ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-408-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 448.1-ին հոդվածով.

 

«Հոդված 448.1. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվության կամ տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցված լինելու դեպքում դրանց իրականացումը շարունակելը

 

 1. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ), վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների (սարքերի, սարքավորումների և այլն) աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվության կամ տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցված լինելու դեպքում դրանց իրականացումը շարունակելը, որը կատարվել է նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում`

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 28

Երևան

ՀՕ-408-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան