ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՍԱՅԻԴՆ ԸՆԴԴԵՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
5 հուլիսի 2005թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը(Երկրորդ բաժին), որպես Պալատ հետևյալ կազմով՝
Ա. Բ. Բակա, նախագահ,
Գ. Բոնելլո,
Լ. Լուկադիես,
Կ. Ջանգվեիրթ,
Ու. Թոմասսեն,
Մ. Ուգրեխելիձե,
Ա. Մուլարոնի, դատավորներ,
և Ս. Դոլլե, բաժանմունքի քարտուղար
Դռնփակ խորհրդակցելով 2005 թվականի հոկտեմբերի 5-ին և հունիսի 16-ին՝ կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց այդ նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործի համար առիթ է հանդիսացել ազգությամբ էրիթրեացի պրն Մահմուդ Մոհամմեդ Սայիդի («դիմող») կողմից 2002 թվականի հունվարի 14-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Նիդեռլանդների Թագավորության Դատարան ներկայացված գանգատը (թիվ 2345/02):
2. Դիմողի շահերը, ում տրամադրվել է իրավաբանական օգնություն, Դատարանում ներկայացրել է Դորդրեխտից պրն Ջ. Ռիսը: Նիդեռլանդների կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է Արտաքին գործերի նախարարությունից իր գործակալ պրն Ռ.Ա.Ա. Բյոքերը:
3. Դիմողը բողոքել է, որ իր արտաքսումն Էրիթրեա նրա համար մահապատժի ենթարկվելու ռիսկ կառաջացներ և/կամ տանջանքի կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա:
4. Գանգատը հանձնվել է Դատարանի երկրորդ բաժնին (Դատարանի կանոնների 52-րդ կանոնի 1-ին կետ): Այդ բաժնում պալատը, որը պետք է քններ գործը (Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-ին կետ), ձևավորվել էր 26-րդ կանոնի 1-ին կետին համապատասխան:
5. 2004 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ Պալատը գանգատը հայտարարել է մասամբ ընդունելի:
6. Կողմերի հետ քննարկելուց հետո Պալատը որոշել է, որ գործի հանգամանքներով քննության անհրաժեշտություն չկա (59-րդ կանոնի 3-րդ կետ in fine):
7. 2004 թվականի նոյեմբերի 1-ին Դատարանը փոխել է իր բաժինների կազմերը (25-րդ կանոնի 1-ին կետ), սակայն այս գործը մնացել է պալատի այն կազմում, որը ձևավորվել էր նախկին երկրորդ բաժնում:
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
8. Դիմողը ծնվել է 1967 թվականին և ներկայումս ապրում է Նիդեռլանդներում:
9. 2001 թվականի մայիսի 8-ին դիմողը եկել է Նիդեռլանդներ, որտեղ 2001 թվականի մայիսի 21-ին դիմել է ապաստան ստանալու համար (verblijfsvergunning asiel voor bepaalde tijd) փախստականների կենտրոնում՝ (aanmeldcentrum) Սքիփոլում: Արդարադատության նախարարության Միգրացիայի և ադապտացիայի վարչության աշխատակցի հետ առաջին հարցազրույցը տեղի է ունեցել նույն օրը, որը նպատակ է հետապնդել պարզելու դիմողի ինքնությունը, ազգությունը և անցած ողջ ճանապարհը: Հաջորդ օրը նրա հետ զրուցել են` պարզելու համար ապաստանի հայցման պատճառները: Դիմողը հայտարարել է հետևյալը.
10. 1995 թվականի դեկտեմբերի 1-ին իր 18 ամսյա զինվորական ծառայությունն ավարտելուց հետո դիմողը կրկին մասնակցել է ընդհանուր զորահավաքի 1998 թվականի ապրիլին: Նա որպես զինվոր ծառայել է հակատանկային ջոկատում և կռվել Եթովպիայի դեմ մղվող պատերազմում:
11. Չնայած 2000 թվականի հունիսի 13-ին պատերազմն ավարտվել է, սակայն զորացրումը չի ավարտվել բավական երկար ժամանակ, քանի որ էրիթրեական իշխանությունները մտավախություն են ունեցել` կապված եթովպացիների կողմից հետագա ներխուժումների հնարավորության հետ: 2000 թվականի օգոստոսին դիմողի գումարտակում հավաք է կազմակերպվել, որը բաղկացած է եղել 5000-7000 հոգուց, որի նպատակն է եղել գնահատել այդ գումարտակի մասնակցությունը պատերազմում: Ըստ դիմողի՝ այդպիսի հավաքները սովորական էին, և դրանք թույլ էին տալիս զինվորական բարձրաստիճան հրամանատարական կազմին կոծկել իրենց սխալները՝ անհաջող ընթացքի մեղքը բարդելով զինվորների վրա: Այս հավաքի ընթացքում հրամանատարներն ասել են, որ զինվորները լավ չեն կռվել: Դիմողը սկսել է խոսել և նշել է, որ դա տեղի է ունեցել, քանի որ հրամանատարները ստիպել են, որպեսզի այդ սովալլուկ և հոգնած զինվորները շարունակեն կռվել ճակատում, ինչն էլ հանգեցրել է տապալման: Նա նշել է, որ իր ջոկատը պետք է տեղափոխվեր կամ ուժեղացվեր: Այդ հավաքին ներկա գտնվող այլ զինվորականներ նույնպես հանդես են եկել քննադատությամբ, ասելով, օրինակ, որ չի եղել բավարար զինամթերք: Երբ դիմողն ավարտել է խոսքը, այլ զինվորներ բարձրաձայն պաշտպանել են նրան, որի արդյունքում փաստարկը լիարժեք տեսք է ստացել:
12. Հավաքից որոշ ժամանակ անց դիմողն ունեցել է այնպիսի զգացում, թե բանակի հրամանատարությունն աչքն իր վրա է պահում: Օրինակ, նա կարծել է, որ իրեն հետևում են, երբ նա գնում է այլ ստորաբաժանումներ, ինչպես նաև նրան թույլ չեն տվել գնալ քաղաք: 2000 թվականի դեկտեմբերի 5-ին, երբ նա արդեն կարծում էր, թե ամեն բան մոռացված է, նրան կանչում են գումարտակի շտաբակայան: Այնտեղ նրան տեղեկացնում են, որ նա հրահրել է զինվորներին: Նրան հրամայում են հանձնել զենքը և կալանավորում են ստորգետնյա բանտախցում գրեթե 5 ամիս շարունակ: Նրան ո՛չ հարցաքննել են, ո՛չ մեղադրանք են առաջադրել, ո՛չ էլ ներկայացրել են զինվորական դատարանին:
13. 2001 թվականի ապրիլի 20-ին նրան վարորդի և պահակախմբի ուղեկցությամբ նստեցրել է մի ջիպ: Նրան ձեռնաշղթաներ չեն հագցրել, ինչպես նաև չեն բռնել: Վարելու ընթացքում նրանք հանդիպել են մի զինվորական մեքենայի, որը վթարի էր ենթարկվել: Թե՛ վարորդը, և թե՛ պահակախումբը դուրս են գալիս մեքենայից տեսնելու, արդյոք կարող են օգնել: Դիմողը, մնալով մենակ, օգտվում է հնարավորությունից և փախչում է մեքենայի հետևի մասից:
14. Դիմողն անխոչընդոտ անցնում է Սուդան` խուսափելով պաշտոնական սահմանակետերից: Խարթումում նրա ծանոթներից մեկը ներկայացնում է նրան ճամփորդական գործակալին, ով կազմակերպում է նրա համար անձնագիր և ավիատոմսեր: Ճամփորդական գործակալի ուղեկցությամբ դիմողը Սիրիայով թռչում է Բելգիա և այլ չկոնկրետացված եվրոպական երկիր: Բրուսելից նրանք նստում են գնացք դեպի Բրեդա՝ Նիդեռլանդներ: Այնտեղ գործակալն ասում է դիմողին, որ իրենք հասել են տեղ և խնդրում է իրեն հանձնել անձնագիրը և ներկայանալ ոստիկանության բաժին:
15. 2001 թվականի մայիսի 23-ին Արդարադատության փոխնախարարն (Staatssecretaris van Justitie) արագ գործընթացի արդյունքում մերժում է դիմողի խնդրանքն ապաստան ստանալու վերաբերյալ: Նա որևէ փաստաթուղթ չի ներկայացնում, որը կկարողանար հաստատել իր ինքնությունը, ազգությունը կամ ճամփորդական ուղին, ինչը կհաստատեր իր կողմից ներկայացված հայտարարությունները: Ավելին, փոխնախարարը գտել է, որ դիմողի պատմությունն իր փախուստի մասին համոզիչ չէ: Դժվար էր հավատալ, որ կալանքի տակ 4 ամիս շարունակ պահվող որևէ մեկը կարող էր այդպես ազատ տեղափոխվել և անխափան դիմել փախուստի` առանց պահակախմբի հետ ընդհարվելու, ովքեր նրան իբրև թե մենակ էին թողել բաց ջիպում՝ ճանապարհային պատահարը տեսնելու համար: Ստացվում էր, որ դիմողը չէր հիմնավորում իր կալանքի մասին պատմությունը: 2000 թվականի օգոստոսին իր կողմից հավաքի ընթացքում արված մեկնաբանություններն այնպիսի բնույթ չունեին, որ հիմք ստեղծեին նրան համար հետապնդումների ենթարկվելու ռիսկի համար՝ նկատի ունենալով, որ նրա մեկնաբանություններն էապես չէին տարբերվում վերադասների կարծիքից, որոնց այդ մեկնաբանություններն ուղղված էին: Ավելին, դիմողն ինքնին հայտարարել էր, որ ինքը միակ զինվորը չէր, ով հանդես էր եկել քննադատությամբ, մինչդեռ ստացվում է, որ նրանցից որևէ մեկը, կարծես թե, չի ունեցել խնդիրներ այդ մեկնաբանությունների արդյունքում: Դիմողը նաև չի բացատրել, թե ինչու է կալանավորվել 4 ամիս անց, իսկ մինչ այդ նրան բոլորովին չեն անհանգստացրել:
16. Դիմողը բողոք է ներկայացրել Ամստերդամում գործող Հաագայի տարածքային դատարան, ինչպես նաև դիմել է այդ դատարանի նախագահին` խնդրելով միջոցներ ձեռնարկել կասեցնելու իր արտաքսումը: Սպասելով այդ վարույթի ավարտին՝ դիմողը գրավոր հայտարարություն է ներկայացրել ոմն պրն Խալիֆայի, քանի որ պրն Խալիֆայի որդին 2000 թվականի հոկտեմբերին մահապատժի էր ենթարկվել Էրիթրեայում այն բանի համար, որ 3 ամիս մնացել էր իր մոր հետ` առանց բանակի հրամանատարության թույլտվության: Նա նաև ներկայացրել է նույնականացման քարտ, զինվորական նույնականացման քարտ, վարորդական իրավունքներ և ամուսնության վկայական: 2001 թվականի հունիսի 18-ին շրջանային դատարանի նախագահը մերժել է դիմողի խնդրանքն արտաքսումը կասեցնող միջոց կիրառելու մասին և, գտնելով, որ հետագա քննությունը չէր կարող հիմնավորել գործի հանգամանքների պարզաբանումը, մերժել է նաև բողոքը: Նախագահը գտել է, որ դիմողի վկայակոչվող փախուստը և դրա արդյունքում պատժի ենթարկվելու նրա մտավախությունը բավարար չափով չեն հիմնավորվել: Չի երևում, որ բանակը զորահավաքված է եղել դեռևս դիմողի՝ 2001 թվականի ապրիլին փախուստի դիմելու ժամանակ, քանի որ պատերազմն ավարտվել էր 2000 թվականի հունիսին, և դիմողը գնահատվում էր իր մասնակցությունը պատերազմին 2000 թվականի օգոստոսին տեղի ունեցած հավաքին: Դիմողի բողոքն առ այն, թե իրեն մեղադրել են հրահրման մեջ, լոկ ենթադրություն էր: Գործի տեսանկյունից այն իմաստով, որ դիմողը կարողացել է փախուստի դիմել, նախագահն այնուհետև գտել է, որ չի թվում, թե զինվորական իշխանությունները կամենում էին նրան վնաս պատճառել: Այդպիսով, գտնելով, որ դիմողի դիրքորոշումը ո՛չ համոզիչ է, և ո՛չ էլ՝ ճշմարտանման, նախագահն անհրաժեշտ չի համարել լսել պրն Խալիֆային որպես վկայի:
17. Դիմողը բողոքարկել է այդ որոշումը Պետական խորհրդի վարչական իրավասության բաժանմունքին (Afdeling Bestuursrechtspraak van de Raad van State)` բողոքելով inter alia, որ գործի հետագա քննությունը և մասնավորապես այն հարցի պարզումը, թե արդյոք էրիթրեական բանակը զորացրված է եղել իր հեռանալու ժամանակահատվածում, լիովին հնարավոր էր: Եթե պարզվեր, որ բանակը դեռևս զորահավաքված էր 2001 թվականի ապրիլին, շրջանային դատարանի նախագահի կողմից ընդունված պատճառաբանությունը, կապված դիմողի դիրքորոշման հավաստիության և ճշմարտության հետ, այլևս ընդունելի չէր լինի: Դիմողը նաև խնդրել է կիրառել միջոց, որով իրեն թույլ կտային սպասել իր բողոքի արդյունքներին Նիդեռլանդներում: Նա հետ է վերցրել իր բողոքը 2001 թվականի հուլիսի 6-ին՝ հաշվի առնելով Վարչական իրավասության բաժանմունքի համապատասխան նախադեպային որոշումները:
18. 2001 թվականի հուլիսի 16-ին Վարչական իրավասության բաժանմունքը մերժել է բողոքը: Այն որոշել է, որ դիմողի բողոքը շրջանային դատարանին չի մերժվել զուտ մոբիլիզացիայի պատճառաբանությամբ, այլ նաև կապված է եղել դիմողի կողմից իր ձերբակալման և փախուստի վերաբերյալ ներկայացված դիրքորոշման հետ: Հաշվի առնելով շրջանային դատարանի նախագահի եզրակացությունն առ այն, թե փոխնախարարը չի սխալվել, երբ գնահատել է դիմողի դիրքորոշումը ոչ համոզիչ՝ նախագահն իրավունք ուներ որոշում կայացնել չլսելու պրն Խալիֆային` որպես վկայի: Այն փաստը, որ անվիճելի է, թե դիմողը ծառայել է բանակում, չի ազդել այս որոշման վրա:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ապաստան
19. Օտարերկրացիների մասին 2000 թվականի օրենքի 29-րդ բաժնի համաձայն (Vreemdelingenwet 2000), որը գործել է այդ ժամանակ, օտարերկրացին իրավունք ունի ստանալ բնակության թույլտվություն ապաստան հայցելու նպատակով, եթե, inter alia,
(a) նա փախստական է Կոնվենցիայի իմաստով՝ կապված 1951 թվականի հուլիսի 28-ի Փախստականների կարգավիճակի հետ կամ
(b) նա հաստատել է, որ ունի հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ կարող է կրել տանջանքի կամ այլ դաժան կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու ռիսկ, եթե արտաքսվի իր ծագման երկիր:
Նիդեռլանդների քաղաքականությունն ազգությամբ էրիթրենացի ապաստան հայցողների նկատմամբ
20. Օգնելու համար գնահատել ապաստանի համար ներկայացված դիմումները և հաստատելու, թե արդյոք, ապահով է վերադարձնել ապաստան հայցողներին, Արտաքին գործերի նախարարը ապաստան հայցողների ծագման երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ կանոնավոր պաշտոնական զեկույցներ է հրատարակում: Կազմելով այս զեկույցները՝ նախարարն օգտագործում է աղբյուրներ և զեկույցներ, որոնք ներկայացվում են ոչ պետական կազմակերպությունների կողմից, ինչպես նաև՝ զեկույցներ, որոնք ներկայացվում են Նիդեռլանդների դիվանագիտական պատվիրակությունների կողմից:
21. 2001 թվականի մայիսի 23-ի որոշումը, որով մերժվել էր դիմողի խնդրանքն ապաստան հայցելու մասին, հիմնված է եղել 2000 թվականի հոկտեմբերի 20-ի զեկույցի վրա: Այդ զեկույցի մեջ նկարագրվել է Էրիթրեայի հակամարտությունը Եթովպիայի հետ, ինչպես նաև դրանից բխող թշնամանքը: Առաջին ռազմական գործողություններն ավարտվել են 1998 թվականի հունիսին: Դաժան հակամարտությունը կրկնվել է 1999 թվականի փետրվարին, իսկ 1999 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին տեղի է ունեցել ավելի փոքր հակամարտություն:Լայնածավալ հակամարտությունը կրկին բորբոքվել է 2000 թվականի մայիսի 12-ին: 2000 թվականի հունիսի 18-ին այդ երկու երկրները ստորագրել են համաձայնություն, որով հակամարտություններն ավարտվել են: Դրանից հետո անվտանգության դրությունը եղել է բարվոք, սակայն հումանիտար դրությունը ՝ մտահոգող:
22. Զեկույցից հստակ հայտնի է դարձել, որ պարզապես Էրիթրեայից գալն իրավական հիմք չի ստեղծում Նիդեռլանդներում ընդունվելու համար: Ապաստան հայցողը պետք է համոզիչ կերպով ցույց տա, որ իր անձնական դրությունն օբյեկտիվորեն մտավախություն է ստեղծում հետապնդման ենթարկվելու համար, ինչպես որ ներկայացված է փախստականների մասին օրենքում կամ՝ որ հիմքեր կան ապաստան հայցելու նպատակով բնակվելու իրավունք տրամադրելու համար, քանի որ նա կենթարկվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի, եթե վերադառնա հայրենիք:
23. 2002 թվականի մարտի 1-ի զեկույցը հիմնականում հաստատել է նախորդ զեկույցի հետևությունները` չնայած այնտեղ նշվել է, որ դասալիքներն այն մարդկանց շարքին էին դասվում, ովքեր մարդու իրավունքների տեսանկյունից ավելի շատ էին կրում թշնամական վերաբերմունքի արժանանալու ռիսկ: Դասալքության համար նախատեսված պատիժների հետ կապված՝ զեկույցի մեջ նշվել է, որ զորահավաքի ընթացքում դասալքության համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն էր, իսկ ծայրահեղ դեպքերում՝ մահապատիժը: Համաձայն զեկույցի՝ այս պատիժները և հարցը, թե արդյոք դրանք կիրառելի էին պատերազմական դրության ժամանակ կամ խաղաղ ժամանակ, այնուամենայնիվ, տեսական էին: Պրակտիկայում դասալիքները դատարան չէին ներկայացվում, նույնիսկ՝ զինվորական դատարան: Նրանք դատապարտվում էին իրենց վերադասների կողմի և ներգրավվում լեռնային կամ ճանապարհային աշխատանքներում 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով` մինչև նորակոչիկների ներկայանալը: Պատժի ենթարկվածները, ապա, միանում էին նորակոչիկներին և արդյունքում ուղարկվում ակտիվ ծառայության: Կային հաշվետվություններ առ այն, որ 2000 թվականի մայիս/հունիս ամիսներին, երբ դեռևս Եթովպիայի հետ պատերազմ էր ընթանում, բռնված դասալիքները ենթարկվում էին մահապատժի:
24. 2005 թվականի փետրվարի 28-ին ներկայացված վերջին զեկույցը պատիժների մասով կրկնում էր նախորդ զեկույցի տեղեկությունը: Այնտեղ ավելացել էր, որ կարծես թե պատժի խստությունը, որը նշանակվում էր դասալիքների նկատմամբ, կախված էր հատուկ հանգամանքներից, ներառյալ՝ այն հարցից, թե արդյոք դասալքությունը տեղի է ունեցել պատերազմի, թե՝ խաղաղ ժամանակ, արդյոք իշխանությունները ժամանակին տեղյակ են եղել դասալքության մասին և անձին վերաբերող անձնական հանգամանքների մասին:
25. Նույն զեկույցում ապա նշվել է, որ առկա են եղել դասալիքների նկատմամբ ոստիկանության և անվտանգության մարմինների կողմից վատ վերաբերմունքի մասին տեղեկություններ, ինչպիսիք են՝ բարձր ջերմաստիճանի ենթարկելը, ձեռքերը կապելը, որոնք որոշ դեպքերում հանգեցնում էին լուրջ վնասվածքների:
26. Նորակոչիկների գրանցման համակարգի հետ մեկտեղ կար նաև դասալիքների գրանցման համակարգ, այդ պատճառով նրանք հայտնի էին իշխանություններին:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ
Դիմողի կողմից ներկայացված նյութերը
27. Ի հիմնավորումն իր հայտարարությունների՝ դիմողը տեղեկություններ է ներկայացրել Դատարան` կապված բանակի զորացրման և դասալիքների նկատմամբ վերաբերմունքի հետ:
28. Համաձայն 2001 թվականի օգոստոսի 25-ի զեկույցի՝ “The Economist” շաբաթաթերթում նշվել է, որ էրիթրեական բանակը դեռևս այդ ժամանակ զորացրված է եղել:
29. 2002 թվականի մայիսի 27-ին դիմողի փաստաբանին Միջազգային համաներման նիդեռլանդական մասնաճյուղի՝ Աֆրիկայի հարցերով մասնագետի կողմից ուղղված նամակում նշվել է, որ էրիթրեական բանակի համար սովորական էր հավաքվել որևէ սխալից հետո և փորձել դրան տալ գնահատական: Արտասովոր չէին նաև բաց քննադատության համար կալանքները կամ առանց դատաքննության վերադասների կողմից դասալքողներին պատժելը:
30. Դիմողը նաև ներկայացրել է երկու էրիթրեացիների գրավոր հայտարարությունները, ովքեր ներկայումս ապրում են Գերմանիայում և Միացյալ Թագավորությունում: Առաջին՝ 2002 թվականի մարտի 6-ի հայտարարության մեջ նշվել է, թե ինչպես է հայտարարության հեղինակի ազգականը 1999 թվականի ապրիլին ենթարկվել մահապատժի, երբ այդ ազգականը կամավոր վերադարձել է բանակ իր եղբոր թաղմանն առանց հրամանատարության թույլտվության մասնակցելուց հետո: Համաձայն երկրորդ՝ 2002 թվականի մարտի 11-ի հայտարարության, որը ներկայացվել է Էրիթրեական ժողովրդական ազատության ճակատի հիմնադիրների և ավագ անդամներից մեկի կողմից, ով նաև շրջաններից մեկի նախկին քաղաքապետն է եղել, նորակոչիկները և զինվորները, ովքեր լքել են բանակը, բռնվում էին և սպանվում»:
B. Այլ վերաբերելի միջազգային նյութեր
31. Իր՝ 2003 թվականի տարեկան զեկույցի մեջ, որոնք վերաբերում էին 2002 թվականի հունվարից-դեկտեմբեր ժամանակահատվածին, Միջազգային համաներումը Էրիթրեայի առնչությամբ, inter alia նշել է, որ.
«Չհնազանդվելու, ինչպես նաև զինվորական ծառայության դեմ լինելու համար նախատեսվում էր 3 տարվա ազատազրկում, սակայն պրակտիկայում այդ անձինք ենթարկվում էին տանջանքների և կամայական մի քանի ամիս ներգրավվում էին ծանր աշխատանքներում` մինչև հարկադրաբար բանակ վերադառնալը: Տանջանքների մեթոդները, որոնց մասին նշվել է, կարող էին լինել երկար ժամանակ. այրող արևի տակ թողնելը, ձեռքերը և ոտքերը կապելը, որոնք որոշ դեպքերում հանգեցնում էին լուրջ վնասվածքների»:
32. Միջազգային համաներման 2003 թվականի օգոստոսի 11-ի հրատարակություններից մեկում մտահոգություն էր արտահայտվել՝ թվով 7 էրիթրեացիների Էրիթրեա վերադարձնելու վերաբերյալ Լիբիայի իշխանությունների մտադրությունների հետ կապված: Այս տղամարդիկ 2002 թվականի տարբեր ժամանակահատվածներում լքել էին էրիթրեական բանակը և փախել էին Էրիթրեայից Սուդան, ապա՝ Լիբիա՝ հույս ունենալով հասնել ապաստանի երկիր Եվրոպայում: Հրատարակության մեջ նշվել էր, որ հարյուրավոր էրիթրեացիներ լքել են երկիրը վերջին երկու տարիներին` նախևառաջ գալով Սուդան այն բանից հետո, երբ դասալքել են ազգային ծառայությունը կամ չեն հնազանդվել ռազմական հրամանատարությանը: Ռազմական կալանավայրերում պահվող բանտարկյալների շարքերում նույնպես կային անձինք, ովքեր քննադատել էին կառավարությանը կամ զինվորական իշխանություններին: Հրատարակության մեջ նշվել է հետևյալը.
«Եթե այս 7 էրիթրեացիները հարկադրաբար վերադառնան Էրիթրեա, նրանք վերադառնալիս կկրեն ձերբակալվելու և մեկուսացված, գաղտնի, առանց մեղադրվելու կամ դատաքննության անորոշ ժամկետով կալանավորվելու մեծ ռիսկ: Նրանք կարող էին ենթարկվել տանջանքների, որը, ինչպես հայտնի է, բավականին կիրառելի էր Էրիթրեայում, և նրանցից առնվազն երկուսը, ովքեր նախկինում Էրիթրեայում կալանավորվել են քաղաքական նկատառումներով, կարող էին ենթարկվել մահապատժի` առանց դատ ու դատաստանի»:
33. Միջազգային համաներման 2004 թվականի զեկույցի մեջ, որն առնչվում էր 2003 թվականի հունվարից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածին, նշված էր հետևյալը.
«Տանջանքները շարունակում են կիրառվել...որպես ստանդարտ զինվորական պատիժ: Դասալիքները...զինվորական կալանավայրերում ենթարկվում են տանջանքների: Նրանց ծեծում են, ցավոտ դիրքով կապում ձեռքերն ու ոտքերը, երկար ժամանակով թողնում են արևի տակ (տանջում են նաև ուղղաթիռի մեթոդով), ինչպես նաև իրենց բանտախցերում կախում են պարաններից»:
Միջազգային համաներման 2005 թվականի զեկույցը, որը վերաբերում էր 2004 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած դեպքերին, բացահայտում էր նույնանման իրավիճակ:
34. 2004 թվականի մայիսի 19-ին Միջազգային համաներումը հրապարակում է մի զեկույց՝ «Էրիթրեա. Դու իրավունք չունես հարցնել-Կառավարությունն անտեսում է Մարդու իրավունքները» անվանմամբ: Այն, inter alia, նկարագրում էր 220 էրիթրեացիների հարկադիր վերադարձը Էրիթրեա, ովքեր մեծապես նավասուզման կամ Մալթայի իշխանությունների կողմից փրկվելու արդյունքում 2002 թվականի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին եկել էին Մալթա կղզի: Համաձայն այդ զեկույցի` արտաքսվածները.
«...բոլորն էլ անմիջապես կալանավորվել են Ասմարա գալուն պես և ուղարկվել են հարևան Ադի Աբեթո ռազմական կալանավայր...: Ինչպես հետագայում տեղեկացել է Միջազգային համաներումը, կանայք, երեխաները և զինապարտները՝ առավելագույնը 40 տարեկան, մի քանի շաբաթ անց Ադի Աբեթոյի բանտից ազատ են արձակվել, սակայն Մալթա արտաքսվածների մնացած մասը, հիմնականում՝ դասալիքներ, մեկուսացված պահվել են կալանքի տակ և ենթարկվել տանջանքների»:
35. 2005 թվականի փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը հրատարակել է Էրիթրեայում Մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ 2004 թվականի զեկույցը: Այնտեղ, inter alia, նշված էր հետևյալը.
«Կառավարությունը շարունակում էր կիրառել մահացու միջոցներ ցանկացած անձի նկատմամբ, ով դիմադրություն էր ցուցաբերում կամ զինվորական հետախուզման ժամանակ դասալիքներին հայտնաբերելու համար փորձում էր փախչել...»:
Մեկ տարվա ընթացքում ոստիկանությունը բազմիցս վնասել ու ծեծել է դասալիքներին…. Անվտանգության ուժերը ձերբակալել են դասալիքներին…. և ենթարկել տարբեր կարգապահական տույժերի, այդ թվում՝ արևի տակ բարձր, ըստ Ֆարենգեյթի սանդղակի` մինչև 113 աստիճան ջերմաստիճանի ենթարկելը կամ կանոնավոր կերպով ձեռքերին, արմունկներին ու ոտքերին հարվածներ հասցնելը…..
Կառավարությունը թույլատրել է ռազմական ոստիկանությանն ամբողջ երկրով` ճանապարհային հսկողության կետեր տեղադրելով, փողոցներում, տնետուն շրջելով, դասալիքներ հայտնաբերել…..»:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
36. Դիմողը բողոքել է առ այն, որ ինքը կենթարկվեր մահապատժի և/կամ, ի խախտումն Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների, տանջանքների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու ռիսկի, եթե Նիդեռլանդներից արտաքսվեր հետ` Էրիթրեա:
37. Դիմումի ընդունելիության հետ կապված` իր որոշման մեջ Դատարանը նշել է, որ առավել նպատակահարմար էր գործ ունենալ 2-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքի հետ, որը իր քննության համատեքստում կապված էր 3-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքի հետ:
38. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Կողմերի դիրքորոշումները
1. Դիմողը
39. Դիմողը հայտարարել է, որ Էրիթրեայում առկա մթնոլորտում նա կրում էր 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի ենթարկվելու մեծ ռիսկ՝ կապված իր կողմից զինվորական ծառայության նկատմամբ հնչած քննադատությունների և իր դասալքության հետ:
40. Նա պնդել է, որ իր պատմածը ճշմարտություն է, և որ չկան առանց մանրակրկիտ քննության այն անհավանական համարելով չընդունելու համար բավարար հիմքեր, ինչը տեղի չի ունեցել պատասխանող պետության կողմից: Այդպիսով, չնայած ճիշտ է, որ ինքը միակ զինվորը չի եղել, ով խոսել է 2000 թվականի օգոստոսի գնահատման ժողովի ընթացում, փաստ է, որ ինքը եղել է առաջինը, ով քննադատություն է հնչեցրել, և որ հենց իր նկատողություններն են եղել բորբոքող: Իրոք, հակառակ կառավարության գնահատականի, դիմողն իրոք լիովին համաձայն չի եղել իր վերադասների հետ. ըստ նրա՝ զինվորները չէին, ովքեր իրենց վատ էին դրսևորում պատերազմում, այլ վերադաս սպաներն էին, ովքեր մեղավոր էին ձախողումների համար:
41. Չնայած այդ հանդիպումից հետո դեռ 4 ամիս շարունակ նա չի ձերբակալվել, սակայն այդ ամիսների ընթացքում մշտապես գտնվել է հսկողության տակ: Դիմողը հայտարարել է, որ իրենից չի կարելի պահանջել, որ գուշակեր, թե ինչի են ռազմական իշխանությունները սպասել մինչև իրեն ձերբակալելը: Այնուամենայնիվ, ինքը համոզված է, և այդ համոզվածությունն ամրապնդում է Միջազգային համաներման Աֆրիկայի հարցերով նիդեռլանդական բաժինը (տե՛ս վերը՝ կետ 29), որ դա եղել է դիտավորյալ մարտավարություն.եթե նրանք իրեն ձերբակալեին անմիջապես, սպաները կարող էին առերեսվել առարկությունների հետ:
42. Ապա դիմողը նշել է, որ իր փախուստը ուղղակի չի եղել: Ջիպում եղած զինվորականները եղել են զինված, այդ պատճառով առկա էր ռիսկ, որ իրեն կարող էին սպանել: Ավելին, չպետք է անտեսել այն, որ ձեռնաշղթաները և բանտարկյալներին տեղափոխելու համար նախատեսված մեքենաները միշտ չէ, որ հասանելի էին զարգացող երկրում, ինչպես դա կարող էր լինել այլուր:
2. Կառավարությունը
43. Կառավարությունը, չնայած չի առարկել առ այն, թե դիմողը ծառայել է 1998 թվականի ընդհանուր զորահավաքի ընթացքում, նշել է, որ չի թվում, թե դիմողը դասալիք է: Պատերազմն ավարտվել է 2000 թվականի հունիսին, այլևս չեն եղել հակամարտություններ և սկսվել է դրսևորվել լարվածության առաջին նվազումը: Չնայած դիմողը մեկնել է Էրիթրեայից պաշտոնական զորացրումը սկսվելուց մեկ տարի առաջ, չի կարելի պարզել, թե որն է եղել նրա մեկնելու պատճառը: Կառավարության կարծիքով դիմողի պատմածը Էրիթրեայից փախչելու մասին անհավանական է և նրա պատմությունը, կապված դասալքության հետ, ևս ճշմարտացի չի թվում:
44. Կառավարությունը նախևառաջ անհնարին է համարում այն, որ դիմողը 2000 թվականի օգոստոսին արված քննադատությունների համար 4 ամիս շարունակ չի ձերբակալվել, և նա այդ ընթացքում որևէ խնդիր չի ունեցել: Ավելին, դիմողն ինքն է հայտարարել, որ ինքը չի եղել միակ զինվորը, ով քննադատություններ է հնչեցրել այդ հավաքի ժամանակ, և որ այդ քննադատություններն էապես չեն տարբերվել վերադասների կարծիքից, որոնց դեմ դրանք ուղղված են եղել: Դիմողի գնահատականն առ այն, թե ինչու և երբ են իրեն կալանավորել, լիովին անընդունելի են: Երկրորդ, հավանական չէ այն, որ դիմողը 4 ամիս իբրև թե կալանավորված լինելուց հետո պետք է տեղափոխվեր բաց ջիպով և պահակախմբի կողմից թողնվեր մենակ, երբ վերջիններս դուրս էին եկել տեսնելու ճանապարհային միջադեպը:
45. Քանի որ դիմողի պատմածներն անհավանական էին, Կառավարությունը մնում է այն կարծիքին, որ այդ պատճառով կարևոր չէ, թե արդյոք նա եղել է զորացրված իր փախուստի ժամանակ: Ավելին, քանի որ իր սեփական հայտարարության համաձայն դիմողը երբևէ չի եղել քաղաքական առումով ակտիվ, հիմքեր չկան հավատալու, թե էրիթրենական իշխանությունները նրան վերաբերում էին կասկածանքով, մանավանդ, որ զորացրումը շուտով պետք է ավարտվեր: Կառավարությունը եզրակացրել է, որ դիմողը ցույց չի տվել, որ եթե վերադառնար Էրիթրեա, նա կհանդիպեր վերաբերմունքի՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
B. Դատարանի գնահատականը
46. Նախևառաջ Դատարանը կրկնում է, որ Պայմանավորվող պետություններն իրավունք ունեն հիմնավորված միջազգային օրենքի հիման վրա և իրենց պայմանագրային, ներառյալ՝ Կոնվենցիայով նախատեսված պարտականությունների արդյունքում, վերահսկել օտարերկրացիների մուտքը, բնակությունը և արտաքսումը: Այնուամենայնիվ, Պայմանավորվող պետության կողմից ցանկացած օտարերկրացու արտաքսում կարող է առաջ բերել խնդիրներ 3-րդ հոդվածի ներքո, և, այդպիսով, ներգրավել պետության պատասխանատվությունը Կոնվենցիայի ներքո, որտեղ էական հիմքեր կան հավատալու, որ տվյալ անձն արտաքսվելու դեպքում ընդունող պետության կողմից կարող է կրել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի ենթարկվելու ռիսկ: Այս հանգամանքներում 3-րդ հոդվածը պարտավորեցնում է չարտաքսել անձին այդ երկիր (տե՛ս` ի թիվս այլ աղբյուրների, H.L.R. v. France, 1997թ. ապրիլի 29-ի վճիռը, Վճիռների և որոշումների զեկույցներ 1997-III, էջ 757, կետեր 33‑34):
47. Վատ վերաբերմունքը պետք է նաև լինի որոշակի աստիճանի, եթե այն ընկնում է 3-րդ հոդվածի շրջանակներում: Դրա գնահատումն առաջ է գալիս՝ կախված գործի հանգամանքներից (տե՛ս՝ ի թիվս այլ աղբյուրների, Hilal v. the United Kingdom, թիվ 45276/99, կետ 60, ՄԻԵԴ 2001‑II):
48. Քանի որ այս տեսակի գործերով 3-րդ հոդվածի ներքո Պայմանավորվող պետությունների պատասխանատվության բնույթը կապված է անձին վատ վերաբերմունքի ռիսկի առաջ դնելու հետ, ռիսկի առկայությունը պետք է ուղղակիորեն գնահատվի՝ հղում կատարելով այն փաստերին, որոնք հայտնի են կամ պետք է հայտնի լինեին Պայմանավորվող պետությանն արտաքսելու ժամանակ (տե՛ս՝ Vilvarajah and Others v. the United Kingdom, 1991թ. հոկտեմբերի 30-ի վճիռը, Սերիա A թիվ 215, էջ 36, կետ 107, և վերոնշյալ H.L.R. v. France գործը, էջ 758, կետ 37): Տվյալ գործով, քանի որ դիմողը դեռևս չի արտաքսվել, կարևորը գործի հանգամանքների նկատմամբ Դատարանի մոտեցումն է: Չնայած պատմական հանգամանքները կարևոր են այնքանով, որքանով դրանք կարող են լույս գցել ներկայիս դրության և դրա հնարավոր զարգացումների վրա, ներկայիս պայմաններն են, որ որոշիչ են և, այդ պատճառով, անհրաժեշտ է հաշվի առնել այն տեղեկությունը, որը հայտնի է դառնում ներպետական իշխանությունների կողմից որոշում կայացնելուց հետո (տե՛ս Chahal v. the United Kingdom, 1996թ. նոյեմբերի 15-ի վճիռը 1996-V, էջեր 1856 և 1859, կետեր 86 և 97 և վերոնշյալ H.L.R. v. France գործը):
49. Երբ որոշվում է, թե արդյոք ցույց է տրվել, որ դիմողն Էրիթրեա արտաքսվելու դեպքում կրում է 3-րդ հոդվածով նախատեսված վերաբերմունքի ենթարկվելու ռիսկ, Դատարանը կգնահատի խնդիրն իրեն ներկայացված նյութի լույսի ներքո, անհրաժեշտության դեպքում՝ proprio motu ձեռք բերված նյութի տեսանկյունից: Դատարանն այս համատեքստում ընդունել է, որ դժվար կլինի ձեռք բերել ուղղակի փաստաթղթային ապացույցները, որոնք ապացուցում են, որ դիմողն ինքն այս կամ այն պատճառով իր ծննդավայրի պետության կողմից կենթարկվի վատ վերաբերմունքի (տե՛ս Bahaddar v. the Netherlands, 1998թ. փետրվարի 19-ի վճիռը, Զեկույցներ 1998-I, էջ 263, կետ 45): Այնուամենայնիվ, անձի վրա, ով բողոքում է, թե իր արտաքսումը կատարվում է ի խախտումն 3-րդ հոդվածի, պարտականություն է դրված ներկայացնել պրակտիկորեն հնարավոր նյութեր և տեղեկություններ, որոնք թույլ կտան այդ Պայմանավորվող պետության իշխանություններին, ինչպես նաև Դատարանին գնահատել արտաքսման դեպքում առաջ եկող ռիսկերը:
50. Վերադառնալով տվյալ գործի հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ Կառավարության կարծիքով դիմողի գնահատականն իր ձերբակալման, դրա պատճառների և իր փախուստի հետ կապված այնքան անհավանական են, որ անիրական են դարձնում բանակից իր փախուստի վերաբերյալ հայտարարությունները: Այսպիսով, Դատարանը պետք է հնարավոր չափով գնահատի դիմողի կողմից նիդեռլանդական իշխանություններին և տվյալ դատավարության ընթացքում ներկայացված հայտարարությունների ընդհանուր հավանականությունը (տե՛ս՝ Nasimi v. Sweden (dec.), թիվ 38865/02, 2004թ. մարտի 16):
51. Այս իմաստով Դատարանը նախևառաջ նկատում է, որ դիմողի հայտարարությունները եղել են հաջորդականությամբ շարադրված, և երկրորդ՝ որ նա ներկայացրել է համոզիչ փաստարկներ ընդդեմ Կառավարության այն հայտարարության, թե իր դիրքորոշումը զուրկ է հավանականությունից: Օրինակ, նա ապացուցել է էրիթրեական բանակի զորացրումը սկսվելու վերաբերյալ տեղեկությունը (տե՛ս վերը՝ կետեր 28-29) և հիմնավորել է իր դիրքորոշման մի մասը նրանով, որ Միջազգային համաներման Աֆրիկայի խնդիրներով նիդեռլանդական բաժանմունքի մասնագետը հաստատել է, որ էրիթրեական բանակը որևէ դեպքից հետո գնահատման նպատակով իրոք ժողովներ էր հրավիրում և որ անսովոր երևույթ չէր, երբ զինվորներն այն բանից հետո, երբ քննադատություն էին հնչեցնում իրենց վերադասների հասցեին, որոշ ժամանակ անց ձերբակալվում էին (տե՛ս վերը՝ կետ 29): Չնայած՝ այս նյութը չի վերաբերում անձամբ դիմողին, այլ այն վերաբերում է առավել ընդհանուր բնույթի տեղեկության, այնուամենայնիվ դժվար է տեսնել, թե առավելապես նա ինչ կարող էր իր դիրքորոշման հետ կապված ապացուցման ժամանակ հիմնավոր կերպով ներկայացնել, ինչպես նաև՝ կապված այն հանգամանքի հետ, որ իր կողմից 2000 թվականի հավաքին հնչեցված քննադատությունից հետո և մինչև նույն թվականի դեկտեմբերին ձերբակալվելու միջև անցել էր 4 ամիս:
52. Այնուամենայնիվ, հիշելով որ Կառավարությունը հստակ կերպով չի վիճարկել այն հանգամանքը, որ դիմողը ծառայել է էրիթրեական բանակում 1998 թվականի ապրիլյան ընդհանուր զորահավաքից հետո, Դատարանը գտնում է, որ ստույգ ցուցումն առ այն, որ դիմողն իրոք եղել է դասալքող, հիմնվում է այն փաստի վրա, որ 2001 թվականի մայիսին Նիդեռլանդներում նա ապաստան է հայցել, այսինքն այն ժամանակ, երբ զորացրումը դեռևս սկսված չի եղել և չէր էլ սկսվելու ևս մեկ տարի: Ճիշտ է, ինչպես նշել է Կառավարությունը, պատերազմն ավարտվել էր 2000 թվականի հունիսին, սակայն հասանելի տեղեկության համաձայն` Էրիթրեայի իշխանությունները արագ տեմպերով չէին զորացրում զինված ուժերը: Հակառակը, ճանապարհային հսկողության կետեր տեղադրելը, փողոցում տնետուն շրջելով դասալիքներ փնտրելը (տե՛ս վերը՝ կետ 35), ավելի շուտ ցույց են տալիս, որ Էրիթրեայում իշխանությունները մեծապես ցանկանում են պահել իրենց բանակը լիովին կազմ ու պատրաստ:
53. Այս հանգամանքներում դժվար է պատկերացնել, թե դասալքությունից բացի էլ ինչ ճանապարհով դիմողը կարող էր լքել բանակը: Նույնիսկ, եթե նրա փախուստի պատմությունը որոշ չափով անիրական է թվում, Դատարանը գտնում է, որ դիմողի հայտարարությունն առ այն, թե ինքը եղել է դասալիք, անհավանական չի դարձնում:
54. Հարց է, թե արդյոք դիմողը կկրի վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկ տուն վերադառնալու դեպքում: Դրա հետ կապված և էրիթրեական իշխանությունների ջանքերից զատ բռնելու դասալիքներին, ինչպես նշվել է վերը (տե՛ս վերը՝ կետ 52), Դատարանն այնուհետև ուշադրություն է դարձնում ընդհանուր տեղեկությանը, որը ստացվել էր հանրային աղբյուրներից և որով նկարագրվում էր Էրիթրեայում դասալքողներին նկատմամբ վերաբերմունքը (տե՛ս վերը՝ կետեր 25 և 31-35), որը դրսևորվում էր մեկուսացված կալանքի տակ պահելով, արևի տակ թողնելով և ցավոտ դիրքում ձեռքերն ու ոտքերը կապելով: Անկասկած, սա հանգեցնում է անմարդկային վերաբերմունքի: Իրոք, Էրիթրեայի մասին վերջերս ներկայացված զեկույցի մեջ, որտեղ նշված է պատասխանող կառավարության Արտաքին գործերի նախարարության տեղեկությունը, նույնպես նշվել է, որ առկա են տեղեկություններ՝ կապված դասալիքների նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի հետ (տե՛ս վերը՝ կետ 25): Չնայած այս զեկույցի մեջ առկա է միտք, որ պատժի խստությունը, inter alia, կախված է այն հանգամանքից, թե արդյոք դասալքությունը տեղի է ունեցել պատերազմի, թե՝ խաղաղ ժամանակներում, Դատարանը նկատում է, որ նման տարբերակումը չի նշմարված որևէ այլ աղբյուրներում: Ապա կրկին Դատարանը հիշում է, որ դիմողի դիրքորոշումն է մնում այն, որ ինքը ձերբակալվել է էրիթրեական զինվորական իշխանությունների կողմից քննադատություն հնչեցնելուց հետո, և որ այդ պատճառով նա հայտնի է իշխանություններին: Այս իմաստով Դատարանը նաև նկատում է, որ ցանկացած դեպքում ստացվում է, որ Էրիթրեայի իշխանությունները գրանցում էին դասալիքների անունները (տե՛ս վերը՝ կետ 26): Ի վերջո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները վերաբերում էին Մալթայից Էրիթրեա արտաքսվածների շարքում որոշ դասալիքների (տե՛ս վերը՝ կետ 34), Դատարանը գտնում է, որ հիմնավորված ցույց է տրվել հավատալու, որ տվյալ ժամանակ արտաքսվելու դեպքում դիմողը կկրեր տանջանքների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու ռիսկ:
55. Հետևաբար Դատարանը գտնում է, որ դիմողի արտաքսումն Էրիթրեա կհանգեցնի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:
56. Այս հետևության լույսի ներքո Դատարանը գտնում է, որ որևէ առանձին գործ չի առաջանում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
57. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռնում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
58. Դիմողի կարծիքով Նիդեռլանդների իշխանություններին ի սկզբանե պարզ էր, որ իր ապաստանի դիմումն իր բնույթով արագացված վարույթի ենթակա չէ: Եթե իր գործը քննվեր նորմալ կարգով, ինքը կտեղավորվեր ապաստան հայցողների համար նախատեսված կենտրոնում և կունենար շաբաթական թոշակներ ստանալու իրավունք: Ավելին, եթե Նիդեռլանդներն օրենքով նախատեսված 6 ամսյա ժամկետում և իր բողոքի ուշադիր քննության արդյունքում գային եզրակացության, որ իրեն պետք էր բնակության իրավունք տրամադրել, արդյունքում ինքը կստանար ամսեկան թոշակ: Արդյունքում, ներառյալ օրենքով նախատեսված շահերը, դիմողը պահանջել է 30000 եվրո նյութական վնասի փոխհատուցում:
59. Կառավարությունն առարկել է, որ դիմողի բողոքը կապված է Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածներին վերաբերող բողոքի մասերին, որոնք արդեն իսկ անընդունելի են ճանաչվել Դատարանի կողմից: Քանի որ դիմողի արտաքսումը դեռևս չի սկսվել, Կառավարությունն այնուհետև բարդ է համարել հասկանալ, թե ինչպես Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներից բխող պոտենցիալ խախտումների արդյունքները կարող են ազդել դիմողի վրա:
60. Չնայած Կառավարությունը ճիշտ է իր դիտարկումների մեջ առ այն, որ դեռևս ի հայտ չի եկել 3-րդ հոդվածի խախտում, Դատարանը արդեն իսկ նշել է, որ երբ անձին որևէ երկիր արտաքսելու որոշման կատարումը կարող է առաջացնել այդ դրույթի խախտում, պետք է կիրառվի Կոնվենցիայի 41-րդ հոդվածը` որպես տվյալ գործի փաստերի նկատմամբ կիրառելի (տե՛ս Soering v. the United Kingdom, 1989թ. հուլիսի 7-ի վճիռը, Սերիա A, թիվ 161, էջ 49, կետ 126):
Նկատելով, որ դիմողը չի հիմնել իր պահանջը ոչ նյութական վնասի փոխհատուցման մասին 3-րդ հոդվածի խախտմամբ արտաքսվելու հանգամանքների վրա, այլ այն կապված է Նիդեռլանդների իշխանությունների կողմից ապաստան հայցելու դիմումին ընթացք տալու հետ, որի առիթով խախտման որևէ բացահայտում տեղի չի ունեցել, Դատարանը գտնում է, որ կարիք չկա վիճելի նյութական վնասի փոխհատուցում տրամադրել:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1.Վճռում է, որ դիմողի արտաքսումը Էրիթրեա կխախտի Կոնվենցիայի 3-րդ հոդվածը:
2.Վճռում է, որ որևէ առանձին հարց չի առաջանում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո:
3.Մերժում է դիմողի պահանջն արդարացի փոխհատուցման մասին:
Կատարված է անգլերենով և գրավոր հրապարակվել է 2005 թվականի հուլիսի 5-ին՝ Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համաձայն:
Ս. Դոլլե |
Ա. Բ. Բակա |