ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-394-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.1-ին հոդվածը «բյուջեների վրա» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) վարչական մասի ֆինանսավորման աղբյուրներով ապահովված դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող տարիներին համայնքի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխառությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք և նախորդ տարիներին ստացված փոխառության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը.

բ) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ` համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված և մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ և երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական դրամաշնորհների գումարների և համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը, իսկ Երևանի առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող բյուջետային տարվա Երևանի բյուջեի փաստացի ստացված սեփական եկամուտների 70 տոկոսը:»:

 

Հոդված 3. Օրենքի 28.2-րդ հոդվածում 2-րդ մասի «գ» կետի վերջին պարբերության «Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները սույն մասի «գ» կետում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած ծրագրերի ֆինանսավորմանը» բառերը փոխարինել «Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները (բացառությամբ Երևան քաղաքի) սույն մասի «գ» կետում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած ծրագրերի ֆինանսավորմանը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին հոդվածով.

 

«Հոդված 30.1.

Երևանի բյուջեի վարկերը և փոխառությունները

 

1. Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը կատարելու նպատակով կարող է ներգրավել փոխառու միջոցներ՝

1) ստանալ վարկեր և այլ փոխառություններ (մինչև պայմանագրի կնքումը պայմանագրերի նախագծերի վերաբերյալ պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի կարծիքը ստանալով, իսկ այլ համայնքի բյուջեից փոխառություն ստանալու համար ստանալով փոխառություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը).

2) թողարկել և տեղաբաշխել պարտքային արժեթղթեր` պետական ֆինանսների կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ:

2. Յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի (փոխառության) մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարի՝ մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարի, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների վճարման պայմաններով նախատեսված տարեկան գումարի ընդհանուր չափը չպետք է գերազանցի տվյալ տարվա համար պլանավորված սեփական եկամուտների տարեկան 15 տոկոսը:

3. Սույն հոդվածով փոխառու միջոցներ ներգրավելու պայմանագրերից բխող Երևանի պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ կարող են լինել միայն Երևանի բյուջեի սեփական եկամուտները, սեփականության իրավունքով երրորդ անձանց պատկանող գույքի գրավը և ապահովման այլ միջոցները:

4. Երևանի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխառություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխառությունների տրամադրման դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ Երևանի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի գնման դեպքերի):

5. Երևանի բյուջեի սեփական եկամուտ են համարվում սույն օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 1-ին կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված մուտքերի հանրագումարը, բացառությամբ պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման համար հատկացվող միջոցների, ինչպես նաև սույն օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի «Մուտքերի գծով» բաժնի 1.2-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված մուտքերի հանրագումարը:»:

 

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում են համայնքի ավագանին, Ազգային ժողովը և Հաշվեքննիչ պալատը՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 28

Երևան

ՀՕ-394-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան