ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1577-Ն
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի․
2) փորձաքննության մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննության անցկացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2․ Ապրանքների ծագման հավաստագիր տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)։
3․ Հայաստանի Հանրապետության իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց կողմից արտադրված ապրանքների համար լիազոր մարմնի կողմից ծագման հավաստագրի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող փորձաքննության ակտերը պահպանում են իրենց իրավական ուժը մինչև դրանցում նշված ժամկետի ավարտը և չեն պահանջում վերաձևակերպում կամ նոր փորձաքննության իրականացում՝ բացառությամբ օրենքով կամ սույն կարգավորմամբ նախատեսված դեպքերի։
5․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ընթացքի մեջ գտնվող փորձաքննության իրականացման վերաբերյալ դիմումների քննությունն ավարտվում է դիմումը ներկայացնելու պահին գործող կարգավորումներին համապատասխան, եթե դիմումատուն գրավոր չի հրաժարվել դիմումից կամ նոր կարգավորման կիրառման վերաբերյալ չի ներկայացրել համապատասխան դիմում։
6․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ փորձաքննության գործունեություն իրականացնող փորձագետներն իրավունք ունեն շարունակելու իրենց գործունեությունը մինչև սույն որոշմամբ սահմանված որակավորման նոր համակարգի պահանջներին համապատասխան որակավորում ստանալը, բայց ոչ ավելի, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիս ժամկետում։
7․ Փորձաքննության նոր մարմինների ձևավորումն իրականացվում է սույն կարգավորման ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածում գործող փորձաքննություն իրականացնողների կողմից ընդունված փորձաքննության ակտերը համարվում են իրավաչափ և պահպանում են իրենց իրավական ուժը՝ սույն անցումային դրույթներին համապատասխան։
8․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիս հետո փորձաքննության արդյունքների գրանցումը, պահպանումը և հետագծելիությունը, ինչպես նաև ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման գործընթացն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով։
9․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772-Ն որոշումը:
10․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|