ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-399-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածում՝

1) 4.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառվել է գույքային վնաս և եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով գույքի վնասման հետ կապված վնասվածքներ հասցնելու հանգամանքները, տրանսպորտային միջոցների տեսանելի վնասների բնույթը և ցանկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների միջև՝

1) առաջացնում են տարաձայնություններ կամ չեն առաջացնում տարաձայնություններ, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) չեն համապատասխանում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանությանը և մինչև ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալը լուսանկարահանման և տեսանկարահանման միջոցով ամրագրել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, հետքերը, առարկաները, տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասվածքները, ապահովել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների՝ պատահարի պահից ոչ ուշ, քան 15 րոպեի ընթացքում պատահարի վայրից տեղափոխումը երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ չստեղծող տեղ, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տրանսպորտային միջոցը տեղափոխելու օբյեկտիվ անհնարինություն (ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով ունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է կամ անհնարին է դրա շահագործումը), կամ պատահարը տեղի է ունեցել երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ չստեղծող հատվածում և սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի անձանց ներկայանալուն․

2) չեն առաջացնում տարաձայնություններ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանությանը և կարող են՝

ա. ինքնուրույն ձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին համապատասխան, և պատահարի պահից ոչ ուշ, քան 15 րոպեի ընթացքում տրանսպորտային միջոցները հանել պատահարի վայրից, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) համապատասխանում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին,

բ. չձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվել են միայն դրա մասնակիցների տրանսպորտային միջոցները կամ այլ գույքը, և ոչ մի մասնակից չունի նշված փաստաթղթերը ձևակերպելու և (կամ) միմյանց նկատմամբ (այդ թվում` ապահովագրական ընկերությունների միջոցով) պահանջներ ներկայացնելու ցանկություն․».

2) 4.3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ոստիկանությունը, ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հավաքում է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների, նրանց տրանսպորտային միջոցների և պատահարի հանգամանքների վերաբերյալ տվյալներ` կազմելով պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրություններ: Պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունը կարող է չկազմվել, եթե ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ցերեկը` օրվա լուսավոր ժամի, բավարար տեսանելիության պայմաններում, և առկա է դրա տեղի ունենալու պահի և դրան անմիջապես հաջորդող` պատահարի մասնակիցների գործողությունների տեսագրություն: Պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունները, ինչպես նաև տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված յուրաքանչյուր փաստաթուղթ, տեղեկություն, տեսանյութ, լուսանկար կամ այլ նյութ կարող է ցանկացած եղանակով տրամադրվել (հասանելի դարձվել) Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին և (կամ) դրա անդամ ապահովագրական ընկերություններին և (կամ) երրորդ անձանց՝ ճանապարհատրանսպորտային պատահարի գծով իրականացվող հատուցման գործընթացի կարգավորման, ներառյալ՝ փորձաքննությունների իրականացման և ԱՊՊԱ ոլորտում անհրաժեշտ այլ գործողությունների իրականացման համար: Պատահարի մասին արձանագրության ձևը և դրանում պարունակվող տեղեկատվությունը, ինչպես նաև պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմի ու կառուցվածքի նկատմամբ պահանջները հաստատում է ոստիկանության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:».

3) 4.4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 24.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ մասով.

«14. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում հեծանիվով և մոպեդով երթևեկության արգելված վայրերը, լրացուցիչ պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանում է համայնքի ավագանին։»:

 

Հոդված 3. Օրենքի 24.4-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը, լրացուցիչ պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանում է համայնքի ավագանին։»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքի ընդունումից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքի ընդունումից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 28

Երևան

ՀՕ-399-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական: