Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-112-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 02.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 14-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47․16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 47.16. Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելը

 

1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրությունը կամ ներմուծումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում արտադրողի և ներմուծողի նկատմամբ՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա իրացման շրջանառության մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին։

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով։

3. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից իննհարյուրապատիկի չափով։

4․ Սույն հոդվածի 3-րդ մասի խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

5․ Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացված լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տուգանքների չափերը կազմում են իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան գործունեության իրականացման ժամանակահատվածի հասույթի նկատմամբ նույն մասերով նախատեսված տոկոսները։

6. Ծխախոտային արտադրատեսակի ծխում նիկոտինի և խեժի՝ տեխնիկական կանոնակարգերով թույլատրելի պարունակությունը գերազանցող ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի չափով։

7․ Սույն հոդվածի 6-րդ մասի խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

8․ Հայաստանի Հանրապետությունում ծամախոտի մեծածախ և մանրածախ վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով։

9․ Սույն հոդվածի 8-րդ մասի խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 2 Օրենսգրքի 47․17-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած անվտանգության տեխնիկական կանոնակարգերով» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակար-գերով» բառերով։

 

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մայիսի 30

Երևան

ՀՕ-112-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2025 թվական: