ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1462-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (01.01.2027-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2026 թվականի N 1462-Ն

 

ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ և 76․1-ին հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը, տեղեկատվության ներկայացման և այդ տեղեկատվության հասանելիության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

08.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 8-ի N 1462-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ

 

1․ Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ և 76․1-ին հոդվածի 1-ին մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակի, տեղեկատվության ներկայացման և ներկայացված այդ տեղեկատվության հասանելիության հետ կապված հարաբերությունները։

2. Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողն առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանված ԵՏՄ անդամ այլ պետությունում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների վերաբերյալ հարկային մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը՝

1) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

2) առևտրի էլեկտրոնային հարթակի անվանումը և պաշտոնական էլեկտրոնային հասցեն (ինտերնետային կայքէջի հասցեն).

3) Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման մասով տրանսպորտային (ապրանքաուղեկցող) փաստաթղթի (ապրանքների տեղափոխումը հաստատող այլ փաստաթղթի)՝ առկայության դեպքում, համարն ու ամսաթիվը.

4) ապրանք մատակարարող կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

5) ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ապրանքի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը՝ նվազագույնը 6 նիշի մակարդակով՝ նշված վաճառողի կողմից, ապրանքի անվանումը՝ տվյալ ապրանքի ամբողջական նկարագրությանը համապատասխան, առևտրի էլեկտրոնային հարթակով վաճառքի համար ապրանքի նույնականացման կոդը (արտիկուլը), ապրանքի չափման միավորը, քանակը, արժույթը, միավորի գինը և ընդհանուր արժեքը, ֆիզիկական անձին ապրանքը հանձնելու ամսաթիվը։ Ընդ որում, ապրանքի ընդհանուր արժեքը որոշվում է հիմք ընդունելով առևտրի էլեկտրոնային հարթակով վաճառվող ապրանքի համար վաճառողի կողմից սահմանված գինը՝ հաշվի առնելով վաճառողի կողմից սահմանված զեղչը.

6) վերադարձված ապրանքի կամ վճարված ապրանքից ֆիզիկական անձի հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ երբ Հայաստանի Հանրապետությունից արտահանված՝ վերադարձված ապրանքները հետ են ներմուծվում Հայաստանի Հանրապետություն, ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ նվազագույնը 6 նիշի մակարդակով՝ նշված վաճառողի կողմից, ապրանքի անվանումը (նկարագրությունը), առևտրի էլեկտրոնային հարթակով վաճառքի համար ապրանքի նույնականացման կոդը (արտիկուլը), ապրանքի չափման միավորը, քանակը, արժույթը, միավորի գինը և ընդհանուր արժեքը, ապրանքի արտահանման տրանսպորտային (ապրանքաուղեկցող) փաստաթղթի (ապրանքների տեղափոխումը հաստատող այլ փաստաթղթի)՝ առկայության դեպքում, համարն ու ամսաթիվը, ապրանքի վերադարձի կամ վճարված ապրանքից ֆիզիկական անձի հրաժարվելու ամսաթիվը։ Ընդ որում, ապրանքի ընդհանուր արժեքը որոշվում է հիմք ընդունելով առևտրի էլեկտրոնային հարթակով վաճառվող ապրանքի համար վաճառողի կողմից սահմանված գինը՝ հաշվի առնելով վաճառողի կողմից սահմանված զեղչը:

3․ Սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունն առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը հարկային մարմին է ներկայացնում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով՝ հարկային մարմնի սահմանած ծրագրային ձևաչափին համապատասխան։ Տեղեկատվության ներկայացման համար անհրաժեշտ համապատասխան ծրագրային ձևաչափը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

4․ Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացնում յուրաքանչյուր ամսվա համար՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը։

5. Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը հարկային մարմին ներկայացված տեղեկատվությունում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ներկայացնում է ճշտված տեղեկատվություն։

6․ Հարկային մարմինը, առևտրի էլեկտրոնային հարթակների կողմից յուրաքանչյուր կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մասով սույն կարգին համապատասխան՝ ներկայացված տեղեկատվությունը (այդ թվում՝ ճշտված) ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է ներկայացված տեղեկատվության հասանելիությունը՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ տվյալ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


08.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2026 թվական: