Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-114-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 02.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 98-րդ հոդվածի 3-րդ մասը «հաշվանցով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով կամ օրենքով սահմանված այլ դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով կամ» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 886.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 886.2. Փոխարկելի փոխառություն

 

1. Փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և (կամ) տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր):

2. Փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը սահմանվում է պայմանագրի կնքման պահին:

3. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական կազմակերպությունները կարող են կնքել փոխարկելի փոխառության պայմանագրեր ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով։

4. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի` բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

5. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը սահմանվում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

6. Արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության դեպքում փոխառու ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներն իրականացված են համարվում Հայաստանի Հանրապետության դրամով` փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության պայմանագրով նաև սահմանվում է, որ փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը փոխառությունը նորացվում ու փոխարինվում է դրամային փոխառությամբ, որի շրջանակներում փոխառության գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի նույն օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով։»:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2․ Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մայիսի 30

Երևան

ՀՕ-114-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2025 թվական: