Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.01/15(255)
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.05.2007
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 մայիսի 2007 թ.
ք. Երևան

Թիվ 1

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ «կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում»:

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87 հոդվածի`

պաշտոնապես պարզաբանում ենք.

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 4-րդ մասում սահմանված «կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում» դրույթը վերաբերում է կրթությունը ցանկացած ձևով ընդհատած նախկին ուսանողին` հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածի առաջին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը շարադրվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով»: «Ընդհատած» բառը «ընդհատել» բայի հարակատար դերբայով կազմված բայաձևն է, իսկ հարակատար դերբայով կազմված բայաձևերը հաճախ առանց կրավորական վ մասնիկի արտահայտում են կրավորական սեռի բայի իմաստ:

Ժամանակակից գրական հայերենում «ընդհատել» բառի իմաստներից մեկն է` «դադարեցնել` առանց վերջին` ավարտմանը հասցնելու, կիսատ թողնել» /Է. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան»/:

Կրթությունը համարվում է ընդհատված, կիսատ թողնված, եթե ուսանողը ազատվում է բարձրագույն ուսումնական հաստատությունից, հեռացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունից, եթե ուսանողի ուսումնառությունը դադարեցվում է:

Ուսանողն ազատվում է բարձրագույն ուսումնական հաստատությունից` սեփական դիմումի համաձայն, այլ բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվելու կապակցությամբ` համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 2-րդ մասի:

Ուսանողը հեռացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունից` ուսման վարձը չվճարելու, անբավարար ընթացիկ կամ եզրափակիչ ակադեմիական առաջադիմության, բարձրագույն ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով` համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 6-րդ մասի:

Ուսումնառությունը դադարեցվում է` զինծառայության անցնելու կապակցությամբ, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդի ձևակերպմամբ` համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի 4-րդ մասի:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 4-րդ մասի ցանկացած այլ մեկնաբանություն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39 հոդվածին, համաձայն որի` յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք,

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի /ընդունված և հռչակված Գլխավոր ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 10-ի 217A (III) բանաձևով/ Նախաբանի 26 հոդվածին, համաձայն որի` յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք,

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի արձանագրության /20 մարտի 1952թ., Փարիզ/ 2 հոդվածին, համաձայն որի` ոչ ոքի չի կարելի մերժել կրթության իրավունքը,

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածին, համաձայն որի` կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից են կրթության մարդասիրական բնույթը, կրթության մատչելիությունը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածին, համաձայն որի` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից են մարդու և քաղաքացու` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովումը և պաշտպանությունը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մատչելիությունը:

 

ՀՀ կրթության և գիտության
նախարար`

L. Մկրտչյան