ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1313-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2026 թվականի N 1313-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառության կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1976-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը «հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները» բառից հետո լրացնել «, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները)» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝

«4) հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները)` համաձայն N 10 հավելվածի։».

3) որոշման N 3 հավելվածի՝

ա. 17-րդ կետի 1-ին ենթակետում «օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված» բառերը փոխարինել «սույն որոշման N 10 հավելվածի 1-ին կետով հաստատված» բառերով,

բ. 18-րդ կետի 2-րդ ենթակետում «օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում» բառերը փոխարինել «սույն որոշման N 10 հավելվածի 1-ին կետի 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերում» բառերով, իսկ «ՀԴՄ-ի կտրոնների համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 18-րդ և 19-րդ ենթակետերում նշված տվյալների բացակայությունը։» բառերով.

4) որոշումը լրացնել նոր՝ N 10 հավելվածով` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1313-Ն որոշման

 

«Հավելված N 10

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման

 

ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿՏՐՈՆԻ ՎՐԱ ՏՊԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՏՎՅԱԼՆԵՐԸ)

 

1. Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները)՝

1) կտրոնի հերթական համարը (ԿՀ)՝ 8 նիշ.

2) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի անվանումը (կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակի հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը).

3) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության վայրի հասցեն, իսկ շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը և հաշվառման համարանիշը.

4) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նաև համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

5) հսկիչ դրամարկղային մեքենայի գրանցման համարը (ԳՀ).

6) կտրոնի տպագրման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին, իսկ արտաքին (առևտրային) ծրագիր կիրառելու դեպքում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կողմից գեներացվող վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.

7) սպասարկող բաժնի համարը՝ բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

8) ապրանքի անվանումը և ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները)՝ բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան.

9) գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը՝ բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան.

10) կիրառված զեղչի չափը (կիրառվելու դեպքում).

11) վճարման ենթակա գումարները՝ ըստ բաժինների.

12) ընդհանուր գումարը՝ ներառյալ ԱԱՀ-ն, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման՝ բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

13) ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման՝ բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

14) պատասխանատու անձի (գանձապահի) համարը.

15) ֆիսկալավորման ռեժիմի նշանը (Ֆ).

16) «կանխավճար» գրառումը՝ կանխավճարների ստացման, ինչպես նաև այն դեպքերում, երբ պարզ չէ, թե վերցված գումարների դիմաց հետագայում ինչ ապրանքներ կիրացվեն, ինչ աշխատանքներ կկատարվեն կամ ինչ ծառայություններ կմատուցվեն.

17) հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ֆիսկալ համարը՝ 8 նիշ (բացառությամբ վերադարձի կտրոնների).

18) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների քանակը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).

19) նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).

20) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում՝ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

 

03.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2026 թվական: