ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1582-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (31.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1582-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը (այսուհետ ծրագիր)՝ համաձայն N 2 հավելվածի։

3․ Սահմանել, որ՝

1) ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.

2) ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և «Ի-ՄԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Չարենցի փողոց 70/8 պետական գրանցման համարը՝ 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը՝ 02284645) ընկերության կողմից` 2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը, ներառյալ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների համար.

3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտի օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի գնահատման արդյունքները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 29-ի N 1582-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1․ Սույն որոշմամբ հաստատվող փորձնական ծրագրի շրջանակում ներառված ապրանքներն են՝

 

Համարը

Ծածկագիրն

ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքախմբի անվանումը

Ապրանքախմբի

համառոտ անվանումը

1)

4011 10 000

4011 20

4011 40 000 0

4011 70 000 0

4011 80 000 0

4011 90 000 0

Անվադողեր և դողածածկեր՝ օդաճնշական, ռետինե, նոր

Դողեր և ավտոդողեր

2)

5911 90 900 0

Այլ մանածագործական նյութեր և արտադրատեսակներ՝ տեխնիկական նպատակների համար

Ավտոպահես-տամասեր

3)

7007 11

7007 21 200

7007 21 800 9

7007 29 000 0

Ապակի անվտանգ, ներառյալ ամրացված (թրծված) կամ բազմաշերտ ապակին

Ավտոպահես-տամասեր

4)

8421 23 000 0

8421 29 000 9

8421 31 000 0

8421 32 000 0

8421 99 000 6

Կենտրոնախուսակներ, ներառյալ կենտրոնախույս չորանոցները, սարքավորումներն ու սարքվածքները՝ հեղուկները և գազերը ֆիլտրելու կամ զտելու համար

Ավտոպահես-տամասեր

5)

8511 10 000 1

8511 10 000 9

Վառքի մոմեր

Ավտոպահես-տամասեր

6)

8708 22

8708 30 910

8708 30 990 9

8708 70 500

8708 70 990

Առջևի հողմապակիներ (դիմապակիներ), հետևի և այլ պատուհաններ, սկավառակային արգելակային համակարգեր և դրանց մասերը, ընթացային անիվներ և դրանց մասերն ու պարագաները

Ավտոպահես-տամասեր

7)

8714 10 100 0

8714 10 300 0

Հենոցներ, մոտոցիկլների (այդ թվում՝ մոպեդների) մասեր և պարագաներ

Ավտոպահես-տամասեր

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


30.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 29-ի N 1582-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն ծրագրի նպատակն է՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները և մեթոդները՝ Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) ստեղծված թվային համակարգի միջոցով ավելի արդյունավետ դարձնել շրջանառվող ապրանքների հետագծելիությունը և վերահսկողությունը, որը գործում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, որն ինտեգրված է ԵԱՏՄ երկրների համանման համակարգերի հետ և հարթակ է ծառայում լրացուցիչ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) թվային ծառայությունների զարգացմանը։

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

2. ՀՀ-ում ապրանքները սկսել են դրոշմավորվել 1997 թվականից։ Դրոշմավորումը կատարվել է ակցիզային դրոշմանիշերով և տարածվել է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներից ալկոհոլակին խմիչքների և ծխախոտի արտադրանքի վրա։ Սկսած 2013 թվականից ներդրվեց նաև դրոշմապիտակներով դրոշմավորման համակարգ, որը սկզբում տարածվեց ջրեղենի, ըմպելիքի, հյութերի և գարեջրի վրա։ 2014 թվականից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ավելացան նաև կաթնամթերքը, պահածոները, կոսմետիկ միջոցները, դեղերը, իսկ 2018 թվականից՝ ցանկում ներառվեցին նաև մակարոնային արտադրատեսակները, մսեղենը, յուղերը և այլն։

3. 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական խնդիրը ԵԱՏՄ ամբողջ տարածքում մեքենայաընթեռնելի և միմյանց հետ փոխկապակցված նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացների միասնականացումն է։ 2023 թվականից սկսած ՀՀ-ում փուլային եղանակով ներդրվեց նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգը, որը նախ տարածվեց ծխախոտի, ալկոհոլի, իսկ հետագայում նաև ջրերի, կաթնամթերքի և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մյուս ապրանքների վրա։

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ծրագրի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ՀՀ-ում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում շրջանառվող ապրանքների նկատմամբ ճշգրիտ և իրատեսական պատկեր և խոչընդոտել անորակ և կեղծ ապրանքների տարածումը, ինչը լուրջ խնդիր է ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների համար։

5. Ներկայումս առկա խնդիրներն են՝

1) ոչ բոլոր ապրանքներն են դրոշմավորման ենթակա և դրանց շրջանառության և իրացման նկատմամբ անհրաժեշտ է հսկողական լրացուցիչ միջոցներ ներդնել.

2) չի ապահովվում ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի լիարժեք հետագծելիությունը.

3) ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանողների համար անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրության համաձայն։

6. Ծրագրի իրագործմամբ առաջադրվում են մի շարք նպատակներ՝

1) պետության համար՝

ա․ ստվերի նվազեցում և բիզնես միջավայրի առավել թափանցելիություն,

բ․ լրացուցիչ հարկային եկամուտներ,

գ․ իրական ժամանակում վիճակագրական տվյալների առկայություն՝ երկրի կտրվածքով,

դ․ ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացում և համակարգում.

2) բիզնեսի համար՝

ա․ թափանցիկ միջավայրում գործող մասնակիցների մրցունակության աճ՝ ստվերի կրճատման հաշվին,

բ․ ՀՀ-ում գործող կարգավորումները ԵԱՏՄ կանոնակարգերի հետ ներդաշնակեցնելու արդյունքում պարզեցվելու է ապրանքների շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում,

գ․ թվայնացման արդյունքում լոգիստիկ շղթայում ապրանքների տեղափոխման վերաբերյալ լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորության ստեղծում.

3) սպառողների համար՝

ա․ կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակման արդյունքում քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանություն,

բ․ հասարակական վերահսկողություն,

գ․ սպառողների իրավունքների պաշտպանություն։

7․ Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ՀՀ-ում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Ինչպես նաև համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։

 

4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

8. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս ինչպես ավելի բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանացնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երկրների համակարգերի հետ։

9. Տվյալ ծրագիրը ՀՀ-ում Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) արդիականացում է, որը կապահովի տվյալ որոշումով նախատեսվող ապրանքների շրջանառության հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում։

10. Ծրագրի իրականացման հիմք են հանդիսացել՝

1) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը՝ ստորագրված 2018 թվականի փետրվարի 2-ին.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի N 19 որոշումը «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի մասին»:

11. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը իրենից ներկայացնում է կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս, որն ապահովում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա, հետագա օգտագործման և վերահսկման նպատակներով ՀՀ տարածքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների մասին տեղեկատվություն:

12. Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման ծածկագիրը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման ծածկագրերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմամբ սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը ՝«Ի-ՄԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ ազգային օպերատոր)՝ թվային եղանակով։

13. Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով՝ շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը (վաճառք, արտադրական նպատակով օգտագործում, արտահանում կամ ոչնչացում): Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում:

14. ԱԴԱՏՀ-ի փոխգործակցությունը ապրանքների շրջանառության մասնակիցների տեղեկատվական համակարգերի հետ պետք է իրականացվի տեղեկատվական էլեկտրոնային ծառայությունների միջոցով՝ օգտագործելով պրոտոկոլներ և էլեկտրոնային փոխազդեցության միջերեսներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օպերատորի կողմից տեղադրվում է ինտերնետում օպերատորի պաշտոնական կայքում:

15. Օպերատորի կողմից մշակված բջջային հավելվածը սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ այսպիսով սահմանելով որակի նկատմամբ հասարակական անուղղակի վերահսկողություն։

16. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգը ինտեգրվելու է հետևյալ էլեկտրոնային համակարգերին՝

1) ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգ.

2) Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) տեղեկատվական համակարգ.

3) այլ պետական համակարգերի հետ՝ ըստ անհրաժեշտության։

17․ Ապրանքների շրջանառության մասնակիցների՝ այլ պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ ԱԴԱՏՀ-ի տեղեկատվական փոխգործակցությունը կիրականացվի ՀՀ կառավարության սահմանած կարգով:

18. Փորձնական ծրագրի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնելու՝

1) նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը.

2) ծրագրի մասնակիցների արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը.

3) ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ.

4) դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի (դրոշմավորման ծածկագիր պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը։

 

5. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Ծրագրի մասնակիցներն են հանդիսանում՝

1) ՊԵԿ-ը և այլ պետական մարմիններ, որոնք լիազորված են ծրագիրն իրականացնելու համար.

2) ապրանքաշրջանառության մասնակիցները.

3) տեղեկատվական համակարգի օպերատորը։

20. Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:

21. Ծրագրի իրականացման լիազորված մարմինը ՊԵԿ-ն է, որը կապահովի՝

1) ազգային օպերատորի հետ աշխատանքների համակարգումը.

2) ազգային օպերատորի հետ համատեղ փորձնական ծրագրի պլանի, ժամանակացույցի և մեթոդական առաջարկությունների մշակումը և հաստատումը.

3) փորձնական ծրագրի արդյունքների գնահատումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը:

22. Ազգային օպերատորը կապահովի՝

1) տեղեկատվական համակարգի պահանջների մշակումը.

2) համակարգի տեղեկատվական անվտանգության պահանջների մշակումը.

3) տեղեկատվական համակարգի ներդրումը և շահագործումը.

4) ծրագրի մասնակիցներին փորձնական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ քանակությամբ նույնականացման միջոցների տրամադրումը՝ անհատույց սկզբունքով։

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Որպես ծրագրի իրականացման արդյունք ակնկալվում է հետևյալը՝

1) ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը.

2) համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից (կամ ներմուծումից) մինչև սպառում.

3) ապրանքների նույնականացում և հետևաբար շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ.

4) ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով.

5) հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և հետևաբար զգալիորեն նվազեցնել ստվերը։

 

7. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

24. Ինչպես ցանկացած ծրագիր, այս ծրագիրը նույնպես պարունակում է որոշակի ռիսկ։ Հնարավոր է, որ որոշ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների համար տեխնիկական վերազինման անհրաժեշտություն լինի։

25. Չնայած նշված ռիսկին՝ կանխատեսվող դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա զգալիորեն գերազանցում է ակնկալվող ծախսերը՝ հատկապես երկարաժամկետ հեռանկարում։

 

8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

26․ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում։

27․ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ծրագրի իրականացման նպատակով կատարվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չեն առաջացնելու։

28․ Ծրագրի իրականացման ընթացքում դրոշմավորման ծածկագրերի տրամադրման հետ կապված ծախսերը իրականացնելու է օպերատորը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


30.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան