ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.08.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2026 թվականի N 1190-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝

1) 1-ին կետի 1-ին ենթակետը «կարգաթվի» բառից հետո լրացնել «, եթե երեխան ծնվել է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով, իսկ 2-3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` հինգ հարյուր հազար դրամ, եթե երեխան ծնվել է 2026 թվականի սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո.

3) մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված յուրաքանչյուր երեխայի համար՝ հինգ հարյուր հազար դրամ.»։

2. Որոշման N 1 հավելվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝

«1.1. Սույն կարգի՝ նոր ծնված երեխայի կարգաթվին, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստին վերաբերող կարգավորումները կիրառվում են, երբ երեխան ծնվել է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով՝

«2.2. Նպաստը նշանակելու համար դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր, եթե՝

1) նպաստը նշանակվում է դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնողին կամ նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին, ում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը կամ

2) նպաստը նշանակվում է օտարերկրյա պետությունում ծնված երեխայի ծննդի կապակցությամբ, ում ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ

3) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ

4) նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացի ծնողին կամ

5) նոր ծնված երեխան մահացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշմամբ սահմանված պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել կամ

6) նպաստը նշանակվում է խնամակալին կամ

7) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կամ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական շտեմարանների կամ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՍԷԿՏ համակարգ) տվյալները բավարար չեն նպաստը (այդ թվում՝ բարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով) նշանակելու համար (տվյալ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստ նշանակելու էլեկտրոնային դիմումը մերժվել է կամ դիմումը ներկայացվում է նպաստը ավելի բարձր կարգաթվով նշանակելու համար)։».

3) 3-րդ կետում «Նպաստը նշանակելու համար» բառերը փոխարինել «Սույն կարգի 2.2-րդ կետում նշված դեպքերում նպաստը նշանակելու համար» բառերով.

4) 3-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «(առկայության դեպքում)» բառերը,

բ. 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «(միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում` նոր ծնված երեխաների թիվը և ընտանիքում երեխաների թիվը),» բառերը փոխարինել «(ընտանիքում երեխաների թիվը), միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում` նոր ծնված երեխաների թիվը, նոր ծնված երեխայի» բառերով.

5) 3.1-3.7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.1. Բացառությամբ սույն կարգի 2.2-րդ կետով նախատեսված դեպքերի, նպաստը նշանակվում (վճարվում) է առցանց ներկայացված տվյալների հիման վրա ձևավորված դիմումով։ Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում առցանց կամ տարածքային կենտրոն ներկայացվում է մեկ դիմում։

3.2. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա նպաստ նշանակելու համար դիմողը (այդ թվում՝ սույն կարգի 3.7-րդ կետում նշված մարմինը) ծառայության կայքէջից մուտք է գործում առցանց դիմումը (տվյալները) ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է սույն կարգի 3.3-րդ կետում նշված (պարտադիր լրացման ենթակա դաշտերի) տվյալները։ Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում՝

1) բջջային հեռախոսահամարի կամ էլեկտրոնային ստորագրությունը կարդացող սարքի կիրառմամբ՝ «Ես եմ» նույնականացման հարթակի միջոցով կամ

2) ծառայության կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է ծառայության կայքէջում գրանցվելիս):

3.3. Նպաստն առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նշանակելու համար ծրագրային միջավայրում մուտքագրվում են հետևյալ տվյալները՝

1) սույն կարգի 3.2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝

ա. այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի գումարը,

բ. ծնողի հետ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը,

գ. էլեկտրոնային փոստի հասցեն, որի միջոցով ծնողը ցանկանում է ստանալ հաղորդագրությունները.

2) սույն կարգի 3.2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝

ա. սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, ընդ որում, մուտքագրվում է այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը ներկայացվել է ծառայության կայքէջում գրանցվելու համար,

բ. ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

գ. նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ապա՝ նաև նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականը հատկացնող մարմնի տվյալները՝ ըստ ծննդյան վկայականի։

3.4. Ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում։

3.5. Համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված տվյալների հիման վրա նպաստ նշանակելու դիմում ձևավորվելու համար՝

1) սույն կարգի 3.2-րդ կետի 1-ին ենթակետի դեպքում՝ ծնողի մուտքագրած տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով ստացվում են նոր ծնված երեխայի (երեխաների) տվյալները.

2) սույն կարգի 3.2-րդ կետի 2-րդ ենթակետի դեպքում՝ այդ տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա տեղեկատվության հետ։

3.6. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա սույն կարգի 3.2-րդ կետի 2-րդ ենթակետի դեպքում դիմում չի ձևավորվում, եթե ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի կամ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ) և դրա մասին առցանց (անմիջապես) ծանուցվում է դիմողին։

3.7. Ծննդի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից կատարվելու դեպքում նպաստ նշանակելու (վճարելու) համար սույն կարգի 3.3-րդ կետով սահմանված տվյալները կարող է առցանց ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը:».

6) 3.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.8-3.14-րդ կետերով՝

«3.8. Եթե երեխան ծնվել է օտարերկրյա պետությունում կամ ծնողը օտարերկրյա քաղաքացի է, ապա առցանց ներկայացված տվյալների հիման վրա դիմում ձևավորվելու կամ տարածքային կենտրոն դիմում ներկայացնելու դեպքում ինքնաշխատ եղանակով ուղարկված հարցմամբ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՍԷԿՏ համակարգ) միջոցով ստուգվում է նոր ծնված երեխայի և ծնողի՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվությունը։

3.9. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա դիմում ձևավորվելու դեպքում համակարգն ինքնաշխատ եղանակով՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարածքային կենտրոն ներկայացված դիմումի և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է՝

1) նշանակել նպաստ, եթե առկա չեն սույն կարգի 3.10-րդ կետում նշված հանգամանքները.

2) մերժել է նպաստ նշանակելը, եթե առկա է սույն կարգի 3.10-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը:

3.10. Նպաստ նշանակելը մերժվում է, եթե`

1) բնակչության պետական ռեգիստրի տվյալներով ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.

2) օտարերկրյա քաղաքացի ծնողը՝

ա. բնակչության պետական ռեգիստրում երեխայի ծննդյան օրվա դրությամբ երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

բ. ՍԷԿՏ համակարգից ստացված տեղեկատվությամբ՝ ծնողը կամ նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում,

գ. չի ներկայացվել օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկանք.

3) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը և ՍԷԿՏ համակարգից ստացված տեղեկատվությամբ՝ ծնողը կամ նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում (բացառությամբ, երբ երեխայի ծննդյան նպաստը նշանակվելու է օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին).

4) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը և դիմելու օրվա դրությամբ՝

ա. բնակչության պետական ռեգիստրի տվյալներով նոր ծնված երեխան չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,

բ. ՍԷԿՏ համակարգից ստացված տեղեկատվությամբ՝ ծնողը կամ նոր ծնված երեխան չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում.

5) դիմումը (տվյալները) ներկայացվել է (են) նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից 12 ամիս հետո.

6) ներկայացված (տարածքային բաժնի կողմից ճշտված) տվյալների և փաստաթղթերի հիման վրա ծնողը չունի նպաստի իրավունք.

7) նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվել է նպաստ։

3.11. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա ձևավորված կամ տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա նպաստը նշանակելու կամ նպաստը նշանակելը մերժելու մասին տեղեկատվությունը համակարգում ի հայտ գալու պահին ինքնաշխատ եղանակով համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված կամ տարածքային կենտրոն ներկայացված դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։ Մերժման դեպքում հաղորդագրության մեջ նշվում է նաև մերժման հիմքը (այդ թվում՝ ծնողին տեղեկացվում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին)։ Նպաստը նշանակելու դեպքում հաղորդագրության միջոցով դիմողը ծանուցվում է նաև այն մասին, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում նպաստի գումարը վերադարձվում է պետական բյուջե։ Եթե նպաստը նշանակվել է երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան համար սահմանված չափով, ապա դիմողը ծանուցվում է նաև, որ 12 ամսվա ընթացքում նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելուց հետո նպաստի գումարը պետական բյուջե վերադարձվելու դեպքում այն կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում։

3.12. Սույն կարգի 3.9-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում ուղարկվում է հաղորդագրություն, եթե դիմումը մերժելու համար հիմքերը վերացվում և նոր դիմումը (տվյալները) ներկայացվում է (են) նախորդ դիմումը (տվյալները) տարածքային կենտրոն (առցանց) ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը (տվյալները) ներկայացնելու օրը:

3.13. Նպաստը վճարվում է սույն կարգի 3.12-րդ կետում նշված հաղորդագրությունն ուղարկելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ եթե նպաստը նշանակվել է երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան համար սահմանված չափով, ապա նույն ժամկետում, սակայն երեխայի 7 օրականը լրանալու օրվանից ոչ շուտ։

3.14. Սույն կարգի համաձայն՝ նպաստ նշանակելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կամ առցանց տվյալները կարող են ներկայացվել մինչև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվա վերջին օրը ներառյալ։».

7) 4-րդ կետում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝

«1.1) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, եթե նրա ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը.»,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծննդյան վկայականը, եթե նրա ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ նրա տվյալները առցանց ներկայացված դիմումի հիման վրա ինքնաշխատ եղանակով չեն ստացվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից.»,

գ. 3-րդ ենթակետից հանել «, որդեգրողը» բառը.

8) 15.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15.1. Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ծնված և պերինատալ շրջանում մահացած երեխայի (երեխաների) կարգաթիվը 1-ին է (նպաստը նշանակվում և վճարվում է առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված չափով):».

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.2-րդ կետով՝

«15.2. 2026 թվականի սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված և պերինատալ շրջանում մահացած երեխայի (երեխաների) դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է:».

10) 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

11) 17.1-ին և 37-րդ կետերից հանել «երեխայի ծննդյան միանվագ» բառերը.

12) 17.2-րդ կետում «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» բառերը փոխարինել «Նպաստ» բառով.

13) 18-20-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

14) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«25. Եթե ծնողը դիմումը տարածքային կենտրոն ներկայացնում է այլ անձի միջոցով, ապա նպաստի գումարը վճարվում է բացառապես ծնողի բանկային հաշվին փոխանցելու եղանակով` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր: Այդ լիազորագիրը ներկայացնելու դեպքում նպաստը վճարվում է լիազորված անձի բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը լիազորագրով չի վճարվում: Նպաստի գումարը ծնողի կամ այլ անձի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այդ գումարը լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:»։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև նոյեմբերի 1-ը ապահովել՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը առցանց դիմումի (տվյալների) հիման վրա ինքնաշխատ եղանակով նշանակելու համար անհրաժեշտ ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստն առցանց տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով նշանակելուն և վճարելուն վերաբերող այն դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման 3-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող օրը:

5. Որոշման N 1 հավելվածի 3.2-րդ կետի 2-րդ ենթակետը և այդ ենթակետով սահմանված կարգով ներկայացված դիմումներին առնչվող կարգավորումները գործում են մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական: