ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 54266/17)
Վ Ճ Ի Ռ
|
Հոդված 2 (դատավարական և նյութաիրավական) • Կյանքը • Դիմումատուի որդու՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մահվան հանգամանքների անբավարար և ոչ պատշաճ քննություն • Իշխանությունների կողմից մահվան վերաբերյալ համոզիչ բացատրություն չտրամադրելը Հոդված 13 (+ Հոդված 2) • Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայություն • Պետության պաշտոնատար անձանց կամ մարմինների պատասխանատվությունը սահմանելու համար քաղաքացիական և (կամ) վարչական իրավական պաշտպանության միջոցի բացակայություն՝ անկախ քրեական գործով քննության արդյունքներից, ինչպես նաև հատուցում ստանալու վերաբերյալ կատարման ենթակա որոշում ձեռք բերելու հնարավորության բացակայություն
Կազմվել է Քարտուղարության կողմից։ Պարտադիր չէ Դատարանի համար։ |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
17 Սեպտեմբերի 2026թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Մարգարյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimáčková]` Նախագահ,
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],
Անդրեաս Զունդ [Andreas Zünd],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],
Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan],
Սեբաստիան Բիանշերի [Sébastien Biancheri],
Նիկոլաս Էմիլիոու [Nicholas Emiliou]՝ դատավորներ,
և Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Պերճ Մարգարյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2017 թվականի հուլիսի 17-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 54266/17),
գանգատի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2026 թվականի սեպտեմբերի 1-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի որդու՝ զինվորական ծառայության ընթացքում ենթադրաբար ինքնասպանության հետևանքով մահվանն ու դրան հաջորդած քննությանը։ Գործում բարձրացված են հիմնականում Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված հարցերը։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1963 թվականին և ապրում է Գյումրի քաղաքում։ Նրան ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Ա. Զալյանը:
3. Կառավարությունը ներկայացրել է կառավարության նախկին լիազոր ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործի փաստերը կարող են ամփոփվել հետևյալ կերպ։
I. Դիմումատուի որդու զորակոչը ԵՎ զինվորական ծառայությունը
5. 2013 թվականի դեկտեմբերին դիմումատուի որդին՝ Ա. Մարգարյանը, զորակոչվել է հայկական բանակ և ծառայության է ուղարկվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի թիվ 38636 զորամաս (զորամաս), որը գտնվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» («ԼՂՀ») Շուշի քաղաքում։
6. Ա. Մարգարյանի ծառայողական տվյալներում առկա՝ 2013 թվականի դեկտեմբերով թվագրված և «Նոր զինծառայողի կողմից նոր սոցիալական միջավայրին հարմարվելու վերաբերյալ հարցազրույց» վերնագրված փաստաթղթում նշվել է, որ նա հոգեբանորեն կայուն է, շփվող և լավատես։ Եզրափակիչ գնահատման արդյունքում նշվել է, որ նա «զինվորական ծառայությունը շարունակելու հետ կապված բացարձակապես որևէ խնդիր չունի»։
7. Ա. Մարգարյանի ծառայողական տվյալներում առկա՝ 2014 թվականի փետրվարով թվագրված մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ նրա հետ անցկացվել է հարմարվելու վերաբերյալ ևս մեկ հարցազրույց։ Եզրակացություն է արվել, որ նպատակահարմար է, որ նա շարունակի իր զինվորական ծառայությունը՝ ծառայության նոր վայրին հարմարվելուն նպաստելու նպատակով։
8. 2014 թվականի հուլիսին՝ նորակոչիկ զինծառայողների ուսուցման ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո, Ա. Մարգարյանն իր զինվորական ծառայությունը շարունակելու նպատակով տեղափոխվել է զորամասի մեկ այլ ստորաբաժանում, որը գտնվել է Հադրութ քաղաքի մոտակայքում (Շուշի քաղաքից մոտավորապես 80 կմ հեռավորության վրա․ տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը)։ Այդ ժամանակ կազմված ծառայողական բնութագրի համաձայն՝ նա ունեցել է կայուն բնավորություն և դրական վերաբերմունք զինվորական ծառայության նկատմամբ. վարքի առումով նկարագրվել է որպես ընկերասեր և անձնակազմի կողմից հարգանք վայելող։
9. Ա. Մարգարյանի ծառայողական տվյալներում առկա՝ 2014 թվականի հուլիսի 4-ով թվագրված և «Հարցազրույց ծանոթության նպատակով» վերնագրված փաստաթղթի համաձայն՝ նա դրական վերաբերմունք ուներ զինվորական ծառայության նկատմամբ և «զինվորական ծառայությունը շարունակելու հետ կապված բացարձակապես որևէ խնդիր չուներ»։
II. Ա. Մարգարյանի մահը ԵՎ նախնական քննչական միջոցառումները
10. 2014 թվականի դեկտեմբերի 4-ին Ա. Մարգարյանին գտել են այն պահակակետի հարակից խրամատում, որտեղ նա այդ օրը հերթապահություն էր իրականացնում, կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստացած վիճակում։
11. Նույն օրը՝ ժամը 15։50-ին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (Քննչական կոմիտե) երկրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հետևյալ հաղորդումը.
«2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, շարքային [Ա. Մարգարյանը] ... նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակել է իր կրծքավանդակին և մահացել»։
12. Նույն օրը Քննչական կոմիտեից Ս.Հ.-ն ստանձնել է գործով քննությունը, որն էլ 2003 թվականին գործող Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածին համապատասխան (ինքնասպանության հասցնելը) հարուցել է քրեական վարույթ (տե՛ս ստորև՝ 48-րդ պարբերությունը)։ Համապատասխան որոշման մեջ, inter alia (ի թիվս այլնի), նշված է հետևյալը.
«2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, շարքային [Ա. Մարգարյանը] ... հայտնաբերվել է կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով ... [նա] մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին ...»։
13. Նույն օրն իրականացվել է դեպքի վայրի զննություն։ Հայտնաբերվել են հետևյալ առարկաները՝ ձևափոխված 7,62 մմ տրամաչափի «Կալաշնիկով» ինքնաձիգ (ԱԿՄՍ)՝ 30 փամփուշտ տարողությամբ պահեստատուփով, որը պարունակում էր 28 փամփուշտ, երկրորդ՝ 30 փամփուշտ տարողությամբ, ամբողջությամբ լիցքավորված պահեստատուփ, ինքնաձիգի լիցքաթափման ժամանակ դրանից դուրս բերված մեկ չկրակված փամփուշտ, ինչպես նաև զինվորական հագուստի տարբեր պարագաներ, դանակ, Աստվածաշունչ, հայելի և փայտե խաչ։
Ըստ գործի նյութերի, այդ թվում՝ դեպքի վայրի զննության արձանագրության և վկաների ցուցմունքների, թիվ 1 պահակակետը, որտեղ Ա. Մարգարյանը դեպքի օրը հերթապահություն էր իրականացնում (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը), ուղիղ գծով գտնվել է թիվ 4 պահակակետից մոտավորապես 120 մետր և ստորաբաժանման հրամանատարական կետից մոտավորապես 250 մետր հեռավորության վրա։ Թիվ 5 պահակակետը գտնվել է թիվ 4 պահակակետից մոտավորապես 150 մետր հեռավորության վրա, իսկ թիվ 3 պահակակետը՝ դրանից 300-ից 400 մետր հեռավորության վրա։
14. Նույն օրը Ս.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը) զննել է Ա. Մարգարյանի դիակը և նշանակել դիակի փորձաքննություն։
15. 2014 թվականի դեկտեմբերի 5-ին Ս.Հ.-ն նշանակել է դատակենսաբանական փորձաքննություն, դատահետքաբանական (մատնահետքերի) և ձգաբանական համակցված փորձաքննություն, ինչպես նաև առանձին ձգաբանական փորձաքննություն։
III. Դեպքի առթիվ իրականացված ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ քննությունը
16. Չպարզված ամսաթվի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը Ա. Մարգարյանի մահվան առթիվ ծառայողական քննություն է նշանակել։
17. Քննության նախնական արդյունքների վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 8-ին ներկայացված ամփոփ զեկույցում, inter alia, նշվել է, որ Ա. Մարգարյանը հայտնաբերվել է խրամատում՝ մահացած։ Այնուհետև նշվել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ Ա. Մարգարյանն ինքնասպանություն էր գործել՝ իրեն ամրակցված 7,62 մմ տրամաչափի ԱԿՄՍ ինքնաձիգով մեկ անգամ կրակելով իր կրծքավանդակի ձախ հատվածում՝ սրտի ուղղությամբ։ Ոչ ոք չէր լսել կրակոցի ձայնը, և դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չէին հայտնաբերվել։ Ա. Մարգարյանի հագին եղել էր ոչ թե սովորական ներքնազգեստ, այլ ջերմային ներքնազգեստ։
18. Քննարկվող դեպքերը զեկույցում նկարագրվել են հետևյալ կերպ։
2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Ա. Մարգարյանը վերցրել է իրեն ամրակցված ինքնաձիգը և սկսել է պարեկային ծառայություն իրականացնել թիվ 1 պահակակետում, որը գտնվել է զենքի պահեստից 150 մետր հեռավորության վրա։ Ժամը 15։30-ի սահմաններում երեք զինծառայող, այդ թվում՝ շարքային Մ.Ա.-ն, ժամանել են թիվ 1 պահակակետ։ Դրանից կարճ ժամանակ անց նրանց է միացել կապիտան Գ.Կ.-ն։ Հայտնաբերելով, որ Ա. Մարգարյանը թիվ 1 պահակակետում չէր, որտեղ նա նշանակված էր ծառայության, կապիտան Գ.Կ.-ն որևէ միջոց չի ձեռնարկել նրա գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։ Այնուհետև կապիտան Գ.Կ.-ն և շարքային Մ.Ա.-ն ուղևորվել են մեկ այլ պահակակետ։ Ճանապարհին շարքային Մ.Ա.-ն նկատել է, որ Ա. Մարգարյանը պառկած էր կողքի վրա՝ թիվ 1 պահակակետից մոտավորապես 15 մետր հեռավորության վրա գտնվող խրամատում։ Կարծելով, որ Ա. Մարգարյանը քնած էր, շարքային Մ.Ա.-ն այդ մասին չի հայտնել կապիտան Գ.Կ.-ին, քանի որ չէր ցանկանում, որ վերջինս իմանար, որ Ա. Մարգարյանը ծառայության ժամանակ քնած էր։ Հաջորդ պահակակետ հասնելուց հետո շարքային Մ.Ա.-ն կրտսեր սերժանտ Հ.Ա.-ին հայտնել է, որ քիչ առաջ տեսել էր Ա. Մարգարյանին խրամատում։ Կրտսեր սերժանտ Հ.Ա.-ն և շարքային Մ.Ա.-ն անմիջապես գնացել են դեպի խրամատ և տեսել Ա. Մարգարյանին՝ գետնին պառկած։ Նրան մոտենալիս նկատել են արյան հետքեր և հասկացել են, որ նա վիրավորվել էր։ Նրանց օգնության կանչից հետո ժամանել են այլ զինծառայողներ և Ա. Մարգարյանին շտապ տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա մահը։
19. Ըստ զեկույցի՝ զինվորական ծառայության ընթացքում Ա. Մարգարյանը մտերիմ հարաբերություններ էր հաստատել շարքային Ա.Հ.-ի հետ, որը բանակ զորակոչվելուց առաջ ծառայել էր եկեղեցում, իսկ զորամասում իրականացրել էր հոգևոր աշխատանք։ Ա. Մարգարյանի ծառայակիցները նշել են, որ նա խորապես կրոնասեր էր և հաճախ աղոթում էր ու կրոնական թեմաներ քննարկում շարքային Ա.Հ.-ի հետ։ Ա. Մարգարյանի նոթատետրում առկա են եղել մեջբերումներ կրոնական գրքերից, այդ թվում՝ «Վերցրու քո խաչը և հետևիր ինձ» արտահայտությունը։ Դեպքից մոտավորապես մեկ ամիս առաջ Ա. Մարգարյանը ծառայակից շարքային Մ.Ալ.-ի հետ խոսել էր կյանքի անարդարությունների մասին՝ նշելով. «Ի՞նչ տարբերություն՝ ես կմահանամ հիմա, թե քսան կամ երեսուն տարի հետո»։
20. Զեկույցում եզրակացություն է արվել, որ ծառայողական քննության արդյունքում, ի վերջո, հնարավոր չի եղել պարզել հետևյալ հանգամանքները.
«1. Ա. Մարգարյանի մահվան կամ ինքնասպանության իրական պատճառները.
2. Շարքային Ա. Մարգարյանի կրոնական համոզմունքների և նրա մահվան միջև պատճառահետևանքային կապը.
3. Կապիտան [Գ.Կ.-ի] կողմից պահակակետում Ա. Մարգարյանի բացակայությունը չնկատելը և այդ մասին իր վերադասներին չզեկուցելը.
4. [Այն պատճառը, թե ինչու] շարքային Ա. Մարգարյանը [մահվան պահին] ներքնազգեստ չէր կրում»։
IV. Քրեական գործով քննության ընթացքում ձեռնարկված հետագա քննչական միջոցառումները ԵՎ ձեռք բերված ապացույցները
Ա. Վկաների ցուցմունքները
21. Դեպքի օրը և անմիջապես դրանից հետո (2014 թվականի դեկտեմբերի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում) հարցաքննվել են մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ շարքայիններ Մ.Մ.-ն և Մ.Ա.-ն, կապիտան Գ.Կ.-ն (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը) և ենթասպա Դ.Պ.-ն (տե՛ս ստորև` 26-րդ պարբերությունը)։
22. Շարքային Մ.Ա.-ն, inter alia, նշել է, որ նկատելով Ա. Մարգարյանին խրամատում՝ կապիտան Գ.Կ.-ին չէր հայտնել այդ մասին՝ խնդիրներ չառաջացնելու նպատակով։ Նա Ա. Մարգարյանի դին հայտնաբերել էր ժամը 15։30-ից 15։40-ն ընկած ժամանակահատվածում, երբ կրտսեր սերժանտ Հ.Ա.-ի հետ վերադարձել էր խրամատ(տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Շարքային Մ.Ա.-ն Ա. Մարգարյանին նկարագրել է որպես համեստ, շատ չշփվող և որևէ մեկի հետ խնդիրներ չունեցող անձի։
23. 2014 թվականի դեկտեմբերի 5-ին տրված բացատրության մեջ շարքային Մ.Մ.-ն նշել է, որ Ա. Մարգարյանին ճանաչում էր իրենց ծառայության առաջին իսկ օրերից, քանի որ նրանք նախնական պատրաստությունն անցել էին միասին Շուշիում (տե՛ս վերևում՝ 5-րդ և 8-րդ պարբերությունները)։ Շարքային Մ.Մ.-ն Ա. Մարգարյանին նկարագրել է որպես չշփվող անձի, որը հակված էր դժգոհելու առաջադրանքներ կատարելու անհրաժեշտությունից։ Զորամաս տեղափոխվելուց հետո Ա. Մարգարյանն ասել էր, որ իրեն դուր էր գալիս ծառայության նոր վայրը, և որ կցանկանար հենց սկզբից այնտեղ ծառայել։ Ինչ վերաբերում է տվյալ օրվա դեպքերին, շարքային Մ.Մ.-ն նշել է, որ հերթապահություն էր իրականացնում թիվ 4 պահակակետում, որն ուղիղ գծով գտնվում էր թիվ 1 պահակակետից մոտավորապես 120 մետր հեռավորության վրա, երբ հանկարծ լսել էր, թե ինչպես է մեկն օգնություն կանչում։ Նա նաև նշել է, որ կատարվածի մասին իմացել էր իր հերթապահության ավարտից հետո։
24. Կապիտան Գ.Կ.-ն (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը), inter alia, նշել է, որ Ա. Մարգարյանը պատասխանատու զինծառայող էր, երբևէ չէր բողոքում, հարմարվել էր «զինվորական կյանքին» և առողջական խնդիրներ չուներ։ Նա նաև նշել է, որ Ա. Մարգարյանի մոտ որևէ տարօրինակ վարքագիծ կամ հոգեկան խանգարման նշաններ չէր նկատվել, և թեև Ա. Մարգարյանը շատ շփվող չէր, նա շփվում էր իր ծառայակիցների հետ և երբևէ որևէ տարաձայնություն կամ այլ խնդիր չի ունեցել։ Իր տեղեկություններով՝ Ա. Մարգարյանը երբևէ բռնության չէր ենթարկվել։
Ինչ վերաբերում է 2014 թվականի դեկտեմբերի 4-ի դեպքերին, կապիտան Գ.Կ.-ն նշել է, որ թիվ 1 պահակակետ գնալու ժամանակ չէր նկատել Ա. Մարգարյանի բացակայությունը։ Կրտսեր սերժանտ Հ.Ա.-ի բղավոցը լսելուց հետո գնացել էր թիվ 1 պահակակետ, որտեղ տեսել էր Ա. Մարգարյանին խրամատում՝ կիսանստած դիրքով, պատին հենված, աչքերը բաց և նրա ինքնաձիգը՝ առջևում։ Այնուհետև նա շտապօգնություն էր կանչել՝ ասելով, որ Ա. Մարգարյանը «կրակել է ինքն իրեն»։ Կապիտան Գ.Կ.-ն բացատրել է, որ տեսնելով Ա. Մարգարյանին՝ այնպիսի տպավորություն էր ստացել, որ նա կրակել էր ինքն իրեն, սակայն չէր կարող վստահաբար ասել, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, կամ թե ինչպես և ինչ հանգամանքներում էր հրազենային վնասվածքն ստացվել։ Նա նաև նշել է, որ չի կարող ասել՝ արդյոք Ա. Մարգարյանն արդեն մահացած էր, երբ նրան հայտնաբերել են խրամատում, թե մահացել էր դրանից հետո, քանի որ իր հիմնական նպատակն էր հնարավորինս արագ շտապօգնություն կանչել դեպքի վայր։
25. Շարքային Մ.Մ.-ն (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը) կրկին հարցաքննվել է 2014 թվականի դեկտեմբերի 6-ին: Նա նշել է, որ թիվ 4 պահակակետում իր դիրքից կարող էր հստակ տեսնել Ա. Մարգարյանին։ Հերթապահություն իրականացնելիս նա ժամանակ առ ժամանակ հետևել էր Ա. Մարգարյանին։ Սահմանված կարգի համաձայն՝ հերթապահություն իրականացնող զինծառայողը պարտավոր էր գտնվել լարային հեռախոսի մոտ։ Այնուամենայնիվ, Ա. Մարգարյանն անշարժ չէր մնացել և, ըստ երևույթին, անհանգիստ քայլում էր թիվ 1 պահակակետի շուրջը։ Հինգից տասը րոպե անց շարքային Մ.Մ.-ն կորցրել էր Ա. Մարգարյանին իր տեսադաշտից։ Մոտավորապես յոթ րոպե անց՝ ժամը 15։40-ի սահմաններում, նա լսել էր կրակոցի ձայնի նմանվող «շվվոց», սակայն, քանի որ որևէ արտասովոր բան չէր նկատել, մտածել էր, որ դա կարող էր թռչունների երամ լինել։ Դրանից կարճ ժամանակ անց կապիտան Գ.Կ.-ն և շարքային Մ.Ա.-ն ժամանել են թիվ 4 պահակակետ և շուտով հեռացել։ Հինգից յոթ րոպե անց շարքային Մ.Մ.-ն լսել էր թիվ 1 պահակակետից շարքային Մ.Ա.-ի բղավոցը, երբ վերջինս շտապ բժշկական օգնություն էր կանչում՝ պահակակետ ուղարկելու համար, և տեսել էր, որ զինծառայողներ էին հավաքվում այնտեղ։
26. Զորամասի հետախուզության բաժնի պետ Դ.Պ.-ն, inter alia, նշել է, որ ժամը 15։40-ի սահմաններում սպայական սենյակից բղավոցներ էր լսել, որտեղ ինչ-որ մեկը (որի ինքնությունը չէր կարող հիշել) ասել էր, որ Ա. Մարգարյանը կրակել է ինքն իրեն։ Դ.Պ.-ն վազել էր դեպի թիվ 1 պահակակետ և տեսել նրան խրամատում պառկած։ Այնտեղ հավաքվել էին մի շարք զինծառայողներ, որոնք ասում էին, որ Ա. Մարգարյանը կրակել է ինքն իրեն։ Ներկաներից մեկը ստուգել էր նրա զարկերակը, որը չէր շոշափվում։ Դ.Պ.-ն չէր կարող վստահաբար ասել, թե կոնկրետ երբ էր մահացել Ա. Մարգարյանը, սակայն կարծում էր, որ նա արդեն մահացած էր, երբ Դ.Պ.-ն հասել էր խրամատ, քանի որ նա չէր շարժվում և չէր արձագանքում իր շուրջը տեղի ունեցող որևէ բանի։
27. Մի շարք այլ վկաներ, այդ թվում, inter alia, զինծառայողներ, Ա. Մարգարյանի ծառայակից ժամկետային զինծառայողներ, ընտանիքի անդամներ և մանկության ընկերներ, հարցաքննվել են ավելի ուշ՝ 2014 թվականի դեկտեմբերին և քննության ամբողջ ընթացքում։
28. 2014 թվականի դեկտեմբերի 26-ին իրականացված հարցաքննության ընթացքում շարքային Ա.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը) նշել է, որ 2014 թվականի հուլիսի սկզբին նկատել էր, որ Ա. Մարգարյանն ընկճված էր, և հարցրել էր նրան, թե ինչու։ Ա. Մարգարյանը նրան ասել էր, որ տխուր էր, քանի որ «Ալեքսան» անունով ինչ-որ մեկն իր պատճառով դատապարտվել էր։ 2014 թվականի հոկտեմբերին Ա.Հ.-ն կրկին նկատել էր, որ Ա. Մարգարյանն ընկճված էր, երբ տեսել էր նրան մենակ նստած՝ գլուխը կախ։ Երբ հարցրել էր, թե ինչ էր տեղի ունեցել, Ա. Մարգարյանն ասել էր, որ դպրոցում ոչ ոք իր հետ չէր շփվում, քանի որ նրան չէին հասկանում։ Նկարագրելով 2014 թվականի դեկտեմբերի 4-ի դեպքերը՝ շարքային Ա.Հ.-ն, inter alia, նշել է, որ տեսել էր Ա. Մարգարյանի անշարժ մարմինը՝ պառկած խրամատի մուտքի մոտ։ Այնուհետև նա տեսել էր, որ մի զինծառայող (որի ինքնությունը չէր կարող հիշել) ստուգում էր Ա. Մարգարյանի զարկերակը և ներկաներին ասում էր, որ այն չի շոշափվում։
29. Զորամասի՝ անձնակազմի հարցերով պատասխանատու հրամանատարի տեղակալ մայոր Ա.Գ.-ն նշել է, որ Ա. Մարգարյանին ճանաչում էր նրա զինվորական ծառայության առաջին իսկ օրվանից։ Նա նրան նկարագրել է որպես կարգապահ զինծառայողի, որը փորձում էր թույլ չտալ, որ իր պատճառով ուրիշները խնդիրների մեջ հայտնվեն։ Նա նաև նշել է, որ Ա. Մարգարյանը «լուռ տղա» էր, որը չէր ներգրավվում զրույցների մեջ, թեև չէր բնութագրի նրան որպես մեկուսացած անձ։ Մայոր Ա.Գ.-ն նաև նշել է, որ մի շարք առիթներով զրուցել էր Ա. Մարգարյանի հետ, որոնց ընթացքում վերջինս երբևէ չէր բողոքել ո՛չ զինվորական ծառայությունից, ո՛չ քաղաքացիական կյանքից։
30. Զորամասի շտաբի պետ մայոր Ա.Ս.-ն, inter alia, նշել է, որ երբևէ Ա. Մարգարյանի վարքագծի վերաբերյալ որևէ բացասական զեկուցում չէր ստացել։ Նրա զինվորական ծառայության ընթացքում նրա կողմից որևէ տարօրինակ վարքագիծ չէր նկատվել։
Բ. Քննության փոխանցումը
31. 2014 թվականի դեկտեմբերի 18-ին Կ.Հ.-ն ստանձնել է գործով քննությունը (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը)։ Համապատասխան որոշման մեջ նշվել է, որ Ա. Մարգարյանը հայտնաբերվել էր կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով և մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին։
32. Այնուհետև քննությունը չորս անգամ փոխանցվել է այլ քննիչների՝ 2015 թվականի մարտի 19-ին՝ Ա.Հ.-ին, 2015 թվականի ապրիլի 1-ին՝ Դ.Ն.-ին, 2015 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Ա.Գ.-ին, և կրկին Դ.Ն.-ին՝ 2015 թվականի դեկտեմբերի 15-ին։ Բոլոր չորս որոշումներում նշվել է, որ Ա. Մարգարյանը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին։
Գ. Դատաբժշկական և այլ ապացույցներ
33. 2014 թվականի դեկտեմբերին իրականացված Ա. Մարգարյանի «Ֆեյսբուքյան» էջի դատափորձաքննությամբ հայտնաբերվել է թվային բովանդակություն, որը վերաբերել է ինչպես նրա զորակոչից առաջ ընկած ժամանակահատվածին (2013 թվականի սեպտեմբերից), այնպես էլ դրանից հետո ընկած ժամանակահատվածին (2014 թվականի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածը)։ Տվյալ թվային բովանդակությունը ներառել է մասնավորապես Ա. Մարգարյանի պրոֆիլի լուսանկարը, որում նա պատկերված էր՝ մեջքով դեպի քաղաքը և արևային ակնոցով, 2013 թվականի սեպտեմբերին արված գրառում, որը պարունակում էր սև հագուստով և սպիտակ դիմակով տղամարդու պատկեր, որը ձեռքը քունքին էր պահել՝ ատրճանակի նման, «Happy Ending» գրառմամբ, 2014 թվականի հունիսին թվագրված բանաստեղծությունից մի հատված, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 10-ին հրապարակված մի քանի գրառումներ, որոնցում ասվում էր. «Դու ես որոշում՝ ինչպես ապրել կյանքդ կամ ով լինել». «Երկնքի դարպասների մոտ երկու բան են հարցնում. 1) արդյո՞ք կյանքում ուրախություն ես գտել, 2) արդյո՞ք քո կյանքը ուրախություն է պատճառել ուրիշներին». «Կարծում եք՝ ես տարօրինակ եմ, քանի որ նմա՞ն չեմ մյուսներին։ Ո՛չ, դուք եք տարօրինակ, քանի որ բոլորդ նման եք միմյանց». և «Ինչո՞ւ չունենք լուսանկարներ մեզ համար թանկ մարդկանց հետ։ ... մենք չէինք մտածում, որ նրանք կհեռանան»։
34. 2015 թվականի փետրվարի 28-ին քննություն իրականացնող մարմինն ստացել է դիահերձման եզրակացությունը (տե՛ս վերևում` 14-րդ պարբերությունը)։ Դրանում մասնավորապես նշվել է, որ Ա. Մարգարյանի մահը վրա է հասել կրծքավանդակի և որովայնի խոռոչների թափանցող, ծակող հրազենային վնասվածքի հետևանքով, ընդ որում, գնդակի մուտքի վերքը տեղակայված է եղել կրծքավանդակի առջևի ձախ հատվածում, իսկ ելքի վերքը՝ հետևի ձախ հատվածում։ Վնասվածքն ստանալու պահին Ա. Մարգարյանը կարող էր գտնվել ցանկացած այնպիսի դիրքում, որի դեպքում նրա կրծքավանդակի ձախ կողմի առջևի մակերեսն ուղղված լիներ ինքնաձիգի փողաբերանի ուղղությամբ։ Գնդակի հետագիծը եղել էր առջևից դեպի հետ, ձախից դեպի աջ և դեպի ներքև ուղղությամբ։
35. 2015 թվականի մարտի 18-ին տրվել է համակցված դատահետքաբանական և ձգաբանական փորձաքննության վերաբերյալ զեկույց (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Դրանում մասնավորապես նշվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված ինքնաձիգի տարբեր մասերի վրա առկա են եղել քրտինքի և յուղի առանձին, աղավաղված հետքեր, սակայն նույնականացման ենթակա մատնահետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտը կրակված է եղել նույն զենքից։ Ինքնաձիգի մասերը խոնավ կամ թաց պայմանների հետևանքով ծածկված են եղել կեղտով։ Ինչ վերաբերում է Ա. Մարգարյանի հագուստի վրա գնդակի որևէ անցքի առկայությանը և, inter alia, այն ուղղությանը և հեռավորությանը, որից կատարվել էր կրակոցը կամ կրակոցները, փորձագետները, հաշվի առնելով գնդակի անցքերի տեղակայումը և չափսը, նշել են, որ գործվածքի վրա առկա են եղել վնասվածքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, առաջացել են առջևից դեպի հետ, փոքր-ինչ ձախից դեպի աջ և դեպի ներքև ուղղությամբ ընթացող մեկ կրակոցի հետևանքով։
36. 2015 թվականի ապրիլի 1-ին կազմվել են չորս զինծառայողներից վերցված քսուքների դատաձգաբանական փորձաքննության (տե՛ս վերևում` 15-րդ պարբերությունը) եզրակացությունները։ Այդ զինծառայողներից մեկից՝ շարքային Ա.Վ.-ից վերցված քսուքներում հայտնաբերվել են պղնձի մասնիկներ, որոնք համատեղելի էին հրազենային կրակոցի արգասիքի հնարավոր առկայության հետ։
37. 2015 թվականի ապրիլի 23-ին Դ.Ն.-ն (տե՛ս վերևում` 32-րդ պարբերությունը) զորամասում անցկացրել է դեպքի վերարտադրման քննչական փորձարարություն, որը ցույց է տվել, որ դեպքի վայրում (թիվ 1 պահակակետի մոտ գտնվող խրամատը. տե՛ս վերևում` 18-րդ պարբերությունը) արձակված կրակոցների ձայնը լսելի էր թիվ 4 պահակակետից (տե՛ս վերևում` 23-րդ և 25-րդ պարբերությունները) և թիվ 1 պահակակետի շրջակա տարածքից։
38. 2015 թվականի մայիսի 4-ին Դ.Ն.-ն խնդրել է Հադրութի և Ստեփանակերտի ռազմական ոստիկանությանը ձեռնարկել օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Համապատասխան որոշումներում հղում է կատարվել մի քրեական գործի, որի շրջանակներում Ա. Մարգարյանը հանդես է եկել որպես առանցքային վկա՝ ցուցմունք տալով Ա.Ա.-ի (անունը՝ Ալեքսան. տե՛ս վերևում` 28-րդ պարբերությունը) մասնակցությամբ բռնության միջադեպի վերաբերյալ, որին նա ականատես էր եղել 2013 թվականի դեկտեմբերին՝ Շուշի քաղաքում ծառայություն իրականացնելու ժամանակ (տե՛ս վերևում` 8-րդ պարբերությունը)։ Այդ գործի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 6-ին Ա.Ա.-ի նկատմամբ նշանակվել էր պայմանական ազատազրկում չորս տարի վեց ամիս ժամկետով՝ երկու տարի փորձաշրջանով։ Նա ազատ էր արձակվել նույն օրը և տեղափոխվել Ստեփանակերտի ռազմական ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայր։
Մասնավորապես Ստեփանակերտի ռազմական ոստիկանությանը խնդրել էին պարզել, թե արդյոք նրանց պահման վայրում գտնվելիս Ա.Ա.-ն հնարավորություն էր ունեցել կապ հաստատելու Ա. Մարգարյանի հետ կամ սպառնալու նրան կամ նրա ծառայակիցների շրջանում նրա մասին վարկաբեկող տեղեկություններ տարածելու։ Հադրութի ռազմական ոստիկանությանը խնդրել էին պարզել, թե արդյոք զորամասում (մասնավորապես՝ դրա մյուս ստորաբաժանումում. տե՛ս վերևում` 8-րդ պարբերությունը) խոսակցություններ են եղել Ա.Ա.-ի դեմ հարուցված քրեական գործին Ա. Մարգարյանի մասնակցության վերաբերյալ, և արդյոք նա իր ցուցմունքի կապակցությամբ ենթարկվել էր որևէ բռնության կամ սպառնալիքի (այդ թվում՝ անմիջականորեն Ա.Ա.-ի կողմից կամ անուղղակիորեն նրա անունից գործող այլ անձանց կողմից)։
Ի պատասխան՝ Դ.Ն.-ին տեղեկացվել է, որ չնայած ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներին՝ նման տեղեկություններ ձեռք չեն բերվել։ Այնուամենայնիվ, 2014 թվականի հուլիսին՝ Ա. Մարգարյանի կողմից դատարանում ցուցմունք տալուց մեկ կամ երկու օր անց, նա շարքային Ա.Հ.-ի ներկայությամբ ափսոսանք էր հայտնել, որ Ա.Ա.-ն դատապարտվել էր (տե՛ս վերևում` 28-րդ պարբերությունը)։
39. 2015 թվականի նոյեմբերի 17-ին Դ.Ն.-ն նշանակել է հետմահու դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն։ Փորձագետների հանձնաժողովին հանձնարարվել է պարզել, թե արդյոք Ա. Մարգարյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ կամ ժամանակավոր հոգեկան խանգարմամբ՝ գնահատելով նրա հոգեբանական վիճակը, միջավայրին հարմարվելու մակարդակը, իրականության ընկալումը և այն հանգամանքը, թե արդյոք նա գտնվել է այնպիսի հոգեբանական և հուզական վիճակում, որը կարող էր դրդել նրան «մահացու հրազենային վնասվածք հասցնել ինքն իրեն»։
Համապատասխան որոշման մեջ նշվել է, որ Ա. Մարգարյանը բնույթով համեստ էր, չշփվող, գրագետ և պատասխանատու։ Նա շատ էր կարդում, երբևէ չէր բողոքել իր պարտականությունները կատարելիս և երբևէ բռնություն չէր գործադրել որևէ մեկի նկատմամբ կամ որևէ մեկի կողմից բռնության չէր ենթարկվել։ Դեպքի օրը՝ ժամը 14։10-ին, նա բոլորի հետ գնացել էր ճաշելու։ Ոչ ոք նրա վարքագծում որևէ տարօրինակ բան չի նկատել, սակայն, ըստ դիահերձման եզրակացության, նրա ստամոքսը դատարկ է եղել։ Ճաշից հետո՝ ժամը 15։00-ի սահմաններում, նա ստանձնել է հերթապահությունը թիվ 1 պահակակետում։ Ժամը 15։15-ի սահմաններում զինծառայողները վառելիք են ստացել՝ զինտեխնիկան լիցքավորելու համար։ Թիվ 1 պահակակետի հարևանությամբ գտնվող զինտեխնիկան լիցքավորելիս շարքային Մ.Ա.-ն և ևս երկու զինծառայողներ չեն կարողացել տեսնել Ա. Մարգարյանին, քանի որ նրանց կանգնած վայրից պահակակետը տեսանելի չէր։ Դրանից կարճ ժամանակ անց, կապիտան Գ.Կ.-ն մոտեցել է զինտեխնիկային և շարքային Մ.Ա.-ի հետ միասին ուղևորվել թիվ 4 պահակակետ այնպիսի արահետով, որտեղից այն վայրը, որտեղ Ա. Մարգարյանի դին հայտնաբերվել է, մասամբ տեսանելի էր։ Այդ պահին շարքային Մ.Ա.-ն նկատել է, որ Ա. Մարգարյանը պառկած է եղել կողքի վրա, սակայն կարծելով, որ նա քնած է, այդ մասին չի հայտնել կապիտան Գ.Կ.-ին, որը ո՛չ նկատել էր նրան, ո՛չ էլ արձագանքել էր նրա բացակայությանը։ Այնուհետև շարքային Մ.Ա.-ն և կրտսեր սերժանտ Հ.Ա.-ն վերադարձել են թիվ 1 պահակակետ, որտեղ դիպչելով խրամատում գտնվող մարմնին՝ հասկացել են, որ Ա. Մարգարյանը մահացած է։
Որոշման մեջ հղում է կատարվել դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված փաստերին, այդ թվում՝ դիահերձման եզրակացությանը (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը) և Ա. Մարգարյանի ծառայակիցների տված ցուցմունքների ամփոփ նկարագրերին, որոնք հիմնականում նրան նկարագրել են որպես զուսպ անձնավորություն, որը շատ չէր խոսում և երբեմն պոռթկումներ էր ունենում կամ երկար ժամանակ նայում էր մարդկանց։ Դրանում նաև հղում է կատարվել Ա. Մարգարյանի ընտանիքի անդամների, հարևանների, ուսուցչի, մարզչի և համադասարանցիների տված ցուցմունքներին, որոնք հիմնականում նրան նկարագրել են որպես հանգիստ, պատասխանատու, խելացի և ոչ կոնֆլիկտային անձնավորություն։
Վերջապես, որոշման մեջ հղում է կատարվել Ա. Մարգարյանի՝ սոցիալական ցանցերի հաշիվների ուսումնասիրությամբ ձեռք բերված ապացույցներին (տե՛ս վերևում` 33-րդ պարբերությունը)։
40. 2015 թվականի դեկտեմբերի 28-ին հետմահու դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն իրականացրած փորձագետների հանձնաժողովը ներկայացրել է իր եզրակացությունը։ Եզրակացության մեջ փորձագետները հղում են կատարել դատափորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ սահմանված փաստերի շարադրանքին, վկաների ցուցմունքներին, սոցիալական ցանցերում Ա. Մարգարյանի էջերում առկա բովանդակությանը և այդ որոշման մեջ նշված դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված փաստերին (տե՛ս վերևում` 39-րդ պարբերությունը)։ Զեկույցի համապատասխան մասերը մասնավորապես ունեն հետևյալ բովանդակությունը․
«... [Ա. Մարգարյանը] ... ունեցել է «մանրախնդիր» և «զգայուն» անհատականություն, որին բնորոշ են հետևյալ գծերը՝ վարքագծային իդեալականացում, սթրեսի նկատմամբ ցածր ռեակտիվություն, մեկուսացում, ամաչկոտություն, հույզերի ճնշում, արտաքին դրսևորման բացակայություն, որոշ իրավիճակներում նույնիսկ իր առջև գտնվող անձին չպատասխանելու ընտրություն։
[Վկաների ցուցմունքներից մեջբերումներ, որոնցում Ա. Մարգարյանը նկարագրվում է որպես համեստ, ինտրովերտ և մեկուսացած, որոշ չափով կտրուկ, երբեմն հարցերին չպատասխանող, չշփվող անձնավորություն, որը երբևէ որևէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել և ընկերներ չի ունեցել։]
Վերոնշյալն ամբողջությամբ հաստատվում է նաև [Ա. Մարգարյանի] ծնողների և նրան [քաղաքացիական կյանքում] ճանաչած անձանց տված ցուցմունքներով։
[Վկաների ցուցմունքներից մեջբերումներ, որոնք վկայում են, որ Ա. Մարգարյանը փողոցային կյանքին հարմարված չէր, ուներ քիչ կամ ընդհանրապես չուներ ընկերներ, շատ կարգապահ էր և նուրբ բնավորություն ուներ։ Ի տարբերություն մյուս տղաների՝ նա չէր բացակայում դասերից և հիմնականում ընդունված էր իր դասարանի աղջիկների կողմից։]
... վերոնշյալ ցուցմունքները բացահայտում են որոշակի աստիճանի ֆեմինիզացիա նրա բնավորության մեջ ... [վկաների ցուցմունքներից մեջբերումներ, որոնցում նշվում է, որ Ա. Մարգարյանը ուլունքներով առարկաներ էր պատրաստում ... անձեռոցիկներից ծաղիկներ էր պատրաստում, խնամում էր իրենց տան ծաղիկները ... [և] անկեղծ զրույցներ էր ունենում իր դասարանի աղջիկների հետ. դպրոցն ավարտելուց հետո նա իր դասարանի աղջիկներին նվիրել էր իր պատրաստած ուլունքե ծաղիկները։]
Այսպիսով, վերոնշյալի հիման վրա Ա. Մարգարյանին կարող է տրվել հետևյալ հոգեբանական բնութագիրը՝ որոշակի [աստիճանի] ֆեմինիզացիայով շիզոիդ անձնավորություն, որն արտահայտվել է նրա զուսպ, մեկուսացած [լինելու] փաստով, սոցիալական շփումներ հաստատելու և պահպանելու սահմանափակ կարողությամբ կամ դրանց նկատմամբ հետաքրքրված չլինելու փաստով... Նա նաև ունեցել է բնավորության հակասական [գծեր] և վարքագիծ՝ սառնություն և զգայունություն, զսպվածություն, ամաչկոտություն, ռացիոնալ մտածողություն և ոչ տրամաբանական գործողություններ կամ քայլեր [ծառայակիցների ցուցմունքներից օրինակներ, որոնք վկայում են, որ Ա. Մարգարյանը կարող էր երկար ժամանակ սևեռուն նայել որևէ մեկին, զենքի պահեստի ներսում հետ ու առաջ քայլել, երբեմն կտրուկ խոսել, իսկ հետո փորձել հաճոյանալ նույն անձին]։
[Ա. Մարգարյանի] ներաշխարհը շրջապատի համար փակ էր։ Նա փորձում էր հանդուրժող լինել, ինչը նրան օգնում էր խուսափել կոնֆլիկտներից։ [Նա] փորձում էր հետևել իրերի սահմանված կարգին և հետևաբար հայտնվում էր բարդ և լարված հոգեբանական իրավիճակներում, ուստի հնարավոր է, որ երբեմն արտասովոր իրավիճակներում նա ցուցաբերած լիներ անսովոր հուզական և վարքային արձագանք ... արտաքին ազդեցություններն ավելի շատ սպառնալիք էին նրա համար ... վերջին շրջանում սկսել էր հետաքրքրվել Աստվածաշնչով ... նա հակված էր դրսևորելու որոշակի ցուցադրական վարքագիծ, որով փորձում էր հավասարակշռել այդ «սպառնալիքները» ... Դա կարող էր բացատրել դեպքի վայրում հայելու առկայությունը ...
Զինվորական ծառայության ընթացքում [Ա. Մարգարյանի] բնավորության գծերը, կարիքներն ու շարժառիթները, ինչպես նաև նրա զգայունության և զգացմունքայնության բարձր մակարդակը նպաստել են նրա անձնական անհարմարվողականությանը։
... Այնուհետև ենթադրվում է, որ [Ա. Մարգարյանը] հատուկ պատրաստվել էր ինչ-որ արարողության, քանի որ հագել էր նոր համազգեստ և ճաշին ոչինչ չէր կերել. ըստ դիահերձման եզրակացության՝ նրա ստամոքսը դատարկ է եղել։
Վերոնշյալի հիման վրա հանձնաժողովը եզրակացնում է, որ [Ա. Մարգարյանը] չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ, [ունեցել է] կտրուկ արտահայտված բնավորություն։ Նա նաև չի տառապել որևէ ժամանակավոր փսիխոտիկ խանգարմամբ ...
[Ա. Մարգարյանի] հարմարվողականությունը [բնութագրվել է] անձնական անհարմարվողականության բարձր աստիճանով։ Շրջապատող սոցիալական միջավայրի հետ նրա [փոխհարաբերություններում] նա բախվել է իրականության հետ, որը հակասում էր նրա ներքին հակումներին և անձնական զգացողություններին, ինչն առաջացրել էր [իրականության ընկալման] և [իր] անձնական դիրքորոշման (շիզոիդ գծերի հետևանքով) միջև անհամապատասխանություն ... ինչի արդյունքում առաջացել էր ճանաչողական դիսոնանս ... որը նրա կողմից ընկալվել է որպես սպառնալիք, և այդ սպառնալիքից իրեն պաշտպանելու նպատակով նա դիմել է այդպիսի կործանարար արարքի՝ ինքնասպանության։
V. Քրեական գործով քննության դադարեցումը ԵՎ դիմումատուի բողոքները
41. 2016 թվականի փետրվարի 4-ին Դ.Ն.-ն (տե՛ս վերևում` 37-39-րդ պարբերությունները) դադարեցրել է քրեական գործով քննությունը։ Նրա որոշման համապատասխան մասերում մասնավորապես նշվում է հետևյալը․
«...
2014 թվականի դեկտեմբերի 4-ին հաղորդում է ներկայացվել այն մասին ... որ նույն ամսաթվին՝ ժամը [15։40-ի] սահմաններում ... [Ա. Մարգարյանը] կրակել է իր կրծքավանդակին և մահացել։
...
Քննության ... արդյունքում պարզվել է, որ [Ա. Մարգարյանը] սիրում էր կարդալ, համեստ էր, [կրթված էր], մասնակցում էր տարբեր ինտելեկտուալ խաղերի ...
Զինվորական ծառայության ընթացքում [Ա. Մարգարյանն] իրեն դրսևորել է որպես համեստ զինծառայող, կոնֆլիկտներ չի ստեղծել, եղել է զուսպ, չշփվող ... շատ չի խոսել, սակայն երբեմն ունենում էր տարօրինակ և անբացատրելի պոռթկումներ ... Զինվորական ծառայության ընթացքում [Ա. Մարգարյանը] սկսել է հետաքրքրվել Հայ առաքելական եկեղեցով ...
Միևնույն ժամանակ, [Ա. Մարգարյանը] դրսևորում էր տարօրինակ վարքագիծ [այն առումով, որ] երկար ժամանակ սևեռուն նայում էր մարդկանց ...
[Ա. Մարգարյանին նկարագրելու համար հետմահու դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննության եզրակացության մեջ օգտագործված արտահայտությունները տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունում]
... [2014 թվականի դեկտեմբերի 4-ին] ժամը 11։00-ին տեղի է ունեցել անձնակազմի կանչ ... դրանից կարճ ժամանակ անց [Ա. Մարգարյանին] տեսել են հեռախոսով խոսելիս։ Ժամը 13։05-ի սահմաններում [նա] հեռախոսազրույց է ունեցել իր մոր հետ ...
Ճաշելիս [ժամը 14։40-ի սահմաններում] ծառայակիցները [Ա. Մարգարյանի] վարքագծում որևէ տարօրինակ բան չեն նկատել, սակայն [նա] չի կերել։
...
Շարքային [Մ.Մ.-ն], որը հերթապահություն էր իրականացնում [թիվ 1 պահակակետից] ուղիղ գծով մոտավորապես 120 [մետր] հեռավորության վրա գտնվող պահակակետում, ժամը [15։00-ի] սահմաններում նկատել է [Ա. Մարգարյանին] պահակակետի ներսում քայլելիս, սակայն որոշ ժամանակ անց այլևս չի տեսել [նրան] ... [Հինգից] [տասը] րոպե անց [շարքային Մ.Մ.-ն] լսել է գնդակ արձակելու ձայնին նմանվող աղմուկ, սակայն [դրան] նշանակություն չի [տվել]՝ կարծելով, որ դա [մեկ այլ] ձայն է, և միայն ավելի ուշ է հասկացել, որ դա [Ա. Մարգարյանի] ինքնաձիգից արձակված կրակոցի ձայնն էր։
... [Ա. Մարգարյանի] կրծքավանդակի վրա արյան հետքեր տեսնելով՝ [շարքային Մ.Ա.-ն և կրտսեր սերժանտ Հ.Ա.-ն] հասկացել են, որ [Ա. Մարգարյանը] հրազենային վնասվածք է ստացել, և ահազանգել են բոլորին ... [Երկու զինծառայողներ] [Ա. Մարգարյանի] մարմինը դուրս են բերել խրամատից և տեղադրել շտապօգնության մեքենայում՝ զինվորական հոսպիտալ տեղափոխելու համար, սակայն [նա] մահացել է։
[Դեպքի վայրի զննության, Ա. Մարգարյանի անձնական իրերի, վկաների ցուցմունքներից քաղվածքների և դատափորձագետների եզրակացությունների նկարագրությունը։]
Այսպիսով, քննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ [Ա. Մարգարյանի] մահը մեկ այլ անձի կողմից որևէ ապօրինի գործողության հետևանք չի եղել, այլ նա [իր] բնավորության [որոշակի առանձնահատկությունների] և անհատական ու հոգեբանական գծերի պատճառով ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել. իր կարիքների և շարժառիթների առումով՝ ընդհանուր առմամբ, [նա] դրսևորել է անձնական անհարմարվողականության բարձր աստիճան, իսկ միջանձնային հարաբերություններում ... զինվորական ծառայության ընթացքում բախվել է իր ներքին դիրքորոշմանը հակասող իրականության ... ինչն անհավասարակշռություն է առաջացրել [իրականության] և [իր] անձնական դիրքորոշման միջև ... ինչն էլ հանգեցրել է ինքնասպանության։ Հետևաբար որևէ հանցագործություն տեղի չի ունեցել ...»։
42. Դիմումատուն այդ որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազին՝ պնդելով, inter alia, որ պատշաճ քննություն չի իրականացվել այն հնարավորության առնչությամբ, որ վրեժխնդրության նպատակով իր որդին դիտավորյալ թիրախ է դարձել քրեական գործով իր տված ցուցմունքի համար (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը), ինչպես նաև դեպքի վայրում գնդակի բացակայության, զենքի վրա իր որդու մատնահետքերի բացակայության և նրա ձեռքերի վրա կրակոցի արգասիքի որևէ հետքի բացակայության առնչությամբ։ Դիմումատուն նաև բողոքել է, որ իր որդու բոլոր ծառայակիցներից մատնահետքեր և քսուքներ չեն վերցվել (քննություն իրականացնող մարմինը դա հիմնավորել է նրանով, որ նման միջոցառումն անհիմն կերպով կերկարաձգեր քննությունը և կխոչընդոտեր անհրաժեշտ քննչական միջոցառումների իրականացումը), և որ դիակի հայտնաբերման և այն հոսպիտալ տեղափոխելու հանգամանքները չեն պարզաբանվել։ Դիմումատուն նաև կասկածի տակ է դրել բոլոր զինծառայողների նույնական ցուցմունքները, որոնց համաձայն՝ իր որդին տարօրինակ վարքագիծ է դրսևորել, մինչդեռ հրամանատարությունը նրա վարքագծում որևէ տարօրինակություն չի նկատել և շարունակել է նրան հերթապահության նշանակել ու հրազեն տրամադրել։
43. 2016 թվականի ապրիլի 30-ին Երկրորդ կայազորային զինվորական դատախազությունը մերժել է դիմումատուի բողոքը։ Որոշման մեջ, inter alia, նշվել է հետևյալը. i) որևէ տեղեկություն ձեռք չի բերվել, որը կհաստատեր, որ Ա. Մարգարյանին ահաբեկել են, կամ որ նա ենթարկվել է որևէ այլ բացասական վերաբերմունքի Ա.Ա.-ի դատավարությանը նրա մասնակցության կապակցությամբ (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը), ii) քսուքներ են վերցվել այն չորս զինծառայողներից, որոնք 2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում, գտնվել են թիվ 1 պահակակետում, iii) Ա. Մարգարյանի մատնահետքերի բացակայությունը կարող էր բացատրվել նրանով, որ ինքնաձիգը շփվել էր այլ մակերեսների, մասնավորապես՝ խոնավ հողի հետ, իսկ այլ անձանց կողմից մատնահետքերը դիտավորյալ վերացնելու որևէ փորձ բացառվել է, iv) զինվորական ծառայության ընթացքում Ա. Մարգարյանը չի դրսևորել որևէ տարօրինակ վարքագիծ, որը կարող էր հիմք հանդիսանալ հերթապահության նշանակման վերաբերյալ մտահոգության համար։ Հրամանատարությունը բազմաթիվ զրույցներ է ունեցել նրա հետ, որոնց ընթացքում նա իրեն պատշաճ կերպով է դրսևորել։
44. Այնուհետև դիմումատուն դատական կարգով վիճարկել է այդ որոշումը՝ ներկայացնելով նույն փաստարկները (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը)։
45. 2016 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է դիմումատուի հայցը։ Այդ որոշման պատճառաբանության մեջ նշված է հետևյալը.
«Ուսումնասիրելով հայցի քննության կապակցությամբ ներկայացված նյութերը՝ դատարանը գտնում է, որ քննություն իրականացնող մարմինը, ... վկաներին հարցաքննելով, դեպքի վայրը, տարածքը զննելով, դեպքի վերարտադրման քննչական [փորձարարություն] անցկացնելով, [տարբեր] դատափորձագիտական փորձաքննություններ նշանակելով ... օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ [որոշումներ] կայացնելով [և] ... քրեական գործի շրջանակներում անհրաժեշտ այլ քննչական գործողություններ իրականացնելով, իրականացրել է ... ամբողջական և օբյեկտիվ քննություն և ... վարույթը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելով ... չի խախտել [Ա. Մարգարյանի] կամ [դիմումատուի]՝ ... իրավունքները, որոնք երաշխավորված են ...»։
46. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ 2016 թվականի նոյեմբերի 2-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել ստորադաս դատարանի որոշումը՝ մասնավորապես նշելով, որ դատարանները չէին կարող ցուցումներ տալ քննություն իրականացնող մարմիններին։
47. 2017 թվականի հունվարի 31-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուին բողոքարկման իրավունք տրամադրելը։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
I. Քրեական օրենսգիրք
48. 2003 թվականի Քրեական օրենսգրքի (գործել է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը) 110-րդ հոդվածով նախատեսվում էր, որ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում էր ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
II. Քաղաքացիական օրենսգիրք
49. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված որոշակի իրավունքների խախտման համար պետությունից ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթները սահմանում են հետևյալը։
50. 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ անձը, որի իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Վնասն այն ծախսերն են, որոնք կրում կամ կրելու է անձը, որի իրավունքները խախտվել են՝ խախտված իրավունքները վերականգնելու, գույքի կորստի կամ դրան հասցված վնասի (նյութական վնասի), այդ թվում՝ եկամուտների կորստի, ինչպես նաև ոչ նյութական վնասի հետ կապված (17-րդ հոդվածի 2-րդ մաս):
Համաձայն 17-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում (տե՛ս ստորև՝ 51-րդ պարբերությունը):
51. 162.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ անձն իրավունք ունի պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդումն իրականացնող մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա որևէ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված նրա հիմնարար իրավունքները։
52. 1087.2 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսվում է, որ հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից: Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե սույն օրենսգրքի 162.1 հոդվածով (տե՛ս վերևում՝ 51-րդ պարբերությունը) սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
Մարդու կյանքի իրավունքը խախտելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը (մոտավորապես 6000 եվրո (EUR)) (1087.2 հոդվածի 7-րդ մասի 1-ին կետ)։ Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել տվյալ սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ (1087.2 հոդվածի 8-րդ մաս):
Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել սույն օրենսգրքի 162.1 հոդվածով (տե՛ս վերևում՝ 51-րդ պարբերությունը) սահմանված իրավունքների խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին շահագրգիռ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում կամ տվյալ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Իրավապահ մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում (1087.2 հոդվածի 9-րդ մաս)։
53. 2014 թվականի նոյեմբերի 1-ից 17-րդ հոդվածի 2-րդ մասում (տե՛ս վերևում՝ 50-րդ պարբերությունը)՝ վնասի տեսակների ցանկում, ներառվել է ոչ նյութական վնասը, որի հատուցումը կարող է պահանջվել քաղաքացիական վարույթի շրջանակներում:
Արդյունքում Քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է նոր 162.1 և 1087.2 հոդվածներով (տե՛ս վերևում՝ 51-րդ և 52-րդ պարբերությունները), որոնք կարգավորում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված որոշ իրավունքների խախտման համար պետությունից ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու ընթացակարգը։
Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ին հետագա փոփոխությունները կատարվելը (ուժի մեջ են 2016 թվականի հունվարի 1-ից) ոչ նյութական վնասի հատուցում կարող էր պահանջվել պետությունից, եթե դատական որոշմամբ հաստատվել էր, որ անձի՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները խախտվել են, ինչպես նաև սխալ դատապարտման դեպքերում: 2016 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում ոչ նյութական վնասի հատուցում կարող էր պահանջվել պետությունից մի շարք այլ իրավունքների խախտումներ հայտնաբերվելու դեպքում։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
54. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան կապակցությամբ, և որ իշխանությունները տվյալ դեպքի առնչությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել։ Գործով փաստերին իրավական բնութագիր տալու իրավասությամբ պայմանավորված (տե՛ս Ռադոմիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12 գործը, § 114, 124 և 126, 2018 թվականի մարտի 20)՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դիմումատուի բողոքները քննել միայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանված է օրենքով»:
Ա. Ընդունելիությունը
1. Իրավազորությունը
55. Կառավարությունը պնդել է, որ Հայաստանը 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետով դիմումատուի կողմից ներկայացված բողոքների նկատմամբ իրավազորություն չուներ, քանի որ նրա որդին զինվորական ծառայությունն անցնում էր «ԼՂՀ» զինվորական մարմինների վերահսկողության ներքո: Նրանք նաև պնդել են, որ 2014 թվականի դեկտեմբերի 4-ի դեպքի առնչությամբ քննությունն իրականացվել է Հայաստանի իշխանությունների կողմից, և հետևաբար Հայաստանն իրավազորություն ուներ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի ներքո դիմումատուի կողմից ներկայացված բողոքի նկատմամբ։
56. Դիմումատուն պնդել է, որ հարցերը, որոնց մասով բողոք է ներկայացվել, Հայաստանի իրավազորության շրջանակում էին։
57. Դատարանը նշում է, որ նախկինում քննել և մերժել է Հայաստանի իրավազորությանը վերաբերող նմանատիպ առարկություն մեկ այլ գործով, որը վերաբերում էր «ԼՂՀ»-ում զինվորական ծառայության ընթացքում ժամկետային զինծառայողների մահվանը (տե՛ս մասնավորապես Հովհաննիսյանը և Կարապետյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 67351/13, §§ 57-63, 2023 թվականի հոկտեմբերի 17)։ Այն նաև նշում է, որ նախկինում անդրադարձել է Հայաստանի իրավազորության հարցին՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերը Լեռնային Ղարաբաղում զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերին վերաբերող մի շարք այլ գործերով՝ արձանագրելով, որ Հայաստանի և հայկական բանակի այն ժամկետային զինծառայողների միջև, որոնք մահացել էին տվյալ տարածքում զինվորական ծառայություն իրականացնելիս, իրավազորության առումով առկա է եղել կապ՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով (տե՛ս, ի թիվս առավել վերջերս կայացված որոշումների, Վարյանն ընդդեմ Հայաստանի գործը, թիվ 48998/14, §§ 69-70, 2024 թվականի հունիսի 4, հետագա հղումներով, և Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործը, թիվ 51448/15, §§ 98-102, 2025 թվականի հունվարի 9, որը վերաբերում էր «ԼՂՀ»-ում մեկուսարանում ժամկետային զինծառայողի մահվանը)։
58. Քանի որ Կառավարությունը որևէ նոր փաստարկ չի ներկայացրել, Դատարանը չի տեսնում այդ հարցի վերաբերյալ սույն գործում իր կողմից նախկինում արված եզրակացություններից շեղվելու պատճառներ։ Հետևաբար այն եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետության և դիմումատուի մահացած որդու միջև իրավազորության առումով առկա է եղել կապ՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանը և Կարապետյանն ընդդեմ Հայաստանի, § 62)։
2. Անընդունելիության այլ հիմքեր
59. Դատարանը նշում է, որ տվյալ գանգատն ակնհայտորեն անհիմն կամ անընդունելի չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
60. Դիմումատուն նշել է, որ քննությունն անկախ կամ մանրամասն չի եղել, և իր որդու մահվան հանգամանքները չեն պարզվել։ Այն վերջնականապես չի բացառել այն հնարավորությունը, որ իր որդու մահը կապված էր քրեական գործով նրա՝ որպես առանցքային վկա հանդես գալու հանգամանքի հետ։ Իր որդու բոլոր ծառայակիցներից մատնահետքեր և կրակոցի արգասիքի առկայությունը ստուգելու նպատակով քսուքներ չեն վերցվել, և զենքի վրա նրա մատնահետքերի բացակայության վերաբերյալ որևէ բավարար բացատրություն չի ներկայացվել։ Պարզվել է, որ մեկ զինծառայողի ձեռքերին առկա են եղել կրակոցի արգասիքի հետքեր, սակայն դրանց ծագման վերաբերյալ որևէ բացատրություն չի տրվել, քանի որ ենթադրվում էր, որ նա դեպքի վայրում չի եղել։ Հարցաքննված վկաները տվել են նույնական, ամենայն հավանականությամբ, կեղծված ցուցմունքներ, որոնց համաձայն՝ իր որդին տարօրինակ վարքագիծ է դրսևորել և որևէ մեկի հետ չի շփվել, մինչդեռ պատասխանատու զինվորական պաշտոնատար անձինք որևէ խնդիր չեն տեսել նրան հերթապահության նշանակելու և զենք տրամադրելու հարցում։ Բացի այդ, քննությամբ չի պարզվել դիակի հայտնաբերմանն առնչվող իրադարձությունների ժամանակագրությունը և այն ժամանակը, որն անհրաժեշտ էր եղել դրա՝ հոսպիտալ տեղափոխումը կազմակերպելու համար։ Վերջապես, դիմումատուն վիճարկել էր քննություն իրականացնող մարմնի կողմից մահը որպես ինքնասպանություն որակելը՝ այն հիմքով, որ իր որդին Հայ առաքելական եկեղեցու հետևորդ էր, թեև անվիճելի է, որ քրիստոնեությունը դատապարտում է ինքնասպանությունը։
61. Ա. Մարգարյանը մահացել էր հերթապահություն իրականացնելիս՝ իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքի պատճառով։ Նա պատշաճ պատրաստություն չէր անցել հրազենի օգտագործման վերաբերյալ՝ ո՛չ տեսական, ո՛չ գործնական առումով, և զորամասի պատասխանատու զինվորական պաշտոնատար անձանց կողմից անձնակազմի նկատմամբ վերահսկողությունը պատշաճ չէր իրականացվել։ Բացի այդ, պետությունը չէր ապահովել զորամասը շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու միջոցներով՝ ո՛չ տեղում, ո՛չ էլ անմիջական հարևանությամբ։
բ) Կառավարությունը
62. Կառավարությունը պնդել է, որ Ա. Մարգարյանի հոգեկան առողջությունը պատշաճ կերպով գնահատվել էր ինչպես նրա զորակոչից առաջ, այնպես էլ զինվորական ծառայության ընթացքում։ 2013 թվականի դեկտեմբերին նա ճանաչվել էր զինվորական ծառայության համար պիտանի, իսկ նրա ծառայողական փաստաթղթերում նա բնութագրվել էր որպես առողջ անձ։ Այդ ժամանակից մինչև 2014 թվականի հուլիսը զինվորական պաշտոնատար անձինք նրա հետ մի քանի զրույցներ էին ունեցել՝ նրա բնավորությունը և զինվորական ծառայությունը շարունակելու կարողությունը գնահատելու նպատակով։ Այդ զրույցների վերաբերյալ արձանագրություններում Ա. Մարգարյանը բնութագրվել էր որպես կայուն հոգեկան առողջական վիճակ ունեցող անձ, որը զինվորական ծառայությունը շարունակելու հետ կապված որևէ խնդիր չուներ։ Իշխանությունները ո՛չ տեղյակ էին, ո՛չ էլ կարելի էր ակնկալել, որ նրանք տեղյակ կլինեին Ա. Մարգարյանի կյանքին սպառնացող որևէ վտանգի մասին։ Այդ կապակցությամբ Կառավարությունը հղում էր կատարել հետմահու դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննության եզրակացություններին, համաձայն որոնց՝ Ա. Մարգարյանը չէր տառապում որևէ հոգեկան հիվանդությամբ կամ ժամանակավոր փսիխոտիկ խանգարմամբ։ Նա բախվել էր իր ներքին դիրքորոշմանը և զգացմունքներին հակասող իրականության, ինչի արդյունքում առաջացել էր ճանաչողական դիսոնանս, որը նա ընկալել էր որպես սպառնալիք, և ինքնասպանություն էր գործել՝ իրեն պաշտպանելու նպատակով։ Կառավարության կարծիքով՝ իշխանությունները չէին կարող կանխատեսել այնպիսի իրավիճակ, որի պարագայում կարող էր առաջանալ կանխարգելիչ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու պարտավորություն։
63. Կառավարությունը պնդել է, որ Ա. Մարգարյանի մահվան հանգամանքների առնչությամբ իրականացվել էր մանրակրկիտ և համապարփակ քննություն։ Այդ քննությամբ որևէ այլ անձի պատասխանատվությունը նրա ինքնասպանության առնչությամբ չէր հաստատվել։ Անդրադառնալով անհապաղ քրեական գործով քննություն նախաձեռնելուն և ձեռնարկված տարբեր քննչական միջոցառումներին՝ Կառավարությունը պնդել է, որ քննությունը եղել է պատշաճ և մանրակրկիտ։ Ամփոփելով՝ քննությամբ, որը Կառավարության պնդմամբ լիովին համապատասխանել էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական պահանջներին, հաստատվել էր, որ Ա. Մարգարյանն ինքն էր իրեն զրկել կյանքից, և որևէ մեկը չէր դրդել նրան անել դա։
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
64. Դատարանը հղում է կատարում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակներում իր գործերով սահմանված ընդհանուր սկզբունքներին, որոնք վերաբերում են զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերին (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Բեքերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, §§ 41-43, 2009 թվականի մարտի 24, Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine], թիվ 52013/08, §§ 92-93, 2013 թվականի հունվարի 17, Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia], թիվ 69517/11, §§ 118-27, 2022 թվականի ապրիլի 5, և Օհանջանյանն ընդդեմ Հայաստանի [Ohanjanyan v. Armenia], թիվ 70665/11, §§ 133-38, 2023 թվականի ապրիլի 25)։
65. Դատարանի նախադեպային իրավունքի հաստատուն սկզբունք է այն, որ ինչպես կալանքի տակ գտնվող անձանց դեպքում, ժամկետային զինծառայողները նույնպես գտնվում են պետության ձեռքերում, և որ բացառապես իշխանություններն են ամբողջությամբ կամ մեծ մասամբ տեղյակ բանակում տեղի ունեցող դեպքերից: Հետևաբար պետությունը պարտավոր է բավարար և համոզիչ բացատրություն ներկայացնել բանակում տեղի ունեցած ցանկացած վնասվածքի կամ մահվան առնչությամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի, § 120, և Օհանջանյանի գործերը, § 133)։
66. Ավելին, կյանքի իրավունքը պաշտպանելու, ինչպես նաև դրանից զրկվելու դեպքի վերաբերյալ պատշաճ տեղեկություններ ներկայացնելու պարտավորության համար անուղղակիորեն պահանջվում է որոշակի արդյունավետ պաշտոնական քննության իրականացում, եթե հիմք կա կարծելու, որ անձին կասկածելի հանգամանքներում հասցվել են կյանքին սպառնացող վնասվածքներ, նույնիսկ այն դեպքում, երբ մահ առաջացրած ոտնձգությունը կատարելու մեջ կասկածվող անձը պետական պաշտոնյա չէ: Արդյունավետ լինելու համար քննությունը, նախևառաջ, պետք է լինի պատշաճ (տե՛ս Ռամսահայը և այլք ընդդեմ Նիդերլանդների [ՄՊ] [Ramsahai and Others v. the Netherlands [GC]], թիվ 52391/99, § 324, ՄԻԵԴ 2007-II)։ Այսինքն՝ այն պետք է հնարավորություն տա պարզելու փաստերը և անհրաժեշտության դեպքում՝ նույնականացնելու և պատժելու պատասխանատու անձանց (տե՛ս Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia] , թիվ 11275/07, § 134, 2016 թվականի նոյեմբերի 24, հետագա հղումներով)։
67. Քննությունը պետք է նաև լինի բազմակողմանի, ինչը նշանակում է, որ իշխանությունները պետք է լրջորեն փորձեն պարզել տեղի ունեցածը և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշման համար որպես հիմք ընդունելու համար (տե՛ս Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]], թիվ 10865/09 և 2 այլ, § 325, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ) և Էլ Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ][El Masri v. the former Yugoslav Republic of Macedonia] [GC] , թիվ 39630/09, § 183, ՄԻԵԴ 2012)։
68. Այս համատեքստում ենթադրվում է օպերատիվության և ողջամիտ արագությամբ քննություն իրականացնելու պահանջը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մուստաֆա Թունջը և Ֆեչիրե Թունջն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey] [GC] , թիվ 24014/05, § 178, 2015 թվականի ապրիլի 14)։
69. Բացի այդ, քննությունը պետք է հասանելի լինի տուժողի ընտանիքին այնքանով, որքանով դա անհրաժեշտ է նրանց օրինական շահերը պաշտպանելու համար: Նաև պետք է լինի քննության հանրային վերահսկողության բավարար տարր, որի աստիճանը կարող է գործից գործ տարբեր լինել (տե՛ս Հյու Ջորդանն ընդդեմ Միացյալ Թագավորության[Hugh Jordan v. the United Kingdom], թիվ 24746/94, § 109, 2001 թվականի մայիսի 4)։ Միևնույն ժամանակ, 2-րդ հոդվածով քննություն իրականացնող մարմինների համար չի նախատեսվում քննության ընթացքում հարազատի կողմից կատարված կոնկրետ քննչական միջոցառման յուրաքանչյուր պահանջը բավարարելու պարտավորություն (տե՛ս վերևում հիշատակված Ռամսահայը և այլք ընդդեմ Նիդերլանդների [Ramsahai and Others v. the Netherlands], § 348, և Վելչեան և Մազարեն ընդդեմ Ռումինիայի[Velcea and Mazăre v. Romania], թիվ 64301/01, § 113, 2009 թվականի դեկտեմբերի 1)։
70. Արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքների հասնելու, այլ միջոց կիրառելու պարտավորություն է. պետական իշխանության մարմինները պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ միջոցները՝ ձեռք բերելու համար տվյալ դեպքի վերաբերյալ ապացույցներ, ներառյալ, inter alia, վկաների ցուցմունքներ, փորձաքննության արդյունքներ և անհրաժեշտության դեպքում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի միջոցով հնարավոր է ստանալ վնասվածքի ամբողջական և ճշգրիտ պատկերը և կլինիկական եզրակացությունների, այդ թվում՝ մահվան պատճառների օբյեկտիվ վերլուծությունը: Քննության արդյունավետությունը, սակայն, չի կարող գնահատվել միայն կազմված արձանագրությունների, հարցաքննված վկաների կամ կատարված այլ քննչական գործողությունների թվով։ Քննության արդյունքները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր բաղադրիչների բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Քննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճորեն չձեռնարկելը վճռորոշ կերպով խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում մեղավորներին ի հայտ բերելու՝ քննության հնարավորությունը և անխուսափելիորեն հանգեցնում է արդյունավետության պահանջվող չափանիշին չհամապատասխանելուն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Օհանջանյանի գործը, § 136, հետագա հղումներով)։
71. Ի վերջո, քննության՝ բավականաչափ արդյունավետ լինելու հարցը պետք է գնահատվի համապատասխան բոլոր փաստերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով նախաքննության մարմնի աշխատանքի գործնական հանգամանքները: Քննության արդյունավետության նվազագույն շեմը բավարարող ուսումնասիրության բնույթը և աստիճանը կախված են կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուստաֆա Թունջի և Ֆեչիր Թունջի [Mustafa Tunç and Fecire Tunç] գործը, §§ 176 և 181):
բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով
72. Վերևում հիշատակված նախադեպային իրավունքին համապատասխան՝ Դատարանը նպատակահարմար է համարում սկսել գործի ըստ էության քննությունը՝ նախ անդրադառնալով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն դիմումատուի բողոքի դատավարական հայեցակետին, այն է՝ արդյոք նրա որդու մահվան հանգամանքների առնչությամբ ներպետական քննությունն արդյունավետ է եղել, թե՝ ոչ, այնուհետև անցնել նյութաիրավական հայեցակետին, այն է՝ այն հարցին, թե արդյոք պետությունը կարող է պատասխանատվության ենթարկվել նրա մահվան համար (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերևում հիշատակված՝ Պետրոսյանի գործը, § 120, Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործը, թիվ 56717/08, § 77, 2017 թվականի հունիսի 1, և վերևում հիշատակված՝ Օհանջանյանի գործը, § 139)։
i) Դատավարական հայեցակետը
73. Դատարանը սկզբում նշում է, որ իշխանությունները օպերատիվ են արձագանքել 2014 թվականի դեկտեմբերի 4-ի դեպքին և իրենց նախաձեռնությամբ քննություն են սկսել դրա առնչությամբ։ Մասնավորապես Քննչական կոմիտեն դեպքի նույն օրը (տե՛ս վերևում՝ 10-12-րդ պարբերությունները) 2003 թվականի Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով հարուցել է քրեական վարույթ (տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունը), իսկ քննիչ Ս.Հ.-ն նշանակել է նաև դիակի փորձաքննություն (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը)։ Դիահերձման եզրակացությամբ պարզվել է մահվան պատճառը (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը)։ Դեպքի վայրի զննությունը նույնպես իրականացվել է 2014 թվականի դեկտեմբերի 4-ին, իսկ վկաների հարցաքննությունն սկսվել է քննության առաջին իսկ օրերից (տե՛ս վերևում՝ 13-րդ և 21-րդ պարբերությունները)։
74. Դատարանը նաև նշում է, որ քննությունն ավարտվել է բավականին արագ՝ դեպքի օրվանից մեկ տարուց փոքր-ինչ ավելի անց՝ 2016 թվականի փետրվարի սկզբին (տե՛ս վերևում՝ 10-րդ և 41-րդ պարբերությունները), և դիմումատուի վերաքննիչ բողոքների հիման վրա քրեական գործով վարույթը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան որոշման՝ դատական կարգով վերանայումը նույնպես ավարտվել է 2017 թվականի հունվարին՝ մեկ տարուց պակաս ժամանակահատվածում (տե՛ս վերևում՝ 44-րդ և 47-րդ պարբերությունները)։ Հետևաբար կարելի է համարել, որ իրավապահ մարմինները ժամանակին են արձագանքել, և վարույթն անհիմն կերպով չի ձգձգվել, ինչը համապատասխանում էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն բավարար օպերատիվությամբ քննություն իրականացնելու մասով պետության պարտավորությանը։
75. Բացի այդ, դիմումատուն չի ներկայացրել որևէ կոնկրետ փաստարկ՝ վիճարկելու իր որդու մահվան առնչությամբ քննությունն իրականացրած ներպետական մարմինների ինստիտուցիոնալ անկախությունը (տե՛ս վերևում՝ 60-րդ պարբերությունը)։
76. Դատարանը նաև նշում է, և դիմումատուի կողմից դա չի վիճարկվել, որ նա քննության նյութերին հասանելիություն է ունեցել, ներառյալ դրան վերաբերող ցանկացած նյութի, այնքանով, որքանով դա անհրաժեշտ էր վարույթում իր օրինական շահերի պաշտպանության համար։
77. Դատարանին մնում է քննել սույն գործով ծագած հիմնական հարցը, այն է՝ Ա. Մարգարյանի մահվան հանգամանքների առնչությամբ իրականացված քրեական վարույթի պատշաճ և մանրակրկիտ լինելը։
78. Անդրադառնալով քրեական վարույթի ընթացքում ձեռնարկված տարբեր քննչական միջոցառումներին (տե՛ս, օրինակ, վերևում՝ 13-15-րդ, 21-30-րդ և 33-40-րդ պարբերությունները), Կառավարությունը պնդել է, որ քննությունը եղել է պատշաճ և մանրակրկիտ (տե՛ս վերևում՝ 63-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, ինչպես նշվեց ավելի վաղ, քննության արդյունավետությունը չի կարող գնահատվել միայն կազմված արձանագրությունների, հարցաքննված վկաների կամ կատարված այլ քննչական գործողությունների թվով։ Իշխանությունները միշտ պետք է լուրջ փորձ կատարեն պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ իրենց քննությունն ավարտելու կամ իրենց որոշումների հիմքում դրանք դնելու համար (տե՛ս վերևում՝ 67-րդ և 70-րդ պարբերություններում մեջբերված նախադեպային իրավունքը)։
79. Ի սկզբանե Դատարանը նշել է, որ քննություն իրականացնող մարմինը հենց առաջին օրվանից ընդունել էր Ա. Մարգարյանի ինքնասպանության վարկածը (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը) և ամբողջ քննությունն իրականացրել էր դրա հիման վրա:
80. Բացի այդ, քննությամբ չի պարզվել՝ արդյոք կրակոց լսվել էր, և եթե այո, ապա որ ժամին։ Ծառայողական քննության վերաբերյալ զեկույցի համաձայն՝ ոչ ոք չէր հայտնել, որ լսել էր կրակոցի ձայն (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը), մինչդեռ քրեական գործով վարույթը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ ընդհանրապես անդրադարձ չէր կատարվել այդ հարցին (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, դեպքի վերարտադրման համապատասխան քննչական փորձարարությամբ հաստատվել էր, որ դեպքի վայրում արձակված կրակոցները լսելի էին թիվ 4 պահակակետից և թիվ 1 պահակակետի շրջակայքից (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը)։ Դեպքի հաջորդ օրը հարցաքննված շարքային Մ.Մ.-ն, որը հերթապահություն էր իրականացնում թիվ 4 պահակակետում, նշել էր, որ իր հերթապահության ընթացքում ինչ-որ պահի լսել էր ինչ-որ մեկի՝ օգնություն կանչելու ձայնը (ըստ երևույթին՝ դիակի հայտնաբերումից հետո) և կատարվածի մասին իմացել էր իր հերթապահության ավարտից հետո (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, հաջորդ օրը կրկին հարցաքննվելիս՝ նա ներկայացրել էր դեպքերի ամբողջովին այլ վարկած՝ նշելով, որ իրականում կարողացել էր տեսնել Ա. Մարգարյանին թիվ 1 պահակակետի շուրջը քայլելիս, և որ ժամը 15։40-ի սահմաններում լսել էր կրակոցի նման հնչող ձայն (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը)։ Շարքային Մ.Մ.-ն նաև նշել էր, որ կապիտան Գ.Կ.-ն և շարքային Մ.Ա.-ն ժամանել էին թիվ 4 պահակակետ (ժամը 15։40-ից հետո) և շուտով հեռացել էին, իսկ մի քանի րոպե անց նա լսել էր թիվ 1 պահակակետից եկող բղավոցներ։ Միևնույն ժամանակ, շարքային Մ.Ա.-ն պնդել էր, որ դին հայտնաբերել էր ժամը 15։30-ից 15։40-ն ընկած ժամանակահատվածում (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը)։ Ոչինչ չի վկայում այն մասին, որ որևէ փորձ է կատարվել պարզելու այն պատճառները, որոնց հետևանքով շարքային Մ.Մ.-ն՝ առանցքային վկան, որը, ըստ երևույթին, վերջին անձն էր, որն Ա. Մարգարյանին ողջ էր տեսել, և միակ անձը, որը հայտնել էր, որ լսել էր կրակոցի ձայնը, իր սկզբնական վարկածում չէր նշել նման առանցքային մանրամասներ (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը)։
81. Չկա նաև որևէ վկայություն այն մասին, որ որևէ փորձ է կատարվել պարզելու դեպքերի ժամանակագրությանը վերաբերող անհամապատասխանությունները, այդ թվում՝ արդյոք Ա. Մարգարյանը դեռևս ողջ էր, երբ նրա դին հայտնաբերվել էր, մինչդեռ քրեական գործով վարույթը դադարեցնելու վերաբերյալ որոշումը դիակի հայտնաբերման ժամանակագրության վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չի պարունակում (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը)։
82. Ավելին, անհասկանալի է մնում այն, թե ինչպես կարող էր պաշտոնական վարկածի համաձայն՝ Ա. Մարգարյանի մահվան պատճառ դարձած կրակոցը չլսվել շրջակայքում գտնվող որևէ անձի կողմից։ Դատարանը նշում է, որ դեպքի վերարտադրության քննչական փորձարարությամբ հստակ ցույց էր տրվել, որ դեպքի վայրում (թիվ 1 պահակակետի մոտ գտնվող խրամատում) արձակված կրակոցները հստակ լսելի էին թիվ 4 պահակակետից, որը գտնվում էր մոտավորապես 120 մետր հեռավորության վրա, ինչպես նաև թիվ 1 պահակակետի շրջակայքից (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը)։ Այն նաև նշում է, որ մահացու վնասվածքը հասցվել էր 7,62 մմ տրամաչափի ԱԿՄՍ ինքնաձիգով (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը), որը գնդակի թռիչքի բարձր արագությամբ կրակող զենք է, որի կրակոցն առաջացնում է բարձր և տարբերվող ձայն։ Բացի այդ, շրջակա պահակակետերում և ստորաբաժանման հրամանատարական կետում հերթապահություն իրականացնող զինծառայողները ոչ միայն հնարավորություն ունեին լսելու նման ձայն, այլև որպես ռազմական դիրքի պահպանության համար պատասխանատու հերթապահ անձնակազմ՝ նրանց հատուկ պարտականությունն էր զգոնություն պահպանել և հայտնաբերել ու զեկուցել շրջակայքում հնարավոր սպառնալիքի կամ վտանգի ցանկացած նշան, իսկ կրակոցն, անկասկած, դասվում է այդպիսի նշանների շարքին։ Այնուամենայնիվ, ո՛չ թիվ 5 պահակակետում (թիվ 4 պահակակետից մոտավորապես 150 մետր հեռավորության վրա), ո՛չ թիվ 3 պահակակետում (300-ից 400 մետր հեռավորության վրա), ո՛չ էլ հրամանատարական կետում (թիվ 1 պահակակետից մոտավորապես 250 մետր հեռավորության վրա, տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը) տեղակայված զինծառայողներից որևէ մեկը չի հայտնել, որ լսել է կրակոցի ձայնը, կամ ահազանգ չի տվել։ Իսկապես, շարքային Մ.Մ.-ն՝ միակ զինծառայողը, որը հայտնել էր, որ ինչ-որ բան էր լսել, նշել էր, որ իր պահակակետից լսել էր թիվ 1 պահակակետում գտնվող զինծառայողների՝ շտապ բժշկական օգնություն կանչելու բղավոցները (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը)։ Մինչդեռ նույն վայրում ինքնաձիգից արձակված կրակոցը նա ընկալել էր որպես ոչ ավելին, քան «շվվոցի» ձայն, որը վերագրել էր թռչունների երամին (նույն տեղում)։ Այնուամենայնիվ, որևէ վկայություն չկա այն մասին, որ քննության ընթացքում որևէ միջոց է ձեռնարկվել այս հանգամանքները պարզաբանելու ուղղությամբ։ Դեպքի վերարտադրման փորձարարությունը սահմանափակվել էր թիվ 4 պահակակետով և թիվ 1 պահակակետի անմիջական շրջակայքով, և որևէ փորձ չէր կատարվել պարզելու, թե արդյոք կրակոցը կարող էր լսելի լինել նաև թիվ 3 և 5 պահակակետերում հերթապահություն իրականացնող անձնակազմի կողմից կամ ստորաբաժանման հրամանատարական կետում կամ դրա շրջակայքում գտնվող անձանց կողմից, և եթե այո, ապա ինչու դրա մասին չէր զեկուցվել (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը)։
83. Բացի այդ, այն իրավիճակում, երբ քննությամբ եզրակացվել էր, որ Ա. Մարգարյանն ինքնասպանություն էր գործել, որևէ բավարար բացատրություն չէր ներկայացվել ինքնաձիգի վրա նրա սեփական մատնահետքերի կամ առհասարակ որևէ մատնահետքի, այդ թվում՝ դիակը տեղափոխելու գործընթացին մասնակցած զինծառայողների մատնահետքերի բացակայության վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը)։ Քրեական գործով վարույթը դադարեցնելու վերաբերյալ որոշման դեմ դիմումատուի վերաքննիչ բողոքին ի պատասխան (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը)՝ համապատասխան դատախազը պնդել էր, որ Ա. Մարգարյանի մատնահետքերի բացակայությունը կարող էր բացատրվել նրանով, որ ինքնաձիգը շփվել էր այլ մակերեսների, այդ թվում՝ խոնավ հողի հետ, և որ որևէ մեկի կողմից մատնահետքերը դիտավորյալ մաքրելու հնարավորությունը բացառվել էր քննությամբ (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը)։ Սակայն Դատարանը նշում է, որ դատախազը հղում չէր կատարել որևէ կոնկրետ, մասնավորապես՝ դատափորձագիտական ապացույցի, որը կհաստատեր իր բացատրությունները։ Հատկանշական է, որ թեև դատահետքաբանական և ձգաբանական համակցված փորձաքննության եզրակացության մեջ նշվել էր, որ ինքնաձիգի տարբեր մասերի վրա առկա էր եղել կեղտ (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը), փորձագետները չէին նշել, որ այդ հանգամանքը կարող էր բացատրել նույնականացվող որևէ մատնահետքի բացակայությունը։
84. Ինչ վերաբերում է դատաձգաբանական ապացույցներին, Դատարանը նշում է նաև, որ համապատասխան փորձագետներին հանձնարարվել էր որոշել այն հեռավորությունը, որից արձակվել էր կրակոցը կամ կրակոցները՝ հաշվի առնելով Ա. Մարգարյանի հագուստի վրա առկա գնդակի անցքերի տեղակայումը և չափսը։ Այնուամենայնիվ, նրանք չեն կատարել դա (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը)։ Դատարանի կարծիքով՝ նման էական թերությունն էապես խաթարել էր այն հնարավորությունը, որ քննությամբ վերջնականապես բացառվեր մեկ այլ անձի կողմից մահացու կրակոցն արձակելու հնարավորությունը։
85. Ավելին, կրակոցի արգասիքի առկայության ստուգում իրականացվել էր միայն չորս զինծառայողի նկատմամբ (որոնք, ենթադրվում էր, որ դեպքի օրը՝ ժամը 15։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում, գտնվել էին դեպքի վայրի շրջակայքում) (տե՛ս վերևում՝ 15-րդ և 36-րդ պարբերությունները)։ Թեև հաստատվել էր, որ այդ անձանցից առնվազն մեկի մոտ պղնձի մասնիկների առկայության թեստը դրական էր (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը), ըստ երևույթին, այդ հանգամանքի առնչությամբ որևէ էական հետագա քայլ չէր ձեռնարկվել։ Դատարանն այնուհետև նշում է, որ զորամասի մյուս զինծառայողներից քսուքներ չէին վերցվել, քանի որ համարվել էր, ինչպես հետագայում նշվել էր դիմումատուի պահանջներին ի պատասխան, որ նման միջոցն անհիմն կերպով կերկարաձգեր քննությունը և կխոչընդոտեր անհրաժեշտ քննչական միջոցառումների իրականացումը (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը)։ Մյուս զինծառայողների տեղաշարժերի և դեպքերի ժամանակագրության վերաբերյալ քննության կողմից վերջնական եզրակացությունների բացակայության պայմաններում այդ մոտեցումը, ըստ երևույթին, անհամատեղելի է արդյունավետ քննության սկզբունքների հետ։
86. Վերջապես, Դատարանը նշում է, որ Ա. Մարգարյանի կողմից ինքն իրեն կյանքից զրկելու վերաբերյալ եզրակացությունը և դրա հիման վրա քրեական գործով վարույթը դադարեցնելու մասին որոշումը հիմնված էին նրա «տարօրինակ վարքագծի», «նրա բնավորության հատուկ [առանձնահատկությունների] և անհատական ու հոգեբանական գծերի», ինչպես նաև «անձնական անհարմարվողականության բարձր աստիճանի» վրա (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը)։ Մի կողմ թողնելով այն փաստը, որ այդ բնութագրերից ոչ մեկով չէր մատնանշվում ինքնասպանության որևէ կոնկրետ շարժառիթ, դրանք հիմնված էին քննության ընթացքում հավաքված առանձին նյութերի վրա, այդ թվում՝ որոշ վկաների ցուցմունքների, որոնցում Ա. Մարգարյանին վերագրվել էր «տարօրինակ» վարքագիծ (տե՛ս վերևում՝ 23-րդ, 28-րդ և 39-րդ պարբերությունների վերջին մասը), սոցիալական ցանցերում նրա հաշիվներից ընտրված գրառումների, այդ թվում՝ նրա զորակոչին նախորդող ժամանակահատվածին վերաբերող բովանդակության (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը), ինչպես նաև հետմահու դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննության եզրակացության վրա, որն ամբողջությամբ հիմնված էր նույն սահմանափակ ապացույցների վրա (տե՛ս մասնավորապես դատափորձաքննություն նշանակելու մասին որոշումը, որը մեջբերված է վերևում հիշատակված 39-րդ պարբերությունում, և եզրակացության մեջ թվարկված ապացույցները, որոնք մեջբերված են վերևում հիշատակված 40-րդ պարբերությունում)։
87. Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ Ա. Մարգարյանի անձի և վարքագծի վերաբերյալ վերևում նշված բնութագրումները լիովին հակասում էին նրա կենդանության օրոք այդ առնչությամբ իրականացված գնահատումներին, որոնք հիմնված էին նրա և նրա զորակոչի, նախնական զինվորական պատրաստության և հետագա զինվորական ծառայության համար պատասխանատու պաշտոնատար անձանց միջև անձնական շփումների վրա։ Ինչպես հաստատվել է Կառավարության կողմից (տե՛ս վերևում՝62-րդ պարբերությունը), Ա. Մարգարյանի զորակոչից առաջ և դրանից հետո կատարված բոլոր զննությունները չէին բացահայտել որևէ խնդիր՝ ո՛չ նրա հոգեկան առողջության առնչությամբ՝ ընդհանուր առմամբ, ո՛չ էլ զինվորական ծառայությանը հարմարվելու առնչությամբ՝ մասնավորապես։ Իսկապես, Ա. Մարգարյանը փաստաթղթերում նկարագրվել էր որպես «կայուն անձ», որը զինվորական ծառայությունը շարունակելու հետ կապված որևէ խնդիր չուներ (տե՛ս վերևում՝ 6-9-րդ պարբերությունները)։ Բացի այդ, քննության ընթացքում հարցաքննված բարձրաստիճան զինվորական պաշտոնատար անձինք, այդ թվում՝ մայոր Ա.Գ.-ն, որը Ա. Մարգարյանին ճանաչում էր նրա զինվորական ծառայության սկզբից և նրա հետ մի շարք զրույցներ էր ունեցել, հաստատել էին, որ նրա հետ կապված որևէ բացասական կամ տարօրինակ վարքագիծ երբևէ չի նկատվել կամ զեկուցվել (տե՛ս վերևում՝ 29-րդ և 30-րդ պարբերությունները)։ Շարքային Մ.Մ.-ն, որը նույնպես Ա. Մարգարյանին ճանաչում էր նրա ծառայության առաջին օրերից, հստակորեն նշել էր, որ այդ ժամանակ նա շատ գոհ էր իր ծառայության վայրից՝ նույնիսկ նշելով, որ կցանկանար հենց սկզբից այնտեղ ծառայել (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը)։ Այս փաստաթղթերի և վկաների ցուցմունքների մասին ո՛չ նշվել էր, ո՛չ էլ դրանց անդրադարձ էր կատարվել հետմահու դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննության եզրակացության մեջ, որի վրա էապես հիմնված էր քրեական գործով վարույթը դադարեցնելու մասին որոշումը (տե՛ս վերևում՝ 40-րդ և 41-րդ պարբերությունները)։
88. Հաշվի առնելով Ա. Մարգարյանի կողմից ինքն իրեն կյանքից զրկելու վարկածը հիմնավորող համոզիչ նյութերի, այդ թվում՝ նման արարքի շարժառիթների վերաբերյալ նյութերի բացակայությունը, առավել ևս կարևոր էր, որ իշխանությունները մանրակրկիտ քննեին այլ հնարավոր վարկածներ։ Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, նրանք չեն կատարել դա անհրաժեշտ պատշաճ ջանասիրությամբ և դադարեցրել են քննությունը՝ հիմք ընդունելով այն, ինչը կարելի է միայն բնութագրել որպես հապճեպ արված եզրակացություններ։
89. Դատարանը նշում է, որ քրեական գործով վարույթը դադարեցնելու վերաբերյալ որոշման դեմ իր վերաքննիչ բողոքներում դիմումատուն մի շարք մանրամասն հարցեր էր բարձրացրել իր որդու մահվան հանգամանքների վերաբերյալ։ Դրանք ներառում էին այն հնարավորության քննությանը վերաբերող հարցեր, որ իր որդին վրեժխնդրության նպատակով դիտավորյալ թիրախ էր դարձել Ա.Ա.-ի դեմ քրեական գործով ցուցմունք տալու համար, որը նույն զորամասի մեկ այլ զինծառայող էր, որը դատապարտվել էր և 2014 թվականի նոյեմբերի սկզբին՝ Ա. Մարգարյանի մահվանից մեկ ամիս առաջ, ազատ էր արձակվել կալանքից (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը)։ Դիմումատուն բարձրացրել էր նաև այլ, այդ թվում՝ դիակի հայտնաբերման և այն հոսպիտալ տեղափոխելու հանգամանքներին վերաբերող հարցեր (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը)։ Սակայն ներպետական դատարանները պարզեցված կարգով մերժել էին նրա փաստարկները (տե՛ս վերևում՝ 45-րդ և 46-րդ պարբերությունները)։
90. Դատարանի կարծիքով՝ ավելի վաղ մատնանշված հանգամանքների պատճառով (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 78-89-րդ պարբերությունները) քննությունն Ա. Մարգարյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով դարձել էր անբավարար և ոչ պատշաճ։
91. Վերոնշյալ բացթողումները և չպարզաբանված անհամապատասխանությունները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ դիմումատուի որդու մահվան առնչությամբ քննությունն իրականացվել է լուրջ թերություններով, և հետևաբար խախտվել էին Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ պետության դատավարական պարտավորությունները։
92. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում:
ii) Նյութաիրավական հայեցակետը
93. Ա. Մարգարյանը պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում իշխանությունների խնամքի և պատասխանատվության ներքո, երբ մահացավ ենթադրյալ ինքնասպանության հետևանքով (տե՛ս վերևում՝ 5-րդ և 10-րդ պարբերությունները)։
94. Դեպքերի պաշտոնական վարկածի համաձայն՝ Ա. Մարգարյանն ինքն իրեն զրկել էր կյանքից՝ իրեն ամրակցված ինքնաձիգով կրակելով իր կրծքավանդակին (տե՛ս վերևում՝ 10-րդ, 11-րդ, 12-րդ և 41-րդ պարբերությունները)։
95. Դատարանը վերահաստատում է, որ ներպետական վարույթ իրականացված լինելու դեպքում իր խնդիրը փաստերի վերաբերյալ իր գնահատականը ներպետական դատարանների գնահատականով փոխարինելը չէ, և որ այդ դատարանները, որպես ընդհանուր կանոն, պետք գնահատեն իրենց ներկայացված ապացույցները։ Թեև Դատարանը կաշկանդված չէ ներպետական դատարանների եզրակացություններով, սովորական հանգամանքներում պահանջվում են համոզիչ տարրեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ այդ դատարանների կողմից կատարված փաստական եզրահանգումներից շեղվելու համար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Թանլին ընդդեմ Թուրքիայի [Tanlı v. Turkey], թիվ 26129/95, § 110, ՄԻԵԴ 2001-III (քաղվածքներ)): Այդուհանդերձ, Դատարանի կողմից ներպետական քննության արդյունքում ձեռքբերված ապացույցների և ներպետական վարույթի շրջանակներում հաստատված փաստերի վրա հիմնվելը մեծապես կախված կլինի ներպետական քննության գործընթացի որակից, ինչպես նաև դրա մանրակրկիտ լինելուց և հետևողականությունից (տե՛ս Տագաևան և այլք ընդդեմ Ռուսաստանի [Tagayeva and Others v. Russia], թիվ 26562/07 և 6 այլ գործեր, § 586, 2017 թվականի ապրիլի 13):
96. Դատարանն արդեն եզրակացրել է, որ Ա. Մարգարյանի առնչությամբ իրականացված քննությունը՝ նրա մահվան հանգամանքները պարզելու նպատակով, եղել է անբավարար և ոչ պատշաճ (տե՛ս վերևում՝ 90-րդ պարբերությունը)։ Այդ պատճառով այն չի կարող այդ քննության եզրակացությունները համարել արժանահավատ։ Հետևաբար չի կարելի համարել, որ իշխանությունները կատարել են դիմումատուի որդու մահվան վերաբերյալ արժանահավատ բացատրություն ներկայացնելու իրենց պարտավորությունը, և հետևաբար նրանք չեն պարզաբանել իշխանությունների հոգածության ներքո տեղի ունեցած մահվան հանգամանքները (տե՛ս, mutatis mutandis, Մուրադյանի, § 155, Օհանջանյանի, § 160 և Պետրոսյանի գործերը, § 158, բոլորը՝ վերևում հիշատակված, ինչպես նաև Ինտրանուովոն ընդդեմ Իտալիայի [Intranuovo v. Italy] գործը, թիվ 46569/19, § 125, 2025 թվականի դեկտեմբերի 11)։ Հաշվի առնելով այս եզրահանգումը՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում (և, իսկապես, անհնար է) քննել նաև դիմումատուի կողմից ներկայացված մնացած փաստարկներն այնքանով, որքանով դրանք վերաբերում են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետին (տե՛ս վերևում՝ 61-րդ պարբերության վերջաբանը, ինչպես նաև վերևում հիշատակված՝ Պետրոսյանի գործը, § 160)։
97. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
98. Դիմումատուն բողոքել է, որ ներպետական իշխանություններն իր որդու մահվան գործով արդյունավետ քննություն չեն իրականացրել, և որ ինքը ներպետական օրենսդրության համաձայն նրա կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար պետությունից փոխհատուցում պահանջելու հնարավորություն չի ունեցել: Նա հիմնվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը․
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
Ա. Ընդունելիությունը
99. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված դիմումատուի բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
100. Դիմումատուն պնդել է, որ իր որդու մահվան հանգամանքների առնչությամբ իրականացված քննությունն արդյունավետ չի եղել։ Նա նաև պնդել է, որ ներպետական օրենսդրությամբ ինքը հնարավորություն չի ունեցել պահանջելու հատուցում իր որդու մահվան հետևանքով կրած վնասի համար, քանի որ ներպետական վարույթի արդյունքում որևէ անձ չի դատապարտվել։
101. Կառավարությունը պնդել է, որ ներպետական իշխանությունները կատարել են Ա. Մարգարյանի մահվան առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելու իրենց պարտավորությունը։ Եթե քննությունն այլ արդյունք ունենար, դիմումատուն հնարավորություն կունենար պետության դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու՝ Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի և 1087.2 հոդվածի համաձայն ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու համար (տե՛ս վերևում՝ 51-րդ և 52-րդ պարբերությունները)։
2. Դատարանի գնահատականը
102. Հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի հետ կապված իր եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 90-րդ և 91-րդ պարբերությունները)՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ չէ քննության առնել, թե արդյոք տեղի է ունեցել նաև 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի որդու մահվան դեպքի առթիվ իրականացված քննության ենթադրյալ անարդյունավետության մասով (տե՛ս, mutatis mutandis, Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 3673/11, § 105, 2020 թվականի մայիսի 7, և վերևում հիշատակված՝ Վարյանի գործը, § 143):
103. Ինչ վերաբերում է դիմումատուի այն բողոքին, թե Հայաստանի օրենսդրությամբ որևէ միջոց նախատեսված չէր իշխանությունների հոգածության ներքո գտնվող անձի մահվան հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու համար, ինչպիսի հանգամանքներում իրականացված քննության արդյունքում որևէ անձ չէր դատապարտվել, Դատարանը նշում է հետևյալը։
104. Դատարանը բազմաթիվ անգամ նշել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորվում է ներպետական մակարդակով իրավական պաշտպանության միջոցի հասանելիությունը՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների էությունն ապահովելու նպատակով, անկախ նրանից, թե ինչ եղանակով են դրանք ապահովված ներպետական իրավակարգում։ Հետևաբար այդ դրույթի ուժով պահանջվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցի տրամադրում, որը հնարավորություն կտա գործ ունենալու «վիճարկելի բողոքի» էության հետ և տրամադրելու դատական պաշտպանության արդյունավետ միջոց (թեև Պայմանավորվող պետություններին ընձեռված է հայեցողության որոշակի շրջանակ այն հարցի վերաբերյալ, թե ինչպես պետք է կատարեն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները՝ սույն դրույթի համաձայն)։ 13-րդ հոդվածով նախատեսված պարտավորության շրջանակը տարբերվում է՝ դիմումատուի կողմից Կոնվենցիայի համաձայն ներկայացված բողոքի բնույթից կախված։ Այնուամենայնիվ, այդ դրույթով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ» ինչպես գործնականում, այնպես էլ օրենքում: Մասնավորապես դրա իրականացմանը չպետք է անհիմն կերպով խոչընդոտեն պատասխանող պետության իշխանությունների գործողությունները կամ անգործությունը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Փոլ և Օդրի Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Paul and Audrey Edwards v. the United Kingdom], թիվ 46477/99, § 96, ՄԻԵԴ 2002-II, հետագա հղումներով)։ 13-րդ հոդվածի իմաստով «իրավական պաշտպանության միջոցի» «արդյունավետությունը» կախված չէ դիմումատուի համար նպաստավոր ելքի որոշակիությունից (տե՛ս Հոգենն ընդդեմ Նորվեգիայի [Haugen v. Norway], թիվ 59476/21, § 160, 2024 թվականի հոկտեմբերի 15, հետագա հղումներով)։
105. Սույն գործով Դատարանը գտել է, որ պատասխանող պետությունը չի պարզաբանել դիմումատուի որդու մահվան հանգամանքները, որը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ նա գտնվում էր իշխանությունների բացառիկ վերահսկողության ներքո, հետևաբար պատասխանող պետությունը պետք է պատասխանատու համարվի նրա մահվան համար (տե՛ս վերևում՝ 96-րդ և 97-րդ պարբերությունները)։ Հետևաբար այս առումով դիմումատուի բողոքները «վիճելի» են 13-րդ հոդվածի նպատակներով՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի կապակցությամբ (տե՛ս, mutatis mutandis, Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Keenan v. the United Kingdom], թիվ 27229/95, § 124, ՄԻԵԴ 2001-II):
106. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համատեքստում Դատարանը նախկինում վճռել է, որ տուժողի կամ տուժողի ընտանիքի համար պետք է հասանելի լինի այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտա պարզելու պետության պաշտոնատար անձանց կամ մարմինների որևէ պատասխանատվություն՝ Կոնվենցիայով սահմանված նրանց իրավունքների խախտում պարունակող գործողությունների կամ անգործության համար։ Բացի այդ, Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման դեպքում, որոնք դասակարգվում են որպես Կոնվենցիայի առավել հիմնարար դրույթներ, խախտումից բխող ոչ նյութական վնասի հատուցումը, ըստ էության, պետք է հասանելի լինի որպես իրավական պաշտպանության միջոցների շրջանակի մաս (տե՛ս վերևում հիշատակված՝ Փոլ և Օդրի Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության» [Paul and Audrey Edwards v. the United Kingdom], § 97, հետագա հղումներով)։
107. Դատարանը նշում է, որ 2014 թվականի նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններից ի վեր Քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է պետությունից ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն՝ Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների, այդ թվում՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների՝ պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից խախտման փաստը հաստատվելու դեպքում (տե՛ս վերևում՝ 53-րդ պարբերությունը, տե՛ս նաև Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 22999/06, §§ 45-47, ՄԻԵԴ 2012՝ տվյալ օրենսդրական փոփոխություններից առաջ ներպետական օրենսդրության վիճակի առնչությամբ)։ Այնուամենայնիվ, դիմումատուն պնդել է, որ քանի որ քննությունը չէր հանգեցրել քրեական դատավճռի կայացմանը, ինքն իրավական առումով հնարավորություն չի ունեցել օգտվելու իրավական պաշտպանության այդ միջոցից (տե՛ս նաև վերևում հիշատակված՝ Պետրոսյանի գործը, § 171, որտեղ դիմումատուն նմանատիպ փաստարկ էր ներկայացրել իր որդու՝ մեկուսարանում մահվան առնչությամբ)։
108. Դատարանը նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածով որպես ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունքի իրականացման նախապայման ուղղակիորեն չի նախատեսվում անհատական քրեական պատասխանատվության հաստատումը (տե՛ս վերևում՝ 51-րդ պարբերությունը)։ Մասնավորապես դրանում նշվում է, որ անձը կարող է պետությունից պահանջել ոչ նյութական վնասի հատուցում, եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարված խախտումը հաստատվել է դատախազի կողմից կամ դատական որոշմամբ (նույն տեղում)։
109. Միևնույն ժամանակ, ըստ Կառավարության՝ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու վերաբերյալ պետության դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու դիմումատուի հնարավորությունը կախված էր քրեական վարույթի արդյունքից (տե՛ս մասնավորապես վերևում՝ 101-րդ պարբերությունը)՝ դրանով հաստատելով նրա այն փաստարկը, որ վնասների, այդ թվում՝ որդու մահվան կապակցությամբ իր կրած վշտի և հոգեկան տառապանքի համար հատուցում պահանջելու ցանկացած հնարավորություն կախված էր պետության պաշտոնատար անձի անհատական քրեական պատասխանատվությունից՝ անկախ դրա հիմքերից։
110. Հետևաբար դիմումատուին հասանելի չէր որևէ քաղաքացիական և (կամ) վարչական իրավական պաշտպանության միջոց, որը նրան հնարավորություն կտար պարզելու իր որդու մահվան համար պետության պաշտոնատար անձանց կամ մարմինների որևէ պատասխանատվություն՝ անկախ քրեական գործով քննության արդյունքներից (մի հարց, որը Դատարանը չկարողացավ վերջնականապես որոշել վերևում հիշատակված՝ Պետրոսյանի գործով, § 174, համեմատե՛ք, mutatis mutandis, Սթրաքն ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [Struc v. the Republic of Moldova] գործը, թիվ 40131/09, § 86, 2012 թվականի դեկտեմբերի 4), այն իրավիճակում, երբ, ինչպես Դատարանը նախկինում եզրակացրել էր, քննությունն այնքան լուրջ թերություններ ուներ, որ դրա եզրակացությունները չէին կարող արժանահավատ համարվել (տե՛ս մասնավորապես վերևում՝ 90-րդ, 91-րդ և 96-րդ պարբերությունները)։
111. Դատարանի կարծիքով՝ այն իրավական պաշտպանության միջոցը, որի շրջանակներում իշխանությունների խնամքի ներքո գտնվող անձի մահվան համար պետությանը պատասխանատվություն վերագրելը կախված է այն հանգամանքից, թե արդյոք համապատասխան քրեական վարույթը հանգեցրել է պետության կոնկրետ պաշտոնատար անձի կամ որևէ այլ անձի նկատմամբ քրեական հետապնդման և (կամ) դատապարտման, չափազանց բարձր պատասխանատվության չափանիշ է սահմանում՝ որպես ներպետական օրենսդրությամբ ոչ նյութական վնասի հատուցում ստանալու նախապայման (համեմատե՛ք Բրանկո Տոմաշիչը և այլք ընդդեմ Խորվաթիայի [Branko Tomašić and Others v. Croatia], թիվ 46598/06, § 41-42, 2009 թվականի հունվարի 15), որպեսզի այն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի իմաստով համարվի «արդյունավետ» (տե՛ս վերևում՝ 104-րդ պարբերությունում հիշատակված նախադեպային իրավունքի համապատասխան սկզբունքները)։ Հետևաբար այն չի կարող համարվել տուժողին կամ տուժողի ընտանիքին տրամադրվող՝ պետական պաշտոնատար անձանց կամ մարմինների՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտում պարունակող գործողությունների կամ անգործության համար վերջիններիս պատասխանատվությունը սահմանող մեխանիզմ, ինչպես նաև ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն տրամադրելու մասով պետության պարտավորությանը համապատասխան (տե՛ս վերևում՝ 104-րդ և 106-րդ պարբերություններում հիշատակված նախադեպային իրավունքի համապատասխան սկզբունքները)։
112. Հետևաբար սույն գործով դիմումատուին հասանելի չէր համապատասխան միջոց՝ իշխանությունների կողմից իր որդու կյանքի իրավունքը պաշտպանելու պարտականությունը չկատարելու վերաբերյալ իր պնդումների հիմնավորվածությունը պարզելու և դրա հետևանքով կրած վնասի համար հատուցման վերաբերյալ կատարման ենթակա որոշում ձեռք բերելու հնարավորություն ստանալու համար։ Ինչպես Դատարանը նախկինում նշել է, սա վշտահար ծնողի համար 13-րդ հոդվածի համաձայն իրավական պաշտպանության միջոցի էական տարր է (տե՛ս վերևում՝ Փոլ և Օդրի Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Paul and Audrey Edwards v. the United Kingdom], § 101)։
113. Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի կողմից՝ իր որդու կյանքի իրավունքի խախտման հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի համար հատուցում պահանջելու իրավական հնարավորության բացակայության մասով։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
114. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
115. Դիմումատուն ոչ նյութական վնասի դիմաց պահանջել է 50 000 եվրո։
116. Կառավարությունը դիմումատուի պահանջը համարել է չափազանցված։
117. Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա և հաշվի առնելով սույն գործով հայտնաբերված խախտումները, դիմումատուին շնորհում է պահանջվող ամբողջ գումարը՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
118. Դիմումատուն ծախսերի և ծախքերի համար հատուցում չի պահանջել։ Հետևաբար Դատարանը պարտավոր չէ այս մասով որևէ որոշում կայացնել։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում.
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 50 000 եվրո (հիսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվին գործող փոխարժեքով,
բ) վերևում նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի սեպտեմբերի 17-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վիկտոր Սոլովեյչիկ Կատերինա Շիմաչկովա՝ Քարտուղար Նախագահ
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|