ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«17» օգոստոսի 2026 թ. |
N 874-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԵՐԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԵՐԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ԵՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 69.1-ին հոդվածի 1-ին և 10-րդ մասերը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հերթերի կառավարման համակարգը՝ համաձայն հավելված N 1-ի։
2. Սահմանել`
1) հերթերի կառավարման համակարգի և կուտակային կայանատեղիի կազմակերպման գործունեություն իրականացնողների էլեկտրոնային համակարգերի փոխազդեցության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի․
2) կուտակային կայանատեղիի կազմակերպման գործունեություն իրականացնողների էլեկտրոնային համակարգի կողմից հավաքագրվող և հերթերի կառավարման համակարգին փոխանցվող տեղեկությունների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|
8/17/2026 |
Է. Հակոբյան |
|
Հավելված N 1 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «17» օգոստոսի 2026 թ. N 874-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերում բեռնատար տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) մեկնման դեպքերում կիրառվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հերթերի կառավարման համակարգը (այսուհետ՝ Համակարգ), որը կազմում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի բաղկացուցիչ մաս։
2. Համակարգը հնարավորություն է ընձեռում կարգավորել պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից մեկնող տրանսպորտային միջոցների հոսքը՝ ինչպես ինքնաշխատ եղանակով տրանսպորտային միջոցների կանչի, այնպես էլ՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց միջոցով՝ սույն հավելվածով սահմանված դեպքերում կանչի եղանակով։
3. Ինքնաշխատ եղանակով տրանսպորտային միջոցների կանչի (ինքնաշխատ կանչ) համար տրանսպորտային միջոցների ընտրության ժամանակ հաշվի են առնվում դրանց՝ օրենսդրությամբ սահմանված տեսակավորումը ըստ առաջնահերթության` այդ թվում բեռի պարունակության հիման վրա և այդպիսի տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներ մուտքի հերթականությունը։
4. Համակարգը կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների էլեկտրոնային համակարգերի հետ փոխազդեցության արդյունքով ապահովում է առավել վաղ կայանատեղի մուտք գործած տրանսպորտային միջոցների առավել վաղ կանչը պետական սահմանի անցման կետ։
5. Համակարգի ինքնաշխատ կանչի հրահանգները տրվում են՝ ելնելով տրանսպորտային միջոցների հոսքերի ինտենսիվությունից, տրանսպորտային միջոցների բացթողնման առաջնահերթություններից, սեզոնայնությունից, օպերատիվ իրավիճակից՝ այդ թվում սույն հավելվածով սահմանված նպատակներով մաքսային մարմինների կողմից։
6. Համակարգը ապահովում է տրանսպորտային միջոցների շարժի հետևյալ կարգավիճակները՝ ըստ առանձնացված հերթերի՝
1) «Հերթագրված», եթե տրանսպորտային միջոցը մուտք է գործել կուտակային կայանատեղի, սակայն ելք չի գործել․
2) «Կանչված», եթե տրանսպորտային միջոցը մուտք է գործել կուտակային կայանատեղի և ելք է գործել` կանչվելով Համակարգի կողմից․
3) «Չներկայացած», եթե տրանսպորտային միջոցը կանչվել է Համակարգի կողմից, սակայն չի ժամանել պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետ Համակարգի միջոցով նախանշված ժամկետում և դրա պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացրել կայանատեղիի կազմակերպչին կամ մաքսային մարմնին՝ նոր ժամկետ նախանշելու համար․
4) «Սպասարկման մեջ», եթե տրանսպորտային միջոցը կանչվել է Համակարգի կողմից և գտնվում է անցման կետում․
5) «Ավարտված», եթե տրանսպորտային միջոցը կանչվել է Համակարգի կողմից, ամրագրվել է անցման կետ մուտքն ու անցման կետից ելքը․
6) «Կայանատեղիից դուրս եկած», եթե տրանսպորտային միջոցը չի կանչվել Համակարգի կողմից, սակայն ելք է գործել կուտակային կայանատեղիից:
7. Տրանսպորտային միջոցի շարժի «Չներկայացած», «Սպասարկման մեջ» կարգավիճակները Համակարգում ձևավորվում են ինքնաշխատ եղանակով, եթե սահմանային անցման կետում առկա են տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր նկարահանող համապատասխան տեսախցիկներ կամ Համակարգի` «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի «ՏՄ վերահսկողություն մաքսային հսկողության տարածքում» ենթահամակարգի հետ ինտեգրում, իսկ «Ավարտված» կարգավիճակը՝ եթե սահմանային անցման կետում առկա է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր նկարահանող համապատասխան տեսախցիկ կամ Համակարգի՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կամ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի «ՏՄ վերահսկողություն մաքսային հսկողության տարածքում» ենթահամակարգի հետ ինտեգրում: Սույն կետով նշված համակարգերին ինտեգրման բացակայության դեպքում նշված կարգավիճակները ձևավորվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից՝ Համակարգում համապատասխան նշում կատարելու միջոցով։
8. Համակարգը պետք է ապահովի տրանսպորտային միջոցների շարժի կարգավիճակների` մեխանիկական եղանակով (ձեռքով) փոփոխելու հնարավորությունը:
9. Համակարգը պետք է ինքնաշխատ ապահովի ըստ կուտակային կայանատեղիների` կայանատեղիներից ելք գործելու և պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետ հասնելու ժամանակահատվածի սահմանման և դրա մեխանիկական եղանակով (ձեռքով) փոփոխելու հնարավորությունը։
10. Համակարգը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հետևյալ տեղեկությունների հրապարակումը՝
1) կուտակային կայանատեղիների զբաղվածությունը (ընդհանուր, ազատ, զբաղված տեղեր)․
2) կուտակային կայանատեղի մուտք գործած տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները․
3) կուտակային կայանատեղի տրանսպորտային միջոցի մուտքի և ելքի օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն, վայրկյանը․
4) տրանսպորտային միջոցի շարժի՝ սույն հավելվածի 6-րդ կետին համապատասխան կարգավիճակը.
5) անցման կետ կանչման հնարավոր ժամը և փաստացի կանչման ժամը:
11. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակման ենթակա չեն անձնական կամ առևտրային գաղտնիք պարունակող տվյալները։
12. Համակարգը պետք է ապահովի նաև տրանսպորտային միջոցների հերթի միջին սպասման տևողության հաշվարկի, վիճակագրական և վերլուծական հաշվետվությունների ձևավորման հնարավորություն։
|
Հավելված N 2 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «17» օգոստոսի 2026 թ. N 874-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԵՐԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հերթերի կառավարման համակարգի և կուտակային կայանատեղիի կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց էլեկտրոնային համակարգերի փոխազդեցության հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի՝ հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ N 1) և կուտակային կայանատեղիի կազմակերպման գործունություն իրականացնողների էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` Համակարգ N 2) միջև տվյալների փոխանակումն իրականացվում է իրական ժամանակում:
3. Համակարգ N 1-ի և Համակարգ N 2-ի միջև տվյալների փոխանակումը և փոխազդեցությունն իրականացվում են կիրառական ծրագրային միջերեսի (Application Programming Interface) միջոցով (API):
4. Համակարգ N 2-ը Համակարգ N 1-ին փոխանցում է սույն հրամանի N 3 հավելվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները, իսկ Համակարգ N 1-ը Համակարգ N 2-ին, առկայության դեպքում, փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 23-ի N 1090-Ն որոշմամբ սահմանված առաջնահերթություն ունեցող տրանսպորտային միջոցների կարգավիճակը («Արագ փչացող ապրանքներ», «Հատուկ մաքսային ընթացակարգ», «Լիազորված տնտեսական օպերատոր», «Օրինապահ հարկ վճարող»), սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված խմբի մաս հանդիսանալու վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի կանչի վերաբերյալ տեղեկությունը` հիմք ընդունելով այդպիսի տրանսպորտային միջոցի մուտքի օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն, վայրկյանը՝ «Առաջինը մուտք - Առաջինը ելք» սկզբունքով:
5. Սույն կարգի 4-րդ կետում հիշատակված առաջնահերթ սպասարկման հերթում սպասող տրանսպորտային միջոցները նույնպես սպասարկվում են «Առաջինը մուտք - Առաջինը ելք» սկզբունքով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 23-ի N 1090-Ն որոշմամբ սահմանված առաջնահերթությունների կիրառման հերթականությունը։
6. Եթե բեռնատար տրանսպորտային միջոցը կազմում է տրանսպորտային միջոցների խմբի մասը, ապա Համակարգ N 1-ի կողմից Համակարգ N 2-ին բեռնատար տրանսպորտային միջոցի կանչի վերաբերյալ տեղեկություն փոխանցվում է այն ժամանակ, երբ տրանսպորտային միջոցների խմբի կազմի մեջ ընդգրկված բոլոր տրանսպորտային միջոցները մուտք են գործել կուտակային կայանատեղի, ինչի մասին տեղեկատվություն է ստացվել Համակարգ N 2-ի կիրառմամբ: Տվյալ դեպքում` տրանսպորտային միջոցների խմբի կազմի մեջ ընդգրկված բոլոր բեռնատար տրանսպորտային միջոցները կանչվում են այդպիսի խմբի կազմի մեջ ընդգրկված և առավել վաղ կուտակային կայանատեղի մուտք գործած բեռնատար տրանսպորտային միջոցի մուտքի օրից, ամսից, տարուց, ժամից, րոպեից, վայրկյանից ելնելով` «Առաջինը մուտք - Առաջինը ելք» սկզբունքին համապատասխան:
|
Հավելված N 3 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «17» օգոստոսի 2026 թ. N 874-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆԱՏԵՂԻԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ԵՎ ՀԵՐԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Կուտակային կայանատեղիի կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի էլեկտրոնային համակարգի կողմից հավաքագրվող և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հերթերի կառավարման համակարգին փոխանցվող տեղեկություններն են՝
1) կուտակային կայանատեղիի նույնականացման տվյալը․
2) բեռնատար տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը․
3) բեռնատար տրանսպորտային միջոցի` բեռնատար տրանսպորտային միջոցների խմբի մեջ ներառված լինելու կամ չլինելու վերաբերյալ տեղեկությունը, եթե մինչ ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցի կայանատեղի մուտք գործելը գրանցված չէ մաքսային հայտարարագիր և նախատեսվում է մաքսային ձևակերպումը (մաքսային հայտարարագրումը) իրականացնել համապատասխան անցման կետում.
4) բեռնատար տրանսպորտային միջոցի՝ կուտակային կայանատեղի մուտքի օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն, վայրկյանը․
5) բեռնատար տրանսպորտային միջոցի՝ կուտակային կայանատեղիից ելքի օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն, վայրկյանը․
6) բեռնատար տրանսպորտային միջոցի կարգավիճակը («Արագ փչացող ապրանքներ», «Հատուկ մաքսային ընթացակարգ», «Լիազորված տնտեսական օպերատոր», «Օրինապահ հարկ վճարող»), եթե մինչ ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցի կայանատեղի մուտք գործելը գրանցված չէ մաքսային հայտարարագիր և նախատեսվում է մաքսային ձևակերպումը (մաքսային հայտարարագրումը) իրականացնել համապատասխան անցման կետում․
7) փոխադրողի մասին տեղեկություններ՝ անվանում, ՀՎՀՀ, վարորդի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|