Basic information
Number
N 99
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.07.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.07.03/17(226)
Enactment organisation
Դատարանների նախագահների խորհուրդ
Enactment date
13.06.2006
Signing organisation
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Signing date
13.06.2006
Effective date
13.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 99

ՀԱՅՑՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով հայցն առանց քննության թողնելու դատական պրակտիկան, արձանագրում է, որ ՀՀ դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում վերը նշված հոդվածով սահմանված դրույթները:

Այնուհանդերձ, դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ հայցն առանց քննության թողնելու և գործը անձանց բացակայությամբ քննելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հասկացությունները ստանում են տարաբնույթ մեկնաբանություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության է թողնում, եթե նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին և չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 157-րդ հոդվածի 2-րդ մասի, 162-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից պատշաճ տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար:

Պետք է նկատել, որ հայցադիմումը (դիմումը) առանց քննության թողնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ընդհանուր նորմից ՀՀ քաղաքացիական դատավարության վերոհիշյալ նորմերը պարունակում են ընդհանուր նորմի նկատմամբ գերակայող հատուկ (բացառիկ) նորմեր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ընդհանուր նորմը կիրառվում է միայն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ նորմերը չեն նախատեսում բացառություն այդ նորմից:

ՀՀ դատարանների
նախագահների
խորհրդի նախագահ՝
Հ. Մանուկյան

13 հունիսի 2006 թ.
ք. Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation