Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.12.30/10(18)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2007
Ստորագրման ամսաթիվ
13.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2008

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Բուլղարիայի Հանրապետության երիտասարդության և սպորտի պետական գործակալությունը, այսուհետ` Կողմեր,

ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցությունը համարելով երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման կարևոր և անհրաժեշտ տարրերից մեկը,

ջանալով զարգացնել և աջակցել փոխադարձ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը պարտավորվում են զարգացնել և խորացնել իրենց պետությունների միջև համագործակցությունը սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում և այդ նպատակով կխրախուսեն իրենց մարզական միությունների և ֆեդերացիաների միջև համագործակցության ձևավորումը և խթանումը, կաջակցեն համատեղ մարզական միջոցառումների, հանդիպումների, խորհրդակցությունների անցկացմանը, փորձի և տեղեկատվության փոխանակմանը:

 

Հոդված 2

 

Կողմերը կաջակցեն փորձի փոխանակմանը մարզական զանգվածային միջոցառումների կազմակերպման, բնակչությանը ֆիզիկական կանոնավոր մարզումներին ներգրավելու գործում:

Կողմերը կաջակցեն ֆիզիկական կրթության և սպորտի միջոցով բնակչության առողջության բարելավմանը և վերականգնմանը վերաբերող գիտական և մեթոդական տեղեկության փոխանակմանը:

 

Հոդված 3

 

Կողմերը կհամագործակցեն մարզիչների ուսուցման, սպորտային գիտությամբ և մանկավարժությամբ զբաղվող անձանց որակավորման բարելավման փոխանակման ասպարեզում:

Կողմերը կաջակցեն հայ և բուլղար գիտնականներին, հետազոտողներին, փորձագետներին և մարզիչներին՝ մասնակցելու սպորտի բնագավառում երկու երկրներում կազմակերպվող գիտական կոնգրեսներին, սիմպոզիումներին, սեմինարներին:

Կողմերը կաջակցեն գիտական աշխատություններին, բարձրակարգ սպորտում վերջին ձեռքբերումների, սպորտային ախտորոշման, բժշկական և կենսաբանական աջակցության մեթոդների և բարձրակարգ մարզիկների մարզման ժամանակ ժամանակակից գիտական սարքավորումների օգտագործման մասին տեղեկության փոխանակմանը:

 

Հոդված 4

 

Կողմերը կհավաստեն իրենց հավատարմությունը արդարացի խաղի սկզբունքներին և կհամագործակցեն մարզիկների մարզման և մրցաշարերի կազմակերպման ժամանակ խթանիչների, ինչպես նաև այլ արգելված նյութերի և մեթոդների օգտագործման դեմ պայքարում:

 

Հոդված 5

 

Կողմերը կաջակցեն մարզակառույցների կառավարման և սպորտային մարքետինգի բնագավառում փորձի փոխանակմանը:

 

Հոդված 6

 

Կողմերը կխրախուսեն իրենց ազգային մարզական ասոցիացիաներին, օլիմպիական մարզական կենտրոններին, մարզական գիտահետազոտական և կրթական հաստատություններին՝ ուղիղ կապ հաստատելու և ամրապնդելու փոխհամագործակցությունը և փոխանակումը՝ ի նպաստ իրենց երկրներում սպորտի զարգացմանը:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրից բխող Կողմերի պարտավորությունների կատարումն ապահովելու և արդյունավետ դարձնելու նպատակով Կողմերը կկազմեն տարեկան ծրագիր, որոնք կստորագրվեն նախքան տվյալ տարին սկսելը:

 

Հոդված 8

 

Կողմերը համաձայն են, որ սույն Համաձայնագրի իրագործումը կիրականացվի փոխադարձ հարգանքի, իրավունքների հավասարության հիման վրա: Ձևը, ծրագիրը և ֆինանսական պայմանները կորոշվեն համապատասխան մարզական ինստիտուտների և մարզական կազմակերպությունների կողմից խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Նշված արձանագրությունները ուժի մեջ կմտնեն սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգի համաձայն և կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները կկարգավորվեն Կողմերի միջև բանակցությունների միջոցով:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կգործի 2 (երկու) տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարացվի ևս 2 (երկու) տարով, եթե Կողմերից որևէ մեկը, ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ, գրավոր չծանուցի մյուս Կողմին այն դադարեցնելու մասին:

Համաձայնագրի դադարեցումը չի անդրադառնա այն ծրագրերի իրականացման վրա, որոնք սկսվել են դրա գործողության ժամանակ, քանի դեռ Կողմերը այլ համաձայնության չեն եկել:

 

Կատարված է Երևան քաղաքում, 2007 թվականի նոյեմբերի 13-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. հունիսի 6-ին: