ԲԵԿՈՍԸ ԵՎ ԿՈՒՏՐՈՊՈՒԼՈՍՆ ԸՆԴԴԵՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2005թ. դեկտեմբերի 13-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
8. Դիմողները, ովքեր գնչուական ծագումով ազգությամբ հույն են, ծնվել են 1980թ. և ապրում են Մեսոլոնղում (Արևմտյան Հունաստան):
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
A. Իրադարձությունների հակիրճ ներկայացում
9. 1998թ. մայիսի 8-ին, մոտավորապես ժամը 00.45-ի սահմաններում Մեսոլոնղի պարեկային ոստիկանության մեքենան արձագանքել էր հեռախոսային բողոքին, ըստ որի` փորձ էր կատարվել գողություն կատարել կրպակից: Հեռախոսազանգը կատարվել էր կրպակի սեփականատիրոջ թոռան՝ պրն Պավլակիսի կողմից: Դեպքի վայր ժամանելուց հետո վերջինը հայտնաբերել էր առաջին դիմողին, ով փորձում էր երկաթե ձողով կոտրել կրպակը, իսկ երկրորդ դիմողն ըստ երևույթին հետևում էր անցորդներին: Նա պայքարի մեջ է մտնում երկրորդ դիմողի հետ, հետագայում հայտարարել է, որ պրն Պավլակիսը բռունցքներով հարվածել էր իր դեմքին:
10. Այդ պահին ժամանել էին երեք ոստիկաններ՝ պրն Սոմպոլոսը, պրն Ալեքսոպոլուսը և պրն Գանավիասը: Առաջին դիմողը պնդել է, որ նրան ձեռնաշղթայել էին՝ առանց ծեծելու: Հետո սպան հանել էր նրա ձեռնաշղթաները և մահակով բազմիցս հարվածներ էր հասցրել նրա գլխին և մեջքին: Նա կանգ էր առել, երբ առաջին դիմողը հայտնել էր, որ նա ունի առողջական խնդիրներ և գլխապտույտ ուներ:
11. Այնուհետև, դիմողներին ձերբակալել էին և տարել Մեսոլոնղի ոստիկանության բաժանմունք, որտեղ ներկա էին սպաներ Ծիկրիկասը, Ավգերիսը, Զալոկոստասը, Սկուտասը և Կամինատոսը: Առաջին դիմողը պնդել է, որ երբ իրեն տարել էին իր խուց` մի սպա մահակով երկու անգամ հարվածել էր իրեն, իսկ մյուսն իրեն ապտակել էր:
12. Ժամը 10.00-ի սահմաններում առաջին դիմողը տարվել էր հարցաքննության սենյակ, որտեղ, ըստ նրա պնդման, երեք ոստիկաններ բռունցքներով հարվածել էին նրա ստամոքսին ու մեջքին՝ փորձելով խոստովանություն կորզել այլ հանցագործությունների վերաբերյալ և տեղեկատվություն ստանալ այդ ոլորտում թմրամիջոցներով զբաղվող անձանց վերաբերյալ: Ըստ առաջին դիմողի՝ ոստիկանության աշխատակիցները հերթով ծեծի էին ենթարկել իրեն՝ հարվածներ հասցնելով ամբողջ մարմնին: Առաջին դիմողն այնուհետև պնդել է, որ ևս մեկ ոստիկան իրեն հարվածել էր այն երկաթե մահակով, որն օգտագործվել էր գողության փորձ կատարելիս: Նա պնդել է, որ այդ աշխատակիցը հրել էր իրեն պատի մոտ՝ փորձելով խեղդել երկաթե մահակով և սպառնալով սեռական գործողություն կատարել, ասելով` «Ես ...քեզ», փորձելով իջեցնել իր տաբատը:
13. Երկրորդ դիմողը նշել է, որ ինքը նույնպես ենթարկվել էր ոտնձգությունների հարցաքննության ընթացքում: Օրվա վաղ ժամերին նա, իր պնդման համաձայն, մահակով ծեծի էր ենթարկվել իր մեջքի և ստամոքսի շրջանում ոստիկանության աշխատակցի կողմից, ով ավելի ուշ վերադարձել էր և նրան կրկին ծեծել: Հետևաբար, երկրորդ դիմողը իմացել էր սպայի ինքնությունը` որպես պրն Ծիկրիկաս: Երկրորդ դիմողը նույնպես պնդել է, որ ոստիկանության աշխատակիցները «մահակը դրել էին [իր] ներքևի մասում և բարձրացնելով այն` մոտեցրել [իր] դեմքին՝ հարցնելով, թե արդյոք այն բուրում է»:
14. Դիմողները հայտարարել են, որ իրենք երկուսն էլ լսել էին միմյանց ճիչերը ողջ հարցաքննության ընթացքում: Առաջին դիմողը ներպետական դատարանում պնդել էր. «Ես կարող էի լսել Կուտրոպուլոսի լացի ձայնը կողքի սենյակում»: Երկրորդ դիմողը նշել էր. «Ես լաց էի լինում և ճչում, երբ նրանք ծեծի էին ենթարկում ինձ: Ես նաև լսում էի Բեկոսի ճիչը և լացը»: Նրանք նաև պնդել են, որ կրկնակի տառապել են իրենց գնչուական ծագման վերաբերյալ հայհոյանքներ լսելիս: 1998թ. հուլիսի 3-ի իր գրավոր ցուցմունքներում առաջին դիմողը հանրային դատախազին հայտնել էր, որ սպան, ով փորձել էր իրեն խեղդել երկաթե մահակով, ասել էր՝ «Դուք ... ձեր քույրերին» և «ձեր մայրերը ... այլոց կողմից» (տես նաև ստորև` կետ 25):
Կառավարությունը վիճարկել էր այն, որ դիմողները ենթարկվել էին հարձակման կամ ռասայական խտրականության ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ընթացքում:
15. Դիմողները մնացել էին կալանքի տակ մինչև 1998թ. մայիսի 9-ի առավոտյան: Ժամը 11:00-ին նրանք բերման էին ենթարկվել Մեսոլոնղի դատախազություն: Առաջին դիմողը մեղադրվում էր գողության փորձ կատարելու մեջ, իսկ երկրորդ դիմողը՝ նրա հանցակիցը լինելու մեջ: Դատախազը նշանակել էր դատավարության ամսաթիվը և ազատ արձակել դիմողներին: 1999թ. նոյեմբերին դիմողները դատապարտվել էին երեսուն և քսան օրվա ազատազրկման` համապատասխանաբար:
16. 1998թ. մայիսի 9-ին դիմողները դիմել էին շրջանային հիվանդանոց` ստանալու բժշկական ապացույց իրենց վնասվածքների վերաբերյալ: Այնուամենայնիվ, հիվանդանոցում միայն կարողացել էին հաստատել, որ նրանք երկուսն էլ ունեին կապտուկներ: Իրենց վնասվածքների վերաբերյալ առավել ստույգ եզրակացություն ստանալու համար դիմողները զննվել էին Պատրասում` դատական բժշկի կողմից: Վերջինս բժշկական եզրակացություն էր տրամադրել 1998թ. մայիսի 9-ին, որում հաստատել էր, որ դիմողներն ունեին «միջին ծանրության մարմնական վնասվածքներ, որոնք պատճառվել էին վերջին քսանչորս ժամվա ընթացքում` ծանր բութ գործիքի միջոցով ...»: Մասնավորապես, առաջին դիմողն ուներ «Երկու կարմիր (գրեթե սև) զուգահեռ խոր վնասվածք առողջ մաշկի շրջակայքում, որն ուներ մոտավորապես 10 սմ երկարություն և ձգվում էր ձախ ուսի և դելտայաձև մկանի ու աջ ուսի շրջակայքից: Նա նաև բողոքում էր ծնկների և ձախ քունքի շրջանում ցավից»: Երկրորդ դիմողն ուներ «բազմակի մուգ կարմիր (գրեթե սեւ), զուգահեռ կրկնակի քերծվածքներ առողջ մաշկի շրջակայքում, որոնք մոտավորապես 12 սմ էին և ձգվում էին ձախ ուսային հոդից` հետևի թևատակի երկայնքով դեպի ստորին թիակ»:
B. Տեղի ունեցած միջադեպի վարչական քննությունը
18. 1998թ. մայիսի 12-ին Հասարակական կարգի նախարարությունն սկսել էր ոչ պաշտոնական քննություն:
19. Լայն հասարակական հետաքրքրության արժանացած դեպքից հետո, հունական ոստիկանությանը հանձնարարվել էր, որ քննությունը վերածվի վարչական քննության (ΕզէըԵգ ΔդէդԵգԺդԵ… ΕԷ՟Ժ՞թգ), որը սկսվել էր 1998թ. մայիսի 26-ին:
20. Քննության եզրակացությունների վերաբերյալ զեկույցը ներկայացվել էր 1999թ. մայիսի 18-ին: Ըստ դրա` հաստատվել էր դիմողներին ձերբակալած սպաների ինքնությունը և պարզվել էր, որ կալանքի ընթացքում նրանց վարքը «օրինական և համապատասխան» էր: Դրանում արձանագրվել էր, որ մյուս երկու ոստիկանները`պրն Ծիկրիկասը և պրն Ավգերիսը դիմողներին վերաբերվել էին «առանձնակի դաժանությամբ կալանքի ընթացքում»: Զեկույցում նշվել էր, որ առաջին դիմողը հետևողականորեն ճանաչել էր վերը նշված պաշտոնյաներին իր 1998թ. հունիսի 30-ին և հոկտեմբերի 23-ին տրված ցուցմունքներում և, որ երկրորդ դիմողը նույնպես հետևողականորեն և բազմիցս ճանաչել էր պրն Ծիկրիկասին` որպես ոստիկանության այն աշխատակցի, ով ստորացրել էր իրեն:
21. Ավելի կոնկրետ` այն հաստատել էր, որ պրն Ծիկրիկասը ֆիզիկական բռնություն էր գործադրել դիմողների նկատմամբ` նրանց հարվածելով մահակով և / կամ ստամոքսին հարվածներ հասցնելով: Այն նաև հաստատել էր, որ թեև երկու սպաները հերքել էին դիմողների նկատմամբ վատ վերաբերմունք կիրառելու փաստը, նրանք չէին «ապահովել համոզիչ և տրամաբանական բացատրություն առ այն, թե որտեղ և ինչպես էին դիմողները ստացել վերը նշված վնասվածքները, քանի որ, ըստ դատաբժշկի` վատ վերաբերմունքը տեղի էր ունեցել նրանց` կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում»:
22. Որպես հետևանք, հանձնարարվել էր կարգապահական միջոցառումներ պրն Ծիկրիկասի և պրն Ավգերիսի նկատմամբ` «ծառայության ժամանակավոր դադարեցման» ձևով: Քննության ընթացքում դիմողների կողմից մատնանշված մյուս ոստիկաններն արդարացվել էին: Չնայած վերը նշված հանձնարարությանը, ո՛չ պրն Ծիկրիկասի, ո՛չ պրն Ավգերիսի ծառայությունը չէր դադարեցվել:
23. 1999թ. հուլիսի 14-ին Հունաստանի ոստիկանապետը տուգանել էր պրն Ծիկրիկասին 20000 դրամի (առնվազն 59 եվրո) չափով` «կալանավորների նկատմամբ իր ենթակաների կողմից վատ վերաբերմունքը կանխելու նպատակով անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար»: Հունաստանի ոստիկանապետը հաստատել էր, որ դիմողների նկատմամբ կիրառվել էր վատ վերաբերմունք: Նա հայտարարել էր, որ «կալանավորները ծեծի էին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից կալանքի ընթացքում ... ստանալով մարմնական վնասվածքներ»:
C. Ոստիկանության աշխատակիցների դեմ հարուցված քրեական վարույթը
24. 1998թ. հուլիսի 1-ին դիմողները և առաջին դիմողի հայրը դիմում էին ներկայացրել Մեսոլոնղի ոստիկանության պետի տեղակալի և ոստիկանության բաժանմունքի «բոլոր այլ» «պատասխանատու» աշխատակիցների դեմ:
25. 1998թ. հուլիսի 3-ին առաջին դիմողը գրավոր վկայություն էր տվել վատ վերաբերմունքի վերաբերյալ իր պնդումների կապակցությամբ: Նա հայտարարել էր, որ իր ձերբակալության ընթացքում նա մահակով հարվածներ էր ստացել իր գլխին «բարձրահասակ և շիկահեր» ոստիկանի կողմից, ով նաև նրան ծեծել էր ոստիկանությունում և հնչեցրել վիրավորանքներ` կապված իր ծագման հետ (տես վերը` կետ 14):
26. 1998թ. դեկտեմբերի 18-ին Մեսոլոնղի հանրային դատախազը խնդրել էր Մեսոլոնղի դատարանի քննող դատավորին նախնական քննություն անցկացնել միջադեպի կապակցությամբ (Ըըէ՞զ-Եըդթգ): Քննության արդյունքներն այնուհետև փոխանցվել էին Պատրասի Վերաքննիչ դատարանին: 2000թ. հունվարին Պատրասի Վերաքննիչ դատարանը հանձնարարել էր կատարել պաշտոնական դատական քննություն միջադեպի կապակցությամբ (Եծըդ՞ ՞զ-Եըդթգ):
27. 1999թ. հունվարի 27-ին և 2000թ. փետրվարի 1-ին առաջին դիմողը նշել էր, որ ոստիկանության աշխատակիցների պահվածքը «այնքան վատ չէր», և որ նա ցանկանում էր «վերջ տալ այս պատմությանը», և որ նա չի ցանկանում, որպեսզի «պատժվեն ոստիկանության աշխատակիցները»: Նույն ամսաթվին երկրորդ դիմողը հայտնել էր, որ նա ծեծի էր ենթարկվել պրն Ծիկրիկասի կողմից, սակայն հայտնել էր, որ ոստիկանների վարքագիծը «արդարացված էր», և որ նա չի ցանկանում, որպեսզի ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի: Նա ներողություն էր խնդրել կրպակի սեփականատիրոջից և ասել, որ «ցանկանում է, որպեսզի այդ պատմությունն ավարտվի», քանի որ նա բանակ է գնալու և ուզում է «լինել անվտանգ կողմում»:
28. 2000թ. օգոստոսի 31-ին Մեսոլոնղի հանրային դատախազը հանձնարարել էր, որ երեք ոստիկանները` պրն Ծիկրիկասը, պրն Կամինատոսին և պրն Սկուտասին մեղադրանք ներկայացվի հարցաքննության ընթացքում ֆիզիկական բռնություն կատարելու համար:
29. 2000թ. հոկտեմբերի 24-ին Մեսոլոնղի առաջին ատյանի քրեական դատարանի մեղադրական բաժինը (։ժԶԱէծեդէ ΠեգԶԶբեբդէԲդԵԿզ) դատաքննություն է իրականացրել պրն Ծիկրիկասի նկատմամբ: Այն գտել էր, որ պրն Ծիկրիկասի դեմ առկա ապացույցները վկայում են այն մասին, որ նա վատ վերաբերմունքի էր ենթարկել [դիմողներին] նախնական հարցաքննության ընթացքում` գողության փորձի վերաբերյալ... ինչպես նաև անցյալում կատարված նմանատիպ չբացահայտված հանցագործությունների վերաբերյալ խոստովանություն կորզելու նպատակով: Մեղադրական բաժինը նաև նշել էր, որ պրն Ծիկրիկասը չէր ապահովել ճշմարտանման բացատրություն, թե ինչպես էին պատճառվել վնասվածքները դիմողների հարցաքննության ընթացքում, և նշել էր, որ նրանք երկուսն էլ առանց վարանելու ճանաչել էին պրն Ծիկրիկասին` որպես ոստիկանության աշխատակցի, ով վատ վերաբերմունքի էր ենթարկել իրենց: Մյուս կողմից, սակայն, որոշվել էր դադարեցնել պրն Կամինատոսի և պրն Սկուտասի նկատմամբ քրեական հետապնդումներն այն հիմքով, որ չէր հաստատվել, որ նրանք ներկա են եղել միջադեպին (մեղադրական եզրակացություն թիվ 56/2000):
30. Պրն Ծիկրիկասի դատավարությունը տեղի էր ունեցել 2001թ. հոկտեմբերի 8-ին և 9-ին` Պատրասի վերաքննիչ դատարանի երեք անդամների մասնակցությամբ: Դատարանը լսել էր մի շարք վկաների, ովքեր կրկնել էին վատ վերաբերմունքի վերաբերյալ իրենց պնդումները (տես վերը` կետեր 10-14): Ի թիվս այլնի, դատարանը լսել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հունաստանի Մոնիթորինգի ներկայացուցիչ պրն Դիմիտրասին, ով հայտարարել էր, որ այդ կազմակերպությունը վերահսկում է գնչուների վիճակը, Հունաստանում և որ միջադեպի մասին իրեն հայտնի էր դարձել գնչուական ճամբարներ իր այցի ընթացքում: Նա պնդել էր, որ իրեն սարսափեցրել էին դիմողների մարմինների վնասվածքները, և որ վերջիններն ի սկզբանե վախենում էին բողոք ներկայացնել ոստիկանության աշխատակիցների դեմ: Պրն Դիմիտրասը նաև հետագայում անդրադարձել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հունաստանի Մոնիթորինգի ներկայացուցչի կողմից, դիմողներին աջակցելու նպատակով ձեռնարկված գործողություններին: Դատարանը, ի թիվս այլ փաստաթղթերի, նաև ընթերցել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հունաստանի Մոնիթորինգի ներկայացուցչի և Հունական ազգային փոքրամասնությունների իրավունքների կողմից Հասարակական կարգի նախարարությանն ուղղված բաց նամակ (տես վերը` կետ 17):
31. 2001թ. հոկտեմբերի 9-ին դատարանը գտել էր, որ չկա ապացույց պրն Ծիկրիկասին բռնության մեջ մեղադրելու համար և նրան ճանաչել էր անմեղ (որոշում թիվ 1898/2001): Մասնավորապես, դատարանն սկզբում հիմնվել էր դիմողների ձերբակալության հանգամանքի վրա, իսկ հետագայում` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հունաստանի Մոնիթորինգի անդամների ներգրավման հանգամանքը վրա` նշելով փոքրամասնությունների մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մոնիթորինգում իրենց դերը: Հաշվի առնելով նաև դատաբժշկական եզրակացությունը` դատարանն հանգել էր հետևյալ եզրակացությանը.
«... Ընդունելի է, որ երկրորդ դիմողը ընդհարվել էր պրն Պավլակիսի հետ: Բացի դրանից, հաշվի առնելով դիմողների թեթև հագուստը` տրամաբանական են ձերբակալվելիս դիմադրելու ընթացքում նրանց վնասվածքները: Եթե նույնիսկ վնասվածքներից մի քանիսը հասցվել էին ոստիկանների կողմից կալանքի ընթացքում, դա չի ապացուցում, որ մեղադրյալի մասնակցությունը, քանի որ դիմողներին ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելու ժամանակահատվածում նա ներկա չի եղել, և շփվել է նրանց հետ բերման ենթարկելուց հետո մոտավորապես երկու ժամ անց: 1998թ. հուլիսի 3-ի իր գրավոր ցուցմունքներում առաջին դիմողը նշել էր, որ իր ձերբակալման ընթացքում նա մահակով ծեծի էր ենթարկել բարձրահասակ, շիկահեր ոստիկանի կողմից (նկարագրությունը չի համապատասխանում մեղադրյալի արտաքին տվյալներին), և որ նույն ոստիկանը ծեծել էր իրեն նաև իրենց կալանքի ընթացքում: Սակայն մեղադրյալը դիմողների ձերբակալման ընթացքում ներկա չէր: Եթե դիմողներն իսկապես ծեծի ենթարկված լինեին ոստիկանության աշխատակիցների կողմից կալանքի ընթացքում, նրանք կտեղեկացնեին իրենց հարազատներին, ովքեր ժամանել էին ոստիկանության բաժանմունք նույն գիշերը: Այսպիսով, մեղադրյալը պետք է ճանաչվի անմեղ»:
32. Ըստ հունական օրենքի` դիմողները, ովքեր վարույթում հանդես են եկել որպես քաղաքացիական կողմեր, չեն կարող բողոքարկել այդ որոշումը:
II. ԳՆՉՈՒՆԵՐԻ ԴԵՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
33. Եվրոպայի խորհրդին առընթեր Խտրականության և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ԽԱԵՀ) վերջին մի քանի տարիների ընթացքում իր զեկույցներում հայտնել էր մտահոգություն ոստիկանության կողմից խտրականության հիմքով բռնությունների վերաբերյալ, մասնավորապես, մի շարք եվրոպական երկրներում` գնչուների դեմ այդ թվում` Բուլղարիայում, Չեխիայի Հանրապետությունում, Ֆրանսիայում, Հունաստանում, Հունգարիայում, Լեհաստանում, Սլովակիայում եւ Ռումինիայում:
34. 2002թ. Եվրոպական միությունում և դրա անդամ պետություններում հիմնարար իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցը, որը Եվրոպական հանձնաժողովի պահանջով պատրաստվել էր Եվրոպական միության (ԵՄ) հիմնարար իրավունքների անկախ փորձագետների կողմից, ըստ որի, inter alia, ոստիկանության կողմից բռնությունը գնչուական եւ նմանատիպ խմբերի նկատմամբ, այդ թվում` ֆիզիկական բռնությունը եւ ուժի կիրառման գերազանցումն արձանագրվել է մի շարք ԵՄ անդամ երկրներում, ինչպիսիք են Ավստրիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան եւ Պորտուգալիան:
35. 1999թ. դեկտեմբերի 10-ին ստացված և 2000թ. հունիսի 27-ին հրապարակված` Հունաստանի վերաբերյալ իր երկրորդ զեկույցում ԽԱԵՀ-ը հայտարարել է, inter alia, որ.
«26. Եղել են հաղորդումներ առ այն, որ գնչուները, ալբանացիները եւ այլ ներգաղթյալները Հունաստանում հաճախ անկարգության զոհ են դառնում ոստիկանության կողմից: Մասնավորապես, գնչուները հաճախ հայտնում են անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ, որոնք որոշ դեպքերում հանգեցնում են մահվան: Խտրական վերաբերմունքն այս խմբերի անդամների նկատմամբ շատ տարածված է: Շատ դեպքերում նման գործերը քիչ են քննվում: Թեեւ նմանատիպ միջադեպերի մեծամասնությունը տուժողի կողմից լրացված բողոքի արդյունք չէ, որոշ դեպքերում տուժողների նկատմամբ ճնշում է գործադրվում իրենց մեղադրանքներից հրաժարվելու նպատակով: ԽԱԵՀ-ն ընդգծում է ոստիկանության կողմից փոքրամասնություն կազմող խմբերի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին բողոքների վերաբերյալ մեխանիզմների ներքին եւ արտաքին վերահսկողության արձագանքի բարելավման անհրաժեշտության հրատապությունը: Այս առումով, ԽԱԵՀ-ն նշում է, վերջերս ստեղծել է ոստիկանության կողմից վատ վերաբերմունք կիրառելու բողոքներով ամենածանր գործերը քննող մարմինը եւ ընդգծում է դրա անկախությունն, ու մատչելիությունը փոքրամասնություն կազմով խմբերի անդամների համար:
27. ԽԱԵՀ-ն նաեւ հորդորում է հունական իշխանություններին միջոցներ ձեռնարկել ոստիկանությանը մարդու իրավունքներին եւ հակախտրական չափորոշիչներին ծանոթացնելու ուղղությամբ: Լրացուցիչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն նաև ոստիկանության շրջանում փոքրամասնություն կազմով խմբերի անդամների համալրումն ապահովելու համար ...
31. Ինչպես նշվում է ԽԱԵՀ-ի առաջին զեկույցում` Հունաստանում գնչուական բնակչությունը հատկապես խոցելի է, անբարենպաստ պայմաններում է և ենթակա խտրականության` բազմաթիվ բնագավառներում ...
34. Գնչուները նաեւ խտրականության են ենթարկվում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում... Նրանք հաճախ ենթարկվում են խտրական վերաբերմունքի եւ երբեմն բռնության` ոստիկանության կողմից... »:
36. 2003թ. դեկտեմբերի 5-ին ստացված և 2004թ. հունիսի 8-ին հրապարակված` Հունաստանի վերաբերյալ երրորդ զեկույցում, inter alia, նշվում է.
«67. ԽԱԵՀ-ն մտահոգությամբ նշում է, որ Հունաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցն ընդունելուց հետո Հունաստանում գնչուների վիճակը մնացել է անփոփոխ, եւ որ ընդհանուր առմամբ գնչուները բախվում են նույն դժվարություններին` ներառյալ բնակարանի, աշխատանքի, կրթության եւ հանրային ծառայությունների նկատմամբ հարգանքի առումով խտրական վերաբերմունքը...
69. ԽԱԵՀ-ն ողջունում է այն փաստը, որ Կառավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր բարելավելու համար Հունաստանում բնակվող գնչուների պայմանները: Այն ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով գնչուների կենսամակարդակի բարելավման նպատակով ...
70. ԽԱԵՀ-ն խորապես ցավում է, որ շատ դեպքերում ներպետական իշխանությունները հրաժարվում են գործել ի շահ գնչուների, երբ նրանք ենթարկվում են հետապնդումների տեղական բնակչության անդամների կողմից: Ներպետական իշխանությունները նաև մերժում են նրանց տրամադրել նույն իրավունքները, որոնք օրենքը երաշխավորում է գնչուական համայնքի անդամներին նույն չափով, ինչպես Հունաստանի ցանկացած այլ քաղաքացու համար...
105. ԽԱԵՀ-ն լուրջ մտահոգություն է հայտնում ազգային փոքրամասնություն կազմող խմբերի (ինչպիսիք են գնչուական խմբերը և օրինական ու անօրինական ներգաղթյալները) անդամների նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ: Վատ վերաբերմունք նշանակում է ռասիստական վիրավորանքների կամ ֆիզիկական բռնության ենթարկելը ձերբակալության կամ կալանքի ընթացքում: ԽԱԵՀ-ն մասնավորապես, մտահոգություն է հայտնում զենքի անօրինական օգտագործման վերաբերյալ համատարած բողոքների կապակցությամբ, ինչը երբեմն հանգեցնում է մահվան: Այն հավասարապես մտահոգված է անչափահասների եւ քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ զեկույցներով:
106. Հունական իշխանությունները նշել էին, որ իրենք վերահսկում են իրավիճակը եւ նման խախտումների համար գործում են համապատասխան միջոցներ: Օրինակ` Հունաստանի ոստիկանության ներքին գործերի տնօրինությունը հիմնադրվել է 1999թ. եւ պատասխանատու է քննությունների անցկացման համար, մասնավորապես` խոշտանգումների ենթարկելու եւ մարդկային արժանապատվությունը նվաստացնելու համար:
37. 2003թ. ապրիլին հրապարակված («Հունաստանից գնչուների արտաքսման հեռացնելու գործողությունների վերաբերյալ») իրենց համատեղ զեկույցում Գնչուների իրավունքների եվրոպական կենտրոնը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հունաստանի Մոնիթորինգը, որը ներկայացնում էր դիմողներին սույն գործում, հայտարարել էին, inter alia, որ.
«Հունաստանում ERRC / GHM մոնիտորինգը վերջին հինգ տարիների ընթացքում ցույց է տալիս, որ կալանքի տակ գտնվող գնչուների նկատմամբ վատ վերաբերմունքը, այդ թվում` ֆիզիկական և բանավոր ռասիստական ստորացումները կրում են համատարած բնույթ: Չնայած նրան, որ հունական իշխանությունները հերքում են գնչուների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիմքում ռասայական դրդապատճառները`գնչու տուժածները, որոնց հետ խոսել էր ERRC / GHM, վկայել էին, որ ոստիկանները արել էին արտահայտություններ` օգտագործելով ռասիստական մակդիրներ:
Ոստիկանների շրջանում հակագնչուական տրամադրվածությունը հաճախ հանգեցնում է գնչուների նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ոտնձգությունների, բանավոր և ֆիզիկական ստորացումների և կամայական ձերբակալությունների ու կալանքի: ERRC և GHM պարբերաբար արձանագրում են ոստիկանության կողմից գնչուների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը` ձերբակալության կամ կալանքի ընթացքում: Ոստիկանության աշխատակիցներն օգտագործել են ռասայական բնույթի արտահայտություններ, ոստիկանության կողմից ոտնձգությունների որոշ դեպքերում գնչուները վկայում են, որ ռասայական նախապաշարումները կարևոր դեր են կատարում գնչուների նկատմամբ թշնամական վերաբերմունքի հարցում...»:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
38. Հունաստանի Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «անհատի արժեքը» հիմնարար սկզբունքներից մեկն է և հունական պետության «առաջնային պարտավորությունը»:
39. Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է հետևյալը.
«Բոլոր այն անձինք, ովքեր բնակվում են Հունաստանի տարածքում, օգտվում են իրենց կյանքի, պատվի ու ազատության լիարժեք պաշտպանության իրավունքից, անկախ ազգությունից, ռասայական կամ կրոնական պատկանելիությունից կամ քաղաքական համոզմունքներից: Բացառություններ թույլատրվում են միայն միջազգային իրավունքով նախատեսված դեպքերում...»:
40. Թիվ 927/1979 օրենքը (որը փոփոխվել է թիվ 1419/1984 և թիվ 2910/2001 օրենքներով) հանդիսանում է օրենսդրության հիմնական կիրառումը ռասայական կամ կրոնական խտրականության հետ կապված գործողությունները կամ գործունեությունը կանխարգելելու համար:
IV. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
41. 2000թ. հունիսի 29-ի Եվրոպական միության Խորհրդի 2000/43/CE հրահանգը պարունակում է անձանց միջև հավասար վերաբերմունքի սկզբունքը, անկախ ռասայական կամ էթնիկական ծագումից, և Խորհրդի 2000թ. նոյեմբերի 27-ի 2000/78/CE հրահանգը հաստատում է աշխատանքի և զբաղվածության նկատմամբ հավասար վերաբերմունքի ընդհանուր շրջանակը, որը նախատեսված է 8-րդ և 10-րդ հոդվածներով:
«1. Անդամ պետությունները պետք է ձեռնարկեն այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրենց ազգային իրավական համակարգի համաձայն, ապահովելու համար հետևյալը. երբ անձինք, ովքեր իրենց համարում են տուժող, այն պատճառով, որ դատարանի կամ այլ իրավասու մարմնի կողմից նրանց նկատմամբ չի կիրառվել հավասար վերաբերմունքի սկզբունքը, որի փաստերից ելնելով ենթադրվում է, որ տեղի է ունեցել ուղղակի կամ անուղղակի խտրականության դրսևորում, ապա պատասխանողը պետք է ապացուցի, որ տեղի չի ունեցել հավասար վերաբերմունքի սկզբունքի խախտում:
2. 1-ին կետի դրույթները չեն խոչընդոտում անդամ պետություններին ներկայացնել դիմողների համար առավել բարենպաստ ապացույցների կանոնները:
3. 1-ին կետի դրույթները չեն տարածվում քրեական դատավարության վրա ....
5. Անդամ պետությունները չպետք է կիրառեն 1-ին կետը այն վարույթների դեպքում, որոնցում դատարանը կամ իրավասու մարմինը քննում է գործի փաստերը»:
ՕՐԵՆՔ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
42. Դիմողները բողոքել են, որ իրենց ձերբակալման ու կալանավորման ընթացքում իրենք ենթարկվել էին ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան վերաբերմունքին, որը նրանց մոտ առաջացրել էր ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչը հավասար է խոշտանգումների, անմարդկային և/կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Նրանք նաև բողոքել են, որ հունական քննչական և դատական մարմինները չեն կատարել այդ միջադեպի արագ և արդյունավետ պաշտոնական քննություն: Նրանք պնդել են, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, որը սահմանում է`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Կողմերի պնդումները
43. Դիմողները պնդել են, որ իրենք ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ ոստիկանության աշխատակիցների կողմից, և որ միջադեպի քննությունը և դրանից բխող դատական վարույթը եղել են անարդյունավետ, թերի ու ոչ համոզիչ: Նրանք ընդգծել են, որ այդ ժամանակ իրենք երիտասարդ էին և խոցելի: Քննության ընթացքում նրանք նաև ստացել էին սպառնալիքներ: Դա էր պատճառը, որ որոշակի ժամանակահատվածում նրանք պնդել են, որ իրենք չեն ցանկանում շարունակել ոստիկանության դեմ իրենց բողոքները:
44. Կառավարությունն անդրադարձել էր ներպետական դատարանի եզրակացությանը և պնդել, որ դիմողների բողոքներն ամբողջովին անհիմն են: Նրանց վնասվածքները ընդդիմանալու արդյունք էին, որը տեղի էր ունեցել նրանց ձերբակալման ընթացքում: Դիմողներն իրենք էին հայտարարել, որ ոստիկանների գործողություններն արդարացված էին, և որ իրենք չեն ցանկանում, որ նրանք քրեական պատասխանատվության ենթարկեն: Միջադեպի քննությունն անցկացվել էր արագ, անկախ և մանրակրկիտ, ինչի արդյունքում պրն Ծիկրիկասը տուգանվել էր: Նրա դեմ նաև քրեական մեղադրանք էր ներկայացվել: Մի շարք ականատեսներ և դիմողները հրավիրվել էին դատարան: Այն փաստը, որ մեղադրյալն արդարացվել էր, չէր ազդել քննության արդյունավետության վրա:
B. Դատարանի գնահատականը
1. Ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ
45. Ինչպես Դատարանը բազմիցս հայտարարել է, 3-րդ հոդվածը երաշխավորում է ժողովրդավարական հասարակության առավել հիմնարար արժեքներից մեկը: Նույնիսկ ամենադժվարին պայմաններում, ինչպիսիք են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակապես արգելում է խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը: Ի տարբերություն Կոնվենցիայի հիմնական դրույթների մեծ մասի և Թիվ 1 և Թիվ 4 արձանագրությունների` 3-րդ հոդվածը չունի բացառություններ սահմանող համար դրույթներ և չի նախատեսում որևէ շեղում Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ կետի թույլատրելի սահմաններից անգամ արտակարգ և ազգի կյանքին սպառնացող իրավիճակների դեպքում (տես` Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ. 25803/94, կետ 95, ՄԻԵԴ 1999թ.-V, և Ասսենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 1998թ. հոկտեմբերի 28, Վճիռների և զեկույցների ժողովածու 1998թ.-VIII, էջ 3288, կետ 93): Կոնվենցիան բացարձակապես արգելում է խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումը` անկախ տուժողի վարքագծից (տես` Շահալն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1996թ. նոյեմբերի 15, Զեկույց, 1996թ.-V, էջ 1855, կետ 79):
46. Ապացույցները գնահատելիս Դատարանը, ընդհանուր առմամբ, կիրառում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափորոշիչը (տես` Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, Series A, թիվ 25, էջեր 64-65, կետ 161): Այնուամենայնիվ, այդպիսի ապացույցը կարող է բխել բավականաչափ ուժեղ, պարզ և համահունչ փաստերի գոյակցությունից: Եթե իրադարձություններն ամբողջությամբ կամ մեծ մասամբ հայտնի են իշխանություններին, օրինակ` կալանքի տակ, իրենց վերահսկողության ներքո գտնվող անձանց ստացած վնասվածքների կապակցությամբ առաջանում են խիստ կասկածներ: Անշուշտ, ապացուցման բեռը կարող է դրվել իշխանությունների վրա` բավարար ու համոզիչ բացատրություն ապահովելու համար (տես` Սալմանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 21986/93, կետ 100, ՄԻԵԴ 2000թ.-VII):
47. Սույն գործով դիմողները բողոքել են, որ իրենց ձերբակալության և հետագա կալանավորման ընթացքում իրենք ոստիկանության կողմից ենթարկվել էին դաժան վերաբերմունքի: Ընդունելի է, որ իրենց ազատ արձակվելու օրը դիմողները վնասվածքներ էին ստացել: Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` «եթե անհատը կալանքի տակ է վերցվում առողջ վիճակում, սակայն ազատ արձակվելիս ունենում է վնասվածքներ` պետությունը պարտավոր է ապահովել վնասվածքների առաջացման ճշմարտանման բացատրություն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո (Աքսոյն ընդդեմ Թուրքիայի, 1996թ. դեկտեմբերի 18, Զեկույց 1996թ.-VI, էջ 2278, կետ 61):
49. Հաջորդ հարցը, որն առաջանում է, դա այն է, թե արդյոք պահպանվել է Կոնվենցիայի
3-րդ հոդվածով պահանջվող խստության նվազագույն մակարդակը (տես` Իլհանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 22277/93, կետ 84, ՄԻԵԴ 2000թ.-VII): Դատարանը հիշեցնում է, որ նվազագույն մակարդակի գնահատումը հարաբերական է` այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպես, օրինակ` վատ վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և/կամ հոգեկան ազդեցությունները և, որոշ դեպքերում, տուժողի սեռը, տարիքն ու առողջական վիճակը (տես` Թեքին ընդդեմ Թուրքիայի, 1998թ. հունիսի 9, Զեկույց 1998թ.-IV, էջ 1517, կետ 52):
50. Որոշելու համար, թե արդյոք պատիժը կամ վերաբերմունքը «նվաստացնող>> էր 3-րդ հոդվածի իմաստով, Դատարանը նաև հաշվի է առնում, թե արդյոք դրա նպատակն էր անձին նվաստացնելը և ստորացնելը, և արդյոք դրա հետևանքներն բացասաբար են ազդել իր անատականության վրա, ինչը անհամատեղելի է 3-րդ հոդվածի հետ (տես, օրինակ` Ռանինեն ընդդեմ Ֆինլանդիայի, 1997թ. դեկտեմբերի 16, Զեկույցներ 1997թ.-VIII, էջեր 2821-22, կետ 55):
51. Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` Դատարանը գտնում է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից դիմողներին պատճառված լուրջ ֆիզիկական վնասը, ինչպես նաև վախի, տանջանքի ու թերարժեքության զգացումներն առաջացրել էին դիմողների մոտ տառապանք, որի խստության աստիճանը բավարար է այն համարելու անմարդկային և նվաստացնող վերաբերմունք` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով:
52. Դատարանը եզրակացնում է, որ այս կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի
3-րդ հոդվածի խախտում:
2. Քննության ենթադրյալ անհամապատասխանության վերաբերյալ
53. Դատարանը հիշեցնում է, որ եթե անհատը պնդում է, որ նա ոստիկանության աշխատակիցների կամ պետության այլ գործակալների կողմից ենթարկվել է այսպիսի վերաբերմունքի, որը խախտում է 3-րդ հոդվածը, ապա այդ դրույթը ընթերցվում է Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո պետության ընդհանուր պարտավորության հետ մեկտեղ` «...իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն և ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի Բաժին I-ում>> և ենթադրում է պաշտոնական արդյունավետ քննություն:
54. Այնպես, ինչպես 2-րդ հոդվածի ներքո կատարվող քննությունը, նման քննությունը նույնպես պետք է հանգեցնի պատասխանատու անձանց հայտնաբերմանը և նրանց պատժին: Հակառակ դեպքում, Խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի ընդհանուր իրավական արգելքը, չնայած իր հիմնարար նշանակությանը, կլինի գործնականում անարդյունավետ և որոշ դեպքերում թույլ կտա պետության գործակալներին խախտել անձանց իրավունքները, ովքեր գտնվում են իրենց վերահսկողության ներքո, և մնալ անպատիժ (տես` Լաբիտան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 26772/95, կետ 131, ՄԻԵԴ 2000թ.-IV):
55. Այս պայմաններում, հաշվի առնելով դիմողների կալանքի ընթացքում իրենց վատ վերաբերմունքի ենթարկելու վերաբերյալ պնդումների կապակցությամբ արդյունավետ քննության բացակայությունը` Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
56. Դիմողները բողոքել են, որ իրենք չեն ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի իմաստով, որը սահմանում է`
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
57. Հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց հիման վրա Դատարանը հայտնաբերել է 3-րդ հոդվածի խախտում իր ընթացակարգային գործոնի համաձայն (տես վերը` կետեր 53, 55)` Դատարանը գտնում է, որ անհրաժեշտություն չկա գանգատն առանձին քննել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
58. Դիմողները բողոքել են, որ իրենց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքը` միջադեպի առնչությամբ հետագա արդյունավետ քննության բացակայության հետ մեկտեղ, մասամբ իրենց գնչուական էթնիկ ծագման պատճառով էր: Նրանք պնդել են, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում, որը սահմանում է`
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
A. Կողմերի պնդումները
59. Դիմողները հայտարարել են, որ ապացույցները գնահատելիս Դատարանի կողմից կիրառված ապացուցման չափորոշիչն է` «ողջամիտ կասկածից վեր ապացույցը», սակայն հստակորեն նշել է, որ այդ չափորոշիչը չի կարող մեկնաբանվել որպես նման բարձր աստիճանի պահանջ նաև քրեական գործով վարույթի ընթացքում: Նրանք պնդել են, որ այն պահից, երբ հայցվորը հարուցել էր խտրականության վերաբերյալ գործ` ապացուցման բեռը դրվել էր պատասխանող Կառավարության վրա:
60. Անդրադառնալով սույն գործի փաստերին` դիմողները պնդել են, որ միջադեպի բնույթն ինքնին ոստիկանության աշխատակիցների կողմից լեզվի խտրական օգտագործումը և ներպետական իշխանությունների կողմից ոստիկանության հակագնչուական դաժան վերաբերմունքը չարգելելը հստակորեն ապացուցում են ռասայական հիմքերով ոտնձգությունները և պատասխանատվությունից խուսափելը: Այս առումով դիմողները վերահաստատել են, որ ոստիկանության աշխատակիցները բացահայտորեն օգտագործել են ռասիստական խոսելաձև և ստորացուցիչ կերպով արտահատվել իրենց էթնիկ ծագման մասին: Նրանք նաև պնդել են, որ խտրական արտահայտությունները, որոնք ոստիկանության աշխատակիցներն ուղղել էին դիմողներին նրանց ձերբակալման ընթացքում, պետք է դիտարկվեն համակարգված ռասիզմի և թշնամանքի ավելի լայն համատեքստում, որը Հունաստանում բազմիցս կիրառվել էր գնչուների դեմ իրավապահ մարմինների կողմից: Այս վերաբերմունքը լայնորեն փաստագրվել էր միջկառավարական և մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից:
61. Կառավարությունը նշել է, որ Դատարանը միշտ պահանջում է «ողջամիտ կասկածից վեր ապացույց», և որ սույն գործում առկա չեն իշխանությունների կողմից կիրառված` հիմնավորված խտրական գործողությունների ապացույցներ: Այն վճռականորեն հերքել է, որ դիմողները ենթարկվել են վատ վերաբերմունքի, սակայն, եթե նույնիսկ միջադեպում ներգրավված ոստիկանության աշխատակիցները ենթադրաբար գործել են բռնի ճանապարհով` Կառավարությունը գտնում է, որ նրանց վարքագիծը կապված չէր խտրականության հետ, այլ կապված էր այն հանգամանքի հետ, որ դիմողները նախապես կատարել էին հանցագործություն:
62. Կառավարությունը նաև պնդել է, որ Հունաստանի վերաբերյալ իր վերջին զեկույցում (տես վերը` կետ 36) ԽԱԵՀ-ն Հունաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել էր գնչուների դրության վրա, մասնավորապես ընդգծելով բնակարանային, զբաղվածության, կրթության և հանրային ծառայությունների մատչելիության կապակցությամբ դրսևորվող խտրականությունը: ԽԱԵՀ-ն նաև կարևորել էր գնչուների համար օգտակար նախաձեռնություններին խոչընդոտելը, սակայն ողջունել էր այն փաստը, որ Կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել Հունաստանում գնչուների կեցությունը բարելավելու ուղղությամբ: 63. Կառավարությունը նշել է, որ զեկույցում չի հիշատակվել որևէ այլ խտրականության դրսևորում, որի պատճառով տուժել են գնչուները` Կոնվենցիայով երաշխավորված իրենց իրավունքների առումով: Վերջապես, այն պնդել է, որ հունական Սահմանադրությունը հստակորեն արգելում է ռասայական խտրականությունը և նշել, որ պետությունը վերջերս ձեռնարկել էր գործողություններ փոփոխելու համար խտրականության դեմ պայքարի վերաբերյալ հունական իրավական կարգի Եվրոպական համայնքների 2000/43 և 2000/78 հրահանգները:
B. Դատարանի գնահատականը
1. Արդյոք Պատասխանող պետությունը պատասխանատվություն է կրում ռասայական կամ էթնիկական ծագման հիմքով տուժածների նկատմամբ կիրառված` արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի համար
64. Ընդառաջելով 14-րդ հոդվածի խախտումների վերաբերյալ դիմողների բողոքներին` Դատարանի խնդիրն է հաստատել, թե արդյոք ռասիզմը պատճառահետևանքային գործոն էր հանդիսանում ոստիկանության աշխատակիցների վարքագծում, որը կարող է առաջացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ մեկտեղ 14-րդ հոդվածի խախտում:
65. Դատարանը կրկնում է, որ գնահատելով ապացույցները` այն որդեգրել է «ողջամիտ կասկածից վեր>> ապացուցման չափորոշիչը (տես վերը` կետ 47), այնուամենայնիվ, այն չի բացառում Դատարանը հնարավորությունը, որ խտրականության դրսևորման վերաբերյալ որոշ դեպքերում այն կարող է պատասխանող Կառավարությունից պահանջել հերքելու խտրականության վերաբերյալ վիճելի պնդումը և եթե այն չկարողանա դա անել, ապա կգտնի Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում այդ հիմքով: Այնուամենայնիվ, եթե առկա է բողոք, ինչպես սույն գործում է, որ բռնի գործողությունները կատարվել են ռասայական խտրականության հիմքով, ապա մոտեցումը կարող է պահանջել, որպեսզի պատասխանող Կառավարությունը ցույց տա անձի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքի բացակայությունը:
66. Հետևաբար, անդրադառնալով սույն գործի փաստերին` Դատարանը գտնում է, որ մինչդեռ դիմողների կալանքի ընթացքում ոստիկանների պահվածքը լուրջ քննադատություն է առաջացնում` այն ինքնին բավարար հիմք չէ հաստատելու, որ ոստիկանության աշխատակիցների կողմից դիմողների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը եղել էր ռասայական դրդապատճառներով: Բացի դրանից, քանի որ դիմողները հիմնվել էին միայն Հունաստանում ոստիկանության կողմից գնչուների նկատմամբ բռնության ընդհանուր տեղեկատվության վրա` Դատարանը չի կարող հաշվի չառնել այն փաստը, որ իր միակ խնդիրը պարզելն է, թե արդյոք սույն գործում վերաբերմունքը, որին ենթարկվել էին դիմողները եղել է ռասիզմի հիմքերի վրա (տես` Նաչովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի, վերը նշված, կետ 155): Վերջապես, Դատարանը չի գտնում, որ իշխանությունների կողմից միջադեպի ենթադրյալ ռասիստական դրդապատճառների կապակցությամբ արդյունավետ քննություն չանցկանցնելն ապացուցման բեռը դնում է պատասխանող Կառավարության վրա` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ մեկտեղ 14-րդ հոդվածի ենթադրյալ խախտման առումով: Իշխանությունների կողմից իրենց ընթացակարգային պարտավորությունը կատարելու հարցը մեկ այլ առանձին խնդիր է, որին Դատարանը կանդրադառնա ստորև (տես` վերը նշված Նաչովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի, կետ 157):
67. Այսպես գնահատելով բոլոր համապատասխան տարրերը` Դատարանը չի գտնում, որ ողջամիտ կասկածից դուրս է այն, որ ռասիստական վերաբերմունքը դեր է կատարել դիմողների նկատմամբ ոստիկանության կողմից վերաբերմունքի առումով:
68. Հետևաբար, այն գտնում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում 3-րդ հոդվածի հետ մեկտեղ` դրա բովանդակային առումով:
2. Արդյոք պատասխանող պետությունը կատարել էր հնարավոր ռասիստական շարժառիթները քննելու իր պարտավորությունը
69. Դատարանը գտնում է, որ բռնության միջադեպերը քննելիս` պետական մարմիններն ունեն լրացուցիչ պարտականություն` ձեռնարկել խելամիտ քայլեր բացահայտելու համար ռասիստական շարժառիթները և հաստատել, թե արդյոք իրադարձությունների հիմքում ընկած են էթնիկ ատելության տարրեր: Հաճախ ռասայական խտրականության շարժառիթն ապացուցելը գործնականում չափազանց դժվար է: Բռնի գործողությունների հնարավոր ռասիստական ենթատեքստը քննելու` Պատասխանող պետության պարտավորությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելու պարտավորություն է և ոչ թե բացարձակ: Իշխանությունները պետք է կատարեն ապացույցներ հավաքելու և ապահովելու ողջամիտ գործողություններ, ուսումնասիրել բոլոր գործնական միջոցները ճշմարտությունը բացահայտելու համար` առանց անտեսելու կասկածահարույց փաստերը, որոնք կարող են վկայել վերաբերմունքի ռասայական հիմքերի մասին, լիովին անկողմնակալ, օբյեկտիվ և հիմնավորված որոշում ընդունելու համար (տես, mutatis mutandis, Նաչովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի, nos. 43577/98 և 43579/98, կետ 158-59, 2004թ. փետրվարի 26):
70. Դատարանն այնուհետև գտնում է, որ իշխանությունների պարտավորությունը քննել ռասիստական վերաբերմունքի ու բռնության արարքի միջև հնարավոր կապի գոյության հարցը` Կոնվենցիայի 3-րդ հոդվածից բխող իրենց դատավարական պարտավորությունների գործոնն է, սակայն այն կարող է նաև դիտվել որպես Կոնվենցիայի 14-րդ հոդվածում սահմանված իրենց պարտավորությունների համաձայն Կոնվենցիայի 3-րդ հոդվածում ամրագրված` առանց խտրականության հիմնարար արժեքներն ապահովելու տեսանկյունից: Երկու դրույթների փոխազդեցության շնորհիվ հարցերը, ինչպիսիք սույն գործում են, կարող են քննության առնվել երկու դրույթներից միայն մեկի ներքո: Սա մի հարց է, որը պետք է որոշվի յուրաքանչյուր գործի փաստերով` կախված բողոքի բնույթից (տե՛ս, mutatis mutandis, վերը նշված Նաչովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի [GC], կետ 161):
71. Սույն գործում Դատարանն արդեն գտել է, որ հունական իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, քանի որ նրանք չեն կարողացել իրականացնել այդ միջադեպի արդյունավետ քննություն: Դատարանը գտնում է, որ այն պետք է առանձին ուսումնասիրի բողոքն առ այն, որ նաև չի քննվել հնարավոր պատճառահետևանքային կապը ոստիկանության աշխատակիցների կողմից ենթադրյալ ռասիստական վերաբերմունքի ու դիմողների նկատմամբ բռնության միջև:
72. Դիմողների նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքը քննող իշխանությունների առջև էին առաջին դիմողի վկայություններն առ այն, որ լուրջ հարձակումների ենթարկվելուց բացի, նրանք ենթարկվել էին ռասայական բնույթի բռնության ոստիկանության աշխատակիցների կողմից, ովքեր պատասխանատու էին վատ վերաբերմունքի համար: Բացի դրանից, նրանց մոտ նաև առկա էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հունաստանի Մոնիթորինգի և Հունական փոքրամասնությունների իրավունքների խմբի համատեղ բաց նամակը, որը բողոք էր արտահայտում դիմողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, ինչը նրանք որակել էին որպես Հունաստանի ոստիկանության կողմից գնչուների դեմ դաժանություն և հիմնվել էին գնչուական համայնքի անդամների նկատմամբ վատ վերաբերմունքի նմանատիպ միջադեպերի վերաբերյալ երեսուն բանավոր վկայությունների վրա: Նամակում կոչ էր արվում ճշգրիտ և մանրամասն հրահանգներ կատարել երկրի բոլոր ոստիկանության բաժանմունքներին` ոստիկանության կողմից գնչուների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ:
73. Դատարանը գտնում է, որ երբ այդ հայտարարությունները զուգակցված են միջազգային կազմակերպությունների` Հունաստանում ոստիկանության կողմից գնչուների և այլ նմանատիպ խմբերի դեմ ենթադրյալ խտրականության, այդ թվում` ֆիզիկական բռնության և թույլատրելի չափից ավելի ուժի գործադրման վերաբերյալ զեկույցների հետ, դրանք պետք է ստուգվեն: Դատարանի կարծիքով, երբ ի հայտ են գալիս կալանավորված անձանց նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ռասիստական հիմքով ստորացումների վերաբերյալ վկայություններ, ապա պետք է կատարվի բոլոր փաստերի մանրակրկիտ ուսումնասիրություն` բացահայտելու համար հնարավոր ռասայական դրդապատճառները (տես, mutatis mutandis, Նաչովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի [GC], կետ 164):
74. Սույն գործում չնայած իշխանություններին հասանելի ճշմարտանման տեղեկություններին առ այն, որ ենթադրյալ բռնությունը եղել էր ռասայական հիմքով, չկա որևէ ապացույց, որ իրենք այս հարցի շուրջ որևէ քննություն են անցկացրել: Մասնավորապես, ոչինչ չի արվել ստուգելու համար առաջին դիմողի հայտարարություններն առ այն, որ իրենց բանավոր կերպով վիրավորել էին ռասայական հիմքով, կամ բաց նամակում նշված այլ հայտարարությունները, որում արձանագրվում է գնչուների նկատմամբ նմանատիպ վատ վերաբերմունքը, ինչպես նաև չէր կատարվել որևէ հարցում` պարզելու համար, թե արդյոք պրն Ծիկրիկասը նախկինում ներգրավված է եղել նման միջադեպերում, կամ թե արդյոք նա երբևէ մեղադրվել է հակագնչուական արարքների համար, նաև հետագայում չի անցկացվել որևէ քննություն` պարզելու, թե ինչպես են Մեսոլոնղի ոստիկանության բաժանմունքի ոստիկանները կատարել իրենց ծառայողական պարտականություններն էթնիկ փոքրամասնությունների խմբերի անդամների առկայության պարագայում: Ավելին, Դատարանը նշում է, որ չնայած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հունաստանի Մոնիթորինգի ներկայացուցիչը դիմողների գործով դատարանում վկայություն էր տվել, և որ տեղի ունեցած միջադեպի հնարավոր ռասայական դրդապատճառներն այդ իսկ պատճառով չեն կարող հաշվի չառնվել դատարանի կողմից, հատուկ ուշադրություն չէր դարձվել այդ գործոնի վրա, և դատարանը քննել էր գործը նույն կերպ, ինչպես ռասայական ենթատեքստ չպարունակող ցանկացած այլ գործ:
75. Դատարանն այդպիսով գտնում է, որ իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո 3-րդ հոդվածի հետ մեկտեղ, ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը քննելու համար, թե արդյոք իրադարձությունների հիմքում ընկած է եղել խտրականություն: Դրանից հետևում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում` 3-րդ հոդվածի հետ մեկտեղ:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄ
76. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնաս
1. Նյութական վնաս
77. Առաջին դիմողը պահանջել է 4,540.80 եվրո` միջադեպից հետո ավելի քան տասներկու ամիս ժամկետով եկամտի կորստի համար: Երկրորդ դիմողը պահանջել է 2.250 եվրո` միջադեպից հետո ավելի քան վեց ամիս ժամկետով եկամտի կորստի համար: Նրանք նաև պնդել են, որ վնասվածքների պատճառով իրենք չեն կարողացել վերականգնվել իրենց նախկին աշխատանքում:
78. Կառավարությունը պնդել է, որ դիմողները պատշաճ կերպով չեն ապացուցել նյութական վնասի առկայությունը, և որ նրանց պահանջներն այս առումով պետք է մերժվեն:
79. Դատարանը նշում է, որ նյութական վնասի վերաբերյալ պահանջը վերաբերում է եկամտի կորստին, որը տևել է դեպքից հետո ավելի քան տասներկու և վեց ամիս` համապատասխանաբար, և հետագայում եկամտի նվազման պատճառ է դարձել: Այն նշում է, սակայն, որ որևէ տեղեկություն չի տրամադրվել այդ կորուստներն ապացուցելու համար, ինչը, հետևաբար, կարելի է դիտարկել որպես մտացածին: Այս պատճառով Դատարանը սույն բաժնի ներքո չի տրամադրում որևէ փոխհատուցում:
2. Ոչ նյութական վնասը
80. Դիմողները պահանջել են 20,000 եվրո` յուրաքանչյուրի համար, վախի, ցավի և կրած վնասվածքների դիմաց:
81. Կառավարությունը պնդել է, որ յուրաքանչյուր դիմողի ոչ նյութական վնասի փոխհատուցումը չպետք է գերազանցի 10,000 եվրոն:
82. Դատարանը գտնում է, որ դիմողները, անկասկած, կրել էին ոչ նյութական վնաս, որը չի կարող փոխհատուցվել միայն խախտումների հայտնաբերմամբ: Հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները և առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` Դատարանը յուրաքանչյուր դիմողի տրամադրում է 10.000 եվրո` որպես ոչ նյութական փոխհատուցում, գումարած հարկերը, որոնք կարող են գանձվել այդ գումարից:
C. Ծախսեր և ծախքեր
83. Դիմողները որևէ պահանջ չեն ներկայացրել ծախսերի և ծախքերի փոխհատուցման համար:
D. Տուգանային տոկոսներ
84. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` կապված ոստիկանության կողմից դիմողների նկատմամբ կիրառված վերաբերմունքի հետ:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, քանի որ իշխանությունները չեն իրականացրել միջադեպի արդյունավետ քննություն:
3. Վճռում է, որ չկա բողոքը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո առանձին քննելու անհրաժեշտություն:
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում` 3-րդ հոդվածի հետ մեկտեղ, այն պնդման հիմքով, որ դիմողների նկատմամբ վատ վերաբերմունքը ցուցաբերվել է ռասայական դրդապատճառներով:
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում` 3-րդ հոդվածի հետ զուգակցված, որ իշխանությունները չեն հետաքննել տեղի ունեցած միջադեպի հնարավոր ռասիստական շարժառիթները:
6. Վճռում է,
(a) որ պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում յուրաքանչյուր դիմողին վճարի 10,000 (տասը հազար) եվրո` որպես ոչ նյութական փոխհատուցում, գումարած հարկերը,
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
7. Մերժում է դիմողների` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով, գրավոր հրապարակվել է 2005թ. դեկտեմբերի 13-ին` Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Մայքլ Օ’Բոյլ |
Նիկոլաս Բրացա |
|
Նախագահող |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|