ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2026 թվականի N 1236-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
20.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1236-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԲԱՆ
ԲԱԺԻՆ 1. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Գլուխ 1. Արտաքին քաղաքականություն
Գլուխ 2. Անվտանգություն
ԲԱԺԻՆ 2. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Գլուխ 1. Կրթություն
Գլուխ 2. Սփյուռքի հետ կապեր
Գլուխ 3. Առողջապահություն
Գլուխ 4. Սպորտ և առողջ ապրելակերպ
Գլուխ 5. Աշխատանք և սոցիալական պաշտպանություն
Գլուխ 6. Մշակույթ
Գլուխ 7. Հոգևոր անվտանգություն
Գլուխ 8. Շրջակա միջավայր
ԲԱԺԻՆ 3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ
Գլուխ 1. Գլոբալ և ինտեգրված տնտեսություն
Գլուխ 2. Մրցունակ տնտեսություն
Գլուխ 3. Գիտելիքահենք և նորարարական տնտեսություն
ԲԱԺԻՆ 4. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
Գլուխ 1. Տրանսպորտ
Գլուխ 2. Էներգետիկա
Գլուխ 3. Կապ
Գլուխ 4. Ջրային ռեսուրսներ և համակարգեր
Գլուխ 5. Քաղաքաշինություն և տարածական պլանավորում
Գլուխ 6. Թափոնների կառավարում
ԲԱԺԻՆ 5. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
Գլուխ 1. Նոր Սահմանադրության ընդունում
Գլուխ 2. Ընտրական համակարգի բարեփոխումներ
Գլուխ 3. Քաղաքացիության ինստիտուտի վերարժևորում
Գլուխ 4. Մարդու իրավունքների պաշտպանություն
Գլուխ 5. Դատական համակարգի անկախության և արդյունավետության ամրապնդում
Գլուխ 6. Քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարումն ապահովող համակարգի բարեփոխումներ
Գլուխ 7. Վեճերի լուծման արտադատական եղանակների ընդլայնում
Գլուխ 8. Արդարադատության և դատական համակարգի թվայնացում
Գլուխ 9. Հակակոռուպցիոն քաղաքականություն
ԲԱԺԻՆ 6. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ
Գլուխ 1. Արհեստավարժ մարդիկ
Գլուխ 2. Փաստահենք և արդյունավետ քաղաքականություններ
Գլուխ 3. Մարդակենտրոն ծառայություններ և թվային վերափոխում
Գլուխ 4. Հանրային ֆինանսների և ակտիվների արդյունավետ կառավարում
ԱՄՓՈՓՈՒՄ
ՆԱԽԱԲԱՆ
2026 թվականի հունիսի 7–ին տեղի ունեցած համապետական ընտրություններում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ստացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավանությունը։ Ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարությունը առաջնորդվում է այդ գաղափարախոսությամբ, որն անկյունաքարային դեր ունի խաղաղության հաստատման և հաստատված խաղաղության հետագա ամրապնդման համար։
Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների անվտանգությունը և ազատությունը ապահովելու, բարեկեցության և երջանկության համար պայմաններ ստեղծելու առանցքային և բացառիկ գործառույթ ունի։ Այս գործառույթի իրականացումը պետք է լինի շարունակական և հարատև։ Կառավարությունը իր այսօրեական որոշումներն ու պատկերացումները կարգաբերում է Հայաստանի Հանրապետության հարատևության տեսլականով։
Պետության դերի և հարատևության այս նոր ընկալումը արտահայտված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մեջ։ Հենց այս փաստաթղթերն են Կառավարության սույն ծրագրի գաղափարախոսական և գործնական հենքը։
Կրթությունը՝ ռազմավարությունների ռազմավարություն
Պետության՝ Հայաստանի Հանրապետության դերի և հարատևության այս նոր ընկալումը ենթադրում է դրա տեսական և գործնական շերտերի, ինչպես նաև աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող վերափոխումների շարունակական և զարգացող իմացություն։ Այս իմացությունը պետք է համամասնորեն բաշխվի հանրության, պետական ինստիտուտների, համայնքների, մասնագիտական և հասարակական խմբերի, անհատների միջև՝ ձևավորելով պետականակենտրոն սոցիալ–հոգեբանություն։
Կրթությունն այս խնդիրը ոչ միայն լուծելու, այլև դա հասկանալու միակ հուսալի ճանապարհն է։ Սա վերաբերում է թե՛ անհատական, թե՛ խմբային, թե՛ հանրային և թե՛ պետական մակարդակին, թե՛ ներքին և թե՛ արտաքին հարթությանը: Հետևաբար` կրթությունը պետության զարգացման և վերելքի, նոր որակի պետություն ունենալու ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է այն ընկալմամբ, որ ցկյանս գործընթաց է և վերաբերում է նախադպրոցական կրթությանը, հանրակրթությանը, արտադպրոցական կրթությանը, մասնագիտական կրթությանը, բուհական, հետբուհական կրթությանը, ոչ ֆորմալ կրթությանը, մասնագիտական վերապատրաստմանը, մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը, վերամասնագիտացմանը, ինտելեկտուալ զարգացմանը: Կրթության համակարգն ուսումնառուին պետք է ուսուցանի բարեկեցիկ և լիարժեք կյանքի, երջանկության համար անհրաժեշտ հմտություններ:
Կրթությունը նաև սոցիալական երևույթ է, և բացի կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտներից՝ որպես պետության վերելքի և կրթական միջավայրի զարգացման գործոն, էական է հանրության սոցիալական կապերի ամրապնդումը, այդ թվում՝ սոցիալական շփման հարթակների զարգացմամբ։ Կրթականին զուգահեռ նաև մշակութային, հոգևոր կյանքի, ինչպես նաև սոցիալական շփման մյուս հնարավոր հարթակների (ընթերցանության և այլ ակումբներ, երիտասարդական կենտրոններ) զարգացումն ու քաջալերումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում։
Ի՞նչ է պետությունը, ո՞րն է նրա առանձնահատկությունն ու նշանակությունը արտաքին և ներքին հարաբերություններում, ի՞նչ է նշանակում լինել պետություն, լինել պաշտոնյա, պետական կամ համայնքային ծառայող և (կամ) լինել քաղաքացի, ինչպիսի՞ն են նրանց հարաբերությունները և ինչպիսի՞ն պետք է լինեն, ի՞նչ առանձնահատկություններ և ինչպիսի՞ ռիսկեր ունեն այդ հարաբերությունները։ Սա առանձնահատուկ կրթական թեմա է, որը կենսական նշանակություն ունի պետության զարգացման և հարատևության համար, և այս ուղղությունը պետք է ներկա լինի կրթության բոլոր մակարդակներում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, վստահի նրան, պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն և սիրելի լինի նրա համար. սա է պետական պաշտոնյայի գործունեության խորքային նպատակը։ Միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ քաղաքացու իրավունքների և պարտականությունների համակարգերը որակական փոխկապակցվածության մեջ են։ Որքան բարձր է պարտականությունների կատարման որակը, այնքան ուժեղ է իրավունքների պաշտպանության համակարգը։ Միևնույն ժամանակ պետության պոզիտիվ պարտավորությունն է ապահովել իրավունքի գերակայությունը և օրենքի առաջ բոլորի հավասարությունը։
Վերը նշվածի համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում պետության ռազմավարական հաղորդակցությունը, որը քաղաքացուն կօգնի ավելի լավ հասկանալ պետության գործունեության մեխանիզմները, կայացվող որոշումների պատճառահետևանքային կապերը, այդ որոշումների հիմնավորումները։ Կառավարությունը կզարգացնի ռազմավարական հաղորդակցության մեխանիզմները։ Կառավարությունը կրթությունը ընկալում է որպես ռազմավարությունների ռազմավարություն։
Հեղափոխության օրակարգին նվիրվածությունը
2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության օրակարգի լիարժեք իրացումը, որն անկատար է մնացել 2020–2024 թվականների ճգնաժամային կառավարման պատճառով, շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում։ Արդարության միջավայրի հաստատումը, անպատժելիության և օլիգարխիայի բացառումը, ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը և ժողովրդին, հանրային լայն հնչեղության հանցագործությունների բացահայտումը և մեղավորներին պատասխանատվության կանչելը, կոռուպցիայից զերծ պետության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, թափանցիկ և մասնակցային կառավարումը Կառավարության քաղաքական հանձնառությունն են՝ որպես Հեղափոխության օրակարգին նվիրվածության վերահաստատում։
Կառավարության 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներն են՝
●
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության ամրապնդում և հետագա ինստիտուցիոնալացում, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանում և հետագա զարգացում տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և (կամ) զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ճանապարհով,● Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, TRIPP նախագծի հիման վրա,
● ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումների խորացում, որը կչափվի միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանի Հանրապետության առաջընթացով,
● ամբողջ բնակչության ներառում առողջության ապահովագրության համակարգում,
● Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում,
● տարեկան միջինը 6% տնտեսական աճ,
● 125 հազար նոր աշխատատեղերի ստեղծում,
● կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալի ավելացում առնվազն երեք անգամ,
● հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում,
● արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50% աճ (ընթացիկ գներով)՝ 2025 թվականի 3,3 տրլն ՀՀ դրամից հասցնելով մինչև 5 տրլն ՀՀ դրամի,
● գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելացում առնվազն 50%-ով, հացահատիկի արտադրության կրկնապատկում,
● 10 ջրամբարի կառուցման մեկնարկ՝ 2033 թվականին ավարտելու նպատակադրումով, 350 կմ ջրանցքների և խողովակաշարերի կառուցում և վերակառուցում, ոռոգման ապահովում 10 հազար հեկտար նոր հողերի համար: 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում և Վանաձորում,
● 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի (ներառյալ համայնքային լողավազանները) կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում և ամբողջական գույքով հագեցում, գործարկում,
● 2500 կմ ավտոճանապարհի և 40 կամուրջի կառուցում և (կամ) նորոգում,
● Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցում,
● առաջատար դասի արհեստական բանականության (ԱԲ) հաշվարկային առնվազն 100 հազար GPU-ի համարժեքի կամ մեկ միլիոն բնակչի հաշվով առնվազն 35 հազար GPU-ի համարժեքի ձևավորում, այդ հզորությունների առնվազն 10%-ի համարժեք հաշվարկային ռեսուրսի հասանելիության ապահովում Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական և հանրային հատվածների համար,
● Հայաստանի ազգային տիեզերական կարողությունների զարգացում՝ Երկրի դիտարկման առնվազն երկու և հեռահաղորդակցական մեկ արբանյակի ձեռքբերման և շահագործման, ազգային վերգետնյա ենթակառուցվածքի զարգացման, արբանյակների կառավարման և տվյալների մշակման ազգային կարողությունների ձևավորման, ինչպես նաև պետական, գիտական և մասնավոր հատվածների համար արբանյակային տվյալների ու կապի ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով,
● 1000 մեգավատ ֆոտովոլտային և 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում,
● աղքատության կրճատում 5%-ային կետով,
● պետական և համայնքային հիմնական ծառայությունների թվայնացում,
● ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի շարունակականություն, որը ներառելու է ապօրինի սեփականաշնորհված և վարձակալության վերցված անտառների, լողափերի, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև կրթական հաստատությունների և այլ հանրային տարածքների վերադարձ համայնքներին ու պետությանը, վերականգնված միջոցների միասնական հաշվեհամարի շարունակական համալրում, ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքերի վերադարձ հանրությանը՝ շուրջ 2 մլրդ դոլար համախառն ծավալով
ԲԱԺԻՆ 1. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Կառավարության կողմից իրականացվող արտաքին և անվտանգային քաղաքականությունների նպատակներն են Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, սահմանադրական կարգի, ժողովրդավարության պաշտպանությունը և ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության հարատևության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշտպանությունը։ Անվտանգության ապահովման գործոններից առաջնայինը լեգիտիմ հենքի վրա կառուցվող արտաքին և ներքին հարաբերություններն են։ Արտաքին անվտանգության ապահովման համար էական են փոխկապվածությունը և երկարաժամկետ կանխատեսելիությունը։ Կառավարությունը պատրաստվում է այս բանաձևերն ակտիվորեն կիրառել արտաքին և ներքին անվտանգության կայուն և բարենպաստ միջավայր ապահովելու համար։
Գլուխ 1. Արտաքին քաղաքականություն
Կառավարությունը վարելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն, որը ցույց է տվել իր արդյունավետությունը՝ թույլ տալով կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։
Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը որդեգրվում է որպես ռազմավարություն, որի առանցքային խնդիրն արտաքին հարաբերությունների անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։ Արտաքին քաղաքական օրակարգը ներառում է նաև միջազգային առևտրի և տնտեսական կապերի զարգացումը, արտահանման ծավալների մեծացումը։
Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն։
1. Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացում և սահմանազատման գործընթաց. Խաղաղության ինստիտուցիոնալացման և ամրապնդման նպատակով Կառավարությունը շարունակելու է աշխատանքը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու, Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակելու, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների, գործարար համայնքների միջև շփումները և երկկողմ առևտուրը ակտիվացնելու ուղղությամբ:
2. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղում. Աշխատանքներ են տարվելու Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները հաստատելու, Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու և առնվազն 2 արդիական անցակետ գործարկելու, տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները վերագործարկելու և ընդլայնելու, երկկողմ և բազմակողմ առևտուրը խթանելու ուղղությամբ:
3. Իրանի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների խորացում. Իրանի հետ ակտիվ քաղաքական երկխոսության պահպանումը, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունների թվում են: Շարունակվելու են Իրանի հետ էներգետիկ համագործակցության խորացումը, սահմանային ենթակառուցվածքների զարգացումը և Իրանի միջոցով հաղորդակցային ուղղությունների ընդլայնումը (Հյուսիս-հարավ, Պարսից ծոց–Սև ծով):
4. Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացում. Շարունակվելու է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի հետևողական իրագործումը, որը ստեղծում է քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային համագործակցության զարգացման, տարածաշրջանային և համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի փոխշահավետ նոր հնարավորություններ։
5. Եվրոպական միության հետ ռազմավարական գործընկերության խորացում. Շարունակվելու են ԵՄ–ի հետ ռազմավարական համագործակցության ոլորտային զարգացումը և ինտեգրումը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկման, ինչպես նաև Եվրոպական միության ժողովրդավարության և օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական, շրջակա միջավայրի, սոցիալական և այլ ոլորտների չափանիշներին Հայաստանի համապատասխանեցման ուղղությամբ՝ 2025 թվականի «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի հիման վրա: Ավարտին է հասցվելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով:
6. Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության խորացում. Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության հիման վրա է՛լ ավելի է խորացվելու երկկողմ գործընկերությունը՝ ի շահ երկու պետությունների, և ընդլայնվելու է համագործակցությունը համատեղ առաջնահերթություն հանդիսացող հարցերի լայն շրջանակի շուրջ: Շարունակվելու է ԱՄՆ–ի հետ ոլորտային համագործակցությունը՝ հիմնված Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև 2025 թվականի օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագրերի և Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության վրա: Իրագործվելու է TRIPP նախագիծը՝ առնվազն էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների շահագործմամբ՝ ինտեգրելով Հայաստանը տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում:
7. Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության խորացում. Հայաստան- Ֆրանսիա համագործակցությունը բարձրացվելու է որակական նոր մակարդակի, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային, կրթական և ապակենտրոն գործընկերության ոլորտներում՝ որպես ինստիտուցիոնալ և քաղաքական հիմք ընդունելով 2026 թվականի մայիսի 5-ին ստորագրված ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը:
8. Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում. Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ։
9. Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացում. Շարունակվելու են 2025 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետի և Չինաստանի նախագահի միջև կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը և աշխատանքները՝ Հայաստան-Չինաստան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ մատնանշված ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և շոշափելի արդյունքներ գրանցելու ուղղությամբ:
10. Հնդկաստանի հետ գործընկերության խորացում. Շարունակվելու են ակտիվ աշխատանքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ տնտեսական, պաշտպանական, տրանսպորտային, կրթամշակութային, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման և Հայաստան-Հնդկաստան գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
11. Այլ ռազմավարական գործընկեր պետությունների հետ հարաբերությունների հետագա խորացում. Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի հետ հաստատված ռազմավարական հարաբերությունները նախանշել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտները, որոնց շուրջ հետագա աշխատանքների իրականացումը կարևոր է Հայաստանի զարգացման համար։ Շարունակվելու են աշխատանքները ռազմավարական գործընկերների թվի և աշխարհագրության ընդլայնման նպատակով։
12. ԵԱՏՄ շրջանակներում արդյունավետ համագործակցության ծավալում. ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված կառուցակարգերի արդյունավետ կիրառումը առանցքային է միության ապագայի և հետագա զարգացման համար: Շարունակվելու են աշխատանքները ԵԱՏՄ հիմնարար ազատությունների՝ աշխատուժի, ծառայությունների, ապրանքների և ֆինանսների ազատ տեղաշարժի լիարժեք և անխափան ապահովման, ինչպես նաև անդամ և դիտորդ երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
13. Բազմակողմ հարթակներում ապագային միտված օրակարգի առաջմղում. ՄԱԿ–ում և նրա մասնագիտացված առանձին մարմիններում, ԵԽ–ում, ԵԱՀԿ–ում, ԱՊՀ–ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Եվրոպական քաղաքական համայնքում Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ ակտիվ անդամ։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ և շարունակելու է աշխատանքներն այդ ձևաչափում։ Կառավարությունն աշխատանքներ է տանելու Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցության ուղղությամբ։
14. Ջանքեր են գործադրվելու Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունները զարգացնելու և նոր հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։
15. Հայաստանի Հանրապետության շահերի լավագույն սպասարկման և գործընկերությունների խորացման նպատակով Կառավարությունը շարունակելու է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայության աստիճանական ավելացման քաղաքականությունը:
Գլուխ 2. Անվտանգություն
Խաղաղությունն անվտանգության ապահովման միակ գործուն և հուսալի երաշխիքն է, և Հայաստանի Հանրապետությունը, քաղաքացիները, հանրային–քաղաքական շրջանակները պետք է ամենօրյա խնամք տանեն խաղաղության նկատմամբ՝ այն ուժեղացնելու, առավել ինստիտուցիոնալ, անշրջելի և երաշխավորված դարձնելու համար։
Անվտանգության ապահովման գործում էական դեր ունեն երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացումը, սահմանների և միգրացիոն հոսքերի կառավարումը, հակահետախուզական, հետախուզական, ահաբեկչության դեմ պայքարի, սահմանադրական կարգի պահպանության կարողությունների շարունակական զարգացումը, հանցավորության դեմ պայքարը, աղետների ռիսկի կառավարումը, տեղեկատվական, պարենային, էներգետիկ անվտանգությունը, կիբեռանվտանգությունը, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների անվտանգությունը, համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրումը, որի նպատակն է ապահովել ողջ հասարակության շրջանում ռազմական և արտակարգ իրավիճակների պատրաստվածության ու պատշաճ արձագանքման մշակույթի զարգացումը: Այս գործոնների մեկտեղման արդյունքը պետության համապարփակ դիմակայունության ձևավորումն է։
1. Զինված ուժեր
Զինված ուժերը արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործիք են այն դեպքերի համար, երբ արտաքին անվտանգության ապահովման՝ վերը թվարկված և դրան կիրառելուն ուղղված քաղաքական, դիվանագիտական միջոցները չեն գործել։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվեն (բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավման) և պետք է ծառայեն բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին։
Ըստ այդմ՝ Կառավարությունը ապահովելու է Զինված ուժերի տեխնոլոգիական, կարողությունների ու մշակութային կերպափոխումը և շարունակական անցումը արհեստավարժ բանակի՝ բարձրացնելով երկրի պաշտպանունակության մակարդակը՝ ընդլայնելով և դիվերսիֆիկացնելով ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը: Զինված ուժերի` սպառազինությամբ համալրվածությունը և նյութատեխնիկական հագեցվածությունը աճելու են, այդ թվում՝ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման միջոցով:
Այս ուղղությամբ ապահովվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Իրականացվելու է շարունակական անցում արհեստավարժ բանակի՝ պայմանագրային (պրոֆեսիոնալ) զինծառայողների ներգրավման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմամբ, այդ թվում՝ զինվորական ծառայության կրթական, մարտական պատրաստության, վարձատրության, կարիերայի, առաջխաղացման, մարդկային ռեսուրսների ներգրավման և կառավարման, պահեստազորի, բարոյահոգեբանական ապահովման, սոցիալական երաշխիքների նոր համակարգերի ներդրմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվելու Զինված ուժերում կանանց ներգրավվածությանը:
2) Իրականացվելու է Զինված ուժերի կարողությունների զարգացում, Զինված ուժերի ղեկավարման և կառավարման համակարգի պատրաստության, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, մարդկային, նյութատեխնիկական և ապահովման միջոցներով համալրվածության ապահովում, պլանավորման և այլ համակարգերի կատարելագործում, որի արդյունքում ունենալու ենք Զինված ուժերի նպատակների, խնդիրների և հնարավորությունների համապատասխանեցում:
3) Իրականացվելու է Զինված ուժերի և դրանց կառավարման համակարգի թվային վերափոխում, այդ թվում՝ հրամանատարության և կառավարման գործընթացների թվայնացում, նախազորակոչային հաշվառման, զորակոչի իրականացման, պահեստազորայինների՝ վարժական հավաքներին ներգրավման, զորահավաքային նախապատրաստության և մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրում: Համակարգը ներառելու է նաև բժշկական հետազոտությունների կազմակերպման և դրանց արդյունքների հաշվառման գործընթացները:
4) Ներդրվելու է կանոնավոր ուժերի համալրման, մշտական մարտական պատրաստության օպերատիվ, մասնագիտական և ռազմավարական պահեստազորի նոր համակարգ:
5) Ռազմաուսումնական հաստատությունները համապատասխանեցվելու են արևմտյան առաջավոր երկրների չափորոշիչներին, ստեղծվելու են գերազանցության կենտրոններ, ձևավորվելու է պաշտպանության ոլորտում ամբողջական անկախ ազգային ռազմակրթական համակարգ:
6) Փուլային կերպով լուծվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարանային հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և ֆունկցիոնալության խոր, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները:
7) Կատարելագործվելու է տեղական արտադրողներից Զինված ուժերի ապագա կարիքներին համահունչ երկարաժամկետ պաշտպանական գնումների համակարգը, տեղայնացվելու է օտարերկրյա գործընկերների հետ համատեղ զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրությունը, ինչպես նաև Զինված ուժերում ստեղծվելու են առկա ռազմական տեխնիկայի նմուշների սպասարկման, նորոգման և արդիականացման համար հնարավորություններ:
2. Սահմանների և միգրացիայի կառավարում
Սահմանների համալիր կառավարումը նպաստելու է ոչ միայն պետության անվտանգային միջավայրի երաշխիքների ապահովմանը, այլև ուղևորահոսքերի և արտահանման ու ներմուծման գործընթացների դյուրացմանը, հետագծելիության ու հսկողական մեխանիզմների ամրապնդմանն ու արդիականացմանը։ Հայաստանի Հանրապետության փոխակերպումը ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության կենսական է դարձնում միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացումը։
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիների փուլային ընդլայնում՝ սահմանի ամբողջական պահպանությունը ստանձնելու հեռանկարով:
2) Ներդրվելու է ԵՄ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխան՝ սահմանների համալիր կառավարման համակարգ, այդ թվում՝ սահմանային կառավարման ժամանակակից համակարգի կենսաչափական տեխնոլոգիաների ու թվային լուծումների միջոցով:
3) Փոխակերպվելու է սահմանապահ ծառայությունը՝ ռազմական բաղադրիչի նվազեցման և միջազգային լավագույն փորձի ինտեգրման միջոցով:
4) Իրականացվելու է միգրացիայի ոլորտի կառավարման համապարփակ արդիականացում՝ վիզային քաղաքականության հստակեցմամբ, մուտքի և կացության կառուցակարգերի ամրապնդմամբ, անօրինական միգրացիայի կանխարգելման, կամավոր և հարկադիր վերադարձի ինստիտուտի ձևավորման և ապաստանի համակարգի շարունակական զարգացման տրամաբանությամբ:
5) Ներդրվելու է միջազգային ամենաբարձր ստանդարտին համապատասխան նոր կենսաչափական համակարգ, որը հագեցած է լինելու ապագային միտված լուծումներով և պարբերաբար թարմացվելու է ոլորտի նորարարություններով:
3. Հանցավորության դեմ պայքար
Ներքին անվտանգության արդի մարտահրավերներին դիմակայելու և հանցավորության դեմ արդյունավետ պայքար ապահովելու նպատակով պետության քաղաքականությունը հիմնված է լինելու երկու փոխլրացնող ուղղությունների վրա. մի կողմից՝ հասարակության շրջանում իրավաչափ վարքագծի ամրապնդման, հանցավորության, դրա առաջացմանն ու վերարտադրմանը նպաստող պատճառների և պայմանների, այդ թվում՝ քրեական ենթամշակույթի նկատմամբ հանրային անհանդուրժողականության ձևավորման, քաղաքացի-իրավապահ համակարգ վստահության ամրապնդման միջոցով, իսկ մյուս կողմից՝ իրավապահ համակարգի տեխնոլոգիական վերազինման և կարողությունների շարունակական զարգացման միջոցով։
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Արդիականացվելու են հանցավորության քրեաբանական (այդ թվում՝ ԱԲ կիրառմամբ) վերլուծական կարողությունները՝ հանցավորության օրինաչափությունների, տարածական բաշխվածության, ռիսկերի և սպառնալիքների գնահատման ժամանակակից վերլուծական գործիքների ներդրմամբ՝ որդեգրելով հանցավորության միտումների կանխատեսման, ռիսկերի վաղ բացահայտման, կանխարգելման արդյունավետության բարձրացման և ապացուցահենք որոշումների կայացման նոր մեթոդաբանություններ:
2) Զարգացվելու են քրեական ենթամշակույթի՝ որպես հանցավորության ռիսկային գործոնի և դրան բնորոշ վարքագծային մոդելների դեմ պայքարի համակարգային մեխանիզմները՝ հասարակության մեջ դրանց նկատմամբ զրո հանդուրժողականության և մերժողական վերաբերմունքի արմատավորման, օրենքի գերակայության և իրավաչափ վարքագծի արժեքների ամրապնդման, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից դրանց ցանկացած դրսևորման նկատմամբ հատու և անզիջում հակազդման ապահովման միջոցով:
3) Իրականացվելու է հանրապետության տեսահսկման համակարգերի ինստիտուցիոնալ վերափոխում («Խելացի քաղաք» մոդելով)՝ հանրային անվտանգության, հանցավորության դեմ պայքարի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով` Եվրոպական միության Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի սկզբունքներին համահունչ:
4) Արդիականացվելու է օպերատիվ–հետախուզական համակարգը:
5) Ձևավորվելու է «Թվային ոստիկանությունը», այդ թվում` արհեստական բանականության վրա հիմնված «ԱԲ ոստիկանը» թվային միջավայրում քաղաքացիների անվտանգության ապահովման, շուրջօրյա (24/7) հասանելի ծառայությունների մատուցման, կիբեռլաբորատորիայի գործարկման, ռիսկերի գնահատման, անձի պրոֆիլավորման և այլ ժամանակակից թվային գործիքների ներդրման, ինչպես նաև ոստիկանության թվային կարողությունների զարգացման միջոցով:
6) Ընդլայնվելու է «112» միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի գործառութային շրջանակը՝ շտապ բժշկական օգնության կանչերը ներառելով ահազանգերի միասնական ընդունման և օպերատիվ կառավարման համակարգում՝ բնակչությանը մեկ միասնական հարթակի միջոցով արտակարգ արձագանքման ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով:
7) Վերանայվելու է զենքի շրջանառության կարգավորման օրենսդրությունը՝ այն համապատասխանեցնելով հանցավորության դեմ պայքարի ժամանակակից մարտահրավերներին և միջազգային լավագույն փորձին:
4. Աղետների ռիսկի կառավարում
Աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացման առանցքում պետության, համայնքների և բնակչության դիմակայունության բարձրացումն է՝ աղետների ռիսկերի նվազեցման և վաղ ազդարարման կարողությունների ամրապնդման միջոցով։
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները՝
1) Ներդրվելու է բազմավտանգ աղետների վաղ ազդարարման և հիդրոօդերևութաբանական վտանգների վաղ նախազգուշացման ամբողջական համակարգ, իրականացվելու է գետային ավազանների մոդելավորում, ջրհեղեղների և այլ հիդրոօդերևութաբանական վտանգների ռիսկերի գնահատում, ինչպես նաև ռիսկերի գնահատման և կառավարման թվայնացված գործիքների ներդրում:
2) Իրականացվելու են աղետների ռիսկի կառավարման պլանների արդիականացում և թվայնացում, փրկարար ծառայողներին իրական ժամանակում իրավիճակային իրազեկվածությամբ և դեպքի վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությամբ ապահովող համակարգերի և սարքավորումների ներդրում:
3) Որդեգրվելու են հակահրդեհային անվտանգության միասնական ստանդարտներ՝ ռիսկահենք մոտեցումների ներդրման և հրդեհների կանխարգելման արդյունավետության բարձրացման նպատակով:
4) Իրականացվելու են սեյսմիկ դիտացանցի ամբողջական և լայնամասշտաբ արդիականացման աշխատանքներ, որոնց շրջանակում ձեռք են բերվելու տարածաշրջանում աննախադեպ, ժամանակակից սեյսմիկ դիտարկման և չափման սարքավորումներ՝ էականորեն ընդլայնելով երկրաշարժերի վաղ հայտնաբերման, տվյալների ճշգրիտ վերլուծության և սեյսմիկ ռիսկերի գնահատման հնարավորությունները:
5) Ներդրվելու է աղետների ռիսկերի ապահովագրության մոդել՝ աղետների հետևանքով առաջացող կորուստների ֆինանսական կառավարման և վերականգնման արդյունավետության բարձրացման նպատակով։
5. Պարենային անվտանգություն
Պարենային անվտանգության ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Ձևավորվելու է նյութական պահուստի նոր մոդել՝ պարենային անվտանգության ապահովման և ճգնաժամային իրավիճակների համար անհրաժեշտ պարենային պաշարների ձևավորման նպատակով:
2) Ձևավորվելու է ճգնաժամային իրավիճակների համար պահվող պարենի ցանկ այնպիսի տրամաբանությամբ, որ ցանկում ներառված անհրաժեշտ պարենն արտահայտված լինի մի քանի, իրար փոխարինող տեսակներով՝ այդպիսով դիվերսիֆիկացնելով դրանց ձեռքբերման և պահպանման գործընթացում հնարավոր ռիսկերը և նվազագույնի հասցնելով արտաքին կախվածությունը:
3) Բարձրացվելու է կենդանական ծագման ապրանքների ինքնաբավությունը. տավարի մսի՝ 88%-ից հասցնելով մինչև 93%, կաթի՝ 78,6%-ից հասցնելով մինչև 88,7%:
6. Տեղեկատվական և կիբեռանվտանգություն
Պետությունը որդեգրում է «կիբեռանվտանգություն` ըստ նախագծման» սկզբունքը և երաշխավորում պետական տեղեկատվական համակարգերի անխոցելիությունը և թվային ծառայությունների անխափանությունը:
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Իրականացվելու են կրիտիկական բոլոր ենթակառուցվածքների խոցելիության գնահատում, ներթափանցման թեստավորում, շուրջօրյա մոնիթորինգ և միջադեպերին արագ արձագանքման մեխանիզմների ներդրում:
2) Ձևավորվելու են մասնավոր և հանրային հատվածներում միջազգային լավագույն չափանիշների (ԵՄ NIS 2, ISO/IEC 27001) ներդրման համար անհրաժեշտ կարողություններ, այդ թվում` կիբեռսպառնալիքների վաղ ազդարարման, վաղ բացահայտման և արագ հասցեագրման նպատակով:
3) Կառավարության կողմից իրականացվող միասնական քաղաքականության ներքո Ազգային անվտանգության ծառայության կազմում ձևավորվելու է արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, ծրագրատեխնիկական ժամանակակից հագեցվածությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձր որակավորմամբ կադրերով համալրված Կիբեռպաշտպանության ազգային կենտրոն (NCDC)՝ պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում:
4) Իրականացվելու են հանրային իրազեկվածության և կրթական կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր՝ հասարակության կիբեռհասունության մակարդակի բարձրացման նպատակով:
Առանցքային է նաև հասարակության տեղեկատվական դիմակայունության ամրապնդումը, որը կենտրոնանալու է հետևյալ բարեփոխումների վրա`
1) Իրականացվելու են արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների (FIMI), ապատեղեկատվության և կեղծ թվային բովանդակության (սինթետիկ (AI), դիփֆեյքերի) կանխարգելման, վաղ հայտնաբերման ու ազդեցության նվազեցման ուղղությամբ թիրախային միջոցառումներ:
2) Ամրապնդվելու են քաղաքացիների մեդիա ու թվային գրագիտության զարգացման նպատակով կրթության բոլոր մակարդակներում և շարունակական կրթության միջոցով տեղեկատվության քննադատական գնահատման, ապատեղեկատվության ճանաչման, կիբեռանվտանգության ու պատասխանատու թվային վարքագծի կարողությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին և երիտասարդներին:
3) Կատարելագործվելու է երեխաների առցանց անվտանգության ապահովման իրավական շրջանակը՝ սահմանելով երեխաների առցանց իրավունքների, վնասակար բովանդակությունից պաշտպանությանը (այդ թվում՝ սոցիալական ցանցերում), թվային ծառայություններ մատուցողների պատասխանատվությանը և դպրոցներում թվային սարքերի անվտանգ օգտագործմանը վերաբերող կարգավորումներ։
ԲԱԺԻՆ 2. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Կառավարության քաղաքականությունների նպատակը մարդն է, նրա տաղանդի բացահայտումը, որի իրացմամբ մարդն արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք կկառուցի: Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող մարդը ներդրում է ունենում ոչ միայն իր և իր ընտանիքի, այլև ողջ հանրության և պետության բարեկեցության ու զարգացման գործում։ Այս տեսլականի իրացմանն է ծառայում «Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը» բանաձևը։ Բարեկեցության ձևավորման առանցքային մոդելը հետևյալն է. կրթություն -աշխատանք - մասնագիտական կարողությունների զարգացում - առողջ ապրելակերպ - աշխատանքային վաստակ։ Անաշխատունակ կամ սահմանափակ աշխատունակություն ունեցող սոցիալական կարիքների ապահովումը շարունակելու է լինել Կառավարության ուշադրության կենտրոնում։
Այս մոտեցման իրագործման համար Կառավարությունը պատրաստվում է իրացնել հետևյալ գործողությունները՝
● ներառականության սկզբունքով` անկախ մարդու սեռային, տարիքային ու սոցիալ-տնտեսական կարգավիճակից` ապահովել արդար ու հավասար հասանելիություն որակյալ կրթական, առողջապահական, սոցիալական, մշակութային, սպորտային և ժամանցի ծառայություններին,
● ցկյանս զարգացման սկզբունքով` խթանել շարունակական կրթությունը, կարողությունների մշտական նորացումն ու առողջ ապրելակերպը կյանքի բոլոր շրջափուլերում` վաղ մանկությունից մինչև արժանապատիվ ծերություն,
● ապագայամետության սկզբունքով` երաշխավորել, որ սոցիալական համակարգերը, մատուցվող ծառայությունները, առողջ շրջակա միջավայրը և վերջինիս նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը մարդկանց նախապատրաստեն ապագայի պահանջներին ու տեխնոլոգիական, դեմոգրաֆիական, կլիմայական ու աշխատաշուկայի մարտահրավերներին:
Մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ բարեփոխումները ներառելու են՝
● կրթական ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, այդ թվում՝ թվային և տեխնոլոգիական լուծումների համատարած կիրառմամբ, ինչպես նաև մանկավարժական կադրերի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմամբ` երաշխավորելով գլոբալ մրցունակ մարդկային կապիտալի ձևավորումը,
● տեխնոլոգիական կրթության խթանումը, որը կապահովի թվային բարձր գրագիտություն ունեցող, տեխնոլոգիահենք հասարակության ու տնտեսության զարգացումը,
● առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի զարգացումը,
● առողջապահական ծառայություններում հիվանդությունների վաղ հայտնաբերման, ինչպես նաև կանխարգելման համակարգի զարգացումը, ինչին կնպաստի հատկապես առողջ ապրելակերպի խթանումը,
● սոցիալական քաղաքականության, տվյալահենք և մարդակենտրոն համակարգի ձևավորումը՝ ապահովելով կյանքի բոլոր փուլերում թիրախային խմբերի սոցիալական ապահովությունը, ներառումը և (կամ) տնտեսական ակտիվությունը։
Գլուխ 1. Կրթություն
Ոլորտում գերակա են լինելու կրթական համակարգի բոլոր մակարդակներում կրթության հասանելիության, մատչելիության, որակի և արդյունավետության շարունակական բարձրացմանն ուղղված բարեփոխումները, մասնավորապես՝ ժամանակակից և անվտանգ ենթակառուցվածքների ձևավորումը, կրթության բովանդակության և գնահատման համակարգերի զարգացումը, մանկավարժների մասնագիտական առաջընթացի ու խրախուսման մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաև մասնագիտական և բարձրագույն կրթության կապի ամրապնդումն աշխատաշուկայի, գիտության ու նորարարության հետ։ Արտադպրոցական կրթությունը դիրքավորվելու է որպես երեխաների ստեղծագործական, մշակութային, տեխնոլոգիական և մարզական տաղանդի բացահայտման ու զարգացման միասնական համակարգ։ Նորակառույց և հիմնանորոգված դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքները դասապրոցեսից դուրս ծառայեցվելու են նաև արտադպրոցական կրթությանը, ինչպես նաև մեծահասակների կրթության և սոցիալականացման ծրագրերին։
Միջոցներ են ձեռնարկվելու թվային և տեխնոլոգիական կրթությունը բոլոր սովորողներին հասանելի դարձնելու ուղղությամբ՝ ընդլայնելով ինժեներական լաբորատորիաների, ռոբոտաշինության, ծրագրավորման, ԱԲ և բնագիտական փորձարարական ուսումնառության հնարավորությունները, այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ բնակավայրերում։
Իրականացվելու է կրթական համակարգի ամբողջական թվայնացում` միասնական և փոխկապակցված տեղեկատվական համակարգերի զարգացման, տվյալների մեկանգամյա մուտքագրման, կրթական ծառայությունների ամբողջական թվայնացման և տվյալահենք որոշումների կայացման մեխանիզմների ներդրման միջոցով։
1. Նախադպրոցական կրթություն
1) Իրականացվելու է 100 մանկապարտեզի և նախակրթարանի կառուցում, վերակառուցում և հիմնանորոգում:
2) Պետություն-մասնավոր գործընկերության տարբեր ձևաչափերի միջոցով մինչև 2 տարեկանների համար ապահովվելու են նախադպրոցական կրթության հասանելիություն բոլոր խոշորացված համայնքներում և առնվազն մեկ տարվա պարտադիր նախադպրոցական կրթություն 5 տարեկանների համար:
3) Ներդրվելու է նախադպրոցական կրթության չափորոշչի պարբերական թարմացման ինստիտուցիոնալ մեխանիզմ՝ շեշտադրելով հատկապես 5-6 տարեկանների դպրոցական կրթությանը նախապատրաստումը՝ որպես կրթության բարեհաջող մեկնարկի ապահովման երաշխիք, և ներդնելով որակի վերահսկողության արտաքին համակարգեր:
4) Ընդլայնվելու է տարակարգի և կամավոր ատեստավորման միջոցով նախադպրոցական հաստատությունների աշխատողների մասնագիտական հմտությունների և վարձատրության շարունակական աճի ինստիտուցիոնալ մեխանիզմը:
2. Հանրակրթություն
1) Ապահովվելու է հաջորդ 300 դպրոցի կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը և նոր գույքով ամբողջական հագեցումը:
2) Կրթության բովանդակությունը պարբերաբար արդիականացվելու է՝ նպատակ ունենալով զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը, հաղորդակցական, թվային, տեխնոլոգիական, ֆինանսական ու ձեռնարկատիրական կարողությունները և խթանելով քաղաքացիական ակտիվությունը, ինչպես նաև գիտելիքը գործնականում կիրառելու հմտությունները։
3) Ընդլայնվելու է դպրոցներում ինժեներական, ռոբոտաշինության, ծրագրավորման և ԱԲ միջոցով (ներառյալ անհատականացված) կրթությունը՝ տեխնոլոգիական խմբակներն ու լաբորատորիաները դարձնելով հանրակրթության և արտադպրոցական կրթության փոխկապակցված բաղադրիչ։
4) Ներդրվելու է սովորողների կրթության արդյունքների արտաքին գնահատման համակարգ, որը համադրելի կլինի միջազգային գնահատման մեխանիզմների հետ՝ կրթության բովանդակությունն ու որակը շարունակաբար բարելավելու նպատակով։
5) Ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչների համար իրականացվելու է կամավոր ատեստավորման երկրորդ փուլ` դրույքաչափը սահմանելով 300 հազար ՀՀ դրամ՝ համապատասխանաբար 30, 40, 50% հավելավճարով:
6) Օրենքով սահմանվելու են ուսուցիչների կարգավիճակից բխող համալիր երաշխիքներ, այդ թվում՝ իրականացվելու է բնակարանային ապահովման աջակցության ծրագիր:
3. Արտադպրոցական կրթություն
1) Իրականացվելու է առնվազն 100 արտադպրոցական հաստատության կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման և գույքով հագեցման ծրագիր՝ արվեստի (ներառյալ երաժշտական, գեղարվեստի, արվեստի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների) և սպորտի (մարզադպրոցների, մարզական կենտրոնների) ուղղություններով:
2) Ձևավորվելու են ստեղծագործականության խթանման հարթակներ, այդ թվում՝ արվեստի միջազգային ճամբարների, հեղինակային կատարումների մրցույթների և այլ միջավայրերի շարունակական զարգացման միջոցով:
3) Ապահովվելու է համայնքային և պետական արտադպրոցական հաստատություններում և կենտրոններում դասավանդման որակի բարձրացումը մանկավարժական աշխատողների և մարզիչների կամավոր ատեստավորման ծրագրի շարունակական զարգացման եղանակով:
4) Ի հավելումն պետական աջակցությամբ ձևավորված 25 երիտասարդական կենտրոնների՝ տարբեր համայնքներում ստեղծվելու է ևս 30 երիտասարդական կենտրոն:
5) Իրականացվելու են ընթերցանությունը խթանող ծրագրեր՝ ներառյալ թվային լուծումներով:
6) Շարունակվելու է ներառական ծրագրերի իրականացումը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց համար գեղարվեստական կրթության հավասար պայմաններ ստեղծելուն:
4. Մասնագիտական կրթություն և ուսուցում
1) Պետության համար գերակա ուղղություններում իրականացվելու է առնվազն 30 ՄԿՈՒ հաստատության (քոլեջի) վերակառուցում, կառուցում, հիմնանորոգում և հագեցում անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։
2) Ընդլայնվելու է մասնավորի հետ համագործակցությունը՝ քոլեջների համատեղ կառավարման և տնտեսության կարիքներից բխող դուալ ուսուցման համակարգի ամբողջական ներդրման միջոցով՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը դարձնելով սովորելու հիմնական մեթոդ:
3) Ապահովվելու են քոլեջների դասախոսների և վարպետների վարձատրությունն առնվազն կրկնապատկող ատեստավորման համակարգի զարգացումը և ամբողջական ներդրումը ՄԿՈՒ բոլոր ոլորտներում:
4) Իրականացվելու է բոլոր քոլեջների՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան հավատարմագրում:
5) Իրականացվելու է տնտեսության, այդ թվում՝ յուրաքանչյուր մարզի կարիքներին համահունչ նոր մասնագիտությունների շարունակական ներդրումը և զարգացումը՝ միտված կրթության որակի բարձրացմանը։
5. Բարձրագույն կրթություն
1) Ակադեմիական քաղաքի ստեղծման առաջին փուլով գործարկվելու է տեխնոլոգիական կլաստերը՝ լիարժեք գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ ներառյալ 3600 ուսանողի համար նախատեսված կացարանային ենթակառուցվածքը:
2) Միջազգային առաջատար բուհերի հետ համագործակցությամբ ավարտին է հասցվելու հանրային բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը, որի արդյունքում ձևավորվելու է 6 խոշորացված հետազոտական համալսարան:
3) Խթանվելու է բարձրագույն կրթության միջազգայնացումը՝ օտարերկրյա ուսանողների թիվը հասցնելով առնվազն 15 հազարի։ Լիցենզավորման և հավատարմագրման նոր կարգավորումների շրջանակում, այդ թվում՝ նաև միջազգային հեղինակավոր համալսարանների հետ համագործակցությամբ, ներդրվելու է բարձրագույն կրթության օտարալեզու առնվազն 50 ծրագիր` միջազգային ուսանողների ավելի արդյունավետ ներգրավման նպատակով:
4) Գործարկվելու է դպրոցից բուհ արդյունավետ և սահուն անցում ապահովող ընդունելության նոր համակարգը՝ հիմնված «հայոց լեզու» և «մաթեմատիկա» առարկաների արտաքին (կենտրոնացված) գնահատման վրա, և ներբուհական ընդունելության համակարգի ներդրմամբ, որտեղ, ակադեմիական ցուցանիշներից բացի, հաշվի է առնվելու նաև հանրային ակտիվությունը` խթանելով կամավորական աշխատանքը:
5) Ներդրվելու են հանրային բուհերի ֆինանսավորման և ուսանողական կրթաթոշակների նոր մեխանիզմներ, ինչի արդյունքում բուհերի ֆինանսավորումը կապակցվելու է ակադեմիական գերազանցության և առաջադիմության արդյունքային ցուցիչների հետ: Խրախուսվելու է մրցունակ կրթական ծառայությունների մատուցումը, և բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս չի մնալու կրթությունից սոցիալական խնդիրների պատճառով: Ներդրվելու է պետության համար կարևորագույն և հանրապետության կրթական համակարգում բացակայող մասնագիտություններով կամ կրթական ծրագրերով արտերկրի առաջատար համալսարաններում նպատակային կրթության համար տրամադրվող ֆինանսավորման ծրագիր` համապատասխան ոլորտում աշխատանքի անցնելու պայմանով:
6) Ապահովվելու է հայաստանյան բուհերի շարունակական առաջխաղացումը միջազգային վարկանիշավորման համակարգերում՝ 2030 թվականին միջազգային վարկանիշավորման համակարգերի առաջին 500-ում ունենալով 4 համալսարան:
7) Ներդրվելու է տաղանդների հայտնաբերման և զարգացման համապետական ծրագիր՝ բացառիկ կարողություններով երեխաների և երիտասարդների ներուժը բացահայտելու և զարգացնելու նպատակով։
6. Լեզվական քաղաքականություն
1) Ներդրվելու է հայերենի՝ միջազգային ստանդարտներին համապատասխան իմացության ստուգման ու գնահատման առցանց համակարգ՝ ապահովելով կրթության շղթայի մեջ և ողջ կյանքում հայերենի իմացության շարունակական զարգացման ու չափելիության միասնական մեխանիզմներ:
2) Զարգացվելու են օտարախոս միջավայրերում հայերենի ուսուցման, հայագիտական կրթության և հետազոտությունների, հայկական կրթամշակութային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերը՝ ներառյալ համապատասխան կրթական բովանդակության, ուսումնամեթոդական նյութերի և մասնագիտական ներուժի զարգացումը։
3) Հայրենադարձության միտումների հաշվառումով քաջալերվելու են հայրենադարձների շրջանում գրավոր և բանավոր հայերենի շարունակական զարգացմանն ուղղված ծրագրերը։
Գլուխ 2. Սփյուռքի հետ կապեր
Կառավարությունը վերաիմաստավորելու է սփյուռքի հետ հարաբերությունները` դրանք կառուցելով «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ու հայկական պետականության շուրջ: Կարևոր է խաղաղության պայմաններում Հայաստան–սփյուռք գործակցության վերաիմաստավորումը։ Այդ նպատակով`
1) Ներդրվելու են սփյուռքից մասնագիտական հայրենադարձությունը խթանող ծրագրեր:
2) Ընդլայնվելու է համագործակցությունը համահայկական մասնագիտական, փորձագիտական, երիտասարդական–ուսանողական ցանցերի հետ:
3) Շարունակաբար ընդլայնվելու են սփյուռքի կրթօջախների համար Հայաստանի Հանրապետության հանրակրթության բովանդակությանը համահունչ կրթական ծրագրերի, ուսումնական նյութերի, հայալեզու տպագիր և էլեկտրոնային կրթական պաշարների, թվային կրթական ծառայությունների հասանելիությունը, կարողությունների զարգացման և փոխանակման ծրագրերը, ինչպես նաև ապահովվելու է կրթօջախների հնարավորինս ինտեգրումը Հայաստանի կրթական համակարգին:
4) Ընդլայնվելու է Հայաստանի Հանրապետության կրթական, գիտական և մշակութային հաստատությունների համագործակցությունը սփյուռքի կառույցների, այդ թվում՝ հետազոտական կենտրոնների և կազմակերպությունների հետ՝ խթանելով համատեղ կրթական ծրագրերի, գիտական նախագծերի, ակադեմիական շարժունության և փորձի փոխանակման զարգացումը։
Գլուխ 3. Առողջապահություն
Մարդկային կապիտալի հաջորդ հենասյունը ֆիզիկական և հոգեկան առողջությունն է, որը կանխորոշում է մարդու բարեկեցությունը: Կառավարությունը նպատակ ունի ամբողջ բնակչությանն ընդգրկելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարելավման արդյունքում բարձրացնելու ապրելիությունը և կյանքի որակը։ Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ընդգրկելու է բնակչության բոլոր խմբերին:
2) Արդիականացվելու՝ կառուցվելու, վերակառուցվելու և վերազինվելու է 50 առողջապահական կազմակերպություն:
3) Բարձրացվելու է բժշկական կենտրոնների կառավարման արդյունավետությունը՝ ինտեգրված կլինիկական կենտրոնների մոդելի ներդրմամբ և ֆինանսական ու գործառնական ինքնավարության ավելացման, առնվազն մեկ 100% պետական բաժնեմասով բժշկական կենտրոնի բաժնետոմսերի բորսայում թողարկման միջոցով:
4) Ներդրվելու է բժշկական կազմակերպությունների որակի կառավարման համակարգ, և իրականացվելու է միջազգային (ԵՄ, ԱՄՆ, Կանադա և համարժեք) ստանդարտներին համապատասխան 20 բժշկական կազմակերպության որակի ակրեդիտացում:
5) Ուսումնասիրված միջազգային լավագույն մոդելների տեղայնացման միջոցով ձևավորվելու է կլինիկական ռեզիդենտուրայում կոմպետենտահենք ուսուցման, կլինիկական բազաների իրական թողունակության և համակարգի կարիքներին համապատասխան որակյալ կադրերի պատրաստման համակարգ, ներդրվելու են ԵՄ և (կամ) ԱՄՆ ստանդարտներին համահունչ, մասնագիտական դեֆիցիտի կանխատեսման մոդելավորման համակարգ և կլինիկական ռեզիդենտուրայի համակարգ, ապահովվելու է բուժաշխատողների կրթության ընթացքում գործելակարգերի շարունակական ուսուցում:
6) Առողջության առաջնային պահպանման առնվազն 20 քաղաքային հաստատությունում ներդրվելու է ընտանեկան բժշկության ինստիտուտը՝ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ծախսարդյունավետ ծառայությունների տրամադրման նպատակով: Ընտանեկան բժշկության ինստիտուտը նպաստելու է համակարգի տրամաբանության փոփոխությանը՝ «բուժել հիվանդությունը» մոտեցումից անցնելով «պահպանել առողջությունը» մոտեցմանը, ինչը միակ կայուն ուղին է և՛ բնակչության առողջության արդյունքների բարելավման, և՛ համակարգի ֆինանսական կայունության համար:
7) Ընդլայնվելու են հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային ծրագրերը:
8) Բարձրացվելու է դեղորայքային և բժշկական պարագաների հասանելիությունը՝ դեղերի շրջանառության կարգավորման բարելավմամբ և առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրերի շարունակականության ապահովմամբ:
9) Ներդրվելու է ամբողջովին թվային, ինտեգրված առողջապահական տվյալների էկոհամակարգ՝ ներառյալ էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգը, որը թույլ կտա վերլուծել մեծ տվյալները՝ նպաստելով կանխարգելման բարելավմանը, մատուցվող ծառայությունների արդյունավետության և ծախսարդյունավետության բարձրացմանը և ամբողջական թվայնացմանը, այդ թվում՝ բուժաշխատողի աշխատանքին օժանդակող թվային գործելակարգեր և այլ գործիքներ:
10) Զարգացվելու են առողջապահության ոլորտում ստվերի և չարաշահումների կանխարգելմանն ուղղված թվային համակարգերը։
Գլուխ 4. Սպորտ և առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խթանումը բնակչության առողջության պահպանման, կյանքի որակի բարձրացման և մարդկային ներուժի զարգացման կարևոր նախապայմաններից է։ Կառավարությունը հետևողականորեն ընդլայնելու է սպորտով զբաղվելու հասանելիությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին, երիտասարդներին, կանանց և վնասակար սովորություններ ունեցողներին։ Յուրաքանչյուր ոք պետք է ունենա հնարավորություն իր իսկ համայնքում զբաղվելու սպորտով և (կամ) մարզվելու։
Կարևոր է նաև առողջ ապրելակերպի խթանումը մասսայական սպորտի, առողջ սննդակարգի և վնասակար սովորություններից զերծ մնալու խրախուսման միջոցով։ Կառավարության հանձնառությունն է լինելու տարածքային համաչափ զարգացման սկզբունքով և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ ապահովել սպորտային ենթակառուցվածքների հասանելիությունը և առողջ ապրելակերպի վերաբերյալ հանրային իրազեկման ու վարքաբանական փոփոխություն խթանող արշավների իրականացումը։
Կառավարությունը շարունակելու է նաև պրոֆեսիոնալ սպորտում բարձր նվաճումների խթանմանն ուղղված քաղաքականությունը՝ կատարելագործելով տաղանդների վաղ բացահայտման, մարզիկների պատրաստման, խրախուսման և հետմարզական զարգացման համակարգերը։
Սպորտի տնտեսականացման քաղաքականությունը միտված է լինելու մասնավոր ներդրումների ներգրավմանը, մարզական ծառայությունների շուկայի ընդլայնմանը, խոշոր մրցաշարերի կազմակերպմանը և սպորտային ենթակառուցվածքների եկամտաստեղծ ու արդյունավետ կառավարմանը։
Կառավարությունն իրականացնելու է հետևյալ առանցքային բարեփոխումները`
1) Առողջ ապրելակերպը խրախուսվելու է կրթության, ֆինանսների, առողջապահության (այդ թվում` ԱՀԱ համակարգի խթանների միջոցով), էկոնոմիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի և համայնքային զարգացման քաղաքականությունների միջոցով՝ ստեղծելով անվտանգ քայլելու, հեծանիվ վարելու, բացօթյա և մարզասրահներում մարզվելու պայմաններ՝ ընդլայնելով վորքաութների ու այլ հանրամատչելի մարզահրապարակների և մարզասրահների ցանցը (ներառյալ նորակառույց և հիմնանորոգված դպրոցների մարզական ենթակառուցվածքները, որոնք դասապրոցեսից դուրս կծառայեն նաև համայնքային կյանքին) և խրախուսելով վնասակար սովորույթների դադարեցումն ու ամրապնդելով ֆիզիկական ակտիվության ու առողջ սննդակարգի բաղադրիչները՝ ներառյալ կրթական ծրագրերի միջոցով:
2) Հանրապետության բոլոր համայնքներում կառուցվելու է 100 կոմբինացված մարզահրապարակ՝ ներառյալ համայնքային լողավազանները:
3) Յուրաքանչյուր համայնքում ձևավորվելու է երեխաների համար հասանելի մարզաձևերի նվազագույն երաշխավորված շրջանակ՝ ընդլայնելով մարզական խմբակների ցանցը և ապահովելով դպրոցական ու համայնքային մարզակառույցների համատեղ օգտագործումը:
4) Ներդրվելու են մարզական կազմակերպությունների կատարողականի և մարզիկների արձանագրած արդյունքների վրա հիմնված լրացուցիչ ֆինանսավորման մեխանիզմներ, ինչպես նաև խթանվելու է սեփական եկամուտների ձևավորմանն ուղղված գործունեությունը:
5) Հայաստանի դիրքը ամրապնդվելու է սպորտի միջազգային քարտեզում՝ յուրաքանչյուր տարի առնվազն 2 օլիմպիական մարզաձևի միջազգային առաջնությունների և մրցաշարերի կազմակերպման միջոցով:
6) Կառուցվելու են ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոն Ակադեմիական քաղաքում 35 հազար հանդիսատեսի համար, ինչպես նաև Վանաձորում և Իջևանում ևս երկու ստադիոն՝ առնվազն 10 հազար հանդիսատեսի համար։
Գլուխ 5. Աշխատանք և սոցիալական պաշտպանություն
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակն է նպաստել մարդու և ընտանիքի բարեկեցությանը, կանխարգելել և կառավարել կյանքի բոլոր փուլերում կյանքի դժվարին իրավիճակների առաջացման ռիսկերը։ Սոցիալական պաշտպանության հասցեական համակարգը կարևոր նախապայման է յուրաքանչյուր անձի արժանապատիվ կյանքի, սոցիալական ներառման և հավասար հնարավորությունների ապահովման համար։ Կառավարությունը շարունակելու է զարգացնել կարիքահենք սոցիալական ծառայությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով աղքատության կանխարգելմանը և նվազեցմանը, խոցելի խավերի մրցունակության բարձրացմանը։ Արդիականացվելու են երեխաների և ընտանիքների աջակցության համայնքահենք ծառայությունները՝ ընդլայնելով վաղ միջամտության, ընտանիքի պահպանման, համայնքահենք, սոցիալ-վերականգնողական և այլընտրանքային խնամքի հասանելիությունը։ Սա նպաստելու է ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքի և ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացմանը, գենդերային հավասարությանը, բռնության, թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանը, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքին ու սոցիալական ներառմանը և ավագ սերնդի ինքնուրույն կենսագործունեությանը։
Այս ուղղությամբ Կառավարությունը ներդնելու է սոցիալական պաշտպանության միասնական թվային համակարգ՝ ապահովելով սոցիալական ծառայությունների առնվազն 80%–ի թվայնացումը և մատուցումը մեկ պատուհանի (hartak.am) սկզբունքով: Իրականացվելու են աշխատանքի շուկայում անձանց մրցունակությունը մեծացնելուն ուղղված ծրագրեր։ Աշխատանքային իրավունքների համակարգի զարգացումը նույնպես լինելու է Կառավարության ուշադրության կենտրոնում։
1. Երեխաներ
1) Ներդրվելու է երեխայի իրավունքների պաշտպանության նոր համակարգ՝ զարգացնելով կանխարգելիչ, համայնքահենք և ընտանիքակենտրոն ծառայությունները, ամրապնդելով երեխաների և ընտանիքների աջակցության մեխանիզմները և ապահովելով յուրաքանչյուր երեխայի լավագույն շահերի պաշտպանությունը:
2) Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մրցունակության բարձրացմանը՝ կրթության միջոցով։
3) Մեկնարկելու է բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը:
4) Ընդլայնվելու են երեխաների համայնքահենք, այդ թվում՝ ցերեկային ծառայությունները, որոնք կգործեն հաստատված որակի չափորոշիչներին համապատասխան:
5) Ներդրվելու է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգ` ընդլայնելով երեխաների կրթության ֆինանսական հասանելիությունը և նպաստելով մարդկային կապիտալի զարգացմանը ու ընտանիքների երկարաժամկետ սոցիալական և տնտեսական կայունությանը:
2. Երիտասարդներ
1) Շուրջ 5000 չաշխատող և չսովորող երիտասարդ ներգրավվելու է զբաղվածությանն աջակցող ծրագրերում: Առաջնահերթություն է տրվելու մարզաբնակ երիտասարդներին։
3. Ավագ սերունդ
1) Արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու նպատակով իրականացվելու է կենսաթոշակների ինդեքսավորում այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից:
2) Ներդրվելու է ինքնազբաղված քաղաքացիների կենսաթոշակային համակարգ:
3) Ներդրվելու են մեծահասակների տնտեսական և աշխատանքային ակտիվության խթանմանն ուղղված ծրագրեր:
4) Ընդլայնվելու են տարեցների համայնքահենք ծառայությունները՝ նպաստելով ակտիվ և առողջ ծերությանն ուղղված քաղաքականության իրացմանը։
4. Հավասար հնարավորությունների ապահովում
1) Ներդրվելու են ընտանիքների բարեկեցության և ժողովրդագրական կայուն զարգացմանն ուղղված նոր աջակցության մեխանիզմներ:
2) Շարունակվելու են սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները՝ անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման միջոցով բարձրացնելով սոցիալական աջակցության հասցեականությունը և զբաղվածության ծրագրերի արդյունքում նպաստելով աղքատության հաղթահարմանը:
3) Ձևավորվելու են զբաղվածության ապահովման և աշխատուժի մրցունակության համակարգի իրավական հիմքերը՝ ներառելով գործազրկության ապահովագրությունը, աշխատանքի կորստի կանխարգելման և եկամտի պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև աշխատուժի շարունակական վերապատրաստման, վերաորակավորման, զբաղունակության բարձրացման և աշխատաշուկայի կարիքներին արձագանքման գործիքները:
4) Ընդլայնվելու են կանանց տնտեսական ակտիվության և զբաղվածության խթանման ծրագրերը՝ ապահովելով առնվազն 10 հազար կնոջ ներգրավում՝ առաջնահերթություն տալով աշխատաշուկայից դուրս մնացած, զբաղվածության խոչընդոտներ ունեցող և խոցելի իրավիճակում գտնվող կանանց:
5) Առնվազն 3000 սոցիալապես անապահով և խոցելի խմբերի ներկայացուցիչներ ներգրավվելու են աղքատության հաղթահարման նպատակով զբաղվածության պետական ծրագրերում, այդ թվում՝ իրականացվելու են աշխատանքի շուկայի պահանջարկին համապատասխան վերապատրաստման և վերամասնագիտացման ծրագրեր:
6) Իրականացվելու է խոցելի խմբերի համար 1000 նոր սոցիալական բնակարանի ապահովման ծրագիր:
7) Շարունակվելու է Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովման ծրագիրը:
8) Շարունակվելու է սահմանամերձ և այլ գյուղական բնակավայրերում 3000 նոր տան կառուցման ծրագիրը:
9) Հաշմանդամություն ունեցող 2000 անձի համար ապահովվելու է անձնական օգնականի ծառայության հասանելիությունը:
10) Շարունակվելու են ապաինստիտուցիոնալացման բարեփոխումները՝ զարգացնելով համայնքային խնամքի, այդ թվում՝ համայնքային փոքր տների ծառայությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար ընտանեկան միջավայրին մոտ խնամք ապահովելու նպատակով:
11) Զարգանալու և ընդլայնվելու է անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով անհատական կարիքների վրա հիմնված աջակցությունը՝ զարգացնելով համայնքահենք, անկախ կյանքի և սոցիալական ներառման ծառայությունները հաշմանդամություն ունեցող անձանց և խոցելի այլ խմբերի համար։
12) Ընդունվելու են երիտասարդության, հաշմանդամություն ունեցող անձանց և ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում սոցիալականացումը և ստեղծագործականությունը խթանելուն ուղղված ծրագրեր։
Գլուխ 6. Մշակույթ
Կառավարությունը շարունակելու է ակտիվ մշակութային քաղաքականությունը՝ այն դիտարկելով որպես ինքնության պահպանման և զարգացման կարևորագույն գործոն։ Ուշադրության կենտրոնում են լինելու նաև մշակութային ժառանգության պահպանումը, մշակույթի ապակենտրոնացումը, մշակութային կյանքի հասանելիության ընդլայնումը, ինչպես նաև ներառվածությունն ու ներգրավվածությունը մշակութային կյանքին։ Խթանվելու են նաև մշակույթի տնտեսականացումը և ոլորտի թվայնացումը՝ զարգացնելով ստեղծարար արդյունաբերությունը, ընդլայնելով մշակութային կազմակերպությունների սեփական եկամուտների ձևավորման հնարավորությունները և ներդնելով մշակութային ծառայությունների միասնական թվային համակարգ, այդ թվում՝ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով։
Այս ուղղությամբ`
1) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվելու է 5 հուշարձան, հիմնական ցանկում՝ 1 նոր հուշարձան:
2) Իրականացվելու է ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում, և ապահովվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2 հայտի գրանցում:
3) Իրականացվելու են 40 պատմամշակութային հուշարձանի նորոգում, ամրակայում, վերականգնում և հասանելիության ապահովում:
4) Փուլային կերպով իրականացվելու է Արտաշատ պատմական մայրաքաղաքի համալիր զարգացման հայեցակարգը, վերականգնվելու է Գետամերձ թաղամասը, ապահովվելու է զբոսաշրջային հասանելիությունը:
5) Ընդլայնվելու է Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրական մակերեսի ստորգետնյա հատվածը՝ Հանրապետության հրապարակի հնավայրի ընդգրկմամբ:
6) Մշակութային կյանքի ապակենտրոնացման նպատակով համայնքներում զարգացվելու են մշակութային ու ստեղծարար գործունեության կայուն հարթակներ, ավելանալու է մարզային ծրագրերի քանակը, ապահովվելու է վերջիններիս ժանրային բազմազանությունը, ընդլայնվելու է պետական մշակութային կազմակերպությունների մարզային հյուրախաղային գործունեությունը, ձևավորվելու են շրջիկ մշակութային փառատոներ:
7) Հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ներուժի զարգացմանն ու ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը:
8) Թատրոնների, համերգային և այլ մշակութային կազմակերպությունների կառավարման ու ֆինանսավորման համակարգում բազային հատկացումներին զուգահեռ ներդրվելու են լրացուցիչ ֆինանսավորման խթաններ՝ ըստ ծառայությունների որակի, այցելությունների և նոր լսարանների ներգրավման, մարզային գործունեության, մասնավոր գործընկերության ու սեփական եկամուտների աճի արդյունքների, ընդլայնվելու է կազմակերպությունների՝ սեփական եկամուտները տնօրինելու և զարգացման ծրագրերում վերաներդնելու ինքնուրույնությունը։
9) Քաջալերվելու է ստեղծարար արդյունաբերությունը՝ ձևավորելով կինոյի, երաժշտության, հրատարակության և հարակից ոլորտների նախագծերի ֆինանսավորման, ձեռնարկատիրական զարգացման և միջազգային առաջմղման աջակցության գործիքներ:
10) Մշակութային զբոսաշրջության խթանման նպատակով յուրաքանչյուր տարի կազմակերպվելու են առնվազն երկու համաշխարհային աստղի հյուրախաղեր:
11) Գրադարանները վերափոխվելու են ժամանակակից տեղեկատվական, կրթական, մշակութային, ժամանցային և համայնքային կենտրոնների՝ գրքային ֆոնդերի համալրման, էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման և ընթերցանության խրախուսման ծրագրերի միջոցով:
12) Մշակույթի և մշակութային կյանքին հասանելիությունը, ներառվածությունն ու ներգրավվածությունը ընդլայնելու նպատակով խթանվելու են մշակույթի, երիտասարդական կենտրոնների աշխատանքները, քաջալերվելու է ինքնագործ խմբերի և ակումբների գործունեությունը, այդ թվում՝ նորակառույց դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքների տրամադրմամբ` դրանց հիմնական գործունեությանը չխոչընդոտելու նախապայմանով:
13) Ատեստավորման միջոցով բարձրանալու են թանգարանային և գրադարանային աշխատողների աշխատավարձերը:
Գլուխ 7. Հոգևոր անվտանգություն
Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին կանոնականության դաշտ բերելուն և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն։
Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար`
1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:
2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:
3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը:
Կառավարությունը ձեռնամուխ է լինելու նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն և եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելուն։
Գլուխ 8. Շրջակա միջավայր
Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը բարեկեցության, երջանկության, առողջության կարևոր պայման է։ Բնության նկատմամբ խնամքը, կենսաբազմազանությունը լինելու են պետական և հանրային հոգածության կենտրոնում։ Շրջակա միջավայրի վերաբերյալ հանձնառություններն ուղղված են բնական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, կենսաբազմազանության պահպանմանը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցմանը՝ ապահովելով առողջ և անվտանգ միջավայր ներկա ու ապագա սերունդների համար։
2026 թվականի հոկտեմբերից Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP 17) համաժողովի նախագահությունը՝ շուրջ երկու տարի հանդիսանալով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գլոբալ որոշումների ընդունման կենտրոնական դերակատարում ունեցող երկիր՝ ստանձնելով այդ դերի պատշաճ իրականացման հանձնառություն։
Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բարեփոխումների օրակարգը հետևյալն է՝
1) Ապահովվելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած՝ ԵՄ հրահանգներին մթնոլորտային օդի, ջրի որակի, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, արդյունաբերական արտանետումների, կլիմայի փոփոխության, քիմիական նյութերի և թափոնների կառավարման մասով բնապահպանական օրենսդրության ամբողջական ներդաշնակեցումը:
2) Կատարելագործվելու է կլիմայական քաղաքականությունը՝ ներդնելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը նպաստող տնտեսական մեխանիզմներ, այդ թվում՝ ածխածնի գնագոյացման համակարգը:
3) Ստեղծվելու է միջազգային չափանիշներին համապատասխան մթնոլորտային օդի որակի համապետական մոնիթորինգի համակարգ՝ 16 ժամանակակից դիտակայանով և ռեֆերենս լաբորատորիայով:
4) Ընդլայնվելու է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի՝ «24/7» ռեժիմով աշխատող ցանցը:
5) Ապահովվելու է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումն ու պահպանությունը՝ խթանելով ջրախնայողությունը, պահպանելով գետային էկոհամակարգերը և սահմանափակելով Արարատյան արտեզյան ավազանից ջրի օգտագործումը՝ մինչև օրենքով սահմանված տարեկան վերականգնվող առավելագույն 926 մլն խմ չափաքանակ:
6) Ներդրվելու է Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգային կառավարման մոդել՝ վերականգնելով գետային էկոհամակարգերը, կեսաբազմազանությունը, ապահովելով Կառավարության որոշմամբ սահմանված ջրի առնվազն «լավ» որակի նորմը և կրճատելով աղտոտման ծավալները, ինչպես նաև իրականացվելու են Սևանա լճի ջրածածկ՝ առնվազն 100 հեկտար, անտառտնկարկների մաքրման աշխատանքներ՝ ըստ առաջնահերթ գնահատված տարածքների: Այս ջանքերին զուգահեռ կիրականացվեն նաև Սևանա լճի ափամերձ տարածքների աղբահանությանը և «Սևան» ազգային պարկի տարածքում ոչ օրինական հիմքերով վարձակալված և (կամ) զավթված տարածքների վերադարձին ուղղված աշխատանքներ։
7) Իրականացվելու են շուրջ 10 հազար հեկտար անտառատնկման և անտառվերականգնման աշխատանքներ:
8) Էկոպարեկային ծառայության կողմից ժամանակակից հսկողական տեխնոլոգիաների միջոցով ապահովվելու է հանրապետության ամբողջ տարածքում 24/7 ռեժիմով անտառների և ԲՀՊ տարածքների՝ ներառյալ որսագողերից վայրի կենդանիների պահպանություն:
9) Թվայնացվելու են շրջակա միջավայրի կառավարման տեղեկատվական համակարգը և ոլորտի թույլատվական ծառայությունները, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը՝ անցում կատարելով ռիսկերի տվյալահենք և միասնական թվային կառավարմանը:
10) Շարունակաբար կիրարկվելու են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի դրույթները, և ի թիվս այլնի` թափառող ընտանի կենդանիների համար կացարաններ և հարակից ենթակառուցվածքներ կառուցելու ուղղությամբ:
11) Ուժեղացվելու է շրջակա միջավայրի պահպանության հանրային վարքականոնի ձևավորմանն ուղղված էկոլոգիական կրթության համակարգը՝ ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության միջոցով։
ԲԱԺԻՆ 3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ
Պայմանավորված աշխարհաքաղաքական նոր իրողություններով, գլոբալ արժեշղթաների վերակազմավորմամբ և տեխնոլոգիական զարգացումներով՝ Կառավարությունը պետք է շարունակի բաց, ներառական, միջազգայնորեն ինտեգրված, մրցունակ, գիտելիքահենք և նորարարական տնտեսությանը միտված քաղաքականությունը, ինչը բնորոշվում է արտադրողականության, զբաղվածության և ստեղծված ավելացված արժեքի շարունակական աճով։
Տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու բարձր արտադրողականություն ունեցող և ավելացված արժեք ստեղծող, տեխնոլոգիահենք ու արտահանմանը միտված թափանցիկ բիզնեսի զարգացմանը, տնտեսության կառուցվածքային վերափոխմանը և հայկական բիզնեսների ավելի խոր ինտեգրմանը տարածաշրջանային ու գլոբալ արժեշղթաներին։ Զուգահեռաբար, առաջնահերթ են լինելու ներդրումների համար պաշտպանված, բարենպաստ, կանխատեսելի և վստահելի միջավայրի ձևավորումը, կարգավորումների պարզեցումը և թվայնացումը, մրցակցությունը և հավասար հնարավորությունները, բիզնեսների թվային և տեխնոլոգիական արդիականացումը, միջազգային ստանդարտների լայն կիրառումը, ֆինանսների հասանելիության ընդլայնումը, ենթակառուցվածքների զարգացումը և մրցունակ աշխատուժի ձևավորումը։
Տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունը կառուցվելու է հետևյալ սկզբունքների շուրջ՝
● ներառական տնտեսական զարգացում՝ բիզնեսի ստեղծման և զարգացման հնարավոր կառուցվածքային խոչընդոտների վերացում, արհեստական մենաշնորհների բացառում, մրցակցության խթանում և պաշտպանություն, ֆինանսական ռեսուրսների և տնտեսական հնարավորությունների հավասար հասանելիություն, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու ստեղծարար ու ձեռնարկատիրական ներուժի իրացման բարենպաստ պայմանների ապահովում,
● տարածաշրջանային փոխկապակցվածություն և գլոբալ ինտեգրում՝ տրանսպորտային ու տնտեսական կապերի զարգացում, Հայաստանի դիրքավորում որպես առևտրի և տարանցման հանգույց, նոր շուկաների, ներդրումների և միջազգային արժեշղթաների հասանելիության ընդլայնում,
● գիտելիքահենք և տեխնոլոգիական վերափոխում՝ գիտության, նորարարության, թվայնացման, ԱԲ և տվյալահենք կառավարման կիրառմամբ արտադրողականության ու մրցունակության բարձրացում,
● մրցունակ, որակյալ և դիմակայուն տնտեսություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանքի ու ծառայությունների ստեղծում և զարգացում, արտահանման շուկաների, ոլորտների և մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացում,
● կայուն և հավասարակշռված զարգացում՝ տնտեսական աճի համաչափ բաշխում մարզերի ու սոցիալական խմբերի միջև, շրջակա միջավայրի պաշտպանություն, ռեսուրսների արդյունավետ կառավարում ու օգտագործում և շրջանաձև տնտեսության խթանում։
Տնտեսական քաղաքականության առաջնահերթ քայլերն ուղղված են լինելու՝
● արտահանման շուկաների և ապրանքային կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, որը հնարավոր կդառնա հայկական ծագման արտադրանքի որակի բարձրացման, միջազգային ստանդարտների լայնածավալ կիրառման, լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման, ապահովագրության գործիքների կիրառման ու գլոբալ արժեշղթաներում ինտեգրման միջոցով,
● ներդրումների ծավալի շարունակական բարձրացմանը, այդ թվում՝ վերազգային կորպորացիաների ներգրավման և ներդրումների խթանման տարբերակված գործիքների կիրառման միջոցով,
● ՀՆԱ–ում խոր տեխնոլոգիական (Deep Tech) կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների ստեղծած ավելացված արժեքի մասնաբաժնի մեծացմանը։
Գլուխ 1. Գլոբալ և ինտեգրված տնտեսություն
Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել երկրի մասնակցությունը միջազգային առևտրին, ներդրումային հոսքերին և գլոբալ արժեշղթաներին։ Տնտեսության բացությունը պետք է արտահայտվի ոչ միայն արտաքին առևտրի ծավալների աճով, այլև արտահանման մեջ ավելացված արժեքի ավելացմամբ, շուկաների ու ապրանքների դիվերսիֆիկացմամբ, տեղական կազմակերպությունների միջազգային արտադրական կապերի խորացմամբ և Հայաստանի Հանրապետության՝ որպես ներդրումային ու լոգիստիկ հանգույցի դիրքավորմամբ։
1. Ներդրումների խթանում և պաշտպանություն
Հայաստանը տարածաշրջանում առավել գրավիչ ներդրումային ուղղություններից մեկը դարձնելու նպատակով Կառավարությունը ձևավորելու է պաշտպանված, կանխատեսելի, թափանցիկ, կայուն և վստահելի ներդրումային միջավայր։ Կառավարությունը կենտրոնանալու է ոչ միայն ներգրավվող ներդրումների ծավալի ավելացման, այլև դրանց որակի և տնտեսական ազդեցության բարձրացման վրա. առաջնահերթություն է տրվելու այն ներդրումային ծրագրերին, որոնք նպաստում են բարձր ավելացված արժեքի ստեղծմանը, տնտեսության տեխնոլոգիական վերափոխմանը, արտադրողականության ու արտահանման աճին, աշխատուժի մասնագիտական կարողությունների զարգացմանը և բարձր արտադրողականությամբ նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Այդ նպատակով՝
1) Ներդրումների կարգավորմանն առնչվող օրենսդրությունը (հարկային, լիցենզավորման, թույլտվությունների տրամադրման, ստուգումների իրականացման, սնանկության, հողային հարաբերություններին առնչվող) մշտապես լավարկվելու է՝ համապատասխանեցվելով միջազգային լավագույն փորձին և ժամանակակից ներդրումային քաղաքականության մոտեցումներին` բարձրացնելով Հայաստանի մրցակցային առավելությունը:
2) Օտարերկրյա պետությունների հետ համագործակցության զարգացման համատեքստում վերանայվելու և ընդլայնվելու է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության միջազգային համաձայնագրերի շրջանակը՝ Հայաստանի Հանրապետության ներդրումային առաջնահերթություններին համապատասխան:
3) Իրականացվելու է թիրախային քաղաքականություն՝ գերակա ոլորտներում առաջատար անդրազգային ընկերությունների արտադրական, հետազոտական, տեխնոլոգիական և տարածաշրջանային կառավարման կենտրոններ ներգրավելու համար։ Այդ նպատակով ապահովվելու է անհրաժեշտ ենթակառուցվածքների ու մասնագետների հասանելիություն, ինչպես նաև ներդրվելու են թափանցիկ և արդյունքահենք խթաններ: Հետներդրումային շարունակական աջակցությամբ խրախուսվելու են վերաներդրումները, գիտելիքի ու տեխնոլոգիաների փոխանցումը, աշխատուժի վերապատրաստումը և արտահանման ընդլայնումը։
4) Ձևավորվելու է ժամանակակից տնտեսական և լոգիստիկ ենթակառուցվածքների համապարփակ համակարգ՝ ներառյալ մասնագիտացված արդյունաբերական գոտիներ և լոգիստիկ հանգույցներ։ Դրանք ապահովելու են ներդրողների համար պատրաստ ենթակառուցվածքներ, արդյունավետ մատակարարման շղթաներ ու արտաքին շուկաների հասանելիություն:
5) Ներդրվելու են փոքր բաժնետերերի ներդրումների և նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կառուցակարգեր։
2. Արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացում, այդ թվում` էլեկտրոնային առևտուր
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի քաղաքականությունն ուղղված է լինելու արտահանման շուկաների և ապրանքախմբերի կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, հայկական ծագման արտադրանքի բարդության բարձրացմանը և արտահանման ավելացմանը, ներմուծման աղբյուրների բազմազանեցմանը և էլեկտրոնային առևտրի միջոցով հայկական ծագման ապրանքների վաճառքի ծավալների մեծացմանը։ Կառավարությունը նպատակ ունի կրկնապատկելու հայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալը։
Այս ուղղությամբ՝
1) Ընդլայնվելու են Հայաստանի արտոնյալ առևտրային հնարավորությունները՝ առնվազն հինգ երկրի հետ նոր տնտեսական համագործակցության համաձայնագրերի կնքմամբ:
2) Թիրախային ապրանքների և շուկաների համար աջակցություն է տրամադրվելու տեղական արտադրողներին՝ օտարերկրյա առևտրային ցանցերի մատակարարման շղթաներում ընդգրկվելու, արտադրական ստանդարտները բարձրացնելու և երկարաժամկետ արտահանման պայմանագրեր կնքելու համար:
3) Դիվերսիֆիկացվելու են տնտեսության համար կարևոր ապրանքների մատակարարման աղբյուրները՝ առնվազն 15 ապրանքախմբի համար ներգրավելով նոր մատակարար երկրներ:
4) Թվայնացվելու և ազատականացվելու է ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրումը՝ ապահովելով մրցակցային և թափանցիկ համակարգ:
5) Ագրոպարենային արտահանման համար գործարկվելու է առնվազն 25 սառնարանային տնտեսության և երկու ագրոլոգիստիկ կենտրոն։
Զբոսաշրջության քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանի Հանրապետության՝ որպես զբոսաշրջային խաչմերուկի և ամբողջ տարվա ընթացքում գրավիչ, որակյալ, անվտանգ, խաղաղ ու մրցունակ զբոսաշրջային ուղղության դիրքավորմանը։ Նպատակն է մինչև 2031 թվականը ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան առնվազն 3 մլն-ի, իսկ ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը՝ առնվազն 4,5 մլն-ի: Արդյունքում, Կառավարությունը ձգտելու է մեծացնել զբոսաշրջության ոլորտում զբաղվածությունը շուրջ 10%-ով։
Այս ուղղությամբ՝
6) Խթանվելու է զբոսաշրջության ապակենտրոնացումը և դիվերսիֆիկացվելու է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքը՝ քաղաքային և գյուղական զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման, զբոսաշրջային երթուղիների զարգացման, նավիգացիոն համակարգերի ներդրման միջոցով: Մասնավորապես՝ իրականացվելու են Գյումրու, Գորիսի, Ջերմուկի, Արենիի, Եղեգիսի, Դիլիջանի և Դվինի զարգացման ծրագրերը:
7) Խթանվելու է միջազգային հյուրանոցային ցանցերի, ժամանցի, զվարճանքի և սպասարկման ճանաչված միջազգային բրենդների ներգրավումը Հայաստանի Հանրապետություն:
8) Հայաստանի Հանրապետությունը դիրքավորվելու է որպես միջազգային համաժողովների, ցուցահանդեսների, գործարար հանդիպումների և խոշոր իրադարձությունների անցկացման մրցունակ ուղղություն:
9) Ներդրվելու է զբոսաշրջության ոլորտի կառավարման միասնական թվային համակարգ, այդ թվում՝ ապահովելով այցելությունների վերաբերյալ համապարփակ վիճակագրություն, թվային ծառայությունների և զբոսաշրջային պրոդուկտների մատուցում։
3. Կապիտալի շուկայի զարգացում
Տնտեսության երկարաժամկետ և արտադրողական աճի ապահովման համար կարևոր են ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացումը և կապիտալի շուկայի զարգացումը։
Այդ նպատակով՝
1) Լավարկվելու է արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրությունը՝ շուկայի զարգացմանը նպաստող, կանխատեսելի և միջազգային լավագույն մոտեցումներին համահունչ կարգավորող միջավայր ապահովելու նպատակով:
2) Խթանվելու է շուկան առաջ մղելու ներուժ ունեցող խոշոր և հեղինակավոր ընկերությունների մուտքը կորպորատիվ արժեթղթերի շուկա՝ հաջող թողարկումների պատմություն և ներդրողների վստահություն ձևավորելու նպատակով՝ ապահովելով առնվազն 3 առանցքային թողարկողի ներգրավում:
3) Կապիտալի շուկայում ներգրավվելու է առնվազն 2 հեղինակավոր կատալիզատոր միջնորդ՝ ներդրումային բանկային ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնք թողարկողներին կտրամադրեն արժեթղթերի թողարկման կառուցվածքավորման, գնագոյացման, տեղաբաշխման և ներդրողների ներգրավման մասնագիտական ծառայություններ:
4) Կատարելագործվելու և շարունակվելու են արժեթղթերի թողարկման, միջազգային վարկանիշավորման և մասնագիտական խորհրդատվության ծախսերի համաֆինանսավորման գործիքները՝ նոր թողարկումների խթանման և ընկերությունների՝ տեղական ու միջազգային կապիտալի շուկաներ մուտք գործելու պատրաստվածության բարձրացման նպատակով:
5) Ընդլայնվելու են տեղական և օտարերկրյա ներդրողների՝ հայկական արժեթղթերում ներդրումներ կատարելու հնարավորությունները՝ բջջային և այլ թվային լուծումներով ավտոմատ ու պարբերական ներդրումների մեխանիզմների զարգացման, ինչպես նաև օտարերկրյա միջնորդներին բորսայական հարթակին հեռավար մուտք տրամադրելու միջոցով։
Գլուխ 2. Մրցունակ տնտեսություն
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցունակության հիմքը լինելու են աշխատուժի և կապիտալի արտադրողականության շարունակական բարձրացումը և նորարարությունը։ Այդ նպատակին հասնելու համար ձևավորվելու է վստահելի կարգավորվող միջավայր, խթանվելու է ձեռնարկությունների տեխնոլոգիական բազայի արդիականացումը, կատարելագործվելու են որակի երաշխավորման ենթակառուցվածքները։
1. Բիզնես միջավայրի բարելավում
Գործարարների և ներդրողների համար պաշտպանված, կանխատեսելի, վստահելի և ինստիտուցիոնալ միջավայր ապահովելու նպատակով բարեփոխումների հիմքում դրվելու է Համաշխարհային բանկի Business Ready (B-READY) գնահատման մեթոդաբանությունը։ Կառավարության նպատակն է, որ Հայաստանը լինի նշյալ ցուցանիշով աշխարհում առաջատար դիրքերում՝ գերազանցելով երկրների առնվազն 70%-ը։ Ինչպես նաև իրականացվելու են բարեփոխումներ շուկայում տնտեսավարողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ՝ շուկայի հնարավոր անհարկի սահմանափակումներն ու մուտքի խոչընդոտները վերացնելու և շուկայում առավել թափանցիկ միջավայր ապահովելու ուղղությամբ, այդ թվում՝ տեղական արտադրողների համար։
Այդ նպատակով՝
1) Մշակվելու են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումներ՝ թիրախավորելով անվճարունակության, վեճերի լուծման հարաբերությունները, շուկայի մրցակցության բարձրացումը:
2) Իրականացվելու է գործող կարգավորումների շարունակական վերանայում՝ անհարկի վարչարարության նվազեցման և կարգավորումների արդյունավետության բարձրացման և թվայնացման նպատակով:
3) Ամբողջությամբ թվայնացվելու են տնտեսավարողներին մատուցվող պետական ծառայությունները:
4) Իրականացվելու է մաքսային հսկողության և սպասարկման համապարփակ թվայնացում՝ միասնական հաշվի, ԱԲ գործիքների, մաքսային հսկողության, ցամաքային կետերի և թույլտվությունների նոր պլատֆորմների միջոցով:
5) Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար սահմանված տարեկան շրջանառության շեմն առնվազն կրկնապատկվելու է: Միաժամանակ, այս արտոնյալ համակարգում գտնվելու իրավունքը պայմանավորվելու է հարկային պարտավորությունների պատշաճ կատարմամբ. հարկային օրենսդրության էական կամ պարբերական խախտումների դեպքում տնտեսավարողը զրկվելու է արտոնյալ հարկման ռեժիմից:
6) Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ամբողջացման համար նախատեսվելու է վեճերի այլընտրանքային լուծման ինստիտուտի կայացումը, որն իրականացվելու է համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների ձևավորման և դրանց կիրարկման համար անհրաժեշտ գործնական մեխանիզմների ստեղծման միջոցով:
7) Մասնավոր հատվածի հետ իրականացվելու է «Համաշխարհային առևտրի կենտրոն Հայաստան» նախագիծը` ձևավորելով միջազգային առևտրի, ներդրումների, արտահանման խթանման և բիզնեսի ծառայությունների համաշխարհային մակարդակի հարթակ:
8) Կատարելագործվելու են խոշոր և փոքր տնտեսավարողների միջև շուկայում բանակցային դիրքերի հավասարակշռմանն ուղղված մեխանիզմները՝ առևտրային հարաբերություններում փոքր մատակարարներին պաշտպանելու և շուկայի մասնակիցների բանակցային դիրքերի միջև առկա ճեղքը փոքրացնելու նպատակով:
9) Ներդրվելու են մեխանիզմներ մրցակցության խթանման և ապրանքների թափանցիկ գնագոյացումն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ զարգացվելու է ապրանքային բորսայով ապրանքների առուվաճառքը։
2. Արտադրողականության աճ
Արտադրողականության աճը խթանվելու է բիզնեսների տեխնոլոգիական արդիականացման, կառավարման կարողությունների զարգացման, նոր
սարքավորումների և արտադրական լուծումների ներդրման միջոցով։ Զուգահեռ՝ մարդկային կապիտալի ուղղությամբ նպատակային ներդրումները մեծացնելու են աշխատուժի արտադրողականությունը և գլոբալ մրցունակությունը։
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականությունն ուղղվելու է ՓՄՁ-ների արտադրողականության, տեխնոլոգիական կարողությունների և կառավարման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում մասնագիտացված նիշային դիրքավորման ամրապնդմանը։ Պետական աջակցության գործիքների, էլեկտրոնային առևտրի զարգացման միջոցով ընդլայնվելու են ՓՄՁ-ների արտահանման հնարավորությունները: Կառավարությունը նախատեսում է այս ուղղությամբ բարեփոխումների արդյունքում ՀՆԱ-ում ՓՄՁ-ների մասնաբաժինը հասցնել մինչև 40%-ի՝ 2024 թվականի 34,3%-ի համեմատ:
Գյուղատնտեսություն ասելով այլևս պետք է հասկանալ նախևառաջ ինտենսիվ գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղված է լինելու ինտենսիվացմանը, պարենային համակարգերի դիմակայունության բարձրացմանը և թվային գյուղատնտեսության զարգացմանը։
Այս թիրախին հասնելու նպատակով՝
1) Պետական աջակցությամբ ընդլայնվելու է գյուղատնտեսական ապահովագրության համակարգը՝ ներառելով նոր ապահովագրական պրոդուկտներ և շահառուների ավելի լայն շրջանակ:
2) Իրականացվելու է գյուղատնտեսական հողերի խոշորացման բարեփոխում՝ խթանման տարբեր մեխանիզմներով նվազեցնելով հողերի մասնատվածությունը:
3) Ձեռք են բերվելու շուրջ 3000 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և ագրոպարենային ոլորտի 2000 միավոր սարքավորում:
4) Հիմնվելու են տարեկան 1500 հեկտար ինտենսիվ այգիներ, 150 հեկտար արդիական ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատներ:
5) Շուրջ 8000 հեկտար հողատարածքներում ներդրվելու են ջրախնայող տեխնոլոգիաներ:
6) Եռապատկվելու է տոհմային խոշոր և մանր եղջերավոր կենդանիների տեսակարար կշիռը՝ 2,5%-ից հասնելով 7,5%-ի:
7) Բարձրանալու է կովերի միջին կաթնատվությունը՝ 2500 կգ-ից հասնելով 3600 կգ-ի, մսատու մատղաշի կենդանի զանգվածն ավելանալու է 30 կգ-ով:
8) Կառուցվելու է 50 խելացի անասնաշենք կամ 2500 գլխի համար անասնաշենքեր:
9) Ստեղծվելու է առնվազն 15 տոհմային տնտեսություն, և թվայնացման գործընթացում ընդգրկվելու են շուրջ 20 հազար տոհմային կենդանու տվյալներ:
10) Թվային գյուղատնտեսության զարգացման շրջանակում ընդլայնվելու են էլեկտրոնային տեղեկատվական համակարգերը, և թվայնացվելու են գյուղատնտեսական տվյալները։
Արդյունաբերական քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանի Հանրապետության արտադրական բազայի տեխնոլոգիական և կառուցվածքային վերափոխմանը, մշակող արդյունաբերության ընդլայնմանը և բարձր ավելացված արժեք ստեղծող, արտահանմանը միտված ու ռեսուրսաարդյունավետ արտադրությունների զարգացմանը։
Այս ուղղությամբ՝
11) Ընդլայնվելու է տնտեսության արդիականացման ծրագիրը՝ մշակող արդյունաբերության արտադրական կարողություններն առնվազն 15 հազար միավոր նորագույն մեքենասարքավորումներով և դրանց բաղկացուցիչ մասերով արդիականացնելու նպատակով:
12) Ընդլայնվելու են արդյունաբերության թվային փոխակերպման, «Արդյունաբերություն 4.0», «Խելացի արտադրություն» և ԱԲ տեխնոլոգիաների ներդրման աջակցության գործիքները՝ արտադրողականության բարձրացման, արտադրական գործընթացների ավտոմատացման, ծախսերի օպտիմալացման, որակի վերահսկողության և արտադրողականության բարձրացման նպատակով:
13) Խրախուսվելու են մասնավոր հատվածի համակարգված ներդրումները աշխատակիցների վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերում՝ ապահովելով դրանց համապատասխանությունը ազգային տեխնոլոգիական ու նորարարական գերակայություններին:
14) Ստեղծվելու է արդյունաբերական ձեռնարկությունների միասնական թվային ռեեստր:
Կառավարությունը նպատակ է հետապնդելու բարձրացնելու ընդերքօգտագործման ոլորտի արտադրողականությունը, կառավարման արդյունավետությունը, կանխատեսելիությունն ու թափանցիկությունը, ձևավորելու ներդրումների համար առավել բարենպաստ և մրցունակ միջավայր, ինչը նպաստելու է ոլորտի ինտեգրմանը միջազգային արժեշղթաներին և ֆինանսական շուկաներին։ Առաջնահերթություն են լինելու նաև հանքահումքային ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը և ոլորտի տեխնոլոգիական արդիականացումը։ Այդ նպատակով՝
15) Կատարելագործվելու են ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և պատասխանատու կառավարման մեխանիզմները՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) ստանդարտի պահանջներին համապատասխան և բնապահպանական, սոցիալական և կառավարչական չափանիշների (ESG) կիրառմամբ։ Խթանվելու է հանքարդյունաբերական կազմակերպությունների ցուցակումը միջազգային բորսաներում, այդ թվում՝ միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու միջոցով:
16) Զարգացվելու են ոլորտային լաբորատորիայի կարողությունները՝ միջազգային ISO/IEC 17025 ստանդարտին համապատասխանեցման և ռեֆերենս լաբորատորիայի կայացման միջոցով:
17) Երկրաբանական ծառայության ստեղծման ու միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ձևավորման միջոցով ապահովվելու են օգտակար հանածոների հանքավայրերի և հանքերևակումների պետական կադաստրի, պաշարների պետական հաշվեկշռի, ընդերքօգտագործման իրավունքների, պաշարների շարժի և ոլորտային այլ տվյալների միասնական կառավարումն ու հասանելիությունը:
18) Ընդերքօգտագործման ոլորտում վարչարարական գործընթացների պարզեցման, թափանցիկության բարձրացման և ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվելու է կառավարման գործընթացների ամբողջական թվայնացում՝ ներառյալ ընդերքօգտագործման իրավունքների տրամադրման, երկարաձգման, փոփոխման և դադարեցման գործընթացները։
Խթանվելու է կանաչ տնտեսության զարգացումը՝ ռեսուրսարդյունավետ լուծումների ներդրման միջոցով։
19) Ներդրվելու են շրջանաձև տնտեսության սկզբունքներ ու մեխանիզմներ։ Խթանվելու է արդյունաբերական ձեռնարկությունների կանաչ փոխակերպումը՝ էներգաարդյունավետ, ռեսուրսախնայող, վերականգնվող էներգիայի, թափոնների վերամշակման և ցածր ածխածնային տեխնոլոգիաների ներդրման աջակցության միջոցով:
20) Ձևավորվելու են կենսագազի և կանաչ ջրածնի առնվազն մեկական արտադրական ենթակառուցվածքներ։
3. Որակի ստանդարտներ և ենթակառուցվածքներ
Կառավարությունը ձևավորելու է միջազգային պահանջներին համապատասխան, ժամանակակից և արդյունավետ որակի ենթակառուցվածքի համակարգ՝ զարգացնելով ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման ոլորտները, ընդլայնելով լաբորատոր կարողությունները և թվայնացնելով ոլորտային ծառայությունները։
Այս ուղղությամբ՝
1) Իրականացվելու է արտադրանքի անվտանգության ոլորտում տեխնիկական կանոնակարգման և չափագիտական համակարգերի ներդաշնակեցում ԵՄ և ԵԱՏՄ կարգավորումներին:
2) Իրականացվելու է տեխնիկական կանոնակարգերի թվայնացում և դրանց հասանելիության ապահովում միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով՝ տեղեկատվական համակարգերի հետ ինտեգրման հնարավորությամբ:
3) Իրականացվելու են հավատարմագրման ազգային համակարգի միջազգային ճանաչման և համապատասխանության գնահատման արդյունքների միջազգային փոխճանաչելիությանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ծառայությունների թվային մատուցման մեխանիզմների ներդրմանն ուղղված աշխատանքներ:
4) Ներդրվելու է ներմուծվող թունաքիմիկատների և պարարտանյութերի որակի և վաճառքի վերահսկման թվային համակարգ:
4. Բիզնեսի թվայնացում
Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու ձեռնարկությունների թվային հասունության մակարդակի բարձրացմանը, բիզնես գործընթացների ավտոմատացմանը, տվյալահենք կառավարման մշակույթի ձևավորմանը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմանը։
Այս ուղղությամբ՝
1) Ներդրվելու է ֆինանսական խթանների համակարգ՝ աջակցելով ձեռնարկություններին թվային գործիքների, էլեկտրոնային առևտրի, ամպային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, տվյալների կառավարման և արտադրական գործընթացների ավտոմատացման լուծումների ձեռքբերմանը ու ներդրմանը:
2) Խթանվելու է ԱԲ գործիքների կիրառումը՝ բիզնես գործընթացների ավտոմատացման, արտադրողականության բարձրացման, պահանջարկի կանխատեսման, հաճախորդների սպասարկման և կառավարչական որոշումների կայացման բարելավման նպատակով:
5. Կորպորատիվ կառավարում
Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության իրական հատվածում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման ընդլայնմանը և դրանք ընկերությունների ինստիտուցիոնալ զարգացման, ներդրումային պատրաստվածության ու ֆինանսավորման հասանելիության բարձրացման գործուն գործիք դարձնելուն։
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները՝
1) Ընդլայնվելու է կորպորատիվ կառավարման կանոնագրքին միացած ընկերությունների շրջանակը՝ առաջնահերթ ներգրավելով խոշոր և միջին ձեռնարկություններին, պետական մասնակցությամբ ընկերություններին, ներդրումային ֆինանսավորում ներգրավելու ներուժ ունեցող կազմակերպություններին:
2) Մշակվելու է կորպորատիվ կառավարման միասնական գնահատման մեթոդաբանություն, որի հիման վրա կգնահատվի ընկերությունների կորպորատիվ հասունությունը: Գնահատման արդյունքներով ընկերությունները կարող են ստանալ առավելություն պետական աջակցության, ներդրումային ծրագրերի և ֆինանսավորման գործիքներում:
3) Նախաձեռնվելու է առևտրային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող միասնական օրենսդրության ընդունում` միջազգային լավագույն փորձին և ներպետական առանձնահատկություններին համապատասխան:
Գլուխ 3. Գիտելիքահենք և նորարարական տնտեսություն
Գիտելիքահենք տնտեսության զարգացումը հիմնվելու է գիտելիքի ստեղծման, տարածման, կիրառման և տնտեսական արժեքի վերածման միասնական համակարգի վրա։ 2026–2031 թվականներին գիտության ֆինանսավորումը նախատեսվում է հասցնել ՀՆԱ-ի 1%–ի։ Քաղաքականությունն ուղղվելու է «հետազոտությունից մինչև շուկա» ամբողջական նորարարական շղթայի կատարելագործմանը, որի արդյունքում գիտական արդյունքներն առևտրայնացվելու են՝ վերածվելով նոր տեխնոլոգիաների, մրցունակ ապրանքների և ծառայությունների, նորաստեղծ ընկերությունների ու բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի։
1. Մտավոր սեփականության համակարգի զարգացում
Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու մրցունակ, վստահելի և միջազգային չափանիշներին համապատասխան մտավոր սեփականության էկոհամակարգի ձևավորմանը:
Այս նպատակով՝
1) Արդիականացվելու է մտավոր սեփականության օրենսդրության և իրավունքների պաշտպանության համակարգը և բարձրացվելու է իրավունքների՝ քաղաքացիաիրավական, վարչական, քրեաիրավական, մաքսային ու թվային միջավայրում կիրարկման արդյունավետությունը՝ ուժեղացնելով նաև կեղծ և կոնտրաֆակտ արտադրանքի դեմ պայքարը:
2) Ամբողջությամբ թվայնացվելու են մտավոր սեփականության օբյեկտների հայտերի ներկայացման, փորձաքննության, գրանցման, պահպանության, իրավունքների փոխանցման և լիցենզավորման գործընթացները՝ ձևավորելով միասնական, անվտանգ, փոխգործելի և շահառուների կարիքներին համապատասխան թվային համակարգ:
3) Կատարելագործվելու են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության, կոլեկտիվ կառավարման, հոնորարների հաշվարկման ու բաշխման մեխանիզմները:
4) Իրականացվելու են հայաստանյան ռեզիդենտ կազմակերպությունների և անհատների ստեղծած մտավոր սեփականության օբյեկտների միջազգային արտոնագրման և Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (Patent Cooperation Treaty) հայտերի ներկայացման խթանման ծրագրեր։
2. Գիտության առևտրայնացում
Ձևավորվելու է գիտական, հետազոտական և ստեղծագործական արդյունքների առևտրայնացման ու տեխնոլոգիաների փոխանցման ապակենտրոն համակարգ՝ ներառելով շուկայական ներուժի գնահատումը, մտավոր սեփականության պաշտպանությունը, նախատիպերի ստեղծումը, փորձարկումը, հավաստագրումը, լիցենզավորումը, ներդրումների ներգրավումը և մուտքը շուկա։ Ամրապնդվելու է բուհերի, գիտական կազմակերպությունների և բիզնեսի համագործակցությունը՝ գիտական ներուժը տնտեսության տեխնոլոգիական պահանջարկին կապելու նպատակով։
Այդ ուղղությամբ՝
1) Գիտության և տեխնիկայի գերակա ուղղություններով իրականացվելու է առնվազն 2 համալիր ծրագիր՝ ԱԲ և կիսահաղորդիչների ոլորտներում, ինչպես նաև առնվազն 10 խոշոր հետազոտական ծրագիր:
2) Պետական գերատեսչությունների խնդիրների լուծման նպատակով գործարկվելու է հետազոտությունների պատվիրակման և արդյունքների արագ ներդրման մրցութային ծրագիր՝ ֆինանսավորելով առնվազն 80 թիրախային հետազոտություն կամ մշակում:
3) Մշակվելու են մասնավոր հատվածում հետազոտությունների և մշակումների իրականացման աջակցության ծրագրեր. զուգահեռ խթանվելու են մասնավոր պատվերով և բուհ–ձեռնարկություն համագործակցությամբ հետազոտությունները, բաց նորարարության ծրագրերը և տեխնոլոգիական սկաուտինգը:
4) Արդիականացվելու են ազգային ու կիրառական հետազոտական լաբորատորիաները, նախատիպավորման կենտրոնները և համատեղ օգտագործման փորձարկման հարթակները. գիտական կազմակերպությունները շարունակելու են համալրվել ժամանակակից սարքավորումներով, իսկ առաջատար բուհերում ստեղծվելու են նախատիպավորման ենթակառուցվածքներ:
5) Առնվազն 3 առաջատար բուհում ստեղծվելու են տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ:
6) Գործարկվելու են հայեցակարգի հաստատման (Proof of Concept) և առևտրայնացման փուլային դրամաշնորհային ծրագրեր՝ ֆինանսավորելով փորձարկումները, նախատիպերի ստեղծումը, տեխնոլոգիայի վավերացումը, մտավոր սեփականության պաշտպանությունը, հավաստագրումը, փորձնական արտադրությունը և շուկայի փորձարկումը:
7) «Ակադեմիական քաղաք» ծրագրի առաջին փուլի շրջանակում ստեղծվելու է տեխնոլոգիական համալսարանի համալսարանական ստարտափների ինկուբատորը, և ներդրվելու է համալսարանական ստարտափներում պետություն-բուհ-մասնավոր համատեղ ներդրումների մեխանիզմ, որի միջոցով ֆինանսավորվելու է համալսարանական առնվազն 30 ստարտափ:
8) Խրախուսվելու է գիտական արդյունքների հիման վրա սպին-օֆ ընկերությունների ստեղծումը, դրանց նախնական ֆինանսավորումը, վենչուրային կապիտալի հասանելիությունը և միջազգային շուկաներում մասշտաբավորումը։
3. Բարձր տեխնոլոգիական արտադրություն
Հայաստանը դիրքավորվելու է որպես բարձր և խոր տեխնոլոգիաների (Deep Tech) մշակման, արտադրության և արտահանման կենտրոն, որտեղ գիտությունը, ինժեներական ներուժը, միջազգային տեխնոլոգիական ընկերությունները և տեղական ձեռնարկատիրությունը ձևավորում են բարձր ավելացված արժեք ստեղծող ամբողջական շղթա՝ հետազոտությունից և նախագծումից մինչև նախատիպավորում, փորձարկում, հավաստագրում, փորձնական ու սերիական արտադրություն և միջազգային շուկա։ Առաջնահերթ զարգանալու են ԱԲ և խելացի համակարգերի, կիսահաղորդիչների և միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտաշինության և ներկառուցված համակարգերի, կենսատեխնոլոգիաների և բժշկական տեխնոլոգիաների, ինչպես նաև այլ խոր տեխնոլոգիական ուղղությունների մշակման և արտադրական կարողությունները։
Այս նպատակով՝
1) Գյումրու և Վանաձորի համանմանությամբ ստեղծվելու են մարզային տեխնոլոգիական պարկեր, որոնք գործելու են որպես ինկուբացիոն և աքսելերացիոն, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ինժեներական, լաբորատոր փորձարկման, նախատիպավորման, հավաստագրման և փոքրածավալ փորձնական արտադրության հարթակներ:
2) Ստեղծվելու է ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների ֆինանսավորման ու առևտրայնացման ամբողջական շղթա՝ գաղափարից և վաղ փուլից մինչև ընդլայնում (scale-up), աճի կապիտալ, միջազգային վաճառք և արտահանում: Կառավարությունն աջակցելու է մասնավոր ներդրումների, պետություն-մասնավոր համաներդրումների, կիրառական գաղափարի փորձարկման դրամաշնորհների և նորարարական լուծումների առաջին գնորդի մեխանիզմների զարգացմանը:
3) Խթանվելու է Հայաստանում մշակված բարձր տեխնոլոգիական լուծումների անցումը նախատիպից դեպի փորձնական և սերիական արտադրություն՝ արտադրական ինժեներիայի, փորձարկման, միջազգային հավաստագրման, առաջին արտադրական խմբաքանակների և սարքավորումների համաֆինանսավորման և լիզինգի, ինչպես նաև արտահանման աջակցության գործիքների միջոցով:
4) Կիսահաղորդիչների և միկրոէլեկտրոնիկայի ոլորտում զարգացվելու են չիպերի նախագծման, ներկառուցված համակարգերի, փորձարկման և վավերացման, առաջադեմ փաթեթավորման, ինչպես նաև տնտեսապես հիմնավորված մասնագիտացված արտադրության կարողությունները՝ խորացնելով Հայաստանի մասնակցությունը կիսահաղորդիչների գլոբալ արժեշղթայում:
5) Իրականացվելու է միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետազոտական, ինժեներական և արտադրական ստորաբաժանումների՝ Հայաստանում տեղակայման նպատակային քաղաքականություն՝ խթանելով տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցումը, տեղական մատակարարների ցանցի զարգացումը և հայկական ընկերությունների ներգրավումը գլոբալ տեխնոլոգիական արժեշղթաներում:
6) Շարունակվելու է ռազմարդյունաբերության և երկակի նշանակության բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական ներդրումների քաղաքականությունը՝ երկարաժամկետ պետական գնումների, օտարերկրյա գործընկերների հետ համատեղ արտադրության, արտադրանքի տեղայնացման, սերիական արտադրության և արտահանման կարողությունների ձևավորման միջոցով։
Մինչև 2031 թվականը բարձր տեխնոլոգիական արտադրության քաղաքականության արդյունքում ապահովվելու է Հայաստանում մշակված առնվազն 20 բարձր տեխնոլոգիական արտադրանքի անցումը նախատիպավորումից դեպի սերիական արտադրություն և միջազգային շուկա, իսկ Հայաստանում արտադրված բարձր տեխնոլոգիական արտադրանքի տարեկան արտահանման ծավալը հասցվելու է առնվազն 500 մլն ԱՄՆ դոլարի։ Քաղաքականության արդյունավետությունը լրացուցիչ գնահատվելու է ոլորտում ստեղծված տեղական ավելացված արժեքի, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի, մասնավոր R&D ներդրումների, միջազգային հավաստագրում ստացած արտադրանքների, միջազգային եկամուտ ունեցող scale-up ընկերությունների, ներգրավված մասնավոր ներդրումների և հայկական ընկերությունների կողմից գլոբալ մատակարարման շղթաներում կնքված պայմանագրերի ցուցանիշներով։
4. Արհեստական բանականություն
Կառավարությունն ԱԲ–ն դիտարկում է որպես տնտեսական արտադրողականության, պետական կառավարման արդյունավետության, գիտության և ազգային մրցունակության բարձրացման ընդհանուր նշանակության տեխնոլոգիա։ ԱԲ քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու Հայաստանի դիրքի ամրապնդմանը՝ որպես ԱԲ ենթակառուցվածք զարգացնող, հետազոտություն և տեխնոլոգիական լուծումներ ստեղծող, ինչպես նաև դրանք տնտեսության և հանրային կառավարման մեջ լայնորեն կիրառող պետություն՝ ձևավորելով «հաշվարկային հզորություն → տաղանդ → հետազոտություն → կիրառություն → առևտրայնացում» ամբողջական շղթա։
Այս նպատակով՝
1) Ոլորտը համակարգող նախարարության ներքո ստեղծվելու է մասնագիտացված Արհեստական բանականության գրասենյակ, որը համակարգելու է ԱԲ ազգային քաղաքականության իրականացումը, պետական ԱԲ ծրագրերը, հաշվարկային ռեսուրսների հասանելիության մեխանիզմները, ԱԲ էկոհամակարգի զարգացման ծրագրերը և միջազգային համագործակցությունը:
2) Ստեղծվելու է առնվազն մեկ ազգային լաբորատորիա՝ ուղղված ԱԲ ճարտարագիտության և խելացի թվային համակարգերի (AI engineering and Intelligent Digital Systems) և խոր տեխնոլոգիական համակարգերի, նախատիպավորման և ներկառուցված համակարգերի (Deep-Tech Engineering, Prototyping, and Embedded Systems) ուղղություններով R&D աշխատանքների իրականացմանը:
3) Շարունակվելու է «Արհեստական բանականության գործարանների պարտեզ» («Garden of AI Factories») հայեցակարգի իրականացումը՝ Հայաստանում ձևավորելով տարբեր նշանակության և մասշտաբի ԱԲ գործարանների, գերժամանակակից տվյալների կենտրոնների և հաշվողական ենթակառուցվածքների փոխկապակցված էկոհամակարգ: Զարգացվելու են դրանց գործունեության համար անհրաժեշտ էներգետիկ, թվային, կապի և ինժեներական ենթակառուցվածքները՝ ԱԲ հաշվարկային հզորությունների աճը համադրելով երկրի էներգետիկ համակարգի զարգացման հետ, խրախուսվելու է միջազգային և տեղական ներդրողների ներգրավումը, ինչպես նաև ապահովվելու են Հայաստանի գիտության, ստարտափների, արդյունաբերության և հանրային հատվածի համար հաշվարկային հզորությունների հասանելիության մեխանիզմներ:
4) Ձևավորվելու է հայերենի համար ժամանակակից և բաց ԱԲ ենթակառուցվածք՝ որակյալ և իրավաչափ տվյալաշարերի, խոսքի և տեքստի ճանաչման և սինթեզի, լեզվական և բազմալեզու մոդելների, թարգմանական ու այլ լեզվային գործիքների, ինչպես նաև դրանց որակը գնահատող անկախ չափորոշիչների և չափանիշների զարգացմամբ։ Պետական աջակցությամբ ստեղծված տվյալների, մոդելների և գործիքների հասանելիությունը հնարավորության սահմաններում ապահովվելու է գիտական, կրթական և ձեռնարկատիրական օգտագործման համար:
5) Խթանվելու է ԱԲ գործիքների լայն կիրառումը տնտեսությունում՝ առաջնահերթ աջակցելով այն ոլորտներին և ընկերություններին, որտեղ դրանց ներդրումը կարող է ապահովել արտադրողականության, որակի, արտահանման կամ մրցունակության էական աճ:
6) Պարբերաբար գնահատվելու է ԱԲ ազդեցությունը աշխատաշուկայի, մասնագիտությունների և պահանջվող հմտությունների վրա՝ կանխատեսելով առավել արագ փոփոխվող մասնագիտություններն ու հմտությունների պահանջարկը: Գնահատումների հիման վրա ներդրվելու են աշխատողների վերապատրաստման և վերամասնագիտացման, գործատուների համաֆինանսավորմամբ հմտությունների զարգացման, վճարովի պրակտիկայի և աշխատանքի վրա հիմնված ուսուցման ծրագրեր՝ ռեսուրսներն առաջնահերթ ուղղելով այն ոլորտներին, որտեղ ԱԲ-ն առավել էական ազդեցություն է ունենալու աշխատանքի բովանդակության և արտադրողականության վրա:
ԱԲ քաղաքականության արդյունքները գնահատվելու են ինչպես Հայաստանում ստեղծված հաշվարկային ենթակառուցվածքի ծավալով և հասանելիությամբ, այնպես էլ դրա միջոցով ստեղծված տնտեսական, գիտական և հանրային արժեքով: Քաղաքականության արդյունավետությունը լրացուցիչ գնահատվելու է ԱԲ կիրառող ընկերությունների և պետական գործընթացների ընդգրկմամբ, ԱԲ-ի կիրառմամբ ստեղծված եկամտով, արտահանմամբ և արտադրողականության աճով, ԱԲ ոլորտում մասնավոր ներդրումներով, գիտական արդյունքներով և առևտրայնացմամբ, ինչպես նաև Հայաստանում պատրաստվող և ներգրավվող ԱԲ մասնագետների ու հետազոտողների թվով։
ԲԱԺԻՆ 4. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
Կառավարությունը հանձնառու է ապահովելու երկրի տարածական պլանավորումն ու ենթակառուցվածքների զարգացումն այնպես, որ Հայաստանը դառնա անվտանգ, նորարար և մրցունակ խաչմերուկ՝ ապահովելով երկրի ինտեգրումը տարածաշրջանային էներգետիկ, տրանսպորտային և կապի հաղորդակցություններին: Տարածաշրջանի լիարժեք ապաշրջափակումը թույլ է տալու Հայաստանին դիրքավորվել որպես կարևոր օղակ հյուսիսը հարավին և արևմուտքը արևելքին կապելու ճանապարհին: Այս ուղղության բարեփոխումներն առաջնորդվելու են հետևյալ սկզբունքներով՝
● տարածաշրջանային ինտեգրում՝ ապահովելով Հայաստանի տրանսպորտային, էներգետիկ և կապի ենթակառուցվածքների կապակցումը տարածաշրջանային հաղորդակցություններին՝ Հայաստանը դիրքավորելով իբրև լոգիստիկ հանգույց,
● դիվերսիֆիկացում՝ առավելագույնը բացառելով Հայաստանի կախվածությունը որևէ մեկ ենթակառուցվածքից, կապուղուց և մատակարարվող ապրանքների գնից և ծավալից,
● դիմակայունություն և անվտանգություն՝ ապահովելով ենթակառուցվածքների՝ աղետներին և ճգնաժամերին դիմակայելու կարողության բարձրացումը,
● պետություն-մասնավոր գործընկերության առաջմղում՝ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման շրջանակներում ընդլայնելով պետություն-մասնավոր գործընկերության կառուցակարգերի գործադրման պրակտիկան,
● տարածքային համաչափ զարգացում՝ համայնքներին դարձնելով տարածքային տնտեսական և ներդրումային քաղաքականության մշակման ու իրականացման համահեղինակներ՝ տեղական ներուժի և զարգացման առաջնահերթությունների լիարժեք հաշվառմամբ։
Այս նպատակով Կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու՝
● «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը, այդ թվում՝ TRIPP նախաձեռնության առնվազն երկաթուղային և էներգետիկ ենթակառուցվածքների շահագործումը,
● էներգետիկ կապերի և ռեսուրսների դիվերսիֆիկացումը, էներգետիկ վերափոխումը, այդ թվում՝ անցումը մաքուր և ցածր ածխածնային էներգետիկ համակարգերի, դիվերսիֆիկացած աղբյուրների և էներգախնայող տեխնոլոգիաների,
● ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարումը, որի արդյունքում ստեղծվելու են կլիմայի փոփոխություններին ադապտացված, դիմակայուն համակարգի հիմքերը՝ ապահովելով կայուն, անվտանգ և հուսալի ջրամատակարարում և ջրահեռացում,
● թափոնների կառավարումը, որի առաջնահերթ խնդիրն է վերամշակման ենթակառուցվածքի ու մշակույթի զարգացումը,
● համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացումը` որակի վերահսկողության մեխանիզմների ներդրմամբ,
● վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովումը, շրջանային սկզբունքով համայնքների խոշորացման և լիազորությունների ապակենտրոնացման միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների վարչական և ֆինանսական կարողությունների զարգացումը:
Գլուխ 1. Տրանսպորտ
Կառավարության տրանսպորտի ոլորտի քաղաքականության հիմքում է լինելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ ընդգրկված հիմնական ենթակառուցվածքների կառուցումը, վերականգնումն ու արդիականացումը: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակը Հայաստանը տարածաշրջանային և միջազգային լոգիստիկ կապուղիներին ինտեգրելն է։
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները՝
1. Օդային տրանսպորտ
1) Արդիականացվելու են Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանների ենթակառուցվածքները, այդ թվում՝ փոփոխվելու է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, և այն գործարկվելու է որպես ուղևորների սպասարկման համար նոր տերմինալ:
2) Միջազգային օդանավակայանի կարգավիճակ է շնորհվելու Կապանի «Սյունիք» օդանավակայանին:
3) Իրականացվելու են ավիացիոն ոլորտի ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումներ՝ միտված ԵՄ ավիացիոն կանոնակարգերի տեղայնացման և ավիացիոն իշխանությունների կազմակերպաիրավական մոդելի կատարելագործմանը:
4) Ընդլայնվելու է ուղիղ օդային հաղորդակցությունների աշխարհագրությունը, և ավելացվելու են ուղևորային ու բեռնային ավիափոխադրումների ծավալները։
2. Երկաթուղային տրանսպորտ
1) Գործարկվելու է TRIPP ուղու երկաթուղային ենթակառուցվածքը:
2) Վերակառուցվելու և գործարկվելու են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները:
3) Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է։
3. Ավտոմոբիլային և հանրային տրանսպորտ
1) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ներդրվելու է ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր մարզերն ունենալու են որակյալ տրանսպորտային սպասարկում:
2) Արդիականացվելու են ավտոկայարանային համակարգի ենթակառուցվածքները, և ծառայությունները մատուցվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան:
3) Բեռնատար տրանսպորտային միջոցների համար ներդրվելու են ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու ճանապարհային վճարի գանձման և կշռման նոր համակարգեր:
4) Իրականացվելու են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի բարեփոխումներ՝ ԵՄ և միջազգային լավագույն չափորոշիչներին համահունչ:
5) Ապահովվելու է Երևանի տրանսպորտային բարեփոխումների հաջորդ փուլի իրագործումը, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացումը, մետրոպոլիտենի ցանցի ընդլայնումը 2 նոր կայարանի կառուցմամբ («Աջափնյակ» կայարան, «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջանկյալ հատվածում նոր վերգետնյա կայարան), վերգետնյա կանաչ տրանսպորտային ցանցի զարգացումը՝ էլեկտրական շարժակազմին փուլային անցմամբ (առաջին փուլով առնվազն 250 նոր էլեկտրաբուսների ներդրմամբ) և առանձնացված երթուղային միջանցքների ձևավորմամբ, 6 նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցումը:
6) «Խելացի քաղաքի» հայեցակարգի շրջանակում ներդրվելու են տրանսպորտային առաջադեմ համակարգեր և ենթակառուցվածքներ՝ ապահովելով երթևեկության իրական ժամանակում վերլուծության ու կառավարման ամբողջական էկոհամակարգի գործարկումը՝ մեկնարկելով Երևանից:
7) Սահմանվելու են հին տարեթվի տրանսպորտային միջոցների համար կիրառվող չափանիշներ՝ ապահովելով սահմանված չափանիշները չբավարարող տրանսպորտային միջոցների շրջանառությունից փուլային դուրսբերումը, զուգահեռ ձևավորելով ավտոպարկի արդիականացման պետական խրախուսման մեխանիզմներ ճանապարհային անվտանգության բարձրացման նպատակով:
8) Ճանապարհային անվտանգությունը ապահովելու և արտաքին առևտուրը խթանելու նպատակով ներդրվելու է բեռների շարժի հետագծելիության թվային համակարգ:
9) Ներդրվելու է տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման համարանիշերի տրամադրման և վարորդական իրավունքի ստացման ծառայությունների մատուցման նոր մոդել՝ պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքով։
4. Լոգիստիկ այլ ենթակառուցվածքներ
1) Իրականացվելու է փոստային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացում և «Հայփոստ» ՓԲԸ-ի վերափոխում՝ կառավարման առավել արդյունավետ մոդելի ընտրության, ծառայությունների ամբողջական թվայնացման, գործառնական և ֆինանսական արդյունավետության բարձրացման, փոստային կապի ունիվերսալ ծառայության որակի, հասանելիության և մատչելիության ապահովման, ինչպես նաև Հայաստանի՝ որպես տարածաշրջանային էլեկտրոնային առևտրի և անդրսահմանային լոգիստիկայի հանգույցի կարողությունների զարգացման միջոցով։
2) Իրականացվելու են սահմանային անցակետերի կառուցման և արդիականացման աշխատանքներ, մասնավորապես՝ Մեղրիի և Բագրատաշենի կետերի վերակառուցում, Մարգարայի ընդլայնում, Ախուրիկի ու Երասխի կետերի և Երևանի ու Սյունիքի լոգիստիկ կենտրոնների կառուցում:
5. Ճանապարհներ
1) Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի որակի և անվտանգության շարունակական բարելավման նպատակով արդիականացվելու և վերականգնվելու են 2500 կմ պետական նշանակության ճանապարհներ և տրանսպորտային օբյեկտներ (այդ թվում՝ 40 կամուրջ, Պուշկինի և Դիլիջանի թունելները)։ Միջազգային բեռնափոխադրումները խթանելու նպատակով մեկնարկելու են «Խաղաղության խաչմերուկի» ճանապարհային տարանցիկ 2 երթուղու՝ Հայաստանի սահման (Թուրքիա) – Ախուրիկ – Գյումրի – Վանաձոր – Դիլիջան – Իջևան – Կայան – Հայաստանի սահման (Ադրբեջան) և Հայաստանի սահման (Թուրքիա) – Մարգարա –Աշտարակ – Աբովյան – Սևան – Դիլիջան – Իջևան – Կայան – Հայաստանի սահման (Ադրբեջան) ճանապարհահատվածների վերակառուցման և արդիականացման աշխատանքները՝ առաջնահերթություն տալով Գյումրին և այլ բնակավայրերը շրջանցող ճանապարհահատվածների նախագծմանն ու կառուցմանը:
1) Սահմանային ենթակառուցվածքների զարգացման նպատակով կառուցվելու և շահագործման են հանձնվելու Մարգարայի և Մեղրիի կամուրջները:
2) Շարունակվելու է Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը, այդ թվում՝
● Ավարտվելու են Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները:
● Կառուցվելու է Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատվածը:
● Քաջարանի և Բարգուշատի թունելների կառուցման ծրագրերը մտնելու են ավարտական փուլ:
● Իրականացվելու են Արտաշատ-Սիսիան շուրջ 165 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի նախագծման աշխատանքները, և 2 ենթահատվածում մեկնարկելու է շինարարությունը:
3) Ապահովվելու է Երևանի առաջնահերթ նշանակություն ունեցող քաղաքային նոր ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ առնվազն 5 ներդրումային ծրագրի մեկնարկը կամ իրագործումը:
4) Ներդրվելու են ԵՄ կանոնակարգերին համապատասխանող՝ ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության և միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների որակի բարելավման, ճանապարհների սպասարկման և պահպանման ժամանակակից համակարգեր:
5) Իրականացվելու է ճանապարհների դիմակայունությունը բարձրացնող 14 միջոցառում 6 միջպետական և 2 հանրապետական նշանակության ճանապարհներում՝ ուղղված քարաթափումներից, սողանքներից, գետերի վարարումներից առաջացող կլիմայական ռիսկերի կանխարգելմանն ու նվազեցմանը:
6) Իրականացվելու է շուրջ 1400 կմ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության գնահատում և վարկանիշավորում:
7) Իրականացվելու է շուրջ 750 կմ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության աուդիտ:
8) Վերացվելու են 40 «սև կետեր»՝ բարձրացնելով ճանապարհների անվտանգությունը:
9) Իրականացվելու է Արտանիշ–Նորատուս կամրջի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, և ապահովվելու է հետագա ընթացքը:
10) Ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական ճանապարհներին ներդրվելու է երթևեկության կառավարման խելացի տրանսպորտային համակարգ։
Գլուխ 2. Էներգետիկա
Էներգետիկ համակարգում Կառավարության բարեփոխումների թիրախն էներգետիկ անվտանգության ապահովումն է և կայուն ու մրցունակ էներգետիկ համակարգի ստեղծումը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Հայաստանը ինտեգրելով տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքներին և շուկաներին: Դիվերսիֆիկացվելու են էներգիայի աղբյուրները՝ զարգացնելով ատոմային, գազային, հիդրո, արևային և այլ վերականգնվող էներգետիկ հզորությունները՝ ներառյալ կանաչ ջրածնի ներուժը։ Մեկնարկելու է Հայաստանի էներգետիկ վերափոխումը։
Այս ուղղությամբ գերակա անելիքներն են՝
1) Իրականացվելու են էլեկտրաէներգետիկական համակարգի օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ նպաստելով էներգետիկ ոլորտի դիմակայունությանը, շուկայի ազատականացմանն ու մրցակցության բարձրացմանը:
2) Զարգացվելու է վերականգնվող էներգետիկան՝ մինչև 2040 թվականն արևային և հողմային էներգետիկայի հզորությունը 2000 ՄՎտ հասցնելու նպատակադրմամբ:
3) Էներգետիկ համակարգի ճկունությունն ու կայունությունն ապահովելու նպատակով ներդրվելու են ժամանակակից պահեստավորման կայաններ՝ մինչև 2031 թվականը կուտակիչ կայանների առնվազն 800 ՄՎտ հզորություն ունենալու նպատակադրմամբ:
4) նվազեցմանը և արդյունավետության բարձրացմանը կենցաղային,Իրականացվելու են էներգաարդյունավետության ծրագրեր՝ ուղղված սպառման արդյունաբերական ու կոմերցիոն ոլորտներում, այդ թվում՝ շենքերի և քաղաքաշինական ստանդարտների բարելավմամբ:
5) Ամբողջական իրականացվելու է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի` 2026-2036 թվականների երկարացման ծրագիրը:
6) Մեկնարկելու է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը՝ մինչև 2027 թվականի ավարտն իրականացնելով առնվազն էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրությունը:
7) Տարածաշրջանային էներգետիկ ցանցերին ինտեգրման նպատակով իրականացվելու է տեղական ցանցերի արդիականացում՝ ներմուծման, արտահանման, ներքին վաճառքի և տարանցման հնարավորությունների ընդլայնմամբ: Շահագործման է հանձնվելու Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա օդային գծի և «Նորավան» 400/220/20 կՎ լարման ենթակայանը: Մեկնարկելու են Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման օդային գծի և 400 կՎ լարման «Այրում» ու «Դդմաշեն» ենթակայանների կառուցման աշխատանքները:
8) Խթանվելու են Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև լայն տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նոր էներգետիկ կապուղիների ընդլայնման նպատակով:
Գլուխ 3. Կապ
Կառավարությունը ջանքեր է գործադրելու ժամանակակից, անվտանգ և հասանելի կապի ու հաղորդակցության համակարգերի զարգացման և տարածաշրջանային ենթակառուցվածքներին ինտեգրման ուղղությամբ: Հաշվի առնելով, որ կայուն օպտիկամանրաթելային կապի զարգացումը տնտեսության թվային վերափոխման կարևոր նախապայման է՝
1) Աշխատանքներ են տարվելու Հայաստան մտնող, ինչպես նաև տարանցիկ միջազգային հեռահաղորդակցական կապուղիների քանակի ավելացման, թողունակության աճի, աշխարհագրական բազմազանության և նոր օպտիկամանրաթելային մալուխագծերի ստեղծման ուղղությամբ՝ ապահովելով կապի դիվերսիֆիկացում և ցանցի դիմակայունություն:
2) Ապահովվելու է հանրապետության բոլոր բնակավայրերում ամրակցված լայնաշերտ օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիությունը:
3) Շարունակվելու են նոր սերնդի շարժական լայնաշերտ կապի տեխնոլոգիաների ներդրումն ու ծածկույթի ընդլայնումը. 5G տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթը հասանելի է լինելու բոլոր քաղաքային բնակավայրերում՝ յուրաքանչյուրի վարչական տարածքի առնվազն 60%–ում: Միաժամանակ, ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների՝ ներառյալ նոր կառուցվող ճանապարհների, ընդհանուր երկարության առնվազն 98%-ում ապահովվելու է շարժական լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ, որից առնվազն 10%-ը՝ 5G տեխնոլոգիայով։
4) Ստեղծվելու են անհրաժեշտ պայմանները գերարագ արբանյակային լայնաշերտ ինտերնետային կապի ծառայությունների ներդրման և զարգացման համար:
Գլուխ 4. Ջրային ռեսուրսներ և համակարգեր
Կառավարությունը հանձնառու է իրականացնելու ջրային ռեսուրսների կայուն և արդյունավետ կառավարում՝ ապահովելով ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի բարձր հուսալիություն և հասանելիություն: Համակարգի զարգացման հեռանկարն այն է, որ օգտագործված ամբողջ ջուրը մինչև բնական միջավայր վերադարձվելը կամ ջրային համակարգ կրկին մուտք գործելը ենթարկվի պատշաճ մաքրման և անվտանգության չափանիշներին համապատասխան վերամշակման։
Այս ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունքում՝
1) Բարելավվելու է խմելու ջրամատակարարման համակարգի կառավարումը՝ տվյալ ոլորտում միջազգային մեծ փորձով և բարձր հեղինակությամբ կազմակերպության հետ երկարաժամկետ նոր պայմանագրի հաստատմամբ:
2) Հանրապետության ողջ տարածքում բարելավվելու են ջրի որակը և ջրամատակարարման միջին տևողությունը. կառուցվելու է «Սոլակ-Արզական- Երևան» ջրամատակարարման համակարգը, ուսումնասիրվելու և ներգրավվելու են նոր ջրաղբյուրներ:
3) Կապիտալ հիմնանորոգվելու են խմելու ջրամատակարարման առավել վթարային համակարգերը և բաշխիչ ցանցերը, կառուցվելու և վերակառուցվելու են ջրամատակարարման այլ համակարգեր, ինչի արդյունքում 2025 թվականի նկատմամբ ջրակորուստները կրճատվելու են առնվազն 50 մլն խմ–ով:
4) Ներդրվելու են տարբերակված սակագներ, այդ թվում` նպաստելով տեխնիկական նպատակներով խմելու ջրի օգտագործման սահմանափակմանը և տնտեսական և այլ գործունեության համար խմելու ջրին այլընտրանքային լուծումների կիրառությանը:
5) Արդիականացվելու են Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների և հարակից բնակավայրերի կեղտաջրերի հավաքման, հեռացման, ինչպես նաև գոյություն ունեցող մեխանիկական մաքրման կայանները, ավելացվելու են կենսաբանական մաքրման համակարգերը: Մշակվելու են hանրապետության բոլոր բնակավայրերում կեղտաջրերի կառավարման մոդելները՝ շրջակա միջավայր վերադարձվող ջրերի մաքրման աստիճանը սահմանված ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով:
6) Արդիականացվելու են ոռոգման համակարգերը, այդ թվում՝ «Մխչյան» և «Ռանչպար» պոմպակայանները և դրանցով սպասարկող ոռոգման ենթակառուցվածքը: Ոռոգման հնարավորություն է ստեղծվելու 10 հազար հեկտար նոր հողատարածքների համար:
7) Սահմանափակվելու է Սևանից ոռոգման նպատակով ջրի օգտագործումը` յուրաքանչյուր տարի 5 մլն խմ-ով:
8) Բարելավվելու է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման ինստիտուցիոնալ միջավայրը, այդ թվում` ապահովելով համակարգի ամբողջական թվայնացում, կարգավորող օրենսդրության և ջրային ռեսուրսների կառավարման մոտարկում միջազգային լավագույն ստանդարտներին:
Գլուխ 5. Քաղաքաշինություն և տարածական պլանավորում
Քաղաքաշինության և տարածական պլանավորման ոլորտում Կառավարության նպատակն է լինելու անվտանգ, մարդակենտրոն, ներառական և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու բնակավայրերի ձևավորումը՝ ապահովելով հավասարակշռված տարածքային զարգացում, որակյալ հանրային տարածքներ և դիմակայուն ենթակառուցվածքներ։ Քաղաքաշինական քաղաքականությունը պետք է նպաստի նաև պատմամշակութային ժառանգության պահպանմանը, համայնքների տնտեսական ակտիվացմանը և քաղաքացիների կյանքի որակի շարունակական բարձրացմանը:
Այս նպատակների իրագործման համար՝
1) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի շրջանակում զարգացվելու է Ազգային գեոպորտալը՝ ապահովելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հասանելիությունը միասնական, արդիական և հավաստի տարածական տվյալներին: Գեոպորտալում բազային և թեմատիկ շերտերի հիման վրա ներդրվելու են բաց հասանելի վերլուծական գործիքներ՝ տարածքների, ենթակառուցվածքների, բնական ռեսուրսների և ռիսկերի տվյալահենք պլանավորման, մշտադիտարկման և որոշումների կայացման համար:
2) Քաղաքաշինական նորմերը և չափորոշիչները ներդաշնակեցվելու են ԵՄ նորմերին, և սահմանվելու են շինարարության (ներառյալ ճանապարհաշինության) նոր չափորոշիչներ:
3) Գործարկվելու է շինարարության որակի տեխնիկական հսկողության թվային համակարգը, քաղաքաշինական թույլտվություններին վերաբերող բոլոր ծառայությունները ամբողջապես թվայնացվելու են, և ապահովվելու է ամբողջական տվյալների ինտեգրում գեոպորտալին՝ նախագծումից մինչև շինարարության ավարտ ու շահագործում:
4) Հաստատվելու է Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագիծը՝ այն ամբողջությամբ ինտեգրելով գեոպորտալին:
5) Բարեփոխվելու է անշարժ գույքի գրանցման համակարգը, որի արդյունքում հողամասերի և շենք-շինությունների պետական գրանցումն իրականացվելու է մեկ անգամ՝ դրանց նկատմամբ առաջին անգամ պետական գրանցման ժամանակ. հետագայում գրանցված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոխանցման, փոփոխման կամ դադարման վերաբերյալ տվյալները հաշվառվելու և արտացոլվելու են միասնական ու ինտեգրված տվյալների շտեմարաններում՝ առանց նոր պետական գրանցման իրականացման:
6) Արդիականացվելու է Երևանի Կոնդ թաղամասի քաղաքաշինական միջավայրը:
7) Ավարտին է հասցվելու «Հին Երևան» և 33-րդ թաղամասերի քաղաքաշինական միջավայրի ձևավորումը:
8) Իրականացվելու է Երևանի «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական ներդրումային ծրագիրը:
9) Մեկնարկելու է Նորագյուղի «Դաունթաուն Երևան» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը:
10) Իրականացվելու են Դալմայի քաղաքային անտառի, Հրազդանի կիրճի և Նորք– Մարաշի կանաչ գոտիների ստեղծման ծրագրերը:
11) Հաստատվելու է Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագիծը, որի իրականացումը նպաստելու է տարածքի կանոնակարգված զարգացմանը և ներդրումների խթանմանը:
12) Մեկնարկելու է բնակարանային ֆոնդի փուլային ռենովացիայի (ներառյալ բնակֆոնդի թարմացումը և էներգաարդյունավետության բարձրացումը) և շենքերի տանիքները կանաչ (շնչող) տանիքների վերափոխման ծրագիրը. որոշվելու են դրանց իրագործման և մասնավոր ներդրողների ներգրավման մոդելները։
Գլուխ 6. Թափոնների կառավարում
Կառավարությունը հանձնառու է երկրում ներդնելու կոշտ կենցաղային թափոնների կառավարման արդյունավետ համակարգ, որը կընդգրկի ամբողջական շղթան՝ աղբահանությունից մինչև վերամշակում:
Այս նպատակով՝
1) Ներդրվելու է հանրապետության ողջ տարածքում աղբահանության և կոշտ կենցաղային թափոնների կառավարման ինտեգրված համակարգ` ԵՄ չափանիշներին համապատասխան գոյացող թափոնների պատշաճ հավաքմամբ ու հեռացմամբ:
2) Մեծացվելու է վերամշակվող թափոնների մասնաբաժնի հարաբերակցությունը գոյացող թափոնների նկատմամբ. ի թիվս այլ միջոցառումների՝ իրականացվելու են վարքաբանական փոփոխություն խթանող արշավներ և տեսակավորված հավաքման ծրագրեր:
3) Կառուցվելու է առնվազն մեկ նոր սանիտարական աղբավայր:
ԲԱԺԻՆ 5. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
Ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը պետության և հասարակության առաջընթացի համար անկյունաքարային է։ Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը յուրաքանչյուր քաղաքացու և բիզնեսի իրավունքների և շահերի պաշտպանության, ձայնը լսելի դարձնելու և հանրային իշխանության մարմինների լեգիտիմությունը բարձրացնելու նախապայման է։ Միաժամանակ, ժողովրդավարությունը և դատաիրավական բարեփոխումները Հայաստանի Հանրապետության համար ունեն քաղաքակրթական, անվտանգային ու տնտեսական նշանակություն։ Հետևապես, այս ուղղությամբ Կառավարության հանձնառությունն է ձևավորել անկախ, անաչառ, հաշվետու, մարդու իրավունքների հարգման և պաշտպանության վրա հիմնված և հանրային վստահություն վայելող արդարադատության համակարգ, որը յուրաքանչյուր անձի համար երաշխավորում է արդար, մատչելի, կանխատեսելի և ժամանակին իրականացվող արդարադատություն և կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն։
Բարեփոխումներն առաջնորդվելու են հետևյալ առանցքային սկզբունքներով՝
● իրավունքի գերակայություն՝ ապահովելով յուրաքանչյուրի հավասարությունը օրենքի առջև,
● բարեվարքություն, որի ամրապնդումը հանրային ծառայողների շրջանում կբացառի կոռուպցիոն ցանկացած դրսևորում,
● անկախություն և անաչառություն, որը կապահովի դատաիրավական համակարգի գործունեությունը` առանց արտաքին ազդեցության,
● «թվայինն առաջնահերթ» սկզբունք՝ երաշխավորելով ծառայությունների ու գործընթացների մատուցումը` առանց անձանց ֆիզիկական ու վարչարարական միջամտությունների։
Հաշվի առնելով արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահության ամրապնդման հրամայականը՝ առաջնահերթ բարեփոխումներն են լինելու՝
● նոր Սահմանադրության ընդունումը,
● արդարադատության համակարգի ծառայությունների թվայնացումը,
● դատական համակարգի արդյունավետության բարձրացումը,
● հարկադիր կատարման արդյունավետության բարձրացումը,
● բռնագանձված ակտիվների արդյունավետ և թափանցիկ կառավարումը:
Գլուխ 1. Նոր Սահմանադրության ընդունում
Նոր Սահմանադրության ընդունումը նպատակ ունի հաստատելու իրավակարգի հանրային և քաղաքական լիարժեք լեգիտիմություն՝ այն դարձնելով ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունք, և ուղղված է պետության, հասարակության, քաղաքացիների միջև «պայմանագրի» ձևավորմանը, որտեղ իշխանությունը ենթակա է հանրային վերահսկողության, հաշվետվողականության և գործում է հանրային շահի գերակայությամբ, իսկ քաղաքացիները երկրում հաստատված իրավակարգը համարում են իրենց պայմանավորվածության արտահայտություն։ Նոր Սահմանադրությունը պետք է դառնա ոչ միայն իրավական փաստաթուղթ, այլև Հայաստանի ժողովրդի միասնական քաղաքական պայմանավորվածությունը` պետության ապագայի, ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների շուրջ։ Պետության գլխավոր նպատակը անկախ, խաղաղ, անվտանգ, զարգացած և բարեկեցիկ Հայաստանի պահպանումն ու փոխանցումն է ապագա սերունդներին։
Նոր Սահմանադրության նպատակն է ամրապնդել պետությունը և ժողովրդի իշխանությունը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, իշխանությունների տարանջատման, փոխզսպումների և հակակշիռների համակարգը, ինչպես նաև ապահովել պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետության, հաշվետվողականության և թափանցիկության մեծացումը։ Նոր Սահմանադրությունը պետք է նպաստի իրավական պետության կայացմանը, ժողովրդավարության և հանրային վստահության խորացմանը և պետության երկարաժամկետ կայուն զարգացմանը։ Արդարադատությունը, դատական համակարգը պետք է ավելի մոտ դառնան հանրային իշխանությունը կրողին՝ ժողովրդին, հատկապես դատական իշխանության անկախության մեծացման և դրա նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու միջոցով։
Նոր Սահմանադրության նախագիծը վերջնականացվելու և ներկայացվելու է հանրային և մասնագիտական քննարկման, և քայլեր են ձեռնարկվելու այն հանրաքվեի դնելու համար։
Գլուխ 2. Ընտրական համակարգի բարեփոխումներ
Ընտրական համակարգի բարեփոխումները նպաստելու են ընտրելու և ընտրվելու իրավունքի երաշխավորված պաշտպանությանը՝ ապահովելով ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի անխաթարությունը։
Այս ուղղությամբ՝
1) Հստակեցվելու են կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցության պայմանները՝ ընտրություններից անմիջապես առաջ վերակազմակերպված կամ անվանափոխված կուսակցությունների համար։
2) Սահմանվելու են կուսակցությունների կազմում անկուսակցական անձանց ընտրական իրավունքի երաշխավորման առավել լավ մեխանիզմներ:
3) Ընդլայնվելու է կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը:
4) Նախատեսվելու են պատասխանատվության միջոցներ ընտրողի ազատ կամարտահայտումը խաթարող գործունեության կամ արգելված օտարերկրյա ֆինանսավորման դեպքերում։
Գլուխ 3. Քաղաքացիության ինստիտուտի վերարժևորում
Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտի համալիր վերանայում՝ նպատակ ունենալով վերարժևորելու քաղաքացիությունը` որպես անձի և պետության միջև կայուն իրավական և արժեքահենք կապ, և վերականգնելու այս ինստիտուտի բովանդակային նշանակությունը։ Մոտեցումը լինելու է փոխակերպումը՝ մեխանիկորեն տրամադրվող իրավական կարգավիճակից դեպի Հայաստանի Հանրապետության հետ իրական և գիտակցված պատկանելության, ինտեգրվածության և պետության նկատմամբ փոխադարձ իրավունքների ու պարտականությունների վրա հիմնված կապի մոդել։
Մասնավորապես՝ վերանայվելու է ազգությամբ հայ լինելու հանգամանքի հաստատման գործիքակազմը քաղաքացիության ձեռքբերման գործընթացում, քաղաքացիություն ստանալու հնարավորությունը ձևավորվելու է ռեզիդենտության ցենզի սահմանմամբ, այդ թվում՝ ազգությամբ հայերի համար՝ երաշխավորելով արժեքահենք ինստիտուտ՝ «Հայաստանի Հանրապետությունը՝ սուբյեկտի կենսական շահերի կենտրոն» սկզբունքով։
Գլուխ 4. Մարդու իրավունքների պաշտպանություն
Պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը, հավասարությունը, խտրականության բացառումը և անձնական կյանքի ու անձնական տվյալների պաշտպանության պատշաճ երաշխավորումը։ Այս ուղղությամբ իրականացվող բարեփոխումները միտված են լինելու իրավական և ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործմանը, միջազգային չափանիշներին համապատասխան արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև մարդու իրավունքների կրթության զարգացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը, հանրային իրազեկվածության և հանդուրժողականության բարձրացմանը։
Ի թիվս այլնի՝ Կառավարության քայլերի արդյունքում՝
1) Ձևավորվելու է խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության արդյունավետ ազգային իրավական և ինստիտուցիոնալ համակարգ, այդ թվում՝ ընդունվելու է համապարփակ օրենսդրություն, և ստեղծվելու է իրավահավասարության հարցերով մարմին:
2) Իրականացվելու է բռնության մշակույթի, այդ թվում՝ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի կառուցակարգերի և համակարգի ուժեղացում, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների միջոցով:
3) Ձևավորվելու է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան՝ անձնական տվյալների պաշտպանության արդյունավետ ազգային իրավական և ինստիտուցիոնալ համակարգ, ինչպես նաև անկախության պատշաճ երաշխիքներով օժտված՝ անձնական տվյալների պաշտպանության նոր ինքնավար մարմին, որը գործունեության հետագա փուլերում կօժտվի նաև տեղեկատվության ազատության իրավունքի երաշխավորման գործառույթով:
Գլուխ 5. Դատական համակարգի անկախության և արդյունավետության ամրապնդում
Դատական համակարգի բարեփոխումների առանցքում է իրավունքի գերակայության ամրապնդումը, որպեսզի քաղաքացին, բիզնեսը և պետությունը հավասարապես վստահեն դատարանների որոշումների օրինականությանը, մասնագիտական որակին և անաչառությանը։
Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման համատեքստում՝
1) Դատական համակարգի անկախության ամրապնդման նպատակով կատարելագործվելու են դատավորների կրթության, ընտրության, նշանակման, գնահատման, առաջխաղացման և պատասխանատվության ընթացակարգերը:
2) Դատական ընթացակարգերն ամբողջությամբ թվայնացվելու են միասնական թվային համակարգի ներդրմամբ, որը կենտրոնացնելու է բոլոր դատավարությունների կառավարումը՝ փոխարինելով ներկայիս մասնատված համակարգերին:
3) Անձանց դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացման նպատակով շարունակաբար ներդրվելու են դատարաններում գործերի արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննության մեխանիզմներ, որոնք նպաստելու են դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, ինչպես նաև ապահովելու են արդյունավետ դատական քննության իրականացումը:
4) Դատարանների բնականոն գործունեության, մատչելիության և արդարադատության իրականացման պատշաճ պայմանների ապահովման նպատակով մշակվելու են դատարանների շենքային և նյութատեխնիկական ապահովման միասնական ստանդարտներ, և փուլային եղանակով ապահովվելու է դրանց ներդրումը:
5) Բարելավվելու է փորձագիտական գործունեության ոլորտը՝ միասնական օրենսդրության մշակման, փորձագետների որակավորման և փորձաքննությունների իրականացման չափանիշների ներդրման, փորձագիտական հաստատությունների կարողությունների՝ միջազգային չափանիշներին համընթաց զարգացման միջոցով:
6) Ապահովվելու է դատաիրավական համակարգի մասնագիտական կարողությունների և Արդարադատության ակադեմիայի համապարփակ զարգացումը՝ հետազոտական և վերլուծական կենտրոնի ստեղծման, կրթական ծրագրերի շարունակական արդիականացման միջոցով։
Գլուխ 6. Քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարումն ապահովող համակարգի բարեփոխումներ
Քրեական արդարադատության համակարգը պետք է լինի ոչ թե պատժող, այլ վերականգնող և մարդակենտրոն։ Դրա զարգացումը հիմնված է լինելու համաչափության, անհատականացման, վերականգնողական արդարադատության, քրեակատարողական համակարգի արդյունավետության բարձրացման, պրոբացիայի արդյունավետ կիրառման և կրկնահանցագործության կանխարգելման սկզբունքների վրա՝ նպաստելով անձի վերաինտեգրմանը հասարակություն և հանրային անվտանգության ապահովմանը։
Այս ուղղությամբ Կառավարությունը ձեռնամուխ է լինելու հետևյալ բարեփոխումների իրականացմանը՝
1) Շարունակվելու են քրեակատարողական համակարգի բարեփոխումները` վերասոցիալականացման և անհատականացման սկզբունքի վրա հիմնված պատժի կատարման նոր մոդելի ներդրումը (դատապարտյալների անհատական կարիքներին համապատասխան կրթական, մասնագիտական, աշխատանքային ծրագրերի հասանելիության ապահովում) և անվտանգության համակարգերի զարգացումը: Ապահովվելու է քրեակատարողական համակարգի ամբողջական թվայնացումը և տվյալահենք կառավարումը e-penitentiary համակարգի միջոցով:
2) Ընդլայնվելու է պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կիրառումը՝ որպես հասցեական վերասոցիալականացման գործիք:
3) Ուժեղացվելու է քրեական ենթամշակույթի դեմ համակարգային և հետևողական պայքարը՝ դրա կանխարգելման, քրեակատարողական հիմնարկներում և պրոբացիայի համակարգում ազդեցության նվազեցման, ինչպես նաև կրթական, իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների համակցված ու արդյունավետ կիրառման միջոցով: Իրականացվելու են օրինապահ վարքագծի ձևավորմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ՝ ապահովելով դրանցում շահառուների ընդգրկվածության ընդլայնում և քրեական ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորում:
4) Քրեակատարողական համակարգի արդյունավետության, անվտանգության և պահման պատշաճ պայմանների ապահովման նպատակով նախատեսվելու է ժամանակակից, միջազգային պահանջներին համապատասխան, շենքային և անվտանգային համակարգերով համալրված նոր քրեակատարողական հիմնարկի կառուցում:
5) Վերանայվելու են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործառույթները՝ դիտարկելով նաև մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև արդիականացվելու է այդ վարույթների իրականացման մեթոդաբանությունը, ինչն էլ թույլ կտա հարկադիր կատարողներին կենտրոնանալ առավել բարդ ու առանցքային գործընթացների վրա:
6) Իրականացվելու է պրոբացիայի համակարգի համապարփակ բարեփոխում՝ ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, շահառուների կրթության և զբաղվածության խթանման և էլեկտրոնային վերահսկողության տեխնոլոգիաների շարունակական արդիականացման միջոցով։ Բարեփոխումներն ուղեկցվելու են ընթացակարգերի ամբողջական թվայնացմամբ, արհեստական բանականության վրա հիմնված ռիսկերի և կարիքների գնահատման համակարգի և տվյալահենք կառավարման ներդրմամբ:
Գլուխ 7. Վեճերի լուծման արտադատական եղանակների ընդլայնում
Կարևոր է նաև Հայաստանում զարգացնել վեճերն առանց դատարաններ դիմելու, առավել ճկուն մեխանիզմների միջոցով լուծելու մշակույթը: Նման բարեփոխումները ոչ միայն կապահովեն դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը, այլև կողմերին հնարավորություն կտան վեճերը լուծելու առավել արագ, ճկուն և նվազ ծախսատար գործընթացների միջոցով:
Այս ուղղությամբ ապահովվելու են հետևյալ բարեփոխումները՝
1) Զարգացվելու է արբիտրաժի և հաշտարարության համակարգը, այդ թվում՝ դրանց վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման և կիրառության ընդլայնման միջոցով: Շարունակվելու է նաև աջակցությունը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությանը՝ ապահովելով դրա ֆինանսական կայունությունը և ձևավորումը՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման վստահելի հարթակի: Հաշտարարության խրախուսման նպատակով ընդլայնվելու է պարտադիր հաշտարարության շրջանակը՝ ներառելով նաև աշխատանքային և, ըստ անհրաժեշտության, այլ իրավահարաբերություններից բխող վեճերը: Միևնույն ժամանակ, բարեփոխումների պատշաճ իրականացումը երաշխավորելու նպատակով կանոնակարգվելու է արբիտրաժային ու հաշտարարական հաստատությունների գործունեությունը, ինչը նպաստելու է այս ոլորտներում պատշաճ գործունեության ստանդարտների ներդրմանը և կիրառմանը:
2) Զարգացվելու են վարչարարության արտադատական կարգով բողոքարկման միջոցները, ի թիվս այլնի՝ բողոքարկման մարմինների ստեղծման միջոցով, ինչը կնպաստի, որ վարչական մարմինների հետ վեճերը լուծվեն հնարավորինս առանց դատական միջամտության՝ դրանով նպաստելով նաև վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացմանը: Այս կապակցությամբ, բացի բուն արտադատական մեխանիզմների նախատեսումից, հատուկ ուշադրություն է դարձվելու նաև վարչական իրավախախտումների ոլորտի օրենսդրության շարունակական բարեփոխմանը։
Գլուխ 8. Արդարադատության և դատական համակարգի թվայնացում
Արդարադատության ծառայությունների թվայնացումը միտված է ապահովելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը՝ ներդնելով կոռուպցիայի կանխարգելմանը միտված, ժամանակի պահանջներին համահունչ և միջազգային ստանդարտներին համապատասխանող թվային գործիքակազմ:
Այս ուղղությամբ ապահովվելու են հետևյալ բարեփոխումները՝
1) Ամբողջապես թվայնացվելու են արդարադատության՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ հանրային ծառայությունների օպտիմալացման և պետական մակարդակի առանցքային շտեմարանների ստեղծման միջոցով: Իրականացվելու են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և նոտարական համակարգի ամբողջական թվայնացման և արդիականացման նախագծեր: Ծառայությունների արդյունավետության բարձրացման, սպասարկման ժամկետների կրճատման և տվյալների անվտանգ շրջանառության նպատակով համակարգում ներդրվելու է նաև ԱԲ գործիքակազմ:
2) Բարելավվելու են, այդ թվում՝ թվայնացվելու են արխիվային գործին առնչվող գործընթացները, ինչը նախատեսում է «Ազգային հիշողության կենտրոն» բարեփոխման իրականացում, դրա լիարժեք թվային արդիականացում՝ ԱԲ ինտեգրմամբ, ինչպես նաև միջազգային առաջատար ստանդարտների ներդրում: Այս համապարփակ տրանսֆորմացիան թույլ է տալու մեր պատմական բովանդակությունը պարզապես պահպանվող նյութից վերածել բարձրարժեք թվային ակտիվի, որը հասանելի կլինի միջազգային գիտական համայնքին ու ստեղծարար տնտեսությանը:
Գլուխ 9. Հակակոռուպցիոն քաղաքականություն
Հակակոռուպցիոն քաղաքականությունն ուղղված է լինելու ամբողջական և կայուն հակակոռուպցիոն համակարգի ձևավորմանն ու շարունակական զարգացմանը՝ ապահովելով ոչ միայն կոռուպցիոն բնույթի իրավախախտումների արդյունավետ բացահայտումը, քննությունն ու պատասխանատվության արդյունավետ գործիքակազմերի առկայությունը, այլև օրենսդրական կարգավորումների լավարկման միջոցով կոռուպցիոն ռիսկերի, կոռուպցիայի պատճառների, խթանների և հնարավորությունների համակարգային նվազեցումը։
Այս ուղղությամբ Կառավարությունը ձեռնամուխ է լինելու հետևյալ բարեփոխումների իրականացմանը՝
1) Զարգացվելու է կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման մասին համապարփակ օրենքի ընդունման միջոցով, որում կենտրոնացվելու են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար բարեվարքության համակարգի տարրերի միասնական կիրառման ու կառավարման մեխանիզմները:
2) Իրականացվելու է իրավական ակտերի նախագծերի կոռուպցիոն ռիսկերի պարբերական գնահատում՝ բացահայտելով և վերացնելով չարաշահումների հնարավորությունները: Ընթացակարգերը թվայնացվելու և ավտոմատացվելու են՝ ապահովելով թափանցիկություն, հետագծելիություն և հնարավորինս սահմանափակելով պաշտոնատար անձանց ու քաղաքացիների անմիջական շփումը:
3) Բարձրացվելու է կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական և դատական քննության արդյունավետությունը՝ հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և կոռուպցիոն գործեր քննող դատավորների, դատախազների և քննիչների մասնագիտական հմտությունների զարգացման միջոցով:
4) Կատարելագործվելու է ազդարարների պաշտպանության համակարգը: Ազդարարման համակարգի բարեփոխումները, ազդարարների պաշտպանության արդյունավետ իրականացումը խթան են հանդիսանալու պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար՝ միաժամանակ նպաստելով ազդարարումների թվի աճին:
5) Իրականացվելու է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձված գույքի արդյունավետ կառավարում՝ ձևավորելով բռնագանձված ակտիվների կառավարման մարմին և ներդնելով այդ ակտիվների կառավարման թափանցիկության և հաշվետվողականության արդյունավետ մեխանիզմներ՝ օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:
6) Ապահովվելու է միջազգային հակակոռուպցիոն գնահատման և վարկանիշային համակարգերում Հայաստանի արդյունքների բարելավում: Իրականացվելու են նաև հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ՝ բարեվարքության արժեքների տարածման, հակակոռուպցիոն վարքագծի խթանման և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ամրապնդման նպատակով։
ԲԱԺԻՆ 6. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ
Կառավարության առաջ քաշած հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար առանցքային են կառավարման արդյունավետության բարձրացումը և ինստիտուտների զարգացումը, ինչը հնարավոր է արհեստավարժ մարդկանց շնորհիվ և ժամանակակից տեխնոլոգիաների լայնածավալ կիրառմամբ։ Կառավարությունը հանձնառու է ձևավորելու նոր որակի՝ թվային, տեխնոլոգիահենք, արհեստավարժ ու օպտիմալ կառավարման համակարգ, որը ծառայելու է քաղաքացու կյանքի որակի բարձրացմանը, երկրի դիմակայունության ու ժողովրդավարության ամրապնդմանը։
Կառավարման բարեփոխումներն առաջնորդվելու են հետևյալ սկզբունքներով՝
● մարդակենտրոնություն՝ քաղաքացու շահը, կարիքներն ու փորձառությունը դնելով մշակվող քաղաքականությունների ու ծառայությունների առանցքում,
● «զրո բյուրոկրատիա»՝ բացառելով անհարկի վարչարարությունը,
● «Թվային՝ ըստ նախագծման»՝ ցանկացած ծառայություն և գործառույթ առաջնահերթ նախագծելով թվային տրամաբանությամբ և թվային միջավայրի համար,
● «Արհեստական բանականությունն առաջինը»՝ կառավարման խնդիրների լուծման ընթացքում ԱԲ–ն դիտարկելով որպես սկզբնական մոտեցում։
Հաշվի առնելով պետության զարգացման այս փուլի առանձնահատկությունները, կարիքները և միջազգային միտումները՝ առաջնահերթ բարեփոխումներն են լինելու՝
● Իրականացվելու է հանրային իշխանության մարմիններում մարդկային ռեսուրսների կառավարման արմատական բարեփոխում՝ ստեղծելով բարձր արհեստավարժությամբ և էթիկայով, մրցունակ հանրային ծառայություն:
● Օպտիմալացվելու և ամբողջապես թվայնացվելու են քաղաքացուն և բիզնեսին մատուցվող առանցքային ծառայությունները՝ միասնական ստանդարտներով և կիբեռանվտանգության ամենաբարձր չափանիշներով:
● Ներդրվելու է հանրային հատվածում ԱԲ գործիքների կիրառման իրավական, էթիկական և տեխնիկական կարգավորման համակարգ՝ հիմնված ռիսկահենք մոտեցման, կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության և մարդկային վերահսկողության սկզբունքների վրա։
Բարեփոխումները կենտրոնանալու են նաև քաղաքականությունների և որոշումների կայացման արդյունավետության, ինչպես նաև օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կիրառական որակի բարձրացման և հարկաբյուջետային համակարգի դիմակայունության ամրապնդման վրա:
Գլուխ 1. Արհեստավարժ մարդիկ
Կառավարման բարեփոխումների առանցքում համակարգն իր ամենօրյա աշխատանքով առաջ մղող հանրային ծառայողն է, որը գիտակցում է իր անհատական պատասխանատվությունը կառավարման մեքենան զարգացնելու ու պետության դիմակայունությունն ամրապնդելու հարցում։ Հայաստանի Հանրապետության և նրա յուրաքանչյուր բնակչի շահի առաջմղումը պետք է լինի հանրային ծառայողի առաքելությունը թե՛ պետության ներսում, թե՛ միջազգային դերակատարների հետ հարաբերություններում։ Այդ նպատակով համակարգին անհրաժեշտ են մասնագիտական բարձր գիտելիքներ, հաղորդակցության գերազանց հմտություններ ու էթիկական արժեքներ ունեցող արհեստավարժ մասնագետներ։
Նման պետական համակարգ ստեղծելու համար առաջնահերթ է բարձրացնել աշխատանքի գրավչությունը, և այս նպատակով իրագործվելու են հետևյալ բարեփոխումները՝
1) Գործարկվելու է հանրային ծառայողների ներգրավման ժամանակակից, թափանցիկ և արժանիքահենք համակարգ, որի արդյունքում հնարավոր կլինի ներգրավել լավագույն և ամենահամապատասխան մասնագետներին: Հանրային ծառայության թափուր պաշտոնների ներգրավման համար ընդլայնվելու է արտաքին մրցույթների կիրառությունն ու թափանցիկությունը:
2) Հանրային ծառայության բոլոր տեսակների համար վերանայվելու է վարձատրության և ոչ ֆինանսական խթանների համակարգը՝ հանրային հատվածի մրցունակությունը մասնավոր հատվածի համադրելի պաշտոնների հետ ապահովելու նպատակով:
3) Վարձատրության համակարգի բարեփոխումների շրջանակում ներդրվելու են կատարողականի գնահատման և հանրային ծառայողների շարունակական կրթությանն ուղղված նոր կարգավորումներ՝ աշխատանքի արդյունավետության և հանրային ծառայությունների որակի բարձրացման նպատակով:
4) Էականորեն զարգանալու է փորձնակների և կամավորների համակարգը՝ որպես հանրային ծառայության մեջ երիտասարդ կադրերի ներգրավման մեխանիզմ:
5) Մարդկային ռեսուրսների կառավարման բոլոր ընթացակարգերը թվայնացվելու և ավտոմատացվելու են մեկ միասնական համակարգի (HRMIS) միջոցով:
Հանրային ծառայողների կարողությունների և աշխատանքի արդյունավետության բարձրացման, ներքին ընթացակարգերի թվայնացման, վարչարարության բացառման շնորհիվ կառավարման համակարգը դառնալու է առավել ճկուն և օպտիմալ։
Գլուխ 2. Փաստահենք և արդյունավետ քաղաքականություններ
Հանրային քաղաքականության նպատակը քաղաքացու, բիզնեսի, պետության կարիքների բացահայտումը և դրանց հասցեագրման ամենաարդյունավետ ուղիների նախանշումն է։ Միաժամանակ, ժողովրդավարական հասարակությունում նույնչափ կարևոր է քաղաքականությունների լեգիտիմությունը. քաղաքացին պետք է ունենա որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն և վստահություն հանրային իշխանության մարմինների նկատմամբ։
Հարափոփոխ միջավայրը պահանջում է նաև որոշումների կայացման ճկուն մեխանիզմների առկայություն, որոնք արագ արձագանքի հնարավորություն կտան՝ առանց էականորեն նվազեցնելու քաղաքականությունների որակը։ Բացի դրանից՝ գործող կարգավորումները ևս պարբերական վերանայման կարիք ունեն՝ հիմք ընդունելով շահառուներից ստացված հետադարձ կապն ու դրանց արդյունավետությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կարող է հասցեագրել այս մարտահրավերները։
Արդյունքում այս ուղղությամբ՝
1) Ապահովվելու է պետական քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման բոլոր փուլերում քաղաքացիների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական համայնքի և մասնավոր հատվածի համակարգային մասնակցությունը՝ հանրային մասնակցության միասնական ստանդարտների, ինստիտուցիոնալ մեխանիզմների, հանրային խորհուրդների, թվային և ֆիզիկական մասնակցության գործիքների, հետադարձ կապի միասնական մեխանիզմի, ինչպես նաև պետական ծառայողների կարողությունների զարգացման միջոցով:
2) Ներդրվելու է մեծ տվյալների վերլուծության, ԱԲ, քաղաքացիներից ստացվող հետադարձ կապի ու ժամանակակից այլ գործիքների կիրառմամբ քաղաքականությունների արդյունավետության գնահատման համակարգը, որի շնորհիվ բարձրանալու է մշակվող քաղաքականությունների, կայացված որոշումների և օրենքների նախագծերի կիրառական որակը, և կրճատվելու են գործող անհարկի կարգավորումները:
3) Ներդրվելու է պետական կառավարման համակարգում նախագծային կառավարման (project management) համակարգը, ինչի արդյունքում ապահովվելու է Կառավարության առանցքային բարեփոխումների ժամանակին և պատշաճ իրականացումը:
Գլուխ 3. Մարդակենտրոն ծառայություններ և թվային վերափոխում
Թվային վերափոխման միջոցով հանրային ծառայությունների որակի բարձրացումը Կառավարության գերակայություններից է։ Պետական համակարգի հետ ցանկացած շփում պետք է լինի արագ, կանխատեսելի, վստահելի, հնարավորինս առանց ֆիզիկական շփման և պետական որևէ մարմնի մոտ արդեն իսկ առկա տվյալը քաղաքացուց կրկնակի պահանջելու։ Մատուցվող ծառայություններից քաղաքացիների գոհունակության շարունակական բարելավումը կլինի այն ցուցանիշը, որը կփաստի բարեփոխումների հաջողության մասին։ Այս ուղղությամբ առանցքային է լինելու թվային ենթակառուցվածքների զարգացումը, մասնավորապես՝
1) Ներդրվելու է միջազգային լավագույն ստանդարտներին համահունչ էլեկտրոնային նույնականացման և վստահության ծառայությունների նոր համակարգ` ապահովելով քաղաքացիների համար ծառայությունների արագ և անվտանգ ստացումը:
2) Ձևավորվելու և (կամ) միասնական ստանդարտների են բերվելու թվայնացված տվյալների շտեմարաններ։ Մասնավորապես՝
● բնակչության պետական ռեգիստրը՝ անձի նույնականացման տվյալներ և կյանքի հիմնական իրադարձություններ՝ ծննդից մինչև մահ՝ ներառյալ ընտանեկան կապերը և քաղաքացիական կացության ակտերը,
● իրավաբանական անձանց պետական ռեգիստրը՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող բիզնեսի միասնական նույնականացուցչի հիման վրա բիզնեսի և այլ կազմակերպությունների գրանցման ու նույնականացման տվյալներ,
● հասցեների պետական շտեմարանը՝ վարչատարածքային միավորների, բնակավայրերի, փողոցների, շենքերի և հասցեի այլ բաղադրիչների միասնական ու ստանդարտացված տվյալներ,
● ազգային տարածական տվյալների շտեմարանները՝ միջազգային ստանդարտների հիման վրա ստեղծված բազային և թեմատիկ տարածական տվյալներ (կադաստրային, վարչատարածքային, քաղաքաշինական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների, բնական ռեսուրսների, շրջակա միջավայրի և այլն), որոնք կապահովեն քարտեզագրական շերտերով հագեցած գեոպորտալի ձևավորումը,
● անշարժ գույքի շտեմարանը՝ անշարժ գույքի միավորների և սեփականության իրավունքների վերաբերյալ տվյալներ,
● տրանսպորտային միջոցների, վարորդների և տրանսպորտային իրավունքների շտեմարանները՝ ներառյալ վարորդական իրավունքների, տեխնիկական զննության և շահագործման սահմանափակումների տվյալները,
● առողջապահության ոլորտի շտեմարանները՝ բժշկական ծառայությունների պատմության, բուժաշխատողների, բուժհաստատությունների, լիցենզիաների և դեղերի վերաբերյալ տվյալներ,
● սոցիալական պաշտպանության շտեմարանները՝ նպաստների, կենսաթոշակների, զբաղվածության, հաշմանդամության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ տվյալներ,
● կրթության ոլորտի շտեմարանները՝ սովորողների, մանկավարժների, ուսումնական հաստատությունների և գործընթացների, կրթական ծրագրերի և որակավորումների վերաբերյալ տվյալներ,
● արդարադատության ոլորտի շտեմարանները՝ դատական և քրեական վարույթների, իրավական ակտերի, նոտարական և այլն։
3) Միասնական ստանդարտներով թվայնացված տվյալների շտեմարանների հիման վրա վերափոխվելու կամ էապես բարելավվելու են նաև թվային հանրային ծառայություններ մատուցող պետական տեղեկատվական համակարգերը, այդ թվում՝
● Ազգային գեոպորտալը՝ պետական տարածական տվյալների ինտեգրման, հրապարակման, համադրման, հասանելիության և օգտագործման համար,
● սահմանների ինտեգրված՝ ներառյալ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգերը, միգրացիոն հոսքերի և սահմանային հատումների արդյունավետ կառավարման համար,
● պաշտոնական վիճակագրության տեղեկատվական համակարգը՝ վիճակագրության ամբողջականության և տվյալահենք նախագծման, կառուցման և օգտագործման համար,
● պետական ֆինանսների կառավարման միասնական տեղեկատվական համակարգը (GFMIS)՝ ներառյալ բյուջետային պլանավորումը և գանձապետական գործառույթները,
● հարկային և մաքսային վարչարարության տեղեկատվական համակարգերը՝ արդյունավետ հարկային վարչարարության թվային գործիքների կիրառման համար՝ ներառյալ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների, ապրանքների հետագծելիության և խաղային օպերատորի գործիքների ներդրումը,
● էլեկտրոնային առողջապահության միասնական (ԱՐՄԵԴ) և առողջապահության համընդհանուր ապահովագրության տեղեկատվական համակարգերը՝ առողջապահական տվյալների լիարժեք գրանցման, դրանց հետագծելիության և էլեկտրոնային առողջապահության հասանելիության միջոցով որակյալ ծառայություններ ապահովելու համար,
● սոցիալական պաշտպանության և բարեկեցության միասնական տեղեկատվական համակարգը` սոցիալական կարիքների գնահատման, այդ թվում՝ սոցիալական սքորինգի գործիքների օգտագործմամբ, դրանց հիման վրա որակյալ ծառայություններ մատուցելու համար,
● արդարադատության և դատական իշխանության տեղեկատվական համակարգերը՝ քաղաքացիական, վարչական և քրեական վարույթների հետ կապված, ինչպես նաև նոտարական և հարկադիր կատարման որակյալ թվային ծառայություններ մատուցելու համար,
● կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգը՝ որակյալ կրթական ծառայությունների հասանելիության համար,
● տարածքային կառավարման տեղեկատվական համակարգը՝ համայնքային զարգացման ծրագրերի և դրանց ֆինանսավորման միջոցով համայնքային ծառայությունների ամբողջական թվայնացման համար։
Այս համակարգերը քաղաքացու և բիզնեսի համար ապահովելու են Կառավարության ծրագրով նախանշված հանրային ծառայությունների բարելավման տեսանելիությունը և չափելիությունը։ Դրանք պետք է նաև ապահովեն ծառայությունների մատուցման նպատակով տվյալների անվտանգ և ստանդարտացված փոխանակումը` պահպանելով տվյալի իրավական միակ աղբյուրի և «տվյալը միայն մեկ անգամ» հարցման սկզբունքները։
Կիբեռանվտանգության ամենաբարձր ստանդարտների ապահովումը լինելու է ցանկացած թվային համակարգի գործարկման նախապայմանը։
Այդ ուղղությամբ՝
4) Պետական հատվածն առաջնորդելու է իր օրինակով, այդ թվում՝ ձևավորելով միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան կիբեռանվտանգության պաշտպանություն և կիբեռանվտանգության գործառնական կենտրոն (SOC), որոնք հավաստվելու են անկախ աուդիտի և հավաստագրման միջոցով:
5) Իրականացվելու են պետական տեղեկատվական բոլոր համակարգերի խոցելիության գնահատում, ներթափանցման թեստավորում և աուդիտ ինչպես ներդրումից առաջ, այնպես էլ գործարկման ընթացքում:
Թվային ենթակառուցվածքների զարգացման վերջնանպատակը քաղաքացուն որակյալ ծառայությունների մատուցումն է։ Այս ուղղությամբ՝
6) Առանցքային հանրային ծառայությունները մատուցվելու են լիովին թվային, միասնական ստանդարտով ու մեկ պատուհանի սկզբունքով՝ hartak.am կայքէջում՝ ապահովելով տարեկան առնվազն 300 հազար եզակի այցելու:
7) Բոլոր ծառայություններում ներդրվելու է որակի գնահատման ու հաճախորդի հետ հետադարձ կապի համակարգ, ինչը հնարավորություն է տալու մշտապես բարելավելու դրանք:
8) Իրականացվելու է ԱԲ գործիքների համակարգված ներդրում պետական կառավարման մեջ՝ առաջնահերթ այն գործընթացներում, որտեղ դրանք կարող են էապես բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, ծառայությունների որակը և որոշումների կայացման արդյունավետությունը: Ձևավորվելու են պետական մարմինների համար անվտանգ ԱԲ միջավայր, ընդհանուր օգտագործման տեխնոլոգիական լուծումներ և տվյալների հասանելիության ու կառավարման համապատասխան մեխանիզմներ՝ բացառելով նույնատիպ համակարգերի անհարկի կրկնվող մշակումները տարբեր պետական մարմիններում:
Գլուխ 4. Հանրային ֆինանսների և ակտիվների արդյունավետ կառավարում
Հարկաբյուջետային քաղաքականության նպատակն է իրականացնել աճը խթանող ֆիսկալ քաղաքականություն, որտեղ պետական ռեսուրսների արդյունավետ բաշխումը և բարենպաստ հարկային միջավայրը գեներացնում են բեկումնային զարգացում, ինչն ապահովում է ֆիսկալ տարածքի շարունակական ընդլայնում՝ ստեղծելով պետության զարգացման ապագան անխափան ֆինանսավորելու անհրաժեշտ նախապայման։
Կառավարության ծախսային քաղաքականությունն առաջնահերթություն է տալու արտադրողականությունը խթանող ծախսերին՝ հանրային ռեսուրսներն ուղղելով մարդկային կապիտալի և տնտեսական զարգացումն ապահովող ներդրումներին, որոնք ստեղծում են երկարաժամկետ տնտեսական արժեք, ամրապնդում են ֆիսկալ դիմակայունությունը և նպաստում կայուն ու ներառական տնտեսական աճին։
Արդյունքում՝
1) Հետևողականորեն ավելանալու են պետական ներդրումների ծավալները՝ 2031 թվականին կապիտալ ծախսերի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնելով 6,3%-ի:
2) Ապահովվելու է հանրային ներդրումների պորտֆելի ընդլայնում՝ 2031 թվականին հանրային ներդրումների առաջնահերթությունների ցանկում ներառված ծրագրերի ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 6% մակարդակի:
Իրականացվելու է եկամուտների այնպիսի քաղաքականություն, որն ապահովում է պետական ռեսուրսների կայուն համախմբում՝ միաժամանակ խթանելով տնտեսության արտադրողականությունն ու երկարաժամկետ աճը։ Հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու կանխատեսելի, արդար և արդյունավետ տնտեսական ազդակներով հարկային միջավայրի ստեղծմանը, որտեղ հարկային համակարգը կդիտարկվի ոչ թե որպես սահմանափակող գործիք, այլ որպես վստահության ձևավորման հիմք ներդրողների, գործարարների և քաղաքացիների համար: Ի վերջո, պետության գեներացրած հարկային միջոցները ծախսվում են քաղաքացիների և իրավաբանական անձանց կենսագործունեությունը ապահովելու նպատակով. քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը, տնտեսավարողների կենսագործունեության արդյունավետությունը մեծապես կախված են հանրային ֆինանսների ծախսման ծավալից ու արդյունավետությունից։
Հարկային օրենսդրությունը կատարելագործվելու է արդարության, պարզության, կանխատեսելիության և կայունության սկզբունքներով և այն փիլիսոփայությամբ, որ հարկային համակարգը «սոցիալական պայմանագիր» է պետության, գործարար շրջանակների և հանրության միջև՝ արդյունքում ձևավորելով և ամրապնդելով հարկերը կամովին, «ինքը իրեն» վճարելու մշակույթը: Այս իմաստով էական է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի հետագա զարգացումը, այդ թվում՝ սոցիալական կրեդիտների հասցեականությունը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Հարկային վարչարարության առաջիկա զարգացման առանցքային ուղղություններից է լինելու թվային առաջադեմ տեխնոլոգիաների և ռիսկերի վերլուծության մեխանիզմների ներդրմամբ անցումը հարկ վճարողների կարիքների գնահատման հիման վրա սպասարկման գործընկերային մոդելին՝ ձևավորելով փոխադարձ պատասխանատվության ու վստահության միջավայր։ Հարկային վարչարարության կատարելագործումն ուղղված է լինելու արդյունավետ, թափանցիկ և տեխնոլոգիապես զարգացած համակարգի ձևավորմանը, որը նպաստելու է ինչպես հարկային եկամուտների կայուն աճին, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը։ Միևնույն ժամանակ, հարկային վարչարարության կատարելագործումը նպաստելու է ստվերային շրջանառություններ ունեցող և հարկումից խուսափելու բարձր ռիսկեր գեներացնող հարկ վճարողների բացահայտմանն ու հասցեական վերահսկողությանը՝ ապահովելու համար ստվերում մնալն ավելի ծախսատար լինելու վերաբերյալ համընդհանուր ընկալումների ձևավորմանը։
Այս նպատակով՝
3) Ներդրվելու են հարկային վարչարարության առաջադեմ թվային համապարփակ գործիքներ և հարկային նոր սերնդի թվային պլատֆորմներ («Հարկ վճարող» էլեկտրոնային կառավարման համակարգ, առցանց ՀԴՄ, ֆիզիկական անձանց միասնական հարթակ, ԱԲ և թվային հետախուզության գործիքներ):
4) Ներդրվելու են խաղային ոլորտի հարկային վարչարարության մշտադիտարկման, ապրանքների համապարփակ հետագծելիության, հարկ վճարողների ռեյտինգավորման համակարգեր և ոլորտային կարգապահական ծրագրեր:
5) Ապահովվելու է հարկային եկամուտների աճը` 2031 թվականին կայունացնելով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 26% մակարդակում:
Գնումների քաղաքականության առանցքում կլինի մրցակցային ընթացակարգերի գերակշռող կիրառումը՝ որպես թափանցիկության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնական երաշխիք: Միաժամանակ, պետության առաջնահերթ կարիքները ժամանակին և արդյունավետ բավարարելու նպատակով կբարձրացվեն գնումների գործընթացների գործառնական արագությունն ու ճկունությունը՝ հնարավորինս կրճատելով ընթացակարգային ժամկետները։
Այս ուղղությամբ իրականացվող բարեփոխումների արդյունքում՝
6) Մրցակցային ընթացակարգերի միջոցով (բացառությամբ Կառավարության որոշումների հիման վրա իրականացված ոչ մրցակցային ընթացակարգերի) կնքված պայմանագրերի տեսակարար կշիռն ընդհանուր պայմանագրերի ծավալում բարձրանալու է առնվազն 95%–ի:
7) Մրցակցային ընթացակարգի միջին մասնակցությունը կազմելու է առնվազն 3,5:
8) Հայտարարումից մինչև հաղթողի ընտրություն ընթացակարգերի միջին տևողությունը կազմելու է առավելագույնը 55 oր։
Պետական պարտքի կառավարման քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու Կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովմանը՝ երկարաժամկետ հատվածում առաջնահերթություն դիտարկելով պարտքի սպասարկման ծախսերի նվազեցումը և պարտքի պորտֆելին բնորոշ ռիսկերի կառավարումը։ Այդ նպատակով ձևավորվելու է պետական պարտքի օպտիմալ կառուցվածք՝ հաշվի առնելով փոխարժեքի, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի ռիսկերը, ինչը թույլ կտա ապահովել պարտքի կայունությունը և պետության ընթացիկ ու հեռանկարային ֆինանսավորման անխափանությունը։
Պետական պարտքի սպասարկման ծախսերի նվազեցումը նախատեսվում է իրականացնել մակրոտնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշների բարելավման պայմաններում, այդ թվում՝ դրանցից բխող սուվերեն վարկանիշի ամրապնդման, արտաքին և ներքին ներդրողների հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների զարգացման, ինչպես նաև պետական արժեթղթերի շուկայի խորացման միջոցով: Այս ուղղությամբ իրականացվող բարեփոխումների արդյունքում՝
9) Ներքին պարտքի շուկայում ընդլայնվելու է ֆիզիկական անձ ներդրողների մասնակցությունը։
10) Պարտքի սպասարկման տոկոսային ծախսեր/բյուջեի եկամուտներ հարաբերակցությունը 2025 թվականի 12,1%-ից նվազելու է առնվազն 2%-ային կետով:
11) Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը պահպանվելու է 50%-ից ցածր մակարդակում:
Թվայնացված և ինստիտուցիոնալ առումով ամրապնդված պետական ֆինանսների և գույքի կառավարման համակարգը Կառավարության քաղաքականությունների արդյունավետ իրականացման, պետական ռեսուրսների ռազմավարական կառավարման և երկարաժամկետ ֆիսկալ կայունության ապահովման կարևոր երաշխիքն է։
Այս ուղղությամբ՝
12) Ամբողջությամբ թվայնացվելու է պետական և համայնքային գույքի կառավարման համակարգը:
13) Ներդրվելու է պետական գույքի իրացման և արդյունավետ կառավարման նոր մեխանիզմ՝ պետություն-մասնավոր գործընկերության գործիքների կիրառմամբ:
14) Իրականացվելու է պետական ակտիվների դասակարգում և ոչ կրիտիկական ակտիվների մասնակի կամ ամբողջական իրացում, այդ թվում՝ բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման միջոցով (IPO):
15) Իրականացվելու է պետական ակտիվների գույքագրում և ռեեստրի ձևավորում՝ ապահովելով ամբողջական և միասնական տեղեկատվության հասանելիություն:
ԱՄՓՈՓՈՒՄ
Այս ծրագրի հիման վրա Կառավարությունն ընդունելու է իր գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը և իրագործելու է այն։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
20.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |