ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԵԴԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գործ թիվ ՎԴ 2/0411/05/08
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
6 փետրվարի 2009 թ. |
ք. Սևան |
ՀՀ վարչական դատարանը հետևյալ կազմով՝
Նախագահող դատավոր՝ |
Լ. ԹՈՐՈՍՅԱՆ |
Նիստերի քարտուղար՝ |
Լ. ԱՖԻՅԱՆ |
ՄԱՍՆԱԿՑՈԻԹՅԱՄԲ՝
Հայցվոր ՀՀ առողջապահության նախարարության.
ՀՎՀՀ-02507171, պետական գրանցման թիվը՝ 01 Բ 000899
Ներկայացուցիչ՝ |
Պ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ |
Պատասխանող անհատ ձեռնարկատեր՝ |
Ս. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ |
Սևանի նստավայրում, դռնբաց դատական նիստում, քննեց վարչական գործը, ըստ հայցի՝ ՀՀ առողջապահության նախարարության՝ ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սեդա Թամրազյանի՝ դեղատնային գործունեության իրականացման համար տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին։
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցի հիմքում դրվել է անհատ ձեռնարկատեր Սեդա Թամրազյանի (այսուհետ՝ Պատասխանող) կողմից իրեն տրամադրված լիցենզիայի ստացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկությունների բացահայտումը, որը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին պահանջ ներկայացնելու հիմք է։
Սույն գործով էական միջնորդություններ չեն ներկայացվել։
Որպես իր պահանջի հիմնավորում, հայցվորը դատարան է ներկայացրել թիվ Ա-XX-000220 լիցենզիայի, 2008 թ. սեպտեմբերի 24-ի սեփականության իրավունքի վկայականի, 2008 թ. հոկտեմբերի 13-ի վճարման հանձնարարագրի անդորրագրի, ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱՆ) Իջևանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Իջևանի ստորաբաժանում) 2008 թ. նոյեմբերի 18-ի գրության պատճենները, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող 2008 թ. դեկտեմբերի 5-ի թիվ 1517 վճարման հանձնարարագիրը։
2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.
Հայցվորը դիմելով դատարան հայտնում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2001 թ. սեպտեմբերի 24-ի թիվ 895 և 2002 թ. հունիսի 29-ի թիվ 867 որոշումներին համապատասխան՝ ՀՀ ԱՆ իրականացնում է նշված օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում ընդգրկված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորում, որը ներառում է նաև դեղատնային գործունեության լիցենզավորումը։
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Պատասխանողին տրվել է 2008 թ. նոյեմբերի 23-ի թիվ Ա-XX-000220 լիցենզիան (այսուհետ՝ Լիցենզիա)՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 23/34 հասցեում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար։
2008 թ. հոկտեմբերի 15-ին Պատասխանողը դիմել է ՀՀ ԱՆ՝ Լիցենզիան վերաձևակերպելու համար՝ կապված գործունեության հասցեի փոփոխման հետ։
ՀՀ ԱՆ նախարարի 2008 թ. նոյեմբերի 14-ի թիվ 1643-Ա հրամանով կատարվել է Լիցենզիայի վերաձևակերպում՝ դրանով նախատեսված գործունեության իրականացման վայր վերաձևակերպելով ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան թիվ 1/4 հասցեն։
Միաժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տավուշի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Տավուշի ստորաբաժանում) ղեկավարից պարզաբանում են խնդրել՝ Պատասխանողին պատկանող սեփականության իրավունքի վկայականի իսկությունը և իրականությանը դրա համապատասխանությունը պարզելու նպատակով։
Տավուշի ստորաբաժանման ղեկավարը 2008 թ. նոյեմբերի 18-ի թիվ ԵԼ-2652 գրությամբ տեղեկացրել է, որ Պատասխանողի կողմից ՀՀ ԱՆ ներկայացրած վկայականի պատճենը չի համապատասխանում բնօրինակին, միաժամանակ ՀՀ ԱՆ ներկայացնելով բնօրինակի պատճենը։
Պատասխանողի և Տավուշի ստորաբաժանման կողմից ՀՀ ԱՆ ներկայացրած անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականների համեմատությունից պարզվել է, որ Պատասխանողի կողմից ներկայացված վկայականում «Հողամասի հատակագիծը», «Շենքի հատակագիծը» և «Շենքի տվյալները» բաժիններում կատարված են կեղծ գրառումներ և նշագրումներ։ Մասնավորապես կեղծված է շենքի հատակագիծը։ Դրանում նշված են պատեր, որոնք վկայականի բնօրինակում նշված չեն, շենքի չափերին վերաբերող տվյալները փոխված են այնպես, որպեսզի տարածքը առերևույթ համապատասխանի լիցենզավորման կարգով նախատեսված չափերին և կառուցվածքային պահանջներին։
Կատարված կեղծիքների արդյունքում 26.8 քմ ընդհանուր մակերեսով և կառուցվածքով դեղատնային qործունեության իրականացման համար նախատեսված պահանջներին չհամապատասխանող տարածքը ներկայացվել է որպես 28.8 քմ մակերեսով տարածք՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 29-ի թիվ 867 որոշման պահանջներին։
ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ սահմանված են դեղատնային կրպակների տարածքների նվազագույն չափերը, որոնք Պատասխանողը խախտել է։ Հետևաբար «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դա Լիցենզիայի դադարեցման հիմք է համարվում։
Ելնելով վերոգրյալից, խնդրում է Լիցենզիայի գործողությունը դադարեցնել՝ այն ուժը կորցրած ճանաչելու միջոցով։
Հայցվորի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում պնդեց հայցը և խնդրեց այն բավարարել։
3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը.
Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, ինչպես նաև ինքը կամ իր ներկայացուցիչը դատաքննությանը չի մասնակցել, թեև դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված է եղել։ Դա հաստատվում է գործում առկա 2009 թ. հունվարի 19-ի թիվ 499 ստացման մասին փոստային ծանուցագրով։
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով, դատարանը գործի դատաքննությունը անցկացրել է նաև առանց պատասխանող կողմի մասնակցության։
4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և դատական ակտի պատճառաբանությունները.
Լսելով հայցվորի ներկայացուցչին և հետազոտելով գործում առկա ապացույցները, դատարանը հաստատված է համարում հետևյալ հանգամանքները։
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «3. Առողջապահության բնագավառ» բաժնի 4-րդ կետով սահմանված դեղատնային գործունեության համար լիցենզիա տալու իրավասությունը վերապահված է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին։
ՀՀ կառավարության 2001 թ. սեպտեմբերի 24-ի թիվ 895 որոշմամբ դեղատնային գործունեության լիցենզիա տալու իրավունքը վերապահվել է ՀՀ ԱՆ-ին։
Համաձայն գործում առկա Լիցենզիայի, որը տրվել է ՀՀ ԱՆ կողմից, Պատասխանողը դեղատնային կրպակի միջոցով, Իջևան քաղաքի Անկախության փողոցի 23/43 հասցեում, իրավունք է ստացել իրականացնելու դեղատնային գործունեություն։
Գործում առկա է Պատասխանողի՝ ՀՀ ԱՆ նախարարին ուղղված 2008 թ. հոկտեմբերի 13-ի դիմումը, որով նա խնդրում է Լիցենզիայի մեջ կատարել հասցեի փոփոխություն՝ նոր հասցե նշելով Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1/4 հասցեն։
Դիմումին կից ներկայացվել է 2008 թ. սեպտեմբերի 24-ի թիվ 2621307 սեփականության իրավունքի վկայականի պատճենը, որի «Շենքի տվյալները» բաժնից երևում է, որ այն ունի 28.8 քմ մակերես։ «Հողամասի տվյալները» բաժնից երևում է, որ այն կազմում է 31 քմ։
Հավաստի համարելով Պատասխանողի կողմից ներկայացված սեփականության իրավունքի վկայականի պատճենում արտացոլված տվյալները, նրա դիմումին ի պատասխան՝ ՀՀ ԱՆ նախարարի 2008 թ. նոյեմբերի 14-ի թիվ 1643-Ա հրամանով փոփոխություն է կատարվել Լիցենզիայում՝ տալով նրա խնդրած հասցեն. ք. Իջևան, Երևանյան 1/4։
Հայցվոր կողմը Պատասխանողի ներկայացրած տեղեկությունները առանց ստուգելու հավաստի է համարել, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով, ըստ որի վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել։
Լիցենզիայում փոփոխությունը կատարելուց հետո, ՀՀ ԱՆ 2008 թ. նոյեմբերի 13-ի թիվ 12/5-11-5847 գրությամբ Իջևանի ստորաբաժանումից խնդրել է տեղեկություններ հայտնել Պատասխանողի կողմից ՀՀ ԱՆ ներկայացված սեփականության իրավունքի վկայականի իսկության մասին՝ գրությանը կցելով Պատասխանողի կողմից իրեն ներկայացված վկայականի պատճենը։
Իջևանի ստորաբաժանումը 2008 թ. նոյեմբերի 18-ի թիվ ԵԼ-2652 գրությամբ հայտնել է, որ ՀՀ ԱՆ կողմից այդ ստորաբաժանում ներկայացրած վկայականի պատճենը չի համապատասխանում իսկական օրինակին՝ ՀՀ ԱՆ ներկայացնելով Պատասխանողին տրամադրված սեփականության իրավունքի վկայականի բնօրինակի պատճենը։
Իջևանի ստորաբաժանման կողմից ներկայացված և գործում առկա Պատասխանողի անվամբ տրված 2008 թ. սեպտեմբերի 24-ի սեփականության իրավունքի վկայականի համապատասխան բաժինների տվյալներից հետևում է, որ Պատասխանողին պատկանած հողամասը 31 քմ է, որը համապատասխանում է վերջինիս կողմից ՀՀ ԱՆ ներկայացված վկայականի պատճենի տվյալի հետ, իսկ շենքի մակերեսը կազմում է 26.8 քմ, որը 2.0 քմ-ով պակաս է այն վկայականի տվյալների համեմատ, որը Պատասխանողը ներկայացրած է եղել ՀՀ ԱՆ։ Բացի դա, վկայականի բնօրինակի մեջ շենքի հատակագիծը չկա, մինչդեռ Պատասխանողի կողմից ՀՀ ԱՆ ներկայացրած վկայականի պատճենում առկա է «Շենքի հատակագիծ» բաժինը՝ համապատասխան հատակագծով։
Այսինքն, դրանից հետևում է, որ Պատասխանողին հատկացված վկայականում շենքի հատակագիծ չի եղել, եղած շինությունն էլ իրականում 2.0 քմ մակերեսով պակաս է եղել, քան դա նշված է եղել Պատասխանողի կողմից ՀՀ ԱՆ ներկայացված վկայականի պատճենում։
Վերոնշյալ փաստական հանգամանքներից ելնելով, դատարանը եզրահանգում է, որ Պատասխանողը հայցվորին մոլորության մեջ գցելու միջոցով, Լիցենզիայում հասցեի փոփոխություն կատարելու իր մտադրությունը իրականություն դարձնելու նախադրյալներ ստեղծելու նպատակով, ՀՀ ԱՆ է ներկայացրել խեղաթյուրված տվյալներով սեփականության իրավունքի վկայականի պատճենը, որն էլ հավաստի համարելով՝ ՀՀ ԱՆ-ն Լիցենզիայում կատարել է հասցեի փոփոխություն։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը սահմանում է լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերը։ Այդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերից մեկն է համարվում լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելը։
Նույն հոդվածի 1-ի մասով սահմանված է, որ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով։
Հիշյալ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ այդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում, որը դատարանի գնահատմամբ վերաբերում է սույն գործի հիմքում դրված դեպքին, լիցենզիայի գործողության դադարեցման դիմումը կարող է ներկայացվել կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետում։
Նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ այդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե վճռով ավելի ուշ ժամկետ չի նախատեսված։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ եթե հայցադիմումը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները հանձնվել են փոստին, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա ժամկետը չի համարվում բաց թողնված։
Սույն գործի փաստերը վկայում են այն մասին, որ Պատասխանողի կողմից կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացնելը հայցվորը հայտնաբերել է 2008 թ. նոյեմբերի 20-ին։ Դա հաստատվում է գործում առկա ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Գ. Սայադյանին հասցեագրված Իջևանի ստորաբաժանման 2008 թ. նոյեմբերի 18-ի թիվ ԵԼ-2652 գրության վրա ՀՀ ԱՆ մուտքի դրոշմակնիքի վրա արված գրառմամբ։
Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հայցը ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայր է ներկայացվել 2008 թ. դեկտեմբերի 5-ին, որը հաստատվում է գործում առկա «Հայփոստի» Երևանի բաժանմունքի կլոր դրոշմակնիքով, որի համաձայն փոստը նշված օրը առաքման է ընդունել ՀՀ վարչական դատարանին հասցեագրված ՀՀ ԱՆ հայցադիմումը։
Այսինքն՝ հայցը դատարան է ներկայացվել Պատասխանողի կողմից կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություններ ներկայացնելը հայցվորի կողմից հայտնաբերելու օրվանից հետո՝ 15-րդ օրը, որը սահմանված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դրանից հետևում է, որ դատարան դիմելու դատավարական ժամկետը հայցվորը պահպանել է։
Հետևաբար դատարանը եզրահանգում է, որ հայցը ենթակա է բավարարման։
5. Եզրափակիչ մաս.
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
1. Գործի վարույթը, ըստ հայցի՝ ՀՀ առողջապահության նախարարության՝ ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սեդա Թամրազյանի՝ դեղատնային գործունեության իրականացման համար տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին, բավարարել։
Հայցը բավարարելու կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարության կողմից Սեդա Թամրազյանին տրված 2004 թ. նոյեմբերի 23-ի թիվ Ա-XX-000220 անժամկետ լիցենզիան։
Հայցը բավարարելու կապակցությամբ բռնագանձել Սեդա Թամրազյանից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության նախապես վճարված պետական տուրքը՝ 4.000 դրամի չափով։
Պետական տուրքի վճարումից բացի, սույն գործով դատական այլ ծախսեր չեն առաջացել։
2. Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ի մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ 2009 թ. փետրվարի 6-ից։
3. Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի՝ սույն վճռի դեմ կարող է վճռաբեկ բողոք բերվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ դրա օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում։
4. Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույն վճիռը կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։
ՀՀ վարչական դատարանի դատավոր |
Հ. Թորոսյան |