ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1524-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (01.01.2027-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2026 թվականի N 1524-Լ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և «Զբաղվածության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զբաղվածության ապահովման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» N 1179-Լ, 2024 թվականի հունվարի 11-ի «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 57-Լ և 2025 թվականի հունիսի 12-ի «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» N 770-Լ որոշումները։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից և չի տարածվում սույն որոշման 2-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված ծրագրերի շրջանակում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրային հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 22-ի N 1524-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ծրագրի նպատակն է բարձրացնել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց զբաղվածության հնարավորությունները կրթական էլեկտրոնային վաուչերների (այսուհետ՝ վաուչեր) տրամադրման միջոցով՝ նպաստելով նրանց մրցունակության, աշխատանքի տեղավորման և կայուն զբաղվածության ապահովմանը։

2. Սույն ծրագրի շահառու կարող են լինել՝

1) գործազուրկի կարգավիճակ ունեցող այն անձինք, որոնց ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո չի անցել 2 տարի, որոնք համաձայն «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի՝ վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունեցել վարձու աշխատողի համար հաշվարկված և վճարված աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, վերջին երկու տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ և երբևէ ընդգրկված չեն եղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1179-Լ որոշմամբ հաստատված զբաղվածության պետական ծրագրում.

2) 2020 և 2023 թվականներին Ղարաբաղից տեղահանված այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում զբաղված չեն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով, համաձայն «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի՝ վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունեցել վարձու աշխատողի համար հաշվարկված և վճարված աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, վերջին երեք տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ և երբևէ ընդգրկված չեն եղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ և 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1955-Լ որոշումներով հաստատված զբաղվածության պետական ծրագրերում.

3) «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձինք, որոնք երբևէ ընդգրկված չեն եղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 770-L որոշմամբ հաստատված ծրագրում։

3. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե բյուջետային գործընթացների արդյունքում, ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից, այդ նպատակով հատկացվել են միջոցներ.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 2. ՎԱՈՒՉԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4․ Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում շահառուն պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում (այսուհետ՝ հարթակ) և կատարած լինի համապատասխան նշում՝ ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ (դիմի ծրագրում ընդգրկվելու համար)։ Տվյալ դեպքում անձը նշում է կատարում ծրագրի շրջանակում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու՝ ներառյալ օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին: Այն դեպքում, երբ շահառուն Ղարաբաղից տեղահանված անձ է, ապա հարթակում կատարում է նաև նշում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և այնպիսի մարմիններում, որոնց աշխատողների մասով գործում է տեղեկատվության սահմանափակ հասանելիության ռեժիմ (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) աշխատանքային գործունեություն չիրականացնելու մասին և տալիս համաձայնություն նշված տեղեկատվությունն ստուգելու վերաբերյալ։ Նշումը կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը համադրվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ առկա տեղեկատվության, Ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հետ և սույն ծրագրի 2-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում անձի օգտահաշվում պահպանվում է կատարված նշումը։ Նշված չափանիշներին չհամապատասխանելու դեպքում շահառուն հարթակի միջոցով ստանում է ծանուցում մերժման հիմքի մասին։

5. Ծրագրի շահառու համարվելու վերաբերյալ նշումը կատարվելուց հետո հարթակում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է վաուչեր՝ մինչև 250000 դրամ արժողությամբ՝ ձևին համապատասխան։

6. Վաուչերը կարող է իրացվել միայն մեկ անգամ, տրամադրվելուց հետո 6 ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջով հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից, որոնք թվային համակարգի գործադրմամբ վաուչերի (QR) կոդի միջոցով անձին նույնականացնելուց հետո ստանում են նրա՝ շահառու լինելու հավաստումը և ընդգրկում իրենց կողմից իրականացվող կարճաժամկետ ուսուցման դասընթացում։ Կազմակերպությունը շահառուի հետ կնքում է ուսուցման իրականացման պայմանագիր, որի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը շահառուի կողմից մուտքագրվում է հարթակ և ինքնաշխատ եղանակով փոխանցվում Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն) մասնագետին։

7. Դասընթացն ավարտելուց հետո շահառուին համապատասխան վկայական (սերտիֆիկատ, հավաստագիր) շնորհվելը հավաստվում է հարթակի միջոցով կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվությամբ, որն ինքնաշխատ եղանակով փոխանցվում է տարածքային կենտրոնի մասնագետին և հասանելի է դառնում շահառուի օգտահաշվում։

8. Ավարտական վկայականի տրամադրման վերաբերյալ տեղեկատվությունը տարածքային կենտրոնի կողմից ստացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայության կողմից կազմակերպության բանկային հաշվեհամարին է փոխանցվում սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված կարճաժամկետ ուսուցման դասընթացի վարձավճարը, բայց ոչ ավելի, քան վաուչերի արժեքն է։

 

ԳԼՈՒԽ 3. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

9. Ծրագրի շրջանակում կարող է աջակցություն տրամադրվել այն գործատուին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որը վաուչերի հիման վրա ուսուցում անցած և ավարտական վկայական ստացած անձի հետ վկայականում նշված մասնագիտությամբ աշխատանք կատարելու համար կնքել է աշխատանքային պայմանագիր (այսուհետ՝ գործատու)։

10. Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում գործատուն հարթակում նշում է կատարում ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու նպատակով իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և ներկայացնում է դիմում, որտեղ վեբ ծառայության միջոցով ինքնաշխատ եղանակով արտացոլվում են գործատուի վերաբերյալ հետևյալ տվյալները՝

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանից՝ գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից՝ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման ամսաթիվը, իրավաբանական անձի գտնվելու վայրը, գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, պետական հաշվառման ամսաթիվը և հաշվառման/բնակության կամ գործունեության վայրի հասցեն։

11. Գործատուն դիմումում նշում է հաստիքի անվանումը, աշխատանքի համար անհրաժեշտ մասնագիտական որակավորման և հմտությունների պահանջները։

12. Գործատուի դիմումը հարթակի միջոցով հասանելի է դառնում տարածքային կենտրոնի մասնագետին, որտեղ ցուցադրվում է գործատուի վերաբերյալ սույն ծրագրի 10-րդ կետում նշված տեղեկատվությունը։

13. Գործատուի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով համադրվում են վաուչերի միջոցով հավաստագիր ստացած անձանց տվյալները գործատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորման և հմտությունների պահանջների հետ և ձևավորվում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակ (այսուհետ՝ ցուցակ)` ներառելով անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, ինքնակենսագրական (հրապարակված լինելու դեպքում)։ Գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին, և այդ մասին հարթակի միջոցով տեղեկացնում տարածքային կենտրոնի մասնագետին, որն էլ հաստատում է գործատուի դիմումը։ Դիմումը հաստատվելու վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է գործատուի օգտահաշվում։ Ծրագրում ընդգրկման ենթակա անձանց տվյալները տարբեր ցուցակներում կրկնվելու դեպքում, երբ գործատուների կողմից ընտրվում է իրենց պահանջները բավարարող միևնույն անձը, ապա տվյալ անձն է ընտրություն կատարում, թե որ գործատուի մոտ է ցանկանում աշխատել և այդ մասին հարթակի միջոցով տեղեկացնում է տարածքային կենտրոնի մասնագետին։

14. Գործատուի դիմումը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործատուի, շահառուի և տարածքային կենտրոնի միջև կնքվում է աջակցություն տրամադրելու մասին եռակողմ էլեկտրոնային պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան։

15. Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված դեպքերի, որոնց պարագայում կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատաժամանակ) էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 3 ամիս ժամկետով, որը հարթակի միջոցով հասանելի է դառնում տարածքային կենտրոնի մասնագետին։

16. Ծրագրի շրջանակում գործատուին տրամադրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցում՝

1) աշխատանքային գործունեության առաջին երեք ամսվա համար՝ 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը.

2) աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար՝ 100 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 50 000 դրամը։

17. Շահառուի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները 3 ամիս շարունակվելու դեպքում շահառուին տրամադրվում է միանվագ աջակցություն՝ 100 000 դրամի չափով, իսկ 12 ամիս շարունակվելու դեպքում՝ ևս միանվագ աջակցություն՝ 200 000 դրամի չափով։

18. Ծառայությունը սույն ծրագրի 16-րդ կետով նախատեսված գումարը փոխանցում է գործատուի բանկային հաշվեհամարին եռամսյակային կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, իսկ 17-րդ կետով նախատեսված գումարը փոխանցում է շահառուի բանկային հաշվեհամարին՝ մինչև աշխատանքային պայմանագրի գործողության համապատասխանաբար 3-րդ և 12-րդ ամիսները լրանալուն հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը։

19. Տարածքային կենտրոնի մասնագետը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը տեղեկանում է նախորդ ամսվա ընթացքում աշխատողների համար աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափի վերաբերյալ, որն էլ հիմք է հանդիսանում գործատուին և շահառուին ծրագրով նախատեսված աջակցության տրամադրման համար։ Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված հարկային հաշվարկներում փոփոխություն կատարելու դեպքում ծրագրի շրջանակներում արդեն իսկ տրամադրված աջակցության չափերը վերահաշվարկվում են փոփոխությունների արդյունքներով։

20. Ծրագրով նախատեսված աջակցությունը դադարեցվում է՝

1) գործատուի կամ շահառուի դիմումի հիման վրա.

2) սույն ծրագրի 19-րդ կետով նախատեսված ժամկետում տարածքային կենտրոնի մասնագետի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության ստուգման արդյունքում, եթե պարզվում է, որ լուծվել է ծրագրի շրջանակներում կնքված էլեկտրոնային աշխատանքային պայմանագիրը, կամ նախորդ ամսվա համար շահառուի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափը զրոյական է.

3) շահառուի մահվան դեպքում:

21. Ծրագրի իրականացումը կասեցվում է շահառուի նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում և վերսկսվում է կասեցման հիմքի վերացմանը հաջորդող օրվանից։

22․ Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման կամ ծրագրի իրականացման կասեցման դեպքերում մեկ օրվա ընթացքում այդ մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործատուի և շահառուի օգտահաշիվներում։

23. Տարածքային կենտրոնն առնվազն ամիսը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում ծառայություն մինչև հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը։ Ծառայությունն առնվազն եռամսյակը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարություն՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա երկրորդ տասնօրյակի ավարտը։

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Կ Ր Թ Ա Կ Ա Ն Վ Ա ՈՒ Չ Ե Ր

 

ՍԵՐԻԱ

 N 0000

 

Տրված է «-----»------------- 20----թ.   Ուժի մեջ է մինչև «-----»--------------- 20----թ.

__________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

Իրավունք ունի՝

 

Ընդգրկվելու «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպության կարճաժամկետ ուսուցման դասընթացում։

Վաուչերի արժեք՝ մինչև 250000 դրամ։

 

Միասնական սոցիալական

ծառայության պետ՝

 

 

______________________________________

(ստորագրություն)

___________________________________

 (անուն, ազգանուն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


22.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան