջների՝

1) պահպանվածության հաստատման դեպքում` դիմումատուին տրամադրում է հերթերի կառավարման համակարգին հասանելիություն և գրավոր հավաստում է հերթերի կառավարման համակարգին միանալու հնարավորության մասին․

2) պահպանված չլինելու դեպքում` դիմումատուին ծանուցում է դրա վերաբերյալ՝ առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունները և ներկայացնել դրա վերաբերյալ տեղեկություն։

8. Սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո, կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված պահանջների պահպանվածության հանգամանքը (ըստ անհրաժեշտության սույն հավելվածով սահմանված կարգով կրկնակի այցելություն կատարելու միջոցով) և պահանջների պահպանված լինելու դեպքում տրամադրում է հերթերի կառավարման համակարգին հասանելիություն և գրավոր հավաստում՝ հերթերի կառավարման համակարգին միանալու հնարավորության մասին, իսկ այդպիսի պահանջների պահպանված չլինելու դեպքում՝ մերժում է հասանելիության տրամադրումը:

9. Սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով, 5-րդ կետով, 7-րդ կետի 1-ին ենթակետով և 8-րդ կետով նախատեսված՝ հերթերի կառավարման համակարգին միանալու հնարավորության մասին գրավոր հավաստում տրամադրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն, դիմումատուի հետ միասին, իրականացնում է էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության թեստավորում, և թեստավորման դրական արդյունքի դեպքում՝ կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է կուտակային կայանատեղիի գործարկման մասին տեղեկություն, ինչին հաջորդող աշխատանքային օրվանից կուտակային կայանատեղին համարվում է գործող: Թեստավորման բացասական արդյունքի դեպքում` սույն կետով սահմանված ժամկետը կասեցվում է` մինչև թեստավորման դրական արդյունքի գրանցումը:

 

3․ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՄԱԿԵՐԵՍԻՆ, ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով կուտակային կայանատեղիների կառուցվածքին, տեղակայմանը, մակերեսին և գույքային հագեցվածությանը ներկայացվող պահանջներն են՝

1) կայանատեղին բեռնատար տրանսպորտային միջոցների կայանման համար պետք է ունենա առնվազն 3000 մետր քառակուսի մակերեսով բետոնապատ կամ ասֆալտապատ տարածք՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի կայանման համար նախատեսված գծանշումով և համարակալումով․

2) կայանատեղիի տարածքն ամբողջ շրջագծով պետք է ունենա պարիսպ՝ պատրաստված քարից, բետոնից, ցանցապատ կամ այլ նյութից, որն ապահովում է տարածքի մեկուսացվածությունը․

3) կայանատեղիում պետք է պահպանվեն հրդեհային անվտանգության կանոնները, որը հավաստվում է Հայաստանի Հանրապետության հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից անցկացվող հետազոտության կամ ստուգման արդյունքներով տրամադրված եզրակացության հիման վրա։ Նշված հավաստումն իրականացվում է դիմումատուի կողմից հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով սույն որոշմամբ սահմանված դիմումի ներկայացումից առաջ կամ դրան զուգահեռ, ինչպես նաև տարեկան պարբերականությամբ՝ մինչև յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտը.

4) կայանատեղիի տարածքը պետք է ունենա մուտքի և ելքի ուղեփակոց (արգելափակոց)․

5) կայանատեղին պետք է ունենա էլեկտրոնային համակարգ, որը պետք է փոխազդի հերթերի կառավարման համակարգի հետ և հնարավորություն ունենա հավաքագրելու և մաքսային մարմիններին հերթերի կառավարման համակարգի միջոցով առցանց ռեժիմով տրամադրելու տեղեկատվություն կայանատեղիի նույնականացման տվյալի, բեռնատար տրանսպորտային միջոցի՝ կայանատեղի մուտք և ելք գործելու ամսաթվի, ժամի, րոպեի, վայրկյանի, բեռնատար տրանսպորտային միջոցի համարանիշի, տրանսպորտային միջոցի տեսակի՝ ըստ սույն որոշմամբ սահմանված առաջնահերթությունների վերաբերյալ, բեռի պարունակության կամ մաքսային հայտարարագրերի վերաբերյալ․

6) կայանատեղին պետք է ունենա մուտքի և ելքի ժամանակ բեռնատար տրանսպորտային միջոցի համարանիշն արձանագրող տեսախցիկ, որը պետք է ինտեգրված լինի սույն կետի 5-րդ ենթակետում նշված՝ կայանատեղիի էլեկտրոնային համակարգին․

7) կայանատեղիի ամբողջ տարածքը պետք է ապահովված լինի լուսավորությամբ․

8) կայանատեղին պետք է ունենա կայանատեղիի ամբողջ տարածքի հեռակառավարվող տեսախցիկներով տեսադիտման և ձայնագրման հնարավորություն, ընդ որում, տեսագրված և ձայնագրված նյութերը, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների պահպանմամբ, պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն առնվազն 60 օր։

Կոմիտեի համար պետք է ապահովվի կայանատեղիում տեղադրված տեսահսկման համակարգերին առցանց հասանելիություն.

9) կայանատեղին պետք է ունենա ազդարարման համակարգ (ներառյալ մեկ կամ ըստ տարածքի անհրաժեշտության՝ բավարար քանակի մոնիթորներ), որը հնարավորություն կտա ազդարարել կայանատեղիից ելքի ենթակա տրանսպորտային միջոցի համարանիշը և հերթագրման համարը․

10) կայանատեղիի էլեկտրոնային համակարգը պետք է ունենա սույն որոշմամբ սահմանված առաջնահերթություններին համապատասխան առանձնացված հերթերի վարման հնարավորություն.

11) կայանատեղին պետք է ունենա առանձին օգտագործելու հնարավորությամբ առնվազն թվով 3 սանհանգույց:

11. Կուտակային կայանատեղիների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգը պետք է ապահովի մաքսային մարմնի հերթերի կառավարման համակարգի հետ փոխազդեցությունը։ Կուտակային կայանատեղիի էլեկտրոնային համակարգի կողմից առցանց նախապես հերթի ամրագրման հնարավորություն ունենալու պարագայում, հերթերի կառավարման համակարգին փոխանցվում են կայանատեղիի էլեկտրոնային համակարգի կողմից նախապես ստացված տվյալները։

12. Դիմումատուի՝ հերթերի կառավարման համակարգին հասանելիություն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձի կողմից սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ներկայացված հերթագրման ծառայությունների վճարի չափը։

13. Կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձը, կուտակային կայանատեղիի շահագործման ընթացքում, հերթագրման ծառայությունների վճարի չափի փոփոխության դեպքում, պարտավոր է այդպիսի փոփոխությունն իրականացնելու օրվանից առնվազ 5 աշխատանքային օր առաջ ծանուցել կոմիտեին վճարի փոփոխվող չափի վերաբերյալ, որը հրապարակվում է կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում՝ կոմիտեի կողմից դրա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հերթերի կառավարման համակարգի շահագործումը մեկնարկելուց անմիջապես հետո՝ կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ապահովի շուրջօրյա, անընդհատ աշխատանքային ռեժիմով կուտակային կայանատեղիի գործունեությունը:

15. Կուտակային կայանատեղիների տարածքում առևտրային գործունեություն կարող է իրականացվել մաքսային մարմինների թույլտվությամբ։

 

4․ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Կուտակային կայանատեղիների շահագործման ընթացքում` բեռնատար տրանսպորտային միջոցի հերթագրման ծառայությունների վճարի՝ սահմանված չափից ավելի չափով գանձման դեպքեր բացահայտվելու դեպքում` հերթերի կառավարման համակարգին միանալու հավաստում ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ սույն հավելվածի շրջանակներում ծառայություն մատուցելու իրավունքը և հերթերի կառավարման համակարգին հասանելիությունը կոմիտեի կողմից կայացվող որոշմամբ դադարեցվում են, որից հետո տվյալ անձը հերթերի կառավարման համակարգին միանալու համար սույն հավելվածով նախատեսված դիմումը կարող է ներկայացնել հասանելիության դադարեցումից վեց ամիս հետո։

17. Կուտակային կայանատեղիների շահագործման ընթացքում` սույն հավելվածի 10-րդ կամ 14-րդ կետերով սահմանված պահանջների չպահպանման դեպքեր բացահայտվելու դեպքում՝ հերթերի կառավարման համակարգին միանալու հավաստում ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ սույն հավելվածի շրջանակներում ծառայություն մատուցելու իրավունքը և հերթերի կառավարման համակարգին հասանելիությունը կոմիտեի կողմից կայացվող որոշմամբ կասեցվում են, ինչի մասին կոմիտեն էլեկտրոնային եղանակով ծանուցում է անձին։

18. Սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում թերությունների շտկման դեպքում անձը ծանուցում է կոմիտեին, որից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հերթերի կառավարման համակարգին հասանելիությունը վերականգնվում է, իսկ թերությունները չշտկվելու պարագայում՝ դադարեցվում, որից հետո տվյալ անձը հերթերի կառավարման համակարգին միանալու համար սույն հավելվածով նախատեսված դիմումը կարող է ներկայացնել հասանելիության դադարեցումից վեց ամիս հետո։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

24.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: