ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2026 թվականի N 1611-Լ
ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի «բ» պարբերությամբ և 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի (այսուհետ՝ ծրագիր).
2) ծրագրի իրականացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ծրագրի իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում հաստատել ծրագրի իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարության միասնական սոցիալական ծառայության և առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների միջև համագործակցության պայմանագրի, սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հավաստագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաև սույն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետով սահմանված դրական մնացորդով ձեռք բերվող կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը։
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարության և «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամի հետ համագործակցելով՝ ապահովել սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պահանջի ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացումը տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1611-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերը նպատակ ունեն աջակցել մեծ ընտանիքներին՝ ապահովելով նրանց արժանապատիվ բնակարանային պայմաններ ծնելիության, սոցիալական և ժողովրդագրական կայունության ու մարդկային կապիտալի զարգացման պետական քաղաքականությանը համապատասխան։
2. Բազմազավակ ընտանիքներն առավել հաճախ են ենթարկվում ֆինանսական ճնշման։ Բնակարանի հասանելիությունն ու սեփական տուն ունենալը համարվում է ընտանիքի կայունության կարևոր հիմք. այն բարելավում է կյանքի որակը, նվազեցնում սոցիալական լարվածությունը և ամրապնդում ընտանիքի կապը համայնքի հետ։
3. Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է իրականացնել բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր (այսուհետ՝ ծրագիր)։
2. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
4. Ծրագրի հիմնական նպատակներն են՝
1) աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար.
2) խթանել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզերում.
3) ապահովել երեխաների համար ավելի հարմար և անվտանգ միջավայր, ինչը կհանգեցնի նրանց կյանքի որակի բարձրացման.
4) թեթևացնել բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռը, նվազեցնել աղքատության ռիսկը և ապահովել երեխաների հավասար հնարավորությունները։
3. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
5. Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
1) բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում.
2) անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, որի դեպքում հավաստագրի իրացումն իրականացվում է կամ անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա կամ լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված, սահմանված կարգով փորձաքննություն անցած և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատական բնակելի տների կառուցումն իրականացվում է անհատական բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ լիցենզիա ունեցող քաղաքաշինական գործունեության սուբյեկտների միջոցով։
6. Ծրագրի իմաստով շահառուն 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող անձն է, ով բավարարում է ծրագրի հիմնական պայմաններին։
7. Անձը հանդիսանում է շահառու, եթե ինքը և երեխաները նույնականացվել են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Այս դեպքում երեխայի և ծնողի միջև կապը ճշտվում է երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում ներառված՝ ծնողների վերաբերյալ տեղեկությունների (անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը) հիման վրա։
8. Շահառուն, այդ թվում՝ յուրաքանչյուր երեխան, ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում)։
9. Ծրագրի հիմնական պայմաններն են՝
1) շահառու ընտանիքի բոլոր անդամներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
2) ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 10 քառ. մ-ից.
3) բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունը ձեռք է բերվում կամ կառուցվում է Հայաստանի Հանրապետության որևէ մարզում։ Ընդ որում՝ քաղաքային բնակավայրում հավաստագիրն իրացնելու համար շահառու ընտանիքի չափահաս անդամները (ծնողներից առնվազն մեկը) ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում պետք է հաշվառված լինեն տվյալ քաղաքային բնակավայրում, բացառությամբ դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում Երևան քաղաքում հաշվառում ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող շահառուների, ովքեր հավաստագիրը կարող են իրացնել ցանկացած մարզում, այդ թվում՝ քաղաքային բնակավայրում.
4) ընտանիքը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ, 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ և 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումներով հաստատված ծրագրերից որևէ մեկի շահառու.
5) շահառուն, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսինը, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող ֆիզիկական անձ, ով ծրագրին դիմելու օրվա դրությամբ ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը, որում ներկայացված եկամուտների հանրագումարը չպետք է գերազանցի 10 մլն դրամը, որը վերաբերում է ինչպես առանձին շահառուի եկամուտների հանրագումարին, այնպես էլ գրանցված ամուսնության առկայության դեպքում շահառուի և նրա ամուսնու եկամուտների հանրագումարին։ Ընդ որում, եթե ֆիզիկական անձը դիմումը ներկայացնելու օրվան նախորդող տարվա համար օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը), տվյալ դեպքում եկամուտների հանրագումարի հաշվարկը կատարելիս հիմք է ընդունվում այդ ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) մեջ ներառված բոլոր եկամուտների հանրագումարը (հարկվող եկամուտներ, չհարկվող եկամուտներ, վերադարձված եկամտային հարկի գումարներ), որից նվազեցվում են հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված (վճարման ենթակա) եկամտային հարկի գումարները, բացառությամբ կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցների.
6) շահառուն, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսինը, ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում չպետք է ունենա սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, որի կադաստրային արժեքը գերազանցում է 50 մլն դրամը.
7) ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով.
8) անհատական բնակելի տան կառուցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը գործընկեր ֆինանսական կազմակերպություն է ներկայացվում նույն որոշման N 1 հավելվածի 111-րդ կետով սահմանված ժամկետներում.
9) ծրագրի շրջանակում ինչպես հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում միայն ողջ (ծնողի խնամքին գտնվող) երեխաները։
10. Հիփոթեքային վարկի հիմնական պայմաններն են՝
1) կանխավճարի չափը 0 տոկոս է.
2) գործողության ժամկետը 120 ամիս է.
3) հիփոթեքային վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով.
4) հիփոթեքային վարկը տրամադրվում է ծրագրի շրջանակում գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից.
5) կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման վարկն ապահովված է՝
ա. կառուցապատողի հատուկ հաշվին գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով՝ մինչև կառուցվող շենքում ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը,
բ. մինչև կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտական ակտի ձևակերպումը կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածով սահմանված կարգով:
11. Աջակցության չափը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով կազմում է 4 մլն դրամ։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը տալիս է գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում շահառու ընտանիքին տրամադրվում է հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել հետևյալ ուղղություններով՝
1) սույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի իրացման դեպքում՝ անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերում, կամ
2) գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում, կամ
3) սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված ուղղություններով։
12. Աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան և վերավարկավորող կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող ծրագրային վարկերի դեպքում կազմում է 11%, իսկ բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում է՝
1) հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%.
2) հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 4% չափով։
13. Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող 36 ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն փոփոխվում է Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ)։ Հաստատուն տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան երկու անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով։
14. Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 73-րդ հոդվածով և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցող գնահատման կազմակերպությունների կողմից անշարժ գույքի գնահատման, ինչպես նաև անշարժ գույքի առուվաճառքի գործարքի նոտարական վավերացման համար անհրաժեշտ վճարները՝ համապատասխան ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա։
15. Եթե բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի իրացման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝
1) ծրագրի շրջանակներում ձեռք բերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ, և
2) կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։
16. Տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ 100 տոկոսով սուբսիդավորվող հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց:
17. Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունն օտարելու դեպքում պետական աջակցության գումարը շահառուի կողմից ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով։
4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
18. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է աջակցություն տրամադրել ծրագրի շահառու որակված բոլոր ընտանիքներին՝ իրենց բնակարանային ապահովության խնդիրները լուծելու համար։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
05.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1611-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից իրականացվող՝ բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագրերի տրամադրման, փոփոխման, չեղարկման, հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
1) ծրագիր` բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր.
2) դիմող՝ ծրագրի շահառուի կարգավիճակ ստանալու նպատակով առցանց դիմում ներկայացրած անձ, ով հանդիսանում է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողներից մեկը.
3) շահառու` սույն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետով սահմանված անձ.
4) հիփոթեքային վարկ` Հայաստանի Հանրապետությունում բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկ.
5) կազմակերպություն` առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, որոնք ծրագրի շրջանակում համագործակցում են ծառայության հետ.
6) վարկային պայմանագիր` ծրագրի ներքո հիփոթեքային վարկի վերաբերյալ կազմակերպության և շահառուի միջև կնքված պայմանագիր.
7) աջակցության գումար` հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված գումար, որը սուբսիդավորում է ծառայության կողմից սույն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված սահմանաչափով.
8) հավաստագիր՝ սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված, ինքնաշխատ եղանակով տրամադրվող և ծրագրի շահառու հանդիսանալու մասին փաստը հավաստող փաստաթուղթ.
9) հաշիվ՝ կազմակերպության բանկային հաշիվ, որին ծրագրի շրջանակում ծառայությունը փոխանցում է աջակցության գումարը։
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3. Ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
1) դիմողը մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը էլեկտրոնային տարբերակով դիմում է ծառայություն՝ կատարելով հետևյալ քայլերը.
ա. «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անցնում է համապատասխան նույնականացումը՝ օգտագործելով բջջային նույնականացման քարտ (mID) կամ նույնականացման ID քարտ։ Ընդ որում, գրանցված ամուսնության առկայության դեպքում նույն գործողությունը վերաբերում է դիմողի ամուսնուն, ինչը հնարավորություն է տալիս նրանց խիստ նույնականացման միջոցով պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիությամբ ստանալ ծրագրի ներքո պահանջվող տեղեկատվությունը,
բ. հաստատում կամ բողոքարկում է պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիությամբ ստացված տվյալների հավաստիությունը,
գ. մուտքագրում է հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը, ինչպես նաև նշում է սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով նախատեսված աջակցության նախընտրելի եղանակը (բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերում, անհատական բնակելի տան կառուցում).
2) ստացված դիմումի մշակման արդյունքում որոշման պահանջներին բավարարող դիմողն ինքնաշխատ եղանակով ստանում է շահառուի կարգավիճակ, հիմք ընդունելով՝
ա. բնակչության պետական ռեգիստրից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ,
բ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից կամ տվյալ պահի դրությամբ այդ տեղեկատվության ստացման համար առաջնային աղբյուր հանդիսացող և ծրագրի թվային հարթակի հետ փոխգործելիությունն ապահոված տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը երեխա-ծնող կապի, շահառուների ողջ լինելու ու գրանցված ամուսնության առկայության/բացակայության վերաբերյալ,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թվականների ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի, ինչպես նաև 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների տվյալները՝ սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պայմանի ստուգման համար,
դ. Պետական եկամուտների կոմիտեից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը շահառուի, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսնու՝ ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ հայտարարագրի առկայության, ինչպես նաև դրանում ներկայացված եկամուտների հանրագումարի վերաբերյալ՝ սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պայմանի ստուգման համար,
ե. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանի ստուգման համար.
3) ծրագրի շահառու հանդիսանալու դեպքում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հավաստագիրը, որը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին.
4) ծրագրի շահառու չհանդիսանալու դեպքում ինքնաշխատ եղանակով հաղորդագրություն է ուղարկվում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված մերժման հիմքերը.
5) դիմումը մերժվում է, եթե՝
ա. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը բնակչության պետական ռեգիստրից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվության համաձայն՝ չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
բ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից կամ տվյալ պահի դրությամբ այդ տեղեկատվության ստացման համար առաջնային աղբյուր հանդիսացող և ծրագրի թվային հարթակի հետ փոխգործելիությունն ապահոված տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվության համաձայն՝ առկա է երեխա-ծնող կապի, շահառուների ողջ լինելու ու գրանցված ամուսնության վերաբերյալ անհամապատասխանություն,
գ. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել է հավաստագիր,
դ. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թվականների ծրագրի շահառու է,
ե. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է,
զ. շահառուն, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսինը՝ ծրագրին դիմելու օրվա դրությամբ չի ներկայացրել նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը, կամ ներկայացված հայտարարագրում եկամուտների հանրագումարը գերազանցում է 10 մլն դրամը,
է. շահառուն, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսինը՝ ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ունեցել է սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, որի կադաստրային արժեքը գերազանցում է 50 մլն դրամը.
6) դիմումը մերժվելու դեպքում հնարավոր է ներկայացնել նոր դիմում, եթե նախորդ հաշվետու տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ ներկայացված ճշտված հաշվարկներում եկամուտների հանրագումարը չի գերազանցում 10 մլն դրամը.
7) հավաստագիրն ստանալուց հետո շահառուն դիմում է կազմակերպություն հիփոթեքային վարկավորման գործընթացն սկսելու համար.
8) շահառուի հետ վարկային պայմանագիր կնքելուց և հիփոթեքային վարկը փաստացի հատկացնելուց հետո, կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.
9) սույն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում շահառուի հետ անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման նպատակով վարկի տրամադրման վարկային պայմանագիր կնքելուց և վարկը փաստացի հատկացնելուց հետո կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.
10) սույն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում շահառուի հետ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման նպատակով վարկի տրամադրման վարկային պայմանագիր կնքելուց և վարկը փաստացի հատկացնելուց հետո կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.
11) ծառայությունն ամսական պարբերականությամբ կազմակերպության հաշվին է փոխանցում աջակցության գումարները՝ ըստ սույն կետի 7-9-րդ ենթակետերում, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամանակացույցի։ Ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարի սահմանաչափին համապատասխան) չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է ծառայությունը.
12) ծառայությունը սույն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետով սահմանված փոխհատուցման վճարները (համապատասխան ծախսերը հիմնավորող փաստաթղթերում նշված գումարները) շահառուի անվամբ կազմակերպությունում բացված բանկային հաշվին է փոխանցում սույն կետի 7-8-րդ ենթակետերում նշված ժամանակացույցով սահմանված վճարումների առաջին վճարման օրը.
13) ծրագրի իրականացման ամբողջ գործընթացը (դիմումների ընդունում, տվյալների նույնականացում, հաստատում, մերժում, շահառուի կարգավիճակի տրամադրում, աջակցության վճարում) իրականացվում է համապատասխան ծրագրային ապահովման միջոցով՝ ինքնաշխատ եղանակով.
14) չիրացված հավաստագիրն ինքնաշխատ եղանակով ենթակա է փոփոխման ընտանիքում նոր երեխա ծնվելու կամ ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում։ Այս դեպքում ինքնաշխատ եղանակով հավաստագրում ավելացվում են նոր ծնված երեխայի տվյալները կամ հեռացվում են ընտանիքի մահացած անդամի տվյալները և շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին է ուղարկվում փոփոխված հավաստագիրը.
15) չիրացված հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է չեղարկման հավաստագրից հրաժարվելու վերաբերյալ շահառուի դիմումի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում չեղարկում է հավաստագիրը, որն այդ պահից սկսած դառնում է անվավեր, և շահառուն կարող է սույն կարգով սահմանված ընթացակարգով ներկայացնել նոր դիմում․
16) չիրացված հավաստագիրն ինքնաշխատ եղանակով ենթակա է չեղարկման, եթե Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների կրկնակի ստուգման արդյունքում պարզվում է, որ ծրագրի շրջանակում հավաստագրի տրամադրման համար հիմք հանդիսացած՝ եկամուտների հայտարարագրում ներկայացված տեղեկատվությունը ճշգրտվել է, ինչի արդյունքում սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետում նշված եկամուտների հանրագումարը գերազանցում է 10 մլն դրամը։
4. Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի իրացման արդյունքում առաջացած դրական մնացորդն իրացվում է հետևյալ ընթացակարգով՝
1) եթե բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (այդ թվում՝ հողամասի ձեռքբերման) նպատակով տրամադրված հիփոթեքային վարկի չափը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից (հաշվարկվում է հավաստագրում ներառված ընտանիքի անչափահաս անդամների թվի հիման վրա), ապա այս դեպքում կազմակերպության կողմից հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ համապատասխան ծրագրային ապահովման միջոցով ծառայությանը տրամադրելուց հետո ինքնաշխատ եղանակով դիմողի կողմից առցանց դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է էլեկտրոնային ծանուցում, որում նշված է դրական մնացորդի չափը.
2) էլեկտրոնային ծանուցումը ստանալուց հետո շահառուն դիմում է կազմակերպություն, եթե դրական մնացորդը ցանկանում է իրացնել սույն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ուղղությամբ, որից հետո շահառուի հետ վերանորոգման վարկի տրամադրման վարկային պայմանագիր կնքելուց և վարկը փաստացի հատկացնելուց հետո կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.
3) եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը ծառայության կողմից փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված փաստաթղթերի և շահառուի դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում՝ շահառուն դրական մնացորդը կարող է իրացնել բացառապես նախապես սահմանված ապրանքատեսակների գնման համար։
5. Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի մահվան դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, եթե շահառուի ժառանգը կամ ժառանգներից առնվազն մեկը չի հանդիսանում ընտանիքի անդամ (շահառու, գրանցված ամուսնության դեպքում՝ նաև ամուսին, նրանց երեխաներ և զավակներ), ընդ որում՝ այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
05.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|