ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
2 մայիսի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Թ. Մարգարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնև քաղաքում` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության նպատակների և սկզբունքների արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով:
2. Համաձայնագրով Կազմակերպության անդամ պետություններն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- ազատել Կազմակերպությունն ուղղակի հարկերից, տուրքերից և այլ վճարումներից, իսկ Կազմակերպության պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաները և այլ գույքը` մաքսային տուրքերից, հարկերից և դրանց հետ կապված վճարումներից,
- իբրև նստավայր պետություն հանդես գալու պարագայում աջակցություն ցուցաբերել Կազմակերպությանը, տնտեսական պայմանագրերի հիման վրա, Կազմակերպության բյուջեի միջոցների հաշիվներից ապահովել տարածքներով, որոնք անհրաժեշտ են նրա գործառույթների իրականացման համար,
- անվերապահորեն հարգել Կազմակերպության Գլխավոր քարտուղարի, պաշտոնատար անձանց և աշխատակիցների գործառույթների միջազգային բնույթը:
3. Համաձայնագրով սահմանվում են Կազմակերպության իրավունակությունը, Կազմակերպության Գլխավոր քարտուղարի, պաշտոնատար անձանց, աշխատակիցների և անդամ պետությունների ներկայացուցիչների արտոնությունները և անձեռնմխելիությունը, կարգավորվում են Կազմակերպության աշխատանքային հարաբերությունները և սոցիալական ապահովման հարցերը:
Համաձայնագրով նախատեսվում են նաև դրա ուժի մեջ մտնելու, վիճելի հարցերը լուծելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, համաձայնագրից դուրս գալու կարգն ու պայմանները:
4. Արտոնությունները և անձեռնմխելիությունը, որոնցից օգտվում են Կազմակերպության պաշտոնատար անձինք և աշխատակիցները, տրամադրվում են նրանց ոչ թե անձնական շահերի, այլ պաշտոնական գործառույթների արդյունավետ կատարման համար: Բոլոր անձինք, որոնք օգտվում են համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից, պարտավոր են, առանց իրենց արտոնությունները և անձեռնմխելիությունը վնասելու, հարգել ընդունող պետության օրենսդրությունը և չխառնվել այդ պետության ներքին գործերին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|