ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1483-Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 186.2-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 309.3-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից էլեկտրոնային առևտրի ապրանքներն արտահանվում են առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման՝ հետևյալ դեպքերում՝
1) էլեկտրոնային առևտրի օպերատորը հանդիսանում է լիազորված տնտեսական օպերատոր.
2) էլեկտրոնային առևտրի օպերատորը հանդիսանում է օրինապահ հարկ վճարող կամ ունի օրինապահության հավաստագիր.
3) ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են միջազգային փոստային առաքումներով։
2. Անկախ սույն որոշմամբ նախատեսված կարգավորումներից՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ապրանքների փոխադրումը պետք է իրականացվի «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառմամբ, եթե լիազորված տնտեսական օպերատորի վկայականը, օրինապահ հարկ վճարողի կամ օրինապահության հավաստագիրը կասեցվել են.
3. Սահմանել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման փոխադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-84-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 90-րդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
15.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի N 1483-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 309.3-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման փոխադրման հետ կապված հարաբերությունները:
2. Առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ միության մաքսային տարածքից արտահանման նպատակով էլեկտրոնային առևտրի օպերատորը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի սեպտեմբերի 4-ի N 105 որոշմամբ (այսուհետ՝ որոշում) նախատեսված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանման թույլտվության ստացման նպատակով ներկայացվող դիմումի մեջ նշում է նաև հետևյալ տեղեկությունները՝
1) լիազորված տնտեսական օպերատորի վկայականի համարը, օրինապահ հարկ վճարողի կամ օրինապահության հավաստագրի համարը՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում.
2) էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ միջազգային փոստային առաքումներով փոխադրման վերաբերյալ տեղեկատվություն՝ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում:
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը ներկայացվում է մաքսային մարմինների կողմից կիրառվող՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մինչև նշված էլեկտրոնային համակարգի գործարկումը` էլեկտրոնային փոստով կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված էլեկտրոնային եղանակով ներկայացման անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումին կից ներկայացվում են ապրանքներն ուղեկցող այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել օրենսգրքով սահմանված՝ ապրանքների ժամանակավոր պահպանության հանձնման ժամանակ, որոնց ոչ լրիվ կազմով ներկայացման դեպքում մաքսային մարմինը տեղեկացնում է դիմումատուին։ Դիմումատուն տեղեկացումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում փաստաթղթերի չներկայացումը հիմք է հանդիսանում դիմումի մերժման համար։
5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը քննարկվում է մաքսային մարմնի կողմից որոշմամբ նախատեսված ժամկետներում, և որոշմամբ, ինչպես նաև սույն կարգով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում էլեկտրոնային առևտրի օպերատորին տրամադրվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանման և առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման ապրանքների փոխադրման թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն)՝ սույն կարգին կից ձևին համապատասխան:
6. Սույն կարգով սահմանված՝ առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման ապրանքների փոխադրման թույլտվության տրամադրման մերժման հիմքերի առկայության դեպքում մաքսային մարմինը տրամադրում է էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանման թույլտվություն՝ որոշմամբ սահմանված պայմանների պահպանման դեպքում, որից հետո էլեկտրոնային առևտրի ապրանքները միության մաքսային տարածքից արտահանման նպատակով պետք է ձևակերպվեն «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով:
7. Մաքսային մարմնի կողմից առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման ապրանքների փոխադրման թույլտվությունը տրամադրվում է մաքսային մարմինների կողմից կիրառվող՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մինչև նշված էլեկտրոնային համակարգի գործարկումը՝ էլեկտրոնային փոստի միջոցով կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված էլեկտրոնային եղանակով ներկայացման անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով:
8. Անհաղթահարելի ուժի ազդեցության հանգամանքների վերացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի կողմից ապահովվում է թղթային եղանակով կամ էլեկտրոնային եղանակով տրամադրված թույլտվությունների վերաբերյալ տվյալների մուտքագրումը մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ:
9. Էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման փոխադրման թույլտվության տրամադրումը մաքսային մարմնի կողմից մերժվում է սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքում, ինչպես նաև, եթե դիմումատուն չի համապատասխանում սույն որոշման 1-ին կետով սահմանված անձանց կատեգորիաներին կամ ապրանքները փոխադրվում են միջազգային փոստային առաքումներից տարբերվող այլ եղանակով՝ մերժման մասին ծանուցելով դիմումատուին՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված եղանակներով:
10. Առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման ապրանքների փոխադրումն իրականացվում է մաքսային ուղեկցմամբ՝ օրենսգրքի 343-րդ հոդվածին համապատասխան, կամ դրա անհրաժեշտության բացակայության դեպքում՝ օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության իրականացումն ապահովող այլ միջոցների կիրառմամբ։
11. Մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների փոխադրման թույլտվության մեջ սահմանվում է ապրանքների՝ պետական սահմանի անցման կետ փոխադրման ժամկետը՝ օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների տարանցման ժամկետի հաշվարկման դրույթներին համապատասխան:
12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում ապրանքներն օրենսգրքով սահմանված կարգով պետք է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից հասցվեն թույլտվության մեջ նշված պետական սահմանի անցման կետ։
13.Վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների առկայության դեպքում, որոնք խոչընդոտում են ապրանքների փոխադրումը պետական սահմանի անցման կետ, էլեկտրոնային առևտրի օպերատորը պարտավոր է ապահովել ապրանքների և տրանսպորտային միջոցների պահպանվածությունը՝ օրենսգրքով սահմանված կարգով։
14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում այդպիսի հանգամանքների՝ էլեկտրոնային առևտրի օպերատորին հայտնի դառնալու պահից 3 ժամվա ընթացքում էլեկտրոնային առևտրի օպերատորը մաքսային մարմինների կողմից կիրառվող՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մինչև նշված էլեկտրոնային համակարգի գործարկումը՝ էլեկտրոնային փոստով կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված էլեկտրոնային եղանակով ներկայացման անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով ծանուցում է թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնին, որը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
1) էլեկտրոնային առևտրի օպերատորի՝ ռեեստրում հաշվառման վկայականի համարը.
2) ապրանքների փոխադրման համար տրամադրված թույլտվության գրանցման համարը.
3) այն հանգամանքների նկարագրությունը, որոնց առկայությամբ պայմանավորված՝ հնարավոր չէ ապրանքների փոխադրումը պետական սահմանի անցման կետ.
4) ապրանքների և տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը.
5) ապրանքների նկատմամբ բեռնային գործողությունների իրականացման անհրաժեշտության առկայության վերաբերյալ տեղեկատվություն.
6) այն ժամկետը, որի ընթացքում ապրանքները կարող են տեղափոխվել պետական սահմանի անցման կետ։
15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը մաքսային մարմնի աշխատանքային 1 ժամվա ընթացքում երկարաձգում է ապրանքների փոխադրման ժամկետը սույն կարգին կից ձևի մեջ՝ դրա վերաբերյալ համապատասխան նշում կատարելով մաքսային մարմինների կողմից կիրառվող՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում, իսկ մինչև նշված էլեկտրոնային համակարգի գործարկումը՝ էլեկտրոնային փոստով կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված էլեկտրոնային եղանակով ներկայացման անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով՝ տեղեկացնում է ծանուցումը ներկայացրած անձին այդպիսի երկարաձգման վերաբերյալ։
16. Այն դեպքում, երբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված հանգամանքների առկայությամբ պայմանավորված՝ ապրանքները չեն կարող փոխադրվել պետական սահմանի անցման կետ, ապա դրա վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կարգի 14-րդ կետով նախատեսված ծանուցմամբ, որի պարագայում մաքսային մարմինը սույն կարգի 15-րդ կետով նախատեսված տեղեկատվության հետ մեկտեղ սահմանում է նաև ապրանքների փոխադրման նոր վայր և փոխադրման ժամկետ, որի մասին մաքսային մարմինների կողմից կիրառվող՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մինչև նշված էլեկտրոնային համակարգի գործարկումը՝ էլեկտրոնային փոստով կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված էլեկտրոնային եղանակով ներկայացման անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով տեղեկացնում է ծանուցումը ներկայացրած անձին։
17. Այն դեպքում, երբ ապրանքները չեն կարող փոխադրվել պետական սահմանի անցման կետ՝ դրանց ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացման արդյունքում, ապա մաքսային մարմնի աշխատանքային 2 ժամվա ընթացքում մաքսային մարմնի կողմից ապահովվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ներկայությունը սույն կարգի 13-րդ կետով նախատեսված հանգամանքների առաջացման վայրում՝ օրենսգրքով նախատեսված գործառնությունների իրականացման նպատակով։
18. Սույն կարգով նախատեսված դեպքերում ապրանքների՝ պետական սահմանի անցման կետ հասցվելուց հետո դրանք հաշվառվում են մաքսային մարմինների կողմից կիրառվող՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մինչև նշված էլեկտրոնային համակարգի գործարկումը՝ էլեկտրոնային կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ թղթային եղանակով՝ համապատասխան գրանցամատյանում հաշվառման միջոցով։
Ձև
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ
|
1. Թույլտվության համարը (մաքսային մարմնի ծածկագիր/ամսաթիվ/հերթական համար) |
|||||
|
2. էլեկտրոնային առևտրի օպերատորի ռեեստրում հաշվառման վկայականի համարը |
|||||
|
3. Այն ապրանքների վերաբերյալ տեղեկությունները, որոնք ենթակա են փոխադրման | |||||
|
N |
Ապրանքի անվանումը |
Չափման միավորը |
Քանակը |
ժամանակավոր պահպանության հանձնման ժամանակ տրամադրված փաստաթղթերի համարները | |
|
1) |
|||||
|
2) |
|||||
|
.... |
|||||
|
4. Պետական սահմանի անցման կետ ապրանքների փոխադրման ժամկետը |
|||||
|
5․ Փոխադրման ժամկետի երկարաձգման վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում) |
|||||
|
6. Պետական սահմանի անցման կետը |
|||||
|
7․ Փոխադրման վայրի փոփոխության դեպքում՝ պետական սահմանի անցման կետը |
|||||
|
8. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ | |||||
|
1) պաշտոնը |
|||||
|
2) անունը, ազգանունը |
|||||
|
3) ստորագրությունը |
|||||
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
15.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2026 թվական: