Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 38978/03
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.11/8(674)
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2008
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2008

Ներմուծեք նկարագրությունը_15683

Ե Ր Ր Ո Ր Դ  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Գանգատ թիվ 38978/03)

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

27 մայիսի 2008

ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ

27/08/2008

 

 Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Սարուխանյանն ընդդեմ Հայաստանի գործով

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը հետևյալ կազմով`

Josep Casadevall,Ջոզեփ Քասադևալ Նախագահ,

Elisabet Fսra-Sandström, Ելիզաբեթ Ֆուրա-Սանդստրոմ

Boštjan M. Zսpančič,Բ.Զուպանչիչ

Alvina Gyսlսmyan, Ալվինա Գյուլումյան

Egbert Myjer, Էգբերթ Միջեր,

Ineta Ziemele,Ինետա Զիեմել

      öčAnn Power, Օցանն ՊաուէրԴատավորներ

և Santiago Qսesada -Սանտիագո Քուեսադա Բաժանմունքի Քարտուղար,

2008թ. մայիսի 6-ին կայացած դռնփակ նիստում,

Հրապարակեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Գործը սկիզբ է առել 2003թ. նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Գագիկ Սարուխանյանի («դիմումատու») կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն` ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 38978/03 գանգատի առնչությամբ:

2. Դիմումատուին տրամադրվել է իրավաբանական օգնություն, և վերջինիս ներկայացնում էր Երևանում փաստաբանական գործունեություն իրականացնող պրն Ա. Գրիգորյանը: Հայաստանի Կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2005թ. սեպտեմբերի 16-ին Դատարանը որոշեց գանգատն ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Դատարանը որոշեց իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

1. Դիմումատուն ծնվել է 1962թ. և ապրում է Երևանում:

 

Ա. Բնակարանի սեփականաշնորհումը, որտեղ դիմումատուն բնակվում էր

 

2. 1973թ-ից դիմումատուն համատեղ բնակվել է իր ծնողների հետ նույն բնակարանում: Բնակարանի մակերեսը կազմում էր 64,7 քմ և հատկացվել էր իշխանությունների կողմից` համաձայն Խորհրդային Միության բնակարանային օրենսդրության: Այն գրանցված է եղել դիմումատուի հոր անունով (վարձակալ), որը մահացել է 1982թ.: 1988թ-ից դիմումատուն և իր կինը տեղափոխվել են այդ բնակարան ապրելու: Նրանք ունեն երկու երեխա, որոնք ծնվել են 1989 և 1992թթ.:

3. 1993թ. հունիսի 10-ին ՀՀ գերագույն խորհուրդն ընդունել է «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում էր պետության սեփականություն հանդիսացող բնակարանների սեփականաշնորհման ընթացակարգը:

4. 1994թ. փետրվարի 21-ին դիմումատուի մայրը դիմել է Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե` բնակարանի նկատմամբ իրեն որպես վարձակալ ճանաչելու և տվյալ բնակարանը սեփականաշնորհելու վերաբերյալ որոշում ընդունելու խնդրանքով: Դիմումի համապատասխան մասում նշված էր հետևյալը.

 

10. Մենք` բնակտարածության իրավունք ունեցող չափահասներս, համաձայն ենք, որ. (ա) բնակարանը սեփականացվի բնակարանի վարձակալ` (դիմումատուի մոր անունը) ...

 

11. Մենք, բնակտարածության իրավունք ունեցող չափահասներս, ցանկանում ենք, որ բնակարանը սեփականացվի, որպես (անհրաժեշտն ընդգծել). (ա) ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ սեփականություն, կամ (բ) ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր բաժնային սեփականություն: [Պարզաբանում. այս երկու կետերից ոչ մեկը ընդգծված չէր:]

 

12. Սեփականացվող բնակտարածության իրավունք ունեցող չափահասներս համաձայնության ստորագրությունները [երեք ստորագրություն, ներառյալ դիմումատուի, իր մոր և կնոջ ստորագրությունները]:

 

5. 1994թ. հոկտեմբերի 27-ին Գործադիր կոմիտեն որոշեց բավարարել դիմումը: Որոշմամբ սահմանվեց հետևյալը.

 

«1993թ. հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն...

 

Գերագույն կոմիտեն որոշում է`

 

1. Թույլատրել բնակարանի վարձակալության քարտը [դիմումատուի հոր] անունից փոխել իր կնոջ անունով [դիմումատուի մայրը] և սեփականաշնորհել [բնակարանը] ...»:

 

6. 1994թ. նոյեմբերի 18-ին իշխանությունների կողմից տրվեց թիվ 15351 սեփականության վկայագիրը, որում նշված էր.

 

«Բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է` ամբողջը [դիմումատուի մորը]:»:

 

Բ. 2003թ. մայիսի 25-ի Ազգային ժողովի ընտրությունները

 

7. 2003թ. մայիսի 25-ին նշանակվեցին Ազգային ժողովի հերթական ընտրություններ` 4 տարի ժամկետով 131 պատգամավոր ընտրելու նպատակով: 75 տեղ համամասնական ընտրակարգով պետք է հատկացվեին կուսակցության ցուցակներով առաջադրված թեկնածուներին: Մնացած 56 անդամները պետք է ընտրվեին համապատասխան ընտրատարածքներից` մեծամասնական ընտրակարգով:

 

Գ. Ազգային ժողովի ընտրությունների համար դիմումատուի թեկնածության գրանցման անվավեր ճանաչումը

 

8. 2003թ. մարտի 15-ին դիմումատուն թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ` սեփականության մասին հայտարարագիրը:

9. 2003թ. ապրիլի 19-ին Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմումատուին գրանցել է որպես թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով թեկնածու:

10. 2003թ. ապրիլի 28-ին թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հարցում է կատարել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մի քանի գրանցված թեկնածուների, ներառյալ դիմումատուի անվամբ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքի վերաբերյալ:

11. 2003թ. ապրիլի 29-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանմանն է ներկայացրել արխիվային քաղվածք` հայտնելով, որ բնակարանի սեփականաշնորհման պահին բնակարանում գրանցված են եղել և բնակվել են վեց անձ.

1. Սարուխանյան Քերոբ [դիմումատուի հայրը], ծնված 19... թ.:

2. Սարուխանյան Եղիսաբեթ [դիմումատուի մայրը], ծնված 1938թ.:

3. Սարուխանյան Գագիկ [դիմումատու], ծնված 1962թ.:

4. Սարուխանյան Եվգենյա [դիմումատուի կինը], ծնված 1966թ.:

5. Սարուխանյան Ելիզավետա [դիմումատուի ավագ դուստրը], ծնված 1989թ. [և]

6. Սարուխանյան Տաթևիկ [դիմումատուի կրտսեր դուստրը], ծնված 1992թ.:

12. Նույն օրը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` ի պատասխան Ընտրական հանձնաժողովի կողմից ուղարկված գրության, գրությամբ տեղեկացնում է, որ վեց անձ, ներառյալ` դիմումատուն, հանդիսանում են բնակարանի համասեփականատեր:

13. 2003թ. մայիսի 3-ին գումարվում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստը, որտեղ հանձնաժողովը, առաջնորդվելով Ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ ենթակետով, որոշում է դիմումատուի թեկնածության գրանցումը ճանաչել անվավեր, քանի որ գրության և դիմումատուի կողմից ներկայացված գույքի սեփականության վերաբերյալ հայտարարագրի տվյալների միջև, որում առկա չէ որևէ նշում բնակարանի մասին, առկա է հակասություն:

14. 2003թ. մայիսի 3-ին կայացված որոշումը դիմումատուն վիճարկել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում: Դիմումում նա նշել է, որ չի կեղծել որևէ փաստաթուղթ և, հետևաբար, չի խախտել 108-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ ենթակետը: Նա բացատրել է, որ 1973թ-ից բնակվել է բնակարանում, և որ բնակարանը Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1994թ. հոկտեմբերի 27-ի որոշմամբ սեփականաշնորհվել է իր մոր անունով: 1994թ. նոյեմբերի 18-ի սեփականության վկայագրի համաձայն` բնակարանն ամբողջովին պատկանում է իր մորը: 2003թ. ապրիլի 29-ի գրությունը հակասում է այդ երկու փաստաթղթերին և չի համապատասխանում իրականությանը: Իր ընտանիքը բաղկացած չի եղել վեց անձից, քանի որ իր հայրը մահացել է 1982թ.: Այնուհետև, նա նշել է, որ տեղյակ չի եղել այդ անհամապատասխանության մասին և իր հայտարարագիրը լրացրել է իր մոտ առկա պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սխալմամբ նույնացրել է կեղծարարություն և անճշտություն հասկացությունները:

15. 2003թ. մայիսի 8-ին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը մերժում է դիմումատուի հայցը: Վճռում նշված է.

«Դատարանը, լսելով կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով գործում եղած տվյալները և գնահատելով ապացույցները` ՀՀ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2003թ. մայիսի 3-ի արձանագրային որոշումը, Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացու սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ Գ. Սարուխանյանի կողմից լրացված 2003թ. մարտի 15-ի հայտարարագիրը, Երևանի Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 1994թ. հոկտեմբերի 27-ի որոշումը, 1994թ. նոյեմբերի 18-ի թիվ 15351 սեփականության վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2003թ. ապրիլի 29-ի ... գրությունը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի 2003թ. ապրիլի 29-ի ... գրությունը, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի 2003թ. մայիսի 6-ի ... գրությունը, գտավ, որ դիմումատուի պահանջն անհիմն է և այն ենթակա է մերժման` այն պատճառաբանությամբ, որ ՀՀ թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 2003թ. մայիսի 3-ի ... արձանագրային որոշումը կայացնելիս ղեկավարվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 108 հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով, այն է` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում, որ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են, մասնավորապես դիմումատու Գ. Սարուխանյանը, հայտարարագրում կեղծիք կատարելով, թաքցրել է բնակարանի նկատմամբ իր համատեղ ընդհանուր սեփականության իրավունքի փաստը:»:

16. Վճռում այնուհետև նշվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. 1999թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք

 

17. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնք ուժի մեջ են եղել խնդրո առարկա ժամանակահատվածում, սահմանում են հետևյալը.

 

Հոդված 28. Գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները

 

«1. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ... [inter alia] բողոքարկել դատական ակտերը»:

 

Հոդված 155. Դատարանի վճիռը և դրա կատարումը

 

«1. Դատարանի վճիռը, որով հաստատվել է քաղաքացու կամ կուսակցության (կուսակցությունների միավորման) ընտրական իրավունքի խախտումը, հիմք է ... ընտրելու և ընտրվելու իրավունքի խախտումները վերացնելու համար:

 

2. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:»:

 

Բ. 1999թ. ՀՀ ընտրական օրենսգիրք

 

18. Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնք ուժի մեջ են եղել խնդրո առարկա ժամանակահատվածում, սահմանում են հետևյալը.

 

Հոդված 40. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը

 

1. «...Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները, (անգործությունը) ... կարող են բողոքարկվել վերադաս ընտրական հանձնաժողով կամ դատարան` որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո` երկօրյա ժամկետում կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ դատարան` վճիռն ստանալուց հետո երկու օրվա ընթացքում...

 

«...բացառությամբ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և համամասնական ընտրակարգով կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու, գրանցումը չեղյալ հայտարարելու հետ կապված վեճերի, առաջին ատյանի դատարանը կայացնում է վերջնական որոշում: Այդ հարցերով վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում եռօրյա ժամկետում, իսկ վճռաբեկ դատարանը` երկօրյա ժամկետում»:

 

Հոդված 106. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու պահանջները

 

«1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքների մշտապես գործող մարմնի ընդունած կամ կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշումը կամ ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է բովանդակեն ընտրատարածքի համարը և առաջադրվող թեկնածուի մասին հետևյալ տեղեկությունները` 1) ազգանունը, անունը, հայրանունը, 2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,

3) հաշվառման վայրը, 4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը), 5) կուսակցական պատկանելությունը,

6) հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին, 7) անձնագրի համարը...»:

 

Հոդված 108. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը

 

«1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

2. Ազգային ժողովի ընտրություններից առնվազն 45 օր առաջ թեկնածուի գրանցման համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում` 1) քաղաքացու առաջադրումն իրենց ստորագրությամբ հաստատած, տվյալ ընտրատարածքում բնակվող առնվազն 500 ընտրողի ստորագրություն, 2) նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով մուծված ընտրական գրավի անդորրագիրը. 3) տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ, որը պետք է պարունակի նաև` նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու մասին. 4) տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին...

....

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով` 1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները. 2) գրանցման և (կամ) առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են: Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ... որոշմամբ:

...

9. Պատգամավորության թեկնածուի գրանցումը ... անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան ...»:

 

Գ. 1999թ. քաղաքացիական օրենսգիրք

 

19. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածները սահմանում են հետևյալը.

 

Հոդված 189. Ընդհանուր սեփականության հասկացությունը և ծագման հիմքերը

 

«1. Երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

 

2. Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):»:

 

Դ. 1982թ. ՀՀ բնակարանային օրենսգիրք (ուժը կորցրել է 2005թ. նոյեմբերի 26-ին)

 

20. ՀՀ բնակարանային օրենսգրքի համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.

 

Հոդված 4. Բնակարանային ֆոնդը

 

«Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող բնակելի տները, ինչպես նաև` այլ շինությունների բնակելի տարածությունները կազմում են բնակարանային ֆոնդը:»:

 

Հոդված 9. Քաղաքացիների բնակարանային իրավունքները

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն սահմանված կարգով բնակելի տարածություն ստանալու պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տներում ...»:

 

Հոդված 49. Բնակելի տարածության օրդերը

 

«Պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տանը բնակելի տարածություն հատկացնելու վերաբերյալ որոշման հիման վրա [համապատասխան] գործադիր կոմիտեն քաղաքացուն տալիս է օրդեր, որը հատկացված բնակելի տարածությունն զբաղեցնելու միակ հիմքն է»:

 

Հոդված 51. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը:

 

Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի կնքումը

 

«Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով, բնակելի տարածության օրդերի հիման վրա, վարձատուի` բնակարանային-շահագործման կազմակերպության (իսկ այդպիսին չլինելու դեպքում` համապատասխան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության) և վարձակալի` քաղաքացու միջև, որի անունով տրված է օրդերը....»:

 

Հոդված 53. Վարձակալի ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները

 

«Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակելի տարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում են բոլոր պարտականությունները...»:

 

Հոդված 54. Վարձակալի ընտանիքի անդամը

 

«Վարձակալի ընտանիքի անդամների թվին են պատկանում վարձակալի ամուսինը, նրանց երեխաները և ծնողները:...»:

 

Ե. 1993թ. ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին օրենք (հետագայում անվանափոխվել է ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին օրենք)

 

21. Օրենքի համապատասխան հոդվածները, որոնք ուժի մեջ են եղել խնդրո առարկա ժամանակահատվածում, սահմանում են հետևյալը.

 

Հոդված 12

 

«Պետական և հանրային բնակարանային ֆոնդի (բնակարանների բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից համապատասխան համայնքի ղեկավարին կամ Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում...»:

 

Հոդված 13

 

«Բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:

Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, վարձակալի հետ համահավասար օգտվում են .... սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ա. Կողմերի պնդումները

 

22. Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն չի սպառել ներպետական պաշտպանության միջոցները, ինչպես դա պահանջվում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածով: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 155-րդ հոդվածի համաձայն ընտրական իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը վերջնական է, ՀՀ ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածն այս կանոնից բացառություն է նախատեսում այն դեպքերում, երբ խոսքը, inter alia, վերաբերում է պատգամավորության թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչելուն առնչվող վեճերին: Դիմումատուն դատաքննության ընթացքում իր փաստաբանի ներկայությամբ տեղեկացվել է ՔԴՕ 28-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքների մասին, որը նախատեսում է նաև բողոքարկման իրավունքը, սակայն չի օգտվել իրեն ընձեռված իրավունքներից:

23. Դիմումատուն նշել է, որ առաջին ատյանի դատարանը իր նկատմամբ կիրառել է ՔԴՕ 155-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումը, ինչը հստակ նշված է դատարանի վճռում: Դատարանը նրան երբեք չի տեղեկացրել բողոքարկման իր իրավունքի մասին, և Կառավարության հակառակ պնդումը ճիշտ չէ: Իրականում ՔԴՕ-ի և Ընտրական օրենսգրքի միջև առկա է հակասություն: Հետևաբար` նա պարտավոր չէր օգտվել Ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածով երաշխավորված իրավունքից, հատկապես, հաշվի առնելով այն, որ նա տեղեկացված չի եղել նման հնարավորության մասին: Ավելին` վերոնշյալ հակասությունը ցույց է տալիս, որ ներպետական օրենսդրությունը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Հետևաբար` նա չի կարող մեղադրվել 2003թ. մայիսի 8-ի վճիռը չբողոքարկելու համար:

 

Բ. Դատարանի գնահատականը

 

24. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ներպետական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է անձանց, ովքեր ցանկանում են որևէ միջազգային դատական ատյանում ընդդեմ պետության գործ հարուցել, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգի կողմից ընձեռված իրավական պաշտպանության հնարավորություններից` դրանով իսկ զերծ պահելով պետությանը միջազգային ատյանի առջև պատասխան տալուց այնպիսի գործողությունների համար, որոնք նա հնարավորություն չի ունեցել լուծելու իր սեփական իրավական համակարգում: Այս կանոնին համապատասխանելու համար դիմումատուն պետք է դիմի բոլոր պաշտպանության միջոցներին, որոնք առկա են և բավարար վերականգնելու իրավունքի ենթադրվող խախտումները (Տես` Ասսենովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի, թիվ 24760/94, պարբ. 85, ՄԻԵԴ 1999-VIII). Ավելին` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի համաձայն` առկա և բավարար միջոցների գոյությունը պետք է լինի բավարար չափով որոշակի ոչ միայն տեսականորեն, այլ նաև` գործնականում, որի բացակայությունը կհանգեցնի արդյունավետության և մատչելիության բացակայությանը: Կառավարության պարտավորությունն է ապացուցել, որ այդ պայմանները ապահովված են (Տե՜ս օրինակ Դե Յոնգ, Բալյեթ և Վան դեն Բրինքն ընդդեմ Նիդերլանդների, 1984թ. մայիսի 22-ի վճիռը, Շարք Ա, թիվ 77, էջ 19, պարբ. 39, և Վերնիլլոն ընդդեմ Ֆրանսիայի, 1991թ. փետրվարի 20-ի վճիռը, Շարք Ա, թիվ 198, էջ 11-12, պարբ. 27):

25. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանն առաջին հերթին նշում է, որ գործի նյութերում, ի հակադրումն Կառավարության պնդման, առկա չէ որևէ ապացույց, համաձայն որի` դիմումատուն տեղեկացված է եղել 2003թ. մայիսի 8-ի վճիռը բողոքարկելու իր իրավունքի մասին: Մյուս կողմից, վճռում ՔԴՕ 155-րդ հոդվածին հղում կատարելով հստակ նշված է, որ այն վերջնական է և ենթակա չէ բողոքարկման (տես` պարբ. 19): Դատարանն այնուհետև նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց (մասնավորապես, ներպետական պրակտիկայի օրինակներ), որը կհիմնավորեր վերջինիս այն պնդումը, որի համաձայն Ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածը, որը բացառություն է նախատեսում ՔԴՕ 155-րդ հոդվածով նախատեսված սահմանափակման համար, կիրառելի էր դիմումատուի գործով: Հոդվածի կիրառելիությունը հստակ չէ նաև շարադրանքի տեսակետից. թեև հոդվածում ասվում է առաջին ատյանի դատարանի «որոշման» մասին, դիմումատուի գործով կայացված դատական ակտը «վճիռ» էր, որի վերջնական լինելը սահմանված է ՔԴՕ 155-րդ հոդվածով:

26. Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ենթադրենք, որ 40-րդ հոդվածը կիրառելի էր դիմումատուի նկատմամբ, ապա դա նշանակում է, որ դատարանը դիմումատուի գործը քննելիս սխալ է կիրառել ներպետական օրենքը: Դատարանը գտնում է, որ դիմումատուն չի կարող պատասխանատվություն կրել ներպետական դատարանի նման բացթողման համար, և նման հանգամանքներում պարտավոր չէր սպառել մի միջոց, որի կիրառելիությունը և արդյունավետությունը հստակ չէ:

27. Վերոշարադրյալի լույսի ներքո, Դատարանը եզրակացնում է, որ սույն գործի շրջանակներում առկա չի եղել արդյունավետ միջոց, որը պետք է սպառվեր դիմումատուի կողմից, որը մատչելի կլիներ վերջինիս համար և՜ տեսականորեն, և՜ գործնականում: Հետևաբար` Կառավարության նախնական առարկությունները պետք է մերժվեն:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

28. Դիմումատուն, վկայակոչելով Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածը, վիճարկում է իր պատգամավորական թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելու հանգամանքը: Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.

 

«Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են անցկացնել ազատ ընտրություններ` ողջամիտ պարբերականությամբ, գաղտնի քվեարկությամբ, այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումն օրենսդիր իշխանություն ընտրելիս»:

 

Ա. Ընդունելիությունը

 

29. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով գանգատն ակնհայտորեն անհիմն չէ: Այնուհետև նա գտնում է, որ գանգատն այլ հիմքերով ևս անընդունելի չէ, հետևաբար` այն պետք է համարվի ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

1. Կողմերի պնդումները

 

(ա) Դիմումատուն

 

30. Դիմումատուն նշել է, որ իր ընտրվելու իրավունքին միջամտելը չի հետապնդել իրավաչափ նպատակ և եղել է անհամաչափ: Նա լրացրել է սեփականության հայտարարագիրն իր մոտ եղած այնպիսի պաշտոնական փաստաթղթերի հիման վրա, ինչպիսիք են` սեփականության վկայագիրը, Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1994թ. հոկտեմբերի 27-ի որոշումը, որը ի հակադրումն «Սեփականաշնորհման մասին» օրենքում ամրագրված դրույթների, տվյալ բնակարանի միակ սեփականատեր է ճանաչել դիմումատուի մորը: Սեփականության վկայագրի այս ձևը ներդրվել է պետական մարմինների կողմից և այն չի պարունակում համատեղ սեփականության և համատեղ սեփականատերերի մասին որևէ տեղեկություն: Դիմումատուի պնդմամբ պետական մարմինները մի քանի տարի անց ընդունել են, որ վկայագրի ընդունված ձևը սխալ է և հաստատել են նոր ձև, որում ներառվում են բոլոր համասեփականատերերի անունները, երբ գույքը հանդիսանում է համատեղ սեփականություն: Այսպիսով, անճշտությունը, որը սեփականության վկայագրում առաջացել է համատեղ սեփականության մասին տեղեկության բացակայության արդյունքում, ներպետական դատարանի կողմից սխալմամբ որակվել է իբրև «կեղծիք»: Ավելին` ներպետական դատարանի վճռի հիմքում, inter alia, դրվել է 2003թ. ապրիլի 29-ին Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված գրությունը, որում առկա տեղեկատվությունը հակասում է իր իսկ կողմից նախկինում տրված սեփականության վկայագրին: Այս հակասությունները չեն առաջացել դիմումատուի մեղքով և չեն կարող դիտվել որպես փաստաթղթերի կեղծում, քանի որ նա նման դիտավորություն չի ունեցել: Ավելին, հենց գրության մեջ առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դիմումատուի ընտանիքը բաղկացած չէ վեց անձից. նրա հայրը մահացել է 1982թ.: Վերջապես, «կեղծիք» հասկացությունը քրեորեն դատապարտելի արարք է: Ներպետական դատարանը քաղաքացիական գործով հաստատել է «կեղծիքի» փաստը` չնայած այն հանգամանքին, որ դիմումատուն քրեական գործով դատարանի կողմից չի դատապարտվել նման հանցագործության համար:

31. Դիմումատուն այնուհետև նշել է, որ պետական մարմինները իր գործով որոշում կայացնելիս չպետք է առաջնորդվեին Ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով: Մասնավորապես, թեկնածության գրանցումը չի կարող անվավեր ճանաչվել թեկնածության գրանցման համար ներկայացված փաստաթղթերի կեղծման հիմքով, ինչպես այն ներկայացված է այդ հոդվածում, քանի որ սեփականության հայտարարագիրը, Ընտրական օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն, մտնում է թեկնածություն առաջադրելիս ներկայացվող փաստաթղթերի ցուցակի մեջ: Այն տարբերվում է 108-րդ հոդվածով սահմանված թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակից: Դրանք ընտրական գործընթացի երկու տարբեր փուլեր են:

 

(բ) Կառավարությունը

 

32. Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն հանդիսացել է բնակարանի համասեփականատեր և տեղյակ է եղել այդ փաստի մասին: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի կողմից 2003թ. ապրիլի 29-ին տրված արխիվային քաղվածքի համաձայն` սեփականաշնորհման պահին բնակարանում գրանցված են եղել վեց անձ, ներառյալ` դիմումատուին: 1994թ. հոկտեմբերի 27-ի որոշմամբ բնակարանը սեփականաշնորհվել է դիմումատուի մոր անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ սեփականություն: Սեփականաշնորհումն արվել է ընտանիքի չափահաս անդամների` ներառյալ դիմումատուի համաձայնությամբ, որոնք, առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներով, ստորագրել են 1994թ. փետրվարի 21-ին ներկայացված սեփականաշնորհման մասին դիմումը: Ակնհայտ է, որ դիմումատուն չէր կարող տված լինել իր համաձայնությունը և ստորագրել սեփականաշնորհման մասին դիմումը` տեղյակ չլինելով, որ ինքը հանդիսանում է տվյալ բնակարանի համասեփականատերը: Ավելին, 1994թ. հոկտեմբերի 27-ի որոշման մեջ հղում է կատարվել վերոնշյալ օրենքին: Հետևաբար, դիմումատուն չի կարող պնդել, որ տեղյակ չի եղել այդ օրենքի բովանդակությանը:

33. Այնուհետև, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի պատգամավորության թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելը չի խախտում Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի պահանջները: Այդ հոդվածով երաշխավորված իրավունքները բացարձակ չեն և այն պարունակում է դրանց սահմանափակելու հնարավորություն: Յուրաքանչյուր առաջադրվող թեկնածու ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնի օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ` սեփականության հայտարարագիրը, և պատասխանատվություն է կրում ներկայացված փաստաթղթերի հավաստիության համար: Սեփականության մասին հայտարարագիր ներկայացնելու պահանջը չի կարող համարվել այնպիսի պայմանի նախատեսում, որը սահմանափակում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի էությունը: Իշխանությունները չեն գերազանցել հայեցողության իրենց սահմանները և իրավասու էին նման պայման սահմանել պատգամավորության բոլոր թեկնածուների, այդ թվում` նաև դիմումատուի համար, ու վերահսկել, որպեսզի այդ պայմանը կատարվի: Այսինքն` դիմումատուն, տեղյակ լինելով օրենքի պահանջին և տեղյակ լինելով, որ ինքը բնակարանի համասեփականատեր է` ներկայացրել է կեղծ փաստաթուղթ: Դիմումատուի պնդումներն այն մասին, որ ինքը չի իմացել իր` համասեփականատեր լինելու հանգամանքի մասին, անհիմն են: Վերջապես, դիմումատուի կողմից քրեական իրավունքին հղում կատարելը առհասարակ դուրս է իր գանգատի շրջանակներից: Այսպիսով, թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելը հետապնդել է ընտրական համակարգի պաշտպանության իրավաչափ նպատակ, միտված է եղել բոլոր թեկնածուների համար հավասար պայմանների ապահովմանը և եղել է համաչափ այդ նպատակին:

 

2. Դատարանի գնահատականը

 

(ա) Ընտրվելու իրավունքի հետ կապված ընդհանուր սկզբունքներ

 

34. Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածը ամրագրում է արդյունավետ քաղաքական ժողովրդավարության հիմնարար սկզբունքը, և հետևաբար, Կոնվենցիայի համակարգում առաջնային կարևորություն ունի (տես` Մեթիու-Մոհինը և Քլերֆայթնն ընդդեմ Բելգիայի, 1987թ. մարտի 2-ի վճիռը, Շարք Ա, թիվ 113, էջ 22, պարբ. 47):

35. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով ամրագրված են ընտրելու և ընտրվելու սուբյեկտիվ իրավունքները: Չնայած այն հանգամանքին, որ այս իրավունքները կարևոր նշանակություն ունեն. դրանք բացարձակ չեն և հնարավոր է դրանց սահմանափակումը: Բարձր պայմանավորվող կողմերը իրենց ներքին իրավական համակարգերի շրջանակներում սահմանում են ընտրելու և ընտրվելու իրավունքների իրականացման պայմաններ, որոնց նախատեսումը ինքնին չի հակասում Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածին: Այս առումով նրանք ունեն հայեցողության լայն սահմաններ, սակայն Դատարանն է կայացնում վերջնական որոշում, թե որքանով են Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի պահանջները կատարվել: Դատարանը պետք է հանգի այն համոզման, որ նախատեսված պայմանները չեն սահմանափակում վիճարկվող իրավունքն այնչափ, որ վնասվի վերջինիս էությունը և դարձնի այն անարդյունավետ, և որ դրանց նախատեսումը հետապնդել է իրավաչափ նպատակ և կիրառված միջոցները չեն եղել անհամաչափ (տես` Սադակը և այլոք (թիվ 2) ընդդեմ Թուրքիայի, թիվ 25144/94, 26149/95 - 26154/95, պարբ. 31, ՄԻԵԴ 2002-IV):

36. Ավելի կոնկրետ, պետություններն օժտված են իրենց սահմանադրական կարգում խորհրդարանականների կարգավիճակը կարգավորող կանոններ սահմանելու էական ինքնավարությամբ, ներառյալ նաև` նրանց լիազորությունները դադարեցնելու չափանիշների սահմանումը: Չնայած պայմանավորված լինելով ընդհանուր մտահոգությամբ, այն է` ապահովել խորհրդարանների անդամների անկախությունը, ինչպես նաև ընտրողների ընտրության ազատությունը, այս կանոնները տարբերակվում են կապված յուրաքանչյուր պետությանը ներհատուկ պատմական և քաղաքական գործոնների հետ: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծամասնության սահմանադրություններով և ընտրական օրենսդրությամբ նախատեսված տարաբնույթ իրավիճակների առկայությունը արտացոլում է խնդրի լուծման ընտրության հնարավորության բազմազանությունը: Այնուամենայնիվ, այս չափանիշներից ոչ մեկը չի կարող համարվել ավելի արժեքավոր մյուսներից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք երաշխավորում են ժողովրդի կամքի ազատ արտահայտումը ազատ, արդար և ողջամիտ պարբերականությամբ անցկացվող ընտրությունների միջոցով (տես` Պոդկոլզինան ընդդեմ Լատվիայի, թիվ 46726/99, պարբ. 33, ՄԻԵԴ 2002-II, և Գիտոնասն ընդդեմ Հունաստանի, 1997թ. հուլիսի 1-ի վճիռը, Զեկույցների ժողովածու 1997-IV, էջ. 1233-34, պարբ. 39):

37. Այնուհետև դատարանը հիշեցնում է, որ մարդու իրավունքների պաշտպանության գործիք համարվող Կոնվենցիայի առարկան և նպատակը, պահանջում է, որպեսզի դրա դրույթները մեկնաբանվեն և կիրառվեն այնպես որպեսզի դրանց դրույթները լինեն արդյունավետ և գործնականում կիրառելի այլ ոչ թե լինեն տեսական կամ անիրական: Ընտրություններում որպես թեկնածու հանդես գալու` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված և իրական ժողովրդավարության հայեցակարգի անբաժան մասը կազմող իրավունքը կլինի անիրական, եթե հնարավոր լինի կամայականորեն և ցանկացած պահի զրկել անձին այդ իրավունքից: Հետևաբար, չնայած այն հանգամանքին, որ ընտրվելու իրավունքի հետ կապված չափանիշների ձևավորման հարցում պետություններն ունեն հայեցողության լայն սահմաններ, այնուամենայնիվ, որպեսզի իրավունքները լինեն արդյունավետ, ցանկացած թեկնածուի չհամապատասխանելը ձևավորված չափանիշներին պետք է որոշվի այնպիսի ընթացակարգի միջոցով, որը պարունակի բավարար երաշխիքներ ընդդեմ կամայականությունների (տես` վերևում մեջբերված Պոդկոլզինա, պարբ. 35, Մելնիչենկոն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 17707/02, պարբ. 59, ՄԻԵԴ 2004-X, և Ռուս Ձեռնարկատերերի Պահպանողական կուսակցությունը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 55066/00 և 55638/00, պարբ. 50, 2007թ. հունվարի 11-ի վճիռը):

 

(բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

 

38. Անդրադառնալով սույն գործին` Դատարանը հաշվի է առնում, որ դիմումատուն դիմել է Ազգային ժողովի հերթական ընտրություններում պատգամավորության թեկնածու գրանցվելու համար: Սկզբնապես գրանցելով դիմումատուի թեկնածությունը` թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այնուհետև որոշել է գրանցումն անվավեր ճանաչել` սեփականության հայտարարագրում կեղծ տեղեկություն ներկայացնելու հիմքով: Այս ամենի արդյունքում դիմումատուն չի մասնակցել ընտրություններին: Հետևաբար, դատարանը, հաշվի առնելով պետության հայեցողության սահմանները, պետք է քննի, թե որքանով է դիմումատուի թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումը հետապնդել իրավաչափ նպատակ և եղել համաչափ այդ իրավաչափ նպատակին:

39. Ինչ վերաբերում է իրավաչափ նպատակին, ապա Դատարանը հիշեցնում է, որ յուրաքանչյուր պետություն շահագրգռված է իր կառուցվածքային համակարգի բնականոն գործունեության մեջ: Սա հատկապես վերաբերում է ազգային խորհրդարանների գործունեությանը, որոնք օժտված են օրենսդիր իշխանությամբ և ժողովրդավարական պետությունում ունեն առաջնային նշանակություն (տես` Պոդկոլիզինա` հիշատակված վերևում, պարբ. 34): Դատարանը գտնում է, որ թեկնածուների սեփականության մասին հայտարարագիր ներկայացնելու պահանջը նպատակ ունի ընտրողներին հնարավորություն տալու թեկնածուների ունեցվածքի մասին տեղեկացված ընտրություն կատարելու համար, որը ոչ պակաս կարևորություն ունեցող հանգամանք է թեկնածուի մասին կարծիք կազմելու համար: Հետևաբար, նման պահանջի առկայությունը չի համարվում կամայական կամ ոչ ողջամիտ (տես, mսtatis mսtandis, Կրասնովը և Սկուրատովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 17864/04 և 21396/04, պարբ. 44, 2007թ. հուլիսի 19-ի վճիռը): Անկասկած իրավաչափ է նաև պահանջելը, որպեսզի թեկնածուների կողմից ներկայացված տեղեկատվությունը լինի առավելագույնս ճշգրիտ, որը հնարավորություն կտա խուսափել ընտրազանգվածին մոլորության մեջ գցելուց: Հետևաբար, ազգային խորհրդարանների ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուներից իրենց սեփականության մասին ճշգրիտ տեղեկատվություն պահանջելը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի իմաստով հետապնդում է իրավաչափ նպատակ (տես` նույն տեղում):

40. Ինչ վերաբերում է դիմումատուի թեկնածության անվավեր ճանաչելու և իրավաչափ նպատակի միջև համաչափության հարցին, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուի թեկնածությունն անվավեր է ճանաչվել կեղծ սեփականության հայտարարագիր ներկայացնելու հիմքով, որով վերջինս թաքցրել է, որ ընտանիքի հինգ անդամների հետ հանդիսանում է բնակարանի համասեփականատեր: Կողմերը չեն վիճարկել այն հարցը, որ դիմումատուն օրենքով սահմանված կարգով հանդիսանում է խնդրո առարկա բնակարանի համասեփականատեր: Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն տեղյակ է եղել այս փաստի մասին և միտումնավոր թաքցրել է այն: Նույն պատճառաբանություններն են ներկայացրել նաև պետական մարմինները թեկնածությունն անվավեր ճանաչելու որոշումը կայացնելիս, որոնք հղում կատարելով Ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետին` եզրակացրել են, որ «կեղծ սեփականության հայտարարագիր ներկայացնելով (դիմումատուն) թաքցրել է համասեփականատեր լինելու հանգամանքը»: Դիմումատուն համամիտ չէ այդ մոտեցմանը և պնդում է, որ իշխանություններն են պատասխանատու այդ սխալի համար:

41. Այս իմաստով Դատարանը նշում է, որ դիմումատուն դարձել է համասեփականատեր խորհրդային բնակշահագործման համակարգում կատարված բարեփոխման շրջանակներում, բնակիչների կողմից պետության սեփականությունը հանդիսացող բնակարանների սեփականաշնորհման արդյունքում: 1993թ. հունիսին ընդունված «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքի 13-րդ հոդվածը, որը կարգավորում է սեփականաշնորհման գործընթացը, սահմանում է, որ սեփականաշնորհված բնակարանները պետք է ձևակերպվեն կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն: Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ չնայած 13-րդ հոդվածում ամրագրված դրույթին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված սեփականության վկայագրում նշված է, որ բնակարանի սեփականության իրավունքն ամբողջությամբ պատկանում է դիմումատուի մորը, իսկ «համատեղ» բառը ջնջված է (տես` վերևում պարբ. 9): Այս հարցի կապակցությամբ Կառավարությունը որևէ բացատրություն չի տվել: Ավելին, ի հակադրումն Կառավարության պնդումների, 1994թ. հոկտեմբերի 27-ի որոշումը հստակ չի նշում, թե սեփականաշնորհման արդյունքում սեփականության որ ձևը կտրվեր (տես` վերևում պարբ. 8): Նման հանգամանքներում Դատարանը չի համարում ոչ ողջամիտ այն, որ դիմումատուն, հիմնվելով իր մոտ առկա պաշտոնական փաստաթղթերի վրա, հիմք ուներ մտածելու, որ վերջինս չի համարվում վիճարկվող բնակարանի համասեփականատեր:

42. Այնուամենայնիվ, Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն տեղյակ է եղել բնակարանի համասեփականատեր լինելու փաստի մասին, քանի որ վերջինս սեփականաշնորհման գործընթացի ժամանակ տվել է իր համաձայնությունը` ստորագրելով սեփականաշնորհման մասին 1994թ. փետրվարի 21-ի դիմումը, ինչպես նաև` տեղյակ է եղել 1994թ. հոկտեմբերի 27-ի որոշմանը, որում հղում է արվել Սեփականաշնորհման մասին օրենքին: Այնուամենայնիվ, Դատարանը համոզիչ չի համարում այս փաստարկը: Անդրադառնալով դիմումատուի մոր կողմից ներկայացված սեփականաշնորհման մասին դիմումին, Դատարանը նշում է, որ դիմումատուն և ընտանիքի չափահաս այլ անդամները դիմումի վրա ստորագրությամբ տալով իրենց համաձայնությունը, ընտրություն չեն կատարել դիմումի 11-րդ պարբերությամբ նախատեսված երկու հնարավոր տարբերակների միջև, այլ պարզապես խնդրել են որպեսզի բնակարանը սեփականաշնորհվի դիմումատուի մոր անունով (տես` վերևում պարբ. 7): Այնուամենայնիվ, նման այլընտրանքի հնարավորությունը սեփականաշնորհման մասին օրենքի 13-րդ հոդվածով հստակ նախատեսված չէ: Դա նշանակում է, որ դիմումատուն և իր ընտանիքի այլ անդամները կամ տեղյակ չեն եղել այդ դրույթի մասին, կամ եթե նույնիսկ տեղյակ են եղել, ապա սխալ են ընկալել այն: Հետևաբար, չի կարելի ասել, որ դիմումատուն տեղյակ է եղել իր կողմից բնակարանի սեփականաշնորհման համար տված գրավոր համաձայնության բոլոր իրավական հետևանքների մասին:

43. Ավելին, չնայած այն հանգամանքին, որ դիմումատուի ընտանիքի կողմից կատարված ընտրությունն ակնհայտորեն հակասում է 13-րդ հոդվածին, իշխանությունները այդ մասին երբևէ չեն տեղեկացրել վերջիններիս: Ընդհակառակը, Գործադիր կոմիտեն 1994թ. փետրվարի 21-ի իր որոշմամբ քննել և բավարարել էր սեփականաշնորհման մասին ներկայացված դիմումը` առանց նշելու, թե սեփականաշնորհման արդյունքում սեփականության որ ձևն է տրվելու, մինչդեռ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրվել է սեփականության վկայագիր, որում նշված է, որ դիմումատուի մայրը հանդիսանում է բնակարանի միակ սեփականատեր: Այս ամենից հետևում է, որ իշխանությունները համակարծիք են եղել այս մոտեցմանը և ընդունել են, որ բնակարանը սեփականաշնորհվել է դիմումատուի մոր անունով: Հաշվի առնելով 13-րդ հոդվածի նման հակասական կիրառումը, Դատարանը ստիպված է եզրակացնել, որ սեփականաշնորհման կանոնները և ընթացակարգը բավարար հստակ չեն, և հետևաբար, Կառավարությունը չպետք է հիմնվի վերջիններիս վրա իր փաստարկները ներկայացնելիս:

44. Վերջապես, Դատարանը գտնում է, որ դժվար է պատկերացնել, թե ինչու պատգամավորության համար գրանցված թեկնածուն պետք է միտումնավոր թաքցնի, որ նա նման փոքր բաժնի սեփականատեր է հանդիսանում` դրանով իսկ վտանգելով ընտրություններին իր մասնակցելու հարցը:

45. Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ ներպետական դատարանները որևէ պատճառաբանված գնահատական չեն տվել այս ամենին: Ավելին, Դատարանը չի կարող շրջանցել այն հանգամանքը, որ եզրակացություններ անելիս պետական մարմինները հիմնվել են, inter alia, այնպիսի ապացույցների վրա, որոնցում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես օրինակ այն փաստաթուղթը, որում նշված է, որ դիմումատուի հայրը, ով մահացել է շատ ավելի վաղ, քան բնակարանը սեփականաշնորհվել է, հանդիսանում է բնակարանի համասեփականատեր (տես` վերևում պարբ. 14, 15 և 18): Նման պարագայում, ինչպես նաև, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, Դատարանը գտնում է, որ իշխանությունների այն եզրահանգումը, որի համաձայն` դիմումատուն կեղծ սեփականության հայտարարագիր է ներկայացրել, որը Դատարանի կարծիքով, նշանակում է, որ դա արվել է միտումնավոր, պատշաճ կերպով չի հիմնավորվել ապացույցներով և գործի հանգամանքներով, և չի կարող համարվել ողջամիտ:

46. Բոլոր դեպքերում, Դատարանը հիշեցնում է, որ իր գնահատականի ներկայացման համար կարևոր է իշխանությունների կողմից կիրառված միջոցների և իրավաչափ նպատակի, որին ցանկացել են հասնել իշխանությունները, միջև առկա ողջամիտ համաչափության հարաբերակցությունը (տես` Լեյլա Սահինն ընդդեմ Թուրքիայի, թիվ 44774/98, պարբ. 117, ՄԻԵԴ 2005-XI, և վերևում նշված Կրասնովը և Սկուրատովը, պարբ. 65): Ինչպես Դատարանը նշել է վերևում, իրավաչափ նպատակի տեսանկյունից անհրաժեշտ է խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ թեկնածուների կողմից ներկայացված սխալ տեղեկատվությունը կարող է մոլորության մեջ գցել ընտրողներին, այս առումով Դատարանը գտնում է, որ սա վերաբերում է նույնիսկ այն դեպքերին, երբ դիմումատուի կողմից ներկայացված տեղեկատվությունը ոչ միտումնավոր կերպով է պարունակում օբյեկտիվ անճշտություն: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ չի կարելի դիմումատուի գործողությունները գնահատել անբարեխիղճ, քանի որ, ինչպես արդեն նշվել է վերևում, նա բոլոր հիմքերը ունեցել է ենթադրելու, որ ներկայացված տեղեկությունը ճշգրիտ է, առավել ևս` հաշվի առնելով այն, որ իր կողմից թույլ տրված սխալը մոլորության մեջ գցող սեփականաշնորհման կանոնների և պրակտիկայի արդյունք է, և որ դա չի կարող ողջամտորեն դիտվել որպես դիմումատուի մեղավորություն: Այնուհետև Դատարանը նշում է, որ տեղեկատվությունը, որը դիմումատուն ենթադրաբար թաքցրել է, վերաբերում է 64.7 քմ մակերեսի ընդամենը մի փոքր մասի սեփականատեր լինելու փաստին, և չի կարելի համարել, որ կար իրական վտանգ, որ նման փոքր նշանակություն ունեցող տեղեկությունը կարող է մոլորության մեջ գցել ընտրազանգվածին:

47. Նման պարագայում, հաշվի առնելով դիմումատուի դիտավորությունը հիմնավորող համոզիչ ապացույցների բացակայությունը, նրա սխալն արդարացնող օբյեկտիվ և բավարար պատճառների առկայությունը և նրա սեփականության իրավունքի չնչին բաժինը, Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի թեկնածությունն անվավեր ճանաչելն անհամաչափ է եղել հետապնդվող իրավաչափ նպատակին:

48. Հետևաբար, առկա է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

49. Դիմումատուն պնդում է, որ ինքը զրկված է եղել Ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածով երաշխավորված բողոքարկման իրավունքից, քանի որ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը` նշելով, որ իր վճիռը վերջնական է: Նա վկայակոչում է Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները, որոնց համապատասխան դրույթները սահմանում են.

 

6 -րդ հոդվածի 1-ին մաս

 

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք»:

 

13-րդ հոդված

 

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

 

Ընդունելիություն

 

1. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս

 

50. Դատարանը դիտարկում է, որ դատաքննությունների ժամանակ բողոքի առարկա է հանդիսացել Ազգային ժողովի ընտրություններում դիմումատուի թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելը: Հետևաբար, այն առնչվել է դիմումատուի ընտրական իրավունքների իրականացմանը, մասնավորապես` ընտրություններին մասնակցելու իր իրավունքին: Այդ իրավունքներն իրենց բնույթով համարվում են քաղաքական և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դուրս են «քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ» հասկացությունից (տես` Պրիորելլոն ընդդեմ Իտալիայի, թիվ 11068/84, 1985թ. մայիսի 6-ի Հանձնաժողովի որոշումը, Որոշումներ և Զեկույցներ (ՈԶ) 43, էջ 195, Պիերրե-Բլոչն ընդդեմ Ֆրանսիայի, 1997թ. հոկտեմբերի 21-ի վճիռը, Վճիռների և Որոշումների ժողովածու 1997-VI, պարբ. 50, և Գորիզդրան ընդդեմ Մոլդովայի (որոշում), թիվ 53180/99, 2002թ. հուլիսի 2): Հետևաբար, Կոնվենցիայի այս դրույթը կիրառելի չէ սույն գործի շրջանակներում:

51. Հետևաբար, գանգատի այս մասը չի համապատասխանում ratione materiae Կոնվենցիային, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով, և ենթակա է մերժման համաձայն 35-րդ հոդվածի 4-րդ մասի:

 

2. Կոնվենցիայի 13-րդ հոդված

 

52. Դատարանը հիշեցնում է, որ այս դրույթը չի կարող մեկնաբանվել որպես ստորադաս դատարանի վճիռը վերադաս դատարան բողոքարկելու իրավունքի ընձեռում (տես` այլ նախադեպերի շարքում Ս. և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 13135/87, 1988թ. հուլիսի 4-ի Հանձնաժողովի որոշումը DR 56, էջ 268, և Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի (որոշում) թիվ 6562/03, 2005թ. հոկտեմբերի 20):

53. Հետևաբար, գանգատի այս մասը ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4 -րդ մասերի իմաստով ենթակա է մերժման:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

 

54. Դիմումատուն պնդում է, որ իր հանդեպ քաղաքական նկատառումներով խտրական վերաբերմունք է դրսևորվել, մասնավորապես. (1) նույնատիպ հանգամանքներով մեկ այլ գործով, ներպետական դատարանը թեկնածուի նմանաբովանդակ հայցը բավարարել էր, և (2) Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մեկ այլ թեկնածուի գրանցումը թիվ 12 ընտրատարածքում չեղյալ չէր հայտարարել, չնայած այն հանգամանքին, որ ենթադրվում էր, որ վերջինս կեղծ փաստաթղթեր էր ներկայացրել: Նա վկայակոչել է 14-րդ հոդվածը, որի համապատասխան մասը սահմանում է հետևյալը.

 

«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովում է առանց խտրականության, այն է` ... քաղաքական կամ այլ համոզմունքներից ... »:

 

Ընդունելիությունը

 

55. Դատարանը նշում է, որ դիմումատուի թեկնածության գրանցումն անվավեր է ճանաչվել կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հիմքով: Դատարան ներկայացված գործի նյութերից չի երևում, որ թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելը եղել է որևէ տեսակի խտրական վերաբերմունքի դրսևորում:

56. Հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իմաստով ենթակա է մերժման:

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 34 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

57. 2006թ. մարտի 28-ին ներկայացված առարկություններում դիմումատուն պնդում էր, որ խոչընդոտվել է իր` Դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրականացումը: Դիմումատուն նշել է, որ Կառավարության կողմից առարկությունների նախապատրաստման ժամանակահատվածում, նա պարբերաբար անհայտ անձանցից հեռախոսազանգեր է ստացել, որոնք քողարկված սպառնալիք են պարունակել, մասնավորապես` «Չե՞ս հանդարտվել դեռ»: Իր կողմից առարկությունների ներկայացման վերջնաժամկետից մի քանի օր առաջ, ավելի ստույգ` 2006թ. հունվարի 21-ին, դիմումատուն փողոցում ենթարկվել է հարձակման, որի արդյունքում ստացել է մարմնական վնասվածք: 2006 թ. հունվարի 23-ին նա դիմել է ոստիկանություն, սակայն դեպքի առնչությամբ քննություն չի կատարվել: Դիմումատուն վկայակոչել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածը, որը սահմանում է.

«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների` որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը»:

 

Ընդունելիությունը

 

58. Դատարանը առաջին հերթին նշում է, որ դիմումատուն չի ներկայացրել 2006թ. հունվարի 23-ին իր կողմից ոստիկանություն ենթադրաբար ներկայացրած դիմումը: Ամեն դեպքում, գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց, որը կհիմնավորեր այն, որ ենթադրյալ հարձակումը կամ հեռախոսազանգերն առնչություն են ունեցել դիմումատուի կողմից Դատարան գանգատ ներկայացնելու հետ:

59. Հետևաբար, գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4 -րդ մասերի իմաստով ենթակա է մերժման:

 

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

60. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

 

«Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Վնասը

 

61. Ընդհանուր առմամբ դիմումատուն պահանջել է 19,800,000 ՀՀ դրամ (ՀԴ) գումար (մոտ 42,560 եվրո), որպես նյութական վնասի փոխհատուցում, ներառյալ` իր նախընտրական քարոզարշավի ժամանակ կատարված ծախսերը, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 5,400,000 ՀԴ (մոտավորապես 11,607 եվրո), և ընտրվելու դեպքում, չորս տարվա համար ենթադրաբար ստանալիք աշխատավարձը, որը ընդհանուր առմամբ կազմում է 14,400,000 ՀԴ (մոտավորապես 30,953 եվրո): Նա նաև նշել է, որ իր թեկնածության գրանցումն անհիմն կերպով անվավեր ճանաչելը և հետագայում աշխատանք չգտնելը հոգեկան տառապանք է պատճառել իրեն, որի համար նա 100,000 եվրո գումարի չափով ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել:

62. Կառավարությունը պնդել է, որ չկա պատճառահետևանքային կապ դիմումատուի նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարված ծախսերի և ենթադրյալ վնասի միջև: Ավելին, չստացած աշխատավարձի հետ կապված դիմումատուի պահանջը մտացածին է: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջին, Կառավարությունը պնդում է, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում առկա չէ: Եթե նույնիսկ ենթադրենք, որ այն առկա է, ապա չկա պատճառահետևանքային կապ ենթադրյալ խախտման և ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի միջև:

63. Դատարանը չի համարում, որ առկա է պատճառահետևանքային կապ խախտման և դիմումատուի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարած ծախսերի միջև: Ավելին, ընտրությունների արդյունքները չեն կարող լինել կանխատեսելի, եթե թեկնածության գրանցումն անվավեր չճանաչվեր, և հետևաբար, հետագա հնարավոր շահույթի մասով պահանջը ենթակա է մերժման (տես` Սիլեյն ընդդեմ Թուրքիայի, թիվ 8691/02, պարբ. 39, 2007թ. ապրիլի 5): Այնուամենայնիվ, Դատարանն ընդունում է, որ ընտրություններին մասնակցելու համար արգելք հանդիսացած պետական մարմինների որոշումների պատճառով դիմումատուն կարող էր ունենալ անելանելիության զգացում և կրեր հոգեկան տառապանք, չնայած պահանջվող գումարը չափազանց բարձր է: Դատարանը` գործելով արդարացիության սկզբունքին համապատասխան, որոշում է դիմումատուին տրամադրել 3,000 եվրո, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 

Բ. Ծախսեր և ծախքեր

 

64. Դիմումատուն պահանջել է 3,750 եվրո իր ներկայացուցիչ պարոն Ա. Գրիգորյանի կողմից 75 ժամ կատարած աշխատանքի դիմաց` մեկ ժամը 50 եվրո հաշվարկով, որը համաձայնեցված էր իրենց միջև կնքված պայմանագրով: Այդ պայմանագրի պատճենը կցված է դիմումատուի գանգատին: Նա նաև պահանջել է 64,350 ՀԴ (մոտավորապես 138 եվրո) փոստային ծախսերի համար` պնդելով, որ առնվազն տասներեք նամակ է ուղարկել Դատարան` յուրաքանչյուր նամակի համար վճարելով 4,950 ՀԴ (մոտավորապես 9 եվրո):

65. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհիմնավորեր այն, որ այդ ծախսերը և ծախքերը իրականում կատարվել են: Պայմանագրի 6.2 և 6.3 կետերի համաձայն` ծառայությունների դիմաց վճարման համար հիմք են հանդիսանում, փաստացի մատուցված ծառայությունների ժամաքանակից ելնելով, ներկայացվող վճարային փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն յուրաքանչյուր ամիս: Այնուամենայնիվ, դիմումատուն չի ներկայացրել իր փաստաբանի կողմից ենթադրաբար ներկայացված վճարային փաստաթղթերը: Հետևաբար, դիմումատուն չի ներկայացրել փաստացի մատուցած ծառայությունները և մատուցած ծառայությունների ժամաքանակը հավաստող որևէ վճարային փաստաթուղթ: Ինչ վերաբերում է փոստային ծախսերին, ապա դիմումատուն ներկայացրել է ընդամենը մեկ փոստային անդորրագիր, որը հավաստում է, որ վերջինս Դատարան նամակ ուղարկելու համար վճարել է 4,950 ՀԴ:

66. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմումատուին տրամադրվում է իր ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքերում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են: Դատարանը նշում է, որ դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերը ամբողջովին չեն արտացոլում վերջինիս կողմից պահանջվող ծախսերը: Հետևաբար, պահանջը չի կարող ամբողջությամբ բավարարվել (տես` Յազարը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 22723/93, 22724/93 և 22725/93, պարբ. 79, 2002թ. ապրիլի 9): Դատարանը` գործելով արդարացիության սկզբունքին համապատասխան, որոշում է դիմումատուին տրամադրել 1,850 եվրո, որպես կատարված ծախսերի և ծախքերի փոխհատուցում, հանելով Եվրոպայի Խորհրդի կողմից դիմումատուին որպես իրավական օգնություն տրամադրված 850 եվրո գումարը:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

67. Դատարանն ընդունելի է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքը, որին պետք է գումարվի երեք տոկոս:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ, ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Ընդունելի է հայտարարում գանգատը` կապված դիմումատուի թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելու հետ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի իմաստով և անընդունելի` գանգատի մնացած մասերը:

 

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3-րդ հոդվածի խախտում:

 

3. Վճռում է, որ

(ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները` փոխարկված պատասխանող պետության ազգային արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

(I) 3,000 (երեք հազար) եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը,

(II) 1,850 (հազար ութ հարյուր հիսուն) եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում` հանելով Եվրոպայի խորհրդի կողմից դիմումատուին որպես իրավական օգնություն տրամադրված 850 եվրո գումարը, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը,

(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեք տոկոս:

 

4. Մերժում է դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը: Ժ

 

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 27-ը մայիսի 2008թ.` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:

Ս.Քուեսադա
Քարտուղար

Ժոզեֆ Քասադևալլ

Նախագահ

 

          

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան