ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 152-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա
Կարգավիճակ
Գործում է (06.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.28/12(952) Հոդ.142
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2013 թվականի N 152-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 05.11.26 N 1602-Ն)

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը և 48-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 05.11.26 N 1602-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը սահմանելու մասին» N 1932-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 25

Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 21-ի N 152-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

(վերնագիրը փոփ. 05.11.26 N 1602-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ ստորերկրյա ջրերի) արդյունահանման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 05.11.26 N 1602-Ն)

2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում իրենց սեփական կարիքների բավարարման նպատակով ստորերկրյա ջրերի արդյունահանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ հոդվածով:

(2-րդ կետը փոփ. 05.11.26 N 1602-Ն) 

3. Իրավաբանական և ֆիզիկական անձինք, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում, սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան՝ տեղյակ պահելով լիազոր մարմնին, առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման, կարող են իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետևյալ աշխատանքները.

1) բացառապես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող՝ սեփական տնտեսական և կենցաղային կարիքների բավարարման նպատակով՝ մինչև երկու մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն՝ մինչև հինգ մետր խորությամբ.

2) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 20 խորանարդ մետր ծավալով.

3) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ բազմաբնակարան շենքերի և հասարակական շինությունների կառուցման դեպքում՝ օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում նշված խորությամբ:

(3-րդ կետը խմբ. 05.11.26 N 1602-Ն) 

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված աշխատանքների իրականացման համար օգտակար հանածոյի արդյունահանման, ինչպես նաև օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություններ չեն պահանջվում, իսկ նշված աշխատանքներն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերում ընդերքօգտագործման վճար չեն վճարում։

(4-րդ կետը խմբ. 05.11.26 N 1602-Ն) 

5. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված աշխատանքներն իրավունք ունեն իրականացնելու այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա մասին գրավոր տեղեկացրել են լիազոր մարմնին՝ նշելով հողամասի կադաստրային ծածկագիրը, օգտակար հանածոյի անվանումը, դրա արդյունահանման նպատակը և ծավալները։

(5-րդ կետը խմբ. 05.11.26 N 1602-Ն) 

6. Գրությանը կից ներկայացվում է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ նաև օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերի համապատասխան հատվածը, որը հնարավորություն կտա նույնականացնելու կառուցվող օբյեկտի նշանակությունը, հողային աշխատանքների տեղադրությունը, հատակագծային սահմանները, խորությունը և նախագծային ծավալները, ինչպես նաև շինարարության թույլտվության պատճենը, եթե տվյալ օբյեկտի կառուցման համար օրենսդրությամբ պահանջվում է շինարարության թույլտվություն։

(6-րդ կետը խմբ. 05.11.26 N 1602-Ն) 

7. Լիազոր մարմինը գրությունը գրանցելուց հետո դրա մասին օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում ծանուցում է դիմող իրավաբանական կամ ֆիզիկական անձին և նույն ժամկետում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տրամադրում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները, իսկ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ նաև սույն կարգի 6-րդ կետով նախատեսված համապատասխան փաստաթղթերը։

(7-րդ կետը խմբ. 05.11.26 N 1602-Ն) 

8. Իրավաբանական ու ֆիզիկական անձինք սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի սահմաններում պարտավոր են, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան, պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով խախտված հողերը բերել անվտանգ վիճակի, ինչպես նաև` դրանք դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար պիտանի:

(8-րդ կետը փոփ. 05.11.26 N 1602-Ն) 

9. Իրավաբանական ու ֆիզիկական անձինք սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի սահմաններից արդյունահանված` պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոները, որոնք օգտագործման համար պիտանի չեն, պետք է տեղադրեն և պահեն (կուտակեն) պետական կառավարման տարածքային մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առանձնացված տարածքներում՝ հետագայում խախտված հողերի վերականգնման համար օգտագործելու նպատակով:

(9-րդ կետը փոփ. 05.11.26 N 1602-Ն) 

10. Իրավաբանական ու ֆիզիկական անձինք սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի սահմաններում` պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում ծագած վեճերը լուծում են օրենքով սահմանված կարգով:

(10-րդ կետը փոփ. 05.11.26 N 1602-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 05.11.26 N 1602-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան