ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
17 օգոստոս 2026 թվականի |
N 03-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է․
1. Հաստատել կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող`
ք. Երևան |
Մ. ԳալստՅԱՆ
|
|
|
Հավելված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2026 թվականի օգոստոսի 17-ի N 03-Ն որոշման |
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԻՆ 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1․ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ
ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
ԲԱԺԻՆ 2. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ
ԳԼՈՒԽ 3. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
ԳԼՈՒԽ 4. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄ
ԳԼՈՒԽ 5. ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
ԲԱԺԻՆ 3․ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼ
ԳԼՈՒԽ 6․ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԻ ՄՇԱԿՈՒՄ
ԳԼՈՒԽ 7. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՐՑԱՇԱՐԻ ԼՐԱՑՈՒՄ
ԲԱԺԻՆ 4. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ
ԳԼՈՒԽ 8. ՀԱՐՑԱՇԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 9. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ
ԳԼՈՒԽ 10. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳ
ԲԱԺԻՆ 5․ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼ
ԳԼՈՒԽ 11. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ
ԲԱԺԻՆ 6․ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԳԼՈՒԽ 12. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՈՒՄ
ԳԼՈՒԽ 13. ԶԵԿՈՒՅՑԻ ՇՐՋԱՆԱՌՈՒՄ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԲԱԺԻՆ 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1․ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ
1. Սույն մեթոդաբանությամբ (այսուհետ՝ Մեթոդաբանություն) սահմանվում են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններում և կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման շրջանակը, չափորոշիչները և գործիքակազմը:
2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված մարմիններն ու կազմակերպություններն են․
1) հանրային իշխանության մարմինները․
2) առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները․
3) պետության կողմից հիմնադրված հիմնադրամները․
4) 50 տոկոս և ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերությունները:
3. Մեթոդաբանության նպատակն է սահմանել կոռուպցիոն ռիսկերի նույնականացման, վերլուծության և քանակական գնահատման միասնական մոտեցումները՝ առաջնահերթ գնահատման ենթակա գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատում իրականացնելու նպատակով։
4. Մեթոդաբանությունը հիմնվում է մասնակցային մոտեցման վրա, որի կիրառմամբ կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացն իրականացվում է գնահատման շրջանակում ընդգրկված մարմինների և կազմակերպությունների (այսուհետ՝ Մարմիններ և կազմակերպություններ) ներգրավմամբ։ Կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացում, ըստ անհրաժեշտության, Հանձնաժողովը կարող է ներգրավել նաև ոլորտային փորձագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ և միջազգային փորձագետներ, որոնց կողմից ներկայացված տեղեկատվությունն ու մասնագիտական կարծիքներն օգտագործվում են գնահատման գործընթացի որակի և արդյունավետության բարձրացման նպատակով։
5. Մեթոդաբանությամբ սահմանված կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերի հաջորդականությամբ․
1) գնահատման գործընթացի նախապատրաստում, որի շրջանակում ընտրվում են գնահատվող գործընթացները, Մարմինները և կազմակերպությունները, իրականացվում են գնահատման կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ այլ միջոցառումներ․
2) կոռուպցիոն ռիսկերի նույնականացում, որի շրջանակում ուսումնասիրվում են գնահատվող գործընթացները, դրանց իրականացման ընթացակարգերը և առանձնահատկությունները, բացահայտվում են կոռուպցիոն ռիսկերը և դրանց դրսևորման հնարավոր ձևերը․
3) կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն, որի շրջանակում ուսումնասիրվում են նույնականացված կոռուպցիոն ռիսկերի առաջացման պատճառները, դրանք պայմանավորող գործոնները, հնարավոր հետևանքների բնույթը, ինչպես նաև գնահատվում են առկա կանխարգելիչ և վերահսկողական մեխանիզմների արդյունավետությունը.
4) կոռուպցիոն ռիսկերի քանակական գնահատում, որի շրջանակում Մեթոդաբանությամբ սահմանված չափորոշիչների հիման վրա գնահատվում են կոռուպցիոն ռիսկերի առաջացման հավանականությունը և հնարավոր ազդեցությունը, հաշվարկվում է յուրաքանչյուր ռիսկի միավորը․
5) գնահատման արդյունքների ամփոփում և հրապարակում, որի շրջանակում ամփոփվում են գնահատման արդյունքները, մշակվում և իրավասու մարմիններին ներկայացվում են արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև իրականացվում են գնահատման զեկույցի հրապարակմանն ուղղված գործողություններ։
ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
6. Մեթոդաբանությունում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
1) կոռուպցիոն ռիսկ՝ գնահատվող գործընթացում կոռուպցիոն դրսևորման առաջացման հավանականության և դրա հնարավոր ազդեցության համակցություն․
2) կոռուպցիոն ռիսկերի գնահատում՝ համակարգված և փաստահեն ուսումնասիրություն, որը ներառում է կոռուպցիոն ռիսկերի նույնականացումը, դրանց վերլուծությունն ու քանակական գնահատումը, և որը նպատակ ունի որոշելու նույնականացված կոռուպցիոն ռիսկերի առաջացման հավանականությունը, ազդեցությունը, պայմանավորող գործոնները, ինչպես նաև այդ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների հիմնական ուղղությունները․
3) կոռուպցիոն ռիսկերի նույնականացում՝ ռիսկերի գնահատման փուլ, որի շրջանակում բացահայտվում են այն պայմանները, խոցելիությունները և իրավիճակները, որոնք կարող են հանգեցնել կոռուպցիոն դրսևորումների առաջացման․
4) կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն՝ ռիսկերի գնահատման փուլ, որի շրջանակում ուսումնասիրվում և վեր են հանվում նույնականացված ռիսկերի առաջացման հիմնական պատճառները և պայմանավորող գործոնները, հնարավոր դրսևորման ձևերը և հավանական հետևանքները։ Վերլուծության շրջանակում գնահատվում է նաև գործող վերահսկողական և կանխարգելիչ այլ մեխանիզմների արդյունավետությունը, ինչպես նաև այդ մեխանիզմների բացակայության կամ թերի լինելու ազդեցությունը ռիսկերի առաջացման հավանականության վրա․
5) կոռուպցիոն ռիսկերի քանակական գնահատում՝ ռիսկերի գնահատման փուլ, որի շրջանակում Մեթոդաբանությամբ սահմանված՝ կոռուպցիոն ռիսկի առաջացման հավանականության և հնարավոր ազդեցության գնահատման չափորոշիչների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր նույնականացված կոռուպցիոն ռիսկի միավորը և մակարդակը․
6) կոռուպցիոն ռիսկի առաջացման հավանականություն՝ կոռուպցիոն ռիսկի դրսևորման կանխատեսելիության աստիճան, որը գնահատվում է ոլորտային առանձնահատկությունների, նախկինում արձանագրված կոռուպցիոն դրսևորումների, վերահսկողական և կանխարգելիչ այլ մեխանիզմների արդյունավետության և այլ համադրելի գործոնների հիման վրա․
7) կոռուպցիոն ռիսկի ազդեցություն (վնասի չափ)՝ կոռուպցիոն ռիսկի դրսևորման հետևանքով Մարմնի կամ կազմակերպության գործունեության, հեղինակության, ինչպես նաև հանրային շահի վրա հնարավոր բացասական հետևանքների բնույթը, ծավալը և նշանակալիությունը․
8) կոռուպցիոն ռիսկի միավոր՝ կոռուպցիոն ռիսկի հավանականության և ազդեցության համադրման հիման վրա ձևավորված ցուցանիշ․
9) կոռուպցիոն ռիսկի գործոններ` կազմակերպական-ինստիտուցիոնալ կամ այլ բնույթի հանգամանքներ, որոնք բարձրացնում են կոռուպցիոն դրսևորման առաջացման հավանականությունը կամ դրա հնարավոր ազդեցությունը գնահատվող գործընթացի վրա․
10) կոռուպցիոն ռիսկերի գնահատման շրջանակ՝ Մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև գործընթացների ամբողջություն, որոնցում իրականացվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատում․
11) կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործողությունների ծրագիր՝ Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր գնահատումից առաջ մշակվող փաստաթուղթ, որով սահմանվում են գնահատման փուլերը, նախատեսվող գործողությունները, դրանց իրականացման ժամկետները, ներգրավվող սուբյեկտները և գնահատման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններ։
7. Կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացում հաշվի են առնվում Մարմինների և կազմակերպությունների իրավական կարգավիճակի, լիազորությունների և գործունեության ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված հատուկ պահանջները։
8. Կոռուպցիոն ռիսկերի գնահատման ընթացքում ապահովվում է գաղտնիք պարունակող տեղեկատվության և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական պահանջների պահպանումը։ Գնահատման շրջանակում ստացված՝ գաղտնիք կամ ՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկությունները ենթակա են մշակման՝ պահպանելով գաղտնիության, տեղեկատվական անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության օրենսդրական պահանջները։
ԲԱԺԻՆ 2. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ
ԳԼՈՒԽ 3. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
9. Սույն գլուխը սահմանում է գնահատվող գործընթացների, Մարմինների և կազմակերպությունների ընտրության մեթոդաբանական հիմքերը՝ նպատակ ունենալով ապահովել գնահատման նպատակային և հիմնավորված իրականացումը, ինչպես նաև գնահատման շրջանակում կոռուպցիոն ռիսկերի առավել բարձր հավանականությամբ և ազդեցությամբ բնութագրվող գործընթացների առաջնահերթ ընդգրկումը:
10. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ոչ ուշ, քան ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ավարտը, հաստատում է գնահատվող գործընթացների շրջանակը, Մարմինների և կազմակերպությունների ցանկը՝ հաշվի առնելով սույն գլխով սահմանված կարգավորումները: Գնահատման առաջնահերթությունների վրա ազդեցություն ունեցող հանգամանքների առաջացման կամ փոփոխության դեպքում, անկախ սույն կետով սահմանված ժամկետից, Հանձնաժողովը կարող է հիմնավորված որոշմամբ փոփոխել կամ լրացնել գնահատման առաջնահերթությունները։
11. Հանձնաժողովը գնահատվող գործընթացների ընտրությունն իրականացնում է գործընթացի առաջնահերթ գնահատման անհրաժեշտությունը բնութագրող հետևյալ ռիսկային ցուցիչների և հիմքերի հիման վրա․
1) գործընթացում կոռուպցիոն դրսևորումների նախադեպերի առկայություն, որի շրջանակում հաշվի են առնվում․
ա. Գնահատմանը նախորդող երկու տարվա ընթացքում իրավասու մարմինների կողմից արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների կամ այլ իրավախախտումների վերաբերյալ պաշտոնական տվյալները․
բ. Գնահատմանը նախորդող երկու տարվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հրապարակումները, որոնք օգտագործվում են բացառապես որպես լրացուցիչ տեղեկատվական աղբյուր և ենթակա են պաշտոնական տվյալների հետ համադրման․
2) Հանձնաժողովի՝ օրենքով սահմանված գործառույթների իրականացման շրջանակում գնահատմանը նախորդող երկու տարվա ընթացքում գործընթացում կոռուպցիոն ռիսկերի առկայության վերաբերյալ ստացված տեղեկությունները, իրականացված վերլուծությունների արդյունքները․
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրային պարտավորություններից բխող գնահատումների արդյունքները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների զեկույցները և վերլուծությունները: Ցուցիչը կիրառվում է այն դեպքերում, երբ միջազգային գնահատումների շրջանակում արձանագրված խնդիրները կամ ներկայացված առաջարկությունները չեն ստացել բավարար արձագանք, ամբողջությամբ չեն իրականացվել կամ շարունակում են մնալ չլուծված՝ անկախ դրանց արձանագրման պահից անցած ժամանակահատվածից։
4) հանրային կարծիքի ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները, որոնց հիման վրա գնահատվում են հանրության ընկալումները: Այս ցուցիչի շրջանակում կարող են օգտագործվել այն հետազոտությունների արդյունքները, որոնք իրականացվել են վերջին երեք տարվա ընթացքում, ունեն հրապարակված մեթոդաբանություն, ինչպես նաև թույլ են տալիս գնահատել տվյալների հավաստիությունն ու հետազոտական սահմանափակումները: Նշված պահանջների սահմանումը նպատակ ունի ապահովելու կիրառվող հետազոտությունների արդիականությունը, ինչպես նաև դրանցում ներկայացված տվյալների վավերականության և մեթոդաբանական հիմնավորվածության գնահատման հնարավորությունը՝ ապահովելով կոռուպցիոն ռիսկերի գնահատման ընթացքում օգտագործվող տեղեկատվական հիմքի որակը․
5) Հայաստանի Հանրապետության ռազմավարական և ծրագրային փաստաթղթերով նախատեսված միջոցառումները, որոնցով սահմանվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման իրականացում որևէ գործընթացի շրջանակում․
6) նոր ներդրված, ինչպես նաև բարեփոխվող գործընթացների առկայությունը, որի շրջանակում դիտարկվում են վերջին երեք տարվա ընթացքում կառուցվածքային, իրավական, ինստիտուցիոնալ կամ գործառութային փոփոխությունների ենթարկված գործընթացները, եթե դրանցում առկա են անցումային փուլին բնորոշ կարգավորման, ընթացակարգային կամ վերահսկողական բացեր։
12. Սույն գլխի 11-րդ կետով սահմանված ռիսկային ցուցիչներին և հիմքերին համապատասխանող գործընթացներից գնահատման շրջանակում առաջնահերթ ընդգրկվող գործընթացները որոշվում են հետևյալ հանգամանքների համադրված գնահատման հիման վրա.
1) հանրային ազդեցության աստիճան, որը գնահատվում է՝ հաշվի առնելով.
ա. Գործընթացից օգտվող կամ դրա ազդեցության ներքո գտնվող անձանց և շահառուների շրջանակը.
բ. Գործընթացի ազդեցությունը անձանց իրավունքների և օրինական շահերի իրացման, հանրային ծառայությունների մատչելիության և որակի, ինչպես նաև հանրային ռեսուրսների օգտագործման վրա.
գ. Գործընթացի շրջանակում ընդունվող որոշումների կամ իրականացվող գործողությունների հնարավոր սոցիալական, տնտեսական, իրավական կամ այլ հետևանքները.
2) համակարգային նշանակությունը, որը գնահատվում է՝ հաշվի առնելով.
ա. Գործընթացի տեղը և գործառութային դերը կառավարման ընդհանուր համակարգում, այդ թվում՝ դրա ներգրավվածությունը որոշումների ընդունման, իրականացման և վերահսկման ինստիտուցիոնալ շղթայում․
բ. Գործընթացի ազդեցությունը կառավարման, վերահսկողության և հաշվետվողականության ընդհանուր համակարգի բնականոն և անխափան գործունեության վրա․
գ. Գործընթացի ոչ պատշաճ իրականացման դեպքում դրա հետևանքով այլ գործընթացների կամ գործառույթների բնականոն ընթացքի խաթարման կամ արդյունավետության նվազման հավանականությունը:
13. Մարմինների և կազմակերպությունների ցանկը ձևավորվում է գնահատվող գործընթացների հիման վրա։ Ցանկում ընդգրկվում են այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց օրենքով վերապահված են գնահատվող գործընթացներին առնչվող գործառույթների իրականացման, կարգավորման կամ վերահսկողության լիազորություններ։
14. Մարմինների և կազմակերպությունների շրջանակը սահմանելիս առաջնահերթությունը տրվում է այն մարմիններին ու կազմակերպություններին․
1) որոնք գնահատվող գործընթացի իրականացման շրջանակում ունեն առավել մեծ ներգրավվածություն կամ իրականացնում են էական գործառութային դերակատարություն․
2) որոնցում իրականացված գնահատումների արդյունքները հնարավորություն են տալիս առավելագույնս ապահովել համադրելիություն և ընդհանրացում նույն գործընթացն իրականացնող այլ մարմինների և կազմակերպությունների հետ․
3) որոնք Հանձնաժողովին հայտնել են կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացում ընդգրկվելու պատրաստակամության մասին։ Սույն հանգամանքն ինքնին բավարար հիմք չէ Մարմնի կամ կազմակերպության ընտրության համար և գնահատվում է սույն գլխով սահմանված այլ չափանիշների հետ համակցված․
4) որոնք ունեն քաղաքացիների, կազմակերպությունների կամ այլ շահառուների հետ անմիջական և հաճախակի փոխգործակցություն, ինչպես նաև մատուցում են մեծ ծավալի հանրային ծառայություններ կամ ընդունում են մեծ թվով վարչական ակտեր, ինչի արդյունքում տվյալ գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի հնարավոր ազդեցությունը կարող է տարածվել առավել լայն շրջանակի անձանց վրա։
ԳԼՈՒԽ 4. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄ
15. Կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործողությունների ծրագիրը հանդիսանում է մեթոդական գործիք, որն ապահովում է գնահատման գործընթացի համակարգված, արդյունավետ, կանխատեսելի, հաշվետու և թափանցիկ իրականացումը։ Այն ապահովում է գնահատման փուլերի հաջորդական իրականացումը, ներգրավված կողմերի լիազորությունների և պատասխանատվության շրջանակի հստակ սահմանումը, ինչպես նաև գնահատման ժամկետների և անհրաժեշտ ռեսուրսների ծրագրումը։
16. Գնահատվող գործընթացների, ինչպես նաև Մարմինների և կազմակերպությունների ցանկը հաստատելուց հետո 15-օրյա ժամկետում Հանձնաժողովը մշակում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործողությունների ծրագիրը, որը ներառում է առնվազն հետևյալ բաղադրիչները՝
1) կոռուպցիոն ռիսկերի գնահատման բոլոր փուլերի մանրամասն նկարագրությունը․
2) ակնկալվող արդյունքները՝ յուրաքանչյուր փուլի համար ձևավորվող միջանկյալ և վերջնական փաստաթղթային արդյունքների նկարագրությունը, ներառյալ՝ մշակվող փաստաթղթերի տեսակները (հարցաշարեր, միջանկյալ հաշվետվություններ, վերջնական զեկույց) և հաշվետվությունների ձևաչափը․
