Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 դեկտեմբերի 2016 թվականի N 53
10. ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն հայեցակարգից բխող՝ Հայաստանի Հանրապետությունում հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման 2018-2024 թվականների ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԶԱՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ
1. Հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
2. Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի իրավահարաբերությունները կարգավորվում են «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի 1-ին հոդվածի համաձայն ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է: Իսկ առկա քաղաքական բարդ իրավիճակում հայ ժողովրդի ազգային մշակույթի անքակտելի մասը պետք է կազմի հրաձգություն մարզաձևը՝ որպես համար մեկ ռազմավարական մարզաձև, քանի որ յուրաքանչյուր հայ մարդու համար կրակելու հմտություններին տիրապետելը անհրաժեշտություն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքը և սահմանները պաշտպանելուն պատրաստ լինելու համար:
3. Հայեցակարգը նախատեսում է Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում 2018-2024 թվականներին, անհրաժեշտության դեպքում նաև շարունակաբար, անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարանների (այսուհետ՝ հրաձգարան) և վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարանների (այսուհետ՝ տիր) կառուցում, որտեղ ոչ միայն կծանոթանան զենքին, կսովորեն նշանառություն ու կրակել, այլ նաև պարբերաբար վարժանքներ կանցկացնեն, ինչպես նաև նախատեսում է եղած հրաձգարանների վերանորոգում, զինամթերքով ապահովում: Անհրաժեշտ է իրականացնել տարեկան երեքից չորս հրաձգարանի վերանորոգում:
4.Հայաստանի Հանրապետությունում հրաձգություն մարզաձևի զարգացման կարևորագույն նախապայմաններից է նաև ուսումնական հաստատություններում՝ անկախ հաստատության սեփականության ձևից, կրակելու հմտությունների ուսուցանում նախնական զինվորական պատրաստության դասաժամերին: Նախնական զինվորական պատրաստության առարկան պետք է ուսուցանվի տղաներին և աղջիկներին համահավասար կերպով:
5. Ուսումնական հաստատությունների սովորողների կրակելու ուսումնառության գործընթացը պետք է իրականացվի նոր կառուցվող և վերանորոգվող հրաձգարաններում՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության որոշակի զորամասերի հետ և համատեղ օգտագործելով զորամասերում առկա ուսումնանյութական բազան (ՀՀ Սյունիքի մարզում՝ Կապանի, Գորիսի, Սիսիանի, ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Վայքի, ՀՀ Արարատի մարզում՝ Արարատի, ՀՀ Արմավիրի մարզում՝ Բաղրամյանի, ՀՀ Լոռու մարզում՝ Վանաձորի, ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, ՀՀ Շիրակի մարզում՝ Գյումրու և Երևանում՝ Նուբարաշենի (տեղանքները ներկայացված են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից):
6. Սովորողները պետք է տարեկան երկու անգամ հաճախեն հրաձգարան և յուրաքանչյուր սովորող կրակի տասական փամփուշտ:
7. Նախնական զինվորական պատրաստության դասերի վարման գործընթացի բարեփոխումները, հրաձգարանների վերանորոգումը, զենքով և զինամթերքով ապահովումը, նոր հրաձգարանների կառուցումը հանգեցնելու են հրաձգություն մարզաձևում մարզական արդյունքների աճին, մրջազգային մրցասպարեզներում մեդալների ձեռքբերմանը, Հայաստանի Հանրապետության մարզական հեղինակության ամրապնդմանը:
III. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
8. Հայեցակարգի նպատակը Հայաստանի Հանրապետությունում հրաձգություն մարզաձևի զարգացման խթանումն է, քանի որ դա է թելադրում Հայաստանի Հանրապետությունում տիրող ներկա աշխարհա-քաղաքական իրավիճակը: Հրաձգություն մարզաձևը ռազմավարական նշանակություն ունի երկրի անվտանգության ապահովման, բնակչության ու պետության սահմանների պաշտպանության գործում: Հայաստանի Հանրապետությունում հրաձգություն մարզաձևի զարգացման նպատակը Հայաստանի Հանրապետության բնակչությանը զենքով ինքնապաշտպանություն սովորեցնելն է, ընդ որում՝ անհրաժեշտ է, որ նշանառություն և կրակել իմանան ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Կարևոր է նաև հրաձգություն մարզաձևում մարզական արդյունքների աճին նպատակաուղղված քաղաքականության վարումը, ինչին ևս նպաստում է սույն Հայեցակարգը:
9. Ելնելով Հայաստանի Հանրապետության աշխարհա-քաղաքական դիրքից և բարդ քաղաքական իրավիճակից՝ անհրաժեշտ է ապահովել հրաձգություն մարզաձևի զարգացումը հանրապետության ողջ տարածքում: Այժմ շատ քիչ են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հրաձգարանները: Հանրապետությունում ներկա պահին գործում են 13 հրաձգարաններ, որոնցից մեկը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցինն է (մեկ 10-մետրանոց, մեկ 25-մետրանոց, մեկ 50-մետրանոց և հրաձգարան «վազող թիրախ» վարժության համար), չորսը գործում են հանրակրթական դպրոցներում նախնական զինվորական պատրաստության դասի պահանջների շրջանակներում, մեկը բարձրագույն ուսումնական հաստատությունում (Վանաձորում), երկուսը պատկանում են «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությանը, իսկ չորսը այլ ենթակայության են (հրաձգարանները ավելի մանրամասն թվարկված են հաջորդ բաժնում): «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությանը պատկանող մյուս 9 հրաձգարանները չեն գործում՝ համապատասխան զենքի բացակայության պատճառով: Նշված գործող 12 հրաձգարանների ցուցակից լիարժեք գործում են 3-ը, մյուսները թերի են գործում վերանորոգված չլինելու կամ զենք, զինամթերք չունենալու պատճառով: Մինչդեռ հրաձգարանների պահանջարկը Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի մեծ է:
10. Դավթաշենի 2-րդ թաղամասում գործում է «Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը պատկանող բարվոք վիճակում գտնվող հրաձգարան: Պրակտիկ հրաձգությունը (միջազգային ֆեդերացիան՝ IPSC – պրակտիկ հրաձգության միջազգային համադաշնություն) հիմնվում է երեք չափանիշների՝ ճշգրտության, արագության և հզորության վրա և հանձնարարելի է 12-րդ դասարանների աշակերտների և չափահասների համար՝ դիպուկություն սովորելու, ուսումնավարժանքի առումով:
11. «Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը պատկանող հրաձգարանում առկա է և գործածվում է նշանառություն սովորելու էլեկտրոնային վարժասարք: Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում մշակվել է նշանառություն սովորելու իրենց էլեկտրոնային վարժասարքը: Նշված էլեկտրոնային վարժասարքերը ձեռք բերելու հնարավորություն ունենալու դեպքում դրանք հանձնարարելի են կրակել սովորելու համար:
12. «Հայաստանի հրաձգության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1992 թվականին և նույն թվականից անդամակցում է Հրաձգային մարզաձևերի միջազգային ֆեդերացիային՝ ISSF: Գնդակային հրաձգություն պարապում են տաս տարեկանից:
IV. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
13. Դեռևս խորհրդային տարիներին ուշադրության կենտրոնում էր հրաձգություն մարզաձևը, և կային բազմաթիվ գործող հրաձգարաններ ու տիրեր Երևանում, Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի բոլոր շրջաններում գործում էին ԴՕՍԱԱՖ-ին՝ բանակին, ավիացիային և նավատորմին կամավոր օգնություն ցուցաբերելու կազմակերպությանը (Добровольное общество содействия армии, авиации и флоту - ДОСААФ) պատկանող հրաձգարաններ:
14. Ներկայումս Երևանում կա չորս գործող հրաձգարան: Մեկը՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, երկուսը պատկանում են «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությանը: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը չունի հրաձգարան, և մարզումներն անցկացվում են «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպության հրաձգարանում (Կոմիտասի անվան զբոսայգի): Չորրորդն էլ՝ պրակտիկ հրաձգության հրաձգարանը գործում է Դավիթաշենի 2-րդ թաղամասում և պատկանում է «Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը: Մեկ չգործող հրաձգարան էլ կա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայությամբ (Երևանի Շենգավիթ համայնքի Չարբախ թաղամասում):
15. Երևանում մինչև 1990-ական թվականները գործել են 9 հրաձգարաններ՝ «Դինամո», «Սպարտակ» մարզական ընկերությունների, գյուղատնտեսության և պոլիտեխնիկական ինստիտուտների, Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի, հնգամարտի մարզադպրոցի, արհեստագործական ուսումնարանների և հանրակրթական դպրոցների ենթակայությամբ: Մայրաքաղաքում նախկինում տեղակայված բոլոր տիրերը գործել են Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ենթակայությամբ:
16. Գյումրիում գործում է մեկ հրաձգարան, որը պատկանում է անհատի և տրամադրվում է վարձակալման սկզբունքով, նախկինում պատկանել է ԴՕՍԱԱՖ-ին։
17. Գյումրու № 23 հիմնական դպրոցը ունի 50-մետրանոց գերազանց վիճակում գտնվող փակ հրաձգարան, որը չունի մարզագույք և չկան մարզվողներ: Այդ հրաձգարանում կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մարզական զանգվածային միջոցառումների ծրագրերով նախատեսված օդաճնշիչ հրացանով հրաձգություն մրցաձևի տարածաշրջանային ու մարզային փուլերի մրցումները:
18. Գյումրու № 37 ավագ դպրոցն ունի 10-մետրանոց և 25-մետրանոց երկու փակ հրաձգարան, որոնք ունեն հիմնանորոգման կարիք, մեկում իրականացվում են դպրոցի ուսումնական աշխատանքները, մյուսը չի օգտագործվում:
19. Գյումրու № 37 ավագ դպրոցը և Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոցը ունեն «Նշանակետ-մենամարտ» էլեկտրոնային վարժասարքեր:
20. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցն ունի 25-մետրանոց փակ հրաձգարան, որտեղ հաճախում են 8-11-րդ դասարանների աշակերտներ և երկրապահների խմբակը: Պարապմունքներն անցկացվում են միայն օդաճնշիչ հրացաններով:
21. Նախկինում՝ մինչև 1991 թվականը, Շիրակի մարզի տարածքում գործել են 7 հրաձգարաններ և 2 տիրեր: Դրանք եղել են ԴՕՍԱԱՖ-ի Լենինականի (ներկայումս՝ Գյումրի) քաղաքային և Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի ու Ամասիայի շրջանային խորհուրդների ենթակայության: Նշված հրաձգարանների, տիրերի շենքերն ու տարածքները ներկայումս անհատների սեփականություն են և բացառությամբ Գյումրի քաղաքի հրաձգարանի՝ օգտագործվում են այլ նպատակներով:
22. Արարատ քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Արարատի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հրաձգարանը չի գործում և կիսակառույց է:
23. Արտաշատ քաղաքում գործում է «Պապ Վաղարշակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող փակ հրաձգարան (10 մ):
24. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեզարդ գյուղում գտնվում է բացօթյա հրաձգարան ստենդային հրաձգության համար, որի շենքը կիսակառույց վիճակում է:
25. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցն ունի 25-մետրանոց փակ հրաձգարան, որտեղ նշանառություն են սովորում:
26. Ալավերդի քաղաքում կա մասնավոր անձի պատկանող չգործող հրաձգարան, որն ունի վերանորոգման կարիք և չունի մարզագույք:
27. Վանաձոր քաղաքի Վ. Տերյանի անվան № 5 ավագ դպրոցն ունի 3 հրաձգարան՝ էլեկտրոնային՝ 10-մետրանոց, որտեղ կրակում են վարժասարքերով, օդաճնշիչ հրացանի 10-մետրանոց հրաձգարան և փոքր տրամաչափի հրացանի 25-մետրանոց հրաձգարան: Վերջինում մարզումներ չեն անցկացվում զենքի բացակայության պատճառով:
28. Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի նկուղային հարկում գործում է 10-մետրանոց փակ հրաձգարան:
29. Վանաձոր քաղաքում գործում է Վանաձորի պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության (ՊՄՏՀԿ) հրաձգային ակումբը, որը 10 մ կրակագծով և 6 կրակակետերով փակ սենյակ է:
30. «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի մարզապալատն ունի գործող 6-մետրանոց հրաձգարան, որը փակ տարածք է մարզապալատի սպասասրահում, որտեղ հաճախում են հիմնականում մարզադպրոցի սաները:
31. Կապան քաղաքի ավտոդպրոցն ունի 6-մետրանոց երեք կրակակետերով փակ հրաձգարան, որը անմխիթար վիճակում է:
32. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գավառի ավտոդպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ունի 10-մետրանոց փակ հրաձգարան, որը վերանորոգված չէ, մարզագույք չունի, և հաճախողներ չկան:
33. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում նախկինում գործել են մեկական տիր և հրաձգարան, Սևան քաղաքում գործել է հրաձգարան։ Բոլորն էլ սեփականաշնորհվել են և չեն գործում:
34. «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպության «Սնայպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ենթակայությամբ կան մի շարք հրաձգարաններ, որոնք բոլորն էլ ունեն կապիտալ վերանորոգման, տեխնիկապես վերազինվելու (զենք, փամփուշտ, թիրախներ և այլն) և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հրաձգարաններ գործադրելու թույլտվության կարիք: Դրանք են՝
1) Կոմիտասի անվան զբոսայգում գործող վերը նշված հրաձգարանը (մեկ 25-մետրանոց և մեկ 50-մետրանոց), տրված է վարձակալության, գործում է,
2) Արտաշատի ավտոդպրոց, 1 հատ 50-մետրանոց, չի գործում,
3) Հրազդանի ավտոդպրոց, 1 հատ 25-մետրանոց, չի գործում,
4) Մասիսի ավտոդպրոց, 1 հատ 100-մետրանոց, չի գործում,
5) Արմավիրի ավտոդպրոց, 1 հատ ալյումինե հրաձգարան, չի գործում,
6) Իջևանի ավտոդպրոց, 2 հատ, մեկը 50-մետրանոց, մյուսը օդաճնշիչ հրաձգարան, չի գործում,
7) Վայքի մարզատեխնիկական ակումբ (ՄՏԱ), 1 հատ 50-մետրանոց, չի գործում,
8) Ալավերդու «Թումանյանի հայրենասեր» հրաձգարան, 1 հատ ալյումինե, չի գործում,
9) Աբովյանի տեխնիկական դպրոց, 1 հատ 50-մետրանոց, 1 օդաճնշիչ հրաձգարան, չի գործում,
10) ք. Երևան, Նուբարաշենի խճուղի 15 հասցեում գտնվող հրաձգարան, տրված է վարձակալության, 1 հատ 10-մետրանոց, 1 հատ 25-մետրանոց, 1 հատ 50-մետրանոց, 300-մետրանոց կրակադաշտ, գործում է,
11) քաղ. Երևան, Ռուբինյան փողոցի հրաձգարան, 50-մետրանոց կրակադաշտ, չի գործում:
35. Հանրապետության մյուս բոլոր նախկինում գործող հրաձգարանները և տիրերը չօգտագործվելու պատճառով կամ փլատակների են վերածվել, կամ տարածքները վաճառվել են:
36. Ներկայումս «Հայաստանի հրաձգության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունն ընդգրկված է մարզական ազգային ֆեդերացիաների պետական աջակցության ծրագրում, ինչը հնարավորություն է ընձեռում կազմակերպել մեծահասակների և երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնություններ, մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերի, դրանց նախապատրաստվելու համար անցկացնել ուսումնամարզական հավաքներ:
37. Հայաստանի Հանրապետության հրաձիգները միշտ մեդալներ են նվաճել միջազգային մրցասպարեզներում ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային ժամանակաշրջանում:
38. 1961 թվականին Կարլեն Բոստանջյանը ատրճանակ մրցաձևում դարձել է Խորհրդային Միության չեմպիոն:
39. 1971 թվականին Գագիկ Զոհրաբյանը հրացան մրցաձևում նվաճել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոնի կոչումը, իսկ 1972 և 1974 թվականներին դարձել է Խորհրդային Միության չեմպիոն:
40. Խորհրդային տարիներին Զինաիդա Սիմոնյանը ատրճանակ մրցաձևում դարձել է աշխարհի քառակի, Եվրոպայի 16-ակի չեմպիոն և 60-ից ավել ռեկորդների հեղինակ:
41. 1992 թվականին Բարսելոնի օլիմպիական խաղերում աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը փոքր տրամաչափի հրացան 50 մ վարժաձևում նվաճում է հրաձգություն մարզաձևում առայժմ միակ օլիմպիական ոսկին:
42. 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերում Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Նորայր Բախտամյանը ատրճանակ վարժաձևում գրավել է չորրորդ տեղը:
43. Ստենդային հրաձգություն մրցաձևում աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն է դարձել Երջանիկ Ավետիսյանը:
44. 2015 թվականի Բաքվի առաջին եվրոպական խաղերի ժամանակ երիտասարդների Եվրոպայի ռեկորդ է սահմանել Հրաչիկ Բաբայանը (գնդակային հրաձգություն, հրացան): Վերջինս «սպիտակ քարտով» օդաճնշիչ՝ օդամղիչ հրացան 10 մ 60 կրակոց վարժաձևում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին (2016 թվականի օգոստոսի 5-21-ը): 2014 թվականի Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերում Հրաչիկ Բաբայանը նվաճել է արծաթ» մեդալ:
45. 2011 թվականի Անկախ Պետությունների Համագործակցության զինված ուժերի առաջնությունում ատրճանակ վարժաձևում չեմպիոն է դարձել Ռոմիկ Վարդումյանը, որը «սպիտակ քարտով» մասնակցել է 2010 թվականի Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերին և գրավել 10-րդ տեղը:
46. Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված է հրաձգության 10 վարժաձև և խաղարկվում է մեդալների 10 հավաքածու:
47. Հրաձգություն մարզաձևն ընդգրկված է 2018 թվականի Բուենոս Այրեսի երրորդ պատանեկան օլիմպիական խաղերի ծրագրում, ինչպես նաև եղել է նախորդ պատանեկան օլիմպիական խաղերի ծրագրում: Պատանեկան օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված է հրաձգության 4 վարժաձև և խաղարկվում է մեդալների 4 հավաքածու:
48. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության կողմից 2015 թվականին անցկացված Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ծրագրում երկու տարիքային խմբերի համար ընդգրկված է եղել հրաձգություն մարզաձևը։
49. Նույն վարչության կողմից 2004 թվականից սկսած՝ ամեն տարի իրականացվում է «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր» միջոցառումը, որի ծրագրում ընդգրկված է հրաձգություն մարզաձևը:
50. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների հետ համատեղ կազմակերպվում է նախնական զինվորական պատրաստության առարկայական ամենամյա օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի թիմերը: Ավանդույթի համաձայն օլիմպիադայի վերջին փուլը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
51. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմակերպվում են «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումները, որոնց մասնակցում է շուրջ 100 դպրոցական: Մրցումների եզրափակիչ փուլը կազմակերպվում է «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ-ում 50 մ հրաձգությամբ: (Վերջին երկու միջոցառումները ներկայացրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունները):
V. ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
52. Հայեցակարգը առաջ է քաշում ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում հրաձգություն մարզաձևի զարգացման, մասսայականացման և բարձրագույն նվաճումների ձեռքբերման գործընթացի առջև ծառացած խնդիրները, որոնք են՝
1) գործող հրաձգարանների սակավությունը.
2) սահմանամերձ շրջաններում հրաձգարանների բացակայությունը.
3) Գյումրու և Վանաձորի ակտիվորեն գործող հրաձգարանների ավանդույթի վերականգնումը.
4) մարզական հերթափոխի պատրաստումը.
5) մասնագետների վերապատրաստումը.
6) եղած հրաձգարանների վերանորոգման և զենքով ու զինամթերքով ապահովելու անհրաժեշտությունը.
7) սպորտի բարձրագույն նվաճումների ձեռքբերումը:
53. Առկա իրավիճակը թելադրում է հրաձգության զարգացման հայեցակարգի մշակման անհրաժեշտություն:
54. Հայեցակարգը հետապնդում է հեռահար նպատակներ՝
1) հանրապետության բնակչությանը հրաձգություն մարզաձևի ուսուցանում.
2) որակական բարեփոխումներ հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման գործընթացում.
3) սպորտի բարձրագույն նվաճումների բնագավառում արդյունքների աճ և միջազգային մրցասպարեզներում հրաձգություն մարզաձևից մեդալների նվաճում.
4) առաջնակարգ մարզիկների և դիպուկահարների պատրաստում.
5) 2018-2024 թվականներին եղած հրաձգարանների վերանորոգում և վերականգնում, զենքով և զինամթերքով ապահովում.
6) 2018-2024 թվականներին նոր հրաձգարանների կառուցում.
7) անհրաժեշտության դեպքում հետագա տարիներին հրաձգարանների վերանորոգում և վերականգնում, նոր հրաձգարանների կառուցում.
8) նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների և երիտասարդների շրջանում մարզական հրաձգության մասսայականացում, զինակոչիկների մարտական հրաձգության հմտությունների խթանում:
VI. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
55. Հանրապետությունում հրաձգության զարգացման ռազմավարությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, քաղաքապետարանների (համաձայնությամբ) ու «Հայաստանի հրաձգության ֆեդերացիա» հասարակական կազմակերպության (համաձայնությամբ) միջոցով:
56. Անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացումներ կատարել և 2018-2024 թվականներին կառուցել նոր հրաձգարաններ և տիրեր Երևանում ու հանրապետության մարզերում, ինչպես նաև վերանորոգել վերանորոգման կարիք ունեցող հրաձգարանները, վերականգնել նախկինում գործող հրաձգարաններն ու տիրերը, դրանք վերազինել զենքով ու զինամթերքով: Անհրաժեշտության դեպքում հրաձգարանների շինարարությունը ու վերանորոգումը պետք է իրականացվի նաև հաջորդող տարիներին: Ուսուցանումը և մարզումները հրաձգարաններում պետք է իրականացվեն անվճար հիմունքներով:
57. Հրաձգարանները պետք է լինեն բացօթյա, 25-մետրանոց և 50-մետրանոց՝ գնդակային հրաձգության համար, ինչպես նաև «վազող թիրախ» վարժության սարքերով, որտեղ ծածկի տակ կլինեն կրակողները և թիրախները: Պետք է կառուցվեն նաև 10- մետրանոց փակ հրաձգարաններ օդաճնշիչ զենքերից կրակելու համար, որոնք կունենան նաև «վազող թիրախ» վարժության սարքեր: Անհրաժեշտ է նաև վարչական տարածք համակարգիչներ տեղադրելու համար, պահեստասենյակ՝ զենքերը պահելու համար, առանձին սենյակ՝ չկրակողների սպասելու համար: Հրաձգարանները պետք է լինեն պարսպապատված, խստագույն կերպով պետք է պահպանվեն անվտանգության կանոնները, որոնք պետք է լինեն շատ ճշգրիտ: Հրաձգարանները պետք ապահովված լինեն բժշկական անձնակազմով (որը պետք է ունենա համապատասխան տարածք) և ջրամատակարարմամբ: Հրաձգարանների շահագործումը պետք է իրականացվի «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան: Անհրաժեշտ է նաև առանձին իրավական ակտի ընդունում, որով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետությունում հրաձգարանների շահագործման իրավահարաբերությունները:
58. Անհրաժեշտ է թույլատրել մասնավոր հատվածի կողմից տիրերի կառուցում և շահագործում, որոնք կլինեն վճարովի, հնարավորություն կընձեռեն սեփականատիրոջը շահույթ ստանալու, միևնույն ժամանակ պայմաններ կստեղծեն նշանառություն և կրակել սովորելու համար: Տիրերը հրաձիգներին կշահագրգռեն հատուկ մրցանակներով, որոնք կտրվեն դիպուկ կրակելու համար:
59. Լավագույն հրաձիգներին պետք է ընդգրկել ավելի հաճախակի հաճախողների խմբերում՝ հրաձգության Հայաստանի Հանրապետության պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքական թիմերը համալրելու համար: Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ուսումնամարզական գործընթացը կշարունակվի հավաքականների գլխավոր և ավագ մարզիչների հսկողության տակ:
VII. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
60. Հրաձգություն մարզաձևի զարգացումն ու մասսայականացումը կբարձրացնի Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանունակությունը, պետության սահմանների պաշտպանվածության աստիճանը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդների մարտունակությունը, կձևավորվի դիպուկ և արհեստավարժ հրաձիգների սերունդ: Նոր հրաձգարանների կառուցմամբ և եղած հրաձգարանների վերանորոգմամբ լուծում կստանան մի շարք խնդիրներ և հիմնահարցեր:
61. Հրաձգություն մարզաձևը նպաստում է բնակչության մարզվածության աճին, որի շնորհիվ մարզվողները ձեռք են բերում ֆիզիկական ուժ, ամրակազմություն, կենսունակություն, լրացուցիչ շարժողական հմտություններ: Ինչպես բասկետբոլը և նետաձգությունը, հրաձգությունը ևս զարգացնում է դիպուկություն: Հրաձգությունը դաստիարակում է նաև բարոյակամային հատկանիշներ, ինչպիսիք են հայրենասիրությունը, կամքի ուժը, համառությունը, հաստատակամությունը, նպատակասլացությունը, մտավոր գործունեության կանոնակարգվածությունը: Հրաձիգների մեջ բարձր է զարգացած պատասխանատվության զգացումը: Հրաձգարանների կառուցումը կխթանի առողջ ապրելակերպ ու ակտիվ հանգիստ ունենալու սովորությունները, երիտասարդ սերնդի ներդաշնակ ֆիզիկական ու հոգևոր զարգացումը: Բոլոր հրաձիգները աչքի են ընկնում գեղեցիկ կեցվածքով, քանի որ հրաձգություն մարզաձևով զբաղվելիս աշխատում են որովայնի ու ողնաշարի բազմաթիվ խորանիստ մկաններ:
62. Հրաձգություն մարզաձևով մարզվողների քանակի մեծացումը իր հերթին կհանգեցնի սպորտային արդյունքների աճին, միջազգային մրցասպարեզներում մեդալների նվաճմանը, Հայաստանի Հանրապետության մարզական հեղինակության ամրապնդմանը:
63. Հրաձգություն մարզաձևի ուսուցանումը ունի նաև կիրառական նշանակություն, քանի որ կրակելու հմտություններին տիրապետող քաղաքացիները ավելի պատրաստ են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում և մյուս ուժային կառույցներում աշխատելու համար:
64. Հրաձգություն մարզաձևի զարգացումն իր հերթին կխթանի բիաթլոն մարզաձևի զարգացումը, ինչպես նաև պարարտ հող կստեղծի հետագայում հնգամարտ մարզաձևը զարգացնելու համար, որտեղ Հայաստանի Հանրապետությունը բարի ավանդույթներ ունի:
VIII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
65. Հայեցակարգով առաջարկվող լուծումների ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի տալ այդ լուծումների իրագործմանն ուղղվող ծրագրի (այսուհետ` Ծրագիր) մշակման արդյունքներով: Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներ կարող են դառնալ պետական և համայնքների բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները և նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրները: Ծրագրի միջոցառումների իրականացման համար պետական աջակցության մասով ֆինանսավորումը կարող է նախատեսվել համապատասխան բյուջետային տարիների համար կրթության, տարածքային կառավարման ու զարգացման և սպորտի ոլորտների գծով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով և պետական բյուջեներով սահմանվող ծախսերի սահմանաչափերի շրջանակներում` ելնելով ծախսային առաջնահերթություններից:
IX. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
66. Հայաստանի Հանրապետության բնակչությանը հրաձգություն մարզաձևին ուսուցանելը ունի ռազմավարական նշանակություն, դա անհրաժեշտ է պետության սահմանների պաշտպանվածությունը և հայրենիքի անվտանգությունը ավելի հուսալի դարձնելու համար։ Այդ կարևոր նպատակին հասնելու համար պետք է կատարվեն ֆինանսական հատկացումներ և իրագործվի 2018-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հրաձգարանների կառուցման և վերանորոգման կարիք ունեցող հրաձգարանների ու տիրերի վերանորոգման ծրագիր, որը պետք է կրի շարունակական բնույթ։ Ուստի հրատապ է ներկայացված Հայեցակարգի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
67. Անհրաժեշտ է ապահովել հանրակրթական դպրոցների բարձր դասարանների սովորողների և ուսանողների տարեկան երկու անգամ հրաձգարան հաճախելը և ամեն անգամ տասական փամփուշտ կրակելը:
68. Հայեցակարգի ընդունումը և դրանով պայմանավորված՝ հանրապետությունում հրաձգության մարզաձևի զարգացումը կնպաստի օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և այլ հեղինակավոր մրցաշարերում մարզական բարձր արդյունքների ցուցաբերմանը, առաջնակարգ մարզիկների, դիպուկահարների պատրաստմանը:
69. Անհրաժեշտ է թույլատրել մասնավոր հատվածի կողմից տիրերի կառուցում և շահագործում, որոնք կլինեն վճարովի, հնարավորություն կընձեռեն սեփականատիրոջը շահույթ ստանալ, միևնույն ժամանակ պայմաններ կստեղծեն նշանառություն և կրակել սովորելու համար: Տիրերը հրաձիգներին կշահագրգռեն հատուկ մրցանակներով, որոնք կտրվեն դիպուկ կրակելու համար:
70. Հանրապետության բնակչությանը հրաձգություն մարզաձևն ուսուցանելու և հրաձգարանների կառուցման ռազմավարության իրականացմանը պետք է մասնակցեն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները, քաղաքապետարանները (համաձայնությամբ) և «Հայաստանի հրաձգության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը (համաձայնությամբ):