ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2026 թվականի N 1125-Լ
2026 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2026 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծարանների կայուն արտադրական գործունեության ապահովման պետական աջակցության տրամադրման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
31.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի N 1125-Լ որոշման |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
2026 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. 2026 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծարանների կայուն արտադրական գործունեության ապահովման պետական աջակցության տրամադրման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակը 2026 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծական տնտեսությունների արտադրական և ֆինանսական կայունության ապահովումն է՝ շրջանառու միջոցների ձեռքբերման, ձկնաբուծական արտադրանքի արտահանման ներուժի պահպանման, ոլորտի մրցունակության բարձրացման նպատակով պետական աջակցություն տրամադրելու միջոցով։
2. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2. Միջոցառումը նախատեսում է պետական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում արդյունագործական ձկնաբուծության գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք զբաղվում են իշխանի կամ թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի կամ խավիարի արտադրությամբ (այսուհետ՝ տնտեսավարող)՝ բացառապես 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սեփական կարիքների համար ներմուծված և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ձկան կերի ընդհանուր քանակի հիման վրա՝ կիսամյակի կտրվածքով հաշվարկված միջին ամսական քանակի 20 տոկոսի չափով, յուրաքանչյուր փոխհատուցման ենթակա 1 կիլոգրամի հաշվով 900 դրամի չափով՝ միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով։
3. Փոխհատուցվող գումարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում տնտեսավարողի կողմից 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ձկան կերերի ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերը՝ հաշիվ վավերագիրը կամ հարկային հաշիվը, իսկ ներմուծված ձկան կերի մասով՝ ներմուծման հայտարարագիրը։
4. Միջոցառման շահառու են միայն ավելացված արժեքի հարկ վճարող համարվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։
5. Միջոցառման մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի արդյունագործական ձկնաբուծական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք զբաղվում են իշխանի կամ թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի կամ խավիարի արտադրությամբ։
6. Աջակցության տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարողը, որը աջակցության գումարի ստացման նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում նախարարություն՝ դիմումում նշելով իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ վերջինիս անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հեռախոսահամարը, տնտեսավարողի անունով բացված բանկային հաշվեհամարը։
7. Դիմումին կից տնտեսավարողը ներկայացնում է նաև՝
1) իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման վկայականի պատճենը.
2) ջրօգտագործման թույլտվության վավեր պատճենը.
3) հայտարարություն՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ.
4) սեփական կարիքների համար 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կերի ներկրված լինելու դեպքում՝ դրա ծավալի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված թույլտվության պատճենը, ներմուծման հայտարարագիրը.
5) 2026 թվականի առաջին կիսամյակում ձկան կերի ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերը՝ հաշիվ վավերագիրը կամ հարկային հաշիվը (երկկողմանի էլեկտրոնային ստորագրությամբ), իսկ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ձկան կերերի մասով՝ նաև ներմուծման հայտարարագիրը.
6) կերի ծագման վերաբերյալ տեղեկանք վաճառող կազմակերպությունից՝ ներկրված լինելու դեպքում՝ ներմուծման հայտարարագիրը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում ներմուծված կերը ձեռք բերելու դեպքում՝ հաշիվ-վավերագիրը կամ հարկային հաշիվը և տվյալ խմբաքանակի ներմուծման հայտարարագիրը.
7) Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված կերը Եվրոպական միության անդամ երկրների ստանդարտների (ISO 22000, ISO 9001, ISO 22005 / ISO 12877, ISO/IEC 17025, ISO 6887-3, FSSC 22000, GMP+ FSA) կամ Եվրասիական տնտեսական միության ստանդարտների համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկատ.
8) գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում տնտեսավարողի մասին տեղեկատվությունը նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմիններին փոխանցելու մասին։
8. Նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումը և կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը, դրանց համապատասխանությունը միջոցառման պահանջներին և էլեկտրոնային եղանակով տնտեսավարողին տեղեկացնում է փաստաթղթերի ընդունման և դրանց ամբողջականության վերաբերյալ։ Փաստաթղթերի ամբողջական չլինելու կամ դրանցում վրիպակների առկայության դեպքում տնտեսավարողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերը կամ շտկել վրիպակները։ Եթե ներկայացված փաստաթղթերը ամբողջական են կամ փաստաթղթերի փաթեթը համալրվելուց և սխալները շտկվելուց հետո համապատասխանում է միջոցառման պահանջներին, նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է տնտեսավարողին շահառու հաշվառվելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով միջոցառման շրջանակներում պետական աջակցության տրամադրման պայմանագիր կնքելու անհրաժեշտության վերաբերյալ։
9. Եթե ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերի փաթեթը չի համապատասխանում միջոցառմամբ սահմանված պահանջներին կամ տնտեսավարողը չի բավարարում սույն միջոցառմամբ սահմանված աջակցության տրամադրման պայմաններին, ապա նախարարությունը փաթեթն ուսումնասիրելուց հետո 3 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է տնտեսավարողին դիմումը մերժելու մասին, որը ենթակա է բողոքարկման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։
10. Տնտեսավարողը միջոցառման 8-րդ կետով սահմանված պայմանագիր կնքելու վերաբերյալ տեղեկացումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ներկայանալ նախարարություն՝ պետական աջակցություն տրամադրելու պայմանագիր կնքելու նպատակով։ Եթե տնտեսավարողը սույն կետով սահմանված ժամկետում, առանց հիմնավոր պատճառի, պետական աջակցություն տրամադրելու պայմանագիր կնքելու համար չի ներկայանում նախարարություն, ապա նրա դիմումը ենթակա է մերժման։ Պետական աջակցություն տրամադրելու պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով։
11. Նախարարությունը, պետական աջակցություն տրամադրելու պայմանագիրը կնքելուց հետո, միջոցառման շրջանակում նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման ենթակա գումարը փոխանցում է տնտեսավարողի բանկային հաշվեհամարին։
12. Փոխհատուցման գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել տնտեսավարողի պարտավորությունների դիմաց։
13. Շահառուները պետական աջակցություն ստանալու նպատակով դիմումները ներկայացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ։
14. Եթե նախարարության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ տնտեսավարողը սույն միջոցառման շրջանակում փոխհատուցում ստացած՝ սեփական կարիքների համար ներմուծված կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ձկան կերը կամ դրա որևէ մասը վաճառել կամ այլ եղանակով օտարել է մեկ այլ ձկնաբուծական տնտեսության, ապա միջոցառման շրջանակում տվյալ տնտեսավարողին տրամադրված փոխհատուցման ամբողջ գումարը մեկամսյա ժամկետում ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
15. Տնտեսավարողի կողմից միջոցառման և նախարարության հետ կնքված պետական աջակցություն տրամադրելու պայմանագրի դրույթները խախտելու դեպքում, միջոցառման շրջանակներում ստացած պետական աջակցության ամբողջ գումարը, դրա մասին ծանուցում ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ կիրառելով նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշման 1-ին կետը։ Գումարը սույն կետով սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում այն կվերադարձվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
16. Ծրագրով նախատեսվող փոխհատուցման անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն շուրջ 450 մլն դրամ։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
31.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|