ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 Հոդված 1. 
Հաստատագրված վճարը 
Սույն օրենքը սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը:
 Հոդված 2. 
Հաստատագրված վճար վճարողները 
Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` վճարողներ):
 Հոդված 3. 
Հաստատագրված վճարի չափը 
Վճարողների տնտեսական գործունեության արդյունքների և ներմուծվող բենզինի մաքսային արժեքից անկախ` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվում է 222 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 39.2 տոկոս:
(3-րդ հոդվածը փոփ. 19.04.00 ՀՕ-51)
 Հոդված 4. 
Հաստատագրված վճարի վճարումը 
Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` հայկական դրամով և (կամ) արտարժույթով: Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:
 Հոդված 5. 
Հաշվառումը 
Սույն օրենքին համապատասխան հաստատագրված վճար վճարողները`
ա) բենզինի ներմուծման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.
բ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի իրացման գծով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված ավելացված արժեքի հարկից` սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասում նշված համամասնությամբ որոշված ավելացված արժեքի հարկի գումարը, ինչպես նաև շրջանառության ծախքերի գծով մատակարարների, հարկային հաշիվներում սահմանված կարգով առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 Հոդված 6. 
Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը 
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ համապատասխան գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
 Հոդված 7. 
Գանձման նկատմամբ հսկողությունը 
Սույն օրենքով սահմանված հաստատագրված վճարների գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմինները:
 Հոդված 8. 
Պատասխանատվությունը օրենքի խախտումների համար 
Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 Հոդված 9. 
Օրենքի ուժի մեջ մտնելը 
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Լ. Տեր-Պետրոսյան | 
| 
 Երևան  |