Basic information
Number
ՀՕ-77-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (02.05.2011-07.01.2014)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2011.04.22/23(826) Հոդ.457
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
14.04.2011
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
22.04.2011
Effective date
02.05.2011
Interrupt date
07.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  24.1

 

ՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

 Հոդված 142.1.

Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը

 

 1. Վարչական դատարանին ընդդատյա են հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը.

1) հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը.

2) հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը.

3) հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումը:

 

 Հոդված 142.2. Վարչական դատարան դիմելու իրավունքը

 

1. Հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին կամ հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշումները վիճարկելու նպատակով վարչական դատարան կարող է դիմել հավաքի կազմակերպիչը, եթե գտնում է, որ այդ որոշումներով խախտվել է հավաքների ազատության իր իրավունքը:

2. Հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումները կարող են վիճարկել նաև այն անձինք, որոնց` սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքում նախատեսվում է անցկացնել հավաքը, եթե գտնում են, որ այդ որոշումներով խախտվել են իրենց իրավունքները:

 

 Հոդված 142.3. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարանի կազմը

 

1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննում և լուծում է վարչական դատարանը կոլեգիալ` 3 դատավորի կազմով:

 

 Հոդված 142.4. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները

 

1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների դեմ կազմակերպիչը կարող է հայց ներկայացնել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 3-օրյա ժամկետում, իսկ եթե որոշումը կայացվել է իրազեկման մեջ նշված հավաքի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ` 24 ժամվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում ներկայացված հայցադիմումներն ընդունվում են վարույթ վարչական դատարան մուտքագրվելու օրը և քննվում են 2 օրացուցային օրվա ընթացքում:

3. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված ժամկետների վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա հայցը ներկայացվում է դատարան, կամ դատական ակտը կայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

 

 Հոդված 142.5. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը

 

1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննելիս վարչական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) համայնքի ղեկավարի որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի որոշումը:

2. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

3. Գործն ըստ էության լուծող դատական ակտը սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է հայցվորին և համապատասխան համայնքի ղեկավարին:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 22
Երևան
ՀՕ-77-Ն 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation