ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1633-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (13.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.11.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2026 թվականի N 1633-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-33-13.10.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

12.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-33-13.10.2026-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ հայտնում է հետևյալը.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ օրենսգիրք) 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը նշանակված ազատազրկման պատժի ժամկետում հաշվակցելու գործող կարգավորումը փոփոխել՝ նախատեսելով անազատության մեջ գտնվելու մեկ օրն ազատազրկման երկու օրվա դիմաց հաշվակցելու կանոն՝ ներկայումս գործող մեկ օրը մեկ օրվա դիմաց հաշվակցելու փոխարեն։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է անազատության մեջ գտնվելու և ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմանների ու դրանցով պայմանավորված սահմանափակումների տարբերություններով։ Մասնավորապես, հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցության, տեսակցությունների, հեռախոսակապից օգտվելու և այլ իրավունքների իրականացման առնչությամբ, կարող են առավել խիստ լինել, քան ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների նկատմամբ կիրառվող սահմանափակումները։

Հիմք ընդունելով նշված հանգամանքները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները և միջազգային չափանիշները՝ առաջարկվում է վերանայել անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի հաշվակցման գործող հարաբերակցությունը՝ այն սահմանելով մեկ օրը երկու օրվա դիմաց։

Այս համատեքստում, ընդհանուր առմամբ ընդունելի համարելով մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելն անազատության մեջ պահվելու և ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմանների ու դրանցով պայմանավորված իրավունքների սահմանափակումների տարբերությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը, միաժամանակ գտնում ենք, որ առաջարկվող կարգավորման շրջանակներում նպատակահարմար է որդեգրել առավել տարբերակված մոտեցում՝ հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրության աստիճանը և դրանով պայմանավորված՝ ազատազրկման ձևով պատժի կատարման պայմանների առանձնահատկությունները։

Մասնավորապես, հարկ է նկատել, որ նախագծով առաջարկվող՝ անազատության մեջ գտնվելու մեկ օրն ազատազրկման երկու օրվա դիմաց հաշվակցելու միասնական կանոնը տարածվելու է բոլոր հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ՝ անկախ կատարված հանցագործության բնույթից և ծանրության աստիճանից։ Մինչդեռ նման մոտեցումը բավարար չափով չի արտացոլում քրեական պատասխանատվության և պատժի անհատականացման, արդարության ու համաչափության սկզբունքները։

Այս առումով հարկ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի կատարման պայմանների տարբերությանը՝ կախված կատարված հանցագործության ծանրության աստիճանից։

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած դատապարտյալները պատիժ են կրում ցածր անվտանգային գոտում։ Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների համաձայն՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում ոչ մեծ ծանրության, իսկ խիստ պայմաններում՝ միջին ծանրության հանցանքների համար դատապարտված անձինք։

Ընդ որում, ցածր անվտանգային գոտում պատժի կատարման պայմանները բնութագրվում են ազատությունից զրկված անձանց իրավունքների իրականացման համեմատաբար առավել լայն հնարավորություններով։ Մասնավորապես, ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալները պահվում են բնակելի կացարաններում, օգտվում են տեսակցություններ ունենալու առավել լայն հնարավորություններից, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում կարող են օգտվել քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով երկարատև տեսակցություններից։ Ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում ևս դատապարտյալները պահվում են բնակելի կացարաններում և օգտվում են տեսակցությունների ու տեղաշարժի՝ օրենքով նախատեսված հնարավորություններից։

Մինչդեռ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանավորված անձինք պահվում են կալանավորվածներին պահելու վայրերում, որտեղ նրանց նկատմամբ կիրառվում է մեկուսացման և վերահսկողության առավել սահմանափակող ռեժիմ։ Մասնավորապես, կալանավորված անձանց արտաքին աշխարհի հետ հաղորդակցության, տեսակցությունների, տեղաշարժի և այլ իրավունքների իրականացման հնարավորությունները սահմանափակված են կալանքի կիրառման առանձնահատկություններով և քրեական վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ավելին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 95-97-րդ հոդվածներով նախատեսված պայմանների և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով սահմանված՝ կալանավորված անձանց պահման ռեժիմի համադրությունից հետևում է, որ վերջիններիս նկատմամբ կիրառվող մեկուսացման և տեղաշարժի սահմանափակումներն իրենց բնույթով որոշակի նմանություններ ունեն միջին անվտանգային գոտու խիստ և բարձր անվտանգային գոտու պայմաններում նախատեսված սահմանափակումների հետ։

Հատկանշական է, որ նախագծի հիմնավորմամբ ևս ընդգծվում է կալանավորված անձանց իրավունքների և պարտականությունների ծավալի համադրելիությունը բարձր անվտանգային գոտում կամ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների իրավական կարգավիճակի հետ։ Այս հանգամանքը լրացուցիչ ընդգծում է կալանքի տակ գտնվելու և ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար նշանակված ազատազրկման պատիժը կրելու պայմանների տարբերությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Հետևաբար, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց դեպքում կարող է առաջանալ իրավիճակ, երբ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձը փաստացի գտնվում է առավել խիստ սահմանափակումների պայմաններում, քան այն պայմաններն են, որոնք օրենսդիրը նախատեսել է նույն անձի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կատարելու համար։ Այլ կերպ՝ անձը, որի նկատմամբ դեռևս չի կայացվել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կարող է ենթարկվել իրավունքների առավել ինտենսիվ սահմանափակումների, քան նույն հանցագործության համար արդեն իսկ դատապարտված և պատիժ կրող անձը։

Միաժամանակ, հարկ է նկատել, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց դեպքում քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված է սկզբունքորեն այլ մոտեցում։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ այդ անձինք, կախված նշանակված պատժի ժամկետից և օրենքով նախատեսված այլ հանգամանքներից, տեղաբաշխվում են միջին կամ բարձր անվտանգային գոտիներում, որոնցում պատժի կատարման պայմանները ենթադրում են անվտանգության և վերահսկողության առավել բարձր աստիճան, ինչպես նաև իրավունքների իրականացման առավել խիստ սահմանափակումներ։

Այսպիսով, եթե ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց դեպքում կալանքի տակ գտնվելուց ազատազրկման ձևով պատիժը կրելուն անցումը, որպես կանոն, չի ենթադրում պահման պայմանների և սահմանափակումների ինտենսիվության այնպիսի էական փոփոխություն, ինչպիսին կարող է առկա լինել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց դեպքում, ապա վերջիններիս նկատմամբ կալանքի տակ գտնվելու և պատժի կրման ժամանակահատվածների միատեսակ հաշվակցումը կարող է խնդրահարույց լինել համաչափության և արդարության սկզբունքների տեսանկյունից։

Ըստ այդմ, բոլոր տեսակի հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ հաշվակցման միասնական հարաբերակցության սահմանումը բավարար չափով չի արտացոլում քրեակատարողական օրենսդրությամբ արդեն իսկ որդեգրված մոտեցումը և անազատության մեջ գտնվելու տարբեր ժամանակահատվածներում անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումների բնույթն ու ինտենսիվությունը։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածի հաշվակցման առավել բարենպաստ կանոնի սահմանումը չպետք է հանգեցնի դատարանի կողմից նշանակված պատժի փաստացի կրման ժամկետի անհամաչափ կրճատման՝ հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց դեպքում։ Հետևաբար, հաշվակցման հարաբերակցության վերանայման շրջանակներում անհրաժեշտ է ապահովել հավասարակշռություն, մի կողմից՝ կալանքի տակ գտնվելու պայմանների առանձնահատկությունները հաշվի առնելու, մյուս կողմից՝ պատժի նպատակների իրացման և դրա համաչափության ապահովման միջև։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ առաջարկում ենք նախագծով առաջարկվող կարգավորման փոխարեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.

«3.1. Ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվելու դեպքում մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, անկախ Հայաստանի Հանրապետության իրավազորությունից, տվյալ քրեական վարույթի կամ գործի ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման ձևով նշանակված պատժին` 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված կանոնը կիրառվում է նաև հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս, եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ կամ միջին ծանրության կամ միջին և ոչ մեծ ծանրության հանցանքներ:

3.3. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված կանոնը չի կիրառվում, եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանք:»:

Այսպիսով, առաջարկվող լուծումը հնարավորություն կտա հավասարակշռելու կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածի հաշվակցման առավել բարենպաստ պայմանների սահմանման անհրաժեշտությունը և պատժի նպատակների արդյունավետ իրացման պահանջը՝ ապահովելով առավել համաչափ օրենսդրական կարգավորում։