ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2026 թվականի N 1392-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 17.1-ին կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիրի կառուցման և հետագա պահպանման համար Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի միջև կնքվելիք նվիրաբերության պայմանագրին հավանություն տալու մասին։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նշված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիրի կառուցման և հետագա պահպանման նպատակով Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից գնման գործընթացները կարող են կազմակերպվել վերջինիս գնումների կանոններով՝ պայմանով, որ հրավերով նախատեսվող պայմանները պարտադիր պետք է ներառեն «Գնումների մասին» օրենքի 6-րդ, 7-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով, 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» պարբերությամբ, 33-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով ու 46-րդ հոդվածով սահմանված կարգավորումները, իսկ գնման գործընթացի կազմակերպման հետ կապված տեղեկությունները պետք է հրապարակվեն գնումների պաշտոնական տեղեկագրում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
28.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 24-ի N 1392-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիրի կառուցման և հետագա պահպանման համար Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) միտված է հասանելի, արդիական և մրցունակ կրթական համակարգի ստեղծմանը:
2. Ծրագրի արդյունավետ իրականացումը կարող է խթան հանդիսանալ մասնավոր հատվածի հետ կրթության ոլորտում նոր ծրագրերի, մասնավորապես՝ նոր կրթական կառույցների ձևավորման և դրանց շահագործման արդյունավետ իրականացման համար։
2. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Ծրագրի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթությունը որպես ռազմավարական առանցք դիտարկող պետական քաղաքականությանը համահունչ՝ ապահովել որակյալ, հասանելի և արդիական կրթություն, ինչպես նաև անվտանգ, ներառական և զարգացնող կրթական միջավայրի ձևավորում, որը կնպաստի մրցունակ, կարողունակ և նախաձեռնող քաղաքացիների կայացմանը։
4. Ծրագիրը միտված է ձևավորելու կրթության և գործնական հմտությունների ներդաշնակ զարգացում, խթանելու ցկյանս կրթության մշակույթը և ապահովելու սովորողների արդյունավետ ինտեգրումը ժամանակակից հասարակական ու մասնագիտական միջավայրին, ինչպես նաև աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական նպատակների իրականացմանը՝ ապահովելով կայուն ու ներառական զարգացում և մարդկային կապիտալի շարունակական վերարտադրություն:
3․ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
5. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կառուցել կրթահամալիր, ինչպես նաև ապահովել դրա հետագա շահագործումը: Կրթահամալիրը ներառելու է՝
1) հանրակրթական դպրոցի մասնաշենք՝ 700 տեղ հզորությամբ.
2) նախադպրոցական մասնաշենք՝ 150 տեղ հզորությամբ (100 տեղ մանկապարտեզ և 50 տեղ նախակրթարան).
3) երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոն՝ 60 տեղ հզորությամբ:
6. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել չորս հիմնական փուլերով՝
1) կրթահամալիրի նախագծում.
2) կրթահամալիրի կառուցում.
3) կրթահամալիրի գույքով և սարքավորումներով ապահովում.
4) կրթահամալիրի շահագործում:
7․ Ծրագրի իրականացման առաջին փուլում՝ մինչև 2026 թվականի ավարտը, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին (այսուհետ՝ ընկերակցություն) սեփականության իրավունքով պատկանող հողամասում 910 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման նպատակով ձեռք բերել և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) ներկայացնել նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ ներառյալ պարզ քաղաքաշինական և պետական համալիր փորձաքննությունների եզրակացությունները։
8․ Ծրագրի իրականացման երկրորդ փուլում՝ 2027 թվականից մինչև 2028 թվականի ավարտը, նախատեսվում է ընկերակցության կողմից կապալային աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության և հեղինակային հսկողության ծառայության գնման գործընթացի կազմակերպում և իրականացում։ Ծրագրի շրջանակներում կառուցված գույքի նկատմամբ գրանցվում է ընկերակցության սեփականության իրավունքը։
9․ Ծրագրի իրականացման երրորդ փուլում՝ մինչև 2029 թվականի առաջին կիսամյակի ավարտը, նախատեսվում է ընկերակցության կողմից դպրոցական և անհրաժեշտ այլ գույքի և սարքավորումների գնում և կառուցված կրթահամալիրի ամբողջական կահավորում։ Կրթահամալիրի գույքով ապահովումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված գույքի օրինակելի ցանկերին համապատասխան: Գույքի թարմացումը իրականացվում է միջինում 10 տարին մեկ անգամ՝ ծախսերն իրականացնելով սույն հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետում նշված սկզբունքով։
10․ Ծրագրի իրականացման չորրորդ փուլում՝ սկսած 2029/2030 ուսումնական տարվանից, նախատեսվում է կրթահամալիրի հետագա շահագործումը ընկերակցության կողմից:
11. Ընկերակցությունը պարտավորվում է ապահովել սույն ծրագրի շրջանակներում կառուցվելիք գույքի՝ որպես կրթահամալիր գործելը, որում ուսուցումը պետք է լինի անվճար։
12. Կրթահամալիրի դպրոցական մասնաշենքի ողջ հզորության չափով չհամալրվելու դեպքում մասնաշենքը այլ նպատակներով օգտագործումը համաձայնեցվում է նախարարության հետ։ Ընդ որում, մասնաշենքի այլ նպատակներով օգտագործումը չպետք է հակասի պետական կրթական շահերին և չպետք է խաթարի կրթահամալիրի բնականոն գործունեությունը: Մասնաշենքի այլ նպատակներով օգտագործման պայմանները սահմանվում են կնքվելիք նվիրաբերության պայմանագրով։
13. Ընկերակցությունը պահպանում է հողամասի և սույն ծրագրի շրջանակներում կառուցվելիք գույքի նկատմամբ սեփականության բոլոր իրավունքները՝ պայմանով, որ նշված գույքը չի կարող գրավադրվել։ Ընկերակցության կողմից սույն ծրագրի շրջանակներում կառուցվելիք գույքի հետագա օտարման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ստանում է սույն ծրագրի շրջանակներում կառուցվելիք գույքը (համապատասխան հողամասով) ձեռք բերելու նախապատվության իրավունք: Գույքի ձեռքբերման արժեքի որոշման պայմանները սահմանվում են նախարարության և ընկերակցության միջև կնքվող նվիրաբերության պայմանագրով: Սույն ծրագրի շրջանակներում կառուցված հանրակրթական դպրոցի շենքը ընկերակցության կողմից երրորդ անձի օտարելու դեպքում ընկերակցումթյունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնել սույն ծրագրի երկրորդ փուլի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացված հատկացումները։ Սույն պարտավորությունը չի առաջանում, եթե գույքը փոխանցվում է ընկերակցության կողմից հիմնադրված կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձին կամ նրա իրավահաջորդին՝ պայմանով, որ գույքը շարունակում է շահագործվել որպես կրթահամալիր: Ընդ որում, գույքը ձեռքբերող՝ ընկերակցության կողմից հիմնադրված կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձի կամ նրա իրավահաջորդի համար գործում են նույն կարգավորումները գույքի հետագա օտարման և (կամ) գրավադրման մասով, որոնք ամրագրված են սույն կետով ընկերակցության համար։ Գույքի հետագա օգտագործման, օտարման, գույքի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումների հետ կապված կարգավորումները սահմանվում են կնքվելիք նվիրաբերության պայմանագրով:
4. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
14. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.
2) Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի սեփական միջոցները:
15. Ծրագրի ֆինանսավորման սկզբունքներն են՝
1) ծրագրի առաջին փուլի ծախսերն իրականացվում են ընկերակցության սեփական միջոցներով.
2) ծրագրի երկրորդ փուլի ծախսերն իրականացվում են ընկերակցության սեփական միջոցներով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորմամբ։ Համաֆինանսավորումն իրականացվում է նվիրաբերության ձևով՝ համապատասխան գումարը փոխանցելով ընկերակցության հաշվեհամարին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նվիրաբերվում է միայն կրթահամալիրի դպրոցական մասնաշենքի կառուցման կապալային աշխատանքների փաստացի արժեքի 57,1 տոկոսի չափով գումարը (700 տեղ հզորությամբ հանրակրթական դպրոցի 400 տեղին համապատասխան համամասնությամբ), բայց ոչ ավելի քան համադրվող օբյեկտների1՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին համանման դպրոցների կառուցման տեղակապված արժեքների միջինացված արժեքը 1 աշակերտի համար՝ բազմապատկած 400-ով: Կրթահամալիրի դպրոցական մասնաշենքի կառուցման կապալային աշխատանքների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող մասի չափով ձեռքբերման, 150 տեղ հզորությամբ նախադպրոցական մասնաշենքի կառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման, 60 տեղ հզորությամբ երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի կառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման, կապալային աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման գծով ծախսերն իրականացվում են ընկերակցության միջոցներով.
3) ծրագրի երրորդ փուլի ծախսերն իրականացվում են ընկերակցության սեփական միջոցներով.
4) ծրագրի չորրորդ փուլի ծախսերն իրականացվում են ընկերակցության սեփական միջոցներով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորմամբ։ Համաֆինանսավորումն իրականացվում է նվիրաբերության ձևով՝ համապատասխան գումարը փոխանցելով ընկերակցության հաշվեհամարին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նվիրաբերվում է կրթահամալիրի հանրակրթական դպրոցում սովորող աշակերտների թվից 300-ը գերազանցող յուրաքանչյուր աշակերտի, բայց ոչ ավելի քան 400 աշակերտի կրթության ծախսի չափով գումարը։ Նվիրաբերվող գումարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգին համապատասխան իրականացված հաշվարկով (նշված կարգով հաշվարկվում է դպրոցի ողջ ֆինանսավորման չափը և կիրառվում է համամասնություն հանրակրթական դպրոցում սովորող աշակերտների թվից 300-ը գերազանցող մասի համար)։
16. Ծրագրի 1-3-րդ փուլերի կողմնորոշիչ արժեքը, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության օրենսդրությանը համապատասխան կատարված հաշվարկների, դպրոցաշինության և մանկապարտեզաշինության պետական ծրագրերի շրջանակներում համադրվող օբյեկտների կառուցման և կահավորման միջինացված հաշվարկների, կազմում է 4,028,000,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծրագրի շրջանակներում նվիրաբերվող գումարի առավելագույն չափը կազմում է 1,670,000,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կամ 41.5 տոկոս։
17. Ծրագրի 1-3-րդ փուլերի կողմնորոշիչ արժեքը, համաձայն Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում կիրառվող նորմերի և միջինացված հաշվարկների, կազմում է 6,445,000,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որից ընկերակցության սեփական միջոցներից ֆինանսավորվող գումարի չափը կազմում է 4,775,000,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կամ 74.1 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նվիրաբերվող գումարի առավելագույն չափը մնում է անփոփոխ և դրա մասնաբաժինը սույն կետով սահմանված արժեքում կազմում է 25.9 տոկոս:
18. Ծրագրի ֆինանսավորման՝ ըստ աղբյուրների և փուլերի կողմնորոշիչ արժեքներն են.
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նվիրաբերվող գումարի կողմնորոշիչ արժեքներն են․
ա. ծրագրի երկրորդ փուլի՝ կրթահամալիրի հանրակրթական դպրոցի մասնաշենքի կառուցման կապալային աշխատանքների համար նվիրաբերության գումարի առավելագույն չափը, սույն ծրագրի հաշվարկների համար որպես հիմք հանդիսացած դպրոցների կառուցման տեղակապված արժեքների համաձայն, կազմում է 1,670,000,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
բ. ծրագրի չորրորդ փուլի՝ կրթահամալիրի հանրակրթական դպրոցի մասնաշենքի հետագա շահագործման ծախսերի համար գումարի նվիրաբերության առավելագույն չափը որոշվում է սույն հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետում նշված սկզբունքին համապատասխան՝ 400 աշակերտի հաշվարկով: Կրթահամալիրի հանրակրթական դպրոցի ողջ հզորության ծավալով գործելու դեպքում տարեկան նվիրաբերվող գումարի առավելագույն չափը կազմում է 101,700,000.0 ՀՀ դրամ (ըստ նախնական հաշվարկների՝ 700 տեղ հզորությամբ հանրակրթական դպրոցի (մոտ 29 դասարան) տարեկան ֆինանսավորումը կազմում է մոտ 178,100,000.0 ՀՀ դրամ, հաշվարկվում է 57,1 տոկոսի չափով):
2) Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի սեփական միջոցներից ֆինանսավորվող գումարի կողմնորոշիչ արժեքներն են․
ա. ծրագրի առաջին փուլի՝ կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման արժեքների 100 տոկոսի ֆինանսավորում, որի կողմնորոշիչ չափը, համաձայն ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում կիրառվող նորմերի և միջինացված հաշվարկների, կազմում է 160,000,000.0 ՀՀ դրամ,
բ. ծրագրի երկրորդ փուլի՝ կրթահամալիրի հանրակրթական դպրոցի մասնաշենքի կառուցման կապալային աշխատանքների գումարի 300 աշակերտի հաշվարկով ֆինանսավորման կողմնորոշիչ չափը, համաձայն ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում կիրառվող նորմերի և միջինացված հաշվարկների, կազմում է 3,360,000,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
գ. ծրագրի երկրորդ փուլի՝ կրթահամալիրի նախադպրոցական մասնաշենքի կառուցման կապալային աշխատանքների գումարի 100 տոկոսի ֆինանսավորում, որի կողմնորոշիչ չափը, համաձայն ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում կիրառվող նորմերի և միջինացված հաշվարկների, կազմում է 799,200,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
դ. ծրագրի երկրորդ փուլի՝ կրթահամալիրի երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի կառուցման կապալային աշխատանքների գումարի 100 տոկոսի ֆինանսավորում, որի կողմնորոշիչ չափը, համաձայն ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում կիրառվող նորմերի և միջինացված հաշվարկների, կազմում է 66,000,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
ե. ծրագրի երկրորդ փուլի՝ կրթահամալիրի կառուցման կապալային աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության գումարի 100 տոկոսի ֆինանսավորում, որի կողմնորոշիչ չափը, դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրերի շրջանակներում հիմնականում կիրառված դրույքաչափի (կապալային աշխատանքների արժեքի 2.0%) և ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում կիրառվող նորմերի և միջինացված հաշվարկների համաձայն, կազմում է 127,650,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
զ. ծրագրի երկրորդ փուլի՝ կրթահամալիրի կառուցման կապալային աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողության ծառայության գումարի 100 տոկոսի ֆինանսավորում, որի կողմնորոշիչ չափը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1656-Ն որոշմամբ հաստատված կարգի 41-րդ կետի աղյուսակ 8-ի 2-րդ տողով սահմանված դրույքաչափի (կապալային աշխատանքների արժեքի 0.6%) և ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում կիրառվող նորմերի և միջինացված հաշվարկների համաձայն, կազմում է 37,375,200.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
է. ծրագրի երրորդ փուլի՝ կրթահամալիրի հանրակրթական դպրոցի մասնաշենքի գույքի և սարքավորումների ձեռքբերման գումարի 100 տոկոսի ֆինանսավորում, որի կողմնորոշիչ չափը, ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում 1 աշակերտի համար միջինում հաշվարկվում է 240,960.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և 700 աշակերտի հաշվարկով կազմում է 168,672,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
ը. ծրագրի երրորդ փուլի՝ կրթահամալիրի նախադպրոցական մասնաշենքի գույքի և սարքավորումների ձեռքբերման գումարի 100 տոկոսի ֆինանսավորում, որի կողմնորոշիչ չափը, ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում 1 սանի համար միջինում հաշվարկվում է 216,600.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և 150 սանի հաշվարկով կազմում է 32,490,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
թ. ծրագրի երրորդ փուլի՝ կրթահամալիրի երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի գույքի և սարքավորումների ձեռքբերման գումարի 100 տոկոսի ֆինանսավորում, որի կողմնորոշիչ չափը, ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում 1 երեխայի համար միջինում հաշվարկվում է 400,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և 60 երեխայի հաշվարկով կազմում է 24,000,000.0 ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
ժ. ծրագրի չորրորդ փուլի՝ կրթահամալիրի հանրակրթական դպրոցի մասնաշենքի հետագա շահագործման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է 300 աշակերտի հաշվարկով: Կրթահամալիրի հանրակրթական դպրոցի 1 աշակերտի հաշվարկով տարեկան ֆինանսավորման կողմնորոշիչ չափը կազմում է 360,000.0 ՀՀ դրամ, իսկ 300 աշակերտի հաշվարկով՝ 108,000,000.0 ՀՀ դրամ),
ժա. ծրագրի չորրորդ փուլի՝ կրթահամալիրի նախադպրոցական մասնաշենքի հետագա շահագործման ծախսերի 100 տոկոսի ֆինանսավորում: Կրթահամալիրի մանկապարտեզի 1 սանի հաշվարկով տարեկան ֆինանսավորման կողմնորոշիչ չափը կազմում է 216,000.0 ՀՀ դրամ, իսկ 150 սանի հաշվարկով՝ 32,400,000.0 ՀՀ դրամ),
ժբ. ծրագրի չորրորդ փուլի՝ կրթահամալիրի երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի հետագա շահագործման ծախսերի 100 տոկոսի ֆինանսավորում: Կրթահամալիրի ցերեկային կենտրոնի 1 երեխայի հաշվարկով տարեկան ֆինանսավորման կողմնորոշիչ չափը կազմում է 288,000.0 ՀՀ դրամ, իսկ 60 երեխայի հաշվարկով՝ 17,280,000.0 ՀՀ դրամ):
_______________________
1 Համադրվող օբյեկտներն ընտրվել են այնպես, որ առավելագույն հնարավոր չափով համընկնի հզորությունը, տեղակայման ռելիեֆը և ապաստարանի առկայությունը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
28.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|