Basic information
Number
N 719-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (21.07.2005-30.04.2011)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ. 812
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.04.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.05.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
17.06.2005
Effective date
09.07.2005
Interrupt date
01.01.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 16 հունիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 ապրիլի 2005 թվականի N 719-Ն

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:

2. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցվում են`

ա) օրենքով սահմանված կարգով հատկացված կամ ձեռք բերված, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում (բացառությամբ քաղաքային բնակավայրերի),

բ) օրենքով սահմանված կարգով հատկացված կամ ձեռք բերված, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ հողամասին կից` ինքնակամ զբաղեցված հողամասում (բացառությամբ քաղաքային բնակավայրերի) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների առկայության դեպքում,

գ) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններին, ինչպես նաև այդ շենքերում գտնվող հասարակական, արտադրական նշանակության տարածքներում և տարածքներին կից` ինքնակամ կառուցված կցակառույցների, նշված տարածքներում և բնակարաններում ինքնակամ կառուցված ձեղնահարկերի, նկուղների, ինչպես նաև շենքի, շինության արտաքին պատերում և շենքի, շինության կրող կոնստրուկցիաներում կամ կրող պատերում ինքնակամ ձևափոխված և (կամ) բացված դռների, պատուհանների և ինքնակամ կառույցների առկայության դեպքում:

Պետական գրանցման ենթակա չեն ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամասերը և դրանց վրա ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինչպես նաև քաղաքային բնակավայրերում սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից ինքնակամ զբաղեցված հողամասերը և (կամ) ինքնակամ զբաղեցված հողամասում ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, որոնց հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսգրքերով սահմանված կարգով:

(2-րդ կետը լրաց. 07.07.05 N 892-Ն) 

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյաններում լրացման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականներում գծագրման ու լրացման հրահանգը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ.մայիսի 27
Երևան