Basic information
Number
N 677-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.06.2006-21.03.2019)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2006.07.14/38.1 Հոդ.636
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.05.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.05.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
01.06.2006
Effective date
15.06.2006
Interrupt date
21.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2006 թվականի N 677-Ն

ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 86-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը հաստատելու մասին» N 686-Ն որոշման պահանջները, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ֆինանսավորումն ապահովելու կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ֆինանսավորումն իրականացնել սույն որոշմամբ հաստատված կանոնակարգին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ     

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 27
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 26-ի N 677-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

1. Սույն կանոնակարգով սահմանվում է ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ֆինանսավորումն ապահովելու կանոնակարգը:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը (այսուհետ` տեխնիկական հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարների սահմաններում` իր որոշմամբ հաստատում է`

ա) տեխնիկական հանձնաժողովի աշխատակազմի թվի, հաստիքացուցակի և աշխատավարձերի դրույքաչափերի վերաբերյալ առաջարկությունները.

բ) նյութական պատասխանատու անձին (անձանց), որին (որոնց) պետք է տրամադրվեն տեխնիկական հանձնաժողովի պահպանման համար անհրաժեշտ ապրանքանյութական արժեքները.

գ) պաշտոնի նշանակման ու պաշտոնից ազատման, գործուղման և այլնի վերաբերյալ առաջարկությունները.

դ) կատարված ծախսերի մասին ամսական հաշվետվությունները:

3. Սույն կանոնակարգի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված առաջարկությունները ենթակա են հաստատման` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահի կողմից:

4. Տեխնիկական հանձնաժողովն իր որոշումները համապատասխան առաջարկությունների հետ միասին ներկայացնում է կոմիտե:

5. Կոմիտեի աշխատակազմը, ստանալով տեխնիկական հանձնաժողովի առաջարկությունները, աշխատակազմի ղեկավարի հրամանով պաշտոնի է նշանակում տեխնիկական հանձնաժողովի աշխատակազմի անդամներին` համաձայն հաստիքացուցակի, և կնքում համապատասխան աշխատանքային պայմանագրեր, որոնց հիման վրա կատարում է աշխատավարձերի, հարկային և սոցիալական ապահովագրության վճարների, ինչպես նաև գործուղումների վճարումները:

6. Տեխնիկական հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կոմիտեի միջոցով` կնքված համապատասխան պայմանագրերի համաձայն:

7. Տեխնիկական հանձնաժողովի համար ձեռք բերված ապրանքների ու մատուցված ծառայությունների հաշիվ-ապրանքագրերը, մատակարարների կողմից հանձնման- ընդունման ակտերն ստորագրում են կոմիտեի աշխատակազմի ղեկավարը և կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը:

8. Կոմիտեն համապատասխան գումարները փոխանցելու նպատակով` ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, որը նշված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է ֆինանսավորումը:

9. Տեխնիկական հանձնաժողովը պարտավոր է յուրաքանչյուր ամիս` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-ը կոմիտե ներկայացնել հաշվետվություն ստացած գումարների, ինչպես նաև ապրանքների և մատուցված ծառայությունների մասին:

10. Տեխնիկական հանձնաժողովի պահպանման ծախսերի մասին հաշվետվությունները, ինչպես նաև հաշվապահական հաշվառումն իրականացնում է կոմիտեն` վարելով առանձնացված հաշվառում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան