ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1630-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (13.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.11.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2026 թվականի N 1630-Լ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (Պ-38-20.10.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

12.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-38-20.10.2026-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է հետևյալը.

1. Նախագծով առաջարկվող՝ Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորի՝ նախապես գրավոր քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը վերացնելու վերաբերյալ կարգավորման առնչությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ դիտարկումները.

Սահմանադրության 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է։ Միաժամանակ, Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով։

Վերոնշյալ սահմանադրական կարգավորումների համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ Ազգային ժողովում քվեարկությանը մասնակցելը պատգամավորի ներկայացուցչական մանդատի իրականացման կարևորագույն դրսևորումներից է, որի միջոցով վերջինս արտահայտում է իր դիրքորոշումը խորհրդարանի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ և մասնակցում համապատասխան որոշումների կայացմանը։

Այս առնչությամբ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորը շարունակում է իրականացնել իր պատգամավորական լիազորություններից բխող գործառույթները, այդ թվում՝ մասնակցելով միջազգային խորհրդարանական համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումներին և ներկայացնելով Ազգային ժողովը համապատասխան հարթակներում։ Հետևաբար, պաշտոնական գործուղման մեջ գտնվելու հանգամանքն ինքնին չպետք է դիտարկվի որպես պատգամավորի՝ իր ներկայացուցչական մանդատից բխող մյուս լիազորությունների իրականացման հնարավորությունը բացառելու բավարար հիմք։

Հատկանշական է նաև, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 3-րդ մասով Ազգային ժողովի կողմից գործուղման մեջ գտնվելը դիտարկվում է որպես պատգամավորի բացակայության հարգելի պատճառ։ Այսինքն՝ օրենսդիրը, հաշվի առնելով պատգամավորական գործունեության առանձնահատկությունները, արդեն իսկ ճանաչել է պաշտոնական գործուղմամբ պայմանավորված բացակայության օբյեկտիվ և հարգելի բնույթը։

Մինչդեռ նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորը զրկվում է իր բացակայության ընթացքում անցկացվող քվեարկություններին նախապես գրավոր մասնակցելու հնարավորությունից։ Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ պատգամավորը, իրականացնելով իր պաշտոնական լիազորություններից բխող գործառույթները, միաժամանակ զրկվում է օրենսդրական գործընթացին քվեարկության միջոցով մասնակցելու գործող օրենսդրական հնարավորությունից։

Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ պատգամավորի ներկայացուցչական մանդատի արդյունավետ իրականացումը ենթադրում է նրա լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ երաշխիքների ապահովում։ Մասնավորապես, պաշտոնական գործուղման ընթացքում պատգամավորի՝ Ազգային ժողովի աշխատանքներին ֆիզիկապես ներկա գտնվելու անհնարինությունը պայմանավորված է նրա պատգամավորական գործունեության շրջանակներում իրականացվող այլ գործառույթներով։ Հետևաբար, անհրաժեշտ է ապահովել պատգամավորական գործունեության նշված ուղղությունների համատեղելիությունը՝ հնարավորինս բացառելով այնպիսի իրավիճակների առաջացումը, երբ պատգամավորի կողմից իր պաշտոնական պարտականություններից մեկի իրականացումը հանգեցնում է մյուսի իրականացման հնարավորության կորստին։

Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գաղտնի և բաց քվեարկությունների իրականացման ընթացակարգերը պայմանավորված են դրանց առանձնահատկություններով։ Մասնավորապես, գաղտնի քվեարկության դեպքում պատգամավորի անմիջական ներկայության պահանջը պայմանավորված է նաև քվեարկության գաղտնիության և համապատասխան ընթացակարգային երաշխիքների ապահովման անհրաժեշտությամբ, մինչդեռ բաց քվեարկության դեպքում պատգամավորի արտահայտած դիրքորոշումը ենթակա է հրապարակային արձանագրման։ Հետևաբար, գաղտնի քվեարկության համար նախատեսված ընթացակարգային պահանջներն ինքնին չեն կարող բավարար հիմնավորում հանդիսանալ բաց քվեարկությանը նախապես գրավոր մասնակցելու հնարավորությունը բացառելու համար։

Միջազգային համեմատական փորձը ցույց է տալիս, որ պատգամավորի քվեարկության իրավունքի անձնական բնույթն ինքնին չի բացառում նրա՝ խորհրդարանի նիստին ֆիզիկապես ներկա չգտնվելու պայմաններում քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը։ Մասնավորապես, Ֆրանսիայի 1958 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 58-1066 օրդոնանսի 1-ին հոդվածով նախատեսվում է պատգամավորի քվեարկության իրավունքի պատվիրակման հնարավորություն, այդ թվում՝ Կառավարության կողմից հանձնարարված ժամանակավոր առաքելության կամ խորհրդարանի համապատասխան պալատի կողմից նշանակման հիման վրա միջազգային վեհաժողովների աշխատանքներին մասնակցելու դեպքերում։ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի կանոնակարգի 79-րդ հոդվածով ամրագրված է պատգամավորի քվեի անձնական և չպատվիրակվող բնույթը, մինչդեռ նույն կանոնակարգի 82-րդ հոդվածը նախատեսում է հեռավար քվեարկության հնարավորություն, այդ թվում՝ որոշակի միջազգային միջոցառումներին մասնակցության, առողջական, ընտանեկան և այլ բացառիկ հանգամանքների առկայությամբ՝ Կոնգրեսի ղեկավար մարմնի թույլտվությամբ։ Ավելին, Իսպանիայի խորհրդարանական պրակտիկայում արձանագրվել են նաև գաղտնի, քվեաթերթիկներով իրականացվող ընտրությունների ժամանակ հեռավար ներկայացված քվեների՝ քվեատուփում ներառման դեպքեր։ Հատկանշական է նաև, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 2025 թվականի հունիսի 26-ի «Խորհրդարանական կյանքում ներառական մասնակցության խթանումը. գենդերային հավասարություն, մատչելիություն և ներառական քաղաքականություններ» թիվ 2615 (2025) բանաձևի 10.3.3-րդ կետով Եվրոպայի խորհրդի անդամ և դիտորդ պետություններին, ինչպես նաև Վեհաժողովում դիտորդի կամ ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ ունեցող խորհրդարանների պետություններին կոչ է արել դիտարկել որոշակի դեպքերում պատգամավորի փոխարինման, քվեի պատվիրակման կամ հեռավար քվեարկության ընթացակարգեր սահմանելու հնարավորությունը։

Նշված կարգավորումները վկայում են, որ պատգամավորի ներկայացուցչական մանդատի շարունակական իրականացումը և քվեարկության իրավունքի արդյունավետ իրացումը կարող են ապահովվել նաև նրա ֆիզիկական բացակայության պայմաններում՝ պահպանելով պատգամավորի կամարտահայտությունը և սահմանելով համապատասխան ընթացակարգային երաշխիքներ։

Միաժամանակ, անհրաժեշտ է անդրադառնալ առաջարկվող կարգավորման հնարավոր ազդեցությանը նաև խորհրդարանական փոքրամասնության իրավունքների իրականացման տեսանկյունից։ Այս առնչությամբ հարկ է նկատի ունենալ, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է խորհրդարանական ընթացակարգային կանոնների կայունության և խորհրդարանական փոքրամասնության իրավունքների պաշտպանության կարևորությունը՝ շեշտադրելով, որ այդ իրավունքներին առնչվող հիմնարար կանոնները ցանկալի է ամրագրել այնպիսի ձևով, որ խորհրդարանական մեծամասնությունը չկարողանա դրանք փոփոխել իր հայեցողությամբ։ Միաժամանակ, Վենետիկի հանձնաժողովը կարևորում է բոլոր պատգամավորների անհատական իրավունքների, այդ թվում՝ քվեարկելու իրավունքի հավասար ապահովումը՝ անկախ խորհրդարանական մեծամասնությանը կամ ընդդիմությանը նրանց պատկանելությունից (տե՛ս Վենետիկի հանձնաժողովի CDL-AD(2019)015 փաստաթղթի 33-րդ, 35-րդ, 38-րդ և 40-41-րդ կետերը, ինչպես նաև CDL-AD(2010)025 զեկույցի 95-96-րդ և 100-րդ կետերը)։

Վերոնշյալի համատեքստում հարկ է հաշվի առնել, որ Ազգային ժողովի կողմից պաշտոնական գործուղումների մեկնող պատգամավորների թվում կարող են լինել նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ։ Հետևաբար, նրանց՝ գործուղման ընթացքում անցկացվող քվեարկություններին նախապես գրավոր մասնակցելու հնարավորության վերացումը կարող է ազդել խորհրդարանական քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա՝ որոշ դեպքերում սահմանափակելով նաև խորհրդարանական փոքրամասնության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին։ Ուստի կարևոր է առաջարկվող կարգավորումը գնահատել նաև խորհրդարանական փոքրամասնության իրավունքների արդյունավետ իրականացման տեսանկյունից։

Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ փոփոխությունները վերաբերում են Ազգային ժողովի և պատգամավորների գործունեությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է սույն դիտարկումները հաշվի առնել նախագծի հետագա քննարկման ընթացքում:

Միևնույն ժամանակ կարծում ենք, որ նախագծի հիմնավորումներում նշված այն մտահոգությունը փարատելու համար, ըստ որի` պատգամավորը իր գրավոր դիրքորոշումը ներկայացնելուց հետո կարող է փոխել իր դիրքորոշումը քվեարկությունից առաջ, կարող է դիտարկվել այնպիսի գործիքների, այդ թվում` առցանց, ներդրումը, որոնք հնարավորություն կընձեռեն պատգամավորին, անցնելով խիստ նույնականացում, առցանց եղանակով հետ կանչել իր դիրքորոշումը քննարկվելիք հարցի վերաբերյալ` դրանով իսկ չմասնակցելով հետագա քվեարկությանը:

2. Նախագծի և դրա հիմնավորման վերաբերյալ առկա են նաև օրենսդրական տեխնիկայի բնույթի հետևյալ դիտարկումները.

1) Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ազգային ժողովի կանոնակարգը» սահմանադրական օրենք է։

Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով։

Բացի այդ, նույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ սահմանադրական օրենքի անվանումը պետք է պարունակի «սահմանադրական օրենք» բառերը։

Վերոնշյալ իրավակարգավորումների համադրված վերլուծությունից հետևում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կարող են կատարվել բացառապես սահմանադրական օրենքով՝ պահպանելով նաև վերջինիս անվանմանը ներկայացվող օրենսդրական պահանջները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծի վերնագիրը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին՝ այն շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։

2) Նախագծի 1-4-րդ հոդվածներում փոփոխվող սահմանադրական օրենքին հղում կատարելիս կիրառվել է «Օրենքի» ձևակերպումը՝ առանց համապատասխան օրենքի անվանումը նախապես հստակեցնելու։

Այս առնչությամբ հարկ է նկատի ունենալ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանադրական օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, սահմանադրական օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «սահմանադրական օրենք» բառերը։

Միաժամանակ, նույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունների կրճատ տարբերակ սահմանելու հնարավորություն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծում փոփոխվող սահմանադրական օրենքի առաջին հիշատակման դեպքում նշել դրա լրիվ անվանումը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ հետագա հիշատակումների համար, անհրաժեշտության դեպքում, սահմանել կրճատ տարբերակ:

3) Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է, որ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»։

Այս առնչությամբ հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո։

Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, եթե դրանով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։

Վերոնշյալ իրավակարգավորումների համադրված վերլուծությունից հետևում է, որ օրենքի ուժի մեջ մտնելը պայմանավորված է դրա պաշտոնական հրապարակմամբ, հետևաբար օրենքի ընդունման պահը չի կարող դիտարկվել որպես դրա ուժի մեջ մտնելու պահ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ կարգավորումը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին՝ նախատեսելով օրենքի ուժի մեջ մտնելը պաշտոնական հրապարակումից հետո։

4) Նախագծի 1-ին հոդվածում կիրառված «6.1-րդ մասն» ձևակերպման առնչությամբ առաջարկում ենք այն փոխարինել «6.1-ին մասն» ձևակերպմամբ՝ ապահովելով համապատասխան կառուցվածքային միավորի համարի քերականորեն ճիշտ կիրառությունը։

Միաժամանակ, նախագծի 4-րդ հոդվածի առնչությամբ հարկ է նկատի ունենալ, որ «հանել» բառը կիրառվել է կրկնակի, ինչի հետևանքով առկա է շարադրանքի տեխնիկական անճշտություն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել նախագծի 4-րդ հոդվածի շարադրանքը՝ վերացնելով նշված կրկնությունը և ապահովելով դրա համապատասխանությունը օրենսդրական տեխնիկայի պահանջներին։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան