ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԱՓԱՆՄՈՒՇԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆՄՈՒՇ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1299-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա
Կարգավիճակ
Գործում է (02.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.04/64(1004).1 Հոդ.1135.13
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 01.10.26 N 1403-Ն)

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1299-Ն

 

ՉԱՓԱՆՄՈՒՇԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆՄՈՒՇ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 01.10.26 N 1403-Ն)

 

Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

1. Սահմանել չափանմուշը որպես ազգային չափանմուշ ճանաչելու, պահպանելու, կատարելագործելու և դրա ճանաչումը դադարեցնելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1299-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՉԱՓԱՆՄՈՒՇԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆՄՈՒՇ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են չափանմուշը որպես ազգային չափանմուշ ճանաչելու, պահպանելու, կատարելագործելու և դրա ճանաչումը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված իմաստը։

3. Չափանմուշը ճանաչվում է ազգային չափանմուշ, եթե`

1) դրա չափագիտական բնութագրերը, ճշտության դասը և արժեքներն ամենաբարձրն են կամ համարժեք են Հայաստանի Հանրապետությունում տվյալ չափման տեսակի չափանմուշների չափագիտական բնութագրերին․

2) տեխնիկական հնարավորություններն ապահովում են չափի պահպանման և փոխանցման այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են ազգային և միջազգային չափագիտական պահանջներին, իսկ չափանմուշն իր չափագիտական և տեխնիկական բնութագրերով կարող է մասնակցել միջազգային համեմատություններին և ապահովել միջազգային մակարդակով չափագիտական համադրելիություն։

4. Սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխանությունը, այն է՝ չափանմուշի չափագիտական բնութագրերի, ճշտության դասի և արժեքների՝ Հայաստանի Հանրապետությունում տվյալ չափման տեսակի չափանմուշների համեմատ ամենաբարձր կամ համարժեք լինելու հանգամանքը, գնահատվում է սույն կարգով սահմանված ընթացակարգի համաձայն՝ չափագիտության ազգային մարմնի կողմից ձևավորված աշխատանքային խմբի կողմից իրականացված նախնական գնահատման և չափագիտության խորհրդի կողմից իրականացված գնահատման արդյունքների հիման վրա։

5. Ազգային չափանմուշը`

1) համապատասխանում է միջազգային կամ տարածաշրջանային չափագիտական կազմակերպությունների և համաձայնագրերի, այդ թվում՝ Չափանմուշների և ազգային չափագիտական ինստիտուտների կողմից տրված տրամաչափարկման և չափման հավաստագրերի փոխադարձ ճանաչման համաձայնագրի (CIPM MRA) շրջանակում կիրառվող մոտեցումներին՝ դրանց կիրառելիության դեպքում.

2) ապահովում է երկարաժամկետ կայունություն, վերարտադրելիություն և համադրելիություն միջազգային կազմակերպությունների կամ այլ երկրների չափագիտության ազգային ինստիտուտների չափանմուշների հետ տրամաչափարկման միջոցով.

3) կիրառվում է չափումների միասնականության ապահովման նպատակով։

6. Չափանմուշ ունեցող կազմակերպությունը ազգային չափանմուշ ճանաչելու վերաբերյալ դիմում-հայտը ներկայացնում է չափագիտության ազգային մարմին:

7. Չափանմուշ ունեցող կազմակերպությունը չափանմուշը որպես ազգային չափանմուշ ճանաչելու նպատակով դիմում-հայտ ներկայացնելու իրավունք ունի, եթե բավարարում է սույն կետով սահմանված բոլոր հետևյալ պայմանները՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ է և ունի չափանմուշի նկատմամբ սեփականության, տիրապետման կամ օգտագործման իրավական հիմք.

2) ունի չափանմուշի պահպանման և կիրառման համար նախատեսված առանձին տարածք, որը հնարավորություն է տալիս ապահովելու չափանմուշի համար սահմանված ջերմաստիճանի, հարաբերական խոնավության, ճնշման, թրթռումների, էլեկտրամագնիսական ազդեցությունների և այլ արտաքին գործոնների թույլատրելի սահմանները՝ չափանմուշի տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան.

3) ունի առնվազն մեկ աշխատակից, որն ունի չափագիտական գործունեության բնագավառին համապատասխան մասնագիտական կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

4) ապահովում է չափանմուշի չափագիտական հետևելիությունը՝ դրա չափագիտական բնութագրերի պարբերական տրամաչափարկման, չափումների արդյունքների համեմատության կամ չափագիտական հետևելիություն ապահովող փաստաթղթավորված ընթացակարգերի միջոցով․

5) ունի չափանմուշի պահպանման և կիրառման համար անհրաժեշտ չափման միջոցներ, սարքավորումներ և տեխնիկական միջոցներ։

8. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) չափանմուշի անձնագիրը.

2) չափանմուշի նկատմամբ սեփականության, տիրապետման կամ օգտագործման իրավական հիմքը հավաստող փաստաթղթերը.

3) չափանմուշի պահպանման և կիրառման համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների և տեխնիկական միջոցների առկայությունը հավաստող փաստաթղթերը.

4) չափանմուշի չափագիտական հետևելիության ապահովումը հավաստող փաստաթղթերը.

5) չափանմուշի տրամաչափարկման արդյունքները (չափումների միասնականության ապահովման համակարգով ճանաչված, Ազգային չափանմուշների փոխադարձ ճանաչման և համարժեքության համաձայնագրի (CIPM MRA 1999 թվականի) մասնակից երկրի ճանաչված ազգային չափանմուշից հետևելիությունն ապահովող տրամաչափարկման արդյունքները).

6) չափանմուշի պահպանման և կիրառման կանոնները.

7) չափանմուշը պահպանող կառույցի գործունեության ոլորտի վերաբերյալ տեղեկությունները.

8) միջազգային համեմատություններին մասնակցության վերաբերյալ տվյալները (առկայության դեպքում).

9) այլ փաստաթղթեր, որոնց ներկայացման անհրաժեշտությունը հիմնավորվում է չափագիտության ազգային մարմնի կողմից և որոնք անմիջականորեն առնչվում են ազգային չափանմուշ ճանաչելու համար ներկայացված չափանմուշի չափագիտական բնութագրերի, ճշտության, չափման անորոշության կամ չափումների հետևելիության գնահատմանը։

9. Ճանաչված ազգային չափանմուշի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունը չափանմուշ ունեցող կազմակերպության կողմից ներկայացվում է չափագիտության ազգային մարմնին՝ կից ներկայացնելով՝

1) ազգային չափանմուշի կատարելագործման անհրաժեշտության հիմնավորումը՝ նշելով առկա չափագիտական բնութագրերի բարելավման անհրաժեշտությունը.

2) ազգային չափանմուշի գործող և առաջարկվող չափագիտական բնութագրերի համեմատական վերլուծությունը.

3) առաջարկվող կատարելագործման վերաբերյալ տեխնիկական նկարագիրը, այդ թվում՝ նախատեսվող փոփոխությունները, կիրառվող տեխնիկական լուծումները և դրանց ազդեցությունը չափանմուշի չափագիտական բնութագրերի վրա.

4) չափանմուշի կատարելագործման արդյունքում ակնկալվող չափագիտական բնութագրերի, ճշտության դասի կամ չափման անորոշության վերաբերյալ տեղեկատվությունը.

5) անհրաժեշտության դեպքում՝ չափանմուշի կատարելագործման իրականացման հնարավորությունը հիմնավորող չափումների, հետազոտությունների կամ հաշվարկների արդյունքները:

10. Հայտը գրանցելուց կամ ճանաչված ազգային չափանմուշի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում չափագիտության ազգային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է չափագիտության ազգային մարմնի առնվազն 5 աշխատակիցներից բաղկացած աշխատանքային խումբ։

11. Աշխատանքային խումբն ուսումնասիրում է`

1) չափանմուշի տեխնիկական և չափագիտական բնութագրերը.

2) չափման անորոշությունը.

3) չափագիտական հետևելիությունը.

4) չափանմուշի պահպանման պայմանները.

5) միջազգային պահանջներին համապատասխանությունը.

6) ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու հավաստիությունը, ինչպես նաև ճանաչված ազգային չափանմուշի կատարելագործման վերաբերյալ ներկայացված առաջարկությունը հիմնավորող փաստաթղթերը։

12. Աշխատանքային խումբը ձևավորվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, չափագիտության ազգային մարմնին ներկայացնում է նախնական գնահատման եզրակացություն՝ չափանմուշի՝ որպես ազգային չափանմուշ ճանաչման չափանիշներին համապատասխանության կամ անհամապատասխանության, ինչպես նաև ճանաչված ազգային չափանմուշի կատարելագործման առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ։

13. Սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային խումբը չափագիտության ազգային մարմին է ներկայացնում նախնական գնահատման բացասական եզրակացություն՝ չափանմուշի՝ որպես ազգային չափանմուշ ճանաչման չափանիշներին չհամապատասխանելու կամ ճանաչված ազգային չափանմուշի կատարելագործման առաջարկությունը մերժելու վերաբերյալ։

14. Սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում աշխատանքային խումբը չափագիտության ազգային մարմին է ներկայացնում նախնական գնահատման դրական եզրակացություն։

15. Չափագիտության ազգային մարմինը նախնական գնահատման դրական եզրակացության դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում, նյութերը ներկայացնում է չափագիտության խորհրդի քննարկմանը։

16. Չափագիտության խորհուրդը 20 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ներկայացված նյութերը և աշխատանքային խմբի նախնական գնահատման եզրակացությունը, իրականացնում է գնահատում՝ ըստ հետևյալ չափանիշների՝

1) չափագիտական բնութագրերը.

2) չափման անորոշությունը.

3) միջազգային համադրելիությունը.

4) չափագիտական հետևելիության շղթայի ապահովումը.

5) ճանաչված ազգային չափանմուշի կատարելագործման վերաբերյալ ներկայացված առաջարկությանը կից փաստաթղթերի հիմնավորվածությունը.

6) ազգային չափանմուշի ճանաչման դադարեցման դեպքում՝ սույն հավելվածի 25-րդ կետով նախատեսված համապատասխան հիմքի առկայությունը։

17. Չափագիտության խորհուրդը սույն հավելվածի 16-րդ կետով նախատեսված գնահատման արդյունքներն ամփոփող եզրակացությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է չափագիտության ազգային մարմին, որը չափագիտության խորհրդի եզրակացության հիման վրա չափագիտության լիազոր մարմին է ներկայացնում չափանմուշը որպես ազգային չափանմուշ ճանաչելու, ճանաչված ազգային չափանմուշի կատարելագործման կամ դրա ճանաչումը դադարեցնելու վերաբերյալ հիմնավորված առաջարկություն՝ եզրակացությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

18. Չափագիտության լիազոր մարմինը սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված առաջարկությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան իրավական ակտի ընդունմամբ՝

1) ճանաչում է չափանմուշը որպես ազգային չափանմուշ.

2) հաստատում է ճանաչված ազգային չափանմուշի կատարելագործման արդյունքները՝ համապատասխան փոփոխություններ կատարելով իրավական ակտում.

3) դադարեցնում է ազգային չափանմուշի ճանաչումը։

19. Ազգային չափանմուշ ճանաչելու իրավական ակտում նշվում են`

1) ազգային չափանմուշի անվանումը.

2) չափվող կամ վերարտադրվող մեծությունը.

3) չափագիտական բնութագրերը.

4) չափանմուշի պահման վայրը.

5) չափանմուշը պահպանող կառույցի տվյալները.

6) կիրառման ոլորտը։

20. Ազգային չափանմուշ պահպանող կառույցը պատասխանատու է ազգային չափանմուշի չափագիտական հետևելիության ապահովման, ինչպես նաև չափանմուշ արտադրողի կողմից սահմանված պահանջների և կիրառման կանոնների պահպանման համար։

21. Ազգային չափանմուշ պահպանող կառույցը ազգային չափանմուշի չափագիտական հետևելիության ապահովման նպատակով՝

1) իրականացնում է ազգային չափանմուշի տրամաչափարկում՝ չափագիտական հետևելիության անընդհատությունն ապահովելու նպատակով.

2) ապահովում է ազգային չափանմուշի պահպանումը, կիրառումը և, անհրաժեշտության դեպքում, կատարելագործումը.

3) վարում է ազգային չափանմուշի փաստաթղթավորումը․

4) հնարավորության առկայության դեպքում մասնակցում է միջազգային կամ տարածաշրջանային համեմատություններին։

22. Ազգային չափանմուշի կատարելագործումը ներառում է`

1) տեխնիկական արդիականացում և լավարկում.

2) չափման անորոշության նվազեցում.

3) միջազգային համեմատությունների արդյունքների հիման վրա ճշտումների իրականացում.

4) ծրագրային կամ սարքաշինական բարելավումներ։

23. Ազգային չափանմուշների տրամաչափարկման, համեմատությունների և տեխնիկական սպասարկման արդյունքները գրանցվում են չափանմուշը պահպանող կառույցի կողմից՝ համապատասխան մատյաններում և էլեկտրոնային շտեմարաններում։

24. Ազգային չափանմուշների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է համապատասխան ռեեստրում, որը վարում է չափագիտության ազգային մարմինը։ Ռեեստրում ներառվում են ազգային չափանմուշի նույնականացման, ճանաչման, պահպանման, չափագիտական բնութագրերի, չափագիտական հետևելիության, ինչպես նաև դրա կատարելագործման և ճանաչման դադարեցման վերաբերյալ տեղեկությունները։

25. Ազգային չափանմուշի ճանաչումը դադարեցվում է, եթե`

1) այն այլևս չի ապահովում սահմանված չափագիտական բնութագրերը.

2) խախտվել է չափագիտական հետևելիությունը.

3) անհնար է դարձել դրա հետագա կիրառումը կամ պահպանումը.

4) ստեղծվել կամ ճանաչվել է առավել բարձր ճշտությամբ այլ ազգային չափանմուշ.

5) չափանմուշը պահպանող կառույցի կողմից ներկայացվել է ազգային չափանմուշի ճանաչումը դադարեցնելու վերաբերյալ հիմնավորված դիմում՝ նշելով դրա պահպանման կամ կիրառման անհնարինության հիմքերը։

26. Սույն հավելվածի 25-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դիմումը ստանալու, ինչպես նաև 25-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկություն ստանալու դեպքում չափագիտության ազգային մարմինը ձևավորում է աշխատանքային խումբ՝ ազգային չափանմուշի ճանաչման դադարեցման հիմքերի առկայությունը գնահատելու նպատակով։

27. Աշխատանքային խումբն իրականացնում է համապատասխան ուսումնասիրություն և ուսումնասիրության ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, չափագիտության խորհրդի քննարկմանն է ներկայացնում եզրակացություն՝ ազգային չափանմուշի ճանաչման դադարեցման հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ։

28. Չափագիտության խորհուրդը 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է աշխատանքային խմբի եզրակացությունը ազգային չափանմուշի ճանաչման դադարեցման վերաբերյալ և արդյունքները ներկայացնում չափագիտության ազգային մարմին։

29. Չափագիտության ազգային մարմինը չափագիտության լիազոր մարմին է ներկայացնում չափագիտության խորհրդի եզրակացությունը, գնահատման ընթացքում ուսումնասիրված՝ ազգային չափանմուշի ճանաչման դադարեցման հիմքերը հիմնավորող փաստաթղթերը։

30. Ազգային չափանմուշի ճանաչումը դադարեցվում է չափագիտության լիազոր մարմնի կողմից՝ համապատասխան իրավական ակտի ընդունմամբ։

31. Ճանաչումը դադարեցված ազգային չափանմուշը հանվում է ազգային չափանմուշների ռեեստրից: