ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 882-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա
Կարգավիճակ
Գործում է (13.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2026 թվականի N 882-Ն

 

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության գնահատողի ընտրության կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերում, երբ գնահատման ծառայությունների դիմաց հատուցումն իրականացվելու է պետական բյուջեի հաշվին, այդ ծախսերը պլանավորվում և կատարվում են որպես գնում չհանդիսացող ծախսեր:

3. Սույն որոշմամբ նախատեսվող ծրագրի գործարկման դեպքում՝ այդ ծրագրում սույն որոշման 5-րդ կետով նախատեսված տվյալները մուտքագրելու պահից վիճակահանությունն իրականացվում է այդ ծրագրի միջոցով՝ սույն որոշմամբ սահմանված կարգով:

(3-րդ կետը խմբ. 08.10.26 N 1467-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։

(4-րդ կետը փոփ. 08.10.26 N 1467-Ն)

5. Սույն որոշմամբ նախատեսված ծրագրի գործարկման օրվանից հետո մեկամսյա ժամկետում ծրագրում մուտքագրվում է տվյալ օրվա դրությամբ «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով հաշվառված գնահատողների վերաբերյալ տվյալները:

(5-րդ կետը փոփ. 08.10.26 N 1467-Ն)

6. Մինչև սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ծրագրի գործարկումը գնահատողի ընտրությունն իրականացնում է Կադաստրի կոմիտեն՝ թղթային եղանակով անցկացվող վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով և սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված կանոններին համապատասխան՝ հետևյալ առանձնահատկությունների պահպանմամբ՝

1) լիազոր մարմնի և Կադաստրի կոմիտեի միջև սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված փաստաթղթերի շրջանառությունը, ներառյալ՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ կետով նախատեսված հայտի ներկայացումն իրականացվում է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» («Mulberry») համակարգի միջոցով.

2) Կադաստրի կոմիտեն, գնահատողները և գնահատման կազմակերպությունները միմյանց հետ սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված փաստաթղթերի, տեղեկությունների և ծանուցումների փոխանակումն ու շրջանառությունն ապահովում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ Կադաստրի կոմիտեի և գնահատողների, գնահատման կազմակերպությունների՝ Կադաստրի կոմիտեին տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով.

3) սույն կետով նախատեսված՝ վիճակահանության կազմակերպումը և անցկացումը, գնային առաջարկների համեմատումը, արդյունքների ամփոփումը, արձանագրության կազմումը, անհրաժեշտ փաստաթղթերի, տեղեկությունների և ծանուցումների փոխանակումը, ինչպես նաև գործընթացի շրջանակում ձևավորված նյութերի հաշվառումը, արխիվացումը և պահպանումն իրականացնում է Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանումը.

4) սույն կետով նախատեսված վիճակահանության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է.

5) հայտի հերթական համար է համարվում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» («Mulberry») համակարգում հայտին տրված հերթական համարը, իսկ հայտի մուտքագրման ամսաթիվ՝ նույն համակարգում դրա գրանցման ամսաթիվը։ Վիճակահանությունն անցկացվում է Կադաստրի կոմիտեի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» («Mulberry») համակարգում հայտի գրանցման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.

6) վիճակահանությանը մասնակցում են Կադաստրի կոմիտեի կողմից որակավորված և հաշվառված գնահատողները, որոնցից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, որակավորման վկայականի համարը, ինչպես նաև այն գնահատման կազմակերպության անվանումը, որի մոտ տվյալ անձն աշխատում է հիմնական հաստիքով որպես գնահատող, նշվում են սպիտակ թերթիկի վրա։ Թերթիկները ծալվում են երկու անգամ, կարվում կարիչով և դրվում թափանցիկ թմբուկի մեջ.

7) թմբուկը պտտելուց հետո Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման աշխատակիցը դրանից պատահականության սկզբունքով հանում է հինգ թերթիկ, որոնցում նշված գնահատողները և գնահատման այն կազմակերպությունը, որի մոտ ընտրված գնահատողը հիմնական հաստիքով աշխատում է որպես գնահատող, համարվում են սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 12-րդ կետով ընտրված գնահատողներ: Ընտրված գնահատողները և գնահատման այն կազմակերպությունը, որի մոտ ընտրված գնահատողը հիմնական հաստիքով աշխատում է որպես գնահատող, Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման աշխատակցի կողմից իրենց էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու եղանակով ծանուցվում են իրենց թեկնածության ընտրության մասին, ինչպես նաև ստանում են գնային առաջարկ ներկայացնելու հրավեր։ Վիճակահանությամբ ընտրված գնահատողները գնային առաջարկները ներկայացնում են համապատասխան հրավերն էլեկտրոնային փոստով ուղարկելու պահից սկսած՝ 72 ժամվա ընթացքում, հրավերն ուղարկած էլեկտրոնային փոստի հասցեին պատասխան նամակ ուղարկելու միջոցով։ Սույն ենթակետով սահմանված ժամկետի սկիզբ և առաջարկի ներկայացման ժամ է համարվում էլեկտրոնային փոստով ուղարկված նամակի արձանագրված ժամը: Սույն ենթակետով սահմանված ժամկետից թեկուզ 1 րոպե ուշ ներկայացված առաջարկները համարվում են չներկայացված:

8) սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 13-րդ կետով նախատեսված՝ գնային առաջարկների համեմատությունն իրականացնում է Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման աշխատակիցը՝ սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Գնային առաջարկները բացելու և համեմատելու գործընթացը տեսաձայնագրվում է: Հավասար նվազագույն գնային առաջարկների դեպքում գնահատողի ընտրությունն իրականացվում է նույն օրը՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած գնահատողների միջև՝ սույն կետով նախատեսված կարգով.

9) սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 15-րդ կետով նախատեսված դեպքերում նոր վիճակահանությունն անցկացվում է սույն կետով նախատեսված կարգով, որին տվյալ հայտի հիման վրա անցկացված վիճակահանության արդյունքում ընտրված բոլոր հինգ գնահատողները չեն մասնակցում.

10) սույն կարգով ընտրված գնահատողը և գնահատման այն կազմակերպությունը, որի մոտ տվյալ անձը հիմնական հաստիքով աշխատում է որպես գնահատող, Կադաստրի կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանման աշխատակցի կողմից վիճակահանության արդյունքներն ամփոփելուց հետո՝ հաջորդ աշխատանքային օրը, էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու եղանակով ծանուցվում են իրենց թեկնածության ընտրության մասին: Վիճակահանության արդյունքների մասին արձանագրությունը կազմվում է թեկնածուի ընտրության մասին ծանուցումն ուղարկելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, և ներառում է սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 16-րդ կետով նախատեսված տեղեկությունները: Արձանագրությունն այն կազմելու օրվան հաջորդ աշխատանքային օրն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Մալբերի» («Mulberry») համակարգի միջոցով ուղարկվում է լիազոր մարմնին.

11) սույն կետով նախատեսված գործընթացի շրջանակում ձևավորված տեղեկությունները, փաստաթղթերը, վիճակահանության արդյունքների մասին արձանագրությունները և տեսաձայնագրությունները մինչև սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ծրագրի գործարկումը պահպանվում են Կադաստրի կոմիտեի կողմից։ Ծրագրի գործարկումից հետո՝ մեկամսյա ժամկետում, ապահովվում է մինչև ծրագրի գործարկումը ձևավորված տեղեկությունների և տվյալների՝ ծրագրում մուտքագրումը և պահպանումը:

(6-րդ կետը լրաց. 08.10.26 N 1467-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 18-ի N 882-Ն որոշման

 

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

1. ԳՆԱՀԱՏՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների (բացառությամբ գրավառուների) կողմից գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում գնահատողի ընտրության իրականացման հարաբերությունները։

2. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջ և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների կողմից գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում գնահատողի ընտրությունն իրականացվում է պատահականության սկզբունքով՝ Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից հատուկ համակարգչային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) միջոցով կատարվող վիճակահանությամբ:

3. Վիճակահանությունն իրականացվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով հաշվառված և սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով վիճակահանություններին մասնակցելու համար ակտիվ կարգավիճակ ունեցող գնահատողների թվից։

4. Յուրաքանչյուր գնահատող իր անձնական էջում ունի հատուկ դաշտ՝ վիճակահանություններին մասնակցելու կամ չմասնակցելու համար ընտրություն կատարելու համար։ Գնահատողի մասնակցությունը վիճակահանություններին համարվում է ակտիվ, քանի դեռ գնահատողը չի ապաակտիվացրել նշված դաշտում առկա կոճակը։ Կոճակի կարգավիճակը (ակտիվացումից ապաակտիվացում կամ հակառակը) կարող է փոփոխվել ոչ շուտ, քան 24 ժամը մեկ անգամ։

5. Գնահատողները «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով հաշվառվելուց հետո մեկօրյա ժամկետում ներառվում են գնահատում իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկում, և ծրագրում մուտքագրվում են նրանց վերաբերյալ տվյալները՝ նշելով նաև այն գնահատման կազմակերպությունը, որի մոտ տվյալ անձն աշխատում է հիմնական հաստիքով որպես գնահատող:

 

2. ՀԱՅՏԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

6. Գնահատողի թեկնածուի ընտրության վերաբերյալ հայտը (այսուհետ՝ հայտ) գնահատման ենթակա սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմնից, իսկ այդ գործառույթը Երևանի քաղաքապետին պատվիրակված լինելու դեպքում Երևանի քաղաքապետարանից (այսուհետ՝ լիազոր մարմին) ստացվում է ծրագրի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով, և ինքնաշխատ եղանակով արտացոլվում է ծրագրում: Հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության նույն որոշման շրջանակում օտարման ենթակա մինչև երկու հարյուր սեփականությունների մասով կարող է ներկայացվել մեկ հայտ, որը պետք է պարունակի օտարվող յուրաքանչյուր սեփականության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և հերթական համարը.

2) լիազոր մարմնի անվանումը.

3) օտարվող գույքի հասցեն կամ գտնվելու վայրը, վկայականի համարը (առկայության դեպքում), գույքի կադաստրային ծածկագիրը.

4) նշում՝ հայտը «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա գնահատողի ընտրության համար ներկայացված լինելու մասին։

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված հայտի մուտքագրվելու պահից ծրագիրն ինքնաշխատ եղանակով գեներացնում է հայտի հերթական համարը, հայտի մուտքագրման ամսաթիվը, ինչպես նաև վիճակահանության ամսաթիվը:

8. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները՝ որպես լիազոր մարմնի կողմից ներկայացված հայտ, դրանց մուտքագրման պահից ինքնաշխատ եղանակով հրապարակվում և հասանելի են դառնում ծրագրում:

 

3. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

9. Մուտքագրված յուրաքանչյուր հայտի մասով վիճակահանությունն անցկացվում է ծրագրի միջոցով` ինքնաշխատ եղանակով, առանց կոմիտեի միջամտության՝ վիճակահանությամբ ընտրվելու հավանականության գործակիցների հիման վրա կատարվող պատահական ընտրությամբ:

10. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության նույն որոշման շրջանակում օտարման ենթակա մինչև երկու հարյուր գույքերի վերաբերյալ մեկ հայտ ներկայացվելու դեպքում գնահատողի ընտրության վիճակահանությունն իրականացվում է տվյալ հայտի հիման վրա` մեկ անգամ:

11. Տվյալ օրվա ընթացքում մուտքագրված հայտերի մասով վիճակահանությունն անցկացվում է դրա մուտքագրման օրն անմիջապես:

 

4. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

12. Վիճակահանության անցկացման արդյունքում ծրագիրը պատահականության սկզբունքով ընտրում է հինգ գնահատողի, որոնց տվյալները գաղտնի են և հասանելի չեն ընտրված գնահատողներին: Ընտրված գնահատողները ծրագրի միջոցով՝ էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու եղանակով, ծանուցվում են իրենց թեկնածության ընտրության մասին, ինչպես նաև ստանում են գնային առաջարկ ներկայացնելու հրավեր։

13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված ծանուցումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում վիճակահանության արդյունքում ընտրված գնահատողները ծրագրում ներկայացնում են իրենց գնային առաջարկները։ Գնային առաջարկները ներկայացվում են փակ եղանակով, և յուրաքանչյուր գնահատողի կողմից ներկայացված գնային առաջարկը հասանելի չէ մյուս գնահատողներին։ Սահմանված ժամկետի ավարտից հետո ծրագիրն ինքնաշխատ եղանակով համեմատում է ներկայացված գնային առաջարկները և ընտրում ամենացածր գնային առաջարկը ներկայացրած գնահատողին: Այն դեպքում, երբ երկու և ավելի գնահատողներ ներկայացրել են հավասար նվազագույն գնային առաջարկ, ծրագիրն ինքնաշխատ եղանակով՝ պատահականության սկզբունքով կատարում է ընտրությունը նրանց միջև։ Եթե գնահատողը սույն կետով նախատեսված ժամկետում գնային առաջարկ չի ներկայացնում, ապա սահմանված ժամկետի ավարտից հետո համարվում է, որ գնահատողը հրաժարվել է օտարվող սեփականության գնահատում իրականացնելուց:

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված կարգով ընտրված գնահատողը և գնահատման այն կազմակերպությունը, որի մոտ տվյալ անձը հիմնական հաստիքով աշխատում է որպես գնահատող, ծրագրի միջոցով՝ էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու եղանակով, ծանուցվում են իրենց թեկնածության ընտրության մասին:

15. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով ընտրված գնահատողներից առնվազն երեք գնահատողի կողմից գնառաջարկ չներկայացվելու կամ մինչև գնահատումն իրականացնելը գնահատողի որակավորման վկայականի գործողությունը դադարելու կամ վերջինիս լիազոր մարմնի հաշվառումից հանելու դեպքերում ծրագիրն ինքնաշխատ եղանակով իրականացնում է նոր վիճակահանություն, որին տվյալ հայտի հիման վրա անցկացված վիճակահանության արդյունքում ընտրված բոլոր հինգ գնահատողները չեն մասնակցում: Նոր վիճակահանության նկատմամբ կիրառվում են սույն կարգով սահմանված ծանուցման, համաձայնություն հայտնելու կամ հրաժարվելու կարգը։

16. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված ծանուցումն ուղարկելու հաջորդ աշխատանքային օրը ծրագրի միջոցով գեներացվում և արտաբերվում է վիճակահանության արդյունքների մասին արձանագրություն՝ յուրաքանչյուր հայտի մասով առանձին: Արձանագրությունը պարունակում է նույնականացնող համար, ինչպես նաև տվյալներ՝ լիազոր մարմնի կողմից ներկայացված հայտի (լիազոր մարմնի անվանումը, օտարվող սեփականության նույնականացնող տվյալները, քանակը), հայտի հերթական համարի, վիճակահանության ամսաթվի, վիճակահանությանը մասնակցած գնահատողների թվի, վիճակահանության արդյունքում ընտրված գնահատողի թեկնածուի (անուն, ազգանուն, որակավորման վկայականի համար, ինչպես նաև այն գնահատման կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), որի մոտ տվյալ անձը հիմնական հաստիքով աշխատում է որպես գնահատող և որի միջոցով ընտրված գնահատողն իրականացնելու է գնահատումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` նաև պետական հաշվառման համար, իսկ գնահատման կազմակերպությունում աշխատելու դեպքում` նաև տվյալ կազմակերպության անվանում, պետական գրանցման համար և հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)) և ներկայացված գնային առաջարկի վերաբերյալ:

17. Վիճակահանության անցկացումից հետո դրա արդյունքներն ինքնաշխատ եղանակով արտացոլվում են ծրագրում: Վիճակահանության արդյունքների մասին սույն կարգի 16-րդ կետով նախատեսված արձանագրությունը լիազոր մարմին է ներկայացվում ծրագրի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով:

18. Վիճակահանության արդյունքներն արխիվացվում և պահպանվում են ծրագրում` վիճակահանությունից հետո առնվազն հինգ տարի և բաց, հասանելի են այլ՝ երրորդ անձանց:

19. Օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքների գնահատման համար գնահատողի ընտրությունն իրականացվում է սույն կարգով սահմանված կանոններով։ Նման դեպքում հայտը և վիճակահանության արդյունքների մասին արձանագրությունը, ի լրումն սույն կարգի 6-րդ և 16-րդ կետերում նշված տեղեկատվության, պետք է պարունակեն նաև գնահատման ենթակա գույքային իրավունքի տեսակի վերաբերյալ տվյալներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


19.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2026 թվական: