ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1510-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով, «Էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի գործողությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 17-ի N 377-Ա որոշմամբ դադարեցվել է, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, «Էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը համաձայնեցված կարգով օտարելու առաջարկը ներկայացրել է դեռևս 17․02․2026 թվականին, որի վերաբերյալ սահմանված ժամկետում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի կողմից արձագանք չի ստացվել և եռամսյա ժամկետում համաձայնեցված կարգով օտարում չի իրականացվել՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման հավելվածում ներառված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) օտարման նպատակը պայմանավորված է պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, ինչպես նաև էներգետիկ մատչելիության, կանխատեսելիության և հավասար հասանելիության ապահովման անհրաժեշտությամբ.
2) օտարման հիմք դիտարկվող հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերին, քանի որ օտարման նպատակի իրագործումը՝
ա. կապահովի էլեկտրաէներգիայի անխափան, հուսալի և շարունակական մատակարարումը՝ խթանելով Հայաստանի Հանրապետությունում ավելի քան 1 միլիոն սպառողի սպասարկումը և նրանց՝ էներգետիկ ծառայություններից օգտվելու իրավունքի անարգել իրացումը,
բ. կնպաստի էլեկտրաէներգիայի բաշխման համակարգի բնականոն, անվտանգ և անխափան գործունեության, էներգետիկ ծառայությունների համընդհանուր հասանելիության, մատչելիության ու կանխատեսելիության ապահովմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը,
գ. կստեղծի էներգետիկայի բնագավառում հատվող՝ ազգային անվտանգության, սպառողների և տնտեսավարող սուբյեկտների շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռություն՝ բացառելով այնպիսի իրավիճակները, որոնք կարող են վտանգել էներգետիկ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, էլեկտրամատակարարման շարունակականությունը կամ սպառողների լայն շրջանակի իրավունքներն ու օրինական շահերը,
դ. հնարավորություն կտա ապահովելու ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ արդյունավետ պետական վերահսկողություն.
3) հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման հավելվածում ներառված սեփականության օտարման, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության` էլեկտրական էներգիայի բաշխման գործունեություն իրականացնելու իրավական հիմքը՝ համապատասխան լիցենզիան, դադարեցվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 17-ի N 377-Ա որոշմամբ, իսկ էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման իրավունքն ունի բացառիկ բնույթ։ Նշված պայմաններում համապատասխան էներգետիկ ենթակառուցվածքի նկատմամբ արդյունավետ վերահսկողության ապահովումն անհրաժեշտ է էլեկտրամատակարարման շարունակականությունն ու հուսալիությունը, հանրային ծառայության պատշաճ մատուցումը և հասարակական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությանն առնչվող ռիսկերը կանխելու համար։ Էլեկտրամատակարարման անխափանությունն ու հուսալիությունը հանրության բնականոն կենսագործունեության և հանրային նշանակության ծառայությունների շարունակականության ապահովման կարևոր նախապայման են, իսկ էներգետիկ համակարգի անվտանգ և կայուն գործունեությունը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ կիրառված ժամանակավոր կառավարման միջոցը, իր իրավական բնույթից ելնելով, նախատեսված է որպես սպառողների շահերի պաշտպանության կանխարգելիչ ժամանակավոր միջոց և չի կարող փոխարինել համապատասխան էներգետիկ ենթակառուցվածքի նկատմամբ երկարաժամկետ և կայուն գույքային վերահսկողությանը.
4) սույն որոշման հավելվածում ներառված սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ էներգետիկ անվտանգությունն ազգային անվտանգության բաղադրիչ է, որի ապահովման համար հանրային իշխանությունը կարող է սահմանել սեփականության ներհատուկ սահմանափակումներ և ռազմավարական օբյեկտների պաշտպանության հատուկ ռեժիմ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ էլեկտրական էներգիայի բաշխման գործունեություն իրականացնելու իրավական հիմքը՝ համապատասխան լիցենզիան, դադարեցվել է։ Տվյալ դեպքում, օտարվող սեփականության նկատմամբ իրականացվող միջամտությունը սահմանված է օրենքով, իսկ սեփականության օտարումը կատարվելու է նախնական և համարժեք փոխհատուցմամբ՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով.
5) օտարման նպատակը ողջամտորեն իրագործելի է սահմանված վերջնաժամկետում` հաշվի առնելով դրա իրագործման համար առկա իրավական և կազմակերպական նախադրյալները, անհրաժեշտ գործողությունների իրականացման հնարավորությունը, ինչպես նաև ժամանակավոր կառավարման մեխանիզմի կիրառումը, որը նպաստում է համապատասխան գործընթացների արդյունավետ կազմակերպմանն ու համակարգմանը.
6) սույն որոշման հավելվածում ներառված սեփականության օտարումն ուղղակիորեն նպաստելու է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված օտարման նպատակի իրագործմանը և օգտագործվելու է բացառապես այդ նպատակով, քանի որ անհրաժեշտ իրավունքի ձեռքբերումը հնարավորություն է տալու ապահովել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ամբողջական և արդյունավետ տնօրինումը, կառավարումն ու դրանց հետ կապված անհրաժեշտ իրավական և կազմակերպական գործընթացների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության, էլեկտրամատակարարման հուսալիության և անխափանության ապահովման, ինչպես նաև հանրության կենսական նշանակության էներգետիկ շահերի պաշտպանության նպատակով։
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում ներառված բաժնետոմսերի ձեռք բերողն է Հայաստանի Հանրապետությունը․
2) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը` 2027 թվականի մայիսի 1-ն է․
4) օտարման նպատակի իրագործումն սկսելու վերջնաժամկետը 2027 թվականի հուլիսի 1-ն է, իսկ ավարտելու վերջնաժամկետը՝ 2027 թվականի հոկտեմբերի 1-ը.
5) սույն որոշման հավելվածում ներառված գույքի նկարագրության արձանագրության կազմումը կատարվում է դրանց վերաբերյալ իրավասու մարմիններում առկա գրանցումների և տեղեկությունների, վերաբերելի հաշվապահական և աուդիտորական փաստաթղթերի պայմանագրերի և այլ վերաբերելի փաստաթղթերի և հանրամատչելի ու հավաստի այլ տեղեկությունների ուսումնասիրություն իրականացնելու միջոցով։ Ընկերության ֆինանսական հաշվետվություններում կամ աուդիտորական եզրակացություններում որևէ պարտավորության կամ ռիսկի չարտացոլված կամ ոչ ամբողջական արտացոլված լինելը հիմք չէ այն նկարագրության արձանագրությունում և բաժնետոմսերի գնահատման ընթացքում հաշվի չառնելու համար:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի նկարագրության արձանագրության կազմումը։ Սույն ենթակետով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մեկ անգամ՝ ոչ ավելի, քան երկամսյա ժամկետով.
2) գույքի նկարագրության արձանագրությունը կազմելուց և հաստատելուց հետո` եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշման հավելվածում ներառված օտարվող գույքի շուկայական արժեքի գնահատումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 970-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող գնահատողի ներգրավմամբ: Գույքի շուկայական արժեքի գնահատման համար գնահատողին պարտադիր տրամադրվում են նկարագրության արձանագրությունը և դրա կազմման հիմքում դրված փաստաթղթերը, իսկ գնահատման ընթացքում հաշվի են առնվում ընկերության փաստացի, պայմանական և հաշվեկշռից դուրս պարտավորություններն ու ռիսկերը՝ անկախ դրանց՝ ֆինանսական հաշվետվություններում կամ աուդիտորական եզրակացություններում արտացոլված լինելու հանգամանքից։
4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված գույքի սեփականատերերը կարող են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել իրենց կողմից ներգրավված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 970-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող անկախ գնահատողի կողմից իրականացված գնահատման հաշվետվությունը սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետում: Սույն կետով նախատեսված գնահատման հաշվետվությունը պետք է կազմված լինի նույն գնահատման ամսաթվի դրությամբ և նկարագրության արձանագրության հիման վրա։
5. Նկարագրության արձանագրությունն առնվազն պետք է պարունակի ստորև նշված տեղեկատվությունը՝
1) բաժնետոմսերի թողարկողը.
2) բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկատվություն, որը պետք է բավարար լինի դրանց մասին գնահատական կազմելու համար` ներառյալ (առկայության դեպքում)՝
ա. դրանց տեսակները,
բ. դրանցով վերապահվող իրավունքները և պարտականությունները,
գ. դրանց նկատմամբ առկա ծանրաբեռնվածությունները,
դ. դրանցով նախատեսված պարտավորությունների երաշխավորների և երաշխավորվածությունների մասին տեղեկությունները,
ե. դրանց հետ կապված ռիսկերը.
3) բաժնետոմսերի թողարկողի վերաբերյալ տեղեկատվություն, որը պետք է բավարար լինի ընկերության իրական ֆինանսական և իրավական վիճակի, ինչպես նաև բաժնետոմսերի արժեքի վրա ազդող հանգամանքների վերաբերյալ ամբողջական գնահատական կազմելու համար` ներառյալ՝
ա. ընկերության ակտիվների, փաստացի, պայմանական և հաշվեկշռից դուրս պարտավորությունների ամբողջական գույքագրումը,
բ. ընկերության վարկային և փոխառության պարտավորությունները, երաշխավորությունները, երաշխիքները, գրավները և այլ ապահովությունները, այդ թվում՝ երրորդ անձանց պարտավորությունների ապահովման նպատակով տրամադրվածները,
գ. գործող և դադարած պայմանագրերից բխող այն պարտավորությունները, որոնք գնահատման ամսաթվի դրությամբ կարող են առաջացնել վճարման կամ այլ գույքային պարտավորություն,
դ. ընկերության մասնակցությամբ դատական, վարչական և արբիտրաժային վարույթները, ինչպես նաև ներկայացված կամ ողջամտորեն կանխատեսելի պահանջները և դրանց հնարավոր ֆինանսական հետևանքները,
ե. հարկային, մաքսային, կարգավորող և այլ հանրային իրավական պարտավորությունները և ռիսկերը,
զ. փոխկապակցված անձանց հետ գործարքներից և հարաբերություններից բխող պարտավորություններն ու պահանջները,
է. ընկերության գույքի, իրավունքների և պարտավորությունների նկատմամբ առկա ծանրաբեռնվածությունները և սահմանափակումները,
ը. ֆինանսական հաշվետվություններում և աուդիտորական եզրակացություններում արտացոլված տվյալների ու իրականացված ուսումնասիրությա արդյունքում բացահայտված տվյալների միջև առկա էական տարբերությունները՝ դրանց պատճառների և հնարավոր ֆինանսական ազդեցության նշմամբ,
թ. այլ հանգամանքներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընկերության զուտ ակտիվների, դրամական հոսքերի, պարտավորությունների կամ բաժնետոմսերի շուկայական արժեքի վրա․
4) թողարկողի նախկին վերակազմակերպումների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև դրա բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման մասին տեղեկությունները (պատմությունը)` սկսած մասնավորեցման պահից` ներառյալ համապատասխան գործարքների պայմանների վերաբերյալ տեղեկությունները (առկայության դեպքում)․
5) թողարկողի կողմից հրապարակված հաշվետվությունների վերաբերյալ տեղեկությունները:
6. Նկարագրության արձանագրությունը կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նկարագրության արձանագրությունը քննարկվում և հաստատվում է նախարարության կողմից այդ նպատակով հրավիրված նիստում, որին հրավիրվում են և կարող են մասնակցել սույն որոշման հավելվածում ներառված գույքի սեփականատերերը կամ դրանք փաստացի տիրապետողները:
7. Նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սույն որոշման հավելվածում ներառված բաժնետոմսերի բաժնետերերին և այդ բաժնետոմսերի նկատմամբ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կամ դատարան:
8. Նկարագրության արձանագրությունը, ինչպես նաև դրա կազմման ընթացքում ձեռք բերված բոլոր փաստաթղթերը և նյութերն էլեկտրոնային կրիչով ի պահ են հանձնվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) սույն որոշման ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով ապահովել սույն որոշման ծանուցումը նույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, սույն որոշման հավելվածում ներառված բաժնետոմսերի վերաբերյալ համապատասխան տվյալները (տեղեկատվությունը) ներկայացնել իրավասու մարմնին՝ այդ տեղեկատվությունը համակարգում գրանցելու գործառնություն իրականացնելու համար: Սույն ենթակետի կատարման հետ կապված ծախսերը կատարվում են ձեռք բերողի հաշվին:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
16.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի N 1510-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ
Թողարկողի լրիվ անվանումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն
Պետական գրանցման վկայական՝ 01Ա033472 տրված է՝ 22․04․1997 թ․
Իրավաբանական հասցե՝ ք․ Երևան, Ա․ Արմենակյան 127
Արժեթղթերի տարբերակիչ ծածկագիր՝AMHELCS10ER3
Արժեթղթերի դաս (տեսակ) Հասարակ անվանական բաժնետոմս
Արժեթղթի անվանական արժեք՝ 83,900 ՀՀ դրամ
Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք՝ 20,674,889,700 ՀՀ դրամ
Արժեթղթերի ընդհանուր քանակ՝ 246,423 հատ
|
NN ը/կ |
Արժեթղթերի սեփականատիրոջ |
Արժեթղթերի հաշվի համար |
Փաստաթուղթ |
Փոստային հասցե |
Արժեթղթերի քանակ |
Բաժնեչափ(%) | |
|
ընդհանուր |
որից ձայնի իրավունքը սառեցված |
| |||||
|
1․ |
«Տաշիր կապիտալ» փակ բաժնետիրական ընկերություն-Սեփական արժեթղթերի հաշիվ |
7420000038532 |
286․120․939597 |
ՀՀ, ք. Երևան, 0010, Տերյան փ., շ․ 69 |
172,496 |
172,496 |
69․999959 |
|
2․ |
ԼԻՈՐՄԱՆԴ ՀՈԼԴԻՆԳՍ ԼԻՄԻԹԵԴ-Սեփական արժեթղթերի հաշիվ |
7424000000765 |
HE277812 |
Սիմու Մենարդու,8 Ռիա Քորթ 8,1 հարկ, սենյակ /գրասենյակ 101,6015, Լառնակա, Կիպրոս |
73,927 |
0 |
30․000041 |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
16.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|