3) գնահատման կանխատեսվող ժամկետները՝ յուրաքանչյուր փուլի կատարման ժամկետները, միջանկյալ վերահսկման և հաշվետվության կետերը, ինչպես նաև գնահատման ընդհանուր ժամանակացույցը․
4) անհրաժեշտ ռեսուրսները՝ ներգրավվող մարդկային ռեսուրսների կազմը, արտաքին շահագրգիռ կողմերի և փորձագետների ներգրավման պայմանները (անհրաժեշտության դեպքում)։
17. Կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործողությունների ծրագիրը մշակվում է Մեթոդաբանությամբ սահմանված գնահատման փուլերի և ընդհանուր մոտեցումների հիման վրա՝ հաշվի առնելով գնահատվող գործընթացների, Մարմինների և կազմակերպությունների առանձնահատկությունները։
ԳԼՈՒԽ 5. ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
18. Կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործողությունների ծրագիրը հաստատելուց հետո 7-օրյա ժամկետում Հանձնաժողովն իրականացնում է նախնական հաղորդակցություն Մարմինների և կազմակերպությունների հետ։ Նախնական հաղորդակցությունն իրականացվում է գրավոր ձևով և հասցեագրվում է տվյալ մարմնի կամ կազմակերպության ղեկավարին։
19. Նախնական հաղորդակցության շրջանակում Մարմնին կամ կազմակերպությանը տրամադրվում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը․
1) տեղեկացում, որ տվյալ մարմնի կամ կազմակերպության մասնակցությամբ իրականացվելու է կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթաց․
2) տեղեկություն գնահատվող գործընթացի կամ գործընթացների վերաբերյալ․
3) ընդհանուր տեղեկություններ տվյալ մարմնի կամ կազմակերպության ընդգրկումը պայմանավորող հիմնական հիմքերի վերաբերյալ․
4) գնահատման նպատակները և ակնկալվող հիմնական արդյունքները․
5) գնահատման հիմնական փուլերը և յուրաքանչյուր փուլի ավարտի կանխատեսվող ժամկետը:
20. Նախնական հաղորդակցության շրջանակում մարմինը կամ կազմակերպությունը Հանձնաժողովին տրամադրում է պատասխանատու կոնտակտային անձի տվյալները՝ հետագա հաղորդակցության, տեղեկատվության փոխանակման և գործընթացի համակարգման ապահովման նպատակով։ Մարմինը կամ կազմակերպությունը պատասխանատու կոնտակտային անձի վերաբերյալ տեղեկությունները Հանձնաժողովին է ներկայացնում պաշտոնական գրությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
21. Հանձնաժողովն անցկացնում է նախնական աշխատանքային հանդիպում կամ քննարկում Մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվում են գնահատման նպատակները, շրջանակը, մեթոդաբանական հիմնական մոտեցումները, ինչպես նաև գնահատման գործընթացում մարմնի կամ կազմակերպության դերը և ներգրավվածության ձևաչափը։
22. Նախնական հաղորդակցության փուլում Մարմինները և կազմակերպությունները կարող են Հանձնաժողովին ներկայացնել դիտարկումներ, առաջարկություններ և լրացուցիչ տեղեկություններ՝ գնահատման շրջանակի, ինչպես նաև գնահատման կազմակերպմանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Ներկայացված դիտարկումները և առաջարկությունները Հանձնաժողովը կարող է հաշվի առնել գնահատման հետագա գործընթացի կազմակերպման ընթացքում։
23. Նախնական հաղորդակցության փուլում Մարմինների և կազմակերպությունների կողմից ներկայացված դիտարկումները և առաջարկությունները Հանձնաժողովը կարող է հաշվի առնել, եթե դրանք չեն հակասում Մեթոդաբանությամբ սահմանված պահանջներին, չեն խաթարում գնահատման օբյեկտիվությունը և ամբողջականությունը և չեն հանգեցնում բարձր ռիսկայնությամբ կամ առաջնահերթ գործընթացների անտեսման կամ էական շեղման։
ԲԱԺԻՆ 3․ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼ
ԳԼՈՒԽ 6․ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԻ ՄՇԱԿՈՒՄ
24. Սույն գլխում սահմանվում են գնահատվող գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման նպատակով հարցաշարերի մշակման և կիրառման մեթոդաբանական հիմքերը։ Հարցաշարը հանդիսանում է տեղեկատվության հավաքագրման գործիք, որի միջոցով ձևավորվում է գնահատվող գործընթացների վերաբերյալ փաստական հիմք՝ հետագա վերլուծության ընթացքում հնարավոր խոցելիությունների, ռիսկային գործոնների և կոռուպցիոն ռիսկերի բացահայտման նպատակով:
25. Հարցաշարի հիմնական նպատակներն են․
1) գնահատվող գործընթացներում ներգրավված աշխատակիցներից ճշգրիտ, լիարժեք և մասնագիտական տեղեկատվության ստացումը․
2) պրակտիկ գործունեության և նորմատիվ ու փաստաթղթային կարգավորումների համապատասխանության գնահատումը․
3) գործընթացների բարելավման, այդ թվում՝ հնարավոր թվայնացման, համակարգային բացերի նվազեցման և համապատասխան առաջարկությունների ձևակերպման փաստական հիմքի ձևավորումը։
26. Հարցաշարի մշակման ընթացքում Հանձնաժողովը հաջորդականորեն իրականացնում է հետևյալ գործողությունները․
1) գործընթացներին առնչվող օրենսդրական կարգավորումների ուսումնասիրություն.
2) գնահատվող գործընթացի հիմնական փուլերի քարտեզագրում՝ ներառյալ Մարմինների և կազմակերպությունների լիազորությունների, որոշումների ընդունման փուլերի և վերահսկողական մեխանիզմների նույնականացում.
3) հնարավոր կոռուպցիոն ռիսկերի և դրանց առաջացմանը նպաստող գործոնների նախնական նույնականացում.
4) յուրաքանչյուր ռիսկային գործոնին համապատասխան հարցերի մշակում․
5) հարցաշարի կառուցվածքի և բովանդակության վերջնականացում՝ հարցերի հստակությունը, ամբողջականությունը և կիրառելիությունն ապահովելու նպատակով։
27. Հարցաշարի մշակումն իրականացվում է հետևյալ փոխկապակցված երեք մակարդակների հիման վրա․
1) օրենսդրական մակարդակ, որի շրջանակում հաշվի են առնվում տվյալ գործընթացը կարգավորող իրավական ակտերի առկայությունը, կարգավորումների ամբողջականությունն ու որոշակիությունը, լիազորությունների և պատասխանատվության բաշխման հստակությունը, ինչպես նաև այն հանգամանքը, թե արդյոք գործող կարգավորումները բավարար հիմքեր են ստեղծում գործընթացի պատշաճ իրականացման, վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կառավարման համար․
2) գործնական կիրառության մակարդակ, որի շրջանակում հաշվի են առնվում սահմանված պահանջների փաստացի կիրառման աստիճանը, միատեսակությունը, կիրառման վերաբերյալ փաստաթղթավորված տվյալների առկայությունը, ինչպես նաև սահմանված ընթացակարգերից շեղումների հաճախականությունը և պատճառները․
3) կոռուպցիոն ռիսկերի կառավարման մեխանիզմների արդյունավետության մակարդակ, որի շրջանակում գնահատվում է գործող կարգավորումների, վերահսկողական և կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետությունը՝ ներառյալ դրանց կարողությունը բացահայտելու, կանխելու և նվազեցնելու կոռուպցիոն ռիսկերը, արձագանքելու հայտնաբերված խնդիրներին և ապահովելու գործընթացների շարունակական բարելավումը։
28. Եթե գնահատվող գործընթացներն առնչվում են բարձրագույն գործադիր լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց1 գործունեությանը, հարցաշարում կարող են ներառվել նաև հարցեր՝ ուղղված այդ պաշտոնատար անձանց կողմից որոշումների կայացման թափանցիկության, հայեցողական լիազորությունների իրականացման, շահերի բախման կառավարման և հաշվետվողականության մեխանիզմների արդյունավետության գնահատմանը։
29. Հարցաշարի կառուցվածքում նախատեսվում է համապատասխան դաշտ, որում Մարմնի կամ կազմակերպության կողմից ներկայացվում է պատասխանի փաստաթղթային հիմնավորումը՝ համապատասխան իրավական ակտի, ինչպես նաև այլ հաստատող նյութերի կցմամբ։
30. Հարցաշարի մշակման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները և պահանջները․
1) հարցաշարը պետք է ներառի ներածական հատված, որտեղ ներկայացվում են գնահատման նպատակը, պատասխանների օգտագործման շրջանակը և այլ անհրաժեշտ տեղեկություններ․
2) հարցաշարի կառուցվածքը պետք է ապահովի ընդհանուրից մասնավորին անցում՝ սկսելով պարզ և ընդհանուր հարցերից և աստիճանաբար անցում կատարելով ավելի բարդ և խորքային հարցերին․
3) հարցաշարի յուրաքանչյուր հարց պետք է ուղղված լինի գնահատման առարկայի կոնկրետ բաղադրիչի չափմանը կամ գնահատմանը և ունենա հստակ նպատակ․
4) յուրաքանչյուր հարց պետք է ընդգրկի միայն մեկ ինքնուրույն թեմա կամ ենթահարց․
5) հարցերի ձևակերպումներում չեն կարող օգտագործվել ուղղորդող, գնահատողական կամ ենթադրություններով պայմանավորված ձևակերպումներ, որոնք կարող են ազդել պատասխանների անկողմնակալության և օբյեկտիվության վրա․
6) հարցաշարում պետք է բացառվեն կրկնվող, գնահատման նպատակներին չծառայող կամ անհարկի ծանրաբեռնվածություն առաջացնող հարցերը:
31. Հարցաշարում կարող են կիրառվել հարցերի հետևյալ հիմնական տեսակները․
1) փակ հարցեր՝ որոնք ներառում են նախապես սահմանված պատասխանների ամբողջական ցանկը և նախատեսված են ստանդարտացված տվյալների հավաքագրման համար՝ ապահովելով պատասխանների համեմատելիությունը և քանակական վերլուծության հնարավորությունը.
2) բաց հարցեր՝ որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին ազատ շարադրանքով արտահայտել իրենց դիրքորոշումները, փորձառությունը, դիտարկումները կամ ընկալումները՝ առանց պատասխանի ձևաչափային սահմանափակումների.
3) կիսափակ հարցեր՝ որոնք համակցում են փակ հարցերին բնորոշ՝ նախապես սահմանված պատասխանների ցանկը և բաց պատասխանի տրամադրման հնարավորությունը «Այլ» կամ համարժեք տարբերակի միջոցով։
32. Հանձնաժողովը գնահատման գործընթացի շրջանակում հարցաշարի հաստատված ձևը, դրա լրացման վերաբերյալ մեթոդական ցուցումները, ինչպես նաև ուղեկցող պաշտոնական գրությունը տրամադրում է Մարմիններին և կազմակերպություններին։ Ուղեկցող գրությամբ սահմանվում են գնահատման նպատակները, լրացման ձևաչափը, ինչպես նաև Հանձնաժողովի պատասխանատու մասնագիտական ստորաբաժանման և կոնտակտային անձի վերաբերյալ տվյալները:
33. Հանձնաժողովը սահմանում է հարցաշարի լրացման և ներկայացման վերջնաժամկետը՝ հաշվի առնելով գնահատման գործընթացի ընդհանուր ժամանակացույցը, գնահատվող գործընթացի բարդությունը, ինչպես նաև հարցաշարում ընդգրկված հարցերի քանակը և ծավալը։ Մարմինը կամ կազմակերպությունը, հիմնավորված պատճառների առկայության դեպքում, կարող է հարցաշարի լրացման և ներկայացման համար սահմանված վերջնաժամկետից առնվազն 5 աշխատանքային օր առաջ գրավոր դիմել վերջնաժամկետի երկարաձգման համար։ Դիմումը քննարկվում և դրա վերաբերյալ որոշում է ընդունվում այն ստանալու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Վերջնաժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 5 աշխատանքային օրով։ Դիմումի բավարարման կամ մերժման վերաբերյալ տեղեկացվում է դիմում ներկայացրած մարմինը կամ կազմակերպությունը։
34. Հարցաշարի լրացման ընթացքում Մարմինները և կազմակերպությունները կարող են դիմել Հանձնաժողով՝ հարցաշարի առանձին դրույթների վերաբերյալ պարզաբանումներ և մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով։ Հանձնաժողովն ապահովում է համապատասխան մասնագիտական խորհրդատվության տրամադրումը՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով աշխատանքային քննարկումներ՝ հարցաշարի բովանդակության միատեսակ ընկալումն ապահովելու նպատակով։ Մարմինները և կազմակերպությունները կարող են ներկայացնել նաև հարցաշարի առանձին հարցերի վերաբերյալ հիմնավորված դիտարկումներ կամ առաջարկություններ։ Հանձնաժողովը քննարկում է ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները և, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկում համապատասխան միջոցներ հարցի ձևակերպումը ճշգրտելու կամ պարզաբանելու ուղղությամբ։
ԳԼՈՒԽ 7. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՐՑԱՇԱՐԻ ԼՐԱՑՈՒՄ
35. Սույն գլխում առաջարկվում են Մարմիններում և կազմակերպություններում աշխատանքային խմբերի ձևավորման, դրանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի վերաբերյալ մոտեցումներ, ինչպես նաև սահմանվում են հարցաշարի լրացման և ներկայացման հիմնական պահանջներն ու ընթացակարգային մոտեցումները։
36. Կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացի կազմակերպման, հարցաշարերի լրացման, ինչպես նաև գնահատման արդյունքների քննարկման և առաջարկությունների տեղայնացման նպատակով գնահատման շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր մարմնում կամ կազմակերպությունում կարող է ձևավորվել աշխատանքային խումբ։ Աշխատանքային խումբ չձևավորելու դեպքում առաջարկվում է, որ կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացի համակարգման նպատակով Մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կողմից նշանակվի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում կամ պաշտոնատար անձ։
37. Գնահատման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով առաջարկվում է աշխատանքային խմբի կազմում ընդգրկել․
1) գնահատման գործընթացներին առնչվող մասնագիտական ստորաբաժանումների, ինչպես նաև իրավաբանական ստորաբաժանման ներկայացուցիչների կամ համարժեք գործառույթներ իրականացնող այլ աշխատակցի․
2) բարեվարքության հարցերով կազմակերպչին կամ համարժեք գործառույթներ իրականացնող այլ աշխատակցի (առկայության դեպքում)․
3) Հանձնաժողովի հետ հաղորդակցության համար պատասխանատու կոնտակտային անձին, որի վերաբերյալ տվյալները Հանձնաժողովին ներկայացվում են նախնական հաղորդակցության փուլում․
4) մարմնի կամ կազմակերպության ղեկավարի հայեցողությամբ՝ այլ համապատասխան գիտելիքներ ունեցող աշխատակիցների։
38. Հարցաշարերի լրացման նպատակով աշխատանքային խմբին կամ պատասխանատու ստորաբաժանմանը (պաշտոնատար անձին) առաջարկվում է կիրառել տեղեկատվության հավաքագրման հետևյալ մեթոդները․
1) հարցաշարի առանձին բաժինների և հարցերի ուղղում մարմնի կամ կազմակերպության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին կամ պաշտոնատար անձանց՝ կարծիքների, պարզաբանումների, հիմնավորումների և պատասխանների ստացման նպատակով.
2) քննարկումների, աշխատանքային հանդիպումների և մասնագիտական խորհրդակցությունների կազմակերպում.
3) աշխատակիցներին ուղղված բաց կամ անանուն հարցումների իրականացում՝ ներառյալ՝ բարեվարքության միջավայրի, շահերի բախման իրավիճակների և կոռուպցիոն ռիսկերի կառավարման վերաբերյալ.
4) փաստաթղթերի, վարչական գործընթացների և որոշումների կայացման ընթացակարգերի ուսումնասիրություն.
5) անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունեցող աշխատակիցների, այդ թվում՝ ներքին հսկողության, իրավական, ֆինանսական, մարդկային ռեսուրսների կառավարման կամ այլ ոլորտային մասնագետների ներգրավում։
39. Առաջարկվում է, որ Մարմնում կամ կազմակերպությունում ձևավորված աշխատանքային խումբը, իսկ դրա բացակայության դեպքում՝ համապատասխան Մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձը հարցաշարի լրացման գործընթացի շրջանակներում իրականացնի հետևյալ գործողությունները.
1) ապահովում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ներգրավումը գործընթացին․
2) ապահովում է տվյալների ամբողջականության և արդիականության ստուգումը․
3) կազմակերպում է ներքին քննարկումներ և տվյալների ճշգրտման գործընթաց, ապահովում է հարցաշարի լրացումը փաստական տվյալների հիման վրա․
4) կցում է համապատասխան հիմնավորող փաստաթղթեր և այլ աղբյուրներ․
5) ապահովում է «վերաբերելի չէ» նշումների կիրառման հիմնավորվածությունը․
6) իրականացնում է մարմնի կամ կազմակերպության ներսում հարցաշարի վերջնական համաձայնեցումը և ներկայացումը Հանձնաժողովին։
40. Լրացված հարցաշարերը ներկայացվում են Հանձնաժողով՝ վերջինիս կողմից սահմանված ձևաչափով և ժամկետներում։
ԲԱԺԻՆ 4. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ
ԳԼՈՒԽ 8. ՀԱՐՑԱՇԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
41․ Սույն գլխում սահմանվում են հարցաշարի պատասխանների վերլուծության, լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարցերի ձևակերպման, ինչպես նաև տեղեկատվության հավաքագրման լրացուցիչ մեթոդների կիրառմանն առնչվող մեթոդաբանական մոտեցումները։
42. Հարցաշարի պատասխանների վերլուծությունն իրականացվում է օբյեկտիվության, համադրելիության, փաստահենության և ամբողջականության սկզբունքների պահպանմամբ՝ ապահովելով ռիսկային գործոնների համակարգային նույնականացումը։
43. Մարմինների և կազմակերպությունների կողմից հարցաշարերի պատասխանները ստանալուց հետո Հանձնաժողովն իրականացնում է հարցաշարի պատասխանների նախնական վերլուծություն՝ նպատակ ունենալով գնահատել դրանց ամբողջականությունը, տեխնիկական համապատասխանությունը և բովանդակային հիմնավորվածությունը։
44. Նախնական վերլուծության շրջանակում գնահատվում է․
1) արդյոք հարցաշարի բոլոր հարցերին ներկայացվել են պատասխաններ, և արդյոք ներկայացված պատասխանները համապատասխանում են հարցերի բովանդակությանը և պահանջներին.
2) արդյոք ներկայացված պատասխանները ամբողջական են և բավարար են համապատասխան հարցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունն արտացոլելու համար.
3) արդյոք ներկայացված պատասխաններում առկա են թվային, փաստական կամ այլ հակասություններ.
4) արդյոք ներկայացված պատասխանները հիմնավորվում են կից փաստաթղթերով, տվյալներով կամ համապատասխան աղբյուրների հղումներով.
5) արդյոք կից ներկայացված փաստաթղթերն ու հղումները վերաբերելի են համապատասխան հարցին և բավարար են ներկայացված տեղեկատվությունը հիմնավորելու համար։
Անհամապատասխանությունների, թերի կամ ոչ ամբողջական պատասխանների, անհրաժեշտ փաստաթղթերի կամ հղումների բացակայության, ինչպես նաև ներկայացված տեղեկատվության ճշգրտման կամ պարզաբանման անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը Մարմնին կամ կազմակերպությանը տեղեկացնում է համապատասխան թերությունների վերաբերյալ՝ դրանց շտկման, լրացման կամ պարզաբանման համար սահմանելով առավելագույնը 7-օրյա ժամկետ։
45. Նախնական վերլուծության ավարտից հետո Հանձնաժողովն իրականացնում է հարցաշարի պատասխանների խորքային վերլուծություն, որի ընթացքում․
1) ուսումնասիրվում են գնահատվող գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերի ձևավորմանը նպաստող գործոնները, դրանց վերաբերյալ ներկայացված տեղեկությունները․
2) գնահատվում է բացահայտված ռիսկային գործոնների նշանակությունը և դրանց ազդեցությունը կոռուպցիոն ռիսկերի առաջացման հավանականության և հնարավոր հետևանքների վրա․
3) նույնականացվում են կրկնվող, փոխկապակցված կամ համակարգային բնույթի խնդիրները, այդ թվում՝ տարբեր մարմինների, կազմակերպությունների, գործընթացների կամ ընթացակարգերի շրջանակում դրսևորվող խնդիրները․
4) ձևավորվում են նախնական եզրահանգումներ գնահատվող գործընթացի կոռուպցիոն ռիսկերի ընդհանուր պատկերի վերաբերյալ․
5) գնահատվում է լրացուցիչ ուսումնասիրության իրականացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով հավաքագրված տեղեկատվության ամբողջականությունը, բավարարությունը և բացահայտված ռիսկերի բնույթը։
46. Կոռուպցիոն ռիսկի գործոնները կարող են դասակարգվել հետևյալ հիմնական խմբերով․
1) իրավական գործոններ, այդ թվում՝ իրավական ակտերում առկա կարգավորման բացեր, հակասություններ, իրավական անորոշություններ, հայեցողական լիազորությունների լայն շրջանակ, իրավունքների, պարտականությունների և ընթացակարգերի ոչ հստակ սահմանում․
2) կազմակերպական-ինստիտուցիոնալ գործոններ, այդ թվում՝ կառավարման կառուցվածքի, գործառույթների և լիազորությունների բաշխման, պատասխանատվության սահմանման, ներքին համակարգման և որոշումների կայացման գործընթացների հետ կապված խնդիրներ կամ առանձնահատկություններ․
3) վերահսկողական և հաշվետվողականության գործոններ, այդ թվում՝ ներքին հսկողության մեխանիզմների ոչ արդյունավետ կամ ձևական իրականացում, վերահսկողական գործիքների սահմանափակ կիրառում, պատասխանատվության և հաշվետվողականության մեխանիզմների անբավարարություն, ինչպես նաև հայտնաբերված խնդիրներին արձագանքման ոչ արդյունավետ համակարգեր․
4) թափանցիկության և տեղեկատվական գործոններ, այդ թվում՝ որոշումների և այլ էական տվյալների ոչ բավարար հրապարակայնություն, տեղեկատվության մատչելիության ցածր մակարդակ, տեղեկատվության տրամադրման սահմանափակումներ կամ ոչ լիարժեք մեխանիզմներ․
5) թվայնացման և գործընթացների հետագծելիության գործոններ, այդ թվում՝ ծառայությունների և վարչական գործընթացների ոչ լիարժեք թվայնացում, տեղեկատվական համակարգերի սահմանափակ կիրառում, գործընթացների նկատմամբ վերահսկելիության և հետագծելիության անբավարար մակարդակ՝ այդ թվում՝ տեղեկատվական համակարգերում գործողությունների հետագծելիության (Audit Log) ապահովվածության մակարդակը, օգտատերերի մուտքի իրավունքների և լիազորությունների հստակ տարանջատումը, ինչպես նաև ավտոմատացված գործընթացներում անհիմն միջամտության տեխնիկական հնարավորությունների առկայությունը․
6) բարեվարքության և վարքագծային գործոններ, այդ թվում՝ շահերի բախման կառավարման համակարգերի թերի կամ ոչ արդյունավետ կիրառում, վարքագծի կանոնների պահպանման ապահովման մեխանիզմների անբավարարություն, բարեվարքության մշակույթի թույլ ձևավորվածություն․
7) արտաքին ազդեցության գործոններ, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացների վրա ոչ իրավաչափ ազդեցության հնարավորություններ, շահագրգիռ խմբերի ազդեցության ռիսկեր, ինչպես նաև գործընթացների անկախությունն ու անաչառությունը վտանգող այլ հանգամանքներ․
8) մասնագիտական կարողությունների և իրազեկվածության գործոններ, այդ թվում՝ աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ոչ բավարար մակարդակ, կոռուպցիոն ռիսկերի, բարեվարքության պահանջների և հակակոռուպցիոն կարգավորումների վերաբերյալ ոչ բավարար մակարդակի իրազեկվածություն, վերապատրաստումների ոչ բավարար չափով կազմակերպում կամ արդյունավետության ցածր մակարդակ, ինչպես նաև գործառույթների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ կարողությունների բացակայություն կամ ոչ բավարար մակարդակ։
47. Յուրաքանչյուր նույնականացված կոռուպցիոն ռիսկի գործոնի վերաբերյալ Հանձնաժողովը գնահատում է դրա նշանակությունը՝ հաշվի առնելով․
1) տվյալ գործոնի ազդեցությունը կոռուպցիոն ռիսկի առաջացման հավանականության վրա.
2) դրա տարածվածությունը և կրկնելիությունը գնահատվող գործընթացում․
3) գործոնի դրսևորման բնույթը՝ հատվածային, պարբերական կամ համակարգային.
4) առկա վերահսկողական մեխանիզմների կարողությունը՝ կանխելու կամ նվազեցնելու տվյալ գործոնի ազդեցությունը.
5) հնարավոր հետևանքների շրջանակը՝ հանրային շահի, ծառայությունների որակի, որոշումների օրինականության, հեղինակության կամ վստահության վրա ազդեցության տեսանկյունից։
48. Հարցաշարի պատասխանների վերլուծության արդյունքներով Հանձնաժողովը գնահատում է լրացուցիչ մեթոդների կիրառման անհրաժեշտությունը, որը կարող է պայմանավորված լինել հետևյալ հանգամանքներով․
1) տարբեր աղբյուրներից տեղեկատվության հավաքագրման, համադրման և տվյալների հավաստիության ապահովման անհրաժեշտությամբ.
2) ներկայացված տեղեկատվության ոչ ամբողջական կամ հակասական լինելու հանգամանքով.
3) տարբեր աղբյուրներից ստացված տվյալների միջև անհամապատասխանություններով.
4) բարձր ռիսկային գործոնների կամ համակարգային խնդիրների առկայությամբ:
ԳԼՈՒԽ 9. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ
49. Հարցաշարի պատասխանների վերլուծության արդյունքում նույնականացված կոռուպցիոն ռիսկերը կարող են պահանջել լրացուցիչ տվյալների հավաքագրում և խորքային ուսումնասիրություն։ Այդ նպատակով Հանձնաժողովը կարող է կիրառել համապատասխան որակական և քանակական մեթոդներ՝ հիմք ընդունելով նաև IEC/ISO 31010:2019 միջազգային ստանդարտով սահմանված ռիսկերի գնահատման գործիքակազմը և հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի առանձնահատկությունները։ Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է լրացուցիչ ուսումնասիրության առանձին մեթոդների իրականացման նպատակով ներգրավել համապատասխան մասնագիտական փորձ ունեցող արտաքին կազմակերպությունների կամ փորձագետների։
50. Լրացուցիչ ուսումնասիրության իրականացման նպատակով կարող են կիրառել հետևյալ մեթոդները՝
1) փաստաթղթային վերլուծություն, որի շրջանակում վերլուծությունն իրականացվում է արդեն գոյություն ունեցող աղբյուրների հիման վրա՝ առանց նոր դաշտային տվյալների ուղղակի հավաքագրման։ Այն ներառում է, մասնավորապես՝ իրավական ակտերի, հաշվետվությունների, վիճակագրական տվյալների և վերլուծական նյութերի, միջազգային կազմակերպությունների զեկույցների և ուսումնասիրությունների, ներքին փաստաթղթերի վերլուծություն.
2) իրավասու մարմիններին և կազմակերպություններին ուղղված պաշտոնական հարցումներ, որոնց շրջանակում գրավոր կարգով ստացվում են անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ և տվյալներ․
3) բաց աղբյուրների տվյալների ուսումնասիրություն, ներառյալ ԶԼՄ-ների հրապարակումները, Մարմինների և կազմակերպությունների պաշտոնական կայքէջերը, ինչպես նաև այլ հրապարակային տվյալներ․
4) խորքային հարցազրույցներ, որոնք իրականացվում են իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների, գնահատվող գործընթացում ներգրավված աշխատակիցների, վերահսկողական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կոռուպցիոն ռիսկերի ընկալման, օրենսդրության և պրակտիկայի բացերի, բարեվարքության մշակույթի և ընթացակարգային խոցելիությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով․
5) ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց շրջանակում կազմակերպվում են խմբային քննարկումներ գնահատվող գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի, մասնագետների և համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տարբեր փորձառությունների, դիրքորոշումների և գնահատականների համադրման, հարցաշարի արդյունքների ճշգրտման, ինչպես նաև գործընթացներում առկա խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի առավել ամբողջական բացահայտման նպատակով․
6) փորձագիտական հարցազրույցներ, որոնք անցկացվում են համապատասխան ոլորտային մասնագետների, փորձագետների և մասնագիտական փորձառություն ունեցող այլ անձանց շրջանում՝ մասնագիտական գնահատականներ, վերլուծություններ ստանալու նպատակով․
7) հարցումներ, որի շրջանակում կառուցվածքային հարցաթերթերի միջոցով իրականացվում են քաղաքացիների կամ այլ շահառու խմբերի շրջանում հարցումներ՝ կոռուպցիոն ռիսկերի ընկալման, հանրային վստահության մակարդակի, ինչպես նաև գործընթացին առնչվող իրավական կարգավորումների արդյունավետության վերաբերյալ քանակական և համադրելի տվյալներ ստանալու և վերլուծելու նպատակով․
8) ընտրանքային սկզբունքով՝ վարչական ակտերի, որոշումների կայացման ընթացակարգերի, հանձնաժողովների արձանագրությունների և այլ փաստաթղթերի ուսումնասիրություն՝ կոռուպցիոն ռիսկերի հնարավոր գործոնների բացահայտման նպատակով։
51. Լրացուցիչ մեթոդների ընտրությունը պետք է լինի հիմնավորված և համաչափ՝ ապահովելով դրանց կապը հարցաշարի վերլուծության արդյունքում վերհանված ռիսկային գործոնների հետ, ինչպես նաև դրանց համապատասխանությունը գնահատման նպատակներին և ակնկալվող արդյունքներին։
52. Լրացուցիչ մեթոդների կիրառման արդյունքում ստացված տեղեկությունները գնահատվում են դրանց վերաբերելիության, արժանահավատության, ամբողջականության և բավարարության տեսանկյունից։ Տեղեկությունների գնահատման ընթացքում հաշվի են առնվում տեղեկատվության աղբյուրը, ստացման եղանակը, փաստական հիմքերը, ինչպես նաև այլ տվյալների կամ աղբյուրների միջոցով դրանց հաստատման հնարավորությունը։
ԳԼՈՒԽ 10. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳ
53. Կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը նպատակ ունի նպաստելու գնահատման գործընթացի օբյեկտիվության, թափանցիկության և հանրային վերահսկողության ապահովմանը, ինչպես նաև գնահատվող գործընթացի վերաբերյալ լրացուցիչ մասնագիտական տեղեկությունների ստացմանը։
54. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են ներգրավվել գնահատման գործընթացի տարբեր փուլերում՝ կախված կիրառվող մեթոդներից և գործընթացների բնույթից, որպես մասնակից կամ փորձագիտական աջակցություն տրամադրող կողմ։ Ըստ այդմ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը կարող է իրականացվել փորձագիտական կարծիքների և մասնագիտական դիրքորոշումների ներկայացման, գնահատման գործընթացի շրջանակում համագործակցության, ինչպես նաև համապատասխան ոլորտներում փորձագիտական աջակցություն տրամադրելու միջոցով։
55. Կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման նպատակով Հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հայտարարություն, որով սահմանվում են ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը և դիմումների ներկայացման կարգը, ինչպես նաև մասնակցության պայմանները, այդ թվում՝ կազմակերպությունների կանոնադրական նպատակներին, ոլորտային գործունեությանը, մասնագիտական կարողություններին, ինչպես նաև բարեվարքությանը ներկայացվող պահանջները:
56. Հայտարարությամբ ներկայացվող պահանջները սահմանվում են՝ ելնելով գնահատվող գործընթացի բնույթից և համապատասխան ոլորտի առանձնահատկություններից։ Պահանջների շրջանակը պայմանավորվում է տվյալ գնահատման գործընթացում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ ակնկալվող մասնագիտական գիտելիքներով, փորձով և կարողություններով։
57. Հայտարարությունը կարող է տարածվել նաև այլ տեղեկատվական հարթակներով՝ լայն մասնակցության ապահովման նպատակով։
58. Դիմումների գնահատման արդյունքում Հանձնաժողովը հաստատում է հայտարարությամբ սահմանված չափանիշներին համապատասխանող կազմակերպությունների ցանկը՝ էլեկտրոնային փոստի միջոցով անհատական ծանուցումներ ուղարկելով մասնակցության հայտ ներկայացրած կազմակերպություններին: Հանձնաժողովի կողմից հաստատված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանկը հրապարակվում է նաև Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը և հանրային իրազեկվածությունը:
59. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման գործընթացն իրականացվում է օբյեկտիվության և հավասար հնարավորությունների սկզբունքների հիման վրա՝ նախապես սահմանված և հրապարակված ընտրության չափանիշների կիրառմամբ։
ԲԱԺԻՆ 5․ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼ
ԳԼՈՒԽ 11. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ
60. Սույն գլխում սահմանվում են կոռուպցիոն ռիսկերի քանակական գնահատման՝ ռիսկերի միավորների հաշվարկման, ռիսկերի մակարդակների դասակարգման և քարտեզագրման մեթոդաբանական հիմքերը:
61. Կոռուպցիոն ռիսկերի միավորների հաշվարկն իրականացվում է՝ կիրառելով կոռուպցիոն ռիսկերի գնահատման մատրիքսը (Աղյուսակ 4), ռիսկի առաջացման հավանականության և ազդեցության գնահատման համար սահմանված միավորների արտադրյալի հիման վրա՝ համաձայն Մեթոդաբանության 63-րդ և 64-րդ կետերով սահմանված չափորոշիչների։
62. Ռիսկի հավանականության մակարդակի գնահատումն իրականացվում է՝ հաշվի առնելով ոլորտային առանձնահատկություններից բխող հանգամանքները, ռիսկային դրսևորումների հաճախականությունը, առկա վերահսկողական և կառավարման մեխանիզմների արդյունավետությունը, նախկինում արձանագրված դեպքերի առկայությունն ու բնույթը, ինչպես նաև ռիսկի դրսևորմանը նպաստող պայմանների առկայությունը։
63. Հավանականության մակարդակի գնահատումն իրականացվում է Աղյուսակ 1-ում ներկայացված չափորոշիչների հիման վրա:
Աղյուսակ 1․
|
Հավանականության |
Նկարագրություն |
Միավոր |
|
Հավանական |
Կոռուպցիոն ռիսկի իրացման հավանականությունը գնահատվում է բարձր՝ պայմանավորված գործընթացին բնորոշ էական խոցելիություններով, վերահսկողական մեխանիզմների անբավարար արդյունավետությամբ, ինչպես նաև նախկինում արձանագրված կոռուպցիոն դեպքերով կամ խախտումներով և այլ առկա տվյալներով։ |
4 |
|
Հնարավոր |
Առկա են կոռուպցիոն ռիսկի ձևավորմանը նպաստող որոշակի նախադրյալներ, սակայն գործող վերահսկողական մեխանիզմները սահմանափակում են դրանց դրսևորման հնարավորությունը, ինչի արդյունքում ռիսկի իրացումը գնահատվում է միջին մակարդակի։ |
3 |
|
Հազվադեպ |
Ռիսկի ձևավորմանը նպաստող գործոնները սահմանափակ են, և գործող վերահսկողական մեխանիզմներն ընդհանուր առմամբ բավարար են դրանց չեզոքացման համար, ինչի հետևանքով ռիսկի իրացման հավանականությունը գնահատվում է ցածր՝ հնարավոր միայն բացառիկ պայմաններում։ |
2 |
|
Գրեթե երբեք |
Առկա կարգավորումների և կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետ գործարկման պայմաններում ռիսկի ձևավորմանն ուղղված էական նախադրյալներ չեն արձանագրվել, ինչի հետևանքով դրա իրացումը գնահատվում է չափազանց քիչ հավանական՝ հնարավոր բացառապես անկանխատեսելի հանգամանքներում։ |
1 |
64. Ազդեցության (հետևանքների) մակարդակի գնահատումն իրականացվում է Աղյուսակ 2-ում ներկայացված չափորոշիչների հիման վրա: Ազդեցության մակարդակի գնահատման ընթացքում հաշվի են առնվում կոռուպցիոն դրսևորման հնարավոր հետևանքների բնույթը և մասշտաբը, այդ թվում՝ ֆինանսական ազդեցության չափը, հանրային կամ պետական ռեսուրսների վրա ազդեցությունը, կառավարման գործընթացների խաթարման աստիճանը, հետևանքների տարածվածությունը, տևողությունը և վերականգնման հնարավորությունը։
Աղյուսակ 2.
|
Ազդեցության |
Նկարագրություն |
Միավոր |
|
Ծանր |
Կոռուպցիոն դրսևորման հետևանքներն ունեն համակարգային բնույթ և կարող են էականորեն խաթարել մարմնի կամ կազմակերպության բնականոն գործունեությունը և ինստիտուցիոնալ կայունությունը՝ արտահայտվելով խոշոր ֆինանսական կամ նյութական կորուստներով, պետական կամ հանրային ռեսուրսների զգալի վնասմամբ, կառավարման կարողությունների թուլացմամբ, մարմնի կամ կազմակերպության հեղինակության, հանրային վստահության կտրուկ նվազմամբ, ինչպես նաև հանրային շահի կամ անձանց իրավունքների ու օրինական շահերի լուրջ խախտմամբ։ |
4 |
|
Էական |
Ազդեցությունը դուրս է գալիս առանձին գործողության շրջանակից և տարածվում է առնվազն մեկ գործառույթի կամ գործընթացի ողջ շրջանակի վրա՝ նվազեցնելով դրա արդյունավետությունը։ Հնարավոր են նկատելի ֆինանսական կորուստներ, մարմնի կամ կազմակերպության հեղինակության վնասում, հանրային վստահության նվազում, ինչպես նաև հանրային շահի կամ անձանց իրավունքների ու օրինական շահերի վրա բացասական ազդեցություն, որոնց վերացումը պահանջում է լրացուցիչ միջոցառումների կիրառում։ |
3 |
|
Ոչ էական |
Հետևանքները սահմանափակ բնույթ ունեն և վերաբերում են առանձին գործողության, որոշման կամ ստորաբաժանման մակարդակին՝ չհանգեցնելով մարմնի կամ կազմակերպության գործունեության էական խաթարման կամ հանրային շահի ու անձանց իրավունքների վրա նշանակալի բացասական ազդեցության, և կարող են վերացվել առկա ընթացակարգերի ու վերահսկողական միջոցների շրջանակում։ |
2 |
|
Աննշան |
Կոռուպցիոն դրսևորման հնարավոր հետևանքները նվազագույն են և չեն առաջացնում նկատելի ազդեցություն մարմնի կամ կազմակերպության գործունեության, ռեսուրսների, հանրային շահի կամ անձանց իրավունքների և օրինական շահերի ապահովման վրա։ Դրանք սահմանափակվում են առանձին դեպքով կամ գործողությամբ և կարող են կարգավորվել առկա ընթացակարգերի շրջանակում՝ առանց լրացուցիչ նշանակալի միջոցների կիրառման։ |
1 |
65. Ազդեցության մակարդակը որոշելիս գնահատողը հաշվի է առնում ոչ միայն կոռուպցիոն դրսևորման հնարավոր հետևանքների ընդհանուր բնույթը, այլև դրանց նշանակալիությունը բնութագրող հետևյալ չափանիշները՝
1) ֆինանսական կամ նյութական վնասի ազդեցությունը գնահատելիս հաշվի են առնվում պատճառվելիք վնասի չափը, դրա հարաբերակցությունը մարմնի կամ կազմակերպության կողմից տնօրինվող ֆինանսական և նյութական ռեսուրսների ծավալին, ինչպես նաև այն գործընթացի կամ գործառույթի նշանակությունը, որի շրջանակում կարող է առաջանալ վնասը․
2) հանրային շահի և անձանց իրավունքների ու օրինական շահերի վրա ազդեցությունը գնահատելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, ծավալը, տևողությունը, ինչպես նաև այն անձանց կամ անձանց խմբերի շրջանակը, որոնց իրավունքները, օրինական շահերը կամ հանրային շահերը կարող են կրել բացասական հետևանքներ.
3) համակարգային ազդեցությունը գնահատելիս հաշվի են առնվում կոռուպցիոն ռիսկի հնարավոր հետևանքների տարածման շրջանակը, այն հանգամանքը, թե արդյոք հետևանքները վերաբերում են միայն առանձին գործողության, որոշման կամ ստորաբաժանման, թե կարող են անդրադառնալ մարմնի կամ կազմակերպության մի շարք գործառույթների, կառավարման գործընթացների կամ ինստիտուցիոնալ կարողությունների վրա.
4) մարմնի կամ կազմակերպության հեղինակության և հանրային վստահության վրա ազդեցությունը գնահատելիս հաշվի է առնվում կոռուպցիոն դրսևորման վերաբերյալ տեղեկատվության տարածման շրջանակը, դրա նկատմամբ հանրային արձագանքի բնույթը, մարմնի կամ կազմակերպության գործունեության նկատմամբ վստահության մակարդակի փոփոխությունը, ինչպես նաև այն հանգամանքը, թե արդյոք դրսևորումը կարող է էականորեն նվազեցնել Մարմնի կամ կազմակերպության օրինականության, թափանցիկության, հաշվետվողականության կամ բարեվարքության վերաբերյալ հանրային ընկալումը։
66. Ռիսկերի միավորները դասակարգվում են հավանականության և ազդեցության միավորների համադրության արդյունքում ստացված ցուցանիշի հիման վրա՝ Աղյուսակ 3-ում ներկայացված սկզբունքով:
Աղյուսակ 3․
|
Ռիսկի մակարդակ |
Միավորի միջակայք |
Նկարագրություն |
|
Շատ բարձր |
12-16 |
Ռիսկի ընդհանուր մակարդակը գնահատվում է որպես շատ բարձր, երբ հավանականության և ազդեցության համադրությունը վկայում է ռիսկի իրացման բարձր հնարավորության և ծանր հետևանքների առաջացման մասին։ Նման ռիսկերը բնութագրվում են ռիսկի իրացման բարձր հնարավորությամբ և ծանր հետևանքներով, որոնք կարող են հանգեցնել մարմնի կամ կազմակերպության բնականոն գործունեության էական խաթարման, հանրային շահի, անձանց իրավունքների և օրինական շահերի, կառավարման համակարգի կամ ֆինանսական և այլ ռեսուրսների զգալի վնասման։ Այս մակարդակի ռիսկերի դեպքում անհրաժեշտ է ապահովել անհապաղ արձագանք և իրականացնել համալիր կանխարգելիչ ու վերահսկողական միջոցառումներ։ |
|
Բարձր |
6-9 |
Ռիսկի ընդհանուր մակարդակը գնահատվում է որպես բարձր, երբ հավանականության և ազդեցության համադրությունը վկայում է ռիսկի իրացման նշանակալի հնարավորության և էական բացասական հետևանքների առաջացման մասին։ Նման ռիսկերի դեպքում առկա են ռիսկի իրացմանը նպաստող էական պայմաններ և դրա դրսևորումը կարող է առաջացնել բացասական հետևանքներ մարմնի կամ կազմակերպության գործունեության, հեղինակության, հանրային վստահության, հանրային շահի կամ ռեսուրսների արդյունավետ կառավարման վրա։ Անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ՝ ռիսկի մակարդակի նվազեցման նպատակով։ |
|
Միջին |
3-4 |
Ռիսկի ընդհանուր մակարդակը գնահատվում է որպես միջին, երբ հավանականության և ազդեցության գնահատման արդյունքները վկայում են ռիսկի իրացման սահմանափակ հնարավորության և դրա հետևանքների միջին նշանակության մասին։ Նման ռիսկերի դեպքում առկա են որոշակի խոցելիություններ կամ ռիսկի ձևավորմանը նպաստող պայմաններ, սակայն դրանց իրացման կամ նշանակալի հետևանքների առաջացման հնարավորությունը սահմանափակվում է գործող կարգավորումներով, վերահսկողական մեխանիզմներով կամ այլ հանգամանքներով։ Անհրաժեշտ է իրականացնել նպատակային կանխարգելիչ միջոցառումներ և ապահովել պարբերական վերահսկողություն։ |
|
Ցածր |
1-2 |
Ռիսկի ընդհանուր մակարդակը գնահատվում է որպես ցածր, երբ հավանականության և ազդեցության գնահատման արդյունքները վկայում են ռիսկի իրացման նվազ հնարավորության և դրա հնարավոր հետևանքների ոչ էական ազդեցության մասին։ Նման ռիսկերի դեպքում ռիսկի ձևավորմանը նպաստող գործոնները սահմանափակ են, իսկ գործող կարգավորումները, վերահսկողական և կանխարգելիչ մեխանիզմները բավարար չափով նվազեցնում են դրա իրացման հնարավորությունը։ Անհրաժեշտ է պահպանել գործող վերահսկողական միջոցները և իրականացնել շարունակական դիտարկում։ |
67. Կոռուպցիոն ռիսկերի քարտեզագրումն իրականացվում է ռիսկերի մակարդակների գնահատման հիման վրա՝ նպատակ ունենալով համակարգված և տեսանելի ձևով ներկայացնել ռիսկերի տեղակայումը, բնույթը, ինտենսիվությունը և առաջնահերթությունները գնահատման ենթակա գործընթացներում (տե՛ս՝ աղյուսակ 4)։ Քարտեզագրման ընթացքում կիրառվում է հետևյալ գունային կոդավորումը՝
1) կանաչ՝ ցածր ռիսկեր (1–2 միավոր): Չեն պահանջում անհապաղ գործողություններ։
2) դեղին՝ միջին ռիսկեր (3–4 միավոր): Պահանջում են պարբերական մոնիթորինգ և վերահսկողություն։
3) նարնջագույն՝ բարձր ռիսկեր (6–9 միավոր): Պահանջում են արագ արձագանք և կանխարգելիչ միջոցառումներ։
4) կարմիր՝ շատ բարձր ռիսկեր (12–16 միավոր): Պահանջում են անհապաղ արձագանք և համալիր կանխարգելիչ միջոցառումներ։
Աղյուսակ 4․
|
Հավանականության |
4-Հավանական |
4 |
8 |
12 |
16 |
|
3-Հնարավոր |
3 |
6 |
9 |
12 | |
|
2-Հազվադեպ |
2 |
4 |
6 |
8 | |
|
1-Գրեթե երբեք |
1 |
2 |
3 |
4 | |
|
1-Աննշան |
2-Ոչ էական |
3-Էական |
4-Ծանր | ||
|
Ազդեցության մակարդակ | |||||
ԲԱԺԻՆ 6․ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԳԼՈՒԽ 12. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՈՒՄ
68. Սույն գլխում սահմանվում են գնահատման արդյունքներն ամփոփող զեկույցի կազմման և դրա հիման վրա մշակվող առաջարկների ձևակերպման հիմնական սկզբունքներն ու կարգը՝ միտված ապահովելու գնահատման գործընթացի թափանցիկությունը, արդյունքների հիմնավորվածությունը և առաջարկների գործնական կիրառելիությունը։
69. Կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքներն ամփոփվում են զեկույցի միջոցով, որը պարունակում է հետևյալ հիմնական բաղադրիչները.
1) գնահատման հիմքերի և շրջանակի նկարագրությունը՝ գնահատման իրավական հիմքերը, գնահատվող գործընթացները, ինչպես նաև Մարմինների և կազմակերպությունների ցանկը․
2) մեթոդաբանական շրջանակը՝ կիրառված մեթոդների նկարագրությունը (հարցաշար, փաստաթղթային վերլուծություն, խորքային հարցազրույցներ, ֆոկուս խմբեր, հարցումներ, վիճակագրական վերլուծություն և այլն), գնահատվող գործընթացների ընտրության և մասնակիցների ընտրության սկզբունքները, մեթոդաբանական սահմանափակումները և այլն․
3) կոռուպցիոն ռիսկերի նկարագրությունը, ռիսկի հիմքում ընկած գործոնները․
4) կոռուպցիոն ռիսկերի միավորները, մակարդակների (ցածր, միջին, բարձր, շատ բարձր) ամփոփ պատկերը․
5) կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը կամ կառավարմանն ուղղված առաջարկները:
70. Առաջարկների փաթեթը ներառում է գնահատման արդյունքում բացահայտված կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման, նվազեցման և կառավարման հիմնական ուղղությունները և առաջարկվող միջոցառումները։ Այն ներառվում է գնահատման զեկույցի եզրափակիչ հատվածում՝ ապահովելով գնահատման արդյունքների և դրանց հիման վրա ձևավորվող միջոցառումների միջև տրամաբանական և բովանդակային կապը։
71. Առաջարկների փաթեթում ներառված միջոցառումները պետք է հստակ համընկնեն գնահատման ընթացքում նույնականացված կոռուպցիոն ռիսկերի և համակարգային բացերի հետ և համակողմանիորեն նպաստեն գնահատման ընթացքում բացահայտված ռիսկերի նվազեցմանն ու կառավարմանը:
72. Կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակման ընթացքում Հանձնաժողովը կարող է ապահովել Մարմինների և կազմակերպությունների մասնակցությունը՝ առկա խնդիրների, դրանց պատճառների, ինչպես նաև հնարավոր կանխարգելիչ և բարելավման միջոցառումների վերաբերյալ դիրքորոշումների և առաջարկությունների ստացման նպատակով։
ԳԼՈՒԽ 13. ԶԵԿՈՒՅՑԻ ՇՐՋԱՆԱՌՈՒՄ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
73. Գնահատման արդյունքների նախնական ամփոփումից հետո Հանձնաժողովը մշակում է գնահատման զեկույցի նախագիծը, որը ներկայացվում է Մարմիններին և կազմակերպություններին՝ կարծիքներ, դիտարկումներ և առաջարկություններ ստանալու նպատակով։
74. Մարմինները և կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները և դիտարկումները գնահատման արդյունքների, ինչպես նաև դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։ Հանձնաժողովը սահմանում է առաջարկությունների և դիտարկումների ներկայացման ժամկետը՝ հաշվի առնելով զեկույցի ծավալը և բարդությունը։ Նշված ժամկետը չի կարող գերազանցել 15 աշխատանքային օրը։
75. Հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված կարծիքները, դիտարկումներն ու առաջարկությունները և դրանց հիման վրա անհրաժեշտության դեպքում փոփոխում կամ լրացնում է գնահատման զեկույցի նախագիծը։
76. Գնահատման արդյունքներն ամփոփող զեկույցը, այդ թվում՝ Մարմնի կամ կազմակերպության առաջարկով նաև վերջինիս կարծիքը, Հանձնաժողովի նիստում հաստատվելուց հետո հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և պաշտոնական սոցիալական հարթակներում։
77. Գնահատման արդյունքների հիման վրա Հանձնաժողովը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12.3-րդ կետով սահմանված լիազորությունների շրջանակում իրավասու մարմիններին ներկայացնում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ։
78. Հանձնաժողովը կարող է Մարմիններից և կազմակերպություններից ստանալ տեղեկատվություն կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքներով ներկայացված առաջարկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների և իրականացված բարելավումների վերաբերյալ։ Ստացված տեղեկատվությունը կարող է ամփոփվել և օգտագործվել կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացի արդյունավետության գնահատման և մեթոդական մոտեցումների կատարելագործման նպատակով։
________________________
1 Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 5-րդ գնահատման փուլի շրջանակում կիրառվող «Persons with Top Executive Functions (PTEFs)» հասկացությունը ներառում է հետևյալ պաշտոնատար անձանց շրջանակը՝ Վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ, նախարարների տեղակալներ, ինչպես նաև նրանց խորհրդականներ, այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|